Ա
Ս
Տ
Ծ
Ո

Ժ
Ո
Ղ
Ո
Վ
Ո
Ւ
Ր
Դ
.
.
.

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

Աստվածաշունչ (online)

Ընտրել Գիրքը...

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրել Գլուխը...

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

ԱՌԱԿՆԵՐ 1

1. Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնի առակները.

2. Իմաստություն և խրատ* գիտենալու և հանճարի* խոսքերը ըմբռնելու համար,

3. Ուշիմության խրատը՝ արդարություն, իրավունք և ուղղամտություն ընդունելու համար.

4. Միամիտներին խորագիտություն տալու համար, երիտասարդին՝ գիտություն և խելամտություն։

5. Իմաստունը թող լսի և ավելացնի հմտությունը, իսկ ողջամիտը առաջնորդություն ստանա,

6. Որպեսզի հասկանա առակ և այլաբանություն, իմաստունների խոսքերն ու խրթնաբանությունները։Խրատ երիտասարդներին

7. Իմաստության* սկիզբը Տիրոջ երկյուղն է. հիմարները անարգում են իմաստությունն ու խրատը։

8. Որդյա՛կ իմ, լսի՛ր քո հոր խրատը և մի՛ մերժիր մորդ ուսուցումը,

9. Որովհետև դրանք շնորհքի պսակ են քո գլխին և մանյակներ՝ քո պարանոցին։

10. Որդյա՛կ իմ, եթե քեզ հրապուրեն մեղավորները, դու հավանություն չտաս։

11. Եթե ասեն. «Մեզ հետ ե՛կ, արյան համար դարանամուտ լինենք, զուր տեղը թաքնվենք անմեղ մարդու դեմ.

12. Դժոխքի պես նրանց ողջ-ողջ կուլ տանք և ամբողջովին՝ գերեզման իջնողների պես.

13. Ամեն տեսակ թանկարժեք ունեցվածք գտնենք, մեր տներն ավարով լցնենք։

14. Մեզ միացի՛ր*, մեր բոլորի քսակը թող մեկը լինի»,

15. Որդյա՛կ իմ, նրանց հետ ճանապարհ մի՛ գնա, ոտքդ ե՛տ պահիր նրանց ուղիներից,

16. Որովհետև նրանց ոտքերը չարության են վազում և շտապում են արյուն թափելու։

17. Որովհետև իզուր է բոլոր թևավորների աչքի առաջ ցանց գցելը։

18. Բայց նրանք դարանամուտ են լինում իրենց իսկ արյանը, դարանակալում են իրենց անձերի դեմ։

19. Այսպիսին են ագահությամբ վաստակողների շավիղները. ագահությունը հափշտակում է իր տիրոջ հոգին։Իմաստության կանչը

20. Իմաստությունը ճանապարհներին աղաղակում է, հրապարակներում ձայն տալիս.

21. Նա կանչում է աղմկալից փողոցների գլխին, քաղաքի դարպասների մուտքերում, խոսում իր խոսքերը։

22. Ո՛վ միամիտներ, մինչև ե՞րբ պիտի միամտություն սիրեք, և ծաղր անելը մինչև ե՞րբ հաճելի պիտի լինի ծաղր անողներին, իսկ անմիտներն ատեն գիտությունը.

23. Ուշադի՛ր եղեք իմ հանդիմանությանը. ահա ես իմ հոգին ձեզ վրա կթափեմ և իմ խոսքերը կհասկացնեմ ձեզ։

24. Որովհետև ես կանչեցի, իսկ դուք մերժեցիք, ձեռքս մեկնեցի, բայց ուշադրություն դարձնող չկար,

25. Դուք չընդունեցիք իմ բոլոր խորհուրդները և անտեսեցիք իմ հանդիմանությունը,

26. Ես էլ կծիծաղեմ ձեր թշվառության վրա և կծաղրեմ, երբ ձեր սարսափը գա։

27. Երբ որ փոթորիկի պես կգա ձեր սարսափը, և մրրիկի նման կհասնի ձեր թշվառությունը, երբ որ ձեզ վրա նեղություն և տառապանք կգա,

28. Այն ժամանակ կկանչեն ինձ, բայց ես չեմ պատասխանի, կփնտրեն ինձ, բայց չեն գտնի։

29. Որովհետև ատեցին գիտությունը և Տիրոջ երկյուղը չընտրեցին։

30. Իմ խորհուրդը չընդունեցին, իմ բոլոր հադիմանություններն անտեսեցին։

31. Ուրեմն նրանք իրենց ճանապարհի պտղից պիտի ուտեն և իրենց խորհուրդներով կշտանան։

32. Որովհետև միամիտների խոտորումը նրանց պիտի սպանի, և անմիտների անհոգությունը պիտի կործանի նրանց։

33. Սակայն ինձ լսողը ապահով կապրի և հանգիստ կլինի չարիքի սարսափից։*.Խրատ. Առակներ գրքում ունի նաև դաստիարակելու, սաստելու իմաստային նրբերանգ։

ԱՌԱԿՆԵՐ 2

1. Որդյա՛կ իմ, եթե ընդունես իմ խոսքերը և ամուր պահես իմ պատվիրանները,

2. Ականջ դնես իմաստությանը և սիրտդ խոհեմությանն ուղղես,

3. Երբ իմացությանը* կանչես և ձայն տաս խոհեմությանը,

4. Եթե դու այն որոնես արծաթի պես և գանձերի նման փնտրես,

5. Այն ժամանակ էլ կհասկանաս Տիրոջ երկյուղը և կգտնես Աստծու գիտությունը։

6. Որովհետև Տերն է տալիս իմաստությունը, նրա բերանից են գիտությունն ու խոհեմությունը։

7. Նա ուղղամիտների համար հաջողություն է վերապահում, վահան՝ պարկեշտությամբ ընթացողների համար,

8. Որպեսզի պահպանի արդարության շավիղները. նա է պահում հավատավորների ճանապարհը։

9. Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը, ուղղամտությունն ու ամեն բարի ուղին։

10. Որովհետև իմաստությունը քո սիրտը կմտնի, և գիտությունն ախորժելի կլինի քո հոգուն։

11. Խելամտությունը կպահի քեզ, խոհեմությունը կպաշտպանի քեզ,

12. Որպեսզի քեզ ազատի չար մարդու ճանապարհից և նենգություններ խոսող մարդուց,

13. Նրանցից, որոնք թողնում են ուղղամտության շավիղները, որպեսզի խավարի ճանապարհներով գնան,

14. Որոնք ուրախանում են չարություն անելով և հրճվում են չարերի նենգությամբ։

15. Ծուռ են նրանց շավիղները, և նրանք խոտորում են իրենց ուղիների մեջ,

16. Որպեսզի քեզ ազատի շնացող կնոջից, ցոփ կնոջից, որը հրապուրիչ խոսքեր է ասում.

17. Նա, որ լքել է իր երիտասարդության կողակցին և մոռացել իր Աստծու ուխտը։

18. Որովհետև նրա տունը դեպի մահ է տանում, իսկ նրա ուղիները՝ դեպի ուրվականները։

19. Նրա մոտ գնացողներն այլևս ետ չեն դառնալու և կյանքի շավիղներին չեն հասնելու։

20. Ուստի դու բարիների ճանապարհով պիտի գնաս և արդարների շավիղները պահես,

21. Որովհետև ուղղամիտները երկրի վրա կբնակվեն, և պարկեշտները կմնան նրա մեջ։

22. Իսկ անիրավները կբնաջնջվեն երկրից, և անհավատներն արմատախիլ կլինեն նրանից։

ԱՌԱԿՆԵՐ 3

1. Որդյա՛կ իմ, մի՛ մոռացիր իմ ուսուցումը, և քո սիրտը թող պահի իմ պատվիրանները,

2. Որովհետև նրանք երկար օրեր, կենդանության տարիներ և բարգավաճում կավելացնեն քեզ համար։

3. Ողորմածությունն ու հավատարմությունը քեզ չեն լքի. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի տախտակի վրա։

4. Այսպես դու հավանություն և բարի համարում կգտնես Աստծու և մարդկանց առաջ։

5. Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։

6. Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, և նա կուղղի քո ճանապարհները։

7. Դու քո աչքի առաջ իմաստուն մի՛ եղիր, վախեցի՛ր Տիրոջից և վանի՛ր չարը։

8. Սա քո մարմնին առողջություն և քո ոսկորներին պարարտություն պիտի լինի։

9. Տիրոջը պատվի՛ր քո ունեցվածքից և քո բոլոր բերքերի երախայրիքից։

10. Այն ժամանակ քո շտեմարաններն առատությամբ կլցվեն, և քո հնձաններից նոր գինին կհորդի։

11. Որդյա՛կ իմ, մի՛ անարգիր Տիրոջ խրատը և նրա հանդիմանությունից մի՛ դառնացիր։

12. Որովհետև Տերը հանդիմանում է, ում որ սիրում է, մի հոր նման, որ սիրում է իր որդուն։

13. Երանի այն մարդուն, որ իմաստություն է գտել և այն մարդուն, որ հանճար է ստանում։

14. Որովհետև նրա շահը արծաթի շահից և նրա շահույթը մաքուր ոսկուց լավ է։

15. Նա գոհարներից պատվական է, և քո ցանկալի բոլոր բաները նրա հետ չեն համեմատվի։

16. Նրա աջ ձեռքին օրերի երկարություն է, նրա ձախ ձեռքին՝ հարստություն ու փառք։

17. Նրա ճանապարհները հաճելի ճանապարհներ են, և նրա բոլոր շավիղները՝ խաղաղություն։

18. Նա իրեն կառչողների համար կենաց ծառ է և իրեն պինդ բռնողին երանելի կդարձնի։

19. Տերն իմաստությամբ հիմնադրեց երկիրը, հանճարով* հաստատեց երկինքը։

20. Նրա գիտությամբ անդունդները պատռվեցին, և ամպերը ցող մաղեցին։

21. Որդյա՛կ իմ, սրանք մի՛ թող քո աչքի առաջից, պի՛նդ պահիր ողջամտությունն ու խելամտությունը։

22. Եվ նրանք կյանք կլինեն քո հոգու համար և զարդ*՝ քո պարանոցի համար։

23. Այն ժամանակ ապահով կգնաս քո ճանապարհով, և ոտքդ չի սայթաքի։

24. Եթե պառկես, չես սարսափի. կպառկես, և քունդ քաղցր կլինի։

25. Հանկարծահաս վախից չես սարսափի, ոչ էլ անիրավների կործանումից, երբ որ գա։

26. Որովհետև Տերը կլինի քո վստահությունը, և նա կպահի քո ոտքը, որպեսզի չբռնվի։

27. Մի՛ զլացիր բարություն անելու նրան, ով արժանի է, եթե ձեռքումդ այդ զորությունը կա։

28. Քո հարևանին մի՛ ասա. «Գնա՛ ու նորի՛ց արի, և վաղը այն կտամ», երբ քեզ մոտ այն հիմա կա։

29. Քո հարևանի դեմ չարիք մի՛ նյութիր, երբ նա վստահությամբ քո կողքին է ապրում։

30. Մարդու հետ զուր տեղը մի՛ վիճիր, եթե նա քեզ չարություն չի արել։

31. Բռնավոր մարդուն մի՛ նախանձիր և նրա ճանապարհներից ոչ մեկը մի՛ ընտրիր,

32. Որովհետև խարդախ մարդը զզվելի է Տիրոջը, բայց նրա մտերմությունն ուղղամիտների հետ է։

33. Անիրավի տան վրա Տիրոջ անեծքը կա, բայց արդարների բնակարանը նա օրհնում է։

34. Նա ծաղր անողներին իսկապես ծաղրում է, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։

35. Իմաստունները փառք պիտի ժառանգեն, իսկ անմիտները պիտի անարգվեն։

ԱՌԱԿՆԵՐ 4

1. Որդինե՛ր, հոր խրա՛տը լսեցեք և ակա՛նջ դրեք, որպեսզի ճանաչեք ըմբռնողությունը,

2. Որովհետև ես ձեզ բարի ուսմունք եմ տալիս. իմ ուսուցումը մի՛ լքեք.

3. Երբ ես իմ հոր որդին էի, փափուկ և սիրելի միամորիկ,

4. Նա ինձ սովորեցնում և ասում էր. «Թող քո սիրտը փարվի իմ խոսքերին, պահի՛ր իմ պատվերները և կապրես։

5. Իմաստությո՛ւն ստացիր, ըմբռնողությո՛ւն ստացիր. մի՛ մոռացիր և մի՛ շեղվիր իմ բերանի խոսքերից։

6. Նրան մի՛ լքիր, և նա կպահի քեզ. սիրի՛ր նրան, և նա կպաշտպանի քեզ։

7. Գերագույնը իմաստությունն է. իմաստությո՛ւն ստացիր, և քո ամբողջ ունեցվածքի գնով ըմբռնողությո՛ւն ձեռք բեր։

8. Դու մեծարի՛ր իմաստությունը, և նա քեզ կբարձրացնի. նա քեզ կպատվի, երբ որ գրկես նրան։

9. Նա քո գլխի համար շնորհազարդ թագ կտա քեզ և փառքի պսակ կպարգևի քեզ»։

10. Լսի՛ր, որդյա՛կս, և ընդունի՛ր իմ խոսքերը, և քո կյանքի տարիները շատ կավելանան։

11. Իմաստության ճանապարհը քեզ սովորեցրի և քեզ առաջնորդեցի ուղղամտության ուղիների մեջ։

12. Գնալիս քո քայլերը արգելքի չպիտի հանդիպեն, և վազելիս չպիտի սայթաքես։

13. Պինդ բռնի՛ր խրատը, մի՛ թող. պահի՛ր այն, որովհետև նա քո կյանքն է։

14. Անիրավների ճամփան մի՛ մտիր և մի՛ քայլիր չարերի ճանապարհին։

15. Խուսափի՛ր նրանից, նրա վրայով մի՛ գնա, նրանից շեղվի՛ր ու գնա՛։

16. Որովհետև նրանք չեն քնի, մինչև որ չարություն չանեն, և քնից կզրկվեն, եթե մեկին չսայթաքեցնեն։

17. Որովհետև նրանք անիրավության հացն են ուտում և բռնության գինին են խմում։

18. Բայց արդարների ճանապարհը ծագող լույսի պես է. այն գնալով լուսավորվում է, մինչև որ կատարյալ օր է դառնում։

19. Անիրավների ճանապարհը խավարի նման է. նրանք չգիտեն, թե ինչո՛վ են գայթակղվում։

20. Որդյա՛կ իմ, ուշադի՛ր եղիր իմ խոսքերին և ակա՛նջ դիր իմ ասածներին։

21. Թող նրանք չհեռանան քո աչքերի առջևից, դրանք քո սրտի մե՛ջ պահիր,

22. Որովհետև նրանք կյանք են դրանք գտնողների համար և բժշկություն՝ նրանց ամբողջ մարմնին։

23. Ամենից ավելի քո սի՛րտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը։

24. Քեզանից վանի՛ր խաբող բերանը, և նենգավոր շրթունքները հեռացրո՛ւ քեզանից։

25. Քո աչքերը թող առաջ նայեն, և քո հայացքը թող ուղիղ լինի։

26. Հարթի՛ր քո ոտքերի ուղին, և քո բոլոր ճանապարհները կհաստատվեն։

27. Աջ և ձախ մի՛ խոտորիր, ոտքդ հեռացրո՛ւ չարից։

ԱՌԱԿՆԵՐ 5

1. Որդյա՛կ իմ, իմ իմաստությանը ակա՛նջ դիր և լսի՛ր իմ խոհեմությունը,

2. Որպեսզի խելամտություն ունենաս, և քո շրթունքները գիտություն պահեն։

3. Որովհետև շնացող կնոջ շրթունքները մեղր են կաթեցնում, նրա քիմքն էլ յուղից փափուկ է։

4. Սակայն նրա վախճանն օշինդրի պես դառն է և երկսայրի սրի պես սուր է։

5. Նրա ոտքերը դեպի մահ են տանում, դժոխքին են հասնում նրա քայլերը։

6. Նա կյանքի շավիղով բնավ չի գնա, նրա ուղիները խոտոր են, և նա չգիտի։

7. Եվ հիմա, որդինե՛ր, ի՛նձ լսեցեք և իմ բերանի խոսքերից մի՛ հեռացեք։

8. Նրանից հեռո՛ւ պահիր քո ճանապարհը և չմոտենաս նրա տան դռանը։

9. Որպեսզի քո զորությունն ուրիշներին չտաս և քո տարիները՝ անգութ մարդուն։

10. Որպեսզի օտարները չկշտանան քո ունեցվածքով, և քո տքնության արդյունքը ուրիշի տան մեջ չլինի,

11. Եվ դու կյանքի վերջում հառաչես, երբ որ կսպառվեն միսդ ու մարմինդ,

12. Եվ ասես. «Ես ինչպե՜ս ատեցի խրատը, և սիրտս արհամարհեց հանդիմանությունը։

13. Եվ չլսեցի իմ ուսուցիչների ձայնը և ականջ չդրեցի ինձ դաստիարակողին։

14. Քիչ էր մնում ժողովքի և ժողովրդի մեջ ամբողջովին կործանվեի»։

15. Դու քո ջրամբարի՛ց ջուր խմիր և քո ջրհորի միջից հոսող ջրից։

16. Մի՞թե քո աղբյուրները պիտի տարածվեն փողոցում, ջրերի վտակները՝ հրապարակներում։

17. Դրանք միայն քոնը թող լինեն և ոչ թե օտարներինը և քոնը.

