Ա
Ս
Տ
Ծ
Ո

Ժ
Ո
Ղ
Ո
Վ
Ո
Ւ
Ր
Դ
.
.
.

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

Աստվածաշունչ (online)

Ընտրել Գիրքը...

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրել Գլուխը...

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1

1. Դավիթ թագավորը ծերացել էր, տարիքն առել էր, և նրան ծածկում էին ծածկոցներով, բայց նա չէր տաքանում։

2. Եվ նրա ծառաներն ասացին նրան. «Թող մեր տեր թագավորի համար մի կույս աղջիկ փնտրեն, որ սպասավորի թագավորի առաջ, խնամի նրան. պառկի քո ծոցում, որ մեր տեր թագավորը տաքանա»։

3. Եվ մի գեղեցիկ աղջիկ փնտրեցին Իսրայելի ամբողջ սահմաններում և գտան սունամացի Աբիսակին ու նրան բերեցին թագավորի մոտ։

4. Աղջիկը շատ գեղեցիկ էր. խնամում էր թագավորին և ծառայում, բայց թագավորը չկենակցեց նրա հետ։

5. Ագգիթի որդի Ադոնիան գոռոզացավ և ասաց. «Ես պետք է թագավոր լինեմ»։ Եվ կառքեր ու ձիավորներ պատրաստեց իր համար և հիսուն մարդ, որոնք գնում էին իր առջևից։

6. Նրա հայրն իր օրում չէր հանդիմանել նրան, չէր ասել, թե՝ «Այդ ինչո՞ւ ես այդպես անում»։ Տեսքով էլ նա շատ գեղեցիկ էր և ծնվել էր Աբիսողոմից հետո։

7. Եվ նա խորհուրդ արեց Շարուհեայի որդի Հովաբի և Աբիաթար քահանայի հետ, որոնք օգնում էին Ադոնիային՝ հետևելով նրան։

8. Բայց Սադովկ քահանան ու Հովիադայի որդի Բանեան, Նաթան մարգարեն ու Սեմեին, Ռեին ու Դավթի քաջարի մարդիկ Ադոնիայի հետ չէին։

9. Ադոնիան ոչխարներ, եզներ ու գեր անասուններ մորթեց Զոողեթի քարի մոտ, որը գտնվում է Ռովգելի աղբյուրի մոտ, և կանչեց իր բոլոր եղբայրներին՝ թագավորի որդիներին, և Հուդայի բոլոր տղամարդկանց, որոնք թագավորի ծառաներն էին։

10. Բայց Նաթան մարգարեին, Բանեային, զորավորներին և իր եղբայր Սողոմոնին չկանչեց։

11. Եվ Նաթանն ասաց Բերսաբեին՝ Սողոմոնի մորը. «Չե՞ս լսել, որ Ագգիթի որդի Ադոնիան թագավոր է դարձել, և մեր տերը՝ Դավիթը, չգիտի։

12. Արդ, ե՛կ քեզ մի խրատ տամ, որ ազատես քո կյանքը և քո որդի Սողոմոնի կյանքը։

13. Գնա մտի՛ր Դավիթ թագավորի մոտ և ասա՛ նրան. “Չէ՞ որ դու ինքդ, իմ տե՛ր թագավոր, երդվեցիր քո աղախնին՝ ասելով, թե՝

14. Եվ երբ դու այնտեղ թագավորի հետ դեռևս խոսելիս կլինես, ես ներս կմտնեմ ու կհաստատեմ քո խոսքը»։

15. Եվ Բերսաբեն գնաց թագավորի մոտ՝ նրա սենյակը. թագավորը շատ էր ծեր, և սունամացի Աբիսակը ծառայում էր թագավորին։

16. Եվ Բերսաբեն, գլուխ տալով, երկրպագեց թագավորին. և թագավորն ասաց. «Ի՞նչ կա»։

17. Եվ նա ասաց նրան. «Տե՛ր իմ, դու քո Տեր Աստծով երդվեցիր քո աղախնին, թե՝ “Քո որդի Սողոմոնը պիտի թագավոր լինի ինձնից հետո, և նա պիտի նստի իմ աթոռին”։

18. Իսկ հիմա ահա Ադոնիան է թագավոր դարձել, և դու, տե՛ր իմ թագավոր, չգիտես։

19. Նա շատ եզներ, ոչխարներ և գեր անասուններ է մորթել, կանչել է թագավորի բոլոր որդիներին, Աբիաթար քահանային և զորքի հրամանատար Հովաբին, բայց քո ծառա Սողոմոնին չի կանչել։

20. Արդ, տե՛ր իմ թագավոր, ամբողջ Իսրայելի աչքերը նայում են քեզ, որ նրանց հայտնես, թե քեզնից հետո ո՛վ պիտի նստի իմ տեր թագավորի աթոռին։

21. Եթե ոչ՝ հենց որ իմ տեր թագավորը ննջի իր հայրերի հետ, այն ժամանակ ինձ և իմ որդի Սողոմոնին հանցավոր են համարելու»։

22. Եվ մինչ նա խոսում էր թագավորի հետ, ներս մտավ Նաթան մարգարեն։

23. Թագավորին հայտնեցին՝ ասելով. «Ահա Նաթան մարգարեն եկավ»։ Եվ նա եկավ թագավորի առաջ ու խոնարհվելով մինչև գետին՝ երկրպագեց թագավորին։

24. Եվ Նաթանն ասաց. «Տե՛ր իմ արքա, դո՞ւ ես ասել. “Ադոնիան պիտի թագավոր լինի ինձնից հետո, և նա պիտի նստի իմ աթոռին”,

25. որովհետև նա այսօր իջել ու շատ եզներ, ոչխարներ և գեր անասուններ է մորթել, կանչել է թագավորի բոլոր որդիներին և զորավորներին, Աբիաթար քահանային, ու հիմա նրանք ուտում ու խմում են նրա հետ և ասում. “Կեցցե՜ Ադոնիա արքան”։

26. Իսկ ինձ՝ քո ծառային, Սադովկ քահանային ու Հովիադայի որդի Բանեային և քո ծառա Սողոմոնին չեն կանչել։

27. Արդյոք այս բանն իմ տեր թագավորի կամքո՞վ է եղել. բայց դու քո ծառային չես հայտնել, թե ո՛վ պիտի նստի իմ տեր թագավորի աթոռին իրենից հետո»։

28. Դավիթ թագավորը պատասխանեց և ասաց. «Ինձ մո՛տ կանչեք Բերսաբեին». և նա եկավ թագավորի մոտ ու կանգնեց թագավորի առաջ։

29. Թագավորը երդվեց և ասաց. «Կենդանի է Տերը, որ իմ կյանքն ազատեց ամեն նեղությունից։

30. Եվ ինչպես երդվել եմ քեզ Իսրայելի Աստված Տիրոջով և ասել, որ քո որդի Սողոմոնը պիտի թագավոր լինի ինձնից հետո, և նա պիտի իմ փոխարեն նստի իմ աթոռին, ահա այսօր պիտի անեմ այդպես»։

31. Եվ Բերսաբեն, գլուխը մինչև գետին խոնարհելով, երկրպագեց թագավորին և ասաց. «Թող հավիտյան ապրի իմ տեր Դավիթ արքան»։

32. Եվ Դավիթ թագավորն ասաց. «Կանչե՛ք ինձ մոտ Սադովկ քահանային, Նաթան մարգարեին և Հովիադայի որդի Բանեային». և նրանք եկան թագավորի առաջ։

33. Եվ թագավորն ասաց նրանց. «Վերցրե՛ք ձեզ հետ ձեր տիրոջ ծառաներին, իմ որդի Սողոմոնին նստեցրե՛ք իմ ջորու վրա և նրան իջեցրե՛ք Գեհոն։

34. Եվ այնտեղ Սադովկ քահանան ու Նաթան մարգարեն նրան թագավոր թող օծեն Իսրայելի վրա, և փո՛ղ հնչեցրեք ու բացականչե՛ք. “Կեցցե՜ Սողոմոն արքան”։

35. Նրա հետևից գնացե՛ք, և նա թող գա ու նստի իմ աթոռին և իմ փոխարեն թագավոր լինի, որովհետև ես որոշել եմ, որ նա իշխան լինի Իսրայելի և Հուդայի վրա»։

36. Եվ Հովիադայի որդի Բանեան պատասխանեց թագավորին և ասաց. «Ամեն, թող այդպես տնօրինի իմ տեր թագավորի Տեր Աստվածը։

37. Ինչպես Տերը եղել է իմ տեր թագավորի հետ, թող այդպես լինի Սողոմոնի հետ, թող ավելի վեր բարձրացնի նրա աթոռը իմ տեր թագավոր Դավթի աթոռից»։

38. Եվ Սադովկ քահանան, Նաթան մարգարեն ու Հովիադայի որդի Բանեան և քերեթիներն ու փելեթիները եկան, Սողոմոնին նստեցրին Դավիթ թագավորի ջորու վրա և նրան տարան Գեհոն։

39. Եվ Սադովկ քահանան յուղի եղջյուրը վերցրեց խորանից, օծեց Սողոմոնին, և փող հնչեցրին, և ամբողջ ժողովուրդը բացականչեց. «Կեցցե՜ Սողոմոն արքան»։

40. Եվ ամբողջ ժողովուրդը գալիս էր նրա ետևից և ժողովուրդը սրինգներ նվագելով մեծապես ուրախանում էր և ցնծում, և երկիրը դղրդում էր նրանց ձայներից։

41. Եվ Ադոնիան ու նրա բոլոր հրավիրյալները լսեցին, երբ արդեն կերել վերջացրել էին, և Հովաբը լսեց փողի ձայնն ու ասաց. «Ինչո՞ւ է քաղաքում բարձրացել դղրդման այդ ձայնը»։

42. Նա դեռ խոսում էր, և ահա եկավ Աբիաթար քահանայի որդի Հովնաթանը, և Ադոնիան ասաց. «Ե՛կ, դու արժանավոր մարդ ես և բարի ավետիս ես բերել»։

43. Եվ Հովնաթանը պատասխանեց ու ասաց Ադոնիային. «Արդարև, մեր տեր թագավոր Դավիթը թագավոր դարձրեց Սողոմոնին։

44. Թագավորը նրա հետ ուղարկեց Սադովկ քահանային և Նաթան մարգարեին, Հովիադայի որդի Բանեային և քերեթիներին ու փելեթիներին, նրան նստեցրին թագավորի ջորու վրա։

45. Եվ Սադովկ քահանան ու Նաթան մարգարեն նրան թագավոր օծեցին Գեհոնում և այնտեղից եկան ուրախանալով, և քաղաքը դղրդաց. ահա այդ ձայնն է, որ դուք լսեցիք։

46. Եվ Սողոմոնը նստեց թագավորական աթոռին։

47. Եվ թագավորի ծառաներն էլ եկան մեր տեր թագավոր Դավթին հարգանք մատուցելու և ասացին. “Քո Աստվածը Սողոմոնի անունը քո անունից առավել մեծացնի և նրա աթոռն առավել բարձրացնի քո աթոռից”։ Եվ թագավորը խոնարհվելով երկրպագեց իր անկողնու մեջ։

48. Ու նաև այսպես ասաց թագավորը. “Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, որ այսօր իմ աթոռին նստեցրեց մեկին, որին տեսնում են իմ աչքերը”»։

49. Եվ Ադոնիայի բոլոր հրավիրյալները զարհուրեցին ու վեր կացան, և ամեն մարդ գնաց իր ճանապարհով։

50. Սակայն Ադոնիան վախենում էր Սողոմոնից, ուստի վեր կացավ, գնաց ու բռնեց զոհասեղանի եղջյուրներից։

51. Եվ Սողոմոնին հայտնեցին՝ ասելով. «Ահա Ադոնիան վախենում է Սողոմոն թագավորից, և նա բռնել է զոհասեղանի եղջյուրներից ու ասում է. “Թող հենց այսօր Սողոմոն թագավորը երդվի, որ իր ծառային սրով չի սպանի”»։

52. Եվ Սողոմոնն ասաց. «Եթե նա առաքինի լինի, նրանից մի մազ չի պակասի ու չի ընկնի գետին, իսկ եթե չարություն գտնվի նրա մեջ, այն ժամանակ պիտի մեռնի»։

53. Եվ Սողոմոն թագավորը մարդ ուղարկեց, և Ադոնիային ցած իջեցրին զոհասեղանից. նա եկավ ու երկրպագեց Սողոմոն թագավորին, և Սողոմոնն ասաց նրան. «Գնա՛ քո տուն»։

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2

1. Դավթի մեռնելու օրերը մոտեցան, և նա պատվիրեց իր որդի Սողոմոնին՝ ասելով.

2. «Ես գնում եմ ամբողջ երկրի ճանապարհը, բայց դու զորացի՛ր և քաջարի՛ եղիր։

3. Եվ պահի՛ր քո Տեր Աստծու պատվերները, որ գնաս նրա ճանապարհով, որ պահես նրա կանոնները, պատվիրանները, իրավունքներն ու ցուցումները, ինչպես գրված է Մովսեսի օրենքում, որպեսզի հաջողություն ունենաս ամեն բանում, ինչ որ անես, և ամենուր, որտեղ էլ լինես։

4. Տերը թող հաստատի այն խոստումը, որ ասաց իմ մասին. “Եթե քո որդիները զգուշավոր լինեն իրենց ընթացքին և իրենց ամբողջ սրտով և ամբողջ հոգով հավատարմությամբ գնան իմ առջևից, ապա քեզնից մարդ չի պակասի Իսրայելի գահի վրայից”։

5. Դու գիտես նաև, թե ինձ ինչ է արել Շարուհեայի որդի Հովաբը, այն, ինչ արեց Իսրայելի երկու զորապետներին՝ Ներեի որդի Աբեններին և Հեթերի որդի Ամեսայիին. նրանց սպանեց և խաղաղ ժամանակ արյուն թափեց, ինչպես պատերազմում, և պատերազմի արյամբ ներկեց իր մեջքի գոտին և իր ոտքի կոշիկները։

6. Եվ դու ըստ քո իմաստությա՛ն վարվիր և չթողնես, որ նրա ալևոր մազերը խաղաղ իջնեն գերեզման։

7. Բայց գաղաադացի Բերզելիի որդիներին բարությո՛ւն արա, որ լինեն քո սեղանից ուտողների հետ, որովհետև նրանք ինձ հետ այդպես վարվեցին, երբ ես փախչում էի քո եղբայր Աբիսողոմից։

8. Եվ ահա քեզ մոտ է բավուրիմացի Բենիամինի որդի Գերայի որդին՝ Սեմեին. նա ինձ ծանր անեծքներով անիծել է, երբ ես Մանայիմ էի գնում. բայց նա եկավ Հորդանանի ափին ինձ դիմավորելու, և ես Տիրոջ անունով երդվեցի նրան ու ասացի. “Քեզ սրով չեմ սպանի”։

9. Եվ հիմա դու նրան անմեղ չհամարես. դու իմաստուն մարդ ես և գիտես, թե ինչ պետք է անես նրան, որ նրա ալևոր մազերն արյունով իջեցնես գերեզման»։

10. Եվ Դավիթը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Դավթի քաղաքում։

11. Դավիթն Իսրայելի վրա թագավորեց քառասուն տարի. Քեբրոնում թագավորել էր յոթ տարի, իսկ Երուսաղեմում թագավորել էր երեսուներեք տարի։

12. Եվ Սողոմոնը նստեց իր հոր՝ Դավթի աթոռին, և շատ հաստատուն էր նրա թագավորությունը։

13. Եվ Ագգիթի որդի Ադոնիան եկավ Սողոմոնի մոր՝ Բերսաբեի մոտ, և Բերսաբեն ասաց. «Բարի՞ է գալուստդ»։ Նա էլ ասաց. «Բարի է»։

14. Եվ ասաց. «Ես մի խոսք ունեմ քեզ ասելու»։ Եվ Բերսաբեն ասաց՝ ասա՛։

15. Նա էլ ասաց. «Դու գիտես, որ թագավորությունն իմն էր դարձել, և ամբողջ Իսրայելն իր հայացքը դարձրել էր դեպի ինձ, որ ես թագավորեի, բայց թագավորությունը շուռ եկավ ինձնից և անցավ իմ եղբորը, որովհետև Տերը տվեց նրան։

16. Եվ հիմա ես քեզնից միայն մի խնդրանք ունեմ. ինձ չմերժես»։ Եվ Բերսաբեն ասաց նրան՝ ասա՛։

17. Եվ նա ասաց. «Սողոմոն թագավորին ասա՛, քանի որ քեզ չի մերժի, որ նա սունամացի Աբիսակին ինձ կնության տա»։

18. Եվ Բերսաբեն ասաց. «Լավ, ես քո մասին կխոսեմ թագավորի հետ»։

19. Բերսաբեն գնաց Սողոմոն թագավորի մոտ՝ Ադոնիայի մասին նրա հետ խոսելու։ Թագավորը վեր կացավ նրան դիմավորելու և երկրպագեց նրան ու նստեց իր աթոռին, իսկ թագավորի մոր համար աթոռ դրեցին, և մայրը նստեց նրա աջ կողմը։

20. Եվ Բերսաբեն ասաց. «Ես մի փոքր խնդրանք ունեմ քեզնից. ինձ չմերժես»։ Եվ թագավորն ասաց նրան. «Խնդրի՛ր, մա՛յր իմ, ես քեզ չեմ մերժի»։

21. Եվ Բերսաբեն էլ ասաց. «Թող սունամացի Աբիսակը կնության տրվի քո եղբայր Ադոնիային»։

22. Եվ Սողոմոն թագավորը պատասխանեց և ասաց իր մորը. «Էլ ինչո՞ւ ես միայն սունամացի Աբիսակին խնդրում Ադոնիայի համար. նրա համար իմ թագավորությո՛ւնն էլ խնդրիր, որովհետև նա իմ եղբայրն է՝ ինձնից մեծը, և Աբիաթար քահանան ու Շարուհեայի որդի Հովաբն իր կողմնակիցներն են»։

23. Եվ Սողոմոն թագավորը երդվեց Տիրոջ անունով. «Թող Աստված ինձ այսպես անի ու էլ ավելին անի, եթե Ադոնիայի խոսքն իր իսկ կյանքի դեմ չէ։

24. Արդ կենդանի է Տերը, որ ինձ հաստատեց և նստեցրեց իմ հոր՝ Դավթի աթոռին և ինձ համար տուն շինեց, ինչպես ասել էր. “Այսօր իսկ Ադոնիան պիտի մեռնի”»։

25. Եվ Սողոմոն թագավորն ուղարկեց Հովիադայի որդի Բանեային, որը հարվածեց նրան, և Ադոնիան մեռավ։

26. Եվ թագավորն ասաց Աբիաթար քահանային. «Գնա՛ Անաթովթ՝ քո արտերը, որովհետև դու արժանի ես մահվան, բայց ես այսօր քեզ չեմ սպանի, քանի որ իմ հոր՝ Դավթի առջև կրել ես Տեր Աստծու տապանակը և դու հորս քաշած բոլոր նեղություններին մասնակից եղար»։

27. Եվ Սողոմոնն Աբիաթարին հեռացրեց Տիրոջ քահանայությունից, որպեսզի կատարվի Տիրոջ այն խոսքը, որ Հեղիի տան մասին ասել էր Սելովում։

28. Եվ այս լուրը հասավ Հովաբին, ու թեև նա հետևել էր Ադոնիային, իսկ Աբիսողոմին չէր հետևել, բայց Հովաբը փախավ Տիրոջ վրանը և բռնեց զոհասեղանի եղջյուրներից։

29. Սողոմոն թագավորին իմաց տվին, թե Հովաբը փախել է Տիրոջ վրանը, և ահա նա զոհասեղանի մոտ է։ Եվ Սողոմոնը Հովիադայի որդի Բանեային ուղարկեց՝ ասելով. «Գնա՛, սպանի՛ր նրան»։

30. Բանեան եկավ Տիրոջ վրանը և ասաց Հովաբին. «Թագավորն այսպես է ասում. “Դո՛ւրս եկ”»։ Իսկ նա ասաց. «Ո՛չ, ես այստեղ եմ մեռնելու»։ Եվ Բանեան այդ խոսքը փոխանցեց թագավորին՝ ասելով. «Հովաբն այսպես ասաց և ինձ այսպես պատասխանեց»։

31. Եվ թագավորն ասաց նրան. «Արա այնպե՛ս, ինչպես որ ասել է. սպանի՛ր նրան ու թաղի՛ր և հեռացրո՛ւ ինձնից ու իմ հոր տնից այն անմեղ արյունը, որ թափել էր Հովաբը։

32. Տերը նրա թափած արյունը նրա գլխին թափի, որովհետև նա առանց իմ հոր գիտության սուրը քաշել ու սպանել է իրենից արդար ու լավ երկու մարդկանց՝ Իսրայելի զորապետ Ներեի որդի Աբեններին և Հուդայի զորապետ Հեթերի որդի Ամեսայիին։

33. Թող նրանց արյունը Հովաբի գլխին գա և հավիտյան՝ նրա սերնդի գլխին, իսկ Տերը հավիտյան խաղաղություն տա Դավթին ու նրա սերնդին, նրա տանն ու աթոռին»։

34. Եվ Հովիադայի որդի Բանեան գնաց, խփեց ու սպանեց նրան, և նա թաղվեց իր տանը՝ անապատում։

35. Թագավորը Հովիադայի որդի Բանեային նրա փոխարեն կարգեց զորքի հրամանատար, իսկ Աբիաթարի փոխարեն նշանակեց Սադովկ քահանային։

36. Թագավորը մարդ ուղարկեց ու կանչեց Սեմեիին և ասաց նրան. «Քեզ համար տո՛ւն շինիր Երուսաղեմում և բնակվի՛ր այնտեղ ու այնտեղից այս կամ այն կողմ դուրս մի՛ ելիր։

37. Այն օրը, որ դուրս եկար ու անցար Կեդրոնի հեղեղատը, հաստատ իմացի՛ր, որ անպայման պիտի մեռնես, և քո արյունը քո գլխին գա»։

38. Եվ Սեմեին ասաց թագավորին. «Բարի է այդ խոսքը, որ ասացիր. ինչպես ասաց իմ տեր թագավորը, այնպես էլ կանի քո ծառան»։ Եվ Սեմեին երկար ժամանակ բնակվեց Երուսաղեմում։

39. Բայց երեք տարի անց այնպես եղավ, որ Սեմեիի երկու ծառաները փախան Գեթի թագավոր Մաաքայի որդի Անքուսի մոտ, և Սեմեիին հայտնեցին, թե՝ «Ահա քո ծառաները Գեթում են»։

40. Եվ Սեմեին վեր կացավ, համետեց իր էշը և գնաց Գեթ՝ Անքուսի մոտ՝ իր ծառաներին որոնելու։ Սեմեին գնաց ու իր ծառաներին բերեց Գեթից։

41. Եվ Սողոմոնին հայտնեցին, թե Սեմեին Երուսաղեմից գնացել է Գեթ և վերադարձել։

42. Եվ թագավորը մարդ ուղարկեց, կանչեց Սեմեիին և ասաց նրան. «Չէ՞ որ քեզ երդվել տվեցի Տիրոջ անունով ու վկայեցի քեզ ասելով, թե՝ “Այն օրը, որ դուրս եկար և այս կամ այն կողմ գնացիր, իմացի՛ր, որ անպայման պիտի մեռնես”, և դու ինձ ասացիր. “Բարի է այդ խոսքը, որ լսեցի”։

43. Հապա ինչո՞ւ չպահեցիր Տիրոջ երդումը և այն պատվերը, որ ես քեզ պատվիրեցի»։

44. Եվ թագավորն ասաց Սեմեիին. «Հիմա իմացի՛ր, որ այն ամբողջ չարությունը, որ քո սիրտը գիտի, և դու արել ես իմ հորը՝ Դավթին, Տերը քո չարիքները թափելու է քո գլխին։

