Ա
Ս
Տ
Ծ
Ո

Ժ
Ո
Ղ
Ո
Վ
Ո
Ւ
Ր
Դ
.
.
.

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

Աստվածաշունչ (online)

Ընտրել Գիրքը...

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրել Գլուխը...

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1

1. Սավուղի մեռնելուց հետո, երբ Դավիթը վերադարձավ ամաղեկացիներին ջարդելուց, երկու օր մնաց Սիկելակում։

2. Երրորդ օրը ահա Սավուղի բանակից մեկը եկավ՝ հագուստները պատառոտած ու գլխին հող, և երբ նա եկավ Դավթի մոտ, ընկավ գետին և երկրպագեց։

3. Դավիթը հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս»։ Եվ նա ասաց նրան. «Ես փախել եմ Իսրայելի բանակից»։

4. Եվ Դավիթն ասաց նրան. «Ի՞նչ է պատահել, պատմի՛ր ինձ»։ Եվ նա ասաց. «Զորքը փախավ պատերազմի դաշտից, և զորքից շատ մարդիկ ընկան ու մեռան. նաև Սավուղն ու նրա որդի Հովնաթանը մեռան»։

5. Եվ Դավիթն իրեն լուր բերող պատանուն հարցրեց. «Ինչպե՞ս իմացար, թե Սավուղն ու նրա որդի Հովնաթանը մեռան»։

6. Եվ նրան լուր բերող պատանին ասաց. «Ես պատահմամբ գտնվում էի Գեղբուե սարի վրա, և ահա Սավուղը կռթնած էր իր նիզակին, և կառքերն ու ձիավորներն էլ հասնում էին նրան։

7. Այդ ժամանակ նա ետ նայեց, տեսավ ինձ և ինձ կանչեց, ես էլ ասացի. “Ահա ես”։

8. Եվ նա ինձ ասաց. “Ո՞վ ես դու”։ Ես էլ նրան ասացի. “Ամաղեկացի եմ”։

9. Եվ նա ինձ ասաց. “Աղաչում եմ, կանգնի՛ր ինձ վրա և մեռցրո՛ւ ինձ, որովհետև մահվան տագնապը պատել է ինձ, բայց հոգիս դեռ վրաս է”։

10. Ես կանգնեցի նրա վրա ու մեռցրի նրան, քանի որ հասկացա, որ նա իր ընկնելուց հետո չէր ապրելու։ Նրա գլխից վերցրի թագը և նրա բազկից՝ ապարանջանն ու դրանք բերի այստեղ՝ իմ տիրոջ համար»։

11. Այդ ժամանակ Դավիթը բռնեց իր հագուստները և պատառոտեց դրանք, նույնպես էլ արեցին նրա հետ եղած բոլոր մարդիկ։

12. Եվ նրանք սգացին ու լաց եղան և մինչև իրիկուն ծոմ պահեցին Սավուղի համար և նրա որդի Հովնաթանի համար, Տիրոջ ժողովրդի համար և Իսրայելի տան համար, որ նրանք ընկել էին սրով։

13. Եվ Դավիթն իրեն լուր բերող պատանուն ասաց. «Որտեղացի՞ ես դու»։ Եվ նա ասաց. «Ես մի պանդուխտ ամաղեկացու որդի եմ»։

14. Եվ Դավիթը նրան ասաց. «Ինչպե՞ս չվախեցար, որ ձեռքդ բարձրացրիր ու սպանեցիր Տիրոջ օծյալին»։

15. Եվ Դավիթը կանչեց երիտասարդներից մեկին ու ասաց. «Մոտեցի՛ր և սպանի՛ր նրան»։ Երիտասարդը հարվածեց նրան, և նա մեռավ։

16. Եվ Դավիթը նրան ասաց. «Քո արյունը՝ քո գլուխը, որովհետև քո բերանը վկայություն տվեց քո դեմ՝ ասելով. “Ես մեռցրի Տիրոջ օծյալին”»։

17. Եվ Դավիթը ողբաց Սավուղի վրա ու նրա որդի Հովնաթանի վրա և ասաց «Աղեղը» ողբը.

