Ա
Ս
Տ
Ծ
Ո

Ժ
Ո
Ղ
Ո
Վ
Ո
Ւ
Ր
Դ
.
.
.

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

Աստվածաշունչ (online)

Ընտրել Գիրքը...

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրել Գլուխը...

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1

1. Արիմաթեմ-Սոփիմից՝ Եփրեմի լեռնային շրջանից, մի մարդ կար՝ անունը Եղկանա։ Նա եփրաթացի Սուփիի որդի Թովայի որդի Եղիուսի որդի Հերոամի որդին էր։

2. Նա երկու կին ուներ. մեկի անունը՝ Աննա, իսկ մյուսինը՝ Փենանա։ Եվ Փենանան զավակներ ուներ, բայց Աննան զավակ չուներ։

3. Այդ մարդն ամեն տարի իր քաղաքից ելնում էր Սելով՝ երկրպագելու և զոհ մատուցելու Զորությունների Տիրոջը. և Հեղիի երկու որդիները՝ Ոփնին և Փենեհեսը, այնտեղ Տիրոջ քահանաներն էին։

4. Եղկանան իր զոհ մատուցած օրը բաժիններ տվեց իր կին Փենանային և նրա որդիներին ու աղջիկներին,

5. իսկ Աննային երևելի* բաժին տվեց, որովհետև սիրում էր Աննային, սակայն Տերը փակել էր նրա արգանդը։

6. Բայց նրա նախանձորդը՝ Փենանան, վրդովում էր նրան և վշտացնում, քանի որ Տերը փակել էր նրա արգանդը։

7. Եղկանան այդպես էր անում ամեն տարի Տիրոջ տունը գնալիս. Փենանան նույնպես վշտացնում էր նրան, և Աննան լաց էր լինում ու ոչինչ չէր ուտում։

8. Եվ ամուսինը՝ Եղկանան, նրան ասաց. «Աննա՛, ինչո՞ւ ես լաց լինում, ինչո՞ւ չես ուտում, և ինչո՞ւ է սիրտդ տրտում. մի՞թե ես քեզ համար տասը որդուց լավ չեմ»։

9. Եվ Աննան Սելովում ուտելուց և խմելուց հետո վեր կացավ (իսկ Հեղի քահանան նստել էր մի աթոռի վրա՝ Տիրոջ տաճարի սեմի մոտ).

10. և նա տրտմալից հոգով աղոթեց Տիրոջը և շատ լաց եղավ։

11. Եվ ուխտ արավ ու ասաց. «Ո՜վ Զորությունների Տեր, եթե դու նայես քո աղախնի նեղությանը և հիշես ինձ ու չմոռանաս քո աղախնին և քո աղախնին արու զավակ տաս, ես նրան կնվիրեմ Տիրոջը՝ իր կյանքի բոլոր օրերին, և ածելի չի դիպչի նրա գլխին»։

12. Եվ մինչ նա երկար աղոթում էր Տիրոջ առաջ, Հեղին նայում էր նրա բերանին։

13. Աննան խոսում էր իր սրտից. միայն շրթունքներն էին շարժվում, բայց ձայնը չէր լսվում, և Հեղին կարծեց, թե նա հարբած է։

14. Եվ Հեղին նրան ասաց. «Մինչև ե՞րբ պիտի հարբած մնաս. սթափվի՛ր գինովությունից»։

15. Եվ Աննան պատասխանեց ու ասաց. «Ո՛չ, տե՛ր իմ, ես վշտացած սրտով կին եմ, գինի չեմ խմել և կամ օղի, այլ իմ սիրտն եմ բացել Տիրոջ առաջ։

16. Քո աղախնին չար կին մի՛ համարիր, որովհետև իմ բազում վշտերից և նեղություններից է, որ մինչև հիմա խոսեցի»։

17. Այդ ժամանակ Հեղին պատասխանեց և ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, և թող Իսրայելի Աստվածը քեզ տա այն, ինչ խնդրեցիր նրանից»։

18. Եվ նա ասաց. «Թող քո աղախինը շնորհ գտնի քո առաջ»։ Եվ կինը գնաց իր ճանապարհով և կերավ, և երեսն այլևս տրտում չէր։

19. Նրանք առավոտ կանուխ վեր կացան, երկրպագեցին Տիրոջ առաջ և վերադարձան Ռամա ու գնացին իրենց տուն։ Եղկանան մերձեցավ իր Աննա կնոջը, և Տերը հիշեց նրան։

20. Աննան հղիացավ, և երբ օրը հասավ, մի տղա ծնեց և նրա անունը դրեց Սամուել՝* ասելով. «Տիրոջից խնդրեցի նրան»։

21. Եվ նրա ամուսինը՝ Եղկանան, իր ամբողջ ընտանիքով ելավ Սելով՝ տարեկան զոհը մատուցելու և իր ուխտը կատարելու Տիրոջ առաջ։

22. Բայց Աննան չգնաց՝ իր ամուսնուն ասելով. «Կնստեմ, մինչև երեխան կտրվի կաթից, հետո կտանեմ նրան, որ երևա Տիրոջ առջև և միշտ մնա այնտեղ»։

23. Եվ նրա ամուսինը՝ Եղկանան, նրան ասաց. «Արա՛ այն, ինչ հաճելի է քո աչքին. նստի՛ր, մինչև նրան կտրես կաթից, միայն թե թող Տերը հաստատի իր խոսքը»։ Ուստի կինը նստեց և մինչև երեխային կաթից կտրելը սնում էր նրան։

24. Եվ հենց որ կաթից կտրեց նրան, իր հետ վերցրեց նրան և երեք զվարակ, մի արդու ալյուր և մի տիկ գինի ու նրան տարավ Սելով՝ Տիրոջ տունը, թեև տղան փոքր էր։

25. Եվ զվարակը մորթեցին, և տղային տարան Հեղիի մոտ։

26. Եվ Աննան ասաց. «Օ՜հ, տե՛ր իմ, ահա կենդանի է քո անձը. ես այն կինն եմ, որ այստեղ կանգնել էի քեզ մոտ՝ Տիրոջն աղոթելու համար։

27. Ես աղոթեցի այս տղայի համար, և Տերը կատարեց իմ խնդրանքը. ինձ տվեց այն, ինչ խնդրեցի նրանից։

28. Հիմա էլ ես Տիրոջն եմ տալիս նրան, և թող իր ողջ կյանքում նա փոխ տրված լինի Տիրոջը»։ Եվ նա այնտեղ երկրպագեց Տիրոջը։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2

1. Աննան աղոթեց և ասաց.«Իմ սիրտն ուրախացավ Տիրոջով,Տիրոջով բարձրացավ իմ եղջյուրը,Բերանս հոխորտաց իմ թշնամիների դեմ,Քանզի քո փրկությամբ ուրախացա։

2. Տիրոջ նման սուրբ չկա,Քանզի քեզանից բացի ուրիշ մեկը չկա,Եվ վեմ չկա մեր Աստծու նման։

3. Այլևս հպարտությամբ մի՛ պարծենաք,Թող մեծախոսություն դուրս չգա ձեր բերանից,Քանզի Տերն է գիտությունների Աստվածը,Եվ նա է կշռում գործերը։

4. Կոտրվեցին զորավորների աղեղները,Իսկ տկարները ուժ առան։

5. Կուշտերը վարձկան դարձան հացի համար,Իսկ սովածները դադարեցին սովելուց,Քանզի ամուլը յոթ զավակ ծնեց,Իսկ շատ զավակ ունեցողը տկարացավ։

6. Տերն է մեռցնողը և կենդանացնողը,Գերեզման իջեցնողը և վեր հանողը։

7. Տերն է թե՛ աղքատացնողը և թե՛ հարստացնողը,Թե՛ ցածրացնողը և թե՛ բարձրացնողը։

8. Նա է աղքատին կանգնեցնում փոշուցԵվ կարոտյալին բարձրացնում աղբից,Որ իշխանների հետ նստեցնիԵվ փառքի աթոռը ժառանգել տա նրանց,Քանզի Տիրոջն են երկրի հիմքերը,Եվ նրանց վրա է նա աշխարհը հաստատել։

9. Նա է պահում իր սրբերի ոտքերը,Բայց չարագործները պիտի կործանվեն մթի մեջ,Քանզի ուժով չէ, որ հաղթում է մարդը։

10. Տիրոջ հակառակորդները կկործանվեն,Նա երկնքից կորոտա նրանց,Տերը կդատի երկրիս ծագերը,Եվ ուժ կտա իր թագավորին,Եվ կբարձրացնի իր օծյալի եղջյուրը»։

11. Եվ Եղկանան գնաց Ռամա՝ իր տունը, իսկ մանուկը Հեղի քահանայի առաջ ծառայում էր Տիրոջը։

12. Հեղիի որդիները չար մարդիկ էին և չէին ճանաչում Տիրոջը։

13. Եվ ժողովրդի նկատմամբ քահանաների պարտականությունն էր, որ երբ մեկը զոհ էր մատուցում, միսը եփելիս գալիս էր քահանայի սպասավորը՝ եռաժանի մսահանը ձեռքին,

14. և այն կոխում էր տապակի, կաթսայի, սանի կամ պտուկի մեջ, և ինչ որ մսահանը հաներ, այն էլ քահանան վերցնում էր իր համար։ Նրանք այսպես էին վարվում Սելովում՝ այնտեղ եկող բոլոր իսրայելացիների հետ։

15. Նաև ճարպն այրելուց առաջ քահանայի սպասավորը գալիս էր և զոհ մատուցող մարդուն ասում. «Խորովելու մի՛ս տուր քահանայի համար, որովհետև նա քեզնից եփած միս չի վերցնի, այլ հո՛ւմը տուր»։

16. Եվ եթե այդ մարդն ասեր, թե՝ «Թող հիմա ճարպն այրեն, և հետո սրտիդ ուզածի չափ վերցրո՛ւ», այն ժամանակ նա ասում էր. «Ո՛չ, հիմա՛ տուր, թե չէ բռնի կվերցնեմ»։

17. Եվ այդ երիտասարդների մեղքը շատ մեծ էր Տիրոջ առաջ, որովհետև այդ մարդիկ արհամարհում էին Տիրոջ զոհը։

18. Եվ մանուկ Սամուելը, քաթանե եփուդ հագած, ծառայություն էր անում Տիրոջ առաջ։

19. Եվ նրա մայրը ամեն տարի փոքր պատմուճան էր պատրաստում նրա համար ու բերում նրա համար, երբ իր ամուսնու հետ գալիս էր տարեկան զոհը մատուցելու։

20. Եվ Հեղին, օրհնելով Եղկանային ու նրա կնոջը, ասաց. «Թող Տերը քեզ զավակներ տա այս կնոջից՝ Տիրոջը փոխ տվածի դիմաց»։ Եվ նրանք վերադարձան իրենց տեղը։

21. Եվ Տերն այցելեց Աննային. նա հղիացավ և երեք տղա ու երկու աղջիկ ծնեց. մանուկ Սամուելն էլ մեծացավ Տիրոջ առաջ։

22. Այն ժամանակ Հեղին շատ էր ծերացել. և լսում էր այն ամենը, ինչ անում էին իր որդիները ամբողջ Իսրայելին, և թե ինչպես նրանք պառկում էին վկայության խորանի մուտքի առաջ ծառայող կանանց հետ։

23. Եվ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք այդպիսի բաներ անում, որ ես ամբողջ ժողովրդից չար խոսքեր եմ լսում ձեր մասին։

24. Չէ՛, որդինե՛րս, ես բարի լուր չեմ լսում ձեր մասին, դուք մոլորեցնում եք Տիրոջ ժողովրդին։

25. Եթե մարդ մարդու դեմ մեղք է գործում, Աստված կանի նրա դատաստանը, բայց եթե մարդ մեղք գործի Տիրոջ դեմ, ո՞վ աղաչանք կանի նրա համար»։ Սակայն նրանք չէին լսում իրենց հոր խոսքը, որովհետև Տերն ուզում էր նրանց մահվան մատնել։

26. Եվ Սամուել մանուկը մեծանում էր օրեցօր և հաճելի էր թե՛ Տիրոջը և թե՛ մարդկանց։

27. Եվ Աստծու մի մարդ եկավ Հեղիի մոտ ու նրան ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ես հայտնապես երևացի քո հոր տանը, երբ նրանք Եգիպտոսում փարավոնի տանը ծառա էին,

28. և Իսրայելի բոլոր ցեղերից նրան ինձ համար քահանա ընտրեցի, որպեսզի նա բարձրանա իմ զոհասեղանի վրա, խունկ ծխի և եփուդ հագնի իմ առաջ, և Իսրայելի որդիների՝ կրակով այրված բոլոր զոհերը տվեցի քո հոր տանը։

29. Ինչո՞ւ եք անարգում իմ զոհերն ու ընծաները, որ ես պատվիրեցի իմ տան համար, և քո որդիներին ինձնից ավելի ես պատվում, և ձեզ գիրացնում եք իմ ժողովրդի՝ Իսրայելի ընտիր ընծաներով”։

30. Սրա համար Իսրայելի Տեր Աստվածն այսպես է ասում. “Ես իսկապես ասել էի, որ քո տունը և քո հոր տունը պիտի հավիտյան ծառայեն իմ առաջ”, բայց հիմա Տերն ասում է. “Քա՛վ լիցի, որովհետև ես կփառավորեմ ինձ փառավորողներին, և ինձ արհամարհողները կանարգվեն։

31. Ահա օրեր կգան, երբ ես կկտրեմ քո բազուկը և քո հոր տան բազուկը, որպեսզի ծեր չլինի քո տան մեջ։

32. Եվ դու դժբախտություն կտեսնես տան մեջ, մինչդեռ Իսրայելը կվայելի ամեն տեսակ բարություն, և քո տան մեջ բնավ ծեր չի լինի։

33. Բայց քո սերնդի ամեն մարդու չեմ կտրի իմ սեղանից. քո աչքերը նվաղեցնելու և քո սիրտը վշտացնելու համար պիտի մնա, իսկ քո տան բոլոր երիտասարդները չափահաս պիտի մեռնեն։

34. Եվ թող սա քեզ նշան լինի, որ պիտի գա քո երկու որդիների՝ Ոփնիի և Փենեհեսի վրա. երկուսն էլ պիտի մեռնեն մեկ օրում։

35. Եվ ինձ համար հավատարիմ մի քահանա մեջտեղ կհանեմ, որ կատարի իմ սրտում ու հոգում եղածը, և նրա համար հաստատուն մի տուն կշինեմ, և նա միշտ կծառայի իմ օծյալի առաջ։

36. Եվ քո տանից ով որ մնա, մի կտոր արծաթի համար և մի նկանակ հացի համար կգա նրան երկրպագելու և կասի.

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3

1. Եվ մանուկ Սամուելը Տիրոջը ծառայություն էր անում Հեղիի առջև։ Այդ օրերին Տիրոջ խոսքը հազվագյուտ էր, և հայտնի տեսիլք չկար։

2. Եվ եղավ, որ Հեղին այդ ժամանակ պառկած էր իր տեղը. նրա աչքերը սկսել էին տկարանալ, և նա չէր կարողանում տեսնել։

3. Եվ Աստծու կանթեղը տակավին չէր հանգել, ու Սամուելը քնել էր Տիրոջ տաճարում, որտեղ Աստծու տապանակն էր։

4. Եվ Տերը կանչեց Սամուելին, և նա ասաց. «Ահա ես»։

5. Եվ Հեղիի մոտ վազելով՝ ասաց. «Ահա ես, դու կանչեցիր ինձ»։ Նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, վերադարձի՛ր և պառկի՛ր»։ Նա վերադարձավ ու պառկեց։

6. Եվ Տերը նորից կանչեց. «Սամուե՛լ»։ Եվ Սամուելը վեր կացավ, գնաց Հեղիի մոտ և ասաց. «Ահա ես, դու կանչեցիր ինձ»։ Եվ նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, որդյա՛կս, վերադարձի՛ր և պառկի՛ր»։

7. Սամուելը դեռևս Տիրոջը չէր ճանաչում, և Տիրոջ խոսքը դեռ չէր հայտնվել նրան։

8. Եվ երրորդ անգամ դարձյալ Տերը կանչեց. «Սամուե՛լ»։ Եվ նա վեր կացավ, գնաց Հեղիի մոտ ու ասաց. «Ահա ես, դու կանչեցիր ինձ»։ Եվ Հեղին հասկացավ, որ Տերն է կանչում պատանուն։

9. Ուստի Հեղին Սամուելին ասաց. «Գնա պառկի՛ր, և եթե քեզ կանչի, ասա՛. “Խոսի՛ր, Տե՛ր, քո ծառան լսում է”»։ Եվ Սամուելը գնաց, պառկեց իր տեղը։

10. Եվ Տերը եկավ, կանգնեց ու նախորդ անգամների պես կանչեց. «Սամուե՜լ, Սամուե՜լ»։ Եվ Սամուելն ասաց. «Խոսի՛ր, Տե՛ր, որովհետև քո ծառան լսում է»։

11. Այդ ժամանակ Տերը Սամուելին ասաց. «Ահա ես Իսրայելի մեջ մի այնպիսի բան պիտի անեմ, որ նրան բոլոր լսողների ականջները պիտի զնգան։

12. Այդ օրը Հեղիի նկատմամբ կկատարեմ այն ամենը, ինչ նրա տան մասին ասել եմ. կսկսեմ և կվերջացնեմ։

13. Եվ հայտնել եմ իրեն, որ նրա տունը հավիտյան պիտի դատեմ. գիտեր այն անօրենությունը, որ նրա որդիներն իրենց վրա անեծք են բերում, և ինքը չհանդիմանեց նրանց։

14. Դրա համար էլ ես երդվեցի Հեղիի տան համար, որ Հեղիի տան անօրենությանը զոհերով և ընծաներով քավություն չլինի հավիտյան»։

15. Եվ Սամուելը քնեց մինչև առավոտ և հետո բացեց Տիրոջ տան դռները։ Սամուելը վախեցավ այդ տեսիլքը Հեղիին պատմելուց։

16. Բայց Հեղին կանչեց Սամուելին և ասաց. «Սամուե՛լ, որդյա՛կս»։ Եվ նա ասաց. «Ահա ես»։

17. Եվ Հեղին ասաց. «Ի՞նչ խոսք էր, որ նա քեզ ասաց. մի՛ ծածկիր ինձանից։ Թող Աստված քեզ այսպես և սրանից ավելին անի, եթե ինձանից մի խոսք ծածկես այն բոլոր խոսքերից, որ նա խոսել է քեզ հետ»։

18. Եվ Սամուելն ամեն ինչ պատմեց նրան. նրանից չթաքցրեց։ Եվ Հեղին ասաց. «Նա Տերն է, թող անի այն, ինչ հաճելի է իր աչքին»։

19. Սամուելը մեծացավ, և Տերը նրա հետ էր, ու նրա բոլոր խոսքերից ոչ մեկը գետին չգցեց։

20. Եվ Դանից մինչև Բերսաբեե ամբողջ Իսրայելն իմացավ, որ Սամուելը Տիրոջ համար հաստատվել է որպես մարգարե։

21. Տերը դարձյալ երևաց Սելովում, որովհետև Տերը Սամուելին Սելովում հայտնվում էր Տիրոջ խոսքով։ Եվ ամբողջ Իսրայելի մեջ տարածվում էր Սամուելի խոսքը։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4

1. Իսրայելը պատերազմի դուրս եկավ փղշտացիների դեմ, և բանակատեղի դրեցին Աբենեզերի մոտ, իսկ փղշտացիները բանակատեղի դրեցին Ափեկում։

2. Եվ փղշտացիները շարվեցին Իսրայելի դիմաց. մարտը ծավալվեց, և Իսրայելը հաղթվեց փղշտացիներից, որոնք պատերազմի դաշտում չորս հազար մարդ սպանեցին։

3. Զորքը եկավ բանակատեղի, և Իսրայելի ծերերն ասացին. «Ինչո՞ւ Տերը մեզ այսօր ջարդեց փղշտացիների առաջ. Տիրոջ ուխտի տապանակը Սելովից մեզ մոտ բերենք, և թող նա մեր մեջ գա և մեզ ազատի մեր թշնամիների ձեռքից»։

4. Զորքը մարդ ուղարկեց Սելով, և այնտեղից վերցրին քերովբեների վրա նստած Զորությունների Տիրոջ ուխտի տապանակը. և Հեղիի երկու որդիները՝ Ոփնին ու Փենեհեսը, այնտեղ էին Աստծու ուխտի տապանակի հետ։

5. Եվ երբ Տիրոջ ուխտի տապանակը բանակի մեջ մտավ, ամբողջ Իսրայելը մեծաձայն աղաղակեց, և գետինը դղրդաց։

6. Փղշտացիները, լսելով այդ աղաղակի ձայնը, ասացին. «Այս ի՞նչ բարձրաձայն աղաղակ է եբրայեցիների բանակում»։ Երբ իմացան, որ Տիրոջ ուխտի տապանակը եկել է բանակատեղի,

7. փղշտացիները վախեցան, քանի որ ասում էին. «Աստված եկել է բանակի մեջ». նաև ասացին. «Վա՜յ մեզ, որովհետև մինչև հիմա այսպիսի բան չէր եղել։

8. Վա՜յ մեզ, ո՞վ պիտի ազատի մեզ այս զորավոր Աստվածների ձեռքից. սրանք այն Աստվածներն են, որոնք Եգիպտոսին ամեն տեսակ հարվածներ հասցրին անապատի մեջ։

9. Ո՛ւժ առեք և քա՛ջ եղեք, ո՜վ փղշտացիներ, գուցեև ծառա դառնաք եբրայեցիներին, ինչպես նրանք ձեզ ծառա եղան, ուստի քա՛ջ եղեք և պատերազմե՛ք»։

10. Եվ երբ փղշտացիները պատերազմեցին, Իսրայելը հաղթվեց, և ամեն մարդ փախավ իր վրանը, և շատ մեծ կոտորած եղավ, և Իսրայելից երեսուն հազար հետևակ զորք ընկավ։

11. Վերցվեց նաև Աստծու տապանակը, իսկ Հեղիի երկու որդիները՝ Ոփնին ու Փենեհեսը, սպանվեցին։

12. Եվ Բենիամինի ցեղից մի մարդ նույն օրը բանակից վազելով հասավ Սելով. նրա հանդերձները պատառոտված էին, իսկ գլխին՝ հող։

13. Եվ երբ նա այնտեղ հասավ, Հեղին նստած էր ճանապարհին, աթոռի վրա և սպասում էր, որովհետև սիրտը դողում էր Աստծու տապանակի համար։ Երբ այդ մարդը եկավ և քաղաքին պատմեց, ամբողջ քաղաքն աղաղակեց։

14. Հեղին, լսելով այդ աղաղակի ձայնը, ասաց. «Այս ի՞նչ աղմուկի ձայն է»։ Եվ իսկույն այն մարդը վազեց, եկավ ու Հեղիին պատմեց։

15. Հեղին իննսունութ տարեկան էր. աչքերը մթնել էին, և չէր կարողանում տեսնել։

16. Եվ այն մարդը Հեղիին ասաց. «Ես զորքից եկողն եմ, ես այսօր փախա մարտի դաշտից»։ Եվ Հեղին ասաց. «Ի՞նչ եղավ, որդյա՛կ իմ»։

17. Եվ լրաբերը պատասխանեց ու ասաց. «Իսրայելը փախավ փղշտացիների առջևից, զորքի մեջ էլ մեծ կոտորած եղավ, և քո երկու որդիները՝ Ոփնին և Փենեհեսն էլ սպանվեցին, և Աստծու տապանակն էլ գերի վերցվեց»։

18. Եվ երբ նա հիշեց Աստծու տապանակը, Հեղին աթոռից մեջքի վրա ցած ընկավ դռան մոտ, և նրա վզի ոսկորը կոտրվեց, ու նա մեռավ, քանի որ ծեր ու ծանրացած մարդ էր. նա քառասուն տարի դատավորություն էր արել Իսրայելում։

19. Եվ նրա հարսը՝ Փենեհեսի կինը, հղի էր, ծնելու մոտ, և երբ լսեց Աստծու տապանակի գերի վերցվելու և իր սկեսրայրի ու ամուսնու սպանվելու լուրը, ծնկի եկավ ու ծնեց, որովհետև ցավերը բռնեցին նրան։

20. Եվ երբ մեռնում էր, նրա մոտ կանգնած կանայք նրան ասացին. «Մի՛ վախեցիր, որովհետև տղա ես ծնել»։ Բայց նա չպատասխանեց և ուշադրություն չդարձրեց։

21. Եվ այդ տղայի անունը Իքաբոդ* դրեց՝ ասելով. «Իսրայելից փառքը վերացավ», որովհետև Աստծու տապանակը վերցվեց, և նրա սկեսրայրն ու ամուսինը չկան։

22. Դրա համար էլ ասաց. «Քանի որ Աստծու տապանակը վերցվեց, Իսրայելից փառքը վերացավ»։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5

1. Եվ փղշտացիները Աստծու տապանակը վերցրին և այն Աբենեզերից տարան Ազովտոս։

2. Փղշտացիները Աստծու տապանակը վերցրին և տարան Դագոնի տուն ու դրեցին Դագոնի մոտ։

3. Հետևյալ օրը՝ առավոտ կանուխ, ազովտացիները վեր կացան և տեսան, որ Դագոնը Տիրոջ տապանակի առջև երեսի վրա ընկել է գետնին. և նրանք բարձրացրին Դագոնն ու դրեցին իր տեղը։