45. Օրհնյա՜լ է Սողոմոն թագավորը, և հավիտյան հաստատ է Դավթի աթոռը Տիրոջ առաջ»։

46. Թագավորը հրամայեց Հովիադայի որդի Բանեային, և նա գնաց ու սպանեց Սեմեիին, և նա մեռավ։ Եվ թագավորությունը հաստատվեց Սողոմոնի ձեռքին։

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3

1. Եվ Սողոմոնը խնամիացավ Եգիպտոսի թագավոր փարավոնի հետ և կին առավ փարավոնի աղջկան ու նրան բերեց Դավթի քաղաք՝ դեռևս չվերջացրած իր պալատի և Տիրոջ տան ու Երուսաղեմի շրջապարսպի շինարարությունը։

2. Սակայն ժողովուրդը զոհեր էր մատուցում Բարձր տեղերի վրա, որովհետև այդ օրերին Տիրոջ անվան համար դեռևս տուն չէր շինված։

3. Թեև Սողոմոնը սիրեց Տիրոջը՝ հետևելով իր հայր Դավթի պատվերներին, սակայն ինքն էլ էր զոհ մատուցում և խնկարկում Բարձր տեղերի վրա։

4. Եվ թագավորը գնաց Գաբավոն՝ այնտեղ զոհ մատուցելու, որովհետև դա էր գլխավոր բարձր տեղը. և Սողոմոնը հազար ողջակեզ զոհեց այդ զոհասեղանի վրա։

5. Գաբավոնում գիշերը երազում Տերը երևաց Սողոմոնին, և Աստված ասաց. «Խնդրի՛ր, թե քեզ ինչ տամ»։

6. Եվ Սողոմոնն ասաց. «Դու մեծ ողորմածություն արեցիր իմ հայր Դավթին՝ քո ծառային, և նա հավատարմությամբ ու արդարությամբ և անկեղծ սրտով ընթացավ քո առաջ՝ քեզ հետ, և դու քո այդ մեծ ողորմածությունը պահեցիր նրա համար և նրան մի որդի տվեցիր, և նա այսօր նստած է նրա աթոռին։

7. Արդ, Տե՛ր իմ Աստված, դու թագավոր դաձրիր քո ծառային իմ հայր Դավթի փոխարեն, բայց ես մի փոքր տղա եմ և կառավարելու մեջ անվարժ եմ։

8. Եվ քո ծառան քո ընտրած ժողովրդի մեջ է, մի մեծ ժողովրդի, որի շատությունը ո՛չ թիվ ունի և ո՛չ էլ հաշիվ։

9. Ուրեմն իմաստությո՛ւն տուր քո ծառային՝ քո ժողովրդին դատելու, բարին ու չարն իրարից զանազանելու, որովհետև ո՞վ կարող է դատել քո այս մեծ ժողովրդին»։

10. Տիրոջը հաճելի եղավ այդ խոսքը, որ Սողոմոնը խնդրեց։

11. Եվ Աստված ասաց նրան. «Որովհետև դու այդ բանը խնդրեցիր և քեզ համար երկար կյանք չխնդրեցիր, հարստություն չխնդրեցիր քեզ համար և քո թշնամիների հոգիները չխնդրեցիր, այլ արդար դատաստան անելու իմաստություն խնդրեցիր,

12. ահա քո խոսքի համաձայն կանեմ։ Ես քեզ տալիս եմ իմաստություն և հանճարեղ սիրտ, այնպես որ քեզնից առաջ քեզ նմանը չի եղել և քեզնից հետո էլ քեզ նմանը չի լինելու։

13. Քեզ տալիս եմ նաև այն, ինչ դու չես խնդրել՝ թե՛ հարստություն, թե՛ փառք, այնպես որ քո կյանքի բոլոր օրերում քեզ նմանը չի լինելու թագավորների մեջ։

14. Եվ եթե հնազանդվես ինձ և իմ կանոններին ու պատվիրաններին հետևես, ինչպես քո հայր Դավիթը հնազանդվեց, ապա ես պիտի երկարացնեմ քո կյանքի օրերը»։

15. Սողոմոնը զարթնեց, և դա երազ էր։ Նա եկավ Երուսաղեմ, կանգնեց Տիրոջ ուխտի տապանակի առջև, ողջակեզներ մատուցեց և խաղաղության զոհեր բերեց և ճոխ խնջույք արեց իր բոլոր ծառաների համար։

16. Այդ ժամանակ երկու պոռնիկ կանայք եկան թագավորի մոտ և կանգնեցին նրա առաջ։

17. Եվ կանանցից մեկն ասաց. «Ո՜հ, տե՛ր իմ, ես ու այս կինը բնակվում ենք մի տան մեջ, և ես նրա մոտ՝ այդ տանը, որդի ծնեցի։

18. Այնպես եղավ, որ իմ ծննդաբերելու երրորդ օրն այս կինն էլ ծնեց։ Մենք միասին էինք, այդ տանն ուրիշ ոչ ոք չկար. մենակ մենք երկուսս էինք այդ տանը։

19. Այս կնոջ որդին գիշերը մեռել էր, որովհետև նա պառկած է եղել նրա վրա։

20. Եվ սա կեսգիշերին վեր է կացել, իմ մոտից վերցրել է իմ որդուն, երբ ես՝ քո աղախինը, քնած եմ եղել, նրան պառկեցրել է իր ծոցում, իսկ իր մեռած տղային պառկեցրել է իմ ծոցում։

21. Առավոտյան վեր կացա, որ կուրծք տամ տղայիս, տեսա՝ մեռած է, բայց ցերեկն ուշադիր նայեցի. դա իմ ծնած տղան չէր»։

22. Իսկ մյուս կինն ասում էր. «Ո՛չ, կենդանին իմ տղան է, քո տղան մեռածն է»։ Առաջին կինն էլ ասում էր. «Ո՛չ, քո տղան մեռածն է, իմ տղան կենդանին է»։ Եվ այսպես խոսում էին թագավորի առաջ։

23. Եվ թագավորն ասաց. «Դու ասում ես. “Այս կենդանի տղան իմն է, քո տղան մեռածն է”, դու էլ ասում ես. “Ո՛չ, քո տղան մեռածն է, իսկ կենդանի տղան իմն է”»։

24. Եվ թագավորն ասաց. «Մի սո՛ւր բերեք ինձ մոտ». և սուրը բերեցին թագավորի առաջ։

25. Եվ թագավորն ասաց. «Կտրե՛ք, երկու կտո՛ր արեք այս կենդանի երեխային. կեսը տվե՛ք մեկին, կեսը՝ մյուսին»։

26. Այդ ժամանակ այն կինը, որի տղան էր ողջը, ցավից գալարվեց իր տղայի համար, պատասխանեց թագավորին՝ ասելով. «Ո՜հ, տե՛ր իմ, ողջ երեխային նրա՛ն տվեք, միայն թե մի՛ սպանեք նրան». մինչդեռ մյուս կինն ասաց. «Թող ո՛չ ինձ լինի, ո՛չ քեզ, կտրե՛ք»։

27. Թագավորը պատասխանեց և ասաց. «Նրա՛ն տվեք կենդանի երեխային, մի՛ սպանեք նրան. այդ կինը նրա մայրն է»։

28. Ամբողջ Իսրայելը լսեց այդ դատաստանի մասին, որ վճռել էր թագավորը, և վախեցան թագավորից, որովհետև տեսան, որ նրա մեջ Աստծու իմաստությունը կար դատաստան անելու համար։

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4

1. Եվ Սողոմոն թագավորը թագավոր էր ամբողջ Իսրայելի վրա։

2. Եվ սրանք էին նրա գլխավոր պաշտոնյաները. Սադովկի որդի Ազարիան՝ քահանա,

3. Սիսայի որդիները՝ Ելիքորեփը և Աքիան՝ քարտուղարներ, Աքիուդի որդի Հոսափատը՝ ատենագիր,

4. Հովիադայի որդի Բանեան՝ հրամանատար, Սադովկն ու Աբիաթարը՝ քահանաներ,

5. Նաթանի որդի Ազարիան՝ կուսակալների վերակացու, Նաթանի որդի Զաբուդը՝ քահանա և թագավորի բարեկամ,

6. Աքիսարը՝ պալատի վերակացու և Աբդայի որդի Ադոնիրամը՝ հարկադիր աշխատողների տեսուչ։

7. Սողոմոնը տասներկու կուսակալներ ուներ ամբողջ Իսրայելում, որոնցից ամեն մեկը տարվա մեջ մեկ ամիս պարեն էր տալիս թագավորին և նրա տանը։

8. Սրանք էին նրանց անունները. Բենովրը՝ Եփրեմի սարում,

9. Բենդակիրը՝ Մաքասում և Սաղաբիմում, Բեթսամյուսում և Ելոն-Բեթանանում,

10. Բենհեսեդը՝ Արարովթում. նրանն էր Սոքովը և Ոփերի ամբողջ երկիրը։

11. Բենարինադաբը՝ ամբողջ Դովրի գավառում. Սողոմոնի աղջիկ Տափատը նրա կինն էր։

12. Աքիլուդի որդի Բաանան՝ Թանաքում, Մակեդդովում և ամբողջ Բեթսանում, որը Սարթանի մոտ է, Եզրայելից ներքև, Բեթսանից մինչև Աբելմաուլա և մինչև Հեկմանի մյուս կողմը։

13. Բենգաբերը՝ Ռամովթ-Գաղաադում. նրանն էին Մանասեի Հայերի գյուղաքաղաքները, նրանն էին Բասանում գտնվող Արգովբի գավառը Բասանում և վաթսուն մեծ ու պարսպապատ և պղնձանիգ քաղաքներ։

14. Ադդովի որդի Աքինաբադը՝ Մանայիմում,

15. Աքիմաասը՝ Նեփթաղիմում. սա էլ կնության էր առել Սողոմոնի աղջիկ Բասեմաթին։

16. Քուսիի որդի Բաանան՝ Ասերում և Բաալոթում,

17. Փարուայի որդի Հոսափատը՝ Իսաքարում,

18. Էլայի որդի Սեմեին՝ Բենիամինում,

19. Ուրիի որդի Գաբերը՝ Գաղաադի երկրում՝ ամորհացիների Սեհոն թագավորի և Բասանի Ովգ թագավորի երկրում. այդ երկրում մեկ կուսակալ կար։

20. Հուդայի և Իսրայելի բնակչությունը շատ էր, ինչպես ավազը ծովեզերքին. նրանք ուտում էին, խմում և ուրախանում։

21. Եվ Սողոմոնն իշխում էր բոլոր թագավորությունների վրա՝ Եփրատ գետից մինչև փղշտացիների երկիրը և Եգիպտոսի սահմանը. սրանք ընծաներ էին բերում և ծառայում Սողոմոնին նրա կյանքի բոլոր օրերին։

22. Սողոմոնի մեկ օրվա պարենը երեսուն քոռ նաշիհ էր և վաթսուն քոռ ալյուր,

23. տասը գեր արջառ, արոտավայրում սնված քսան արջառ և հարյուր ոչխար, բացի եղջերուներից, այծյամներից ու վիթերից և գիրացրած հավազգիներից,

24. որովհետև նա իշխում էր գետի այս կողմի բոլոր տարածքների վրա՝ Թափսայից մինչև Գազա, և գետի այս կողմի բոլոր թագավորների վրա, և խաղաղություն էր տիրում իրեն հպատակ շրջակա բոլոր երկրներում։

25. Հուդան ու Իսրայելը բնակվում էին ապահով, ամեն մարդ իր որթատունկի ու թզենու տակ՝ Դանից մինչև Բերսաբեե՝ Սողոմոնի թագավորության բոլոր օրերին։

26. Եվ Սողոմոնն իր կառքի ձիերի համար քառասուն հազար ախոռ ուներ և տասներկու հազար ձիավոր։

27. Եվ այն գործակալները, յուրաքանչյուրն իր ամսին, առանց մի բան պակասեցնելու, պարեն էին տալիս Սողոմոն թագավորին և բոլոր նրանց, ովքեր սեղան էին նստում նրա հետ։

28. Եվ յուրաքանչյուրն իր հարկի չափով՝ գարին ու դարմանը ձիերի և լծկան երիվարների համար բերում էին այնտեղ, որտեղ գտնվում էին նրանք։

29. Աստված Սողոմոնին իմաստություն և շատ մեծ հանճար տվեց և սրտի լայնախոհություն՝ ծովի եզերքի ավազի չափ։

30. Եվ Սողոմոնի իմաստությունն ավելի շատ էր բոլոր արևելցիների իմաստությունից և ամբողջ Եգիպտոսի իմաստությունից։

31. Նա բոլոր մարդկանցից իմաստուն էր. եզրահեցի Եթանից, Մավուլի որդիներ Եմանից, Քալքոլից և Դարդայից. և նրա անունը տարածվել էր շրջակա բոլոր ազգերի մեջ։

32. Նա երեք հազար առակ է ասել, իսկ նրա երգերը հազար հինգն էին։

33. Նա խոսել է ծառերի մասին՝ Լիբանանի մայրիից մինչև պատի վրա բուսնող զոպան, խոսել է նաև կենդանիների և թռչունների, զեռունների և ձկների մասին։

34. Եվ բոլոր ազգերից մարդիկ էին գալիս՝ լսելու Սողոմոնի իմաստությունը, և երկրի բոլոր թագավորներից, որոնք լսել էին նրա իմաստության համբավը։

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5

1. Տյուրոսի Քիրամ թագավորն իր ծառաներին ուղարկեց Սողոմոնի մոտ, որովհետև լսել էր, թե նրա հոր փոխարեն նրան են թագավոր օծել, որովհետև Քիրամը միշտ էլ սիրել էր Դավթին։

2. Եվ Սողոմոնը մարդ ուղարկեց Քիրամի մոտ՝ ասելով.

3. «Դու գիտես, որ իմ հայր Դավիթը չկարողացավ իր Տեր Աստծու անվան համար տուն շինել շրջակա ժողովուրդների դեմ պատերազմների պատճառով, մինչև որ Տերը նրանց չդրեց նրա ոտքի թաթերի տակ։

4. Բայց հիմա իմ Տեր Աստվածն ինձ հանգստություն է տվել բոլոր կողմերից. ո՛չ հակառակորդ կա և ո՛չ էլ ձախորդ պատահար։

5. Եվ հիմա ես մտադիր եմ, որ մի տուն շինեմ իմ Տեր Աստծու անվան համար, ինչպես Տերը խոսել է իմ հայր Դավթի հետ՝ ասելով. “Քո այն որդին, որին ես նստեցնելու եմ քո աթոռին քո փոխարեն, իմ անվան տունը նա է շինելու”։

6. Արդ հրամա՛ն տուր, որ Լիբանանից մայրիներ կտրեն ինձ համար, և իմ ծառաները լինեն քո ծառաների հետ, և ես քո ծառաներին այնքան վարձ կտամ, որքան դու կասես, որովհետև դու գիտես, որ մենք այնպիսի մարդ չունենք, որ սիդոնացիների նման փայտ կտրել իմանա»։

7. Եվ երբ Քիրամը Սողոմոնի խոսքերը լսեց, շատ ուրախացավ և ասաց. «Օրհնյա՜լ է այսօր Տերը, որ Դավթին իմաստուն որդի է տվել՝ այդ մեծ ժողովրդի վրա իշխելու»։

8. Եվ Քիրամը մարդ ուղարկեց Սողոմոնի մոտ՝ ասելով. «Ես լսեցի այն խոսքը, որ ուղարկել ես ինձ. ես կանեմ քեզ համար հաճելի այն ամենը, ինչ ասել ես եղևնափայտի և մայրու փայտի մասին։

9. Իմ ծառաները Լիբանանից փայտը կիջեցնեն ծով, և ես դրանցից լաստեր կշինեմ ծովում ու կուղարկեմ այն տեղը, որ ինձ ցույց կտաս. այնտեղ կքանդեմ դրանք, և դու կվերցնես. իսկ դու կկատարես իմ կամքը. հաց կտաս իմ տանը»։

10. Եվ Քիրամը Սողոմոնին այնքան եղևնափայտ և մայրու փայտ էր տալիս, որքան նա կամենում էր։

11. Եվ Սողոմոնը Քիրամին տալիս էր քսան հազար քոռ ցորեն՝ նրա տան պարենի համար և քսան քոռ զտված ձիթայուղ. այսպես ամեն տարի Սողոմոնը պաշար էր տալիս Քիրամին։

12. Եվ Տերն իմաստություն տվեց Սողոմոնին, ինչպես ասել էր նրան, և խաղաղություն էր տիրում Քիրամի ու Սողոմոնի միջև, և նրանք դաշինք կնքեցին իրար հետ։

13. Եվ Սողոմոն թագավորը մարդահարկ դրեց ամբողջ Իսրայելի վրա. հարկադիր աշխատող դարձան երեսուն հազար մարդ։

14. Նա հաջորդաբար նրանցից տասը հազարին ամեն ամիս ուղարկում էր Լիբանան, որոնք մեկ ամիս լինում էին Լիբանանում և երկու ամիս՝ տանը. այդ հարկի վերակացուն Ադոնիրամն էր։

15. Եվ Սողոմոնը յոթանասուն հազար բեռնակիր ուներ և սարում՝ ութսուն հազար քար կտրողներ,

16. բացի երեք հազար երեք հարյուր վերակացուների պետերից, որ Սողոմոնը դրել էր գործավորներին վերահսկելու համար։

17. Եվ թագավորը հրամայեց, որ մեծ քարեր կտրեն, ընտիր քարեր՝ տան հիմքը տաշած քարերով դնելու համար։

18. Ե՛վ Սողոմոնի վարպետները, և՛ Քիրամի վարպետները, և՛ գեբաղացիները տաշում ու պատրաստում էին փայտերն ու քարերը տան շինարարության համար։

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6

1. Եգիպտոսից Իսրայելի որդիների դուրս գալու չորս հարյուր ութսուներորդ տարում և Սողոմոնի՝ Իսրայելի վրա թագավորելու չորրորդ տարում՝ Զիվ ամսում, այսինքն՝ երկրորդ ամսում, Սողոմոնը սկսեց կառուցել Տիրոջ տունը։

2. Սողոմոն թագավորի՝ Տիրոջ համար շինած տան երկարությունը վաթսուն կանգուն էր, լայնությունը՝ քսան, և բարձրությունը՝ երեսուն կանգուն։

3. Եվ տաճարի նախասրահի երկարությունը տան լայնության չափ էր՝ քսան կանգուն, տաճարի առջևից լայնությունը տասը կանգուն էր։

4. Եվ տան պատուհանները շինեց կամարավոր ու վանդակապատ*։

5. Տաճարի դրսի պատի շուրջը՝ պատին հենված, հարկեր ունեցող կառույց շինեց, որը թե՛ տաճարի, թե՛ սրբարանի շուրջն էր, և դրանք կողմնակի սենյակներ դարձրեց։

6. Ներքևի հարկի լայնությունը հինգ կանգուն էր, միջինի լայնությունը՝ վեց կանգուն, երրորդի լայնությունը՝ յոթ կանգուն, տաճարի պատը դրսից յուրաքանչյուր հարկի համար միջոցներ թողեց, որ գերանները պատի մեջ մտնեն։

7. Տունը շինվում էր քարհանքում տաշված քարերով, և տան շինվելու ժամանակ բնավ չլսվեց ո՛չ մուրճի, ո՛չ տապարի և ո՛չ էլ երկաթե մեկ այլ գործիքի ձայն։

8. Միջին կարգի խուցերի դուռը տան աջ կողմն էր. այդտեղից ոլորապտույտ սանդուղքով բարձրանում էին միջին կարգը, իսկ միջինից՝ երրորդը։

9. Նա տունը շինեց ու ավարտեց այն և ձեղունը ծածկեց եղևնափայտի տախտակամածով։

10. Եվ ամբողջ տան շուրջը հինգ կանգուն բարձրությամբ կառույց շինեց և տան հետ միացրեց եղևնափայտով։

11. Եվ Տերը խոսեց Սողոմոնի հետ՝ ասելով.

12. «Դու ահա շինում ես այս տունը. եթե դու գնաս իմ կանոններով և կատարես իմ իրավունքը, իմ բոլոր հրամանները պահես և հետևես դրանց, ապա այն ժամանակ ես քո նկատմամբ կկատարեմ իմ ասած խոսքը, որ խոսել եմ քո հայր Դավթի հետ։

13. Եվ կբնակվեմ Իսրայելի որդիների մեջ և չեմ թողնի Իսրայելի իմ ժողովրդին»։

14. Եվ Սողոմոնը շինեց տունն ու ավարտեց այն։

15. Եվ տան պատերը ներսից երեսապատեց եղևնափայտի տախտակներով տան հատակից մինչև ձեղունի պատերը, իսկ տան հատակը ծածկեց մայրու տախտակներով։

16. Եվ տան ետևի կողմից քսան կանգուն մասը եղևնափայտի տախտակներով միջնորմ շինեց հատակից մինչև գերանները, ներսում շինեց սրբարանը, այսինքն՝ սրբությունների սրբարանը։

17. Եվ տունը, այսինքն՝ տաճարի առաջին մասը, քառասուն կանգուն էր։

18. Տաճարի ներսի եղևնափայտերը զարդարված էին կոկոնների և բացված ծաղիկների նման քանդակներով։ Ամեն ինչ եղևնափայտով էր ծածկված, և բնավ քար չէր երևում։

19. Եվ սրբարանը շինված էր տան ներսը՝ Տիրոջ ուխտի տապանակն այնտեղ դնելու համար։

20. Եվ սրբարանի առջևի մասը քսան կանգուն երկարություն ուներ, քսան կանգուն լայնություն և քսան կանգուն բարձրություն. նա այն դրվագեց մաքուր ոսկով, նաև եղևնափայտե զոհասեղանը պատեց ոսկով։

21. Սողոմոնը տունը ներսից պատեց մաքուր ոսկով, սրբարանի մուտքի առջևից անցկացրեց ոսկե շղթաներ և դրանք էլ պատեց ոսկով։

22. Եվ ամբողջ տունը պատեց ոսկով, ամբողջ տունը՝ մինչև վերջ, և ամբողջ զոհասեղանը, որ սրբարանում էր, նույնպես պատեց ոսկով։

23. Եվ սրբարանում երկու քերովբեներ դրեց՝ շինված ձիթենու փայտից, տասը կանգուն բարձրությամբ։

24. Քերովբեի մի թևը հինգ կանգուն էր, հինգ կանգուն էր նաև մյուս թևը. մեկ թևի ծայրից մինչև մյուս թևի ծայրը տասը կանգուն էր։

25. Երկրորդ քերովբեի թևերի երկարությունը տասը կանգուն էր. երկու քերովբեները մեկ չափի էին և նույն ձևի։

26. Մի քերովբեի բարձրությունը տասը կանգուն էր, նույն չափն ուներ և երկրորդ քերովբեն։

27. Եվ քերովբեներին դրեց տան ներսում, տարածեցին նրանց թևերը, և մեկի թևը դիպչում էր մի պատին, երկրորդ քերովբեի թևն էլ՝ մյուս պատին. մյուս թևերը տան մեջտեղում դիպչում էին թև թևի։

28. Եվ քերովբեներին պատեց ոսկով։

29. Եվ տան բոլոր պատերի վրա ներսից ու դրսից շուրջանակի քանդակեց և փորագրեց քերովբեներ, արմավենիներ ու բացված ծաղիկներ։

30. Եվ տան թե՛ ներսի և թե՛ դրսի սենյակների հատակն էլ պատեց ոսկով։

31. Եվ սրբարանի դռան համար ձիթենու փայտից փեղկեր շինեց՝ դռնասյուների շրջանակներով, որ հնգանկյուն էր։

