Ա
Ս
Տ
Ծ
Ո

Ժ
Ո
Ղ
Ո
Վ
Ո
Ւ
Ր
Դ
.
.
.

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

34

35

36

Աստվածաշունչ (online)

Ընտրել Գիրքը...

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրել Գլուխը...

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

34

35

36

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 1

1. Դավթի որդի Սողոմոնը հզորացավ իր թագավորության մեջ. նրա Տեր Աստվածը նրա հետ էր և նրան շատ բարձրացրեց։

2. Սողոմոնը խոսեց բոլոր իսրայելացիների՝ հազարապետների, հարյուրապետների, դատավորների և ամբողջ Իսրայելի բոլոր տոհմապետների հետ։

3. Սողոմոնը և նրա հետ հավաքված ամբողջ ժողովուրդը գնացին Գաբավոնի բարձր տեղը, որովհետև այնտեղ էր Աստծու ժողովի վրանը, որ Տիրոջ ծառա Մովսեսը շինել էր անապատում։

4. Միայն թե Դավիթն Աստծու տապանակը Կարիաթարիմից վեր էր տարել դրա համար իր պատրաստած տեղը, որովհետև Երուսաղեմում Դավիթը մի վրան էր կանգնեցրել դրա համար։

5. Իսկ պղնձե զոհասեղանը, որ շինել էր Ովրի որդու Ուրիի որդի Բեսելիելը, գտնվում էր այնտեղ՝ Տիրոջ խորանի առջև։ Սողոմոնն ու հավաքված ամբողջ ժողովուրդը այցելեցին նրան։

6. Սողոմոնը բարձրացավ այնտեղ՝ Տիրոջ առաջ, և ժողովի վրանում գտնվող պղնձե զոհասեղանի վրա հազար ողջակեզ մատուցեց։

7. Այդ գիշեր Աստված երևաց Սողոմոնին և ասաց նրան. «Խնդրի՛ր, ի՞նչ տամ քեզ»։

8. Սողոմոնն ասաց Աստծուն. «Դու մեծ ողորմություն արեցիր իմ հորը՝ Դավթին, և ինձ թագավոր դարձրիր նրա տեղը։

9. Արդ, ո՛վ Տեր Աստված, թող հաստատ մնա իմ հորը տված քո խոստումը, որովհետև դու ինձ թագավոր արեցիր երկրի փոշու չափ շատ մի ժողովրդի վրա։

10. Ուրեմն ինձ իմաստություն և գիտությո՛ւն տուր, որ այս ժողովրդին առաջնորդեմ, որովհետև ո՞վ կկարողանա կառավարել քո այս մեծ ժողովրդին»։

11. Աստված ասաց Սողոմոնին. «Քանի որ դա է քո սրտում եղածը, և դու չխնդրեցիր հարստություն, ստացվածք, փառք, ո՛չ քո թշնամիների կյանքը և ո՛չ էլ երկար օրեր, այլ քեզ համար խնդրեցիր իմաստություն և գիտություն, որպեսզի կառավարես իմ ժողովրդին, որի վրա ես քեզ թագավոր արեցի,

12. քեզ տրվում է իմաստություն և գիտություն. բայց քեզ պիտի տամ նաև հարստություն, ստացվածք և պատիվ, որպիսին քեզանից առաջ եղած թագավորները չեն ունեցել, և քեզանից հետո եկողներն էլ չեն ունենա»։

13. Սողոմոնը Գաբավոնի բարձր տեղից՝ ժողովի վրանի առջևից, վերադարձավ Երուսաղեմ և թագավորեց Իսրայելի վրա։

14. Սողոմոնը հավաքեց մարտակառքեր ու ձիավորներ։ Նա ունեցավ հազար չորս հարյուր մարտակառք և տասներկու հազար ձիավոր։ Նա դրանք դրեց մարտակառքերի քաղաքներում ու Երուսաղեմում՝ թագավորի մոտ։

15. Թագավորը արծաթն ու ոսկին Երուսաղեմում հասարակ քարերի պես դարձրեց, իսկ եղևնափայտն այնքան առատ, որքան դաշտում աճող մոլաթզենիները։

16. Սողոմոնի ձիերը բերվում էին Եգիպտոսից, և թագավորի վաճառականների քարավանը գնում և դրանք բերում էր երամակով՝ ծախու առած։

17. Եգիպտոսից մեկ մարտակառքը դուրս էին հանում վեց հարյուր արծաթով, իսկ ձին՝ հարյուր հիսուն արծաթով։ Այսպես նրանց միջոցով դրանք դուրս էին բերվում նաև քետացիների բոլոր թագավորների և ասորիների բոլոր թագավորների համար։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 2

1. Սողոմոնը հրամայեց, որ մի տուն կառուցեն Տիրոջ անվան համար և մի թագավորական տուն՝ իր համար։

2. Սողոմոնը հավաքեց յոթանասուն հազար բեռնակիր, լեռներում քար կտրող ութսուն հազար մարդ և նրանց վրա վերակացուներ՝ երեք հազար վեց հարյուր հոգի։

3. Սողոմոնը մարդ ուղարկեց Տյուրոսի թագավոր Քիրամի մոտ՝ ասելով. «Արա՛ ինձ համար, ինչպես որ արեցիր իմ հայր Դավթի համար, որին եղևնափայտ ուղարկեցիր, որպեսզի իր համար մի տուն կառուցի բնակության համար։

4. Ահա ես իմ Տեր Աստծու անվան համար մի տուն եմ կառուցում, որ նվիրաբերեմ նրան, նրա առաջ անուշահոտ խունկ ծխելու, միշտ առաջավորության հաց դնելու համար և առավոտ ու երեկո, շաբաթ օրերին, ամսագլուխներին և մեր Տեր Աստծու տոներին ողջակեզներ մատուցելու նրան. սա Իսրայելի վրա դրված հավիտենական պարտավորություն է։

5. Այն տունը, որ ես կառուցելու եմ, մեծ է լինելու, որովհետև մեծ է մեր Աստվածը բոլոր աստվածներից։

6. Եվ ո՞վ կարող է նրա համար տուն կառուցել, քանզի երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող պարփակել նրան։ Ո՞վ եմ ես, որ նրա համար տուն կառուցեմ, այլ միայն խունկ ծխելու մի տեղ կշինեմ նրա առաջ։

7. Արդ, ինձ համար մի ճարտար մա՛րդ ուղարկիր, որ կարողանա գործեր անել ոսկով, արծաթով, պղնձով, երկաթով և ծիրանագույն, կարմիր, կապուտակ գործվածքներով, որ իմանա քանդակներ անել այն վարպետների հետ, որոնք ինձ մոտ են՝ Հուդայի երկրում և Երուսաղեմում, որոնց իմ հայրը՝ Դավիթն է պատրաստել։

8. Ինձ համար Լիբանանից ուղարկի՛ր նաև եղևնափայտ, մայրու փայտ և ալմուգ փայտեր, որովհետև ես գիտեմ, որ քո ծառաները լավ գիտեն Լիբանանի փայտերը կտրել։ Ահա իմ ծառաները թող քո ծառաների հետ աշխատեն։

9. Ինձ համար թող շատ փայտ պատրաստեն, որովհետև այն տունը, որ ես կառուցելու եմ, մեծ և շքեղ պիտի լինի։

10. Փայտ կտրող քո այդ գործավորներին, քո ծառաներին կտամ քսան հազար քոռ ծեծած ցորեն, քսան հազար քոռ գարի, քսան հազար մար գինի և քսան հազար մար ձեթ»։

11. Տյուրոսի թագավոր Քիրամը պատասխանեց նամակով և այն ուղարկեց Սողոմոնին. «Տերն իր ժողովրդին սիրելով քեզ թագավոր է կարգել նրանց վրա»։

12. Ապա Քիրամն ասաց. «Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, որ ստեղծել է երկինքն ու երկիրը, որ Դավիթ թագավորին տվել է իմաստուն մի որդի՝ օժտված ուշիմությամբ և խելամտությամբ, որը պիտի մի տուն կառուցի Տիրոջ համար և մի թագավորական պալատ՝ իր համար։

13. Արդ, քեզ մոտ եմ ուղարկում ճարտար և խելացի մի մարդու՝ Քիրամ-Աբիին։

14. Նա Դանի դուստրերից մի կնոջ որդին է, և նրա հայրը մի տյուրացի է, որ գիտեր գործեր անել ոսկով, արծաթով, պղնձով, երկաթով, քարերով, փայտերով և ծիրանագույն, կապուտակ, կարմիր գործվածքներով ու բեհեզով, ամեն տեսակ քանդակներ անել, քո վարպետների և քո հայր Դավթի՝ իմ տիրոջ վարպետների հետ մշակել ամեն ծրագիր, որ կհանձնարարվի իրեն։

15. Եվ հիմա այն ցորենը, գարին, յուղն ու գինին, որոնց մասին խոսել է իմ տերը, թող ուղարկի իր ծառաներին։

16. Իսկ մենք Լիբանանից կկտրենք քեզ պետք եղած բոլոր փայտերը և ծովի վրայով դրանք լաստերով կբերենք Հոպպե՝ քեզ մոտ, իսկ դու դրանք կբարձրացնես Երուսաղեմ»։

17. Սողոմոնը հաշվեց Իսրայելի երկրում գտնվող բոլոր օտարազգի մարդկանց իր հայր Դավթի հաշվելուց հետո, և նրանք հարյուր հիսուներեք հազար վեց հարյուր հոգի էին։

18. Նրանցից յոթանասուն հազարին նշանակեց որպես բեռնակիրներ, ութսուն հազարին՝ լեռներում քար կտրողներ և երեք հազար վեց հարյուրին՝ որպես վերակացուներ, որպեսզի աշխատեցնեն ժողովրդին։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 3

1. Հետո Սողոմոնն սկսեց կառուցել Տիրոջ տունը Երուսաղեմում՝ Մորիա լեռան վրա, ուր Տերը երևացել էր նրա հորը՝ Դավթին, այն տեղում, որ Դավիթը պատրաստել էր հեբուսացի Ոռնայի կալում։

2. Նա սկսեց այն կառուցել իր թագավորության չորրորդ տարվա երկրորդ ամսի երկուսին։

3. Ահա Սողոմոնի դրած հիմքը Աստծու տունը կառուցելու համար. դրա երկարությունը նախկին չափով վաթսուն կանգուն էր, իսկ լայնությունը՝ քսան կանգուն։

4. Տաճարի առջևի սրահի երկարությունը տան լայնության համեմատ քսան կանգուն էր, իսկ բարձրությունը՝ հարյուր քսան կանգուն, և ներսից այն երեսապատեց մաքուր ոսկով։

5. Մեծ տունը ծածկեց մայրի փայտով, այն երեսապատեց մաքուր ոսկով և վրան քանդակեց արմավենիներ ու շղթաներ։

6. Շքեղության համար տունը զարդարեց թանկարժեք քարերով. իսկ ոսկին Փարուիմի ոսկի էր։

7. Տան գերանները, դռան սյուները, դրա պատերն ու դռները պատեց ոսկով և պատերին քերովբեներ քանդակեց։

8. Նա շինեց նաև սրբությունների սրբության սրահը. դրա երկարությունը տան լայնության համեմատ քսան կանգուն էր, դրա լայնությունն էլ՝ քսան կանգուն։ Նա այն պատեց վեց հարյուր տաղանդ մաքուր ոսկով։

9. Մեխերի կշիռը մինչև հիսուն սիկղ ոսկի էր։ Վերնատները նույնպես պատեց ոսկով։

10. Սրբությունների սրբության մեջ երկու քանդակազարդ քերովբեներ պատրաստեց և դրանք պատեց ոսկով։

11. Քերովբեների թևերի երկարությունը քսան կանգուն էր. մեկ թևը հինգ կանգուն էր և դիպչում էր տան պատին, մյուս թևն էլ՝ հինգ կանգուն և դիպչում էր մյուս քերովբեի թևին։

12. Մյուս քերովբեի մեկ թևը հինգ կանգուն էր և դիպչում էր տան պատին, մյուս թևն էլ՝ հինգ կանգուն և կցված էր մյուս քերովբեի թևին։

13. Այս քերովբեների տարածված թևերը քսան կանգուն էին. դրանք կանգնած էին իրենց ոտքերի վրա, և դրանց դեմքերը դարձած էին դեպի տունը։

14. Նա վարագույրը պատրաստեց կապուտակ, ծիրանագույն, կարմիր գործվածքներից ու բեհեզից և դրա վրա հյուսեց քերովբեներ։

15. Տան առջև երկու սյուներ կանգնեցրեց երեսունհինգ կանգուն երկարությամբ, որոնց ամեն մեկի գլխի խոյակը հինգ կանգուն էր։

16. Նա սրբությունների սրբության մեջ եղածի նման շղթաներ պատրաստեց ու դրեց սյուների գլուխներին և հարյուր նուռ սարքեց ու անցկացրեց շղթաներին։

17. Սյուները կանգնեցրեց տաճարի առաջ՝ մեկը աջ կողմում, մյուսը ձախ կողմում. աջ կողմինը կոչեց Հաքին, իսկ ձախ կողմինը՝ Բոոզ։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 4

1. Պղնձե զոհասեղան պատրաստեց, որի երկարությունը քսան կանգուն, լայնությունը քսան կանգուն և բարձրությունը տասը կանգուն էր։

2. Նա շինեց ձուլածո ավազանը, որի մեկ ծայրից մինչև մյուս ծայրը տասը կանգուն էր։ Այն բոլորաձև էր, ուներ հինգ կանգուն բարձրություն. նրա շրջագիծը երեսուն կանգուն էր։

3. Նրա տակ շուրջանակի կային եզների նմանություններ, մեկ կանգունի վրա՝ տասը եզ, որոնք շրջապատում էին ավազանը։ Եզները երկու շարք էին. նրանք ձուլված էին ավազանի ձուլվելու ժամանակ։

4. Այն կանգնած էր տասներկու եզների վրա, որոնցից երեքը նայում էին հյուսիս, երեքը նայում էին արևմուտք, երեքը նայում էին հարավ, և երեքը նայում էին արևելք։ Ավազանը վերևից դրանց վրա էր, և դրանց բոլորի հետևի կողմերը ուղղված էին դեպի ներս։

5. Նրա հաստությունը մեկ թիզ էր, և նրա եզրը, որ նման էր բաժակի եզրին, ձևավորված էր շուշան ծաղկի նմանությամբ։ Պարունակությունը երեք հազար մար էր։

6. Նա պատրաստեց տասը լվացվելու տաշտ. հինգը դրեց աջ կողմում, հինգը՝ ձախ կողմում՝ դրանց մեջ լվացումներ կատարելու համար։ Ողջակեզի տարբեր մասերը դրանց մեջ էին լվանում, իսկ ավազանը քահանաների համար էր, որ լվացվեն մեջը։

7. Նա պատրաստեց տասը ոսկե աշտանակներ՝ ըստ սահմանված օրինակի, և դրանք դրեց տաճարում. հինգը՝ աջ կողմում, հինգը՝ ձախ։

8. Նա պատրաստեց տասը սեղան և դրեց տաճարում. հինգը՝ աջ կողմում, հինգը՝ ձախ. նաև պատրաստեց հարյուր ոսկե կոնքեր։

9. Նա պատրաստեց քահանաների գավիթը, մեծ սրահն ու սրահի դռները և դրանց փեղկերը պատեց պղնձով։

10. Նա ավազանը տեղադրեց աջ կողմում՝ դեպի հարավ-արևելյան կողմը։

11. (Քիրամը) պատրաստեց կաթսաները, թիակներն ու կոնքերը։ Քիրամն ավարտեց այն ամբողջ գործը, որ կատարեց Սողոմոն թագավորի համար Աստծու տան համար.

12. այն է՝ երկու սյուներն ու գնդաձև խոյակներն այդ երկու սյուների գլուխներին, երկու ցանցերը՝ ծածկելու համար այն երկու գնդաձև խոյակները, որոնք սյուների գլխին էին,

13. չորս հարյուր նռները այդ երկու ցանցերի համար՝ ամեն մի ցանցի համար նռների երկու շարք, որպեսզի ծածկեն սյուների գլխին եղող երկու գնդաձև խոյակները,

14. տասը խարիսխներն ու խարիսխների վրա դրված ավազանները,

15. մեկ ծովն ու դրա տակ գտնվող տասներկու եզները,

16. կաթսաները, թիակները, մսահան պատառաքաղներն ու այն բոլոր անոթները, որ Քիրամ-Աբին պատրաստեց փայլուն պղնձից Սողոմոն թագավորի հրամանով Տիրոջ տան համար։

17. Թագավորը դրանք ձուլել տվեց Հորդանան գետի հովտում, թանձր հողի մեջ, Սոկքովթի և Սարեդայի միջև։

18. Սողոմոնն այս բոլոր անոթները պատրաստեց խիստ մեծ քանակությամբ, այնպես որ հնարավոր չեղավ որոշել պղնձի կշիռը։

19. Սողոմոնը պատրաստեց Աստծու տան բոլոր պիտույքները, ոսկե զոհասեղանը և այն սեղանները, որոնց վրա դրվում էր առաջավորության հացը,

20. մաքուր ոսկե աշտանակներն ու դրանց ճրագները, որոնք ըստ սահմանված օրինակի պետք է վառվեին սրբարանի դիմաց,

21. նաև ծաղիկները, ճրագները, ունելիները, որոնք ոսկուց, շատ մաքուր ոսկուց էին,

22. պատրույգի կտրիչները, տաշտերը, տուփերը և բուրվառները՝ մաքուր ոսկուց, նաև տան դռները՝ սրբությունների սրբության ներսի դռան փեղկերն ու տաճարի տան դռները, բոլորը ոսկուց էին։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 5

1. Երբ ավարտվեց այն ամբողջ գործը, որ Սողոմոնն արեց Տիրոջ տան համար, Սողոմոնը բերեց իր հայր Դավթի նվերները՝ արծաթը, ոսկին ու բոլոր անոթներտ, դրեց Աստծու տան գանձարանում։

2. Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղեմում հավաքեց Իսրայելի ծերերին, ցեղերի բոլոր իշխաններին ու իսրայելացիների տոհմապետներին, որ Տիրոջ ուխտի տապանակը տանեն Դավթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից։

3. Իսրայելի բոլոր տղամարդիկ հավաքվեցին թագավորի մոտ՝ յոթերորդ ամսի տոնը կատարելու համար։

4. Երբ Իսրայելի բոլոր ծերերը եկան, ղևտացիները վերցրին տապանակը։

5. Նրանք տարան տապանակը, ժողովի վրանն ու վրանում եղած բոլոր սուրբ անոթները։ Քահանաներն ու ղևտացիները տարան դրանք։

6. Սողոմոն թագավորն ու Իսրայելի հավաքված ամբողջ ժողովուրդը, որոնք հավաքվել էին նրա մոտ, անթիվ-անհամար ոչխարներ ու եզներ էին զոհում տապանակի առջև։

7. Քահանաները Տիրոջ ուխտի տապանակը բերեցին դրեցին իր տեղը՝ տան սրբարանում, սրբությունների սրբության մեջ, քերովբեների թևերի տակ։

8. Քերովբեներն իրենց թևերը տարածում էին տապանակի տեղի վրա և վերևից ծածկում էին տապանակն ու նրա ձողերը։

9. Ձողերն այնքան երկար էին, որ ձողերի գլուխները երևում էին սուրբ տեղից՝ սրբությունների սրբության առջևից, բայց դրսից չէին երևում։ Դրանք այնտեղ են մինչև այսօր։

10. Տապանակի մեջ ուրիշ բան չկար, բացի երկու քարե տախտակներից, որ Մովսեսը տվեց Քորեբում, երբ Տերը ուխտ արեց Իսրայելի որդիների հետ Եգիպտոսից նրանց դուրս գալու ժամանակ։

11. Երբ քահանաները դուրս եկան սուրբ վայրից (որովհետև այնտեղ գտնվող բոլոր քահանաները սրբագործվել էին առանց իրենց դասը պահպանելու),

12. և բոլոր ղևտացի երգիչները՝ Ասափը, Եմանը, Իդիթունը և նրանց որդիներն ու նրանց եղբայրները, բեհեզներ հագած, ծնծղաներով, տավիղներով և քնարներով կանգնած էին զոհասեղանի արևելյան կողմում. նրանց հետ նաև հարյուր քսան քահանաներ, որոնք փողեր էին հնչեցնում։

13. Եվ երբ փող հնչեցնողներն ու երգողները, Տիրոջն օրհնելու և գովերգելու համար միաբերան իրենց ձայնը բարձրացնելով, փողերի, ծնծղաների և նվագարանների նվագակցությամբ սկսեցին օրհնել Տիրոջը՝ ասելով. «Քանզի բարի է նա, քանզի հավիտյան է նրա ողորմածությունը», այն ժամանակ Տիրոջ տունը լցվեց ամպով,

14. և քահանաները ամպի պատճառով չկարողացան կանգնել պաշտամունք կատարելու, որովհետև Տիրոջ փառքը լցրել էր Աստծու տունը։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6

1. Այն ժամանակ Սողոմոնն ասաց. «Տերն ասաց, որ ինքը մառախուղի մեջ է բնակվում.

2. բայց ես քեզ համար բնակվելու վեհաշուք տուն կառուցեցի, մի տեղ, որ դու հավիտյան բնակվես»։

3. Թագավորն իր երեսը դարձրեց և օրհնեց Իսրայելի հավաքված ամբողջ ժողովրդին։ Իսրայելի հավաքված ամբողջ ժողովուրդը կանգնած էր։

4. Նա ասաց. «Օրհնյալ լինի Իսրայելի Տեր Աստվածը, որն ինչ որ ասաց իր բերանով իմ հայր Դավթին, այն էլ կատարեց իր ձեռքով՝ ասելով.

