Ա
Ս
Տ
Ծ
Ո

Ժ
Ո
Ղ
Ո
Վ
Ո
Ւ
Ր
Դ
.
.
.

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

Աստվածաշունչ (online)

Ընտրել Գիրքը...

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրել Գլուխը...

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1

1. Աքաաբի մեռնելուց հետո Մովաբն ապստամբեց Իսրայելի դեմ։

2. Օքոզիան Սամարիայում վայր ընկավ իր վերնատան վանդակապատից և վիրավորվեց։ Նա պատգամավորներ ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացե՛ք և Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցրե՛ք, թե արդյոք կառողջանա՞մ այս վնասվածքից»։

3. Եվ Տիրոջ հրեշտակն ասաց թեզբացի Եղիային. «Վե՛ր կաց, գնա՛ Սամարիայի թագավորի պատգամավորներին դիմավորելու և ասա՛ նրանց. “Մի՞թե Իսրայելի մեջ Աստված չկա, որ գնում եք Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու”։

4. Դրա համար էլ Տերն այսպես է ասում. “Քո անկողնուց, որի մեջ պառկած ես, չպիտի վայր իջնես, այլ անպատճառ պիտի մեռնես”». և Եղիան գնաց։

5. Պատգամավորները վերադարձան թագավորի մոտ, և նա ասաց նրանց. «Այդ ինչո՞ւ ետ դարձաք»։

6. Եվ նրանք ասացին. «Մի մարդ դուրս եկավ մեր դիմաց և մեզ ասաց. “Գնացե՛ք, ե՛տ դարձեք ձեզ ուղարկող թագավորի մոտ և ասացե՛ք նրան.

7. Եվ նա ասաց նրանց. «Ինչպիսի՞ն էր այդ մարդը, որ ելավ ձեր դիմաց և ձեզ ասաց այդ խոսքերը»։

8. Նրանք էլ ասացին. «Նա մի մազե հագուստ էր հագել,* և կաշվե մի գոտի էր կապած մեջքին»։ Եվ նա ասաց. «Նա թեզբացի Եղիան է»։

9. Թագավորը մի հիսնապետ ուղարկեց իր հիսուն մարդկանցով։ Երբ նա գնաց Եղիայի մոտ, Եղիան նստել էր սարի գլխին, և ասաց նրան. «Ո՛վ մարդ Աստծո, թագավորն ասում է՝ վա՛յր իջիր»։

10. Եղիան պատասխանեց և ասաց հիսնապետին. «Եթե ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի և ուտի քեզ ու քո հիսուն մարդկանց»։ Երկնքից կրակ իջավ և լափեց նրան ու նրա հիսուն մարդկանց։

11. Թագավորը դարձյալ մի ուրիշ հիսնապետ ուղարկեց իր հիսուն մարդկանցով. նա պատասխանեց ու ասաց Եղիային. «Ո՛վ մարդ Աստծո, թագավորն այսպես է ասում. “Շուտով վա՛յր իջիր”»։

12. Եղիան պատասխանեց և ասաց նրանց. «Եթե ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի և ուտի քեզ ու քո հիսուն մարդկանց»։ Աստծու կրակն իջավ երկնքից և լափեց նրան ու նրա հիսուն մարդկանց։

13. Բայց նա դարձյալ մի երրորդ հիսնապետ ուղարկեց իր հիսուն մարդկանցով. այդ երրորդ հիսնապետը վեր ելավ, գնաց ու ծնկի իջավ Եղիայի առաջ և աղաչեց նրան ու ասաց. «Ո՛վ մարդ Աստծո, թող իմ հոգին և այս հիսուն ծառաներիդ հոգիները պատվական համարվեն քո աչքին։

14. Ահա երկնքից կրակ իջավ և լափեց առաջին այն երկու հիսնապետներին և նրանց հիսուն մարդկանց. բայց հիմա թող իմ անձը պատվական համարվի քո աչքին»։

15. Եվ Տիրոջ հրեշտակն ասաց Եղիային. «Վա՛յր իջիր նրա հետ, մի՛ վախեցիր նրանից»։ Նա վեր կացավ ու նրա հետ իջավ թագավորի մոտ։

16. Եվ ասաց նրան. «Տերն այսպես է ասում. “Որովհետև դու պատգամավորներ ուղարկեցիր Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու, իբր թե Իսրայելում Աստված չկար, որ նրանից բան հարցնեիր, դրա համար էլ քո անկողնուց, որի մեջ պառկած ես, չպիտի վայր իջնես, այլ անպատճառ պիտի մեռնես”»։

17. Եվ նա մեռավ Տիրոջ խոսքի համաձայն, որն ասել էր Եղիան։ Եվ որովհետև նա որդի չուներ, նրա փոխարեն թագավոր դարձավ իր եղբայրը՝ Հովրամը, Հոսափատի որդու՝ Հուդայի թագավոր Հովրամի երկրորդ տարում։

18. Օքոզիայի մնացած գործերի մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2

1. Եվ երբ Տերը Եղիային մրրիկով երկինք էր բարձրացնելու, այդ ժամանակ Եղիան և Եղիսեն գնացին Գաղգաղայից։

2. Եվ Եղիան ասաց Եղիսեին. «Դու այստե՛ղ մնա, որովհետև Տերն ինձ ուղարկում է մինչև Բեթել». և Եղիսեն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է քո հոգին, ես քեզ չեմ լքելու»։ Եվ գնացին Բեթել։

3. Բեթելում գտնվող մարգարեների որդիները եկան Եղիսեի մոտ և նրան ասացին. «Գիտե՞ս արդյոք, որ այսօր Տերը քո տիրոջը վեր է առնելու քո գլխից»։ Եվ նա ասաց. «Ես էլ գիտեմ, լռեցե՛ք»։

4. Եղիան ասաց նրան. «Այստե՛ղ մնա, Եղիսե՛, որովհետև Տերն ինձ ուղարկում է Երիքով»։ Եվ նա ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է քո հոգին, ես քեզ չեմ լքելու»։ Եվ գնացին Երիքով։

5. Երիքովում գտնվող մարգարեների որդիները մոտեցան Եղիսեին և ասացին նրան. «Գիտե՞ս արդյոք, որ այսօր Տերը քո տիրոջը վեր է առնելու քո գլխից»։ Նա ասաց. «Ես էլ գիտեմ, լռեցե՛ք»։

6. Եղիան ասաց նրան. «Այստե՛ղ մնա, որովհետև Տերն ինձ ուղարկում է Հորդանան»։ Նա ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է քո հոգին, ես քեզ չեմ լքելու»։ Եվ երկուսն էլ գնացին։

7. Եվ մարգարեների որդիներից հիսուն մարդ գնացին և հեռվում կանգնեցին նրանց դիմաց, իսկ նրանք երկուսն էլ կանգնել էին Հորդանանի մոտ։

8. Եղիան վերցրեց իր վերարկուն, ծալեց և զարկեց ջրին. ջուրը բաժանվեց այս կողմ ու այն կողմ, և երկուսն էլ անցան ցամաքով։

9. Եվ երբ նրանք անցնում էին, Եղիան ասաց Եղիսեին. «Խնդրի՛ր, ի՞նչ անեմ քեզ համար, քանի դեռ քեզնից վեր չեմ առնվել»։ Եղիսեն ասաց. «Թող քո ոգին կրկնապատիկ լինի ինձ վրա»։

10. Եվ նա ասաց. «Դժվար բան խնդրեցիր. եթե քեզնից վեր առնվելիս դու ինձ տեսնես, քեզ այդպես կլինի, բայց եթե ոչ, չի լինի»։

11. Մինչ նրանք գնում էին և գնալով խոսում, ահա հրեղեն մի կառք և հրեղեն ձիեր բաժանեցին նրանց երկուսին. և Եղիան մրրիկով վեր ելավ երկինք։

12. Իսկ Եղիսեն նայում էր և կանչում. «Հա՛յր իմ, հա՛յր իմ, Իսրայելի կառքերը և նրա ձիավորները». և այլևս չտեսավ նրան, բռնեց իր հանդերձներից, պատռեց դրանք և երկու կտոր արեց։

13. Ապա վերցրեց Եղիայի վերարկուն, որ ընկել էր նրա վրայից, ետ դարձավ ու կանգնեց Հորդանանի ափին։

14. Եվ վերցրեց Եղիայի վերարկուն, որ ընկել էր նրա վրայից, զարկեց ջրին և ասաց. «Որտե՞ղ է Եղիայի Տեր Աստվածը՝ նա ինքը». զարկեց ջրին, և ջրերը բաժանվեցին այս կողմ ու այն կողմ, և Եղիսեն անցավ։

15. Մարգարեների խումբը, որոնք դիմացը՝ Երիքովում էին, տեսան նրան և ասացին. «Եղիայի ոգին հանգչել է Եղիսեի վրա»։ Եվ եկան նրան դիմավորելու և մինչև գետին խոնարհվեցին նրա առաջ։

16. Եվ ասացին նրան. «Ահա քո ծառաների հետ հիսուն զորավոր մարդիկ կան, թող գնան և որոնեն քո տիրոջը. գուցե Տիրոջ Հոգին նրան վեր է առել և գցել մի սարի վրա կամ հովիտներից մեկի մեջ»։ Եվ նա ասաց՝ մի՛ ուղարկեք։

17. Բայց նրանք ստիպեցին նրան, մինչև որ ամաչեց և ասաց՝ ուղարկե՛ք։ Եվ նրանք հիսուն մարդ ուղարկեցին, և նրանք որոնեցին երեք օր, բայց չգտան նրան։

18. Եվ վերադարձան նրա մոտ. նա նստած էր Երիքովում. նրանց ասաց. «Ես ձեզ չասացի՞, թե՝ մի՛ գնացեք»։

19. Եվ այդ քաղաքի մարդիկ ասացին Եղիսեին. «Ահա այս քաղաքի դիրքը լավ է, ինչպես որ տեսնում է իմ տերը, բայց ջուրը վատ է, իսկ հողը՝ անպտուղ»։

20. Եվ նա ասաց. «Ինձ մի նոր կո՛ւժ բերեք և մեջը ա՛ղ դրեք»։ Եվ կուժը բերեցին նրա մոտ։

21. Եվ նա գնաց ջրերի աղբյուրի մոտ, աղ գցեց այնտեղ և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ես բժշկեցի այս ջրերը, այսուհետև այստեղից այլևս մահ և անպտղություն չի լինի”»։

22. Եվ այդ ջրերը բժշկվեցին մինչև այսօր՝ Եղիսեի ասած խոսքի համաձայն։

23. Եվ նա այնտեղից գնաց Բեթել. և երբ ճանապարհով ելնում էր դեպի վեր, քաղաքից փոքրիկ տղաներ դուրս եկան և ծաղրելով ասում էին նրան. «Վե՛ր եկ, կնդակ, վե՛ր եկ, կնդակ»։

24. Եվ նա ետ դարձավ, նրանց տեսավ և Տիրոջ անունով անիծեց նրանց. անտառից երկու արջ դուրս եկան և նրանցից քառասուներկու երեխա պատառոտեցին։

25. Այնտեղից գնաց Կարմեղոս սարը, այնտեղից էլ ետ եկավ Սամարիա։

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3

1. Աքաաբի որդի Հովրամն Իսրայելի վրա թագավոր դարձավ Հուդայի Հոսափատ թագավորի տասնութերորդ տարում և թագավորեց տասներկու տարի։

2. Եվ չարիք գործեց Տիրոջ առջև, բայց ոչ թե իր հոր և իր մոր պես, թեև վերացրեց իր հոր շինած Բահաղի արձանը։

3. Սակայն հետևեց Նաբատի որդի Հերոբովամի այն մեղքին, որով նա մեղանչել էր տվել Իսրայելին. չհեռացավ դրանից։

4. Մովաբացիների Մեսա թագավորը ոչխարարած էր, և նա Իսրայելի թագավորին հարյուր հազար գառ էր տալիս և հարյուր հազար խոյի բուրդը։

5. Երբ Աքաաբ թագավորը մեռավ, Մովաբի թագավորն ապստամբեց Իսրայելի թագավորի դեմ։

6. Այդ ժամանակ Հովրամը դուրս եկավ Սամարիայից և ամբողջ Իսրայելի զորահավաք արեց։

7. Եվ գնաց ու մարդ ուղարկեց Հուդայի Հոսափատ թագավորի մոտ՝ ասելով. «Մովաբացիների թագավորն ապստամբել է իմ դեմ. ինձ հետ կգա՞ս պատերազմելու մովաբացիների դեմ»։ Եվ նա ասաց. «Կգամ. ինչպես որ դու, այնպես էլ ես, ինչպես որ քո ժողովուրդը, այնպես էլ իմ ժողովուրդը, ինչպես որ քո ձիերը, այնպես էլ իմ ձիերը»։

8. Եվ նա ասաց. «Ո՞ր ճանապարհով գնանք»։ Նա էլ ասաց. «Եդովմի անապատի ճանապարհով»։

9. Եվ գնացին Իսրայելի թագավորը, Հուդայի թագավորը և Եդովմի թագավորը և յոթ օր պտույտ տվեցին, և ջուր չկար ո՛չ բանակի համար և ո՛չ էլ նրանց հետ եղած անասունների համար։

10. Իսրայելի թագավորն ասաց. «Ափսո՜ս, որ Տերը կանչել է երեք թագավորներիս, որ Մովաբի թագավորի ձեռքը մատնի»։

11. Եվ Հոսափատն ասաց. «Այստեղ Տիրոջ մի մարգարե չկա՞, որ Տիրոջ խոսքը հարցնենք նրանից»։ Իսրայելի թագավորի ծառաներից մեկը պատասխանեց և ասաց. «Այստեղ է Սափատի որդի Եղիսեն, որը ջուր էր լցնում Եղիայի ձեռքերին*»։

12. Հոսափատն ասաց. «Տիրոջ խոսքը կա նրա մոտ»։ Իսրայելի թագավորը, Հոսափատն ու Եդովմի թագավորն իջան նրա մոտ։

13. Եղիսեն ասաց Իսրայելի թագավորին. «Դու ի՞նչ գործ ունես ինձ հետ, գնա՛ քո հոր մարգարեների մոտ և քո մոր մարգարեների մոտ»։ Եվ Իսրայելի թագավորն ասաց. «Ո՛չ, որովհետև Տերն այս երեք թագավորներին կանչել է, որ նրանց մատնի Մովաբի թագավորի ձեռքը»։

14. Եղիսեն ասաց. «Կենդանի է Զորությունների Տերը, որին ծառայում եմ. եթե ես չհարգեի Հուդայի Հոսափատ թագավորին, քեզ նույնիսկ չէի նայելու և չէի տեսնելու քեզ։

15. Բայց հիմա մի նվագածո՛ւ բերեք ինձ համար»։ Եվ երբ նվագածուն նվագում էր, Տիրոջ ձեռքն իջավ Եղիսեի վրա։

16. Եվ նա ասաց. «Այսպես է ասում Տերը. “Այս հեղեղատի մեջ փոսե՛ր արեք”։

17. Որովհետև Տերն այսպես է ասում. “Քամի չեք տեսնելու և անձրև չեք տեսնելու, բայց այս հեղեղատը կլցվի ջրով, և կխմեք դուք և ձեր հոտերն ու ձեր անասունները”։

18. Բայց սա մի թեթև բան է Տիրոջ աչքին. նա Մովաբն էլ պիտի հանձնի ձեր ձեռքը։

19. Եվ դուք պիտի ջարդեք բոլոր պարսպապատ քաղաքներն ու բոլոր ընտիր քաղաքները և պիտի կտրատեք բոլոր պտղատու ծառերը, խցանեք ջրի բոլոր աղբյուրներն ու քարերով փչացնեք բոլոր ընտիր արտերը»։

20. Եվ առավոտյան զոհը մատուցելիս ահա ջրեր էին գալիս Եդովմի կողմից, և երկիրը լցվեց ջրով։

21. Երբ բոլոր մովաբացիները լսեցին, որ թագավորները եկել են իրենց դեմ պատերազմելու, հավաքվեցին բոլոր նրանք, որոնք կարող էին սուր կապել, և ավելի մեծերն էլ, ու կանգնեցին սահմանի վրա։

22. Վաղ առավոտյան վեր կացան, ու երբ արեգակը ծագեց ջրերի վրա, մովաբացիներն այդ ժամանակ հեռվից նայեցին ջրերին, որ կարմիր էին արյան պես։

23. Եվ ասում էին. «Սա արյուն է. թագավորները կռվել են իրար հետ և ջարդել են իրար։ Եվ արդ, ո՛վ մովաբացիներ, գնանք ավարի»։

24. Եվ եկան դեպի Իսրայելի բանակը, բայց իսրայելացիները վեր կացան ու ջարդեցին մովաբացիներին. նրանք փախան նրանց առաջից, բայց նրանք մտան մովաբացիների երկիրը և ջարդեցին մովաբացիներին։

25. Քաղաքները քանդեցին, և ամեն մարդ իր քարը գցեց բոլոր մշակված արտերի մեջ. քարով լցրին դրանք և խցանեցին ջրի բոլոր աղբյուրները և կտրատեցին բոլոր պտղատու ծառերը, այնպես որ միայն քարե պատերը մնացին Կիր-Հարեսեթում, իսկ պարսատիկավորները պաշարեցին այն և կործանեցին։

26. Երբ Մովաբի թագավորը տեսավ, որ ճակատամարտը սաստկացավ իր դեմ, յոթ հարյուր սուսերակիր զինվորներ վերցրեց իր հետ, որպեսզի ճեղքեն և հասնեն Եդովմի թագավորին, բայց չկարողացան։

27. Եվ նա վերցրեց իր անդրանիկ որդուն, որը պիտի թագավորեր իր փոխարեն, և նրան ողջակեզ մատուցեց պարսպի վրա. դա մեծ բարկություն հարուցեց իսրայելացիների դեմ. և նրանք ետ քաշվեցին նրանից ու վերադարձան իրենց երկիրը։

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4

1. Մարգարեների խմբի կանանցից մեկը, աղաղակելով Եղիսեին, ասաց. «Իմ մարդը՝ քո ծառան, մեռել է, և դու գիտես, որ քո ծառան երկյուղում էր Տիրոջից, բայց ահա պարտատերը եկել է, որ իմ երկու որդիներին ծառաներ դարձնի իր համար»։

2. Եղիսեն ասաց նրան. «Ես ի՞նչ անեմ քեզ համար, ասա՛ ինձ. ի՞նչ ունես տանդ»։ Եվ նա ասաց. «Քո աղախինն իր տանը ոչինչ չունի, բացի մի աման յուղից»։

3. Եղիսեն ասաց. «Գնա՛ դրսից՝ քո բոլոր դրացիներից, դատարկ ամաննե՛ր ուզիր և քիչ չհավաքես։

4. Եվ տո՛ւնդ մտիր ու դուռը փակի՛ր քո ետևից և քո որդիների ետևից, յուղը լցրո՛ւ այդ բոլոր ամանների մեջ և վերցրո՛ւ լցվածները»։

5. Կինը գնաց նրա մոտից և դուռը փակեց իր ետևից ու իր որդիների ետևից։ Նրանք ամաններ էին տալիս, և նա լցնում էր։

6. Եվ երբ ամանները լցվեցին, իր տղային ասաց. «Էլի՛ աման տուր ինձ»։ Եվ նրան ասաց. «Էլ աման չկա». և յուղը դադարեց։

7. Եվ կինը եկավ ու պատմեց Աստծու մարդուն։ Նա էլ ասաց. «Գնա՛, յուղը ծախի՛ր և պարտքդ վճարի՛ր, իսկ մնացածով ապրե՛ք դու և քո տղաները»։

8. Մի օր Եղիսեն անցնում էր Սունամով։ Այնտեղ մի հարուստ կին կար. նա ստիպեց նրան իր տանը հաց ուտել։ Եվ քանի անգամ որ Եղիսեն անցնում էր այնտեղով, գնում էր այնտեղ հաց ուտելու։

9. Եվ նա ասաց իր մարդուն. «Գիտեմ, որ Աստծու այդ մարդը սուրբ է, որը միշտ անցնում է մեր մոտով։

10. Ե՛կ մի փոքր վերնասենյակ շինենք տանիքի վրա և նրա համար այնտեղ անկողին, սեղան, աթոռ և աշտանակ դնենք, որ երբ մեզ մոտ գա, գնա այնտեղ»։

11. Մի օր էլ, երբ նա եկավ այնտեղ, գնաց վերնատուն և այնտեղ պառկեց։

12. Եվ իր ծառա Գեեզիին ասաց. «Կանչի՛ր այդ սունամացի կնոջը»։ Նա կանչեց նրան, և կինը կանգնեց նրա առաջ։

13. Եվ ծառային ասաց. «Նրան ասա՛. “Ահա այս ամբողջ աշխատանքն արել ես մեզ համար, հիմա ի՞նչ անեմ քեզ համար. թագավորի մոտ գործ ունե՞ս կամ զորագլխի մոտ”»։ Բայց կինն ասաց. «Ես գոհ եմ, որ իմ ժողովրդի մեջ եմ բնակվում»։

14. Եվ նա ասաց. «Ուրեմն ի՞նչ պետք է անել նրա համար»։ Եվ Գեեզին ասաց. «Իրավ, ինքը որդի չունի, և մարդն էլ ծեր է»։

15. Եվ ասաց. «Կանչի՛ր նրան»։ Նա կանչեց նրան, և կինը կանգնեց դռանը։

16. Եվ Եղիսեն ասաց. «Եկող տարի այս ժամանակ գրկիդ մի որդի կունենաս»։ Եվ կինն ասաց. «Ո՛չ, տե՛ր իմ, Աստծո՛ւ մարդ, սուտ մի՛ ասա քո աղախնին»։