4. Իսկ հետևյալ օրը՝ առավոտ կանուխ, վեր կացան և տեսան, որ Դագոնը Տիրոջ տապանակի առջև երեսի վրա դարձյալ ընկած է գետնին, և Դագոնի գլուխն ու ձեռքերի երկու թաթերը կոտրտված, ընկած են սեմի վրա, միայն Դագոնի մարմինն էր մնացել։

5. [Այդ պատճառով էլ Դագոնի քրմերը և Դագոնի տուն բոլոր մտնողները մինչև այսօր Ազովտոսում չեն կոխում Դագոնի տան շեմը]։

6. Եվ Տիրոջ ձեռքը ծանրացավ ազովտացիների վրա, և կործանեց նրանց և Ազովտոսում ու նրա սահմաններում նրանց հարվածեց թանչքի ուռուցքներով։

7. Եվ երբ Ազովտոսի բնակիչները տեսան, որ այդպես է, ասացին. «Թող Իսրայելի Աստծու տապանակը չմնա մեզ մոտ, որովհետև նրա ձեռքը ծանրացավ մեզ վրա և մեր աստված Դագոնի վրա»։

8. Մարդ ուղարկեցին և փղշտացիների բոլոր նախարարներին ժողովեցին իրենց մոտ ու ասացին. «Ի՞նչ անենք Իսրայելի Աստծու տապանակը». և ասացին. «Թող Իսրայելի Աստծու տապանակը փոխադրեն Գեթ». և Իսրայելի Աստծու տապանակը փոխադրեցին Գեթ։

9. Եվ այն փոխադրելուց հետո Տիրոջ ձեռքը քաղաքի դեմ եղավ և մեծ խռովություն պատճառեց. նա հարվածեց քաղաքի մարդկանց՝ փոքրից մինչև մեծը, և նրանց վրա երևացին թանչքի ուռուցքներ երևացին։

10. Այն ժամանակ Աստծու տապանակը Ակկարոն ուղարկեցին. և հենց որ Աստծու տապանակը Ակկարոն մտավ, ակկարոնացիներն աղաղակելով ասացին. «Իսրայելի Աստծու տապանակը մեզ մոտ բերին, որ մեզ և մեր ժողովրդին մեռցնեն»։

11. Մարդ ուղարկեցին, ժողովեցին փղշտացիների բոլոր նախարարներին և ասացին. «Իսրայելի Աստծու տապանակը ե՛տ ուղարկեք, թող վերադառնա իր տեղը, որ մեզ և մեր ժողովրդին չմեռցնի». քանզի մահառիթ մի սոսկում կար քաղաքում, և Աստծու ձեռքը խիստ ծանրացել էր այնտեղ։

12. Եվ մարդիկ, որ մեռած չէին, պատուհասվեցին թանչքի ուռուցքներով, և քաղաքի աղաղակը դեպի վեր՝ երկինք ելավ։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6

1. Եվ Տիրոջ տապանակը յոթ ամիս մնաց փղշտացիների երկրում։

2. Եվ փղշտացիները կանչեցին քրմերին ու գուշակողներին և ասացին. «Ի՞նչ անենք Տիրոջ տապանակը. մեզ մի խորհո՛ւրդ տվեք, թե ինչպես այն ուղարկենք իր տեղը»։

3. Նրանք էլ ասացին. «Եթե Իսրայելի Աստծու տապանակը պիտի ուղարկեք, դատարկ չուղարկեք այն, այլ անպատճառ հանցանքի ընծա՛ մատուցեք նրան և այն ժամանակ կբժշկվեք, և ձեզ հայտնի կլինի, թե ինչո՛ւ նրա ձեռքը չի հեռանում ձեզանից»։

4. Նրանք ասացին. «Ո՞րն է հանցանքի այդ ընծան, որ մատուցենք նրան»։ Եվ նրանք ասացին. «Ըստ փղշտացիների նախարարների թվի՝ հինգ ոսկե թանչքի ուռուցքներ և հինգ ոսկե մկներ են. քանզի միևնույն հարվածն էր իջել ձեզ բոլորիդ վրա և ձեր նախարարների վրա։

5. Ուրեմն շինե՛ք ձեր թանչքի ուռուցքների պատկերները և ձեր երկիրն ավերող մկների պատկերները և փա՛ռք տվեք Իսրայելի Աստծուն. գուցե կարելի է, որ նա իր ձեռքը թեթևացնի ձեր վրայից, ձեր աստվածների վրայից և ձեր երկրի վրայից։

6. Եվ ինչի՞ համար եք ձեր սրտերը խստացնում, ինչպես իրենց սրտերը խստացրին եգիպտացիներն ու փարավոնը. չէ՞ որ Աստծու՝ նրանց մեջ հրաշագործություններ անելուց հետո միայն նրանք թույլ տվին նրանց, որ գնան։

7. Ուրեմն մի նոր սա՛յլ շինեք և կաթնատու երկու երի՛նջ առեք, որոնց վրա բնավ լուծ դրված չլինի, և երինջները լծե՛ք սայլին ու իրենց հորթերն էլ նրանց հետևից ե՛տ տարեք տուն։

8. Վերցրե՛ք Տիրոջ տապանակն ու այն դրե՛ք սայլի վրա և այն ոսկե անոթները, որ դուք ձեր հանցանքի համար նրան ընծա պիտի տաք, փոքրիկ մի արկղով դրե՛ք նրա մի կողքին և ճանապարհե՛ք, որ գնա։

9. Եվ նայե՛ք. եթե իր սահմանի ճանապարհով նա Բեթսամյուս է գնում, ապա նա է մեզ այս մեծ չարիք անողը, իսկ եթե ոչ, ապա իմացե՛ք, որ նրա ձեռքը չէ մեզ դիպել, այլ այս բանը դիպվածով է պատահել մեզ»։

10. Եվ այդ մարդիկ այդպես էլ արին. կաթնատու երկու երինջ վերցրին, նրանց լծեցին սայլին և նրանց հորթերին փակեցին տանը։

11. Եվ Տիրոջ տապանակն ու ոսկե մկների և իրենց թանչքի ուռուցքների պատկերների փոքրիկ արկղը դրեցին այդ սայլի վրա։

12. Եվ երինջները ճանապարհ ընկան ուղիղ Բեթսամյուսի ճամփան և չխոտորվեցին դեպի աջ կամ ձախ կողմը, այլ ուղիղ էին գնում ու բառաչում։ Եվ փղշտացիների նախարարները մինչև Բեթսամյուսի սահմանը գնում էին նրանց ետևից։

13. Բեթսամյուսացիները հովտում ցորենի արտ էին հնձում. իրենց աչքերը բարձրացրին ու տապանակը տեսան. ուրախացան, որ տեսան։

14. Եվ սայլը մտավ բեթսամյուսացի Հեսուի արտն ու կանգնեց այնտեղ. և այնտեղ մի մեծ քար կար, և սայլի փայտերը ջարդեցին ու այն երինջները ողջակեզ մատուցեցին Տիրոջը։

15. Եվ ղևտացիներն իջեցրին Տիրոջ տապանակն ու նրա հետ եղած ոսկե անոթների փոքրիկ արկղը և դրեցին այն մեծ քարի վրա, և այդ նույն օրը Բեթսամյուսի մարդիկ ողջակեզներ ու զոհեր մատուցեցին Տիրոջը։

16. Եվ փղշտացիների հինգ նախարարները տեսան այդ և նույն օրն էլ վերադարձան Ակկարոն։

17. Եվ թանչքի այն ոսկե ուռուցքները, որ փղշտացիներն իրենց հանցանքի ընծա էին տվել Տիրոջը, սրանք էին. մեկը Ազովտոսի համար էր, մեկը՝ Գազայի համար, մեկը՝ Ասկաղոնի համար, մեկը՝ Գեթի համար, մեկն էլ՝ Ակկարոնի համար։

18. Եվ ոսկե մկները փղշտացիների հինգ նախարարությունների բոլոր քաղաքների թվով էին, պարսպապատ քաղաքից մինչև անպարիսպ գյուղը, մինչև այն մեծ քարը, որի վրա դրվեց Տիրոջ տապանակը, և որը մինչև այսօր կա բեթսամյուսացի Հեսուի արտում։

19. Եվ Տերը հարվածեց Բեթսամյուսի մարդկանց, որովհետև նրանք նայեցին Տիրոջ տապանակի ներսը. ժողովրդից հիսուն հազար յոթանասուն մարդ սպանեց, և ժողովուրդը սգի մեջ էր, քանի որ Տերը մեծ կոտորած արեց ժողովրդի մեջ։

20. Եվ Բեթսամյուսի մարդիկ ասացին. «Ո՞վ կարող է կանգնել այս սուրբ Աստծու՝ Տիրոջ առաջ, և ո՞ւմ մոտ պիտի գնա մեր մոտից»։

21. Ապա Կարիաթարիմի բնակիչների մոտ պատգամավորներ ուղարկեցին, որ ասեն. «Փղշտացիները Տիրոջ տապանակը ետ են բերել, իջե՛ք և այն տարե՛ք, վե՛ր բարձրացրեք ձեզ մոտ»։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7

1. Եվ Կարիաթարիմի մարդիկ գնացին ու Տիրոջ տապանակը վեր բարձրացրին և բերեցին Աբինադաբի տուն, որը բլրի վրա էր. և նրա որդուն՝ Եղիազարին, սրբագործեցին, որ պահպանի Տիրոջ տապանակը։

2. Եվ տապանակը Կարիաթարիմ բերած օրից հետո շատ օրեր անցան՝ քսան տարի, և Իսրայելի ամբողջ տունը հառաչեց Տիրոջ հետևից։

3. Այդ ժամանակ Սամուելը խոսեց Իսրայելի ամբողջ տան հետ և ասաց. «Եթե դուք ձեր ամբողջ սրտով դարձել եք դեպի Տերը, ապա հեռացրե՛ք օտար աստվածներին և Աստարովթին և ձեր սրտերը պատրաստե՛ք Տիրոջ համար, պաշտե՛ք միայն նրան, և նա ձեզ կազատի փղշտացիների ձեռքից»։

4. Եվ Իսրայելի որդիները հեռացրին Բահաղիմին ու Աստարովթին և միայն Տիրոջը ծառայեցին։

5. Եվ Սամուելն ասաց. «Ամբողջ Իսրայելը հավաքե՛ք Մասփայում, որպեսզի ձեզ համար աղոթեմ Տիրոջը»։

6. Եվ նրանք հավաքվեցին Մասփայում և ջուր հանեցին ու թափեցին Տիրոջ առաջ, ծոմ պահեցին այդ օրը և այդտեղ ասացին. «Մեղք գործեցինք Տիրոջ դեմ»։ Եվ Մասփայում Սամուելը Իսրայելի որդիների առաջնորդ եղավ։

7. Եվ երբ փղշտացիները լսեցին, թե Իսրայելի որդիները հավաքվել են Մասփայում, փղշտացիների նախարարները ելան Իսրայելի դեմ. երբ Իսրայելի որդիները լսեցին, վախեցան փղշտացիներից։

8. Եվ Իսրայելի որդիներն ասացին Սամուելին. «Մեզ համար անդադար աղաղակի՛ր մեր Տեր Աստծուն, որ մեզ ազատի փղշտացիների ձեռքից»։

9. Եվ Սամուելը կաթնակեր մի գառնուկ վերցրեց և այն ամբողջովին ողջակեզ մատուցեց Տիրոջը. և Սամուելը Տիրոջն աղաղակեց Իսրայելի համար, և Տերը պատասխանեց նրան։

10. Եվ մինչ Սամուելը մատուցում էր ողջակեզը, փղշտացիները մոտեցան, որ պատերազմեն Իսրայելի դեմ։ Եվ Տերը բարձր ձայնով նույն օրը որոտաց փղշտացիների վրա, խուճապի մատնեց նրանց, և նրանք Իսրայելի առաջ պարտվեցին։

11. Եվ Իսրայելի մարդիկ դուրս եկան Մասփայից և հալածեցին փղշտացիներին ու նրանց ջարդեցին մինչև Բեթքովրի տակ։

12. Եվ Սամուելը մի քար վերցրեց ու կանգնեցրեց Մասփայի և Սենի միջև և նրա անունը դրեց Աբենեզեր*՝ ասելով. «Տերը մինչև այս տեղը օգնեց մեզ»։

13. Փղշտացիները մնացին գլխիկոր և այլևս չհարձակվեցին Իսրայելի սահմանի վրա, և Սամուելի բոլոր օրերին Տիրոջ ձեռքը փղշտացիների վրա էր։

14. Եվ այն քաղաքները, որ փղշտացիները վերցրել էին Ակկարոնից մինչև Գեթ, նրանք վերադարձրին Իսրայելին, և Իսրայելը նրանց սահմաններն ազատեց փղշտացիների ձեռքից, և խաղաղություն էր տիրում Իսրայելի ու ամորհացիների միջև։

15. Եվ Սամուելը Իսրայելի դատավորն էր իր կյանքի բոլոր օրերին։

16. Նա ամեն տարի գնում էր Բեթել, Գաղգաղա և Մասփա, շրջագայում էր բոլոր այդ տեղերում և դատում էր Իսրայելին։

17. Եվ վերադառնում էր Ռամա, որովհետև իր տունն այնտեղ էր, և այնտեղ դատում էր Իսրայելին. այնտեղ էլ զոհասեղան շինեց Տիրոջ համար։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8

1. Եվ երբ Սամուելը ծերացավ, իր որդիներին դատավորներ դրեց Իսրայելի վրա։

2. Նրա անդրանիկ որդու անունը Հովել էր, իսկ երկրորդի անունը՝ Աբիա, և նրանք դատավորություն էին անում Բերսաբեեում։

3. Բայց նրա որդիները չգնացին հոր ճանապարհով, այլ ընկան շահամոլության ետևից, կաշառք էին վերցնում և խեղաթյուրում իրավունքը։

4. Եվ Իսրայելի բոլոր ծերերը հավաքվեցին ու գնացին Ռամա՝ Սամուելի մոտ։

5. Եվ նրան ասացին. «Ահա դու ծերացել ես, և քո որդիները չեն գնում քո ճանապարհով։ Արդ մեզ վրա մի թագավո՛ր դիր, որ դատի մեզ, ինչպես ունեն բոլոր ազգերը»։

6. Եվ Սամուելին այս բանը վատ թվաց, որ ասացին. «Մեզ մի թագավո՛ր տուր, որ դատի մեզ». և Սամուելը աղոթեց Տիրոջը։

7. Եվ Տերը Սամուելին ասաց. «Լսի՛ր ժողովրդի խոսքը և այն ամենը, ինչ քեզ ասացին, որովհետև նրանք ոչ թե քեզ են մերժում, այլ մերժում են ինձ, որ չթագավորեմ իրենց վրա։

8. Ինչպես բոլոր այն գործերը, որ նրանք արին իմ նկատմամբ՝ Եգիպտոսից նրանց հանելու օրից մինչև այսօր, որ լքեցին ինձ և ծառայեցին ուրիշ աստվածների, այդպես էլ անում են քո նկատմամբ։

9. Եվ հիմա դու լսի՛ր նրանց խոսքը, բայց նրանց հայտնի՛ դարձրու և հասկացրո՛ւ այն թագավորի իրավունքը, որ իշխելու է իրենց վրա»

10. Եվ Սամուելը Տիրոջ բոլոր խոսքերն ասաց ժողովրդին, որը թագավոր էր ուզում իրենից։

11. Եվ ասաց. «Ձեզ վրա իշխող թագավորի իրավունքը այս է լինելու. վերցնելու է ձեր տղաներին, տանելու է իր համար, դնելու է իր կառքերի ու ձիերի վրա, որ վազեն իր կառքերի առջևից։

12. Եվ նրանց հազարապետներ ու հիսնապետներ է նշանակելու, որ նրանք հերկեն իր արտերն ու իր հունձը հնձեն և շինեն պատերազմի իր զենքերն ու իր կառքերի սարքը։

13. Եվ վերցնելու է ձեր աղջիկներին, լինեն յուղագործ, խոհարար ու հացթուխ։

14. Եվ վերցնելու է ձեր ընտիր արտերը, այգիներն ու ձիթենիները և տալու է իր ծառաներին։

15. Եվ ձեր ցանքերից ու այգիներից տասանորդ է վերցնելու և տալու է իր ներքինիներին ու ծառաներին։

16. Եվ վերցնելու է ձեր ծառաներին ու աղախիններին, ձեր լավագույն երիտասարդներին, ձեր էշերը և իր գործի համար ծառայեցնի։

17. Ձեր հոտերից տասանորդ է վերցնելու, և դուք լինելու եք նրա ծառաները։

18. Եվ այն օրը դուք կաղաղակեք ձեր ընտրած թագավորի պատճառով, բայց այդ օրը Տերը պատասխան չի տա ձեզ»։

19. Սակայն ժողովուրդը չուզեց լսել Սամուելի խոսքը և ասաց. «Ո՛չ, թող անպատճառ մեզ վրա թագավոր լինի։

20. Եվ մենք էլ լինենք բոլոր ազգերի պես, ու մեր թագավորը կառավարի մեզ. նա դուրս գա մեր առաջ և նա մեզ առաջնորդի մեր պատերազմներում»։

21. Սամուելը լսեց ժողովրդի բոլոր խոսքերը և ասաց Տիրոջ ականջին։

22. Եվ Տերը Սամուելին ասաց. «Լսի՛ր նրանց ձայնը և նրանց վրա թագավո՛ր դիր»։ Եվ Սամուելն այդ ժամանակ Իսրայելի որդիներին ասաց. «Թող ամեն մարդ իր քաղաքը գնա»։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9

1. Բենիամինի ցեղից մի ուժեղ մարդ կար, անունը՝ Կիս. նա Բենիամինի որդի Աբիայի որդու՝ Բեքովրաթի որդու՝ Սերորի որդու՝ Աբիելի որդին էր։

2. Կիսը մի որդի ուներ, անունը՝ Սավուղ, որը երիտասարդ ու գեղեցիկ տղամարդ էր, և Իսրայելի որդիների մեջ նրանից գեղեցիկ մարդ չկար. ուսերից վեր նա բարձր էր ամբողջ ժողովրդից։

3. Սավուղի հոր՝ Կիսի էշերը կորան, և Կիսն իր որդի Սավուղին ասաց. «Ծառաներից մեկին հե՛տդ վերցրու, վե՛ր կաց, գնա էշերը փնտրի՛ր»։

4. Նա էլ անցավ Եփրեմի սարից, Սաղիսա երկրից էլ անցավ, բայց չգտան, և Սաղիմի երկրից էլ անցան, բայց այնտեղ էլ չկային, Բենիամինյանների երկրից էլ անցան, բայց չգտան։

5. Երբ եկան Սուփի երկիրը, Սավուղն իր հետ եկած ծառային ասաց. «Եկ վերադառնանք, գուցե իմ հայրը, էշերին թողնելով, մեզ համար մտահոգվի»։

6. Բայց ծառան նրան ասաց. «Ահա այս քաղաքում Աստծու մարդ կա. նա մի պատվավոր մարդ է, և ամեն բան, ինչ որ ասում է, անպատճառ կատարվում է։ Եկ հիմա այնտեղ գնանք, գուցե մեզ ցույց տա մեր գնալու ճանապարհը»։

7. Սավուղն իր ծառային ասաց. «Բայց եթե գնանք, ի՞նչ տանենք այդ մարդու համար. ահա հացը պակասել է մեր ամաններից, և մի ընծա էլ չունենք Աստծու մարդուն տանելու. ի՞նչ ունենք մեզ մոտ»։

8. Եվ ծառան դարձյալ Սավուղին պատասխանեց ու ասաց. «Ահա ինձ մոտ մեկ քառորդ սիկղ արծաթ կա. այն կտամ Աստծու մարդուն, որ նա մեր ճանապարհը ցույց տա մեզ»։

9. (Անցյալում, երբ մի մարդ Իսրայելում գնում էր Աստծուն հարցնելու, այսպես էր ասում. «Եկ տեսանողի մոտ գնանք». առաջ այսօրվա մարգարեին տեսանող էին ասում)։

10. Եվ Սավուղն իր ծառային ասաց. «Լավ ասացիր, եկ գնանք»։ Եվ նրանք գնացին այն քաղաքը, որտեղ բնակվում էր Աստծու մարդը։

11. Երբ նրանք քաղաքը զառիվերից գնում էին դեպի վեր, հանդիպեցին աղջիկների, որոնք դուրս էին եկել ջուր հանելու, և նրանց ասացին. «Տեսանողն այստե՞ղ է»։

12. Եվ աղջիկները նրանց պատասխանեցին ու ասացին. «Այո՛, ահա քո առջև է. հիմա շուտ գնացե՛ք, քանի որ նա այսօր է քաղաք եկել նրա համար, որ ժողովուրդն այսօր այն բարձր տեղում զոհ է մատուցելու։

13. Հենց որ քաղաք մտնեք, նրան իսկույն կգտնեք այնտեղ, քանի որ նա դեռ չի գնացել այն բարձր տեղը՝ կերակուր ուտելու, որովհետև մինչև նա չգնա այնտեղ, ժողովուրդը կերակուր չի ուտելու, քանի որ նա է օրհնում զոհը, և դրանից հետո հրավիրվածներն ուտում են։ Այժմ վե՛ր կացեք, և դուք հիմա նրան կգտնեք»։

14. Եվ նրանք դեպի վեր՝ քաղաք գնացին. և երբ քաղաք էին մտնում, նրանց դեմ ահա դուրս եկավ Սամուելը, որ բարձր տեղը գնար։

15. Եվ Տերը Սամուելին հայտնել էր դա Սավուղի գալուց մեկ օր առաջ

16. և ասել. «Վաղն այս նույն ժամին Բենիամինի երկրից քեզ մոտ մի մարդ եմ ուղարկելու, որ դու նրան իշխան օծես Իսրայելի իմ ժողովրդի վրա, որպեսզի նա իմ ժողովրդին ազատի փղշտացիների ձեռքից, որովհետև ես նայեցի ժողովրդին նրա համար, որ աղաղակը հասավ ինձ»։

17. Եվ երբ Սամուելը Սավուղին տեսավ, Տերը նրան ասաց. «Ահա այն մարդը, որի մասին ասացի քեզ. “Նա պիտի իշխի իմ ժողովրդի վրա”»։

18. Եվ Սավուղը դռան մեջ մոտեցավ Սամուելին ու ասաց. «Աղաչում եմ, ինձ ցո՛ւյց տուր, թե որտե՛ղ է տեսանողի տունը»։

19. Եվ Սամուելը պատասխանեց Սավուղին ու ասաց. «Ես եմ տեսանողը. ե՛կ, իմ առջևից գնա՛ բարձր տեղը՝ այսօր ինձ հետ կերակուր ուտելու. վաղը քեզ ճանապարհ կդնեմ և քեզ կասեմ այն ամենը, ինչ կա քո սրտում։

20. Իսկ երեք օր առաջ կորած էշերի համար մի՛ մտահոգվիր, քանի որ նրանք գտնվել են։ Բայց ամբողջ փափագն* ո՞ւմ է վերաբերում. չէ՞ որ քեզ և քո հոր ամբողջ տան համար է»։

21. Եվ Սավուղը պատասխանեց ու ասաց. «Բայց մի՞թե ես Իսրայելի ցեղերից ամենափոքր ցեղից՝ Բենիամինից չեմ, և իմ ազգատոհմը ամենափոքրը չէ՞ Բենիամինի ցեղի բոլոր ազգատոհմերից. ինչո՞ւ ես ինձ այդպիսի խոսք ասում»։

22. Եվ Սամուելը վերցրեց Սավուղին ու նրա ծառային, նրանց տարավ սրահը և նրանց տեղ տվեց հրավիրյալների վերևում, որոնք մոտ երեսուն մարդ էին։

23. Եվ Սամուելն ասաց խոհարարին. «Տո՛ւր այն բաժինը, որ ես քեզ տվի և քեզ ասացի, որ այն պահես քեզ մոտ»։

24. Եվ խոհարարը վերցրեց ազդրը՝ նրա վրայի մսով, ու դրեց Սավուղի առջև։ Եվ Սամուելն ասաց. «Ահա մնացյալը առա՛ջդ դիր և կե՛ր, քանի որ այն պահից ի վեր, երբ ասացի, թե ժողովրդին հրավիրել եմ, քեզ համար է պահված»։ Եվ այդ օրը Սավուղը ճաշեց Սամուելի հետ։

25. Եվ նրանք բարձր տեղից իջան քաղաք, և Սամուելը կտուրի վրա խոսեց Սավուղի հետ։

26. Առավոտը կանուխ վեր կացան, և հենց որ լույսը ծագեց, Սամուելը Սավուղին կանչեց կտուր ու ասաց. «Ե՛կ վերև, որ քեզ ուղարկեմ»։ Սավուղը վերև գնաց, և ինքն ու Սամուելը՝ երկուսը միասին, դուրս գնացին։

27. Երբ նրանք քաղաքի ծայրն էին իջել, Սամուելն ասաց Սավուղին. «Ծառային ասա՛, որ մեզանից առաջ անցնի (և նա առաջ անցավ), իսկ դու հիմա կանգնի՛ր, որ Աստծու պատգամը հայտնեմ քեզ»։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10

1. Եվ Սամուելը վերցրեց յուղի շիշը և լցրեց նրա գլխին, համբուրեց նրան ու ասաց. «Ահա Տերը քեզ իշխան օծեց իր ժառանգության վրա։

2. Այսօր՝ իմ մոտից գնալուց հետո, Բենիամինի երկրի սահմանի վրա՝ Սելսահի մեջ, Ռաքելի գերեզմանի մոտ, կհանդիպես երկու մարդու, և նրանք քեզ կասեն. “Գտնվել են այն էշերը, որոնց փնտրելու էիր գնացել, և ահա հայրդ, էշերի հոգսը թողած, մտածում է ձեր մասին ու ասում.