18. Հուդայի որդիներին սովորեցնեն (ահա այն գրված է Ուղիղի գրքում).

19. Քո փառքը, ո՜վ Իսրայել,Քո բարձր տեղերի վրա խոցվեց.Ինչպե՞ս ընկան քաջերը։

20. Մի՛ պատմեք Գեթում,Ավետիս մի՛ տվեք Ասկաղոնի ճանապարհներին.Չլինի թե փղշտացիների աղջիկներն ուրախանան,Չլինի թե հրճվեն անթլփատների աղջիկները։

21. Ո՜վ Գեղբուեի սարեր,Թող ձեզ վրա ո՛չ ցող և ո՛չ անձրև լինի,Ո՛չ էլ երախայրիքի ընծաների անդաստաններ,Քանզի այնտեղ անպատվվեց զորավորների վահանը,Սավուղի վահանը՝ իբրև թե յուղով չօծված։

22. Խոցվածների արյունից, քաջերի ճարպիցՀովնաթանի աղեղը ետ չքաշվեց,Եվ Սավուղի սուրը ետ չդարձավ դատարկ։

23. Սավուղն ու Հովնաթանը՝Շատ սիրելի և հաճելի իրենց կենդանության ժամանակ,Իրենց մահվան ժամանակ էլ չբաժանվեցին իրարից.Արծիվներից ավելի թեթևաշարժԵվ առյուծներից ավելի հզոր էին։

24. Իսրայելի՛ աղջիկներ, լացե՛ք Սավուղի համար,Որ ձեզ վայելուչ կարմիր էր հագցնումԵվ ոսկե զարդեր դնում ձեր հանդերձների վրա։

25. Ինչպե՞ս ընկան քաջերը պատերազմում,Հովնաթանը խոցվեց քո բարձր տեղերի վրա։

26. Ցավում եմ քեզ համար, եղբա՛յր իմ Հովնաթան,Դու ինձ շատ սիրելի էիր,Կանանց սիրուց բարձր էր քո սերն ինձ համար։

27. Ինչպե՞ս ընկան քաջերը,Եվ պատերազմի զենքերը կորան։

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2

1. Սրանից հետո Դավիթը հարցրեց Տիրոջը և ասաց. «Գնա՞մ արդյոք Հուդայի քաղաքներից մեկը»։ Տերը նրան ասաց. «Գնա՛»։ Դավիթն ասաց. «Ո՞ւր գնամ»։ Տերն ասաց. «Քեբրոն»։

2. Դավիթն իր երկու կանանց՝ հեզրայելացի Աքինոամի և կարմելացի Նաբաղի կին Աբիգեայի հետ գնաց։

3. Եվ Դավիթն իր հետ եղած մարդկանց էլ՝ ամեն մեկին իր ընտանիքով տարավ, և բնակվեցին Քեբրոնի քաղաքներում։

4. Եվ Հուդայի մարդիկ եկան և այնտեղ Դավթին թագավոր օծեցին Հուդայի տան վրա։ Դավթին պատմեցին ու ասացին, որ Գաղաադի Հաբիսի բնակիչները թաղեցին Սավուղին։

5. Եվ Դավիթը Գաղաադի Հաբիսի բնակիչների մոտ պատգամավորներ ուղարկեց և նրանց ասաց. «Դուք Տիրոջից օրհնյալ լինեք, որ ձեր տիրոջը՝ Սավուղին, այս ողորմածությունն արեցիք և թաղեցիք նրան։

6. Թող Տերը իր ողորմածությամբ և ճշմարտությամբ հատուցի ձեզ, և ես էլ եմ հատուցելու ձեզ՝ ձեր արած այս լավության համար։

7. Հիմա թող զորանան ձեր ձեռքերը, և քաջե՛ր եղեք, քանզի ձեր տերը՝ Սավուղը, մեռավ, և Հուդայի տունը ինձ թագավոր օծեց իր վրա»։