17. Կինը հղիացավ և մի որդի ծնեց հաջորդ տարին այդ նույն ժամանակ, ինչպես նրան ասել էր Եղիսեն։

18. Երեխան մեծացավ և մի օր գնաց հնձվորների՝ իր հոր մոտ։

19. Եվ ասաց իր հորը. «Գլո՜ւխս, գլո՜ւխս»։ Հայրն ասաց ծառային. «Նրան տա՛ր իր մոր մոտ»։

20. Նա վերցրեց նրան ու տարավ իր մոր մոտ, և նա մինչև կեսօր մնաց մոր ծնկների վրա ու մեռավ։

21. Կինը ելավ վեր, նրան պառկեցրեց Աստծու մարդու անկողնու վրա, դուռը կողպեց վրան ու գնաց։

22. Եվ իր մարդուն կանչեց ու ասաց. «Ծառաներից մեկին ուղարկի՛ր ինձ մոտ և էշերից էլ մի էշ, որ շտապ գնամ Աստծու մարդու մոտ ու ետ գամ»։

23. Եվ նա ասաց. «Ինչո՞ւ ես այսօր նրա մոտ գնում. ո՛չ ամսամուտ է, ո՛չ շաբաթ»։ Կինն ասաց. «Հանգի՛ստ եղիր»։

24. Նա համետեց էշը և ասաց ծառային. «Քշի՛ր ու գնա՛, և մինչև քեզ չասեմ, չկանգնեցնես»։

25. Նա գնաց ու հասավ Աստծու մարդուն Կարմեղոս սարի վրա։ Երբ Աստծու մարդը հեռվից տեսավ նրան, այդ ժամանակ իր ծառա Գեեզիին ասաց. «Սա սունամացի այն կինն է։

26. Հիմա վազի՛ր, նրան դիմավորի՛ր և ասա՛ նրան. “Ողջ-առո՞ղջ ես, ողջ-առո՞ղջ է ամուսինդ, ողջ-առո՞ղջ է երեխադ”»։ Եվ նա ասաց. «Ողջ-առողջ ենք»։

27. Կինը գնաց սարը՝ Աստծու մարդու մոտ, և բռնեց նրա ոտքերից. Գեեզին մոտեցավ, որ նրան ետ քաշի, բայց Աստծու մարդն ասաց. «Թո՛ղ դրան, որովհետև նրա սրտում ցավ կա, և Տերը ծածկել է ինձնից և ինձ չի իմացրել»։

28. Ապա նա ասաց. «Ես իմ տիրոջից որդի խնդրեցի՞, չասացի՞, որ ինձ մի՛ խաբիր»։

29. Եվ Եղիսեն Գեեզիին ասաց. «Մեջքիդ գոտի՛ կապիր, ձե՛ռքդ առ իմ գավազանը և գնա՛. եթե մարդու հանդիպես, նրան բարև մի՛ տուր։ Եվ եթե քեզ մեկը բարև տա, պատասխան մի՛ տուր նրան և իմ գավազանը տա՛ր ու դի՛ր երեխայի երեսին»։

30. Բայց երեխայի մայրն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է քո հոգին, որ ես քեզ չեմ լքելու»։ Եվ նա վեր կացավ ու գնաց այդ կնոջ ետևից։

31. Գեեզին գնաց նրանցից առաջ և գավազանը դրեց երեխայի երեսին, բայց ո՛չ ձայն կար, ո՛չ էլ կյանքի նշան։ Եվ նա ետ դարձավ, դիմավորեց Եղիսեին ու պատմեց նրան՝ ասելով. «Երեխան չզարթնեց»։

32. Երբ Եղիսեն մտավ տուն, տղան մեռած պառկած էր իր անկողնու վրա։

33. Նա ներս մտավ, դուռը կողպեց իրենց երկուսի ետևից և աղոթեց Տիրոջը։

34. Վեր կացավ, պառկեց երեխայի վրա ու իր բերանը դրեց նրա բերանին, իր աչքերը՝ նրա աչքերին, իր ափերը՝ նրա ափերին և երբ կռացավ նրա վրա, երեխայի մարմինը տաքացավ։

35. Եվ ելավ ու տան մեջ մեկ այս կողմ, մեկ այն կողմ գնաց և վեր կացավ ու կրկին կռացավ նրա վրա. երեխան յոթ անգամ փռշտաց. երեխան բացեց իր աչքերը։

36. Նա կանչեց Գեեզիին. «Կանչի՛ր այդ սունամացի կնոջը»։ Երբ նա նրան կանչեց, և կինը եկավ նրա մոտ, նա ասաց. «Ա՛ռ քո երեխային»։

37. Կինը եկավ ու ընկավ նրա ոտքերը, մինչև գետին խոնարհվեց և վերցնելով իր որդուն՝ գնաց։

38. Եղիսեն վերադարձավ Գաղգաղա։ Այդ երկրում սով էր, և մարգարեների խումբը նստել էր Եղիսեի առաջ։ Եվ նա ասաց իր ծառային. «Մեծ կաթսան դի՛ր և ապո՛ւր եփիր մարգարեների խմբի համար»։

39. Նրանցից մեկը դաշտ դուրս եկավ՝ կանաչեղեն հավաքելու։ Եվ վայրի որթ գտավ ու նրանից վայրի վարունգ քաղեց՝ շալակը լիքը, և եկավ ու դրանք մանրեց ապուրի կաթսայի մեջ, քանի որ չգիտեին, թե ինչ էր։

40. Եվ լցրին մարդկանց համար, որ ուտեն։ Եվ երբ այդ ապուրից ուտում էին, գոռալով ասացին. «Մահ կա կաթսայում, ո՛վ Աստծու մարդ», և չկարողացան ուտել։

41. Եվ նա ասաց. «Ալյո՛ւր բերեք»։ Ալյուրը լցրեց կաթսան և ասաց. «Լցրո՛ւ մարդկանց համար, թող ուտեն»։ Կաթսայում այլևս վատ բան չկար։

42. Բահաղ-Սաղիսայից մի մարդ եկավ և Աստծու մարդու համար առաջին բերքից հաց բերեց՝ քսան հատ գարու հաց և թարմ հասկեր պարկով, և Եղիսեն ասաց. «Տո՛ւր ժողովրդին, որ ուտեն»։

43. Նրա ծառան ասաց. «Այս ի՞նչ է, որ դնեմ հարյուր մարդու առաջ»։ Բայց նա ասաց. «Տո՛ւր մարդկանց, որ ուտեն, որովհետև այսպես է ասում Տերը. “Պիտի ուտեն, և դեռ պիտի ավելանա”»։

44. Նա դրեց նրանց առաջ, և նրանք կերան, և Տիրոջ խոսքի համաձայն ավելացավ էլ։

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5

1. Ասորիների թագավորի զորապետ Նեեմանը մեծ ու հարգելի մարդ էր իր տիրոջ առաջ, որովհետև Տերը նրա միջոցով փրկություն էր տվել ասորիներին։ Այդ մարդը քաջ էր ու զորավոր, բայց բորոտ էր։

2. Մի անգամ ասորիների գնդերը եկել և Իսրայելի երկրից գերի էին տարել մի փոքրիկ աղջկա, որը ծառայում էր Նեեմանի կնոջը։

3. Սա ասաց իր տիկնոջը. «Երանի թե իմ տերը լիներ Սամարիայում գտնվող մարգարեի առաջ, և նա նրան կբժշկեր իր բորոտությունից»։

4. Նեեմանը գնաց ու պատմեց իր տիրոջը՝ ասելով. «Այսպես ու այսպես է խոսել Իսրայելի երկրից եկած աղջիկը»։

5. Ասորիների թագավորն ասաց. «Գնա՛, ես էլ նամակ կուղարկեմ Իսրայելի թագավորին»։ Նա գնաց ու իր հետ վերցրեց տասը տաղանդ արծաթ, վեց հազար ոսկի և տասը ձեռք փոխնորդ հագուստներ։

6. Եվ Իսրայելի թագավորին բերեց նամակը, որի մեջ ասված էր. «Արդ այս նամակը հենց որ հասնի քեզ, իմացի՛ր, որ քեզ մոտ եմ ուղարկում իմ Նեեման ծառային, որ դու նրան բժշկես իր բորոտությունից»։

7. Եվ երբ Իսրայելի թագավորը կարդաց նամակը, պատռեց իր հանդերձները և ասաց. «Մի՞թե ես Աստված եմ, որ մեռցնեմ կամ կյանք տամ, որ ինձ մոտ մարդ է ուղարկում բորոտությունից բժշկելու համար. սակայն դուք իմացե՛ք ու տեսե՛ք, որ նա կռվի պատճառ է որոնում իմ դեմ»։

8. Եվ երբ Աստծու մարդը՝ Եղիսեն, լսեց, որ Իսրայելի թագավորը պատռել է իր հանդերձը, այդ ժամանակ մարդ ուղարկեց թագավորի մոտ՝ ասելով. «Ինչո՞ւ պատռեցիր քո հանդերձը. թող նա գա ինձ մոտ և իմանա, որ մարգարե կա Իսրայելում»։

9. Նեեմանն իր ձիերով ու կառքով գնաց կանգնեց Եղիսեի տան դռան մոտ։

10. Եղիսեն պատգամավոր ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Գնա՛ և յոթ անգամ լվացվի՛ր Հորդանանում, և քո մարմինը կվերադառնա քեզ մոտ, ու կմաքրվես»։

11. Բայց Նեեմանը բարկացավ ու գնաց՝ ասելով. «Ես կարծում էի, թե անպատճառ պիտի դուրս գա, կանգնի ինձ մոտ, կանչի իր Տեր Աստծու անունը և ձեռքը շարժի այն տեղի վրա և այդ ժամանակ կբժշկի բորոտությունը։

12. Մի՞թե Դամասկոսի Աբանա և Փարփար գետերը Իսրայելի բոլոր ջրերից լավ չեն. մի՞թե չեմ կարող նրանց մեջ լվացվել ու մաքրվել»։ Եվ նա ետ դարձավ ու գնաց բարկությամբ։

13. Բայց նրա ծառաները մոտեցան, խոսեցին նրա հետ և ասացին. «Ո՛վ հայր, եթե մարգարեն քեզ մի մեծ բան ասած լիներ, չէի՞ր անելու. էլ ո՞ւր մնաց, որ քեզ ասաց. “Լվացվի՛ր և կմաքրվես”»։

14. Նա իջավ ցած և Աստծու մարդու խոսքի համաձայն յոթ անգամ սուզվեց Հորդանանի մեջ. նրա մարմինը փոքր տղայի մարմնի նման դարձավ, և նա մաքրվեց։

15. Նա իր ամբողջ բանակով ետ դարձավ, եկավ Աստծու մարդու մոտ, կանգնեց նրա առաջ և ասաց. «Իմացա, որ այս ամբողջ երկրի վրա Աստված չկա, այլ կա միայն Իսրայելում. և հիմա խնդրում եմ, մի ընծա՛ ընդունիր քո ծառայից»։

16. Բայց նա ասաց. «Կենդանի է Տերը, որի առաջ կանգնած եմ ես, չեմ ընդունի»։ Նեեմանը ստիպեց նրան, բայց նա մերժեց։

17. Եվ Նեեմանն ասաց. «Հիմա, որ չես ընդունում, թող քո ծառային երկու ջորու բեռ հող տրվի, որովհետև քո ծառան Տիրոջից բացի այլևս ուրիշ աստվածների ողջակեզ կամ զոհ չի մատուցելու։

18. Թող այս բանը միայն Տերը ների քո ծառային, այսինքն՝ այն, որ երբ իմ տերը Ռեմոնի տուն մտնի այնտեղ երկրպագություն անելու համար ու հենվի իմ ձեռքին, և ես էլ երկրպագեմ Ռեմոնի տանը, այն ժամանակ դրա համար, այսինքն՝ Ռեմոնի տանն իմ երկրպագելու համար, թող Տերը ների քո ծառային»։

19. Եվ նա ասաց նրան. «Գնա՛ խաղաղությամբ»։ Եվ նա մի քիչ հեռացավ նրա մոտից։

20. Գեեզին՝ Աստծու մարդու՝ Եղիսեի ծառան, ասաց. «Ահա իմ տերը խնայեց այս ասորի Նեեմանին և բերածը չվերցրեց նրա ձեռքից։ Կենդանի է Տերը, եթե ես չվազեմ նրա ետևից և մի բան չվերցնեմ նրանից»։

21. Եվ Գեեզին վազեց Նեեմանի ետևից. և երբ Նեեմանը տեսավ, որ մեկը վազում է իր ետևից, կառքից թռավ ցած՝ նրան դիմավորելու, և ասաց. «Խաղաղությա՞մբ է»։

22. Եվ նա ասաց. «Խաղաղությամբ է. իմ տերն ինձ ուղարկեց, թե՝ “Հիմա ինձ մոտ Եփրեմի սարից մարգարեների խմբից երկու պատանի են եկել։ Խնդրում եմ, նրանց համար մի տաղանդ արծաթ ու երկու փոխնորդ հանդե՛րձ տուր”»։

23. Եվ Նեեմանն ասաց. «Բարեհաճի՛ր, ա՛ռ երկու տաղանդ». և նրան ստիպեց ու երկու տաղանդ արծաթը ծրարեց երկու պարկի մեջ և երկու փոխնորդ հանդերձը ու տվեց իր երկու ծառաներին, որոնք տարան նրա առջևից։

24. Երբ բլրին հասան, վերցրեց նրանց ձեռքից և թաքցրեց իր տան մեջ, մարդկանց ճանապարհ դրեց, ու նրանք գնացին։

25. Իսկ ինքը եկավ ու կանգնեց իր տիրոջ առաջ, և Եղիսեն ասաց նրան. «Որտեղի՞ց ես գալիս, Գեեզի՛»։ Եվ նա ասաց. «Քո ծառան ոչ մի կողմ չէր գնացել»։

26. Եվ Եղիսեն նրան ասաց. «Չէ՞ որ իմ հոգին գնացել էր այնտեղ, երբ այն մարդը ետ դարձավ, իջավ իր կառքից՝ քեզ դիմավորելու. մի՞թե արծաթ առնելու, հանդերձներ, ձիթենիներ, այգիներ, հոտեր, արջառներ, ծառաներ և աղախիններ առնելու ժամանակն է հիմա։

27. Ուստի թող Նեեմանի բորոտությունը հավիտյան կպչի քեզ ու քո սերնդին»։ Գեեզին նրա մոտից դուրս եկավ բորոտությունից ճերմակ՝ ձյունի նման։

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6

1. Մարգարեների որդիներն ասացին Եղիսեին. «Այս տեղը, որ մենք բնակվում ենք քո առաջ, նեղ է մեզ համար։

2. Թող գնանք մինչև Հորդանան, և ամեն մեկս այնտեղից մի գերան վերցնենք և այնտեղ բնակվելու տեղ շինենք մեզ համար»։ Նա ասաց՝ գնացե՛ք։

3. Նրանցից մեկն ասաց. «Բարեհաճի՛ր դու էլ գնալ քո ծառաների հետ»։ Եվ նա ասաց. «Ես էլ կգամ»։

4. Եվ գնաց նրանց հետ։ Եկան Հորդանան և կտրում էին ծառերը։

5. Եվ երբ մեկը գերան էր կտրում, կացնի երկաթը ջուրն ընկավ, և նա բարձր գոչեց ու ասաց. «Վա՜յ, տե՛ր իմ». դա էլ փոխ առնված էր։

6. Եվ Աստծու մարդն ասաց. «Ո՞ւր ընկավ». և նա տեղը ցույց տվեց նրան։ Եղիսեն մի փայտ կտրեց ու գցեց այնտեղ, և երկաթը լողաց դեպի վեր։

7. Եվ ասաց. «Վերցրո՛ւ դա»։ Նա էլ ձեռքը մեկնեց և վերցրեց այն։

8. Ասորիների թագավորը պատերազմում էր Իսրայելի դեմ։ Իր ծառաների հետ խորհուրդ արեց՝ ասելով. «Այսինչ կամ այնինչ տեղը պիտի բանակ դնեմ»։

9. Բայց Աստծու մարդը լուր ուղարկեց Իսրայելի թագավորին՝ ասելով. «Զգուշացի՛ր այսինչ տեղով անցնելուց, որովհետև ասորիներն այնտեղ բանակ են դրել»։

10. Եվ Իսրայելի թագավորը մարդ ուղարկեց այն տեղը, որի մասին ասել էր Աստծու մարդը և նրան զգուշացրել. և նա այդ տեղից շատ անգամ* զգուշացավ։

11. Ասորիների թագավորի սիրտը փոթորկվեց այդ բանից. կանչեց իր ծառաներին և ասաց նրանց. «Ինձ չե՞ք իմացնի, թե մեր մարդկանցից ո՛վ է Իսրայելի թագավորի հետ»։

12. Եվ նրա ծառաներից մեկն ասաց. «Ոչ ոք, տե՛ր իմ թագավոր. Իսրայելում գտնվող Եղիսե մարգարեն է Իսրայելի թագավորին հայտնում ամեն բան, ինչ դու խոսում ես քո ննջասենյակում»։

13. Եվ նա ասաց. «Գնացե՛ք ու տեսե՛ք, թե նա որտեղ է, որ ես մարդ ուղարկեմ ու բռնել տամ»։ Եվ նրան հայտնեցին ու ասացին. «Դոթայիմում է»։

14. Ձիեր, կառքեր և մեծ զորք ուղարկեց այնտեղ, որոնք գիշերը եկան ու պաշարեցին քաղաքը։

15. Աստծու մարդու ծառան առավոտ կանուխ վեր կացավ ու դուրս ելավ. ահա զորքը, ինչպես նաև ձիերն ու կառքերը շրջապատել էին քաղաքը, և ծառան ասաց նրան. «Վա՜յ, տե՛ր իմ, ի՞նչ անենք»։

16. Նա էլ ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան նրանց հետ եղողները»։

17. Եվ Եղիսեն աղոթք արեց և ասաց. «Ո՜վ Տեր, բացի՛ր սրա աչքերը, որ տեսնի»։ Եվ Տերը բացեց ծառայի աչքերը, և նա տեսավ, որ Եղիսեի շուրջը սարը լիքն էր հրեղեն ձիերով ու կառքերով։

18. Եվ երբ ասորիներն իջան Եղիսեին մոտիկ, նա աղոթեց Տիրոջն ու ասաց. «Աղաչում եմ, այս ժողովրդին հարվածի՛ր կուրությամբ»։ Եվ Տերը Եղիսեի խոսքի համաձայն նրանց հարվածեց կուրությամբ։

19. Եվ Եղիսեն ասաց նրանց. «Այս չէ ճանապարհը, և քաղաքն էլ այս չէ։ Եկե՛ք իմ ետևից, և ես ձեզ կտանեմ այն մարդու մոտ, որին դուք որոնում եք»։ Եվ նա նրանց տարավ Սամարիա։

20. Եվ երբ եկան Սամարիա, Եղիսեն ասաց. «Ո՛վ Տեր, բա՛ց սրանց աչքերը, որ տեսնեն». և Տերը բացեց նրանց աչքերը, և նրանք տեսան, որ իրենք ահա Սամարիայում են։

21. Եվ երբ Իսրայելի թագավորը տեսավ նրանց, ասաց Եղիսեին. «Զարկե՞մ, զարկե՞մ, հա՛յր իմ»։

22. Եվ նա ասաց. «Մի՛ զարկիր. մի՞թե դու սպանում ես նրանց, որոնց գերի ես վերցնում քո սրով ու աղեղով. հաց ու ջո՛ւր դիր նրանց առաջ, թող ուտեն ու խմեն և հետո գնան իրենց տիրոջ մոտ»։

23. Եվ մեծ հացկերույթ պատրաստեց նրանց համար. նրանք կերան ու խմեցին, և հետո նրանց արձակեց, ու նրանք գնացին իրենց տիրոջ մոտ, և ասորիների գնդերն այլևս չեկան Իսրայելի երկիրը։

24. Դրանից հետո ասորիների Բենադադ թագավորը հավաքեց իր ամբողջ բանակը, ելավ ու պաշարեց Սամարիան։

25. Մեծ սով եղավ Սամարիայում, որովհետև այն պաշարել էին. և եղավ այնպես, որ մի էշի գլուխը ծախվում էր ութսուն սիկղ արծաթով, և մեկ կապիճի չորրորդ մաս աղավնու աղբը՝ հինգ սիկղ արծաթով։

26. Եվ երբ մի անգամ Իսրայելի թագավորն անցնում էր պարսպի վրայով, մի կին աղաղակեց և ասաց նրան. «Օգնի՛ր ինձ, ո՛վ տեր իմ թագավոր»։

27. Եվ նա ասաց. «Եթե Տերը քեզ չօգնի, ես որտեղի՞ց օգնեմ քեզ՝ կալի՞ց, թե՞ հնձանից»։

28. Եվ թագավորը նրան ասաց. «Ի՞նչ է եղել»։ Նա էլ ասաց. «Այս կինն ինձ ասաց. “Քո տղային տո՛ւր, որ այսօր ուտենք, իմ տղային էլ վաղը կուտենք”։

29. Մենք էլ տղայիս եփեցինք և կերանք նրան։ Ես մյուս օրն իրեն ասում եմ. “Տո՛ւր քո տղային, որ ուտենք”, բայց նա թաքցրել է իր տղային»։

30. Եվ երբ թագավորը լսեց այդ կնոջ խոսքերը, պատռեց իր հանդերձը պարսպի վրայով գնալիս, և ժողովուրդը տեսավ, որ ներսի կողմից նրա մարմնի վրա քուրձ էր։

31. Եվ նա ասաց. «Աստված ինձ այսպես և սրանից էլ ավելին անի, եթե Սափատի որդի Եղիսեի գլուխն այսօր մնա իր վրա»։