3. Եվ երբ այնտեղից գնաս ու հասնես Թաբորի կաղնուն, այնտեղ քեզ կհանդիպեն երեք մարդ, որոնք գնում են Բեթել՝ Աստծու մոտ։ Նրանցից մեկը երեք ուլ է տանում, մեկը՝ հացի երեք նկանակ, մեկն էլ՝ մի տիկ գինի։

4. Նրանք կհարցնեն քո ողջությունը և քեզ երկու հաց կտան, դու էլ կվերցնես նրանց ձեռքից։

5. Դրանից հետո կգնաս Աստծու բլուրը, որտեղ փղշտացիների բերդապահ զորքն է, և երբ այնտեղից քաղաք մտնես, կհանդիպես բարձր տեղից քաղաք իջնող մարգարեների մի խմբի, որոնք իրենց առաջ տավիղ, թմբուկ, սրինգ ու քնար կունենան և մարգարեություն կանեն։

6. Եվ Տիրոջ Հոգին կիջնի քեզ վրա, ու նրանց հետ մարգարեություն կանես, և դու կփոխվես և ուրիշ մարդ կդառնաս։

7. Եվ երբ այս նշանները գան քեզ վրա, ձեռքիցդ եկածը կանես, որովհետև Աստված քեզ հետ է։

8. Եվ ինձանից առաջ կիջնես Գաղգաղա, և ահա ես քեզ մոտ պիտի իջնեմ՝ ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցելու համար. յոթ օր կսպասես, որ ես գամ քեզ մոտ և քեզ հաղորդեմ քո անելու գործը»։

9. Եվ երբ նա մեջքը դարձրեց Սամուելի մոտից գնալու համար, Աստված փոխեց նրան, ուրիշ մի սիրտ տվեց. և նույն օրը այս բոլոր նշանները կատարվեցին։

10. Եվ երբ եկան այն բլուրը, ահա մարգարեների մի խումբ ընդառաջ եկավ նրան, և Աստծու Հոգին իջավ նրա վրա, և նրանց մեջ մարգարեություն արեց։

11. Եվ բոլոր նրանք, ովքեր առաջ ճանաչում էին նրան, երբ տեսան, որ նա մարգարեների հետ մարգարեություն է անում, այդ մարդիկ իրար ասացին. «Այս ի՞նչ է եղել Կիսի որդու հետ. մի՞թե Սավուղն էլ է մարգարեների մեջ»։

12. Եվ այնտեղի մարդկանցից մեկը պատասխանեց ու ասաց. «Հապա ո՞վ է նրանց հայրը»։ Եվ սա մի առած դարձավ նրա մասին. «Մի՞թե Սավուղն էլ է մարգարեների մեջ»։

13. Եվ երբ դադարեց մարգարեություն անելուց, եկավ բարձր տեղը։

14. Եվ Սավուղի հորեղբայրը նրան և նրա ծառային ասաց. «Ո՞ւր էիք գնացել»։ Եվ Սավուղն ասաց. «Էշերը փնտրելու, բայց երբ տեսանք, որ չկան, գնացինք Սամուելի մոտ»։

15. Եվ Սավուղի հորեղբայրն ասաց. «Պատմի՛ր ինձ, Սամուելը ձեզ ի՞նչ ասաց»։

16. Եվ Սավուղն իր հորեղբորն ասաց. «Նա մեզ հստակ ասաց, որ էշերը գտնվել են»։ Բայց թագավորության մասին Սամուելի ասած խոսքը չհայտնեց նրան։

17. Եվ Սամուելը ժողովրդին հավաքեց Մասփայում, Տիրոջ առաջ

18. և Իսրայելի որդիներին ասաց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ես Իսրայելին հանեցի Եգիպտոսից և ձեզ ազատեցի եգիպտացիների ձեռքից ու ձեզ նեղություն տվող բոլոր թագավորների ձեռքից”,

19. բայց դուք այսօր մերժեցիք ձեր Աստծուն, որը ձեզ ազատում է ձեր կրած բոլոր չարիքներից ու նեղություններից, և նրան ասացիք. “Անպատճառ մեզ վրա մի թագավո՛ր դիր”։ Եվ հիմա կանգնե՛ք Տիրոջ առաջ՝ ըստ ձեր ցեղերի և հազարավորների»։

20. Եվ Սամուելը ներկայացրեց Իսրայելի բոլոր ցեղերին, և վիճակն ընկավ Բենիամինի ցեղին։

21. Եվ Բենիամինի ցեղը ներկայացրեց իր ազգատոհմերով, և վիճակն ընկավ Մատրիի ազգատոհմին, և վիճակն ընկավ Կիսի որդուն՝ Սավուղին, և նրան փնտրեցին, բայց չգտնվեց։

22. Եվ դարձյալ հարցրին Տիրոջը, թե՝ «Արդյոք այդ մարդը կգա՞ այստեղ», և Տերն ասաց. «Ահա նա թաքնվել է կարասիների մեջ»։

23. Եվ վազեցին ու այնտեղից վերցրին նրան. երբ նա կանգնեց ժողովրդի մեջտեղը, իր ուսերից վեր բարձր էր ամբողջ ժողովրդից։

24. Եվ Սամուելն ամբողջ ժողովրդին ասաց. «Տեսա՞ք, Տերն ում է ընտրել. ամբողջ ժողովրդի մեջ նրա նմանը չկա»։ Եվ ամբողջ ժողովուրդն աղաղակեց ու ասաց. «Կեցցե՜ թագավորը»։

25. Ապա Սամուելը ժողովրդին հայտնեց թագավորության իրավունքներն ու պարտավորությունները և գրեց գրքի մեջ ու դրեց Տիրոջ առաջ. և Սամուելն արձակեց ամբողջ ժողովրդին. ամեն մեկին՝ իր տունը։

26. Սավուղն էլ գնաց իր տուն՝ Գաբաա, և նրա հետ գնացին մի խումբ մարդիկ, որոնց սիրտը շարժել էր Աստված։

27. Բայց չար մարդիկ էլ ասացին. «Ի՞նչ է, սա՞ պիտի մեզ ազատի». և նրան անարգեցին ու նրա համար ընծա չտարան, բայց նա լռեց։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11

1. Ամմոնացի Նաասը գնաց դեպի վեր և բանակ դրեց Գաղաադի Հաբիսի դիմաց. և Հաբիսի բոլոր բնակիչները Նաասին ասացին. «Մեզ հետ դաշի՛նք կնքիր, և մենք քեզ կծառայենք»։

2. Բայց ամմոնացի Նաասը նրանց ասաց. «Ձեզ հետ դաշինք կկնքեմ այն պայմանով, որ ձեր բոլորի աջ աչքը հանեմ և դրանով նախատինք դնեմ ամբողջ Իսրայելի վրա»։

3. Եվ Հաբիսի ծերերը նրան ասացին. «Մեզ յոթ օր ժամանա՛կ տուր, որ պատգամավորներ ուղարկենք Իսրայելի բոլոր սահմանները, և եթե մեզ ազատող չլինի, այն ժամանակ մենք կհանձնվենք քեզ»։

4. Եվ պատգամավորները գնացին Գաբաա՝ Սավուղի մոտ, և այդ խոսքերն ասացին ժողովրդի ականջին, և ամբողջ ժողովուրդը բարձրացրեց իր ձայնն ու լաց եղավ։

5. Եվ ահա Սավուղը եզների ետևից գալիս էր արտից. և Սավուղն ասաց. «Ի՞նչ է պատահել ժողովրդին, որ լաց է լինում», և նրան ասացին Հաբիսի բնակիչների խոսքերը։

6. Այդ խոսքերը լսելիս Աստծու Հոգին իջավ Սավուղի վրա, և նրա բարկությունը խիստ բորբոքվեց։

7. Նա մի զույգ եզ վերցրեց և կտոր-կտոր արեց նրանց ու պատգամավորների միջոցով ուղարկեց Իսրայելի բոլոր սահմանները՝ ասելով. «Ով որ չգա Սավուղի ետևից և Սամուելի ետևից, այսպես կանեն նրա եզներին»։ Տիրոջ երկյուղն ընկավ ժողովրդի վրա, և բոլորը դուրս եկան մեկ մարդու նման։

8. Եվ Սավուղը նրանց հաշվառման հանդեսը կատարեց Բեզեկում. Իսրայելի որդիները երեք հարյուր հազար էին, իսկ Հուդայի մարդիկ՝ երեսուն հազար։

9. Եվ եկող պատգամավորներին ասացին. «Այսպե՛ս ասեք Գաղաադի Հաբիսի բնակիչներին. “Վաղը՝ արեգակը տաքանալիս, ազատություն է լինելու ձեզ համար”»։ Երբ պատգամավորներ գնացին ու ասացին Հաբիսի բնակիչներին, նրանք ուրախացան։

10. Հաբիսի բնակիչներն ասացին ամմոնացիներին. «Վաղը կհանձնվենք ձեզ, և ինչ հաճելի է ձեզ, այն էլ արե՛ք մեզ հետ»։

11. Հետևյալ օրը Սավուղը ժողովրդին բաժանեց երեք գնդի, և նրանք առավոտյան մտան բանակատեղի և ամմոնացիներին ջարդեցին մինչև օրվա տաքանալը, իսկ մնացածներն այնպես ցրվեցին, որ նրանցից երկու մարդ միասին չմնաց։

12. Եվ ժողովուրդն ասաց Սամուելին. «Ո՞վ էր ասում, թե Սավո՞ւղը պիտի մեզ վրա թագավոր լինի. այդ մարդկանց մե՛զ տվեք, որ մեռցնենք»։

13. Եվ Սավուղն ասաց. «Թող այսօր ոչ մի մարդ չմեռցվի, որովհետև Տերն այսօր փրկություն արեց Իսրայելի համար»։

14. Եվ Սամուելն ասաց ժողովրդին. «Եկեք գնանք Գաղգաղա և այնտեղ վերահաստատենք թագավորությունը»։

15. Եվ ամբողջ ժողովուրդը գնաց Գաղգաղա, և այնտեղ՝ Գաղգաղայում, Տիրոջ առջև Սավուղին թագավոր դարձրին և այնտեղ խաղաղության զոհեր մատուցեցին, և Սավուղն ու Իսրայելի բոլոր մարդիկ մեծ ուրախություն արին այնտեղ։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12

1. Եվ Սամուելը ամբողջ Իսրայելին ասաց. «Ահա ես լսեցի ձեր ձայնը և բոլոր այն բաները, որ դուք ինձ ասացիք, և ձեզ վրա թագավոր դրեցի։

2. Եվ հիմա ահա ձեր առջևից թագավոր է գնալու, բայց ես ծերացել եմ, և մազերս սպիտակել են. ահա իմ որդիները ձեզ հետ են, և ես իմ մանկությունից մինչև այսօր գնացել եմ ձեր առջևից։

3. Ահա ես այստեղ եմ. Տիրոջ առաջ և նրա օծյալի առաջ վկայեցե՛ք, թե ես ո՛ւմ եզն եմ վերցրել կամ ո՛ւմ էշն եմ վերցրել, կամ ո՛ւմ եմ զրկել կամ անիրավություն արել և կամ ո՛ւմ ձեռքից եմ կաշառք առել ու նրանով իմ աչքերը կուրացրել. ասացե՛ք, և ես կվերադարձնեմ ձեզ»։

4. Եվ ասացին. «Մեզ չես զրկել և անիրավություն չես արել և ոչ մի մարդու ձեռքից ոչ մի բան չես վերցրել»։

5. Եվ նա նրանց ասաց. «Տերը և նրա օծյալը թող այսօր ձեզ վկա լինեն, որ դուք իմ ձեռքում ոչ մի բան չգտաք»։ Եվ ասացին. «Թող վկա լինեն»։

6. Եվ Սամուելը ժողովրդին ասաց. «Տերն ընտրեց Մովսեսին ու Ահարոնին և ձեր հայրերին դուրս բերեց Եգիպտոսի երկրից։

7. Եվ հիմա կանգնե՛ք, և Տիրոջ առաջ ես ձեզ հետ պիտի քննեմ այն բոլոր արդար գործերը, որ Տերն արել է ձեզ և ձեր հայրերին։

8. Երբ Հակոբը գնաց Եգիպտոս, և ձեր հայրերն աղաղակեցին Տիրոջը, և Տերն ուղարկեց Մովսեսին ու Ահարոնին, որոնք ձեր հայրերին դուրս բերեցին Եգիպտոսից և նրանց բնակեցրին այստեղ։

9. Բայց նրանք մոռացան իրենց Տեր Աստծուն, և նա էլ նրանց մատնեց Հասորի զորապետ Սիսարայի ձեռքը, փղշտացիների ձեռքը և Մովաբի թագավորի ձեռքը, որոնք պատերազմում էին նրանց դեմ։

10. Եվ նրանք աղաղակեցին Տիրոջը և ասացին. “Մենք մեղք գործեցինք, որ թողեցինք Տիրոջը և ծառայեցինք Բահաղիմին ու Աստարովթին. և հիմա ազատի՛ր մեզ մեր թշնամիների ձեռքից, և մենք կծառայենք քեզ”։

11. Եվ Տերն ուղարկեց Հերոբաաղին, Բեդանին, Հեփթայեին ու Սամուելին և ձեզ ազատեց ձեր շրջակա թշնամիների ձեռքից, և բնակվեցիք ապահովության մեջ։

12. Եվ երբ տեսաք, որ Նաասը՝ ամմոնացիների թագավորը, հարձակվում է ձեզ վրա, ինձ ասացիք. “Ո՛չ, թող անպատճառ մեզ վրա մի թագավոր լինի”, թեև ձեր թագավորը Տեր Աստվածն էր։

13. Եվ հիմա ահա այն թագավորը, որին ընտրեցիք և ուզեցիք. և ահա Տերը թագավոր դրեց ձեզ վրա։

14. Եթե վախենաք Տիրոջից և ծառայեք նրան ու հնազանդվեք նրա ձայնին և դեմ չկանգնեք Տիրոջ պատվերին, այն ժամանակ թե՛ դուք և թե՛ ձեր թագավորը, որ թագավորում է ձեզ վրա, կգնաք ձեր Տեր Աստծու ետևից։

15. Բայց եթե չհնազանդվեք նրա ձայնին և դեմ կանգնեք Տիրոջ հրամանին, այն ժամանակ Տիրոջ ձեռքը պիտի ծանրանա ձեզ վրա, ինչպես որ ձեր հայրերի վրա։

16. Եվ հիմա կանգնե՛ք և տեսե՛ք այն մեծ բանը, որ Տերը պիտի անի ձեր աչքերի առաջ։

17. Այսօր ցորենի հնձի ժամանակն է, չէ՞. ես պիտի աղաղակեմ Տիրոջը, և նա ձեզ պիտի որոտ ու անձրև տա, որ հասկանաք և տեսնեք, որ Տիրոջ առաջ դուք մեծ չարիք եք գործել՝ ձեզ համար թագավոր ուզելով»։

18. Այն ժամանակ Սամուելն աղաղակեց Տիրոջը, և Տերը նույն օրը որոտ ու անձրև տվեց, և ամբողջ ժողովուրդը խիստ վախեցավ Տիրոջից ու Սամուելից։

19. Եվ ամբողջ ժողովուրդը Սամուելին ասաց. «Քո Տեր Աստծուն աղո՛թք արա քո ծառաների համար, որ չմեռնենք, քանզի մեր բոլոր մեղքերի վրա այս չարիքն էլ ավելացրինք, որ թագավոր ուզեցինք մեզ համար»։

20. Եվ Սամուելը ժողովրդին ասաց. «Մի՛ վախեցեք. թեև դուք գործել եք այս բոլոր չարիքները, սակայն մի՛ խոտորվեք Տիրոջից և ձեր ամբողջ սրտով ծառայե՛ք Տիրոջը։

21. Եվ մի՛ խոտորվեք, որովհետև դուք գնացած կլինեք սին բաների ետևից, որոնք ձեզ օգուտ չեն և չեն կարող ազատել, քանի որ իրենք ոչինչ են։

22. Իսկ Տերը իր մեծ անվան համար չի լքի իր ժողովրդին, քանզի Տերն է ուզել, որ ձեզ դարձնի իր ժողովուրդը։

23. Բայց ես, քա՛վ լիցի, որ մեղք գործեմ Տիրոջ դեմ՝ դադարելով ձեզ համար աղոթք անելուց, այլ ես ձեզ կսովորեցնեմ բարի և ուղիղ ճանապարհը։

24. Միայն թե վախեցե՛ք Տիրոջից և ճշմարտությամբ ու ձեր ամբողջ սրտով ծառայե՛ք նրան, քանզի տեսաք, թե նա ի՛նչ մեծ գործեր արեց ձեզ համար։

25. Իսկ եթե շարունակեք չարիք գործել, ապա դուք էլ, ձեր թագավորն էլ պիտի կորչեք»։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13

1. Սավուղը տարեկան էր, երբ թագավոր եղավ։ Եվ երբ Իսրայելում երկու տարի թագավորեց,

2. Սավուղը Իսրայելից երեք հազար մարդ ընտրեց իր համար։ Երկու հազարը Սավուղի հետ Մաքմասում և Բեթելի լեռնային շրջանում էին, հազարը Հովնաթանի հետ Բենիամինի Գաբաայում էին, իսկ մնացած ժողովրդին ուղարկեց, ամեն մեկին՝ իր վրանը։

3. Եվ Հովնաթանը ջարդեց փղշտացիների պահապան զորքերին, որ Գաբաայում էին, և փղշտացիները լսեցին այդ մասին։ Եվ Սավուղը փող փչել տվեց ամբողջ երկրում և ասաց. «Եբրայեցիները թող լսեն»։

4. Եվ ամբողջ Իսրայելը լսեց, որ Սավուղը ջարդել է փղշտացիների պահապան զորքերին, և Իսրայելն ատելի է դարձել փղշտացիներին. և ժողովուրդը հավաքվեց Գաղգաղայում՝ Սավուղի մոտ։

5. Փղշտացիներն էլ հավաքվեցին պատերազմելու Իսրայելի դեմ. երեսուն հազար կառք ունեին և վեց հազար ձիավոր, իսկ զորքը ծովեզրի ավազի չափ շատ էր. բարձրացան ու բանակ դրեցին Մաքմասում՝ Բեթավանի արևելյան կողմը։

6. Եվ Իսրայելի մարդիկ տեսան, որ իրենք նեղության մեջ են, և որ ժողովուրդը տագնապած է, թաքնվեցին քարայրներում, թփերի մեջ, ժայռերում, խրամատներում ու փոսերում։

7. Եվ եբրայեցիներից ոմանք անցան Հորդանան գետը և գնացին Գադի ու Գաղաադի երկիրը, բայց Սավուղը դեռ Գաղգաղայում էր, և ամբողջ բանակը, վախից դողալով, հետևում էր նրան։

8. Եվ նա Սամուելի որոշած ժամանակի չափ՝ յոթ օր սպասեց, բայց Սամուելը Գաղգաղա չեկավ, և ժողովուրդը սկսեց ցրվել նրա մոտից։

9. Եվ Սավուղն ասաց. «Ինձ մո՛տ բերեք ողջակեզն ու խաղաղության զոհը», և ինքը մատուցեց ողջակեզը։

10. Եվ երբ վերջացրեց ողջակեզը մատուցելը, այդ ժամանակ էլ եկավ Սամուելը, և Սավուղն ընդառաջ գնաց նրան դիմավորելու և բարևելու նրան։

11. Եվ Սամուելն ասաց. «Այս ի՞նչ ես արել»։ Եվ Սավուղն ասաց. «Տեսա, որ ժողովուրդը ցրվում է իմ մոտից, իսկ դու չեկար քո որոշած օրերին, և փղշտացիներն էլ հավաքված են Մաքմասում,

12. այն ժամանակ մտածեցի, որ փղշտացիները հիմա ինձ վրա կիջնեն Գաղգաղա, իսկ ես դեռ աղոթք չեմ արել Տիրոջ առաջ*, դրա համար էլ հարկադրված եղա մատուցելու ողջակեզը»։

13. Եվ Սամուելն ասաց Սավուղին. «Դու հիմարություն ես արել, որ չես պահել քո Տեր Աստծու պատվիրանը, որ նա պատվիրել էր քեզ. որովհետև հիմա Տերը պիտի հավիտյան հաստատեր քո թագավորությունը Իսրայելի վրա։

14. Բայց հիմա քո թագավորությունը հաստատուն չի լինելու։ Տերն իր համար իր սրտի համաձայն մի մարդ է փնտրում և Տերը նրան իշխան պիտի նշանակի իր ժողովրդի վրա, որովհետև դու չպահեցիր այն, ինչ Տերը պատվիրել էր քեզ»։

15. Եվ Սամուելը վեր կացավ ու Գաղգաղայից գնաց Բենիամինի երկիրը՝ Գաբաա։ Սավուղն էլ հաշվեց իր մոտ գտնվող ժողովրդին. մոտ վեց հարյուր մարդ էին։

16. Եվ Սավուղն ու նրա որդի Հովնաթանը և նրանց հետ եղած մարդիկ հաստատվեցին Բենիամինի Գաբաայում, իսկ փղշտացիների բանակը Մաքմասում էր։

17. Եվ փղշտացիների բանակից դուրս եկան ավարառու երեք գնդեր. մի գունդն ուղղվեց դեպի Եփրայի ճանապարհը՝ դեպի Սուաղի երկիրը,

18. մի ուրիշ գունդ ուղղվեց դեպի Բեթորոնի ճանապարհը, իսկ երրորդ գունդն ուղղվեց դեպի անապատ, որը սահմանի ճանապարհին նայում է դեպի Սեբոյիմի հովիտը։

19. Եվ ամբողջ Իսրայելի երկրում մի դարբին չէր գտնվում, որովհետև փղշտացիներն ասել էին. «Չթողնենք, որ եբրայեցիները սուր ու նիզակ շինեն»։

20. Եվ բոլոր իսրայելացիներն իջնում էին փղշտացիների մոտ՝ ամեն մարդ իր բրիչը, խոփը, կացինը և բահը սրել տալու համար։

21. Բրիչների, խոփերի, եռաժանի գործիքների ու կացինների բերանները կամ խթանները սրելու խարտոց ունեին։

22. Եվ եղավ այնպես, որ պատերազմի օրը Սավուղի և Հովնաթանի հետ եղած ժողովրդի ձեռքին ո՛չ սուր կար և ո՛չ էլ նիզակ. միայն Սավուղի և նրա որդի Հովնաթանի մոտ կար։

23. Եվ փղշտացիների պահապան զորքը գնաց դեպի Մաքմասի կիրճը։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14

1. Մի օր Սավուղի որդի Հովնաթանն իր զինակիր պատանուն ասաց. «Եկ անցնենք փղշտացիների պահապան զորքի մոտ, որ այն կողմում է»։ Բայց իր հորը իմաց չտվեց։

2. Եվ Սավուղը նստած էր Գաբաայի սահմանագլխին՝ Մագրոնում, նռնենու տակ, և նրա հետ եղած ժողովուրդը վեց հարյուր մարդ էր։

3. Եվ Սելովում Տիրոջ քահանան Հեղիի որդու՝ Փենեհեսի որդու՝ Իքաբոդի եղբայր Աքիտովբի որդի Աքիան էր, որը եփուդ էր հագնում. և ժողովուրդը չգիտեր, որ Հովնաթանը գնացել է։

4. Եվ այն կիրճերում, որոնց միջով Հովնաթանն ուզում էր անցնել փղշտացիների պահապան զորքի մոտ, մի քարաժայռ կար մի կողմից, և մի ուրիշ քարաժայռ՝ մյուս կողմից, որոնցից մեկի անունը Բազես էր, իսկ մյուսի անունը՝ Սենա։

5. Այդ քարաժայռերից մեկը հյուսիսային կողմից ցցված էր Մաքմասի դիմաց, իսկ մյուսը հարավային կողմից՝ Գաբաայի դիմաց։

6. Եվ Հովնաթանն իր զինակիր պատանուն ասաց. «Եկ անցնենք այս անթլփատների պահապան զորքի մոտ, գուցե Տերը մի բան անի մեզ համար. չէ՞ որ Տիրոջ համար արգելք չկա, որ շատ մարդով էլ ազատի, քչով էլ»։

7. Եվ իր զինակիրը նրան ասաց. «Այն ամենը, ինչ կա սրտիդ մեջ, արա՛. առա՛ջ գնա. ահա ես քո ուզածի պես քեզ հետ եմ»։

