Ա
Ս
Տ
Ծ
Ո

Ժ
Ո
Ղ
Ո
Վ
Ո
Ւ
Ր
Դ
.
.
.

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

34

35

36

37

38

39

40

41

42

Աստվածաշունչ (online)

Ընտրել Գիրքը...

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրել Գլուխը...

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

34

35

36

37

38

39

40

41

42

ՀՈԲ 1

1. Հուս երկրում մի մարդ կար, անունը՝ Հոբ։ Այդ մարդը կատարյալ, արդար և աստվածավախ էր, չարությունից հեռու էր մնում։

2. Նա յոթ որդիներ ու երեք աղջիկներ ուներ։

3. Նրա ունեցվածքը յոթ հազար ոչխար, երեք հազար ուղտ, հինգ հարյուր լուծ եզ և հինգ հարյուր մատակ էշ էր։ Խիստ շատ ծառաներ ուներ։ Այդ մարդը բոլոր արևելքցիներից հարուստ էր։

4. Նրա որդիները գնում տանը խնջույք էին անում. ամեն մեկը՝ իր օրը։ Մարդ էին ուղարկում, իրենց երեք քույրերին հրավիրում, որ իրենց հետ ուտեին և խմեին։

5. Երբ խնջույքի օրերը լրանում էին, այն ժամանակ Հոբն ուղարկում, նրանց մաքրագործում էր։ Առավոտվանից վեր էր կենում և նրանց բոլորի թվով ողջակեզներ էր մատուցում, որովհետև Հոբն ասում էր. «Գուցե որդիներս մեղանչել են ու Աստծուն իրենց սրտում հայհոյել»։ Հոբն ամեն անգամ այդպես էր անում։

6. Մի օր Աստծու որդիները եկան Տիրոջ առաջ կանգնելու. սատանան էլ եկավ նրանց մեջ։

7. Տերը սատանային ասաց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Երկրի վրա շրջելուց և նրա մեջ ման գալուց»։

8. Տերը սատանային ասաց. «Իմ ծառա Հոբին ուշադրություն դարձրի՞ր, որ երկրի վրա նրա նման կատարյալ, արդար, աստվածավախ և չարությունից հեռացող մարդ չկա»։

9. Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Մի՞թե Հոբն Աստծուց վախենում է առանց ակնկալության.

10. չէ՞ որ դու նրան, նրա տունը, նրա բոլոր կալվածները ցանկապատել ես, նրա ձեռքի գործն օրհնել. նրա հոտերը տարածվել են երկրով մեկ։

11. Բայց հիմա ձեռքդ երկարի՛ր, նրա ողջ ունեցվածքին դիպի՛ր ու կտեսնես, որ քո դիմաց քեզ կհայհոյի»։

12. Տերը սատանային ասաց. «Ահա նրա ամբողջ ունեցվածքը քո ձեռքին թող լինի, միայն թե ձեռքդ նրա վրա չերկարես»։ Եվ սատանան Տիրոջ առջևից դուրս գնաց։

13. Մի օր Հոբի որդիներն ու աղջիկներն իրենց անդրանիկ եղբոր տանն ուտում էին ու գինի խմում։

14. Հոբի մոտ մի պատգամաբեր եկավ ու ասաց. «Երբ եզները հերկում էին, ու մատակ էշերը նրանց կողքին արածում էին,

15. սաբայեցիները հարձակվեցին, դրանք վերցրին, ծառաներին էլ սրի բերանով խփեցին։ Միայն ես եմ ազատվել, որ քեզ իմաց տամ»։

16. Մինչ նա խոսում էր, մեկ ուրիշը եկավ ու ասաց. «Աստծու կրակը երկնքից թափվեց և հոտերն ու ծառաներին այրեց, նրանց ոչնչացրեց։ Միայն ես եմ ազատվել, որ քեզ իմաց տամ»։

17. Մինչ նա խոսում էր, մեկ ուրիշը եկավ ու ասաց. «Քաղդեացիները, երեք գունդ կազմած, ուղտերի վրա հարձակվեցին, դրանք վերցրին, ծառաներին էլ սրի բերանով խփեցին։ Միայն ես եմ ազատվել, որ քեզ իմաց տամ»։

18. Մինչ նա խոսում էր, մեկ ուրիշը եկավ ու ասաց. «Մինչ որդիներդ ու աղջիկներդ իրենց անդրանիկ եղբոր տանն ուտում էին ու գինի խմում,

19. անապատից ուժեղ հողմ եկավ ու զարկեց տան չորս անկյուններին. տունը երիտասարդների վրա փուլ եկավ, ու նրանք մեռան։ Միայն ես եմ ազատվել, որ քեզ իմաց տամ»։

20. Հոբը վեր կացավ, իր վերնազգեստը պատառոտեց, գլուխը խուզեց, գետին ընկավ ու երկրպագություն արեց

21. և ասաց. «Իմ մոր արգանդից մերկ եմ դուրս եկել, մերկ էլ այնտեղ պիտի վերադառնամ։ Տերը տվեց, Տերն էլ առավ։ Տիրոջ անունը թող օրհնյալ լինի»։

22. Այս ամենում Հոբը չմեղանչեց և Աստծու հանդեպ անզգամություն չարեց։

ՀՈԲ 2

1. Մի ուրիշ օր Աստծու որդիները եկան Տիրոջ առաջ կանգնեցին. սատանան էլ եկավ նրանց մեջ՝ Աստծու առաջ կանգնելու։

2. Տերը սատանային ասաց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Երկրի վրա շրջելուց և նրա մեջ ման գալուց»։

3. Տերը սատանային ասաց. «Իմ ծառա Հոբին ուշադրություն դարձրի՞ր, որ երկրի վրա նրա նման կատարյալ, արդար, աստվածավախ և չարությունից հեռացող մարդ չկա, ու դեռ իր կատարելությունը պահում է, թեև ուզում էիր ինձ համոզել, որ նրան զուր տեղը կործանեի»։

4. Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Մորթի տեղ մորթ. մարդս իր ողջ ունեցվածքն իր անձի դիմաց կտա։

5. Բայց հիմա ձեռքդ երկարի՛ր և նրա ոսկորին ու մարմնին դիպի՛ր և կտեսնես, որ քո դիմաց քեզ կհայհոյի»։

6. Տերը սատանային ասաց. «Ահա նա քո ձեռքին թող լինի, միայն թե նրա կյանքը պահի՛ր»։

7. Սատանան Տիրոջ առջևից դուրս գնաց ու Հոբին նրա ոտքի թաթից մինչև նրա գլուխը չար պալարներով խփեց։

8. Նա, կավե ամանի մի կտոր առած ու մոխրի մեջ նստած, իրեն դրանով քերում էր։

9. Նրա կինը նրան ասաց. «Դեռ քո կատարելությանը կառչա՞ծ ես։ Աստծուն հայհոյի՛ր ու մեռի՛ր»։

10. Հոբը նրան ասաց. «Հիմար կանանց նման ես խոսում։ Ուրեմն Աստծուց միայն բարի՞քն ընդունենք և չարիքը չընդունե՞նք»։ Այս ամենում Հոբն իր շուրթերով չմեղանչեց։

11. Հոբի երեք բարեկամները լսեցին այս բոլոր չարիքների մասին, որ նրա գլխին եկել էին։ Եկան, ամեն մեկն իր տեղից, Եղիփազ Թեմանացին, Բաղդատ Սոքեցին ու Սոփար Նաամացին։ Համաձայնվեցին, որ միասին գնան նրան ցավակից լինեն ու մխիթարեն նրան։

12. Երբ հեռվից տեսան, նրան չճանաչեցին։ Իրենց ձայնը բարձրացնելով լաց եղան. ամեն մեկը՝ իր պատմուճանը պատառոտելով, երկինք նայելով, հող ցանեց գլխին։

13. Նրա հետ յոթ օր ու յոթ գիշեր գետնին նստեցին. նրա հետ մի բառ չէին խոսում, որովհետև տեսան, որ ցավը չափազանց մեծ էր։

ՀՈԲ 3

1. Դրանից հետո Հոբն իր բերանը բաց արեց և իր օրն անիծեց։

2. Հոբը խոսեց և ասաց.

3. «Կորչի այն օրը, որ ես ծնվեցի, և այն գիշերը, որ ասաց, թե արգանդի մեջ արու զավակ գոյացավ։

4. Խավար լինի այն օրը։ Աստված վերևից թող այն չորոնի, ու նրա վրա թող լույս չծագի։

5. Խավարն ու մահվան ստվերը թող այն սեփականեն. ամպը թող նրա վրա նստի. օրվա լույսը թող այն մթագնի։

6. Այն գիշերը՝ խավարը, տանի այն. տարվա օրերի հետ թող չուրախանա, ամիսների թվի մեջ չմտնի։

7. Ահա այն գիշերը թող ամայի մնա. նրա մեջ ուրախության ձայն չլսվի։

8. Այն անիծեն օրն անիծողները, որոնք պատրաստ են լևիաթանին զարթնեցնելու։

9. Նրա արշալույսի աստղերը խավարեն, լույսի սպասի, բայց չլինի. թող այդ գիշերը արշալույսի ճառագայթները չտեսնի,

10. Որ ինձ ծնողի արգանդի դռները չփակեց ու տառապանքն իմ աչքերից չծածկեց։

11. Ինչո՞ւ ծնողիս արգանդում չմեռա, որովայնից ելած՝ չվախճանվեցի։

12. Ինչո՞ւ նրա ծնկներն ինձ դիմավորեցին, և ինչո՞ւ ստինքը տվեց ինձ, որ ես ծծեմ։

13. Որովհետև եթե մեռնեի, հիմա պառկած կլինեի, կհանգչեի ու կքնեի, հետևաբար հանգիստ կլինեի.

14. Թագավորների և երկրի խորհրդականների հետ, որոնք իրենց համար բնակարաններ շինեցին, որոնք հիմա ավերակ են,

15. Կամ ոսկի ունեցող իշխանների հետ, որոնք իրենց տներն արծաթով լցրին,

16. Կամ ինչպես վիժվածը, թաղված կլինեի, այն մանուկների նման, որոնք լույսը չտեսան։

17. Այնտեղ ամբարիշտները չարանալուց դադարում են, և ուժից ընկածներն են այնտեղ հանգչում.

18. Բանտարկյալները միասին հանգստանում են, հարկահանի ձայնը չեն լսում.

19. Փոքրն ու մեծն այնտեղ են, ծառան էլ իր տիրոջից ազատ է։

20. Ինչո՞ւ է նա լույս տալիս թշվառին ու կյանք՝ դառնահոգիներին,

21. Որոնք մահվան են սպասում, բայց նա չի գալիս, ու նրան պահված գանձերից ավելի են որոնում։

22. Որոնք հրճվագին ուրախանում են և զվարճանում, որ գերեզման են գտել։

23. Ինչո՞ւ է կյանք տալիս մի մարդու, որի ճանապարհը գաղտնի է, և Աստված նրա շրջապատը փակել է։

24. Որովհետև *հացիս փոխարեն հառաչանք է գալիս, ու հեծեծանքներս ջրերի պես հոսում են։

25. Որովհետև այն երկյուղալի բանից, որ շատ վախենում էի, ինձ պատահեց, և ինչից որ սարսափում էի, ինձ հասավ։

26. Ո՛չ խաղաղություն ունեմ, ո՛չ հանգստություն, ո՛չ էլ հանդարտություն. վրդովումն է եկել»։

ՀՈԲ 4

1. Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին պատասխանեց.

2. «Եթե մեկը փորձի քեզ մի խոսք ասել, կսրտնեղե՞ս. բայց ո՞վ կարող է իրեն զսպել, որ չխոսի։

3. Ահա դու շատերի ես խրատել, տկար ձեռքերը զորացրել։

4. Քո խոսքերը տատանվողին կանգնեցրել են, ու տկարացած ծնկները դու զորացրել ես։

5. Բայց հիմա որ քեզ է պատահել, դժվարանում ես, քեզ է դիպել, և դու սարսափում ես։

6. Մի՞թե Աստծուց վախենալը չէ քո վստահությունը, և քո հույսը՝ քո ճանապարհի կատարելությունը։

7. Հիշի՛ր, թե ո՛վ է անմեղ լինելով կործանվել, և արդարները որտե՛ղ են բնաջնջվել։

8. Ինչպես որ տեսել եմ, անօրենություն հերկողները և անիրավություն սերմանողները նույնն էլ հնձում են։

9. Աստծու շնչից կորչում են ու նրա բարկության ոգուց ոչնչանում։

10. Առյուծի մռնչյունը և գոռացող առյուծի ձայնը կտրվել է, իսկ կորյունների ատամները՝ Աստված կոտրել։

11. Առյուծը կորչում է առանց որսի, իսկ էգ առյուծի կորյունները ցրվում են։

12. Ինձ գաղտագողի մի խոսք ասվեց, ու իմ ականջը նրանից մի շշունջ առավ.

13. Գիշերվա տեսիլքների՝ խռովահույզ մտածումների մեջ, երբ մարդկանց վրա խոր քուն իջնի,

14. Ինձ երկյուղ պատեց ու դող և իմ բոլոր ոսկորները շարժեց։

15. Առաջովս մի ոգի էլ անցավ. մարմնիս մազերը ցցվեցին։

16. Նա կանգնեց, ու ես նրա կերպարանքը չճանաչեցի. իմ առջև մի տեսիլք կար։ Լռություն եղավ, ու ես մի ձայն լսեցի, որ ասում էր.

17. “Մի՞թե մարդն Աստծուց ավելի արդար է, կամ մի այր՝ իր Արարչից ավելի մաքուր։

18. Ահա նա իր ծառաներին չի հավատում և իր հրեշտակների վրա թերություն է գտնում։

19. Ո՞ւր մնացին նրանք, որոնք կավե տներում են բնակվում, որոնց հիմքերը փոշու մեջ են, և որոնք ցեցի նման ճզմվում են։

20. Առավոտից մինչև երեկո փշրվում են, առանց մեկի ուշադրության՝ աննկատ հավիտյան կորչում։

21. Ահա նրանց վրանի լարը կկտրվի, և նրանք կմեռնեն իմաստության պակասից”»։

ՀՈԲ 5

1. «Հիմա կանչի՛ր, արդյոք քեզ պատասխանող կա՞. և սուրբ էակներից ո՞ւմ կողմն ես դառնալու։

2. Իրոք, բարկությունը սպանում է հիմարին, ու նախանձը մեռցնում է անմիտին։

3. Ես տեսել եմ, որ հիմարն արմատ էր գցել, բայց իսկույն անիծել եմ նրա բնակության տեղը։

4. Նրա զավակները ապահովությունից հեռու էին. դռան մեջ ջարդվեցին, և ազատող չկար։

5. Նրա հնձածը քաղցածն է ուտում և այն առնում է փշերի միջից. ծարավները նրա ստացվածքը կուլ են տալիս։

6. Որովհետև հողից չարիք չի ծլի, ու գետնից թշվառություն չի բխի։

7. Սակայն մարդը թշվառության համար է ծնվել, ինչպես որ կրակի կայծերն են թռչում։

8. Սակայն ես Աստծուն կդիմեի և իմ հարցը կհանձնեի Աստծուն,

9. Որ մեծ սքանչելիքներ է անում, որոնք հնարավոր չէ քննել, հրաշքներ, որոնք թիվ չունեն։

10. Նա երկրի երեսին անձրև է տալիս ու դաշտերի վրա ջրեր ուղարկում.

11. Խոնարհներին բարձրացնում է և սգավորներին ապահովության հասցնում։

12. Նա խորամանկների հնարները խափանում է, ու նրանց ձեռքերը հաջող մի բան չեն անում։

13. Նա իմաստուններին բռնում է իրենց խորամանկությունների մեջ, և նենգավորների մտադրությունն անմիջապես խափանվում է։

14. Ցերեկով մութի են հանդիպում, կեսօրին էլ գիշեր ժամանակի պես խարխափում են։

15. Նա աղքատին սրից, նրանց բերանից ու հզոր ձեռքից ազատում է։

16. Աղքատի համար հույս է լինում, և անօրենությունն իր բերանը փակում է։

17. Երանելի է այն մարդը, որին Աստված խրատում է. ուրեմն Ամենակարողի հանդիմանությունը մի՛ մերժիր։

18. Որովհետև նա խոցում է, բայց վերքը փաթաթում էլ է. նա զարկում է, բայց նրա ձեռքը բուժում էլ է։

19. Նա վեց նեղություններից քեզ կազատի, և յոթերորդում քեզ չարիք չի դիպչի։

20. Սովի ժամանակ նա քեզ մահից կփրկի, պատերազմում էլ՝ սրի զորությունից։

21. Լեզվի խարազանից կծածկվես ու չես վախենա կործանումից, երբ այն գա։

22. Կործանման ու սովի վրա կծիծաղես ու երկրի գազաններից չես վախենա։

23. Որովհետև քո դաշինքը դաշտի քարերի հետ կլինի, ու դաշտի գազանները քեզ հետ խաղաղության մեջ կլինեն։

24. Եվ դու կիմանաս, որ քո վրանն ապահով է, ու քո բնակարանը կայցելես և պակասող բան չես գտնի։

25. Եվ կիմանաս, որ քո զավակները շատ պիտի լինեն, ու քո սերունդը՝ երկրի խոտերի պես։

26. Ալևորած կգնաս գերեզման, ինչպես որ խուրձն է իր ժամանակին դիզվում կալի վրա։

27. Ահա սա քննել ենք, այսպես է. սրան ակա՛նջ դիր և ինքդ քեզ համար իմացի՛ր»։

ՀՈԲ 6

1. Հոբը պատասխանեց.