32. Եղիսեն նստել էր իր տանը, ծերերն էլ նստել էին նրա հետ. և թագավորն իր առջևից մարդ ուղարկեց նրա մոտ, բայց պատգամավորը դեռ չէր եկել Եղիսեի մոտ, երբ նա ասաց ծերերին. «Տեսնո՞ւմ եք, այդ մարդասպանի որդին մարդ է ուղարկել իմ գլուխը կտրելու։ Նայե՛ք, հենց որ պատգամավորը եկավ, դուռը կողպե՛ք և դուռը ամուր բռնե՛ք նրա դեմ. չէ՞ որ նրա տիրոջ ոտքերի ձայնը գալիս է նրա ետևից»։

33. Նա տակավին խոսում էր նրանց հետ, երբ ահա պատգամավորն իջավ նրա մոտ և ասաց. «Ահա այս չարիքը Տիրոջ կողմից է, այլևս ի՞նչ սպասեմ Տիրոջից»։

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7

1. Եղիսեն ասաց. «Լսե՛ք Տիրոջ խոսքը. այսպես է ասում Տերը. “Վաղն այս ժամանակ Սամարիայի դռանը մեկ գրիվ շարմաղ ալյուրը՝ մեկ սիկղ, և երկու գրիվ գարին մեկ սիկղ կլինի”»։

2. Եվ այն զորապետը, որի ձեռքի վրա հենվում էր թագավորը, պատասխանեց Աստծու մարդուն և ասաց. «Եթե Տերը երկնքում պատուհաններ էլ շիներ, մի՞թե կլինի այդ բանը»։ Եվ նա ասաց. «Ահա քո աչքերով պիտի տեսնես, սակայն ինքդ դրանից չես ուտելու»։

3. Քաղաքի դռանը չորս բորոտ մարդ կար, և նրանք իրար ասացին. «Ինչո՞ւ ենք մենք այստեղ նստում, մինչև որ մեռնենք։

4. Եթե ասենք՝ “Գնանք քաղաք”, քաղաքում էլ սով կա, այնտեղ կմեռնենք, և եթե այստեղ մնանք, էլի կմեռնենք. ուրեմն եկե՛ք ասորիների բանակը մտնենք. եթե մեզ ողջ թողնեն, կապրենք, իսկ եթե մեզ սպանեն, կմեռնենք»։

5. Եվ մթնշաղին վեր կացան, որ գնան ասորիների բանակը, և եկան մինչև ասորիների բանակատեղիի ծայրը, բայց այնտեղ մարդ չկար։

6. Որովհետև Տերն ասորիների բանակի մեջ կառքերի ձայն ու ձիերի ձայն և մեծ զորքի ձայներ էր լսել տվել, իրար ասացին. «Ահա Իսրայելի թագավորը վարձել է քետացիների թագավորներին և Եգիպտոսի թագավորներին, որ գան մեզ վրա»։

7. Եվ ելան ու փախան մութ ժամանակ և թողեցին իրենց վրանները, իրենց ձիերն ու իրենց էշերը և բանակատեղին, ինչպես որ էր, և փախան՝ փրկելով իրենց անձերը։

8. Եվ այն բորոտները եկան մինչև բանակատեղիի ծայրը, մտան մի վրան, կերան ու խմեցին, արծաթ, ոսկի և հանդերձներ վերցրին և գնացին ու թաքցրին, ապա ետ դարձան ու մտան մի ուրիշ վրան, այնտեղից էլ վերցրին ու տարան թաքցրին։

9. Եվ իրար ասացին. «Լավ բան չէ մեր արածը. այս օրն ավետիքի օր է, և մենք լռել ենք ու մնում ենք մինչև առավոտյան լույսը. այդ դեպքում մենք հանցավորներ կլինենք. արդ, եկեք գնանք և հայտնենք թագավորի պալատին»։

10. Եվ նրանք եկան, կանչեցին քաղաքի դռնապաններին, պատմեցին նրանց և ասացին. «Մենք գնացինք ասորիների բանակը, և ահա այնտեղ ո՛չ մարդ կա և ո՛չ էլ մարդու ձայն, այլ միայն կապած ձիեր ու կապած էշեր կան, և վրաններն էլ՝ ինչպես եղել են»։

11. Եվ դռնապանները կանչեցին ու հայտնեցին թագավորի պալատում՝ ներսում։

12. Եվ թագավորը գիշերը վեր կացավ ու ասաց իր ծառաներին. «Թողեք ձեզ պատմեմ, թե ասորիներն ի՛նչ են արել մեզ. նրանք գիտեն, որ մենք սոված ենք, և բանակատեղիից դուրս են ելել՝ դաշտում թաքնվելու՝ ասելով. “Երբ նրանք քաղաքից դուրս գան, մենք նրանց ողջ-ողջ կբռնենք և քաղաք կմտնենք”»։

13. Բայց նրա ծառաներից մեկը պատասխան տվեց և ասաց. «Թող քաղաքում մնացած ձիերից հինգ ձի վերցնեն (ահա ինչպես որ ամբողջ Իսրայելի բազմությունը, որ մնացել էր քաղաքում, նույնպես և ամբողջ Իսրայելի բազմությունը, որ ոչնչացավ), և թողեք ուղարկենք այնտեղ և տեսնենք»։

14. Եվ երկու կառք վերցրին իրենց ձիերով, և թագավորը մարդ ուղարկեց ասորիների բանակի ետևից՝ ասելով. «Գնացե՛ք և տեսե՛ք»։

15. Եվ նրանք մինչև Հորդանան գնացին նրանց ետևից, և ահա ամբողջ ճանապարհը լիքն էր հանդերձներով և իրերով, որոնք շտապ փախած ասորիները դեն էին նետել. պատգամավորները վերադարձան և պատմեցին թագավորին։

16. Ժողովուրդը գնաց, և կողոպտեցին ասորիների բանակատեղին, և Տիրոջ խոսքի համաձայն մեկ գրիվ շարմաղ ալյուրը դարձավ մեկ սիկղ, և երկու գրիվ գարին՝ մեկ սիկղ։

17. Եվ թագավորը դռան վերակացու դրեց այն զորապետին, որի ձեռքի վրա հենվում էր ինքը, և ժողովուրդը նրան կոխկռտեց դռան արանքում, և նա մեռավ, ինչպես ասել էր Աստծու մարդը, երբ թագավորն իջել էր նրա մոտ։

18. Եվ եղավ այն, ինչ թագավորի հետ խոսելիս ասել էր Աստծու մարդը. «Վաղն այս ժամանակ Սամարիայի դռանը երկու գրիվ գարին մեկ սիկղ կդառնա, և մեկ գրիվ շարմաղ ալյուրը՝ մեկ սիկղ»։

19. Մինչդեռ այն զորապետը պատասխանել էր Աստծու մարդուն և ասել. «Ահա, եթե Տերը երկնքում պատուհաններ էլ շիներ, կլինի՞ այդ բանը». նա էլ ասել էր. «Քո աչքերով պիտի տեսնես, սակայն ինքդ դրանից չես ուտելու»։

20. Եվ այդպես էլ եղավ նրա հետ. ժողովուրդը կոխկռտեց նրան դռան արանքում, և նա մեռավ։

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8

1. Եղիսեն խոսեց այն կնոջ հետ, որի որդուն կենդանացրել էր, թե՝ «Վե՛ր կաց և գնա՛ դու և քո ընտանիքը և պանդո՛ւխտ եղիր, ուր որ կարող ես, որովհետև Տերը սով է կանչել, և այն յոթ տարով գալու է այս երկիրը»։

2. Եվ այն կինը վեր կացավ ու արեց այնպես, ինչպես ասել էր Աստծու մարդը, և ինքն ու իր ընտանիքը գնացին և փղշտացիների երկրում յոթ տարի պանդուխտ եղան։

3. Եվ յոթ տարի անցնելուց հետո այն կինը վերադարձավ փղշտացիների երկրից և գնաց իր տան ու իր արտի համար թագավորին բողոքելու։

4. Թագավորը խոսում էր Աստծու մարդու ծառա Գեեզիի հետ՝ ասելով. «Պատմի՛ր ինձ այն բոլոր մեծ գործերի մասին, որ արել է Եղիսեն»։

5. Եվ երբ նա թագավորին պատմում էր, թե ինչպես կենդանացրեց մեռածին, ահա այն կինը, որի որդուն կենդանացրել էր Եղիսեն, բողոքում էր թագավորին իր տան և իր արտի համար։ Եվ Գեեզին ասաց. «Ո՛վ տեր իմ թագավոր, սա այն կինն է, և սա էլ նրա որդին է, որին կենդանացրեց Եղիսեն»։

6. Եվ թագավորը հարցրեց այն կնոջը, նա էլ պատմեց նրան։ Թագավորը նրան մի ներքինի տվեց և ասաց. «Վերադարձրո՛ւ նրա ամբողջ ունեցվածքը և արտի ամբողջ արդյունքը՝ այս երկիրը նրա թողած օրից մինչև հիմա»։

7. Եղիսեն գնաց Դամասկոս։ Ասորիների Բենադադ թագավորը հիվանդ էր, և նրան հայտնեցին, թե՝ «Աստծու մարդը եկել է մինչև այստեղ»։

8. Եվ թագավորն ասաց Ազայելին. «Ձեռքդ ընծա՛ վերցրու, գնա՛ Աստծու մարդուն դիմավորելու և նրա միջոցով հարցրո՛ւ Տիրոջը՝ ասելով. “Արդյոք պիտի առողջանա՞մ այս հիվանդությունից”»։

9. Ազայելը գնաց, դիմավորեց նրան, իր ձեռքն ընծա վերցրեց և Դամասկոսի բոլոր բարիքներից առավ քառասուն ուղտի բեռ, եկավ ու կանգնեց նրա առաջ և ասաց. «Քո որդին՝ ասորիների Բենադադ թագավորը, ինձ ուղարկեց քեզ մոտ՝ ասելով. “Արդյոք պիտի առողջանա՞մ այս հիվանդությունից”»։

10. Եղիսեն նրան ասաց. «Գնա ասա՛ նրան, որ առողջանալու ես, բայց Տերն ինձ ցույց է տվել, որ նա անպատճառ պիտի մեռնի»։

11. Եղիսեն անթարթ նայեց Ազայելին, և նա ամաչեց։ Աստծու մարդը լաց եղավ։

12. Եվ Ազայելն ասաց. «Ինչո՞ւ է իմ տերը լաց լինում»։ Նա էլ ասաց. «Որովհետև գիտեմ, թե ինչ չարիք պիտի գործես Իսրայելի որդիների դեմ. նրանց բերդերը պիտի այրես կրակով և սրով սպանես նրանց երիտասարդներին, նրանց մանուկներին պիտի զարկես քարին և ճղես նրանց հղիների որովայնը»։

13. Ազայելն ասաց. «Ի՞նչ է քո ծառան, որ մի շուն է, որ այդ մեծ բաներն անի»։ Բայց Եղիսեն նրան ասաց. «Տերն ինձ ցույց տվեց, որ դու թագավոր պիտի լինես ասորիների վրա»։

14. Նա գնաց Եղիսեի մոտից և եկավ իր տիրոջ մոտ. նա նրան ասաց. «Եղիսեն քեզ ի՞նչ է ասել»։ Եվ նա ասաց, թե՝ «Անպայման առողջանալու ես»։

15. Հետևյալ օրն Ազայելը մի ծածկոց վերցրեց, թաթախեց ջրում, գցեց նրա երեսին, այնպես որ նա մեռավ։ Եվ Ազայելը թագավոր դարձավ նրա փոխարեն։

16. Իսրայելի թագավոր Աքաաբի որդի Հովրամի հինգերորդ տարում, երբ Հուդայի վրա դեռ թագավորում էր Հոսափատը, Հուդայի թագավոր Հոսափատի որդի Հովրամը դարձավ Հուդայի թագավոր։

17. Նա երեսուներկու տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և ութ տարի թագավորեց Երուսաղեմում։

18. Նա գնաց Իսրայելի թագավորների ճանապարհով, ինչպես արել էր Աքաաբի տունը, քանի որ Աքաաբի աղջիկը նրա կինն էր. և նա չարիք գործեց Տիրոջ առաջ։

19. Բայց Տերը չուզեց կործանել Հուդան իր ծառա Դավթի համար, ինչպես որ ասել էր նրան, թե մի ճրագ պիտի տա նրան և նրա որդիներին ամեն ժամանակ։

20. Նրա օրերին Եդովմն ապստամբեց Հուդայի դեմ, և իրենց վրա մի թագավոր դրեցին։

21. Եվ Հովրամը բոլոր կառքերը վերցրեց իր հետ ու անցավ Սայիր։ Մի գիշեր նա վեր կացավ ու ջարդեց եդովմացիներին, որոնք պաշարել էին իրեն և իր կառքերի պետերին, բայց բանակը փախավ իր վրանները։

22. Եվ այսպես Եդովմն անջատվեց Հուդայից մինչև այսօր։ Այդ ժամանակ Լեբնան էլ ապստամբեց։

23. Հովրամի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

24. Հովրամը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի հետ Դավթի քաղաքում, և նրա որդի Օքոզիան թագավոր դարձավ նրա փոխարեն։

25. Իսրայելի թագավոր Աքաաբի որդի Հովրամի տասներկուերորդ տարում Հուդայի թագավոր դարձավ Հովրամի որդի Օքոզիան։

26. Օքոզիան քսաներկու տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և մեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Գոթողիա էր, որն Իսրայելի Ամրի թագավորի դուստրն էր։

27. Նա գնաց Աքաաբի տան ճանապարհով և չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպես Աքաաբի տունն էր արել, որովհետև նա Աքաաբի տան փեսան էր։

28. Աքաաբի որդի Հովրամի հետ գնաց Ռամովթ-Գաղաադ՝ ասորիների թագավոր Ազայելի դեմ պատերազմելու, և ասորիները վիրավորեցին Հովրամին։

29. Հովրամ թագավորը վերադարձավ, որ Հեզրայելում բժշկվի այն վերքերից, որ նրան հասցրել էին ասորիները Ռամովթում՝ ասորիների Ազայել թագավորի դեմ պատերազմելու ժամանակ։ Եվ Հուդայի թագավոր Հովրամի որդի Օքոզիան իջավ Հեզրայել՝ Աքաաբի որդի Հովրամին տեսնելու, որովհետև նա հիվանդ էր։

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9

1. Եղիսե մարգարեն կանչեց մարգարեների խմբից մեկին և ասաց նրան. «Գոտիդ կապի՛ր մեջքիդ և յուղի այս սրվակը վերցրո՛ւ ձեռքդ ու գնա՛ Ռամովթ-Գաղաադ։

2. Եվ երբ այնտեղ հասնես, այնտեղ փնտրի՛ր Նամեսսիի որդի Հոսափատի որդի Հեուին և գնա՛ ու նրան վերցրո՛ւ իր եղբայրների միջից ու տա՛ր ներսի սենյակներից մեկը։

3. Վերցրո՛ւ յուղի սրվակը, թափի՛ր նրա գլխին և ասա՛. “Այսպես է ասում Տերը.

4. Եվ այն երիտասարդը՝ մարգարեի ծառան, գնաց Ռամովթ-Գաղաադ։

5. Երբ եկավ, զորքերի պետերն ահա նստած էին։ Նա ասաց. «Զորապե՛տ, ես մի խոսք ունեմ քեզ ասելու»։ Հեուն ասաց. «Մեր բոլորից՝ ո՞ւմ»։ Եվ նա ասաց. «Քեզ, ո՛վ զորապետ»։

6. Հեուն վեր կացավ, տուն մտավ, և նա յուղը թափեց նրա գլխին ու ասաց նրան. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ես քեզ թագավոր օծեցի Տիրոջ ժողովրդի՝ Իսրայելի վրա։

7. Եվ դու պիտի ջարդես քո տիրոջ՝ Աքաաբի տունը, որպեսզի իմ մարգարե ծառաների և Տիրոջ բոլոր ծառաների արյան վրեժն առնեմ Հեզաբելից։

8. Աքաաբի ամբողջ տունը պիտի ոչնչանա, և պիտի ջնջեմ Աքաաբի բոլոր արու մարդկանց՝ Իսրայելում գերի լինեն, թե ազատ։

9. Եվ Աքաաբի տունը պիտի դարձնեմ Նաբատի որդի Հերոբովամի տան պես և Աքիայի որդի Բաասայի տան նման։

10. Հեզաբելին էլ շները պիտի ուտեն Հեզրայելի ագարակում, և նրան թաղող չպիտի լինի”»։ Եվ դուռը բացեց ու փախավ։

11. Հեուն դուրս եկավ, գնաց իր Տիրոջ ծառաների մոտ, և նրան ասացին. «Խաղաղությա՞մբ է. ինչո՞ւ էր այդ ցնորվածը եկել քեզ մոտ»։ Եվ նա ասաց նրանց. «Դուք ճանաչում եք այդ մարդուն էլ, նրա խոսքն էլ»։

12. Բայց նրանք ասացին. «Ճիշտ չէ, պատմի՛ր մեզ»։ Եվ նա ասաց. «Այսպես ու այսպես խոսեց ինձ հետ և ասաց. “Այսպես է ասում Տերը.

13. Եվ նրանցից ամեն մեկն արագ վերցրեց իր հանդերձները և գցեց նրա տակ՝ բուն սանդուղքի վրա։ Եվ փող փչեցին ու ասացին. «Հեուն է թագավորը»։

14. Եվ Նամեսսիի որդի Հոսափատի որդի Հեուն ապստամբեց Հովրամի դեմ։ (Իսկ Հովրամն ինքը ամբողջ Իսրայելի հետ ասորիների Ազայել թագավորից պաշտպանում էր Ռամովթ-Գաղաադը։

15. Սակայն Հովրամ թագավորը ասորիների Ազայել թագավորի դեմ պատերազմելու ժամանակ ասորիների՝ իրեն հասցրած վերքերից բուժվելու համար վերադարձել էր Հեզրայել)։ Եվ Հեուն ասաց. «Եթե համաձայն եք ինձ հետ, թող ոչ մի փախստական դուրս չգա այս քաղաքից, որ գնա և հայտնի Հեզրայելում»։

16. Հեուն կառք նստեց և գնաց Հեզրայել, քանի որ Հովրամը պառկած էր այնտեղ, և Հուդայի Օքոզիա թագավորն էլ այնտեղ էր իջել, որ տեսնի Հովրամին։

17. Դետը կանգնել էր Հեզրայելի աշտարակի վրա. տեսավ, որ գալիս է Հեուի գունդը, և ասաց. «Տեսնում եմ՝ մի գունդ է գալիս»։ Եվ Հովրամն ասաց. «Մի ձիավո՛ր վերցրու և ուղարկի՛ր նրանց մոտ, որ ասի՝ խաղաղությա՞մբ է»։

18. Ձիավորը գնաց նրան դիմավորելու և ասաց. «Այսպես է ասում թագավորը՝ խաղաղությա՞մբ է»։ Եվ Հեուն ասաց. «Դու ի՞նչ գործ ունես խաղաղության հետ, հետևի՛ր ինձ»։ Եվ դետը հայտնեց՝ ասելով. «Պատգամավորը գնաց նրանց մոտ, բայց ետ չդարձավ»։

19. Մի երկրորդ ձիավոր ուղարկեց, և նա գնաց նրանց մոտ ու ասաց. «Այսպես է ասում թագավորը՝ խաղաղությա՞մբ է»։ Եվ Հեուն ասաց. «Դու ի՞նչ գործ ունես խաղաղության հետ, հետևի՛ր ինձ»։

20. Դետը հայտնեց ու ասաց. «Մինչև նրանց մոտ գնաց, բայց ետ չդարձավ։ Եվ այս ընթացքը նման է Նամեսսիի որդի Հեուի ընթացքին, որովհետև կատաղորեն է քշում»։

21. Հովրամն ասաց՝ լծե՛ք, և նրանք լծեցին նրա կառքը, և Իսրայելի Հովրամ թագավորն ու Հուդայի Օքոզիա թագավորը՝ ամեն մեկն իր կառքով, դուրս եկան Հեուին դիմավորելու և նրան գտան հեզրայելացի Նաբովթի ագարակում։

22. Երբ Հովրամը տեսավ Հեուին, ասաց. «Խաղաղությա՞մբ է, Հեո՛ւ»։ Եվ նա ասաց. «Ի՜նչ խաղաղություն, քանի դեռ շատանում են քո մոր՝ Հեզաբելի պոռնկություններն ու կախարդությունները»։

23. Հովրամը շրջեց իր ձեռքերն ու փախավ և Օքոզիային ասաց. «Դավաճանություն է, Օքոզիա՛»։

24. Հեուն ամուր քաշեց աղեղը և զարկեց Հովրամին նրա ուսերի մեջտեղից. նետն անցավ նրա սրտի միջով, և նա կծկվելով ընկավ իր կառքի մեջ։

25. Եվ Հեուն ասաց իր զորապետ Բադեկարին. «Վերցրո՛ւ դրան և գցի՛ր հեզրայելացի Նաբովթի կալվածքի ագարակը. արդ հիշի՛ր, թե ինչպես երբ որ ես ու դու, ձիեր հեծած, երկուսով գնում էինք նրա հայր Աքաաբի ետևից, Տերն այս վճիռը տվեց նրա նկատմամբ։

26. “Իրավ է,- ասում է Տերը,- երեկ տեսա Նաբովթի արյունը և նրա որդիների արյունը և քեզ պիտի հատուցեմ այս ագարակում”. և հիմա, ինչպես ասել է Տերը, վերցրո՛ւ դրան և գցի՛ր ագարակը»։

27. Երբ Հուդայի թագավոր Օքոզիան տեսավ այդ, փախավ պարտեզի տան ճանապարհով. Հեուն հետապնդեց նրան և ասաց. «Դրա՛ն էլ սպանեք իր կառքի վրա». և նրան վիրավորեցին Հեբղաամի մոտ գտնվող Գուր բլրի վրա։ Օքոզիան փախավ Մակեդդով և այնտեղ էլ մեռավ։

28. Նրա ծառաները նրան կառքով տարան Երուսաղեմ և թաղեցին իր գերեզմանում իր հայրերի հետ Դավթի քաղաքում։

29. Եվ Օքոզիան Հուդայի վրա թագավոր էր դարձել Աքաաբի որդի Հովրամի տասնմեկերորդ տարում։

30. Երբ Հեուն եկավ Հեզրայել, Հեզաբելը լսեց, ծարիր դրեց աչքերին, զարդարեց իր գլուխը և պատուհանից դուրս էր նայում։

31. Մինչ Հեուն քաղաք էր մտնում դռնից, Հեզաբելն ասաց. «Ամեն բան լա՞վ է, Զամբրի՛, տիրոջդ սպանո՛ղ»։

32. Իսկ նա իր գլուխը բարձրացրեց դեպի պատուհանը և ասաց. «Ո՞վ է ինձ հետ, ո՞վ»։ Եվ երկու-երեք ներքինիներ նայեցին իրեն։

33. Եվ ասաց. «Ցա՛ծ գցեք դրան». և նրանք ցած գցեցին նրան, և նրա արյունը ցայտեց պատի ու ձիերի վրա, և ոտնատակ տվեցին նրան։

34. Հետո Հեուն եկավ, կերավ, խմեց ու ասաց. «Գտե՛ք այդ անիծվածին և թաղե՛ք դրան, որովհետև թագավորի աղջիկ է»։

35. Եվ գնացին նրան թաղելու, բայց նրանից բան չգտան, բացի գանգից, ոտքերից ու ձեռքերի ոսկորներից։

36. Ետ դարձան ու հայտնեցին Հեուին, և նա ասաց. «Դա Տիրոջ խոսքն է, որ խոսել է իր ծառա թեզբացի Եղիայի միջոցով՝ ասելով. “Հեզաբելի միսը շները պիտի ուտեն Հեզրայելի ագարակում։

37. Եվ Հեզաբելի դիակը Հեզրայելի ագարակում պիտի լինի աղբի նման այնպես, որ չասեն.