8. Եվ Հովնաթանն ասաց. «Հիմա մենք անցնում ենք այդ մարդկանց մոտ. թող երևանք նրանց։

9. Եթե մեզ այսպես ասեն. “Կա՛նգ առեք, մինչև որ մենք գանք ձեզ մոտ”, այն ժամանակ կկանգնենք մեր տեղը և չենք ելնի վեր՝ նրանց մոտ։

10. Բայց եթե այսպես ասեն. “Բարձրացե՛ք մեզ մոտ”, այն ժամանակ կբարձրանանք վեր, որովհետև Տերը նրանց մատնել է մեր ձեռքը, և դա նշան կլինի մեզ համար»։

11. Եվ երբ նրանք երկուսն էլ երևացին փղշտացիների պահապան զորքին, փղշտացիներն ասացին. «Ահա եբրայեցիները դուրս են եկել իրենց թաքնված ծակերից»։

12. Եվ պահապան զորքից Հովնաթանին ու նրա զինակրին պատասխանեցին և ասացին. «Բարձրացե՛ք մեզ մոտ, մենք ձեզ բան ունենք հաղորդելու». և Հովնաթանն իր զինակրին ասաց. «Իմ ետևից վե՛ր ելիր, որովհետև Տերը նրանց մատնել է Իսրայելի ձեռքը»։

13. Եվ Հովնաթանը ձեռքերով ու ոտքերով մագլցեց. նրա զինակիրն էլ՝ նրա ետևից. և փղշտացիներն ընկնում էին Հովնաթանի առջև. նրա զինակիրն էլ նրա ետևից էր սպանում։

14. Եվ այս առաջին կոտորածի ժամանակ Հովնաթանն ու նրա զինակիրը մոտ քսան մարդ սպանեցին՝ կես լծվարի չափ գետնի վրա։

15. Եվ սարսափ ընկավ դաշտում՝ բանակի և ամբողջ ժողովրդի մեջ. պահապան զորքն ու ավարառուներն էլ զարհուրեցին. երկիրը դղրդաց, և Աստծու վախը պատեց նրանց։

16. Եվ Սավուղի դետերը Բենիամինի Գաբաայից տեսան, որ ահա այն զորքը հալվում է և գնալով ցրվում։

17. Եվ Սավուղն ասաց իր հետ եղող զորքին. «Նայե՛ք և տեսե՛ք, թե ով է մեզնից գնացել». նայեցին, և տեսան, որ ահա Հովնաթանն ու նրա զինակիրը չկան։

18. Այդ ժամանակ Սավուղն ասաց Աքիային. «Մոտեցրո՛ւ Աստծու տապանակը» (այդ ժամանակ Աստծու տապանակը Իսրայելի որդիների մոտ էր)։

19. Սավուղը դեռ խոսում էր քահանայի հետ, երբ փղշտացիների բանակի մեջ աղաղակն ավելի ու ավելի էր մեծանում. և Սավուղն ասաց քահանային. «Ձեռքդ ե՛տ քաշիր»։

20. Եվ Սավուղն ու իր հետ եղած ամբողջ զորքը հավաքվեցին մեկտեղ և գնացին մինչև պատերազմի դաշտ. և ահա այնտեղ ամեն մարդ սուրն ուղղել էր իր ընկերոջ դեմ, և շատ մեծ խռովություն կար։

21. Եվ այն եբրայեցիները, որոնք առաջ փղշտացիների հետ էին, և որոնք շրջակա երկրներից նրանց հետ բանակ էին եկել, նրանք էլ միացան Սավուղի և Հովնաթանի հետ եղած իսրայելացիներին։

22. Եվ Իսրայելի բոլոր այն մարդիկ, որ թաքնվել էին Եփրեմի սարում, լսեցին, որ փղշտացիները փախչում են, և նրանք նույնպես պատերազմի մեջ մտան։

23. Եվ այդ օրը Տերը ազատեց Իսրայելին, և պատերազմը հասավ մինչև Բեթավան։

24. Այդ օրը Իսրայելի մարդիկ տագնապեցին, որովհետև Սավուղը ժողովրդին երդվել էր տվել և ասել. «Անիծյալ լինի այն մարդը, որ մինչև իրիկուն հաց ուտի, մինչև որ իմ թշնամիներից վրեժ չառնեմ». և ամբողջ ժողովուրդը բերանը հաց չդրեց։

25. Եվ ամբողջ ժողովուրդը մտավ մի անտառ, որտեղ գետնի վրա մեղր կար։

26. Եվ երբ ժողովուրդը անտառ մտավ, ահա մեղր էր ծորում, բայց ոչ ոք ձեռքը բերանին չմոտեցրեց, որովհետև ժողովուրդը վախենում էր երդումից։

27. Բայց Հովնաթանը չէր լսել, երբ իր հայրը ժողովրդին երդվել էր տվել, և իր ձեռքի գավազանի ծայրը մեկնեց, կոխեց այն մեղրի խորիսխի մեջ և իր ձեռքով բերանը տարավ, ու նրա աչքերը լուսավորվեցին։

28. Այդ ժամանակ ժողովրդից մեկը պատասխանեց և ասաց. «Հայրդ ժողովրդին երդվել է տվել՝ ասելով. “Անիծյալ լինի այն մարդը, որ այսօր հաց կուտի”»։

29. Ժողովուրդը նվաղել էր։ Եվ Հովնաթանն ասաց. «Հայրս ժողովրդին նեղության մեջ է գցել. նայե՛ք, աչքերս լույս ստացան, երբ այս մեղրից մի քիչ կերա։

30. Բայց եթե ժողովուրդն այսօր կերած լիներ իր թշնամուց վերցրած ավարից, փղշտացիների մեջ որչափ ավելի մեծ կոտորած կլիներ»*։

31. Եվ այդ օրը փղշտացիներին հարվածեցին Մաքմասից մինչև Այեղոն, իսկ ժողովուրդը նվաղել էր։

32. Եվ ժողովուրդը հարձակվեց ավարի վրա, վերցրին և՛ ոչխարները, և՛ արջառները, և՛ հորթերը, մորթեցին գետնի վրա, և ժողովուրդն արյունով էլ կերավ։

33. Եվ Սավուղին իմաց տվին ու ասացին. «Ահա ժողովուրդը մեղանչում է Տիրոջ դեմ, որովհետև արյունով է ուտում»։ Եվ նա ասաց. «Անօրենություն եք արել. հիմա ինձ համար մի մեծ քա՛ր գլորեք»։

34. Եվ Սավուղն ասաց. «Ժողովրդի մեջ ցրվե՛ք և նրանց ասացե՛ք. “Թող ամեն մարդ իր արջառը և իր ոչխարը բերի ինձ մոտ, և այստեղ մորթեք ու կերե՛ք և արյունով ուտելով Տիրոջ դեմ մեղք մի՛ գործեք”»։ Եվ ամբողջ ժողովուրդը՝ ամեն մարդ, այդ գիշեր իր արջառը իր ձեռքով բերեց և այնտեղ մորթեց։

35. Սավուղը Տիրոջ համար զոհասեղան շինեց, և սա առաջին զոհասեղանն էր, որ նա շինեց Տիրոջ համար։

36. Բայց Սավուղն ասաց. «Գիշերը իջնենք, հետապնդենք փղշտացիներին, մինչև առավոտ՝ լույսը բացվելը, նրանց կողոպտենք և նրանցից ոչ մի մարդ չթողնենք». և նրանք ասացին. «Արա՛ այն, ինչ հաճելի է քեզ»։ Եվ քահանան ասաց. «Այստեղ մոտենանք Աստծուն»։

37. Եվ Սավուղն Աստծուն հարցրեց, թե՝ «Իջնե՞մ, հետապնդե՞մ փղշտացիներին, նրանց կմատնե՞ս Իսրայելի ձեռքը»։ Բայց Տերը այդ օրը չպատասխանեց նրան։

38. Այն ժամանակ Սավուղն ասաց. «Մոտեցե՛ք այստեղ, ժողովրդի բոլոր իշխաննե՛ր, իմացե՛ք և տեսե՛ք, թե այսօր այս մեղքն ո՛ւմն է,

39. քանզի կենդանի է Իսրայելն ազատող Տերը, և եթե իմ որդի Հովնաթանինն էլ լինի, անպատճառ պիտի մեռնի»։ Եվ ամբողջ ժողովրդից ոչ ոք չպատասխանեց նրան։

40. Այն ժամանակ նա ամբողջ Իսրայելին ասաց. «Դուք մի կո՛ղմ կանգնեք, իսկ ես և իմ որդի Հովնաթանը կկանգնենք մյուս կողմը». և ժողովուրդը Սավուղին ասաց. «Քեզ հաճելի եղա՛ծն արա»։

41. Եվ Սավուղն Իսրայելի Տեր Աստծուն ասաց. «Ցո՛ւյց տուր ճշմարիտը*»։ Սավուղը և Հովնաթանը բռնվեցին վիճակով, իսկ ժողովուրդն ազատ մնաց։

42. Սավուղն ասաց. «Վիճա՛կ գցեք ինձ վրա և իմ որդի Հովնաթանի վրա», և Հովնաթանը բռնվեց։

43. Եվ Սավուղը Հովնաթանին ասաց. «Հայտնի՛ր ինձ, թե ինչ ես արել». և Հովնաթանը նրան հայտնեց ու ասաց. «Ձեռքիս գավազանի ծայրով մի քիչ մեղր եմ կերել. ահավասիկ ես պիտի մեռնեմ»։

44. Եվ Սավուղն ասաց. «Թող Աստված ինձ այսպես ու սրանից էլ ավելին անի. դու, Հովնաթա՛ն, այսօր անպատճառ պիտի մեռնես»։

45. Բայց ժողովուրդը Սավուղին ասաց. «Հովնաթա՞նը պիտի մեռնի, որն այսօր Իսրայելին տվեց այս մեծ փրկությունը. քա՛վ լիցի, կենդանի է Տերը, և նրա գլխի մեկ մազն անգամ գետին չպիտի ընկնի, որովհետև այսօր Աստծով է գործել»։ Այսպես ժողովուրդն ազատեց Հովնաթանին, և նա չմեռավ։

46. Եվ Սավուղը վերադարձավ փղշտացիներին հետապնդելուց, փղշտացիներն էլ գնացին իրենց տեղը։

47. Սավուղն սկսեց թագավորել Իսրայելի վրա և պատերազմեց շրջակա բոլոր թշնամիների դեմ, այսինքն՝ Մովաբի դեմ և Ամմոնի որդիների դեմ, Եդովմի դեմ, Սուբիայի թագավորների դեմ ու փղշտացիների դեմ. դեպի որ կողմն էլ դառնում էր, հաղթություն էր տանում։

48. Նա քաջություն արեց* և զարկեց Ամաղեկին ու Իսրայելն ազատեց իր կողոպտիչների ձեռքից։

49. Սավուղի որդիներն էին Հովնաթանը, Հեսուին և Մեղքիսավեն, իսկ նրա երկու աղջիկների անուններն էին՝ առաջինի անունը՝ Մերովբ, իսկ փոքրի անունը Մեղքող էր։

50. Սավուղի կնոջ անունը Աքինոամ էր՝ Աքիմաասի աղջիկը։ Նրա զորավարի անունը Աբեններ էր՝ Սավուղի հորեղբոր՝ Ների որդին։

51. Կիսը՝ Սավուղի հայրը, և Ները՝ Աբենների հայրը, Աբիելի որդիներն էին։

52. Եվ Սավուղի բոլոր օրերին սաստիկ պատերազմ կար փղշտացիների դեմ, և Սավուղն իր տեսած ամեն մի ուժեղ մարդու և ամեն մի քաջ մարդու հավաքում էր իր մոտ։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15

1. Սամուելն ասաց Սավուղին. «Տերն ուղարկեց ինձ՝ քեզ իր Իսրայել ժողովրդի վրա թագավոր օծելու, և հիմա լսի՛ր Տիրոջ խոսքերը։

2. Այսպես է ասում Զորությունների Տերը. “Ես հիշում եմ, թե ինչ արեց Ամաղեկը Իսրայելին, ինչպես ճանապարհին նրա դեմ ելավ, երբ նա դուրս էր եկել Եգիպտոսից։

3. Հիմա գնա՛ և ջարդի՛ր Ամաղեկին ու ոչնչացրո՛ւ նրա ամբողջ ունեցվածքը. չխնայես նրանց, կոտորի՛ր բոլորին՝ տղամարդ և կին, երեխա և կաթնակեր, արջառ և ոչխար, ուղտ և էշ”»։

4. Սավուղը հավաքեց զորքին և հաշվառման հանդես կատարեց Տեղայիմում. հետևակ զորքը երկու հարյուր հազար մարդ էր, տասը հազար էլ Հուդայի մարդկանցից էին։

5. Եվ Սավուղը գնաց մինչև ամաղեկացիների մի քաղաքի մոտ և դարանամուտ եղավ հեղեղատում։

6. Սավուղը կենեցիներին ասաց. «Հեռացե՛ք, բաժանվե՛ք, դո՛ւրս եկեք ամաղեկացիների միջից, որ նրանց հետ ձեզ էլ չոչնչացնեմ, որովհետև դուք ողորմած եղաք Իսրայելի բոլոր որդիների նկատմամբ, երբ նրանք դուրս էին գալիս Եգիպտոսից»։ Ուստի կենեցիները բաժանվեցին ամաղեկացիների միջից։

7. Եվ Սավուղը ջարդեց Ամաղեկի որդիներին Եվիլայից մինչև Եգիպտոսի դիմացի Սուրը։

8. Եվ ողջ բռնեց Ամաղեկի թագավորին՝ Ագագին, և ամբողջ ժողովրդին սրի բերան քաշելով՝ բնաջնջեց։*

9. Բայց Սավուղը և ժողովուրդը խնայեցին Ագագին և ոչխարների ու արջառների լավերին ու գերերին ու գառներին և այն ամենը, ինչ ընտիր էր, չուզեցին ոչնչացնել, այլ ոչնչացրին բոլոր անարժեք ու անպիտան անասունները։

10. Տիրոջ խոսքն ուղղվեց Սամուելին՝ ասելով.

11. «Զղջացի, որ Սավուղին թագավոր դարձրի, որովհետև ինձնից հեռացավ և չկատարեց իմ խոսքերը»։ Սամուելը տրտմեց և ամբողջ գիշեր աղաղակեց Տիրոջը։

12. Սամուելն առավոտ կանուխ վեր կացավ, որ Սավուղին դիմավորի. և Սամուելին հաղորդեցին՝ ասելով. «Սավուղը եկել է Կարմեղոս և ահա իր պատվին կոթող է կանգնեցրել, ապա այնտեղից վերադարձել ու իջել է Գաղգաղա»։

13. Սամուելը գնաց Սավուղի մոտ, և Սավուղը նրան ասաց. «Օրհնյա՜լ լինես Տիրոջից. Տիրոջ խոսքը կատարեցի»։

14. Եվ Սամուելն ասաց. «Հապա ի՞նչ է ոչխարների այս ձայնը, որ հասնում է ականջիս, և արջառների այս ձայնը, որ լսում եմ ես»։

15. Եվ Սավուղն ասաց. «Ամաղեկացիներից են բերել դրանց, որովհետև ժողովուրդը խնայեց լավագույն ոչխարներին ու արջառներին, որ նրանց զոհ մատուցեն քո Տեր Աստծուն, իսկ մյուսներին ոչնչացրինք»։

16. Այդ ժամանակ Սամուելն ասաց Սավուղին. «Սպասի՛ր, որ քեզ պատմեմ այն, ինչ Տերն այս գիշեր խոսեց ինձ հետ»։ Եվ Սավուղն ասաց նրան՝ խոսի՛ր։

17. Եվ Սամուելն ասաց. «Ահա դու, որ փոքր էիր թվում քո աչքերին, Իսրայելի ցեղերի գլուխ եղար, և Տերը քեզ թագավոր օծեց Իսրայելի վրա։

18. Եվ Տերը քեզ մեկ առաքելությամբ ուղարկեց ու ասաց. “Գնա՛ և նզովի՛ր այդ մեղավոր ամաղեկացիներին և պատերազմի՛ր նրանց դեմ, մինչև որ բնաջնջես նրանց”։

19. Եվ ինչո՞ւ չլսեցիր Տիրոջ ձայնին, այլ ավարի վրա հարձակվելով՝ չարիք գործեցիր Տիրոջ առաջ»։

20. Եվ Սավուղն ասաց Սամուելին. «Հնազանդվեցի Տիրոջ ձայնին և գնացի այն առաքելությամբ, ինչի որ Տերն ինձ ուղարկեց, և բերեցի Ագագին՝ Ամաղեկի թագավորին, և Ամաղեկը բնաջինջ արեցի։

21. Սակայն ժողովուրդն այդ ավարից ոչխարներ և արջառներ վերցրեց՝ նզովվածներից շատ լավերը, որ Գաղգաղայում քո Տեր Աստծուն զոհեն»։

22. Եվ Սամուելն ասաց. «Մի՞թե Տիրոջ համար ողջակեզներն ու զոհերը հաճելի են ավելի, քան Տիրոջ ձայնին լսելը։ Հնազանդությունը հաստատապես լավ է զոհից, և ականջ դնելը՝ խոյերի ճարպից։

23. Քանզի ապստամբությունը կախարդության մեղքի պես է, և անհնազանդությունը՝ կռապաշտության, և որովհետև դու Տիրոջ խոսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց, որ դու թագավոր չլինես»։

24. Եվ Սավուղն ասաց Սամուելին. «Մեղք գործեցի, որ զանց արի Տիրոջ պատվերներն ու քո խոսքերը, որովհետև վախեցա ժողովրդից և լսեցի նրա խոսքը։

25. Եվ հիմա, աղաչում եմ, ների՛ր իմ հանցանքը և ինձ հետ վերադարձի՛ր, որ երկրպագեմ Տիրոջը»։

26. Եվ Սամուելն ասաց Սավուղին. «Ես չեմ վերադառնա քեզ հետ. քանի որ դու մերժեցիր Տիրոջ խոսքը, Տերն էլ քեզ է մերժել, որ Իսրայելի վրա թագավոր չլինես»։

27. Երբ Սամուելը ետ դարձավ, որ գնա, Սավուղը բռնեց նրա վերարկուի ծայրից, որը պատռվեց։

28. Այդ ժամանակ Սամուելն ասաց նրան. «Տերն այսօր Իսրայելի թագավորությունը պատռեց քո վրայից և այն տվեց քեզանից լավ ընկերոջդ։

29. Նաև Իսրայելի Ապավենը սուտ չի խոսելու և չի զղջալու, որովհետև նա մարդ չէ, որ զղջա»։

30. Եվ Սավուղն ասաց. «Մեղք գործեցի. աղաչում եմ, հիմա ժողովրդի ծերերի առաջ և Իսրայելի առաջ պատվի՛ր ինձ և ինձ հետ վերադարձի՛ր, որ երկրպագեմ քո Տեր Աստծուն»։

31. Եվ Սամուելը վերադարձավ Սավուղի հետ, և Սավուղը երկրպագություն արեց Տիրոջը։

32. Ապա Սամուելն ասաց. «Ինձ մո՛տ բերեք Ամաղեկի թագավոր Ագագին»։ Եվ Ագագը քնքշությամբ մոտեցավ նրան. և Ագագն ասաց. «Անպատճառ անցել է մահվան դառնությունը»։

33. Բայց Սամուելն ասաց. «Ինչպես քո սուրը անզավակ թողեց կանանց, այնպես էլ քո մայրը կանանց մեջ անզավակ մնա»։ Եվ Սամուելը Գաղգաղայում, Տիրոջ առաջ կտոր-կտոր արեց Ագագին։

34. Եվ Սամուելը գնաց Ռամա, իսկ Սավուղը վեր գնաց իր տուն՝ Սավուղի Գաբաա։

35. Սամուելը մինչև իր մահվան օրը այլևս չտեսավ Սավուղին, սակայն Սամուելը սուգ էր անում Սավուղի համար. և Տերը զղջաց, որ Սավուղին թագավոր էր դարձրել Իսրայելի վրա։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16

1. Եվ Տերը Սամուելին ասաց. «Մինչև ե՞րբ պիտի Սավուղի համար սուգ անես, որովհետև ես մերժեցի նրան, որ նա չթագավորի Իսրայելի վրա։ Եղջյուրդ լցրո՛ւ յուղով և ե՛կ քեզ ուղարկեմ բեթլեհեմացի Հեսսեի մոտ, որովհետև նրա որդիներից մեկին ինձ համար թագավոր տեսա»։*

2. Սամուելն ասաց. «Ինչպե՞ս գնամ. եթե Սավուղը լսի, ինձ կսպանի»։ Եվ Տերն ասաց. «Հետդ մի երի՛նջ վերցրու և ասա՛, թե՝ “Եկել եմ Տիրոջը զոհաբերություն անելու”։

3. Եվ Հեսսեին է՛լ հրավիրիր զոհաբերության, իսկ ես քեզ կհասկացնեմ, թե ի՛նչ ես անելու. ինձ համար թագավոր պիտի օծես նրան, որին քեզ կասեմ»։

4. Սամուելն արեց Տիրոջ ասածը և գնաց Բեթլեհեմ։ Քաղաքի ծերերը դողալով դիմավորեցին նրան և ասացին. «Խաղաղությա՞մբ է գալդ»։

5. Եվ նա ասաց. «Խաղաղությամբ է, եկել եմ Տիրոջը զոհաբերություն անելու։ Սրբվեցե՛ք և ինձ հետ եկե՛ք զոհաբերության». և Հեսսեին ու նրա որդիներին սրբվել տվեց և նրանց հրավիրեց զոհաբերության։

6. Եվ երբ նրանք եկան, Եղիաբին տեսնելուն պես ասաց. «Ահա Տիրոջ օծյալը իր առջև է»։

7. Բայց Տերը Սամուելին ասաց. «Մի՛ նայիր նրա տեսքին ու բարձր հասակին, քանզի ես մերժեցի նրան, որովհետև Տերը մարդու պես չի նայում. մարդը տեսնում է աչքին երևացողը, իսկ Տերը սրտին է նայում»։

8. Հետո Հեսսեն կանչեց Աբինադաբին և նրան անցկացրեց Սամուելի առջևով. և Սամուելն ասաց. «Տերը սրան էլ չի ընտրել»։

9. Եվ Հեսսեն անցկացրեց Սամաային, և Սամուելն ասաց. «Տերը սրան էլ չի ընտրել»։

10. Եվ Հեսսեն Սամուելի առջևով անցկացրեց իր յոթ որդիներին, և Սամուելը Հեսսեին ասաց. «Տերը սրանցից ոչ մեկին չընտրեց»։

11. Եվ Սամուելը Հեսսեին ասաց. «Սրա՞նք են քո բոլոր տղաները»։ Եվ Հեսսեն ասաց. «Տակավին մնացել է կրտսերը. նա հիմա ոչխարներն է արածեցնում»։ Եվ Սամուելը Հեսսեին ասաց. «Մա՛րդ ուղարկիր և բերե՛լ տուր նրան, որովհետև մենք սեղան չպիտի նստենք, մինչև նա այստեղ չգա»։

12. Եվ նա մարդ ուղարկեց ու բերել տվեց նրան. նա շիկահեր էր, գեղեցիկ աչքերով և դեմքով էլ գեղեցիկ։ Այն ժամանակ Տերն ասաց. «Վե՛ր կաց, օծի՛ր դրան, որովհետև սա է»։

13. Սամուելը վերցրեց յուղի եղջյուրը և օծեց նրան իր եղբայրների մեջ, և այդ օրից հետո Տիրոջ Հոգին զորավոր կերպով իջավ Դավթի վրա. և Սամուելը վեր կացավ ու գնաց Ռամա։

14. Եվ Տիրոջ Հոգին հեռացավ Սավուղից, և մի չար ոգի Տիրոջ կողմից նեղում էր* նրան։

15. Եվ Սավուղի ծառաները նրան ասացին. «Ահա Աստծու կողմից մի չար ոգի նեղում է քեզ.