18. Քո աղբյուրը թող օրհնյալ լինի, և ուրախացի՛ր քո երիտասարդության կնոջ հետ։

19. Նա քեզ համար սիրելի եղնիկի և շնորհալի այծյամի պես թող լինի, նրա ստինքներն ամեն ժամանակ թող հագեցնեն քեզ, նրա սիրով միշտ զմայլվես։

20. Եվ ինչի՞ համար, որդյա՛կս, օտար կնոջ սիրով զմայլվես և անառակ կնոջ կուրծքը գրկես։

21. Որովհետև Տիրոջ աչքի առաջ են մարդու ճանապարհները, և նա քննում է նրա բոլոր ուղիները։

22. Անիրավին իր անօրենությունները պիտի թակարդեն, և նա իր մեղքի չվաններով պիտի բռնվի։

23. Նա խրատի պակասից պիտի մեռնի և իր հիմարության շատությունից պիտի մոլորվի։

ԱՌԱԿՆԵՐ 6

1. Որդյա՛կ իմ, եթե դու երաշխավոր եղար քո ընկերոջ համար կամ ձեռքդ օտարի համար գրավական տվեցիր,

2. Դու քո բերանի խոսքերի որոգայթի մեջ բռնվեցիր, քո բերանի ասածներով՝ ծուղակի մեջ,

3. Ապա այսպե՛ս արա, որդյա՛կս, և ազատի՛ր քեզ, որովհետև քո ընկերոջ ձեռքն ընկար. գնա՛, խոնարհվի՛ր և թախանձի՛ր քո ընկերոջը։

4. Աչքերիդ քուն մի՛ տուր և նինջ՝ քո կոպերին։

5. Ազատի՛ր քեզ, ինչպես այծյամը՝ որսորդի ձեռքից, կամ թռչունը՝ թռչնորսի։

6. Մրջյունի մո՛տ գնա, ո՛վ ծույլ, նրա ճանապարհները տե՛ս և իմաստո՛ւն եղիր.

7. Նա ղեկավար, զորական կամ կառավարող չունի,

8. Բայց իր հացը պատրաստում է ամռանը, իր ուտելիքը հնձի ժամանակ է հավաքում։

9. Մինչև ե՞րբ ես պառկելու, ո՛վ ծույլ, քնիցդ ե՞րբ ես զարթնելու։

10. Մի քիչ քնես, մի քիչ մրափես, մի քիչ էլ ձեռք ձեռքի դրած պառկես,

11. Այն ժամանակ քո աղքատությունը ավազակի պես կգա, և քո կարիքը՝ զինված մարդու պես։

12. Անպիտան մարդը՝ անօրեն մարդը, չարախոս բերանով է ման գալիս։

13. Նա աչքերի թարթումով ակնարկում է, ոտքերով նշան է տալիս, մատներով ցույց է տալիս։

14. Նենգություն կա նրա սրտում. նա միշտ չարություն է նյութում, կռիվներ տարածում։

15. Հետևաբար հանկարծ կգա նրա դժբախտությունը, նա ակնթարթորեն պիտի կոտրվի և բուժում չպիտի գտնի։

16. Վեց բան կա, որ Տերն ատում է, և յոթը զզվելի են նրա հոգու առաջ.

17. Ամբարտավան աչքեր, ստախոս լեզու և անմեղ արյուն թափող ձեռքեր.

18. Չար մտադրություններ ունեցող սիրտ, դեպի չարություն վազելու շտապող ոտքեր.

19. Ստեր փչող կեղծ վկա և եղբայրների մեջ կռիվ հրահրող։Զգուշացում շնությունից

20. Որդյա՛կ իմ, պահի՛ր քո հոր պատվիրանները և մի՛ մերժիր քո մոր ուսուցումը։

21. Դրանք միշտ քո սրտի՛ն փաթաթիր, քո վզի՛ն կապիր դրանք։

22. Թող գնալուդ ժամանակ առաջնորդեն քեզ, քնած ժամանակ պահպանեն քեզ, և երբ որ արթնանաս, խոսակցեն քեզ հետ։*

23. Որովհետև պատվիրանը ճրագ է, իսկ ուսուցումը՝ լույս, խրատի հանդիմանությունը՝ կյանքի ճանապարհ,

24. Որպեսզի պահպանեն քեզ չար կնոջից, անառակ կնոջ շողոքորթող լեզվից։

25. Քո սրտում նրա գեղեցկությունը մի՛ ցանկացիր, և նա թող քեզ չհրապուրի իր թարթիչների շարժումով,

26. Որովհետև մի պոռնիկ կնոջ պատճառով աղքատանում են մինչև մի նկանակ հացի, իսկ շնացող ամուսնացած կինը պատվական հոգին կորսա։

27. Հնարավո՞ր է, որ մի մարդ կրակ ունենա իր ծոցի մեջ, և նրա զգեստները չայրվեն։

28. Կամ կարելի՞ է, որ մի մարդ թեժ ածուխների վրա ման գա, և նրա ոտքերը չայրվեն։

29. Այսպես է նաև իր հարևանի կնոջ մոտ գնացողը. նրան դիպչող ամեն ոք անպատիժ չի մնալու։

30. Չեն արհամարհի այն գողին, որ գողացել է իր քաղցը հագեցնելու համար, քանի որ սոված էր։

31. Սակայն եթե բռնվի, յոթնապատիկ պիտի հատուցի, իր տան ամբողջ ունեցվածքը պիտի տա։

32. Ով շնանում է մի կնոջ հետ, պակասամիտ է. ով անում է այս բանը, կործանում է իրեն։

33. Նա վերք և անարգանք կգտնի, և նրա նախատինքը չի ջնջվի։

34. Որովհետև նախանձը ամուսնու կատաղությունն է, և նա վրեժխնդրության օրը չի ընդունելու։

35. Նա ոչ մի փրկագնի չի նայելու, և կաշառքը որքան էլ շատացնես, չի գոհանալու։

ԱՌԱԿՆԵՐ 7

1. Որդյա՛կ իմ, պահի՛ր իմ խոսքերը և իմ պատվիրանները պահպանի՛ր քեզ մոտ։

2. Պահի՛ր իմ պատվիրանները, որպեսզի ապրես, և իմ ուսուցումը պահպանի՛ր քո աչքի բիբի պես։

3. Քո մատներին կապի՛ր դրանք, դրանք գրի՛ր քո սրտի տախտակի վրա։

4. Իմաստությանն ասա՛. «Իմ քույրն ես», և ըմբռնողությանը* «Բարեկա՛մ» կոչիր,

5. Որպեսզի քեզ պահի շնացող կնոջից, այն ցոփ կնոջից, որի խոսքերը շողոքորթում են։Անբարոյական կինը

6. Որովհետև իմ տան պատուհանից՝ իմ ճաղավանդակի միջով նայեցի

7. Եվ պակասամիտների մեջ տեսա և երիտասարդների մեջ նկատեցի մի պակասամիտ պատանու,

8. Որը փողոցով անցնում էր այն կնոջ տան անկյան մոտով և նրա տան ճանապարհը բռնեց.

9. Մթնշաղին, երբ օրը տարաժամեց, երբ գիշերվա խավարը պատեց։

10. Եվ ահա մի կին դիմավորեց նրան պոռնիկի հագուստով և խորամանկ սրտով։

11. Նա աղմկարար էր և կամակոր. նրա ոտքերն իր տանը չէին մնում։

12. Երբեմն դրսում, երբեմն հրապարակներում և ամեն անկյունում դարանամուտ էր լինում։

13. Սա բռնեց նրան և համբուրեց, անամոթ դեմքով ասաց նրան.

14. «Ես խաղաղության զոհեր պիտի անեի. այսօր կատարեցի իմ ուխտերը։

15. Դրա համար դուրս եկա քեզ դիմավորելու՝ քեզ փնտրելու, և գտա քեզ։

16. Մահիճս պատել եմ ծածկոցներով, Եգիպտոսի երփներանգ հյուսվածքով։

17. Անկողնուս մեջ զմուռս, հալվե և կինամոն եմ ցողել։

18. Եվ տարփանքով հագենանք մինչև առավոտ, տռփանքով զվարճանանք,

19. Որովհետև ամուսինս տանը չէ, հեռու ճանապարհ է գնացել։

20. Փողի քսակն իր հետ է վերցրել և լուսնի լրման օրն է տուն գալու»։

21. Իր բազում համոզիչ խոսքերով հրապուրեց նրան, իր շրթունքների շողոքորթությամբ խոտորեցրեց նրան։

22. Նա էլ իսկույն գնաց նրա հետևից, ինչպես որ արջառն է սպանդանոց գնում, և ինչպես շղթայակապ խենթը*՝ պատժվելու*։

23. Մինչև որ նետը ճեղքի նրա լյարդը. ինչպես որ թռչունն է շտապում դեպի ծուղակը և չգիտի, որ այն իր հոգու համար է։

24. Եվ հիմա, որդյակնե՛ր, լսեցե՛ք ինձ և ուշադրությո՛ւն դարձրեք իմ բերանի խոսքերին։

25. Թող սիրտդ չխոտորվի դեպի նրա ճանապարհները. մի՛ մոլորվիր նրա շավիղներում։

26. Որովհետև նա շատերին է տապալել, և նրա սպանածները բազմաթիվ էին։

27. Նրա տունը դժոխքի ճանապարհն է, որ մահվան սենյակներ է իջնում։

ԱՌԱԿՆԵՐ 8

1. Իմաստությունն ահա կանչում է, և խոհեմությունը* ձայն է տալիս։

2. Բարձունքների գլխին, փողոցների վրա, ճանապարհների խաչմերուկում կանգնած է։

3. Քաղաքի մուտքի դարպասների մոտ՝ դռների մուտքին, աղաղակում է.

4. «Ձեզ եմ կանչում, ո՛վ մարդիկ. իմ ձայնը մարդկանց որդիներին է ուղղված։

5. Ո՛վ միամիտներ, խորագիտությո՛ւն սովորեցեք, և ո՛վ անմիտներ, իմացությո՛ւն ունեցեք։

6. Լսեցե՛ք, որովհետև ազնիվ բաներ եմ խոսելու. իմ շրթունքներից ուղիղ խոսքեր են դուրս գալու,

7. Որովհետև իմ լեզուն ճշմարտությունն է ասելու, և իմ շրթունքների համար անիրավությունը զզվելի է։

8. Բերանիս բոլոր խոսքերն արդար են, նրանց մեջ խոտոր և ծուռ բան չկա։

9. Նրանք բոլորն էլ ուղիղ են ըմբռնողի և շիտակ են հասկացողների համար։

10. Իմ խրա՛տն առեք և ոչ թե արծաթը, և գիտությունը, քան ընտիր ոսկին։

11. Որովհետև իմաստությունը գոհարներից լավ է, և բոլոր ցանկալի բաները չեն կարող հավասարվել նրան»։

12. Ես՝ իմաստությունս, բնակվում եմ խորագիտության հետ և գտել եմ խելամտության գիտությունը։

13. Տիրոջ երկյուղը չարությունն ատելն է. ես ատում եմ գոռոզությունն ու ամբարտավանությունը, չար ճանապարհն ու նենգավոր բերանը։

14. Իմն են խորհուրդն ու ողջամտությունը. ես եմ ըմբռնումը, զորությունն իմն է։

15. Թագավորներն ինձանով են թագավորում, իշխանավորները՝ արդարության կանոններ հաստատում։

16. Ինձանով են իշխում իշխանները, ազնվականներն ու աշխարհի բոլոր արդար դատավորները։

17. Ես սիրում եմ ինձ սիրողներին, իսկ ինձ փնտրողները կգտնեն ինձ։

18. Ինձ մոտ են հարստությունն ու պատիվը, մնայուն ստացվածքն ու արդարությունը։

19. Իմ պտուղն ընտիր ոսկուց լավ է, մաքուր ոսկուց, իմ բերքը՝ ընտիր արծաթից։

20. Ես քայլում եմ արդարության ուղու մեջ և իրավունքի շավիղներում,

21. Որպեսզի ինձ սիրողներին հարստություն ժառանգեմ և նրանց գանձարանները լցնեմ։

22. Տերն ինձ ստեղծեց* իր ճանապարհի սկզբին, իր վաղեմի գործերից առաջ։

23. Հավիտենությունից առաջ եմ ես հաստատվել,* սկզբից, երկրի սկզբնավորումից առաջ։

24. Անդունդները չեղած՝ ծնվել եմ, ջրառատ աղբյուրները չեղած։

25. Սարերի հաստատումից առաջ, բլուրներից առաջ եմ ծնվել ես։

26. Նա դեռ չէր ստեղծել երկիրը, դաշտերը և աշխարհի սկզբնական շամանդաղները։

27. Ես այնտեղ էի, երբ նա երկինքներն էր հաստատում, երբ անդունդների մակերեսի վրա կամար էր գծում,

28. Երբ պնդացնում էր վերևի ամպերը, հաստատում էր անդունդների աղբյուրները,

29. Երբ ծովի վրա նրա սահմանն էր դնում, որպեսզի ջրերը դուրս չգան իր հրամանից, ու երկրի հիմքերն էր գցում։

30. Այն ժամանակ ես նրա մոտ ճարտարապետ էի և նրա ուրախությունն էի ամեն օր՝ մշտապես զվարճանալով նրա առաջ։

31. Ուրախանում էի նրա բնակեցված երկրի վրա, և իմ ցնծությունը մարդկանց որդիների հետ էր։

32. Եվ հիմա, որդյակնե՛ր, լսեցե՛ք ինձ, և երանի՜ նրանց, որ պահում են իմ ճանապարհները։

33. Խրա՛տ լսեցեք և իմաստո՛ւն եղեք ու մի՛ անտեսեք։

34. Երանի՜ այն մարդուն, որ լսում է ինձ, ամեն օր հսկում է իմ դռների մոտ և պահպանում է իմ դրանդիների մուտքերը։

35. Որովհետև ինձ գտնողը կյանք է գտել և Տիրոջից բարեհաճություն կստանա։

36. Սակայն իմ դեմ մեղանչողը իր հոգուն վնաս կտա, բոլոր ինձ ատողները մահն են սիրում։

ԱՌԱԿՆԵՐ 9

1. Իմաստությունը կառուցեց իր տունը, կանգնեցրեց* նրա յոթ սյուները,

2. Մորթեց իր մսացուները, խառնեց իր գինին, նաև պատրաստեց իր սեղանը։

3. Նա ուղարկեց իր աղախիններին՝ քաղաքի բարձր տեղերի գլխին կանչելու.