5. “Այն օրվանից, երբ իմ ժողովրդին հանեցի Եգիպտոսից, Իսրայելի բոլոր ցեղերից որևէ քաղաք չընտրեցի տուն կառուցելու համար, որպեսզի իմ անունն այնտեղ լինի, և որևէ մարդու չընտրեցի, որպեսզի առաջնորդ լինի Իսրայելի իմ ժողովրդի վրա,

6. այլ Երուսաղեմն ընտրեցի, որ իմ անունն այնտեղ լինի, և Դավթին ընտրեցի, որ Իսրայելի իմ ժողովրդի իշխան լինի”։

7. Իմ հայր Դավիթը մտադրվել էր, որ Իսրայելի Տեր Աստծու անվան համար մի տուն կառուցի։

8. Բայց Տերն ասաց իմ հայր Դավթին. “Քանի որ դու մտադրվել էիր, որ իմ անվան համար տուն կառուցես, լավ ես արել, որ այդ բանը դրել ես քո սրտում։

9. Միայն թե դու չէ, որ պիտի կառուցես տունը, այլ՝ քեզնից ծնված քո որդին. նա՛ պիտի կառուցի իմ անվան համար տունը”։

10. Տերը կատարեց իր ասած խոսքը, և ես բարձրացա իմ հայր Դավթի տեղն ու նստեցի Իսրայելի գահին, ինչպես որ ասել էր Տերը, և ես կառուցեցի Իսրայելի Տեր Աստծու անվան համար տունը։

11. Ես տապանակը դրեցի այնտեղ, որի մեջ է գտնվում Տիրոջ ուխտը, որ նա կնքեց Իսրայելի որդիների հետ»։

12. Ապա Սողոմոնը կանգնեց Տիրոջ սեղանի առջև, Իսրայելի հավաքված ամբողջ ժողովրդի դիմաց և տարածեց իր ձեռքերը։

13. (Որովհետև Սողոմոնը պղնձե մի ամբիոն էր պատրաստել և այն դրել գավթի մեջտեղում. դրա երկարությունը հինգ կանգուն էր, լայնությունը՝ հինգ կանգուն, բարձրությունը՝ երեք կանգուն)։ Նա կանգնեց դրա վրա, ծնկի եկավ Իսրայելի հավաքված ամբողջ ժողովրդի առաջ և իր ձեռքերը մեկնեց դեպի երկինք։

14. Նա ասաց. «Ո՛վ տեր Աստված Իսրայելի, քեզ նման Աստված չկա երկնքում և երկրի վրա. ուխտ ու ողորմություն ես դու պահում քո առաջ ամբողջ սրտով ընթացող ծառաներիդ համար։

15. Դու պահեցիր քո ծառային՝ իմ հայր Դավթին տված քո այն խոսքը, որ նրան ասացիր. ինչ որ ասել էիր քո բերանով, այսօր կատարեցիր քո ձեռքով։

16. Եվ հիմա, ո՛վ Տեր Աստված Իսրայելի, պահի՛ր այն, ինչ որ խոստացար քո ծառա Դավթին՝ իմ հորը՝ ասելով. “Իմ առաջ Իսրայելի գահի վրա նստող մարդ չի պակասի քեզանից, միայն թե քո որդիները պահեն իրենց ճանապարհը, որ ընթանան իմ օրենքի համաձայն, ինչպես որ դու ընթացար իմ առաջ”։

17. Արդ, ո՛վ Տեր Աստված Իսրայելի, թող հաստատվի քո խոսքը, որ ասացիր քո ծառա՝ իմ հայր Դավթին։

18. Բայց իրոք Աստված կբնակվի՞ մարդկանց հետ երկրի վրա։ Ահա երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող պարփակել քեզ, էլ ո՜ւր մնաց իմ կառուցած այս տունը։

19. Սակայն, ո՛վ իմ Տեր Աստված, նայի՛ր քո ծառայի աղոթքին ու նրա աղերսանքին, լսի՛ր այն պաղատանքն ու աղոթքը, որ քո ծառան աղոթում է քո առաջ,

20. որպեսզի քո աչքերը գիշեր ու ցերեկ բաց լինեն այս տան վրա, այն տեղի վրա, որի համար ասացիր, թե այնտե՛ղ պիտի լինի քո անունը, որպեսզի լսես այն աղոթքը, որ ծառադ աղոթում է այստեղ։

21. Լսի՛ր քո ծառայի ու Իսրայելի քո ժողովրդի աղերսանքը, որ նրանք մատուցում են այս տեղում։ Լսի՛ր դու քո բնակության տեղից՝ երկնքից, և երբ լսես, ների՛ր։

22. Եթե մեկը մեղանչի իր ընկերոջ դեմ և նրան առաջարկի երդում անել, որպեսզի երդվեցնի նրան, և գա ու երդում անի քո սեղանի առաջ այս տանը,

23. այն ժամանակ դու լսի՛ր նրան երկնքից, կատարի՛ր քո ծառաների դատը, որպեսզի հանցավորին իր հատուցումը տաս և նրա արարքը իր գլխին թափես, իսկ արդարին արդարացնես և հատուցես իր արդարության համեմատ։

24. Եթե Իսրայելի քո ժողովուրդը քո դեմ մեղանչելու պատճառով պարտվի իր թշնամու առաջ և ապա դառնա դեպի քեզ, փառք տա քո անվանը և աղոթի ու աղերսի քո առջև այս տանը,

25. այն ժամանակ դու լսի՛ր երկնքից ու ների՛ր Իսրայելի քո ժողովրդի մեղքը և վերադարձրո՛ւ նրանց այն երկիրը, որ տվել ես նրանց ու նրանց հայրերին։

26. Երբ երկինքը փակվի, ու անձրև չգա քո դեմ նրանց գործած մեղքերի պատճառով, և նրանք աղոթք անեն՝ դեպի այս տեղը դարձած, և փառք տան քո անվանն ու դառնան իրենց մեղքերից, քանի որ դու նեղել ես նրանց,

27. այն ժամանակ դու լսի՛ր երկնքում և ների՛ր քո ծառաների և Իսրայելի քո ժողովրդի մեղքը, սովորեցրո՛ւ նրանց բարի ճանապարհը, որով պետք է գնան, և անձրև՛ պարգևիր քո երկրին, որ տվել ես քո ժողովրդին իբրև ժառանգություն։

28. Երբ սով լինի երկրի վրա, ժանտախտ, երաշտ, դեղնախտ, մորեխ կամ թրթուր, կամ երբ նրանց թշնամիները նեղեն իրենց բնակած քաղաքներում, կամ որևէ հարված լինի կամ հիվանդություն,

29. երբ Իսրայելի քո ամբողջ ժողովրդից որևէ մեկը որևիցե աղոթք և աղերսանք մատուցի, և ամեն մարդ, իմանալով իր ցավն ու իր հիվանդությունը, իր ձեռքերը տարածի դեպի այս տունը,

30. այն ժամանակ դու երկնքից՝ քո բնակության տեղից, լսի՛ր ու ների՛ր և տո՛ւր այդ մարդուն իր բոլոր ճանապարհների համեմատ, որ ճանաչել ես նրա սիրտը (որովհետև դո՛ւ միայն գիտես մարդկանց որդիների սիրտը),

31. որպեսզի վախենան քեզանից և գնան քո ճանապարհներով բոլոր այն օրերին, որ կապրեն այս երկրում, որ դու տվել ես մեր հայրերին։

32. Նաև այն օտարականն էլ, որ Իսրայելի քո ժողովրդից չէ, հեռու երկրից գա քո մեծ անվան, քո զորեղ ձեռքի և քո մեկնած բազկի պատճառով, երբ գա և աղոթք անի այս տանը,

33. այն ժամանակ դու լսի՛ր երկնքից՝ քո բնակության տեղից, և արա՛ այն օտարականին այն ամենը, ինչ նա կխնդրի քեզնից, որպեսզի երկրի բոլոր ազգերն իմանան քո անունը, վախենան քեզանից, ինչպես Իսրայելի քո ժողովուրդը, և գիտենան, որ քո անունով է կոչված իմ կառուցած այս տունը։

34. Երբ քո ժողովուրդը պատերազմի գնա իր թշնամիների դեմ այն ճանապարհով, որով դու նրանց կուղարկես, և երբ նրանք աղոթք անեն քեզ՝ դառնալով դեպի քո այս ընտրած քաղաքն ու այս տունը, որ ես կառուցել եմ քո անվան համար,

35. այն ժամանակ լսի՛ր երկնքից նրանց աղոթքն ու նրանց աղերսանքը և պաշտպանի՛ր նրանց իրավունքը։

36. Երբ նրանք մեղանչեն քո դեմ (որովհետև չկա մարդ, որ չմեղանչի), և դու բարկանաս նրանց վրա ու նրանց մատնես թշնամու ձեռքը, և նրանց գերեվարողները նրանց գերի տանեն հեռավոր կամ մոտիկ երկիր,

37. և սրտանց զղջան այն երկրում, ուր գերի են տարվել, դարձի գան ու քեզ աղերսեն իրենց գերության երկրում՝ ասելով՝ “Մեղք գործեցինք, անօրենություն և անիրավություն արեցինք”,

38. և իրենց ամբողջ սրտով ու ամբողջ հոգով դառնան դեպի քեզ իրենց գերության երկրում, ուր նրանց գերի են տարել, և նրանք աղոթեն՝ նայելով դեպի այն երկիրը, որ դու տվել ես նրանց հայրերին, դեպի այն քաղաքը, որ դու ընտրեցիր, և դեպի այս տունը, որ ես կառուցեցի քո անվան համար,

39. այն ժամանակ լսի՛ր երկնքից՝ քո բնակության տեղից, նրանց աղոթքն ու նրանց աղերսանքը, պաշտպանի՛ր նրանց իրավունքը և ների՛ր քո ժողովրդին, որ մեղանչել է քո դեմ։

40. Այժմ, ո՛վ իմ Աստված, թող քո աչքերը բաց լինեն, և քո ականջները լսեն այստեղ արված աղոթքը։

41. Արդ, Տե՛ր Աստված, վե՛ր գնա քո հանգստության տեղը, դու և քո զորության տապանակը ելե՛ք և եկե՛ք ձեր հանգստյան տեղը։ Քո քահանաները, ո՛վ Տեր Աստված, փրկություն թող հագնեն, և քո սրբերն ուրախանան քո բարությամբ։

42. Ո՛վ Տեր Աստված, մի՛ մերժիր քո օծյալին, հիշի՛ր քո ծառա Դավթին խոստացած քո ողորմությունները»։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 7

1. Երբ Սողոմոնը վերջացրեց աղոթքը, կրակն իջավ երկնքից, լափեց ողջակեզներն ու զոհերը, և Տիրոջ փառքը լցրեց տունը։

2. Քահանաները չկարողացան մտնել Տիրոջ տունը, որովհետև Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տունը։

3. Իսրայելի բոլոր որդիները երբ տեսան իջնող կրակն ու Տիրոջ փառքը տաճարի վրա, երեսնիվայր ընկան գետին՝ սալահատակի վրա, և երկրպագեցին՝ օրհնելով Տիրոջը՝ ասելով, թե նա բարի է, և նրա ողորմությունը հավիտյան է։

4. Ապա թագավորն ու ամբողջ ժողովուրդը զոհեր էին մատուցում Տիրոջ առաջ։

5. Սողոմոն թագավորը քսաներկու հազար արջառ և հարյուր քսան հազար ոչխար զոհ մատուցեց։ Այսպես թագավորն ու ամբողջ ժողովուրդը Աստծու տան նավակատիքն արեցին։

6. Քահանաները կանգնած էին իրենց համար որոշված տեղում, և ղևտացիները նրանց դիմաց նվագում էին Տիրոջ նվագարաններով, որ Դավիթ թագավորը շինել էր Տիրոջը գովաբանելու համար, թե՝ «Հավիտյան է նրա ողորմությունը». Դավիթը նրանց միջոցով օրհներգում էր Տիրոջը։ Քահանաները նրանց դիմաց հնչեցնում էին փողերը, և ամբողջ Իսրայելը ոտքի վրա էր։

7. Սողոմոնը սրբագործեց Տիրոջ տան առջևի գավթի մեջտեղը, որովհետև այնտեղ մատուցեց ողջակեզներն ու խաղաղության զոհերի ճարպը, որովհետև պղնձե զոհասեղանը, որ Սողոմոնը շինել էր, չէր կարող պարունակել ողջակեզները, հացի ընծաներն ու ճարպը։

8. Այդ ժամանակ Սողոմոնն ու նրա հետ ամբողջ Իսրայելը շատ մեծ բազմությամբ յոթ օր տոն կատարեցին Եմաթից մինչև Եգիպտոսի հեղեղատը։

9. Ութերորդ օրը մեծ ժողով արեցին, որովհետև յոթ օր զոհասեղանի նավակատիքն արեցին և յոթ օր էլ՝ տոնը։

10. Յոթերորդ ամսի քսաներեքերորդ օրը Սողոմոնն արձակեց ժողովրդին իրենց վրանները՝ ուրախացած և զվարթ սրտով այն բարիքների համար, որ Տերն արել էր Դավթին, Սողոմոնին և Իսրայելի իր ժողովրդին։

11. Այսպես Սողոմոնն ավարտեց Տիրոջ տան և թագավորի տան կառուցումը, և ամեն ինչ, որ Սողոմոնի սիրտը կամեցել էր անել Տիրոջ տանն ու թագավորի տանը, հաջողությամբ կատարվեցին։

12. Տերը գիշերը երևաց Սողոմոնին և ասաց նրան. «Լսեցի քո աղոթքը և այս տեղն ինձ համար ընտրեցի որպես զոհաբերության տուն։

13. Եթե ես փակեմ երկինքը, ու անձրև չլինի, եթե հրամայեմ, որ մորեխն ուտի երկիրը, եթե ժանտախտ ուղարկեմ իմ ժողովրդին,

14. և իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, խոնարհվի, աղոթի, իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ ես երկնքից կլսեմ, կներեմ նրա մեղքը և կբժշկեմ նրա երկիրը։

15. Արդ իմ աչքերը բաց և իմ ականջները լսող կլինեն այստեղի աղոթքին։

16. Արդ, ես ընտրեցի և սրբագործեցի այս տունը, որպեսզի իմ անունն այստեղ լինի հավիտյան, և իմ աչքերն ու իմ սիրտն այստեղ լինեն ամեն ժամանակ։

17. Եվ դու էլ, եթե իմ առջևից գնաս, ինչպես գնաց քո հայր Դավիթը, և անես այն ամենը, ինչ պատվիրել եմ քեզ, ու պահես իմ կանոններն ու հրահանգները,

18. այն ժամանակ քո թագավորության աթոռը հաստատուն կպահեմ, ինչպես որ ուխտեցի քո հայր Դավթին՝ ասելով. “Իսրայելի վրա իշխող մարդ չի պակասի քեզանից”։

19. Բայց եթե դուք ետ դառնաք և թողնեք իմ կանոններն ու պատվիրանները, որ ես դրել եմ ձեր առաջ, և գնաք պաշտեք ուրիշ աստվածների ու երկրպագեք նրանց,

20. ապա ես նրանց (իսրայելացիներին) կպոկեմ այն երկրից, որ տվեցի ձեզ,*և այս տունը, որ ես սրբագործել եմ իմ անվան համար, դեն կգցեմ և այն առակ ու խայտառակ կանեմ բոլոր ազգերի մեջ։

21. Եվ ով որ անցնի այս վեհաշուք տան մոտով, կզարմանա ու կասի. “Ինչո՞ւ Տերն այսպես արեց այս երկիրն ու այս տունը”։

22. Եվ պիտի ասեն. “Որովհետև նրանք լքեցին իրենց հայրերի Տեր Աստծուն, որը նրանց հանել էր Եգիպտոսի երկրից, կապվեցին ուրիշ աստվածների և նրա՛նց երկրպագեցին ու նրա՛նց ծառայեցին. դրա համար էլ նա այս բոլոր չարիքները բերեց նրանց վրա”»։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 8

1. Սողոմոնը քսան տարվա ընթացքում կառուցեց Տիրոջ տունն ու իր տունը.

2. Սողոմոնը վերակառուցեց նաև այն քաղաքները, որ Քիրամն իրեն էր տվել էր, և այնտեղ բնակեցրեց Իսրայելի որդիներին։

3. Սողոմոնը գնաց Սուբայի Եմաթ և գրավեց այն։

4. Նա անապատում կառուցեց Թադմորը և Եմաթում՝ բոլոր շտեմարանների քաղաքները։

5. Նա կառուցեց նաև Վերին Բեթորոնն ու Ներքին Բեթորոնը՝ պարիսպներով, դռներով և նիգերով ամրացված քաղաքները,

6. Բաաղեթն ու Սողոմոնի բոլոր շտեմարանների քաղաքները, մարտակառքերի բոլոր քաղաքները, ձիավորների քաղաքներն ու այն ամենը, ինչ կամեցավ կառուցել Սողոմոնը Երուսաղեմում, Լիբանանում և իր տերության ամբողջ երկրում։

7. Այն բոլոր ժողովուրդներին, որոնք մնացել էին քետացիներից, ամորհացիներից, փերեզացիներից, խևացիներից, հեբուսացիներից, որոնք իսրայելացի չէին,

8. այսինքն՝ նրանց որդիներին, որոնք մնացել էին նրանցից հետո այդ երկրում, և որոնց Իսրայելի որդիները չէին կոտորել, Սողոմոնը նրանց հարկատու դարձրեց մինչև այսօր։

9. Բայց նրանք, որոնք Իսրայելի որդիներից էին, Սողոմոնը նրանց ստրուկներ չդարձրեց իր աշխատանքների համար, որովհետև նրանք պատերազմող մարդիկ էին և իր զորավարների իշխանները, իր մարտակառքերի և իր հեծյալների իշխաններն էին։

10. Սրանք Սողոմոնի գլխավոր իշխաններն էին՝ երկու հարյուր հիսուն հոգի, որոնք իշխում էին ժողովրդի վրա։

11. Սողոմոնը Դավթի քաղաքից հանեց փարավոնի աղջկան և բերեց այն տունը, որ կառուցել էր նրա համար, որովհետև ասում էր. «Իմ կինը չպետք է բնակվի Իսրայելի թագավոր Դավթի տանը, քանի որ սուրբ են այն տեղերը, ուր որ մտել է Տիրոջ տապանակը»։

12. Այն ժամանակ Սողոմոնը Տիրոջը ողջակեզներ մատուցեց սրահի դիմաց իր կառուցած զոհասեղանի վրա,

13. որպեսզի, Մովսեսի պատվիրածի համաձայն, յուրաքանչյուր օրվա համար ողջակեզ մատուցվի շաբաթ օրերին, ամսագլուխներին և հանդիսավոր տոներին տարին երեք անգամ՝ Բաղարջակերաց տոնին, Շաբաթների տոնին և Տաղավարահարաց տոնին։

14. Նա, իր հայր Դավթի հաստատած կանոնի համաձայն, քահանաների դասերը դրեց իրենց պաշտոնների վրա, ղևտացիներին՝ իրենց պահպանությունների վրա, որպեսզի օրհներգեն ու ծառայեն քահանաների առջև ըստ յուրաքանչյուր օրվա կարգի, և դռնապաններին՝ յուրաքանչյուր դռան վրա՝ ըստ իրենց դասերի, որովհետև այդպես էր Աստծու մարդ Դավթի հրամանը։

15. Եվ չշեղվեցին թագավորի հրամանից, որ տվել էր քահանաների, ղևտացիների վերաբերյալ, ոչ էլ որևէ բանի մասին, ոչ էլ գանձարանների մասին։

16. Այսպես իրագործվեց Սողոմոնի ամբողջ գործը՝ Տիրոջ տան հիմը դնելու օրվանից մինչև նրա ավարտը. Տիրոջ տան կառուցումն ավարտվեց։

17. Այն ժամանակ Սողոմոնը գնաց Գասիոն-Գաբեր և Ելաթ, որ ծովեզերքին էր՝ Եդովմի երկրում։

18. Քիրամը նրա համար իր ծառաների միջոցով նավեր և ծովագետ ծառաներ ուղարկեց։ Նրանք Սողոմոնի ծառաների հետ գնացին Օփիր և այնտեղից չորս հարյուր հիսուն տաղանդ ոսկի առան ու բերեցին Սողոմոն թագավորի համար։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 9

1. Սաբայի թագուհին, լսելով Սողոմոնի համբավը, նրան խրթին հարցերով փորձելու համար եկավ Երուսաղեմ շատ մեծ հանդիսությամբ, խնկերով, բազում ոսկով և թանկարժեք քարերով ծանրաբեռնված ուղտերով։ Նա եկավ Սողոմոնի մոտ և նրա հետ խոսեց իր մտքում եղած բոլոր բաների մասին։

2. Սողոմոնը պատասխանեց նրա բոլոր հարցերին, և որևէ գաղտնի բան չմնաց, որ նա չմեկնաբաներ նրա համար։

3. Երբ Սաբայի թագուհին տեսավ Սողոմոնի իմաստությունը, նրա կառուցած տունը,

4. նրա սեղանի ուտելիքը, նրա իշխանավորների նստելու կարգը*, նրա պաշտոնյաների վեր կենալը, նրանց հագուստները, նրա մատռվակներին ու նրանց հագուստները, այն աստիճանները, որոնցով նա բարձրանում էր Տիրոջ տունը, խելքը գլխից գնաց։

5. Եվ ասաց թագավորին. «Ճշմարիտ է ուրեմն այն, ինչ լսել եմ իմ երկրում քո խոսքերի և իմաստության մասին։

6. Ես չէի հավատում նրանց խոսքերին, մինչև որ եկա և իմ աչքերով տեսա. և ահա ինձ չի պատմվել քո մեծ իմաստության կեսի մասին անգամ։ Դու գերազանց ես այն համբավից, որ ես լսել եմ։

7. Երանի քո այս մարդկանց և երանի քո այս ծառաներին, որոնք մշտապես կանգնած են քո առաջ և լսում են քո իմաստությունը։

8. Օրհնյալ լինի քո Տեր Աստվածը, որ հավանեց քեզ, որպեսզի քեզ թագավոր դնի իր աթոռի վրա քո Տեր Աստծու համար։ Որովհետև քո Աստվածը սիրեց Իսրայելին և նրան հավիտյան հաստատելու է, քեզ թագավոր դրեց նրա վրա, որ իրավունք և արդարություն գործադրես»։

9. Եվ նա թագավորին հարյուր քսան տաղանդ ոսկի, չափազանց շատ խունկ և թանկարժեք քարեր տվեց. այնպիսի խունկ, ինչպիսին Սաբայի թագուհին տվեց Սողոմոն թագավորին, չի եղել։

10. Քիրամի ծառաներն ու Սողոմոնի ծառաները ևս, որոնք Օփիրից ոսկի էին բերում, բերեցին նաև ալմուգ փայտ և թանկարժեք քարեր։

11. Թագավորն այդ ալմուգ փայտից Տիրոջ տան և թագավորի տան համար աստիճաններ սարքեց և երգիչների համար՝ քնարներ ու տավիղներ, որոնց նմանը դրանից առաջ չէր տեսնված Հուդայի երկրում։

12. Սողոմոն թագավորը Սաբայի թագուհուն տվեց այն ամենը, ինչ նա ցանկացավ և ուզեց, բացի այն, որ նա բերել էր թագավորի համար։ Ապա նա վերադարձավ և գնաց իր երկիրը իր ծառաների հետ միասին։

13. Միայն մեկ տարում Սողոմոնի համար բերված ոսկու կշիռը վեց հարյուր վաթսունվեց տաղանդ ոսկի էր,

14. բացի այն, որ բերում էին առևտրականներն ու վաճառականները, և բացի այն ոսկուց ու արծաթից, որ բերում էին Արաբիայի թագավորներն ու երկրի նախարարները Սողոմոնի համար։

15. Սողոմոն թագավորը երկու հարյուր վահան պատրաստեց կռածո ոսկուց. յուրաքանչյուր վահանի համար գործածվեց վեց հարյուր սիկղ կռածո ոսկի։

16. Նաև երեք հարյուր ասպար՝ կռածո ոսկուց՝ յուրաքանչյուր ասպարի համար գործածելով երեք հարյուր սիկղ ոսկի։ Թագավորը դրանք դրեց Լիբանանի անտառի տան մեջ։

17. Թագավորը փղոսկրյա մի մեծ գահ պատրաստեց և այն պատեց մաքուր ոսկով։

18. Այդ գահն ուներ վեց ոսկե աստիճան և գահին կցված մի ոսկե պատվանդան։ Գահի նստատեղը այս և այն կողմից ուներ հենարաններ. այդ հենարանների մոտ կային քանդակված երկու առյուծներ։

19. Վեց աստիճանների վրա այս և այն կողմից տասներկու առյուծներ էին կանգնած։ Այսպիսի բան չէր պատրաստված ոչ մի թագավորության մեջ։

20. Սողոմոն թագավորի խմիչքի բոլոր անոթները և Լիբանանի անտառի տան բոլոր անոթները մաքուր ոսկուց էին, արծաթից չէին։ Սողոմոնի օրոք արծաթը ոչինչ էր համարվում։

21. Որովհետև թագավորն ուներ նավեր, որոնք Քիրամի ծառաների հետ գնում էին Թարսիս. երեք տարին մեկ անգամ Թարսիսի նավերը գալիս էին՝ բեռնված ոսկով, արծաթով, փղոսկրով, կապիկներով և սիրամարգերով։

22. Սողոմոն թագավորը հարստությամբ և իմաստությամբ գերազանցեց երկրի բոլոր թագավորներին։

23. Երկրի բոլոր թագավորները ցանկանում էին հանդիպել Սողոմոնին, որպեսզի լսեն նրա իմաստությունը, որն Աստված դրել էր նրա սրտում։

24. Նրանցից ամեն մեկը ամեն տարի բերում էր իր ընծան՝ արծաթե անոթներ, ոսկե անոթներ, հագուստներ, զենք, խնկեր, ձիեր և ջորիներ։

25. Սողոմոնն ուներ չորս հազար ախոռ ձիերի և մարտակառքերի համար և տասներկու հազար ձիավոր, որոնց նա տեղավորեց մարտակառքերի քաղաքներում և Երուսաղեմում՝ թագավորի մոտ։

26. Նա իշխում էր բոլոր թագավորների վրա՝ Եփրատ գետից մինչև փղշտացիների երկիրը և մինչև Եգիպտոսի սահմանը։

27. Թագավորը Երուսաղեմում արծաթը քարի նման հասարակ բան դարձրեց և եղևնափայտը դաշտի* մոլաթզենու չափ շատացրեց։

28. Սողոմոնի համար ձիեր էին բերում Եգիպտոսից և բոլոր երկրներից։

29. Սողոմոնի առաջին և վերջին գործերի մնացած մասը գրի է առնված Նաթան մարգարեի պատմության մեջ, սիլոնացի Աքիայի մարգարեության մեջ և Նաբատի որդի Հերոբովամի մասին Ադդով տեսանողի գրած տեսիլքների մեջ։

30. Սողոմոնը քառասուն տարի թագավորեց Երուսաղեմում ամբողջ Իսրայելի վրա։

31. Ապա Սողոմոնը ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին իր հոր՝ Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավոր եղավ նրա որդի Ռոբովամը։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 10

1. Ռոբովամը գնաց Սյուքեմ, որովհետև ամբողջ Իսրայելը գնացել էր այնտեղ՝ նրան թագավոր դարձնելու համար։

2. Նաբատի որդի Հերոբովամը, որը Սողոմոն թագավորից փախել և Եգիպտոսում էր գտնվում, երբ լսեց այդ, վերադարձավ Եգիպտոսից։

3. Մարդ ուղարկեցին և կանչեցին նրան։ Հերոբովամն ու ամբողջ Իսրայելը եկան և խոսեցին Ռոբովամի հետ՝ ասելով.