32. Դռան երկու փեղկերը ձիթենու փայտից էին, որոնց վրա քանդակել էր քերովբեներ, արմավենիներ ու բացված ծաղիկներ, և փորագրեց ոսկով և ոսկին տարածեց քերովբեների ու արմավենիների վրա։

33. Եվ տաճարի շրջանակը շինեց ձիթենու փայտից, որ քառանկյուն էր։

34. Դռան երկու փեղկերը մայրու փայտից էին, ծալվում էին թե՛ մի փեղկի երկու տախտակները և թե՛ մյուս փեղկի երկու տախտակները։

35. Եվ փորագրեց քերովբեներով, արմավենիներով ու բացված ծաղիկներով և դրանք պատեց ոսկով։

36. Եվ ներսի գավիթը շինեց երեք շարք տաշված քարով և մեկ շարքը՝ եղևնափայտի կոճղերով։

37. Տիրոջ տան հիմքը դրվեց չորրորդ տարվա Զի ամսում։

38. Եվ տասնմեկերորդ տարվա ութերորդ ամսում, այսինքն՝ Բուլ ամսում, տաճարն ավարտվեց իր բոլոր մանրամասներով։ Նա տաճարը շինեց յոթ տարում։

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7

1. Իսկ իր տունը Սողոմոնը շինեց տասներեք տարում և ամբողջովին վերջացրեց այն։

2. Շինեց նաև «Լիբանանի անտառի տունը». երկարությունը՝ հարյուր կանգուն, լայնությունը՝ հիսուն կանգուն, և բարձրությունը՝ երեսուն կանգուն, շինված էր չորս շարք սյուների վրա, որոնց վրա կային եղևնափայտե գերաններ։

3. Նաև եղևնափայտե մի հարկ շինեց այն գերանների վրա, որոնք քառասունհինգ սյուների վրա էին՝ մեկ շարքը տասնհինգ հատ։

4. Եվ երեք շարք պատուհանի շրջանակներ կային, և երեք պատուհան՝ իրար դեմ շարված։

5. Եվ բոլոր դռներն ու դռնասյուները քառակուսի էին, կամարակապ և երեք շարք՝ մի պատուհանը մյուսի դեմ։

6. Եվ սյունազարդ նախասրահը շինեց. երկարությունը՝ հիսուն կանգուն, լայնությունը՝ երեսուն կանգուն, և նրա առջև կար ծածկված գավիթ՝ սյուներով։

7. Նաև գահասրահը շինեց, որտեղ դատաստան էր անում, ատյանի սրահը. և այն հատակից հատակ ծածկված էր եղևնափայտով։

8. Եվ իր տունը, որտեղ նա բնակվում էր, մյուս գավթում, որ սրահի հետևում էր, նման էր այս կառույցին. և այս սրահի նման մի տուն շինեց փարավոնի աղջկա համար, որին Սողոմոնը կնության էր առել։

9. Այս բոլորը շինված էին ընտիր քարերից, որոնք տաշված էին ըստ չափերի, ներսից ու դրսից սղոցով սղոցված, հիմքից մինչև առաստաղը և դրսից մինչև մեծ գավիթը։

10. Եվ հիմքն ընտիր քարերից էր, մեծ-մեծ քարերից, տասը կանգուն քարերից և ութ կանգուն քարերից։

11. Եվ հիմքի վրա ընտիր քարեր էին՝ տաշած քարերի չափով, և եղևնափայտ։

12. Եվ մեծ գավիթը շուրջանակի երեք շարք տաշած քարերից էր և մեկ շարք եղևնափայտի կոճղերից. այդպես էին և Տիրոջ տան նախասրահն ու տան սրահը։

13. Սողոմոն թագավորը մարդ ուղարկեց և Քիրամին բերեց Տյուրոսից։

14. Նա Նեփթաղիմի ցեղից մի որբևայրի կնոջ որդի էր, և նրա հայրը տյուրոսցի պղնձագործ էր՝ լի իմաստությամբ, հանճարով և գիտությամբ՝ պղնձի ամեն տեսակ գործեր կատարելու համար. և նա եկավ Սողոմոն թագավորի մոտ և կատարեց նրա բոլոր գործերը։

15. Նա ձուլեց պղնձե երկու սյուները. մեկ սյան բարձրությունը տասնութ կանգուն է, որի շրջագիծը տասներկու կանգուն էր, և երկրորդը նրա նման էր։

16. Եվ ձուլածո պղնձից երկու խոյակ շինեց սյուների գլխին դնելու համար. մեկ խոյակի բարձրությունը՝ հինգ կանգուն և մյուս խոյակի բարձրությունը՝ հինգ կանգուն։

17. Ցանցաձև ցանցեր և շղթայակերտ հյուսվածքներ շինեց սյուների գլխին եղած խոյակների համար. յոթը՝ մեկ խոյակի համար և յոթը՝ մյուս խոյակի համար։

18. Եվ երկու սյուների վրա մեկ ցանցի շուրջը երկու շարք նռներ շինեց, որ ծածկեին խոյակները. նույնն էլ արեց մյուս խոյակի համար։

19. Եվ խոյակները, որ սյուների գլխին էին, նախասրահում, շուշանաձև էին, չորս կանգուն։

20. Եվ երկու սյուների խոյակները ցցվածքի ուղիղ վերևն էին՝ ցանցին մոտիկ. և մյուս սյան վրա շրջածիրով քանդակված էին շարքով երկու հարյուր նռներ։

21. Եվ սյուները կանգնեցրեց տաճարի նախասրահում. աջ կողմի սյունը կանգնեցրեց և նրա անունը դրեց Յաքին,* և կանգնեցրեց ձախ կողմի սյունը և նրա անունը դրեց Բոոզ։*

22. Եվ սյուների գլուխների վրա շուշանաձև քանդակներ կային. այդպես ավարտվեց սյուների գործը։

23. Շինեց նաև ձուլածո ծովը՝ մի պռունկից մինչև մյուս պռունկը տասը կանգուն, բոլորովին կլոր. բարձրությունը՝ հինգ կանգուն, և երեսուն կանգունանոց մի դերձան շրջապատում էր այն։

24. Եվ նրա պռունկի տակից շրջածիրով շարված էին կոճակներ՝ տասը մեկ կանգունում, որ պատում էին ծովի շուրջը, երկու շարք կոճակներ, որ ձուլված էին ծովը ձուլելու ժամանակ։

25. Ծովը դրված էր տասներկու եզների վրա. երեքը նայում էին հյուսիս, երեքը նայում էին արևմուտք, երեքը նայում էին հարավ, և երեքը նայում էին արևելք. և ծովը վերևից նրանց վրա էր, և նրանց բոլորի ետևի կողմը դեպի ներս էր։

26. Եվ նրա հաստությունը ձեռքի ափի չափ էր. և նրա պռունկը շինված էր բաժակի շուրթի նման, ինչպես շուշան ծաղիկ։ Երկու հազար մար էր տանում։

27. Եվ պղնձե տասը պատվանդաններ շինեց. յուրաքանչյուր պատվանդանի երկարությունը՝ չորս կանգուն, լայնությունը՝ չորս կանգուն, և երեք կանգուն՝ բարձրությունը։

28. Եվ պատվանդանները շինված էին այսպես. դրանք շրջանակվող տախտակներ ունեին, որոնք հաստատված էին շրջանակների վրա։

29. Եվ տախտակների վրա քանդակված էին առյուծներ, եզներ ու քերովբեներ. անկյունների կցվածքների վրա էլ առյուծների և եզների վերևից ու ներքևից շրջանակաձև քանդակներ կային։

30. Եվ յուրաքանչյուր պատվանդան պղնձե չորս անիվ և պղնձե առանցքներ ուներ, և վերևում՝ չորս անկյուններին՝ նեցուկներ. ավազանի տակ նեցուկները ձուլածո էին՝ յուրաքանչյուրը կախված պսակազարդով։

31. Եվ նրա բերանը ձագարի նման էր, դեպի վեր՝ մեկ կանգուն, և նրա բերանը կլոր էր՝ մեկուկես կանգուն. բերանի վրա նույնպես քանդակներ և շրջանակներ կային՝ քառակուսի և ոչ թե կլոր։

32. Եվ չորս անիվները շրջանակների տակ էին, և անիվների առանցքները՝ պատվանդանի մեջ, և յուրաքանչյուր անիվի բարձրությունը մեկուկես կանգուն էր։

33. Եվ անիվները շինված էին կառքի անիվների նման. նրանց առանցքները, շրջանակները, շառավիղները և գնդերը՝ բոլորը ձուլածո էին։

34. Եվ յուրաքանչյուր պատվանդանի չորս անկյունների վրա չորս նեցուկներ կային՝ պատվանդանի հետ միացած։

35. Եվ պատվանդանի գլխին կես կանգուն բարձրությամբ շուրջանակի բոլորակ կար, և պատվանդանի գլխին նրա ունկերն ու շրջանակները միացված էին իրար։

36. Եվ նրա ունկերի տախտակների վրա և նրա շրջանակների վրա ըստ պատշաճի քանդակեց քերովբեներ, առյուծներ և արմավենիներ ու շուրջանակի կախված զարդեր։

37. Այսպես շինեց այդ տասը պատվանդանները՝ բոլորն էլ ձուլածո, միևնույն չափի ու ձևի։

38. Եվ պղնձե տասը ավազաններ շինեց. յուրաքանչյուր ավազանը քառասուն մար էր տանում, յուրաքանչյուր ավազանը մեկ պատվանդանի վրա էր, տասը պատվանդանների վրա։

39. Եվ հինգ պատվանդանը դրեց տաճարի աջ կողմի ծայրին, հինգը՝ ձախ կողմի ծայրին և ծովը դրեց տաճարի աջ կողմում՝ դեպի հարավ-արևելք։

40. Եվ Քիրամը շինեց ավազանները, թիակները, կոնքերը. Քիրամը վերջացրեց այն բոլոր գործերը, որ Տիրոջ տանն անում էր Սողոմոն թագավորի համար։

41. Դրանք երկու սյուներն էին և գնդաձև խոյակները, որոնք այդ սյուների գլուխներին էին, և սյուների գլխին եղած գնդաձև երկու խոյակները ծածկելու համար շինված երկու ցանցերը։

42. Եվ չորս հարյուր նռները՝ այդ երկու ցանցերի համար, երկու շարք նռները՝ մեկ ցանցի համար, որ ծածկեին գնդաձև այն երկու խոյակները, որոնք սյուների վրա էին,

43. տասը պատվանդանները և տասը ավազանները՝ պատվանդանների վրա,

44. մեկ ծովը և տասներկու եզները՝ ծովի տակ։

45. Կաթսաները, թիակներն ու կոնքերը և այն բոլոր անոթները, որ Քիրամը շինեց փայլեցված պղնձից Տիրոջ տանը Սողոմոն թագավորի համար։

46. Թագավորը դրանք հողե կաղապարներով ձուլել տվեց Հորդանանի դաշտում՝ Սոկքովթի և Սարթանի միջև։

47. Եվ Սողոմոնն այդ բոլոր անոթները տեղավորեց, և որովհետև պղնձի չափը խիստ շատ էր, կշիռը չորոշվեց։

48. Սողոմոնը շինեց բոլոր այն կարասիները, որ Տիրոջ տանն էին, այսինքն՝ ոսկե զոհասեղանը, ոսկուց էր և այն սեղանը, որի վրա լինում էին առաջավորության հացերը,

49. մաքուր ոսկուց էին ճրագակալները՝ սրբարանի առջև, հինգը՝ աջ կողմից, և հինգը՝ ձախ կողմից, ոսկուց էին և ծաղիկները, ճրագները և ունելիները։

50. Եվ մաքուր ոսկուց էին գավաթները, պատրույգի մկրատները, կոնքերը, խնկամաններն ու բուրվառները և ներքին տան, այսինքն՝ սրբությունների սրբության, տան, այսինքն՝ տաճարի դռների ոսկե ծխնիները։

51. Այսպես կատարվեց այն ամբողջ գործը, որ Սողոմոն թագավորն արեց Տիրոջ տան համար. և Սողոմոնը տարավ իր հայր Դավթի նվիրած արծաթը, ոսկին ու անոթները և դրեց Տիրոջ տան գանձարանում։

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8

1. Այն ժամանակ Սողոմոնը հավաքեց ամբողջ Իսրայելի ծերերին և ցեղերի բոլոր գլխավորներին, Իսրայելի որդիների նահապետներին Սողոմոն թագավորի մոտ՝ Երուսաղեմում, որպեսզի Տիրոջ ուխտի տապանակը Դավթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից, բարձրացնեն։

2. Եվ բոլոր իսրայելացիները հավաքվեցին Սողոմոն թագավորի մոտ յոթերորդ ամսում, այսինքն՝ Էթանիմ ամսի տոնին։

3. Եկան Իսրայելի բոլոր ծերերը, և քահանաները վերցրին տապանակը։

4. Եվ տարան Տիրոջ տապանակն ու վկայության խորանը և խորանում եղած բոլոր սուրբ անոթները. դրանք տարան քահանաներն ու ղևտացիները։

5. Եվ Սողոմոն թագավորն ու Իսրայելի ամբողջ ժողովուրդը, որ հավաքվել էր նրա մոտ, տապանակի առջևից գնում էին նրա հետ և անթիվ ու անհամար ոչխարներ ու արջառներ էին զոհաբերում։

6. Քահանաները բերեցին Տիրոջ ուխտի տապանակը և դրեցին իր տեղը՝ տան ներսի մասում՝ սրբությունների սրբության մեջ, քերովբեների թևերի տակ։

7. Որովհետև քերովբեներն իրենց թևերը տարածում էին տապանակի տեղի վրա, և քերովբեները վերևից ծածկում էին տապանակն ու նրա ձողերը։

8. Եվ ձողերն այնքան երկար էին, որ ձողերի գլուխները երևում էին սրբությունների սրբության առջև, բայց դրսից չէին երևում. և դրանք այնտեղ են մինչև այսօր։

9. Տապանակում ուրիշ բան չկար, բացի երկու քարե տախտակներից, որոնք Մովսեսն այնտեղ էր դրել Քորեբում, երբ Տերն ուխտ էր արել Իսրայելի որդիների հետ՝ Եգիպտոսի երկրից նրանց դուրս գալու ժամանակ։

10. Եվ երբ քահանաները դուրս եկան սրբարանից, ամպը լցրեց Տիրոջ տունը։

11. Եվ քահանաներն ամպի պատճառով չկարողացան կանգնել սպասավորելու, որովհետև Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տունը։

12. Այդ ժամանակ Սողոմոնն ասաց. «Տերն ասել է, թե մառախուղում է բնակվում։

13. Ես քեզ համար բնակվելու տուն շինեցի, մի տեղ, որ դու բնակվես հավիտյան»։

14. Թագավորն իր երեսը դարձրեց և օրհնեց Իսրայելի ամբողջ ժողովրդին, իսկ Իսրայելի ամբողջ ժողովուրդը կանգնել էր։

15. Եվ նա ասաց. «Օրհնյա՜լ լինի Իսրայելի Տեր Աստվածը, որ իր բերանով խոսեց իմ հայր Դավթի հետ և իր ձեռքով կատարեց խոսքը՝ ասելով.

16. “Այն օրից ի վեր, երբ Իսրայելի իմ ժողովրդին հանեցի Եգիպտոսից, Իսրայելի բոլոր ցեղերից մի քաղաք չընտրեցի տուն շինելու համար, որ իմ անունը այնտեղ լինի, այլ հավանեցի Դավթին, որ նա լինի Իսրայելի իմ ժողովրդի վրա”։

17. Իմ հայր Դավիթը սրտում դրել էր Իսրայելի Տեր Աստծու անվան համար տուն շինել։

18. Բայց Տերն ասել էր իմ հայր Դավթին. “Որովհետև դու քո սրտում դրել էիր իմ անվան համար մի տուն շինել, լավ ես արել, որ այդ նպատակը դրել ես քո սրտում։

19. Միայն թե դու չես իմ անվան համար տունը շինելու, այլ քո որդին, որ սերելու է քեզանից. նա է տուն շինելու իմ անվան համար”։

20. Եվ Տերը հաստատեց իր ասած խոսքը. և ես հաջորդեցի իմ հայր Դավթին և նստեցի Իսրայելի գահին, ինչպես ասել էր Տերը, ես տուն շինեցի Իսրայելի Տեր Աստծու անվան համար։

21. Եվ այնտեղ տապանակի համար տեղ պատրաստեցի, որտեղ Տիրոջ ուխտն է, որ նա կնքել է մեր հայրերի հետ, երբ նրանց դուրս հանեց Եգիպտոսի երկրից»։

22. Եվ Սողոմոնը կանգնեց Տիրոջ զոհասեղանի առաջ, Իսրայելի ամբողջ ժողովրդի դիմաց, ձեռքերը տարածեց դեպի երկինք

23. և ասաց. «Ո՛վ Տեր, Իսրայելի՛ Աստված, քեզ նման Աստված չկա վերևում՝ երկնքում, և ներքևում՝ երկրի վրա, որ ուխտ և ողորմածություն ես պահում քո առջև ամբողջ սրտով գնացող ծառաներիդ համար։

24. Դու պահեցիր քո ծառային՝ իմ հայր Դավթին ասած քո խոսքը, որ ասել էիր քո բերանով և այսօր քո ձեռքով կատարեցիր այն։

25. Եվ հիմա, ո՜վ Տեր Աստված Իսրայելի, պահի՛ր քո ծառայի՝ իմ հայր Դավթի համար քո ասած այն խոսքը, որ խոսեցիր նրա հետ. “Քեզ համար Իսրայելի աթոռին նստող մարդ չի պակասելու իմ առջև, միայն թե քո որդիներն իրենց ճանապարհը պահեն և իմ առջևից գնան այնպես, ինչպես դու ես գնացել”։

26. Արդ, ո՜վ Իսրայելի Աստված, թող հաստատվի քո խոսքը, որ խոսեցիր քո ծառայի՝ իմ հայր Դավթի հետ։

27. Բայց իրա՞վ Աստված պիտի բնակվի այս երկրի վրա, եթե երկինքը և երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակել, էլ ո՜ւր մնաց իմ շինած այս տունը։

28. Սակայն, ո՜վ Տեր իմ Աստված, նայի՛ր քո ծառայի աղոթքին և նրա աղերսանքին, լսի՛ր այս պաղատանքն ու աղոթքը, որ քո ծառան այսօր մատուցում է քո առաջ,

29. և քո աչքերը գիշեր ու ցերեկ թող բաց լինեն այս տան ու այստեղի վրա, որի համար ասացիր. “Իմ անունը այնտեղ պիտի լինի”. լսի՛ր այս աղոթքը, որ քո ծառան աղոթում է այստեղ։

30. Եվ լսի՛ր քո ծառայի և Իսրայելի քո ժողովրդի աղերսանքը, որ մատուցում են այստեղ. և հիմա լսի՛ր քո բնակվելու տեղից՝ երկնքից, և լսելով՝ ների՛ր։

31. Երբ մեկը մեղանչի իր ընկերոջ դեմ և նրան առաջարկի, որ նա երդում տա և երդում տալու համար գա քո զոհասեղանի առաջ՝ այս տունը,

32. այն ժամանակ դու լսի՛ր երկնքում և կատարի՛ր. դատի՛ր քո ծառաներին, դատապարտի՛ր մեղապարտին, որ նրա արածը բերես նրա գլխին, և արդարացրո՛ւ արդարին, որ ըստ իր արդարության հատուցես նրան։

33. Եթե քո ժողովուրդ Իսրայելը քո դեմ մեղանչելու համար հաղթվի իր թշնամիներից և դառնա դեպի քեզ ու փառք տա քո անվանը, աղոթի ու աղերսի քեզ այս տանը,

34. այն ժամանակ դու լսի՛ր երկնքում և ների՛ր Իսրայելի քո ժողովրդի մեղքը և նրանց վերադարձրո՛ւ այն երկիրը, որ տվել ես նրանց հայրերին։

35. Եթե քո դեմ նրանց մեղանչելու համար երկինքը փակվի, և անձրև չլինի, և այստեղ աղոթք անեն ու փառք տան քո անվանը և ետ կանգնեն իրենց մեղքերից՝ նրանց քո նեղելու պատճառով,

36. այն ժամանակ դու լսի՛ր երկնքում և ների՛ր քո ծառաների և Իսրայելի քո ժողովրդի մեղքը, որ նրանց ուսուցանես իրենց գնալու բարի ճանապարհը և անձրև տաս քո երկրին, որը տվել ես քո ժողովրդին իբրև ժառանգություն։

37. Երբ երկրում սով լինի, ժանտախտ լինի կամ խորշակահարություն, դալուկ լինի, մորեխ, թրթուր, կամ թշնամիները նեղեն նրանց իրենց քաղաքներում, կամ որևէ այլ հարված լինի կամ հիվանդություն,

38. և երբ Իսրայելի քո ամբողջ ժողովրդից որևէ մարդ, ով էլ որ լինի, գա աղոթք և աղերսանք մատուցելու, և ամեն մարդ, որ իր սրտի ցավը գիտի, իր ձեռքերը տարածի դեպի այս տունը,

39. այն ժամանակ դու լսի՛ր երկնքում՝ քո բնակվելու տեղում, ների՛ր ու կատարի՛ր և այդ մարդուն տո՛ւր ըստ իր բոլոր ճանապարհների, քանի որ գիտես նրա սիրտը, որովհետև դո՛ւ միայն գիտես բոլոր մարդկանց որդիների սրտերը,

40. որպեսզի նրանք իրենց կյանքի բոլոր օրերին վախենան քեզնից այն երկրի վրա, որ տվել ես մեր հայրերին։

41. Նաև եթե օտարականը, որ Իսրայելի քո ժողովրդից չէ, եթե հեռու երկրից գա քո անվան համար,

42. որովհետև լսելու են քո մեծ անվան մասին, քո հզոր ձեռքի և տարածած բազկի մասին, եթե նա գա և աղոթք անի այս տանը,

43. այն ժամանակ դու լսի՛ր երկնքում՝ քո բնակվելու տեղում, և ըստ այդ օտարականի աղոթքի արա՛ այն ամենը, ինչ խնդրել է քեզնից, որպեսզի երկրի բոլոր ազգերն իմանան քո անունը, քեզնից վախենան Իսրայելի քո ժողովրդի պես և իմանան, որ քո անունն է դրվել այս տան վրա, որը ես շինեցի։

44. Երբ քո ժողովուրդը պատերազմի գնա իր թշնամու դեմ այն ճանապարհով, որով դու կուղարկես նրանց, և երբ նրանք աղոթք անեն Տիրոջը քո ընտրած քաղաքի ճանապարհին և քո անվան համար իմ շինած այս տանը,

45. այն ժամանակ լսի՛ր երկնքում նրանց աղոթքը և նրանց աղերսանքը և իրավո՛ւնք տուր նրանց։

46. Երբ մեղանչեն քո դեմ, որովհետև չկա մի մարդ, որ չմեղանչի, և դու նրանց վրա բարկանաս ու նրանց մատնես թշնամու ձեռքը, և գերեվարողները նրանց գերի տանեն թշնամու հեռու կամ մոտիկ երկիրը,

47. և եթե այն երկրում, ուր գերի են տարվել, զղջան իրենց սրտով, դառնան դեպի քեզ և աղերսեն այն երկրում, ուր գերության են տարվել և ասեն. “Մեղք գործեցինք, անօրենություն և անիրավություն արեցինք”,

48. և երբ իրենց թշնամիների երկրում, ուր գերի են տարել նրանց, իրենց ամբողջ սրտով և իրենց ամբողջ հոգով դառնան դեպի քեզ և քեզ աղոթք անեն այն երկրի ճանապարհին, որը դու նրանց հայրերին տվեցիր, դառնան դեպի այն քաղաքը, որը դու հավանեցիր, և դեպի այս տունը, որը ես շինեցի քո անվան համար,

49. այն ժամանակ դու լսի՛ր երկնքում՝ քո բնակվելու տեղում, նրանց աղոթքը և աղերսանքը և նրանց իրավունքը կատարի՛ր։

50. Եվ ների՛ր քո դեմ մեղանչած քո ժողովրդին և քո դեմ արած նրանց հանցանքները և արա՛ այնպես, որ նրանց գերեվարողները գթան նրանց և ողորմած լինեն նրանց նկատմամբ։

51. Որովհետև նրանք քո ժողովուրդն են և քո ժառանգությունը, որոնց հանեցիր Եգիպտոսից՝ երկաթե փռի միջից։

52. Եվ քո աչքերը թող բաց լինեն քո ծառայի աղերսանքի և Իսրայելի քո ժողովրդի աղերսանքի վրա, որ ամեն անգամ դեպի քեզ նրանց աղաղակելու ժամանակ լսես նրանց,

53. որովհետև դու նրանց քեզ համար ժառանգություն ընտրեցիր բոլոր ազգերից, ինչպես ասել ես քո ծառա Մովսեսի միջոցով, երբ դու, ո՜վ Տեր Աստված, մեր հայրերին դուրս բերեցիր Եգիպտոսից»։

54. Եվ երբ Սողոմոնը վերջացրեց այս ամբողջ աղոթքն ու աղերսանքը՝ Տիրոջն աղոթելը, վեր կացավ Տիրոջ սեղանի առջևից, ուր ծունկ էր չոքել և ձեռքերը տարածել դեպի երկինք,

55. կանգնեց և բարձրաձայն օրհնեց Իսրայելի ամբողջ ժողովրդին և ասաց.