4. «Ով միամիտ է, թող այստեղ դառնա»։ Եվ պակասամիտին ասում է.

5. «Եկե՛ք, կերե՛ք իմ հացից և խմեցե՛ք իմ խառնած գինուց։

6. Թողե՛ք միամտությունը, որպեսզի ապրեք. և ըմբռնողության ճանապարհո՛վ քայլեցեք»։

7. Ծաղր անողին ուղղողն իր համար անարգանք է վաստակում, իսկ անիրավին հանդիմանողը՝ վիրավորանք։

8. Ծաղր անողին մի՛ հանդիմանիր, որպեսզի քեզ չատի. հանդիմանի՛ր իմաստունին, և նա քեզ կսիրի։

9. Ուսուցո՛ւմ տուր իմաստունին, և է՛լ ավելի իմաստուն կդառնա. արդար մարդուն սովորեցրո՛ւ, և նա կավելացնի ուսումը։

10. Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, Ամենասուրբի ճանաչողությունը՝ ըմբռնողություն։

11. Որովհետև քո օրերն ինձանով կշատանան, և քո կյանքի տարիները կավելանան։

12. Եթե իմաստուն ես, քեզ համար ես իմաստուն, եթե ծաղր անող ես, միայն դու ես նրա պատիժը կրելու։

13. Անմտությունն աղմկարար մի կին է, միամիտ է և ոչինչ չգիտի։

14. Նստում է իր տան մուտքում, քաղաքի բարձր տեղերում, աթոռի վրա

15. Եվ աղաղակում է ճանապարհին անցուդարձ անողներին, որոնք ուղիղ գնում են իրենց ճամփաներով.

16. «Ով միամիտ է, թող այստեղ դառնա»։ Պակասամիտին էլ ասում է.

17. «Գողացված ջրերը քաղցր են լինում, թաքուն ուտվող հացը՝ ախորժելի»։

18. Բայց նա* չգիտի, որ այնտեղ ուրվականներն են, և նրա հրավիրյալները՝ դժոխքի անդունդներում։

ԱՌԱԿՆԵՐ 10

1. Իմաստուն որդին ուրախացնում է իր հորը, իսկ անմիտ որդին իր մոր տրտմությունն է։

2. Անիրավության գանձերն օգուտ չեն բերում, իսկ արդարությունն ազատում է մահից։

3. Տերը չի թողնի, որ արդարի անձը սովի, բայց խափանում է անիրավների ցանկությունը։

4. Ծույլ ձեռքը աղքատություն է պատճառում, իսկ ժիր ձեռքը հարստացնում է։

5. Ով ժողովում է ամռանը, ուշիմ որդի է, հունձքին խոր քնողը՝ ամոթաբեր որդի։

6. Արդարի գլխին օրհնություններ կան, բայց բռնությունը կխցկի անիրավների բերանը։

7. Արդարների հիշատակն օրհնություն կլինի, իսկ անիրավների անունը կփտի։

8. Իմաստուն սիրտ ունեցողը պատվիրանները կպահի, իսկ հիմար շրթունք ունեցողը կկործանվի։

9. Պարկեշտությամբ ընթացողը անվտանգ կընթանա, իսկ ճանապարհները ծռողը կճանաչվի։

10. Աչքերի թարթումով ակնարկողը ցավ է պատճառում, իսկ հիմար շրթունք ունեցողը կկործանվի։

11. Արդարի բերանը կյանքի աղբյուր է, բայց բռնությունը կխցկի անիրավների բերանը։

12. Ատելությունը կռիվներ է հրահրում, իսկ սերը ծածկում է բոլոր հանցանքները։

13. Հանճարի* շրթունքի վրա իմաստություն կա, իսկ գավազանը պակասամիտի մեջքի համար է։

14. Իմաստունները գիտություն են կուտակում, իսկ հիմարի բերանը մոտեցնում է կործանումը։

15. Հարուստի ունեցվածքն իր ամուր քաղաքն է, իսկ աղքատների չքավորությունն իրենց կործանումն է։

16. Արդարի վաստակը կյանքի համար է, անիրավի արդյունքը՝ մեղքի համար։

17. Խրատ պահողը կյանքի ճանապարհին է, իսկ հանդիմանություն մերժողը մոլորվում է։

18. Ատելությունը ծածկողը ստախոս շուրթեր ունի, իսկ զրպարտություն տարածողն անմիտ է։

19. Շատախոսության մեջ հանցանքը պակաս չի լինի, բայց ուշիմ է իր շրթունքները զսպողը։

20. Արդարի լեզուն ընտիր արծաթ է, իսկ անիրավների սիրտը չնչին արժեք ունի։

21. Արդարի շրթունքները սնուցում են շատերին, իսկ հիմարները մեռնում են պակասամտությունից։

22. Տիրոջ օրհնությունն է, որ հարստացնում է և ցավ չի ավելացնում նրա վրա։

23. Անմիտի համար չարություն անելը զվարճանք է, իսկ իմաստությունը հանճարեղ* մարդունն է։

24. Ինչից վախենում է անիրավը, պատահում է նրան, իսկ արդարների փափագը կատարվում է։

25. Երբ փոթորիկն անցնում է, անիրավը չքանում է, բայց արդարը հավիտենական հիմք ունի։

26. Ինչպես որ քացախն է ատամների համար, և ծուխը՝ աչքերի, նույնպես էլ ծույլն է իր ուղարկողի համար։

27. Տիրոջ երկյուղն ավելացնում է օրերը, իսկ անիրավների օրերը կկարճանան։

28. Արդարների ակնկալությունն ուրախություն է, իսկ անիրավների հույսը կկորչի։

29. Պարկեշտի համար Տիրոջ ճանապարհն ամրոց է, իսկ անօրենություն գործողների համար՝ կործանում։

30. Արդարը հավիտյան չի սասանվի, բայց անիրավները երկրի վրա չեն բնակվի։

31. Արդարի բերանն իմաստություն է բխեցնում, իսկ նենգավոր լեզուն պիտի կտրվի։

32. Արդարի շրթունքները գիտեն ընդունելին, իսկ անիրավների բերանը՝ նենգությունը։

ԱՌԱԿՆԵՐ 11

1. Խարդախ կշեռքը զզվելի է Տիրոջ համար, իսկ ուղիղ* կշռաքարը նրան հաճելի է։

2. Երբ ամբարտավանությունը գա, անարգանքը ևս կգա, բայց իմաստությունը խոնարհների հետ է։

3. Ուղղամիտների պարկեշտությունը կառաջնորդի նրանց, իսկ անհավատարիմների նենգությունը կոչնչացնի նրանց։

4. Ցասման օրը հարստությունից օգուտ չկա, բայց արդարությունը կազատի մահից։

5. Պարկեշտների արդարությունը կուղղի նրանց ճանապարհը, բայց անիրավը կընկնի իր անիրավությամբ։

6. Ուղղամիտների արդարությունը նրանց կազատի, բայց անհավատարիմները ցանկության մեջ կբռնվեն։

7. Երբ անիրավը մեռնի, նրա հույսը կվերանա, և անօրենների ակնկալությունը կկորչի։

8. Արդարը կազատվի տագնապից, և անիրավը նրա տեղը կգնա։

9. Անհավատն իր բերանով կկորցնի իր հարևանին, բայց արդարները գիտությամբ կազատվեն։

10. Արդարների հաջողակությամբ քաղաքը կհրճվի, իսկ անիրավների կորստի ժամանակ ցնծության ձայն կլինի։

11. Ուղղամիտների օրհնությամբ քաղաքը կբարձրանա, բայց անիրավների բերանով կկործանվի։

12. Իր հարևանին արհամարհողը պակասամիտ է, բայց խոհեմ մարդը լռում է։

13. Բանսարկության գնացողը գաղտնիքը կհայտնի, իսկ հավատարիմ հոգի ունեցողը բանը կծածկի։

14. Ժողովուրդն առանց առաջնորդության կընկնի, բայց խորհրդատուների բազմությամբ փրկություն* կլինի։

15. Անշուշտ չարիքի կհանդիպի նա, ով օտարին երաշխավոր կդառնա, բայց երաշխավորությունն ատողը ապահով է։

16. Շնորհալի կինը պատիվն ամուր կպահի, և բռնավորները հարստություն կհափշտակեն։

17. Ողորմած մարդն իր անձին լավություն կանի, բայց դաժան մարդը իրեն է վնասում։

18. Անիրավ մարդը ոչինչ չի վաստակում*, իսկ արդարություն սերմանողը ճշմարիտ վարձ կունենա։

19. Իսկապես արդար մարդը կյանքի կտիրանա, իսկ չարության հետևողը դեպի իր մահն է գնում։

20. Տիրոջ առաջ զզվելի են ծուռ սիրտ ունեցողները, բայց նրան հաճելի են պարկեշտ ճանապարհի տերերը։

21. Անշուշտ չարն անպատիժ չի մնա, իսկ արդարների սերունդը կազատվի։

22. Ինչպես որ ոսկե օղակն է խոզի քթին, այնպես էլ գեղեցիկ կինը, որ դատողություն չունի։

23. Արդարների ցանկացածը միայն բարություն է, բայց անիրավների ակնկալիքը բարկություն է։

24. Մարդ կա, որ իր ստացվածքը ցրելով ավելացնում է, և կա, որ շատ է խնայում ու աղքատության է հասնում։

25. Առատաձեռն մարդը կբարգավաճի, և ոռոգողն ինքն էլ կոռոգվի։

26. Ժողովուրդն անիծում է ցորենը պահողին, բայց օրհնություն է տալիս այն ծախողին։

27. Բարություն փնտրողը բարեհաճություն է որոնում, իսկ չարություն ցանկացողը կհանդիպի նրան։

28. Իր հարստության վրա հույս դնողը կտապալվի, բայց արդարները սաղարթի* պես կծաղկեն։

29. Իր տանը նեղություն պատճառողը քամին կժառանգի, և հիմարը կծառայի իմաստուն սիրտ ունեցողին։

30. Արդարի պտուղը կյանքի ծառ է, և հոգիներ վաստակողն իմաստուն է։

31. Եթե արդարը երկրիս վրա ահա իր հատուցումն է ստանում, ո՜ւր մնացին անիրավն ու մեղավորը։

ԱՌԱԿՆԵՐ 12

1. Խրատ սիրողը գիտություն է սիրում, իսկ հանդիմանությունն ատողը անխելք է։

2. Բարին Տիրոջից բարեհաճություն կստանա, բայց նենգամիտ մարդուն նա կդատապարտի։

3. Մարդն անիրավությամբ չի հաստատվի, իսկ արդարների արմատը չի սասանվի։

4. Առաքինի կինն իր մարդու պսակն է, իսկ ամոթաբեր կինը նրա ոսկորների միջի փտության պես է։

5. Արդարների մտադրություններն իրավացի են, իսկ անիրավների տված ուղղությունը՝ խաբեություն։

6. Անիրավների խոսքերն արյան դարան են, իսկ ուղղամիտների բերանն իրենց կազատի։

7. Անիրավները կկործանվեն ու կչքանան, բայց արդարների տունը հաստատուն կմնա։

8. Մարդը իր ուշիմության չափով կգովաբանվի, բայց ծուռ սիրտ ունեցողը կանարգվի։

9. Լավ է աննշան լինել, բայց ծառա ունենալ, քան թե ինքն իրեն պատվել ու հացի կարոտ լինել։

10. Արդարը գիտի իր անասունի կարիքը, բայց անիրավների ողորմածությունը դաժանություն է։

11. Իր հողը մշակողը հացով կկշտանա, բայց դատարկ բաների ետևից վազողը պակասամիտ է։

12. Անիրավը չարերի ավարն է փափագում, բայց արդարների արմատը պտուղ կտա։

13. Չարն իր շրթունքների զանցանքով որոգայթն է ընկնում, բայց արդարը դուրս է գալիս տագնապից։

14. Իր բերանի պտղից մարդ բարիքներով կկշտանա, և մարդու ձեռքի գործի հատուցումը կվերադառնա իրեն։

15. Հիմարի աչքին իր ճանապարհն ուղիղ է, բայց խորհրդին անսացողն իմաստուն է։

16. Հիմարի բարկությունը նույն օրը կիմացվի, բայց խորագետն անարգանքը ծածկում է։

17. Ճշմարտություն խոսողը արդարությունն է հայտնում, իսկ սուտ վկան՝ խաբեությունը։

18. Շատախոս կա, որ սրի պես խոցոտում է, բայց իմաստունների լեզուն բժշկություն է։

19. Ճշմարտախոս շրթունքները մշտապես հաստատված կմնան, բայց ստախոս լեզուն վայրկենական է։

20. Չարություն նյութողների սրտերում խաբեություն կա, իսկ խաղաղություն ծրագրողների մեջ՝ ուրախություն։

21. Արդարին ոչ մի պատուհաս չի հանդիպի, բայց անիրավները լեցուն են չարիքներով։

22. Ստախոս շրթունքները Տիրոջ համար զզվելի են, իսկ հավատարմությամբ վարվողները հաճելի են նրան։

23. Խորագետ մարդը գիտությունը ծածկող է, իսկ անմիտների սիրտը իր հիմարությունը հրապարակում է։

24. Աշխատասերների ձեռքը կկառավարի, իսկ ծույլը սևագործ ճորտ կլինի։

25. Մարդու սրտի տագնապը ճնշում է նրան, իսկ բարի խոսքն ուրախացնում է նրան։

26. Արդարը ճանապարհ է ցույց տալիս իր ընկերոջը, իսկ անիրավների ճանապարհը կմոլորեցնի նրանց։

27. Ծույլն իր որսը չի խորովում, բայց աշխատասեր մարդը մեծարժեք ստացվածք կունենա։

28. Արդարության ճանապարհի մեջ կյանք կա, և նրա շավիղների մեջ մահ չկա։

ԱՌԱԿՆԵՐ 13

1. Իմաստուն որդին լսում է իր հոր խրատը, բայց ծաղր անողը կշտամբանքը չի լսում։

2. Մարդն իր բերանի պտղից բարիքներ կուտի, իսկ անհավատարիմների հոգին բռնություն կտենչա։