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10

1. Աքաաբը յոթանասուն որդի ուներ Սամարիայում։ Եվ Հեուն նամակներ գրեց և ուղարկեց Սամարիա Հեզրայելի իշխաններին ու ծերերին և Աքաաբի որդիների հոգաբարձուներին՝ ասելով.

2. «Արդ, երբ այս նամակը ձեզ հասնի, քանի որ ձեզ մոտ են ձեր տիրոջ որդիները, և ձեզ մոտ են կառքերն ու ձիերը և պարսպապատ քաղաքներն ու զենքերը, ուստի և դուք

3. տեսե՛ք, թե ձեր տիրոջ որդիներից ո՛րն է լավն ու հարմար, նրան էլ դրե՛ք իր հոր աթոռի վրա և պատերազմե՛ք ձեր տիրոջ տան համար»։

4. Բայց նրանք շատ խիստ վախեցան և ասացին. «Ահա երկու թագավորներ չկարողացան կանգնել նրա առաջ, ուրեմն մենք ինչպե՞ս պիտի կանգնենք»։

5. Եվ պալատի վերակացուն, քաղաքապետը, ծերերն ու խնամակալները մարդ ուղարկեցին Հեուի մոտ՝ ասելով. «Մենք քո ծառաներն ենք, և մեզ ինչ որ ասես, կանենք. մենք ոչ մեկի թագավոր չենք դնի. ինչ հաճելի է քո աչքին, ա՛յն արա»։

6. Եվ նրանց երկրորդ նամակը գրեց՝ ասելով. «Եթե դուք իմ կողմից եք և լսում եք իմ խոսքը, ապա կտրե՛ք ձեր տիրոջ որդիների գլուխները և վաղը՝ այս ժամանակ, եկե՛ք Հեզրայել»։ Իսկ թագավորի որդիները յոթանասուն հոգի էին և քաղաքի մեծամեծերի մոտ էին, որոնք էլ մեծացնում էին նրանց։

7. Երբ նամակը հասավ նրանց, վերցրին թագավորի որդիներին և կոտորեցին այն յոթանասուն հոգուն, նրանց գլուխները դրեցին կողովների մեջ և ուղարկեցին Հեզրայել՝ նրան։

8. Պատգամավորը եկավ նրա մոտ և ասաց. «Թագավորի որդիների գլուխները բերել են»։ Եվ նա ասաց. «Դրանցից երկու դե՛զ արեք, դրե՛ք քաղաքի մուտքի դռան մոտ մինչև առավոտ»։

9. Եվ երբ առավոտը բացվեց, նա դուրս եկավ, կանգնեց ու ասաց ամբողջ ժողովրդին. «Դուք արդար եք. ահա ես ապստամբեցի իմ տիրոջ դեմ և նրան սպանեցի, բայց ո՞վ կոտորեց այս բոլորին։

10. Արդ իմացե՛ք, որ Տիրոջ խոսքից ոչ մի բան գետին չի ընկնելու, ինչ Տերը խոսել է Աքաաբի տան մասին»։ Տերն արեց այն, ինչ ասել էր իր ծառա Եղիայի միջոցով։

11. Եվ Հեուն կոտորեց Աքաաբի տան բոլոր այն մարդկանց, որ մնացել էին Հեզրայելում. և՛ նրա բոլոր մեծամեծերին, և՛ նրա մտերիմ բարեկամներին ու քահանաներին, այնպես որ ոչ մեկը ողջ չմնաց։

12. Եվ վեր կացավ, եկավ հասավ Սամարիա. և երբ ճանապարհին էր, հովիվների մոտ՝ Բեթ-Ակադում*,

13. այնտեղ Հեուն գտավ Հուդայի Օքոզիա թագավորի եղբայրներին և ասաց. «Դուք ովքե՞ր եք»։ Եվ նրանք ասացին. «Մենք Օքոզիայի եղբայրներն ենք, իջնում ենք թագավորի որդիներին և թագուհու որդիներին բարևելու»։

14. Եվ նա ասաց. «Դրանց բռնե՛ք կենդանի»։ Եվ նրանց կենդանի բռնեցին ու նրանց՝ քառասուներկու հոգուն էլ սպանեցին Բեթ-Ակադի ջրհորի մոտ, և նրանցից ոչ մի հոգու չթողեց։

15. Այնտեղից գնաց ու հանդիպեց Ռեքաբի որդի Հովնադաբին, որն ընդառաջ էր գալիս իրեն, նրան բարև տվեց ու ասաց. «Արդյոք ուղի՞ղ է սիրտդ, ինչպես իմ սիրտն է քո սրտի հետ»։ Եվ Հովնադաբն ասաց՝ այո։ «Եթե այո, ուրեմն ձեռքդ տո՛ւր»։ Եվ նա ձեռքը տվեց, և Հեուն նրան բարձրացրեց իր մոտ՝ կառքի վրա։

16. Եվ ասաց. «Ե՛կ ինձ հետ և տե՛ս իմ նախանձախնդրությունը Տիրոջ նկատմամբ»։ Եվ նրան նստեցրին նրա կառքը։

17. Նա եկավ Սամարիա և Աքաաբի տան մնացած բոլոր մարդկանց կոտորեց Սամարիայում, մինչև որ նրան բնաջնջեց Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր Եղիային։

18. Հեուն հավաքեց ամբողջ ժողովրդին և ասաց նրանց. «Աքաաբը քիչ է ծառայել Բահաղին, Հեուն նրան շատ պիտի ծառայի։

19. Արդ ինձ մո՛տ կանչեք Բահաղի բոլոր մարգարեներին, Բահաղի բոլոր պաշտողներին և նրա բոլոր քահանաներին, և ոչ մի պակաս մարդ չլինի, որովհետև ես մեծ զոհ եմ մատուցելու Բահաղին. ով որ ներկա չգտնվի, ողջ չի մնա»։ Բայց Հեուն դա խորամանկությամբ արեց, որպեսզի ոչնչացնի Բահաղին պաշտողներին։

20. Հեուն ասաց. «Սուրբ տոնախմբությո՛ւն որոշեք Բահաղի համար», և նրանք ծանուցեցին։

21. Եվ Հեուն մարդիկ ուղարկեց ամբողջ Իսրայելին. եկան Բահաղի բոլոր պաշտողները, և մարդ չմնաց, որ չգար։ Գնացին Բահաղի կռատուն, և Բահաղի կռատունը լցվեց ծայրից ծայր։

22. Հեուն ասաց հանդերձապետին. «Հանդերձնե՛ր հանիր Բահաղի բոլոր պաշտողների համար». և հանդերձներ հանեց նրանց համար։

23. Եվ Հեուն ու Ռեքաբի որդի Հովնադաբը եկան Բահաղի տուն, և նա ասաց Բահաղի պաշտողներին. «Որոնե՛ք և տեսե՛ք, միգուցե Տիրոջ ծառաներից մեկն այստեղ լինի ձեզ հետ. միմիայն Բահաղի պաշտողները պետք է լինեն»։

24. Եկան զոհեր ու ողջակեզներ մատուցելու, և Հեուն դրսում իր համար ութսուն մարդ դրեց և ասաց. «Այն մարդը, որը կթողնի, որ ձեր ձեռքը իմ տված մարդկանցից մեկն ազատվի, նրա անձը պետք է հատուցի փախչող անձի փոխարեն»։

25. Եվ երբ նրանք վերջացրել էին ողջակեզը, Հեուն ասաց պահակներին և զորապետներին. «Գնացե՛ք, նրանց ջարդե՛ք, ոչ մի մարդ դուրս չգա»։ Եվ նրանք ջարդեցին նրանց՝ սրի մատնելով, և պահակներն ու զորապետները դեն գցեցին նրանց, գնացին մինչև Բահաղի կռատան քաղաքը։

26. Եվ դուրս հանեցին Բահաղի կռատան սյուները և այրեցին դրանք։

27. Քանդեցին Բահաղի արձանը, կործանեցին Բահաղի կռատունը և այն արտաքնոց շինեցին մինչև այսօր։

28. Եվ Հեուն Բահաղին բնաջնջեց Իսրայելից։

29. Միայն թե Հեուն ետ չկանգնեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքից, որը մեղանչել էր տվել Իսրայելին, այսինքն՝ չհրաժարվեց Բեթելում և Դանում եղած ոսկե հորթերից։

30. Եվ Տերն ասաց Հեուին. «Որովհետև դու լավ արեցիր, ինչ հաճելի էր ինձ, և Աքաաբի տան նկատմամբ լիովին կատարեցիր, ինչ կար իմ սրտում, քո որդիները մինչև չորրորդ սերունդը պիտի նստեն Իսրայելի աթոռի վրա»։

31. Բայց Հեուն չզգուշացավ, որ իր ամբողջ սրտով գնար Իսրայելի Տեր Աստծու օրենքով. նա չհեռացավ Հերոբովամի մեղքից, որը մեղանչել էր տվել Իսրայելին։

32. Այդ օրերից Տերն սկսեց մաս առ մաս կտրել Իսրայելից. Ազայելը հարվածեց Իսրայելին իր բոլոր սահմաններում.

33. Հորդանանից դեպի արևելք՝ Գաղաադի ամբողջ երկրում, Գադի, Ռուբենի և Մանասեի երկրներում՝ Առնոն ձորի վրա գտնվող Արոերից մինչև Գաղաադ և Բասան։

34. Հեուի մնացած գործերի, նրա բոլոր արածների և նրա բոլոր քաջագործությունների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

35. Հեուն ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Սամարիայում. նրա որդի Հովաքազը թագավոր դարձավ նրա փոխարեն։

36. Հեուն Իսրայելի վրա Սամարիայում թագավորեց քսանութ տարի։

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11

1. Երբ Օքոզիայի մայրը՝ Գոթողիան, տեսավ, որ իր որդին մեռավ, ելավ և բնաջնջեց թագավորական ամբողջ սերունդը։

2. Բայց Հովրամ թագավորի աղջիկը՝ Օքոզիայի քույր Հովսաբեեն, վերցրեց Օքոզիայի որդի Հովասին և թագավորի սպանված որդիների միջից գողացավ նրան ու նրա դայակին։ Գոթողիայից նրան թաքցրին անկողինների սենյակում, և նա չսպանվեց։

3. Նա Տիրոջ տանը նրա հետ թաքնված էր վեց տարի. և Գոթողիան թագավորում էր երկրի վրա։

4. Եվ յոթերորդ տարում Հովիադան մարդ ուղարկեց ու վերցրեց թիկնապահների և պահակագնդի հարյուրապետներին, և նրանց տարավ իր մոտ՝ Տիրոջ տունը, նրանց հետ դաշինք կապեց. Տիրոջ տանը նրանց երդվել տվեց ու նրանց ցույց տվեց թագավորի որդուն։

5. Եվ նրանց պատվիրեց՝ ասելով. «Ձեր անելու բանն այս է. ձեր մեկ երրորդ մասը, որ գալիս է շաբաթ օրը, թող թագավորի պալատի պահպանությունն անի,

6. Երրորդ մասը՝ Սուրի դուռը, և երրորդ մասն էլ՝ պահակագնդի ետևի դուռը. այսպես արե՛ք տան պահպանությունը։

7. Եվ ձեզնից երկու գունդ՝ բոլորը, որ պիտի շաբաթ օրը դուրս գան, Տիրոջ տան պահպանությունը կանեն թագավորի շուրջը։

8. Եվ չորս կողմից շրջապատե՛ք թագավորին՝ ամեն մարդ զենքը ձեռքին, և ով կմտնի շարքերի մեջ, կսպանվի, և թագավորի հետ կլինեք նրա դուրս գալու և ներս մտնելու ժամանակ»։

9. Եվ հարյուրապետներն արեցին այն ամենը, ինչ պատվիրել էր Հովիադա քահանան. յուրաքանչյուրն առավ իր մարդկանց՝ թե՛ շաբաթ օրը պահակության եկողներին և թե՛ շաբաթ օրը պահակությունից գնացողներին, և միասին եկան Հովիադա քահանայի մոտ։

10. Եվ քահանան հարյուրապետներին տվեց Դավիթ թագավորի նիզակներն ու վահանները, որոնք Տիրոջ տանն էին։

11. Եվ պահակները՝ յուրաքանչյուրն իր զենքերը ձեռքին, կանգնեցին տան աջ կողմից մինչև տան ձախ կողմը՝ սեղանի մոտ, և տան մոտ՝ թագավորի շուրջը։

12. Հետո նա դուրս հանեց թագավորի որդուն, թագն ու նշանները դրեց նրա վրա, և նրան թագավոր դարձրին. օծեցին նրան, ծափ տվեցին և ասացին. «Կեցցե՜ արքան»։

13. Երբ Գոթողիան լսեց պահակագնդի և ժողովրդի ձայնը, գնաց դեպի ժողովուրդը՝ Տիրոջ տունը։

14. Եվ տեսավ, որ ահա թագավորն ըստ սովորության կանգնած էր սյան մոտ, զորապետներն ու փողահարներն էլ թագավորի մոտ էին։ Երկրի ամբողջ ժողովուրդն ուրախանում էր և փողեր հնչեցնում. Գոթողիան պատռեց իր հանդերձները և աղաղակեց. «Դավաճանությո՜ւն, դավաճանությո՜ւն»։

15. Հովիադա քահանան հրամայեց հարյուրապետերին, որոնք նշանակված էին զորքերի վրա, և ասաց նրանց. «Դրան դո՛ւրս հանեք շարքերի միջից, և ով կգնա նրա ետևից, սրով սպանե՛ք», որովհետև քահանան ասել էր. «Թող նա չսպանվի Տիրոջ տանը»։

16. Եվ իրենց ձեռքերը մեկնեցին դեպի նա, և երբ նա գնում էր դեպի թագավորի պալատ տանող ձիերի մուտքով, այնտեղ սպանվեց։

17. Հովիադան ուխտ դրեց Տիրոջ և թագավորի ու ժողովրդի միջև, որ իրենք Տիրոջ ժողովուրդը լինեն, նաև՝ թագավորի և ժողովրդի միջև։

18. Եվ երկրի ամբողջ ժողովուրդը եկավ Բահաղի կռատունը. քանդեցին նրա սեղանները, փշուր-փշուր արեցին նրա պատկերները և սեղանների առջև սպանեցին Բահաղի քուրմ Մատթանին, և քահանան պահակներ դրեց Տիրոջ տան վրա։

19. Եվ վերցրեց հարյուրապետներին, թիկնապահներին ու պահակագնդին ու երկրի ամբողջ ժողովրդին, և Տիրոջ տնից իջեցրին թագավորին ու պահակագնդի դռան ճամփով եկան թագավորի պալատ։ Եվ նա նստեց թագավորական գահի վրա։

20. Երկրի ամբողջ ժողովուրդն ուրախացավ, և քաղաքը խաղաղվեց։ Իսկ Գոթողիային սրով սպանեցին թագավորի պալատում։

21. Հովասը յոթ տարեկան էր, երբ թագավոր դարձավ։

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12

1. Հեուի յոթերորդ տարում Հովասը թագավոր դարձավ և քառասուն տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունը Սաբիա էր՝ Բերսաբեեից։

2. Եվ Հովասն իր բոլոր օրերին ուղիղ վարվեց Տիրոջ առաջ, քանի որ Հովիադա քահանան սովորեցնում էր նրան։

3. Միայն թե Բարձր տեղերը չվերացան. ժողովուրդը տակավին զոհ էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։

4. Եվ Հովասն ասաց քահանաներին. «Նվիրատվության ամբողջ փողը, որ բերում են Տիրոջ տուն, հաշվառված այդ փողը, յուրաքանչյուր մարդու անձի գնահատության փողը, այն ամեն փողը, որ ամեն մարդ իր հոժար կամքով նվիրում է, որ բերի Տիրոջ տուն,

5. քահանաները՝ ամեն մարդ իր ծանոթից, թող վերցնեն իրենց համար և դրանով նորոգեն տան վնասված տեղերը, ուր որ վնասված տեղեր գտնվեն»։

6. Բայց մինչև Հովաս թագավորի քսաներեքերորդ տարին քահանաները տան վնասված տեղերը չէին նորոգել։

7. Եվ Հովաս թագավորը կանչեց Հովիադա քահանային ու քահանաներին և ասաց նրանց. «Ինչո՞ւ չեք նորոգում տան վնասված տեղերը։ Հիմա էլ փող չվերցնեք ձեր ծանոթներից, այլ այն տվե՛ք տան վնասված տեղերի նորոգման համար»։

8. Քահանաները հավանություն տվեցին, որ ժողովրդից փող չառնեն և տան վնասված մասերը չնորոգեն։

9. Հովիադա քահանան մի արկղ վերցրեց, նրա կափարիչի վրա մի ծակ փորեց և այն դրեց զոհասեղանի մոտ՝ Տիրոջ տուն եկող մարդկանց աջ կողմում. և դռան պահպանություն անող քահանաներն այնտեղ էին գցում ամբողջ փողը, որ բերվում էր Տիրոջ տուն։

10. Եվ երբ տեսնում էին, որ արկղի մեջ փողը շատ է, գալիս էին թագավորի գրագիրը և քահանայապետը, հաշվում էին ու ծրարում Տիրոջ տանը գտնվող փողը։

11. Հաշված փողը տալիս էին Տիրոջ տան վրա նշանակված գործավարների ձեռքը, և նրանք վճարում էին հյուսներին և Տիրոջ տունը շինող գործավորներին,

12. որմնադիրներին ու քարհատներին, և որ Տիրոջ տան վնասված տեղերը նորոգելու համար փայտ ու տաշած քար առնեն, և այն բոլոր ծախսերի համար, որ պետք էր տունը նորոգելու համար։

13. Միայն թե Տիրոջ տուն եկած փողից Տիրոջ տան համար չշինվեցին արծաթե բաժակներ, պատրույգի մկրատներ, տաշտեր, փողեր և ամեն տեսակ ոսկե անոթներ ու արծաթե անոթներ,

14. այլ տալիս էին գործավարներին, և դրանով նորոգում էին Տիրոջ տունը։

15. Եվ հաշիվ չէին ուզում այն մարդկանցից, որոնց ձեռքն էր տրվում փողը, որ գործավորներին տային, որովհետև հավատարմորեն էին աշխատում։

16. Հանցանքի ընծայի փողը և մեղքի զոհի փողը Տիրոջ տուն չէր բերվում, այլ քահանաներինն էր լինում։

17. Այն ժամանակ ասորիների Ազայել թագավորը եկավ և պատերազմեց Գեթի դեմ ու գրավեց այն։ Հետո Ազայելն իր երեսը դարձրեց դեպի Երուսաղեմ՝ նրա վրա գնալու համար։

18. Հուդայի Հովաս թագավորը վերցրեց այն բոլոր նվերները, որ նվիրել էին իր հայրերը՝ Հուդայի թագավորները՝ Հոսափատը, Հովրամը և Օքոզիան, և՛ իր նվերները, և՛ թագավորի տան, և՛ Տիրոջ տան գանձարաններում գտնվող ամբողջ ոսկին ուղարկեց ասորիների Ազայել թագավորին, և նա ետ քաշվեց Երուսաղեմից։

19. Հովասի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

20. Նրա ծառաները ոտքի ելան նրա դեմ, դավաճանեցին և Մելոնի տան մեջ՝ Սիլլայի զառիվայրում, սպանեցին Հովասին։

21. Նրա ծառաները՝ Հովզաքարը՝ Սամեթի որդին, և Հովզաբադը՝ Սոմերի որդին, զարկեցին նրան, և նա մեռավ։ Նրան թաղեցին իր հայրերի մոտ՝ Դավթի քաղաքում, և նրա փոխարեն թագավոր դարձավ նրա որդի Ամասիան։