4. «Քո հայրը ծանրացրել էր մեր լուծը, բայց դու հիմա թեթևացրո՛ւ քո հոր դաժան ծառայությունն ու մեզ վրա դրած ծանր լուծը, և մենք կծառայենք քեզ»։

5. Նա ասաց նրանց. «Գնացե՛ք և երեք օրից դարձյալ եկե՛ք ինձ մոտ»։ Եվ ժողովուրդը գնաց։

6. Ռոբովամ թագավորը խորհրդակցեց այն ծերերի հետ, որոնք իր հոր՝ Սողոմոնի կենդանության ժամանակ կանգնում էին նրա առաջ, և ասաց. «Ի՞նչ խորհուրդ եք տալիս ինձ, որ ես պատասխան տամ այս ժողովրդին»։

7. Նրանք խոսեցին նրա հետ՝ ասելով. «Եթե դու այս ժողովրդի հանդեպ քաղցր լինես, հաճոյանաս նրանց և բարի խոսքեր ասես նրանց, այն ժամանակ նրանք միշտ քո ծառաները կլինեն»։

8. Բայց նա մերժեց այն խրատը, որ ծերերը տվեցին իրեն, և խորհուրդ հարցրեց այն երիտասարդներից, որոնք մեծացել էին իր հետ և կանգնել էին իր առջև։

9. Նա ասաց նրանց. «Դո՞ւք ինչ խորհուրդ եք տալիս, որ պատասխանեմ այս ժողովրդին, որն ինձ ասաց. “Թեթևացրո՛ւ այն լուծը, որ քո հայրը դրել է մեզ վրա”»։

10. Նրա հետ մեծացած երիտասարդները խոսեցին նրա հետ՝ ասելով. «Այսպե՛ս ասա այն ժողովրդին, որ քեզ հետ խոսել և ասել է, թե՝ “Քո հայրը մեր լուծը ծանրացրել էր, իսկ դու այն թեթևացրո՛ւ մեր վրայից”. նրանց հետ կխոսես այսպես. “Իմ ճկույթն իմ հոր մեջքից ավելի հաստ է։

11. Արդ, իմ հայրը ծանր լուծ էր դրել ձեզ վրա, իսկ ես ավելի կծանրացնեմ ձեր լուծը. իմ հայրը ձեզ խրատում էր մտրակներով, իսկ ես կխրատեմ կարիճներով”»։

12. Հերոբովամն ու ամբողջ ժողովուրդը երրորդ օրը եկան Ռոբովամի մոտ, ինչպես որ թագավորը խոսել էր՝ ասելով. «Երեք օրից դարձյալ եկե՛ք ինձ մոտ»։

13. Թագավորը խստությամբ պատասխանեց ժողովրդին՝ մերժելով ծերերի խորհուրդը։

14. Եվ նրանց հետ խոսեց ըստ այդ երիտասարդների խորհրդի՝ ասելով. «Իմ հայրը ձեր լուծը ծանրացրել էր, իսկ ես ավելի կծանրացնեմ այն. իմ հայրը ձեզ խրատում էր մտրակներով, իսկ ես կխրատեմ կարիճներով»։

15. Թագավորը չլսեց ժողովրդին, որովհետև Աստծու կողմից այդպես էր դարձված, որպեսզի Տերը հաստատի իր այն խոսքը, որ սիլոնացի Աքիայի միջոցով ասել էր Նաբատի որդի Հերոբովամին։

16. Երբ ամբողջ Իսրայելը տեսավ, որ թագավորը չլսեց իրեն, այն ժամանակ ժողովուրդը պատասխանեց թագավորին՝ ասելով. «Մենք ի՞նչ բաժին ունենք Դավթի հետ, մենք Հեսսեի որդու հետ ժառանգություն չունենք։ Ամեն մարդ թող գնա իր տունը, ո՛վ իսրայելացիներ։ Հիմա դու քո տան մասի՛ն հոգա, ո՛վ Դավիթ»։ Եվ բոլոր իսրայելացիները գնացին իրենց տները։

17. Ռոբովամը թագավոր եղավ միայն այն իսրայելացիների վրա, որոնք բնակվում էին Հուդայի քաղաքներում։

18. Ռոբովամ թագավորը պարտադիր աշխատանքի տեսուչ Ադորամին ուղարկեց, բայց Իսրայելի որդիները քարկոծեցին նրան, և նա մեռավ։ Ռոբովամ թագավորը շտապեց, որ իր կառքը բարձրանա ու փախչի Երուսաղեմ։

19. Այսպես Իսրայելը ապստամբեց Դավթի տան դեմ, ու այդպես է մինչև այսօր։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 11

1. Ռոբովամը եկավ Երուսաղեմ և Հուդայի ու Բենիամինի տնից հավաքեց հարյուր ութսուն հազար ընտիր ռազմիկներ, որպեսզի պատերազմեն Իսրայելի դեմ և թագավորությունը ետ դարձնեն Ռոբովամին։

2. Տիրոջ խոսքը եղավ Աստծու մարդ Սեմայիային՝ ասելով.

3. «Խոսի՛ր Հուդայի թագավոր Սողոմոնի որդի Ռոբովամի և Հուդայում ու Բենիամինում գտնվող բոլոր իսրայելացիների հետ՝ ասելով. “Այսպես է ասում Տերը.

4.

5. Ռոբովամը բնակվեց Երուսաղեմում և պարսպապատ քաղաքներ կառուցեց Հուդայի մեջ,

6. այսինքն՝ կառուցեց Բեթլեհեմը, Ետամը, Թեկուեն,

7. Բեթսուրը, Սոքովը, Ոդողոմը,

8. Գեթը, Մարեսան, Զիփը,

9. Ադորայիմը, Լաքիսը, Ազեկան,

10. Սարաան, Այեղոնը և Քեբրոնը, որոնք Հուդայի ու Բենիամինի մեջ պարսպապատ քաղաքներ էին։

11. Նա դրանց պարիսպներն ամրացրեց, զորապետներ դրեց դրանց մեջ և ուտելիքի, ձեթի ու գինու շտեմարաններ։

12. Վահաններ ու նիզակներ դրեց յուրաքանչյուր քաղաքում և խիստ ամրացրեց դրանք։ Հուդան և Բենիամինը նրանը եղան։

13. Ամբողջ Իսրայելում գտնվող քահանաներն ու ղևտացիները երկրի բոլոր սահմաններից հավաքվեցին նրա մոտ,

14. որովհետև ղևտացիները թողնում էին իրենց ագարակներն ու իրենց կալվածքները և գնում էին Հուդա ու Երուսաղեմ, քանի որ Հերոբովամն ու նրա որդիները նրանց դուրս էին անում Տիրոջ քահանայությունից։

15. Նա իր համար քահանաներ նշանակեց Բարձր տեղերի, սատիրների<* և հորթերի արձանների վրա, որ ինքն էր շինել։

16. Նրանցից հետո Իսրայելի բոլոր ցեղերից Երուսաղեմ եկան մարդիկ, որոնք սրտանց փնտրում էին Իսրայելի Տեր Աստծուն, որպեսզի զոհեր մատուցեն իրենց հայրերի Տեր Աստծուն։

17. Նրանք երեք տարվա ընթացքում զորացրին Հուդայի թագավորությունը, հզորացրին Սողոմոնի որդի Ռոբովամին, որովհետև այդ երեք տարիներին գնում էին Դավթի և Սողոմոնի ճանապարհով։

18. Ռոբովամը կին առավ Դավթի որդի Հերիմոթի դուստր Մայելեթին և Հեսսեի որդի Եղիաբի դուստր Աբիքելին։

19. Նա Ռոբովամի համար որդիներ ծնեց՝ Հեուսին, Սամարիային և Զաամին։

20. Դրանից հետո Ռոբովամը կին առավ Աբիսողոմի աղջիկ Մաաքային, որը նրա համար ծնեց Աբիային, Եթթիին, Զիզային և Սաղոմիթին։

21. Ռոբովամն Աբիսողոմի աղջիկ Մաաքային ավելի էր սիրում իր բոլոր կանանցից և հարճերից (որովհետև նա ուներ տասնութ կին և վաթսուն հարճ, որոնցից ունեցավ քսանութ տղա և վաթսուն աղջիկ)։

22. Ռոբովամը Մաաքայի որդի Աբիային գլխավոր նշանակեց իր եղբայրների մեջ, որովհետև ուզում էր նրան թագավոր դարձնել։

23. Նա խելացիություն արեց և իր որդիներից ոմանց ցրեց Հուդայի և Բենիամինի բոլոր երկրներում, բոլոր պարսպապատ քաղաքներում և նրանց տվեց ապրուստի առատ պաշար և շատ կանայք ուզեց նրանց համար։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 12

1. Երբ Ռոբովամի թագավորությունը հաստատվեց, և ինքը հզորացավ, այն ժամանակ թողեց Տիրոջ օրենքը, իր հետ նաև՝ ամբողջ Իսրայելը։

2. Եվ որովհետև նրանք անհավատարիմ եղան Տիրոջը, Ռոբովամ թագավորի իշխանության հինգերորդ տարում Եգիպտոսի Սիսակ թագավորն արշավեց Երուսաղեմի վրա

3. հազար երկու հարյուր մարտակառքով և վաթսուն հազար հեծյալներով։ Անթիվ էր Եգիպտոսից նրա հետ եկած բանակը, որ բաղկացած էր լիբեացիներից, սոկիացիներից և եթովպացիներից։

4. Նա վերցրեց Հուդայի պարսպապատ քաղաքները և եկավ մինչև Երուսաղեմ։

5. Այն ժամանակ Սեմայիա մարգարեն եկավ Ռոբովամի և Հուդայի երկրի իշխանների մոտ, որոնք Սիսակի ահից հավաքվել էին Երուսաղեմում, և ասաց նրանց. «Այսպես է ասում Տերը. “Դուք ինձ թողեցիք, ուրեմն ես էլ ձեզ եմ թողնում Սիսակի ձեռքում”»։

6. Իսրայելի իշխաններն ու թագավորը խոնարհվեցին և ասացին. «Արդար է Տերը»։

7. Երբ Տերը տեսավ նրանց խոնարհվելը, Տիրոջ խոսքը եղավ Սեմայիային՝ ասելով. «Նրանք խոնարհվեցին. ես նրանց կորստյան չեմ մատնի, շուտով նրանց ազատություն կտամ, և իմ բարկությունը չի թափվի Երուսաղեմի վրա Սիսակի միջոցով։

8. Սակայն նրանք ծառաներ կդառնան նրան և կհասկանան, թե ի՛նչ է ինձ ծառայելը, և ի՛նչ է երկրային թագավորներին ծառայելը»։

9. Եգիպտոսի Սիսակ թագավորը հարձակվեց Երուսաղեմի վրա և առավ Տիրոջ տան գանձերն ու թագավորի տան գանձերը. առավ ամեն ինչ։ Նա առավ նաև Սողոմոնի պատրաստած ոսկե ասպարները։

10. Ռոբովամ թագավորը դրանց փոխարեն պղնձե ասպարներ պատրաստեց և դրանք հանձնեց թագավորի տան մուտքը պահպանող սուրհանդակների գլխավորներին։

11. Երբ թագավորը մտնում էր Տիրոջ տունը, գալիս էին սուրհանդակները և կրում դրանք. ապա կրկին դրանք վերցնում ու տանում էին սուրհանդակների պահակատունը։

12. Քանի որ նա խոնարհվեց, Տիրոջ բարկությունը վերացավ նրանից, և Տերը նրան ամբողջովին չկործանեց. Հուդայում բարի բաներ էլ կային։

13. Ռոբովամ թագավորը հզորացավ Երուսաղեմում և այնտեղ թագավորում էր։ Երբ Ռոբովամը թագավոր դարձավ, արդեն քառասունմեկ տարեկան էր. նա տասնյոթ տարի թագավորեց Երուսաղեմում՝ այն քաղաքում, որ Տերն ընտրել էր Երուսաղեմի բոլոր ցեղերից՝ իր անունն այնտեղ դնելու համար։ Ռոբովամի մոր անունն էր Նաամա՝ Ամմոնացի։

14. Նա չարիք գործեց, որովհետև նա իր սիրտը չուղղեց Տիրոջ կողմը՝ նրան փնտրելու համար։

15. Ռոբովամի առաջին և վերջին գործերը գրի են առնված Սեմայիա մարգարեի պատմությունների և Ադդով տեսանողի ազգաբանությունների մեջ։ Ռոբովամի և Հերոբովամի միջև շարունակ պատերազմներ տեղի ունեցան։

16. Ռոբովամը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Դավթի քաղաքում։ Նրա որդի Աբիան թագավոր եղավ նրա փոխարեն։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 13

1. Հերոբովամի թագավորության տասնութերորդ տարում Աբիան թագավոր եղավ Հուդայի վրա։

2. Նա երեք տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Միքայիա՝ դուստրը գաբաացի Ուրիելի։ Պատերազմ կար Աբիայի և Հերոբովամի միջև։

3. Աբիան պատերազմ կազմակերպեց զորեղ մարտիկներով՝ չորս հարյուր հազար ընտիր մարդկանցով, իսկ Հերոբովամը նրա դեմ պատերազմի դուրս ելավ ութ հարյուր հազար ընտիր, քաջազուն մարդկանցով։

4. Աբիան կանգնեց Սեմարիմ լեռան վրա, որը Եփրեմի լեռնակողմում էր, և ասաց. «Լսեցե՛ք ինձ, ո՛վ Հերոբովամ և բոլոր իսրայելացիներ.

5. մի՞թե ձեզ հայտնի չէ, որ Իսրայելի Տեր Աստվածը աղի ուխտով* Իսրայելի թագավորությունը հավիտյան տվել է Դավթին, նրան և նրա որդիներին։

6. Բայց Դավթի որդի Սողոմոնի ծառան՝ Նաբատի որդի Հերոբովամը, վեր կացավ և ապստամբեց իր տիրոջ դեմ։

7. Նրա մոտ հավաքվեցին դատարկ, անօրեն մարդիկ և ընդդիմացան Սողոմոնի որդի Ռոբովամին, բայց Ռոբովամը երեխա էր, փափուկ սիրտ ուներ և նրանց դեմ չելավ։

8. Եվ հիմա դուք կարծում եք, թե դե՞մ կկանգնեք Տիրոջ թագավորությանը, որը Դավթի որդիների ձեռքին է։ Դուք մեծ բազմություն եք, և ձեզ հետ են ոսկե հորթերը, որոնց Հերոբովամը ձեզ համար աստվածներ է արել։

9. Մի՞թե դուք դուրս չքշեցիք Տիրոջ քահանաներին՝ Ահարոնի որդիներին ու ղևտացիներին, և ձեզ համար քահանաներ ընտրեցիք, ինչպես ուրիշ երկրների ժողովուրդները։ Քահանա դառնալու համար ով որ գալիս էր մեկ զվարակով և յոթ խոյերով, քահանա էր լինում չաստվածների համար։

10. Բայց մեր Աստվածը Տերն է, և մենք նրան չլքեցինք։ Տիրոջը ծառայող քահանաները Ահարոնի որդիներն են, և ղևտացիները՝ իրենց պաշտոնին։

11. Նրանք ամեն առավոտ և ամեն երեկո ողջակեզներ են զոհում Տիրոջը, անուշահոտ խունկ են ծխում, մաքուր սեղանի վրա շարում են առաջավորության հացը և պատրաստում ոսկե աշտանակն ու նրա ճրագները՝ ամեն երեկո վառելու համար, որովհետև մենք պահում ենք մեր Տեր Աստծու պահպանությունը, իսկ դուք նրան լքել եք։

12. Ահա Աստված մեզ հետ է իբրև գլխավոր, և նրա քահանաներն ու ազդարարող փողերը, որ հնչեն ձեր դեմ։ Իսրայելի՛ որդիներ, մի՛ պատերազմեք ձեր հայրերի Տեր Աստծու դեմ, որովհետև հաջողություն չեք ունենա»։

13. Բայց Հերոբովամը շրջանցել տվեց դարանակալներին, որպեսզի գան նրանց հետևի կողմից. իրենք լինեն հուդայականների դիմաց, իսկ դարանակալները՝ նրանց հետևում։

14. Հուդայականները հետ նայեցին ու տեսան, որ պատերազմն ահա իրենց առջևից և հետևից էր, ուստի աղաղակեցին Տիրոջը, իսկ քահանաները հնչեցրին փողերը։

15. Հուդայի երկրի մարդիկ աղաղակ բարձրացրին։ Երբ հուդայականներն աղաղակեցին, Աստված հարվածեց Հերոբովամին ու ամբողջ Իսրայելին Աբիայի և Հուդայի առջև։

16. Իսրայելի որդիները փախան Հուդայի առջևից, և Աստված սրանց մատնեց նրանց ձեռքը։

17. Աբիան և նրա զորքը մեծ ջարդ տվեցին նրանց, և Իսրայելից հինգ հարյուր հազար ընտիր մարդ կոտորվեց։

18. Այդ ժամանակ Իսրայելի որդիները նվաճվեցին, իսկ Հուդայի որդիները զորացան, որովհետև ապավինել էին իրենց հայրերի Տեր Աստծուն։

19. Աբիան հալածեց Հերոբովամին և նրանից վերցրեց քաղաքներ՝ Բեթելն ու նրա գյուղերը, Հեսանան ու նրա գյուղերը և Եփրոնն ու նրա գյուղերը։

20. Աբիայի օրոք Հերոբովամն այլևս ուժ չունեցավ։ Տերը հարվածեց նրան, և նա մեռավ։

21. Աբիան հզորացավ. նա տասնչորս կին առավ և ունեցավ քսաներկու տղա և տասնվեց աղջիկ։

22. Աբիայի մնացած պատմությունը, նրա ընթացքն ու խոսքերը գրված են Ադդով մարգարեի հիշատակարանում։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 14

1. Աբիան ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավոր եղավ նրա որդի Ասան։ Նրա օրոք երկիրը տասը տարի հանգիստ մնաց։

2. Ասան բարի և ուղիղ գործեր արեց իր Տեր Աստծու աչքի առաջ։

3. Նա վերացրեց օտար զոհասեղաններն ու Բարձր տեղերը, կոտրատեց արձանները և կտրտեց աստարովթները։

4. Նա հրամայեց Հուդային, որ փնտրեն իրենց հայրերի Տեր Աստծուն և կատարեն նրա օրենքն ու պատվիրանները։

5. Նա Հուդայի բոլոր քաղաքներից վերացրեց Բարձր տեղերն ու խունկի սեղանները, և թագավորությունը հանգստություն գտավ նրա առաջ։

6. Հուդայում նա պարսպապատ քաղաքներ կառուցեց, որովհետև երկիրը հանգիստ էր, և այդ տարիներին պատերազմ չկար նրա դեմ, քանի որ Տերը նրան հանգստություն էր տվել։

7. Ասան Հուդայի մարդկանց ասաց. «Կառուցենք այս քաղաքները, դրանք շրջապատենք պարիսպներով, աշտարակներով, դռներով ու նիգերով. երկիրը տակավին մերն է, որովհետև մենք փնտրեցինք մեր Տեր Աստծուն, փնտրեցինք նրան, և նա մեզ հանգստություն տվեց բոլոր կողմերից»։ Նրանք կառուցեցին և հաջողություն ունեցան։

8. Ասան Հուդայում վահան և նիզակ կրող երեք հարյուր հազար զորք ուներ, իսկ Բենիամինում՝ ասպար կրող և աղեղ քաշող երկու հարյուր ութսուն հազար զորք։ Սրանք բոլորը զորավոր քաջեր էին։

9. Եթովպացի Զարան մեկ միլիոն* զորքով և երեք հարյուր մարտակառքով նրանց դեմ ելավ ու եկավ մինչև Մարեսա։

10. Ասան դուրս եկավ նրա դիմաց, և նրանք պատերազմի համար շարվեցին Մարեսայի Սեփաթա ձորում։

11. Ասան աղաղակեց իր Տեր Աստծուն՝ ասելով. «Ո՛վ Տեր, քեզ համար մի մեծ բան չէ թե՛ հզորին, թե՛ տկարին օգնելը. օգնի՛ր մեզ, ո՛վ մեր Տեր Աստված, որովհետև մենք քեզ ենք ապավինել և քո անունով ենք եկել այս բազմության դեմ։ Ո՛վ Տեր, դու ես մեր Աստվածը. թող մարդը քեզանից ուժեղ չլինի»։

12. Եվ Տերը եթովպացիներին հարվածեց Ասայի և Հուդայի առաջ, ու եթովպացիները փախան։

13. Ասան և նրա հետ եղող բանակը նրանց հալածեցին մինչև Գերարա, և եթովպացիներից ընկան, այնպես որ նրանցից կենդանի մնացող չեղավ, որովհետև նրանք ջարդվեցին Տիրոջ առաջ և նրա բանակի առաջ, և շատ մեծ ավար վերցրին։

14. Նրանք ավերեցին Գերարայի շրջակա քաղաքները, որովհետև Տիրոջ վախը պատել էր նրանց, և կողոպտեցին բոլոր քաղաքները, որովհետև շատ ավար կար դրանց մեջ։

15. Նրանք ավերեցին նաև հովիվների վրաններն ու քշեցին տարան բազում ոչխարներ և ուղտեր ու վերադարձան Երուսաղեմ։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 15

1. Աստծու Հոգին իջավ Օդեդի որդի Ազարիայի վրա։

2. Նա գնաց կանգնեց Ասայի առջև և ասաց նրան. «Լսեցե՛ք ինձ, ո՛վ Ասա և ողջ Հուդա ու Բենիամին. Տերը ձեզ հետ կլինի, քանի որ դուք նրա հետ եք։ Եթե դուք նրան որոնեք, կգտնեք նրան, իսկ եթե նրան լքեք, նա էլ ձեզ կլքի։

3. Բազում օրեր Իսրայելը մնացել էր առանց ճշմարիտ Աստծու, առանց ուսուցանող քահանայի և առանց օրենքի։

4. Բայց երբ իր նեղության մեջ նա դարձավ դեպի Իսրայելի Տեր Աստվածը և որոնեց նրան, այն ժամանակ նրան գտավ։

5. Այդ ժամանակներում ապահովություն չկար դուրս եկողի և ներս մտնողի համար, որովհետև երկրի բոլոր բնակիչների մեջ շատ խռովություն կար։

6. Բախվում էին ազգ ազգի և քաղաք քաղաքի, որովհետև Աստված ամեն տեսակ նեղություններով զարհուրեցրել էր նրանց։

7. Բայց դուք զորացե՛ք, և ձեր ձեռքերը թող չթուլանան, որովհետև վարձ կա ձեր գործին»։

8. Երբ Ասան Օդեդի որդի Ազարիայի այս խոսքերն ու մարգարեությունը լսեց, զորացավ և դեն գցեց նողկալի կուռքերը Հուդայի և Բենիամինի ամբողջ երկրից ու Եփրեմի լեռան վրա իր գրաված քաղաքներից։ Ապա նորոգեց Տիրոջ զոհասեղանը, որը գտնվում էր Տիրոջ տաճարի գավթի առջևում։

9. Նա հավաքեց Հուդայի և Բենիամինի բոլոր մարդկանց, ինչպես և Եփրեմի, Մանասեի ու Շմավոնի ցեղերից նրանց հետ եղող պանդուխտներին, որովհետև Իսրայելից շատերն անցան նրա կողմը՝ տեսնելով, որ նրա Տեր Աստվածը նրա հետ է։

10. Նրանք հավաքվեցին Երուսաղեմում՝ Ասայի թագավորության տասնհինգերորդ տարվա երրորդ ամսին։

11. Այդ օրը իրենց բերած ավարից Տիրոջ համար զոհաբերեցին յոթ հարյուր արջառ և յոթ հազար ոչխար։

12. Եվ ուխտ արեցին, որ իրենց հայրերի Տեր Աստծուն պիտի փնտրեն ամբողջ սրտով և ամբողջ հոգով։

13. Ով չփնտրի Իսրայելի Տեր Աստծուն, պիտի մեռցվի՝ փոքրից մինչև մեծը, թե՛ տղամարդ, թե՛ կին։

14. Բարձր ձայնով և աղաղակներով, փողերով և շեփորներով երդում արեցին Տիրոջը։

15. Ամբողջ Հուդան ուրախացավ այդ երդման համար, որովհետև երդվել էին իրենց ամբողջ սրտով, հոժարակամ փնտրել էին Տիրոջն ու գտել նրան։ Եվ Տերը հանգստություն տվեց նրանց բոլոր կողմերից։

16. Ասան թագավորի մայր*Մաաքային իսկ զրկեց տիկնանց տիկնությունից, որովհետև նա Աշերա չաստվածուհու պիղծ կուռք էր շինել։ Ասան խորտակեց նրա կուռքը և այրեց Կեդրոնի հեղեղատում։

17. Թեև Բարձր տեղերը չվերացվեցին Իսրայելից, սակայն Ասայի սիրտն ուղիղ էր իր կյանքի բոլոր օրերին։

18. Նա Աստծու տունը տարավ իր հոր նվերներն ու իր նվերները՝ արծաթը, ոսկին և անոթները։

19. Եվ պատերազմ չեղավ մինչև Ասայի թագավորության երեսունհինգերորդ տարին։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 16

1. Ասայի թագավորության երեսունվեցերորդ տարում Իսրայելի Բաասա թագավորը հարձակվեց Հուդայի վրա և կառուցեց Ռաման, որպեսզի չթողնի Հուդայի Ասա թագավորի երկրից մարդ դուրս ելնի և ներս մտնի։

2. Ասան արծաթ և ոսկի հանեց Տիրոջ տան և թագավորի տան գանձարաններից և ուղարկեց Դամասկոսում բնակվող ասորիների Բենադադ թագավորին՝ ասելով.