8. Իսկ Սավուղի զորավար Ների որդի Աբենները վերցրեց Սավուղի որդի Հեբուսթեին,* նրան տարավ Մանայիմ,*

9. նրան թագավոր դարձրեց Գաղաադի վրա, Ասուրիի վրա, Հեզրայելի վրա, Եփրեմի վրա, Բենիամինի վրա և ամբողջ Իսրայելի վրա։

10. Երբ Սավուղի որդի Հեբուսթեն թագավոր դարձավ Իսրայելի վրա, քառասուն տարեկան էր. և թագավորեց երկու տարի։ Միայն Հուդայի տունն էր հետևում Դավթին։

11. Եվ Հուդայի տան վրա՝ Քեբրոնում, Դավիթը թագավորեց յոթ տարի և վեց ամիս։

12. Եվ Աբենները՝ Ների որդին, և Սավուղի որդի Հեբուսթեի ծառաները վեր կացան ու Մանայիմից եկան Գաբավոն։

13. Եվ Շարուհեայի որդի Հովաբն ու Դավթի ծառաները դուրս եկան Քեբրոնից և նրանց հանդիպեցին Գաբավոնի ավազանի մոտ։ Սրանք նստեցին ավազանի մի կողմում, իսկ նրանք՝ մյուս կողմում։

14. Եվ Աբեններն ասաց Հովաբին. «Թող երիտասարդները վեր կենան և մրցեն մեր առջև»։ Եվ Հովաբն ասաց. «Թող վեր կենան»։

15. Եվ Բենիամինի ու Սավուղի որդի Հեբուսթեի կողմից վեր կացան թվով տասներկու երիտասարդ, և տասներկու երիտասարդ՝ Դավթի ծառաներից։

16. Ամեն մեկը բռնեց իր հակառակորդի գլխից և իր սուրը խրեց իր հակառակորդի կողը, և ընկան միասին. և այդ տեղի անունը դրեցին Քեղկաթ-Ասուրիմ*, որը գտնվում է Գաբավոնում։

17. Եվ այդ օրը պատերազմը սաստիկ եղավ, և Աբենները Իսրայելի մարդկանց հետ պարտվեց Դավթի ծառաներից։

18. Այնտեղ էին Շարուհեայի երեք որդիները՝ Հովաբը, Աբեսսան և Ասայելը։ Եվ Ասայելը դաշտի այծյամի նման թեթև ոտք ուներ։

19. Ասայելը հետապնդեց Աբեններին և Աբենների հետևից աջ կամ ձախ չխոտորվեց։

20. Եվ Աբենները ետ նայեց ու ասաց. «Ասայե՛լ, դո՞ւ ես»։ Եվ նա ասաց. «Ես եմ»։

21. Եվ Աբենները նրան ասաց. «Դեպի աջ կամ ձախ կո՛ղմդ թեքվիր, բռնի՛ր պատանիներից մեկին և նրա զենքերը վերցրո՛ւ քեզ համար»։ Բայց Ասայելը չուզեց հեռանալ նրանից։

22. Եվ Աբենները կրկնեց ու Ասայելին ասաց. «Ե՛տ դարձիր ինձանից. քեզ ինչո՞ւ զարկեմ գետնին. այն ժամանակ ես երեսս ինչպե՞ս պիտի բարձրացնեմ՝ նայելու քո եղբայր Հովաբին»։

23. Բայց նա չուզեց ետ դառնալ։ Եվ Աբենները նիզակի ետևի ծայրով զարկեց նրա փորին, և նիզակը դուրս եկավ նրա մեջքից։ Նա ընկավ այնտեղ և այնտեղ էլ մեռավ։ Եվ ով գալիս էր այն տեղը, ուր ընկել ու մեռել էր Ասայելը, կանգ էր առնում։

24. Եվ Հովաբն ու Աբեսան, Աբենների ետևից ընկած, հետապնդում էին, և երբ նրանք հասան Ամմայի բլուրը, որ Գիայի դիմաց է՝ Գաբավոնի անապատի ճանապարհի վրա, արեգակը մայր մտավ։