2. «Երանի՜ իմ տրտմությունը լավ կշռվեր, ու միաժամանակ իմ ցավերը կշեռքի մեջ դրվեին։

3. Քանի որ հիմա իմ տրտմությունը ծովերի ավազից ծանր է, դրա համար իմ խոսքերը անխոհեմ են։

4. Որովհետև Ամենակարողի նետերն իմ մեջ են. նրանց թույնն իմ հոգին ծծում է. Աստծու արհավիրքները շարվել են իմ դեմ։

5. Մի՞թե վայրի էշը խոտի կողքին կզռա, կամ եզն իր կերի մոտ կբառաչի՞։

6. Մի՞թե անհամ բանը կուտվի առանց աղի, կամ ձվի սպիտակուցի մեջ համ կա՞։

7. Այն, ինչին սիրտս չէր ուզում դիպչել, այն է եղել իմ զզվելի ուտելիքը։

8. Երանի՜ ուզածս կատարվեր, և Աստված իմ ակնկալածը տար։

9. Եվ Աստված համաձայնվեր ինձ ճզմելու, ձեռքը գցեր ու ինձ ոչնչացներ։

10. Այն ժամանակ դեռ մխիթարություն կունենայի և անխնա ցավի մեջ կուրախանայի, որ Սրբի խոսքերը չեմ ուրացել։

11. Իմ ուժն ի՞նչ է, որ դիմանամ, և իմ վերջն ի՞նչ է, որ համբերատար լինեմ։

12. Իմ զորությունը քարերի՞ զորություն է, կամ իմ մարմինը պղնձի՞ց է։

13. Չէ՞ որ իմ մեջ զորություն չկա ինձ օգնելու, և հաջողությունն ինձանից հեռացել է։

14. Հուսահատ մարդուն անհրաժեշտ է բարեկամների օգնությունը, թեկուզ նա Ամենակարողի վախն էլ թողած լինի։

15. Իմ եղբայրները խաբում են հեղեղների պես, ինչպես ձորի հեղեղատներն են անցնում,

16. Որոնք սառնությունից պղտորված են. նրանց մեջ ձյուն կա ծածկված։

17. Տաքանալիս դադար են առնում, շոգ ժամանակ իրենց տեղերից ցամաքում են։

18. Քարավանները փոխում են իրենց ճամփան, բայց հասնում են անապատին ու կորչում։

19. Թեմայի քարավանները նայեցին, Սաբայի ճանապարհորդները նրանց հուսացին.

20. Նրանք հուսախաբ եղան, քանի որ վստահ էին. այնտեղ հասան ու ամաչեցին։

21. Այժմ դուք անօգուտ եք ինձ համար. դուք տեսնում եք իմ թշվառությունն ու սարսափում։

22. Արդյոք ասե՞լ եմ՝ ինձ համար մի բա՛ն բերեք ու ինձ ձեր ունեցվածքից փրկագի՛ն տվեք

23. Եվ ինձ իմ թշնամու ձեռքից ազատեցե՛ք ու ինձ բռնավորների ձեռքից փրկեցե՛ք։

24. Դուք ինձ սովորեցրե՛ք, ու ես կլռեմ և ինչում որ սխալվել եմ, ինձ հասկացրե՛ք։

25. Ուղիղ խոսքերը որչա՜փ ցավալի են։ Բայց ձեզանից եկած հանդիմանությունն ի՞նչն է նախատում։

26. Արդյոք մտածում եք խոսքերի՞ համար հանդիմանել, կարծես թե հուսահատի խոսքերը քամու խոսքեր են։

27. Նույնիսկ որբի՛ վրա վիճակ կգցեիք ու ձեր բարեկամին կվաճառեիք։

28. Բայց հիմա հաճեցե՛ք ինձ նայել. ես մի՞թե ձեր երեսին սուտ կասեմ։

29. Դարձե՛ք խնդրեմ, որ անիրավություն չլինի։ Այո՛, դարձե՛ք, տեսե՛ք, որ իմ արդարությունը վտանգի մեջ է։

30. Մի՞թե իմ լեզվի վրա անիրավություն կա. մի՞թե իմ քիմքը չար բաները չի զանազանում»։

ՀՈԲ 7

1. «Չէ՞ որ մարդս երկրի վրա զինվորության ծառայություն ունի, ու նրա օրերը վարձկանի օրերի պես են։

2. Ինչպես որ ստրուկն է ստվերի կարոտ լինում, և ինչպես որ վարձկանն է իր վարձին սպասում,

3. Այնպես էլ իմ բաժինն ունայնության ամիսներ եղան, ու ինձ համար թշվառության գիշերներ որոշվեցին։

4. Պառկելիս մտածում եմ, թե ե՛րբ եմ վեր կենալու, բայց գիշերը երկարում է, և ես մինչև առավոտ անկողնուս մեջ թավալվելուց հոգնում եմ*։

5. Մարմինս որդեր ու հողի կոշտեր է հագել. մաշկս ճաքում է ու հալվում։

6. Օրերս մաքոքից արագ են վազում և առանց հույսի վերջանում են։

7. Հիշի՛ր, ո՜վ Աստված, որ կյանքս մի շունչ է. աչքս նորից բարիք չի տեսնելու։

8. Ինձ տեսածի աչքն այլևս ինձ չի տեսնելու. աչքդ ինձ կնայի, բայց ես այլևս չկամ։

9. Ինչպես ամպն է անցնում գնում, այնպես էլ գերեզման իջնողը վեր չի ելնի.

10. Երբեք իր տուն ետ չի դառնա, և նրա տեղը նրան չի ճանաչի։

11. Ես էլ իմ բերանը չեմ զսպելու, հոգուս նեղության մեջ խոսելու եմ, սրտիս դառնության ժամանակ գանգատվելու եմ։

12. Մի՞թե ես ծով եմ կամ ծովի վիշապ, որ դու վրաս պահապան ես դրել։

13. Երբ ասում եմ, որ անկողինս ինձ մխիթարելու է, մահիճս՝ իմ գանգատը թեթևացնելու,

14. Այն ժամանակ դու ինձ երազներով ես վախեցնում և ինձ ցնորքներով ես զարհուրեցնում,

15. Ուստի իմ հոգին խեղդվելն է ընտրում ու մահը, քան իմ մարմինը։

16. Ես իմ կյանքից զզվել եմ, հավիտյան չեմ ապրելու. հեռացե՛ք ինձանից, որովհետև օրերս ունայնություն են։

17. Մարդն ի՞նչ է, որ դու նրան մեծարես և որ ուշադրությունդ նրա վրա դարձնես

18. Եվ նրան ամեն առավոտ այցելես, նրան ամեն վայրկյան փորձես։

19. Մինչև ե՞րբ ինձանից ետ չես կանգնելու. չե՞ս թողնելու, որ թուքս կուլ տամ։

20. Մեղանչել եմ. ո՛վ մարդկանց Դիտող, ինչո՞ւ ես ինձ քեզ համար նշանակետ դարձրել, որ ինքս ինձ վրա բեռ եմ դարձել։

21. Եվ ինչո՞ւ չես իմ մեղքը ներում և իմ հանցանքին թողություն չես տալիս։ Որովհետև հիմա հողի մեջ եմ պառկելու. ինձ փնտրելու ես, ու ես չեմ լինելու»։

ՀՈԲ 8

1. Այն ժամանակ Բաղդատ Սոքեցին պատասխանեց.

2. «Մինչև ե՞րբ պիտի այդպես խոսես, մինչ քո խոսքերը մեծ քամի են։

3. Մի՞թե Աստված իրավունքը կխեղաթյուրի, կամ Ամենակարողն արդարությունը կխեղաթյուրի՞։

4. Եթե զավակներդ նրա դեմ մեղանչել են, նա էլ նրանց իրենց հանցանքին արժանի պատժի է մատնել։

5. Եթե դու փնտրես Աստծուն և Ամենակարողին աղաչես,

6. Եթե դու մաքուր և արդար լինես, այն ժամանակ նա քեզ համար անպայման կզարթնի և քո արդար տեղը կվերականգնի։

7. Քո սկիզբը թեկուզ համեստ լինի, քո ապագան բարգավաճ կլինի։

8. Ուրեմն քո նախորդ սերունդներին հարցրո՛ւ և տե՛ս, թե նրանց հայրերն ի՛նչ սովորեցին։

9. Որովհետև մենք երեկ ծնվեցինք ու բան չենք հասկանում, որովհետև մեր օրերը երկրի վրա ստվեր են։

10. Մի՞թե նրանք քեզ կսովորեցնեն ու քեզ կասեն և իրենց մտքից խոսքեր կհանեն։

11. Մի՞թե պրտուն առանց տիղմի կմեծանա, կնյունն առանց ջրի կաճի։

12. Նա դեռ իր դալարության մեջ, չկտրված՝ ամեն խոտից առաջ կչորանա։

13. Աստծուն բոլոր մոռացողների ճանապարհներն այսպիսին են. անաստվածի հույսն էլ կկորչի։

14. Որովհետև նրա հույսը կկտրվի, իսկ նրա վստահությունը սարդի ոստայն է։

15. Կկռթնի իր ոստայնի վրա, բայց նա կայուն չի մնա. նրանից կբռնի, բայց նա չի դիմանա։

16. Նա արևի տակ ծաղկում է, նրա ճյուղերը տարածվում են պարտեզում.

17. Նրա արմատները քարակույտին են փաթաթվում, քարերի կույտի մեջ են մտնում։

18. Բայց երբ նրան իր տեղից խլում են, տեղը նրան ուրանում է՝ ասելով. “Քեզ չեմ տեսել”։

19. Ահա սա է նրա ուրախ ճանապարհը, և հողից ուրիշներ են բուսնում։

20. Տե՛ս, Աստված արդարին չի մերժում և չարերին չի օգնում,

21. Մինչև որ բերանդ ծիծաղով լցնի և շրթունքներդ՝ ցնծության ձայնով։

22. Քեզ ատողներն ամոթով կծածկվեն, և ամբարիշտների վրանը կանհետանա»։

ՀՈԲ 9

1. Հոբը պատասխանեց.

2. «Գիտեմ, որ իրոք այդպես է. մարդս Աստծու առաջ ինչպե՞ս կարդարանա։

3. Եթե ուզի նրա հետ վիճել, հազարից մեկին չի կարողանա պատասխանել։

4. Նա սրտով իմաստուն և զորությամբ մեծ է. նրան ո՞վ է դեմ կանգնել ու անվնաս դուրս եկել։

5. Նա, որ լեռներն է տեղաշարժում, ու իրենք չգիտեն։ Իր բարկության ժամանակ նրանց տապալում է։

6. Նա, որ երկիրն իր տեղից շարժում է, ու սրա սյուները երերում են,

7. Որ արևին հրամայում է, ու սա չի ծագում, աստղերի լույսն էլ փակում է,

8. Որ միայնակ երկինքն է տարածում, ու ծովի բարձր ալիքների վրա է գնում,

9. Որ Արջը, Հայկն ու Բազմաստեղն է ստեղծել ու Հարավի համաստեղությունները,

10. Որ անքննելի մեծամեծ բաներ է անում և անթիվ սքանչելիքներ։

11. Ահա նա իմ մոտով կանցնի, ու ես չեմ տեսնի, անց կկենա, ու չեմ իմանա։

12. Եթե նա խլել ուզենա, ո՞վ նրան ետ կպահի, ո՞վ կասի նրան՝ “Ի՞նչ ես անում”։

13. Աստված իր բարկությունը ետ չի դարձնի. նրա տակ Ռահաբի* օգնականները կխոնարհվեն։

14. Ուրեմն ես ինչպե՞ս պատասխանեմ նրան ու նրա հետ վիճելու խոսքերս ընտրեմ։

15. Որովհետև արդար էլ լինեմ, պատասխան չեմ տա. իմ Դատավորին պիտի աղաչեմ, որ ողորմի ինձ։

16. Եթե ես կանչեի, ու նա պատասխաներ. չեմ հավատա, որ նա իմ ձայնը կլսի։

17. Նա, որ ինձ փոթորիկով կճզմի և զուր տեղն իմ վերքերը կշատացնի,

18. Չի թողնի ինձ, որ շունչ առնեմ, և ինձ դառնություններով կլցնի։

19. Եթե բանը զորության մասին է, ահա նա հզոր է։ Իսկ եթե իրավունքի մասին է, ո՞վ ինձ դատարան կկանչի։

20. Եթե ես արդար լինեմ, բերա՛նս ինձ կդատապարտի։ Եթե ես կատարյալ լինեմ, ա՛յն ինձ հանցավոր կհայտարարի։

21. Եթե ես կատարյալ լինեմ, իմ անձը նկատի չեմ առնի, կյանքս կարհամարհեմ։

22. Ամեն բան մեկ է. նրա մասին ասում եմ, որ կատարյալին ու ամբարիշտին կորստյան է մատնում։

23. Եթե աղետը հանկարծ մեռցնի, նա անմեղի փորձանքի վրա կծիծաղի։

24. Երկիրը չարագործի ձեռքն է հանձնվել. նրա դատավորների երեսը նա ծածկում է։ Եթե ոչ, ապա այդ անողն ո՞վ է։

25. Իմ օրերը սուրհանդակից էլ արագ փախան, վազեցին, բարիք չտեսան։

26. Սեզից շինված նավերի պես անցան, որսի վրա հարձակվող արծվի պես։

27. Եթե ասելու լինեմ՝ “Գանգատս մոռանամ, դեմքիս տխրությունը թողնեմ ու զվարթանամ”,

28. Այն ժամանակ բոլոր ցավերիցս կսարսափեմ. գիտեմ, որ ինձ անմեղ չես համարի։

29. Ես պիտի ամբարիշտ լինեմ, ուրեմն ինչո՞ւ զուր տեղը տանջվեմ։

30. Եթե ձնաջրի մեջ լվացվեի ու մոխրաջրով ձեռքերս մաքրեի,

31. Այն ժամանակ էլ ինձ ճահիճը կկոխեիր, և իմ հագուստներն ինձանից կզզվեին։

32. Որովհետև նա ինձ նման մարդ չէ, որ իրեն պատասխանեմ, ու միասին դատարան գնանք։

33. Մեր միջև միջնորդ դատավոր չի լինի, որ ձեռքը մեր երկուսի վրա դնի։

34. Թող իր գավազանն իմ վրայից հեռացնի, ու նրա սարսափն ինձ չզարհուրեցնի։

35. Այն ժամանակ կխոսեմ ու իրենից չեմ վախենա, որովհետև հոգուս մեջ այն չեմ»։

ՀՈԲ 10

1. «Հոգիս կյանքիցս զզվել է. իմ գանգատն ազատ պիտի արտահայտեմ, հոգուս դառնությամբ պիտի խոսեմ։

2. Աստծուն ասեմ. “Ինձ մի՛ դատապարտիր, ինձ իմացրո՛ւ, թե ինձ հետ ինչի՛ համար ես վիճում։

3. Մի՞թե քեզ հաճելի է, որ ընկճես, որ քո ձեռքի աշխատանքն արհամարհես ու ամբարիշտների խորհրդին լույս տաս։

4. Քո աչքերը մի՞թե մարմնավոր են, կամ մարդու տեսածի պե՞ս կտեսնես։

5. Քո օրերը մի՞թե մարդու օրերի պես են, կամ քո տարիները՝ մարդո՞ւ օրերի պես,

6. Որ իմ հանցանքն ես որոնում ու իմ մեղքը քննում։

7. Դու գիտես, որ հանցավոր չեմ, բայց քո ձեռքից ազատող չկա։

8. Քո ձեռքերն են ինձ ձևավորել ու ամբողջությամբ շինել, և դու ինձ այժմ խորտակո՞ւմ ես։

9. Հապա հիշի՛ր, որ ինձ կավի պես շինեցիր, և ինձ հո՞ղ ես դարձնելու։

10. Դու ինձ կաթի պես չթափեցի՞ր ու պանրի պես թանձրացրիր,

11. Դու ինձ մորթով ու մսով հագցրիր և ոսկորներով ու ջղերով ինձ հինեցիր,

12. Կյանք և ողորմություն շնորհեցիր, ու քո խնամքը իմ հոգին պահեց։

13. Սրանք քո սրտում պահեցիր. գիտեմ, որ սա քո նպատակն էր.

14. Եթե մեղանչեմ, դու ինձ կնկատես ու իմ հանցանքն անպատիժ չես թողնի։

15. Եթե ամբարշտություն անեմ, վա՜յ ինձ։ Արդար էլ լինեմ, գլուխս չեմ կարող բարձրացնել։ Անարգանքով եմ լցված, և տե՛ս իմ թշվառությունը։

16. Բարձրանա էլ՝ առյուծի պես ինձ կորսաս ու դարձյալ ինձ կհաղթես։

17. Վկաներիդ իմ առաջ կնորոգես և իմ հանդեպ բարկությունդ կշատացնես։ Քո բանակները կրկին ու կրկին իմ դեմ են գալիս։

18. Ուրեմն արգանդից ինձ ինչո՞ւ հանեցիր։ Երանի՜ մեռած լինեի, և ինձ որևէ աչք չտեսներ,

19. Որ չեղածի պես լինեի, մորս արգանդից գերեզման տարվեի։

20. Իմ օրերը քիչ չե՞ն. դադա՛ր առ ու ինձանից ե՛տ կաց, որ մի քիչ ուրախանամ

21. Այնտեղ գնալուցս առաջ, որտեղից ետ չեմ դառնալու՝ խավարի ու մահվան ստվերի երկիրը,

22. Մառախուղի երկիրը, որ մահվան ստվերի խավարին է նման, ու կարգ չկա, և լույսը մթին խավարի նման է”»։

ՀՈԲ 11

1. Այն ժամանակ Սոփար Նաամացին պատասխանեց.

2. «Մի՞թե շատ խոսքերին պատասխան չի լինի, կամ շատախոս մարդը պիտի արդա՞ր դուրս գա։

3. Քո դատարկ խոսքե՞րը պիտի մարդկանց լռեցնեն. դու ծաղրես, ու հանդիմանող չլինի՞։

4. Որ ասում ես՝ “Իմ խոսքը մաքուր է, և քո աչքի առաջ անարատ եմ”։

5. Սակայն երանի՜ թե Աստված խոսեր ու քո դեմ իր շուրթերը բաց աներ

6. Եվ քեզ իմաստության գաղտնիքը հայտներ, որովհետև ճշմարիտ իմաստությունը երկու երես ունի։ Ուրեմն իմացի՛ր, որ Աստված քո հանցանքների մի մասը մոռացության է տալիս։

7. Կարո՞ղ ես Աստծու խորհուրդը գտնել կամ Ամենակարողին ամբողջապես հասկանալ*։

8. Նա երկնքի բարձրությունն ունի. դու ի՞նչ կարող ես անել։ Դժոխքից էլ խորն է նա. ի՞նչ կհասկանաս։

9. Նրա չափը երկրից երկար է ու ծովից էլ լայն է։

10. Եթե նա անցնի ու բռնի և դատի հավաքի, նրան ո՞վ ետ կպահի։

11. Որովհետև նա խաբեբա մարդկանց ճանաչում է ու անօրենությունը տեսնում է և ուշադրություն չի՞ դարձնում։

12. Բայց անմիտ մարդը իմաստուն պիտի դառնա, եթե վայրի էշի ձագը իբրև մարդ ծնվի։

13. Եթե դու քո սիրտն ուղղես և ձեռքերդ դեպի իրեն տարածես,

14. Եթե ձեռքիդ անօրենություն կա, այն հեռացրո՛ւ, ու քո վրաններում անիրավություն թող չբնակվի։

15. Ահա այն ժամանակ անարատ երեսդ կբարձրացնես, հաստատուն կլինես ու չես վախենա։

16. Որովհետև թշվառությունը կմոռանաս, այն անցած ջրերի պես կհիշես։

17. Կյանքը կեսօրից էլ պայծառ կկանգնի, եթե խավարի էլ, առավոտվա պես կլինի։

18. Դու ապահով կլինես, որովհետև հույս կա։ Դու կպահպանվես ու ապահովության մեջ կհանգստանաս։

19. Կպառկես, ու վախեցնող չի լինի։ Շատերը քո հաճությունը կխնդրեն։

20. Բայց ամբարիշտների աչքերը պիտի նվաղեն, և նրանք ապաստան չեն ունենա. նրանց հույսը հոգեվարքի մեջ պիտի լինի»։

ՀՈԲ 12

1. Հոբը պատասխանեց.