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13

1. Հուդայի թագավոր Օքոզիայի որդի Հովասի քսաներեքերորդ տարում Հեուի որդի Հովաքազն Իսրայելի թագավոր դարձավ Սամարիայում և թագավորեց տասնյոթ տարի։

2. Նա չարիք գործեց Տիրոջ առաջ և գնաց Նաբատի որդի Հերոբովամի մեղքի ետևից, որը մեղանչել էր տվել Իսրայելին, և չհրաժարվեց դրանից։

3. Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ, և նրանց շարունակ մատնեց ասորիների թագավոր Ազայելի և Ազայելի որդի Բենադադի ձեռքը։

4. Հովաքազն աղոթք արեց Տիրոջը, և Տերը լսեց նրան, որովհետև տեսավ Իսրայելի նեղությունը, որով ասորիների թագավորը նեղում էր նրանց։

5. Տերն Իսրայելին մի փրկիչ տվեց, և նրանք դուրս եկան ասորիների ձեռքի տակից, և Իսրայելի որդիները բնակվում էին իրենց վրաններում, ինչպես անցյալում։

6. Միայն թե չհրաժարվեցին Հերոբովամի տան մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին. գնացին դրանց ետևից. նաև Աստարովթի կուռքն էր մնում Սամարիայում։

7. Եվ Հովաքազի համար նա զորք չթողեց, բացի հիսուն ձիավորից, տասը կառքից և տասը հազար հետևակ զորքից, որովհետև ասորիների թագավորը բնաջնջել էր դրանք և նրանց ոտնակոխ արված հող էր դարձրել։

8. Հովաքազի մնացած գործերի և նրա բոլոր արածների և նրա քաջագործության մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

9. Հովաքազը ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Սամարիայում. նրա որդի Հովասը թագավոր դարձավ նրա փոխարեն։

10. Հուդայի Հովաս թագավորի երեսունյոթերորդ տարում Հովաքազի որդի Հովասն Իսրայելի թագավոր դարձավ Սամարիայում և թագավորեց տասնվեց տարի։

11. Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի բոլոր մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին, և գնաց դրանց ետևից։

12. Հովասի մնացած գործերի և նրա բոլոր արածների ու նրա քաջագործության մասին, թե նա ինչպես պատերազմեց Հուդայի թագավոր Ամասիայի դեմ, գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

13. Հովասը ննջեց իր հայրերի հետ, և նրա աթոռին նստեց Հերոբովամը. Հովասը թաղվեց Իսրայելի թագավորների մոտ՝ Սամարիայում։

14. Երբ Եղիսեն հիվանդացավ այն հիվանդությամբ, որից էլ մեռնելու էր, Իսրայելի Հովաս թագավորն իջավ նրա մոտ, լաց եղավ նրա վրա ու ասաց. «Հա՛յր իմ, հա՛յր իմ. Իսրայելի կա՛ռքը և նրա ձիավորները»։

15. Եղիսեն ասաց նրան. «Մի աղեղ և նետե՛ր վերցրու»։ Եվ նա մի աղեղ ու նետեր վերցրեց։

16. Եղիսեն ասաց Իսրայելի թագավորին. «Ձեռքդ ամրացրո՛ւ աղեղիդ վրա»։ Նա ձեռքն ամրացրեց, և Եղիսեն իր ձեռքը դրեց թագավորի ձեռքի վրա։

17. Եվ ասաց. «Բա՛ց պատուհանը դեպի արևելք», և նա բացեց։ Եղիսեն ասաց. «Նետն արձակի՛ր»։ Եվ նա արձակեց նետը։ Եղիսեն էլ ասաց. «Տիրոջ փրկության նետն է, ասորիների դեմ փրկության նետը։ Դու ասորիներին պիտի հաղթես Ափեկում և մինչև վերջ ջնջես նրանց»։

18. Եվ ասաց. «Վերցրո՛ւ նետերը», և նա վերցրեց։ Եվ ասաց Իսրայելի թագավորին. «Խփի՛ր գետնին»։ Եվ նա երեք անգամ խփեց գետնին ու կանգնեց։

19. Եվ Աստծու մարդը բարկացավ նրա վրա և ասաց. «Հինգ կամ վեց անգամ պետք է խփեիր. այն ժամանակ ասորիներին այնպես կխփեիր, որ նրանք վերջանային, իսկ հիմա միայն երեք անգամ ես խփելու»։

20. Եղիսեն մեռավ, և նրան թաղեցին։ Ամեն տարի գարնանը մովաբացիների գնդերը հարձակվում էին երկրի վրա։

21. Երբ մի մարդ էին թաղում, մի գունդ տեսան։ Այն մարդուն գցեցին Եղիսեի գերեզմանը. մարդը գնաց ու դիպավ Եղիսեի ոսկորներին, կենդանացավ և կանգնեց իր ոտքերի վրա։

22. Ասորիների Ազայել թագավորը Հովաքազի բոլոր օրերին նեղում էր Իսրայելին։

23. Բայց Տերը նրանց ողորմեց ու գթաց նրանց և դարձավ դեպի նրանց՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ իր ունեցած ուխտի համար, և չուզեց կործանել նրանց և նրանց մինչև հիմա չզրկեց իր ներկայությունից։

24. Ասորիների Ազայել թագավորը մեռավ, և նրա որդի Բենադադը թագավորեց նրա փոխարեն։

25. Հովաքազի որդի Հովասը Ազայելի որդի Բենադադի ձեռքից դարձյալ ետ վերցրեց այն քաղաքները, որ պատերազմի ժամանակ Ազայելը վերցրել էր նրա հոր՝ Հովաքազի ձեռքից։ Հովասը երեք անգամ հարվածեց նրան և ետ վերցրեց Իսրայելի քաղաքները։

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14

1. Իսրայելի թագավոր Հովաքազի որդի Հովասի երկրորդ տարում թագավորեց Հուդայի Հովաս թագավորի որդի Ամասիան։

2. Քսանհինգ տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հովադան՝ Երուսաղեմից։

3. Եվ նա ուղիղ վարվեց Տիրոջ առաջ, բայց ոչ իր հոր՝ Դավթի նման. նա ամեն ինչ արեց իր հոր՝ Հովասի արածների պես։

4. Միայն թե Բարձր տեղերը չվերացան. ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։

5. Եվ երբ թագավորությունը հաստատվեց նրա ձեռքին, սպանեց իր ծառաներին, որոնք սպանել էին իր հորը՝ թագավորին։

6. Բայց սպանողների որդիներին չսպանեց, ինչպես գրված է Մովսեսի Օրենքի գրքում, քանի որ Տերը հրամայեց՝ ասելով. «Հայրերը չսպանվեն որդիների հանցանքի համար, և որդիներն էլ չսպանվեն հայրերի փոխարեն, այլ ամեն մարդ սպանվի իր հանցանքի համար»։

7. Նա տասը հազար եդովմացիներ սպանեց Աղի ձորում և Սելան* առավ պատերազմով ու անունը դրեց Հեկթովել, ինչպես կոչվում է մինչև այսօր։

8. Այդ ժամանակ Ամասիան պատգամավորներ ուղարկեց Իսրայելի թագավորի՝ Հեուի որդի Հովաքազի որդի Հովասի մոտ՝ ասելով. «Ե՛կ մի տեղ դեմառդեմ պատերազմենք»։

9. Բայց Իսրայելի Հովաս թագավորը մարդ ուղարկեց Հուդայի Ամասիա թագավորի մոտ՝ ասելով. «Լիբանանի փուշը լուր ուղարկեց Լիբանանի եղևնուն և ասաց. “Քո աղջկան կնությա՛ն տուր իմ որդուն”։ Բայց Լիբանանի վայրի գազանն անցավ և կոխկռտեց փուշը։

10. Արդարև, դու հաղթեցիր Եդովմին, և քո սիրտը հպարտացրել է քեզ. ծա՛նր կաց և տա՛նդ նստիր. ինչո՞ւ ես գրգռվում չարությամբ, որ և՛ դու ընկնես, և՛ քեզ հետ էլ՝ Հուդան»։

11. Բայց Ամասիան չլսեց։ Եվ Իսրայելի Հովաս թագավորը ելավ վեր, և ինքն ու Հուդայի Ամասիա թագավորը իրար դեմ պատերազմեցին Հուդայի Բեթսամյուսում։

12. Հուդան պարտվեց Իսրայելից, և ամեն մարդ փախավ իր վրանը։

13. Եվ Իսրայելի Հովաս թագավոր Բեթսամյուսում բռնեց Օքոզիայի որդի Հովասի որդի Ամասիային՝ Հուդայի թագավորին, և եկավ Երուսաղեմ ու քանդեց Երուսաղեմի պարիսպը՝ Եփրեմի դռնից մինչև Անկյան դուռը՝ չորս հարյուր կանգուն երկարությամբ։

14. Վերցրեց ամբողջ այն ոսկին ու արծաթը և այն բոլոր անոթները, որ գտնվում էին Տիրոջ տանն ու թագավորի տան գանձարաններում և պատանդներ վերցրած՝ վերադարձավ Սամարիա։

15. Հովասի մնացած գործերի մասին, որ նա արեց, և նրա քաջագործության ու նրա պատերազմի մասին, որ պատերազմեց Հուդայի Ամասիա թագավորի դեմ, գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

16. Հովասը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Սամարիայում՝ Իսրայելի թագավորների մոտ, և նրա որդի Հերոբովամը թագավորեց նրա փոխարեն։

17. Հուդայի թագավոր Հովասի որդի Ամասիան Իսրայելի թագավոր Հովաքազի որդի Հովասի մեռնելուց հետո ապրեց տասնհինգ տարի։

18. Ամասիայի մնացած գործերի մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

19. Երուսաղեմում դավադրություն արեցին նրա դեմ, և նա փախավ Լաքիս, բայց մարդ ուղարկեցին նրա ետևից ու նրան սպանեցին այնտեղ։

20. Նրան բերեցին ձիերով, և նա թաղվեց Երուսաղեմում՝ Դավթի քաղաքում՝ իր հայրերի մոտ։

21. Հուդայի ամբողջ ժողովուրդը վերցրեց Ազարիային, որ տասնվեց տարեկան էր, և նրան թագավոր դարձրեց իր հայր Ամասիայի փոխարեն։

22. Նա կառուցեց Ելաթը և թագավորի՝ իր հայրերի հետ ննջելուց հետո այն վերադարձրեց Հուդային։

23. Հուդայի թագավոր Հովասի որդի Ամասիայի տասնհինգերորդ տարում Իսրայելի թագավոր Հովասի որդի Հերոբովամը թագավոր դարձավ Սամարիայում և թագավորեց քառասունմեկ տարի։

24. Նա չարիք գործեց Տիրոջ առաջ. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։

25. Նա վերականգնեց Իսրայելի սահմանները՝ Եմաթից սկսած մինչև Արաբայի ծովը՝ Իսրայելի Տեր Աստծու խոսքի համաձայն, որ ասել էր իր ծառա գեթքոփերացի Ամաթի որդի Հովնան մարգարեի միջոցով։

26. Որովհետև Տերը տեսավ Իսրայելի խիստ դառը տառապանքը. թե՛ ստրուկ և թե՛ ազատ, և Իսրայելին օգնող չկար։

27. Եվ Տերը չէր ասել, որ Իսրայելի անունը ջնջված լինի երկնքի տակից, և նրանց փրկեց Հովասի որդի Հերոբովամի ձեռքով։

28. Հերոբովամի մնացած գործերի և նրա բոլոր արածների ու նրա քաջագործության մասին, որ պատերազմեց և Դամասկոսն ու Եմաթը Հուդայից վերցրեց և վերադարձրեց Իսրայելին, գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

29. Հերոբովամը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Իսրայելի թագավորների մոտ, և նրա որդի Զաքարիան թագավոր դարձավ նրա փոխարեն։

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15

1. Իսրայելի Հերոբովամ թագավորի քսանյոթերորդ տարում Հուդայի թագավոր դարձավ Ամասիայի որդի Ազարիան։

2. Նա տասնվեց տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և հիսուներկու տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Հեքելիա՝ Երուսաղեմից։

3. Նա ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ, բոլորովին այնպես, ինչպես արել էր իր հայրը՝ Ամասիան։

4. Միայն թե Բարձր տեղերը չվերացան. ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։

5. Տերը զարկեց թագավորին, և նա բորոտ էր մինչև մահվան օրը։ Նա մնում էր առանձին տան մեջ, իսկ թագավորի որդի Հովաթամը, որ պալատի գլխավորն էր, կառավարում էր երկրի ժողովրդին։

6. Ազարիայի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

7. Ազարիան ննջեց իր հայրերի հետ. նրան թաղեցին իր հայրերի մոտ՝ Դավթի քաղաքում, և նրա որդի Հովաթամը թագավոր դարձավ նրա փոխարեն։

8. Հուդայի թագավոր Ազարիայի երեսունութերորդ տարում Սամարիայում Իսրայելի թագավոր դարձավ Հերոբովամի որդի Զաքարիան և թագավորեց վեց ամիս։

9. Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպես իր հայրերն էին արել. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։

10. Նրա դեմ դավադրություն արեց Հաբիսի որդի Սեղղումը և նրան զարկեց ժողովրդի առաջ ու սպանեց նրան և թագավոր դարձավ նրա փոխարեն։

11. Զաքարիայի մնացած գործերի մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

12. Սա Տիրոջ այն խոսքն էր, որ խոսել էր Հեուի հետ՝ ասելով. «Քո որդիները մինչև չորրորդ սերունդը պիտի նստեն Իսրայելի գահի վրա»։ Այդպես էլ եղավ։

13. Հաբիսի որդի Սեղղումը Սամարիայում թագավոր դարձավ Հուդայի Ոզիա թագավորի երեսունիններորդ տարում և թագավորեց մեկ ամիս։

14. Եվ Գադդիի որդի Մանայեմը Թերսայից ելավ ու եկավ Սամարիա և Սամարիայում զարկեց Հաբիսի որդի Սեղղումին ու սպանեց նրան և թագավորեց նրա փոխարեն։

15. Սեղղումի մնացած գործերի և նրա դավադրության մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

16. Այն ժամանակ Մանայեմը հարվածեց Թափսային և կոտորեց բոլորին, ովքեր գտնվում էին այնտեղ ու նրա սահմաններում՝ Թերսայից սկսած, որովհետև քաղաքը չէր բացել իր դռները։ Նա ջարդեց և ճղեց նրա բոլոր հղի կանանց որովայնները։

17. Հուդայի թագավոր Ազարիայի երեսունիններորդ տարում Իսրայելի թագավոր դարձավ Գադդիի որդի Մանայեմը և տասը տարի թագավորեց Սամարիայում։

18. Նա չարիք գործեց Տիրոջ առաջ. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։

19. Ասորեստանի թագավոր Փուղը հարձակվեց երկրի վրա։ Մանայեմը Փուղին հազար տաղանդ արծաթ տվեց, որպեսզի նա օգնության ձեռք մեկնի իրեն՝ թագավորությունը իր ձեռքում հաստատելու համար։

20. Այս արծաթը Ասորեստանի թագավորին տալու համար Մանայեմը հարկ դրեց Իսրայելի բոլոր հարուստների վրա՝ յուրաքանչյուրին հիսուն սիկղ արծաթ։ Ասորեստանի թագավորը ետ դարձավ և չմնաց այնտեղ՝ այդ երկրում։

21. Մանայեմի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

22. Մանայեմը ննջեց իր հայրերի հետ, և նրա որդի Փակեիան թագավոր դարձավ նրա փոխարեն։

23. Հուդայի Ազարիա թագավորի հիսուներորդ տարում Իսրայելի թագավոր դարձավ Մանայեմի որդի Փակեիան և երկու տարի թագավորեց Սամարիայում։

24. Նա չարիք գործեց Տիրոջ առաջ. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։

25. Նրա դեմ դավադրություն արեց նրա զորապետ Փակեեն՝ Ռովմելայի որդին՝ իր հետ ունենալով գաղաադացիներից հիսուն հոգի, և Սամարիայում՝ թագավորի պալատի դահլիճում, սպանեց նրան, նրա հետ՝ Արգովբին և Արիեին։ Նրան սպանեց և թագավոր դարձավ նրա փոխարեն։

26. Փակեիայի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

27. Հուդայի Ազարիա թագավորի հիսուներկուերորդ տարում Իսրայելի թագավոր դարձավ Ռովմելայի որդի Փակեեն և քսան տարի թագավորեց Սամարիայում։

28. Նա չարիք գործեց Տիրոջ առաջ. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։

29. Իսրայելի թագավոր Փակեեի օրերին եկավ Ասորեստանի Թագղաթ-Փաղասար թագավորը և վերցրեց Իյոնը, Աբել-Բեթ-Մաաքան, Հանովեն, Կադեսը, Հասորը, Գաղաադը և Գալիլեան, Նեփթաղիմի ամբողջ երկիրը և նրանց բնակիչներին գերի տարավ Ասորեստան։

30. Եվ Էլայի որդի Ովսեեն դավադրություն արեց Ռովմելայի որդի Փակեեի դեմ, զարկեց նրան ու սպանեց և նրա փոխարեն թագավոր դարձավ Ոզիայի որդի Հովաթամի քսաներորդ տարում։

31. Փակեեի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

32. Իսրայելի թագավորի՝ Ռովմելայի որդի Փակեեի երկրորդ տարում թագավոր դարձավ Հովաթամը՝ Հուդայի թագավոր Ոզիայի որդին։

33. Նա քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հերուսա, որը Սադովկի դուստրն էր։

34. Նա ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ՝ իր հայր Ոզիայի բոլոր արածների պես.

35. միայն թե չվերցվեցին Բարձր տեղերը. ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։ Նա շինեց Տիրոջ տան վերին դուռը։

36. Հովաթամի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

37. Այդ օրերին Տերը սկսեց Հուդայի դեմ ուղարկել ասորիների Ռասին թագավորին և Ռովմելայի որդի Փակեեին։

38. Հովաթամը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի մոտ՝ իր հայր Դավթի քաղաքում։ Նրա որդի Աքազը թագավոր դարձավ նրա փոխարեն։

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16

1. Ռովմելայի որդի Փակեեի տասնյոթերորդ տարում թագավոր դարձավ Աքազը՝ Հուդայի Հովաթամ թագավորի որդին։

2. Աքազը քսան տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում. նա ուղիղ չընթացավ, ինչպես իր հայր Դավիթն էր ուղիղ ընթացել Տեր Աստծու աչքի առաջ,

3. այլ գնաց Իսրայելի թագավորների ճանապարհով և իր որդուն էլ կրակով այրեց այն ազգերի գարշելի սովորության համաձայն, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։

4. Եվ զոհ էր մատուցում ու խունկ էր ծխում Բարձր տեղերում ու բլուրների վրա և ամեն մի կանաչ ծառի տակ։

5. Այն ժամանակ ասորիների Ռասին թագավորը և Ռովմելայի որդի Փակեեն՝ Իսրայելի թագավորը, վեր կացան պատերազմելու Երուսաղեմի դեմ և պաշարեցին Աքազին, բայց չկարողացան հաղթել նրան։

6. Այդ ժամանակ ասորիների Ռասին թագավորը Ելաթը վերադարձրեց ասորիներին և Հուդայի որդիներին դուրս արեց Ելաթից։ Ասորիները եկան Ելաթ և մինչև այսօր բնակվում են այնտեղ։

7. Աքազը պատգամավորներ ուղարկեց Ասորեստանի Թագղաթ-Փաղասար թագավորի մոտ՝ ասելով. «Ես քո ծառան և քո որդին եմ. ե՛կ և ինձ ազատի՛ր ասորիների թագավորի ձեռքից և Իսրայելի թագավորի ձեռքից, որոնք հարձակվել են ինձ վրա»։

8. Աքազը վերցրեց այն արծաթն ու այն ոսկին, որոնք գտնվում էին Տիրոջ տանն ու թագավորի տան գանձարաններում, և ընծա ուղարկեց Ասորեստանի թագավորին։

9. Ասորեստանի թագավորը նրան լսեց. Ասորեստանի թագավորը գնաց Դամասկոսի դեմ և այն վերցրեց ու նրա բնակիչներին գերի տարավ Կիր և սպանեց Ռասինին։

10. Աքազ թագավորը գնաց Դամասկոս՝ դիմավորելու Թագղաթ-Փաղասարին, տեսավ Դամասկոսի սեղանը, և Աքազ թագավորն այդ զոհասեղանի օրինակն ու նրա ձևը, ըստ նրա ամբողջ շինվածքի, ուղարկեց Ուրիա քահանային։

11. Ուրիա քահանան մի սեղան շինեց ըստ այն օրինակի, որ Աքազ թագավորն ուղարկել էր Դամասկոսից, և այն ավարտեց մինչև Դամասկոսից Աքազ թագավորի գալը։

12. Երբ թագավորը եկավ Դամասկոսից, տեսավ զոհասեղանը. թագավորը մոտեցավ զոհասեղանին և նրա վրա ողջակեզ մատուցեց։

13. Եվ զոհաբերեց իր ողջակեզն ու իր հացի ընծան և թափեց իր հեղելու նվերը և խաղաղության իր զոհի արյունը շաղ տվեց այն զոհասեղանի վրա։

14. Պղնձե այն զոհասեղանը, որ Տիրոջ առջև էր, տաճարի առջևից՝ նոր զոհասեղանի և Տիրոջ տան մեջտեղից, տեղափոխեց ու դրեց նոր սեղանի մոտ՝ դեպի հյուսիս։

15. Աքազ թագավորը հրամայեց Ուրիա քահանային՝ ասելով. «Այդ մեծ սեղանի վրա այրի՛ր առավոտյան ողջակեզներն ու երեկոյան հացի ընծան և թագավորի ողջակեզն ու նրա հացի ընծան, երկրի ամբողջ ժողովրդի ողջակեզն ու նրանց հացի ընծան և ողջակեզների ամբողջ արյունն ու զոհերի ամբողջ արյունը հեղի՛ր նրա վրա, իսկ պղնձե զոհասեղանը թող մնա ինձ՝ գուշակություն անելու համար»։