56. «Օրհնյա՜լ լինի Տերը, որ հանգստություն է տվել Իսրայելի իր ժողովրդին իր բոլոր ասածների պես, և բոլորովին բան չի պակասել բոլոր այն բարի բաներից, ինչ նա խոստացել էր իր ծառա Մովսեսի միջոցով։

57. Մեր Տեր Աստվածը թող մեզ հետ լինի, ինչպես մեր հայրերի հետ էր, թող մեզ չլքի և անտես չանի մեզ.

58. և մեր սրտերը դարձնի դեպի իրեն, որ մենք գնանք նրա բոլոր ճանապարհներով և պահենք նրա պատվիրանները, կանոններն ու իրավունքները, որ պատվիրել է մեր հայրերին։

59. Եվ իմ այս խոսքերը, որ ես պաղատեցի Տիրոջ առաջ, գիշեր ու ցերեկ թող մոտենան մեր Տեր Աստծուն, որպեսզի նա ամեն օր իր ծառայի և իր Իսրայել ժողովրդի իրավունքը պաշտպանի,

60. որպեսզի երկրի բոլոր ազգերն իմանան, որ Տերն է Աստվածը, և ուրիշը չկա։

61. Եվ ձեր սրտերը ուղիղ լինեն մեր Տեր Աստծու հանդեպ, և պահեք նրա պատվիրանները, ինչպես այսօր»։

62. Եվ թագավորն ու ամբողջ Իսրայելը զոհեր էին մատուցում Տիրոջ առաջ։

63. Եվ Սողոմոնը զոհ մատուցեց Տիրոջը. խաղաղության զոհի համար՝ քսաներկու հազար արջառ և հարյուր քսան հազար ոչխար. և թագավորն ու ամբողջ Իսրայելի որդիները կատարեցին Տիրոջ տան նավակատիքը։

64. Այդ օրը թագավորը սրբեց Տիրոջ տան առջևի գավթի մեջտեղը և այնտեղ մատուցեց ողջակեզները, հացի ընծան և խաղաղության զոհերի ճարպը, որովհետև պղնձե այն զոհասեղանը, որ Տիրոջ առջև էր, փոքր էր ողջակեզները, հացի ընծան ու խաղաղության զոհերի ճարպը պարունակելու համար։

65. Այն ժամանակ Սողոմոնն ու նրա հետ ամբողջ Իսրայելը, Եմաթից մինչև Եգիպտոսի հեղեղատը, մեծ բազմությամբ կատարեցին տոնը մեր Տեր Աստծու առաջ յոթ օր ու դարձյալ յոթ օր, այսինքն՝ տասնչորս օր։

66. Ութերորդ օրը Սողոմոնն արձակեց ժողովրդին, և նրանք օրհնեցին թագավորին ու գնացին իրենց վրանները՝ ուրախանալով և զվարթ սրտով այն բոլոր բարիքների համար, որ արել էր Տերն իր Դավիթ ծառային և իր Իսրայել ժողովրդին։

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9

1. Եվ երբ Սողոմոնը շինեց ու վերջացրեց Տիրոջ տունը և թագավորի պալատը և այն ամենը, ինչ փափագում էր անել Սողոմոնը,

2. այն ժամանակ Տերը երկրորդ անգամ երևաց Սողոմոնին, ինչպես նրան երևացել էր Գաբավոնում,

3. և Տերն ասաց նրան. «Լսեցի իմ առաջ քո արած աղոթքն ու աղաչանքը, սրբեցի այս տունը, որ դու շինեցիր իմ անունը հավիտյան այնտեղ դնելու համար, և իմ աչքն ու իմ սիրտը պիտի այնտեղ լինեն ամեն ժամանակ։

4. Արդ, եթե կատարյալ սրտով և ուղղամտությամբ գնաս իմ առջևից, ինչպես գնաց քո հայր Դավիթը, և կատարես իմ բոլոր պատվիրածները քեզ և պահես իմ կանոններն ու իրավունքները,

5. այն ժամանակ հավիտյան կհաստատեմ քո թագավորության աթոռն Իսրայելի վրա, ինչպես ասել եմ քո հայր Դավթին, թե՝ “Քեզ համար մարդ չի պակասի Իսրայելի աթոռի վրա”։

6. Եթե դուք կամ ձեր որդիները շեղվեք ինձ հետևելուց և չպահեք իմ պատվիրաններն ու կանոնները, որ ես դրել եմ ձեր առաջ, և գնաք ու ծառայեք ուրիշ աստվածների և երկրպագություն անեք նրանց,

7. այն ժամանակ ես բնաջինջ կանեմ Իսրայելն այս երկրի երեսից, որ տվել եմ նրանց, և այս տունը, որ սրբեցի իմ անվան համար, կգցեմ իմ երեսից, և Իսրայելը բոլոր ազգերի մեջ ծաղր ու ծանակ կլինի։

8. Եվ այս բարձրադիր տան մոտով անցնող ամեն մարդ պիտի զարմանա ու սուլի և պիտի ասի. “Ինչո՞ւ է Տերն այսպես արել այս երկիրն ու այս տունը”։

9. Եվ պիտի ասեն. “Որովհետև նրանք թողեցին իրենց Տեր Աստծուն, որն իրենց հայրերին հանել էր Եգիպտոսի երկրից, և ուրիշ աստվածների հարեցին և երկրպագեցին ու ծառայեցին նրանց, դրա համար էլ Տերը նրանց վրա թափեց այս բոլոր չարիքները”»։

10. Եվ երբ Սողոմոն թագավորը քսան տարվա ընթացքում շինել էր այն երկու տները, այսինքն՝ Տիրոջ տունը և թագավորի պալատը,

11. և Տյուրոսի Քիրամ թագավորը Սողոմոնին ընծայել էր եղևնափայտ, մայրու փայտ ու ոսկի և այն ամենը, ինչ փափագել էր նա, այն ժամանակ Սողոմոն թագավորը դրանց փոխարեն Քիրամին քսան քաղաք տվեց Գալիլեայի երկրում։

12. Եվ Քիրամը ելավ Տյուրոսից Սողոմոնի իրեն տված քաղաքները տեսնելու, բայց դրանք հաճելի չերևացին իր աչքին։

13. Եվ նա ասաց. «Այս ի՜նչ քաղաքներ են, որ տվել ես ինձ, եղբա՛յր իմ», և նրանց անունը դրեց Քաբող* երկիր, ինչպես կոչվում են մինչև այսօր։

14. Եվ Քիրամը թագավորի համար հարյուր քսան տաղանդ ոսկի ուղարկեց։

15. Այս էր Սողոմոն թագավորի դրած հարկի պատճառը, որ շիներ Տիրոջ տունը և իր պալատը, Մելոնն ու Երուսաղեմի պարիսպը, Հասորը, Մակեդդովը և Գազերը։

16. Եգիպտոսի փարավոն թագավորը գնացել ու վերցրել էր Գազերը, կրակով այրել այն և սպանել այդ քաղաքում բնակվող քանանացիներին և այն իբրև օժիտ տվել իր աղջկան, որը Սողոմոնի կինն էր։

17. Եվ Սողոմոնը շինեց Գազերը և ներքին Բեթորոնը,

18. նաև Բաաղեթը և Թադմորը Հուդայի անապատի մեջ,

19. Սողոմոնի բոլոր շտեմարան քաղաքները, կառքերի քաղաքները, ձիավորների քաղաքները և այն բոլոր կառույցները, որ Սողոմոնն ուզեց շինել Երուսաղեմում, Լիբանանում և իր թագավորության ամբողջ երկրում։

20. Եվ այն բոլոր ժողովուրդներին, որ մնացել էին ամորհացիներից, քետացիներից, փերեզացիներից, խևացիներից և հեբուսացիներից, որոնք Իսրայելի որդիներից չէին,

21. այսինքն՝ նրանց որդիներին, որ իրենցից հետո մնացել էին երկրում, և որոնց Իսրայելի որդիները չէին կարողացել բնաջնջել, Սողոմոնը նրանց հարկատու ծառաներ դարձրեց մինչև այսօր։

22. Սակայն Սողոմոնը Իսրայելի որդիներին ստրուկ չդարձրեց, որովհետև նրանք պատերազմի մարդիկ էին. իր իշխաններն իր զորավարներն էին լինում և իր կառքերի ու ձիավորների վերակացուները։

23. Սրանք էին Սողոմոնի գործերի վրա եղած վերակացուների գլխավորները՝ հինգ հարյուր հիսուն մարդ, որոնք կառավարում էին աշխատանքները կատարող ժողովրդին։

24. Եվ փարավոնի աղջիկը ելավ Դավթի քաղաքից ու գնաց այն տունը, որ Սողոմոնը շինել էր նրա համար. ապա կառուցեց Մելոնը։

25. Եվ Սողոմոնը տարին երեք անգամ ողջակեզներ ու խաղաղության զոհեր էր մատուցում Տիրոջ համար շինած զոհասեղանի վրա և խունկ էր ծխում Տիրոջ առջև եղած սեղանի վրա. և տաճարը լավ վիճակի մեջ պահեց։

26. Եվ Սողոմոն թագավորը նավեր շինեց Եդովմի երկրում՝ Կարմիր ծովի եզերքին, Ելաթի երկրում գտնվող Գասիոն-Գաբերում։

27. Եվ Քիրամն իր ծառաներին, որ նավավարներ էին և հմուտ ծովայիններ, նավով ուղարկեց Սողոմոնի մարդկանց հետ։

28. Եվ նրանք գնացին Ոփիր, այնտեղից վերցրին չորս հարյուր քսան տաղանդ ոսկի* և բերեցին Սողոմոն թագավորի մոտ։

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10

1. Սաբայի թագուհին, լսելով Սողոմոնի՝ Տիրոջ անունով համբավի մասին, եկավ նրան խրթին հարցումներով փորձելու։

2. Երուսաղեմ եկավ շատ մեծ շքախմբով՝ խունկ և խիստ շատ ոսկի ու պատվական քարեր բարձած ուղտերով, և գնաց Սողոմոնի մոտ ու նրա հետ խոսեց իր սրտում եղած բոլոր բաների մասին։

3. Եվ Սողոմոնը պատասխանեց նրա բոլոր հարցերին. թագավորի համար ոչ մի գաղտնի բան չկար, որ նա չբացատրեր նրա համար։

4. Երբ Սաբայի թագուհին տեսավ Սողոմոնի ամբողջ իմաստությունը և նրա շինած պալատը,

5. նրա սեղանի կերակուրը և նրա ծառաների նստելն ու նրա սպասավորների վեր կենալը, նրանց հագուստները և նրա մատռվակներին, նրա այն սանդուղքը, որով նա ելնում էր Տիրոջ տունը, էլ ուշք չմնաց նրա մեջ։

6. Եվ նա ասաց թագավորին. «Ճշմարիտ է եղել այն խոսքը, որ ես իմ երկրում լսել եմ քո գործերի և քո իմաստության մասին։

7. Բայց ես չէի հավատում այդ խոսքերին, մինչև որ եկա, և իմ աչքերը տեսան. և ահա ինձ կեսն էլ չեն պատմել. դու իմ լսած համբավից ավելի իմաստություն և հարստություն ունես։

8. Երանի՜ քո այս մարդկանց, քո այս ծառաներին, որոնք միշտ կանգնած են քո առջև և լսում են քո իմաստությունը։

9. Օրհնյա՜լ լինի քո Տեր Աստվածը, որ քեզ հավանեց՝ քեզ Իսրայելի աթոռի վրա դնելու համար. Տերը, հավիտյան սիրելով Իսրայելին, քեզ թագավոր է դրել, որ իրավունք և արդարություն անես»։

10. Եվ թագավորին հարյուր քսան տաղանդ ոսկի և խիստ շատ խունկ ու պատվական քարեր տվեց. և այդքան շատ խունկ, որքան Սաբայի թագուհին տվեց Սողոմոնին, այլևս չեկավ։

11. Եվ Քիրամի նավերը, որ Ոփիրից ոսկի էին բերում, խիստ շատ ալմուգ փայտ էլ բերեցին, ինչպես նաև պատվական քարեր։

12. Եվ թագավորը ալմուգ փայտերից ցանկապատներ շինեց Տիրոջ տան համար ու թագավորի պալատի համար և քնարներ ու տավիղներ՝ երգիչների համար. այդպիսի ալմուգ փայտ այլևս չբերվեց և չի տեսնվել մինչև այսօր։

13. Եվ Սողոմոն թագավորը Սաբայի թագուհուն տվեց այն ամենը, ինչ նա փափագում էր և ուզեց, բացի այն ամենից, ինչ Սողոմոն թագավորն էր առատաձեռնությամբ տվել. և նա իր ծառաների հետ վերադարձավ ու գնաց իր երկիրը։

14. Մեկ տարվա ընթացքում Սողոմոնի համար եկած ոսկու կշիռը վեց հարյուր վաթսունվեց տաղանդ ոսկի* էր,

15. բացի այն ոսկուց, որ գալիս էր վաճառականներից, առևտրականներից և Արաբիայի թագավորներից ու երկրի կառավարիչներից։

16. Եվ Սողոմոն թագավորը երկու հարյուր վահան շինեց կռածո ոսկուց. յուրաքանչյուր վահանի համար գնաց վեց հարյուր սիկղ ոսկի*։

17. Եվ երեք հարյուր ասպար՝ կռածո ոսկուց. յուրաքանչյուր ասպարի համար երեք մնաս ոսկի* ծախսվեց. և թագավորը դրանք դրեց «Լիբանանի անտառի տանը»։

18. Եվ թագավորը փղոսկրյա մի մեծ գահ շինեց և այն պատեց մաքուր ոսկով։

19. Գահը վեց աստիճաններ ուներ, և գահի գլուխը բոլորաձև էր ետևից, իսկ նստելու տեղը թե՛ այս և թե՛ մյուս կողմից հենարաններ ուներ, և այդ հենարանների մոտ քանդակված երկու առյուծներ կային։

20. Եվ տասներկու առյուծներ էլ կանգնած էին վեց աստիճանների վրա՝ թե՛ այս կողմից և թե՛ այն կողմից. այսպիսի բան չէր շինված ոչ մի թագավորության մեջ։

21. Եվ Սողոմոն թագավորի ըմպելիքի բոլոր անոթները ոսկե էին, և «Լիբանանի անտառի տան» բոլոր անոթները մաքուր ոսկուց էին, արծաթից չէին, քանի որ Սողոմոնի օրոք արծաթը մի բան չէր համարվում։

22. Որովհետև թագավորը Քիրամի նավերի հետ ծովում Թարսիսի նավեր ուներ. երեք տարին մեկ Թարսիսի նավերը գալիս էին բեռնված ոսկով և արծաթով, փղոսկրով, կապիկներով և սիրամարգներով։

23. Եվ Սողոմոն թագավորը հարստությամբ և իմաստությամբ գերազանցեց երկրի բոլոր թագավորներին։

24. Ամբողջ երկիրը փափագում էր տեսնել Սողոմոնի երեսը, որ լսի նրա այն իմաստությունը, որ Աստված տվել էր նրա սրտին։

25. Եվ ամեն տարի նրանցից ամեն մեկը բերում էր իր ընծան՝ արծաթե անոթներ ու ոսկե անոթներ, հանդերձներ, զենքեր, խնկեղեն, ձիեր և ջորիներ։

26. Սողոմոնը կառքեր և ձիավորներ հավաքեց. ուներ հազար չորս հարյուր կառք և տասներկու հազար ձիավոր. և նրանց տեղավորեց կառքերի քաղաքներում ու Երուսաղեմում՝ թագավորի մոտ։

27. Եվ թագավորը Երուսաղեմում արծաթը քարի պես հասարակ բան դարձրեց և եղևնափայտն էլ դարձրեց դաշտի մոլաթզենիների նման շատ։

28. Եվ Սողոմոնի համար ձիերը բերում էին Եգիպտոսից և Կուայից. թագավորի վաճառականների կարավանը ձիերը երամակով էր ծախու առնում։

29. Մեկ կառքը Եգիպտոսից գնվում և բերվում էր վեց հարյուր արծաթով, իսկ ձին՝ հարյուր հիսունով։ Այդպես էլ արտահանում էին իրենց ձեռքով քետացիների թագավորների և ասորիների թագավորների համար։

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11

1. Եվ Սողոմոն թագավորը փարավոնի աղջկանից բացի օտարազգի շատ կանանց սիրեց՝ մովաբացիներ, ամմոնացիներ, եդովմացիներ, սիդոնացիներ, քետացիներ.

2. այն ազգերից, որոնց մասին Տերն ասել էր Իսրայելի որդիներին, թե՝ «Մի՛ ամուսնացեք նրանց հետ, և նրանք էլ ձեզ հետ թող չամուսնանան, որ ձեր սրտերը չշեղեն դեպի իրենց աստվածները»։ Սողոմոնը սիրով հարեց նրանց։

3. Յոթ հարյուր իշխանազուն կին և երեք հարյուր հարճ ուներ, և նրա կանայք խոտորեցին նրա սիրտը։

4. Եվ Սողոմոնի ծերության ժամանակ նրա կանայք նրա սիրտը շեղեցին դեպի ուրիշ աստվածներ, և նրա սիրտը ուղիղ չէր իր Տեր Աստծու նկատմամբ, ինչպես մաքուր էր իր հայր Դավթի սիրտը։

5. Եվ Սողոմոնը գնաց սիդոնացիների Աստարովթ աստծու ետևից և ամմոնացիների գարշելի Մեղքոմի ետևից։

6. Եվ Սողոմոնը չարիք գործեց Տիրոջ առաջ և իր հայր Դավթի պես չհետևեց Տիրոջը։

7. Այն ժամանակ Սողոմոնը մովաբացիների գարշելի Քամովսի համար մի կռատուն շինեց Երուսաղեմի դիմաց՝ սարի վրա, ինչպես և Ամմոնի որդիների գարշելի Մողոքի համար։

8. Այսպես էլ արեց օտարազգի իր բոլոր կանանց համար, որոնք խունկ էին ծխում և զոհ մատուցում իրենց աստվածներին։

9. Տերը բարկացավ Սողոմոնի վրա, քանի որ իր սիրտը շեղել էր Իսրայելի Տեր Աստծուց, որը երկու անգամ երևացել էր նրան

10. և նրան պատվիրել էր, որ չգնա ուրիշ աստվածների ետևից. բայց նա չպահեց, ինչ որ Տերը պատվիրել էր նրան։

11. Եվ Տերն ասաց Սողոմոնին. «Որովհետև այսպիսի բան է լինում քեզ մոտ, և դու չպահեցիր իմ ուխտը և քեզ հրամայած իմ կանոնները, ես, անշուշտ, քեզնից պիտի խլեմ թագավորությունը և այն պիտի տամ քո ծառային։

12. Միայն թե քո կյանքի օրերին չեմ անելու քո հայր Դավթի պատճառով, այլ այն պիտի խլեմ քո որդու ձեռքից։

13. Սակայն չեմ խլելու ամբողջ թագավորությունը. մեկ ցեղը պիտի տամ քո որդուն իմ ծառա Դավթի պատճառով և իմ ընտրած Երուսաղեմի պատճառով»։

14. Եվ Տերը Սողոմոնի դեմ մի հակառակորդ ոտքի հանեց՝ Եդովմի թագավորի սերնդից եդովմացի Ադադին։

15. Որովհետև Դավիթը Եդովմում եղած ժամանակ, երբ զորապետ Հովաբը գնացել էր, որ սպանվածներին թաղի, Եդովմում նա կոտորեց բոլոր արուներին,

16. որովհետև Հովաբը և ամբողջ Իսրայելը վեց ամիս բնակվեցին այնտեղ, մինչև որ Եդովմում բնաջինջ արեցին բոլոր արուներին։

17. Այդ ժամանակ էլ Ադադն ինքն ու իր հոր ծառաներից մարդիկ, որ եդովմացի էին, իր հետ փախան, գնացին Եգիպտոս, երբ Ադադը փոքր երեխա էր։

18. Եվ նրանք Մադիամից վեր կացան ու եկան Փառան և Փառանից իրենց հետ մարդիկ վերցրին ու գնացին Եգիպտոս՝ Եգիպտոսի թագավոր փարավոնի մոտ։ Եվ նա նրան տուն ու հաց տվեց և հող շնորհեց նրան։

19. Եվ Ադադը մեծ շնորհ գտավ փարավոնի առաջ, և նա իր կնոջ քրոջը՝ Թահփենես թագուհու քրոջը, կնության տվեց նրան։

20. Եվ Թահփենեսի քույրը նրա համար ծնեց Գանեբաթին, և Թահփենեսը նրան մեծացրեց փարավոնի պալատում, և Գանեբաթը փարավոնի պալատում փարավոնի որդիների հետ էր լինում։

21. Եվ երբ Ադադը Եգիպտոսում լսեց, թե Դավիթը ննջել է իր հայրերի հետ, և թե զորապետ Հովաբն էլ է մեռել, Ադադն ասաց փարավոնին. «Ինձ արձակի՛ր, որ իմ երկիրը գնամ»։

22. Եվ փարավոնն ասաց նրան. «Ի՞նչդ է պակաս ինձ մոտ, որ հիմա ուզում ես քո երկիրը գնալ». բայց նա ասաց. «Ո՛չ, բայց ինձ անպայման արձակի՛ր»։

23. Եվ Աստված Սողոմոնի դեմ մի հակառակորդ էլ ոտքի հանեց՝ Եղիադայի որդի Ռազոնին, որը փախել էր իր տիրոջից՝ Սուբայի թագավոր Ադրաազարից։

24. Նա մարդիկ էր հավաքել իր մոտ և դարձել գնդապետ. և երբ Դավիթը սկսեց նրանց կոտորել, նրանք գնացին Դամասկոս և բնակվեցին այնտեղ ու թագավորեցին Դամասկոսում։

25. Նա Իսրայելի հակառակորդն էր Սողոմոնի կյանքի բոլոր օրերին. բացի այն չարիքից, որ Ադադն էր անում, նա էլ էր նեղում Իսրայելին. և թագավորեց ասորիների վրա։

26. Եվ թագավորի դեմ ձեռք բարձրացրեց նաև Սողոմոնի ծառա Սարեդայից եփրաթացի Նաբատի որդի Հերոբովամը, որի մայրը որբևայրի մի կին էր, անունը՝ Սարուա։

27. Այս է թագավորի դեմ նրա ձեռք բարձրացնելու պատմությունը. Սողոմոնը շինել էր Մելոնը և ամրացրել իր հայր Դավթի քաղաքի պատի քանդված մասերը.