3. «Թող դաշինք լինի իմ ու քո միջև, ինչպես որ կար իմ հոր ու քո հոր միջև։ Ահա քեզ համար արծաթ և ոսկի եմ ուղարկում. արի քանդի՛ր Իսրայելի թագավոր Բաասայի հետ քո դաշինքը, որպեսզի ինձանից հեռանա»։

4. Բենադադը լսեց Ասա թագավորին և իր զորքերի հրամանատարներին ուղարկեց Իսրայելի քաղաքների դեմ։ Նրանք հարված հասցրին Իոնին, Դանին, Աբելմայիմին և Նեփթաղիմի բոլոր շտեմարանի քաղաքներին։

5. Երբ Բաասան այդ իմացավ, դադարեց Ռաման կառուցելուց և թողեց իր գործը։

6. Ասա թագավորը հավաքեց Հուդայի բոլոր մարդկանց, որոնք վերցրին Բաասայի կառուցած Ռամայի քարերն ու փայտերը, և դրանցով կառուցեց Գաբաան և Մասփան։

7. Այդ ժամանակ Հուդայի թագավոր Ասայի մոտ եկավ Անանի տեսանողը և ասաց նրան. «Որովհետև դու ապավինեցիր ասորիների թագավորին և չապավինեցիր քո Տեր Աստծուն, դրա համար ասորիների թագավորի զորքը ազատվեց քո ձեռքից։

8. Մի՞թե եթովպացիներն ու լիբեացիները մեծաթիվ զորք չունեին չափազանց շատ մարտակառքերով և ձիավորներով. բայց քանի որ դու Տիրոջն էիր ապավինել, նա նրանց քո ձեռքը մատնեց,

9. որովհետև Տիրոջ աչքերը դիտում են ամբողջ երկիրը, որպեսզի զորացնի նրանց, որոնք ուղիղ սրտով հարում են իրեն։ Դու անմտություն արեցիր այդ գործում, ուստի սրանից հետո պատերազմներ ես ունենալու»։

10. Ասան բարկացավ տեսանողի վրա և նրան բանտարկեց, որովհետև զայրացած էր նրա դեմ այդ բանի համար։ Այդ ժամանակ Ասան ժողովրդից ոմանց ճնշեց։

11. Ասայի առաջին ու վերջին գործերի պատմությունը. ահա դրանք գրի են առնված Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում։

12. Ասան ոտքերից հիվանդացավ իր թագավորության երեսունիններորդ տարում, և նրա հիվանդությունը ծանրացավ։ Բայց իր հիվանդության ժամանակ չփնտրեց Տիրոջը, այլ բժիշկներ ուզեց։

13. Ասան ննջեց իր հայրերի հետ և մեռավ իր թագավորության քառասունմեկերորդ տարում։

14. Նրան թաղեցին Դավթի քաղաքում, այն գերեզմանում, որ ինքը պատրաստել էր։ Նրան պառկեցրին մի անկողնում, որը լցրել էին զանազան արվեստագործ բաղադրություններով, և նրա պատվին մեծ կրակ վառեցին։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 17

1. Նրա որդի Հոսափատը թագավոր եղավ նրա փոխարեն և իր պաշտպանության միջոցները զորացրեց Իսրայելի դեմ։

2. Զորքեր դրեց Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքներում, ինչպես նաև պահապան զորքեր՝ Հուդայի երկրում և Եփրեմի երկրի քաղաքներում, որոնք գրավել էր իր հայր Ասան։

3. Տերը Հոսափատի հետ էր, որովհետև նա գնում էր իր նախահոր՝ Դավթի սկզբնական ճանապարհներով. Բահաղներ չորոնեց,

4. այլ իր հոր Աստծուն փնտրեց և առաջնորդվեց նրա պատվիրաններով և ոչ թե ինչպես արել էր Իսրայելը։

5. Տերը հաստատեց թագավորությունը նրա ձեռքում։ Ամբողջ Հուդան ընծաներ էր տալիս Հոսափատին, և նրա հարստությունն ու փառքը մեծացան։

6. Նրա սիրտը արիացավ Տիրոջ ճանապարհների մեջ, և նա Հուդայից վերացրեց Բարձր տեղերն ու Աստարովթի կուռքերը։

7. Իր թագավորության երրորդ տարում նա իր իշխանավորներին՝ Բենհայիլին, Աբդիային, Զաքարիային, Նաթանայելին և Միքիային, ուղարկեց, որ ուսուցանեն Հուդայի քաղաքներում։

8. Նրանց հետ էին ղևտացիներ Սեմայիան, Նաթանիան, Զաբաթիան, Ասայելը, Սեմիրամոթը, Հովնաթանը, Ադոնիան, Տուբիան և Տոբադոնիան։ Նրանց հետ էին նաև Եղիսամա և Հովրամ քահանաները։

9. Նրանք ուսուցանում էին Հուդայում՝ իրենց մոտ ունենալով Տիրոջ օրենքի գիրքը։ Նրանք շրջեցին Հուդայի բոլոր քաղաքները և ուսուցանում էին ժողովրդին։

10. Տիրոջ վախը պատեց Հուդայի շրջակայքում գտնվող բոլոր երկրների թագավորություններին, և նրանք չպատերազմեցին Հոսափատի դեմ։

11. Փղշտացիներից էլ ոմանք ընծաներ և հարկի փող էին բերում Հոսափատի համար. արաբները նույնպես իրենց հոտերից նրան բերում էին յոթ հազար յոթ հարյուր խոյ և յոթ հազար յոթ հարյուր նոխազ։

12. Հոսափատը գնալով մեծացավ և շատ բարձրացավ։ Հուդայում նա կառուցեց բերդեր և շտեմարանների քաղաքներ։

13. Նա շատ գործեր ուներ Հուդայի քաղաքներում, իսկ Երուսաղեմում՝ քաջազուն ռազմիկներ։

14. Ահա նրանց մարդահամարը ըստ իրենց ազգատոհմերի. Հուդայի հազարապետներն էին՝ Եդնա իշխանը. նրա հետ՝ երեք հարյուր հազար քաջազուն ռազմիկներ։

15. Նրանից հետո՝ Հոհանան իշխանը. նրա հետ՝ երկու հարյուր ութսուն հազար մարդ։

16. Նրանից հետո՝ Զեքրիի որդի Ամասիան, որն իրեն նվիրել էր Տիրոջը. նրա հետ՝ երկու հարյուր հազար քաջազուն ռազմիկներ։

17. Բենիամինից՝ քաջազուն ռազմիկ Եղիադան. նրա հետ՝ երկու հարյուր հազար աղեղնավոր և ասպարավոր։

18. Նրանից հետո՝ Հոզաբադը. նրա հետ՝ հարյուր ութսուն հազար սպառազինյալներ։

19. Սրանք էին թագավորին ծառայություն անողները, բացի նրանցից, որոնց թագավորը դրել էր Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքներում։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18

1. Հոսափատը խիստ մեծ փառք ու հարստություն ունեցավ և խնամի դարձավ Աքաաբի հետ։

2. Մի քանի տարուց հետո նա իջավ Սամարիա՝ Աքաաբի մոտ, և Աքաաբը նրան ու նրա հետ եղող մարդկանց համար շատ ոչխարներ և արջառներ մորթեց և համոզեց նրան, որ բարձրանա Ռամոթ-Գաղաադ։

3. Իսրայելի Աքաաբ թագավորն ասաց Հուդայի թագավոր Հոսափատին. «Ինձ հետ կգնա՞ս Ռամոթ-Գաղաադ»։ Նա ասաց նրան. «Ինչպես դու, այնպես էլ ես, և ինչպես քո ժողովուրդը, այնպես էլ իմ ժողովուրդը. քեզ հետ կգնանք պատերազմի»։

4. Ապա Հոսափատն ասաց Իսրայելի թագավորին. «Բայց հիմա եկ Տիրոջ խոսքը փնտրի»։

5. Իսրայելի թագավորը հավաքեց մարգարեներին՝ չորս հարյուր հոգի, և հարցրեց նրանց. «Ռամոթ-Գաղաադի դեմ պատերազմի գնա՞նք, թե՞ ետ կանգնեմ»։ Նրանք ասացին. «Գնա՛, և Տերն այն կմատնի թագավորի ձեռքը»։

6. Բայց Հոսափատն ասաց. «Այստեղ Տիրոջ ուրիշ մարգարե չկա՞, որ նրանից խորհուրդ հարցնենք»։

7. Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Դեռ մի ուրիշ մարդ էլ կա, որի միջոցով կարելի է Տիրոջը հարցնել, բայց ես ատում եմ նրան, որովհետև ինձ համար բարի բան չի մարգարեանում, այլ միշտ՝ չար բան։ Դա Հեմլայի որդի Միքիան է»։ Հոսափատն ասաց. «Թող թագավորն այդպես չխոսի»։

8. Իսրայելի թագավորը մի ներքինի կանչեց և ասաց. «Շուտ այստե՛ղ բեր Հեմլայի որդի Միքիային»։

9. Իսրայելի թագավորն ու Հուդայի Հոսափատ թագավորը նստել էին՝ յուրաքանչյուրն իր գահի վրա, արքայական զգեստներ հագած. նստել էին կալում՝ Սամարիայի դարպասի առաջ, և բոլոր մարգարեները մարգարեանում էին նրանց առաջ։

10. Քանանայի որդի Սեդեկիան իր համար երկաթե եղջյուրներ շինեց և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Սրանցով կհրես ասորիներին, մինչև որ բնաջնջվեն”»։

11. Բոլոր մարգարեներն էլ այդպես էին մարգարեանում՝ ասելով. «Գնա՛ Ռամոթ-Գաղաադ և հաջողություն կունենաս, և Տերն այն կհանձնի թագավորի ձեռքը»։

12. Այն պատգամավորը, որ գնացել էր Միքիային կանչելու, նրան ասաց. «Ահա մարգարեները միաբերան բարի են խոսում թագավորի համար, ուրեմն թող քո խոսքն էլ նրանցից մեկի ասածի պես լինի. բարի՛ խոսիր»։

13. Բայց Միքիան ասաց. «Կենդանի է Տերը. ինչ որ Աստված ինձ ասի, այն եմ խոսելու»։

14. Եվ երբ նա եկավ թագավորի մոտ, թագավորը նրան հարցրեց. «Միքիա՛, Ռամոթ-Գաղաադ գնա՞նք պատերազմելու, թե՞ ետ կանգնեմ»։ Նա պատասխանեց. «Գնացե՛ք և հաջողություն կունենաք. նրանք ձեր ձեռքը կհանձնվեն»։

15. Թագավորը նրան ասաց. «Քանի՞ անգամ ես քեզ երդում անել տամ, որ Տիրոջ անունով, բացի ճշմարտությունից, ոչինչ չասես»։

16. Այն ժամանակ Միքիան ասաց. «Ես տեսա ամբողջ Իսրայելը՝ ցրված լեռների վրա ոչխարների նման, որոնք հովիվ չունեն, և Տերն ասաց. “Սրանք տեր չունեն, թող ամեն մարդ իր տունը վերադառնա խաղաղությամբ”»։

17. Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Քեզ չասացի՞, որ նա ինձ համար բարի բան չի մարգարեանա, այլ՝ չար»։

18. Եվ Միքիան ասաց. «Ուրեմն լսեցե՛ք Տիրոջ խոսքը։ Ես տեսա Տիրոջը՝ նստած իր գահի վրա և երկնքի բոլոր զորքերը կանգնած նրա աջ և ձախ կողմերին։

19. Տերն ասաց. “Ո՞վ կխաբի Իսրայելի Աքաաբ թագավորին, որ բարձրանա գնա Ռամոթ-Գաղաադի դեմ և կորստյան մատնվի”։ Եվ մեկն այսպես էր ասում, մյուսն՝ այնպես։

20. Այն ժամանակ մի ոգի դուրս եկավ, կանգնեց Տիրոջ առջև և ասաց. “Ես կխաբեմ նրան”։ Տերն ասաց. “Ինչպե՞ս”։

21. Նա էլ պատասխանեց. “Ես դուրս կգնամ և սուտ ոգի կլինեմ նրա բոլոր մարգարեների բերանում”։ Տերն ասաց. “Դու կխաբես և կհաջողես. գնա՛ և արա՛ այդպես”։

22. Արդ, Տերը սուտ ոգի է դրել քո այդ մարգարեների բերանում, բայց Տերը քեզ համար չարիք է խոսել»։

23. Այն ժամանակ Քանանայի որդի Սեդեկիան մոտեցավ, հարվածեց Միքիայի ծնոտին և ասաց. «Ո՞ր ճանապարհով է Տիրոջ հոգին ինձանից անցել, որ քեզ հետ խոսի»։

24. Միքիան պատասխանեց. «Դու այդ կտեսնես այն օրը, երբ սենյակից սենյակ կմտնես թաքնվելու համար»։

25. Իսրայելի թագավորն ասաց. «Վերցրե՛ք Միքիային, տարե՛ք քաղաքապետ Ամոնի ու արքայորդի Հովասի մոտ

26. և ասացե՛ք. “Այսպես է ասում թագավորը. սրան բա՛նտ դրեք և կերակրե՛ք քիչ հացով ու քիչ ջրով, մինչև որ ես վերադառնամ խաղաղությամբ”»։

27. Միքիան ասաց. «Եթե դու խաղաղությամբ վերադարձար ու եկար, ուրեմն Տերն իմ միջոցով չի խոսել»։ Հետո ասաց. «Ո՛վ ժողովուրդ, բոլորդ լսեցե՛ք»։

28. Իսրայելի թագավորն ու Հուդայի Հոսափատ թագավորը գնացին Ռամոթ-Գաղաադի վրա։

29. Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Պետք է կերպարանափոխվեմ և հետո պատերազմի գնամ. բայց դու հագի՛ր քո զգեստները»։ Եվ Իսրայելի թագավորը կերպարանափոխվեց, ու գնացին պատերազմի։

30. Ասորիների թագավորը իր մարտակառքերի պետերին, որոնք իր հետ էին, ասաց. «Չպատերազմեք ո՛չ փոքրի և ո՛չ մեծի դեմ, այլ միայն՝ Իսրայելի թագավորի դեմ»։

31. Եվ երբ մարտակառքերի պետերը տեսան Հոսափատին, ասացին. «Սա է Իսրայելի թագավորը», և դարձան դեպի նա, որ կռվեն նրա հետ։ Հոսափատն աղաղակեց, և Տերը օգնեց նրան. Աստված նրանց հեռացրեց նրանից։

32. Երբ մարտակառքերի պետերը տեսան, որ նա Իսրայելի թագավորը չէ, դադարեցրին հետապնդելը և վերադարձան։

33. Մի մարդ պատահաբար քաշեց աղեղը և խոցեց Իսրայելի թագավորին զրահի կցվածքների միջով։ Իսրայելի թագավորն ասաց կառավարին. «Ե՛տ դարձիր և ինձ դո՛ւրս տար բանակից, որովհետև վիրավորվել եմ»։

34. Այդ օրը պատերազմը սաստկացավ։ Իսրայելի թագավորն իրեն կանգնած պահեց մարտակառքում՝ ասորիների դիմաց, և մեռավ արեգակը մայր մտնելու ժամանակ։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 19

1. Հուդայի Հոսափատ թագավորը խաղաղությամբ վերադարձավ իր տունը՝ Երուսաղեմ։

2. Նրան ընդառաջ եկավ Անանի որդի Հեու տեսանողը և Հոսափատ թագավորին ասաց. «Պե՞տք էր, որ չարին օգնեիր և Տիրոջը ատողներին սիրեիր։ Դրա համար Տերը բարկացել է քո դեմ։

3. Բայց քո մեջ բարի բաներ էլ են գտնվում, որովհետև դու երկրից բնաջնջեցիր Աստարովթի կուռքերը և քո սիրտը պատրաստեցիր Աստծուն պաշտելու»։

4. Հոսափատը բնակվում էր Երուսաղեմում։ Նա դարձյալ դուրս եկավ ժողովրդի մեջ Բեսաբեեից մինչև Եփրեմի լեռը և նրանց դարձրեց դեպի իրենց հայրերի Տեր Աստվածը։

5. Նա դատավորներ կարգեց Հուդայի երկրի բոլոր պարսպապատ քաղաքներում՝ ամեն մեկ քաղաքում։

6. Եվ դատավորներին ասաց. «Տեսե՛ք, թե դուք ինչ եք անելու, որովհետև դուք մարդո՛ւ համար դատաստան չեք տեսնելու, այլ Տիրոջ համար, և նա ձեզ հետ կլինի դատաստանի գործերում։

7. Ուրեմն Տիրոջ երկյուղը թող ձեզ վրա լինի. գործե՛ք զգուշությամբ, որովհետև մեր Տեր Աստծու մոտ անիրավություն, աչառություն և կաշառակերություն չկա»։

8. Երբ Երուսաղեմ էին վերադարձել, Հոսափատը Երուսաղեմում էլ ղևտացիներից, քահանաներից և Իսրայելի տոհմապետներից դատավորներ կարգեց Տիրոջ դատաստանի և վեճերը կարգավորելու համար։

9. Նա նրանց պատվիրեց՝ ասելով. «Այսպես կանեք Տիրոջ երկյուղով, հավատարմությամբ և ուղիղ սրտով։

10. Ամեն մի դատ, որ գա ձեզ մոտ ձեր եղբայրներից, որոնք բնակվում են իրենց քաղաքներում, թե՛ արյունահեղության, թե՛ օրենքի, թե՛ պատվիրանի, թե՛ կանոնների և թե՛ իրավունքի համար լինի, զգուշացրե՛ք նրանց, որ Տիրոջ դեմ հանցանք չգործեն, որպեսզի նրա բարկությունը չիջնի ձեզ վրա և ձեր եղբայրների վրա։ Այսպե՛ս արեք և հանցավոր չեք լինի։

11. Եվ ահա Ամարիա քահանայապետը ձեզ վրա է Տիրոջ բոլոր գործերում, իսկ Հուդայի տան իշխան, Իսմայելի որդի Զաբադիան՝ թագավորի բոլոր գործերում։ Ղևտացիներն էլ ձեր առջևում են իբրև դատարանի կատարածուներ։ Զորացե՛ք ու գործե՛ք, և Տերը բարու հետ կլինի»։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20

1. Դրանից հետո մովաբացիներն ու ամմոնացիները, նրանց հետ նաև մաոնացիներից էլ մարդիկ եկան Հոսափատի դեմ պատերազմելու։

2. Ոմանք եկան և տեղեկացրին Հոսափատին՝ ասելով. «Քեզ վրա մեծ բազմություն է գալիս ծովի այն կողմից՝ Ասորիքից, և ահա նրանք Ասասանթամարում են, այսինքն՝ Ենգադդիում»։

3. Հոսափատը վախեցավ, երեսն ուղղեց դեպի Տերը՝ փնտրելու նրան, և ծոմապահություն հայտարարեց ամբողջ Հուդայում։

4. Հուդայի երկրի մարդիկ հավաքվեցին՝ Տիրոջից օգնություն խնդրելու։

5. Հոսափատը կանգնեց Հուդայի և Երուսաղեմի հավաքված ժողովրդի մեջ, Տիրոջ տանը, նոր սրահի առաջ

6. և ասաց. «Ո՛վ մեր հայրերի Տեր Աստված, դու չե՞ս այն Աստվածը, որ բնակվում է երկնքում և տիրում է ազգերի բոլոր թագավորությունների վրա. քո ձեռքում են զորությունն ու ուժը, և ոչ ոք չի կարող քո դեմ կանգնել։

7. Չէ՞ որ դու, ո՛վ մեր Աստված, քշեցիր այս երկրի բնակիչներին Իսրայելի քո ժողովրդի առջևից և երկիրը հավիտյան տվեցիր քո սիրելի Աբրահամի սերնդին։

8. Եվ նրանք բնակվեցին այստեղ և այստեղ քո անվան սրբարան շինեցին ու ասացին.

9. “Եթե մեզ վրա գան չարիք, սուր, պատուհաս, ժանտախտ կամ սով, մենք կկանգնենք այս տան առաջ, քո դիմաց, որովհետև քո անունն այս տան վրա է, և մեր նեղության մեջ կաղաղակենք դեպի քեզ, և այն ժամանակ դու կլսես ու կազատես մեզ”։

10. Ահա հիմա ամմոնացիները, մովաբացիներն ու Սեիր լեռան բնակիչները, որոնց մեջ մտնելու հրաման չտվեցիր իսրայելացիներին, երբ նրանք դուրս էին եկել Եգիպտոսից, այլ շեղվեցին նրանցից և չբնաջնջեցին նրանց։

11. Բայց ահա նրանք հատուցում են մեզ՝ մեզ վրա հարձակվելով, որպեսզի մեզ դուրս անեն քո ժառանգությունից, որ մեզ տվեցիր որպես ժառանգություն։

12. Ո՛վ մեր Աստված, մի՞թե նրանց չես դատելու, որովհետև մենք զորություն չունենք դեմ կանգնելու այս մեծ բազմությանը, որ եկել է մեզ վրա, և մենք չգիտենք, թե ի՛նչ անենք, որովհետև մեր աչքերը քեզ են ուղղված»։

13. Հուդայի բոլոր բնակիչները կանգնած էին Տիրոջ առաջ իրենց երեխաներով, իրենց կանանցով և որդիներով։

14. Այն ժամանակ հավաքված ժողովրդի մեջ Տիրոջ հոգին իջավ Ասափի որդիներից ղևտացի Մաթանիայի որդու՝ Հեիելի որդու՝ Բանեայի որդու՝ Զաքարիայի որդի Հազիելի վրա,

15. և նա ասաց. «Լսեցե՛ք, Հուդայի բոլո՛ր մարդիկ, Երուսաղեմի՛ բնակիչներ և ո՛վ Հոսափատ թագավոր, Տերը ձեզ այսպես է ասում. “Մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք այս մեծ բազմությունից, որովհետև պատերազմը ձերը չէ, այլ՝ Աստծունը։

16. Վաղ գնացե՛ք նրանց դեմ։ Ահա նրանք բարձրանում են Ասիսի զառիվերով. դուք նրանց կգտնեք հեղեղատի ծայրում՝ Հերուելի անապատի դիմաց։

17. Դուք այս անգամ չեք պատերազմելու. դուք մնացե՛ք ձեր տեղում, սպասե՛ք և կտեսնեք Տիրոջ փրկությունը ձեզ համար։ Ո՛վ Հուդա և Երուսաղեմ, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք. վաղը դո՛ւրս եկեք նրանց դիմաց, և Տերը ձեզ հետ կլինի”»։

18. Հոսափատը երեսնիվայր խոնարհվեց մինչև գետին, ամբողջ Հուդայի և Երուսաղեմի բնակիչներն ընկան Տիրոջ առաջ, որ երկրպագեն Տիրոջը։

19. Ապա Կահաթի տոհմից և Կորխի տոհմից եղող ղևտացիները վեր կացան՝ բարձր և ուժեղ ձայնով օրհնաբանելու Իսրայելի Տեր Աստծուն։

20. Առավոտյան կանուխ վեր կացան և գնացին Թեկուեի անապատը։ Նրանց գնալու ժամանակ Հոսափատը կանգնեց և ասաց. «Ի՛նձ լսեցեք, ո՛վ Հուդայի և Երուսաղեմի բնակիչներ, հավատացե՛ք ձեր Տեր Աստծուն և հաստատ կմնաք, հավատացե՛ք նրա մարգարեներին և հաջողություն կունենաք»։

21. Նա խորհուրդ արեց ժողովրդի հետ, Տիրոջ համար երգիչներ և սուրբ փառքը օրհնաբանողներ կարգեց, որոնք, ընթանալով սպառազինյալների առջևից, ասում էին. «Գոհացե՛ք Տիրոջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը»։

22. Երբ սկսվեց նրանց ցնծության երգն ու օրհնաբանությունը, Տերը դարան դրեց ամմոնացիների ու մովաբացիների և Սեիր լեռան բնակիչների դեմ, որոնք եկել էին Հուդայի վրա հարձակվելու, և նրանք կոտորվեցին։

23. Որովհետև ամմոնացիներն ու մովաբացիները հարձակվեցին Սեիր լեռան բնակիչների վրա՝ ջարդելու և բնաջնջելու նրանց։ Եվ երբ վերջացրին իրենց գործը Սեիրի բնակիչների հետ, իրար օգնեցին՝ միմյանց ջարդելու։

24. Հուդայի մարդիկ եկան անապատի բարձր մի տեղ ու նայեցին այդ բազմությանը. և ահա նրանց դիակները փռված էին գետնին, ոչ ոք չկար ազատված։

25. Այն ժամանակ Հոսափատն ու նրա ժողովուրդը եկան վերցնելու նրանց ավարը։ Նրանք դիակների մեջ գտան շատ ապրանք, թանկարժեք անոթներ և կողոպտեցին այնքան, որ չէին կարողանում տանել։ Երեք օր կողոպտեցին ավարը, որովհետև չափազանց շատ էր։