16. Ուրիա քահանան ամեն ինչ արեց այնպես, ինչպես հրամայեց Աքազ թագավորը։

17. Աքազ թագավորը կոտրատեց կառքերի շրջանակյալ տախտակները, ավազանները վերցրեց նրանց վրայից, ծովն էլ ցած իջեցրեց պղնձե եզների վրայից, որոնք նրա տակ էին, և այն դրեց քարե հատակին։

18. Ե՛վ Շաբաթի ճանապարհը, որ ծածկոց ուներ, և շինել էին տաճարի համար, և՛ թագավորի պալատի դրսի ճանապարհը Ասորեստանի թագավորի պատճառով ուղղեց դեպի Տիրոջ տունը։

19. Աքազի մնացած գործերի մասին, որ արել է, գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

20. Աքազը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի մոտ՝ Դավթի քաղաքում, և նրա փոխարեն թագավոր դարձավ նրա որդի Եզեկիան։

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17

1. Հուդայի թագավոր Աքազի տասներկուերորդ տարում Էլայի որդի Ովսեեն Իսրայելի թագավոր դարձավ Սամարիայում և թագավորեց ինը տարի։

2. Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, բայց ոչ Իսրայելի այն թագավորների պես, որոնք կային իրենից առաջ։

3. Նրա դեմ ելավ Ասորեստանի Սաղմանասար թագավորը, և Ովսեեն նրան հպատակ դարձավ և նրան հարկ էր տալիս։

4. Ասորեստանի թագավորը Ովսեեի մեջ նենգություն գտավ, որովհետև նա դեսպաններ էր ուղարկել Եգիպտոս՝ Սովա թագավորի մոտ, և ամեն տարվա պես հարկ չէր ուղարկել Ասորեստանի թագավորին։ Ասորեստանի թագավորը բռնեց նրան և բանտարկեց նրան։

5. Ասորեստանի թագավորն անցավ ամբողջ երկրով և եկավ Սամարիա ու երեք տարի պաշարեց այն։

6. Ովսեեի իններորդ տարում Ասորեստանի թագավորը վերցրեց Սամարիան և Իսրայելի որդիներին գերի տարավ Ասորեստան և նրանց բնակեցրեց Քաղայում ու Քաբովրում, Գովզան գետի մոտ ու մարերի քաղաքներում։

7. Որովհետև Իսրայելի որդիները մեղանչեցին իրենց Տեր Աստծու դեմ, որը նրանց հանել էր Եգիպտոսի երկրից, Եգիպտոսի թագավորի՝ փարավոնի ձեռքի տակից, և պաշտեցին ուրիշ աստվածների։

8. Եվ ընթացան այն ազգերի կանոններով, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից, և այն կանոններով, որ Իսրայելի թագավորներն էին հաստատել։

9. Իսրայելի որդիները գաղտնի գործեր էին արել, որ ուղիղ չէին իրենց Տեր Աստծու մոտ. և իրենց համար Բարձր տեղեր էին շինել իրենց բոլոր քաղաքներում՝ պահապանների աշտարակից մինչև պարսպապատ քաղաքը։

10. Եվ իրենց համար արձաններ էին դրել և Աստարովթի կուռքեր տնկել ամեն մի բարձր բլրի վրա և ամեն մի կանաչ ծառի տակ։

11. Եվ այնտեղ՝ բոլոր Բարձր տեղերում, խունկ էին ծխում այն ազգերի պես, որոնց Տերը քշել էր նրանց առաջից, և չար գործեր արեցին Տիրոջը բարկացնելու համար։

12. Եվ ծառայեցին կուռքերին, որոնց մասին Տերն ասել էր նրանց. «Այդ բանը չանեք»։

13. Տերն իր բոլոր մարգարեների և բոլոր տեսանողների միջոցով պատվեր էր տվել Իսրայելին և Հուդային՝ ասելով. «Ե՛տ դարձեք ձեր չար ճանապարհներից և պահե՛ք իմ պատվիրաններն ու իմ կանոնները այն բոլոր օրենքների պես, որ ես պատվիրել եմ ձեր հայրերին և իմ ծառաների՝ մարգարեների միջոցով ուղարկել եմ ձեզ»։

14. Բայց նրանք չլսեցին և խստացրին իրենց պարանոցը իրենց հայրերի պարանոցի նման, որոնք չէին հավատում իրենց Տեր Աստծուն։

15. Եվ արհամարհեցին նրա կանոնները և նրա ուխտը, որ կնքել էր նրանց հայրերի հետ, և նրա վկայությունները, որ տվել էր նրանց, և գնացին սնապաշտության ետևից, և իրենք էլ սնապաշտ դարձան ու հետևեցին այն ազգերին, որոնք իրենց շրջակայքում էին, և որոնց մասին Տերն իրենց պատվիրել էր, որ նրանց նման չանեն։

16. Եվ թողեցին իրենց Տեր Աստծու հրամանները և իրենց համար ձուլածո երկու հորթեր շինեցին, աստարովթներ շինեցին ու երկրպագեցին երկնքի բոլոր զորություններին և պաշտեցին Բահաղին։

17. Եվ իրենց տղաներին ու աղջիկներին կրակով այրեցին, կախարդություն և հմայություն արեցին ու ծախեցին իրենց՝ Տիրոջ առջև չարիք գործելու, և նրան բարկացրին։

18. Եվ Տերը խիստ բարկացավ Իսրայելի վրա, նրանց մերժեց իր երեսից և չթողեց ոչ ոքի, բացի Հուդայի ցեղից։

19. Հուդան էլ չպահեց իր Տեր Աստծու պատվիրանները և գնաց Իսրայելի այն կանոններով, որ նրանք հաստատել էին։

20. Տերը մերժեց Իսրայելի ամբողջ սերնդին և խոնարհեցրեց նրանց ու մատնեց նրանց հափշտակողների ձեռքը, մինչև որ նրանց գցեց իր երեսից,

21. որովհետև Իսրայելն անջատվեց Դավթի տանից, և նրանք թագավոր դարձրին Նաբատի որդի Հերոբովամին, բայց Հերոբովամը Իսրայելին շեղեց Տիրոջը հետևելուց և մեծ մեղքեր գործել տվեց նրանց։

22. Իսրայելի որդիները գնացին Հերոբովամի բոլոր մեղքերի միջով, որ նա արել էր, և չհրաժարվեցին դրանցից,

23. մինչև որ Տերը նրանց մերժեց իր երեսից, ինչպես ասել էր իր ծառաների՝ մարգարեների միջոցով։ Եվ այսպես Իսրայելն իր երկրից գերի տարվեց Ասորեստան մինչև այսօր։

24. Եվ Ասորեստանի թագավորը մարդիկ բերեց Բաբելոնից, Քութայից, Ավայից, Եմաթից ու Սեփարուիմից և Իսրայելի որդիների փոխարեն բնակեցրեց Սամարիայի քաղաքներում, և նրանք ժառանգեցին Սամարիան ու բնակվեցին նրա քաղաքներում։

25. Եվ նրանք իրենց այնտեղ բնակվելու սկզբում Տիրոջից չէին վախենում, և Տերն առյուծներ ուղարկեց նրանց վրա, որոնք սպանում էին նրանցից ոմանց։

26. Ասորեստանի թագավորին հայտնեցին՝ ասելով. «Այն ազգերը, որոնց դու տեղափոխեցիր և բնակեցրիր Սամարիայի քաղաքներում, չգիտեն այդ երկրի Աստծու օրենքը, դրա համար էլ նա առյուծներ է ուղարկել նրանց վրա, որոնք սպանում են նրանց, որովհետև չգիտեն այդ երկրի Աստծու օրենքը»։

27. Ասորեստանի թագավորը հրամայեց՝ ասելով. «Այնտե՛ղ ուղարկեք այն քահանաներից մեկին, որոնց դուք գերի եք բերել այնտեղից. թող գնա ու բնակվի այնտեղ և նրանց սովորեցնի այդ երկրի Աստծու օրենքը»։

28. Եվ այն քահանաներից մեկը, որոնց գերի էին բերել Սամարիայից, եկավ ու բնակվեց Բեթելում. սովորեցնում էր նրանց, թե ինչպես պաշտեն Տիրոջը։

29. Եվ ամեն մի ազգ իր աստվածներն էր շինում և դնում այն Բարձր տեղերում, որ շինել էին սամարացիները. ամեն մի ազգ իր քաղաքներում, որտեղ բնակվում էին իրենք։

30. Եվ Բաբելոնի մարդիկ շինեցին Սաքքովթ-Բանովթը, Քութի մարդիկ շինեցին Ներգաղը, Եմաթի մարդիկ շինեցին Ասիմաթը,

31. ավացիները շինեցին Նեբասը և Թարթակը. իսկ սեփարուիմցիները որպես ողջակեզ այրում էին իրենց որդիներին այն կրակում, որ վառում էին Սեփարուիմի աստվածների՝ Ադրամելեքի և Անամելեքի համար։

32. Բայց Տիրոջն էլ էին պաշտում, սակայն ժողովրդի միջից իրենց համար Բարձր տեղերի քահանաներ էին դարձնում իրենց մարդկանց և դնում Բարձր տեղերի կռատանը։

33. Նրանք Տիրոջն էլ էին պաշտում, սակայն իրենց աստվածներին էլ էին պաշտում ըստ այն ազգերի սովորության, որտեղից իրենք բերվել էին։

34. Մինչև այսօր էլ նրանք առաջվա սովորությունների պես են անում. չեն պաշտում Տիրոջը և ոչ էլ հնազանդվում են այն կանոններին, իրավունքներին, օրենքին և պատվիրանին, որ Տերը պատվիրեց Հակոբի որդիներին, որի անունը Իսրայել դրեց։

35. Եվ Տերը նրանց հետ ուխտ էր արել և նրանց պատվիրել էր՝ ասելով. «Մի՛ պաշտեք ուրիշ աստվածների և մի՛ երկրպագեք նրանց, նրանց մի՛ ծառայեք և զոհեր մի՛ մատուցեք նրանց,

36. այլ պաշտե՛ք միայն Տիրոջը, որը ձեզ դուրս բերեց Եգիպտոսի երկրից՝ հզոր ուժով և մեկնած բազկով. նրա՛ն պաշտեք, նրա՛ն երկրպագեք և նրա՛ն զոհ մատուցեք։

37. Եվ միշտ պահե՛ք ու կատարե՛ք այն կանոններն ու պատվիրանները և այն օրենքն ու հրամանը, որ գրել է ձեզ համար, և մի՛ պաշտեք ուրիշ աստվածների։

38. Եվ մի՛ մոռացեք այն ուխտը, որ ես արել եմ ձեզ հետ, և մի՛ պաշտեք ուրիշ աստվածների,

39. այլ պաշտե՛ք ձեր Տեր Աստծուն, և նա ձեզ կփրկի ձեր բոլոր թշնամիների ձեռքից»։

40. Բայց նրանք չհնազանդվեցին, այլ վարվեցին իրենց առաջվա սովորությունների պես։

41. Ուրեմն այս ազգերը և՛ Տիրոջն էին պաշտում, և՛ ծառայում էին իրենց կուռքերին. նաև իրենց որդիները և իրենց որդիների որդիները։ Ինչպես իրենց հայրերն էին անում, իրենք էլ այնպես են անում մինչև այսօր։

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18

1. Իսրայելի թագավոր Էլայի որդի Ովսեեի երրորդ տարում թագավոր դարձավ Հուդայի թագավոր Աքազի որդի Եզեկիան։

2. Քսանհինգ տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Աբի՝ Զաքարիայի դուստրը։

3. Եվ նա բոլորովին ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ, ինչպես արել էր իր հայր Դավիթը։

4. Նա վերացրեց Բարձր տեղերը, կոտրտեց արձանները, քանդեց Աստարովթի կուռքերը և փշրեց այն պղնձե օձը, որ շինել էր Մովսեսը, որովհետև մինչև այդ օրերը Իսրայելի որդիները խունկ էին ծխում նրան. նա կոչվում էր Նեեսթան*։

5. Եվ ապավինեց Իսրայելի Տեր Աստծուն, և նրանից հետո Հուդայի բոլոր թագավորների մեջ նրա նմանը չեղավ, ոչ էլ նրանց մեջ, որ եղել էին նրանից առաջ։

6. Եվ հարեց Տիրոջը և չհրաժարվեց նրա ետևից գնալուց ու պահեց նրա պատվերները, որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

7. Տերը նրա հետ էր, և ուր որ գնում էր, հաջողություն էր ունենում. նա ապստամբեց Ասորեստանի թագավորի դեմ և չհպատակվեց նրան։

8. Նա ջարդեց փղշտացիներին մինչև Գազա և նրա սահմանները՝ պահապանների աշտարակից մինչև պարսպապատ քաղաքը։

9. Եզեկիայի չորրորդ տարում, որ Իսրայելի թագավոր Էլայի որդի Ովսեեի յոթերորդ տարին էր, Ասորեստանի Սաղմանասար թագավորը հարձակվեց Սամարիայի վրա և պաշարեց այն։

10. Երեք տարի հետո վերցրեց այն, Եզեկիայի վեցերորդ տարում, որն Իսրայելի Ովսեե թագավորի իններորդ տարին էր. Սամարիան վերցվեց այդ ժամանակ։

11. Եվ Ասորեստանի թագավորը Իսրայելի որդիներին գերի տարավ Ասորեստան և նրանց բնակեցրեց Քաղայում և Քաբովրում, Գովզան գետի մոտ և մարերի քաղաքներում.

12. նրա համար, որ ականջ չէին դրել իրենց Տեր Աստծու ձայնին և զանց էին արել նրա ուխտը և այն ամենը, ինչ հրամայել էր Տիրոջ ծառա Մովսեսը. ո՛չ լսեցին, ո՛չ էլ արեցին։

13. Եզեկիա թագավորի տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ թագավորը հարձակվեց Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքների վրա և վերցրեց դրանք։

14. Հուդայի Եզեկիա թագավորը մարդ ուղարկեց Լաքիս՝ Ասորեստանի թագավորի մոտ՝ ասելով. «Մեղք եմ գործել, ե՛տ դարձիր ինձնից. ինչ որ դնես ինձ վրա, կհատուցեմ»։ Ասորեստանի թագավորը Հուդայի Եզեկիա թագավորի վրա երեք հարյուր տաղանդ արծաթ և երեսուն տաղանդ ոսկի հարկ դրեց։

15. Եզեկիան տվեց այն ամբողջ արծաթը, որ գտնվեց Տիրոջ տանը և թագավորի տան գանձերի մեջ։

16. Այն ժամանակ Եզեկիան հանեց Տիրոջ տաճարի դռների և դրանդիների ոսկին, ինքը՝ Հուդայի Եզեկիա թագավորն էր դրանք ոսկեպատել, և տվեց Ասորեստանի թագավորին։

17. Եվ Ասորեստանի թագավորը Տարաթանին, Ռաբսարիսին և Ռաբսակին մեծ զորքով Լաքիսից ուղարկեց Երուսաղեմի դեմ՝ Եզեկիա թագավորի մոտ. նրանք էլ ելան եկան Երուսաղեմ և հասնելով այնտեղ՝ կանգնեցին Թափիչի ագարակի ճանապարհին գտնվող վերին ավազանի ջրմուղի վրա։

18. Եվ կանչեցին թագավորին. և նրանց մոտ եկան Քեղկեայի որդի Եղիակիմը՝ պալատի հազարապետը, Սեբնա ատենադպիրը և դիվանադպիր Ասափի որդի Հովաքը։

19. Եվ Ռաբսակը նրանց ասաց. «Եզեկիային ասացե՛ք. “Այսպես է ասում մեծ թագավորը՝ Ասորեստանի թագավորը.

20. Դու միայն դատարկ խոսքեր էիր ասում.

21. Ահա հիմա դու ապավինել ես ջախջախված այդ եղեգի ցուպին՝ Եգիպտոսին, որի վրա եթե մարդը հենվի, ձեռքը կմտնի և կծակի նրան. այսպիսին է Եգիպտոսի թագավորը՝ փարավոնը, բոլոր նրանց համար, ովքեր ապավինում են իրեն”։

22. Բայց եթե ինձ ասեք, թե՝ “Մենք ապավինել ենք մեր Տեր Աստծուն”, մի՞թե դա նա չէ, որի Բարձր տեղերը և զոհասեղանները Եզեկիան վերցրեց և Հուդային ու Երուսաղեմին ասաց. “Միայն այս սեղանի առջև՝ Երուսաղեմո՛ւմ, երկրպագեք”։

23. Արդ, ուրեմն դաշի՛նք կնքիր իմ տիրոջ՝ Ասորեստանի թագավորի հետ, և ես քեզ երկու հազար ձի կտամ, եթե կարող ես այդքան հեծյալներ դնել նրանց վրա.

24. հապա էլ ինչպե՞ս կարող ես կանգնել իմ տիրոջ փոքր ծառաներից մի կուսակալի դեմ, երբ դու կառքերի ու ձիերի համար ապավինում ես Եգիպտոսին։

25. Եվ հիմա արդյոք ես առանց Տիրոջ կամքի՞ եմ եկել այս երկրի վրա, որ այն ավերեմ։ Տերն ինձ ասաց. “Գնա՛ այդ երկրի վրա և ավերի՛ր այն”»։

26. Եվ Քեղկեայի որդի Եղիակիմը, Սեբնան ու Հովաքն ասացին Ռաբսակին. «Խնդրում ենք, ծառաներիդ հետ ասորերե՛ն խոսիր, որովհետև մենք հասկանում ենք, և մեզ հետ եբրայերեն մի՛ խոսիր, որովհետև պարսպի վրա կանգնած ժողովուրդը հասկանում է»։

27. Բայց Ռաբսակն ասաց նրանց. «Մի՞թե իմ տերն ինձ ուղարկել է քո տիրոջ և քեզ մոտ՝ այս խոսքերն ասելու համար. չէ՞ որ նաև այս մարդկանց համար, որոնք նստած են պարսպի վրա և որոնք ձեզ հետ պիտի ուտեն իրենց կղանքն ու խմեն իրենց մեզը»։

28. Եվ Ռաբսակը կանգնեց ու բարձր ձայնով եբրայերեն կանչեց և խոսեց՝ ասելով. «Լսե՛ք մեծ թագավորի՝ Ասորեստանի թագավորի խոսքը.

29. թագավորն այսպես է ասում. “Եզեկիան թող ձեզ չխաբի, որովհետև նա չի կարող ձեզ ազատել նրա ձեռքից,

30. և թող Եզեկիան ձեզ չհուսադրի Տիրոջով՝ ասելով.

31. Մի՛ լսեք Եզեկիային, որովհետև Ասորեստանի թագավորն այսպես է ասում. “Ինձ հետ հաշտությո՛ւն կնքեք և դո՛ւրս եկեք ինձ մոտ, որպեսզի ամեն մարդ իր որթից, և ամեն մարդ իր թզենուց ուտի, և ամեն մարդ խմի իր ջրհորի ջրից,

32. մինչև որ ես գամ և ձեզ տանեմ ձեր երկրի պես մի երկիր, ցորենի և գինու երկիր, հացի և այգիների երկիր, յուղ տվող ձիթենիների և մեղրի երկիր, որ ապրեք ու չմեռնեք։ Եվ մի՛ լսեք Եզեկիային, որովհետև ձեզ խաբում է՝ ասելով, թե՝

33. Մի՞թե մյուս ազգերի աստվածները փրկեցին ամեն մեկն իր երկիրը Ասորեստանի թագավորի ձեռքից։

34. Ո՞ւր էին Եմաթի և Արփադի աստվածները, ո՞ւր էին Սեփարուիմի, Անայի և Ավայի աստվածները. մի՞թե Սամարիան ազատեցին իմ ձեռքից։

35. Այդ երկրների բոլոր աստվածներից ո՞րը իրենց երկիրն ազատեց իմ ձեռքից, որ Տերն էլ Երուսաղեմն ազատեր իմ ձեռքից”»։

36. Ժողովուրդը լռեց, և նրան ոչ մի պատասխան չտվեցին, որովհետև թագավորը հրաման էր տվել՝ ասելով. «Նրան չպատասխանեք»։

37. Եվ Քեղկեայի որդի Եղիակիմը՝ պալատի հազարապետը, Սեբնա ատենադպիրը և Ասափի որդի Հովաքը՝ դիվանադպիրը, հանդերձները պատռելով, գնացին Եզեկիայի մոտ և Ռաբսակի խոսքերը հայտնեցին նրան։

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19

1. Երբ Եզեկիա թագավորը լսեց, պատռտեց իր հանդերձները, քուրձ հագավ և գնաց Տիրոջ տուն։

2. Եվ պալատի հազարապետ Եղիակիմին, ատենադպիր Սեբնային և քահանաների ծերերին, քրձեր հագած, ուղարկեց Ամովսի որդի Եսայիա մարգարեի մոտ։

3. Եվ նրանք ասացին նրան. «Այսպես է ասում Եզեկիան. “Նեղության և կշտամբանքի ու նախատինքի օր է այս օրը, որովհետև երեխաները հասել են մայրերից ծնվելու կետին, բայց ծնելու ուժ չկա։

4. Թերևս քո Տեր Աստվածը լսի Ռաբսակի բոլոր խոսքերը, որին ուղարկել է իր տերը՝ Ասորեստանի թագավորը՝ նախատելու կենդանի Աստծուն, և թող քո Տեր Աստվածը հանդիմանի նրան այնպիսի խոսքերի համար, որ ինքը լսել է. ուրեմն դու աղոթի՛ր դեռ կենդանի մնացածների համար”»։

5. Եվ Եզեկիա թագավորի ծառաները եկան Եսայիայի մոտ։

6. Եսայիան ասաց նրանց. «Այսպե՛ս ասեք ձեր տիրոջը. Տերն այսպես է ասում. “Մի՛ վախեցիր այն խոսքերից, որ լսեցիր, որոնցով ինձ հայհոյեցին Ասորեստանի թագավորի ծառաները։

7. Ահա ես մի ոգի պիտի ուղարկեմ նրա վրա, և նա պիտի մի լուր լսի և վերադառնա իր երկիրն ու սրով ընկնի իր երկրում”»։

8. Ռաբսակը վերադարձավ և Ասորեստանի թագավորին գտավ Լեբնայի դեմ պատերազմելիս, քանի որ լսել էր, թե Լաքիսից հեռացել է։

9. Ասորեստանի թագավորը լսել էր, որ եթովպացիների թագավոր Թարակայի մասին ասել էին. «Ահա գալիս է քո դեմ պատերազմելու»։ Նա դարձյալ դեսպաններ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով.