28. Հերոբովամը մի քաջարի մարդ էր, և երբ Սողոմոնը նկատեց, որ նա գործունյա տղամարդ է, նրան վերակացու դրեց Հովսեփի տան բոլոր ստրուկ գործավորների վրա։

29. Եվ երբ այդ օրերին Հերոբովամը դուրս էր եկել Երուսաղեմից, նրան հանդիպեց սիլոնացի Աքիա մարգարեն, որը նոր վերարկու էր հագել. և նրանք երկուսով մենակ էին դաշտում։

30. Եվ Աքիան բռնեց իր վրայի նոր վերարկուից, պատառոտեց և տասներկու կտոր արեց այն։

31. Եվ Հերոբովամին ասաց. «Տասը կտոր վերցրո՛ւ քեզ համար, քանզի այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ահա ես պիտի Սողոմոնի ձեռքից խլեմ թագավորությունը և տասը ցեղ տամ քեզ,

32. իսկ մի ցեղը նրանը կլինի իմ ծառա Դավթի պատճառով և Իսրայելի բոլոր ցեղերից իմ ընտրած Երուսաղեմ քաղաքի պատճառով։

33. Որովհետև ինձ թողեցին և երկրպագություն արեցին սիդոնացիների Աստարովթ աստծուն, Մովաբի Քամովս աստծուն և Ամմոնի որդիների Մեղքոմ աստծուն և չգնացին իմ ճանապարհներով, որ կատարեին այն, ինչ ուղիղ է իմ առաջ, և կատարեին իմ կանոններն ու իրավունքները, ինչպես արել է նրա հայր Դավիթը։

34. Բայց ամբողջ թագավորությունը չեմ վերցնելու նրա ձեռքից, այլ նրան իշխան կդնեմ իր կյանքի բոլոր օրերին՝ իմ ծառա Դավթի պատճառով, որին ընտրել եմ ես, և որը պահել է իմ պատվերներն ու իմ կանոնները։

35. Սակայն թագավորությունը պիտի վերցնեմ նրա որդու ձեռքից և տամ քեզ, այսինքն՝ տասը ցեղերը։

36. Եվ նրա որդուն պիտի տամ մեկ ցեղը, որ իմ ծառա Դավիթը միշտ մի ճրագ ունենա իմ առջև Երուսաղեմում՝ այն քաղաքում, որը ես ընտրել եմ իմ անունն այնտեղ դնելու համար։

37. Եվ ես վեր եմ բարձրացնելու քեզ, և դու պիտի թագավորես քո ցանկացածի պես և պիտի թագավոր լինես Իսրայելի վրա։

38. Եվ եթե լինի այնպես, որ լսես այն ամենը, ինչ պատվիրեմ քեզ, գնաս իմ ճանապարհով և անես այն, ինչ հաճելի է ինձ, և պահես իմ կանոններն ու պատվիրանները, ինչպես անում էր իմ Դավիթ ծառան, այն ժամանակ ես կլինեմ քեզ հետ և քեզ համար հաստատուն տուն կշինեմ, ինչպես շինել եմ Դավթի համար, և Իսրայելը կտամ քեզ։

39. Եվ պիտի պատժեմ Դավթի սերնդին այս իսկ պատճառով, բայց ոչ մշտապես”»։

40. Եվ Սողոմոնը ջանում էր, որ սպանի Հերոբովամին, բայց Հերոբովամը վեր կացավ և փախավ Եգիպտոս՝ Եգիպտոսի թագավոր Սիսակի մոտ, և Եգիպտոսում մնաց մինչև Սողոմոնի մահը։

41. Եվ Սողոմոնի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արել է, և նրա իմաստությունը, դրանք ահա գրված են Սողոմոնի գործերի գրքում։

42. Ամբողջ Իսրայելի վրա Երուսաղեմում Սողոմոնի թագավորության ժամանակը քառասուն տարի էր։

43. Եվ Սողոմոնը ննջեց իր հայրերի հետ ու թաղվեց իր հայր Դավթի քաղաքում, և նրա փոխարեն թագավորեց նրա որդի Ռոբովամը։

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12

1. Եվ Ռոբովամը գնաց Սյուքեմ, որովհետև ամբողջ Իսրայելը գնացել էր Սյուքեմ՝ նրան թագավոր դարձնելու համար։

2. Եվ երբ այդ մասին լսեց Նաբատի որդի Հերոբովամը, որը փախել էր Սողոմոն թագավորից և տակավին Եգիպտոսում էր (Հերոբովամը մնում էր Եգիպտոսում),

3. մարդ ուղարկեցին և նրան կանչեցին. և եկան Հերոբովամն ու Իսրայելի ամբողջ ժողովուրդը, խոսեցին Ռոբովամի հետ և ասացին.

4. «Քո հայրը ծանրացրել էր մեր լուծը. բայց դու հիմա թեթևացրո՛ւ քո հոր դրած խիստ ծառայությունը և նրա մեզ վրա դրած ծանր լուծը, և այն ժամանակ քեզ ծառայություն կանենք»։

5. Եվ նա ասաց նրանց. «Գնացե՛ք և երեք օրից հետո դարձյալ եկե՛ք ինձ մոտ». և ժողովուրդը գնաց։

6. Եվ Ռոբովամ թագավորը խորհուրդ արեց այն ծերերի հետ, որոնք կանգնում էին իր հայր Սողոմոնի առաջ նրա կենդանության օրոք, և ասաց. «Դուք ի՞նչ խորհուրդ եք տալիս ինձ, որ ես պատասխան տամ այս ժողովրդին»։

7. Եվ նրանք այս խոսքն ասացին նրան. «Եթե դու այսօր ծառա լինես այս ժողովրդին և նրանց ծառայես, նրանց պատասխան տաս և քաղցր խոսքեր ասես նրանց, այն ժամանակ նրանք միշտ կլինեն քո ծառաները»։

8. Իսկ նա մերժեց ծերերի իրեն տված խրատը և խորհուրդ հարցրեց այն երիտասարդներից, որոնք մեծացել էին իր հետ և կանգնած էին իր առջև։

9. Եվ ասաց նրանց. «Դուք ի՞նչ խորհուրդ եք տալիս, որ պատասխան տամ այս ժողովրդին, որ խոսեց ինձ հետ և ասաց. “Թեթևացրո՛ւ այն լուծը, որ քո հայրը դրել է մեզ վրա”»։

10. Եվ նրա հետ մեծացած երիտասարդները խոսեցին նրա հետ և ասացին. «Այսպե՛ս ասա այն ժողովրդին, որ խոսել է քեզ հետ և ասել. “Քո հայրը ծանրացրել է մեր լուծը, իսկ դու թեթևացրո՛ւ մեր վրայից”. այսպե՛ս խոսիր նրանց հետ. “Իմ ճկույթը հաստ է իմ հոր մեջքից։

11. Եվ արդ, իմ հայրը ծանր լուծ էր դրել ձեզ վրա, իսկ ես ավելացնելու եմ ձեր լուծը, իմ հայրը ձեզ խարազաններով էր խրատում, իսկ ես կարիճներով եմ խրատելու ձեզ”»։

12. Եվ Հերոբովամն ու ամբողջ ժողովուրդը երրորդ օրը եկան Ռոբովամի մոտ, ինչպես խոսել էր թագավորը և ասել. «Երրորդ օրը դարձյալ ինձ մո՛տ եկեք»։

13. Եվ թագավորը խիստ պատասխանեց ժողովրդին և մերժեց ծերերի այն խորհուրդը, որ տվել էին նրան։

14. Եվ նրանց հետ խոսեց, ինչպես խորհուրդ էին տվել երիտասարդները, և ասաց. «Իմ հայրը ծանրացրել էր ձեր լուծը, ես ավելացնելու եմ ձեր լուծը, իմ հայրը ձեզ խարազաններով էր խրատում, ես կարիճներով եմ խրատելու ձեզ»։

15. Եվ թագավորը չլսեց ժողովրդին, որովհետև այդպես էր արված Տիրոջ կողմից, որպեսզի հաստատի իր այն խոսքը, որ Տերն ասել էր սիլոնացի Աքիայի միջոցով Նաբատի որդի Հերոբովամին։

16. Եվ երբ ամբողջ Իսրայելը տեսավ, որ թագավորը չլսեց իրեն, այն ժամանակ ժողովուրդը պատասխանեց թագավորին և ասաց. «Մենք ի՞նչ բաժին ունենք Դավթի մոտ. և Հեսսեի որդու մոտ էլ ժառանգություն չունենք. քո վրաննե՛րը գնա, ո՛վ Իսրայել, հիմա դու հոգա՛ քո տան համար, ո՛վ Դավիթ»։ Եվ Իսրայելը գնաց իր վրանները։

17. Եվ Ռոբովամը թագավոր դարձավ Իսրայելի այն որդիների վրա, որ բնակվում էին Հուդայի քաղաքներում։

18. Եվ Ռոբովամ թագավորն ուղարկեց հարկերի տեսուչ Ադորամին, բայց ամբողջ Իսրայելը նրան քարկոծեց քարերով, և նա մեռավ. և Ռոբովամ թագավորը շտապեց, որ կառք նստի և փախչի Երուսաղեմ։

19. Այսպես ապստամբեց Իսրայելը Դավթի տան դեմ մինչև այսօր։

20. Եվ երբ ամբողջ Իսրայելը լսեց, որ Հերոբովամը ետ է եկել, այն ժամանակ մարդ ուղարկեցին ու նրան ժողովի կանչեցին և նրան թագավոր դարձրին ամբողջ Իսրայելի վրա, իսկ Դավթի տանը ուրիշ հետևող չկար, բացի մեկից՝ Հուդայի ցեղից։

21. Եվ Ռոբովամը եկավ Երուսաղեմ և ամբողջ Հուդայի տնից ու Բենիամինի ցեղից հավաքեց հարյուր ութսուն հազար ընտիր պատերազմողներ, որ պատերազմի Իսրայելի տան դեմ՝ թագավորությունը Սողոմոնի որդի Ռոբովամին վերադարձնելու համար։

22. Եվ Աստված խոսեց Աստծու մարդ Սեմայիայի հետ և ասաց.

23. «Ասա՛ Հուդայի թագավոր Սողոմոնի որդի Ռոբովամին և ամբողջ Հուդայի ու Բենիամինի տանը և մնացած ժողովրդին.

24. “Այսպես է ասում Տերը.

25. Եվ Հերոբովամը Եփրեմի սարի վրա շինեց Սյուքեմը և բնակվեց այնտեղ, հետո այնտեղից դուրս եկավ և շինեց Փանուելը։

26. Եվ Հերոբովամն ասաց իր սրտում. «Հիմա թագավորությունը պիտի վերադառնա Դավթի տուն։

27. Եթե այս ժողովուրդը ելնի Երուսաղեմ Տիրոջ տանը զոհ մատուցելու համար, այն ժամանակ այս ժողովրդի սիրտը կդառնա դեպի իրենց տերը՝ Հուդայի թագավոր Ռոբովամը, ինձ կսպանեն և ետ կդառնան դեպի Ռոբովամ թագավորը»։

28. Եվ թագավորը խորհուրդ արեց և ոսկե երկու հորթ շինեց ու ասաց ժողովրդին. «Բավական է դուք Երուսաղեմ գնաք. ահա քո աստվածները, ո՛վ Իսրայել, որոնք քեզ դուրս բերեցին Եգիպտոսի երկրից»։

29. Եվ մեկը դրեց Բեթելում, իսկ մյուսը դրեց Դանում։

30. Եվ սա մեղքի պատճառ դարձավ, և ժողովուրդը մեկի առաջ գնալու համար հասնում էր մինչև Դան։

31. Շինեց նաև Բարձր տեղերի կռատուն և քահանաներ դարձրեց ժողովրդի ստորին մարդկանց, որոնք Ղևիի որդիներից չէին։

32. Եվ Հերոբովամը տոն կատարեց ութերորդ ամսի տասնհինգին՝ Հուդայում հաստատված տոնի նման, և բարձրացավ զոհասեղանին. այսպես էլ արեց Բեթելում, որ զոհ մատուցեր իր շինած ոսկե հորթերին. և Բեթելում դրեց իր շինած Բարձր տեղերի քահանաներին։

33. Եվ Բեթելում իր շինած զոհասեղանի վրա բարձրացավ իր մտքի հնարած ամսի, այսինքն՝ ութերորդ ամսի տասնհինգին և տոն սահմանեց այդ օրը Իսրայելի որդիների համար, բարձրացավ զոհասեղանի վրա՝ զոհ մատուցելու համար։

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13

1. Ահա Աստծու մի մարդ Տիրոջ խոսքով Հուդայից եկավ Բեթել, իսկ Հերոբովամը կանգնած էր զոհասեղանի մոտ՝ զոհ մատուցելու համար։

2. Եվ Տիրոջ խոսքով կանչեց դեպի զոհասեղանը. «Ո՛վ զոհասեղան, զոհասեղա՛ն, այսպես է ասում Տերը. “Ահա մի որդի կծնվի Դավթի տան համար, անունը՝ Հովսիա, և նա քեզ վրա զոհ կմատուցի Բարձր տեղերի քահանաներին, որոնք քեզ վրա զոհ են մատուցում, և մարդու ոսկորներ կայրեն քեզ վրա”»։

3. Եվ այդ օրը մի նշան տվեց՝ ասելով. «Այս է այն նշանը, որ Տերն ասել է. “Ահա զոհասեղանը կճեղքվի, և նրա վրայի մոխիրը կթափվի”»։

4. Եվ երբ թագավորը լսեց Աստծու մարդու այն խոսքը, որ կանչել էր Բեթելում եղած զոհասեղանի դեմ, այդ ժամանակ Հերոբովամն իր ձեռքը մեկնեց զոհասեղանի վրայից՝ ասելով. «Բռնեցե՛ք դրան». սակայն նրա ձեռքը չորացավ, որ մեկնել էր զոհասեղանի վրայից, և չկարողացավ այն ետ քաշել դեպի իրեն։

5. Եվ զոհասեղանը ճեղքվեց, ու մոխիրը թափվեց զոհասեղանից՝ որպես նշան Տիրոջ այն խոսքի, որ տվել էր Աստծու մարդուն։

6. Եվ թագավորը պատասխանեց և ասաց Աստծու մարդուն. «Քո Տեր Աստծուն աղոթի՛ր և խնդրի՛ր ինձ համար, որ իմ ձեռքը ետ գա դեպի ինձ». և Աստծու մարդն աղոթք արեց Տիրոջը, և թագավորի ձեռքը ետ եկավ դեպի իրեն ու եղավ առաջվա պես։

7. Եվ թագավորն ասաց Աստծու մարդուն. «Ինձ հետ ե՛կ տուն և ճաշի՛ր, և ես պարգևներ կտամ քեզ»։

8. Բայց Աստծու մարդն ասաց թագավորին. «Եթե ինձ քո տան կեսն էլ տալու լինես, քեզ հետ այստեղ հաց չեմ ուտի և ջուր չեմ խմի,

9. որովհետև ինձ այսպես է հրամայված Տիրոջ խոսքով. “Հաց չուտես և ջուր չխմես և չվերադառնաս այն ճանապարհով, որով գնացիր”»։

10. Եվ նա գնաց ուրիշ ճանապարհով և չվերադարձավ այն ճանապարհով, որով գնացել էր Բեթել։

11. Մի ծեր մարգարե էր բնակվում Բեթելում. և նրա որդին եկավ ու նրան պատմեց այն բոլոր բաների մասին, որ Աստծու մարդն այդ օրն արել էր Բեթելում, և այն խոսքերը, որ ասել էր թագավորին, պատմեցին իրենց հորը։

12. Եվ նրանց հայրն ասաց. «Ո՞ր ճանապարհով գնաց»։ Եվ որդիները ցույց տվեցին այն ճանապարհը, որով գնացել էր Հուդայից եկած Աստծու մարդը։

13. Եվ նա ասաց իր որդիներին. «Էշը պատրաստե՛ք ինձ համար». և էշը համետեցին նրա համար, և նա հեծնեց այն։

14. Եվ գնաց Աստծու մարդու ետևից և նրան գտավ մի բևեկնու տակ նստած ու ասաց նրան. «Դո՞ւ ես Աստծու այն մարդը, որ եկել ես Հուդայից». և նա ասաց՝ ես եմ։

15. Եվ նրան ասաց. «Ինձ հետ ե՛կ իմ տուն և հա՛ց կեր»։

16. Եվ նա ասաց. «Չեմ կարող քեզ հետ վերադառնալ ու քեզ հետ գալ և այստեղ հաց չեմ ուտի և ջուր չեմ խմի քեզ հետ,

17. որովհետև Տիրոջ խոսքով ինձ այսպես է ասվել. “Այնտեղ հաց չուտես և ջուր չխմես և չվերադառնաս այն ճանապարհով, որով դու գնացիր”»։

18. Եվ նա ասաց նրան. «Ես էլ եմ մարգարե քեզ պես, և մի հրեշտակ Տիրոջ խոսքով խոսեց ինձ հետ ու ասաց. “Նրան ե՛տ դարձրու քեզ հետ քո տուն, և թող հաց ուտի և ջուր խմի”»։ Եվ նա սուտ ասաց նրան։

19. Եվ նա ետ դարձավ նրա հետ, հաց կերավ նրա տանը և ջուր խմեց։

20. Եվ մինչ նրանք սեղան էին նստած, Տերը խոսեց այն մարգարեի հետ, որը ետ էր դարձրել Աստծու մարդուն։

21. Նա կանչեց Հուդայից եկած Աստծու մարդուն և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Որովհետև դու անհնազանդ եղար Տիրոջ խոսքին և չպահեցիր քո Տեր Աստծու քեզ պատվիրած պատվիրանը

22. և ետ դարձար, հաց կերար ու ջուր խմեցիր այն տեղում, որի մասին քեզ ասաց.

23. Եվ երբ հաց էր կերել և ջուր խմել, նա պատրաստեց էշը իր ետ դարձրած մարգարեի համար։

24. Եվ նա գնաց. բայց ճանապարհին մի առյուծ գտավ նրան ու մեռցրեց նրան, և նրա դիակն ընկած էր ճանապարհին, և էշը կանգնած էր կողքին, իսկ առյուծն էլ կանգնել էր դիակի մոտ։

25. Եվ ահա ճանապարհով անցնողներ կային, որոնք տեսան, որ դիակն ընկած է ճանապարհին, և առյուծը կանգնած է դիակի մոտ, և եկան ու պատմեցին այն քաղաքում, որտեղ բնակվում էր ծեր մարգարեն, և ասացին նրան։

26. Եվ երբ այս բանը լսեց նրան իր ճանապարհից ետ դարձրած մարգարեն, ասաց. «Դա Աստծու այն մարդն է, որն անհնազանդ եղավ Տիրոջ խոսքին, և Տերը նրան մատնել է առյուծին, որը նրան պատառոտել է և մեռցրել, ինչպես Տերն ասել էր նրան»։

27. Եվ խոսեց իր որդիների հետ՝ ասելով. «Էշը պատրաստե՛ք ինձ համար». և նրանք համետեցին էշը։

28. Նա գնաց ու գտավ նրա դիակը, որ ընկած էր ճանապարհին, և էշն ու առյուծը կանգնած էին դիակի մոտ. առյուծը չէր կերել դիակը և չէր պատառոտել էշին։

29. Եվ մարգարեն վերցրեց Աստծու մարդու դիակը, դրեց էշի վրա և ետ բերեց նրան. և ծեր մարգարեն մտավ քաղաք, որ սուգ անի և նրան թաղի։

30. Նրա դիակը դրեց իր գերեզմանում, և սուգ արեցին նրա վրա. «Վա՜յ, եղբա՛յր իմ»։

31. Եվ նրան թաղելուց հետո խոսեց իր որդիների հետ՝ ասելով. «Երբ ես մեռնեմ, ինձ թաղե՛ք այն գերեզմանում, որտեղ թաղված է Աստծու այդ մարդը. իմ ոսկորները դրե՛ք նրա ոսկորների կողքին,

32. որովհետև անպայման պիտի կատարվի Տիրոջ այն խոսքը, որ նա ասաց Բեթելում եղած զոհասեղանի և Բարձր տեղերի բոլոր կռատների մասին, որոնք կան Սամարիայի քաղաքներում»։

33. Այս բանից հետո էլ Հերոբովամը ետ չդարձավ իր չար ճանապարհից, այլ դարձյալ Բարձր տեղերի համար քահանաներ դրեց ժողովրդի ստորին մարդկանցից. ով ուզում էր, ձեռնադրում էր, և նրանք դառնում էին Բարձր տեղերի քահանաներ։

34. Եվ այս բանը պատճառ եղավ Հերոբովամի տան մեղք գործելու համար, որ այն կորչի և բնաջինջ լինի երկրի երեսից։

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14

1. Այդ ժամանակ հիվանդացավ Հերոբովամի որդի Աբիան։

2. Եվ Հերոբովամն ասաց իր կնոջը. «Վե՛ր կաց, կերպարանքդ փոխի՛ր, որ քեզ չճանաչեն, թե դու Հերոբովամի կինն ես, և գնա՛ Սելով. ահա այնտեղ է Աքիա մարգարեն. նա ինձ համար ասել է, թե ես պիտի թագավորեմ այս ժողովրդի վրա։

3. Տասը հաց, բլիթներ ու մի փարչ մե՛ղր վերցրու և գնա՛ նրա մոտ, և նա քեզ կասի, թե ինչ պիտի լինի երեխայի հետ»։

4. Եվ Հերոբովամի կինն այդպես էլ արեց. վեր կացավ գնաց Սելով և մտավ Աքիայի տուն. բայց Աքիան չէր կարողանում տեսնել, որովհետև աչքերը տկարացել էին ծերությունից։

5. Եվ Տերն ասաց Աքիային. «Ահա Հերոբովամի կինը եկել է քեզնից բան հարցնելու իր որդու մասին, որ հիվանդ է. այսպես ու այսպես կասես. նա ծպտված է գալու»։

6. Եվ հենց որ Աքիան լսեց նրա ոտքերի ձայնը, երբ դռնից ներս էր մտնում, ասաց. «Ե՛կ, Հերոբովամի՛ կին, ինչո՞ւ ես քեզ օտար ձևացնում. ես ուղարկված եմ քեզ խիստ բան ասելու.