2. «Արդարև դուք եք ժողովուրդը, և իմաստությունը ձեզ հետ մեռնելու է։

3. Ես էլ ձեզ պես խելք ունեմ. ձեզանից պակաս չեմ. և այսպիսի բաներ ո՞վ չգիտե։

4. Իր բարեկամից ծաղրվող եմ դարձել ես, որ թեև Աստծուն կանչեցի, ու նա պատասխանեց, սակայն ծաղրվում է արդարը, կատարյալը։

5. Իրենց ապահով զգացող մարդիկ արհամարհում են թշվառությունը՝ որպես նրանց բաժինը, որոնց ոտքերը սայթաքում են։

6. Ապահով են ավազակների վրանները, և հանգիստ՝ Աստծուն բարկացնողներինը, որոնք Աստծուն ձեռքների մեջ են տանում։

7. Բայց հարցրո՛ւ անասուններին, որ քեզ սովորեցնեն, և երկնքի թռչուններին, որ քեզ իմացնեն։

8. Կամ երկրի հե՛տ խոսիր, ու նա քեզ կսովորեցնի, և ծովի ձկները քեզ կպատմեն։

9. Ո՞վ չի հասկանա, որ Տիրոջ ձեռքն է այս բաներն արել,

10. Որ բոլոր կենդանի արարածների կյանքը նրա ձեռքին է, նաև ամեն մարդկային մարմնի հոգին։

11. Մի՞թե խոսքերն ականջը չի որոշում, և ուտող քիմքը՝ համն առնում։

12. Իմաստությունն ալևորների մեջ է, և գիտությունը՝ երկար օրերի մեջ։

13. Իմաստությունը և զորությունը նրա մեջ են. խորհուրդը և գիտությունը Աստծունն են։

14. Ահա նա կքանդի, ու չի վերաշինվի. մեկին որ բանտարկի, չի կարող ազատվել։

15. Ահա նա ջրերը հետ է պահում, երաշտ է լինում. դրանք բաց է թողնում, ու երկիրը տակնուվրա են անում։

16. Զորությունն ու իմաստությունը նրանն են. նրանն են նաև մոլորեցնողն ու մոլորյալը։

17. Նա խորհրդականներին կողոպտված է ման ածում, իսկ դատավորներին՝ հիմարացած։

18. Նա է թագավորների իշխանությունը քանդում և նա է նրանց իշխանություն տալիս*։

19. Նա քահանաներին կողոպտված է ման ածում և զորավորներին կործանում է։

20. Նա ինքնավստահներից լեզվանիությունը վերցնում է և ծերերի հասկացողությունը խլում։

21. Ազնվականների վրա անարգանք է թափում և զորավորների գոտին թուլացնում է։

22. Ի հայտ է բերում խավարի խորունկ բաները և մահվան ստվերը լույսի մեջ է դուրս բերում։

23. Ազգերին բազմացնում է և նրանց կորստյան է մատնում. ազգերին սփռում է, նաև նրանց առաջնորդում։

24. Երկրի ժողովուրդների գլխավորների խելքն առնում է և նրանց մոլորեցնում անճանապարհ անապատում։

25. Նրանք խավարում խարխափում են և լույս չունեն. նա նրանց մոլորեցնում է հարբածների պես»։

ՀՈԲ 13

1. «Այդ ամենն իմ աչքը տեսել է, ականջս՝ լսել ու հասկացել։

2. Ձեր իմացածի չափ ես էլ գիտեմ. ես ձեզանից պակաս չեմ։

3. Բայց ես կուզենայի Ամենակարողի հետ խոսել ու կցանկանայի Աստծու մոտ դատս պաշտպանել։

4. Սակայն դուք ստեր հորինողներ եք, դուք ամենքդ փուչ բժիշկներ եք։

5. Երանի՜ բոլորովին լռեիք, և դա ձեզ համար իմաստություն կհամարվեր։

6. Լսեցե՛ք, խնդրեմ, իմ պատճառաբանությունը և իմ շրթունքների փաստերին ակա՛նջ դրեք։

7. Աստծո՞ւ համար եք անիրավություններ խոսում, նրա՞ համար եք խաբեություններ խոսում։

8. Մի՞թե նրան եք կողմնակալություն անում կամ Աստծո՞ւ համար եք փաստաբանում։

9. Լա՞վ կլինի, որ նա ձեզ քննի, կամ նրան խաբել կարո՞ղ եք, ինչպես մարդուն են խաբում։

10. Նա ձեզ անպայման կհանդիմանի, եթե թաքուն էլ կողմնակալություն անեք։

11. Մի՞թե նրա վեհությունը ձեզ չի զարհուրեցնելու, և նրա երկյուղը ձեզ վրա չի ընկնելու։

12. Ձեր հիշատակելի խոսքերը մոխրի առակներ են, ձեր պատնեշները՝ ցեխից պատնեշներ։

13. Ինձ մոտ լո՛ւռ մնացեք, որ ես խոսեմ, և ինչ որ լինի, ինձ վրա՛ թող գա։

14. Մարմինս ինչո՞ւ ատամներիս մեջ առնեմ, կյանքս էլ ափիս մեջ դնեմ։

15. Տե՛ս, թե որ ինձ սպանի էլ, ես իրեն եմ հուսալու. միայն թե նրա առաջ իմ ճանապարհները պաշտպանեմ։

16. Նաև այն է իմ փրկությունը, որ անաստվածը նրա առաջ չի գա։

17. Իմ խոսքը լա՛վ լսեցեք, և իմ ասածը ձեր ականջներին թող հասնի։

18. Ահա ես դատս կարգի եմ բերել, գիտեմ, որ արդար եմ լինելու։

19. Ո՞վ է, որ ինձ հետ կվիճի, որովհետև այն ժամանակ պիտի լռեի ու մեռնեի։

20. Միայն այս երկու բաները մի՛ արա ինձ. այն ժամանակ քո երեսից չեմ թաքնվի։

21. Ձեռքդ ինձանից հեռացրո՛ւ, և քո երկյուղն ինձ թող չզարհուրեցնի։

22. Հետո կանչի՛ր, ու ես կպատասխանեմ, կամ ես կխոսեմ, և դու պատասխա՛ն տուր։

23. Իմ անօրենությունները և մեղքերն ինչքա՞ն են. իմ հանցանքն ու մեղքն ինձ իմացրո՛ւ։

24. Երեսդ ինչո՞ւ ես ծածկում և ինձ քեզ թշնամի համարում։

25. Մի՞թե քամուց քշված տերևին ես վախեցնում կամ չոր մղեղին ես հալածում։

26. Որովհետև դու իմ դեմ դառը բաներ գրեցիր և իմ երիտասարդ ժամանակվա հանցանքներն ինձ ժառանգություն ես տալիս։

27. Եվ ոտքերս կոճղի մեջ ես դնում ու քննում իմ բոլոր ճանապարհները, ոտքիս քայլերին սահմաններ ես դնում։

28. Այնպես մարդը փտածի պես վայր է ընկնում, ցեցը կերած հագուստի պես մաշվում է»։

ՀՈԲ 14

1. «Կնոջից ծնված մարդը կարճ կյանք ունի և նեղությամբ լիքն է։

2. Ծաղկի պես ծլում և թառամում է, ստվերի պես փախչում է, չի մնում։

3. Մանավանդ մի այսպիսի մեկի վրա էլ ես աչքերդ բացում և ինձ քեզ հետ դատաստան ես տանում։

4. Ո՞վ կարող է անմաքուրից մաքուր մի բան դուրս բերել. ոչ մեկը չի կարող։

5. Որովհետև նրա օրերը որոշված են, նրա ամիսների թիվը քեզ մոտ է, սահման ես դրել նրա համար, որ նա չի անցնի։

6. Ուրեմն երեսդ նրանից շրջի՛ր, որ հանգստանա, մինչև որ իր օրը վարձկանի պես լրացնի։

7. Որովհետև ծառն էլ դեռևս հույս ունի. եթե կտրվի, դարձյալ կծլի, ու նրա ճյուղերը չեն պակասի։

8. Թեկուզ նրա արմատը հողում ծերացած լինի, ու նրա բունը՝ փոշու մեջ մեռած,

9. Ջրի հոտից էլ դարձյալ կծաղկի և նոր տնկվածի պես ճյուղեր կարձակի։

10. Բայց մարդը մեռնում է և անհետանում, իր վերջին շունչը կփչի և այլևս գոյություն չունի։

11. Ջրերը ծովակից հոսում են, և գետը չորանում-ցամաքում է։

12. Այդպես էլ մարդը պառկում է ու վեր չի կենում։ Մինչև երկինքն էլ չլինի, վեր չեն կենա և իրենց քնից չեն զարթնի։

13. Երանի՜ թե ինձ դժոխքում ծածկեիր, մինչև քո բարկությունն անցնելը թաքցնեիր, ինձ համար ժամանակ որոշեիր ու հետո ինձ հիշեիր։

14. Եթե մարդը մեռել է, մի՞թե կկենդանանա։ Ծանր ծառայությանս* բոլոր օրերին սպասելու եմ, մինչև որ իմ նորոգվելը գա։

15. Դու պիտի կանչես, և ես պատասխան պիտի տամ, և դու քո ձեռքի գործը եղող արարածին՝ ինձ, պիտի հավանեիր։

16. Այն ժամանակ դու իմ քայլերը պիտի հաշվես, բայց իմ մեղքերը չես քննի։

17. Իմ մեղքը ծրարի մեջ կնքված է, և դու իմ հանցանքը պիտի ծածկես։

18. Մինչև անգամ սարն ընկնում փշրվում է, ապառաժը՝ իր տեղից փոխադրվում,

19. Ջրերը մաշեցնում են քարերը, նրա հոսանքները սրբում են երկրի հողը, դու էլ կործանում ես մարդու հույսը։

20. Դու նրան իսպառ ընկճում ես, ու նա գնում է։ Նրա դեմքը փոխելով՝ նրան բաց ես թողնում։

21. Նրա որդիները պատիվ ունեն, ինքը չգիտե, կամ անարգ են, ինքը նրանց չի տեսնում։

22. Մարդը միայն իր մարմնի ցավն է զգում, ու նրա հոգին նրա մեջ տրտմում է»։

ՀՈԲ 15

1. Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին պատասխանեց.

2. «Մի իմաստուն մի՞թե օդանման մտքերով կպատասխանի և իր փորն արևելյան քամով կլցնի,

3. Անպետք խոսքերով վիճաբանելով և անօգուտ խոսքերով։

4. Մանավանդ որ երկյուղածությունը խափանում ես և առ Աստված աղոթքն արգելում։

5. Որովհետև անօրենությունդ բերանիդ այդպես է սովորեցնում, և դու նենգավորների լեզուն ես ընտրել։

6. Քեզ քո բերանն է դատապարտում և ոչ թե ես. քո շրթունքներն էլ քո դեմ են վկայում։

7. Դո՞ւ ես իբրև առաջին մարդ ծնվել և բլուրներից առա՞ջ ես ստեղծվել։

8. Աստծու գաղտնիքների՞ն էիր ականջ դնում, թե՞ մարդկային իմաստությունը միայն քեզ է պատկանում։

9. Ի՞նչ գիտես դու, որ մենք չգիտենք, դու ի՞նչ ես հասկանում, որ մենք չունենք։

10. Մեզ մոտ ծեր էլ կա, ալևոր էլ, որ քո հայրերից տարիքով են։

11. Աստծու մխիթարանքներն ու մեղմ խոսքերը քեզ հետ, որ խոսվեցին, մի՞թե քեզ քիչ են թվում։

12. Քո սիրտը քեզ ո՞ւր է տանում, ու քո աչքերն ինչո՞ւ են փայլատակում,

13. Որ հոգիդ Աստծու դեմ ես դարձրել ու բերանիցդ այդպիսի խոսքեր ես հանում։

14. Մարդն ի՞նչ է, որ մաքուր լինի, և կնոջից ծնվածը՝ որ արդարանա։

15. Եթե Աստված իր սրբերին էլ չի վստահում, և նույնիսկ երկինքը մաքուր չէ իր առջև,

16. Բայց մանավանդ գարշելի ու պիղծ է մարդը, որ անիրավությունը ջրի պես է խմում։

17. Ես քեզ իմացնեմ, ինձ լսի՛ր, ու իմ տեսածը քեզ պատմեմ,

18. Ինչ որ իմաստունները պատմեցին ու իրենց հայրերից ստացածը չթաքցրին։

19. Երկիրը միայն նրանց տրվեց, ու նրանց մեջ մի օտարական չանցավ։

20. Ամբարիշտն իր բոլոր օրերին տանջվում է, ու բռնավորի համար հաշվված տարիներ են պահված։

21. Նրա ականջներում սարսափների ձայն կա. խաղաղ ժամանակ ավերիչը նրա վրա է գալիս։

22. Նա չի հավատում, թե խավարից կազատվի, և ինքը սրի համար է պահված։

23. Նա հացի համար թափառում է՝ ասելով՝ ո՞ւր է. գիտե, որ խավար օրը կողքին պատրաստ է։

24. Նեղությունն ու տառապանքը նրան զարհուրեցնում են. դրանք նրան պատերազմի պատրաստ թագավորի պես ընկճում են։

25. Որովհետև նա իր ձեռքն Աստծու դեմ մեկնեց և Ամենակալի հանդեպ գոռոզացավ։

26. Հանդուգն կերպով նրա վրա հարձակվեց. իր ասպարը մեծ ցցվածքներ ուներ։

27. Որովհետև նա իր երեսը ճարպով ծածկեց ու կողերի վրա ճարպ կապեց։

28. Նա ավերակ քաղաքներում, այնպիսի տներում բնակվեց, որոնց մեջ բնակվող չկա, որոնք քարակույտեր դառնալու համար են պատրաստված։

29. Նա չպիտի հարստանա, ու նրա ունեցվածքը հաստատուն չպիտի մնա. նրանց ստացվածքը երկրի վրա չպիտի տարածվի։

30. Նա մթից չի հեռանա. բոցը կչորացնի նրա ճյուղերը. նա Աստծու բերանի շնչով կոչնչանա։

31. Թող ունայնությանը չհավատա. ինքն իրեն է խաբում, որովհետև նրա վարձն ունայնությունն է։

32. Իր օրը դեռ չի հասել, նա վախճանվում է. նրա ճյուղերը չպիտի կանաչեն։

33. Նա դեն է գցում, ինչպես որթը՝ իր ազոխը, կամ ինչպես ձիթենին է թափում իր ծաղիկները։

34. Որովհետև անաստվածների հավաքն ամայի պիտի լինի, և կաշառք վերցնողների վրանները կրակը պիտի լափի։

35. Նրանք թշվառություն են հղանում և անօրենություն կծնեն. նրանց ներսը խաբեություն է պատրաստում»։

ՀՈԲ 16

1. Հոբը պատասխանեց.