26. Չորրորդ օրը նրանք հավաքվեցին Բերախայի* հովտում, որովհետև այնտեղ օրհնաբանեցին Տիրոջը. դրա համար էլ այդ տեղը կոչեցին Բերախայի հովիտ մինչև այսօր։

27. Հուդայի և Երուսաղեմի բոլոր մարդիկ, Հոսափատին ունենալով իբրև իրենց պարագլուխ, ճանապարհ ընկան, որպեսզի վերադառնան Երուսաղեմ ուրախությամբ, որովհետև Տերը նրանց ուրախացրել էր՝ ազատելով իրենց թշնամիներից։

28. Նրանք տավիղներով, քնարներով և փողերով մտան Երուսաղեմ՝ Տիրոջ տունը։

29. Աստծու երկյուղն ընկավ մյուս երկրների թագավորությունների վրա, երբ լսեցին, թե Տերը պատերազմել է Իսրայելի թշնամիների դեմ։

30. Հոսափատի թագավորությունը խաղաղ մնաց, և Աստված հանգստություն տվեց նրան ամեն կողմից։

31. Հոսափատը թագավորեց Հուդայի վրա։ Նա երեսունհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և քսանհինգ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Ազուբա՝ Սաղիի դուստրը։

32. Հոսափատն ընթացավ իր հոր՝ Ասայի ճանապարհով և չխոտորվեց դրանից՝ անելով այն, ինչ ուղիղ է Տիրոջ աչքին։

33. Միայն թե Բարձր տեղերը չվերացվեցին, և ժողովուրդն էլ իր սիրտը տակավին չէր պատրաստել դառնալու դեպի իր հայրերի Աստվածը։

34. Հոսափատի մնացյալ գործերը՝ առաջիններն ու վերջինները, գրի են առնված Անանիի որդի Հեուի պատմությունների մեջ, որոնք մտել են Իսրայելի թագավորների գրքի մեջ։

35. Դրանից հետո Հուդայի Հոսափատ թագավորը դաշնակցեց Իսրայելի Օքոզիա թագավորի հետ, որը չար գործեր էր անում։

36. Նրա հետ ընկերացավ, որպեսզի նավեր կառուցեն Թարսիս գնալու համար։ Նրանք նավեր կառուցեցին Գասիոն-Գաբերում։

37. Մարեսացի Դոդիայի որդի Եղիազարը մարգարեացավ Հոսափատի մասին՝ ասելով. «Քանի որ դու դաշնակցեցիր Օքոզիայի հետ, Տերը պիտի քանդի քո գործերը»։ Նավերը ջարդվեցին ու չկարողացան Թարսիս գնալ։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 21

1. Հոսափատը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Դավթի քաղաքում, իր հայրերի կողքին։ Նրա փոխարեն թագավոր եղավ նրա որդի Հովրամը։

2. Սրա եղբայրները՝ Հոսափատի որդիներն էին՝ Ազարիա, Հեքիել, Զաքարիա, Ազարիու, Միքայել և Սափատիա։ Սրանք բոլորը Իսրայելի թագավոր Հոսափատի որդիներն էին։

3. Նրանց հայրը նրանց տվեց շատ պարգևներ՝ ոսկի, արծաթ, թանկարժեք բաներ, ինչպես նաև պարսպապատ քաղաքներ Հուդայում։ Բայց թագավորությունը հանձնեց Հովրամին, որովհետև նա էր անդրանիկը։

4. Երբ Հովրամն ստանձնեց իր հոր թագավորությունն ու հաստատվեց, սրով սպանեց իր բոլոր եղբայրներին, նաև Իսրայելի իշխաններից ոմանց։

5. Հովրամը երեսուներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և ութ տարի թագավորեց Երուսաղեմում։

6. Նա գնաց Իսրայելի թագավորների ճանապարհով, ինչպես արել էր Աքաաբի տունը, որովհետև Աքաաբի աղջիկը նրա կինն էր, և չարիք գործեց Տիրոջ առաջ։

7. Բայց Տերը չուզեց կործանել Դավթի տունը այն ուխտի համար, որ արել էր Դավթի հետ, և ինչպես խոստացել էր նրան՝ միշտ մի ճրագ տալ նրան և նրա որդիներին։

8. Նրա օրոք եդովմացիներն ապստամբեցին Հուդայի գերիշխանության դեմ և մի թագավոր նշանակեցին իրենց վրա։

9. Հովրամը գնաց իր հրամանատարներով ու բոլոր մարտակառքերով և գիշերը վեր կենալով՝ հարվածեց իրեն շրջապատած եդովմացիներին և մարտակառքերի հրամանատարներին։

10. Այդ ապստամբությունից մինչև այսօր եդովմացիներն ազատված են Հուդայի երկրի գերիշխանությունից։ Այդ ժամանակ Լեբնան ևս ապստամբեց Հովրամի գերիշխանության դեմ, որովհետև նա լքել էր իր հայրերի Տեր Աստծուն։

11. Նա նույնիսկ Բարձր տեղերր կառուցեց Հուդայի լեռների վրա, պոռնկություն անել տվեց Երուսաղեմի բնակիչներին և մոլորեցրեց Հուդան։

12. Նրան Եղիա մարգարեից մի թուղթ եկավ, որում ասված էր. «Այսպես է ասում քո հայր Դավթի Տեր Աստվածը. “Քանի որ դու չգնացիր քո հայր Հոսափատի ճանապարհներով և Հուդայի Ասա թագավորի ճանապարհներով,

13. այլ գնացիր Իսրայելի թագավորների ճանապարհով, պոռնկություն անել տվեցիր Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին Աքաաբի տան արած պոռնկությունների նման, նաև սպանեցիր քո հոր որդիներին՝ քո եղբայրներին, որոնք քեզնից լավ էին,

14. ահա Տերը մեծ հարված պիտի հասցնի քո ժողովրդին, քո որդիներին, քո կանանց և քո ամբողջ ունեցվածքին.

15. դու էլ ծանր մի հիվանդություն պիտի ունենաս, որովայնի հիվանդություն, մինչև որ քո փորոտիքը օրեցօր դուրս թափվի հիվանդության պատճառով”»։

16. Տերը Հովրամի դեմ գրգռեց փղշտացիների և արաբացիների ոգին, որոնք բնակվում էին եթովպացիների կողմերում։

17. Նրանք հարձակվեցին Հուդայի վրա, ներխուժեցին այնտեղ, կողոպտեցին թագավորի տանը գտնված ամբողջ հարստությունը և գերի տարան նրա որդիներին ու կանանց. նրա որդիներից ոչ մեկը չմնաց, բացի ամենափոքր որդուց՝ Հովաքազից։

18. Այս ամենից հետո Տերը նրան հարվածեց որովայնի հիվանդությամբ, որն անբուժելի էր։

19. Որոշ ժամանակ հետո, երբ երկու տարվա չափ ժամանակ էր անցել, նրա փորոտիքը դուրս թափվեց նրա հիվանդության պատճառով, և նա մեռավ՝ չարաչար տանջվելով։ Նրա ժողովուրդը մեծ կրակ չարեց նրա համար, ինչպես որ արել էր նրա հայրերի համար։

20. Նա երեսուներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, ութ տարի թագավորեց Երուսաղեմում և գնաց՝ առանց որևէ մեկի՝ իր վրա ողբալու,* և նրան թաղեցին Դավթի քաղաքում, բայց ոչ թագավորների գերեզմաններում։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 22

1. Երուսաղեմի բնակիչները նրա փոխարեն թագավոր արեցին նրա կրտսեր որդուն՝ Օքոզիային, որովհետև բոլոր մեծերին սպանել էին այն գնդերը, որոնք բանակատեղի էին եկել արաբացիների հետ։ Այսպես թագավոր դարձավ Հուդայում Հովրամ թագավորի որդի Օքոզիան։

2. Օքոզիան քառասուներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ*, և մեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Գոթողիա՝ Ամրիի դուստրը։

3. Սա էլ գնաց Աքաաբի տան ճանապարհներով, որովհետև նրա մայրը խրատում էր նրան, որ չարիք գործի։

4. Նա չարիք գործեց Տիրոջ առաջ Աքաաբի տան նման, որովհետև նրանք էին նրան խրատ տվողները՝ իր հոր մահից հետո նրան փչացնելու համար։

5. Նաև առաջնորդվելով նրանց խորհուրդներով՝ Իսրայելի թագավոր Աքաաբի որդի Հովրամի հետ գնաց Ռամոթ-Գաղաադ՝ պատերազմելու ասորիների թագավոր Ազայելի դեմ։ Եվ ասորիները վիրավորեցին Հովրամին։

6. Նա վերադարձավ, որ Հեզրայելում բժշկվի այն վերքերից, որ ստացել էր Ռամայում, երբ պատերազմում էր ասորիների Ազայել թագավորի դեմ։ Հուդայի թագավոր Հովրամի որդի Օքոզիան* իջավ Հեզրայել՝ տեսնելու Աքաաբի որդի Հովրամին, որը հիվանդ էր։

7. Աստծուց էր, որ Օքոզիան իր կործանման համար գնար Հովրամի մոտ, որովհետև երբ նա եկավ, Հովրամի հետ ընդառաջ գնաց Նամեսսիի որդի Հեուին, որին Տերը օծել էր Աքաաբի տունը բնաջնջելու համար։

8. Երբ Հեուն Աքաաբի տան վրա Աստծու դատաստանն էր ի գործ դնում, տեսավ, որ Հուդայի երկրի իշխաններն ու Օքոզիայի եղբորորդիները ծառայում էին Օքոզիային, և սպանեց նրանց։

9. Նա փնտրեց Օքոզիային, որին բռնեցին, երբ նա թաքնված էր Սամարիայում։ Նրան բերեցին Հեուի մոտ և սպանեցին նրան. ու թաղեցին նրան, որովհետև ասում էին, թե՝ «Սա այն Հոսափատի որդին է, որն իր ամբողջ սրտով փնտրում էր Տիրոջը»։ Եվ Օքոզիայի տանը չկար մեկը, որ կարողանար թագավորել։

10. Բայց Օքոզիայի մայրը՝ Գոթողիան, երբ տեսավ, որ իր որդին մեռավ, վեր կացավ և ոչնչացրեց Հուդայի տան ամբողջ թագավորական սերունդը։

11. Սակայն թագավորի դուստր Հոսաբեեն թագավորի որդիների սպանվելու ժամանակ նրանց միջից գողացավ տարավ Օքոզիայի որդի Հովասին և նրան իր դայակի հետ դրեց անկողինների սենյակում։ Եվ այսպես Հովրամ թագավորի դուստր Հոսաբեեն՝ Հովիադա քահանայի կինը, որովհետև նա Օքոզիայի քույրն էր, թաքցրեց նրան Գոթողիայից, նա էլ չսպանեց նրան։

12. Հովասը վեց տարի Աստծու տանը թաքնված մնաց նրանց հետ, և Գոթողիան էր թագավորում երկրում։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 23

1. Յոթերորդ տարում Հովիադան քաջություն ունեցավ և դաշինք կնքեց հարյուրապետներ Հերոամի որդի Ազարիայի, Հոհանանի որդի Իսմայելի, Օբեդի որդի Ազարիայի, Ադայիայի որդի Մաասիայի և Զեքրիի որդի Եղիսափատի հետ։

2. Նրանք շրջեցին Հուդայում, Հուդայի բոլոր քաղաքներից հավաքեցին ղևտացիներին ու Իսրայելի տոհմապետներին և եկան Երուսաղեմ։

3. Հավաքված ամբողջ ժողովուրդը դաշինք կնքեց թագավորի հետ Աստծու տանը։ Հովիադան նրանց ասաց. «Ահա՛ թագավորի որդին. թող նա թագավորի, ինչպես որ Տերն ասել է Դավթի որդիների մասին։

4. Ահա թե ի՛նչ պետք է անեք. ձեր մեկ երրորդ մասը՝ քահանաներիցդ և ղևտացիներիցդ նրանք, որ գալիս են շաբաթ օրը ծառայություն կատարելու, դռների պահապաններ թող լինեն,

5. մեկ երրորդը թող լինի թագավորի տանը, մեկ երրորդ մասը՝ Հիմքի դռան մոտ, իսկ ամբողջ ժողովուրդը՝ Տիրոջ տան գավթում։

6. Ոչ ոք չմտնի Տիրոջ տունը, բացի քահանաներից և ղևտացի ծառայողներից։ Նրանք թող մտնեն, որովհետև նրանք սուրբ են, իսկ ամբողջ ժողովուրդը պետք է պահի Տիրոջ հրամանը։

7. Ղևտացիները՝ ամեն մեկը զենքն իր ձեռքին, պետք է շրջապատեն թագավորին ամեն կողմից, և ով տուն մտնի, կսպանվի. թագավորի հե՛տ եղեք նրա ներս մտած և դուրս ելած ժամանակ»։

8. Ղևտացիները և Հուդայի բոլոր բնակիչները Հովիադա քահանայի պատվիրածի պես արեցին, և ամեն մեկը վերցրեց իր մարդկանց, որոնք գալիս էին շաբաթ օրը ծառայություն կատարելու, որովհետև Հովիադա քահանան չէր արձակել ծառայություն կատարող դասերը։

9. Հովիադա քահանան հարյուրապետներին տվեց Դավիթ թագավորի նիզակները, ասպարներն ու վահանները, որ Աստծու տանն էին։

10. Նա ամբողջ ժողովրդին՝ ամեն մեկին զենքն իր ձեռքին, կանգնեցրեց տան աջ կողմից մինչև տան ձախ կողմը, սեղանի և տան մոտ, թագավորի շուրջը։

11. Դուրս հանեցին թագավորի որդուն, նրա վրա դրեցին թագն ու վկայությունը* և թագավոր դարձրին նրան։ Հովիադան և իր որդիները օծեցին նրան ու ասացին. «Կեցցե՛ արքան»։

12. Գոթողիան, լսելով վազող և թագավորին շնորհավորող ժողովրդի ձայնը, գնաց ժողովրդի մոտ՝ Տիրոջ տունը։

13. Նա նայեց և տեսավ, որ թագավորը կանգնած է իր սյան մոտ՝ մուտքի կողքին, իսկ զորապետներն ու փողհարները՝ թագավորի մոտ. երկրի ամբողջ ժողովուրդը ուրախանում էր. փողեր էին հնչեցնում, և երգիչներն ու երաժիշտները օրհներգում էին նվագարաններով։ Այն ժամանակ Գոթողիան պատռեց իր զգեստները և ասաց. «Դավաճանությու՜ն, դավաճանությու՜ն»։

14. Հովիադա քահանան հրամայեց հրամանատարներին, որոնք նշանակված էին զորքի վրա, և ասաց նրանց. «Դո՛ւրս հանեք դրան շարքերի միջից, և ով նրա հետևից գնա, սրով թող սպանվի», որովհետև քահանան ասել էր, թե՝ «Նրան չսպանեք Տիրոջ տանը»։

15. Նրանք ձերբակալեցին նրան, և երբ նա մտնում էր թագավորի պալատը մտնող ձիերի դռնով, այնտեղ սպանեցին նրան։

16. Հովիադան ուխտ կնքեց իր, ամբողջ ժողովրդի և թագավորի միջև, որ իրենք Տիրոջ ժողովուրդը լինեն։

17. Ամբողջ ժողովուրդը գնաց Բահաղի տունը. քանդեցին այն, ջարդեցին նրա զոհասեղաններն ու պատկերները, իսկ Բահաղի քուրմ Մատթանին սպանեցին զոհասեղանների առջև։

18. Հովիադան վերակացուներ դրեց Տիրոջ տան վրա այն ղևտացի քահանաներից, որոնց որոշել էր Դավիթը Տիրոջ տան համար, որպեսզի ողջակեզներ մատուցեն Տիրոջը, ինչպես գրված է Մովսեսի օրենքում՝ ուրախությամբ ու երգերով, ըստ Դավթի սահմանած կարգի։

19. Նա դռնապաններ կարգեց Տիրոջ տան դռների վրա, որպեսզի անմաքուր եղող մարդ որևէ կերպ ներս չմտնի։

20. Ապա վերցրեց հարյուրապետներին, ազնվականներին, ժողովրդի իշխաններին ու երկրի ամբողջ ժողովրդին և թագավորին իջեցրեց Տիրոջ տնից, և վերին դռնով մտան թագավորի տունը և թագավորին նստեցրին արքայական գահին։

21. Երկրի ամբողջ ժողովուրդն ուրախացավ, և քաղաքը խաղաղվեց, իսկ Գոթողիային սպանեցին սրով։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 24

1. Հովասը յոթ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և քառասուն տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Սաբիա Բերսաբեեցի։

2. Հովիադա քահանայի բոլոր օրերին Հովասն ուղիղ գործեց Տիրոջ առաջ։

3. Հովիադան նրա համար երկու կին առավ, որոնցից նա տղաներ և աղջիկներ ունեցավ։

4. Դրանից հետո Հովասի սիրտն ուզեց Տիրոջ տունը նորոգել։

5. Նա հավաքեց քահանաներին ու ղևտացիներին և ասաց նրանց. «Ելեք գնացե՛ք Հուդայի երկրի քաղաքները և ամբողջ Իսրայելից տարեցտարի փո՛ղ հավաքեք ձեր Աստծու տունը նորոգելու համար։ Եվ շո՛ւտ արեք այդ գործը»։ Սակայն ղևտացիները շուտ չարեցին։

6. Թագավորը կանչեց Հովիադա քահանայապետին և ասաց նրան. «Ինչո՞ւ ղևտացիներից չես պահանջում, որ Հուդայից ու Երուսաղեմից բերեն Տիրոջ ծառա Մովսեսի և Իսրայելի ժողովականների դրած տուրքը վկայության խորանի համար,

7. որովհետև անօրեն Գոթողիան և նրա որդիները բռնությամբ մտել էին Աստծու տունը և Տիրոջ տան բոլոր նվերները գործածել Բահաղի համար»։

8. Թագավորը հրամայեց, և մի արկղ պատրաստեցին ու դրեցին Տիրոջ տան դռանը՝ դրսում։

9. Մունետիկ կանչել տվեցին Հուդայում և Երուսաղեմում, որ բերեն Աստծու ծառա Մովսեսի՝ Իսրայելի վրա անապատում դրած տուրքը Տիրոջ համար։

10. Բոլոր իշխաններն ու ամբողջ ժողովուրդը ուրախացան, և բերում ու գցում էին արկղի մեջ, մինչև որ այն լցվեց։

11. Երբ ղևտացիների ձեռքով արկղը բերում էին թագավորի վերակացուի մոտ և երբ տեսնում էին, որ փողը շատացել է, այն ժամանակ գալիս էին թագավորի գրագիրն ու քահանայապետի վերակացուն, դատարկում էին արկղը, ապա տանում էին ետ ու դնում իր տեղը։ Այսպես էին անում ամեն օր և շատ փող հավաքեցին։

12. Թագավորն ու Հովիադան այդ փողը տալիս էին Տիրոջ տան ծառայության գործն անողներին, որոնք քարհատներ և հյուսներ էին վարձում Տիրոջ տունը նորոգելու համար, ինչպես նաև երկաթագործներին ու պղնձագործներին՝ Տիրոջ տունն ամրացնելու համար։

13. Գործավորներն աշխատում էին, և նորոգության գործը կատարվեց նրանց ձեռքով. Աստծու տունը վերականգնեցին իր նախկին չափով և ամրացրին այն։

14. Գործն ավարտելուց հետո փողի մնացած մասը բերեցին թագավորի և Հովիադայի առաջ, և Տիրոջ տան համար անոթներ շինվեցին, անոթներ պաշտամունքի և ողջակեզների համար, խնկամաններ և ոսկե ու արծաթե այլ անոթներ։ Հովիադայի բոլոր օրերին միշտ ողջակեզներ էին մատուցում Տիրոջ տանը։

15. Հովիադան ծերացավ ու մեռավ՝ իր կյանքի օրերից հագեցած։ Մեռնելիս նա հարյուր երեսուն տարեկան էր։

16. Նրան թաղեցին Դավթի քաղաքում՝ թագավորների մոտ, որովհետև Իսրայելում նա բարություն էր արել Աստծու և նրա տան համար։

17. Հովիադայի մահից հետո Հուդայի իշխանները եկան ու խոնարհվեցին թագավորի առաջ, և թագավորը լսեց նրանց։

18. Նրանք լքեցին իրենց հայրերի Տեր Աստծու տունը և ծառայեցին աստարովթներին ու կուռքերին, և նրանց այս հանցանքի համար Հուդայի և Երուսաղեմի վրա Տիրոջ բարկությունն իջավ։

19. Տերը մարգարեներ ուղարկեց նրանց մոտ, որպեսզի նրանց իրենց դարձնեն. նրանք վկայեցին նրանց, բայց նրանք չլսեցին։

20. Աստծու Հոգին եկավ Հովիադա քահանայի որդի Զաքարիայի վրա, և նա, կանգնելով ժողովրդի առաջ մի բարձր տեղ, ասաց նրանց. «Այսպես է ասում Աստված. “Ինչո՞ւ եք զանց անում Տիրոջ պատվիրանները. դուք հաջողություն չեք ունենա, որովհետև լքել եք Տիրոջը, և նա էլ ձե՛զ լքեց”»։

21. Նրանք հարձակվեցին նրա վրա և թագավորի հրամանով քարկոծեցին նրան Տիրոջ տան սրահում։

22. Հովաս թագավորը չհիշեց այն բարեգթությունը, որ ունեցել էր իր հանդեպ Զաքարիայի հայր Հովիադան, և սպանեց նրա որդուն։ Մեռնելիս նա ասաց. «Տե՛րը թող տեսնի և պահանջի»։

23. Հաջորդ տարի նրա դեմ դուրս եկավ ասորիների զորքը, եկան Հուդայի ու Երուսաղեմի վրա, ժողովրդի միջից կոտորեցին ժողովրդի բոլոր իշխաններին և նրանց ամբողջ ավարն ուղարկեցին Դամասկոս՝ թագավորին։

24. Թեև ասորիների զորքերը եկան քիչ մարդկանցով, բայց Տերը չափազանց շատ զորք մատնեց նրանց ձեռքը, որովհետև լքել էին իրենց հայրերի Տեր Աստծուն։ Եվ այսպես Հովասի դատաստանն արեցին։

25. Երբ նրանք գնացին այնտեղից՝ Հովասին ծանր վիրավորված թողնելով, նրա դեմ դավաճանություն արեցին նրա ծառաները՝ Հովիադա քահանայի որդիների արյան համար, և սպանեցին նրան իր անկողնում, և նա մեռավ։ Նրան թաղեցին Դավթի քաղաքում, բայց չթաղեցին թագավորների դամբարանում։

26. Նրա դեմ դավաճանություն անողները ամմոնացի կնոջ՝ Սամեթի որդի Զաբադը և մովաբացի կնոջ՝ Սամարիթի որդի Հոզաբադն են։

27. Նրա որդիների մասին, նրա դեմ ուղղված բազում պատգամների մասին և Աստծու տան վերաշինության մասին ահա գրված է թագավորների գրքի հիշատակարանում։ Նրա որդի Ամասիան թագավորեց նրա փոխարեն։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 25

1. Ամասիան քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հովադան Երուսաղեմացի։

2. Նա ուղիղ գործեց Տիրոջ առջև, միայն ոչ կատարյալ սրտով։

3. Երբ թագավորությունը հաստատ դարձավ նրա համար, նա սպանեց իր թագավոր հորն սպանող ծառաներին,

4. բայց նրանց որդիներին չսպանեց, որովհետև օրենքում՝ Մովսեսի գրքում, գրված է, որ Տերը պատվիրել է՝ ասելով. «Հայրերը որդիների պատճառով, և որդիները հայրերի պատճառով չպետք է մեռնեն, այլ ամեն մարդ իր հանցանքի համար պետք է մեռնի»։

5. Ամասիան հավաքեց Հուդայի մարդկանց և նրանց ըստ ազգատոհմերի դրեց հազարապետների և հարյուրապետների ձեռքի տակ՝ ամբողջ Հուդայի և Բենիամինի երկրի համար։ Նա հաշվառեց քսան և ավելի բարձր տարիք ունեցողներին և գտավ երեք հարյուր հազար պատերազմի գնացող և նիզակ ու վահան կրող ընտիր մարդ։

6. Նա հարյուր տաղանդ արծաթով Իսրայելից վարձեց նաև հարյուր հազար քաջարի զորականներ։

7. Նրա մոտ եկավ Աստծու մի մարդ և ասաց. «Ո՛վ թագավոր, Իսրայելի զորքը թող քեզ հետ չգնա, որովհետև Տերը Իսրայելի հետ չէ, այսինքն՝ Եփրեմի բոլոր որդիների հետ չէ։

8. Բայց եթե ուզում ես, գնա՛, զորացի՛ր պատերազմում, ապա թե ոչ, Աստված քեզ կկործանի թշնամու առջև, որովհետև Աստված զորություն ունի օգնելու և կործանելու»։