7. գնա՛, Հերոբովամին ասա՛՝ այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Որովհետև ես քեզ բարձրացրի ժողովրդի միջից և քեզ իշխան դրեցի Իսրայելի իմ ժողովրդի վրա,

8. թագավորությունը խլեցի Դավթի տանից և տվեցի քեզ, սակայն դու չեղար իմ Դավիթ ծառայի նման, որը պահում էր իմ պատվիրանները և ամբողջ սրտով հետևում էր ինձ, որ միայն աներ այն, ինչ հաճելի էր երևում ինձ։

9. Եվ ամենքից ավելի շատ չարիք գործեցիր, քան քեզնից առաջ եղածները, գնացիր քեզ համար ուրիշ աստվածներ ու ձուլածո կուռքեր շինեցիր ինձ բարկացնելու համար և ինձ քո ետևը գցեցիր։

10. Ես էլ ահա չարիք պիտի բերեմ Հերոբովամի տան վրա. Հերոբովամի տանից պիտի բնաջնջեմ ամեն մի արու մարդու, Իսրայելում գերի լինի, թե ազատ, և պիտի կործանեմ Հերոբովամի տան սերնդին, ինչպես աղբն են ավլում, մինչև որ վերջանա”։

11. Հերոբովամի տանից քաղաքում մեռնողին շները պիտի ուտեն, և դաշտում մեռածին պիտի ուտեն երկնքի թռչունները, որովհետև Տերն ասել է։

12. Եվ դու վե՛ր կաց, գնա՛ քո տուն. քո ոտքը քաղաք մտնելիս երեխան պիտի մեռնի։

13. Եվ ամբողջ Իսրայելը կսգա նրա համար, և նրան կթաղեն, որովհետև Հերոբովամի տանից միայն նա է դրվելու գերեզման, քանի որ Հերոբովամի տանը միայն նրա մեջ մի բարի բան գտնվեց Իսրայելի Տեր Աստծու առաջ։

14. Եվ Տերն իր համար Իսրայելի վրա մի թագավոր վեր կհանի, որ նույն օրը կբնաջնջի Հերոբովամի տունը ու նաև այն, ինչ որ կա հիմա։

15. Եվ Տերն Իսրայելին այնպես պիտի հարվածի, ինչպես եղեգն է շարժվում ջրերի մեջ, և Իսրայելից պիտի խլի այս բարի երկիրը, որ տվել է իրենց հայրերին, և պիտի ցրի նրանց Գետի մյուս կողմում, որովհետև Տիրոջը բարկացնելով՝ կուռքի աստարովթներ* շինեցին իրենց համար։

16. Եվ պիտի կորստյան մատնի Իսրայելին այն մեղքերի համար, որ գործեց Հերոբովամը և որոնցով մեղանչել տվեց Իսրայելին»։

17. Եվ Հերոբովամի կինը վեր կացավ, գնաց հասավ Թերսա. նա դեռ նոր էր տան շեմքից ներս մտնում, որ երեխան մեռավ։

18. Նրան թաղեցին, և ամբողջ Իսրայելը սուգ արեց նրա վրա՝ Տիրոջ խոսքի համաձայն, որ ասել էր իր ծառա Աքիա մարգարեի միջոցով։

19. Հերոբովամի մնացած գործերի՝ թե՛ պատերազմելու և թե՛ թագավորելու մասին ահա գրված են Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

20. Եվ Հերոբովամը թագավորեց քսաներկու տարի. և նա ննջեց իր հայրերի հետ, ու նրա որդի Նադաբը թագավորեց նրա փոխարեն։

21. Եվ Սողոմոնի որդի Ռոբովամը թագավորեց Հուդայում. Ռոբովամը քառասունմեկ տարեկան էր, երբ թագավոր դարձավ և տասնյոթ տարի թագավորեց Երուսաղեմում՝ այն քաղաքում, որը Տերն ընտրել էր Իսրայելի բոլոր ցեղերից՝ իր անունն այնտեղ դնելու համար. նրա մայրն ամմոնացի էր, անունը՝ Նաամա։

22. Եվ Հուդայի մարդիկ չարիք գործեցին Տիրոջ առաջ և իրենց գործած մեղքերով նրան ավելի շատ բարկացրին, քան իրենց հայրերը։

23. Նրանք էլ իրենց համար Բարձր տեղեր ու սյուներ և աստարովթներ շինեցին բոլոր բարձր բլուրների վրա և ամեն մի կանաչ ծառի տակ։

24. Եվ իգացողներ էլ կային այդ երկրում և ամեն տեսակ գարշելի բաներ էին անում այն ազգերի պես, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։

25. Եվ Ռոբովամ թագավորի հինգերորդ տարում Եգիպտոսի Սիսակ թագավորը հարձակվեց Երուսաղեմի վրա։

26. Վերցրեց Տիրոջ տան գանձերը և թագավորի տան գանձերը, բոլորը վերցրեց, վերցրեց նաև բոլոր ոսկե վահանները, որ շինել էր Սողոմոնը։

27. Եվ Ռոբովամ թագավորը դրանց փոխարեն պղնձե վահաններ շինեց և հանձնեց պահապանների գլխավորներին, որոնք պահպանում էին թագավորի պալատի մուտքը։

28. Երբ թագավորը գնում էր Տիրոջ տուն, սուրհանդակները տանում էին դրանք և ետ էին բերում սուրհանդակների խուցը։

29. Ռոբովամի մնացած գործերի և այն ամենի մասին, որ նա արել է, ահա գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

30. Ռոբովամի և Հերոբովամի միջև միշտ պատերազմ կար։

31. Եվ Ռոբովամը ննջեց իր հայրերի հետ ու թաղվեց իր հայրերի հետ Դավթի քաղաքում. նրա մայրն ամմոնացի էր, անունը՝ Նաանա. նրա փոխարեն թագավորեց իր Աբիամ* որդին։

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15

1. Նաբատի որդի Հերոբովամի թագավորության տասնութերորդ տարում Աբիամը թագավորեց Հուդայի վրա։

2. Երեք տարի նա թագավորություն արեց Երուսաղեմում. նրա մայրն Աբիսողոմի դուստրն էր, անունը՝ Մաաքա։

3. Եվ նա շարունակեց գործել այն բոլոր մեղքերը, որ գործել էր իր հայրը իրենից առաջ, և նրա սիրտը ուղիղ չէր իր Տեր Աստծու հանդեպ, ինչպես իր հայր Դավթի սիրտը։

4. Որովհետև Դավթի սիրուց նրա Տեր Աստվածը նրան մեկ ճրագ էր տվել, որ իրենից հետո նրա որդուն հաստատի Երուսաղեմում և հաստատուն պահի Երուսաղեմը,

5. որովհետև Դավիթն ուղիղն արեց Տիրոջ առաջ և իր կյանքի բոլոր օրերին չխոտորվեց այն ամենից, որ պատվիրված էր իրեն, բացի քետացի Ուրիայի դեմ արածից։

6. Եվ պատերազմ կար Ռոբովամի և Հերոբովամի միջև նրա կյանքի բոլոր օրերին։

7. Աբիամի մնացած գործերի և այն ամենի մասին, որ նա արել է, ահա գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում. և պատերազմ կար Աբիամի և Հերոբովամի միջև։

8. Աբիամը ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում. և նրա որդի Ասան թագավորեց նրա փոխարեն։

9. Իսրայելի Հերոբովամ թագավորի քսաներորդ տարում Ասան թագավոր դարձավ Հուդայի վրա։

10. Եվ քառասունմեկ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մայրն Աբիսողոմի դուստրն էր, անունը՝ Մաաքա։

11. Ասան ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ, ինչպես իր հայր Դավիթը։

12. Երկրից դուրս արեց իգացողներին և վերացրեց իր հայրերի շինած բոլոր կուռքերը։

13. Եվ իր մայր Մաաքային էլ հեռացրեց տիկնությունից, որովհետև նա Աստարովթի կուռք էր շինել. և Ասան բնաջնջեց նրա շինած գարշությունը և այրեց Կեդրոնի հեղեղատում։

14. Սակայն չվերացրեց Բարձր տեղերը. բայց Ասայի սիրտն ուղիղ էր Տիրոջ հանդեպ իր կյանքի բոլոր օրերին։

15. Եվ նա իր հոր նվիրած և իր նվիրած ամեն բան՝ արծաթը, ոսկին և անոթները, բերեց Տիրոջ տուն։

16. Եվ պատերազմ կար Ասայի և Իսրայելի Բաասա թագավորի միջև նրանց կյանքի բոլոր օրերին։

17. Եվ Իսրայելի Բաասա թագավորը ելավ Հուդայի դեմ և շինեց Ռաման, որպեսզի ոչ ոք ելք ու մուտք չունենա Հուդայի Ասա թագավորի հետ։

18. Եվ Ասան վերցրեց Տիրոջ տան գանձի մեջ և թագավորի տան գանձի մեջ մնացած ամբողջ արծաթն ու ոսկին և տվեց իր ծառաների ձեռքը, և Ասա թագավորը դրանք ուղարկեց Դամասկոսում բնակվող ասորիների թագավորին՝ Էզիոնի որդի Տաբրեմոնի որդի Բենադադին՝ ասելով.

19. «Դաշինք կա իմ և քո միջև, իմ հոր և քո հոր միջև։ Ահա քեզ համար արծաթ ու ոսկի եմ ընծա ուղարկել. քանդի՛ր քո դաշինքը, որ կնքել ես Իսրայելի Բաասա թագավորի հետ, որպեսզի նա գնա ինձնից»։

20. Եվ Բենադադը լսեց Ասա թագավորին և իր զորքերի հրամանատարներին ուղարկեց Իսրայելի քաղաքների դեմ և հարվածեց Իյոնը, Դանը, Աբել-Բեթ-Մաաքան և ամբողջ Քեներեթն ու Նեփթաղիմի ամբողջ երկիրը։

21. Եվ երբ Բաասան լսեց այդ մասին, դադարեց Ռաման շինելուց և բնակվեց Թերսայում։

22. Ապա Ասա թագավորը հավաքեց Հուդայի բոլոր որդիներին առանց բացառության, և նրանք վերցրին Ռամայի քարերն ու փայտերը, որոնք Բաասան օգտագործել էր շինարարության համար։ Եվ Ասա թագավորը դրանցով շինեց Բենիամինի Գաբան և Մասփան։

23. Եվ Ասայի մնացած բոլոր գործերի՝ և՛ նրա ամբողջ զորության, և՛ նրա բոլոր արածների, և՛ նրա շինած քաղաքների մասին ահա գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում, բացի նրանից, որ իր ծերության ժամանակ ոտքերը ցավում էին։

24. Եվ Ասան ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի հետ իր հայր Դավթի քաղաքում. և նրա փոխարեն թագավորեց իր Հոսափատ որդին։

25. Հերոբովամի որդի Նադաբը թագավոր դարձավ Իսրայելի վրա Հուդայի թագավոր Ասայի երկրորդ տարում և երկու տարի թագավորեց Իսրայելի վրա։

26. Նա չարիք գործեց Տիրոջ առաջ և գնաց իր հոր ճանապարհով ու նրա մեղքերով և դրանցով էլ մեղանչել տվեց Իսրայելին։

27. Եվ նրա նկատմամբ դավադրություն արեց իսաքարցի Աքիայի որդի Բաասան. և Բաասան նրան ջարդեց փղշտացիների Գաբաթոնում, երբ Նադաբը և ամբողջ Իսրայելը պաշարել էին Գաբաթոնը։

28. Բաասան սպանեց նրան Հուդայի Ասա թագավորի երրորդ տարում և ինքը թագավորեց նրա փոխարեն։

29. Եվ հենց որ թագավոր դարձավ, կոտորեց Հերոբովամի ամբողջ տունը. ոչ մի կենդանի շունչ չթողեց Հերոբովամի համար, բնաջինջ արեց բոլորին՝ Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր իր ծառա սիլոնացի Աքիա մարգարեի միջոցով

30. Հերոբովամի գործած և Իսրայելին մեղանչել տված նրա այն մեղքերի համար, որոնցով բարկացրել էր Իսրայելի Տեր Աստծուն։

31. Նադաբի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին ահա գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

32. Եվ պատերազմ կար Ասայի և Իսրայելի Բաասա թագավորի միջև նրանց կյանքի բոլոր օրերին։

33. Հուդայի Ասա թագավորի երրորդ տարում Աքիայի որդի Բաասան թագավոր դարձավ ամբողջ Իսրայելի վրա՝ Թերսայում, և թագավորեց քսանչորս տարի։

34. Եվ չարիք գործեց Տիրոջ առաջ և գնաց Հերոբովամի ճանապարհով ու նրա մեղքերով, որոնցով մեղանչել տվեց Իսրայելին։

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16

1. Տերն Անանիի որդի Հեուի միջոցով խոսեց Բաասայի դեմ՝ ասելով.

2. «Որովհետև ես քեզ բարձրացրի փոշուց և քեզ Իսրայելի իմ ժողովրդի վրա իշխան դրեցի, բայց դու գնացիր Հերոբովամի ճանապարհով և մեղանչել տվեցիր Իսրայելի իմ ժողովրդին՝ նրանց մեղքերով ինձ բարկացնելու համար,

3. ահա ես պիտի կործանեմ Բաասային ու նրա տունը և քո տունը պիտի դարձնեմ Նաբատի որդի Հերոբովամի տան պես։

4. Բաասայի տնից քաղաքում մեռնողին շները պիտի ուտեն, և դաշտում նրա մեռնողին պիտի ուտեն երկնքի թռչունները»։

5. Եվ Բաասայի մնացած գործերի՝ և՛ նրա արածի, և՛ նրա քաջագործությունների մասին ահա գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

6. Եվ Բաասան ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Թերսայում, և իր որդի Էլան թագավոր դարձավ նրա փոխարեն։

7. Անանիի որդի Հեու մարգարեի միջոցով նաև Տերը խոսքն ուղղեց Բաասայի և նրա տան դեմ այն բոլոր չարիքների պատճառով, որ Տիրոջը բարկացնելու համար նրա առաջ արել էր իր ձեռքով, որ դառնա Հերոբովամի տան նման, որի համար էլ սպանել էր նրան։

8. Հուդայի Ասա թագավորի քսանվեցերորդ տարում Իսրայելի վրա՝ Թերսայում, թագավորեց Բաասայի որդի Էլան. երկու տարի թագավորեց։

9. Նրա դեմ դավադրություն արեց իր ծառա Զամրին՝ կառքերի կեսի հրամանատարը, երբ թագավորը խմել ու հարբել էր Թերսայում՝ Արսայի տանը, որը Թերսայի տան վերակացուն էր։

10. Այդ ժամանակ եկավ Զամրին, հարվածեց ու սպանեց նրան Հուդայի Ասա թագավորի քսանյոթերորդ տարում, և ինքը թագավոր դարձավ նրա փոխարեն։

11. Եվ երբ նրա փոխարեն թագավոր դարձավ ու նստեց գահին, իսկույն կոտորեց Բաասայի ամբողջ տունը և նրա համար ոչ մի արու մարդ չթողեց թե՛ ազգականներից և թե՛ բարեկամներից։

12. Այսպես Զամրին բնաջնջեց Բաասայի ամբողջ տունը Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր Բաասայի մասին Հեու մարգարեի միջոցով,

13. Բաասայի բոլոր մեղքերի և նրա որդի Էլայի մեղքերի համար, որ մեղանչեցին և մեղանչել տվեցին Իսրայելին՝ իրենց սնոտիապաշտությամբ բարկացնելով Իսրայելի Աստծուն։

14. Էլայի մնացած գործերի և այն ամենի մասին, որ նա արել է, ահա գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

15. Հուդայի Ասա թագավորի քսանյոթերորդ տարում Զամրին Թերսայում թագավորեց յոթ օր. այդ ժամանակ բանակը պաշարել էր փղշտացիների Գաբաթոնը։

16. Եվ պաշարող բանակը լսեց, որ Զամրին դավադրություն է արել և սպանել է թագավորին. այդ օրը ամբողջ Իսրայելը բանակատեղիում Ամրի զորավարին թագավոր հռչակեց Իսրայելի վրա։

17. Ամրին ելավ Գաբաթոնից, և ամբողջ Իսրայելը նրա հետ գնաց ու պաշարեց Թերսան։

18. Երբ Զամրին տեսավ, որ քաղաքն արդեն վերցրել են, մտավ թագավորի պալատի միջնաբերդը, կրակի մատնեց թագավորի տունն իր վրա և մեռավ

19. իր գործած մեղքերի համար, այն չարիքների համար, որ գործել էր Տիրոջ առաջ՝ հետևելով Հերոբովամի ճանապարհին, և Իսրայելին մեղանչել տված նրա մեղքերով։

20. Զամրիի մնացած գործերի և նրա դավաճանության մասին ահա գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

21. Այդ ժամանակ Իսրայելի ժողովուրդը բաժանվեց երկու մասի. ժողովրդի մի կեսը գնաց Գինաթի որդի Թաբնիի ետևից, որպեսզի նրան դարձնի թագավոր, իսկ մյուս կեսը գնաց Ամրիի ետևից։

22. Եվ Ամրիի ետևից գնացած ժողովուրդն ավելի զորացավ Գենաթի որդի Թաբնիի ետևից գնացած ժողովրդից. Թաբնին մեռավ, և թագավորեց Ամրին։

23. Հուդայի Ասա թագավորի երեսունմեկերորդ տարում Ամրին թագավոր դարձավ Իսրայելի վրա և թագավորեց տասներկու տարի։ Նա վեց տարի թագավորեց Թերսայում։

24. Եվ նա Սամերից երկու տաղանդ արծաթով գնեց Սամարիա լեռը, քաղաք շինեց լեռան վրա և իր շինած քաղաքի անունը կոչեց Սամարիա՝ լեռան տիրոջ՝ Սամերի անունով։

25. Եվ Ամրին չարիք գործեց Տիրոջ առաջ և ավելի չար եղավ բոլոր իրենից առաջ եղածներից։

26. Եվ հետևեց Նաբատի որդի Հերոբովամի բոլոր ճանապարհներին ու նրա մեղքերով մեղանչել տվեց Իսրայելին, որ Իսրայելի Տեր Աստծուն բարկացնեն իրենց սնոտիապաշտությամբ։

27. Ամրիի մնացած գործերի և նրա արած քաջագործությունների մասին ահա գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

28. Ամրին ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Սամարիայում, և իր որդի Աքաաբը թագավորեց նրա փոխարեն։

29. Եվ Ամրիի որդի Աքաաբը թագավոր դարձավ Իսրայելի վրա Հուդայի Ասա թագավորի երեսունութերորդ տարում, և Ամրիի որդի Աքաաբը Սամարիայում քսաներկու տարի թագավորեց Իսրայելի վրա։

30. Եվ Ամրիի որդի Աքաաբը չարիք գործեց Տիրոջ առաջ և ավելի չար եղավ իրենից առաջ բոլոր եղածներից։

31. Նա դեռ քիչ համարեց, որ գործել էր Նաբատի որդի Հերոբովամի մեղքերը, սիդոնացիների թագավոր Եթբաադի աղջիկ Հեզաբելին էլ կին առավ իր համար և գնաց ու պաշտեց Բահաղին և երկրպագեց նրան։

32. Եվ Սամարիայում Բահաղի համար իր կառուցած Բահաղի տանը մի զոհասեղան շինեց։

33. Եվ Աքաաբն Աստարովթի մի կուռք շինեց և Աքաաբը շարունակեց այնպես անել, որ Իսրայելի՝ իրենից առաջ եղած բոլոր թագավորներից ավելի շատ բարկացրեց Իսրայելի Տեր Աստծուն։

34. Նրա օրոք բեթելացի Հիելը շինեց Երիքովը. իր անդրանիկ որդի Աբիրոնի հետ դրեց նրա հիմքը և իր կրտսեր որդի Սեգուրի հետ կանգնեցրեց նրա դռները Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր Նավեի որդի Հեսուի միջոցով։

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17

1. Եվ Գաղաադի բնակիչներից թեզբացի Եղիան ասաց Աքաաբին. «Կենդանի է Իսրայելի Տեր Աստվածը, որին ծառայում եմ. այս տարիներին ցող և անձրև չպիտի լինի. բայց միայն իմ խոսքով»։

2. Եվ Տերը խոսեց նրա հետ՝ ասելով.

3. «Գնա՛ այստեղից, դարձի՛ր դեպի արևելք և թաքնվի՛ր Քերիթ հեղեղատի մոտ, որը Հորդանանի դիմացն է։

4. Այն հեղեղատից ջուր կխմես, իսկ ես ագռավներին հրամայել եմ, որ քեզ կերակրեն այնտեղ»։

5. Նա գնաց և արեց Տիրոջ խոսքի համաձայն. գնաց և բնակվեց Քերիթ հեղեղատի մոտ, որը Հորդանանի դիմացն է։

6. Եվ ագռավները նրա համար հաց ու միս էին բերում առավոտը և իրիկունը՝ հաց ու միս, և նա ջուր էր խմում հեղեղատից։

7. Եվ այնպես եղավ, որ որոշ ժամանակ անց հեղեղատը չորացավ, որովհետև անձրև չէր գալիս երկրում։

8. Եվ Տերը խոսեց նրա հետ՝ ասելով.