2. «Ես սրանց նման շատ բաներ եմ լսել. դուք բոլորդ ձանձրալի մխիթարողներ եք։

3. Դատարկ խոսքերը մի՞թե վերջ ունեն, կամ քեզ ի՞նչն է դրդում, որ պատասխանես։

4. Ես էլ ձեզ նման կխոսեի, եթե ձեր հոգին իմ հոգու տեղը լիներ. ձեր դեմ խոսքեր կշարադրեի և գլուխս ձեզ վրա կշարժեի։

5. Ձեզ իմ բերանով կքաջալերեի, և իմ շրթունքների շարժումը կարող էր ձեր ցավերը մեղմել։

6. Թե խոսեմ էլ՝ ցավս չի փարատվի, և լռեմ էլ՝ ինձանից ի՞նչ կգնա։

7. Բայց հիմա Աստված ինձ հոգնեցրել է. նա իմ ամբողջ ընտանիքն ամայի է արել։

8. Դու ինձ խորշոմներով ես պատել. սա վկայություն է դարձել, և իմ նիհարությունն իմ դեմ է վեր կացել, իմ դեմ է վկայում։

9. Նրա բարկությունը պատառոտում է և իմ դեմ թշնամանում. նա ինձ վրա իր ատամներն է կրճտացնում, իմ թշնամին աչքերն է իմ դեմ սրել։

10. Ինձ վրա իրենց բերանն են բացել. նախատինքով ծնոտիս են խփում, իմ դեմ են համախմբվել։

11. Աստված ինձ անզգամին է մատնել և ամբարիշտների ձեռքն է գցել ինձ։

12. Ես հանգիստ էի, բայց նա ինձ փշուր-փշուր արեց, վզիցս բռնեց ու ջախջախեց ինձ, իր համար նշանակետ դարձրեց ինձ։

13. Նրա աղեղնավորները շրջապատեցին ինձ. նա իմ երիկամներն է պատառոտում և չի խնայում, լեղիս գետին է թափում։

14. Նա ինձ պատառում, պատառ-պատառ է անում, մարտիկի պես ինձ վրա է հարձակվում։

15. Ես իմ մորթի վրա քուրձ կարեցի և իմ եղջյուրը հողի մեջ մտցրի։

16. Երեսս լաց լինելուց կարմրել է. կոպերիս վրա մահվան ստվեր կա։

17. Թեև ձեռքերիս մեջ անիրավություն չկա, և աղոթքս մաքուր է,

18. Երկի՛ր, իմ արյունը մի՛ ծածկիր, և իմ աղաղակը թող հանգստանալու տեղ չունենա։

19. Իմ վկան հենց հիմա էլ ահա երկնքում է, և իմ փաստաբանը բարձրերում է։

20. Ինձ ծաղրողներն իմ բարեկամներն են. իմ աչքն առ Աստված արտասվում է։

21. Օ՜, եթե մարդը կարողանար Աստծու առաջ իր իրավունքը պաշտպանել, ինչպես մեկն իր ընկերոջ իրավունքն է պաշտպանում։

22. Որովհետև այս մի քանի տարիները կվերջանան, ու ես այն ճանապարհով կգնամ, որով ետ չեմ դառնա»։

ՀՈԲ 17

1. «Հոգիս նվաղել է. օրերս կրճատված են. գերեզմանը սպասում է ինձ։

2. Չէ՞ որ ծաղրածուներն ինձ մոտ են, և իմ աչքն անդադար տեսնում է նրանց հակառակությունները։

3. Ապահովի՛ր, դու քեզ մոտ իմ երաշխավո՛րը եղիր. ո՞վ կա, որ ձեռքիցս բռնի։

4. Քանի որ դու իմաստությունը ծածկեցիր նրանց սրտից, դրա համար դու նրանց չես բարձրացնի։

5. Ով որ իր ընկերներին դավի վարձատրության համար, նրա զավակների աչքերը պիտի նվաղեն։

6. Աստված ժողովուրդների բերանի առակ դարձրեց ինձ, այնպիսին, որի երեսին մարդիկ թքում են։

7. Աչքերս տրտմությունից պղտորվել են, և մարմնիս բոլոր անդամները ստվերի պես են։

8. Արդարները դրանից ցնցվեցին, և անմեղը անաստվածի դեմ գրգռվեց։

9. Արդարն իր ճանապարհը պինդ կբռնի, և մաքուր ձեռք ունեցողը քանի գնա, կզորանա։

10. Բայց դուք ամենքդ էլ նորից եկե՛ք. ես ձեր մեջ իմաստուն չեմ գտնում։

11. Օրերս անցել են. իմ մտադրությունները, իմ սրտի խորհուրդները խափանվել են։

12. Այդ մարդիկ գիշերը ցերեկվա են փոխում, խավարի դիմաց ասում են՝ լույսը մոտ է։

13. Իմ հուսացած միակ տունը գերեզմանն* է. իմ անկողինը խավարի մեջ պիտի գցեմ։

14. Ապականությանը* գոչեմ՝ “Դու իմ հայրն ես”, որդերին՝ “Իմ մայրն ու քույրն եք”։

15. Եվ հիմա իմ հույսը որտե՞ղ է, իմ հույսն ո՞վ կտեսնի։

16. Հույսն ինձ հետ գերեզմանի* դռնե՞րը պիտի իջնի, կամ միասին հողի մե՞ջ հանգստանանք»։

ՀՈԲ 18

1. Բաղդատ Սոքեցին պատասխանեց.

2. «Այդ խոսքերին ե՞րբ եք վերջ տալու։ Հասկացե՛ք, ու դրանից հետո խոսենք։

3. Ինչո՞ւ անասուն համարվենք ու ձեր աչքի առաջ հիմարներ լինենք։

4. Ո՛վ իր անձն իր բարկությամբ պատառող, մի՞թե քո պատճառով երկիրը պիտի թողնվի, և ապառաժն իր տեղից փոխադրվի։

5. Ամբարիշտի լույսն անշուշտ պիտի հանգչի, և նրա կրակի բոցը լույս չպիտի տա։

6. Նրա վրանում լույսը պիտի խավարի, և նրա ճրագը նրա վրա պիտի հանգչի։

7. Նրա քայլերի զորությունը պիտի տկարանա, ու նրա մտածածները պիտի տապալեն նրան։

8. Որովհետև նա իր ոտքով ուռկանն է ընկել ու ցանցի վրա է գնում։

9. Որոգայթը գարշապարը կբռնի. թակարդը նրա վրա կզորանա։

10. Նրա ծուղակը հողի մեջ է թաքցված, և նրա որոգայթը՝ ճանապարհի վրա։

11. Արհավիրքն ամեն կողմից զարհուրեցնում է նրան ու ամեն քայլափոխի հալածում է նրան։

12. Նրա զորությունը պիտի սովածանա, և կործանումը կողքին պատրաստ է։

13. Նրա մորթի մասերն ուտի. մահվան անդրանիկն իր անդամները ուտի։

14. Նրան բռնությամբ պիտի պոկեն վրանից, որտեղ ապահով ապրում էր, և նրան պիտի քշեն զարհուրանքի թագավորի մոտ։

15. Նրա վրանում կործանումը պիտի բնակվի։ Նրա բնակարանի վրա ծծումբ պիտի ցանվի։

16. Նրա արմատները տակից պիտի չորանան, և ճյուղերը վերևից պիտի կտրվեն։

17. Նրա հիշատակը երկրից պիտի կորչի, և անունը հրապարակների վրա չպիտի լինի։

18. Նրան պիտի լույսից խավարի մեջ քշեն ու աշխարհից պիտի վտարեն նրան։

19. Իր ազգատոհմում նա ո՛չ զավակ պիտի ունենա, ո՛չ թոռ, ու նրա բնակարաններում ոչ մեկը չպիտի մնա։

20. Նրա վրա Արևմուտքում բնակվողները պիտի զարմանան, իսկ Արևելքում բնակվողները դողով բռնվեն։

21. Ամբարիշտի բնակարաններում իրոք որ սա պիտի լինի. Աստծուն չճանաչողի տեղը սա է»։

ՀՈԲ 19

1. Հոբը պատասխանեց.

2. «Մինչև ե՞րբ պիտի իմ հոգին վշտացնեք ու ինձ ճնշեք խոսքերով։

3. Ահա տասն անգամ ինձ մեղադրեցիք. չե՞ք ամաչում՝ ինձ հետ վատ եք վարվում։

4. Եվ եթե ես իրոք սխալվել եմ, իմ սխալմունքը միայն ինձ է վերաբերում։

5. Եթե իմ նկատմամբ մեծամտանալ եք ուզում և նվաստացումիս համար ինձ հանդիմանում եք,

6. Իմացե՛ք ուրեմն, որ Աստված է ինձ տապալել ու իր ցանցով ինձ պատել։

7. Թեպետ աղաղակում եմ՝ “Անիրավված եմ”, բայց պատասխան չեմ ստանում, բողոքում եմ, բայց իրավունք չկա։

8. Նա ճանապարհս փակել է, ու չեմ կարողանում անցնել, և իմ շավիղները խավարով է ծածկել։

9. Փառքս ինձնից վերացրել է, թագս գլխիցս վերցրել։

10. Ինձ ամեն կողմից խորտակել է, ու ես գնում եմ, և իմ հույսը ծառի նման արմատախիլ է արել։

11. Նա իմ դեմ վառել է իր բարկությունը և ինձ իր թշնամիներից է համարում։

12. Նրա գնդերը միասին եկել են, իրենց ճանապարհներն իմ դեմ դրել ու իմ վրանի շուրջը բանակ են դրել։

13. Իմ եղբայրներին ինձնից հեռացրել է. իմ ծանոթներն էլ ինձնից օտարացել են։

14. Իմ ազգականներն ինձ լքել են, ու իմ ծանոթները՝ ինձ մոռացել։

15. Իմ տանն ապրողներն ու իմ աղախիններն ինձ օտար են համարում. նրանց աչքին ես մի օտարական եմ դարձել։

16. Ծառայիս կանչում եմ, բայց նա չի պատասխանում. նրան իմ բերանով պետք է աղաչեմ։

17. Իմ շունչը կնոջս համար ատելի է, և ես զզվելի եմ իմ եղբայրների համար։

18. Ինձ փոքր երեխաներն անգամ անարգում են. հենց վեր եմ կենում, նրանք վրաս խոսում են։

19. Իմ մտերիմ բարեկամներն ինձնից զզվում են, և իմ սիրեցյալները հակառակվում են ինձ։

20. Ոսկորներս մարմնիս ու մաշկիս են կպել, և ատամներիս կաշիով եմ ազատվել։

21. Ողորմեցե՜ք ինձ, ողորմեցե՜ք ինձ, ո՛վ իմ բարեկամներ, որովհետև ինձ Աստծու ձեռքն է դիպել։

22. Ինչո՞ւ եք դուք էլ Աստծու նման ինձ հալածում. իմ մարմնից չե՞ք կշտանում։

23. Օ՜, երանի՜ թե խոսքերս գրի առնվեին, երանի՜ թե մի գրքում փորագրվեին՝

24. Երկաթե գրիչով ու կապարով, քարի վրա հավիտյան փորագրվեին։

25. Իսկ ես գիտեմ, որ Փրկիչս ողջ է և ի վերջո երկրի վրա կկանգնի.

26. Իմ մաշկի այսպես փչանալուց հետո Աստծուն իմ մարմնով եմ տեսնելու։

27. Նրան ինքս եմ տեսնելու, և իմ աչքերն են նայելու, ոչ թե ուրիշինը։ Երիկամներս իմ ներսում հալվում են։

28. Պիտի ասեք՝ “Ինչո՞ւ ենք նրան հալածում”. և խնդրի արմատն իմ մեջ է։

29. Սրից վախեցե՛ք, որովհետև բարկության պատիժը սուրն է. իմացա՛ծ եղեք, որ դատաստան կա»։

ՀՈԲ 20

1. Սոփար Նաամացին պատասխանեց.

2. «Դրա մասին իմ խորհրդածություններն ինձ պատասխանել են տալիս, և այդ պատճառով խռովահույզ մտածումներս շտապեցնում են։

3. Ինձ խայտառակող հանդիմանություն եմ լսում, բայց իմ հոգին իմ իմացությունից ինձ պատասխանել է տալիս։

4. Այս բանը գիտե՞ս, որ հավիտենից ի վեր է, երկրիս վրա մարդու դրվելուց ի վեր,

5. Ամբարիշտների ցնծությունը կարճ է լինում, և անաստվածի ուրախությունը՝ մեկ վայրկյան.

6. Թեկուզ նրա բարձրությունը մինչև երկինք հասնի, նրա գլուխն ամպին դիպչի,

7. Իր աղբի պես հավիտյան պիտի ոչնչանա. նրան տեսնողները պիտի ասեն՝ որտե՞ղ է նա։

8. Երազի պես պիտի թռչի ու չգտնվի. և գիշերվա ցնորքի պես պիտի վտարվի։

9. Նրան տեսնող աչքն այլևս նրան չպիտի տեսնի, և նրա ապրած տեղը նրան կրկին չպիտի նայի։

10. Նրա զավակներն աղքատներին պիտի հատուցեն, ու նրա ձեռքերը նրա հարստությունը ետ պիտի տան։

11. Նրա ոսկորները երիտասարդական կորովով լիքն էլ լինեն, դարձյալ նրա հետ հողի մեջ պիտի պառկեն։

12. Եթե չարությունը նրա բերանում քաղցր է, այն իր լեզվի տակ թաքցրել է,

13. Խնայել, բաց չի թողել ու իր քիմքում պահել է այն,

14. Ուտելիքը նրա աղիքներում պիտի փոխվի. օձի թույն պիտի դառնա նրա ներսում։

15. Նա հարստություն կուլ տված լինի, պիտի փսխի. Աստված նրա փորից այն դուրս պիտի հանի։

16. Նա օձերի թույնը պիտի ծծի. իժի լեզուն նրան պիտի սպանի։

17. Նա վտակները, մեղրի ու կարագի հեղեղների գետերը չպիտի տեսնի։

18. Վաստակածը նա ետ պիտի դարձնի և կուլ չպիտի տա։ Առևտրից իր շահածն իրեն չպիտի ուրախացնի։

19. Որովհետև աղքատներին ճնշել ու լքել է, հափշտակել տունը, որ ինքը չի շինել։

20. Քանի որ նա իր ներսում հանգստություն չի ճանաչել, իր գանձերով չպիտի կարողանա ազատվել*։

21. Նա ուտելու բան չունի. դրա համար նրա ունեցվածքը չպիտի հարատևի։

22. Առատության, լիության ժամանակ էլ նա պիտի տագնապի. ամեն թշվառի ձեռք նրա վրա պիտի բարձրանա։

23. Այնպես պիտի լինի, որ իր փորը կշտացրած ժամանակ Աստված իր խիստ բարկությունը պիտի նրա վրա ուղարկի, նրա ուտելու ժամանակ անձրևի պես նրա վրա թափի։

24. Նա երկաթե զենքից պիտի փախչի, բայց պղնձե աղեղը նրան պիտի խոցի։

25. Աղեղը պիտի քաշի, և նետը նրա մարմնի միջով պիտի դուրս գա, փայլուն տեգը՝ նրա լյարդի միջով։ Պիտի գնա նա, ու նրա վրա արհավիրք պիտի գա։

26. Կատարյալ խավար է սպասում իր գանձերին։ Չփչած էլ՝ կրակը նրան պիտի լափի. նրա վրանում մնացողին չարիքը պիտի հասնի։

27. Երկինքը նրա հանցանքը մեջտեղ պիտի հանի. երկիրն էլ պիտի ընդդիմանա նրան։

28. Նրա տան ունեցվածքը պիտի հափշտակվի։ Ինքը Աստծու բարկության օրը պիտի տարվի։

29. Ամբարիշտ մարդու բաժինն Աստծուց սա է, նաև այն ժառանգությունը, որ Աստծուց սահմանված է նրա համար»։

ՀՈԲ 21

1. Հոբը պատասխանեց.

2. «Խոսքս լա՛վ լսեցեք, և սա թող լինի ձեր՝ ինձ տված մխիթարությունը։

3. Համբերո՛ղ եղեք, որ ես խոսեմ, ու իմ խոսելուց հետո՛ ծաղրեցեք։

4. Ես որ կամ, իմ գանգատը մի՞թե մարդու դեմ է, և հոգիս ինչո՞ւ չնեղվի։

5. Ինձ նայե՛ք ու ապշեցե՛ք. ձեռքներդ բերանների՛դ դրեք։

6. Հենց որ հիշում եմ, զարհուրում եմ, ու մարմինս դողն է բռնում։

7. Ամբարիշտներն ինչո՞ւ են ապրում, ծերանում, նաև ուժով զորանում են։

8. Նրանց սերունդն իրենց հետ, իրենց առաջ հաստատուն է, նրանց զավակները՝ իրենց աչքի դեմ։

9. Նրանց տներն ապահով են, երկյուղից ազատ, և Աստծու գավազանը նրանց վրա չէ։

10. Նրանց եզը զուգավորվում է, նրանց կովը չի վիժում և ծնում է։

11. Նրանք իրենց մանուկներին ոչխարի հոտի պես են դուրս հանում, և նրանց տղաները ոստոստում են։

12. Թմբուկով ու քնարով են երգում և սրնգի ձայնով ուրախանում։

13. Նրանք իրենց օրերը ճոխության մեջ են անցկացնում և հանգիստ գերեզման* կիջնեն։

14. Նրանք Աստծուն ասում են. “Մեզանից հեռացի՛ր, մենք քո ճանապարհները չենք ուզում իմանալ։

15. Ամենակարողն ո՞վ է, որ նրան ծառայենք, և մենք ի՞նչ օգուտ ունենք, որ նրան աղերսենք”։

16. Տե՛ս, նրանց բարիքներն իրենց ձեռքում չեն. ամբարիշտների խորհուրդը ինձանից հեռու լինի։

17. Ամբարիշտների ճրագը քանի՞ անգամ կհանգչի, և նրանց տառապանքն իրենց վրա կգա՞։ Աստված իր բարկությամբ նրանց համար ցավեր կբաժանի՞։

18. Նրանք կլինե՞ն, ինչպես հարդը՝ քամու առաջ, և ինչպես մղեղը, որին մրրիկն է հափշտակել։

19. Ասում ես. “Աստված նրա հանցանքը նրա զավակների համար է պահում. թող հենց նրան հատուցի, որ ինքը հասկանա։

20. Թող նրա աչքերն իր կորուստը տեսնեն, և թող նա Ամենակարողի բարկությունից խմի,

21. Որովհետև նա իրենից հետո իր տան մասին ի՞նչ հոգս կունենա, երբ նրան հատկացված ամիսները վերջացել են”։

22. Մի՞թե կարելի է Աստծուն գիտություն ուսուցանել, քանի ինքն է բարձրերին դատում։

23. Մեկը մեռնում է իր առույգության մեջ՝ բոլորովին ապահով ու հանգիստ.

24. Նրա մարմինը լիքն է, և նրա ոսկորները՝ լեցուն ծուծքով։

25. Իսկ մյուսը մեռնում է դառն հոգով, բարիք չճաշակած։

26. Բայց երկուսն էլ հողի մեջ միասին են պառկում, և նրանք որդերով են ծածկվում։

27. Ահա ձեր խորհուրդները գիտեմ, նաև այն հնարքները, որ իմ դեմ նյութել եք։

28. Որ ասում եք. “Ազնվականի տունը որտե՞ղ է, և որտե՞ղ է ամբարիշտների բնակության վրանը”։

29. Ճանապարհորդներին չե՞ք հարցրել ու նրանց նշանները չե՞ք հասկանում,

30. Թե կորստյան օրը չարը պահպանվում է, բարկության օրն այն ազատվում է։

31. Նրա դիմաց ո՞վ կդատապարտի նրա ընթացքը, և նրա արածի համար ո՞վ նրան կհատուցի։

32. Բայց նա գերեզմանոց է տարվում, և նրա տապանի վրա պահապան են դնում։

33. Հովտի կոշտերը նրա համար քաղցր են, և բոլոր մարդիկ նրա ետևից են գնում. նրա առաջից ընթացողներին թիվ չկա։

34. Ինձ փուչ բանով ինչպե՞ս եք մխիթարում, մինչ ձեր պատասխաններում ստություն է մնում»։

ՀՈԲ 22

1. Եղիփազ Թեմանացին պատասխանեց.