25. Եվ Բենիամինի որդիները հավաքվեցին Աբենների շուրջը, դարձան մի գունդ և կանգնեցին մի բլրի գագաթին։

26. Աբենները կանչեց Հովաբին՝ ասելով. «Մի՞թե սուրը մշտապես պիտի ուտի. չգիտե՞ս, որ սրա վերջը դառն է լինելու։ Ժողովրդին մինչև ե՞րբ չես ասելու, որ ետ դառնան իրենց եղբայրներին հալածելուց»։

27. Եվ Հովաբն ասաց. «Կենդանի է Աստված. եթե դու խոսած լինեիր, ժողովրդից ամեն մեկը առավոտվանից ետ կանգնած կլիներ իր եղբայրներին հալածելուց»։

28. Այդ ժամանակ Հովաբը փող հնչեցրեց, և ամբողջ ժողովուրդը կանգ առավ և այլևս չհետապնդեց Իսրայելի որդիներին, ու այլևս չպատերազմեցին։

29. Եվ Աբեններն ու նրա մարդիկ ամբողջ գիշեր գնացին դաշտով, անցան Հորդանան գետը և ամբողջ Բեթրոնն անցնելով՝ եկան Մանայիմ։

30. Եվ Հովաբը ետ դարձավ Աբեններին հետապնդելուց, հավաքեց ամբողջ ժողովրդին. Դավթի ծառաներից պակասում էին տասնինը մարդ և Ասայելը,

31. իսկ Դավթի ծառաները Բենիամինի և Աբենների մարդկանցից զարկել ու սպանել էին երեք հարյուր վաթսուն մարդ։

32. Եվ Ասայելին վերցրին ու նրան թաղեցին Բեթլեհեմում՝ իր հոր գերեզմանում։ Եվ Հովաբն ու իր մարդիկ ամբողջ գիշեր գնացին և արշալույսին հասան Քեբրոն։

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3

1. Երկարատև պատերազմ եղավ Սավուղի տան և Դավթի տան միջև. Դավիթը գնալով հզորանում էր, իսկ Սավուղի տունը գնալով ավելի էր տկարանում։

2. Եվ Քեբրոնում Դավթին որդիներ ծնվեցին. նրա անդրանիկը Ամնոնն էր՝ ծնված հեզրայելացի Աքինոամից,

3. նրա երկրորդը Քիլաբն էր՝ կարմելացի Նաբաղի կին Աբիգեայից, երրորդը Աբիսողոմն էր՝ Գեսուրի թագավորի՝ Թոլմիի աղջիկ Մաաքայի որդին,

4. չորրորդը Ադոնիան էր՝ Ագգիթի որդին, հինգերորդը Սափատիան էր՝ Աբիտալի որդին,

5. և վեցերորդը Դավթի կին Էդղայից ծնված Հեթրամն էր։ Քեբրոնում Դավթին սրանք ծնվեցին։

6. Եվ քանի դեռ պատերազմ կար Սավուղի տան և Դավթի տան միջև, Աբենները թիկունք էր Սավուղի տան համար։

7. Սավուղը մի հարճ ուներ՝ անունը Ռեսփա՝ Այիայի աղջիկը։ Եվ Հեբուսթեն Աբեններին ասաց. «Ինչո՞ւ ես մոտեցել իմ հոր հարճին»։

8. Եվ Աբենները շատ բարկացավ Հեբուսթեի խոսքերի համար և ասաց. «Մի՞թե ես Հուդային պատկանող շան գլուխ եմ, որ այսօր շարունակում եմ հավատարմություն ցույց տալ քո հոր՝ Սավուղի տանը, նրա եղբայրներին ու բարեկամներին, իսկ քեզ չմատնեցի Դավթի ձեռքը, իսկ դու այսօր այդ կնոջ համար մեղադրո՞ւմ ես ինձ։

9. Աստված Աբեններին թող այսպես ու սրանից ավելին անի, եթե Դավթի համար չանեմ այն, ինչ Տերը երդվեց նրան,