3. Իր բերանը զսպողը կպահի իր հոգին. իր շրթունքները լայն բացողը կործանելու է իրեն։

4. Ծույլի անձը փափագում է և ոչինչ չունի, իսկ աշխատասերների հոգին կհագենա*։

5. Արդարն ատում է սուտ խոսքը, բայց անիրավը պախարակում ու խայտառակում է իրեն։

6. Արդարությունը պահպանում է պարկեշտությամբ ընթացողին*, բայց անիրավությունը կկործանի մեղավորին։

7. Մարդ կա, որ իրեն հարուստ է ձևացնում և ոչինչ չունի, իրեն կարիքավոր ձևացնող կա, որ շատ ունեցվածք ունի։

8. Մարդու կյանքի փրկանքն իր հարստությունն է, բայց աղքատը կշտամբանք չի լսում։

9. Արդարների լույսը փայլում է, բայց անիրավների ճրագը կհանգչի։

10. Ամբարտավանությունից միմիայն կռիվ է ծագում, բայց խորհուրդ լսողների մեջ իմաստություն կա։

11. Ունայնությամբ կուտակված ունեցվածքը կպակասի, բայց քիչ-քիչ* հավաքողն այն կավելացնի։

12. Ուշացած ակնկալիքը սիրտը կհիվանդացնի, բայց կատարված իղձը կյանքի ծառ է։

13. Խոսքն արհամարհողը կկործանվի, իսկ պատվիրանից վախեցողը կվարձատրվի։

14. Իմաստունի ուսուցումը կյանքի աղբյուր է՝ մահվան որոգայթներից խույս տալու համար։

15. Խոհականությունը համարում է տալիս, բայց անհավատարիմների ճանապարհը դժվարին է։

16. Ամեն մի խորագետ մարդ ճանաչողությամբ է գործում, բայց անմիտը հիմարություն է տարածում։

17. Անիրավ պատգամավորը չարիքի մեջ կընկնի, բայց հավատարիմ դեսպանը բուժում է։

18. Խրատը մերժողի համար աղքատություն և նախատինք կա, իսկ հանդիմանությունը պահողը պատվի կարժանանա։

19. Կատարված իղձը քաղցր է հոգուն, բայց անմիտների համար չարությունից հեռանալը զզվելի է։

20. Իմաստունների հետ ընթացողը իմաստուն կդառնա, բայց անմիտների հետ ընկերացողը կտուժի։

21. Չարիքը հետապնդում է մեղավորներին, բայց արդարներին բարիք կհատուցվի։

22. Բարին ժառանգություն է թողնում իր թոռների համար, բայց մեղավորի հարստությունը արդարի համար է պահված։

23. Աղքատների անդաստանում շատ ուտելիք է լինում, բայց կորչում է անիրավությունից։

24. Գավազանը խնայողն ատում է իր որդուն, իսկ նրան սիրողը ուշադրությամբ է խրատում նրան։

25. Արդարն ուտում է մինչև իր կշտանալը, բայց անիրավների որովայնը կարոտություն կունենա։

ԱՌԱԿՆԵՐ 14

1. Իմաստուն կինը շինում է իր տունը, իսկ հիմարն իր ձեռքով քանդում է այն։

2. Ուղղամտությամբ քայլողը վախենում է Տիրոջից, բայց նա, ով ծուռ ճանապարհների մեջ է, անարգում է նրան։

3. Հիմարի բերանում գոռոզության գավազան կա, բայց իմաստունների շրթունքները պահում են նրանց։

4. Արջառ չլինելու դեպքում մսուրը մաքուր է, բայց բերքի առատությունը եզի զորությունից է լինում։

5. Հավատարիմ վկան սուտ չի խոսում, իսկ կեղծ վկան ստեր է փչում։

6. Ծաղր անողը իմաստություն է փնտրում և չի գտնում, բայց ողջամիտ մարդու համար գիտությունը դյուրին է։

7. Անմիտ մարդուց հեռացի՛ր. նրա շուրթերին գիտություն չկա։

8. Խորագետ մարդու իմաստությունն իր ճանապարհը հասկանալն է, բայց անմիտների հիմարությունը խաբեություն է։

9. Հիմարները ծաղրում են հանցանքը*, բայց ուղղամիտների մեջ բարեհաճություն կա։

10. Սիրտը գիտի իր հոգու դառնությունը. նրա ուրախությանն ուրիշը չի միանա։

11. Անիրավների տունը կկործանվի, բայց ուղղամիտների վրանը կծաղկի։

12. Կա ճանապարհ, որն ուղիղ է թվում մարդու առաջ*, բայց նրա վերջը մահվան ճանապարհներն են։

13. Ծիծաղելիս էլ սիրտը տրտմում է, և ուրախության վերջը վիշտ է լինում։

14. Կամակոր սիրտը կկշտանա իր ճանապարհների պտղից, իսկ բարի մարդը՝ ինքն իր գործերի պտղից։

15. Միամիտը հավատում է ամեն խոսքի, իսկ խորագետը քննում է իր քայլերը։

16. Իմաստունը վախենում է և հեռանում չարից, իսկ անմիտը գոռոզանում է և ինքնավստահ դառնում։

17. Շուտ բարկացողը հիմարություն է գործում, իսկ նենգամիտը՝ ատելի դառնում։

18. Միամիտները հիմարություն կժառանգեն, իսկ խորագետները գիտությամբ կպսակվեն։

19. Չարերը կխոնարհվեն բարիների առաջ, իսկ անիրավները՝ արդարի դռների մոտ։

20. Աղքատն իր հարևանին էլ ատելի է, բայց հարուստին սիրողները շատ են։

21. Իր հարևանին անարգողը մեղք է գործում, բայց ով ողորմում է աղքատներին, երանելի է։

22. Չէ՞ որ չարիք նյութողները պիտի մոլորվեն, իսկ բարություն մտածողների համար ողորմածություն և հավատարմություն կա։

23. Ամեն տքնության մեջ օգուտ կա, իսկ շուրթերի դատարկաբանությունը միայն դեպի կարիք է տանում։

24. Իմաստունների հարստությունն իրենց պսակն է, իսկ անմիտների հիմարությունը հիմարություն կմնա։

25. Ճշմարտախոս վկան հոգիներ է ազատում, բայց խարդախը խաբեություններ է արտաբերում։

26. Տիրոջ երկյուղի մեջ ամուր ապահովություն կա, և նրա որդիների համար ապավեն պիտի լինի։

27. Տիրոջ երկյուղը կյանքի աղբյուր է մահվան որոգայթներից խույս տալու համար։

28. Ժողովրդի բազմությունը թագավորի փառքն է, բայց ժողովրդի սակավությունը իշխանի կործանումն է։

29. Համբերատար մարդը շատ խոհեմ է, իսկ դյուրագրգիռ մարդը հիմարություն է անում։

30. Հանդարտ սիրտը բժշկություն է մարմնի համար, իսկ նախանձը փտություն է ոսկորների համար։

31. Աղքատին կեղեքողը նրա Արարչին է անարգում, բայց կարիքավորին գթացողը պատվում է Արարչին։

32. Անիրավն իր չարության համար կկործանվի, բայց արդարն իր մահվան ժամանակ ապաստան կունենա։

33. Ողջամիտ մարդու սրտում իմաստությունն է հանգչում, իսկ անմիտների սրտում այն չկա*։

34. Արդարությունը բարձրացնում է ազգին, իսկ մեղքն անարգանք է ժողովուրդների համար։

35. Ուշիմ ծառայի նկատմամբ թագավորը բարեհաճ է, իսկ նրա բարկությունը նախատինք բերող ծառայի վրա է։

ԱՌԱԿՆԵՐ 15

1. Մեղմ պատասխանը ցասումը հանգստացնում է, իսկ նախատական խոսքը գրգռում է բարկությունը։

2. Իմաստունների լեզուն գիտություն է ճարտարախոսում, իսկ անմիտների բերանը հիմարություն է արտաբերում։

3. Տիրոջ աչքերն ամեն տեղ են. հսկում են չարերին և բարիներին։

4. Ամոքիչ* լեզուն կյանքի ծառ է, բայց նենգ լեզուն հոգին կոտրում է։

5. Հիմարն արհամարհում է իր հոր խրատը, բայց հանդիմանություն պահողը խորագետ է։

6. Արդարի տանը շատ գանձ կա, իսկ անիրավի վաստակի մեջ՝ դժբախտություն։

7. Իմաստունների շրթունքները գիտություն են տարածում, բայց անմիտ սիրտն այդպիսին չէ։

8. Անիրավների զոհը զզվելի է Տիրոջ համար, բայց ուղղամիտների աղոթքը նրան հաճելի է։

9. Անիրավի ճանապարհը Տիրոջ համար զզվելի է, բայց արդարությանը հետևողին նա սիրում է։

10. Ճանապարհից խոտորվողի համար խիստ պատիժ կա, հանդիմանություն ատողը կմեռնի։

11. Դժոխքն ու մեռելների աշխարհը* Տիրոջ առաջ են, առավել ևս՝ մարդկանց որդիների սրտերը։

12. Ծաղր անողը չի սիրում իրեն հանդիմանողին. նա չի գնում իմաստունների մոտ։

13. Ուրախ սիրտը զվարթացնում է դեմքը, բայց սրտի վշտից հոգին կոտրվում է։

14. Ողջամիտ սիրտը գիտություն է որոնում, իսկ անմիտների բերանը հիմարությամբ է սնվում։

15. Թշվառի բոլոր օրերը վատ են, բայց ուրախ սիրտը մշտական խնջույքի մեջ է։

16. Լավ է քիչը Տիրոջ երկյուղով, քան թե մեծ գանձը՝ խռովությամբ։

17. Լավ է կանաչեղեն կերակուրը՝ սիրով, քան թե գիրացված ցլիկը՝ ատելությամբ։

18. Բարկացկոտ մարդը վեճ է հրահրում, իսկ համբերատարը հանգստացնում է վեճը։

19. Ծույլի ճանապարհը փշերով է պատված, բայց ուղղամիտների ուղին հարթված է։

20. Իմաստուն որդին ուրախացնում է իր հորը, բայց անմիտ մարդն անարգում է իր մորը։

21. Հիմարությունը պակասամիտի համար ուրախություն է, բայց խոհեմ մարդն ուղղում է իր ընթացքը։

22. Առանց խորհրդակցության մտադրությունները ձախողվում են, բայց խորհրդականների շատությամբ կատարվում են։

23. Մարդու համար իր բերանին հարմար պատասխանն ուրախություն է. ի՜նչ լավ է ժամանակին ասված խոսքը։

24. Ուշիմ մարդու համար կյանքի ուղին դեպի վեր է տանում, որպեսզի ներքևում խույս տա դժոխքից։

25. Տերը քանդում է ամբարտավանների տունը, բայց որբևայրու սահմանաքարը հաստատում է։

26. Տիրոջը զզվելի են չար մարդու մտադրությունները, բայց հաճելի են անբասիր մարդկանց խոսքերը։

27. Ագահորեն վաստակողը դժբախտացնում է իր տունը, իսկ կաշառքներ ատողը կապրի։

28. Արդարի միտքը մտածում է, թե ինչ պատասխանի, բայց անիրավի բերանը չարություններ է արտաբերում։

29. Տերը հեռու է անիրավներից, բայց լսում է արդարների աղոթքը։

30. Աչքերի պայծառությունն ուրախացնում է սիրտը, բարի լուրը պարարտացնում է ոսկորները։

31. Կենսատու հանդիմանությանը անսացող ականջը իմաստունների մեջ է բնակվում։

32. Խրատ մերժողն իր անձն է անարգում, բայց հանդիմանություն լսողը խելք է ստանում։

33. Տիրոջ երկյուղն իմաստություն է սովորեցնում, և փառքի առջևից խոնարհությունն է գնում։

ԱՌԱԿՆԵՐ 16

1. Մարդունն են մտքի ծրագրերը, բայց Տիրոջից է լեզվի պատասխանը։

2. Մարդու բոլոր ճանապարհները մաքուր են թվում իր աչքին, բայց Տերն է հոգիները կշռողը։

3. Քո գործերը Տիրո՛ջը հանձնիր, և քո մտադրությունները կհաստատվեն։

4. Տերն ամեն բան արել է իր նպատակի համար, նույնիսկ անիրավներին էլ՝ չար օրվա համար։

5. Տիրոջ համար զզվելի են բոլոր գոռոզամիտները. նրանք անշուշտ* անպատիժ չեն լինելու։

6. Անօրենությունը ողորմածությամբ և հավատարմությամբ կքավվի, և Տիրոջ երկյուղով մարդը կհեռանա չարից։

7. Երբ Տիրոջը հաճելի են մարդու ճանապարհները, մինչև իսկ նրա թշնամիներին կհաշտեցնի նրա հետ։

8. Լավ է քիչն արդարությամբ, քան թե մեծ եկամուտները՝ անիրավությամբ։

9. Մարդու միտքն է խորհում նրա ճանապարհը, բայց նրա քայլերը Տերն է ուղղորդում։

10. Թագավորի շրթունքների վրա ներշնչում կա. նրա բերանը դատաստանի ժամանակ չի սխալվի։

11. Տիրոջն են ուղիղ նժարն ու կշեռքը, մախաղի բոլոր կշռաքարերը նրա գործն են։

12. Թագավորներին զզվելի է անիրավությունը, որովհետև գահն արդարությամբ է հաստատվում։

13. Թագավորներին հաճելի են արդար շրթունքները, և նրանք սիրում են ուղղախոս մարդուն։

14. Թագավորի բարկությունը մահվան պատգամաբեր է, բայց իմաստուն մարդը մեղմացնում է այն։

15. Թագավորի դեմքի զվարթությունը կյանք է, իսկ նրա բարեհաճությունը՝ գարնանային անձրևի ամպի նման։

16. Իմաստություն ստանալը ոսկուց որչա՜փ լավ է, և ըմբռնում շահելն արծաթից ընտիր է։

17. Ուղղամիտների պողոտան չարությունից հեռանալն է, իր ճանապարհը պահպանողն իր հոգին է պահում։

18. Կործանման առաջից գոռոզությունն է գնում, իսկ սայթաքման առաջից՝ ամբարտավան հոգին։

19. Ավելի լավ է հեզ հոգի ունեցողների հետ խոնարհ լինել, քան թե ավար բաժանել հպարտների հետ։

20. Ով որ խոսքին ուշադիր* է, բարիք կգտնի, և երանի՜ նրան, որ Տիրոջն է ապավինում։

21. Իմաստուն սիրտ ունեցողը ողջամիտ է կոչվում, իսկ շրթունքների քաղցրությունն ավելացնում է հմտությունը։

22. Ուշիմությունը կյանքի աղբյուր է իրեն ունեցողի համար, բայց հիմարների խրատը հիմարությունն է։

23. Իմաստունի միտքն ուշիմ է դարձնում նրա բերանը և նրա շրթունքներին հմտություն ավելացնում։

24. Վայելուչ խոսքը մեղրախորիսխ է, քաղցր է հոգուն և բժշկություն՝ ոսկորներին։

25. Կա ճանապարհ, որ ուղիղ է թվում մարդուն, բայց նրա վախճանը մահվան ճանապարհ է։

26. Աշխատող անձն իր համար է աշխատում, որովհետև իր բերանը նրան դրդում է։

27. Անպիտան մարդը չարություն է նյութում*, և նրա շրթունքների վրա կարծես խանձող կրակ կա։