16. թող մեր Տերը իր առջև եղած ծառաներին ասի, որ մի լավ քնարահար փնտրեն, և երբ չար ոգին Աստծու կողմից գա քեզ վրա, նա իր ձեռքով քնարը նվագի, և ավելի լավ կզգաս»։

17. Եվ Սավուղն իր ծառաներին ասաց. «Հիմա ինձ համար մի լավ քնարահա՛ր գտեք և նրան ինձ մո՛տ բերեք»։

18. Ծառաներից մեկը պատասխանեց և ասաց. «Ահա ես տեսել եմ բեթլեհեմացի Հեսսեի տղաներից մեկին, որ քնար նվագել գիտի և զորավոր, քաջ, պատերազմող, ճարտասան ու գեղեցիկ տեսքով մարդ է, և Տերը նրա հետ է»։

19. Եվ Սավուղը պատգամավորներ ուղարկեց Հեսսեի մոտ և ասաց. «Քո որդի Դավթին, որ ոչխարների մոտ է, ուղարկի՛ր ինձ մոտ»։

20. Եվ Հեսսեն մի էշի վրա բեռնեց հաց, մի տիկ գինի և այծերից մի ուլ և իր որդի Դավթի միջոցով ուղարկեց Սավուղին։

21. Եվ Դավիթը եկավ Սավուղի մոտ ու կանգնեց նրա առաջ. և Սավուղը շատ սիրեց նրան, և նա դարձավ նրա կապարճակիրը։

22. Եվ Սավուղը մարդ ուղարկեց Հեսսեի մոտ՝ ասելով. «Դավիթը թող ինձ մոտ մնա, որովհետև նա շնորհ գտավ իմ առաջ»։

23. Եվ երբ Աստծու կողմից այն չար ոգին գալիս էր Սավուղի վրա, Դավիթը վերցնում էր քնարն ու նվագում իր ձեռքով, և հանգստանում ու լավ էր զգում Սավուղը, և չար ոգին հեռանում էր նրանից։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17

1. Փղշտացիները հավաքեցին իրենց զորագնդերը պատերազմելու համար և հավաքվեցին Հուդայի Սոքովում ու բանակ դրեցին Սոքովի և Ազեկայի միջև՝ Ափեսդոմմիում։

2. Սավուղն ու Իսրայելի մարդիկ էլ հավաքվեցին ու բանակ դրեցին Էլայի հովտում և կարգով շարվեցին փղշտացիների դեմ պատերազմելու համար։

3. Փղշտացիները կանգնել էին սարի վրա մի կողմում, իսրայելացիներն էլ կանգնել էին սարի վրա մյուս կողմում, իսկ նրանց միջև հովիտն էր։

4. Փղշտացիների բանակից մի գեթացի մենամարտիկ էր դուրս եկել՝ անունը Գողիաթ. նրա հասակի բարձրությունը վեց կանգուն ու մեկ թիզ էր։

5. Նրա գլխին կար պղնձե մի սաղավարտ, և նա հյուսվածո զրահ էր հագել, ու նրա զրահի կշիռը հինգ հազար սիկղ պղինձ էր։

6. Նրա ոտքերին պղնձե սռնապաններ կային, ուսերի մեջտեղը՝ պղնձե նիզակ։

7. Նրա նիզակի բունը նման էր ոստայնանկների գլանի, նիզակի տեգը վեց հարյուր սիկղ երկաթ էր, և նրա վահանակիրը գնում էր նրա առջևից։

8. Նա կանգնեց և Իսրայելի զորագնդերին կանչելով՝ ասաց. «Ինչո՞ւ եք դուրս եկել և շարվել պատերազմի. մի՞թե ես փղշտացի չեմ, և դուք Սավուղի ծառաները չե՞ք. ձեր միջից մի մա՛րդ ընտրեք, թող իջնի իմ դեմ։

9. Եթե նա կարողանա մենամարտել ինձ հետ և ինձ սպանի, այն ժամանակ մենք լինենք ձեր ծառաները, իսկ եթե ես հաղթեմ և սպանեմ նրան, այն ժամանակ դուք լինեք մեր ծառաները և ծառայեք մեզ»։

10. Եվ այդ փղշտացին ասաց. «Ես այսօր նախատեցի Իսրայելի գնդերին. ինձ մի մա՛րդ տվեք, որ մենամարտենք իրար հետ»։

11. Եվ երբ Սավուղն ու ամբողջ Իսրայելը լսեցին փղշտացու այս խոսքերը, զարհուրեցին և շատ վախեցան։

12. Դավիթը մի եփրաթացու, այսինքն՝ Հուդայի բեթլեհեմացի Հեսսե անունով մարդու որդին էր. և Հեսսեն ութ որդի ուներ. նա Սավուղի ժամանակի մարդկանց մեջ ծեր մարդ էր համարվում։

13. Եվ Հեսսեի երեք մեծ որդիները Սավուղի հետ գնացել էին պատերազմի դաշտ. և պատերազմ գնացած երեք որդիների անուններն էին՝ անդրանիկինը՝ Եղիաբ, երկրորդինը՝ Աբինադաբ և երրորդինը՝ Սամաա։

14. Դավիթը կրտսերն էր, և երեք մեծերը գնացել էին Սավուղի հետ։

15. Դավիթը, սակայն, Սավուղի մոտից դուրս էր եկել և վերադարձել Բեթլեհեմ, որ արածեցներ իր հոր ոչխարները։

16. Եվ այն փղշտացին քառասուն օր առավոտ ու իրիկուն, դուրս էր գալիս, մոտենում ու կանգնում։

17. Հեսսեն իր որդի Դավթին ասաց. «Այս մեկ արդու խանձած ցորենը և այս տասը հացը վերցրո՛ւ եղբայրներիդ համար և վազի՛ր բանակ՝ եղբայրներիդ մոտ։

18. Այս տասը գլուխ պանիրն էլ տա՛ր հազարապետի համար և տե՛ս, թե եղբայրներդ ողջ-առո՞ղջ են, և նրանցից նշա՛ն բեր»։

19. Եվ Սավուղը, նրանք և Իսրայելի բոլոր մարդիկ Էլայի հովտում պատերազմում էին փղշտացիների դեմ։

20. Դավիթը վաղ առավոտյան վեր կացավ, ոչխարները հանձնեց պահապանին, վերցրեց այն ամենը, ինչ Հեսսեն հրամայել էր իրեն, գնաց։ Եվ երբ հասավ կառքերի տեղը, զորքերը կարգով շարվում էին ճակատամարտի համար և աղաղակում բարձր ձայնով։

21. Իսրայելն ու փղշտացիները շարվեցին ճակատ առ ճակատ։

22. Դավիթն իր ձեռքի ամանները հանձնեց ամանների պահապանին և վազեց դեպի զորագունդը, գնաց իր եղբայրներին հարցրեց, թե առո՞ղջ են արդյոք։

23. Երբ նա խոսում էր նրանց հետ, ահա այն փղշտացի մենամարտիկը՝ Գողիաթ անունով, որը Գեթից էր, դուրս եկավ փղշտացիների գնդերից և կրկնեց իր ասած խոսքերը, և Դավիթը լսեց դրանք։

24. Երբ Իսրայելի բոլոր մարդիկ տեսան այդ մարդուն, փախան նրա դեմից և շատ վախեցան։

25. Եվ Իսրայելի մարդիկ ասացին. «Տեսնո՞ւմ եք այդ դուրս եկած մարդուն. նա դուրս է եկել Իսրայելին նախատելու։ Ով որ սպանի նրան, թագավորը մեծ հարստությամբ հարստացնելու է նրան և իր աղջկան նրան է տալու և նրա հոր տունը ազատ է դարձնելու Իսրայելի մեջ»։

26. Եվ Դավիթը խոսեց իր մոտ եղած մարդկանց հետ և ասաց. «Ի՞նչ կանեն այն մարդուն, որ սպանի այս փղշտացուն և վերացնի Իսրայելի նախատինքը։ Ո՞վ է այդ անթլփատ փղշտացին, որ նախատում է կենդանի Աստծու զորքերին»։

27. Եվ ժողովուրդը նույն խոսքերն ասաց նրան, թե՝ այսպես ու այսպես պիտի լինի այն մարդը, որ սպանի նրան։

28. Եվ երբ նրա մեծ եղբայր Եղիաբը լսեց նրա խոսելն այդ մարդկանց հետ, Եղիաբի բարկությունը բորբոքվեց Դավթի վրա, և ասաց. «Դու ինչո՞ւ ես իջել այստեղ և անապատում ո՞ւմ ես հանձնել այն մի քանի ոչխարները։ Ես գիտեմ քո գոռոզությունը և քո սրտի չարությունը. դու, անտարակույս, իջել ես ճակատամարտը տեսնելու»։

29. Դավիթն ասաց. «Հիմա ես ի՞նչ եմ արել. ես միայն հարցնում էի»։

30. Եվ նրա մոտից դարձավ մի ուրիշ մարդու և նույն խոսքերն ասաց, և ժողովուրդը նախկին խոսքերով պատասխանեց նրան։

31. Եվ այն խոսքերը, որ Դավիթն ասել էր, լսեցին և երբ հայտնեցին Սավուղին, նրան բերել տվեց։

32. Դավիթը Սավուղին ասաց. «Թող ոչ մեկի սիրտը չնվաղի այդ մարդու պատճառով. քո ծառան կգնա և կմենամարտի այդ փղշտացու հետ»։

33. Սավուղը Դավթին ասաց. «Դու չես կարող այդ փղշտացու դեմ գնալ և մենամարտել նրա հետ, դու դեռ պատանի ես, իսկ նա պատերազմի մարդ է մանկությունից ի վեր»։

34. Եվ Դավիթն ասաց Սավուղին. «Քո ծառան իր հոր ոչխարներն էր արածեցնում, և երբ առյուծ կամ արջ էր գալիս և հոտից ոչխար տանում,

35. ես գնում էի նրա ետևից, զարկում էի նրան և նրա բերանից ազատում, և երբ նա հարձակվում էր ինձ վրա, բռնում էի նրա մորուքից, զարկում էի ու սպանում։

36. Ծառադ առյուծ էլ է սպանել, արջ էլ. թող այս անթլփատ փղշտացին էլ լինի նրանցից մեկի պես, քանզի նա կենդանի Աստծու զորքերին նախատեց»։

37. Եվ Դավիթն ասաց. «Տերը, որ ինձ ազատել է առյուծի և արջի ճանկերից, այս փղշտացու ձեռքից էլ կազատի»։ Եվ Սավուղը Դավթին ասաց. «Գնա՛, և Տերը քեզ հետ լինի»։

38. Եվ Սավուղն իր հանդերձները հագցրեց Դավթին ու նրա գլխին պղնձե սաղավարտ դրեց և զրահ էլ հագցրեց նրան։

39. Դավիթը հանդերձների վրայից կապեց Սավուղի սուրը և սկսեց ման գալ, որովհետև սովոր չէր. և Դավիթը Սավուղին ասաց. «Սրանցով չեմ կարող ման գալ, որովհետև սովոր չեմ». և Դավիթն իր վրայից հանեց դրանք։

40. Նա իր մահակը ձեռքն առավ, հեղեղատից հինգ գայլախազ քարեր ջոկեց իր համար և դրանք դրեց իր հովվական ամանի, այսինքն՝ մախաղի մեջ, և պարսատիկը ձեռքին՝ մոտեցավ փղշտացուն։

41. Փղշտացին էլ եկավ ու մոտեցավ Դավթին, և նրա վահանակիրն էր գնում նրա առջևից։

42. Եվ երբ փղշտացին նայեց ու տեսավ Դավթին, արհամարհեց նրան, որովհետև Դավիթը շիկահեր և գեղեցկադեմ պատանի էր։

43. Եվ փղշտացին ասաց Դավթին. «Մի՞թե ես շուն եմ, որ ինձ վրա մահակով ես գալիս». և փղշտացին իր աստվածներով նզովեց Դավթին։

44. Եվ փղշտացին ասաց Դավթին. «Ե՛կ ինձ մոտ, և ես քո մարմինը կտամ երկնքի թռչուններին ու դաշտի գազաններին»։

45. Եվ Դավիթն ասաց փղշտացուն. «Դու ինձ վրա սրով, նիզակով և տեգով ես գալիս, իսկ ես քեզ վրա գալիս եմ Իսրայելի զորքերի Զորությունների Տիրոջ՝ Աստծու անունով, որին դու նախատեցիր։

46. Այսօր Տերը քեզ իմ ձեռքը կմատնի, և ես կսպանեմ քեզ ու գլուխդ կկտրեմ քո վրայից և փղշտացիների բանակի դիակներն այսօր կտամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին, որպեսզի ամբողջ երկիրն իմանա, որ Իսրայելն Աստված ունի։

47. Եվ այս ամբողջ բազմությունն իմանա, որ Տերը սրով ու նիզակով չէ, որ ազատում է, որովհետև այս պատերազմը Տիրոջն է, և նա ձեզ պիտի մատնի մեր ձեռքը»։

48. Եվ երբ փղշտացին վեր կացավ ու գալիս էր Դավթի դեմ և մոտեցավ նրան, Դավիթն էլ արագ վազեց պատերազմի ասպարեզը՝ փղշտացուն դիմավորելու։

49. Եվ Դավիթը իր ձեռքը կոխեց մախաղի մեջ, այնտեղից մի քար առավ և պարսատիկով նետեց այն ու զարկեց փղշտացու ճակատին. քարը խրվեց նրա ճակատի մեջ, և նա երեսնիվայր ընկավ գետին։

50. Դավիթը քարով ու պարսատիկով այսպես հաղթեց փղշտացուն, զարկեց փղշտացուն և սպանեց նրան, բայց Դավթի ձեռքին սուր չկար։

51. Եվ Դավիթը վազեց, կանգնեց փղշտացու վրա, բռնեց նրա սուրը, հանեց պատյանից, սրով սպանեց նրան և ապա սրով կտրեց գլուխը։ Եվ երբ փղշտացիները տեսան, որ իրենց հզոր մարդը մեռավ, փախան։

52. Այդ ժամանակ Իսրայելի և Հուդայի մարդիկ վեր կացան, աղաղակելով հետապնդեցին և հալածեցին փղշտացիներին մինչև հովիտը և մինչև Ակկարոնի դարպասները. և փղշտացիների սպանվածներն ընկան Սագարիմի ճանապարհի վրա և մինչև Գեթ ու Ակկարոն։

53. Փղշտացիներին հալածելուց հետո Իսրայելի որդիները ետ դառան և կողոպտեցին նրանց բանակատեղին։

54. Եվ Դավիթը վերցրեց փղշտացու գլուխն ու այն տարավ Երուսաղեմ, իսկ նրա զենքերը դրեց իր վրանի մեջ։

55. Երբ Սավուղը տեսավ, որ Դավիթը դուրս է գալիս փղշտացու դեմ, իր զորավար Աբեններին ասաց. «Աբեննե՛ր, ո՞ւմ տղան է այս պատանին»։ Եվ Աբեններն ասաց. «Դու ողջ լինես, թագավո՛ր, չգիտեմ»։

56. Եվ թագավորն ասաց. «Հարցրո՛ւ, թե ում տղան է այս պատանին»։

57. Եվ երբ Դավիթը փղշտացուն սպանելուց հետո ետ դարձավ, Աբենները նրան վերցրեց և Սավուղի առաջ տարավ. փղշտացու գլուխը նրա ձեռքին էր։

58. Եվ Սավուղն ասաց նրան. «Ո՞ւմ տղան ես դու, պատանի՛»։ Եվ Դավիթն ասաց. «Քո ծառա բեթլեհեմացի Հեսսեի տղան եմ»։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18

1. Երբ Սավուղի հետ խոսելը վերջացրեց, Հովնաթանը սրտով կապվեց Դավթի սրտին. և Հովնաթանը իր անձի պես սիրեց նրան։

2. Եվ նույն օրը Սավուղը նրան պահեց իր մոտ և չթողեց, որ նա վերադառնար իր հոր տուն։

3. Եվ Հովնաթանն ու Դավիթը ուխտ արին, որովհետև նա իր անձի պես սիրում էր նրան։

4. Եվ Հովնաթանն իր վերարկուն հանեց և այն ու իր հանդերձները, մինչև անգամ իր սուրը, իր աղեղն ու գոտին տվեց Դավթին։

5. Եվ Դավիթը գնում էր ամեն տեղ, ուր Սավուղն ուղարկում էր նրան, և նա խելամտությամբ էր վարվում. Սավուղը նրան ռազմի մարդկանց վրա նշանակեց, և դա հաճելի եղավ ամբողջ ժողովրդի և Սավուղի ծառաների համար էլ։

6. Երբ զորքը վերադառնում էր, Դավիթն էլ վերադառնում էր փղշտացուն սպանելուց, Իսրայելի բոլոր քաղաքներից դուրս էին գալիս կանայք՝ երգելով ու պարելով Սավուղ թագավորին դիմավորելու թմբուկներով, ցնծությամբ ու ծնծղաներով։

7. Եվ պարող կանայք բացականչելով երգում էին և ասում.«Սավուղը զարկեց իր հազարավորներին,Դավիթը՝ իր բյուրավորներին»։

8. Սավուղը շատ բարկացավ և դժգոհեց այս խոսքի համար ու ասաց. «Բյուրավորները Դավթին տվին, իսկ ինձ տվին հազարավորները. և հիմա միայն թագավորությունն է մնում նրան տալու»։

9. Եվ այդ օրից ի վեր Սավուղը ծուռ աչքով էր նայում Դավթին։

10. Հետևյալ օրը Աստծուց չար ոգի իջավ Սավուղի վրա, և նա զառանցեց տան մեջ. իսկ Դավիթն ամեն օրվա պես իր ձեռքով քնար էր նվագում, Սավուղի ձեռքին էլ նիզակ կար։

11. Եվ Սավուղը նետեց նիզակը՝ մտքում ասելով. «Դավթին զարկեմ, մեխեմ պատին». բայց Դավիթը երկու անգամ խույս տվեց նրանից։

12. Եվ Սավուղը սկսեց վախենալ Դավթից, որովհետև Տերը նրա հետ էր, բայց Սավուղից հեռացել էր։

13. Եվ Սավուղը նրան հեռացրեց իր մոտից, նրան դարձրեց հազարապետ, և նա ելումուտ էր անում ժողովրդի առաջ։

14. Դավիթն իր բոլոր գործերում խելամտությամբ էր վարվում, և Տերը նրա հետ էր։

15. Եվ երբ Սավուղը տեսավ, որ նա խելամտությամբ է վարվում, վախենում էր նրանից։

16. Եվ ամբողջ Իսրայելն ու Հուդան սիրում էին Դավթին, որովհետև նա էր ելումուտ անում նրանց առաջ։

17. Եվ Սավուղը Դավթին ասաց. «Ահա իմ մեծ աղջիկ Մերոբին քեզ կնության կտամ, միայն թե դու ինձ համար քա՛ջ եղիր և վարի՛ր Տիրոջ պատերազմները»։ Քանզի Սավուղն ինքն իրեն ասաց. «Թող իմ ձեռքը չլինի նրա վրա, այլ փղշտացիների ձեռքը նրա վրա լինի»։

18. Եվ Դավիթը Սավուղին ասաց. «Ո՞վ եմ ես, և ի՞նչ է իմ կյանքը, և իմ հոր ազգատոհմը Իսրայելի մեջ, որ թագավորի փեսա դառնամ»։

19. Իսկ երբ Սավուղի աղջիկ Մերոբը պիտի կնության տրվեր Դավթին, նրան կնության տվին մաուլացի Եդրիելին։

20. Սավուղի Մեղքող աղջիկը սիրում էր Դավթին. և երբ հայտնեցին Սավուղին, դա հաճելի եղավ նրան։

21. Եվ Սավուղը մտածեց. «Ես աղջկաս նրան տամ, որ նրա համար որոգայթ դառնա, և փղշտացիների ձեռքը նրա վրա լինի»։ Եվ Սավուղը Դավթին ասաց. «Այսօր դու ինձ փեսա՛ եղիր իմ երկրորդ աղջկա համար»։

22. Եվ Սավուղն իր ծառաներին հրամայեց, որ Դավթի հետ ծածուկ խոսեն և ասեն. «Ահա թագավորը հավանել է քեզ, և նրա բոլոր ծառաները սիրում են քեզ. եկ հիմա թագավորին փեսա՛ դարձիր»։

23. Սավուղի ծառաներն այս խոսքերը Դավթի ականջին հասցրին, և Դավիթն ասաց. «Ի՞նչ է, ձեզ փո՞քր բան է թվում թագավորի փեսա դառնալը. չէ՞ որ ես մի աղքատ ու աննշան մարդ եմ»։

24. Սավուղի ծառաները նրան հաղորդեցին և ասացին, թե Դավիթն այսպես ասաց։

25. Եվ Սավուղն ասաց. «Այսպե՛ս ասացեք Դավթին. “Թագավորը քեզնից գլխագին չի ուզում, այլ միայն փղշտացիների հարյուր անթլփատություն, որպեսզի վրեժ առնվի թագավորի թշնամիներից”»։ (Սակայն Սավուղը խորհում էր, որ Դավթին սպանել տա փղշտացիների ձեռքով)։

26. Եվ երբ այս խոսքերը նրա ծառաները հայտնեցին Դավթին, Դավթին էլ հաճելի թվաց, որ թագավորին փեսա դառնար։

27. Նշանակված օրերը դեռ չէին լրացել, երբ Դավիթը վեր կացավ և իր մարդկանց հետ գնաց և փղշտացիներից երկու հարյուր մարդ սպանեց. և Դավիթը նրանց անթլփատությունները բերեց ու լրիվ տվեց թագավորին, որ թագավորին փեսա դառնար։ Եվ Սավուղն իր Մեղքող աղջկան կնության տվեց նրան։

28. Եվ երբ Սավուղը տեսավ ու հասկացավ, որ Տերը Դավթի հետ է, և իր Մեղքող աղջիկն էլ սիրում է նրան,

29. Սավուղն առավել ևս վախեցավ Դավթից. և Սավուղը միշտ թշնամություն էր անում Դավթին։

30. Փղշտացիների իշխանները դուրս էին գալիս պատերազմելու. երբ նրանք դուրս էին գալիս, Դավիթը Սավուղի բոլոր ծառաներից ավելի խելամիտ էր գործում, և նրա անունը շատ հռչակվեց։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19

1. Սավուղն իր որդի Հովնաթանին և իր բոլոր ծառաներին ասաց, որ Դավթին սպանեն։ Բայց Սավուղի Հովնաթան որդին շատ էր սիրում Դավթին։

2. Եվ Հովնաթանը հաղորդեց Դավթին՝ ասելով. «Իմ հայր Սավուղը ուզում է քեզ սպանել. հիմա զգո՛ւյշ եղիր մինչև առավոտ, թաքնվի՛ր ու նստի՛ր մի ծածուկ տեղ։

3. Ես դուրս կգամ ու կկանգնեմ իմ հոր մոտ այն դաշտում, որտեղ դու կլինես. և քո մասին կխոսեմ իմ հոր հետ և ինչ որ իմանամ, կհաղորդեմ քեզ»։

4. Եվ Հովնաթանը Դավթի մասին լավ խոսեց իր հայր Սավուղի հետ և նրան ասաց. «Թող թագավորը մեղք չգործի իր ծառա Դավթի դեմ, որովհետև նա մեղք չի գործել քո դեմ, և նրա գործերը շատ լավ են քեզ համար։

5. Նա, իր անձը վտանգի ենթարկելով, սպանեց փղշտացուն, և Տերը մեծ փրկություն շնորհեց ամբողջ Իսրայելին. դու էլ տեսար և ուրախացար. ինչո՞ւ ես մեղանչում անմեղ արյան դեմ՝ առանց պատճառի Դավթին սպանելով»։

6. Եվ Սավուղը լսեց Հովնաթանի խոսքին և Սավուղը երդվեց, թե՝ «Կենդանի է Տերը, նա չպիտի մեռնի»։

7. Եվ Հովնաթանը կանչեց Դավթին. և Հովնաթանը այս բոլոր խոսքերը հաղորդեց նրան. և Հովնաթանը Դավթին տարավ Սավուղի մոտ, և Դավիթն առաջվա պես ծառայում էր նրան։

8. Եվ դարձյալ պատերազմ եղավ, և Դավիթը դուրս եկավ փղշտացիների դեմ պատերազմի ու մեծ կոտորած արեց նրանց մեջ, և նրանք փախան նրա առաջից։

9. Եվ Տիրոջ կողմից չար ոգի իջավ Սավուղի վրա, երբ նա, նիզակը ձեռքին, նստած էր իր տանը, Դավիթն էլ իր ձեռքով քնար էր նվագում։

10. Եվ Սավուղն ուզեց, որ նիզակով զարկի Դավթին, մեխի պատին, բայց նա Սավուղի դեմից շրջվեց մի կողմ, և նիզակը դիպավ պատին։ Եվ Դավիթը փախավ այդ գիշեր ու ազատվեց։

11. Բայց Սավուղը Դավթի տուն մարդիկ ուղարկեց, որ շրջապատեն նրան և առավոտյան սպանեն։ Սակայն Դավթի կին Մեղքողը նրան հաղորդեց այդ մասին և ասաց. «Եթե այս գիշեր դու քեզ չփրկես, վաղը քեզ պիտի սպանեն»։

12. Եվ Մեղքողը Դավթին ցած իջեցրեց պատուհանից, և նա գնաց, փախավ ու ազատվեց։

13. Եվ Մեղքողը մի արձան վերցրեց, դրեց նրա անկողնու մեջ ու նրա գլխի տակ այծի մազի բարձ դրեց և ծածկոցով ծածկեց այն։

14. Եվ երբ Սավուղը մարդիկ ուղարկեց Դավթին բռնելու համար, նա ասաց. «Հիվանդ է»։

15. Եվ Սավուղը մարդիկ ուղարկեց Դավթին տեսնելու համար և ասաց. «Նրան անկողնով բերե՛ք ինձ մոտ, որ սպանեմ»։

16. Այդ մարդիկ եկան. ահա անկողնու մեջ մի արձան էր դրված, իսկ գլխի տակ՝ այծի մազի բարձ։

17. Եվ Սավուղը Մեղքողին ասաց. «Ինչո՞ւ ինձ այսպես խաբեցիր և իմ թշնամուն բաց թողեցիր, և նա էլ ազատվեց»։ Եվ Մեղքողը Սավուղին ասաց. «Նա ինձ ասաց. “Բա՛ց թող ինձ, ինչո՞ւ քեզ սպանեմ”»։

18. Այսպես փախավ Դավիթը և ազատվեց. գնաց Ռամա՝ Սամուելի մոտ, և նրան պատմեց այն ամենը, ինչ Սավուղն արել էր իրեն։ Հետո նա գնաց Սամուելի հետ, և բնակվեցին Նավաթում։