10. այսինքն՝ թագավորությունը վերցնեմ Սավուղի տանից և Դավթի աթոռը հաստատեմ Իսրայելի վրա և Հուդայի վրա՝ Դանից մինչև Բերսաբեե»։

11. Հեբուսթեն, Աբեններից վախենալով, այլևս չկարողացավ պատասխան տալ նրան։

12. Եվ Աբեններն իր կողմից պատգամավորներ ուղարկեց Դավթի մոտ՝ ասելով. «Ո՞ւմն է այս երկիրը»։ Եվ ասաց. «Ինձ հետ դաշի՛նք կնքիր, և իմ ձեռքը կլինի քեզ հետ՝ ամբողջ Իսրայելը դեպի քեզ դարձնելու համար»։

13. Դավիթն ասաց. «Լավ, ես քեզ հետ դաշինք կկնքեմ, բայց քեզանից մի բան եմ պահանջում. եթե ուզում ես գալ ինձ տեսնելու, մինչև Սավուղի աղջկան՝ Մեղքողին, չբերես քեզ հետ, իմ երեսը տեսնելու չգաս»։

14. Եվ Դավիթը Սավուղի որդի Հեբուսթեի մոտ դեսպաններ ուղարկեց՝ ասելով. «Ի՛նձ տուր իմ կին Մեղքողին, որին առել եմ փղշտացիների հարյուր անթլփատության դիմաց»։

15. Եվ Հեբուսթեն մարդ ուղարկեց ու Մեղքողին վերցրեց նրա ամուսնուց՝ Լայիսի որդի Փաղտիելից։

16. Եվ նրա ամուսինը, նրա ետևից լալով, գնաց մինչև Բավուրիմ։ Եվ Աբենները նրան ասաց. «Ե՛տ դարձիր, գնա՛»։ Եվ նա ետ դարձավ։

17. Եվ Աբենները խորհրդակցեց Իսրայելի ծերերի հետ ու ասաց. «Սկզբից ևեթ ուզում էիք, որ Դավիթը թագավոր լինի ձեզ վրա։

18. Դե, հիմա արե՛ք. որովհետև Տերը խոսել և ասել է Դավթի համար. “Իմ ծառա Դավթի ձեռքով պիտի ազատեմ Իսրայելի իմ ժողովրդին փղշտացիների ձեռքից և նրա բոլոր թշնամիների ձեռքից”»։

19. Աբենները խոսեց նաև Բենիամինի ցեղի հետ։ Աբենները նույնպես գնաց Քեբրոն, որ Դավթին էլ ասի այն, ինչ հաճելի էր թվացել Իսրայելին և Բենիամինի ամբողջ տանը։

20. Եվ Աբենները քսան մարդու հետ եկավ Քեբրոն՝ Դավթի մոտ։ Եվ Դավիթը Աբեններին ու նրա հետ եկած մարդկանց համար խնջույք արեց։

21. Եվ Աբենները Դավթին ասաց. «Ես վեր կենամ գնամ և ամբողջ Իսրայելի ժողովրդին հավաքեմ իմ տեր թագավորի մոտ, որ նրանք դաշինք կնքեն քեզ հետ, և դու սրտիդ ամբողջ ուզածի պես թագավորես»։ Եվ Դավիթն ուղարկեց Աբեններին, ու նա գնաց խաղաղությամբ։

22. Եվ ահա Դավթի զինվորներն ու Հովաբը վերադարձան ասպատակությունից և իրենց հետ շատ ավար բերին, իսկ Աբենները Դավթի մոտ՝ Քեբրոնում չէր, քանի որ Դավիթը նրան ուղարկել էր, և նա գնացել էր խաղաղությամբ։

23. Եվ երբ Հովաբն ու նրա հետ եղած ամբողջ զորքը եկան, Հովաբին պատմեցին և ասացին. «Ների որդի Աբենները եկավ թագավորի մոտ, նա էլ ուղարկեց նրան, և նա գնաց խաղաղությամբ»։