28. Նենգ մարդը կռիվ է հրահրում, իսկ քսուն բաժանում է մտերիմներին։

29. Բռնավոր մարդը հրապուրում է իր հարևանին և նրան տանում վատ* ճանապարհով։

30. Թարթում է աչքերը, որպեսզի նենգ բաներ մտածի, կծոտելով իր շրթունքները՝ չարություն է կատարում։

31. Սպիտակ մազերը շքեղության պսակ են. արդարության ճանապարհի մեջ են նրանք գտնվում։

32. Համբերատարը զորավորից լավ է, և իր հոգին կառավարողը՝ քաղաք գրավողից։

33. Վիճակը ծոցն է գցվում, բայց ամեն մի վճիռ Տիրոջից է գալիս։

ԱՌԱԿՆԵՐ 17

1. Ավելի լավ է չոր պատառը խաղաղությամբ, քան թե զոհերի մսով լիքը տունը՝ վեճով։

2. Ուշիմ ծառան տիրում է նախատինք բերող որդու վրա և եղբայրների մեջ ժառանգության բաժին է առնում։

3. Արծաթի համար հալոց կա, և ոսկու համար՝ քուրա, բայց սրտերը քննողը Տերն է։

4. Չարագործն ականջ է դնում չար շրթունքների, ստախոսը լսում է կործանարար լեզվին։

5. Աղքատին ծաղր անողը նրա Արարչին է նախատում, թշվառության վրա ուրախացողն անպատիժ չի մնա։

6. Ծերերի պսակը թոռներն են, իսկ որդիների պարծանքը՝ իրենց հայրերը։

7. Տխմարին վայել չեն ընտիր խոսող շրթունքները, առավել ևս ազնվականին՝ ստախոս շրթունքները։

8. Կաշառքն իր տիրոջ աչքում պատվական քարի նման է. ուր էլ որ դառնա, հաջողություն է գտնում։

9. Մեղքը ներողը հետամուտ է սիրո, իսկ խոսքը կրկնողը մտերիմ ընկերներին կբաժանի։

10. Կշտամբանքն ավելի է ազդում ըմբռնող մարդու վրա, քան թե հարյուր հարվածը՝ անմիտ մարդու վրա։

11. Չար մարդը միայն ըմբոստություն է փնտրում, բայց նրան մի դաժան պատգամավոր կուղարկվի։

12. Ավելի լավ է մարդուն ձագերը հափշտակված մի արջ պատահի, քան անմիտն իր հիմարության ժամանակ։

13. Լավությանը ով որ չարությամբ հատուցի, նրա տնից չարիքը չի հեռանա։

14. Կռվի սկիզբը ջրարգելակն արձակելու նման է. վիճաբանությունը չբորբոքված՝ հեռացի՛ր։

15. Անիրավին արդարացնողը և արդարին դատապարտողը՝ երկուսն էլ զզվելի են Տիրոջ համար։

16. Իմաստություն գնելու գինն ի՞նչ օգուտ ունի անմիտի ձեռքում, քանի որ խելք չունի։

17. Բարեկամն ամեն ժամանակ սիրում է, եղբայրը նեղ օրվա համար է ծնված։

18. Պակասամիտ մարդը երաշխավորություն է տալիս* և գրավ դնում իր ընկերոջ համար։

19. Կռիվ սիրողը սիրում է հանցանքը, իր դուռը բարձր կառուցողը փլուզում է փնտրում։

20. Ծուռ մտքի տերը բարիք չի գտնի, և նենգ լեզվի տերը չարիքի մեջ է ընկնում։

21. Անմիտը տրտմություն է իր ծնողի համար, տխմարի հայրն էլ չի ուրախանա։

22. Ուրախ սիրտը դեղի պես օգտակար է, իսկ կոտրված հոգին չորացնում է ոսկորները։

23. Անիրավը կաշառքը ծածուկ է առնում, որպեսզի ծռի արդարադատության շավիղները։

24. Ըմբռնողի դեմքը դեպի իմաստություն է ուղղված, բայց անմիտի աչքերն աշխարհի ծայրին են։

25. Անմիտ որդին տրտմություն է իր հոր համար և դառնություն՝ իրեն ծննդաբերողի համար։

26. Արդարին պատժելը լավ չէ, նաև՝ ազնվականներին ծեծելն իրենց ուղղամտության համար։

27. Իր խոսքերը զսպողը գիտուն է, և երկայնամիտ մարդը խոհեմ է։

28. Նույնիսկ հիմարը իմաստուն կհամարվի, եթե լուռ մնա, և իր շրթունքները փակողը՝ ողջամիտ։

ԱՌԱԿՆԵՐ 18

1. Մեկուսացած մարդն իր փափագն է որոնում, ընդդիմանում է* ամեն ողջամտության։

2. Անմիտը խոհեմությունից հաճույք չի ստանում, այլ իր սրտի մեջ եղածն է արտահայտում։

3. Անիրավության գալու ժամանակ անարգանքն էլ կգա, իսկ նախատինքի հետ՝ խայտառակությունը։

4. Մարդու բերանի խոսքերը խոր ջրեր են, իմաստության աղբյուրը առատաբուխ վտակ է։

5. Հօգուտ անիրավի կողմնապահություն անելը լավ չէ, ոչ էլ արդարին իրավունքից զրկելը*։

6. Անմիտի շրթունքները կռվի մեջ կմտնեն, և նրա բերանը ծե՜ծ է կանչում։

7. Անմիտի բերանը նրա կործանումն է, իսկ նրա շրթունքները՝ որոգայթ իր անձի համար։

8. Քսու մարդկանց խոսքերը քաղցր պատառների նման են. նրանք իջնում են մարմնի խորքերը*։

9. Ով իր գործի մեջ թույլ է, կործանողի եղբայրն է։

10. Տիրոջ անունն ամուր աշտարակ է. արդարը վազում է այնտեղ և ապաստան գտնում։

11. Հարուստի ունեցվածքն իր ամուր բերդաքաղաքն է և նրա երևակայության մեջ բարձր պարսպի նման է։

12. Մարդու սիրտը հպարտանում է իր կործանումից առաջ, բայց խոնարհությունը փառքից առաջ է գնում։

13. Ով խոսքին պատասխանում է նախքան լսելը, դա նրա համար հիմարություն և նախատինք է։

14. Մարդու հոգին հիվանդության պահին նեցուկ է լինում նրան, բայց կոտրված հոգին ո՞վ կարող է մխիթարել։

15. Ողջախոհ միտքը գիտություն է ստանում, իսկ իմաստունների ականջը գիտություն է որոնում։

16. Մարդու ընծան տեղ է բացում նրա համար և նրան մեծամեծերի առաջ է տանում։

17. Իր դատն առաջինը ներկայացնողը արդար է երևում, մինչև գալիս է հակառակորդը և քննում նրան։

18. Վիճակը դադարեցնում է կռիվները և բաժանում զորավոր հակամարտողներին։

19. Դառնացած եղբայրն ամուր քաղաքից անառիկ է, և կռիվները բերդի նիգերի նման են։

20. Մարդու բերանի պտղից նրա փորը կկշտանա. նա կհագենա իր շրթունքների արդյունքից։

21. Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են, և նրան սիրողները կուտեն նրա պտուղը։

22. Առաքինի կին գտնողը բարիք է գտել և Տիրոջից բարեհաճություն ստացել։

23. Աղքատն աղաչանքներով է խոսում, բայց հարուստը պատասխանում է խստությամբ։

24. Ընկերներ կան, որոնք կործանում են բերում,* բայց ընկեր կա, որ եղբորից ավելի հավատարիմ է։

ԱՌԱԿՆԵՐ 19

1. Իր պարկեշտությամբ ընթացող աղքատն ավելի լավ է, քան թե նենգ շրթունքներ ունեցողը, որը նաև անմիտ է։

2. Լավ չէ նաև անգետ մարդը, և ոտքերով շտապողը կխոտորի.

3. Մարդու հիմարությունը կործանում է նրա ճանապարհը, և նրա սիրտը մոլեգնում է Տիրոջ դեմ։

4. Հարստությունը շատ բարեկամներ է ավելացնում, իսկ աղքատը լքվում է իր ընկերոջից։

5. Սուտ վկան անպատիժ չի մնա, և ստեր արտաբերողը չի ազատվի։

6. Շատերն են փնտրում իշխանավորի բարեհաճությունը, և բոլորը բարեկամ են նվեր տվողին։

7. Աղքատի բոլոր եղբայրներն ատում են նրան, էլ ո՞ւր մնաց, որ նրանից չհեռանան նրա բարեկամները. նա խոսքերով հետապնդում է նրանց, բայց նրանք չկան։

8. Խելք* վաստակողը իր հոգին է սիրում, խոհեմություն պահողը բարիք է գտնելու։

9. Սուտ վկան անպատիժ չի մնա, իսկ ստեր արտաբերողը կկորչի։

10. Անմիտին վայել չէ փափկությունը, էլ ո՞ւր մնաց ծառային՝ իշխանների վրա իշխելը։

11. Մարդու ուշիմությունը նրան համբերատար է դարձնում, և նրա փառքը հանցանքն անտեսելն է։

12. Թագավորի բարկությունն առյուծի մռնչյունի նման է, իսկ նրա բարեհաճությունը խոտի վրայի ցողի պես է։

13. Անմիտ տղան աղետ է իր հոր համար, իսկ կնոջ վեճերը անընդհատ կաթկթոցի պես են։

14. Տունը և ունեցվածքը ժառանգություն են հայրերից, բայց ուշիմ կինը Տիրոջից է։

15. Ծուլությունը թմբիրի մեջ է գցում, և թույլ մարդը կսովածանա։

16. Պատվիրաններ պահողն իր հոգին է պահում. նրա ճանապարհներն անարգողը կմեռնի։

17. Աղքատին ողորմացողը փոխ է տալիս Տիրոջը, և նա կհատուցի նրան հասանելիքը։

18. Խրատի՛ր որդուդ, քանի դեռ հույս կա, և նրա մահվանը կամակից մի՛ եղիր։

19. Բարկացկոտը պատիժ կկրի, որովհետև եթե նրան ազատես, կրկին նույնը պիտի անես։

20. Խորհո՛ւրդ լսիր և խրա՛տ ընդունիր, որպեսզի քո հետագայում իմաստուն լինես։

21. Մարդու գլխում շատ մտադրություններ կան, բայց Տիրոջ խորհուրդը պիտի հաստատվի։

22. Ինչ որ փափագելի է մարդու մեջ, հավատարմությունն է, և աղքատը ստախոս մարդուց լավ է։

23. Տիրոջ երկյուղը դեպի կյանք է տանում, և մարդ նրանով գոհացած կհանգչի և ձախորդության չի հանդիպի։

24. Ծույլն իր ձեռքը ամանի մեջ է թաղում, բայց այն դեպի բերանն էլ չի տանում։

25. Ծաղր անողին ծեծի՛ր, և միամիտը խորագետ կդառնա. և եթե ըմբռնողին հանդիմանես, նա գիտություն կվաստակի։

26. Ամոթ և խայտառակություն է բերում այն զավակը, որ բռնանում է հոր վրա ու վտարում է մորը։

27. Որդյա՛կ իմ, հրաժարվի՛ր այն խրատը լսելուց, որը քեզ մոլորեցնում է գիտության խոսքերից։

28. Անպիտան վկան ծաղրում է արդարությունը, իսկ անիրավների բերանը չարություն է կուլ տալիս։

29. Ծաղր անողների համար դատավճիռներ են պատրաստ, և ծեծեր՝ անմիտների թիկունքի համար։

ԱՌԱԿՆԵՐ 20

1. Գինին ծաղրող է, օղին՝ խռովարար, և ամեն ոք, ով տարվի սրանցով, իմաստուն չէ։

2. Թագավորի սարսափն առյուծի մռնչյունի է նման. նրան գրգռողն իր անձի դեմ է մեղանչում։

3. Վեճից խուսափելը պատիվ է մարդու համար, բայց ամեն հիմար բորբոքվող է։

4. Ձմեռը ծույլը չի հերկի. հունձքի ժամանակ կփնտրի, բայց չի ունենա։

5. Մարդու սրտի խորհուրդը խոր ջրերի նման է, բայց խոհեմ մարդն այն դուրս է հանում։

6. Շատերը հայտարարում են իրենց հավատարմությունը, բայց վստահելի մարդուն ո՞վ է գտնում։

7. Արդար է նա, ով ընթանում է իր պարկեշտությամբ. նրանից հետո երանի՜ նրա որդիներին։

8. Դատաստանի աթոռի վրա նստելիս թագավորն իր աչքերով ցրում է ամեն չարություն։

9. Ո՞վ կարող է ասել. «Սիրտս սրբել եմ, մաքրվել եմ իմ մեղքից»։

10. Տեսակ-տեսակ կշռաքարեր և տեսակ-տեսակ չափեր. երկուսն էլ զզվելի են Տիրոջը։

11. Երեխան անգամ ճանաչվում է իր վարքից՝ մաքուր կամ թե ուղիղ են նրա արարքները։

12. Լսող ականջ ու տեսնող աչք. երկուսն էլ Տերն է ստեղծել։

13. Մի՛ սիրիր քունը, չլինի թե աղքատանաս. աչքերդ բա՛ց և հացով կկշտանաս։

14. «Վատ է, վատ է»,- ասում է գնողը, բայց երբ որ գնում է, այն ժամանակ պարծենում է։

15. Ոսկի և շատ գոհարեղեն կա, բայց պատվական զարդեր են իմաստնախոս* շրթունքները։

16. Նրա՛ հանդերձը վերցրու, ով երաշխավոր է դարձել օտարականին, և օտար կնոջ երաշխավոր եղողից գրա՛վ վերցրու։

17. Խաբեությամբ* վաստակած հացը քաղցր է մարդու համար, բայց նրա բերանը հետո լցվում է խիճով։

18. Մտադրությունը խորհրդատվությամբ է հաստատվում, ուստի պատերազմը խոհունությա՛մբ* արա։

19. Բանսարկություն անողը գաղտնիքն է հայտնում, ուստի շրթունքները լայն բացողի հետ մի՛ հաղորդակցվիր։

20. Ով որ անիծի իր հորն ու մորը, նրա ճրագը կշիջի թանձր խավարի մեջ։

21. Սկզբում հապճեպ ստացված ժառանգությունը վերջում չի օրհնվի։

22. Մի՛ ասա. «Չարությանը պիտի փոխհատուցեմ». Տիրո՛ջը սպասիր, և նա քեզ կազատի։

23. Տեսակ-տեսակ կշռաքարերը զզվելի են Տիրոջը, խարդախված կշեռքները լավ չեն։

24. Տիրոջից են մարդու քայլերը, ուստի մարդ ինչպե՞ս հասկանա իր ճանապարհը։

25. Որոգայթ է մարդու համար առանց խոր մտածելու ասել «Աստծուն ընծայված* է» և ուխտելուց հետո կշռադատել։

26. Իմաստուն թագավորը ցրում է անիրավներին և նրանց վրա պտտում անիվը։

27. Մարդու հոգին Տիրոջ ճրագն է. նա քննում է մարմնի բոլոր խորքերը։

28. Ողորմածությունն ու հավատարմությունը պահում են թագավորին, և նա ողորմածությամբ կպահպանի իր աթոռը։