2. «Մի՞թե մարդն Աստծու համար օգտակար է. խելացին միայն իր համար է օգտակար։

3. Ամենակարողին հաճելի կլինի՞, եթե արդար լինես, կամ շահ կլինի՞, եթե քո ճանապարհներն ուղիղ անես։

4. Մի՞թե աստվածավախության համար է քեզ հանդիմանում և քո դեմ ամբաստանություններ անում։

5. Չէ՞ որ քո չարությունը շատ է, ու քո հանցանքներին վերջ չկա։

6. Որովհետև դու քո եղբորից զուր տեղը գրավ էիր վերցնում և մերկերի հագուստներն էիր հափշտակում։

7. Ծարավին ջուր չէիր խմեցնում ու սովածից հացը խնայում էիր։

8. Երկիրն ուժեղ մարդունն էր, և պատվավորն էր այնտեղ բնակվում։

9. Որբևայրիներին դատարկ էիր ճանապարհ դնում, ու որբերի բազուկները կոտրվում էին։

10. Դրա համար քո շուրջը որոգայթներ կան, և հանկարծահաս վախը քեզ զարհուրեցրել է։

11. Կամ թե խավարի պատճառով չես տեսնում, և ջրերի շատությունը քեզ ծածկել է։

12. Մի՞թե Աստված երկնքի բարձրերում չէ։ Աստղերի բարձրությա՛նը նայիր. ի՜նչ բարձր են։

13. Բայց դու ասում ես. “Աստված ի՞նչ գիտե. խավար մառախուղի միջի՞ց պիտի դատի։

14. Ամպերը նրա համար ծածկույթ են, ու նա չի նկատի. երկնքի կամարի վրա է շրջում”։

15. Մի՞թե վաղեմի ճանապարհն ես պահում, որով անօրեն մարդիկ գնացին,

16. Որոնք ժամանակից շուտ հափշտակվեցին. գետը տարավ նրանց հիմքերը,

17. Ովքեր Աստծուն ասում էին. “Հեռացի՛ր մեզանից”, “Ամենակալը մեզ ի՞նչ է կարող է անել”,

18. Բայց նա բարիքով էր լցրել նրանց տները։ Ամբարիշտների խորհուրդը թող ինձանից հեռու լինի։

19. Արդարները պիտի տեսնեն և ուրախանան, իսկ անմեղները նրանց պիտի ծաղրեն՝

20. Ասելով. “Մեր թշնամիները ճշմարիտ կորել են, ու նրանց մնացորդին կրակն է լափել իրավ”։

21. Աստծուն հնազանդվի՛ր և խաղաղության մե՛ջ եղիր նրա հետ. դրանով քեզ բարիք կգա։

22. Նրա բերանից ընդունի՛ր օրենքը և նրա խոսքերը սրտիդ մե՛ջ դիր։

23. Եթե Ամենակարողին վերադառնաս, կբարգավաճես, եթե անիրավությունն էլ քո վրանից հեռացնես։

24. Եթե ոսկու կտորի հետ հողի պես վարվես, Ոփիրի ոսկու հետ էլ՝ հեղեղատների քարերի պես,

25. Այն ժամանակ Ամենակարողը կլինի քո ոսկու կտորն ու քո փայլուն արծաթը։

26. Որովհետև այն ժամանակ Ամենակարողով կցնծաս ու դեմքդ դեպի Աստված կբարձրացնես։

27. Դու նրան կաղաչես, ու նա քեզ կլսի. քո ուխտերը կկատարես։

28. Մտադրություն ունենաս, դա քեզ կհաջողվի. քո ճանապարհների վրա լույս կծագի։

29. Երբ մեկին ցածրացնեն, դու կասես՝ բարձրությո՜ւն, և խոնարհ մարդուն նա կփրկի։

30. Նա նույնիսկ անմեղ չեղողին կազատի. նա քո ձեռքերի մաքրությամբ կազատվի»։

ՀՈԲ 23

1. Հոբը պատասխանեց.

2. «Գանգատս այսօր էլ դառն է, ստացածս հարվածը՝ իմ հառաչանքից ծանր։

3. Երանի՜ գիտենայի, թե նրան ինչպե՛ս գտնեմ. մինչև նրա գահը կգնայի։

4. Իմ դատը նրա առաջ բաց կանեի և բերանս փաստերով կլցնեի։

5. Կիմանայի այն խոսքերը, որոնցով պիտի պատասխաներ, և կհասկանայի, թե ինձ ի՛նչ կասեր։

6. Մի՞թե մեծ զորությամբ կընդդիմանար ինձ։ Ո՛չ, այլ նա ինձ ուշադրություն կդարձներ։

7. Այնտեղ նրա հետ ուղղամիտ մարդն է վիճաբանում։ Ու ես իմ Դատավորից հավիտյան կազատվեի։

8. Ահա դեպի արևելք եմ գնում, ու նա չկա, դեպի արևմուտք, ու նրան չեմ նկատում,

9. Դեպի հյուսիս, որտեղ ինքն է գործում, չեմ նշմարում. հարավո՞ւմ է թաքնվում, ես նրան չեմ տեսնում։

10. Սակայն նա իմ ճանապարհը գիտե. երբ ինձ փորձի, ես ոսկու նման դուրս կգամ։

11. Նրա հետքերի վրա իմ ոտքը պինդ է. նրա ուղին եմ պահել ու չեմ մոլորվել։

12. Նրա շրթունքների պատվիրաններից ես չեմ շեղվել. իմ կանոնից* ավելի նրա բերանի խոսքերն եմ պահել։

13. Բայց նա մեկ մտածում ունի. նրան ո՞վ ետ կկանգնեցնի. սրտի ուզածն անում է։

14. Այսպես նա ինձ համար սահմանվածը կկատարի. նրա մոտ սրանց նման շատ բաներ կան։

15. Դրա համար իր ներկայությունից զարհուրում եմ. մտածելիս նրանից վախենում եմ։

16. Աստված սիրտս թուլացնում է, Ամենակարողը զարհուրեցնում է ինձ։

17. Որովհետև ես չոչնչացա խավարի պատճառով, ոչ էլ մութը երեսս ծածկեց»։

ՀՈԲ 24

1. «Ինչո՞ւ Ամենակարողը չի պահել ժամանակները, և ինչպե՞ս նրան ճանաչողները չեն տեսնում նրա օրերը։

2. Չարագործները սահմաններն են տեղաշարժում, հոտեր են հափշտակում և արածեցնում,

3. Որբերի էշը քշում-տանում են, որբևայրու եզը գրավ են վերցնում,

4. Աղքատներին ճանապարհից մոլորեցնում են. երկրի աղքատները միասին թաքնվում են։

5. Ահա անապատի մեջ վայրի էշերի պես նրանք իրենց գործին են դուրս գալիս՝ վաղ առավոտից որս ման գալու. տափաստանը նրանց զավակներին հաց է տալիս։

6. Իրենց չպատկանող արտն են հնձում և ամբարիշտի այգին քաղում։

7. Գիշերը մերկ, առանց հագուստի են անցկացնում և ցրտին առանց ծածկոցի են։

8. Լեռների սաստիկ անձրևներից թրջվում են ու ապաստան չունենալով՝ ժայռին կառչում։

9. Որբին ստինքից են պոկում և աղքատի մանկանը գրավ են վերցնում։

10. Մերկ՝ առանց հագուստի են ման գալիս ու սոված-ծարավ՝ խուրձ են կրում։

11. Իրենց պատերի շրջափակի մեջ ձիթայուղ են հանում, հնձաններ տրորում, բայց ծարավ են մնում։

12. Քաղաքում մեռնող մարդիկ հեծեծում են, ու վիրավորների հոգին աղաղակում է օգնության համար, սակայն Աստված դա անզգամություն չի համարում։

13. Նրանք լույսի հակառակորդներ են. նրա ճանապարհները չեն ճանաչում ու նրա շավիղներում չեն մնում։

14. Մարդասպանն արշալույսին է վեր կենում, աղքատին ու տնանկին սպանում և գիշերը գողի նման կողոպտում է։

15. Շնացողի աչքն էլ է երեկոյին սպասում՝ ասելով. “Ինձ աչք չի տեսնի”, ու երեսին քող է դնում։

16. Մթով ծակում են այն տները, որոնց վրա ցերեկով նշան են արել. նրանք լույս ասած բանը չգիտեն։

17. Որովհետև նրանց բոլորի համար առավոտը մահվան ստվեր է, քանի որ նրանք մահվան ստվերի սոսկումները ճանաչում են։

18. Ջրի երեսին այն թեթև է. երկրի վրա նրանց բաժինն անիծյալ է, դեպի այգիների ճանապարհը չի դառնում։

19. Երաշտն ու տապը ձյան ջրերն են հափշտակում, գերեզմանն էլ՝ մեղք գործողներին։

20. Մայրը մոռանում է նրան, որդերը խրախճանք են անում նրա վրա. նա այլևս չի հիշվում, ու անիրավությունը ծառի նման կտրվում է,

21. Որ չարչարում է չբեր-ամուլին և որբևայրուն բարիք չի անում։

22. Բայց Աստված իր ուժով զորավորներին կործանում է. երբ նա վեր կենա, ոչ ոք իր կյանքի համար ապահովություն չունի։

23. Բայց ինքը ապահովությամբ տալիս է նրան, որ իրեն վստահի, իսկ աչքերը նրա ճանապարհին են։

24. Մի քիչ ժամանակ բարձրացան, բայց ոչնչացան, ամենքի պես գլորվեցին ու խորտակվեցին և հասկի գլխի պես կտրվեցին։

25. Եթե այսպես չէ, ո՞վ է ինձ սուտ հանում և ցույց տալիս, որ իմ ասածները ոչինչ են»։

ՀՈԲ 25

1. Բաղդատ Սոքեցին պատասխանեց.

2. «Իշխանությունն ու վախը նրա մոտ են. նա իր բարձրերում խաղաղություն է անում։

3. Նրա գնդերին մի՞թե թիվ կա, և նրա լույսն ո՞ւմ վրա չի ծագում։

4. Աստծու առաջ մարդ ինչպե՞ս կարդարանա, կամ կնոջից ծնվածն ինչպե՞ս մաքուր կլինի։

5. Տե՛ս, մինչև անգամ լուսինը լուսավոր չէ. աստղերն էլ նրա աչքի առաջ մաքուր չեն։

6. Ո՜ւր մնաց մարդը, որ մի որդ է, և մարդու որդին, որ մի ճիճու է»։

ՀՈԲ 26

1. Հոբը պատասխանեց.

2. «Ինչպե՜ս օգնեցիր տկարին, զորացրի՜ր ուժ չունեցողի բազուկը։

3. Ինչպե՜ս խրատ տվեցիր իմաստուն չեղողին ու մե՜ծ հմտություն սովորեցրիր։

4. Այդ խոսքերն ո՞ւմ ասացիր, և ո՞ւմ շունչը քեզանից դուրս եկավ։

5. Ուրվականները երկունքով են բռնվում, ստորին ջրերն ու դրանց բնակիչներն էլ։

6. Մերկ է դժոխքը* նրա առաջ, և մեռելների աշխարհը* ծածկոց չունի։

7. Նա դատարկության վրա հյուսիսն է տարածում և ոչնչի վրա երկիրը կախում.

8. Ջրերն ամպերի մեջ է ծրարում, և ամպերը դրանց տակ չեն պատռվում։

9. Նա լիալուսնի* երեսը ծածկել է, իր ամպը դրա վրա տարածել։

10. Նա ջրերի երեսին լույսի և խավարի միջև մի շրջանակ է գծել՝ որպես սահման։

11. Երկնքի սյուները սասանվում են ու նրա հանդիմանությունից ապշում։

12. Իր զորությամբ ծովն է խաղաղեցնում և իր գիտությամբ Ռահաբին* ջարդում։

13. Իր հոգով երկինքը զարդարեց. նրա ձեռքը փախչող Վիշապին վիրավորեց։

14. Ահա սրանք են նրա ճանապարհների ծայրերը, և նրա մասին մեր լսածը փսփսուք է, և ո՞վ կարող է նրա զորության որոտումը հասկանալ»

ՀՈԲ 27

1. Հոբը շարունակեց իր խոսքն առաջ տանել ու ասաց.

2. «Իմ իրավունքը մերժող Աստված և իմ հոգին դառնացնող Ամենակարողը կենդանի է,

3. Ու քանի դեռ շունչս իմ մեջ է, և Աստծու հոգին իմ ռունգերի մեջ կա,

4. Իմ շրթունքներն անիրավություն չպիտի խոսեն, և լեզուս խաբեություն չպիտի խոսի։

5. Քա՜վ լիցի ինձ, որ ձեզ արդարացնեմ. մինչև մեռնելս ինձանից իմ կատարելությունը չեմ հեռացնելու։

6. Արդարությունս պինդ եմ բռնել ու բաց չեմ թողնի. օրերիցս ոչ մեկի համար իմ խիղճը չի տանջում ինձ։

7. Թող իմ թշնամին ամբարիշտի պես լինի, իմ հակառակորդը՝ անզգամի պես։

8. Որովհետև ի՞նչն է անաստվածի հույսը, երբ նա կտրվի, և Աստված նրա հոգին իրենից առնի։

9. Մի՞թե նրա աղաղակն Աստված կլսի, երբ նրա վրա նեղություն գա։

10. Կամ թե նա ուրախանալո՞ւ է Ամենակարողով. ամեն ժամանակ Աստծո՞ւն է կանչելու։

11. Աստծու զորության մասին ձեզ սովորեցնեմ. Ամենակարողի մոտ եղածը չեմ թաքցնի։

12. Ահա դուք բոլորդ էլ տեսաք և ինչո՞ւ եք այդպես փուչ սնապաշտություն անում։

13. Ահա Աստծու մոտ ամբարիշտ մարդու բաժինը և բռնավորների ժառանգությունը, որ Ամենակարողից են ստանում։

14. Եթե նրա որդիները շատանում են, սրի համար է. նրա զավակները հացով չպիտի կշտանան։

15. Նրա մնացորդները համաճարակից պիտի մեռնեն, ու նրանց որբևայրիները լաց չպիտի լինեն։

16. Եթե նա հողի պես արծաթ էլ դիզելու լինի և ցեխի չափ հագուստներ պատրաստի,

17. Նա կպատրաստի, բայց արդարը կհագնի, և արծաթն իբրև բաժին անմեղը կստանա։

18. Նա իր տունը ցեցի ոստայնի պես է շինում և այն խրճիթի նման, որ այգու պահապանն է շինում։

19. Հարուստ կպառկի, բայց այլևս այդպես չի անի. աչքերը կբացի, բայց ամեն ինչ կորած լինի։

20. Արհավիրքը ջրերի պես նրան կհասնի. գիշերը փոթորիկը կգողանա նրան։

21. Արևելյան քամին նրան կվերցնի, և նա կգնա. փոթորիկը նրան իր տեղից կթռցնի։

22. Նրան վեր կգցի ու չի խնայի, մինչ նա կփախչի նրա զորությունից։

23. Նրա վրա ծափ կզարնեն ու նրան իր տեղից կսուլեն»։

ՀՈԲ 28

1. «Անշուշտ, արծաթն իր հանքն ունի, և ոսկին՝ տեղ, որտեղ այն զտում են.

2. Երկաթը հողից է կորզվում, և քարը հալվում է, պղինձ դառնում։

3. Մարդը վերջ է դնում խավարին և մինչև վերջին ծայրը քննում է. ծածուկ պահված հանքաքարերը, որոնք մթության և խոր խավարի մեջ են։

4. Նրանք հանքի մի խոռոչ են բացում ձորի մեջ՝ մարդկանց բնակավայրից հեռու, ճամփորդներից մոռացված. նրանք առանձին են աշխատում, խոռոչի մեջ, պարաններին կառչած։

5. Հողը, որից հաց է դուրս գալիս, և որի տակը կրակով տակնուվրա է լինում.

6. Նրա քարերից շափյուղա է դուրս գալիս, ու նրա մեջ ոսկու ավազ կա։

7. Գիշատիչ թռչունը նրա ճանապարհը չգիտե, և անգղի աչքն այն չի տեսել։

8. Վայրի* գազաններն այն կոխ չեն տվել. առյուծը նրա վրայով չի անցել։

9. Նա ապառաժին է ձեռքը գցում, սարերը հիմքից տապալում,

10. Ժայռերի մեջ ջրմուղներ է ճեղքում, ու նրա աչքն ամեն թանկագին բան տեսնում է։

11. Գետերին արգելում է ծորել ու գաղտնին լույս աշխարհ է հանում։

12. Բայց իմաստությունը որտե՞ղ է գտնվում, և ո՞րն է խելքի տեղը։

13. Մարդը դրա արժեքը չգիտե. ողջերի աշխարհում այն չի գտնվի։

14. Անդունդն ասում է. “Այն իմ մեջ չէ”։ Ծովն էլ ասում է. “Ինձ մոտ չկա”։

15. Նրա փոխարեն ամենամաքուր ոսկին չի տրվի, և արծաթը չի վճարվի իբրև նրա գին։

16. Այն Ոփիրի ոսկով չի գնահատվի, ոչ էլ պատվական եղնգնաքարով ու շափյուղայով։

17. Դրա մոտ ոսկին և բյուրեղն արժեք չունեն, և այն ակնակուռ ոսկե զարդերի հետ չի փոխանակվի։

18. Բուստն ու բյուրեղը չեն էլ հիշվի. իմաստության գինը մարգարիտներից առավել է։

19. Դրա մոտ Եթովպիայի տպազիոնն արժեք չունի. մաքուր ոսկով այն չի գնահատվի։

20. Ուրեմն իմաստությունը որտեղի՞ց է գալիս, և խելքի տեղը ո՞րն է։

21. Այն բոլոր ողջերի աչքերից ծածկված է ու երկնքի թռչուններից էլ թաքցված։

22. Կորուստն ու մահն ասում են. “Մենք մեր ականջներով միայն դրա համբավն ենք լսել”։

23. Դրա ճանապարհն Աստված գիտե. նա է դրա տեղը ճանաչում։

24. Որովհետև նա է մինչև երկրի ծայրերը նայում. երկնքի ամբողջ տակը գտնվածները տեսնում է։

25. Քամուն կշիռ դնելիս և ջրերը չափով չափելիս,

26. Անձրևի համար օրենք սահմանելիս, որոտալից կայծակի համար՝ ճանապարհ,

27. Այս ամբողջ ժամանակ նա տեսել ու հաշվել է այն, պատրաստել ու քննել է այն

28. Եվ մարդուն ասել է. “Ահա Տիրոջ երկյուղն է իմաստությունը, և չարությունից հեռանալը խելք է”»։

ՀՈԲ 29

1. Հոբը շարունակեց իր խոսքն ու ասաց.

2. «Երանի՜ առաջվա ամիսների և այն օրերի պես լինեի, երբ Աստված ինձ պահում էր.