9. Ամասիան ասաց Աստծու մարդուն. «Բայց ի՞նչ պիտի լինի այն հարյուր տաղանդը, որ տվել եմ Իսրայելի գնդերին»։ Աստծու մարդը պատասխանեց. «Տերը կարող է քեզ դրանից ավելին տալ»։

10. Ամասիան բաժանեց Եփրեմի երկրից իր մոտ եկած գնդերը, որպեսզի գնան իրենց տեղը. բայց նրանց բարկությունը խիստ բորբոքվեց Հուդայի դեմ, և նրանք վերադարձան իրենց տեղը բորբոքված բարկությամբ։

11. Ամասիան ուժեղացավ և վերցնելով իր զորքը՝ գնաց Աղի ձորը և Սեիրի որդիներից կոտորեց տասը հազար մարդ։

12. Տասը հազար կենդանի մարդկանց էլ Հուդայի մարդիկ գերի վերցրին, տարան նրանց քարաժայռի գլուխն ու վայր գցեցին այնտեղից, և նրանք բոլորն էլ կտոր-կտոր եղան։

13. Բայց այն գնդերի մարդիկ, որոնց Ամասիան ետ էր ուղարկել, որպեսզի իր հետ պատերազմի չգնան, հարձակվեցին Հուդայի քաղաքների վրա Սամարիայից մինչև Բեթորոն, նրանցից երեք հազար հոգու կոտորեցին և շատ ավար տարան։

14. Երբ Ամասիան եդովմացիներին ջարդելուց վերադարձավ, բերեց Սեիրի որդիների աստվածները և կանգնեցրեց դրանք, որպեսզի իր համար աստվածներ լինեն։ Նա երկրպագում և խունկ էր ծխում նրանց առջև։

15. Տիրոջ բարկությունը բորբոքվեց Ամասիայի դեմ, և մի մարգարե ուղարկեց նրա մոտ, ու նա ասաց նրան. «Դու ինչո՞ւ ես փնտրում այն ազգի աստվածները, որոնք չկարողացան իրենց ժողովրդին ազատել քո ձեռքից»։

16. Երբ նա նրան այս բանն էր ասում, թագավորը նրան ասաց. «Մի՞թե քեզ թագավորի խորհրդական են դրել. լռի՛ր, որ քեզ չսպանեն»։ Մարգարեն լռեց, ապա ասաց. «Գիտեմ, որ Աստված որոշել է քեզ կործանել, որովհետև դու այս բանն արեցիր և չլսեցիր իմ խրատը»։

17. Հուդայի Ամասիա թագավորը խորհրդակցելուց հետո մարդ ուղարկեց Հեուի որդի Հովաքազի որդի՝ Իսրայելի թագավոր Հովասի մոտ՝ ասելով. «Ե՛կ, դեմ առ դեմ հանդիպենք»։

18. Բայց Իսրայելի Հովաս թագավորը, Հուդայի թագավորի մոտ մարդ ուղարկելով, ասաց. «Լիբանանի փուշը լուր ուղարկեց Լիբանանի մայրիին՝ ասելով. “Քո աղջկան կնությա՛ն տուր իմ որդուն”։ Բայց Լիբանանի վայրի գազանն անցավ և կոխկռտեց փուշը։

19. Դու ասում ես. “Ահա ես հաղթեցի եդովմացիներին”, և քո սիրտը ուռել է հպարտությունից։ Հիմա նստի՛ր տանդ, ինչո՞ւ ես գրգռվում չարությամբ, որ ընկնես դու, և Հուդան էլ՝ քեզ հետ»։

20. Բայց Ամասիան չլսեց նրան, որովհետև Աստծուց էր, որ նրանք մատնվեն թշնամու ձեռքը, քանի որ պաշտել էին եդովմացիների աստվածներին։

21. Իսրայելի Հովաս թագավորը ելավ գնաց, և նրանք՝ ինքը և Հուդայի Ամասիա թագավորը, դեմ առ դեմ ելան Բեթսամյուսում, որը Հուդայում է գտնվում։

22. Բայց Հուդան պարտվեց Իսրայելի առաջ, և ամեն մարդ փախավ իր վրանը։

23. Իսրայելի Հովաս թագավորը Բեթսամյուսում բռնեց Հովաքազի որդի Հովասի որդի՝ Հուդայի թագավոր Ամասիային և նրան տարավ Երուսաղեմ, քանդեց Երուսաղեմի պարսպի մի մասը Եփրեմի դռնից մինչև Անկյան դուռը՝ չորս հարյուր կանգուն։

24. Նա վերցրեց ամբողջ ոսկին ու արծաթը և Աստծու տանը՝ Աբդեդոմի մոտ գտնվող բոլոր անոթներն ու թագավորի տան գանձերը. վերցրեց նաև պատանդներ ու վերադարձավ Սամարիա։

25. Հուդայի թագավորը՝ Հովասի որդի Ամասիան, Իսրայելի թագավոր Հովաքազի որդի Հովասի մեռնելուց հետո ապրեց տասնհինգ տարի։

26. Ամասիայի մնացած պատմությունը՝ առաջիններն ու վերջինները, գրված են Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում։

27. Այն ժամանակվանից, երբ Ամասիան խոտորվեց Տիրոջը հետևելուց, նրա դեմ դավաճանություն կազմակերպեցին Երուսաղեմում, և նա փախավ Լաքիս։ Բայց նրա հետևից մարդիկ ուղարկեցին Լաքիս և այնտեղ սպանեցին նրան։

28. Նրան ձիերի վրա բերեցին ու թաղեցին նրան իր հայրերի մոտ՝ Հուդայի մայրա քաղաքում։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 26

1. Հուդայի ամբողջ ժողովուրդը առավ Ոզիային, որն այն ժամանակ տասնվեց տարեկան էր, և նրան թագավոր դարձրեց իր հոր՝ Ամասիայի փոխարեն։

2. Սա վերակառուցեց Ելաթը և այն վերադարձրեց Հուդային, երբ Ամասիա թագավորն իր հայրերի հետ ննջել էր արդեն։

3. Ոզիան տասնվեց տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և հիսուներկու տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հեքելիա՝ Երուսաղեմից։

4. Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև, ճիշտ ինչպես որ արել էր իր հայր Ամասիան։

5. Նա պաշտում էր Աստծուն Զաքարիայի օրոք, որն Աստծու տեսիլքներին հմուտ էր։ Այնքան ժամանակ, որքան Ոզիան պաշտում էր Տիրոջը, Աստված նրան հաջողություն էր տալիս։

6. Նա դուրս ելավ ու պատերազմեց փղշտացիների դեմ, քանդեց Գեթի պարիսպը, Հաբնեի պարիսպը և Ազովտոսի ու փղշտացիների երկրում քաղաքներ կառուցեց։

7. Աստված օգնեց նրան փղշտացիների, Գուր-Բահաղում բնակվող արաբացիների և մաոնացիների դեմ։

8. Ամմոնացիները հարկ էին տալիս Ոզիային, և նրա անունը տարածվեց մինչև Եգիպտոսի սահմանը, որովհետև նա շատ հզորացավ։

9. Ոզիան Երուսաղեմում աշտարակներ կառուցեց Անկյան դռան, Ձորի դռան ու պարսպի անկյան վրա և ամրացրեց դրանք։

10. Նա աշտարակներ կառուցեց անապատում և բազում ջրհորներ փորեց, որովհետև շատ անասուններ ուներ հովտում ու դաշտում, երկրագործներ ու այգեգործներ՝ լեռներում և բարեբեր հողերում, քանի որ սիրում էր հողագործությունը։

11. Ոզիան գնդերով մարտի դուրս եկող և պատերազմող զորքեր ուներ ըստ Հեիել գրագրի ու Մաասիա կառավարչի կողմից կատարված հաշվառման՝ թագավորի իշխաններից Անանիայի ձեռքի տակ։

12. Բոլոր քաջազուն տոհմապետների թիվը երկու հազար վեց հարյուր էր։

13. Նրանց ձեռքի տակ կար երեք հարյուր յոթ հազար հինգ հարյուր զինվոր՝ մեծ զորությամբ պատերազմողներ, որոնք թագավորին օգնում էին թշնամու դեմ։

14. Ոզիան այդ ամբողջ զորքի համար պատրաստեց վահաններ, նիզակներ, սաղավարտներ, զրահներ, աղեղներ և քարեր արձակող պարսատիկներ։

15. Նա Երուսաղեմում մեծ վարպետությամբ պատրաստված մեքենաներ շինեց, որ աշտարակների և պարիսպների անկյունների վրա դրվեն և նետեր ու մեծ-մեծ քարեր արձակեն։ Նրա համբավը մինչև հեռուները գնաց, որովհետև նա զարմանալի կերպով օգնություն գտավ, մինչև որ զորացավ։

16. Բայց երբ զորացավ, նրա սիրտը գոռոզացավ, որն իր կործանումին առաջնորդեց, և հանցանք գործեց իր Տեր Աստծու դեմ ու մտավ Տիրոջ տաճարը, որ խունկ ծխի խնկի սեղանի վրա։

17. Նրա հետևից մտավ Ազարիա քահանան, նրա հետ՝ Տիրոջ ութսուն քահանաներ, որոնք քաջ մարդիկ էին։

18. Սրանք կանգնեցին Ոզիա թագավորի դիմաց և ասացին նրան. «Քո գործը չէ, ո՛վ Ոզիա, որ Տիրոջը խունկ ծխես, այլ դա Ահարոնի որդիների՝ քահանաների գործն է, որոնք սրբագործված են խունկ ծխելու համար։ Դո՛ւրս եկ սրբարանից, որովհետև դու հանցանք գործեցիր, և դա քեզ համար պատիվ չէ Տեր Աստծուց»։

19. Ոզիան բարկացավ, և նրա ձեռքին էր բուրվառը, որ խունկ ծխի։ Քահանաների վրա բարկանալիս բորոտություն երևաց նրա ճակատին, քահանաների առջև, Տիրոջ տանը, խունկ ծխելու սեղանի մոտ։

20. Ազարիա քահանայապետը և բոլոր քահանաները դարձան նրա կողմը, և ահա նրա ճակատը բորոտությամբ էր պատած, և նրան շուտով դուրս հանեցին այնտեղից։ Ինքն էլ հենց շտապում էր դուրս գալ, որովհետև Տերը հարվածել էր նրան։

21. Ոզիա թագավորը բորոտ մնաց մինչև իր մահվան օրը։ Նա իբրև բորոտ բնակվում էր առանձին մի տան մեջ, որովհետև արգելված էր Տիրոջ տուն մտնել։ Իսկ նրա որդի Հովաթամը, որ թագավորի տան գլխավորն էր դարձել, կառավարում էր երկրի ժողովրդին։

22. Ոզիայի մնացած պատմությունը՝ առաջինն ու վերջինը, գրեց Ամոսի որդի Եսայի մարգարեն։

23. Ոզիան ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին իր հայրերի մոտ, թագավորների գերեզմանների դաշտում, որովհետև ասացին, թե նա բորոտ է։ Եվ նրա որդի Հովաթամը թագավորեց նրա փոխարեն։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 27

1. Հովաթամը քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հերուսա՝ Սադոկի դուստրը։

2. Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև, ճիշտ ինչպես որ արել էր իր հայրը՝ Ոզիան։ Միայն թե սա Տիրոջ տաճարը չմտավ. սակայն ժողովուրդը շարունակեց մեղանչել Տիրոջ դեմ։

3. Նա շինեց Տիրոջ տան վերին դուռը և շատ շինություններ արեց Օփաղի պարսպի վրա։

4. Նա Հուդայի լեռներում կառուցեց քաղաքներ, իսկ անտառներում՝ բերդեր և աշտարակներ։

5. Նա պատերազմեց ամմոնացիների թագավորի դեմ և հաղթեց նրան։ Ամմոնացիներն այդ տարի նրան տվեցին հարյուր տաղանդ արծաթ, տասը հազար քոռ ցորեն և տասը հազար քոռ գարի։ Այդպես արեցին նրան երկրորդ տարին էլ, երրորդին էլ։

6. Հովաթամը զորացավ, որովհետև իր ճանապարհներն ուղղեց իր Տեր Աստծու առջև։

7. Հովաթամի մնացած պատմությունը, նրա բոլոր պատերազմներն ու ինչ որ նա արել է, գրի են առնված Իսրայելի և Հուդայի թագավորների հիշատակների գրքում։

8. Նա քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։

9. Հովաթամը ննջեց իր հայրերի հետ. նրան թաղեցին Դավթի քաղաքում, և նրա որդի Աքազը թագավորեց նրա փոխարեն։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 28

1. Աքազը քսան տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։ Նա չարեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև, ինչպես որ իր հայր Դավիթն արեց։

2. Նա գնաց Իսրայելի թագավորների ճանապարհներով և նույնիսկ Բահաղիմների համար ձուլածո կուռքեր պատրաստեց։

3. Նա Ենոմի որդու ձորում խունկ էր ծխում և իր որդիներին զոհ մատուցեց. կրակով այրեց ազգերի գարշությունների պես, որոնց քշել էր Տերը Իսրայելի որդիների առջևից։

4. Նա զոհ էր մատուցում և խունկ ծխում Բարձր տեղերում, բլուրների վրա և ամեն մի կանաչ ծառի տակ։

5. Հետևաբար Տեր Աստվածը նրան մատնեց ասորիների թագավորի ձեռքը, և նրանք հաղթեցին նրան, շատ գերիներ վերցրին նրանից և տարան Դամասկոս։ Նաև Իսրայելի թագավորի ձեռքն ընկավ, որ նրան հաղթեց և կոտորած արեց։

6. Ռոմելայի որդի Փակեեն մի օրում հարյուր քսան հազար մարդ սպանեց Հուդայում՝ բոլորն էլ քաջազուն մարդիկ, որովհետև լքել էին իրենց հայրերի Տեր Աստծուն։

7. Մի քաջազուն Եփրեմից՝ Զեքրին, սպանեց թագավորի որդի Մաասիային, պալատի վերակացու Եզրիկամին և թագավորի փոխանորդ Եղկանային։

8. Իսրայելի որդիներն իրենց եղբայրներից գերի վերցրին երկու հարյուր հազար կին, տղա և աղջիկ, նաև շատ ավար հափշտակեցին նրանցից և ավարը բերեցին Սամարիա։

9. Այնտեղ կար Տիրոջ մի մարգարե՝ Օդեդ անունով, որը, Սամարիա մտնող զորքի առաջ դուրս գալով, ասաց նրանց. «Ահա ձեր հայրերի Տեր Աստվածը, Հուդայի երկրի վրա բարկանալով, նրանց մատնեց ձեր ձեռքը, և դուք նրանց սպանեցիք այնպիսի բարկությամբ, որը մինչև երկինք հասավ։

10. Եվ հիմա մտածում եք Հուդայի և Երուսաղեմի որդիներին ձեր ծառաներն ու աղախինները դարձնել։ Մի՞թե դուք հանցանքներ չունեք Տեր Աստծու առաջ։

11. Հիմա լսեցե՛ք ինձ և վերադարձրե՛ք այդ գերիներին, որոնց դուք գերեվարել եք ձեր եղբայրներից, որովհետև Տիրոջ սաստիկ բարկությունը ձեզ վրա է»։

12. Եփրեմի որդիների իշխաններից Հոհանանի որդի Ազարիան, Մեսեղամոթի որդի Բարաքիան, Սեղղումի որդի Եզեկիան և Ադղիայի որդի Ամեսային՝ այս մարդիկ, ելան պատերազմից եկողների դեմ

13. և ասացին նրանց. «Այդ գերիներին այստեղ մի՛ բերեք, որովհետև մենք արդեն հանցավոր ենք Տիրոջ առաջ, և դուք մտածում եք ավելացնել մեր մեղքերն ու հանցանքները. մեր հանցանքը շատ է, և սաստիկ բարկություն կա Իսրայելի վրա»։

14. Այդ ժամանակ զինվորականները բաց թողեցին գերիներին և վերադարձրին ավարը իշխանների և հավաքված ամբողջ ժողովրդի առջև։

15. Եվ այն մարդիկ, որոնց անունները հիշատակվեցին, վեր կացան, վերցրին գերիներին, նրանց մեջ եղած բոլոր մերկերին հագցրին ձեռք բերված ավարից, զգեստներ և կոշիկներ տվեցին նրանց, կերակրեցին, խմեցրին, յուղով օծեցին և նրանց բոլոր տկարներին նստեցրին էշերի վրա ու տարան Երիքով՝ արմավենիների քաղաքը, իրենց եղբայրների մոտ. հետո վերադարձան Սամարիա։

16. Այն ժամանակ Աքազ թագավորը պատգամ ուղարկեց Ասորեստանի թագավորին, որ օգնի իրեն,

17. որովհետև եդովմացիները դարձյալ եկել էին, Հուդային հարվածել և գերիներ տարել։

18. Փղշտացիներն էլ հարձակվել էին Հուդայի դաշտավայրի և հարավային կողմի քաղաքների վրա, գրավել Բեթսամյուսը, Այեղոնը, Գադերոթը, Սոքովն ու նրա գյուղերը, Թամնան ու նրա գյուղերը, Գամզոն ու նրա գյուղերը և բնակվել էին այնտեղ,

19. որովհետև Տերը նկուն էր դարձրել Հուդան Իսրայելի թագավոր Աքազի պատճառով, որը անօրինություն էր գործել Հուդայում և ապստամբել Տիրոջ դեմ։

20. Նրա վրա հարձակվեց Ասորեստանի Թագղաթ-Փաղասար թագավորը, նեղություն տվեց նրան և ոչ թե օգնեց։

21. Թեև Աքազը Տիրոջ տնից, թագավորի տնից ու իշխաններից ինչ որ գտավ, վերցրեց և տվեց Ասորեստանի թագավորին, բայց դա չօգնեց նրան։

22. Նա՝ այդ Աքազ թագավորը, նեղության մեջ եղած ժամանակ էլ շարունակ մեղք էր գործում Տիրոջ դեմ։

23. Նա զոհեր էր մատուցում Դամասկոսի աստվածներին, որոնք ջարդ էին տվել իրեն, և ասում էր. «Ասորիների թագավորների աստվածներն օգնում են իրենց. ես նրանց զոհեր կմատուցեմ, որ ինձ օգնեն»։ Բայց դրանք իր և Իսրայելի անկման պատճառ դարձան։

24. Աքազը հավաքեց Աստծու տան անոթները, կոտրատեց Աստծու տան անոթները և փակեց Տիրոջ տան դուռը. և Երուսաղեմի բոլոր անկյուններում զոհասեղաններ դրեց,

25. Հուդայի ամեն մի քաղաքում Բարձր տեղեր կառուցեց՝ ուրիշ աստվածների խունկ ծխելու համար, և բարկացրեց իր հայրերի Տեր Աստծուն։

26. Աքազի մնացած գործերը, նրա բոլոր արարքները՝ առաջինները և վերջինները, ահա գրված են Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում։

27. Աքազը ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Երուսաղեմ քաղաքում, բայց նրան չտարան Իսրայելի թագավորների գերեզմանները։ Նրա որդի Եզեկիան թագավոր դարձավ նրա փոխարեն։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 29

1. Եզեկիան թագավոր դարձավ քսանհինգ տարեկան հասակում և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Աբիա՝ Զաքարիայի դուստրը։

2. Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև, ճիշտ ինչպես որ արել էր նրա հայր Դավիթը։

3. Իր թագավորության առաջին տարվա առաջին ամսին նա բաց արեց Տիրոջ տան դռները և նորոգեց դրանք։

4. Բերեց քահանաներին ու ղևտացիներին և նրանց հավաքեց արևելյան հրապարակում։

5. Եվ ասաց նրանց. «Լսեցե՛ք ինձ, ո՛վ ղևտացիներ, սրբագործվե՛ք հիմա, սրբագործե՛ք ձեր հայրերի Տեր Աստծու տունը և սրբարանից դո՛ւրս հանեք պղծությունը,

6. որովհետև մեր հայրերը անհավատարիմ եղան և չարիք գործեցին մեր Տեր Աստծու առջև, լքեցին նրան, իրենց երեսը շուռ տվեցին Տիրոջ խորանից և արհամարհեցին* այն։

7. Սրահի դռները փակեցին, հանգցրին ճրագները, խունկ չծխեցին և սրբարանում ողջակեզ չմատուցեցին Իսրայելի Աստծուն։

8. Տերը բարկացավ Հուդայի և Երուսաղեմի վրա և նրանց մատնեց խռովության, ավերման ու խայտառակության, ինչպես դուք տեսնում եք ձեր աչքերով։

9. Դրա համար մեր հայրերն ընկան սրով, և մեր տղաները, մեր աղջիկներն ու կանայք գերության մեջ են։

10. Հիմա իմ սրտինն այն է, որ մենք ուխտ անենք Իսրայելի Տեր Աստծու հետ, որպեսզի նրա բորբոքված բարկությունը ետ գնա մեզանից։

11. Արդ, որդյակնե՛ր, անհոգություն մի՛ արեք, որովհետև Տերը ձեզ ընտրել է, որ կանգնեք նրա առջև՝ նրան ծառայելու համար, նրա սպասավորները լինեք և խունկ ծխեք»։

12. Ոտքի ելան ղևտացիները՝ Ամեսայիի որդի Մաաթը, Ազարիայի որդի Հովելը, Կահաթի տոհմի որդիները, Մերարիի որդիներից Աբդիի որդի Կիսը, Հալելելի որդի Ազարիան, Գերսոնի տոհմից Զամմայի որդի Հովաքը, Հովաքի որդի Եդենը,

13. Եղիսափանի որդիներից Սամարին և Հեիելը, Ասափի տոհմից Զաքարիան և Մաթանիան,

14. Եմանի որդիներից Հեքիելը և Սեմեին, Իդիթունի որդիներից Սեմայիան և Օզիելը։

15. Սրանք հավաքեցին իրենց եղբայրներին ու սրբագործվեցին և ըստ թագավորի հրամանի ու համաձայն Տիրոջ խոսքի գնացին Տիրոջ տունը մաքրելու։

16. Քահանաները մտան Տիրոջ տան ներսի կողմը, որ մաքրեն այն, և դուրս հանեցին այն ամբողջ աղտեղությունը, որ գտան Տիրոջ տաճարում, ու բերեցին Տիրոջ տան գավիթը. ղևտացիները վերցրին դրանք, որ տանեն դուրս՝ Կեդրոնի հեղեղատը։

17. Նրանք սկսեցին մաքրել առաջին ամսի մեկին և ամսի ութերորդ օրը եկան Տիրոջ սրահը։ Նրանք ութ օրում մաքրեցին Տիրոջ տունը և առաջին ամսի տասնվեցերորդ օրը վերջացրին ամբողջ աշխատանքը։

18. Ապա նրանք գնացին Եզեկիա թագավորի մոտ և ասացին նրան. «Մաքրել ենք Տիրոջ ամբողջ տունը՝ ողջակեզի սեղանն ու նրա բոլոր անոթները, առաջավորության հացի սեղանն ու նրա բոլոր անոթները։

19. Եվ այն բոլոր անոթները, որ Աքազ թագավորը պղծել էր իր թագավորության և ապստամբության ժամանակ, պատրաստեցինք ու սրբացրինք, և ահա դրանք Տիրոջ սեղանի առջև են»։

20. Եզեկիա թագավորը առավոտ կանուխ վեր կացավ, հավաքեց քաղաքի իշխաններին և գնաց Տիրոջ տունը։

21. Նրանք բերեցին յոթ ցլիկ, յոթ խոյ, յոթ գառ և յոթ նոխազ որպես մեղքի զոհ՝ թագավորության, սրբարանի և Հուդայի համար։ Ահարոնի որդիներին՝ քահանաներին, ասաց, որ ողջակեզ մատուցեն Տիրոջ զոհասեղանի վրա։

22. Նրանք մորթեցին ցլիկները, և քահանաները վերցրին արյունն ու շաղ տվեցին զոհասեղանի վրա, մորթեցին խոյերն էլ և արյունը շաղ տվեցին զոհասեղանի վրա, մորթեցին գառներն էլ և արյունը շաղ տվեցին զոհասեղանի վրա։

23. Իսկ մեղքի զոհի նոխազները բերեցին թագավորի և հավաքված ժողովրդի առջև, և նրանք իրենց ձեռքերը դրեցին դրանց վրա։

24. Քահանաները մորթեցին դրանք և դրանց արյունը, իբրև մեղքի զոհաբերություն, շաղ տվեցին զոհասեղանի վրա ամբողջ Իսրայելի քավության համար, որովհետև թագավորն ասել էր, որ ողջակեզը և մեղքի զոհն ամբողջ Իսրայելի համար է։

25. Թագավորը ղևտացիներին կանգնեցրեց Տիրոջ տանը՝ ծնծղաներով, տավիղներով ու քնարներով, ինչպես պատվիրել էին Դավիթը, թագավորի տեսանող Գադն ու Նաթան մարգարեն, որովհետև այդ պատվերը Տիրոջ կողմից էր տրված իր մարգարեների միջոցով։