29. Երիտասարդների փառքն իրենց ուժն է, իսկ ծերերի վայելչությունը՝ ալևորությունը։

30. Վիրավորող հարվածները մաքրում են չարությունը, իսկ ծեծելը՝ մարմնի խորքերը։

ԱՌԱԿՆԵՐ 21

1. Թագավորի սիրտը Տիրոջ ձեռքին ջրի վտակների նման է. որ կողմն էլ ուզենա, կդարձնի։

2. Մարդու ամեն մի ճանապարհն ուղիղ է իր աչքին, բայց սրտեր կշռողը Տերն է։

3. Արդարություն և իրավունք գործելը Տիրոջն ավելի նախընտրելի է, քան թե զոհը։

4. Ամբարտավան աչքերը և գոռոզ սիրտը՝ անիրավների լապտերը, մեղք են։

5. Աշխատասերի մտադրություններն իրապես դեպի առատություն են տանում, բայց ամեն շտապող միայն դեպի կարիք է հասնում։

6. Ստախոս լեզվով գանձեր վաստակելը վաղանցուկ գոլորշի է և ունայնությունն է։

7. Անիրավների բռնությունն իրենց պիտի սրբի տանի, որովհետև մերժում են իրավունքը գործադրել։

8. Հանցավոր մարդու ճանապարհը ծուռումուռ է, բայց անբասիր մարդու արարքն ուղիղ է։

9. Լավ է կտուրի մի անկյունում բնակվել, քան թե մեծ տուն կիսել կռվասեր կնոջ հետ։

10. Անիրավի հոգին չարություն է ցանկանում. նրա ընկերը նրա աչքում ողորմություն չի գտնելու։

11. Երբ ծաղրողը պատժվում է, միամիտն իմաստնանում է, և երբ իմաստունը կրթվում է, գիտություն է ստանում։

12. Արդար Աստվածը*ուշադիր նայում է անիրավի տանը. նա անիրավներին տապալում է չարության համար։

13. Ով որ աղքատի աղաղակի դեմ խցկի իր ականջը, ինքն էլ կկանչի և պատասխանող չի գտնի։

14. Գաղտնի ընծան հանգցնում է բարկությունը, իսկ ծոցում թաքցրած կաշառքը՝ սաստիկ ցասումը։

15. Իրավունքը գործադրելն արդարի համար ուրախություն է, բայց չարագործների համար ահ է։

16. Ուշիմության ճանապարհից խոտորողն ուրվականների հավաքի մեջ կհանգրվանի։

17. Կարիքի մեջ կընկնի այն մարդը, որ հաճույք է սիրում, գինի և յուղ սիրողը չի հարստանա։

18. Արդարի համար անիրավը փրկանք կդառնա, անհավատարիմը՝ ուղղամիտների համար։

19. Լավ է բնակվել ամայի երկրում, քան թե կռվասեր և զայրացկոտ կնոջ հետ։

20. Իմաստունի բնակարանում ցանկալի գանձ և յուղ կգտնվի, բայց անմիտը կուլ կտա այն։

21. Արդարության և ողորմածության հետևողը կյանք, արդարություն և փառք կգտնի։

22. Իմաստունը զորավորների քաղաքը կբարձրանա և կկործանի նրանց ապավինած ամրությունը։

23. Ով պահում է իր բերանն ու լեզուն, իր հոգին պահում է նեղություններից։

24. Ամբարտավան գոռոզը, որը լկտիաբար մեծամտանում է, Ծաղրող է կոչվում։

25. Ծույլի ցանկությունը սպանում է նրան, որովհետև նրա ձեռքերը մերժում են աշխատել։

26. Նա ամեն օր սաստիկ ցանկալով ցանկանում է, իսկ արդարը տալիս է և չի խնայում։

27. Անիրավների զոհը զզվելի է, մանավանդ երբ չար մտադրությամբ են մատուցում։

28. Ստախոս վկան պիտի կորչի, բայց նա, որ ճշմարտությունը լսում է, միշտ կխոսի։

29. Անիրավ մարդը անամոթ դեմք ունի, բայց նա, որ ուղղամիտ է, քննում է իր ճանապարհը։

30. Տիրոջ դեմ իմաստություն չկա, խոհեմություն չկա, խորհուրդ չկա։

31. Պատերազմի օրվա համար ձիուն են պատրաստում, բայց հաղթանակը Տիրոջից է։

ԱՌԱԿՆԵՐ 22

1. Բարի անունը մեծ հարստությունից նախընտրելի է, շնորհքն արծաթից ու ոսկուց ավելի լավ է։

2. Հարուստն ու աղքատը ընդհանուր բան ունեն. Տերն է նրանց բոլորի ստեղծողը։

3. Խորագետը տեսնում է չարիքը և զգուշանում, բայց միամիտներն անտեսում են ու տուժում։

4. Խոնարհության և Տիրոջ երկյուղի վարձատրությունն են հարստությունը, պատիվն ու կյանքը։

5. Փշեր, որոգայթներ կան նենգ մարդու ճանապարհին. իր հոգին կպահպանի նա, ով նրանցից հեռանա։

6. Երեխային կրթի՛ր իր ճանապարհին համապատասխան, որով ընթանալու է, և նա իր ծերության ժամանակ չի խոտորի դրանից։

7. Հարուստը տիրում է աղքատներին, և փոխ առնողը ստրուկ է լինում փոխ տվողին։

8. Անարդարություն ցանողը դժբախտություն կհնձի, և նրա բարկության գավազանը կկորչի*։

9. Բարյացակամ աչք ունեցողն օրհնված կլինի, որովհետև իր հացից տալիս է աղքատին։

10. Դո՛ւրս արա ծաղրողին, ու կռիվը դուրս կգնա, և վեճն ու անարգանքը կդադարեն։

11. Սրտի մաքրություն սիրողին, որի խոսքերը շնորհալի են, թագավորը բարեկամ է։

12. Տիրոջ աչքերը պահում են գիտությունը, և նա ավերում է անհավատարիմի խոսքերը։

13. Ծույլն ասում է. «Դրսում առյուծ կա. հրապարակում ինձ կսպանեն»։

14. Շնացող կանանց բերանը խոր փոս է. ում վրա որ բարկացած է Տերը, նա այնտեղ կընկնի։

15. Հիմարությունը կապված է երեխայի սրտին, բայց խրատի գավազանը այն կհեռացնի նրանից։

16. Ով որ զրկում է աղքատին՝ իր հարստությունը շատացնելու համար, և ով որ հարուստին է տալիս, միայն կարիքավոր կլինի։Երեսուն իմաստուն խոսքեր

17. Ականջդ թեքի՛ր ու լսի՛ր իմաստունների խոսքերը և սիրտդ տո՛ւր իմ գիտությանը։

18. Որովհետև հաճելի է, եթե դրանք պահես քո հոգու խորքում, և դրանք բոլորն էլ հաստատվեն քո շրթունքների վրա։

19. Որպեսզի դու քո վստահությունը Տիրոջ վրա դնես, հենց այսօր սովորեցրի քեզ։

20. Չէ՞ որ երեսուն խորհուրդներով և գիտությամբ քեզ համար գրեցի,

21. Որպեսզի քեզ սովորեցնեմ ճշմարիտ խոսքերի ստուգությունը, որպեսզի քեզ հարցնողներին* ճշմարիտ խոսքերով պատասխանես։

22. Աղքատին մի՛ կողոպտիր, որովհետև աղքատ է, և դատաստանում* մի՛ տրորիր դժբախտին,

23. Քանի որ Տերն է ստանձնում նրանց դատը, և նա կկողոպտի նրանց կողոպտողների անձը։

24. Բարկացկոտ մարդու հետ մի՛ ընկերացիր և մի՛ գնա ցասկոտ մարդու հետ,

25. Որպեսզի հանկարծ չսովորես նրա ուղիները, և անձդ որոգայթի մեջ չընկնի։

26. Մի՛ եղիր այն գրավ տվողներից*, որոնք պարտքի համար երաշխավոր են լինում.

27. Եթե վճարելու ոչինչ չունենաս, ինչո՞ւ անկողինդ տակիցդ հանեն։

28. Մի՛ տեղաշարժիր վաղեմի սահմանանշանները, որ շինել են քո հայրերը։

29. Իր գործի մեջ հմուտ մարդու տեսե՞լ ես. նա թագավորների առաջ է կանգնելու, անշուք մարդկանց առաջ չի կանգնելու։

ԱՌԱԿՆԵՐ 23

1. Երբ որ իշխանի հետ ուտելու նստես, ո՛ւշ դիր, թե ի՛նչ կա առաջիդ։

2. Եվ դանա՛կ դիր կոկորդիդ, եթե մեծ ախորժակի տեր ես։

3. Նրա խորտիկները մի՛ ցանկացիր, որովհետև նրանք խաբեության հաց են։

4. Մի՛ տքնիր հարստանալու համար, ըմբռնողությո՛ւն ունեցիր դրանից հրաժարվելու.

5. Աչքերդ կսևեռես հարստության վրա, բայց արդեն այն չկա. այն իր համար թևեր է շինում և արծվի պես երկինք թռչում։

6. Ագահ մարդու հացը մի՛ կեր և նրա խորտիկները մի՛ ցանկացիր։

7. Որովհետև նա նման է ներքուստ հաշվարկողին, այնպիսին է. քեզ կասի. «Կե՛ր և խմի՛ր», բայց նրա սիրտը քեզ հետ չէ։

8. Այն պատառդ, որ կերել ես, կփսխես և այն քաղցր խոսքերդ վատնած կլինես։

9. Անմիտի ականջներին մի՛ խոսիր, որովհետև նա կանարգի քո լրջմիտ խոսքերը։

10. Մի՛ տեղաշարժիր վաղեմի սահմանաքարը և որբի արտերի մեջ մի՛ մտիր։

11. Որովհետև նրանց փրկարարը* զորավոր է. նա ի՛նքը կստանձնի նրանց դատը քո դեմ։

12. Սիրտդ խրատի՛ տուր և ականջներդ՝ գիտության խոսքերի։

13. Խրատը երեխային մի՛ խնայիր, որովհետև եթե նրան գավազանով ծեծես, չի մեռնի։

14. Դու նրան գավազանով կծեծես, բայց հոգին կազատես դժոխքից։

15. Որդյա՛կ իմ, եթե սիրտդ իմաստուն լինի, իմ սիրտն էլ կուրախանա,

16. Իմ անձը* կցնծա, երբ քո շրթունքներն ուղղամտորեն խոսեն։

17. Թող սիրտդ չնախանձի մեղավորներին, այլ ամեն օր Տիրոջ երկյուղի մե՛ջ եղիր։

18. Հիրավի մեկ ապագա կա, և քո հույսը չպիտի կտրվի։

19. Լսի՛ր, որդյա՛կ իմ, և իմաստո՛ւն եղիր և քո միտքը ուղիղ ճանապարհի մե՛ջ պահիր։

20. Գինեմոլների մեջ մի՛ եղիր և ոչ էլ որկրամոլությամբ միս ուտողների.

21. Որովհետև գինեմոլն ու որկրամոլը պիտի թշվառանան, իսկ քնկոտությունը պատառոտած հագուստներ կհագցնի։

22. Լսի՛ր քո հորը, որ քեզ ծնել է, և մի՛ անարգիր քո մորը, երբ ծերանա։

23. Ճշմարտությունը գնի՛ր և մի՛ ծախիր. գնի՛ր նաև իմաստությունը, խրատը և ըմբռնումը։

24. Արդարի հայրն անշուշտ պիտի հրճվի, իմաստունի ծնողը նրանով պիտի ուրախանա։

25. Հայրդ ու մայրդ թող ուրախանան, և թող հրճվի քեզ ծնողը։

26. Սիրտդ ի՛նձ տուր, որդյա՛կ իմ, և քո աչքերը թող հառեն իմ ճանապարհներին։

27. Որովհետև պոռնիկը խոր փոս է, իսկ անառակ կինը՝ նեղ ջրհոր։

28. Նա հիրավի ավազակի պես դարան է մտնում և մարդկանց մեջ ավելացնում անհավատարիմներին։

29. Ո՞ւմն է վայը, ո՞ւմն է վույը, ո՞ւմն են կռիվները, ո՞ւմն են տրտունջները, ո՞ւմն են առանց պատճառի վերքերը, ո՞ւմ են կարմրատակած աչքերը։

30. Նրանցը, ովքեր հապաղում են գինու մոտ, նրանցը, ովքեր գնում են խառնած գինին փնտրելու։

31. Մի՛ նայիր գինուն, որ երբ կարմիր է, երբ բաժակի մեջ շողում է, հեշտ է հոսում*.

32. Նա վերջում օձի պես կկծի և իժի պես կխայթի։

33. Աչքերդ արտասովոր բաներ կտեսնեն, իսկ միտքդ նենգ բաներ կխոսի.

34. Ծովի մեջտեղում պառկողի նման և կայմի գագաթին պառկողի նման կլինես։

35. Կասես. «Ինձ ծեծել են, բայց չեմ զգացել*, ինձ զարկել են, բայց չեմ իմացել. ե՞րբ եմ սթափվելու. դարձյալ խմիչք պիտի փնտրեմ»։

ԱՌԱԿՆԵՐ 24

1. Չար մարդկանց մի՛ նախանձիր և մի՛ ցանկացիր նրանց հետ լինել,

2. Որովհետև նրանց միտքը բռնություն է խորհում, իսկ նրանց շրթունքները նեղությունից են խոսում։

3. Տունն իմաստությամբ է շինվում և խոհեմությամբ է հաստատվում։

4. Գիտությամբ են լցվում շտեմարանները, ամեն տեսակ պատվական և ընտիր ունեցվածքով։

5. Իմաստուն մարդը զորավոր է լինում, և գիտություն ունեցող մարդն իր ուժն է ավելացնում։

6. Որովհետև պատերազմդ խոհունությամբ* ես անում, և ազատումը խորհրդականների շատությամբ է լինում։

7. Իմաստությունը հիմարի համար խիստ բարձր է, նա դռան մեջ չի բացում իր բերանը։

8. Ով մտածում է չարիք անել, նրան նենգամիտ են ասում։

9. Հիմարություն մտադրելը մեղք է, և ծաղրողը զզվելի է մարդկանց։

10. Եթե նեղության օրը թուլանաս, ուժդ քիչ է։

11. Ազատի՛ր մահվան տարվողներին և սպանվելու գնացողներին ե՛տ պահիր։

12. Եթե ասես. «Ահա մենք այս չգիտեինք», մի՞թե սրտեր կշռողը չգիտի, և հոգիդ պահողը չի՞ իմանում. նա, որ մարդուն հատուցում է իր արարքի համեմատ։

13. Մե՛ղր կեր, որդյա՛կս, որովհետև այն լավ է, և մեղրախորիսխից կաթածը, որ քաղցր է քո քիմքին։

14. Իմացի՛ր, որ իմաստությունը նույնպիսին է քո հոգու համար. եթե գտնես այն, ապագա* կա, և հույսդ չի կտրվի։

15. Արդարի բնակարանին դարանակալ մի՛ եղիր, ո՛վ անիրավ, նրա հանգստության վայրը մի՛ ավերիր։

16. Որովհետև արդարը յոթ անգամ վայր կընկնի ու կկանգնի, բայց անհավատարիմները չարիքի մեջ կսայթաքեն։

17. Քո թշնամու վայր ընկնելու ժամանակ մի՛ ուրախանա, և սիրտդ թող չհրճվի նրա սայթաքելու ժամանակ.