3. Երբ նրա ճրագն իմ գլխի վերևում լույս էր տալիս, խավարում նրա լույսով էի գնում։

4. Երբ ես իմ երիտասարդության օրերում էի, և Աստծու մտերմությունն իմ վրանի վրա էր։

5. Երբ Ամենակարողը դեռևս ինձ հետ էր, և իմ որդիներն իմ շուրջն էին։

6. Երբ իմ ճանապարհը կարագով էր լվացված, և ապառաժը կողքիս ձիթայուղի աղբյուրներ էր բխեցնում։

7. Իսկ երբ քաղաքի դուռն էի դուրս գալիս, իմ աթոռը հրապարակում էի դնում.

8. Երիտասարդներն ինձ տեսնում էին ու թաքնվում, իսկ ալևորները վեր էին կենում կանգնում.

9. Իշխանները խոսելուց դադարում էին և ձեռքները բերաններին էին դնում.

10. Ազնվականների ձայնը կտրվում էր, ու նրանց լեզուն քիմքին էր կպչում։

11. Որովհետև ինձ լսող ականջն ինձ երանի էր տալիս, և ինձ տեսնող աչքն ինձ հավանում էր։

12. Որովհետև ես աղաղակող տնանկին ազատում էի, նաև որբին, որ անօգնական էր։

13. Կորածի օրհնությունն ինձ վրա էր գալիս, և որբևայրու սիրտն ուրախացնում էի։

14. Արդարությամբ էի զգեստավորված և նրանով զգեստավորվում էի. իրավունքը պատմուճան և խույր էր ինձ համար։

15. Ես կույրին աչքեր էի, կաղին՝ ոտքեր։

16. Աղքատներին հայր էի. պաշտպանում էի ինձ անծանոթի դատը,

17. Փշրում էի անիրավի ժանիքը, նրա ատամների որսը խլում։

18. Ասում էի. “Բույնիս կողքին կմեռնեմ և օրերս ավազի չափ կշատացնեմ.

19. Արմատներս ջրին կբացվեն, ու ցողն իմ ոստերի վրա կօթևանի.

20. Փառքս նոր կմնա ինձ հետ, և աղեղս ձեռքիս կնորոգվի”։

21. Ինձ ականջ էին դնում և սպասում. երբ խորհուրդ էի տալիս, լռում էին։

22. Իմ խոսելուց հետո չէին կրկնում, և իմ ասածը կաթում էր նրանց վրա։

23. Ինձ սպասում էին, ինչպես անձրևին, ու բերանները բաց էին անում գարնան անձրևին սպասողի նման։

24. Եթե ես նրանց վրա ծիծաղեի, դժվար թե հավատային. իմ ուրախ երեսը չէին նսեմացնի։

25. Նրանց ճանապարհն էի որոշում և իբրև գլխավոր նստում. ապրում էի, ինչպես թագավորը՝ զորքի մեջ, իբրև մեկը, որ սգավորներին է մխիթարում»։

ՀՈԲ 30

1. «Բայց հիմա ինձ ծաղրում են տարիքով ինձանից փոքրերը, որոնց հայրերին իմ հոտերի շների հետ էլ չէի ուզենա դնել։

2. Ինձ ի՞նչ պետք էր զորությունը նրանց ձեռքերի, որոնց առույգությունը կորել էր։

3. Չքավորությունից և քաղցից ցամաքած՝ գիշեր ժամանակ անապատ էին փախչում, ավերակ և ամայի վայրեր.

4. Մացառի վրայի մոլոշն էին քաղում և գիհիի արմատը՝ իբրև իրենց հաց։

5. Նրանք հասարակությունից դուրս էին արվում, ու նրանց վրա գոռում էին, ինչպես գողերի վրա։

6. Սոսկալի ձորերում էին բնակվում, գետնին ու ապառաժների ծերպերում։

7. Մացառներում բղավում էին, եղինջների տակ էին հավաքվում։

8. Հիմարների որդիներ և աննշան մարդկանց որդիներ լինելով՝ երկրից դուրս էին քշվում։

9. Բայց հիմա ես եմ նրանց խաղքը դարձել, նրանց համար ծաղրուծանակի առարկա եղել։

10. Ինձանից զզվում են, ինձանից հեռանում և չխնայելով երեսիս են թքում։

11. Քանի որ Աստված իմ աղեղի լարը թուլացրել է ու ինձ նեղել, նրանք էլ իմ առաջ սանձը բաց են թողել։

12. Աջ կողմից խաժամուժն է կանգնում, ոտքերս հրում, ինձ համար իրենց կործանումի ճանապարհները պատրաստում։

13. Նրանք իմ շավիղները քանդում են ու իմ կործանման համար են աշխատում՝ առանց որևէ օգնականի կարիքն ունենալու։

14. Գալիս են ասես լայն խրամատով, դղրդոցով գլորվելով են գալիս։

15. Արհավիրքներն ինձ վրա են դարձել, քամու պես իմ պատիվն են հալածում. իմ ազատությունն ամպի պես անցել է։

16. Հիմա հոգիս իմ ներսում հալվում է. ինձ տրտմության օրերն են պատել։

17. Գիշերները ոսկորներս ծակվում, ինձ կրծող ցավերը չեն հանգստանում։

18. Աստված մեծ ուժով բռնեց իմ հագուստները. պատմուճանիս օձիքից պինդ բռնեց ինձ։

19. Նա ինձ ցեխն է գցել, և ես հողի ու մոխրի նման եմ դարձել։

20. Ես քեզ աղաղակում եմ, բայց դու ինձ չես պատասխանում, կանգնում եմ, բայց դու ինձ ուշադրություն չես դարձնում։

21. Դու իմ նկատմամբ անգութ ես դարձել, ձեռքիդ զորությամբ ինձ հետ թշնամություն ես անում։

22. Դու ինձ բարձրացրել ես, քամուն հեծնել տվել ու մրրիկով ցնցում ես։

23. Ստույգ գիտեմ, որ ինձ մահվան ես տանելու և բոլոր կենդանիների համար սահմանված տունը։

24. Արդարև*, երբ Աստված իր ձեռքը երկարում է, աղաչանք չկա, և երբ կորստյան է մատնում, նրանց համար՝ աղաղակ։

25. Մի՞թե ես օրը դժվարությամբ անցկացնողի համար լաց չեմ եղել. հոգիս աղքատի համար չի՞ նեղվել։

26. Մինչ ես բարիքի էի սպասում, չարիք եկավ, լույս էի ակնկալում, խավար եկավ։

27. Աղիքներս եռացին ու չհանդարտվեցին. տրտմության օրերը դեմս ելան։

28. Սևացած եմ ման գալիս, բայց ոչ արևից. ժողովրդի մեջ կանգնում եմ օգնության համար։

29. Շնագայլերին եղբայր եմ դարձել ու ջայլամներին՝ ընկեր։

30. Մաշկս ինձ վրա սևացել է և կթափվի, ոսկորներս՝ տաքությունից վառվել։

31. Սգի է փոխվել իմ քնարը, ու իմ սրինգը՝ լալկանների ձայնի»։

ՀՈԲ 31

1. «Աչքերիս հետ ուխտ արեցի, որ ցանկանալով կույսի չպիտի նայեմ։

2. Եվ Աստծուց՝ վերևից, ի՞նչ բաժին կա, ի՞նչ ժառանգություն Ամենակարողից՝ բարձրերից։

3. Չէ՞ որ ամբարիշտի համար կորուստ կա, և անօրենություն գործողների համար՝ աղետ։

4. Չէ՞ որ նա իմ ճանապարհները տեսնում է և իմ բոլոր քայլերը հաշվում։

5. Եթե ես ստությամբ եմ շրջել, և իմ ոտքը դեպի նենգություն է շտապել,

6. Թող ինձ արդարության կշեռքով կշռի, և Աստված իմանա իմ կատարելությունը։

7. Եթե իմ ոտքը ճանապարհից խոտորել է, իմ սիրտը հետևել է իմ աչքին, և իմ ձեռքերին մի արատ կպել,

8. Թող ես սերմանեմ, բայց ուրիշն ուտի, և իմ աճեցրածներն արմատախիլ արվեն։

9. Եթե սիրտս մի կնոջ նկատմամբ մոլորվել է, ու ես իմ հարևանի դռանը դարանամուտ եմ եղել,

10. Թող իմ կինն ուրիշի համար աղորիք պտտի, և նրա վրա ուրիշները թեքվեն։

11. Որովհետև դա պղծագործություն է և դատավորների կողմից դատելի հանցանք։

12. Որովհետև դա մինչև տարտարոսը լափող մի կրակ է, որ իմ ամբողջ աճեցրածն արմատից կխլի։

13. Եթե ես իմ ծառայի կամ աղախնի իրավունքն արհամարհել եմ, երբ նրանք ինձ հետ ժամանակին վեճ են ունեցել,

14. Այն ժամանակ ես ի՞նչ կանեմ, երբ Աստված վեր կենա, ու երբ նա քննի, ես ի՞նչ պատասխան կտամ։

15. Չէ՞ որ որովայնում ինձ ստեղծողն է նրան ստեղծել, ու մեզ արգանդում պատրաստողը մեկն է։

16. Եթե աղքատի խնդրածը մերժել եմ և որբևայրու աչքերը հանգցրել,

17. Եթե պատառս մենակ եմ կերել, ու որբը դրանից չի կերել

18. (Որովհետև նա իմ երիտասարդությունից ի վեր ինձ մոտ է մեծացել՝ իբրև հոր մոտ, ու մորս արգանդից նրան առաջնորդեցի),

19. Եթե մեկի եմ հանդիպել՝ առանց հագուստի, որ կորսվելու վրա է, կամ մի աղքատի, որ ծածկոց չունի,

20. Եթե նրա երանքներն ինձ չեն օրհնել, ու նա իմ ոչխարների բրդով չի տաքացել,

21. Եթե որբի վրա իմ ձեռքն եմ բարձրացրել, որովհետև տեսա, որ դատարանում* պաշտպան ունեմ,

22. Թող իմ թևն ուսիցս վայր ընկնի, և իմ բազուկն արմունկիցս կոտրվի։

23. Որովհետև ես սարսափում էի Աստծու դատաստանից. չեմ կարող կանգնել նրա մեծափառության դիմաց։

24. Եթե ես ոսկին եմ իմ հույսն արել կամ մաքուր ոսկուն ասել եմ՝ իմ վստահությո՜ւնն ես,

25. Եթե ես ուրախացել եմ, որ ունեցվածքս շատ է, և ձեռքս առատություն է գտել,

26. Կամ եթե արևին եմ նայել փայլելիս և լուսնին՝ պայծառությամբ գնալիս,

27. Կամ սիրտս թաքուն խաբվել է նրանց պաշտելու, ու բերանս ձեռքս համբուրել՝ որպես մեծարանք նրանց

28. (Սա էլ դատավորների կողմից դատելի հանցանք է, որովհետև ուրացած կլինեի Աստծուն՝ ի վերուստ),

29. Եթե ատողիս կորստյան համար ուրախացել եմ կամ հրճվել եմ, որ նրան չարիք է պատահել

30. (Այլ նույնիսկ թույլ չեմ տվել, որ լեզուս նրա կյանքի դեմ անեծք խնդրելով մեղանչի),

31. Եթե իմ վրանի մարդիկ երբևէ ասել են, թե ո՛վ է կշտացել Հոբի մսով.

32. (Սակայն պանդուխտը դրսում չէր օթևանում. դռներս ճամփորդի առաջ բաց էի անում),

33. Եթե մեղքս Ադամի*պես թաքցրել եմ, որպեսզի իմ հանցանքը ծոցումս պահեմ,

34. Որովհետև մեծ բազմությունից վախեցած եմ եղել, ու տոհմերի անարգանքն ինձ զարհուրեցրած է եղել, և ես լռած ու դուրս եկած չեմ եղել,

35. Երանի՜ թե մեկն ինձ լսեր (ահա իմ փափագը՝ որ Ամենակարողն ինձ պատասխանի), և իմ հակառակորդն իր ամբաստանագիրը գրավոր տար։

36. Անշուշտ այն ուսիս վրա կառնեի ու պսակի պես ինձ վրա կկապեի։

37. Քայլերիս հաշիվը նրան կհայտնեի, իշխանի պես կմոտենայի նրան։

38. Եթե իմ երկիրն իմ դեմ աղաղակել է, ու նրա բոլոր ակոսները լաց են եղել,

39. Եթե նրա պտուղներն առանց փողի ճաշակել եմ ու նրա տիրոջ հոգին հանգցրել,

40. Թող ցորենի փոխարեն փուշ դուրս գա, և գարու փոխարեն՝ որոմ»։

ՀՈԲ 32

1. Այս երեք մարդիկ Հոբին պատասխան տալուց դադարեցին, որովհետև նա իր աչքին արդար էր։

2. Բայց Ռամի տոհմից բուզացի Բարաքիելի որդի Եղիուսի բարկությունը բորբոքվեց։ Նրա բարկությունը Հոբի վրա բորբոքվեց, որովհետև իրեն Աստծուց ավելի էր արդարացնում։

3. Եվ նրա բարկությունն իր երեք ընկերների դեմ էլ բորբոքվեց նրա համար, որ պատասխան չգտան, թեև Հոբին հանցավոր էին հանում։

4. Եղիուսը Հոբի խոսելուն էր սպասել, որովհետև նրանք տարիքով իրենից մեծ էին։

5. Բայց երբ Եղիուսը տեսավ, որ այն երեք մարդկանց բերանում պատասխան չկար, այն ժամանակ նրա բարկությունը բորբոքվեց։

6. Եվ բուզացի Բարաքիելի որդի Եղիուսն ասաց. «Ես տարիքով փոքր եմ, իսկ դուք ալևորներ եք։ Դրա համար ես ետ կանգնեցի և իմ գիտեցածը ձեզ հայտնելուց վախեցա։

7. Ասացի՝ թող տարեցները խոսեն. տարիների շատությունն իմաստություն կսովորեցնի։

8. Բայց մարդուս մեջ եղածը հոգին է, և Ամենակարողի շունչն է նրան հասկացողություն տալիս։

9. Միայն մեծերը չեն իմաստունը, և միայն ծերերը չեն դատաստան հասկացողը։

10. Դրա համար ասացի՝ ինձ լսի՛ր, որ իմացածս ես էլ պատմեմ։

11. Ահա ես ձեր խոսքերին եմ սպասել, ձեր հասկացողությանն ականջ դրել, մինչ դուք փնտրում էիք, թե ինչ ասեք։

12. Երբ ուշադրությամբ ձեզ էի լսում, ահա ձեր մեջ Հոբին հանդիմանող չկար, որ նրա ասածներին պատասխաներ։

13. Միայն թե չասեք՝ “Իմաստություն գտանք. Աստվա՛ծ կարող է հաղթել նրան, ոչ թե մարդը”։

14. Նա իր խոսքերն իմ դեմ չշարեց. ես էլ ձեր խոսքերով չեմ իրեն պատասխանելու»։

15. Նրանք ապշեցին, այլևս չպատասխանեցին. խոսքերը նրանցից հեռացան։

16. «Ես սպասեցի, մինչև որ այլևս չէին խոսում. կանգնել էին ու չէին պատասխանում։

17. Ես էլ իմ բաժինն եմ խոսելու, իմ գիտեցածը ես էլ եմ ասելու։

18. Որովհետև խոսքերով լեցուն եմ. իմ ներսի հոգին ինձ հարկադրում է։

19. Ահա որովայնս չբացված գինու է նման, նոր տիկերի պես, որ պատռվելու վրա են։

20. Ասեմ, որ հանգստանամ, շրթունքներս բաց անեմ ու պատասխանեմ։

21. Ոչ ոքի երեսպաշտություն չանեմ, ոչ մեկի չշողոքորթեմ։

22. Որովհետև ես շողոքորթել չգիտեմ. իմ Արարիչն ինձ շուտով կվերացներ»։

ՀՈԲ 33

1. «Սակայն լսի՛ր իմ խոսքը, ո՛վ Հոբ, և իմ բոլոր ասածներին ակա՛նջ դիր։

2. Ահա հիմա բերանս բաց եմ արել. թող լեզուս իմ բերանում խոսի։

3. Խոսքերս սրտիս ուղղությամբ են, և շրթունքներս պարկեշտությամբ պիտի խոսեն, ինչ որ գիտեմ։

4. Աստծու Հոգին է ինձ ստեղծել, և Ամենակարողի շունչը՝ ինձ կյանք տվել։

5. Եթե կարող ես, ինձ պատասխա՛ն տուր, պատրաստվի՛ր, առա՛ջս կանգնիր։

6. Ահա ես, ասածիդ պես, Աստծու համար եմ. ես էլ եմ կավից կազմված։

7. Ահա իմ երկյուղը թող քեզ չզարհուրեցնի, և իմ ճնշումը թող քեզ վրա չծանրանա։

8. Արդարև ականջիս ասել ես, ու ես խոսքերի ձայնը լսեցի.

9. Դու ասում ես. “Մաքուր եմ ես, մեղքից զերծ, անարատ եմ ես, հանցանք չունեմ։

10. Ահա Աստված իմ դեմ դժգոհության պատճառներ է գտնում, ինձ իրեն թշնամի է համարում։

11. Ոտքերս կոճղի մեջ է դնում, բոլոր շավիղներս դիտում է”։

12. Ահա դու այս բանում արդար չես. ես քեզ պատասխանեմ, որովհետև Աստված մարդուց մեծ է։

13. Ինչո՞ւ ես վիճում նրա հետ, ով իր բոլոր արարքների համար պատասխան չի տա։

14. Սակայն Աստված կրկին ու կրկին կխոսի, բայց մարդս ուշադրություն չի դարձնում.