24. Այդ ժամանակ Հովաբը թագավորի մոտ գնաց և ասաց. «Ի՞նչ ես արել. Աբենները ահա եկել է քեզ մոտ, ինչո՞ւ ես նրան թույլ տվել, և նա գնացել է։

25. Դու չգիտե՞ս, որ Ների որդի Աբենները եկել է քեզ խաբելու և քո անցուդարձը հասկանալու և իմանալու քո բոլոր գործերը»։

26. Երբ Հովաբը դուրս եկավ Դավթի մոտից և պատգամավորներ ուղարկեց Աբենների ետևից, նրան ետ բերեցին Սիրայի ջրհորի մոտից, բայց Դավիթը չգիտեր։

27. Եվ երբ Աբենները վերադարձավ Քեբրոն, Հովաբը նրան քաշեց դռնից ներս՝ նրա հետ ծածուկ խոսակցություն ունենալու համար, և այնտեղ խոցեց նրա փորը՝ իր եղբայր Ասայելի արյան համար. և նա մեռավ։

28. Դրանից հետո, երբ Դավիթը լսեց, ասաց. «Ես ու իմ թագավորությունը Ների որդի Աբենների արյունից հավիտյան անպարտ ենք Տիրոջ առաջ։

29. Հովաբի գլխին և նրա հոր ամբողջ տան վրա թող հասնի հանցանքը, և Հովաբի տանից անպակաս լինի սերմնակաթը, բորոտը, ցուպին կռթնողը, սրից ընկնողն ու հացի կարոտը»։

30. Այսպես Հովաբն ու իր եղբայր Աբեսսան սպանեցին Աբեններին, որովհետև նա Գաբավոնի մեջ պատերազմի ժամանակ սպանել էր իրենց եղբայր Ասայելին։

31. Եվ Դավիթը Հովաբին ու նրա հետ եղող ամբողջ զորքին ասաց. «Պատառոտե՛ք ձեր հագուստը և քրձե՛ր հագեք ու լա՛ց եղեք Աբենների առջև»։ Դավիթ թագավորը գնաց նրա դագաղի ետևից։

32. Աբեններին թաղեցին Քեբրոնում, և թագավորը ձայնը բարձրացրեց ու լաց եղավ Աբենների գերեզմանի վրա, և ամբողջ ժողովուրդն էլ լաց եղավ։

33. Թագավորը ողբաց Աբենների համար և ասաց.«Մի՞թե Աբենները այդպես պիտի մեռներ՝անզգամի մեռնելու նման.

34. Քո ձեռքերը կապված չէին,Եվ քո ոտքերը դրված չէին կապանքի մեջ.Անօրենների առջև ընկնողի նման ընկար»։Եվ ամբողջ զորքը դարձյալ լաց եղավ նրա վրա։

35. Եվ ամբողջ զորքը եկավ, որ Դավթին հաց կերցնի, քանի դեռ ցերեկ էր, բայց Դավիթը երդվեց և ասաց. «Աստված ինձ այսպես ու սրանից ավելին անի, եթե արեգակը մայր մտնելուց առաջ հաց կամ ուրիշ բան ճաշակեմ»։

36. Եվ ամբողջ զորքը ուշադրություն դարձրեց, և այդ բանն իրեն հաճելի թվաց, ինչպես ամբողջ ժողովրդի աչքին հաճելի է թագավորի ամեն արածը։

37. Եվ այդ օրը ամբողջ զորքը և ամբողջ Իսրայելը հասկացան, որ Ների որդի Աբենների սպանությունը թագավորի կամքով չէր։

38. Եվ թագավորն ասաց իր զինվորներին. «Գիտե՞ք արդյոք, որ այսօր Իսրայելում ընկավ մի իշխան և մի մեծ մարդ։

39. Ես այսօր տկար եմ, թեև թագավոր եմ օծված, իսկ այս մարդիկ՝ Շարուհեայի որդիները, ինձ համար կատաղի են։ Չարիք գործողին թող Տերը հատուցի նրա չարության համեմատ»։