18. Միգուցե Տերը տեսնի, և նրա աչքին անհաճո երևա, ու իր բարկությունը դարձնի նրա վրայից։

19. Չարերի պատճառով մի՛ բորբոքվիր և մի՛ նախանձիր անիրավներին։

20. Որովհետև չարն ապագա չունի, և անիրավների ճրագը պիտի հանգչի։

21. Որդյա՛կ իմ, վախեցի՛ր Տիրոջից ու թագավորից և ապստամբներին մի՛ միացիր։

22. Որովհետև հանկարծ նրանցից կործանում վրա կհասնի. ո՞վ գիտի այն երկուսից եկող պատուհասը։Իմաստուն խոսքերի շարունակություն

23. Սրանք էլ են իմաստունների խոսքերը. դատաստանի մեջ կողմնակալություն անելը լավ չէ։

24. Ով որ անիրավին ասի. «Արդար ես», ազգերը կանիծեն նրան, ժողովուրդները կանարգեն նրան։

25. Իսկ անիրավներին հանդիմանողները երջանիկ կլինեն, և նրանց վրա բարի օրհնություն կլինի։

26. Շրթունքներ է համբուրում նա, ով շիտակ պատասխան է տալիս։

27. Դրսի գործերդ կարգավորի՛ր, քեզ համար պատրաստի՛ր քո արտում, ապա շինի՛ր տունդ։

28. Քո հարևանի դեմ զուր վկայություն մի՛ տուր և մի՛ խաբիր քո շրթունքներով։

29. Մի՛ ասա. «Ինչպես որ ինձ արեց, ես էլ իրեն եմ այդպես անելու. այդ մարդուն հատուցելու եմ իր արարքների համեմատ»։

30. Անցա ծույլ մարդու արտի մոտով և պակասամիտ մարդու այգու մոտով.

31. Ահա բոլորի մեջ փշեր էին աճել, նրանց մակերեսը եղինջն էր ծածկել, և նրա քարե պատը փուլ էր եկել։

32. Եվ երբ որ տեսա, մտքիս մեջ պահեցի, նայեցի և խրատ առա։

33. Եթե մի քիչ քնես, մի քիչ մրափես, ձեռքերդ ծալես ննջելու համար,

34. Այն ժամանակ աղքատությունդ կգա ճանապարհորդի պես, և քո թշվառությունը՝ վահանակիր մարդու պես։

ԱՌԱԿՆԵՐ 25

1. Սրանք էլ են Սողոմոնի առակները, որոնք օրինակեցին Հուդայի Եզեկիա թագավորի մարդիկ։

2. Աստծու փառքն է բաներ ծածկելը, բայց թագավորների փառքը բաներ քննելն է։

3. Երկնքի բարձրությունը, երկրի խորությունը և թագավորների սիրտը անքննելի են։

4. Արծաթից հանի՛ր խարամը, և արծաթագործի համար անոթի հումք դուրս կգա։

5. Թագավորի առջևից հանի՛ր անիրավին, և նրա գահը կհաստատվի արդարությամբ։

6. Թագավորի առաջ մի՛ մեծամտացիր և մեծամեծների տեղը մի՛ կանգնիր։

7. Որովհետև լավ է, որ քեզ ասեն. «Բարձրացի՛ր այստեղ», քան թե խոնարհեցնեն իշխանի առաջ։ Ինչ որ տեսնում են քո աչքերը,

8. Իսկույն դատարան մի՛ գնա, թող քեզ իսկույն դատի չշտապեցնի. ի՞նչ ես անելու վերջում, երբ որ հարևանդ ամաչեցնի քեզ։

9. Հարևանիդ հետ վիճի՛ր, բայց ուրիշի գաղտնիքը մի՛ հայտնիր,

10. Որպեսզի լսողը հանկարծ չանպատվի քեզ, և վատ անունը անդառնալի չլինի։

11. Պատշաճ ասված խոսքը արծաթե զարդերի մեջ ոսկե խնձորների նման է։

12. Լսող ականջի համար իմաստունի հանդիմանությունը ոսկե օղ և ոսկյա մանյակ է։

13. Ինչպես ձյունի զովությունն է հնձի ժամանակ, այնպես էլ դեսպանը՝ իրեն ուղարկողի համար. նա կազդուրում է իր տերերի հոգին։

14. Անանձրև ամպերի և քամու նման է այն մարդը, որ պարծենում է սուտ առատաձեռնությամբ*։

15. Համբերատարությամբ իշխանը կհամոզվի, և քաղցր լեզուն ոսկոր կկոտրի։

16. Եթե մեղր գտնես, կե՛ր քեզ բավարարելու չափ. չլինի թե նրանից հագենաս և փսխես այն։

17. Հարևանիդ տուն հաճախ մի՛ գնա՛. գուցե քեզանից կշտանա և ատի քեզ։

18. Լախտ, թուր ու սրած նետ է այն մարդը, որ սուտ վկայություն է տալիս իր հարևանի դեմ։

19. Նեղության օրը անհավատարիմ մարդուն ապավինելը կոտրած ատամի և դյուրասահ ոտքի ապավինելու պես է։

20. Տխուր* մարդու առաջ երգեր երգելը ցուրտ օրը զգեստ հանելու կամ բորակի վրա քացախ լցնելու պես է։

21. Եթե թշնամիդ սոված է, ուտելու հացդ տո՛ւր նրան, և եթե ծարավ է, խմելու ջո՛ւր տուր նրան,

22. Որովհետև այդպիսով նրա գլխի վրա կրակի կայծեր կդիզես, և Տերը կհատուցի քեզ։

23. Հյուսիսային քամին անձրև է բերում, բամբասող լեզուն՝ խոժոռ դեմք։

24. Ավելի լավ է բնակվել կտուրի մի անկյունում, քան թե կռվասեր կնոջ հետ մի տան մեջ։

25. Հեռու երկրից եկած բարի լուրը սառը ջուր է ծարաված հոգու համար։

26. Անիրավի առաջ տատանվող արդարը պղտորված աղբյուրի և ապականված ջրհորի նման է։

27. Շատ մեղր ուտելը լավ չէ, իր պատիվը որոնելը պատվաբեր չէ։

28. Այն մարդը, որ չի զսպում իր հոգին, քանդված և անպարիսպ քաղաքի նման է։

ԱՌԱԿՆԵՐ 26

1. Ինչպես ձյունը ամռանը և անձրևը հնձի ժամանակ, այնպես էլ անմիտին պատիվը վայել չէ։

2. Ինչպես որ ճնճղուկն է թռվռում, և ծիծեռնակն է թռչում, այնպես էլ անտեղի անեծքը չի կատարվի։

3. Խարազանը ձիու համար, սանձը՝ էշի, և գավազանը՝ անմիտների մեջքի համար։

4. Անմիտին նրա հիմարության համեմատ մի՛ պատասխանիր, որպեսզի դու էլ նրան չնմանվես։

5. Անմիտին պատասխանի՛ր նրա հիմարության համեմատ, որպեսզի իր աչքին իմաստուն չլինի։

6. Ով որ անմիտի միջոցով պատգամ է ուղարկում, իր ոտքերն է կտրում և վնաս կրում*։

7. Ինչպես որ կաղի սրունքներն են երերում, այնպես էլ առակն է անմիտների բերանում։

8. Ինչպես քարը պարսատիկի մեջ ամրացնողն է, այնպես էլ՝ անմիտին պատիվ տվողը։

9. Անմիտների բերանում առակը հարբածի ձեռքը ծակող փշի պես է։

10. Ով որ անմիտ անցորդին է վարձում, նման է նետաձիգի, որ խոցում է բոլորին։

11. Ինչպես որ շունն է ետ դառնում դեպի իր փսխածը, այնպես էլ անմիտը կրկնում է իր հիմարությունը։

12. Տեսե՞լ ես մեկին, որ ինքն իր աչքին իմաստուն է երևում. անմիտից ավելի հույս կա, քան թե նրանից։

13. Ծույլն ասում է. «Ճանապարհին կորյուն կա, հրապարակների մեջ՝ առյուծ»։

14. Դուռն իր ծխնիների վրա է դառնում, ծույլը՝ իր անկողնու վրա։

15. Ծույլն իր ձեռքը մտցնում է* ամանի մեջ, և այն ետ դեպի իր բերանը տանելը հյուծում է նրան։

16. Ծույլն իր աչքին ավելի իմաստուն է, քան յոթ մարդ, որոնք դատողությամբ են պատասխանում։

17. Այն անցորդը, որը ներքաշվում է իրենը չեղող վեճի մեջ, նման է այն մարդուն, որ շունը բռնում է ականջներից։

18. Ինչպես խենթը, որ կրակի կայծեր, նետեր և մահ է արձակում,

19. Այնպես է այն մարդը, որ խաբում է իր հարևանին ու ասում. «Կատակում էի»։

20. Փայտ չլինելու դեպքում կրակը կհանգչի, և հրահրող* չլինելիս կռիվը կդադարի։

21. Ինչպես ածուխն է անթեղի համար, և փայտը՝ կրակի, նույնպես է կռվարար մարդը՝ վեճ բորբոքելու։

22. Քսու մարդու խոսքերը քաղցր պատառների պես են. նրանք իջնում են փորի խորքերը*։

23. Բոցավառ շրթունքներն ու չար սիրտը արծաթի խարամով պատած խեցեղենի պես են։

24. Ատողը կեղծում է իր շրթունքներով և սրտում խաբեություն է պահում*։

25. Երբ շնորհալի է նրա ձայնը, նրան չհավատա՛ս, որովհետև յոթ զզվելի բան կա նրա սրտում։

26. Ատելությունը թեկուզ ծածկվի խաբկանքով, նրա չարությունը կհայտնվի ժողովրդի* մեջ։

27. Փոս փորողն ինքը նրա մեջ կընկնի, և ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա։

28. Ստախոս լեզուն ատում է իր կծածներին*, և շողոքորթող բերանը կորուստ է պատճառում*։

ԱՌԱԿՆԵՐ 27

1. Մի՛ պարծենա վաղվա օրով, որովհետև չգիտես, թե օրն ինչ կծնի։

2. Թող քեզ օտարը գովի և ոչ թե քո բերանը, ուրիշը և ոչ թե քո շրթունքները։

3. Ծանր է քարը, և բեռ է ավազը, բայց հիմարի զայրույթը երկուսից էլ ծանր է։

4. Ցասումն անգութ է, և բարկությունը՝ կատաղի, բայց ո՞վ կարող է կանգնել նախանձի առջև։

5. Բացահայտ հանդիմանությունն ավելի լավ է, քան թե քողարկված սերը։

6. Բարեկամի պատճառած վերքերն անկեղծ են, բայց լիառատ են ոսոխի * համբույրները։

7. Կուշտ անձը արհամարհում է մեղրը, բայց սոված մարդու համար ամեն լեղի բան քաղցր է։

8. Ինչպես որ իր բնից թափառական եղած թռչունն է, այնպես էլ իր տեղից թափառական եղող մարդն է։

9. Անուշահոտ յուղն ու խունկն ուրախացնում են մարդու սիրտը, նաև հարևանի քաղցրությունը՝ մտերիմ խորհրդով։

10. Քո բարեկամին և հորդ բարեկամին մի՛ լքիր և քո թշվառության օրը եղբորդ տուն մի՛ գնա. մոտիկ հարևանը հեռու եղբորից լավ է։

11. Որդյա՛կ իմ, իմաստո՛ւն եղիր և սիրտս ուրախացրո՛ւ, որպեսզի ես կարողանամ պատասխան տալ ինձ նախատողին։

12. Խորագետը տեսնում է չարիքը և զգուշանում*, իսկ միամիտներն անցնում են ու պատժվում։

13. Վերցրու նրա՛ հանդերձը, ով երաշխավոր է դարձել օտարականին, և օտար կնոջ երաշխավոր եղողից գրա՛վ վերցրու։

14. Ով որ վաղ առավոտից բարձր ձայնով օրհնի իր դրացուն, սա նրա համար անեծք կհամարվի։

15. Անձրևոտ օրվա անդադար կաթկթոցը և կռվարար կինն իրար նման են։

16. Նրան զսպողը* քամին է պահում, և նրա աջ ձեռքի տաղը ձայն կտա։

17. Երկաթը երկաթով է սրվում, և մարդն էլ սրում է իր ընկերոջ միտքը*։

18. Թզենին խնամողը նրա պտուղը կուտի, և իր տիրոջը պահպանողը կպատվվի։

19. Ինչպես որ երեսը ջրի մեջ երես է ցոլանում, այնպես էլ սրտի մեջ մարդն է մարդ ցոլանում։

20. Դժոխքն ու մեռելների աշխարհը* չեն կշտանում, նույնպես և չեն կշտանում մարդու աչքերը։

21. Հալոցը՝ արծաթին, իսկ քուրան՝ ոսկուն, նույնպես էլ մարդը փորձվում է իրեն գովաբանող բերանով։

22. Եթե սանդի մեջ հացահատիկի հետ սանդաթակով էլ ծեծես հիմարին, նրա հիմարությունը նրանից չի հեռանա։

23. Լա՛վ իմացիր քո ոչխարների վիճակը, ուշադրությո՛ւն դարձրու քո հոտերին,

24. Որովհետև հարստությունը հավիտենական չէ, և ոչ էլ թագն է սերնդեսերունդ տևում։

25. Երբ խոտը վերանա, դալարը կերևա, և կժողովվեն սարերի խոտաբույսերը.