19. Եվ Սավուղին հաղորդեցին ու ասացին. «Ահա Դավիթը Նավաթում է՝ Ռամայում»։

20. Սավուղն այդ ժամանակ մարդիկ ուղարկեց, որ բռնեն Դավթին, բայց երբ նրանք տեսան մարգարեություն անող մարգարեների ժողովը և Սամուելին, որ վերակացու էր կանգնած նրանց վրա, Աստծու Հոգին իջավ Սավուղի ուղարկած մարդկանց վրա, և նրանք էլ մարգարեություն արեցին։

21. Եվ երբ հաղորդեցին Սավուղին, նա ուրիշ մարդիկ ուղարկեց, և նրանք էլ մարգարեություն արեցին։ Եվ Սավուղը երրորդ անգամ մարդիկ ուղարկեց, և նրանք էլ մարգարեություն արեցին։

22. Այդ ժամանակ ինքն էլ գնաց Ռամա և հասնելով մինչև Սոկքովի մեծ ջրհորը՝ հարցրեց ու ասաց. «Որտե՞ղ են Սամուելն ու Դավիթը»։ Եվ մեկն ասաց. «Ահա նրանք Ռամայում՝ Նավաթում են»։

23. Նա գնաց Ռամայի Նավաթ, և Աստծու Հոգին իջավ նրա վրա էլ. գնում էր ու մինչև Ռամայի Նավաթ հասնելը մարգարեություն էր անում։

24. Եվ նա էլ հանեց իր հանդերձները, և ինքն էլ էր մարգարեություն անում Սամուելի առջև. և այդ ամբողջ օրն ու ամբողջ գիշերը նա մերկ ընկած էր գետնին, դրա համար էլ ասում են, թե՝ «Սավո՞ւղն էլ է մարգարեների մեջ»։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20

1. Դավիթը փախավ Ռամայի Նավաթից, գնաց Հովնաթանի մոտ և ասաց. «Ես ի՞նչ եմ արել, ի՞նչ է իմ հանցանքը, և ի՞նչ մեղք եմ գործել քո հոր դեմ, որ նա ուզում է սպանել ինձ»։

2. Եվ Հովնաթանն ասաց նրան. «Քա՛վ լիցի, դու չպիտի մեռնես. ահա իմ հայրն առանց ինձ հայտնելու ոչ մի մեծ կամ փոքր գործ չի անում. և իմ հայրն ինչո՞ւ պիտի այդ բանը ծածկի ինձանից. այդպիսի բան չկա»։

3. Իսկ Դավիթը երդվեց ու ասաց. «Քո հայրը լավ գիտի, որ ես շնորհ եմ գտել քո առաջ, դրա համար էլ ասում է, թե Հովնաթանը այս բանը չիմանա, միգուցե վշտանա։ Բայց կենդանի է Տերը, և կենդանի է քո անձը, որ իմ և մահվան միջև մի քայլ կա միայն»։

4. Եվ Հովնաթանն ասաց Դավթին. «Ինչ որ քո սիրտը կամենա, ես կանեմ քեզ համար»։

5. Եվ Դավիթն ասաց Հովնաթանին. «Ահա վաղն ամսագլուխ է, և պետք է, որ ես թագավորի հետ նստեմ կերակուր ուտելու, սակայն ինձ թող, որ մինչև երրորդ օրվա իրիկունը թաքնվեմ դաշտում։

6. Եթե հայրդ ինձ փնտրելու լինի, ասա՛, որ Դավիթն ինձ շատ աղաչեց, որ շտապ գնա իր քաղաքը՝ Բեթլեհեմ, որովհետև այնտեղ իր ամբողջ ազգատոհմի տարեկան զոհաբերության օրն է։

7. Եթե այսպես ասի. “Լավ”, այն ժամանակ խաղաղություն է քո ծառայի համար, իսկ եթե բարկանա, իմացի՛ր, որ նա որոշել է այդ չարությունը։

8. Եվ քո ծառային ողորմությո՛ւն արա, որովհետև դու քո ծառային քեզ հետ Տիրոջ ուխտը մտցրիր, և եթե մի հանցանք եմ գործել, դու սպանի՛ր ինձ, էլ ինչո՞ւ ինձ քո հոր մոտ տանես»։

9. Եվ Հովնաթանն ասաց. «Քա՛վ լիցի. որ եթե ես իմանամ, թե իմ հայրը որոշել է չարիք գործել քո դեմ, այդ չհաղորդեմ քեզ»։

10. Եվ Դավիթն ասաց Հովնաթանին. «Ո՞վ կհաղորդի ինձ, եթե քո հայրը խստությամբ պատասխանի քեզ»։

11. Եվ Հովնաթանն ասաց Դավթին. «Արի դաշտ գնանք»։ Եվ երկուսն էլ գնացին դաշտ։

12. Եվ Հովնաթանն ասաց Դավթին. «Վկա է Իսրայելի Տեր Աստվածը, որ վաղը կամ մյուս օրը այս ժամանակ, եթե իմ հորը քննելով տեսնեմ, որ լավ է Դավթի համար, և նույն ժամանակ մարդ չուղարկեմ և քեզ չհայտնեմ.

13. Տերը Հովնաթանին այսպես ու սրանից ավելին թող անի. բայց եթե իմ հայրը ուզենա չարիք գործել քո դեմ, քեզ կհայտնեմ և կարձակեմ քեզ, որ գնաս խաղաղությամբ, և Տերը քեզ հետ լինի, ինչպես որ իմ հոր հետ էր։

14. Եվ դու էլ ոչ միայն իմ կենդանության ժամանակ Տիրոջ ողորմածությունն ինձ անես, որ ես չմեռնեմ.

15. այլև քո ողորմածությունը իմ տանից չկտրես հավիտյան, մինչև իսկ այն ժամանակ, երբ Տերը Դավթի բոլոր թշնամիներին ջնջի երկրիս երեսից»։

16. Եվ Հովնաթանը Դավթի տան հետ դաշինք կնքեց և ասաց. «Թող Տերը վրեժ առնի Դավթի թշնամիներից»։

17. Եվ Հովնաթանը Դավթին կրկին երդվել տվեց իրեն սիրելու համար, որովհետև նրան սիրում էր իր անձի պես։

18. Եվ Հովնաթանը նրան ասաց. «Վաղը ամսագլուխ է, և քեզ պիտի փնտրեն, որովհետև քո տեղը պիտի դատարկ մնա։

19. Եվ երրորդ օրը շուտ կիջնես այն տեղը, ուր թաքնվել էիր, երբ այս դեպքերն սկսվեցին, և կնստես Եզելի քարի մոտ։

20. Եվ ես երեք նետ կարձակեմ քարի մոտ՝ նշան բռնելու նման։

21. Ահա մի տղայի կուղարկեմ, կասեմ. “Գնա նետերը գտի՛ր”. և եթե տղային ասեմ. “Ահա նետերը քեզանից այս կողմն են, վերցրո՛ւ դրանք”, այդ ժամանակ կգաս, որովհետև քեզ համար խաղաղություն է, և ոչ մի բան չկա, կենդանի է Աստված։

22. Բայց եթե տղային այսպես ասեմ. “Ահա նետերը քեզանից այն կողմն են”, այն ժամանակ կգնաս, որովհետև Տերն է քեզ ուղարկում։

23. Եվ այս խոսքի համար, որ ես ու դու խոսեցինք, ահա Տերն է հավիտյան վկա իմ և քո միջև»։

24. Եվ Դավիթը թաքնվեց դաշտում. երբ հասավ ամսագլխի օրը, թագավորը հացի նստեց՝ կերակուր ուտելու։

25. Եվ թագավորը, ըստ իր սովորույթի, նստեց պատի մոտ դրված իր աթոռին, և Հովնաթանը կանգնեց, և Աբենները նստել էր Սավուղի մոտ, իսկ Դավթի տեղը դատարկ էր։

26. Այդ օրը Սավուղը ոչ մի բան չասաց, որովհետև մտածեց, թե նրան մի բան է պատահել, թե նա չի մաքրվել, անկասկած մաքուր չէ։

27. Հետևյալ օրը՝ ամսի երկուսին էլ, Դավթի տեղը դատարկ էր, և Սավուղն իր որդի Հովնաթանին ասաց. «Ինչո՞ւ Հեսսեի որդին երեկ և այսօր հացի նստելու չի եկել»։

28. Եվ Հովնաթանը Սավուղին պատասխանեց. «Դավիթն ինձ խնդրեց, որ Բեթլեհեմ գնա։

29. Եվ ասաց. “Աղաչում եմ, ինձ արձակի՛ր, որովհետև այդ քաղաքում մեր ազգատոհմը զոհ է մատուցելու, և իմ եղբայրը հրավիրել է ինձ, ու հիմա, եթե ես շնորհ եմ գտել քո առաջ, աղաչում եմ, թո՛ւյլ տուր ինձ գնամ, եղբայրներիս տեսնեմ”. այս պատճառով էլ չի եկել թագավորի սեղանին»։

30. Եվ Սավուղի բարկությունը բորբոքվեց Հովնաթանի դեմ, և նրան ասաց. «Ո՛վ ապստամբ և չար կնոջ զավակ. մի՞թե ես չգիտեմ, որ դու Հեսսեի որդուն ընտրել ես քո ամոթի և քո մոր ամոթի ու խայտառակության համար։

31. Եվ քանի դեռ Հեսսեի որդին ողջ կլինի երկրի վրա, հաստատուն չես լինի ո՛չ դու և ո՛չ էլ քո թագավորությունը. հիմա մա՛րդ ուղարկիր և նրան բե՛ր ինձ մոտ, որովհետև նա մահապարտ է»։

32. Հովնաթանը պատասխանեց իր հորը՝ Սավուղին, և ասաց. «Ինչո՞ւ պիտի մեռցնել, ի՞նչ է արել»։

33. Եվ Սավուղը նիզակը նետեց դեպի նա, որ սպանի նրան. և Հովնաթանն այդ ժամանակ հասկացավ, որ իր հայրը որոշել էր, որ սպանի Դավթին։

34. Եվ Հովնաթանը բորբոքված բարկությամբ վեր կացավ սեղանից և ամսի երկրորդ օրը կերակուր չկերավ. նա վշտացավ Դավթի համար, որովհետև իր հայրը անարգեց նրան։

35. Առավոտյան Հովնաթանը Դավթի հետ պայմանավորված ժամանակին դաշտ դուրս եկավ, և իր հետ մի փոքրիկ տղա կար։

36. Նա տղային ասաց. «Վազի՛ր, գտի՛ր այն նետերը, որ ես պիտի արձակեմ». և երբ տղան վազում էր, նա նետը նրանից այն կողմ արձակեց։

37. Երբ տղան գնաց այն տեղը, ուր ընկել էր Հովնաթանի արձակած նետը, Հովնաթանը տղայի ետևից կանչեց և ասաց. «Նետը քեզանից այն կողմ է»։

38. Եվ Հովնաթանը տղայի ետևից կանչեց. «Շո՛ւտ արա, շտապի՛ր, մի՛ կանգնիր»։ Եվ Հովնաթանի տղան հավաքեց նետերն ու եկավ իր տիրոջ մոտ։

39. Բայց տղան ոչինչ չգիտեր, միայն Հովնաթանն ու Դավիթը գիտեին այդ բանը։

40. Եվ Հովնաթանը իր զենքերը տվեց տղային ու նրան ասաց. «Գնա՛, քաղա՛ք տար»։

41. Երբ տղան գնաց, իսկ Դավիթը դուրս եկավ հարավային կողմից, երեսի վրա ընկավ գետին, երեք անգամ երկրպագություն արեց. նրանք համբուրեցին իրար ու լաց եղան իրար համար, բայց Դավիթն ավելի շատ լացեց։

42. Եվ Հովնաթանը Դավթին ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, ինչպես որ մենք երկուսս էլ Տիրոջ անունով երդվեցինք և ասացինք. “Տերը վկա լինի իմ ու քո միջև՝ և իմ սերնդի ու քո սերնդի միջև՝ մինչև հավիտյան”»։

43. Եվ Դավիթը վեր կացավ գնաց, Հովնաթանն էլ գնաց քաղաք։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21

1. Դավիթը գնաց Նոբ՝ Աքիմելեք քահանայի մոտ. Աքիմելեքը զարհուրելով դիմավորեց Դավթին և նրան ասաց. «Ինչո՞ւ ես մենակ, և հետդ մարդ չկա»։

2. Եվ Դավիթն Աքիմելեք քահանային ասաց. «Թագավորն ինձ մի բան է հրամայել և ասել ինձ. “Ոչ մեկը չիմանա այն գործը, որի համար քեզ ուղարկում եմ և ինչ որ հրամայեցի քեզ”։ Ես էլ երիտասարդների հետ ժամադրվեցի, որ հանդիպենք որոշակի տեղում։

3. Հիմա ի՞նչ կա ձեռքիդ տակ. ինձ մի հինգ հա՛ց տուր կամ ինչ որ ունես»։

4. Եվ քահանան Դավթին պատասխանեց ու ասաց. «Ձեռքիս տակ հասարակ հաց չկա, միայն սուրբ հաց կա. եթե երիտասարդները կանանց չեն մերձեցել, թող ուտեն»։

5. Դավիթը քահանային պատասխանեց ու նրան ասաց. «Իսկապես անցած երեք օրերի ընթացքում կանայք մեզանից հեռու են եղել. երիտասարդների մարմինները* մաքուր են լինում հասարակ առաքելության գնալիս, սակայն այսօր որչափ ավելի մաքուր պիտի լինեն նրանց մարմինները*, որ ուտեն սրբագործված հացը»։

6. Եվ քահանան սուրբ հացը տվեց նրան, քանի որ այնտեղ ուրիշ հաց չկար, բացի առաջավորության հացից, որը վերցվում էր Տիրոջ առաջից և վերցված օրը տաք հաց դրվում։

7. Այդ օրը Սավուղի ծառաներից մեկն այնտեղ՝ Տիրոջ առաջ արգելափակված էր. նրա անունը եդովմայեցի Դովեկ էր. նա Սավուղի հովիվների գլխավորն էր։

8. Եվ Դավիթն Աքիմելեքին ասաց. «Այստեղ ձեռքիդ տակ նիզակ կամ սուր չկա՞, որովհետև սուրս ու զենքերս հետս չվերցրի, քանի որ թագավորի գործը շտապ էր»։

9. Եվ քահանան ասաց. «Ահա փղշտացի Գողիաթի սուրը, որին սպանեցիր Էլայի հովտում։ Ահա այն եփուդի ետևում՝ մի հագուստի մեջ փաթաթված է. եթե այն կվերցնես, վերցրո՛ւ, որովհետև դրանից բացի այստեղ ուրիշը չկա»։ Եվ Դավիթն ասաց. «Դրա նմանը չկա, տո՛ւր ինձ այն»։

10. Եվ այդ օրը Դավիթը վեր կացավ ու Սավուղի երեսից փախավ, գնաց Գեթի Անքուս թագավորի մոտ։

11. Եվ Անքուսի ծառաները նրան ասացին. «Չէ՞ որ սա է երկրի թագավորը՝ Դավիթը. սրա մասին չէ՞ր, որ պարողները բացականչելով երգում էին և ասում.

12. Եվ Դավիթն այս խոսքերը դրեց իր սրտում և շատ վախեցավ Գեթի թագավոր Անքուսից։

13. Եվ նրանց առաջ փոխեց իր կերպարանքը, իրեն խելագար ձևացրեց նրանց աչքին. նշաններ էր գծում դռների փեղկերին և լորձունքը ծորեցնում էր իր մորուքի վրա։

14. Եվ Անքուսն իր ծառաներին ասաց. «Ահա տեսնում եք, որ այս մարդը խելագար է, ինչո՞ւ եք նրան ինձ մոտ բերել։

15. Մի՞թե ես խելագարների կարոտ եմ, որ դրան բերել եք ինձ մոտ՝ գժություններ անելու։ Դա իմ տո՞ւն պիտի մտնի»։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22

1. Դավիթն այնտեղից փախավ, գնաց և հասավ Ոդողոմի քարայրը. երբ իր եղբայրները և իր հոր ամբողջ տունը լսեցին, եկան այնտեղ՝ նրա մոտ։

2. Եվ նրա մոտ հավաքվեցին բոլոր հարստահարված մարդիկ, պարտք ունեցողներ և բոլոր դժգոհ մարդիկ, և նա դարձավ նրանց զորագլուխը, և նրա հետ մոտ չորս հարյուր մարդ կար։

3. Եվ Դավիթն այդտեղից գնաց Մովաբի Մասփա և Մովաբի թագավորին ասաց. «Աղաչում եմ, թող իմ հայրն ու մայրը գան ձեզ մոտ, մինչև որ տեսնեմ, թե Աստված ինձ ինչ պիտի անի»։

4. Եվ նրանց բերել տվեց Մովաբի թագավորի առաջ, և նրանք բնակվեցին նրա մոտ, որքան որ Դավիթը բերդում էր։

5. Եվ Գադ մարգարեն Դավթին ասաց. «Մի՛ նստիր բերդում, դո՛ւրս եկ, գնա՛ Հուդայի երկիրը»։ Եվ Դավիթը գնաց ու մտավ Հարեթի անտառը։

6. Եվ Սավուղը լսեց, որ հայտնվել են Դավիթն ու նրա հետ եղած մարդիկ. և Սավուղը Ռամայի Գաբաայում նստել էր մոշենու տակ, նիզակը ձեռքին, և իր բոլոր ծառաներն էլ կանգնել էին իր մոտ։

7. Եվ Սավուղն ասաց իր մոտ կանգնած ծառաներին. «Լսե՛ք, Բենիամինի՛ որդիներ, Հեսսեի որդին ձեզ բոլորիդ արտեր ու այգինե՞ր պիտի տա, պիտի բոլորիդ էլ հազարապետներ և հարյուրապետնե՞ր դարձնի,

8. որ բոլորդ էլ միաբանվել եք իմ դեմ, և Հեսսեի որդու հետ իմ որդու կնքած դաշինքի մասին ոչ ոք իմ ականջին չասաց։ Եվ ձեր մեջ մարդ չկա, որ ինձ համար ցավի և ինձ հայտնի, թե իմ որդին իմ ծառային ոտքի է հանել իմ դեմ, որ դարանամուտ լինի, ինչպես այսօր է»։

9. Եվ Սավուղի ծառաների վերակացու եդովմայեցի Դովեկը պատասխանեց ու ասաց. «Ես տեսա Հեսսեի որդուն, որ եկավ Նոբ՝ Աքիտովբի որդի Աքիմելեքի մոտ։

10. Եվ նրա համար նա հարցրեց Տիրոջը և նրան պաշար տվեց ու փղշտացի Գողիաթի սուրն էլ տվեց նրան»։

11. Այդ ժամանակ թագավորը մարդ ուղարկեց, կանչեց Աքիտովբի որդի Աքիմելեք քահանային ու նրա հոր ամբողջ տունը և Նոբում եղած քահանաներին, և բոլորն էլ եկան թագավորի մոտ։

12. Եվ Սավուղն ասաց. «Լսի՛ր, Աքիտովբի՛ որդի»։ Եվ նա ասաց. «Ահա ես, տե՛ր իմ»։

13. Եվ Սավուղը նրան ասաց. «Ինչո՞ւ դու և Հեսսեի որդին միաբանվեցիք իմ դեմ, և դու նրան հաց ու սուր տվիր ու նրա համար հարցրիր Աստծուն, որ նա վեր կենա իմ դեմ, դարանամուտ լինի, ինչպես այսօր է»։

14. Եվ Աքիմելեքը պատասխանեց թագավորին և ասաց. «Քո բոլոր ծառաների մեջ ո՞վ կա Դավթի պես հավատարիմ, որ թագավորի փեսա է, հրամաններդ կատարող և պատվավոր քո տան մեջ։

15. Մի՞թե ես այսօր եմ սկսել Աստծուն հարցնել նրա համար. թագավորն իր ծառայի վրա կամ իր հոր տան վրա այդպիսի բան թող չդնի, որովհետև քո ծառան այս բոլոր բաներից ոչինչ չի իմացել»։

16. Եվ թագավորն ասաց. «Դու, Աքիմելե՛ք, անպատճառ պիտի մեռնես, և քո հոր ամբողջ տունը»։

17. Եվ թագավորն իր մոտ կանգնած սուրհանդակներին ասաց. «Ե՛տ դարձեք և սպանե՛ք Տիրոջ քահանաներին, որովհետև նրանց ձեռքն էլ է Դավթի հետ, քանի որ գիտեին նրա փախչելու մասին, բայց ինձ չհայտնեցին»։ Սակայն թագավորի ծառաները չուզեցին իրենց ձեռքը բարձրացնել Տիրոջ քահանաներին սպանելու համար։

18. Եվ թագավորը Դովեկին ասաց. «Դու ե՛տ դարձիր և սպանի՛ր քահանաներին»։ Եվ եդովմայեցի Դովեկը ետ դարձավ ու սպանեց քահանաներին. և այդ օրը նա ութսունհինգ մարդ սպանեց, որոնք քաթանե եփուդ էին հագնում։

19. Եվ քահանաների Նոբ քաղաքը սրի քաշեց՝ տղամարդ ու կին, մանուկ ու կաթնակեր, մինչև իսկ սրի քաշեց արջառ, էշ ու ոչխար։

20. Փրկվեց միայն Աքիտովբի որդի Աքիմելեքի մեկ որդին, որի անունը Աբիաթար էր, ազատվեց և փախավ գնաց Դավթի հետևից։

21. Եվ Աբիաթարը Դավթին պատմեց, որ Սավուղը սպանեց Տիրոջ քահանաներին։

22. Եվ Դավիթն Աբիաթարին ասաց. «Ես այն օրը գիտեի, երբ եդովմայեցի Դովեկն այնտեղ էր, որ անպայման հայտնելու է Սավուղին։ Քո հոր տան բոլոր հոգիների համար ես եմ պատասխանատու։

23. Նստի՛ր ինձ մոտ, մի՛ վախեցիր, որովհետև իմ հոգին որոնողը քո հոգին էլ է որոնում, բայց դու ապահով ես ինձ մոտ»։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23

1. Դավթին հաղորդեցին՝ ասելով. «Ահա փղշտացիները պատերազմում են Կեիլայի դեմ և կողոպտում են կալերը»։

2. Եվ Դավիթը Տիրոջը հարցրեց. «Գնա՞մ այդ փղշտացիներին հարվածեմ»։ Եվ Տերը Դավթին ասաց. «Գնա՛, ջարդի՛ր փղշտացիներին և ազատի՛ր Կեիլան»։

3. Եվ Դավթի մարդիկ նրան ասացին. «Ահա մենք այստեղ՝ Հուդայի մեջ, վախենում ենք, էլ որչա՜փ ավելի, եթե գնանք Կեիլա՝ փղշտացիների գնդերի դեմ»։

4. Եվ Դավիթը դարձյալ հարցրեց Տիրոջը, և Տերը նրան պատասխանեց ու ասաց. «Վե՛ր կաց, իջի՛ր Կեիլա, որովհետև ես փղշտացիներին քո ձեռքը կտամ»։

5. Եվ Դավիթն իր մարդկանցով գնաց Կեիլա և պատերազմեց փղշտացիների դեմ, նրանց անասունները վերցրեց և նրանց հարվածեց ու մեծ ջարդ տվեց, և Դավիթն ազատեց Կեիլայի բնակիչներին։

6. Երբ Աքիմելեքի որդի Աբիաթարը փախչում էր Կեիլա՝ Դավթի մոտ, իջնելիս եփուդը ձեռքին էր։

7. Երբ Սավուղին հաղորդեցին, թե Դավիթը եկել է Կեիլա, Սավուղն ասաց. «Աստված նրան իմ ձեռքն է մատնել, որովհետև նա մտել ու թաքնվել է դռներ ու նիգեր ունեցող մի քաղաքում»։

8. Եվ Սավուղն ամբողջ ժողովրդին կոչեց պատերազմի, որպեսզի իջնի Կեիլա և Դավթին ու նրա մարդկանց պաշարի։

9. Իսկ Դավիթն իմացավ, որ Սավուղն իր դեմ չարություն է մտածել, և Աբիաթար քահանային ասաց. «Եփուդը մոտեցրո՛ւ»։

10. Եվ Դավիթն ասաց. «Ո՛վ Տեր, Իսրայելի՛ Աստված, քո ծառան վստահաբար լսեց, որ Սավուղն ուզում է գալ Կեիլայի վրա, որպեսզի իմ պատճառով ոչնչացնի քաղաքը։

11. Արդյոք Կեիլայի բնակիչներն ինձ կմատնե՞ն նրա ձեռքը ծառայիդ լսածի պես, և Սավուղը կիջնի՞, ո՛վ Տեր, Իսրայելի՛ Աստված, աղաչում եմ, ծառայիդ հայտնի՛ր»։ Եվ Տերն ասաց. «Կիջնի»։

12. Եվ Դավիթն ասաց. «Կեիլայի բնակիչներն ինձ և իմ մարդկանց կմատնե՞ն Սավուղի ձեռքը»։ Եվ Տերն ասաց. «Կմատնեն»։

13. Եվ Դավիթն ու նրա մարդիկ՝ մոտ վեց հարյուր հոգի, վեր կացան ու դուրս եկան Կեիլայից և գնացին, ուր կարող էին գնալ. և երբ Սավուղին հայտնեցին, թե Դավիթը փախել է Կեիլայից, գնալուց հրաժարվեց։