26. Ղևտացիները կանգնեցին Դավթի նվագարաններով, իսկ քահանաները՝ փողերով։

27. Եզեկիան հրամայեց, որ ողջակեզը մատուցեն զոհասեղանի վրա։ Եվ երբ սկսվեց ողջակիզումը, սկսվեց նաև Տիրոջ երգը՝ փողերի և Իսրայելի թագավոր Դավթի նվագարանների նվագակցությամբ։

28. Հավաքված ամբողջ ժողովուրդը երկրպագություն էր անում, երգում էր երգը, հնչեցնում փողերը, մինչև որ ողջակիզումն ավարտվեց։

29. Երբ ողջակեզի մատուցումը վերջացրին, թագավորը և բոլոր նրանք, որ նրա հետ էին, խոնարհվելով երկրպագեցին։

30. Եզեկիա թագավորն ու իշխանները ղևտացիներին ասացին, որ օրհներգեն Տիրոջը Դավթի և Ասափ տեսանողի խոսքերով։ Նրանք երգեցին ուրախությամբ և խոնարհվելով երկրպագեցին։

31. Ապա Եզեկիան ասաց. «Այժմ դուք ձեզ սրբագործեցիք Տիրոջ համար. մոտեցե՛ք և զոհեր ու շնորհակալության ընծանե՛ր բերեք Տիրոջ տունը»։ Եվ հավաքված ժողովուրդը բերեց զոհեր ու շնորհակալության ընծաներ, իսկ հոժար սիրտ ունեցողները՝ ողջակեզներ։

32. Ժողովրդի բերած ողջակեզների քանակն էր՝ յոթանասուն արջառ, հարյուր խոյ, երկու հարյուր գառ. այս բոլորը՝ իբրև ողջակեզ Տիրոջ համար։

33. Նվիրաբերված անասունները վեց հարյուր արջառ և երեք հազար ոչխար էին։

34. Սակայն քահանաները սակավաթիվ էին և չկարողացան մաշկահան անել բոլոր ողջակեզները։ Նրանց օգնեցին իրենց ղևտացի եղբայրները, մինչև որ գործն ավարտվեց, և մնացած քահանաները սրբագործվեցին. որովհետև ղևտացիներն ավելի հոժարամիտ էին սրբագործվելու, քան քահանաները։

35. Ողջակեզներն էլ շատ էին խաղաղության զոհերի ճարպով և ողջակեզների վրա հեղելու նվերներով։ Եվ այսպես վերահաստատվեց Տիրոջ տան ծառայությունը։

36. Եզեկիան և ամբողջ ժողովուրդն ուրախացան, որ Աստված այս բանը պատրաստել էր ժողովրդի համար, որովհետև այս բանը հանկարծակի եղավ։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 30

1. Եզեկիան ամբողջ Իսրայելին ու Հուդային մարդ ուղարկեց և նամակներ էլ գրեց Եփրեմին ու Մանասեին, որ գան Երուսաղեմ՝ Տիրոջ տունը՝ Իսրայելի Տեր Աստծու համար զատիկը տոնելու։

2. Թագավորն ու նրա իշխաններն ու հավաքված ամբողջ ժողովուրդը խորհուրդ արեցին Երուսաղեմում, որ զատիկը տոնեն երկրորդ ամսին,

3. որովհետև չէին կարող այն տոնել ժամանակին նրա համար, որ բավական քահանաներ դեռ չէին սրբագործված, և ժողովուրդն էլ չէր հավաքված Երուսաղեմում։

4. Այս բանն ընդունելի թվաց թագավորին ու հավաքված ամբողջ ժողովրդին,

5. և նրանք որոշեցին, որ լուր ուղարկեն ամբողջ Իսրայելի մեջ՝ Բերսաբեեից մինչև Դան, որպեսզի գան և Իսրայելի Տեր Աստծու համար զատիկը տոնեն Երուսաղեմում, որովհետև վաղուց չէին կատարել այն, ինչպես որ գրված էր։

6. Սուրհանդակները թագավորի ու իշխանների նամակներով գնացին ամբողջ Իսրայելով ու Հուդայով և ըստ թագավորի հրամանի՝ ասացին. «Ո՛վ Իսրայելի որդիներ, դարձե՛ք Տիրոջը՝ Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Տեր Աստծուն, և նա էլ կդառնա ձեր այն մնացորդին, որ ազատվել եք Ասորեստանի թագավորների ձեռքից։

7. Մի՛ եղեք ձեր հայրերի և ձեր եղբայրների նման, որոնք անհավատարիմ եղան իրենց հայրերի Տեր Աստծուն, և որոնց նա մատնեց կործանման, ինչպես դուք տեսնում եք։

8. Արդ, մի՛ հաստացրեք ձեր պարանոցը ձեր հայրերի նման. հնազանդվե՛ք* Տիրոջը, եկե՛ք նրա սրբարանը, որը նա սրբացրել է հավիտյան, և ծառայե՛ք ձեր Տեր Աստծուն, որպեսզի նրա բորբոքված բարկությունը հեռանա ձեզանից։

9. Որովհետև եթե դուք դառնաք դեպի Տերը, ապա ձեր եղբայրներն ու ձեր որդիները գթություն կգտնեն իրենց գերեվարողների մոտ և կվերադառնան այս երկիրը. որովհետև ձեր Տեր Աստվածը ողորմած է ու գթառատ և իր երեսը չի թեքի ձեզանից, եթե դուք դառնաք նրան»։

10. Սուրհանդակները քաղաքից քաղաք էին անցնում Եփրեմի և Մանասեի երկրում ու գնում մինչև Զաբուղոն, բայց ժողովուրդը ծաղրում և արհամարհում էր նրանց։

11. Սակայն Ասերից, Մանասեից և Զաբուղոնից ոմանք խոնարհվեցին և եկան Երուսաղեմ։

12. Աստծու ձեռքը նաև Հուդայի վրա էր՝ նրանց միասիրտ դարձնելու համար, որպեսզի կատարեն թագավորի և իշխանների պատվերը՝ ըստ Տիրոջ խոսքի։

13. Շատ ժողովուրդ հավաքվեց Երուսաղեմում՝ Բաղարջակերաց տոնն անելու երկրորդ ամսում. չափազանց մեծ հավաք էր։

14. Նրանք վեր կացան և վերացրին Երուսաղեմում գտնվող զոհասեղանները, հեռացրին խունկ ծխելու բոլոր սեղանները և գցեցին Կեդրոնի հեղեղատը։

15. Զատկի գառը մորթեցին երկրորդ ամսի տասնչորսին. քահանաներն ու ղևտացիները, ամաչելով, մաքրվեցին և ողջակեզներ մատուցեցին Տիրոջ տանը։

16. Իրենց կարգով կանգնեցին իրենց տեղը՝ Աստծու մարդ Մովսեսի օրենքի համաձայն. քահանաները շաղ էին տալիս արյունը՝ ղևտացիների ձեռքից առնելով։

17. Քանի որ հավաքված ժողովրդի մեջ շատերը կային, որոնք մաքրված չէին, դրա համար ղևտացիներն էին մորթում զատկի գառները բոլոր անմաքուրների համար, որպեսզի մաքրեն Տիրոջ համար։

18. Որովհետև ժողովրդից շատերը՝ Եփրեմի, Մանասեի, Իսաքարի և Զաբուղոնի ցեղերից եկած մարդկանցից շատերը, չէին մաքրվել. զատիկը կերան գրվածին հակառակ։

19. Բայց Եզեկիան նրանց համար աղոթեց՝ ասելով. «Բարերար Տերը թող ների բոլոր նրանց, ովքեր իրենց սիրտը պատրաստեցին խնդրելու Աստծուն՝ իրենց հայրերի Տեր Աստծուն, թեև ըստ սրբարանի մաքրության կանոնի մաքրված չեն նրանք»։

20. Տերը լսեց Եզեկիային և ներեց* ժողովրդին։

21. Երուսաղեմում գտնվող Իսրայելի որդիները Բաղարջակերաց տոնը յոթ օր կատարեցին մեծ ուրախությամբ։ Ղևտացիներն ու քահանաներն ամեն օր օրհնաբանում էին Տիրոջը՝ փառաբանելու նրա զորությունը նվագարաններով։

22. Եզեկիան քաղցրությամբ խոսեց բոլոր ղևտացիների հետ, որոնք մեծ հմտություն ցույց տվեցին Տիրոջ ծառայության մեջ։ Տոնին նրանք կերան յոթ օր՝ խաղաղության զոհեր մատուցելով և իրենց հայրերի Տեր Աստծուն գովաբանելով։

23. Հավաքված ամբողջ ժողովուրդը խորհուրդ արեց, որ յոթ օր ևս տոն անեն։ Եվ նրանք յոթ օր ևս ուրախություն արեցին,

24. որովհետև Հուդայի Եզեկիա թագավորը ժողովրդին նվիրեց հազար ցլիկ և յոթ հազար ոչխար, իսկ իշխանները նրանց նվիրեցին հազար ցլիկ և տասը հազար ոչխար, շատ քահանաներ իրենք իրենց սրբագործեցին։

25. Եվ ուրախացան Հուդայի հավաքված ամբողջ ժողովուրդը, քահանաները, ղևտացիները և ամբողջ ժողովուրդը, որ եկել էր Իսրայելից, նաև Իսրայելի երկրից եկած և Հուդայում բնակվող պանդուխտները։

26. Երուսաղեմում մեծ ուրախություն կար, որովհետև Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնի օրերից սկսած՝ սրա նման բան չէր եղել Երուսաղեմում։

27. Ղևտացի քահանաները վեր կացան և օրհնեցին ժողովրդին։ Նրանց ձայնը լսելի եղավ, և նրանց աղոթքը հասավ երկինք՝ նրա սուրբ բնակարանը։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 31

1. Երբ այս ամենն ավարտվեց, այնտեղ գտնվող բոլոր իսրայելացիները ելան գնացին դեպի Հուդայի քաղաքները և ամբողջ Հուդայում, Բենիամինում, Եփրեմում ու Մանասեում ամբողջովին փշրեցին արձանները, կտորեցին աստարովթները և քանդեցին Բարձր տեղերն ու զոհասեղանները։ Հետո Իսրայելի բոլոր որդիները վերադարձան իրենց քաղաքները՝ յուրաքանչյուրն իր կալվածքը։

2. Եզեկիան հաստատեց քահանաների և ղևտացիների դասերը՝ ամեն մեկին՝ իր պաշտոնի համաձայն. թե՛ քահանաներին և թե՛ ղևտացիներին՝ ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցելու համար, որպեսզի ծառայեն Տիրոջ տան դռներում, գոհաբանեն և օրհնաբանեն։

3. Թագավորն իր ունեցվածքից բաժին հանեց ողջակեզների համար՝ առավոտյան և երեկոյան ողջակեզների համար, շաբաթ օրերի, ամսամուտների և տոների ողջակեզների համար, ինչպես որ գրված է Տիրոջ օրենքում։

4. Նա Երուսաղեմում բնակվող ժողովրդին հրամայեց, որ քահանաների և ղևտացիների բաժինը տան, որպեսզի նրանք նվիրվեն Տիրոջ օրենքը կատարելու։

5. Երբ այս հրամանը տարածվեց, այն ժամանակ Իսրայելի որդիներն առատորեն բերեցին ցորենի, գինու, յուղի, մեղրի և բոլոր անդաստանների բերքերի երախայրիքը. նրանք առատորեն բերեցին նաև ամեն ինչի տասանորդը։

6. Հուդայի քաղաքներում բնակվող Իսրայելի և Հուդայի որդիները նույնպես բերեցին արջառների ու ոչխարների տասանորդները և իրենց Տեր Աստծուն նվիրված սուրբ բաների տասանորդները և դարսեցին կույտ-կույտ։

7. Երրորդ ամսին սկսեցին դիզել կույտերը և յոթերորդ ամսին վերջացրին։

8. Եզեկիան և իշխանները եկան տեսան կույտերը և օրհնաբանեցին Տիրոջն ու օրհնեցին Իսրայելի նրա ժողովրդին։

9. Եզեկիան քահանաներին և ղևտացիներին հարցրեց կույտերի մասին,

10. և քահանայապետ Ազարիան, որ Սադոկի տնից էր, պատասխանեց նրան՝ ասելով. «Այն ժամանակից, երբ սկսեցին ընծաները բերել Տիրոջ տունը, մենք կերանք ու կշտացանք, և չափազանց շատ ավելացել է, որովհետև Տերն օրհնեց իր ժողովրդին, և ավելացածն ահա այս առատությունն է»։

11. Եզեկիան հրամայեց Տիրոջ տանը շտեմարաններ պատրաստել. և նրանք պատրաստեցին։

12. Այնտեղ հավատարմությամբ բերեցին նվերները, տասանորդներն ու ընծաները։ Դրանց վերակացուն ղևտացի Քոնոնիան էր, իսկ փոխանորդը՝ նրա եղբայր Սեմեին։

13. Հեքիելը, Ազազիան, Նահաթը, Ասայելը, Հերիմոթը, Հոզաբադը, Եղիելը, Հեսմաքիան, Մաաթը և Բանեան վերակացուներ էին Քոնոնիայի և նրա եղբայր Սեմեիի ձեռքի տակ՝ Եզեկիա թագավորի և Աստծու տան վերակացու Ազարիայի հրամանով։

14. Ղևտացի Հեմնայի որդի Կորեն, որ արևելյան կողմի դռան պահապանն էր, Աստծուն մատուցվող կամավոր ընծաների էր նշանակված, որպեսզի Տիրոջը բարձրացնելու ընծան ու ամենասուրբ բաները սահմաներ։

15. Նրա մոտ էին Եդենը, Մինիամինը, Հեսուն, Սեմայիան, Ամարիան և Սեքենիան՝ քահանաների քաղաքներում հավատարմությամբ գործողներ, որպեսզի տային իրենց եղբայրներին՝ թե՛ մեծին, թե՛ փոքրին՝ ըստ նրանց կարգի։

16. Նաև ազգահամարում գրված երեք տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող տղաները, այսինքն՝ այն բոլորը, որոնք գալիս էին Տիրոջ տունը ամենօրյա ծառայության համար՝ իրենց պաշտոնի և իրենց դասի համեմատ։

17. Նաև ազգահամարում գրված քահանաներին՝ ըստ իրենց ազգատոհմերի և քսան տարեկան ու ավելի բարձր տարիք ունեցող ղևտացիներին՝ ըստ իրենց պաշտոնի և ըստ իրենց դասի։

18. Նաև ազգահամարում գրված նրանց բոլոր ընտանիքների կանանց, տղաներին, աղջիկներին՝ ամբողջ բազմությանը, որովհետև սրանք հավատարմությամբ նվիրվեցին սուրբ ծառայությանը։

19. Իսկ Ահարոնի որդիների՝ քահանաների համար, որոնք բնակվում էին իրենց քաղաքների արվարձանների շրջակա գյուղերում, ամեն մի քաղաքում անվանապես մարդիկ էին նշանակված, որպեսզի բաժիններ տային արական սեռի քահանաներին և ղևտացիների ազգահամարում գրվածներին։

20. Ահա այսպես արեց Եզեկիան ամբողջ Հուդայում և արեց այն, ինչ բարի, ուղիղ և ճշմարիտ է իր Տեր Աստծու առաջ։

21. Իր այն բոլոր գործերը, որոնց նա ձեռնամուխ եղավ, և որոնք վերաբերում էին թե՛ Աստծու տան ծառայությանը և թե՛ օրենքին ու պատվիրաններին, նա կատարեց իր ամբողջ սրտով Աստծուն պաշտելով և հաջողություն ունեցավ։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 32

1. Այս գործերից և հավատարմությունից հետո եկավ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը, մտավ Հուդայի երկիրը և բանակատեղի դրեց պարսպապատ քաղաքների դիմաց և մտածում էր գրավել դրանք։

2. Երբ Եզեկիան տեսավ, որ Սենեքերիմը եկել է և դիտավորություն ունի պատերազմելու Երուսաղեմի դեմ,

3. խորհրդակցեց իր իշխանների և զորականների հետ, որպեսզի փակի քաղաքից դուրս գտնվող աղբյուրների ջրերը, և նրանք օգնեցին իրեն։

4. Շատ ժողովուրդ հավաքվեց, և նրանք փակեցին բոլոր աղբյուրներն ու երկրի միջով անցնող հեղեղատը՝ ասելով. «Ինչո՞ւ Ասորեստանի թագավորները գան և առատ ջուր գտնեն»։

5. Եզեկիան ուժեղացավ, վերաշինեց բոլոր քանդված պարիսպները, բարձրացրեց աշտարակները, դրսից մի ուրիշ պարիսպ կառուցեց, նորոգեց Դավթի քաղաքում գտնվող Մելոնը և շատ զենքեր ու ասպարներ պատրաստեց։

6. Նա զորապետներ նշանակեց ժողովրդի վրա, նրանց հավաքեց քաղաքի դռան հրապարակում՝ իր մոտ, և քաղցրությամբ խոսելով նրանց հետ՝ ասաց.

7. «Զորացե՛ք և քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք Ասորեստանի թագավորից ու նրա հետ եղած ամբողջ բազմությունից, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են նրա հետ եղողներից։

8. Նրա հետ մարմնեղեն բազուկ կա, իսկ մեզ հետ է մեր Աստվածը՝ Տերը, որ մեզ օգնի և մեր պատերազմն ինքը մղի»։ Եվ ժողովուրդը քաջալերվեց Հուդայի երկրի թագավոր Եզեկիայի խոսքերից։

9. Դրանից հետո Ասորեստանի թագավոր Սենեքերիմն իր ծառաներին ուղարկեց Երուսաղեմ, երբ ինքն իր ամբողջ զորքով Լաքիսի դիմացն էր, Հուդայի Եզեկիա թագավորի և Երուսաղեմում գտնվող Հուդայի բոլոր մարդկանց մոտ՝ ասելով.

10. «Այսպես է ասում Ասորեստանի Սենեքերիմ թագավորը. “Դուք ի՞նչ բանի եք ապավինել Երուսաղեմի պաշարման ժամանակ։

11. Չէ՞ որ Եզեկիան ձեզ մոլորեցնում է, որպեսզի ձեզ սովի ու ծարավի միջոցով մահվան մատնի՝ ասելով, թե՝

12. Չէ՞ որ նա ինքը՝ Եզեկիան, վերացրեց նրա Բարձր տեղերն ու զոհասեղանները և ասաց Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին, թե՝

13. Դուք գիտեք, թե ես և իմ հայրերը ինչ արեցինք բոլոր մյուս երկրների ժողովուրդներին։ Մի՞թե այդ երկրների ազգերի աստվածները կարողացան նրանց երկիրն ազատել իմ ձեռքից։

14. Իմ հայրերի բնաջնջած ազգերի բոլոր աստվածներից ո՞ր մեկն է, որ կարողացավ իր ժողովրդին ազատել իմ ձեռքից, որ ձեր Աստվածը կարողանա ձեզ ազատել իմ ձեռքից։

15. Ապա ուրեմն թող Եզեկիան ձեզ չխաբի և այդպես չմոլորեցնի ձեզ։ Մի՛ հավատացեք նրան, որովհետև ոչ մի ազգի և ոչ մի թագավորության ոչ մի աստված չի կարող իր ժողովրդին ազատել իմ և իմ հայրերի ձեռքից, էլ ո՛ւր մնաց ձեր Աստվածը, որ ձեզ չի ազատի իմ ձեռքից”»։

16. Եվ դեռ ավելին խոսեցին նրա ծառաները Տեր Աստծու և նրա ծառա Եզեկիայի մասին։

17. Սենեքերիմը նամակներ գրեց՝ հայհոյելով Իսրայելի Տեր Աստծուն և նրա մասին այսպես ասելով. «Ինչպես որ ուրիշ երկրների ազգերի աստվածներն իրենց ժողովրդին չազատեցին իմ ձեռքից, այդպես էլ Եզեկիայի Աստվածը չի ազատի իր ժողովրդին իմ ձեռքից»։

18. Եվ եբրայերեն բարձրաձայն կանչեցին պարսպի վրա եղած Երուսաղեմի ժողովրդին, որպեսզի վախեցնեն ու շփոթեցնեն նրանց և կարողանան գրավել քաղաքը։

19. Երուսաղեմի Աստծու մասին խոսեցին այնպես, ինչպես ուրիշ երկրի ժողովուրդների աստվածների մասին, որոնք մարդու ձեռքի գործ են։

20. Եզեկիա թագավորը և Ամոսի որդի Եսայի մարգարեն աղոթեցին այս բանի համար և աղաղակեցին դեպի երկինք։

21. Տերը մի հրեշտակ ուղարկեց և բնաջնջեց Ասորեստանի թագավորի բանակում գտնվող բոլոր քաջարի զորականներին, զորավարներին և իշխաններին, և նա ամոթապարտ վերադարձավ իր երկիրը, մտավ իր աստծու տունը, և այնտեղ նրա երանքից ելած որդիները սրով սպանեցին նրան։

22. Այսպես Տերը Եզեկիային և Երուսաղեմի բնակիչներին ազատեց Ասորեստանի Սենեքերիմ թագավորի ու բոլորի ձեռքից և ամեն կողմից պաշտպանեց նրանց։

23. Շատերն ընծաներ էին բերում Երուսաղեմ՝ Տիրոջ համար և թանկարժեք բաներ՝ Հուդայի Եզեկիա թագավորի համար։ Դրանից հետո Եզեկիան բարձրացավ բոլոր ազգերի աչքին։

24. Այդ ժամանակներում Եզեկիան մերձիմահ հիվանդացավ և աղոթեց Տիրոջը։ Տերը խոսեց նրա հետ և մի նշան ցույց տվեց նրան։

25. Բայց Եզեկիան իր նկատմամբ եղած բարերարության համեմատ չհատուցեց, որովհետև նրա սիրտը հպարտացավ, և Տիրոջ բարկությունն իջավ նրա վրա, ինչպես և Հուդայի և Երուսաղեմի վրա։

26. Սակայն Եզեկիան զղջաց իր սրտի հպարտության համար և խոնարհվեց, նույնպես և Երուսաղեմի բնակիչները, որի համար էլ Եզեկիայի օրոք Տիրոջ բարկությունը չիջավ նրանց վրա։

27. Եզեկիան շատ մեծ հարստություն և փառք ունեցավ և իր համար գանձարաններ շինեց արծաթի, ոսկու, թանկարժեք քարերի, խնկեղենի, ասպարների և ամեն տեսակ ցանկալի անոթների համար,

28. շտեմարաններ՝ ցորենի, գինու և յուղի բերքերի համար, ախոռներ՝ ամեն տեսակ անասունների համար և փարախներ՝ հոտերի համար։

29. Նա իր համար քաղաքներ կառուցեց և շատ ոչխարներ ու արջառներ ունեցավ, որովհետև Աստված նրան չափազանց շատ ստացվածք էր տվել։

30. Այս Եզեկիան փակեց Գեհոնի վերին ջրանցքը և ջրի ընթացքն ուղղեց դեպի Դավթի քաղաքի արևմտյան ցածրադիր կողմը։ Եզեկիան հաջողություն ունեցավ իր բոլոր գործերում։

31. Այսպես, երբ Բաբելոնի իշխանները դեսպաններ էին ուղարկել նրա մոտ՝ հարցնելու այն նշանի մասին, որ տեղի էր ունեցել երկրում, Աստված նրան թույլ տվեց, որ նրան փորձի և իմանա այն ամենը, ինչ կար նրա սրտում։

32. Եզեկիայի պատմության մնացած մասը, նրա առաքինի գործերը գրի են առնված Ամոսի որդի Եսայի մարգարեի տեսիլքների գրքում, նաև Հուդայի ու Իսրայելի թագավորների գրքում։

33. Եզեկիան ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի որդիների վերին գերեզմաններում։ Նրա մահվան ժամանակ նրան պատիվ տվեցին ամբողջ Հուդայի երկիրն ու Երուսաղեմի բնակիչները։ Նրա որդի Մանասեն թագավոր դարձավ նրա փոխարեն։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 33

1. Մանասեն տասներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ և հիսունհինգ տարի թագավորեց Երուսաղեմում։

2. Նա Տիրոջ առաջ չարիք գործեց այն ազգերի գարշելի գործերի նման, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։

3. Եվ դարձյալ կառուցեց այն Բարձր տեղերը, որ քանդել էր նրա հայրը՝ Եզեկիան։ Նա Բահաղիմի համար զոհասեղաններ կանգնեցրեց, Աստարովթի կուռքեր շինեց, երկրպագեց երկնքի բոլոր զորություններին և ծառայեց նրանց։

4. Զոհասեղաններ շինեց Տիրոջ տանը, որի մասին Տերն ասել էր. «Իմ անունը Երուսաղեմո՛ւմ կլինի հավիտյան»։

5. Զոհասեղաններ շինեց նաև Տիրոջ տան երկու գավիթներում՝ երկնքի բոլոր զորությունների համար։

6. Նա իր որդիներին Ենոմի որդու ձորում անցկացրեց կրակի միջով և գուշակություն, հմայություն ու դյութություն էր անում և հոգեհարցուկներից ու կախարդներից խորհուրդ էր հարցնում։ Նա շատ չարիք գործեց Տիրոջ առաջ և բարկացրեց նրան։