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4

1. Եվ երբ Սավուղի որդի Հեբուսթեն լսեց, որ Աբենները մեռել է Քեբրոնում, ձեռքերը թուլացան, իսկ ամբողջ Իսրայելը տագնապեց։

2. Սավուղի որդին երկու գնդապետ ուներ. մեկի անունը Բաանա էր, իսկ մյուսինը՝ Ռեքաբ, որոնք Բենիամինի ցեղից բերովթացի Ռեմոնի որդիներն էին. (որովհետև Բերովթը համարվում էր Բենիամինի երկրի մի մասը։

3. Բերովթացիները փախան Գեթթայիմ և որպես պանդուխտ՝ մինչև այսօր բնակվում են այնտեղ)։

4. Եվ Սավուղի որդի Հովնաթանը երկու ոտքերից հաշմված մի տղա ուներ։ Երբ տղան հինգ տարեկան էր, Սավուղի և Հովնաթանի մահվան լուրը եկավ Հեզրայելից, և նրա դայակը վերցրեց նրան ու փախավ, և երբ շտապում էր փախչելու, տղան վայր ընկավ ու հաշմվեց։ Նրա անունը Մեմփիբոսթե էր։

5. Բերովթացի Ռեմոնի որդիները՝ Ռեքաբն ու Բաանան, եկան և ցերեկվա շոգի ժամանակ մտան Հեբուսթեի տուն, մինչ նա կեսօրին քնած էր անկողնում։

6. Եվ նրանք մտան տուն, իբրև թե ցորեն առնողներ էին, գնացին մինչև տան մեջտեղը և նրան զարկեցին փորից. և Ռեքաբն ու իր եղբայրը՝ Բաանան, փախան։

7. Երբ նրանք այսպես մտան տուն, Հեբուսթեն ներսի սենյակում քնած էր իր անկողնում, նրան զարկեցին, սպանեցին, կտրեցին նրա գլուխը և գլուխը վերցրին ու ամբողջ գիշեր գնացին դաշտի ճանապարհով։

8. Եվ Հեբուսթեի գլուխը տարան Քեբրոն՝ Դավթի մոտ, և թագավորին ասացին. «Ահա քո թշնամու՝ քո հոգին փնտրող Սավուղի որդու՝ Հեբուսթեի գլուխը. Տերն այսօր վրեժխնդիր եղավ Սավուղից և նրա սերնդից մեր տեր թագավորի համար»։

9. Իսկ Դավիթը պատասխանեց բերովթացի Ռեմոնի որդիներ Ռեքաբին ու նրա եղբայր Բաանային և նրանց ասաց. «Կենդանի է Տերը, որ իմ հոգին ազատեց ամեն նեղությունից։

10. Երբ մեկն ինձ պատմեց և ասաց, թե՝ “Ահա Սավուղը մեռավ”, և իրեն թվում էր, թե ավետիս էր բերել, բայց ես փոխանակ ավետիսի վարձ տայի, բռնեցի և սպանեցի նրան Սիկելակում։

11. Որչափ ավելի այն չար մարդկանց պիտի տրվի նույն վարձը, որոնք իր տանը՝ իր անկողնու մեջ, սպանեցին արդար մարդուն. նրա արյունը պիտի պահանջեմ ձեզանից և ձեզ պիտի վերացնեմ երկրից»։

12. Այդ ժամանակ Դավիթը հրամայեց երիտասարդներին, և նրանք սպանեցին, կտրեցին նրանց ձեռքերն ու ոտքերը և կախեցին Քեբրոնի ջրավազանի վրա։ Իսկ Հեբուսթեի գլուխը վերցրին և թաղեցին Քեբրոնում՝ Աբենների գերեզմանում։

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5

1. Եվ Իսրայելի բոլոր ցեղերը եկան Քեբրոն՝ Դավթի մոտ, և ասացին. «Ահա, մենք քո ոսկորն ենք ու քո մարմինը։