14. Եվ Դավիթը բնակվում էր անապատում, ամուր տեղերում. մնում էր Զիփի անապատում՝ սարի վրա։ Սավուղը նրան որոնում էր ամեն օր, բայց Աստված Դավթին չմատնեց նրա ձեռքը։

15. Դավիթը տեսավ, որ Սավուղը դուրս է եկել իրեն որոնելու, իսկ Դավիթը Զիփի անապատում՝ մի անտառի մեջ էր։

16. Սավուղի որդի Հովնաթանը վեր կացավ գնաց անտառ՝ Դավթի մոտ, և Աստծով զորացրեց նրա ձեռքը։

17. Եվ նրան ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև իմ հայր Սավուղի ձեռքը չպիտի գտնի քեզ, և դու թագավոր պիտի լինես Իսրայելի վրա, իսկ ես կլինեմ քո երկրորդը, և իմ հայր Սավուղն էլ գիտի այս բանը»։

18. Եվ նրանք երկուսն էլ ուխտ արեցին Տիրոջ առաջ, և Դավիթը մնաց անտառում, իսկ Հովնաթանը գնաց իր տուն։

19. Եվ զիփացիները գնացին վեր՝ Գաբաա, Սավուղի մոտ, և ասացին. «Ահա Դավիթը թաքնվել է մեզ մոտ՝ անտառում, ամուր տեղերում, Եքեղա բլուրի վրա՝ Եսեմոնի հարավային կողմում։

20. Հիմա, ո՛վ թագավոր, իջի՛ր, ինչպես որ քո անձը շատ է փափագում իջնել, և նրան թագավորի ձեռքը մատնելը մեր գործն է»։

21. Եվ Սավուղն ասաց. «Օրհնյա՛լ լինեք դուք Տիրոջից, որ ցավակից եղաք ինձ։

22. Ուրեմն գնացե՛ք, ավելի լա՛վ ստուգեք, իմացե՛ք ու տեսե՛ք այն տեղը, ուր որ դրել է իր ոտքը, և թե ո՛վ է նրան այնտեղ տեսել, որովհետև ինձ ասել են, որ նա շատ խորամանկ է։

23. Նայե՛ք և իմացե՛ք նրա թաքնվելու բոլոր տեղերը և վստահելի տեղեկությամբ վերադարձե՛ք ինձ մոտ, և ձեզ հետ կգնամ. և եթե նա այդ երկրում է, նրան պիտի փնտրեմ Հուդայի բոլոր հազարավորների մեջ»։

24. Եվ նրանք վեր կացան ու Սավուղի առջևից գնացին Զիփ, և Դավիթն իր մարդկանց հետ Մաոնի անապատում էր՝ դաշտի մեջ, Եսեմոնի հարավային կողմում։

25. Եվ Սավուղն իր մարդկանցով գնաց փնտրելու նրան, և երբ Դավթին իմաց տվին, նա վայր իջավ դեպի ժայռը և մնաց Մաոնի անապատում։ Սավուղը լսեց ու Դավթին հետապնդեց Մաոնի անապատում։

26. Երբ Սավուղը գնում էր սարի այս կողմով, Դավիթն իր մարդկանցով գնում էր սարի մյուս կողմով։ Դավիթը շտապում էր, որ փախչեր Սավուղից, բայց Սավուղն ու նրա մարդիկ շրջապատեցին Դավթին ու նրա մարդկանց, որ բռնեն նրանց։

27. Այդ ժամանակ մի լրաբեր եկավ Սավուղի մոտ և ասաց. «Շուտ ե՛կ, որովհետև փղշտացիները հարձակվել են երկրի վրա»։

28. Եվ Սավուղը դադարեց Դավթին հետապնդելուց, որ գնա փղշտացիների դեմ. դրա համար այնտեղի անունը Սելա-Մահլեգոթ*դրվեց։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24

1. Դավիթն այնտեղից գնաց դեպի վեր և մնաց Ենգադդիի ամուր տեղերում։

2. Եվ երբ Սավուղը վերադարձավ փղշտացիների պատերազմից, նրան հաղորդեցին՝ ասելով. «Ահա Դավիթը Ենգադդիի անապատում է»։

3. Եվ Սավուղը ամբողջ Իսրայելից երեք հազար ընտիր մարդ վերցրեց և գնաց Դավթին ու նրա մարդկանց փնտրելու Այծեմանց ժայռերի վրա։

4. Նա հասավ ճանապարհի վրա եղող ոչխարների փարախների մոտ. այնտեղ մի քարայր կար, և Սավուղը հարկավորության համար ներս մտավ. Դավիթն իր մարդկանց հետ նստած էր այդ քարայրի ներսում։

5. Եվ Դավթի մարդիկ նրան ասացին. «Ահա այս այն օրն է, որի համար Տերը քեզ ասել է, թե՝ “Ահա քո թշնամուն կմատնեմ քո ձեռքը. նրան արա՛ այն, ինչ հաճելի է քո աչքին”»։ Եվ Դավիթը վեր կացավ ու ծածուկ կտրեց Սավուղի վերարկուի մի ծայրը։

6. Բայց հետո Դավթի սիրտը խղճահարվեց, որ Սավուղի վերարկուի ծայրը կտրեց։

7. Եվ իր մարդկանց ասաց. «Աստված չանի, որ Տիրոջ օծյալի՝ իմ տիրոջ դեմ անեմ այս բանը, որ իմ ձեռքը բարձրացնեմ նրա վրա, որովհետև նա Տիրոջ օծյալն է»։

8. Եվ Դավիթն այս խոսքերով զսպեց իր մարդկանց և նրանց չթողեց, որ հարձակվեն Սավուղի վրա։ Եվ Սավուղը դուրս եկավ քարայրից ու գնաց իր ճանապարհով։

9. Հետո Դավիթը վեր կացավ, դուրս եկավ այն քարայրից ու Սավուղի ետևից կանչելով՝ ասաց. «Ո՜վ տեր իմ թագավոր». և երբ Սավուղը ետ նայեց, Դավիթը երեսնիվայր խոնարհվեց։

10. Դավիթն ասաց Սավուղին. «Ինչո՞ւ ես ականջ դնում մարդկանց խոսքին, որ ասում են, թե՝ “Ահա Դավիթն ուզում է չարիք անել քեզ”։

11. Ահա այսօր քո աչքերը տեսնում են, որ քարայրի մեջ այսօր Տերը քեզ իմ ձեռքը մատնեց, և ասացին, որ քեզ սպանեմ, բայց ես խնայեցի քեզ և ասացի. “Ես իմ ձեռքը չեմ բարձրացնի իմ տիրոջ վրա, որովհետև նա Տիրոջ օծյալն է”։

12. Եվ տե՛ս, հա՛յր իմ, տե՛ս, իմ ձեռքին է քո վերարկուի ծայրը, և ես կտրեցի քո վերարկուի ծայրը, բայց քեզ չսպանեցի. հասկացի՛ր և տե՛ս, որ իմ ձեռքի մեջ չարություն և անօրենություն չկա, և քո դեմ մի հանցանք չեմ գործել, բայց դու ուզում ես իմ անձը սպանել։

13. Թող Տերը դատաստան անի իմ ու քո միջև. Տերն իմ վրեժն առնի քեզանից, բայց իմ ձեռքը չի բարձրանա քեզ վրա։

14. Ինչպես հին առածն է ասում. “Անօրեններից անօրենությունը դուրս կգա”, բայց իմ ձեռքը չի բարձրանա քեզ վրա։

15. Իսրայելի թագավորն ո՞ւմ դեմ է դուրս եկել, և դու ո՞ւմ ետևից ես ընկել՝ մի սատկած շա՞ն ետևից, մի լվի՞ ետևից։

16. Թող Տերը դատավոր լինի և դատաստան անի իմ ու քո միջև և տեսնի ու իմ դատը վարի և ինձ ազատի քո ձեռքից»։

17. Երբ Դավիթը վերջացրեց Սավուղին ասել այս խոսքերը, Սավուղն ասաց. «Այդ քո ձա՞յնն է, որդյա՛կ իմ Դավիթ». և Սավուղը բարձրացրեց իր ձայնն ու լաց եղավ։

18. Եվ Դավթին ասաց. «Դու ինձնից արդար ես, որովհետև դու ինձ բարիք հատուցեցիր, իսկ ես չարիք հատուցեցի քեզ։

19. Դու այսօր ցույց տվեցիր ինձ արած քո բարությունը, որ Տերն ինձ քո ձեռքն էր մատնել, բայց դու ինձ չսպանեցիր։

20. Որովհետև եթե մի մարդ գտնի իր թշնամուն, կթողնի՞, որ նա գնա խաղաղությամբ. թող Տերը քեզ բարիք հատուցի՝ այսօր քո ինձ արածի փոխարեն։

21. Եվ հիմա ես գիտեմ, որ դու անպայման պիտի թագավոր դառնաս, և Իսրայելի թագավորությունը պիտի հաստատ մնա քո ձեռքին։

22. Եվ հիմա երդվի՛ր ինձ Տիրոջ անունով, որ ինձնից հետո չես մեռցնի իմ ժառանգներին և իմ անունը չես ջնջի իմ հոր տանից»։

23. Դավիթը երդվեց Սավուղին, և Սավուղը գնաց իր տուն, իսկ Դավիթն իր մարդկանցով գնաց ամուր տեղը։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25

1. Սամուելը մեռավ, և ամբողջ Իսրայելը հավաքվեց ու սուգ արեց նրա համար, և նրան թաղեցին իր տանը՝ Ռամայում։ Եվ Դավիթը վեր կացավ ու իջավ Փառանի անապատը։

2. Մաոնում մի մարդ կար, և նրա գործը Կարմեղոսում էր։ Նա շատ հարուստ էր. երեք հազար ոչխար և հազար այծ ուներ։ Իր ոչխարները խուզելու համար Կարմեղոսում էր լինում։

3. Այդ մարդու անունը Նաբաղ էր, նրա կնոջ անունը՝ Աբիգեա։ Այդ կինը խոհեմամիտ էր ու գեղեցկադեմ, իսկ մարդը խստաբարո էր և չարագործ. նա Քաղեբի սերնդից էր։

4. Դավիթն անապատում լսեց, որ Նաբաղը խուզում է իր ոչխարները։

5. Եվ Դավիթը տասը երիտասարդ ուղարկեց և Դավիթն այդ երիտասարդներին ասաց. «Բարձրացե՛ք Կարմեղոս, գնացե՛ք Նաբաղի մոտ և իմ անունից հարցրե՛ք նրա ողջությունը։

6. Եվ այսպե՛ս ասեք. “Ողջ լինես, խաղաղություն քեզ ու քո տանը և քո ամբողջ ունեցվածքին։

7. Հիմա լսել եմ, որ խուզում ես ոչխարներդ. քո հովիվները մեզ հետ էին, նրանց վնաս չենք տվել, և որքան ժամանակ մնացել են Կարմեղոսում, նրանցից ոչ մի բան չի պակասել։

8. Հարցրո՛ւ քո պատանիներին, թող նրանք քեզ ասեն. այս երիտասարդներն էլ թող շնորհ գտնեն քո առջև, որովհետև բարի օր եկանք. շնո՛րհ արա քո ծառաներին ու քո որդի Դավթին և քո ձեռքից եկածը տո՛ւր”»։

9. Եվ Դավթի երիտասարդները գնացին, Դավթի անունից այս բոլոր խոսքերն ասացին Նաբաղին և լուռ կանգնեցին։

10. Եվ Նաբաղը Դավթի ծառաներին պատասխանեց ու ասաց. «Ո՞վ է Դավիթը, և ո՞վ է Հեսսեի որդին. այս օրերին շատացել են իրենց տերերից փախչող ծառաները։

11. Ես իմ հացը, իմ ջուրը, խուզողների համար մորթած անասուններս վերցնեմ ու տամ մարդկա՞նց, երբ չգիտեմ, թե որտեղից են»։

12. Եվ Դավթի երիտասարդները վերադարձան իրենց ճանապարհով, գնացին ու այս բոլոր խոսքերը պատմեցին նրան։

13. Եվ Դավիթն իր մարդկանց ասաց. «Ամեն մարդ իր սուրը թող կապի մեջքին». և ամեն մարդ իր սուրը կապեց մեջքին. Դավիթն էլ իր սուրը կապեց մեջքին, և մոտ չորս հարյուր մարդ դուրս եկավ Դավթի ետևից, իսկ երկու հարյուր մարդ մնաց կահ-կարասու մոտ։

14. Ծառաներից մեկը Նաբաղի կնոջը՝ Աբիգեային, հաղորդեց՝ ասելով. «Ահա Դավիթն անապատից մարդիկ է ուղարկել մեր տիրոջը ողջունելու համար, բայց նա խիստ վարվեց նրանց հետ։

15. Բայց այդ մարդիկ մեզ հետ շատ լավ էին և մեզ վնաս չտվեցին, և որքան ժամանակ դաշտում նրանց հետ շրջեցինք, մեզանից մի բան չկորավ։

16. Եվ որքան ժամանակ որ նրանց մոտ արածեցնում էինք ոչխարները, նրանք գիշերն էլ, ցերեկն էլ պարիսպ են եղել մեզ համար։

17. Եվ հիմա իմացի՛ր և տե՛ս, թե ինչ ես անելու, որովհետև չարիք է հասել մեր տիրոջ վրա և նրա ամբողջ տան վրա, քանզի նա մի այնպիսի չար մարդ է, որ նրա հետ խոսել չի լինի»։

18. Եվ Աբիգեան շտապ վերցրեց երկու հարյուր հաց, երկու տիկ գինի և հինգ ոչխարի պատրաստած միս, հինգ գրիվ ցորենի աղանձ, հարյուր ողկույզ չամիչ և երկու հարյուր շարան թուզ և դրանք դրեց էշերի վրա։

19. Եվ իր ծառաներին ասաց. «Առա՛ջս անցեք, ահա ես գալիս եմ ձեր ետևից». բայց իր ամուսնուն՝ Նաբաղին, չասաց։

20. Եվ երբ այդ կինը, էշին հեծած, իջնում էր սարի ծածուկ տեղերով, ահա Դավիթն ու նրա մարդիկ ընդառաջ էին իջնում նրան, և նա հանդիպեց նրանց։

21. Դավիթն ասել էր. «Ուրեմն զուր տեղն եմ այդ մարդու ունեցած բոլոր բաները պահել անապատում, և նրա ունեցածից ոչ մի բան չկորավ, բայց նա ինձ լավության փոխարեն վատություն է անում։

22. Աստված Դավթի թշնամիներին այսպես և սրանից ավելին անի, եթե մինչև վաղն առավոտ մի արու մարդ ողջ թողնեմ նրա մարդկանցից»։

23. Աբիգեան հենց որ տեսավ Դավթին, արագ իջավ էշի վրայից, երեսնիվայր ընկավ Դավթի առջև և մինչև գետին խոնարհվեց։

24. Եվ ընկավ նրա ոտքն ու ասաց. «Տե՛ր իմ, թող հանցանքն ինձ վրա լինի, բայց թո՛ւյլ տուր, որ աղախինդ խոսի քո առաջ, լսի՛ր քո աղախնի խոսքը։

25. Աղաչում եմ, որ իմ տերը իր սրտի մեջ այդ չար մարդու՝ Նաբաղի նկատմամբ մի բան չդնի, որովհետև ինչպես որ իր անունն է, այնպես էլ ինքն է. նրա անունը Նաբաղ* է, և անզգամությունն իր հետ է. բայց ես՝ քո աղախինը, չեմ տեսել իմ տիրոջ ուղարկած երիտասարդներին։

26. Եվ հիմա, տե՛ր իմ, կենդանի է Տերը, և քո անձն էլ կենդանի է, որ Տերը չթողեց քեզ, որ արյուն թափես և քո վրեժը քո ձեռքով լուծես. և հիմա քո թշնամիները և իմ տիրոջը վատություն ուզողները Նաբաղի պես թող լինեն։

27. Եվ հիմա այս ընծան, որ քո աղախինը բերեց իմ տիրոջը, թող տրվի իմ տիրոջ հետևից եկող երիտասարդներին։

28. Աղաչում եմ, ների՛ր քո աղախնի հանցանքը, քանզի Տերն անպայման իմ տիրոջ համար հաստատուն տուն պիտի շինի, որովհետև իմ տերն է վարում Տիրոջ պատերազմները, և քո կյանքում մի չարություն չգտնվեց քո մեջ։

29. Ու թեև հիմա մի մարդ է վեր կացել քեզ հալածելու և քո անձը փնտրելու համար, իմ տիրոջ հոգին քո Տեր Աստծու առաջ կյանքի ծրարի մեջ ծրարված կլինի, իսկ քո թշնամիների հոգիները նա կշպրտի պարսատիկից նետած քարերի պես։

30. Եվ երբ Տերն իմ տիրոջ համար անի այն բոլոր բարությունները, որ ասել է քեզ, և քեզ թագավոր նշանակի Իսրայելի վրա,

31. այս քեզ համար գայթակղություն և իմ տիրոջ սրտի համար խղճի խայթ չլինի, թե առանց պատճառի արյուն թափեցիր, և կամ իմ տերն իր վրեժը լուծեց. և երբ Տերը բարություն անի իմ տիրոջը, այն ժամանակ կհիշես քո աղախնին»։

32. Եվ Դավիթն ասաց Աբիգեային. «Օրհնյա՜լ լինի Իսրայելի Տեր Աստվածը, որ այսօր քեզ ուղարկեց ինձ դիմավորելու,

33. օրհնյալ է քո խոհեմությունը, և օրհնյալ ես դու, որ այսօր արգելեցիր ինձ արյուն թափել և իմ ձեռքով վրեժը լուծել։

34. Բայց կենդանի է Իսրայելի Տեր Աստվածը, որ ինձ արգելեց քեզ չարիք գործել, որովհետև եթե դու շուտով չգայիր և չելնեիր իմ առջև, մինչև վաղն առավոտ Նաբաղի ոչ մի արու մարդ չէր մնալու»։

35. Եվ Դավիթը նրա ձեռքից վերցրեց, ինչ բերել էր իրեն, և նրան ասաց. «Խաղաղությամբ գնա՛ քո տուն. ահա լսեցի քո խոսքը և ընդունեցի քո խնդրանքը»։

36. Եվ Աբիգեան գնաց Նաբաղի մոտ. և ահա իր տան մեջ նա թագավորական խնջույքի պես խնջույք ուներ, և զվարթացել էր Նաբաղի սիրտը, ու նա շատ էր հարբել, և կինը մինչև առավոտյան լույսը նրան բան չպատմեց՝ շատ կամ քիչ։

37. Եվ երբ առավոտյան Նաբաղը սթափվեց գինուց, նրա կինը նրան պատմեց այս բաները, և նրա սիրտը մեռավ իր ներսում ու քար դարձավ։

38. Եվ մոտ տասն օր անց Տերը հարվածեց Նաբաղին, և նա մեռավ։

39. Դավիթը լսեց, որ Նաբաղը մեռել է, և ասաց. «Օրհնյալ է Տերը, որ Նաբաղից կրած նախատինքիս դատաստանն ինքը դատեց և ինձ՝ իր ծառային, ետ պահեց չարությունից, և Տերը Նաբաղի չարությունը նրա գլխին բերեց»։ Եվ Դավիթը մարդ ուղարկեց Աբիգեայի հետ խոսելու, որ նրան իրեն կին առնի։

40. Եվ Դավթի ծառաները գնացին Կարմեղոս՝ Աբիգեայի մոտ, խոսեցին նրա հետ և ասացին. «Դավիթը մեզ ուղարկեց քեզ մոտ, որ քեզ իրեն կին առնի»։

41. Եվ նա վեր կացավ ու մինչև գետին խոնարհվելով՝ երկրպագեց ու ասաց. «Ահա քո աղախինը թող սպասավոր լինի՝ իմ տիրոջ ծառաների ոտքերը լվանալու համար»։

42. Եվ Աբիգեան իսկույն կանգնեց, հեծնեց էշը ինքը և իրեն հետևող հինգ աղջիկներն էլ, և Դավթի պատգամավորների ետևից գնաց ու դարձավ նրա կինը։

43. Դավիթը Հեզրայելից Աքինոամին էլ առավ, և այս երկուսն էլ եղան նրա կանայք։

44. Իսկ Սավուղն իր Մեղքող աղջկան, որ Դավթի կինն էր, գաղղիմացի Լայիսի որդի Փաղտիելին տվեց։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 26

1. Զիփացիները գնացին Գաբաա՝ Սավուղի մոտ, և ասացին. «Ահա Դավիթը թաքնվել է Եսեմոնի դիմաց՝ Եքեղայի բլրի վրա»։

2. Եվ Սավուղը վեր կացավ և Իսրայելից ընտրած երեք հազար մարդկանց հետ իջավ Զիփի անապատը՝ Զիփի անապատում Դավթին փնտրելու։

3. Եվ Սավուղը բանակատեղի դրեց Եսեմոնի դիմաց՝ Եքեղայի բլրի վրա, ճանապարհին։ Դավիթն էլ անապատում էր մնում. և երբ տեսավ, որ Սավուղն իր ետևից գալիս է անապատ,

4. Դավիթը լրտեսներ ուղարկեց և իմացավ, որ Սավուղն իսկապես եկել է։

5. Դավիթը վեր կացավ եկավ Սավուղի բանակատեղին. և Դավիթը տեսավ այն տեղը, ուր պառկել էին Սավուղը և նրա զորապետ Ների որդի Աբենները. սակայն Սավուղը պառկել էր կառքերի մեջտեղը, իսկ ժողովուրդը բանակել էր նրա շուրջը։

6. Եվ Դավիթը պատասխանեց քետացի Աքիմելեքի և Հովաբի եղբայր Շարուհեայի որդի Աբեսսային և ասաց. «Ո՞վ ինձ հետ կիջնի բանակատեղի՝ Սավուղի մոտ»։ Եվ Աբեսսան ասաց. «Ես կիջնեմ քեզ հետ»։

7. Եվ Դավիթը Աբեսսայի հետ գիշերը մտավ բանակի մեջ. և ահա Սավուղը պառկած քնած էր կառքերի մեջտեղը, նրա նիզակը գլխի մոտ ցցված էր գետնի մեջ, և Աբեններն ու զինվորները պառկած էին նրա շուրջը։

8. Եվ Աբեսսան Դավթին ասաց. «Աստված այսօր քո թշնամուն քո ձեռքը մատնեց, և հիմա թող նիզակով մեկ անգամից նրան զարկեմ գետնին և հարվածս չկրկնեմ»։

9. Բայց Դավիթն Աբեսսային ասաց. «Մի՛ սպանիր նրան, որովհետև ո՞վ կարող է ձեռք բարձրացնել Տիրոջ օծյալի վրա և անպարտ մնալ»։

10. Եվ Դավիթն ասաց. «Կենդանի է Տերը և Տերը կզարկի նրան. կամ նրա օրը կգա, կմեռնի, կամ պատերազմի մեջ կմտնի և կսպանվի։

11. Տերը չանի, որ ես ձեռք բարձրացնեմ Տիրոջ օծյալի վրա, միայն թե հիմա վերցրո՛ւ նրա գլխի մոտ դրված նիզակն ու ջրի կուժը, և գնանք»։

12. Եվ Դավիթը Սավուղի գլխի մոտից վերցրեց նիզակն ու ջրի կուժը, և գնացին. և ոչ ոք չտեսավ, ոչ ոք չիմացավ և ոչ ոք չզարթնեց, որովհետև բոլորն էլ քնած էին, և այդ խոր քունը նրանց վրա իջել էր Տիրոջ կողմից։

13. Եվ Դավիթն անցավ այն կողմը, բարձրացավ սարի գլուխը և կանգնեց հեռվում, և մեծ արանք կար նրանց միջև։

14. Դավիթը կանչեց զինվորներին և Ների որդի Աբեններին ու ասաց. «Ո՛վ Աբեններ, պատասխան չե՞ս տալիս». և Աբենները պատասխանեց՝ ասելով. «Ո՞վ ես դու, որ կանչում ես թագավորին»։

15. Եվ Դավիթն Աբեններին ասաց. «Դու տղամարդ չե՞ս, քեզ պես ո՞վ կա Իսրայելի մեջ, ինչո՞ւ քո տեր թագավորին չպահպանեցիր, որովհետև ժողովրդից մեկը եկել էր քո տեր թագավորին սպանելու։

16. Լավ բան չէ, որ դու արեցիր. կենդանի է Տերը, որ դուք մահապարտ եք, որովհետև չպահպանեցիք Տիրոջ օծյալին՝ ձեր տիրոջը. և հիմա նայի՛ր, թե ուր են թագավորի նիզակը և նրա գլխի մոտի ջրի կուժը»։

17. Այդ ժամանակ Սավուղը ճանաչեց Դավթի ձայնը և ասաց. «Դա քո՞ ձայնն է, որդյա՛կ իմ Դավիթ»։ Եվ Դավիթն ասաց. «Իմ ձայնն է, տե՛ր իմ թագավոր»։

18. Եվ նա ասաց. «Ինչո՞ւ է իմ տերը այդպես իր ծառայի ետևից ընկել. ի՞նչ եմ արել, ի՞նչ չարիք է գործել իմ ձեռքը քո դեմ։