9. «Վե՛ր կաց և գնա՛ սիդոնացիների Սարեփթան և մնա՛ այնտեղ. ահա ես այնտեղ հրամայել եմ մի որբևայրի կնոջ, որ քեզ կերակրի»։

10. Եվ նա վեր կացավ գնաց Սարեփթա, հասավ քաղաքի դուռը, և ահա այնտեղ որբևայրի մի կին փայտ էր հավաքում. նա կանչեց նրան և ասաց. «Խնդրում եմ, ինձ համար մի ամանով մի քիչ ջո՛ւր բեր, որ խմեմ»։

11. Եվ երբ նա գնաց բերելու, նրան ձայն տվեց և ասաց. «Խնդրում եմ՝ ինձ համար ձեռքիդ մի պատառ էլ հա՛ց բեր»։

12. Եվ կինն ասաց. «Կենդանի է քո Տեր Աստվածը. ես մի նկանակ էլ չունեմ, այլ մի բուռ ալյուր ունեմ սափորում և մի քիչ էլ յուղ՝ կճուճի մեջ. ահա մի երկու փայտ եմ հավաքում, որ գնամ պատրաստեմ ինձ համար և իմ որդու համար, որ այն ուտենք ու մեռնենք»։

13. Եվ Եղիան ասաց նրան. «Մի՛ վախենա, գնա՛ և արա՛ ասածիդ պես, միայն թե առաջ ինձ համար մի փոքրիկ շո՛թ շինիր նրանից և բե՛ր ինձ համար, հետո կպատրաստես քեզ ու քո որդու համար։

14. Որովհետև այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Սափորի մեջ ալյուրը չպիտի վերջանա, և յուղը չպիտի պակասի կճուճից մինչև այն օրը, որ Տերն անձրև տա երկրի երեսին”»։

15. Եվ նա գնաց ու արեց Եղիայի ասածի պես. և՛ նա, և՛ կինը, և՛ իր տունը կերան բավականին ժամանակ։

16. Եվ ալյուրը չէր վերջանում սափորից, և յուղը չէր պակասում կճուճից՝ Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր Եղիայի միջոցով։

17. Այս դեպքերից հետո այնպես եղավ, որ այդ կնոջ՝ տանտիրուհու տղան հիվանդացավ, և նրա հիվանդությունը խիստ ծանր էր, մինչև իսկ շունչ չէր մնացել նրա մեջ։

18. Եվ կինն ասաց Եղիային. «Դու ի՞նչ ունես ինձ հետ, մա՛րդ Աստծո, ինձ մոտ եկար, որ հիշեցնես իմ մեղքերը և մեռցնե՞ս իմ որդուն»։

19. Եվ նա ասաց կնոջը. «Ի՛նձ տուր տղայիդ». և նրա գրկից վերցրեց տղային, նրան տարավ վերնատուն, որտեղ բնակվում էր ինքը, և նրան պառկեցրեց իր անկողնու վրա։

20. Եվ աղաղակեց Տիրոջն ու ասաց. «Ո՛վ Տեր իմ Աստված, մի՞թե պիտի չարիք անես այս որբևայրուն էլ, որի մոտ ես պանդուխտ եմ, և մեռցնես նրա որդուն»։

21. Եվ երեք անգամ փռվեց երեխայի վրա և կանչեց Տիրոջն ու ասաց. «Ո՛վ Տեր իմ Աստված, աղաչում եմ, այս երեխայի շունչը վերադարձրո՛ւ իրեն»։

22. Եվ Տերը լսեց Եղիայի ձայնը, և երեխայի շունչը վերադարձավ նրա մեջ, ու նա կենդանացավ։

23. Եղիան վերցրեց երեխային, վերնատնից իջեցրեց տուն և նրան տվեց իր մորը. և Եղիան ասաց. «Տե՛ս, որդիդ կենդանի է»։

24. Եվ կինն ասաց Եղիային. «Ահա հիմա գիտեմ, որ դու Աստծու մարդ ես, և քո բերանի Աստծու խոսքը ճշմարիտ է»։

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18

1. Շատ օրեր անցնելուց հետո՝ երրորդ տարում, Տիրոջ խոսքը եղավ Եղիային՝ ասելով. «Գնա՛, երևա՛ Աքաաբին, և ես անձրև պիտի տամ երկրին»։

2. Եվ Եղիան գնաց Աքաաբին երևալու համար. և սովը սաստիկ էր Սամարիայում։

3. Աքաաբը կանչեց իր տան վերակացու Աբդիային, իսկ Աբդիան շատ աստվածավախ մարդ էր,

4. և երբ Հեզաբելը կոտորում էր Տիրոջ մարգարեներին, այն ժամանակ Աբդիան հարյուր մարգարե վերցրեց և հիսուն-հիսուն մարդ տարավ ու թաքցրեց քարայրներում և նրանց կերակրեց հացով ու ջրով։

5. Եվ Աքաաբն ասաց Աբդիային. «Գնա՛ այս երկրի ջրի բոլոր աղբյուրների և հեղեղատների մոտ, գուցե խոտ գտնենք և կեր տանք մեր ձիերին ու ջորիներին և չզրկվենք անասուններից»։

6. Եվ նրանք իրենց միջև բաժանեցին երկիրը՝ նրա մեջ շրջելու համար. Աքաաբը մի ճանապարհով գնաց առանձին, և Աբդիան էլ մի այլ ճանապարհով գնաց առանձին։

7. Եվ երբ Աբդիան ճանապարհին էր, Եղիան ահա հանդիպեց նրան, և Աբդիան ճանաչեց նրան, ընկավ իր երեսի վրա և ասաց. «Այդ դո՞ւ ես, տե՛ր իմ Եղիա»։

8. Եվ նա ասաց. «Ես եմ. գնա ասա՛ քո տիրոջը՝ ահա Եղիան»։

9. Եվ նա ասաց. «Ես ինչո՞վ եմ մեղանչել, որ քո ծառային Աքաաբի ձեռքն ես տալիս, որ ինձ սպանի։

10. Կենդանի է Տերը՝ քո Աստվածը. չկա մի ազգ ու թագավորություն, ուր իմ տերը մարդ ուղարկած չլինի քեզ որոնելու, բայց երբ ասում էին՝ չկա, նա երդվել էր տալիս այդ ազգին ու թագավորությանը, որ քեզ չեն գտել։

11. Եվ հիմա դու ասում ես. “Գնա ասա՛ քո տիրոջը՝ ահա Եղիան”։

12. Բայց եթե ես քո մոտից գնամ, և Տիրոջ հոգին քեզ վերցնի ու տանի մի տեղ, որը ես չգիտեմ, և ես գնամ Աքաաբին իմացնեմ, և նա քեզ չգտնի, այն ժամանակ նա կսպանի ինձ. մինչդեռ քո ծառան՝ ես, Տիրոջից երկյուղած եմ իմ մանկությունից։

13. Մի՞թե իմ տիրոջը չեն իմացրել, թե ի՛նչ եմ արել. Հեզաբելի Տիրոջ մարգարեներին սպանելիս ես Տիրոջ մարգարեներից հարյուր մարդ հիսուն-հիսուն թաքցրեցի քարայրներում և նրանց կերակրեցի հացով ու ջրով։

14. Եվ հիմա դու ասում ես. “Գնա ասա՛ քո տիրոջը, թե՝ ահա Եղիան”, որ ինձ սպանի»։

15. Եվ Եղիան ասաց. «Կենդանի է Զորությունների Տերը, որին ծառայում եմ, որ այսօր պիտի երևամ նրան»։

16. Աբդիան գնաց ու դիմավորեց Աքաաբին և հայտնեց նրան. և Աքաաբը գնաց Եղիային դիմավորելու։

17. Եվ հենց որ Աքաաբը Եղիային տեսավ, իսկույն նրան ասաց. «Այդ դո՞ւ ես, ո՛վ Իսրայելի նեղիչ»։

18. Նա ասաց. «Ես չեմ նեղել Իսրայելին, այլ դու և քո հոր տունը, որ Տիրոջ պատվերները թողնելով՝ գնում ես բահաղների ետևից։

19. Եվ հիմա մա՛րդ ուղարկի՛ր և հավաքի՛ր ամբողջ Իսրայելին ինձ մոտ՝ Կարմեղոս սարի վրա. և՛ Բահաղի չորս հարյուր հիսուն մարգարեներին, և՛ Աստարովթի չորս հարյուր մարգարեներին, որոնք կերակրվում են Հեզաբելի սեղանից»։

20. Եվ Աքաաբը մարդ ուղարկեց Իսրայելի բոլոր որդիների մոտ և հավաքեց մարգարեներին Կարմեղոս սարի վրա։

21. Եվ Եղիան մոտեցավ ամբողջ ժողովրդին և ասաց. «Մինչև ե՞րբ դուք պիտի կաղաք երկու կողմի վրա. եթե Տերն է Աստվածը, գնացե՛ք նրա ետևից, և եթե Բահաղն է, նրա ետևի՛ց գնացեք». բայց ժողովուրդը նրան ոչ մի պատասխան չտվեց։

22. Եվ Եղիան ասաց ժողովրդին. «Միայն ես եմ մնացել Տիրոջ մարգարե, իսկ Բահաղի մարգարեները չորս հարյուր հիսուն հոգի են։

23. Արդ թող մեզ երկու զվարակ տան. և նրանք թող իրենց համար ընտրեն մեկ զվարակը, կտրտեն այն և դնեն փայտերի վրա, բայց կրակ չվառեն. ես էլ պատրաստեմ մյուս զվարակը և դնեմ փայտերի վրա, բայց կրակ չվառեմ։

24. Հետո դուք կանչե՛ք ձեր աստծու անունը, իսկ ես կանչեմ Տիրոջ անունը. և այն աստվածը, որ կրակով պատասխան կտա, նա է Աստվածը». և ամբողջ ժողովուրդը պատասխանեց. «Լավ խոսք է»։

25. Եվ Եղիան ասաց Բահաղի մարգարեներին. «Ընտրե՛ք ձեզ համար մի զվարակը և առաջ դո՛ւք պատրաստեք, որովհետև դուք շատ եք, և կանչե՛ք ձեր աստծու անունը, բայց կրակ մի՛ վառեք»։

26. Նրանք վերցրին իրենց տրված զվարակը, պատրաստեցին և կանչեցին Բահաղի անունը առավոտից մինչև կեսօր՝ ասելով. «Ո՜վ Բահաղ, պատասխա՛ն տուր մեզ». բայց ո՛չ ձայն կար, ո՛չ պատասխանող, և ցատկոտում էին իրենց շինած զոհասեղանի մոտ։

27. Երբ կեսօր էր դարձել, Եղիան ծաղրեց նրանց՝ ասելով. «Բարձր ձայնո՛վ կանչեք, քանզի նա աստված է, գուցե խոր մտածության մեջ է կամ զբաղված է և կամ ճանապարհորդում է, գուցե նա քնած է և պիտի զարթնի»։

28. Եվ նրանք բարձր ձայնով կանչում էին և ըստ իրենց օրենքի՝ սրերով և գեղարդներով ծակծկում էին իրենց մարմինները, մինչև որ արյուն էր թափվում իրենց վրայից։

29. Կեսօրն էլ անցավ, նրանք դեռ մարգարեանում էին մինչև հացի ընծայի մատուցման ժամանակը, բայց ո՛չ ձայն կար, ո՛չ պատասխան տվող և ո՛չ էլ լսող։

30. Այդ ժամանակ Եղիան ասաց ամբողջ ժողովրդին. «Եկե՛ք ինձ մոտ». և ամբողջ ժողովուրդը գնաց նրա մոտ, և նա նորոգեց Տիրոջ քանդված զոհասեղանը։

31. Եվ Եղիան վերցրեց տասներկու քար՝ ըստ Հակոբի որդիների թվի, ինչպես Տերն էր ասել նրան, թե՝ «Իսրայել լինի քո անունը»։

32. Նա այդ քարերից մի զոհասեղան շինեց Տիրոջ անունով և զոհասեղանի շուրջը փորեց մի փոս, որը երկու գրիվ սերմ կտաներ։

33. Եվ փայտերը շարեց, կտրտեց զվարակը և դրեց փայտերի վրա։

34. Եվ ասաց. «Չորս սափոր ջո՛ւր լցրեք և ածե՛ք ողջակեզի ու փայտերի վրա». և ասաց. «Կրկի՛ն արեք». և կրկին արեցին. և ասաց. «Երրորդ անգա՛մ արեք», և երրորդ անգամ արեցին։

35. Եվ ջրերը տարածվում էին սեղանի շուրջը, և փոսն էլ լցվեց ջրով։

36. Երեկոյան զոհի ժամանակն էր, երբ Եղիա մարգարեն մոտեցավ և ասաց. «Ո՜վ Տեր՝ Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Աստվա՛ծ, թող այսօր իմացվի, որ դու ես Աստվածը Իսրայելի մեջ, և ես քո ծառան եմ և ես քո խոսքով եմ արել այս բոլորը։

37. Պատասխա՛ն տուր ինձ, ո՜վ Տեր, պատասխա՛ն տուր ինձ, որ այս ժողովուրդն իմանա, որ դու՝ Տերդ ես Աստվածը և դու ես նրանց սրտերը ետ դարձնողը»։

38. Եվ Տիրոջ կրակն իջավ դեպի ցած, կլանեց ողջակեզը, փայտերը, քարերը, հողը և փոսի միջի ջուրն էլ լափեց։

39. Եվ ամբողջ ժողովուրդը տեսավ, և վայր ընկան իրենց երեսների վրա ու ասացին. «Տերն է Աստվածը, Տերն է Աստվածը»։

40. Եվ Եղիան ասաց նրանց. «Բռնեցե՛ք Բահաղի մարգարեներին, թող ոչ մի մարդ չպրծնի նրանցից». նրանց բռնեցին, և Եղիան նրանց իջեցրեց Կիսոն հեղեղատի մոտ ու նրանց սպանեց այնտեղ։

41. Եվ Եղիան ասաց Աքաաբին. «Ելի՛ր, գնա կե՛ր ու խմի՛ր, որովհետև սաստիկ անձրևի ձայն է լսվում»։

42. Եվ Աքաաբը գնաց ուտելու և խմելու, բայց Եղիան բարձրացավ Կարմեղոսի գլուխը, խոնարհվեց մինչև գետին և երեսը դրեց իր ծնկների միջև։

43. Եվ ասաց իր ծառային. «Ելի՛ր և գնա նայի՛ր դեպի ծովի կողմը». և նա ելավ գնաց ու նայեց և ասաց. «Ոչ մի բան չկա»։ Եվ Եղիան յոթ անգամ ասաց. «Դարձյա՛լ գնա, յոթ անգամ»։

44. Եվ յոթերորդ անգամ ասաց. «Ահա մարդու ձեռքի չափ մի փոքր ամպ է բարձրանում ծովից»։ Եվ Եղիան ասաց. «Գնա ասա՛ Աքաաբին. “Լծի՛ր կառքդ և իջի՛ր, որ անձրևը չբռնի քեզ”»։

45. Եվ մինչ այս ու այն կողմ էր դառնում, երկինքը մթնեց ամպերով ու հողմով, և հորդ անձրև սկսեց. և Աքաաբը կառք նստեց ու գնաց Հեզրայել։

46. Տիրոջ ձեռքը Եղիայի վրա էր, և նա իր մեջքը պինդ կապեց ու վազեց Աքաաբի առջևից մինչև Հեզրայել։

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19

1. Աքաաբը Հեզաբելին պատմեց այն բոլորը, ինչ արել էր Եղիան, և թե ինչպես էր նա սրով սպանել բոլոր մարգարեներին։

2. Եվ Հեզաբելը պատգամավոր ուղարկեց Եղիայի մոտ՝ ասելով. «Աստվածներն ինձ այսպես անեն և սրանից էլ ավելին անեն, եթե վաղն այս ժամանակ քո անձը նրանցից մեկի անձի տեղը չդնեմ»։

3. Եվ այդ լսելով՝ վեր կացավ գնաց իր անձն ազատելու և հասավ Հուդայի Բերսաբեե. և իր ծառային թողեց այնտեղ։

4. Իսկ ինքը մեկ օրվա ճանապարհ գնաց անապատում, եկավ ու նստեց մի գիհի ծառի տակ և սրտանց ուզեց, որ մեռնի, և ասաց. «Արդեն բավական է, ո՛վ Տեր, ա՛ռ իմ հոգին, որովհետև ես իմ հայրերից լավը չեմ»։

5. Եվ պառկեց ու քնեց գիհու տակ. և ահա մի հրեշտակ դիպավ նրան և ասաց նրան. «Վե՛ր կաց, կե՛ր»։

6. Եղիան նայեց, և ահա նրա գլխի կողմում, տաք քարի վրա մի թխած նկանակ կար և մի կուժ ջուր։ Նա կերավ, խմեց և դարձյալ քնեց։

7. Եվ Տիրոջ հրեշտակը դարձյալ եկավ, դիպավ նրան և ասաց. «Վե՛ր կաց, կե՛ր, որովհետև ճանապարհը շատ երկար պիտի լինի քեզ համար»։

8. Եվ նա վեր կացավ, կերավ ու խմեց և այդ կերակրի զորությամբ քառասուն օր ու քառասուն գիշեր գնաց մինչև Աստծու սարը՝ Քորեբ։

9. Եվ այնտեղ մտավ մի քարայր և օթևանեց այնտեղ, և ահա Տերը խոսեց ու ասաց նրան. «Ի՞նչ ունես այստեղ, Եղիա՛»։

10. Եվ նա ասաց. «Ես մեծ նախանձախնդրություն ունեցա Զորությունների Տեր Աստծու համար, քանի որ Իսրայելի որդիները լքել են քո ուխտը, քանդել են քո սեղանները և քո մարգարեներին սպանել սրով. մենակ ես եմ մնացել, ինձ էլ որոնում են, որ սպանեն»։

11. Եվ նա ասաց. «Դո՛ւրս եկ և սարի վրա կանգնի՛ր Տիրոջ առջև»։ Եվ ահա Տերը անց էր կենում. և մի մեծ ու զորավոր հողմ պատառոտեց սարերը և կոտրատեց ապառաժները Տիրոջ առջև. բայց Տերն այդ հողմի մեջ չէր։ Եվ հողմից հետո երկրաշարժ եղավ, բայց Տերը երկրաշարժի մեջ չէր։

12. Երկրաշարժից հետո՝ կրակ. բայց Տերը կրակի մեջ չէր. և կրակից հետո՝ մի մեղմ ու նուրբ ձայն։

13. Երբ Եղիան լսեց այն, իր երեսը ծածկեց իր վերարկուով, դուրս եկավ ու կանգնեց քարայրի դռանը, և ահա մի ձայն եղավ նրան ու ասաց. «Ի՞նչ ունես այստեղ, Եղիա՛»։

14. Եվ նա ասաց. «Մեծ նախանձախնդրություն ունեցա Զորությունների Տեր Աստծու համար, քանի որ Իսրայելի որդիները լքել են քո ուխտը, քանդել են քո սեղանները և քո մարգարեներին սպանել են սրով. մենակ ես եմ մնացել, ինձ էլ որոնում են, որ սպանեն»։

15. Եվ Տերն ասաց նրան. «Վերադարձի՛ր քո ճանապարհով, անապատով գնա՛ Դամասկոս և երբ հասնես, Ազայելին թագավո՛ր օծիր ասորիների վրա։

16. Եվ Նամեսսիի որդի Հեուին էլ թագավո՛ր օծիր Իսրայելի վրա և աբել-մաուլացի Սափատի որդի Եղիսեին էլ մարգարե՛ օծիր քո փոխարեն։

17. Եվ կլինի այնպես, որ Ազայելի սրից ազատվողին Հեուն կսպանի, և Հեուի սրից ազատվողին կսպանի Եղիսեն։

18. Ինձ համար Իսրայելից թողնելու եմ յոթ հազարի, բոլոր նրանց, ովքեր չծնրադրեցին Բահաղին և իրենց բերանով չհամբուրեցին նրան»։

19. Եվ այնտեղից գնաց ու գտավ Սափատի որդի Եղիսեին, և նա վար էր անում՝ տասներկու լուծ եզ իր առաջ, և ինքը տասներկուերորդի հետ էր. և Եղիան անցավ նրա մոտով ու իր վերարկուն գցեց նրա վրա։

20. Նա թողեց եզները, վազեց Եղիայի ետևից և ասաց. «Թող համբուրեմ հորս ու մորս և հետո հետևեմ քեզ». և նա ասաց նրան. «Գնա՛ ու վերադարձի՛ր, որովհետև ես քեզ ի՞նչ եմ արել»։

21. Եվ նա ետ դարձավ նրա մոտից, մի լուծ եզ վերցրեց ու զոհեց և եզների լծափայտերով եփեց նրանց միսն ու տվեց ժողովրդին, և նրանք կերան այն. և վեր կացավ ու գնաց Եղիայի ետևից և ծառայում էր նրան։

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20

1. Ասորիների թագավոր Բենադադը հավաքեց իր բոլոր զորքերը և երեսուներկու թագավորներ իր հետ, ձիերով ու կառքերով ելավ գնաց ու պաշարեց Սամարիան և պատերազմեց նրա դեմ։

2. Եվ պատգամավորներ ուղարկեց քաղաք՝ Իսրայելի թագավոր Աքաաբի մոտ։

3. Եվ ասաց նրան. «Այսպես է ասում Բենադադը. “Քո արծաթն ու քո ոսկին իմն են, և քո կանայք ու քո գեղեցիկ որդիներն իմն են”»։

4. Իսրայելի թագավորը պատասխանեց և ասաց. «Թող քո ասածի պես լինի, տե՛ր իմ թագավոր, ես և իմ ամբողջ ունեցածը քոնն ենք»։

5. Պատգամավորները վերադարձան և ասացին. «Այսպես է ասում Բենադադը, թե՝ “Ես քեզ մոտ էի ուղարկել և ասել.

6. Ուրեմն վաղն իմ ծառաներին կուղարկեմ քեզ մոտ, որ աչքի անցկացնեն քո տունը և քո ծառաների տները, և այն ամենը, ինչ հաճելի լինի քո աչքին, նրանք պիտի վերցնեն”»։

7. Եվ Իսրայելի թագավորը կանչեց երկրի բոլոր ծերերին ու ասաց. «Խնդրում եմ, իմացե՛ք և տեսե՛ք, որ նա ահա չարիք է ուզում, որովհետև նա մարդ է ուղարկել ինձ մոտ՝ իմ կանանց և որդիներին և իմ արծաթն ու իմ ոսկին տալու համար, և ես չմերժեցի նրան»։

8. Եվ բոլոր ծերերն ու ամբողջ ժողովուրդն ասացին նրան. «Մի՛ լսիր և հանձդ մի՛ առ»։

9. Եվ նա ասաց Բենադադի պատգամավորներին. «Ասացե՛ք իմ տեր թագավորին. “Ինչի համար որ առաջին անգամ մարդ էիր ուղարկել քո ծառայի մոտ, կանեմ այն, բայց այս մեկը չեմ կարող անել”». և պատգամավորները գնացին ու պատասխանը ետ տարան։

10. Եվ Բենադադը մարդ ուղարկեց նրա մոտ և ասաց. «Աստվածներն ինձ թող այսպես անեն և սրանից ավելին անեն, եթե Սամարիայի հողը իմ ետևից եկող բոլոր զորքերի ափերը լցնելուն բավականացնի»։

11. Իսրայելի թագավորը պատասխանեց և ասաց. «Ասացե՛ք. թող սուրը մեջքին կապողը չպարծենա սուրն արձակողի նման»։

12. Եվ հենց որ նա լսեց այդ խոսքը, երբ ինքը և թագավորները խմում էին վրաններում, իսկույն ասաց իր ծառաներին. «Շարվեցե՛ք». և նրանք շարվեցին քաղաքի դեմ։

13. Եվ ահա մի մարգարե մոտեցավ Իսրայելի Աքաաբ թագավորին և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Այս ամբողջ մեծ ամբոխը տեսա՞ր. ահա նրան ես քո ձեռքն եմ մատնելու այսօր, որ իմանաս, թե ես եմ Տերը”»։

14. Եվ Աքաաբն ասաց. «Ո՞ւմ ձեռքով»։ Եվ նա ասաց. «Գավառների իշխանների ծառաների ձեռքով»։ Եվ Աքաաբն ասաց. «Ո՞վ պիտի սկսի պատերազմը». նա էլ ասաց՝ դու։

15. Եվ նա հաշվեց գավառների իշխանների ծառաներին, և նրանք երկու հարյուր երեսուներկու հոգի էին. նրանցից հետո հաշվեց ժողովրդին՝ Իսրայելի բոլոր որդիներին. յոթ հազար էին։

16. Եվ նրանք հարձակման անցան կեսօրին. սակայն Բենադադն ինքը և իր օգնական երեսուներկու թագավորները խմած, հարբած էին վրաններում։

17. Նախ գավառների իշխանների ծառաներն առաջ անցան հարձակման. Բենադադը հետախույզներ ուղարկեց, և նրան հայտնեցին՝ ասելով. «Սամարիայից մարդիկ են դուրս գալիս»։

18. Նա էլ ասաց. «Եթե խաղաղության համար են դուրս եկել, կենդանի՛ բռնեք նրանց. և եթե պատերազմի համար են դուրս եկել, դարձյալ կենդանի՛ բռնեք նրանց»։

19. Եվ քաղաքից դուրս եկան նախ գավառների իշխանների ծառաները, և ապա զորքը՝ նրանց ետևից։

20. Եվ ամեն մարդ զարկեց իր դիմացինին, և ասորիները փախան. Իսրայելը հալածեց նրանց, և ասորիների թագավոր Բենադադը, ձի հեծած, փրկվեց ձիավորների հետ։

21. Եվ Իսրայելի թագավորը դուրս եկավ, ոչնչացրեց ձիերն էլ, կառքերն էլ և մեծ ջարդ տվեց ասորիներին։

22. Եվ մարգարեն մոտեցավ Իսրայելի թագավորին ու ասաց նրան. «Գնա զորքերդ հավաքի՛ր և իմացի՛ր ու տե՛ս, թե ինչ պիտի անես, որովհետև եկող տարի ասորիների թագավորը հարձակվելու է քեզ վրա»։

23. Եվ ասորիների թագավորի ծառաներն ասացին նրան. «Նրանց աստվածները սարերի աստվածներ են, դրա համար էլ հաղթեցին մեզ. բայց եթե նրանց դեմ պատերազմենք դաշտի մեջ, մենք, անշուշտ, կհաղթենք նրանց։

24. Եվ ա՛յս էլ արա. թագավորներին հեռացրո՛ւ ամեն մեկին իր տեղից և հրամանատարնե՛ր դիր նրանց փոխարեն։

25. Եվ քեզ համար այնքան զո՛րք հավաքիր, որքան որ կորցրել ես, և ձիեր, որքան ձիեր ես ունեցել, և կառքեր, որքան կառքեր ես ունեցել, և մենք կպատերազմենք նրանց դեմ դաշտում և մենք, անշուշտ, կհաղթենք նրանց». նա լսեց նրանց խոսքը և այդպես էլ արեց։

26. Եվ հաջորդ տարին Բենադադը ասորիների զորահավաք արեց և ելավ Ափեկ, որ պատերազմի Իսրայելի դեմ։