7. Իր շինած ու քանդակած կուռքը դրեց Աստծու տանը, որի մասին Աստված ասել էր Դավթին և նրա որդի Սողոմոնին. «Այս տան մեջ և Երուսաղեմում, որ ես ընտրել եմ Իսրայելի բոլոր ցեղերի միջից, իմ անունը պիտի դնեմ հավիտյան։

8. Իսրայելի ոտքն այլևս չպիտի շարժեմ այն երկրից, ուր հաստատեցի ձեր հայրերին, միայն թե զգուշությամբ անեն այն ամենը, որ պատվիրեցի իրենց, այն բոլոր օրենքները, պատվիրաններն ու կանոնները, որ տրված են Մովսեսի միջոցով»։

9. Բայց Մանասեն մոլորեցրեց Հուդայի և Երուսաղեմի բնակիչներին, որոնք չարիք գործեցին ավելի, քան այն ազգերը, որոնց բնաջնջեց Տերը Իսրայելի որդիների առաջ։

10. Տերը խոսեց Մանասեի և նրա ժողովրդի հետ, սակայն նրանք ականջ չդրեցին։

11. Տերը նրանց դեմ բերեց Ասորեստանի թագավորի զորագլուխներին, որոնք Մանասեին բռնեցին կարթերով, նրան կապեցին պղնձե կրկնակի ոտնակապերով ու տարան Բաբելոն։

12. Երբ նա նեղության մեջ էր, փնտրեց իր Տեր Աստծուն և շատ խոնարհվեց իր հայրերի Աստծու առաջ։

13. Նա աղոթեց նրան, և Տերն ընդունեց նրա աղոթքը, լսեց նրա աղաչանքը և նրան վերադարձրեց Երուսաղեմ, իր թագավորությանը, և Մանասեն իմացավ, որ Տերն է Աստված։

14. Դրանից հետո նա Դավթի քաղաքից դուրս՝ Գեհոնի արևմտյան կողմում, հեղեղատում մի պարիսպ կառուցեց, որը ձգվում էր մինչև Ձկների դռան մուտքը, և շրջափակելով Օփաղը՝ այն շատ բարձրացրեց։ Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքներում նա զորապետներ դրեց։

15. Տիրոջ տնից վերացրեց օտար աստվածներն ու կուռքերը, նաև այն բոլոր զոհասեղանները, որ ինքը շինել էր Տիրոջ տան լեռան վրա ու Երուսաղեմում, և դրանք գցեց քաղաքից դուրս։

16. Նա վերաշինեց Տիրոջ զոհասեղանը և դրա վրա մատուցեց խաղաղության և շնորհակալության զոհեր։ Նա Հուդային պատվիրեց, որ ծառայեն Իսրայելի Տեր Աստծուն։

17. Սակայն ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում Բարձր տեղերում, թեպետ իր Տեր Աստծու համար։

18. Մանասեի գործերի մնացած մասը, նրա աղոթքն առ Աստված և Իսրայելի Տեր Աստծու անունով նրա հետ խոսող տեսանողների խոսքերը, ահա դրանք Իսրայելի թագավորների պատմության մեջ են։

19. Նրա աղոթքը, Աստծուց նրա ընդունվելը, նրա բոլոր մեղքերն ու անօրենությունը և այն տեղերը, ուր նա Բարձր տեղեր էր կառուցել և Աստարովթի կուռքեր կանգնեցրել նախքան իր խոնարհվելը, ահա դրանք գրված են Տեսանողների* հիշատակարանում։

20. Մանասեն ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին իր տանը։ Նրա որդի Ամոնը թագավոր դարձավ նրա փոխարեն։

21. Ամոնը քսաներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երկու տարի թագավորեց Երուսաղեմում։

22. Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպես որ գործել էր իր հայրը՝ Մանասեն, և զոհեր մատուցեց ու ծառայեց այն բոլոր կուռքերին, որ պատրաստել էր իր հայր Մանասեն։

23. Նա չխոնարհվեց Տիրոջ առաջ, ինչպես որ խոնարհվել էր իր հայր Մանասեն, այլ այս Ամոնն ավելացրեց իր հանցանքը։

24. Նրա ծառաները դավաճանություն արեցին նրա դեմ և նրան սպանեցին իր տան մեջ։

25. Բայց երկրի ժողովուրդը սպանեց Ամոն թագավորի դեմ դավաճանություն անողներին, և երկրի ժողովուրդը նրա փոխարեն թագավոր դարձրեց նրա որդի Հովսիային։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34

1. Հովսիան ութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեսունմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։

2. Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև, և գնաց իր հայր Դավթի ճանապարհներով ու չխոտորվեց ո՛չ աջ, ո՛չ ձախ։

3. Իր թագավորության ութերորդ տարում, երբ դեռ ինքը պատանի էր, սկսեց փնտրել իր հայր Դավթի Աստծուն, իսկ տասներկուերորդ տարում սկսեց մաքրել Հուդան ու Երուսաղեմը Բարձր տեղերից, Աստարովթի կուռքերից և քանդակած ու ձուլածո արձաններից։

4. Նրա առաջ քանդեցին Բահաղիմի զոհասեղանները, և նա կոտրատեց դրանց վրա գտնվող խունկի սեղանները, ջարդուփշուր արեց Աստարովթի կուռքերն ու ձուլածո արձանները, մանրեց դրանք ու ցրիվ տվեց դրանք զոհ մատուցողների գերեզմանների վրա։

5. Նա քրմերի ոսկորներն այրեց նրանց զոհասեղանների վրա և մաքրեց Հուդան ու Երուսաղեմը։

6. Մանասեի, Եփրեմի և Շմավոնի քաղաքներում, մինչև Նեփթաղիմ, դրանց շրջակայքի ավերակ վայրերում

7. նա կործանեց զոհասեղանները, Աստարովթի կուռքերը, փշրեց ու մանրեց քանդակած արձանները, կտոր-կտոր արեց խունկի բոլոր սեղանները Իսրայելի ամբողջ երկրում և վերադարձավ Երուսաղեմ։

8. Իր թագավորության տասնութերորդ տարում, երբ մաքրել էր երկիրն ու Տիրոջ տունը, նա ուղարկեց Եսելիայի որդի Սափանին, քաղաքի իշխան Մաասիային և Հովաքազի որդի Հովաքին՝ հիշատակաց դպիրին, որպեսզի նորոգեն Տեր Աստծու տունը։

9. Նրանք եկան Քեղկիա քահանայապետի մոտ և տվեցին այն փողը, որ բերվել էր Աստծու տուն, որը դռան պահապան ղևտացիները հավաքել էին Մանասեից և Եփրեմից, Իսրայելի ամբողջ մնացորդից, ամբողջ Հուդայի, Բենիամինի և Երուսաղեմի բնակիչներից։

10. Տվեցին այն գործավորների ձեռքը, որոնք նշանակված էին Տիրոջ տան վրա, և սրանք էլ հանձնեցին այն գործավորներին, որոնք աշխատում էին Տիրոջ տանը՝ տունը վերաշինելու և նորոգելու համար։

11. Նրանք տվեցին հյուսներին և շինարարներին, որպեսզի տաշած քարեր և փայտե գերաններ առնեն այն տների համար, որ քանդել էին Հուդայի թագավորները։

12. Այդ մարդիկ հավատարմորեն կատարում էին գործը. նրանց վրա վերակացուներ էին նշանակված Մերարիի որդիներից՝ ղևտացի Հեթը և Աբդիան, Կահաթի որդիներից՝ Զաքարիան ու Մեսուղամը և ղևտացիներից նրանք, որ կարող են նվագել նվագարաններով։

13. Նրանք վերակացուներ էին նաև բեռնակիրների և ամեն տեսակ գործեր կատարողների վրա։ Ղևտացիներից էին նույնպես դպիրները, պաշտոնյաներն ու դռնապանները։

14. Երբ հանում էին Տիրոջ տուն բերված փողը, Քեղկիա քահանան գտավ Մովսեսի ձեռքով տրված Տիրոջ օրենքի գիրքը։

15. Քեղկիան ասաց Սափան դպիրին. «Օրենքի գիրքը գտա Տիրոջ տանը»։ Եվ Քեղկիան այդ գիրքը տվեց Սափան դպիրին։

16. Սափանն այդ գիրքը բերեց թագավորին։ Նա տեղեկացրեց թագավորին՝ ասելով. «Քո ծառաները կատարում են այն ամենը, ինչ հանձնարարվել է նրանց։

17. Տիրոջ տանը գտնված փողը թափեցին և տվեցին վերակացուներին ու գործավորներին»։

18. Սափան դպիրը պատմեց թագավորին՝ ասելով. «Քեղկիա քահանան ինձ մի գիրք տվեց»։ Եվ Սափանը թագավորի առջև կարդաց դրա միջից։

19. Թագավորը, լսելով օրենքի խոսքերը, պատռեց իր հագուստները։

20. Նա հրամայեց Քեղկիային, Սափանի որդի Աքիկամին, Միքայի որդի Աբդոնին, Սափան քարտուղարին և թագավորի ծառա Ասայիային՝ ասելով.

21. «Գնացե՛ք, հարցրե՛ք Տիրոջը ինձ համար և Իսրայելում ու Հուդայում մնացածների համար այս գտնված գրքի խոսքերի մասին, որովհետև մեծ է Տիրոջ՝ մեզ վրա թափված բարկությունը, քանի որ մեր հայրերը չպահեցին Տիրոջ խոսքը և չկատարեցին այն ամենը, որ գրված է այս գրքում»։

22. Քեղկիան և թագավորի մարդիկ գնացին Ասրայի որդի Թեկուայի որդի Սեղղում հանդերձապահի կնոջ՝ Օղդա մարգարեուհու մոտ, որը բնակվում էր Երուսաղեմի Երկրորդ թաղամասում*, և նրա հետ այնպես խոսեցին։

23. Նա ասաց նրանց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ասացե՛ք այն մարդուն, որ ձեզ ինձ մոտ է ուղարկել.

24. այսպես է ասում Տերը.

25. Նրա համար, որ ինձ թողած՝ խունկ ծխեցին ուրիշ աստվածների, որպեսզի բարկացնեն ինձ իրենց ձեռքի բոլոր գործերով, իմ բարկությունը պիտի թափվի այդ տեղի վրա և չպիտի հանգչի

26. Բայց Հուդայի թագավորին, որ ձեզ ուղարկել է հարցնելու Տիրոջը, այսպե՛ս ասացեք. “Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը այդ քո լսած խոսքերի մասին.

27.

28. Ահա ես քեզ պիտի տանեմ քո հայրերի մոտ, և դու պիտի դրվես քո գերեզմանի մեջ խաղաղությամբ, և քո աչքերը չեն տեսնելու այն բոլոր չարիքները, որ ես պիտի բերեմ այդ տեղի ու նրա բնակիչների վրա”»։ Եվ նրանք պատասխանը բերեցին թագավորին։

29. Թագավորը մարդ ուղարկեց և հավաքեց Հուդայի ու Երուսաղեմի բոլոր ծերերին։

30. Թագավորը, Հուդայի բոլոր մարդիկ, Երուսաղեմի բնակիչները, քահանաներն ու ղևտացիները և ամբողջ ժողովուրդը՝ մեծից մինչև փոքրը, բարձրացան Տիրոջ տունը, և թագավորը նրանց առաջ կարդաց Տիրոջ տանը գտնված ուխտի գրքի բոլոր խոսքերը։

31. Թագավորը կանգնած էր իր տեղը և ուխտ արեց Տիրոջ առաջ, որ կգնա Տիրոջ հետևից, կպահի նրա պատվերները, հրահանգներն ու կանոնները իր ամբողջ սրտով ու իր ամբողջ հոգով և կկատարի այդ գրքում գրված ուխտի խոսքերը։

32. Նա կանգնեցրեց Երուսաղեմում և Բենիամինում գտնվող բոլոր մարդկանց, և Երուսաղեմի բնակիչներն ուխտ արեցին Աստծուն՝ իրենց հայրերի Աստծու ուխտի համաձայն։

33. Հովսիան Իսրայելի որդիների ամբողջ երկրից վերացրեց բոլոր պղծությունները և Իսրայելում գտնվող բոլոր մարդկանց ստիպեց ծառայել իրենց հայրերի Տեր Աստծուն։ Նրանք նրա կյանքի բոլոր օրերին չխոտորվեցին իրենց հայրերի Տեր Աստծուց։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 35

1. Հովսիան Երուսաղեմում զատիկը տոնեց Տիրոջ համար. զատկի գառը մորթեցին առաջին ամսի տասնչորսին։

2. Նա քահանաներին նշանակեց իրենց պաշտոնին և քաջալերեց նրանց, որ ծառայություն անեն Տիրոջ տանը։

3. Նա բոլոր իսրայելացիներին ուսուցանող և Տիրոջը նվիրված ղևտացիներին ասաց. «Սուրբ տապանակը դրե՛ք այն տանը, որը կառուցեց Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնը. այլևս կարիք չունեք ձեր ուսերի վրա կրելու. հիմա դուք ծառայե՛ք ձեր Տեր Աստծուն և Իսրայելի նրա ժողովրդին։

4. Պատրա՛ստ եղեք ըստ ձեր ազգատոհմերի և ըստ ձեր դասերի՝ Իսրայելի թագավոր Դավթի գրածի համաձայն և նրա որդի Սողոմոնի գրածի համաձայն։

5. Սրբարանում կանգնե՛ք ձեր տեղերում ըստ ձեր եղբայրների՝ ժողովրդի զավակների ազգատոհմերի բաժանումների և ըստ ղևտացիների ագատոհմերի դասերի։

6. Մորթե՛ք զատկի գառը, ձեզ սրբագործե՛ք և այն պատրաստե՛ք ձեր եղբայրների համար, որպեսզի անեք Աստծու խոսքի համաձայն, որ ասվել է Մովսեսի միջոցով»։

7. Հովսիան այնտեղ գտնվող ժողովրդի բոլոր զավակներին իր հոտերից պարգևեց թվով երեսուն հազար գառ և այծի ձագ՝ բոլորը զատկի համար, և երեք հազար արջառ։ Սրանք թագավորի ունեցվածքից էին։

8. Նրա իշխաններն էլ հոժարակամ նվեր տվեցին ժողովրդին, քահանաներին և ղևտացիներին։ Աստծու տան վերակացուներ Քեղկիան, Զաքարիան և Հեքիելը զատկի համար քահանաներին տվեցին երկու հազար վեց հարյուր գառ և երեք հարյուր արջառ։

9. Քոնոնիան և նրա եղբայրները՝ Սեմայիան ու Նաթանայելը, և ղևտացիների գլխավորներ Ասաբիան, Հեիելն ու Հոզաբադը զատկի համար ղևտացիներին պարգևեցին հինգ հազար գառ և հինգ հարյուր արջառ։

10. Պաշտամունքը պատրաստվեց. քահանաները կանգնեցին իրենց հատկացված տեղում, իսկ ղևտացիները՝ ըստ իրենց դասերի, ինչպես պատվիրել էր թագավորը։

11. Մորթեցին զատկի գառները, և քահանաները շաղ էին տալիս արյունը՝ առնելով նրանց ձեռքից, իսկ ղևտացիները մաշկահան էին անում։

12. Նրանք առանձնացնում էին ողջակիզելու համար սահմանվածները, որպեսզի դրանք տան ժողովրդի զավակներին՝ ըստ նրանց ազգատոհմերի բաժանումների՝ Տիրոջը մատուցելու համար, ինչպես որ գրված է Մովսեսի գրքում։ Այդպես արեցին նաև արջառներին։

13. Զատկի գառները խորովեցին կրակով՝ ըստ կանոնի, բայց սուրբ նվերները եփեցին կաթսաների, սաների ու տապակների մեջ և շտապ հասցրին ժողովրդի զավակներին։

14. Հետո պատրաստեցին քահանաների և իրենց համար, որովհետև Ահարոնի որդիները՝ քահանաները, մինչև գիշեր մատուցում էին ողջակեզներն ու ճարպերը։ Ապա ղևտացիները պատրաստեցին իրենց և Ահարոնի որդիների՝ քահանաների համար։

15. Ասափի որդիների երգողները* կանգնել էին իրենց տեղում՝ Դավթի, Ասափի, Եմանի և թագավորի տեսանող Իդիթունի պատվերի համաձայն, իսկ դռնապաններն էլ՝ ամեն մեկ դռան վրա։ Նրանք իրենց ծառայությունից չպետք է հեռանային, որովհետև իրենց եղբայրները՝ ղևտացիները, պատրաստում էին նրանց համար։

16. Այսպես այդ օրը պատրաստվեց Տիրոջ ամբողջ պաշտամունքը, որպեսզի տոնեն զատիկը և ողջակեզներ մատուցեն Տիրոջ զոհասեղանի վրա՝ ըստ Հովսիա թագավորի պատվերի։

17. Այդ ժամանակ Իսրայելի որդիները, որ այնտեղ էին գտնվում, յոթ օր տոնեցին զատիկն ու բաղարջակերաց տոնը։

18. Սամուել մարգարեի օրերից ի վեր սրա նման զատիկ չէր տոնվել Իսրայելում, և Իսրայելի բոլոր թագավորներն այսպիսի զատիկ չէին արել, ինչպես արեցին Հովսիան, քահանաները, ղևտացիները, այնտեղ գտնվող ամբողջ Հուդայի ու Իսրայելի մարդիկ և Երուսաղեմի բնակիչները։

19. Այս զատիկը տոնվեց Հովսիայի թագավորության տասնութերորդ տարում։

20. Այս ամենից հետո, երբ Հովսիան կարգի էր բերել Աստծու տունը, Եգիպտոսի Նեքավով թագավորը եկավ Եփրատի մոտ գտնվող Քարքեմիշի դեմ պատերազմելու, և Հովսիան դուրս ելավ նրա դեմ։

21. Բայց Նեքավովը պատգամավորներ ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Դու ինձ հետ ի՞նչ գործ ունես, ո՛վ Հուդայի թագավոր, ես այսօր քո՛ դեմ չեմ եկել, այլ ինձ հետ պատերազմողի տան դեմ։ Աստված հրամայել է ինձ, որ շտապեմ. ե՛տ քաշվիր ինձ հետ եղող Աստծուց, որպեսզի քեզ չկործանի»։

22. Սակայն Հովսիան իր երեսը նրանից չշրջեց, այլ նրա դեմ պատերազմելու համար փոխեց հագուստը և չլսեց Նեքավովի խոսքը, որ Աստծու բերանից էր դուրս եկել, և գնաց պատերազմելու Մակեդդովի հովտում։

23. Աղեղնավորները նետով հարվածեցին Հովսիա թագավորին, և թագավորն ասաց իր ծառաներին. «Տարե՛ք ինձ, որովհետև ծանր վիրավորված եմ»։

24. Նրա ծառաները նրան տարան իր մարտակառքից, դրեցին նրա երկրորդ մարտակառքի մեջ և բերեցին Երուսաղեմ։ Նա մեռավ և թաղվեց իր հայրերի գերեզմանատանը, և ամբողջ Հուդան ու Երուսաղեմը սուգ արեցին Հովսիայի վրա։

25. Երեմիան ողբ ասաց Հովսիայի մասին, և մինչև այսօր բոլոր երգիչներն ու երգչուհիները իրենց ողբերում հիշում են Հովսիային, և սովորություն դարձավ Իսրայելում։ Դրանք գրի են առնված ողբերի գրքում։

26. Հովսիայի պատմության մնացած մասը, այն բարեգործությունները, որ նա արեց Տիրոջ օրենքում գրվածի համաձայն,

27. նրա առաջին և վերջին գործերը, ահա դրանք գրված են Իսրայելի ու Հուդայի թագավորների գրքում։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 36

1. Երկրի ժողովուրդը Հովսիայի որդի Հովաքազին վերցրեց և իր հոր փոխարեն թագավոր դարձրեց Երուսաղեմում։

2. Հովաքազը քսաներեք տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս թագավորեց Երուսաղեմում։

3. Եգիպտոսի թագավորը Երուսաղեմում նրան հեռացրեց աթոռից և երկրի վրա հարյուր տաղանդ արծաթ և մեկ տաղանդ ոսկի հարկ դրեց։

4. Եգիպտոսի թագավորը Հուդայի ու Երուսաղեմի վրա թագավոր նշանակեց նրա եղբայր Եղիակիմին և նրա անունը փոխեց ու դրեց Հովակիմ, իսկ նրա եղբայր Հովաքազին Նեքավովն առավ ու տարավ Եգիպտոս։

5. Հովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նա չարիք գործեց իր Տեր Աստծու առջև։

6. Նրա դեմ ելավ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը և նրան կապեց պղնձե կրկնակի ոտնակապերով, որպեսզի նրան տանի Բաբելոն։

7. Նաբուգոդոնոսորը Բաբելոն տարավ Տիրոջ տան անոթները և Բաբելոնում դրանք դրեց իր տաճարի մեջ։

8. Հովակիմի պատմության մնացած մասը, նրա կատարած պղծությունները, և ինչ որ կար նրա դեմ, ահա դրանք գրված են Իսրայելի և Հուդայի թագավորների գրքում։ Նրա որդի Հովաքինը թագավոր դարձավ նրա փոխարեն։

9. Հովաքինը ութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս ու տասը օր թագավորեց Երուսաղեմում։ Նա չարիք գործեց Տիրոջ առջև։

10. Հաջորդ տարի Նաբուգոդոնոսոր թագավորը զորք ուղարկեց և նրան, Տիրոջ տան թանկարժեք անոթներով հանդերձ, բերել տվեց Բաբելոն, և նրա հոր եղբայր Սեդեկիային թագավոր նշանակեց Հուդայի և Երուսաղեմի վրա։

11. Սեդեկիան քսանմեկ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։

12. Նա չարիք գործեց իր Տեր Աստծու առջև. չխոնարհվեց Տիրոջ բերանով խոսող Երեմիա մարգարեի առաջ։

13. Նա ապստամբեց նաև Նաբուգոդոնոսոր թագավորի դեմ, որը նրան երդվեցրել էր Աստծու անունով։ Նա համառորեն* կարծրացրեց իր սիրտը, որ չվերադառնա Իսրայելի Տեր Աստծուն։

14. Քահանաների բոլոր գլխավորներն ու ժողովուրդը նույնպես չափազանց շատ անօրենություններ գործեցին ուրիշ ազգերի բոլոր գարշությունների պես և պղծեցին Տիրոջ տունը, որը նա սրբագործել էր Երուսաղեմում։

15. Տերը՝ նրանց հայրերի Աստվածը, իր պատգամավորների ձեռքով կրկին ու կրկին* նրանց ուղարկում էր իր պատգամները, որովհետև խնայում էր իր ժողովրդին և իր բնակարանը։

16. Բայց նրանք անարգում էին Աստծու պատգամավորներին, արհամարհում էին նրա խոսքերը, ծաղրում էին նրա մարգարեներին, մինչև որ բորբոքվեց Տիրոջ բարկությունն իր ժողովրդի դեմ այնպես, որ բժշկելու միջոց չմնաց։

17. Տերը նրանց վրա ուղարկեց քաղդեացիների թագավորին, որն էլ սրով սպանեց նրանց երիտասարդներին իրենց իսկ սրբարանում, և չխնայեց երիտասարդին, կույսին, ծերին և ալևորին. բոլորին մատնեց նրա ձեռքը։

18. Նա Աստծու տան բոլոր անոթները՝ մեծերն ու փոքրերը, Տիրոջ տան գանձերը, թագավորի և նրա իշխանների գանձերը, բոլորը տարավ Բաբելոն։

19. Այրեցին Աստծու տունը, քանդեցին Երուսաղեմի պարիսպը և կրակով այրեցին բոլոր պալատներն ու փչացրին բոլոր թանկարժեք իրերը։

20. Իսկ սրից մնացածներին գերի տարավ Բաբելոն, և նրանք նրա ու նրա որդիների ծառաները դարձան մինչև Պարսից թագավորության տիրապետությունը,

21. որպեսզի կատարվի Տիրոջ խոսքը, որ ասվեց Երեմիա մարգարեի բերանով. «Երկիրը պիտի ավերակ մնա յոթանասուն տարի՝ ամբողջացնելու շաբաթների հանգիստը, որ չէր պահվել»*։

22. Պարսից Կյուրոս թագավորի առաջին տարում, որպեսզի կատարվի Երեմիայի բերանով ասված Տիրոջ խոսքը, Տերը զարթնեցրեց պարսից Կյուրոս թագավորի հոգին, և նա իր ամբողջ թագավորության մեջ մունետիկ կանչել տվեց, նաև գրավոր հրովարտակ հրապարակեց՝ ասելով.

23. «Այսպես է ասում պարսից Կյուրոս թագավորը. “Երկնքի Տեր Աստվածն ինձ տվել է երկրի բոլոր թագավորությունները, և նա ինձ պատվիրել է իր համար մի տուն կառուցել Երուսաղեմում, որ Հուդայի երկրում է։ Ձեզնից ով որ նրա ժողովրդից է, նրա Տեր Աստվածն իր հետ լինի, և թող գնա”»։