19. Հիմա իմ տեր թագավորը թող լսի իր ծառայի խոսքերը. եթե Տերն է քեզ ոտքի հանել իմ դեմ, թող նա մի զոհ ընդունի, իսկ եթե մարդկանց որդիներն են դրդել, թող նրանք անիծյալ լինեն Տիրոջ առջև, որովհետև նրանք ինձ այսօր դուրս են արել, որպեսզի ես բաժին չունենամ Տիրոջ ժառանգությունից, և ինձ ասացին. “Գնա՛, ծառայի՛ր օտար աստվածների”։

20. Եվ հիմա թող իմ արյունը Տիրոջ առջև գետին չթափվի, քանի որ Իսրայելի թագավորը դուրս է եկել մի լու փնտրելու, ինչպես մարդ կաքավ է հալածում սարերում»։

21. Սավուղն ասաց. «Մեղք գործեցի. վերադարձի՛ր, որդյա՛կ իմ Դավիթ, այլևս չարիք չեմ գործի քո դեմ, որովհետև այսօր իմ հոգին պատվական թվաց քո աչքին. ահա ես հիմարություն եմ արել և խիստ սխալվել»։

22. Դավիթը պատասխանեց և ասաց. «Ահա թագավորի նիզակը. թող երիտասարդներից մեկը գա և վերցնի այն։

23. Թող Տերն ամեն մարդու հատուցի ըստ իր արդարության և ըստ իր հավատարմության, որովհետև Տերը քեզ այսօր մատնեց իմ ձեռքը, բայց ես չուզեցի իմ ձեռքը բարձրացնել Տիրոջ օծյալի վրա։

24. Եվ ահա ինչպես քո հոգին այսօր պատվական թվաց իմ աչքին, իմ հոգին էլ թող այդպես պատվական թվա Տիրոջ առջև, և նա ինձ ազատի ամեն նեղությունից»։

25. Սավուղը Դավթին ասաց. «Օրհնյա՜լ լինես դու, որդյա՛կ իմ Դավիթ, դու շատ գործ ես անելու և հաջողություն ես ունենալու»։ Եվ Դավիթը գնաց իր ճանապարհով, Սավուղն էլ վերադարձավ իր տեղը։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 27

1. Եվ Դավիթն իր սրտում ասաց. «Վերջապես մի օր ես կորչելու եմ Սավուղի ձեռքով. ինձ համար փղշտացիների երկիրը փախչելուց ավելի լավը չկա։ Սավուղը հույսը կկտրի ինձանից և այլևս ինձ չի որոնի Իսրայելի բոլոր սահմաններում, և այդպես կազատվեմ նրա ձեռքից»։

2. Եվ Դավիթը վեր կացավ և իր հետ եղած վեց հարյուր մարդկանց հետ անցավ գնաց Գեթի թագավոր, Մաովքի որդի Անքուսի մոտ։

3. Եվ ինքը Դավիթն ու իր մարդիկ՝ ամեն մեկն իր ընտանիքով, և Դավիթն էլ իր երկու կանանց՝ հեզրայելացի Աքինոամի ու կարմելացի Նաբաղի կին Աբիգեայի հետ բնակվեց Գեթում՝ Անքուսի մոտ։

4. Երբ Սավուղին հաղորդեցին, որ Դավիթը փախել է Գեթ, այլևս չորոնեց նրան։

5. Դավիթն Անքուսին ասաց. «Եթե ես քո առաջ շնորհ եմ գտել, թող ինձ գյուղաքաղաքներից մեկում տեղ տան, որ մնամ այնտեղ, թե չէ ինչո՞ւ քո ծառան քեզ հետ նստի թագավորանիստ քաղաքում»։

6. Եվ այդ օրը Անքուսը նրան տվեց Սիկելակը, այդ պատճառով էլ Սիկելակը մինչև օրս Հուդայի թագավորներինը եղավ։

7. Ժամանակը, երբ Դավիթը փղշտացիների երկրում բնակվեց, մեկ տարի և չորս ամիս էր։

8. Դավիթն ու իր մարդիկ վեր կացան և հարձակվեցին գեսուրացիների, գազերացիների և ամաղեկացիների վրա, քանի որ նրանք վաղուց ի վեր բնակվում էին այդ երկրում՝ Սուրից մինչև Եգիպտոսի երկիրը։

9. Եվ Դավիթը հարվածեց այդ երկրին, ողջ չթողեց տղամարդ թե կին, վերցրեց ոչխարներ և արջառներ, էշեր և ուղտեր, հանդերձներ ու վերադարձավ Անքուսի մոտ։

10. Անքուսն ասաց. «Դեպի ո՞ւր եք հարձակվել այսօր»։ Դավիթը պատասխանեց. «Դեպի Հուդայի հարավային կողմը, հերամելացիների հարավային կողմը և կենեցիների հարավային կողմը»։

11. Դավիթը ողջ չթողեց տղամարդ կամ կին, որ լուր բերեր Գեթ, որովհետև մտածեց, թե՝ «Միգուցե մեր մասին պատմեն և ասեն, թե Դավիթն այսպես է անում։ Եվ թե նրա սովորությունն այսպես է լինելու, քանի դեռ բնակվում է փղշտացիների երկրում»։

12. Անքուսը, Դավթին հավատալով, ասաց. «Այս մարդը իր ժողովրդի՝ Իսրայելի մեջ ատելի է դարձրել իրեն. թող ինձ մոտ հավիտյան ծառա լինի»։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 28

1. Այդ օրերին փղշտացիները հավաքեցին իրենց զորքերը պատերազմի համար, որ դուրս գան պատերազմելու Իսրայելի դեմ։ Եվ Անքուսը Դավթին ասաց. «Իմացա՛ծ եղիր, որ դու և քո մարդիկ պիտի բանակ գաք ինձ հետ»։

2. Եվ Դավիթն Անքուսին ասաց. «Ուրեմն դու կիմանաս, թե քո ծառան ինչ կանի». և Անքուսը Դավթին ասաց. «Դրա համար էլ քեզ դարձնելու եմ իմ մշտական թիկնապահը»։

3. Սամուելն արդեն մեռած էր, և ամբողջ Իսրայելը սուգ էր արել նրա համար, և նրան թաղել էին իր քաղաքում՝ Ռամայում, իսկ Սավուղն էլ երկրից վերացրել էր վհուկներին և գուշակներին։

4. Եվ փղշտացիները հավաքվեցին ու եկան բանակատեղի դրեցին Սունամում, Սավուղն էլ հավաքեց ամբողջ Իսրայելին, և բանակատեղի դրեցին Գեղբուեում։

5. Եվ Սավուղը տեսավ փղշտացիների բանակը, վախեցավ, և սիրտը խիստ դողաց։

6. Եվ Սավուղը հարցրեց Տիրոջը, բայց Տերը չպատասխանեց նրան՝ ո՛չ երազով, ո՛չ Ուրիմով և ո՛չ էլ մարգարեներով։

7. Այդ ժամանակ Սավուղն իր ծառաներին ասաց. «Ինձ համար մի վհուկ կի՛ն փնտրեք, որ գնամ նրան հարցնեմ»։ Եվ ծառաները նրան ասացին. «Ահա մի վհուկ կին կա Ենդովրում»։

8. Սավուղը փոխեց իր հագուստները, ուրիշ հագուստներ հագավ և իր հետ եղած երկու մարդու հետ գնաց, և գիշերը նրանք եկան այդ կնոջ մոտ։ Եվ Սավուղն ասաց. «Շնո՛րհ արա, վհուկի ոգով դյութությո՛ւն արա ինձ և ինձ համար կանչի՛ր նրան, ում մասին քեզ կասեմ»։

9. Կինը նրան ասաց. «Ահա դու գիտես, թե ինչ է արել Սավուղը, ինչպես է երկրից բնաջնջել վհուկներին ու նշանագետներին. ուրեմն՝ ինչո՞ւ ես ինձ սպանելու համար որոգայթ պատրաստում իմ անձի դեմ»։

10. Եվ Սավուղը նրան երդվեց Տիրոջով և ասաց. «Կենդանի է Տերը, որ այս բանից քեզ ոչ մի վնաս չի պատահի»։

11. Այն ժամանակ կինն ասաց. «Ո՞ւմ կանչեմ քեզ համար»։ Եվ նա ասաց. «Սամուելի՛ն կանչիր ինձ համար»։

12. Կինը, տեսնելով Սամուելին, բարձր ձայնով աղաղակեց. և կինը խոսեց Սավուղի հետ ու ասաց. «Ինչո՞ւ խաբեցիր ինձ. դու Սավուղն ես»։

13. Թագավորը նրան ասաց. «Մի՛ վախեցիր. ի՞նչ տեսար»։ Կինը Սավուղին ասաց. «Գետնից դուրս եկող մի աստված տեսա»։

14. Սավուղը նրան ասաց. «Ինչպիսի՞ն է նրա կերպարանքը»։ Եվ կինն ասաց. «Ահա մի ծեր մարդ է դուրս գալիս և վերարկու է հագել»։ Եվ Սավուղը հասկացավ, որ դա Սամուելն է, և երեսնիվայր խոնարհվեց գետին ու երկրպագեց նրան։

15. Եվ Սամուելն ասաց Սավուղին. «Ինչո՞ւ ինձ նեղություն տվիր և վեր հանեցիր ինձ»։ Եվ Սավուղն ասաց. «Ես մեծ նեղության մեջ եմ, որովհետև փղշտացիները պատերազմում են իմ դեմ, և Աստված հեռացել է ինձանից և ինձ չի պատասխանում ո՛չ մարգարեների միջոցով և ո՛չ էլ երազներով. դրա համար քեզ կանչեցի, որ ինձ իմացնես, թե ի՛նչ անեմ»։

16. Եվ Սամուելն ասաց. «Ինչո՞ւ ես ինձ հարցնում, հիմա, երբ Տերը հեռացել է քեզանից և թշնամի դարձել։

17. Տերն արեց այնպես, ինչպես ասել էր իմ միջոցով. Տերը քո ձեռքից թագավորությունը խլեց և այն տվեց քո ընկեր Դավթին։

18. Որովհետև դու չլսեցիր Տիրոջ խոսքը և գործով չկատարեցիր նրա սաստիկ բարկությունը Ամաղեկի վրա, դրա համար էլ Տերն այսօր այդպես արեց քեզ հետ։

19. Եվ Տերը քեզ հետ Իսրայելին էլ է մատնելու փղշտացիների ձեռքը, և վաղը դու և քո որդիները ինձ մոտ կլինեք. Տերը Իսրայելի բանակն էլ է մատնելու փղշտացիների ձեռքը»։

20. Այդ ժամանակ Սավուղը հանկարծ ամբողջ հասակով վայր ընկավ գետնին և սաստիկ վախեցավ Սամուելի խոսքերից, որ վրան ուժ էլ չմնաց, որովհետև մի ամբողջ օր և ամբողջ գիշեր հաց չէր կերել։

21. Եվ կինը եկավ Սավուղի մոտ, տեսավ նրա չափազանց սոսկումը և նրան ասաց. «Ահա քո աղախինը լսեց քո խոսքը, և հոգիս բռիս մեջ դրած՝ հնազանդվեցի ինձ ասած խոսքերիդ։

22. Եվ հիմա աղաչում եմ, դու էլ լսի՛ր քո աղախնի խոսքը. ե՛կ, քո առաջ մի պատառ հաց դնեմ, կե՛ր, որ ուժ առնես, որովհետև ճանապարհ ես գնալու»։

23. Բայց նա չուզեց և ասաց. «Չեմ ուտում». սակայն նրա ծառաները և կինն էլ ստիպեցին նրան, և լսեց նրանց խոսքը, վեր կացավ գետնից և նստեց անկողնու վրա։

24. Այդ կինը տանը սնած մի հորթ ուներ. շտապ մորթեց այն, ալյուր վերցրեց, հունցեց և բաղարջ թխեց նրանով.

25. և դրեց Սավուղի առջև ու նրա ծառաների առջև. նրանք կերան և վեր կացան ու նույն գիշեր էլ գնացին։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 29

1. Փղշտացիներն իրենց բոլոր բանակները հավաքեցին Ափեկում, իսկ իսրայելացիները բանակ դրեցին Հեզրայելում՝ աղբյուրի մոտ։

2. Փղշտացիների նախարարներն անց էին կենում հարյուրավորներով և հազարավորներով, իսկ Դավիթն ու իր մարդիկ Անքուսի հետ գնում էին նրանց ետևից։

3. Եվ փղշտացիների իշխաններն ասացին. «Այս ի՞նչ եբրայեցիներ են»։ Եվ Անքուսը փղշտացիների իշխաններին ասաց. «Սա Իսրայելի թագավոր Սավուղի ծառա Դավիթը չէ՞։ Այն օրից, ինչ ինձ մոտ է, մանավանդ այն տարիներից ի վեր, որ նա անցել է մեր կողմը, այդ օրից մինչև այսօր ոչ մի հանցանք չգտա նրա մեջ»։

4. Եվ փղշտացիների իշխանները բարկացան նրա վրա. և փղշտացիների իշխանները նրան ասացին. «Այդ մարդուն ե՛տ ուղարկիր, թող գնա՛ իր տեղը, ուր նշանակել ես նրան. թող պատերազմի չգա մեզ հետ, միգուցե պատերազմում թշնամություն անի մեզ, որովհետև ինչո՞վ պիտի նա հաշտվի իր տիրոջ հետ, եթե ոչ այս մարդկանց գլուխներով։

5. Սա այն Դավիթը չէ՞, որի համար կանայք, պար բռնելով և իրար պատասխանելով, ասում էին.“Սավուղը զարկեց իր հազարավորներին,Եվ Դավիթը՝ իր բյուրավորներին”»։

6. Եվ Անքուսը կանչեց Դավթին ու նրան ասաց. «Կենդանի է Տերը, որ դու ուղիղ մարդ ես, և ինձ հաճելի է ինձ հետ բանակ մտնելդ և դուրս գալդ, որովհետև այն օրից մինչև այսօր քո մեջ մի չարություն չգտա. բայց նախարարների աչքին դու լավ չես երևում։

7. Եվ հիմա ե՛տ դարձիր ու գնա՛ խաղաղությամբ և մի՛ արա այն, ինչ վատ է թվում փղշտացիների նախարարների աչքին»։

8. Եվ Դավիթն Անքուսին ասաց. «Ես ի՞նչ եմ արել, ի՞նչ վատ բան գտար առաջդ կանգնած քո ծառայի մեջ, որ ես չգնամ և իմ տեր թագավորի թշնամիների դեմ չպատերազմեմ»։

9. Եվ Անքուսը պատասխանեց ու Դավթին ասաց. «Գիտեմ, որ դու իմ աչքին Աստծու հրեշտակի պես, լավ ես երևում, բայց փղշտացիների իշխաններն ասում են. “Թող նա մեզ հետ պատերազմի չգա”։

10. Ուստի առավոտ կանուխ վե՛ր կաց, և՛ դու, և՛ քո տիրոջ ծառաները, որոնք եկել են քեզ հետ, վե՛ր կացեք և առավոտ կանուխ՝ լուսածագին, գնացե՛ք»։

11. Դավիթը և իր մարդիկ առավոտ կանուխ վեր կացան, որ գնան և փղշտացիների երկիրը վերադառնան, իսկ փղշտացիները գնացին Հեզրայել։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 30

1. Երբ Դավիթն ու իր մարդիկ երրորդ օրը մտան Սիկելակ, ամաղեկացիները հարձակվել էին հարավային երկրի և Սիկելակի վրա, Սիկելակը գրավելով՝ այրել այն։

2. Այնտեղի կանանց՝ փոքրից մինչև մեծը, գերի էին վերցրել. ոչ մի մարդ չէին սպանել, այլ տարել էին իրենց հետ և գնացել իրենց ճանապարհով։

3. Երբ Դավիթն ու իր մարդիկ քաղաք հասան, այն կրակով այրված էր, և իրենց կանայք, տղաներն ու աղջիկները գերի էին տարված։

4. Ուստի Դավիթն ու իր հետ եղած բանակը բարձրացրին իրենց ձայնը և լաց եղան, մինչև որ նրանց վրա լալու ուժ չմնաց։

5. Դավթի երկու կանայք՝ հեզրայելացի Աքինոամը և կարմելացի Նաբաղի կինը՝ Աբիգեան էլ էին գերի տարվել։

6. Եվ Դավիթը մեծ տագնապի մեջ էր, որովհետև բանակն ուզում էր նրան քարկոծել, քանի որ ամբողջ բանակից ամեն մեկի սիրտը կսկծում էր իր տղաների և աղջիկների համար. սակայն Դավիթը զորացավ իր Տեր Աստծով։

7. Եվ Դավիթը Աքիմելեքի որդի Աբիաթար քահանային ասաց. «Եփուդը մոտեցրո՛ւ ինձ». և Աբիաթարը եփուդը մոտեցրեց Դավթին։

8. Եվ Դավիթը Տիրոջը հարցրեց ու ասաց. «Հետապնդե՞մ արդյոք այդ գնդին, կհասնե՞մ նրանց»։ Եվ Տերը նրան ասաց. «Հետապնդի՛ր և անպայման կհասնես ու կազատես բոլորին»։

9. Եվ ինքը Դավիթն ու իր հետ եղած վեց հարյուր մարդիկ գնացին, եկան մինչև Բոսորի հեղեղատը, և ետ մնացողները կանգ առան։

10. Եվ Դավիթը չորս հարյուր մարդկանցով հետապնդեց թշնամուն. (սակայն երկու հարյուր մարդ էլ, որ շատ հոգնած էին, չէին անցել Բոսորի հեղեղատը, մնացել էին այս կողմը)։

11. Նրանք էլ դաշտում եգիպտացի մի մարդ գտան և նրան բերին Դավթի մոտ, նրան հաց տվին, ու նա կերավ, և ջուր խմեցրին նրան։

12. Նրան մի քիչ չոր թուզ և երկու ողկույզ չամիչ տվեցին, որ կերավ, և ուժը տեղը եկավ, որովհետև երեք օր ու երեք գիշեր ո՛չ հաց էր կերել և ո՛չ էլ ջուր խմել։

13. Եվ Դավիթը նրան ասաց. «Դու ո՞ւմ մարդն ես և որտեղի՞ց ես»։ Եվ նա ասաց. «Ես մի եգիպտացի պատանի եմ, ամաղեկացի մարդու ծառա. իմ տերը լքեց ինձ, որովհետև երեք օր է, որ հիվանդ եմ։

14. Մենք հարձակվեցինք Քերեթի հարավային կողմի՝ Հուդայի կողմերի և Քաղեբի հարավային կողմերի վրա և Սիկելակը կրակով այրեցինք»։

15. Եվ Դավիթը նրան ասաց. «Ինձ կտանե՞ս այդ գնդի մոտ»։ Եվ նա ասաց. «Դու ինձ երդվի՛ր Աստծու անունով, որ ինձ չես սպանի և ինձ չես տա իմ տիրոջ ձեռքը, ես էլ քեզ կտանեմ այդ գնդի մոտ»։

16. Պատանին նրան տարավ, և ահա նրանք ամբողջ գետնի վրա ցրված էին. ուտում ու խմում էին և խրախճանք էին անում փղշտացիների երկրից և Հուդայի երկրից իրենց վերցրած այն մեծ ավարի համար։

17. Եվ Դավիթը արշալույսից մինչև հաջորդ օրվա իրիկուն ջարդեց նրանց, և նրանցից ոչ ոք չազատվեց, բացի միայն չորս հարյուր երիտասարդներից, որոնք հեծնեցին ուղտերին ու փախան։

18. Եվ Դավիթն ազատեց ամենը, որ վերցրել էին ամաղեկացիները. Դավիթն իր երկու կանանց էլ ազատեց։

19. Եվ իրենց ոչ մի բանը չէր պակասել՝ փոքրից մինչև մեծը, թե՛ տղա, թե՛ աղջիկ և թե՛ ավար, ինչ որ նրանք առել ու տարել էին, Դավիթը բոլորն էլ ետ բերեց։

20. Եվ Դավիթը վերցրեց բոլոր ոչխարներն ու արջառները. դրանք տանում էին իրենց հոտերի առջևից ու ասում. «Սա Դավթի ավարն է»։

21. Դավիթը եկավ այն երկու հարյուր մարդկանց մոտ, որոնք շատ հոգնած էին և չէին կարողացել գնալ Դավթի ետևից, և նա նրանց թողել էր Բոսորի հեղեղատի մոտ. և նրանք դուրս եկան Դավթին ու նրա հետ եղած ժողովրդին դիմավորելու. և երբ Դավիթը մոտեցավ այդ ժողովրդին, նրանց ողջությունը հարցրեց։

22. Դավթի հետ պատերազմ գնացող մարդկանցից բոլոր չար ու անպետք մարդիկ ասացին. «Քանի որ սրանք մեզ հետ չգնացին, մենք էլ մեր ազատած ավարից չենք տա իրենց, միայն ամեն մարդ թող իր կնոջն ու որդիներին վերցնի ու գնա»։

23. Բայց Դավիթն ասաց. «Իմ եղբայրնե՛ր, այդպես մի՛ արեք, քանզի Տերը մեզ այս տվեց, և ինքը մեզ պահեց ու մեզ վրա հարձակվող գնդին մատնեց մեր ձեռքը։

24. Եվ այս հարցում ո՞վ կլսի ձեզ։ Կահ-կարասիների մոտ նստողների բաժինը պետք է հավասար լինի պատերազմ գնացածների բաժնին. հավասարապես պիտի բաժանեն»։

25. Եվ այդ օրվանից ի վեր այսպես է Իսրայելում. նա կանոն և օրենք դրեց այս մինչև այսօր։

26. Դավիթը եկավ Սիկելակ և այդ ավարից ուղարկեց Հուդայի ծերերին՝ իր բարեկամներին՝ ասելով. «Ահա ձեզ համար Տիրոջ թշնամիների ավարից մեկ ընծա»։

27. Այսինքն՝ նրանց, ովքեր Բեթելում էին և հարավային Ռամովթում էին, Հաթիրում էին

28. և Արոերում էին, Սեփամովթում էին և Եսթեմովում էին,

29. Րաքալում էին և երամելացիների քաղաքներում էին, կենեցիների քաղաքներում էին

30. և Հորմայում էին, Քովրասանում էին և Աթաքում էին,

31. Քեբրոնում էին և բոլոր այն վայրերում էին, ուր Դավիթը եղել էր իր մարդկանց հետ։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 31

1. Եվ փղշտացիները պատերազմում էին Իսրայելի դեմ, և իսրայելացի մարդիկ փախան փղշտացիների առաջ և սպանված ընկան Գեղբուե սարի վրա։

2. Փղշտացիները հասան Սավուղին ու նրա որդիներին. և փղշտացիները սպանեցին Սավուղի որդիներին՝ Հովնաթանին, Աբինադաբին և Մեղքիսավեին։

3. Եվ պատերազմը սաստկացավ Սավուղի դեմ, և աղեղնավորները գտան նրան, և աղեղնավորներից ծանր վիրավորվեց։

4. Եվ Սավուղն ասաց իր կապարճակրին. «Սուրդ հանի՛ր և ինձ խոցի՛ր նրանով, միգուցե այդ անթլփատները գան, խոցեն ինձ և ինձ ծաղրեն»։ Բայց նրա կապարճակիրը չուզեց, որովհետև շատ վախեցավ։ Եվ Սավուղը վերցրեց սուրն ու ընկավ նրա վրա։

5. Եվ երբ նրա կապարճակիրը տեսավ, որ Սավուղը մեռավ, ինքն էլ ընկավ իր սրի վրա և մեռավ նրա հետ։

6. Եվ նույն օրը այսպես մեռան Սավուղն ու նրա երեք որդիները, նրա կապարճակիրը և նրա բոլոր մարդիկ միասին։

7. Եվ Իսրայելի մարդիկ, որ հովտի այն կողմում էին և Հորդանանի այն կողմում էին, երբ տեսան, թե իսրայելացիները փախան, և թե Սավուղն ու նրա որդիները մեռան, այն ժամանակ թողեցին քաղաքներն ու փախան, և փղշտացիները եկան ու բնակվեցին դրանց մեջ։

8. Եվ հետևյալ օրը, երբ փղշտացիները եկան սպանվածներին կողոպտելու, գտան Սավուղին և նրա երեք որդիներին՝ ընկած Գեղբուե սարի վրա։

9. Նրա գլուխը կտրեցին, զենքերը հանեցին. և մարդիկ ուղարկեցին փղշտացիների երկրի չորս կողմը, որ ավետիս տան իրենց կռատներին ու ժողովրդին։

10. Նրա զենքերը դրեցին Աստարովթի տանը և նրա մարմինը կախեցին Բեթսանի պարսպից։

11. Եվ երբ Գաղաադի Հաբիսի բնակիչները լսեցին, թե ինչ էին արել փղշտացիները Սավուղին,

12. բոլոր քաջ մարդիկ վեր կացան և ամբողջ գիշեր գնացին և Բեթսանի պարսպից վերցրին Սավուղի մարմինն ու նրա որդիների մարմինները, եկան Հաբիս և դրանք այրեցին այնտեղ։

13. Եվ վերցրին նրանց ոսկորներն ու դրանք թաղեցին Հաբիսում՝ ծառի տակ, և յոթ օր ծոմ պահեցին։