15. Երազում, գիշերվա տեսիլքում, մարդկանց վրա խոր քուն իջնելիս, անկողնում քնելիս։

16. Այն ժամանակ նա մարդկանց ականջը բացում է և նրանց խրատով զգուշացնում է,

17. Որ մարդուն վատ գործից հեռացնի և հպարտությունից պահի,

18. Որ պահպանի նրա հոգին գերեզմանից*, նրա կյանքը՝ սրից կործանվելուց։

19. Մարդը իր անկողնուն պատժվում է ցավով, ու նրա ոսկորների ցավը սաստիկ է լինում։

20. Նրա կյանքը հացից զզվում է, ու նրա հոգին՝ ցանկալի ուտելիքից։

21. Նրա մարմնի միսն այնպես է հալվում, որ էլ չի երևում. դուրս են ցցվում նրա ոսկորները, որ առաջ չէին երևում։

22. Նրա անձը կորստյան է մոտենում, ու նրա կյանքը՝ մահ բերողներին։

23. Եթե նրա համար մի միջնորդող հրեշտակ կա, հազարից մեկը, որ մարդուն նրա ուղղությունն իմացնի,

24. Այն ժամանակ ողորմում է նրան և ասում. “Գերեզման իջնելուց ազատի՛ր նրան. ես քավություն եմ գտել”։

25. Այն ժամանակ նրա մարմինը երեխայի մսից փափուկ կլինի. նա ետ կդառնա դեպի իր մանկության օրերը։

26. Աստծուն կաղոթի, և Աստված կընդունի նրան։ Նրա երեսն ուրախությամբ կտեսնի։ Աստված մարդուն հատուցում է նրա արդարության համեմատ։

27. Նա մարդկանց վրա նայում է, ու եթե նա ասի՝ “Մեղք գործեցի, ուղիղը ծռեցի, իսկ նա ինձ հատուցում չտվեց.

28. Նա իմ հոգին գերեզման իջնելուց ազատել է, որ իմ կյանքը լույսը տեսնի”,

29. Ահա այս ամենն Աստված մարդու հետ երկու և երեք անգամ է կատարում,

30. Որպեսզի նրա հոգին գերեզմանից կյանքի լույսով լույսի մեջ ետ դարձնի։

31. Ակա՛նջ դիր, Հո՛բ, լսի՛ր ինձ, լո՛ւռ կաց, ու թող ես խոսեմ։

32. Եթե խոսք ունես, պատասխանի՛ր ինձ, ասա՛, որովհետև ուզում եմ քեզ արդարացնել։

33. Եթե չունես, ի՛նձ լսիր, լռի՛ր, ու թող ես քեզ իմաստություն սովորեցնեմ»։

ՀՈԲ 34

1. Եղիուսը պատասխանեց.

2. «Իմ խո՛սքը լսեցեք, ո՛վ իմաստուններ, և ո՛վ գիտուններ, ակա՛նջ դրեք ինձ։

3. Որովհետև խոսքերն ականջը կքննի, ինչպես կերակրի համը քիմքը կառնի։

4. Մեզ համար իրավունք ընտրենք. մեր ներսում իմանանք, թե ի՛նչն է բարի։

5. Որովհետև Հոբն ասաց. “Արդար եմ, բայց Աստված իմ իրավունքը մերժեց։

6. Չնայած ես արդար եմ, ինձ ստախոս են համարում։ Իմ վերքն անբուժելի է, թեև ես հանցանք չունեմ”։

7. Հոբի նման ի՞նչ մարդ կա, որ հայհոյությունը խմում է ջրի պես։

8. Նա գնում չարագործների հետ է ընկերանում, անօրեն մարդկանց հետ ման գալիս.

9. Որովհետև ասաց. “Մարդս Աստծու հաճության մեջ լինելուց օգուտ չունի”։

10. Դրա համար, ո՛վ իմաստուն մարդիկ, ի՛նձ լսեցեք. քավ լիցի, որ Աստված չարիք անի, և Ամենակարողը՝ անօրենություն։

11. Որովհետև Աստված մարդու արածի համեմատ է հատուցում և ամեն մարդու իր ընթացքի համեմատ է վարձատրում։

12. Բայց Աստված հիրավի անօրենություն չի անի, և Ամենակարողն իրավունքը չի ծռի։

13. Ո՞վ երկիրը նրան հանձնեց և ամբողջ աշխարհն ո՞վ կարգի դրեց։

14. Եթե իր նպատակն էր իր հոգին և շունչը ետ քաշել,

15. Ամեն մարմին մեկտեղ կմեռնի, և մարդը հողը կվերադառնա։

16. Եթե հասկացողություն ունես, լսի՛ր այս բաները, իմ խոսքերի ձայնին ակա՛նջ դիր։

17. Մի՞թե արդարություն ատողը կարող է իշխել, և կամ թե արդար Հզորին կարո՞ղ ես հանցավոր հանել։

18. Աստված թագավորին ասում է՝ ո՛վ անպիտան, ազնվականներին՝ ո՛վ չար։

19. Նա իշխաններին աչառություն չի անի, հարուստին աղքատից ավելի ուշադրություն չի դարձնի, որովհետև բոլորն էլ նրա ձեռքի գործն են։

20. Մի վայրկյանում կմեռնեն։ Մի կեսգիշերի ընթացքում մի ժողովուրդ շփոթվում անցնում է, զորավորներն էլ են անցնում՝ առանց մարդու ձեռք դիպչելու։

21. Որովհետև նրա աչքերը մարդու ճանապարհների վրա են, և սրա բոլոր քայլերը տեսնում է։

22. Ո՛չ խավար կա, ո՛չ էլ թանձր ստվեր, որ այնտեղ անօրենները թաքնվեն։

23. Որովհետև Աստված ժամանակ չի սահմանել, որ որևէ մեկն իր առջև ներկայանա դատաստանի համար։

24. Նա մեծամեծներին առանց քննության փշրում է և նրանց տեղը ուրիշների դնում։

25. Այսպես նրանց գործերին տեղյակ է և նրանց տապալում է գիշերը, ու նրանք ճզմվում են։

26. Քանի որ ամբարիշտ են, մարդկանց աչքի առաջ նրանց պատժում է.

27. Նրա համար, որ իրեն հետևելուց հեռացել են և իր բոլոր ճանապարհները աննկատ են թողել։

28. Այնպես որ պատճառ դարձան, որ աղքատի աղաղակը նրան հասավ, ու ինքը զրկյալների աղաղակը լսեց։

29. Եթե նա լուռ մնա, ո՞վ կարող է նրան դատապարտել։ Եթե նա երեսը ծածկի, ո՞վ կարող է նրան տեսնել։ Մի ազգի համար թե մի մարդու՝ մեկ է.

30. Որպեսզի անաստվածը չթագավորի, և ժողովրդի համար որոգայթ չլինի։

31. Որովհետև Աստծուն պետք է ասել. “Ես պատիժ կրեցի, այլևս չարիք չեմ գործի։

32. Այն, ինչ չեմ տեսնում, ինձ սովորեցրո՛ւ. եթե ամբարշտություն եմ գործել, էլ չեմ անի”։

33. Մի՞թե քո ուզածի պես է հատուցելու, որ դու հակառակվում ես։ Ուրեմն դո՛ւ պետք է ընտրես, ոչ թե ես։ Ինչ որ գիտես, ասա՛։

34. Իմաստուններն ինձ կասեն, նույնպես և գիտուն մարդը, որ ինձ լսում է.

35. “Հոբը գիտենալով չի խոսել, ու նրա խոսքերն իմաստությամբ չեն”։

36. Երանի՜ թե Հոբն անօրեն մարդկանց պես տված պատասխանների համար իսպառ փորձության ենթարկվեր։

37. Որովհետև մեղքի վրա ապստամբություն ավելացրեց. մեր մեջ ծափ է տալիս և Աստծու դեմ իր խոսքերը շատացնում»։

ՀՈԲ 35

1. Եղիուսը պատասխանեց.

2. «Սա դու իրավո՞ւնք ես համարում, որ ասում ես՝ “Ես Աստծու առաջ արդար եմ”։

3. Որովհետև ասացիր. “Քեզ ի՞նչ օգուտ ունի, և սրանից ավելի ի՞նչ շահ կա, քան մեղանչելուց”։

4. Ես քեզ կպատասխանեմ, քո ընկերներին էլ՝ քեզ հետ.

5. Երկնքի՛ն նայիր ու տե՛ս և դիտի՛ր ամպերը, որ քեզանից բարձր են։

6. Եթե դու մեղանչես, նրա դեմ ի՞նչ արած կլինես, և քո անօրենությունները երբ շատանան, նրան ի՞նչ կանես։

7. Կամ եթե արդար լինես, ի՞նչ կտաս նրան, կամ նա քո ձեռքից ի՞նչ կստանա։

8. Քեզ նման մարդուն քո ամբարշտությունը կվնասի, և մարդու զավակին՝ քո արդարությունը։

9. Հարստահարությունների շատությունից կաղաղակեն, հզորների բազուկից կբողոքեն։

10. Բայց մեկը չի ասում. “Ինձ ստեղծող Աստված որտե՞ղ է, նա, որ գիշերը երգեր է տալիս.

11. Նա մեզ երկրի անասուններից ավելի գիտուն և երկնքի թռչուններից ավելի իմաստուն է դարձնում։

12. Այնտեղ աղաղակում են, բայց նա չարերի գոռոզության պատճառով չի պատասխանում”։

13. Աստված հիրավի ունայն աղաղակը չի լսի, և Ամենակարողը նրան ուշադրություն չի դարձնի։

14. Թեև դու ասում ես, որ նրան չես տեսնում, սակայն քո դատը նրա առջև է, և դու նրան պիտի սպասես։

15. Եվ այժմ, քանի որ նրա բարկությունը չի պատժել և անօրենությանը մեծ ուշադրություն չի դարձրել,

16. Հոբը դարձյալ զուր տեղն է իր բերանը բաց անում, առանց հասկանալու իր խոսքերը բազմապատկում»։

ՀՈԲ 36

1. Եղիուսը շարունակելով ասաց.

2. «Մի փոքր համբերի՛ր, որ քեզ տեղեկացնեմ, որովհետև Աստծու մասին դեռ էլի խոսք կա։

3. Ես իմ իմացածը հեռվից պիտի բերեմ և իմ Արարչին արդարություն պիտի ընծայեմ։

4. Որովհետև իմ խոսքը սուտ չէ. քեզ մոտ գիտությամբ կատարյալ մեկը կա։

5. Ահա Աստված հզոր է, բայց չի արհամարհի. նա հզոր է իր հասկացողության կարողությամբ։

6. Նա ամբարիշտին չի ապրեցնի և իրավունքը նեղյալներին կտա։

7. Նա իր աչքերն արդարից ետ չի քաշի, այլ թագավորների հետ, նրանց աթոռի վրա էլ կդնի, և նրանք հավիտյան կբարձրանան։

8. Եվ եթե նրանք շղթաներով կապված լինեն ու թշվառության պարաններով բռնվեն,

9. Այն ժամանակ նրանց կհայտնի իրենց արարքները և հանցանքը, որ իրենք իրենց մեծարել էին։

10. Նրանց ականջը խրատին բաց կանի ու կպատվիրի, որ իրենց անօրենությունից ետ կանգնեն։

11. Եթե լսեն ու հնազանդվեն, իրենց օրերը բարով կվերջացնեն, իրենց տարիները՝ ուրախությամբ։

12. Բայց եթե չլսեն, սրի կքաշվեն և առանց գիտության կմեռնեն։

13. Սրտով անաստվածները բարկություն կդիզեն, օգնության աղաղակ չեն բարձրացնի, երբ իրենց կապի։

14. Նրանց անձը երիտասարդ տարիքում կվախճանվի, ու նրանց կյանքը՝ իգացողների հետ։

15. Նա աղքատին կազատի իր թշվառության ժամանակ, բռնությամբ կբացի նրանց ականջը։

16. Քեզ էլ նեղության երախից մի ընդարձակ տեղ կհաներ, որտեղ նեղություն չկա, ու քո սեղանի վրա դրվածը պարարտալից կլիներ։

17. Բայց դու լեցուն ես ամբարիշտների դատաստանով. դատաստանը և իրավունքը բռնելու են քեզ։

18. Զգո՛ւյշ եղիր, բարկությունը քեզ չհրապուրի ծաղրելու. այն ժամանակ մեծ փրկանքը քեզ չի ազատի։

19. Մի՞թե նա քո հարստությունը բանի տեղ կդնի, ո՛չ ոսկին, ո՛չ էլ քո ամբողջ զորությունը։

20. Մի՛ տենչա այն գիշերին, որ ժողովուրդներին կտեղահանի։

21. Զգուշացի՛ր, որ դեպի անօրենություն չդառնաս, որովհետև դու սա նեղություն քաշելուց նախընտրեցիր։

22. Տե՛ս, Աստված իր զորությամբ բարձր է. նրա պես ուսուցանող ո՞վ կա։

23. Նրա համար նրա ճանապարհն ո՞վ որոշեց, և ո՞վ կհամարձակվի ասել. “Անիրավություն արեցիր”։

24. Մի՛տք արա, որ մեծարես նրա գործերը, որ մարդիկ երգերով փառաբանել են։

25. Ամեն մարդ տեսնում է նրա արածները. մարդը հեռվից է դիտում։

26. Ահա Աստված մեծ է, ու մենք չգիտենք. նրա տարիների թիվն անքննելի է։

27. Որովհետև նա ջրի կաթիլները քաշում է և նրա գոլորշուց անձրև է թափում,

28. Որ ամպերն են տեղում, առատորեն մարդկանց վրա կաթեցնում։

29. Ո՞վ կարող է հասկանալ, թե ինչպե՛ս է տարածում ամպերը և կամ ինչպե՛ս է որոտում իր վրանից։

30. Ահա նա իր կայծակի լույսը տարածում է իր շուրջը և ծածկում ծովի խորությունը։

31. Որովհետև ազգերին դրանցով է դատում և առատորեն ուտելիք շնորհում։

32. Նա իր ձեռքերում կայծակն է ծածկում և այն դեպի նշանակետն ուղղում։

33. Փոթորկի մասին նրա շառաչյունն է ազդարարում. անգամ հոտերը գիտեն նրա մոտենալը»։

ՀՈԲ 37

1. «Եվ հենց սրա համար է սիրտս դողում, իր տեղից ցատկում։

2. Հապա լսեցե՛ք նրա որոտման ձայնը ուշադրությամբ ու նրա բերանից ելած շառաչյունը։

3. Ամբողջ երկնքի տակ է այն արձակում և իր լույսը՝ մինչև երկրի ծայրերը։

4. Դրա ետևից մի գոռոց է բարձրանում. նա իր մեծափառության ձայնով որոտում է և չի ուշացնում, երբ ձայնը լսվում է։

5. Աստված իր ձայնով սքանչելի որոտում է, մեծամեծ բաներ անում, բայց մենք չենք կարող իմանալ։

6. Որովհետև նա ձյանն ասում է. “Երկրի վրա՛ իջիր”, նաև ուժեղ անձրևին, իր զորության ուժեղ տարափին։

7. Ամեն մարդու ձեռք կնքում է*, որ իր ստեղծած բոլոր մարդիկ հասկանան։

8. Գազանները որջերն են մտնում, իրենց այրերում բնակվում։

9. Հարավից փոթորիկն է գալիս, իսկ հյուսիսից՝ ցուրտը։

10. Աստծու շնչից սառնամանիքներ են գոյանում, և ընդարձակ ջրերը սառչում են։

11. Նաև ամպերը թացությամբ է լցնում և իր լուսավոր փայլակները նրանց մեջ տարածում։

12. Դրանք շուռ գալով տեղափոխվում են նրա հորդորներով, որ երկրի երեսին նրա ամեն հրաման կատարեն։

13. Նա ամպերը բերում է մարդկանց խրատելու համար, կամ երկիրը ոռոգելու համար, կամ իր շնորհը ցույց տալու համար։

14. Ո՛վ Հոբ, լսի՛ր այս բաները, կանգնի՛ր ու մտածի՛ր Աստծու սքանչելի գործերի մասին։

15. Գիտե՞ս արդյոք, թե Աստված դրանք ինչպե՛ս է կարգավորում և իր ամպի կայծակը փայլեցնում։

16. Գիտե՞ս արդյոք ամպերի հավասարակշռությունը, գիտությամբ կատարյալի սքանչելիքները։

17. Գիտե՞ս, որ հագուստներդ տաքանում են, երբ երկիրը հարավի քամուց հանգստանում է։

18. Նրա հետ միասին կարո՞ղ ես երկինքը տարածել, որ ձուլած հայելու պես ամուր է։

19. Սովորեցրո՛ւ մեզ, թե նրան ի՛նչ ասենք. խավարի պատճառով չենք կարողանում մեր խոսքը դասավորել։

20. Իրեն թող ասեն՝ արդյոք ես ուզո՞ւմ եմ խոսել իր հետ։ Որևէ մեկը երբևիցե փափագե՞լ է կործանվել։

21. Եվ հիմա ոչ մեկը չի կարողանա նայել լույսին, որ փայլում է երկնքի վրա, երբ քամին անցնում է ու մաքրում դրանք։

22. Հյուսիսից ոսկի և պայծառություն է գալիս, Աստծու շուրջը ահեղ փառավորություն կա։

23. Նա Ամենակարող է. նրան չենք կարող գտնել։ Նա մեծ է զորությամբ և իրավունքն ու արդարության շատությունը նա չի ծռի։

24. Դրա համար մարդիկ նրանից վախենում են. նա չի նայի ինքն իր մեջ իմաստուն եղող ոչ մեկի»։

ՀՈԲ 38

1. Այն ժամանակ Տերը փոթորկի միջից պատասխանեց Հոբին և ասաց.

2. «Ո՞վ է դա, որ խորհուրդը նսեմացնում է անիմաստ խոսքերով։

3. Տղամարդու պես մեջքդ գոտևորի՛ր, ու ես քեզ հարցնեմ, և դու ինձ գիտցածդ իմացրո՛ւ։

4. Երբ ես դնում էի երկրի հիմքերը, որտե՞ղ էիր. իմացրո՛ւ ինձ, եթե հասկացողություն ունես։

5. Եթե գիտես, ասա՛՝ ո՞վ դրեց դրա չափերը, կամ թե դրա վրա լարը ո՞վ քաշեց։

6. Դրա հիմքերն ինչի՞ վրա են դրված, կամ դրա անկյունաքարն ո՞վ է դրել,

7. Երբ առավոտյան աստղերը միասին ցնծությամբ երգում էին, ու երբ Աստծու բոլոր որդիները ուրախությամբ աղաղակում էին։

8. Ծովը դռներով ո՞վ կապեց, երբ սա հորդահոսելով արգանդից դուրս եկավ։

9. Երբ ես ամպը նրա համար հագուստ դրեցի և մեգը՝ խանձարուր,

10. Իմ սահմանը նրա համար հաստատեցի և փականք ու դռներ դրեցի

11. Եվ ասացի. “Մինչև այստեղ գաս և էլ չանցնես. այստեղ քո փառահեղ ալիքները դադար կառնեն”։

12. Քո օրերում երբևէ մի առավոտի հրամայե՞լ ես, արշալույսին իր տեղը ցույց տվե՞լ ես,

13. Որ երկրի ծայրերը բռնի, և ամբարիշտները նրանից թոթափվեն։

14. Որ երկիրը ձև առնի, ինչպես կնիքի կավը, և ներկայանա որպես հանդերձով զարդարված.