26. Գառները հագուստիդ համար կլինեն, և նոխազները՝ դաշտի գինը։

27. Եվ բավականին այծի կաթ կլինի քեզ կերակրելու և տունդ կերակրելու համար, նույնպես և քո աղախինների ապրուստի համար։

ԱՌԱԿՆԵՐ 28

1. Անիրավը փախչում է, երբ ոչ ոք իրեն չի հալածում, բայց արդարներն առյուծի պես համարձակ են։

2. Երկրի ապստամբության պատճառով նրա իշխանավորները շատ կլինեն, բայց ըմբռնող գիտուն մարդու միջոցով կայունությունը երկար կդիմանա։

3. Աղքատ մարդը, որը նեղում է չքավորներին, ուտելիքի չգոյություն պատճառող հորդառատ անձրևի պես է։

4. Օրենքը լքողները գովում են անիրավներին, բայց օրենք պահողները նրանց դեմ մաքառում են։

5. Չար մարդիկ իրավունքը չեն ըմբռնում, բայց Տիրոջը փնտրողները հասկանում են ամեն ինչ։

6. Ավելի լավ է իր պարկեշտությամբ ընթացող չքավորը, քան թե ծուռ ճանապարհների տեր հարուստը։

7. Օրենքը պահողն ըմբռնող որդի է, բայց որկրամոլների հետ բարեկամացողը կամաչեցնի իր հորը։

8. Իր ունեցվածքը տոկոսներով և վաշխով շատացնողն այն հավաքում է ուրիշի համար, ով ողորմած է աղքատների հանդեպ։

9. Ով որ իր ականջը հեռացնում է* օրենք լսելուց, նրա աղոթքն անգամ զզվելի է։

10. Ուղղամիտներին չար ճանապարհի մեջ մոլորեցնողն ինքը կընկնի իր փոսի մեջ, բայց պարկեշտները բարիք պիտի ժառանգեն։

11. Հարուստ մարդն իր աչքին իմաստուն է, բայց ըմբռնող աղքատը քննում* է նրան։

12. Երբ արդարներն են ցնծում, փառքը մեծ է լինում, բայց երբ բարձրանում են անիրավները, մարդ թաքնվում է։

13. Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա, բայց խոստովանողն ու դրանք լքողը գթություն կգտնի։

14. Երանելի է այն մարդը, որ միշտ Տիրոջ երկյուղն ունի, բայց իր սիրտը խստացնողը չարիքի մեջ կընկնի։

15. Աղքատ ժողովրդի վրա իշխող անիրավը մռնչացող առյուծի և գրոհող արջի նման է։

16. Անխոհեմ իշխանի պատճառած հարստահարությունը շատ կլինի, իսկ ագահությունն ատողը կերկարացնի իր օրերը։

17. Արյունապարտ մարդը մինչև գերեզման* կփախչի. թող ոչ ոք նրան չօգնի*։

18. Պարկեշտությամբ ընթացողը կփրկվի, բայց ծուռ ճանապարհներով գնացողը մեկում վայր կընկնի։

19. Ով որ մշակի իր հողը, հացով կկշտանա, իսկ դատարկապորտ մարդկանց հետևողը կկշտանա աղքատությամբ։

20. Հավատարիմ մարդը շատ օրհնություններ կստանա, բայց հարստանալու փութացողն անպատիժ չի մնա։

21. Կողմնակալությունը լավ չէ, որովհետև մի պատառ հացի համար մարդ հանցանք է գործում։

22. Հարստանալու է շտապում չարաչք մարդը, բայց չգիտի, որ իր վրա աղքատություն պիտի գա։

23. Մարդուն հանդիմանողը հետո ավելի շնորհք կգտնի, քան թե լեզվով շողոքորթողը։

24. Ով որ կողոպտի իր հորն ու մորը՝ ասելով. «Մեղք չէ», նա կործանարար մարդու ընկերն է։

25. Գոռոզ հոգի ունեցողը կռիվ է հրահրում, իսկ Տիրոջն ապավինողը կլիանա։

26. Իր խելքին ապավինողն անմիտ է, բայց իմաստությամբ վարվողը կփրկվի։

27. Աղքատին տվողը կարիքի մեջ չի լինի, բայց ով որ աչքերը փախցնի, բազմիցս կանիծվի։

28. Անիրավների բարձրանալու ժամանակ մարդ թաքնվում է, իսկ երբ նրանք կործանվեն, արդարները կշատանան։

ԱՌԱԿՆԵՐ 29

1. Հաճախ հանդիմանություններ ստացող մարդը, եթե պնդացնի իր պարանոցը, հանկարծ կջախջախվի և բժշկություն չի գտնի։

2. Երբ բազմանում են արդարները, ժողովուրդն ուրախանում է, բայց երբ անիրավն է իշխում, ժողովուրդը հառաչում է։

3. Իմաստություն սիրող մարդն ուրախացնում է իր հորը, բայց պոռնիկների ընկեր եղող մարդը փչացնում է ունեցվածքը։

4. Թագավորն իրավունքով հաստատում է երկիրը, բայց կաշառակեր մարդը կործանում է այն։

5. Իր հարևանին շողոքորթող մարդը ցանց է փռում նրա քայլերի համար։

6. Չար մարդն իր հանցանքի որոգայթի մեջ կբռնվի, բայց արդարը ցնծում է և ուրախանում։

7. Արդարը գիտի աղքատների իրավունքը, բայց անիրավ մարդը գիտություն չունի։

8. Ծաղր անող մարդիկ քաղաք կբռնկեցնեն, բայց իմաստունները բարկությունը կկասեցնեն։

9. Երբ իմաստուն մարդը դատի մեջ մտնի հիմարի հետ, հանգիստ չի ունենալու, զայրանա էլ, ծիծաղի էլ։

10. Արյունարբու մարդիկ ատում են պարկեշտին, բայց ուղղամիտները փնտրում են նրա անձը*։

11. Անմիտն իր սրտի ամբողջ եղածը դուրս է տալիս, բայց իմաստունն այն հանդարտությամբ ետ է պահում։

12. Եթե իշխանավորը սուտ խոսքերի է ականջ դնում, նրա բոլոր սպասավորներն անիրավ կլինեն։

13. Աղքատը և բռնավորը ընդհանուր մի բան ունեն. երկուսի աչքերին էլ լույս տվողը Տերն է։

14. Աղքատներին ճշմարտությամբ դատող թագավորի աթոռը մշտապես հաստատուն կմնա։

15. Գավազանը և հանդիմանությունն իմաստություն կտան, բայց իր կամքին թողնված տղան անարգանք կբերի իր մորը։

16. Երբ բազմանում են անիրավները, հանցանքը շատանում է, բայց արդարները նրանց վայր ընկնելը կտեսնեն։

17. Խրատի՛ր որդուդ, որպեսզի քեզ հանգստացնի և քո հոգին զվարճացնի։

18. Առանց տեսիլքի ժողովուրդը սանձարձակ կդառնա. բայց ով պահի օրենքը, երանելի կլինի։

19. Խոսքերով չի խրատվի այն ծառան, որն ըմբռնում է, բայց չի գործադրում*։

20. Իր խոսքերի մեջ շտապող մարդ տեսնո՞ւմ ես. անմիտից ավելի հույս կա, քան թե նրանից։

21. Ով որ իր ծառային պատանեկությունից շփացնի, կհանդիպի ապերախտության։

22. Բարկացող մարդը կռիվ է հրահրում, և ցասկոտ մարդը շատ հանցանք կունենա։

23. Մարդու ամբարտավանությունը նրան կնվաստացնի, բայց հեզահոգին փառքի կարժանանա։

24. Գողի հետ հանցակիցն իր անձն ատում է. նա երդվում է, բայց հետո բան չի հայտնում։

25. Վախը մարդուն որոգայթի մեջ կգցի, բայց Տիրոջն ապավինողը ապաստան կունենա։

26. Շատերն իշխանավորի երեսը կփնտրեն, բայց մարդու իրավունքը Տիրոջից է։

27. Անօրեն մարդը զզվելի է արդարներին, բայց անիրավի համար զզվելի է ուղղամտությամբ ընթացողը։

ԱՌԱԿՆԵՐ 30

1. Հակեի որդի Ագորի խոսքերը, այսինքն՝ այն մարգարեական պատգամը, որ նա ասաց Իթիելին, Իթիելին և Ուքալին։

2. Ես հիրավի բոլոր մարդկանցից ավելի անխելք եմ և մարդկային ըմբռնողություն չունեմ։

3. Ես իմաստություն չեմ սովորել և Ամենասուրբի գիտությունը չգիտեմ։

4. Ո՞վ երկինք բարձրացավ և իջավ, ո՞վ քամին հավաքեց իր բռերի մեջ, ջուրն ո՞վ ծրարեց իր հանդերձի մեջ, ո՞վ հաստատեց երկրի բոլոր ծայրերը, ի՞նչ է նրա անունը, և նրա որդու անունը եթե գիտես, ասա՛։

5. Աստծու ամեն մի խոսքը փորձված*է. նա վահան է իրեն ապավինողների համար։

6. Նրա խոսքերի վրա չավելացնես, որ հանկարծ քեզ չհանդիմանի, և դու ստախոս չերևաս։

7. Քեզանից երկու բան եմ խնդրում. ինձ մի՛ մերժիր, քանի դեռ չեմ մեռել։

8. Ունայնությունն ու սուտ խոսքը հեռացրո՛ւ ինձանից, ինձ աղքատություն կամ հարստություն մի՛ տուր, իմ բաժին հացո՛վ կերակրիր ինձ։

9. Չլինի թե կշտանամ և քեզ ուրանամ և ասեմ. «Ո՞վ է Տերը». և չլինի թե աղքատանամ ու գողանամ և արատավորեմ իմ աստծու անունը։

10. Մի ծառայից մի՛ բամբասիր իր տիրոջ մոտ, որ քեզ չանիծի, և դու հանցավոր չլինես։

11. Մարդիկ* կան, որոնք անիծում են իրենց հորը և չեն օրհնում իրենց մորը։

12. Մարդիկ կան, որոնք իրենց աչքին անբիծ են երևում, բայց իրենց կեղտից չեն մաքրվել։

13. Մարդիկ կան, որոնց աչքերն ամբարտավան են, և նրանց կոպերը՝ բարձրացած։

14. Մարդիկ կան, որոնց ատամները սրեր են, որոնց ժանիքները՝ դանակներ, որպեսզի երկրի վրայից աղքատներին և մարդկանց միջից տնանկներին ուտեն։

15. Տզրուկը երկու աղջիկ ունի. «Տո՛ւր, տո՛ւր» են ասում։ Նույնպես և երեք բան անկուշտ է, և չորսը, որ չեն ասում՝ «Հերիք է».

16. Գերեզմանը և ամուլ արգանդը, երկիրը, որ ջրով չի կշտանում, և կրակը, որ չի ասի՝ «Հերիք է»։

17. Իր հորը ծաղրողի և իր մոր հնազանդությունն արհամարհողի աչքը պիտի փորեն ձորի ագռավները, և այն պիտի ուտեն արծվի ձագերը։

18. Երեք բան կա, որոնք զարմանալի են ինձ համար, և չորսը, որոնք չեմ հասկանում։

19. Երկնքում արծվի ճանապարհը, ապառաժի վրա օձի ճանապարհը, ծովի սրտում նավի ճանապարհը և տղամարդու ճանապարհն աղջկա մոտ։

20. Այդպիսին է շնացող կնոջ ճանապարհը. ուտում է, բերանը սրբում է և ասում է. «Չար բան չեմ արել»։

21. Երեք բանի տակ դողում է երկիրը, և չորս բան կա, որոնք նա հանդուրժել չի կարողանում.

22. Ստրուկը, երբ որ թագավորի, տխմարը, երբ որ հացով կշտանա,

23. Ատելի կինը, երբ որ ամուսնանա, աղախինը, երբ որ իր տիրուհու ժառանգորդ դառնա։

24. Չորս բան կա երկրի վրա, որ փոքր են, բայց իմաստուններից իմաստուն են.

25. Մրջյունները մի զորավոր ժողովուրդ չեն, բայց իրենց հացը ամռանն են պատրաստում։

26. Ճագարները մի ուժեղ ժողովուրդ չեն, բայց իրենց տունը ապառաժում են շինում։

27. Մորեխները թագավոր չունեն, բայց բոլորը գունդ-գունդ են դուրս գալիս։

28. Մողեսին կարող ես ձեռքերովդ բռնել, բայց թագավորական պալատներում է լինում նա։

29. Երեքն են, որ գեղեցիկ են քայլում, և չորսն են, որ վայելուչ ընթացք ունեն.

30. Առյուծը, որ գազանների զորավորն է և ոչ մի բանի երեսից չի շրջվում,

31. Աքաղաղը*, այծը և թագավորը, որի զորքն իր հետ է։

32. Եթե ինքդ քեզ բարձրացնելով ապուշություն արեցիր կամ եթե մի չար բան մտադրեցիր, ձեռքդ բերանիդ վրա՛ դիր,

33. Որովհետև կաթի հարելուց կարագ դուրս կգա, քիթը ճմլելուց արյուն դուրս կգա, և բարկությունը գրգռելուց վեճ դուրս կգա։

ԱՌԱԿՆԵՐ 31

1. Լեմուել թագավորի խոսքերը. այն պատգամը, որով նրան խրատեց իր մայրը.

2. «Ի՞նչ ասեմ, որդի՛ս, ի՞նչ, ո՛վ իմ որովայնի որդին, ի՞նչ, ո՛վ իմ ուխտերի որդին.

3. Քո զորությունը կանանց մի՛ տուր, ոչ էլ քո ճանապարհները՝ թագավորներ տապալողներին։

4. Թագավորների համար չէ, ո՛վ Լեմուել, թագավորների համար չէ գինի խմելը, ոչ էլ օղին՝ իշխանների,

5. Որպեսզի չխմեն և չմոռանան վճիռը և ոչ մի տառապյալի դատը չայլափոխեն։

6. Օղին կորչողի՛ն տվեք և գինին՝ դառնահոգիներին.

7. Թող խմի և մոռանա իր աղքատությունը և իր թշվառությունն այլևս չհիշի։

8. Բա՛ց բերանդ համրի համար և բոլոր անօգնականների* դատի համար։

9. Բա՛ց բերանդ, դատի՛ր արդարությամբ և աղքատի ու կարոտյալի դատը տե՛ս։Առաքինի կինը

10. Առաքինի կին ո՞վ կարող է գտնել. նրա գինը գոհարներից շատ ավելի է։

11. Նրա վրա վստահ է իր ամուսնու սիրտը, և ավարի կարիք չի լինի։

12. Նա իր կյանքի բոլոր օրերին նրան բարիք կբերի և ոչ թե չարիք։

13. Նա բուրդ և քաթան կփնտրի և իր ձեռքի հոժարությամբ կգործի։

14. Նա վաճառականի նավերի նման է. նրա հացը հեռվից է բերում։

15. Նա տակավին գիշերով է վեր կենում և իր տան անդամների կերակուրն է տալիս ու իր աղախինների բաժինը։

16. Արտի մասին է մտածում և առնում այն, իր ձեռքի պտղից այգի է տնկում։

17. Իր մեջքը գոտևորում է զորությամբ և ամրապնդում է իր բազուկները։

18. Նա հասկանում է, որ իր առևտրի շահույթը լավ է. նրա ճրագը գիշերը չի հանգչում։

19. Նա իր ձեռքը մեկնում է իլիկին և իր ափով ճախարակը բռնում։

20. Նա իր ձեռքը պարզում է աղքատին և ձեռք մեկնում կարոտյալին։

21. Նա իր տնեցիների համար ձյունից չի վախենում, որովհետև ամբողջ ընտանիքը բրդյա կարմիր հանդերձներ է հագել*։

22. Նա ծածկոցներ է շինում իր համար, նրա հանդերձը նուրբ գործվածք ու բեհեզ ծիրանի է։

23. Նրա ամուսինը ճանաչված է քաղաքի դարպասներում, երբ նստում է երկրի երեցների հետ։

24. Նա կտավ է գործում ու ծախում և գոտի է հանձնում վաճառականին։

25. Զորությունն ու պատիվն են նրա զգեստը, և ուրախ է հետագա օրերի համար։

26. Նա իր բերանն իմաստությամբ է բացում, և նրա լեզվի վրա բարության ուսուցում կա։

27. Նա իր տան գործերն է հսկում և ծուլության հացը չի ուտում։

28. Նրա որդիները կանգնում են և երանելի են կոչում նրան, նրա ամուսինը ևս գովաբանում է նրան.

29. “Շատ աղջիկներ են առաքինի եղել, բայց դու նրանց բոլորին էլ գերազանցեցիր”։

30. Սուտ է վայելչությունը,* և ունայն՝ գեղեցկությունը. այն կինը, որ երկյուղում է Տիրոջից, կգովաբանվի։

31. Տվե՛ք նրան իր ձեռքի պտղից, և թող նրա արարքները գովեն նրան քաղաքի դարպասներում»։