27. Իսրայելի որդիներն էլ զորահավաք արեցին, պաշար վերցրին ու գնացին նրանց դեմ. և Իսրայելի որդիները բանակ կազմեցին նրանց դիմաց՝ այծերի երկու հոտերի նման, իսկ ասորիները լցրել էին երկիրը։

28. Եվ Աստծու մարդը մոտեցավ և ասաց Իսրայելի թագավորին. «Այսպես է ասում Տերը. “Որովհետև ասորիներն ասում են, թե Տերը սարերի Աստված է և ոչ թե հովիտների Աստված է նա, դրա համար էլ այս մեծ բանակը քո ձեռքն եմ մատնելու, որ դուք գիտենաք, թե Տերը ես եմ”»։

29. Եվ յոթ օր, բանակ կազմած, մնացին իրար դեմ դիմաց, և յոթերորդ օրը սկսվեց պատերազմը. և Իսրայելի որդիները մեկ օրում ասորիներից հարյուր հազար հետևակ ջարդեցին։

30. Մնացածները փախան Ափեկ քաղաքը, և պարիսպը փուլ եկավ մնացած քսանյոթ հազար մարդկանց վրա. և Բենադադը փախավ ու քաղաքում մի տան ներքին սենյակը մտավ։

31. Եվ նրա ծառաներն ասացին նրան. «Ահա մենք լսել ենք, որ Իսրայելի տան թագավորները ողորմած թագավորներ են. թող մեր մեջքերին քուրձեր և մեր գլուխներին չվաններ դնենք և գնանք դուրս՝ Իսրայելի թագավորի մոտ. գուցե նա ողջ թողնի քո անձը»։

32. Եվ նրանք մեջքերին քուրձեր և իրենց գլուխներին չվաններ կապեցին ու գնացին Իսրայելի թագավորի մոտ և ասացին. «Քո ծառա Բենադադն ասում է. “Թող իմ անձն ապրի”»։ Եվ նա ասաց. «Մի՞թե նա դեռ ողջ է. նա իմ եղբայրն է»։

33. Եվ այդ մարդիկ նշան համարեցին դա և շտապեցին տեղեկանալ, թե արդյոք այդ նրա՞ խոսքն է, և ասացին. «Այստեղ է քո եղբայր Բենադադը»։ Եվ նա ասաց. «Գնացե՛ք, նրան բերե՛ք»։ Բենադադը եկավ նրա մոտ, և նա վեր բարձրացրեց նրան, նստեցրեց կառքի մեջ։

34. Եվ Բենադադն ասաց նրան. «Այն քաղաքները, որոնք իմ հայրը վերցրել է քո հորից, ես վերադարձնում եմ, և դու շուկաներ ունեցիր քեզ համար Դամասկոսում, ինչպես իմ հայրն ուներ Սամարիայում»։ «Իսկ ես,- ասաց Աքաաբը,- դաշինքով կարձակեմ քեզ»։ Եվ Բենադադը դաշինք կնքեց նրա հետ, և Աքաաբն էլ արձակեց նրան։

35. Եվ մարգարեների խմբից մի մարդ, Տիրոջ խոսքով, ասաց իր ընկերոջը. «Խնդրում եմ, զարկի՛ր ինձ». բայց այդ մարդը չուզեց զարկել նրան։

36. Նա էլ ասաց այդ մարդուն. «Որովհետև դու չլսեցիր Տիրոջ խոսքը, ահա իմ մոտից գնալիս առյուծը քեզ պիտի սպանի»։ Նա գնաց նրա մոտից, և մի առյուծ գտավ նրան ու նրան սպանեց։

37. Եվ մի ուրիշ մարդու հանդիպեց և ասաց նրան. «Խնդրում եմ, զարկի՛ր ինձ». և այդ մարդը նրան ուժեղ զարկեց ու վիրավորեց։

38. Եվ մարգարեն գնաց ու կանգնեց թագավորի ճանապարհին և աչքերին մի ծածկոց դրեց ու ծպտվեց։

39. Եվ երբ թագավորն անց էր կենում, նա կանչեց թագավորին և ասաց. «Քո ծառան գնացել էր պատերազմ, և ահա մի մարդ, որ ետ էր քաշվում, ինձ մոտ մի մարդ բերեց և ասաց. “Պահպանի՛ր այս մարդուն. եթե նա կորչելու լինի, քո անձով պիտի հատուցես նրա անձի փոխարեն կամ պիտի մի տաղանդ արծաթ վճարես”։

40. Եվ երբ ես՝ քո ծառան, այսինչ կամ այնինչ բանն էի անում, մեկ էլ՝ նա չկար»։ Եվ Իսրայելի թագավորն ասաց նրան. «Այդպես էլ քո դատաստանն է. դու ինքդ վճռեցիր»։

41. Եվ նա ծածկոցն իսկույն հեռացրեց աչքերի վրայից, և Իսրայելի թագավորը ճանաչեց նրան, որ նա մարգարեներից էր։

42. Եվ նա ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Որովհետև դու քո ձեռքից արձակեցիր այն մարդուն, որին ես կորստյան մատնեցի, ուրեմն քո անձով պիտի հատուցես նրա անձի փոխարեն, և քո ժողովուրդը՝ նրա ժողովրդի փոխարեն”»։

43. Եվ Իսրայելի թագավորը տխուր ու բարկացած գնաց իր տուն և եկավ Սամարիա։

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21

1. Այս դեպքերից հետո. հեզրայելացի Նաբովթը մի այգի ուներ Հեզրայելում՝ Սամարիայի թագավոր Աքաաբի պալատի մոտ։

2. Եվ Աքաաբը խոսեց Նաբովթի հետ և ասաց. «Քո այգին ի՛նձ տուր, որ ինձ համար կանաչեղենի պարտեզ լինի, որովհետև այն իմ տան մոտ է, և ես նրա փոխարեն նրանից լավ մի այգի կտամ քեզ, կամ եթե հաճելի է թվում քեզ, ինչ նրա գինն է, փող կտամ»։

3. Բայց Նաբովթն ասաց Աքաաբին. «Քա՛վ լիցի ինձ Տիրոջից, որ ես իմ հայրերի ժառանգությունը քեզ տամ»։

4. Եվ Աքաաբը գնաց իր տուն՝ տխուր և բարկացած հեզրայելացի Նաբովթի իրեն ասած այն խոսքի համար, որ ասաց, թե՝ «Իմ հայրերի ժառանգությունը քեզ չեմ տա». և պառկեց իր անկողնու վրա, երեսը շրջեց և հաց չկերավ։

5. Նրա կին Հեզաբելը եկավ նրա մոտ և ասաց նրան. «Այս ինչո՞ւ է սիրտդ տխուր, և հաց չես ուտում»։

6. Եվ Աքաաբն ասաց նրան, թե՝ «Ես խոսեցի հեզրայելացի Նաբովթի հետ և ասացի նրան. “Այգիդ փողով տո՛ւր ինձ, կամ եթե հաճելի է քեզ, ես քեզ նրա փոխարեն մի այգի կտամ”. բայց նա ասաց. “Ես իմ այգին քեզ չեմ տա”»։

7. Եվ նրա կին Հեզաբելն ասաց նրան. «Դու այդպե՞ս ես հիմա թագավորություն անում Իսրայելի վրա. վե՛ր կաց, հա՛ց կեր, և թող սիրտդ զվարճանա. ես քեզ կտամ հեզրայելացի Նաբովթի այգին»։

8. Եվ Աքաաբի անունով նամակներ գրեց, նրա կնիքով կնքեց դրանք և նամակներն ուղարկեց նրա քաղաքում Նաբովթի հետ միասին բնակվող ծերերին ու ազնվականներին։

9. Եվ այդ նամակներում գրեց, թե՝ «Ծո՛մ քարոզեք և Նաբովթին դրե՛ք ժողովրդի մեջ գլխավոր տեղը։

10. Եվ նրա դիմաց երկու անօրեն մա՛րդ նստեցրեք, և թող նրանք վկայություն տան նրա դեմ ու ասեն, թե՝ “Դու հայհոյեցիր Աստծուն և թագավորին”. հետո նրան դո՛ւրս հանեք և քարկոծե՛ք, որ մեռնի»։

11. Եվ նրա քաղաքի մարդիկ՝ այդ ծերերն ու ազնվականները, որոնք բնակվում էին նրա քաղաքում, արեցին այնպես, ինչպես որ Հեզաբելը հրաման էր ուղարկել նրանց, ինչպես որ գրել էր նրանց ուղարկած իր նամակներում։

12. Ծոմ հայտարարեցին և Նաբովթին նստեցրին ժողովրդի մեջ գլխավոր տեղը։

13. Եվ երկու անօրեն մարդիկ եկան ու նստեցին նրա դիմաց. և այդ երկու անօրեն մարդիկ վկայություն տվեցին Նաբովթի մասին ժողովրդի առաջ՝ ասելով. «Նաբովթը հայհոյեց Աստծուն և թագավորին». և նրանք դուրս հանեցին նրան քաղաքից և քարերով քարկոծեցին, և նա մեռավ։

14. Եվ մարդ ուղարկեցին Հեզաբելի մոտ՝ ասելով. «Նաբովթը քարկոծվեց և մեռավ»։

15. Եվ հենց որ Հեզաբելը լսեց, որ Նաբովթը քարկոծվել է ու մեռել, Հեզաբելն ասաց Աքաաբին. «Վե՛ր կաց, ժառանգի՛ր հեզրայելացի Նաբովթի այգին, որը չէր ուզում փողով քեզ տալ, քանի որ Նաբովթը կենդանի չէ, այլ մեռավ»։

16. Եվ հենց որ Աքաաբը լսեց, թե Նաբովթը մեռած է, վեր կացավ, որ իջնի հեզրայելացի Նաբովթի այգին՝ այն ժառանգելու համար։

17. Եվ Տերը խոսեց թեզբացի Եղիայի հետ և ասաց.

18. «Վե՛ր կաց, իջի՛ր Իսրայելի Աքաաբ թագավորի մոտ, որը Սամարիայում է. հիմա նա Նաբովթի այգում է, ուր իջել է դրան տիրանալու համար։

19. Խոսի՛ր նրա հետ և ասա՛. “Այսպես է ասում Տերը.

20. Եվ Աքաաբն ասաց Եղիային. «Գտա՞ր ինձ, ո՛վ իմ թշնամի»։ Եվ նա ասաց. «Գտա, քանզի դու ծախել ես քեզ, որ Տիրոջ առաջ չարիք գործես։

21. Ահա ես չարիք եմ բերելու քեզ վրա և ավլելու եմ քո ետևից և բնաջնջելու եմ Աքաաբի տնից ամեն մի արու մարդու և Իսրայելի մեջ գերվածին ու ազատին։

22. Եվ քո տունը պիտի դարձնեմ Նաբատի որդի Հերոբովամի տան պես և Աքիայի որդի Բաասայի տան պես այն բարկության համար, որով բարկացրիր Տիրոջը և մեղանչել տվեցիր Իսրայելին»։

23. Նաև Հեզաբելի մասին խոսեց Տերը՝ ասելով. «Շները պիտի ուտեն Հեզաբելին Հեզրայելի պարսպի մոտ։

24. Աքաաբի տնից քաղաքում մեռնողին շները պիտի ուտեն, և դաշտում մեռնողին պիտի ուտեն երկնքի թռչունները»։

25. Բայց Աքաաբի նմանը դեռ չէր եղել, որ իրեն ծախած լիներ Տիրոջ առաջ չարիք գործելու համար. նրան դրդել էր իր կին Հեզաբելը։

26. Եվ կուռքերի ետևից գնալով՝ նա շատ գարշելի եղավ, արեց այն ամենը, ինչ ամորհացիներն էին արել, որոնց Տերը քշեց Իսրայելի որդիների առաջից։

27. Եվ հենց որ Աքաաբը լսեց այս խոսքերը, պատառոտեց իր հանդերձները, քուրձ հագավ իր մարմնի վրա և ծոմ պահեց. և քրձով էր քնում ու ընկճված շրջում։

28. Եվ Տերը խոսեց թեզբացի Եղիայի հետ՝ ասելով.

29. «Տեսնո՞ւմ ես, որ Աքաաբն իրեն խոնարհեցրեց իմ առաջ, և որովհետև նա իրեն խոնարհեցրեց իմ առաջ, ես էլ չարիք չեմ բերելու նրա կյանքի օրերին, այլ նրա տան վրա չարիք կբերեմ նրա որդու օրերին»։

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22

1. Երեք տարի ապրեցին, և պատերազմ չկար ասորիների և Իսրայելի միջև։

2. Եվ երրորդ տարում Հուդայի Հոսափատ թագավորն իջավ Իսրայելի թագավորի մոտ։

3. Եվ Իսրայելի թագավորն ասաց իր ծառաներին. «Գիտե՞ք, որ Ռամովթ-Գաղաադը մերն է, իսկ մենք անհոգ ենք այն ասորիների թագավորի ձեռքից վերցնելու համար»։

4. Եվ ասաց Հոսափատին. «Ինձ հետ պատերազմելու կգա՞ս Ռամովթ-Գաղաադի վրա»։ Եվ Հոսափատն ասաց Իսրայելի թագավորին. «Ինչպես դու, այնպես էլ ես, ինչպես քո բանակը, այնպես էլ իմ բանակը, ինչպես քո ձիերը, այնպես էլ իմ ձիերը»։

5. Եվ Հոսափատն ասաց Իսրայելի թագավորին. «Խնդրում եմ, հիմա հարցրո՛ւ, թե ի՛նչ է ասում Տերը»։

6. Եվ Իսրայելի թագավորը հավաքեց մարգարեներին, որոնք մոտ չորս հարյուր հոգի էին, և ասաց նրանց. «Ռամովթ-Գաղաադի վրա գնա՞մ պատերազմելու, թե՞ չգնամ»։ Եվ նրանք ասացին. «Գնա՛, և Տերն այն թագավորի ձեռքը պիտի տա»։

7. Եվ Հոսափատն ասաց. «Այստեղ Տիրոջ էլ ուրիշ մարգարե չկա՞, որ նրանից էլ հարցնենք»։

8. Եվ Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Մի մարդ էլ կա, որի միջոցով կարելի է հարցնել Տիրոջը, բայց ես ատում եմ նրան, որովհետև բարի բան չի մարգարեանում ինձ համար, այլ չար. Հեմլայի որդի Միքիան է»։ Եվ Հոսափատն ասաց. «Թող թագավորն այդպես չխոսի»։

9. Իսրայելի թագավորը կանչեց իր պալատական ծառային և ասաց. «Շտապ բե՛ր Հեմլայի որդի Միքիային»։

10. Եվ Իսրայելի թագավորն ու Հուդայի Հոսափատ թագավորը, թագավորական զգեստներ հագած, նստել էին յուրաքանչյուրն իր գահին՝ Սամարիայի դռան առջևի կալում, և բոլոր մարգարեները մարգարեանում էին նրանց առաջ։

11. Եվ Քանանայի որդի Սեդեկիան երկաթե եղջյուրներ շինեց իր համար և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Սրանցով պիտի զարկես ասորիներին, մինչև որ բնաջնջես նրանց”»։

12. Եվ բոլոր մարգարեները մարգարեանում էին այդպես՝ ասելով. «Գնա՛ Ռամովթ-Գաղաադ, և կհաջողվի, և Տերն այն կտա թագավորի ձեռքը»։

13. Եվ այն պատգամավորը, որ գնացել էր Միքիային կանչելու, նրան այսպես ասաց. «Ահա մարգարեները միաբերան նպաստավոր են խոսում թագավորի համար. թող քո խոսքն էլ նրանցից մեկի խոսքի պես լինի, և դո՛ւ էլ նպաստավոր խոսիր»։

14. Եվ Միքիան ասաց. «Կենդանի է Տերը. Տերը ինչ որ ասի ինձ, այն եմ խոսելու»։

15. Եվ նա եկավ թագավորի մոտ, և թագավորն ասաց նրան. «Միքիա՛, Ռամովթ-Գաղաադ պատերազմի գնա՞նք, թե՞ չգնանք»։ Եվ նա ասաց. «Գնա՛, գործդ կհաջողվի, և Տերն այն կտա թագավորի ձեռքը»։

16. Եվ թագավորը նրան ասաց. «Քանի՞ անգամ երդվել տամ քեզ, որ Տիրոջ անունով ինձ միայն ճշմարտությունն ասես»։

17. Այդ ժամանակ նա ասաց. «Ես տեսա ամբողջ Իսրայելը, որ ցրված էր սարերի վրա, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն. և Տերն ասաց. “Սրանք տերեր չունեն. թող ամեն մարդ խաղաղությամբ վերադառնա իր տուն”»։

18. Եվ Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Քեզ չասացի՞, որ ինձ համար բարի բան չի մարգարեանա, այլ չար»։

19. Եվ Միքիան ասաց. «Ուրեմն լսի՛ր Տիրոջ խոսքը. ես տեսա՝ Տերը նստած էր իր գահին, և երկնքի բոլոր զորքերը կանգնած էին նրա առաջ՝ նրա աջ ու նրա ձախ կողմը։

20. Եվ Տերն ասաց. “Ո՞վ կխաբի Աքաաբին, որ պատերազմի ելնի Ռամովթ-Գաղաադի վրա և կորչի”։ Եվ մեկն այսպես, մյուսն այնպես էր ասում։

21. Եվ մի ոգի դուրս եկավ, կանգնեց Տիրոջ առաջ և ասաց. “Ես նրան կխաբեմ”։ Եվ Տերը նրան ասաց՝ ինչպե՞ս։

22. Նա էլ ասաց. “Ես դուրս կգնամ և նրա բոլոր մարգարեների բերանում կդառնամ սուտ ոգի”. և Տերն ասաց. “Դու կխաբես և կարող էլ ես. գնա՛ և այդպե՛ս արա”։

23. Արդ, Տերը սուտ ոգի է դրել այս բոլոր մարգարեների բերանում. Տերը չարիք է խոսել քեզ համար»։

24. Այդ ժամանակ Քանանայի որդի Սեդեկիան մոտեցավ, ապտակեց Միքիայի ծնոտին և ասաց. «Ինչպե՞ս է Տիրոջ Հոգին հեռացել ինձնից՝ քեզ հետ խոսելու համար»։

25. Միքիան էլ ասաց նրան. «Ահա կտեսնես այն օրը, երբ սենյակից սենյակ կմտնես թաքնվելու համար»։

26. Եվ Իսրայելի թագավորն ասաց. «Վերցրո՛ւ Միքիային, տա՛ր քաղաքագլուխ Ամոնի և թագավորի որդի Հովասի մոտ

27. և ասա՛. “Այսպես է ասում թագավորը.

28. Եվ Միքիան ասաց. «Եթե դու խաղաղությամբ ետ դարձար ու եկար, ուրեմն Տերն իմ միջոցով չի խոսել». ասաց նաև. «Լսե՛ք բոլորդ, ո՛վ ժողովուրդ»։

29. Եվ Իսրայելի թագավորն ու Հուդայի Հոսափատ թագավորը ելան գնացին Ռամովթ-Գաղաադ։

30. Եվ Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Ես պետք է ծպտվեմ և հետո գնամ պատերազմ, բայց դու հագի՛ր քո հանդերձները». և Իսրայելի թագավորը ծպտվեց ու գնաց պատերազմ։

31. Եվ ասորիների թագավորը հրամայեց իր մարտակառքերի երեսուներկու պետերին՝ ասելով. «Մի՛ պատերազմեք ո՛չ փոքրի և ո՛չ էլ մեծի դեմ, այլ միայն Իսրայելի թագավորի դեմ»։

32. Եվ հենց որ մարտակառքերի պետերը տեսան Հոսափատին, ասացին. «Անշուշտ, նա է Իսրայելի թագավորը». և դարձան դեպի նա, որ պատերազմեն նրա դեմ, և Հոսափատն աղաղակեց։

33. Եվ երբ մարտակառքերի պետերը տեսան, որ նա Իսրայելի թագավորը չի, այդ ժամանակ ետ դարձան նրանից։

34. Բայց մի մարդ պատահաբար քաշեց իր աղեղը և զարկեց Իսրայելի թագավորին՝ նրա զրահի օղակների միջով. և թագավորն ասաց իր կառավարին. «Ե՛տ դարձիր և ինձ դո՛ւրս տար բանակից, որովհետև վիրավորվեցի»։

35. Եվ պատերազմը սաստկացավ այդ օրը, և թագավորը մնաց իր կառքի մեջ, ասորիների դեմ և իրիկունը մեռավ, և վերքից արյունը հոսում էր կառքի մեջ։

36. Եվ երբ արեգակը մայր էր մտնում, մունետիկը ման էր գալիս բանակի մեջ՝ ասելով. «Ամեն մարդ՝ իր քաղաքը և ամեն մարդ՝ իր երկիրը»։

37. Եվ թագավորը մեռավ ու բերվեց Սամարիա, և թագավորին թաղեցին Սամարիայում։

38. Եվ կառքը լվացին Սամարիայի ջրավազանի մոտ, և շները լակեցին նրա արյունը, և պոռնիկները լվացվեցին այնտեղ՝ Տիրոջ խոսքի համաձայն։

39. Աքաաբի մնացած գործերի մասին և նրա բոլոր արածների, փղոսկրով շինած նրա տան, նրա շինած բոլոր քաղաքների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

40. Աքաաբը ննջեց իր հայրերի հետ, և նրա որդի Օքոզիան թագավորեց նրա փոխարեն։

41. Ասայի որդի Հոսափատը թագավոր դարձավ Հուդայի վրա Իսրայելի Աքաաբ թագավորի չորրորդ տարում։

42. Հոսափատը երեսունհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ և քսանհինգ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մայրը Սաղիի դուստրն էր, անունը՝ Ազուբա։

43. Եվ նա գնաց իր հոր՝ Ասայի բոլոր ճանապարհներով, չխոտորվեց նրանից և արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առաջ։

44. Սակայն Բարձր տեղերը չվերացան. ժողովուրդը տակավին զոհ էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։

45. Եվ Հոսափատը խաղաղություն արեց Իսրայելի թագավորի հետ։

46. Հոսափատի մնացած գործերի և նրա արած քաջության ու պատերազմի մասին ահա գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

47. Եվ այն բոլոր իգացողներին, որ մնացել էին իր հայր Ասայի օրերից, նա բնաջնջեց երկրից։

48. Այդ ժամանակ Եդովմում թագավոր չկար, մի փոխարքա էր։

49. Հոսափատը Թարսիսի նավեր շինեց, որ գնան Ոփիր՝ ոսկու համար, բայց տեղ չհասան, որովհետև ջարդվեցին Գասիոն-Գաբերում։

50. Այդ ժամանակ Աքաաբի որդի Օքոզիան ասաց Հոսափատին. «Թող իմ ծառաները նավերով գնան քո ծառաների հետ». բայց Հոսափատը չհամաձայնվեց։

51. Հոսափատը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի հետ իր հայր Դավթի քաղաքում. և նրա որդի Հովրամը թագավորեց նրա փոխարեն։

52. Աքաաբի որդի Օքոզիան թագավոր դարձավ Իսրայելի վրա՝ Սամարիայում, Հուդայի թագավոր Հոսափատի տասնյոթերորդ տարում և երկու տարի թագավորեց Իսրայելի վրա։

53. Նա չարիք գործեց Տիրոջ առաջ և գնաց իր հոր ճանապարհով ու իր մոր ճանապարհով և Իսրայելին մեղանչել տված Նաբատի որդի Հերոբովամի ճանապարհով։

54. Եվ պաշտեց Բահաղին ու երկրպագություն արեց նրան և բարկացրեց Իսրայելի Տեր Աստծուն՝ ամբողջովին իր հոր արածին հետևելով։