10. «Այսպե՛ս ասեք Եզեկիային՝ Հուդայի թագավորին. “Թող քեզ չխաբի քո Աստվածը, որին ապավինել ես դու՝ ասելով.

11. Ահա դու լսեցիր, թե ինչ են արել Ասորեստանի թագավորները բոլոր երկրներին, ինչպես են նրանց բնաջնջել, և դու պիտի ազատվե՞ս։

12. Մի՞թե այն ազգերի աստվածները, որոնց կործանեցին իմ հայրերը, ազատեցի՞ն նրանց՝ Գովզանի, Խառանի, Ռեսեփի և Թելասարում եղած Եդեմի որդիներին։

13. Ո՞ւր է Եմաթի թագավորը, Արփադի թագավորը, Սեփարուիմ քաղաքի, Անայի և Ավայի թագավորը”»։

14. Եզեկիան դեսպանների ձեռքից վերցրեց նամակները և կարդաց դրանք, ապա վեր կացավ գնաց Տիրոջ տուն, և Եզեկիան դրանք տարածեց Տիրոջ առաջ։

15. Եզեկիան աղոթեց Տիրոջ առաջ և ասաց. «Ո՛վ Տեր Աստված Իսրայելի, որ նստած ես քերովբեների վրա, երկրի բոլոր թագավորությունների համար միայն դու ես Աստված, դու ես ստեղծել երկինքն ու երկիրը։

16. Ո՛վ Տեր, խոնարհի՛ր քո ականջը և լսի՛ր, ո՛վ Տեր, բա՛ց քո աչքերը և տե՛ս, լսի՛ր Սենեքերիմի խոսքերը, որ ուղարկեց կենդանի Աստծուն նախատելու։

17. Արդարև, ո՛վ Տեր, Ասորեստանի թագավորներն ազգեր են կործանել և ավերել նրանց երկրները.

18. կրակի են մատնել նրանց աստվածներին, որովհետև նրանք աստվածներ չէին, այլ մարդու ձեռքի գործ էին՝ փայտ ու քար. դրա համար էլ ոչնչացրին նրանց։

19. Բայց հիմա, ո՛վ Տեր մեր Աստված, ազատի՛ր մեզ նրա ձեռքից. թող երկրի բոլոր թագավորություններն իմանան, որ դու՝ Տերդ ես միայն Աստված»։

20. Եվ Ամովսի որդի Եսայիան մարդ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Այն, որ աղաչեցիր ինձ Ասորեստանի Սենեքերիմ թագավորի մասին, լսեցի”»։

21. Այն խոսքը, որ Տերն ասել է նրա մասին, այս է.«Քեզ անարգեց, քեզ ծաղրեց Սիոնի կույս աղջիկը.Քո ետևից գլուխը շարժեց Երուսաղեմի աղջիկը։

22. Ո՞ւմ նախատեցիր և հայհոյեցիրԵվ ո՞ւմ վրա ձայնդ բարձրացրիրԵվ աչքերդ վեր հառեցիր.Իսրայելի Սրբի վրա։

23. Քո դեսպանների միջոցով նախատեցիր Տիրոջը և ասացիր.“Իմ կառքերի շատությամբ սարերի բարձրության վրա ելա՝Լիբանանի հեռու կողմերը.Եվ ես կտրեցի նրա բարձր եղևնիներըԵվ նրա ընտիր մայրիները.Եվ մտա նրա ամենահեռավոր օթևանըԵվ նրա պտղատու ծառերի* անտառը։

24. Եվ ես փորեցի և օտար ջրերը խմեցիԵվ իմ ոտքերի թաթերով չորացրիԵգիպտոսի բոլոր գետերը”։

25. Մի՞թե դու չես լսել, որ ես եմ վաղուց արել այդԵվ նախանշել դա հին օրերիցԵվ բերել հիմա,Որ ավերակների հողակույտեր դարձնես պարսպապատ քաղաքները։

26. Եվ կարճ է նրանց բնակիչների ձեռքը,Ուստի զարհուրեցին և ամաչեցինԵվ դաշտի խոտի պես եղան,Եվ կանաչ բանջարի,Տանիքի խոտի պեսԵվ հասկ հանելուց առաջ՝ խորշակահար եղած արտի պես։

27. Բայց ես գիտեմ քո բնակությունը, քո ելքն ու քո մուտքըԵվ քո բարկությունն իմ դեմ։

28. Քո՝ իմ դեմ ունեցած բարկության համարԵվ քո հոխորտանքի համար, որ հասել է իմ ականջին,Ահա ես էլ իմ կարթը դնում եմ քո քթինԵվ իմ սանձը՝ քո բերանինԵվ քեզ ետ եմ դարձնում քո եկած ճանապարհով։

29. Եվ սա նշան կլինի քեզ համար.Կերե՛ք այս տարի ինքնիրեն բուսածըԵվ երկրորդ տարին՝ թափված հատիկներից բուսածը,Իսկ երրորդ տարին ցանե՛ք և հնձե՛քԵվ այգինե՛ր տնկեք և կերե՛ք նրանց պտուղը։

30. Եվ Հուդայի տան ազատված մնացորդըՊիտի կրկին արմատ արձակի դեպի վարԵվ պտուղ տա վերևում,

31. Որովհետև մնացորդը պիտի դուրս գա Երուսաղեմից,Եվ վերապրողները՝ Սիոնի սարից.Եվ սա Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունն է անելու։

32. Դրա համար էլ այսպես է ասում Տերը Ասորեստանի թագավորի մասին.“Նա չի մտնելու այս քաղաքըԵվ ոչ մի նետ չի գցելու այնտեղ,Եվ վահանով չի գալու նրա առջևԵվ պատնեշ չի կանգնեցնելու նրա դեմ։

33. Իր եկած ճանապարհով պիտի ետ դառնաԵվ չի մտնելու այս քաղաքի մեջ”.Ասում է Տերը.

34. “Ես պիտի պաշտպանեմ այս քաղաքը, որ ազատեմ այնԵ՛վ ինձ համար, և՛ իմ ծառա Դավթի համար”»։

35. Եվ այնպես եղավ, որ այդ գիշեր Տիրոջ հրեշտակը եկավ և Ասորեստանի բանակից հարյուր ութսունհինգ հազար մարդ սպանեց։ Եվ երբ առավոտը վեր կացան, բոլորը մեռած դիակներ էին։

36. Եվ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը դարձյալ շարժվեց ու գնաց և նստեց Նինվեում։

37. Եվ երբ նա երկրպագում էր իր աստծուն Նեսրաքի տանը, նրա որդիները՝ Ադրամելեքը և Սարասարը, նրան սրով սպանեցին, և իրենք փախան Արարատի երկիրը։ Եվ նրա որդի Ասորդանը թագավոր դարձավ նրա փոխարեն։

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20

1. Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիվանդացավ։ Եվ Ամովսի որդի Եսայիա մարգարեն եկավ նրա մոտ ու նրան ասաց. «Այսպես է ասում Տերը. “Քո տան համար կարգադրի՛ր, որովհետև դու պիտի մեռնես և չես ապրելու”»։

2. Եվ նա իր երեսը դարձրեց դեպի պատը և աղոթեց Տիրոջը՝ ասելով.

3. «Աղաչում եմ, ո՛վ Տեր, հիշի՛ր հիմա, որ ես հավատարմությամբ և կատարյալ սրտով եմ գնացել քո առջև և արել եմ այն, ինչ հաճելի է եղել քեզ»։ Եվ Եզեկիան դառնապես լաց եղավ։

4. Եվ Եսայիան դեռ դուրս չէր եկել միջին գավիթից, երբ նրան հասավ Տիրոջ խոսքը՝ ասելով.

5. «Ե՛տ դարձիր, իմ ժողովրդի իշխան Եզեկիային ասա՛. “Այսպես է ասում Տերը՝ քո հայր Դավթի Աստվածը.

6. Ես քո օրերի վրա տասնհինգ տարի պիտի ավելացնեմ և քեզ ու այս քաղաքն ազատեմ Ասորեստանի թագավորի ձեռքից և պաշտպանեմ այս քաղաքն ինձ համար և իմ ծառա Դավթի համար

7. Եվ Եսայիան ասաց. «Չորացրած թո՛ւզ բերեք»։ Վերցրին ու դրեցին վերքի վրա, և նա առողջացավ։

8. Եզեկիան ասաց Եսայիային. «Ի՞նչն է լինելու այն նշանը, թե Տերը բժշկելու է ինձ, և ես երրորդ օրը գնալու եմ Տիրոջ տուն»։

9. Եսայիան ասաց. «Սա քեզ համար նշան լինի Տիրոջից, որ Տերը պիտի անի իր ասած խոսքը. “Ստվերը տասը աստիճան առաջ գնա՞, թե՞ տասը աստիճան ետ դառնա”»։

10. Եզեկիան ասաց. «Թեթև է ստվերի համար տասը աստիճան առաջ գնալը. թող ստվերը տասը աստիճան ետ դառնա»։

11. Եսայիա մարգարեն Տիրոջը կանչեց, և ստվերը տասը աստիճան ետ դարձրեց այն աստիճաններից, որ իջել էր Աքազի աստիճաններով։

12. Այդ ժամանակ Բաղադանի որդի Մարովդաք-Բաղադանը՝ Բաբելոնի թագավորը, նամակներ և ընծա ուղարկեց Եզեկիային, որովհետև լսել էր, թե Եզեկիան հիվանդացել է։

13. Եզեկիան լսեց նրանց և նրանց ցույց տվեց իր թանկարժեք իրերի տունը, արծաթը, ոսկին, խունկերը և պատվական յուղը, իր զենքերի ամբողջ տունը, այն ամենը, ինչ գտնվում էր իր գանձարաններում։ Չկար մի բան, որ լիներ իր տանը և իր ամբողջ թագավորության մեջ, և Եզեկիան նրանց ցույց տված չլիներ։

14. Եսայիա մարգարեն եկավ Եզեկիա թագավորի մոտ և ասաց նրան. «Ի՞նչ ասացին այդ մարդիկ և որտեղի՞ց են եկել քեզ մոտ»։ Եվ Եզեկիան ասաց. «Հեռու երկրից են եկել՝ Բաբելոնից»։

15. Եվ ասաց. «Ի՞նչ են տեսել քո տանը»։ Եզեկիան ասաց. «Ամեն ինչ, որ կա իմ տանը, տեսել են, իմ գանձարաններում չկա մի բան, որ ես նրանց ցույց տված չլինեմ»։

16. Եսայիան ասաց Եզեկիային. «Լսի՛ր Տիրոջ խոսքը.

17. “Ահա գալու են օրեր, և քո տանը ինչ որ կա, և ինչ որ էլ հավաքել են քո հայրերը մինչև այսօր, ամեն ինչ պիտի տարվի Բաբելոն, ոչ մի բան չպիտի մնա,- ասում է Տերը։-

18. Եվ քո որդիներից ոմանց, որոնք քոնն են և ծնվելու են քեզնից, պիտի վերցնեն, և նրանք ներքինիներ պիտի լինեն Բաբելոնի թագավորի պալատում”»։

19. Եզեկիան ասաց Եսայիային. «Բարի է Տիրոջ խոսքը, որ դու ասացիր»։ Նա շարունակեց. «Չէ՞ որ խաղաղություն և ապահովություն պիտի լինի իմ օրերին»։

20. Եվ Եզեկիայի մնացած գործերի, նրա ամբողջ քաջագործության, նրա շինած ավազանի ու ջրմուղի մասին և ջուրը քաղաք բերելու մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

21. Եզեկիան ննջեց իր հայրերի հետ, և նրա որդի Մանասեն թագավոր դարձավ նրա փոխարեն։

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21

1. Մանասեն տասներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և հիսունհինգ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Էփսիբա։

2. Նա չարիք գործեց Տիրոջ առաջ այն ազգերի գարշությունների նման, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։

3. Նա կրկին շինեց այն Բարձր տեղերը, որոնք քանդել էր իր հայր Եզեկիան, զոհասեղաններ կանգնեցրեց Բահաղի համար և Աստարովթ շինեց, ինչպես շինել էր Իսրայելի Աքաաբ թագավորը, և երկրպագեց երկնքի բոլոր զորություններին ու պաշտեց նրանց։

4. Տիրոջ տանը սեղաններ շինեց, որի մասին Տերն ասել էր. «Երուսաղեմում պիտի դնեմ իմ անունը»։

5. Տիրոջ տան երկու գավիթներում զոհասեղաններ շինեց երկնքի բոլոր զորությունների համար։

6. Եվ իր որդուն այրեց կրակով. գուշակություն և հմայություն էր անում, վհուկներ ու նշանագետներ էր պահում. նա շատ չարիքներ գործեց Տիրոջ առաջ, որ բարկացնի նրան։

7. Եվ իր շինած Աստարովթի կուռքը դրեց այն տանը, որի համար Տերն ասել էր Դավթին և նրա որդի Սողոմոնին. «Իմ անունը հավիտյան պիտի դնեմ այս տանը և Երուսաղեմում, որը ես ընտրել եմ Իսրայելի բոլոր ցեղերից։

8. Եվ Իսրայելի ոտքն այլևս չպիտի շարժեմ այդ երկրից, որ տվել եմ իրենց հայրերին, միայն թե զգուշությամբ կատարեն իրենց տված իմ բոլոր պատվիրանները և այն բոլոր օրենքները, որ իմ ծառան՝ Մովսեսը, պատվիրել է իրենց»։

9. Բայց նրանք չլսեցին, և Մանասեն մոլորեցրեց նրանց, և նրանք ավելի չարիքներ գործեցին, քան այն ազգերը, որոնց Տերը քշել էր Իսրայելի առջևից։

10. Եվ Տերը խոսեց իր ծառաների՝ մարգարեների միջոցով՝ ասելով.

11. «Որովհետև Հուդայի Մանասե թագավորն արել է այդ գարշությունները և իրենից առաջ եղած ամորհացիների բոլոր արածներից ավելի չարիքներ է գործել և Հուդային էլ մեղանչել է տվել իր կուռքերով,

12. դրա համար էլ այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ահա ես այնպիսի չարիք կբերեմ Երուսաղեմի և Հուդայի վրա, որ ամեն ոք, ով լսի այն, նրա երկու ականջները սկսեն զնգալ։

13. Երուսաղեմի վրա կձգեմ Սամարիայի լարը և Աքաաբի տան խորաչափ կապարը և Երուսաղեմը կսրբեմ, ինչպես ամանն են սրբում, սրբում են ու շրջում երեսի վրա։

14. Եվ կլքեմ իմ ժառանգորդության մնացորդին ու նրանց կտամ իրենց թշնամիների ձեռքը, և նրանք ավար ու հափշտակություն կլինեն իրենց բոլոր թշնամիների համար,

15. որովհետև չարիք գործեցին իմ առաջ և այն օրից, երբ իրենց հայրերը դուրս եկան Եգիպտոսից, մինչև այսօր բարկացրին ինձ”»։

16. Նաև անմեղ արյուն թափեց Մանասեն, այնքան շատ, որ ծայրեծայր լցրեց Երուսաղեմը, բացի իր այն մեղքից, որով մեղանչել տվեց Հուդային՝ Տիրոջ առաջ չարություն գործելով։

17. Մանասեի մնացած գործերի, նրա բոլոր արածների և նրա գործած մեղքի մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

18. Մանասեն ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր տան պարտեզում՝ Ոզայի պարտեզում, և նրա որդի Ամոնը թագավոր դարձավ նրա փոխարեն։

19. Ամոնը քսաներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երկու տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունը Մեսողոմիթ էր՝ ետեբացի Արուսի դուստրը։

20. Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպես արել էր իր հայրը՝ Մանասեն։

21. Նա գնաց այն ամբողջ ճանապարհով, որով գնացել էր իր հայրը, և ծառայեց այն կուռքերին, որոնց պաշտել էր իր հայրը, և երկրպագեց նրանց։

22. Եվ թողեց իր հայրերի Տեր Աստծուն ու չգնաց Տիրոջ ճանապարհով։

23. Եվ Ամոնի ծառաները դավադրություն արեցին նրա դեմ և թագավորին սպանեցին իր տանը։

24. Բայց երկրի ժողովուրդը ջարդեց Ամոն թագավորին բոլոր դավաճանողներին և երկրի ժողովուրդը նրա որդի Հովսիային թագավոր դարձրեց նրա փոխարեն։

25. Եվ Ամոնի մնացած գործերի մասին, որ արել է նա, գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

26. Նրան թաղեցին իր գերեզմանում՝ Ոզայի պարտեզում, և նրա որդի Հովսիան թագավոր դարձավ նրա փոխարեն։

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22

1. Հովսիան ութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեսունմեկ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Հեդիդա՝ բազկադացի Ադայիայի դուստրը։

2. Նա ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ և գնաց իր հայր Դավթի բոլոր ճանապարհներով և աջ կամ ձախ չխոտորվեց։

3. Հովսիա թագավորի տասնութերորդ տարում թագավորը Մեսուղամի որդի Եսելիայի որդուն՝ Սափան դպիրին, ուղարկեց Տիրոջ տուն՝ ասելով.

4. «Գնա՛ Քեղկիա քահանայապետի մոտ, և թող նա Տիրոջ տան համար բերված արծաթը հաշվի, որը դռան պահապանները հավաքել են ժողովրդից,

5. հանձնեն Տիրոջ տան վրա նշանակված գործավորների ձեռքը, որպեսզի տան Տիրոջ տանը գործ անողներին՝ տան վնասված տեղերը նորոգելու համար.

6. հյուսներին, շինարարներին և որմնադիրներին, նաև փայտ ու տաշած քարեր առնեն տունը նորոգելու համար։

7. Բայց հաշիվ չպահանջեն նրանց ձեռքը տրված արծաթի համար, որովհետև նրանք աշխատում են հավատարմությամբ»։

8. Քեղկիա քահանայապետն ասաց Սափան դպիրին. «Օրենքի մի գիրք եմ գտել Տիրոջ տանը»։ Քեղկիան այն գիրքը տվեց Սափանին, և նա կարդաց այն։

9. Սափան դպիրը եկավ թագավորի մոտ, պատասխան բերեց թագավորի համար և ասաց. «Քո ծառաները հանեցին տանը գտնված արծաթը և տվեցին Տիրոջ տան համար նշանակված գործավորների ձեռքը»։

10. Սափան դպիրը պատմեց թագավորին՝ ասելով. «Քեղկիա քահանան ինձ մի գիրք է տվել», և Սափանն այն կարդաց թագավորի առաջ։

11. Երբ թագավորը լսեց օրենքի գրքի խոսքերը, պատռեց իր հանդերձները։

12. Եվ թագավորը հրամայեց Քեղկիա քահանային և Սափանի որդի Աքիկամին, Միքայի որդի Աքոբորին, Սափան դպիրին և թագավորի ծառա Ասայիային՝ ասելով.

13. «Գնացեք հարցրե՛ք Տիրոջն ինձ համար, ժողովրդի համար և ամբողջ Հուդայի համար այս գտնված գրքի խոսքերի համաձայն, որովհետև մեծ է Տիրոջ բարկությունը, որ բորբոքվել է մեզ վրա նրա համար, որ մեր հայրերը չեն հնազանդվել այս գրքի խոսքերին, որ կատարեն մեր մասին բոլոր գրվածները»։

14. Քեղկիա քահանան, Աքիկամն ու Աքոբորը, Սափանն ու Ասայիան գնացին Արասի որդի Թեկվայի որդու՝ Սեղղում հանդերձապետի կնոջ՝ Ողդա մարգարեուհու մոտ, որ բնակվում էր Երուսաղեմում՝ Մասենայի* մեջ, և խոսեցին նրա հետ։

15. Նա էլ ասաց նրանց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ասացե՛ք այն մարդուն, որը ձեզ ուղարկել է ինձ մոտ.

16. այսպես է ասում Տերը.

17. նրա համար, որ ինձ թողել են և խունկ ծխել ուրիշ աստվածների՝ իրենց ձեռքերի բոլոր գործերով ինձ բարկացնելու համար, և իմ բարկությունը պիտի բորբոքվի այս տեղի վրա և չպիտի հանգչի

18. Իսկ Հուդայի թագավորին, որը ձեզ ուղարկել է Տիրոջը հարցնելու համար, այսպե՛ս ասեք նրան. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը այն խոսքերի համար, որ լսել ես.