15. Ամբարիշտներից իրենց լույսը վերցվի, ու բարձր բազուկը կոտրվի։

16. Արդյոք մինչև ծովի աղբյուրները գնացե՞լ ես և անդունդի խորքում ման եկե՞լ ես։

17. Արդյոք քո առաջ մահվան դռները բացվե՞լ են, ու մահվան ստվերում դռները տեսե՞լ ես։

18. Արդյոք երկրի լայնություններն ըմբռնե՞լ ես. ասա՛, եթե ամեն բան գիտես։

19. Ո՞րն է այն տեղի ճանապարհը, որտեղ լույսն է բնակվում, և ո՞րն է խավարի տեղը,

20. Որ դու այն իր սահմանը տանես և նրա տան շավիղները իմանաս։

21. Դու գիտես, որովհետև այն ժամանակ ծնվեցիր, և քո օրերի թիվը մեծ է։

22. Արդյոք ձյան շտեմարանները գնացե՞լ ես և կարկուտի շտեմարանները տեսե՞լ ես,

23. Որ ես նեղության ժամանակի համար եմ պահել, կռվի և պատերազմի օրվա համար։

24. Այն ո՞ր ճանապարհն է, որով փայլակը բաժանվում է, երկրի վրա տարածվում է արևելյան քամին։

25. Ո՞վ է հեղեղների համար անցք բաց անում ու ճանապարհ՝ որոտումների փայլակի համար,

26. Որ անմարդաբնակ երկրի վրա անձրև գա, անապատում, որտեղ մարդ չկա,

27. Որ ամայի և ամայացված վայրերը կշտացնի և որ դալար խոտ բուսցնի։

28. Անձրևը հայր ունի՞ արդյոք, կամ ո՞վ է ցողի կաթիլները ծնողը։

29. Ո՞ւմ արգանդից է սառույցը դուրս գալիս, ու երկնքի եղյամը ծնողն ո՞վ է։

30. Ջրերը քարի պես պնդանում են, և անդունդի երեսը սառչում է։

31. Կարո՞ղ ես Բազմաստեղի կապերը կապել կամ Հայկի կապերը բաց անել։

32. Համաստեղություններն իրենց ժամանակին կհանե՞ս և Արջն իր զավակների հետ կառաջնորդե՞ս։

33. Երկնքի կանոնները գիտե՞ս կամ երկրի վրա նրա իշխանությունը կարո՞ղ ես հաստատել։

34. Ձայնդ մինչև ամպերը կարո՞ղ ես բարձրացնել, որ մի ջրհեղեղ քեզ ծածկի,

35. Կայծակներ ուղարկել, որ գնան ու քեզ ասեն. “Ահա այստեղ ենք”։

36. Մարդու ներսում ո՞վ իմաստություն դրեց, կամ սրտին ո՞վ խելք տվեց։

37. Ամպերն ո՞վ է իմաստությամբ հաշվում, և երկնքի տիկերն ո՞վ է պառկեցնում,

38. Երբ փոշին անձրևից զանգված է դառնում, ու հողի կոշտերն իրար են կպչում։

39. Կարո՞ղ ես առյուծի համար որս որսալ և կորյունների ախորժակը հագեցնել,

40. Երբ դրանք այրերում կուչ են գալիս և թավուտներում դարան նստում։

41. Ագռավի համար նրա որսն ո՞վ է պատրաստում, երբ նրա ձագերն առ Աստված են աղաղակում և կերի պակասի պատճառով թափառում»։

ՀՈԲ 39

1. «Գիտե՞ս ժայռի այծյամների ծնելու ժամանակը, եղնիկների ծնելը դիտե՞լ ես։

2. Նրանց լրացրած ամիսները հաշվե՞լ ես և նրանց ծնելու ժամանակը գիտե՞ս,

3. Որ ծռվում, ծնում են իրենց ձագերին և թողնում են իրենց ցավերը։

4. Նրանց ձագերը զորանում են և մեծանում դաշտում, դուրս են գնում ու նրանց մոտ ետ չեն դառնում։

5. Ցիռն ո՞վ է ազատ բաց թողել, և վայրի էշի կապերն ո՞վ է արձակել,

6. Որի տունն անապատն արեցի և աղադաշտը՝ նրա բնակարանները.

7. Որը ծիծաղում է քաղաքի աղմուկի վրա, քշողի աղաղակը չի լսում.

8. Սարերում որպես իր արոտում է ման գալիս և ամեն տեսակ խոտեր է փնտրում։

9. Միեղջերուն կուզի՞ քեզ ծառայել կամ քո մսուրի մոտ կգիշերի՞։

10. Կարո՞ղ ես միեղջերուին ակոսում պարանով կապել, կամ քո ետևից խորդուբորդերը կտափանի՞։

11. Նրա համար, որ ուժը շատ է, նրան կվստահե՞ս ու գործդ նրան կհանձնե՞ս։

12. Կհավատա՞ս նրան, որ քո ցանածը կբերի ու քո կալը կհավաքի։

13. Ջայլամի թևն ուրախ-ուրախ շարժվում է. այդ մի՞թե կհամեմատվի արագիլի թևերի ու փետուրների հետ։

14. Նա իր ձվերը գետնին է թողնում, հողի վրա դրանք տաքացնում.

15. Մոռանում է, որ մի ոտք դրանք կկոտրի, և դաշտի գազանները դրանք ոտնակոխ կանեն։

16. Նա իր ձագերի հանդեպ անգութ է, ասես իր ձագերը չեն. իր աշխատանքի զուր լինելու վախը չունի։

17. Որովհետև Աստված նրան հասկացողությունից զրկել է և գիտությունից նրան բաժին չի տվել։

18. Իսկ երբ թևերը բացի, ձիու և ձիավորի վրա ծիծաղում է։

19. Ձիուն դո՞ւ ես ուժ տվել, նրա պարանոցին բաշը հագցրել։

20. Դո՞ւ ես նրան մորեխի նման թռչել տալիս։ Նրա փառավոր վրնջյունը երկյուղալի է։

21. Հովտում սմբակով քանդքնդում է, իր ուժով զվարճանում. նա դուրս է գալիս՝ սպառազենը դիմավորելու։

22. Երկյուղի վրա ծիծաղում է ու չի սոսկում և սրի առաջից ետ չի դառնում։

23. Նրա վրա կապարճն է ճարճատում, պսպղուն նիզակն ու գեղարդը։

24. Հողից ցասումով ու կատաղությամբ կուլ է տալիս և չի կարողանում հանդարտ մնալ, երբ շեփորի ձայնն է լսում։

25. Շեփորը հնչեցնելիս ասում է՝ օ՜, ու հեռվից պատերազմի հոտն է առնում, զորավարների որոտալը, նաև դղրդյունը։

26. Բազեն քո՞ հասկացողությամբ է թռչում և իր թռիչքները դեպի հարավ տարածում։

27. Կամ քո՞ հրամանով է արծիվը սլանում և իր բույնը դնում բարձրերում։

28. Նա ժայռի վրա է բնակվում և բույն դնում ժայռի ժանիքի ու ապառաժի վրա։

29. Այնտեղից է նա կերը որոնում. նրա աչքերը հեռվից են տեսնում։

30. Նրա ձագերն էլ արյուն են ծծում, և որտեղ որ դիակներ են լինում, նա այնտեղ է»։

ՀՈԲ 40

1. Տերը, Հոբին պատասխանելով, ասաց.

2. «Ամենակարողի հետ վիճողը պիտի կարողանա՞ նրան մեղադրել. Աստծուն հանդիմանողը թող պատասխանի»։

3. Հոբը պատասխանեց Տիրոջը և ասաց.

4. «Ահա ես նվաստ եմ։ Ի՞նչ պատասխանեմ. ձեռքս բերանիս եմ դնում։

5. Մեկ անգամ խոսել եմ, այլևս չեմ պատասխանի և երկրորդ անգամ չեմ կրկնի»։

6. Տերը փոթորկի միջից պատասխան տվեց Հոբին ու ասաց.

7. «Հիմա քաջազունի պես մեջքդ գոտեպնդի՛ր, որ քեզ հարցնեմ, և դու ինձ իմացնես։

8. Հիրավի պիտի խափանե՞ս իմ դատաստանը, ինձ հանցավո՞ր անես, որպեսզի ինքդ արդարանաս։

9. Կամ թե Աստծու նման բազո՞ւկ ունես ու կարո՞ղ ես քո ձայնով նրա պես որոտալ։

10. Հիմա զարդարվի՛ր փառքով ու մեծությամբ, զգեստավորվի՛ր պատվով և մեծափառությամբ,

11. Թափի՛ր բարկությանդ եռանդը ու նայի՛ր ամեն հպարտի և խոնարհեցրո՛ւ նրան.

12. Նայի՛ր ամեն հպարտի, նվաստացրո՛ւ նրան և ամբարիշտներին ոտնակո՛խ արա իրենց տեղում.

13. Նրանց միասին թաղի՛ր հողի մեջ, նրանց երեսները կապի՛ր ծածկոցով.

14. Այն ժամանակ ես էլ քեզ կգովեմ, որ քո աջ ձեռքը կարող է փրկել քեզ։

15. Ահա Բեհեմովթը*, որին ես քեզ հետ ստեղծեցի, խոտն արջառի պես է ուտում։

16. Ահա նրա ուժն իր մեջքում է, նրա զորությունն իր փորի մկանների մեջ է։

17. Նա իր պոչը շարժում է եղևնու նման. նրա ազդրերի ջղերը հյուսված են։

18. Նրա ոսկորները պղնձյա խողովակներ են. նրա ոսկորները երկաթյա ձողեր են։

19. Նա Աստծու գործերի սկիզբն է. նրա Արարիչը նրան կմոտեցնի իր սուրը։

20. Որովհետև սարերը կերակուր են բերում նրա համար, և դաշտի բոլոր գազանները խաղում են այնտեղ։

21. Նա պառկում է ստվերախիտ ծառերի տակ՝ եղեգների ստվերում և ճահիճներում։

22. Նրան ստվերախիտ ծառերի հովանիներն են ծածկում. նրան հեղեղատների ուռենիներն են շրջապատում։

23. Երբ գետը վարարում է, ահա նա չի վրդովվում. նա ապահով է, եթե Հորդանանն էլ հորդի դեպի նրա բերանը։

24. Որևէ մեկը կարո՞ղ է նրան բռնել, երբ նա բաց աչքերով դիտում է, կամ նրան որոգայթի մեջ բռնելով՝ նրա քիթը ծակել»։

ՀՈԲ 41

1. «Կարո՞ղ ես լևիաթանին կարթով քաշել ու նրա լեզուն պարանով վար ձգել։

2. Կարո՞ղ ես նրա քթին պարան անցկացնել ու նրա ծնոտը կարթով ծակել։

3. Մի՞թե նա քեզ շատ կաղաչի կամ փափուկ խոսքեր կխոսի՞ քեզ հետ։

4. Մի՞թե նա քեզ հետ դաշինք կդնի. նրան կարո՞ղ ես հավիտենական ծառա անել։

5. Մի՞թե կարող ես նրա հետ, ինչպես թռչնիկի հետ, խաղալ ու նրան քո աղախինների համար կապել։

6. Առևտրական ընկերակիցները կարո՞ղ են նրանով առևտուր անել, նրան վաճառականների մեջ բաժանել։

7. Նրա մորթին կարո՞ղ ես սլաքներով լցնել, նրա գլուխը՝ ձկնորսի տեգերով։

8. Ձեռքդ վրա՛ն դիր և պատերա՛զմ հիշիր. կրկին չես անի։

9. Նրան նվաճելու հույսը դատարկ է մնում. արդեն միայն նրա տեսքը բավական է զարհուրեցնելու համար։

10. Մի այնպիսի հանդուգնը չկա, որ նրան գրգռի. ուրեմն ո՞վ է նա, որ իմ առջև կանգնի։

11. Առաջ ո՞վ է ինձ մի բան տվել, որ ես նրան վճարեմ. երկնքի տակ ամբողջ եղածն իմն է։

12. Ես նրա անդամների մասին չեմ լռի, նաև նրա զորության ու գեղեցիկ կարգավորության մասին։

13. Ո՞վ կարող է նրա զգեստի երեսը բաց անել. նրա զույգ կզակների մեջ ո՞վ կմտնի։

14. Նրա երեսի դռներն ո՞վ կարող է բաց անել. նրա ատամների շուրջը երկյուղ կա։

15. Նրա վահանների ամրությունն իր խրոխտությունն է. կպած են, պինդ կնքված.

16. Մեկը մյուսին այնպես է կպած, որ նրանց միջով քամի էլ չի անցնի։

17. Իրար կցված են, իրար բռնել են, իրարից հնարավոր չէ բաժանել։

18. Նրա փռշտոցից լույս է փայլում. նրա աչքերն արշալույսի կոպերի նման են։

19. Նրա երախից ջահեր են դուրս գալիս, կրակի կայծեր թռչկոտում։

20. Քթանցքերից ծուխ է դուրս գալիս, ինչպես եռացող պղնձե կաթսայից, որ վառվող ցախի վրա է։

21. Նրա շունչը կայծերն է վառում, և բոց է քլքլում նրա բերանից։

22. Նրա պարանոցում ուժ է բնակվում, ու նրա առաջից երկյուղը փախչում է*։

23. Նրա մսի ծալքերը իրար լավ կպած են. նրանք հաստատ են և անշարժ։

24. Սիրտը քարի նման ձուլված է, կարծես տակի ջրաղացքարի պես պինդ է։

25. Նրա վեր կենալու ժամանակ զորավորները դողում են, թնդյունի պատճառով շփոթվում։

26. Նրան հասնող սուրը չի դիմանա, նիզակը, գեղարդը, զրահն էլ։

27. Երկաթը նա հարդ է համարում, պղինձը՝ փտած փայտ։

28. Աղեղի նետերը նրան չեն փախցնի. պարսաքարերը նրա համար մղեղ են դառնում։

29. Մահակները շյուղից է համարում իր համար, տեգի ճոճվելու վրա ծիծաղում է։

30. Նրա տակ սրածայր խեցիներ կան. կամնասայլի հետք է թողնում ցեխի վրա իր հետևից։

31. Անդունդը կաթսայի պես եռացնում է և ծովը իր հետևից սպեղանու եռացող կաթսայի է վերածում։

32. Ճանապարհը ետևից փայլող հետք է թողնում. անդունդն սպիտակած մազի պես է երևում։

33. Նրա նմանը երկրի վրա չկա. նա աներկյուղ է ստեղծվել։

34. Նա արհամարհանքով է նայում բոլոր հպարտացածներին. նա հպարտության բոլոր որդիների թագավորն է»։

ՀՈԲ 42

1. Հոբը պատասխանեց Տիրոջն ու ասաց.

2. «Գիտեմ, որ ամեն բան կարող ես անել, ու քո մտադրությունը չի կարելի շեղել։

3. Ինքն ո՞վ է, որ խորհուրդն անգիտությամբ պահի։ Իրոք, խոսել եմ, բայց չեմ հասկացել. ինձ համար սքանչելի են եղել, ու ես չեմ իմացել։

4. Խնդրում եմ, լսի՛ր, և ես պիտի խոսեմ։ Քեզ հարցնում եմ, և դու պատասխան պիտի տաս ինձ։

5. Ես քո մասին ականջով լսել էի, բայց հիմա աչքս տեսնում է քեզ։

6. Դրա համար իմ անձն արհամարհում եմ և հողի ու մոխրի վրա զղջում»։

7. Հոբին այս խոսքերն ասելուց հետո Տերը Եղիփազ Թեմանացուն ասաց. «Իմ բարկությունը բորբոքվել է քեզ վրա և քո երկու ընկերների վրա, որովհետև իմ մասին իմ ծառա Հոբի նման ուղիղ չխոսեցիք։

8. Ուրեմն հիմա ձեզ համար յոթ զվարակ ու յոթ խո՛յ առեք, իմ ծառա Հոբի մո՛տ գնացեք և ձեզ համար ողջակե՛զ մատուցեք, ու իմ ծառա Հոբը թող ձեզ համար աղոթի, որովհետև իր աղոթքն եմ ընդունում, որպեսզի ձեզ ձեր անմտության համեմատ չհատուցվի, որովհետև իմ մասին իմ ծառա Հոբի նման ուղիղ չխոսեցիք»։

9. Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին, Բաղդատ Սոքեցին ու Սոփար Նաամացին գնացին և արեցին, ինչպես որ Տերն ասել էր իրենց։ Եվ Տերը Հոբի աղոթքն* ընդունեց։

10. Տերը Հոբի հարստությունը վերականգնեց, երբ նա իր ընկերների համար աղոթեց։ Տերը նաև Հոբի ամբողջ ունեցվածքը կրկնապատիկ ավելացրեց։

11. Այն ժամանակ նրա բոլոր եղբայրներն ու քույրերը, նրա բոլոր ծանոթները նրա մոտ եկան և նրա տանը հետը հաց կերան։ Նրան ցավակցելով մխիթարում էին այն բոլոր փորձությունների համար, որ Տերը բերել էր նրա վրա։ Յուրաքանչյուրը նրան մի արծաթ և մի ոսկի օղ տվեց։

12. Տերը Հոբի վերջը նրա սկզբից ավելի օրհնեց։ Սա տասնչորս հազար ոչխար, վեց հազար ուղտ, հազար լուծ եզ ու հազար մատակ էշ ունեցավ։

13. Նա յոթ որդիներ ու երեք աղջիկներ ունեցավ։

14. Մի աղջկա անունը Եմիմա, երկրորդի անունը Կասիա և երրորդի անունը Կերեն-Հափուք դրեց։

15. Այն երկրում Հոբի աղջիկների պես գեղեցիկ կանայք չէին գտնվի։ Նրանց հայրը նրանց իրենց եղբայրների հետ ժառանգություն տվեց։

16. Հոբը դրանից հետո հարյուր քառասուն տարի ապրեց և տեսավ իր որդիներին, որդոց որդիներին. չորս սերունդ։

17. Եվ Հոբը մեռավ ծերացած ու օրերից կշտացած։