19. “Որովհետև քո սիրտը փափկեց, և դու խոնարհվեցիր Տիրոջ առաջ՝ լսելով այն խոսքերը, որ ես ասել եմ այս տեղի դեմ և նրա բնակիչների դեմ, թե ավերում և անեծք պիտի լինի, և պատռեցիր քո հանդերձներն ու լաց եղար իմ առաջ, ես էլ քեզ լսեցի,- ասում է Տերը։-

20. Դրա համար ահա ես քեզ կտանեմ քո հայրերի մոտ, և դու խաղաղությամբ կդրվես քո գերեզմանի մեջ, և քո աչքերը չեն տեսնի այն բոլոր չարիքները, որ ես բերելու եմ այս երկրի վրա”»։ Եվ նրանք պատասխանը տարան թագավորին։

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23

1. Թագավորը մարդիկ ուղարկեց, և Հուդայի և Երուսաղեմի բոլոր ծերերին հավաքեցին նրա մոտ։

2. Թագավորն ու նրա հետ Հուդայի ու Երուսաղեմի բոլոր բնակիչները, քահանաները, մարգարեները և ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծը, գնացին Տիրոջ տուն, և նրանց առջև կարդաց Տիրոջ տան մեջ գտնված ուխտի գրքի բոլոր խոսքերը։

3. Թագավորը կանգնել էր սյան մոտ և Տիրոջ առաջ ուխտ արեց հետևել Տիրոջը և ամբողջ սրտով ու ամբողջ հոգով պահել նրա պատվիրանները, վկայություններն ու կանոնները՝ կատարելու համար ուխտի այն խոսքերը, որ գրված էին այդ գրքում. և ամբողջ ժողովուրդը մտավ ուխտի մեջ։

4. Թագավորը հրամայեց Քեղկիա քահանայապետին, երկրորդ քահանաներին և դռան պահապաններին, որ Տիրոջ տաճարից դուրս հանեն Բահաղի ու Աստարովթի համար և երկնքի բոլոր զորությունների համար շինված բոլոր իրերը, և դրանք այրեց Երուսաղեմից դուրս՝ Կեդրոնի դաշտավայրում, ու նրանց մոխիրը տարավ Բեթել։

5. Եվ հեռացրեց այն քրմերին, որոնց դրել էին Հուդայի թագավորները, և որոնք խունկ էին ծխում Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմի շուրջը եղած Բարձր տեղերում, և որոնք խունկ էին ծխում Բահաղին, արեգակին և լուսնին, համաստեղություններին և երկնքի բոլոր զորություններին։

6. Եվ Տիրոջ տանից հանեց Աստարովթը, տարավ Երուսաղեմից դուրս՝ Կեդրոնի հեղեղատի մոտ, և այրեց այն Կեդրոնի հեղեղատի մոտ, փշրեց, փոշի դարձրեց և նրա փոշին ցանեց ժողովրդի որդիների գերեզմանների վրա։

7. Եվ քանդեց իգացողների տները, որոնք գտնվում էին Տիրոջ տան մեջ, որտեղ կանայք ծածկոցներ էին գործում Աստարովթի համար։

8. Եվ Հուդայի քաղաքներից հանեց բոլոր քահանաներին, Երուսաղեմ բերեց և պղծեց Բարձր տեղերը, որտեղ քահանաները խունկ էին ծխում՝ Գաբայից մինչև Բերսաբեե, և քանդեց քաղաքների Բարձր տեղերը, որոնք քաղաքի իշխան Հեսուի դռան մուտքի մոտ էին, որը գտնվում էր քաղաքի դռան աջ կողմը։

9. Սակայն Բարձր տեղերի քահանաները չէին գնում Երուսաղեմում գտնվող Տիրոջ սեղանի մոտ, բայց բաղարջը ուտում էին իրենց եղբայրների հետ։

10. Եվ նա պղծեց Տոփեթը, որը գտնվում էր Ենովմի որդու ձորում, որպեսզի ոչ ոք իր որդուն կամ աղջկան Մողոքի համար չայրի կրակով որպես ողջակեզ։

11. Եվ հեռացրեց այն ձիերը, որ Հուդայի թագավորները նվիրել էին արեգակին և դրել Տիրոջ տան մուտքի առջև՝ Նաթանմելեք ներքինու սենյակի մոտ, Փարուրիմում*, արեգակի կառքերն այրեց կրակով։

12. Եվ այն սեղանները, որոնք Աքազի վերնատան տանիքի վրա էին, և որոնք շինել էին Հուդայի թագավորները, և Մանասեի շինած զոհասեղանները, որոնք Տիրոջ տան երկու գավիթներում էին, քանդեց և այնտեղից ոչնչացրեց ու նրանց փոշին թափեց Կեդրոնի հեղեղատը։

13. Եվ այն Բարձր տեղերը, որոնք Երուսաղեմի դիմաց էին՝ Ապականության սարի աջ կողմում, և որոնք շինել էր Իսրայելի թագավոր Սողոմոնը սիդոնացիների գարշելի Աստարովթի համար, մովաբացիների գարշելի Քամովսի համար և Ամմոնի որդիների պիղծ Մեղքոմի համար, թագավորը պղծեց։

14. Արձանները փշրեց, աստարովթները կոտրատեց և նրանց տեղը մարդու ոսկորներ լցրեց։

15. Նաև այն սեղանը, որը Բեթելում էր, և այն բարձր տեղը, որը շինել էր Նաբատի որդի Հերոբովամը, որ մեղանչել էր տվել Իսրայելին, այդ զոհասեղանն ու Բարձր տեղն էլ քանդեց. և Բարձր տեղն այրեց, մանրեց ու փոշի դարձրեց. այրեց նաև Աստարովթը։

16. Հովսիան երեսը դարձրեց դեպի սարը, տեսավ այն գերեզմանները, որոնք այնտեղ՝ սարի վրա էին, մարդ ուղարկեց և գերեզմաններից հանեց ոսկորները, այրեց սեղանի վրա և պղծեց այն Տիրոջ այն խոսքի համաձայն, որ բարձրաձայն աղաղակելով ասել էր Աստծու մարդը։

17. Եվ թագավորն ասաց. «Այս ի՞նչ կոթող է, որ ես տեսնում եմ»։ Այն քաղաքի մարդիկ ասացին. «Դա Աստծու մարդու գերեզմանն է, որ եկավ Հուդայից և Բեթելի այս սեղանի մասին ասաց այն խոսքերը, որ դու արեցիր»։

18. Թագավորն ասաց. «Հանգի՛ստ թողեք դրան, ոչ ոք նրա ոսկորները չշարժի տեղից»։ Եվ նրա ոսկորները պահեցին Սամարիայից եկած մարգարեի ոսկորների հետ։

19. Հովսիան վերացրեց Սամարիայի քաղաքներում եղած այն Բարձր տեղերը, որոնք շինել էին Իսրայելի թագավորները՝ Տիրոջը բարկացնելով, և դրանց հետ էլ արեց այն ամենը, ինչ արել էր Բեթելում։

20. Եվ այնտեղի Բարձր տեղերի բոլոր քահանաներին մորթեց զոհասեղանների վրա և մարդու ոսկորներ այրեց նրանց վրա, հետո վերադարձավ Երուսաղեմ։

21. Թագավորն ամբողջ ժողովրդին հրամայեց՝ ասելով. «Զատի՛կ կատարեք ձեր Տեր Աստծու համար, ինչպես գրված է այս ուխտի գրքում»։

22. Որովհետև այդպիսի զատիկ չէր կատարվել Իսրայելը կառավարող դատավորների օրերից ի վեր և Իսրայելի թագավորների և Հուդայի թագավորների օրոք։

23. Բայց Հովսիա թագավորի տասնութերորդ տարում այս զատիկը Տիրոջ համար կատարվեց Երուսաղեմում։

24. Հովսիան վերացրեց նաև վհուկներին ու նշանագետներին, թերափիմներն ու կուռքերը և բոլոր այն գարշությունները, որ երևացել էին Հուդայի երկրում և Երուսաղեմում՝ հաստատելու համար այն գրքում գրված օրենքի խոսքերը, որը Քեղկիա քահանան գտել էր Տիրոջ տանը։

25. Եվ նրանից առաջ նրա պես մի թագավոր չէր եղել, որ ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ զորությամբ դարձած լիներ դեպի Տերը՝ Մովսեսի ամբողջ օրենքի համաձայն, և ոչ էլ նրանից հետո նրա նմանը եղավ։

26. Սակայն Տերը ետ չդարձավ բորբոքված իր մեծ բարկությունից, որը բորբոքվել էր Հուդայի դեմ՝ պատճառած այն բոլոր չարիքների համար, որոնցով Մանասեն բարկացրել էր նրան։

27. Եվ Տերն ասաց. «Հուդային էլ պիտի մերժեմ իմ երեսից, ինչպես որ մերժեցի Իսրայելին, և պիտի դեն գցեմ այս քաղաքը՝ իմ ընտրած Երուսաղեմը, և այս տունը, որի համար ասացի. “Իմ անունը պիտի լինի այնտեղ”»։

28. Հովսիայի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

29. Նրա օրերին էր, երբ Եգիպտոսի թագավորը՝ Նեքավով փարավոնը, Եփրատ գետի մոտ հարձակվեց Ասորեստանի վրա։ Հովսիա թագավորը նրան ընդառաջ գնաց, բայց նա հենց որ տեսավ Հովսիային, նրան սպանեց Մակեդդովում։

30. Նրա ծառաները նրա դիակը դրեցին կառքի մեջ և այն բերեցին Երուսաղեմ ու թաղեցին իր գերեզմանում։ Երկրի ժողովուրդը վերցրեց Հովսիայի որդի Հովաքազին, և նրան օծեցին ու թագավոր դրեցին իր հոր փոխարեն։

31. Հովաքազը քսաներեք տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Ամիտաղ՝ լեբնացի Երեմիայի դուստրը։

32. Նա Տիրոջ առաջ չարիք գործեց իր հայրերի բոլոր արածների պես։

33. Եվ Նեքավով փարավոնը նրան բանտարկեց Եմաթի երկրում՝ Ռեբզայի մեջ, որպեսզի չթագավորի Երուսաղեմում, և երկրի վրա տուգանք դրեց՝ հարյուր տաղանդ արծաթ և մեկ տաղանդ ոսկի։

34. Եվ Նեքավով փարավոնը Հովսիայի որդուն՝ Եղիակիմին, թագավոր դրեց իր հայր Հովսիայի փոխարեն և նրա անունը Հովակիմի փոխեց, իսկ Հովաքազին վերցրեց ու տարավ Եգիպտոս, և նա մեռավ այնտեղ։

35. Հովակիմը արծաթն ու ոսկին տվեց փարավոնին. բայց որպեսզի արծաթը տար փարավոնի պահանջածի պես, նա հարկ դրեց երկրի վրա. յուրաքանչյուր մարդուց, երկրի ժողովրդից պահանջեց իր դրած հարկի չափ արծաթն ու ոսկին, որպեսզի Նեքավով փարավոնին տա։

36. Հովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունը Զաբիդա էր՝ ռումացի Փադայիայի դուստրը։

37. Եվ նա Տիրոջ առաջ չարիք գործեց իր հայրերի բոլոր արածների պես։

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24

1. Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը նրա օրերին ելավ կռվի, և Հովակիմը երեք տարի եղավ նրա հպատակը, բայց հետո ապստամբեց նրա դեմ։

2. Եվ Տերը նրա վրա ուղարկեց քաղդեացիների գնդերը, ասորիների գնդերը, մովաբացիների գնդերն ու Ամմոնի որդիների գնդերը և նրանց ուղարկեց Հուդայի դեմ, որ կործանեն նրան Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր իր ծառաների՝ մարգարեների միջոցով։

3. Տիրոջ պատվերի համաձայն դա եղավ Հուդային, որպեսզի նրան մերժի իր առջևից Մանասեի մեղքերի համար, այն բոլորի համար, ինչն արել էր նա,

4. նաև որ անմեղ արյուն էր թափել և Երուսաղեմը լցրել անմեղ արյունով, ուստի Տերը չուզեց ներել։

5. Հովակիմի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

6. Հովակիմը ննջեց իր հայրերի հետ, և նրա որդի Հովաքինը թագավոր դարձավ նրա փոխարեն։

7. Եգիպտոսի թագավորն այլևս դուրս չեկավ իր երկրից, որովհետև Բաբելոնի թագավորը Եգիպտոսի հեղեղատից մինչև Եփրատ գետը վերցրել էր այն ամենը, ինչը Եգիպտոսի թագավորինն էր։

8. Տասնութ տարեկան էր Հովաքինը, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Նեհուսթա՝ երուսաղեմացի Եղնաթանի դուստրը։

9. Եվ նա Տիրոջ առաջ չարիք գործեց իր հոր բոլոր արածների պես։

10. Այդ ժամանակ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ծառաները ելան Երուսաղեմի դեմ, և քաղաքն ընկավ պաշարման մեջ։

11. Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը եկավ քաղաքի մոտ, երբ նրա ծառաները պաշարել էին այն։

12. Եվ Հուդայի Հովաքին թագավորն իր մոր և իր ծառաների, իշխանների ու ներքինիների հետ դուրս եկավ ու գնաց Բաբելոնի թագավորի մոտ, և Բաբելոնի թագավորը նրան բռնեց իր թագավորության ութերորդ տարում։

13. Եվ այնտեղից հանեց Տիրոջ տան բոլոր գանձերը և թագավորի տան գանձերը, կոտրատեց այն բոլոր ոսկի անոթները, որոնք Իսրայելի Սողոմոն թագավորը շինել էր Տիրոջ տաճարի համար, ինչպես որ ասել էր Տերը։

14. Եվ ամբողջ Երուսաղեմը, բոլոր իշխաններին ու բոլոր քաջարի մարդկանց՝ տասը հազար գերիների, և բոլոր հյուսներին ու դարբիններին քշեց տարավ, և ժողովրդի աղքատներից բացի ոչ ոք չմնաց։

15. Եվ Հովաքինին գերի տարավ Բաբելոն. թագավորի մորը, թագավորի կանանց, նրա ներքինիներին և երկրի բոլոր զորավոր մարդկանց Երուսաղեմից գերի տարավ Բաբելոն։

16. Եվ բոլոր զինվորներին՝ յոթ հազար հոգու, և հյուսներին ու դարբիններին՝ հազար հոգու, և բոլոր քաջերին ու պատերազմի մարտիկներին Բաբելոնի թագավորը գերի տարավ Բաբելոն։

17. Եվ Բաբելոնի թագավորը նրա հորեղբայր Մաթանիային թագավոր դրեց նրա փոխարեն և նրա անունը Սեդեկիայի փոխեց։

18. Քսանմեկ տարեկան էր Սեդեկիան, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Ամիտաղ՝ լեբնացի Երեմիայի դուստրը։

19. Նա Տիրոջ առաջ չարիք գործեց Հովակիմի ամբողջ արածի պես։

20. Որովհետև Տիրոջ բարկությունը Երուսաղեմի և Հուդայի դեմ էր, այնպես որ նրանց վտարեց իր առջևից։ Եվ Սեդեկիան ապստամբեց Բաբելոնի թագավորի դեմ։

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25

1. Նրա թագավորության իններորդ տարվա տասներորդ ամսի տասին Բաբելոնի թագավորը՝ Նաբուգոդոնոսորը, եկավ Երուսաղեմի դեմ, ինքը և իր ամբողջ զորքը, և բանակ դրեց Երուսաղեմի դիմաց ու պատնեշներ շինեց շուրջը։

2. Քաղաքը պաշարման մեջ էր մինչև Սեդեկիա թագավորի տասնմեկերորդ տարին։

3. Եվ չորրորդ ամսվա իննին, երբ սովը սաստկացել էր քաղաքում, և հաց չկար երկրի ժողովրդի համար,

4. քաղաքի պատնեշի մեջ մի խրամատ բացվեց, և բոլոր պատերազմողները գիշերը փախան երկու պարիսպների միջի դռան ճանապարհով, որը թագավորի պարտեզի մոտ էր. մինչդեռ քաղդեացիները շրջապատել էին քաղաքը։ Թագավորը գնաց Արաբայի* ճանապարհով։

5. Սակայն քաղդեացիների զորքերն ընկան թագավորի ետևից և Երիքովի դաշտերում հասան նրան, և նրա ամբողջ զորքը ցրվեց նրա մոտից։

6. Եվ թագավորին բռնեցին ու նրան տարան Ռեբղա՝ Բաբելոնի թագավորի մոտ, և նրա դատաստանն արեցին։

7. Եվ Սեդեկիայի որդիներին մորթեցին նրա աչքերի առաջ, Սեդեկիայի աչքերը կուրացրին և պղնձե շղթաներով կապեցին ու նրան տարան Բաբելոն։

8. Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսոր թագավորի տասնիններորդ տարվա հինգերորդ ամսի յոթին Բաբելոնի թագավորի ծառա Նաբուզարադան թիկնապահների պետը եկավ Երուսաղեմ.

9. այրեց Տիրոջ տունը և թագավորի տունը, Երուսաղեմի բոլոր տները և կրակի մատնեց ամեն մի մեծ տուն։

10. Քաղդեացիների բոլոր զորքերը, որոնք թիկնապահների պետի հետ էին, քանդեցին Երուսաղեմը շրջապատող պարիսպները։

11. Քաղաքում մնացած ժողովրդի մնացորդին և այն փախստականներին, որոնք անձնատուր էին եղել Բաբելոնի թագավորին, և մնացած բազմությանը Նաբուզարադան թիկնապահների պետը գերի տարավ։

12. Բայց թիկնապահների պետը երկրի աղքատներից մարդիկ թողեց, որ այգեգործներ և երկրագործներ լինեն։

13. Եվ քաղդեացիները կոտրատեցին Տիրոջ տանը եղած պղնձե սյուները, պատվանդանները և պղնձե ծովը, որը Տիրոջ տանն էր, և նրանց պղինձը տարան Բաբելոն։

14. Եվ վերցրին թաղարները, թիակներն ու պատրույգի մկրատները, խնկի տուփերը և պղնձե բոլոր անոթները, որոնցով պաշտամունք էին կատարում։

15. Եվ թիկնապահների պետը վերցրեց բուրվառներն ու կոնքերը. որը ոսկե էր՝ ոսկին, և որն արծաթ էր՝ արծաթը։

16. Այն երկու սյուները և մեկ ծովն ու պատվանդանները, որոնք շինել էր Սողոմոնը Տիրոջ տան համար. չափ ու կշիռ չկար այս բոլոր անոթների պղնձին։

17. Տասնութ կանգուն բարձր էր մեկ սյունը, և նրա վրա կար պղնձե մի խոյակ. երեք կանգուն էր խոյակի բարձրությունը, խոյակի վրա շուրջանակի ցանցաձև զարդեր և նռներ կային՝ բոլորն էլ պղնձե. մյուս սյունն էլ սրա նման ցանցաձև էր։

18. Թիկնապահների պետը վերցրեց քահանայապետ Սարայիային և նրա փոխանորդ Սոփոնիային ու երեք դռնապաններին,

19. քաղաքից վերցրեց մի ներքինու, որը պատերազմող մարդկանց վերակացու էր, և հինգ մարդ թագավորի խորհրդականներից, որոնք գտնվում էին քաղաքում, և զորքի գլխավոր դպրապետին, որը ժողովրդին զինվորագրողն էր, և երկրի ժողովրդից վաթսուն մարդու, որոնք գտնվում էին քաղաքում.

20. Նաբուզարադան թիկնապահների պետը վերցրեց նրանց և ուղարկեց Ռեբղա՝ Բաբելոնի թագավորի մոտ։

21. Բաբելոնի թագավորը զարկեց ու սպանեց նրանց Եմաթի երկրում՝ Ռեբղայում։ Եվ Հուդայի որդիները գերի գնացին իրենց երկրից։

22. Հուդայի երկրում մնացած այն ժողովրդի վրա, որին թողել էր Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը, իշխան նշանակեց Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային։

23. Եվ երբ զորքի բոլոր իշխաններն ու նրանց մարդիկ լսեցին, որ Բաբելոնի թագավորը Գոդողիային կառավարիչ է նշանակել, եկան Մասփա՝ Գոդողիայի մոտ, իրենք և իրենց մարդիկ. այսինքն՝ Նաթանիայի որդի Իսմայելը, Կարեի որդի Հոհանանը, Թանհումեթի որդի նետոփանեցի Սարայիան և Մաքաթիի որդի Հեզոնիան։

24. Գոդողիան երդվեց նրանց ու նրանց մարդկանց և ասաց նրանց. «Մի՛ վախեցեք քաղդեացիների ծառաներից, մնացե՛ք այս երկրում և ծառայե՛ք Բաբելոնի թագավորին, և ձեզ համար լավ կլինի»։

25. Եվ պատահեց, որ յոթերորդ ամսին թագավորազն Եղիսամայի որդի Նաթանիայի որդի Իսմայելը տասը մարդու հետ եկավ, և զարկեցին Գոդողիային. նա մեռավ. նմանապես և այն հրեաներին ու քաղդեացիներին, որոնք նրա հետ Մասփայում էին։

26. Ամբողջ ժողովուրդը՝ մեծից մինչև փոքրը, և զորքի իշխանները վեր կացան ու գնացին Եգիպտոս, որովհետև վախենում էին քաղդեացիներից։

27. Հուդայի թագավոր Հովաքինի գերության երեսունյոթերորդ տարվա տասներկուերորդ ամսի քսանյոթին Բաբելոնի Իլմարովդաք թագավորը իր թագավոր դառնալու առաջին տարին ողորմած գտնվեց Հուդայի թագավոր Հովաքինի հանդեպ և նրան հանեց բանտից։

28. Նրա հետ խոսեց քաղցրությամբ և նրա աթոռը Բաբելոնում իր հետ եղող բոլոր այն թագավորների աթոռից ավելի վեր դրեց։

29. Փոխեց նրա բանտային հագուստները, և նա իր կյանքի բոլոր օրերին միշտ նրա մոտ էր հաց ուտում։

30. Եվ նրա ռոճիկը, որ մշտական ռոճիկ էր, թագավորի կողմից ամեն օր տրվում էր նրան՝ նրա կյանքի բոլոր օրերին։