2. Սրանից շատ առաջ, երբ Սավուղը թագավոր էր մեզ վրա, պատերազմի ժամանակ դու էիր Իսրայելին առաջնորդողը*, և Տերը քեզ ասաց. “Դու ես հովվելու Իսրայելի իմ ժողովրդին և դու ես իշխան լինելու Իսրայելի վրա”»։

3. Եվ Իսրայելի բոլոր ծերերը եկան թագավորի մոտ՝ Քեբրոն, և Դավիթ թագավորը Քեբրոնում Տիրոջ առաջ դաշինք կնքեց նրանց հետ, և նրանք Դավթին թագավոր օծեցին Իսրայելի վրա։

4. Երեսուն տարեկան էր Դավիթը, երբ դարձավ թագավոր, և թագավորեց քառասուն տարի։

5. Յոթ տարի և վեց ամիս Քեբրոնում թագավորեց Հուդայի վրա և երեսուներեք տարի թագավորեց Երուսաղեմում ամբողջ Իսրայելի և Հուդայի վրա։

6. Եվ թագավորն իր մարդկանցով գնաց Երուսաղեմ՝ այդ երկրում բնակվող հեբուսացիների դեմ. և խոսեցին Դավթի հետ ու ասացին. «Չես մտնի այստեղ. քեզ հենց կույրերն ու կաղերը կհեռացնեն»՝ մտածելով, թե Դավիթը չի կարողանա մտնել այնտեղ։

7. Բայց Դավիթը վերցրեց Սիոնի բերդը (սա Դավթի քաղաքն է)։

8. Եվ Դավիթն այդ օրն ասաց. «Ով կոտորի հեբուսացիներին և հասնի ջրանցքին, թող նա կույրերին ու կաղերին էլ կոտորի, որոնք ատելի են Դավթի համար։ Դրա համար էլ ասում են՝ “Կույրն ու կաղը չպետք է մտնեն Տիրոջ տունը”»։

9. Եվ Դավիթը բնակվեց այդ բերդում և այն անվանեց Դավթի քաղաք. և Դավիթը նրա շուրջը կառույցներ շինեց՝ Մելոնից դեպի ներս։

10. Դավիթը գնալով հզորանում էր, որովհետև Զորությունների Տեր Աստվածը նրա հետ էր։

11. Տյուրոսի թագավոր Քիրամը պատվիրակներ ուղարկեց Դավթի մոտ, նաև եղևնափայտ, հյուսներ և որմնադիրներ, որոնք Դավթի համար տուն շինեցին։

12. Այդ ժամանակ Դավիթն իմացավ, որ Տերն իրեն թագավոր է հաստատել Իսրայելի վրա և բարձրացրել է իր թագավորությունը՝ Իսրայելի իր ժողովրդի համար։

13. Եվ Դավիթը Քեբրոնից գալուց հետո Երուսաղեմից ուրիշ հարճեր ու կանայք էլ առավ, և Դավթին ուրիշ տղաներ ու աղջիկներ էլ ծնվեցին։

14. Սրանք են Երուսաղեմում ծնված նրա տղաների անունները՝ Սամաա, Սովբաբ, Նաթան,

15. Սողոմոն, Հեբաար, Եղիսուա, Նափեկ,

16. Հափիե, Եղիսամա, Եղիադա և Եղիփաղետ։

17. Փղշտացիները լսեցին, որ Դավթին թագավոր են օծել Իսրայելի վրա, և բոլոր փղշտացիները վեր կացան, որ Դավթին փնտրեն։ Սակայն Դավիթն իմացավ այդ և իջավ բերդը։

18. Փղշտացիները եկան և տարածվեցին Ռափայինների հովտում։

19. Եվ Դավիթը Տիրոջը հարցրեց. «Գնա՞մ փղշտացիների դեմ. նրանց կմատնե՞ս իմ ձեռքը»։ Եվ Տերը Դավթին ասաց. «Գնա՛, որովհետև փղշտացիներին անպայման պիտի մատնեմ քո ձեռքը»։

20. Այդ ժամանակ Դավիթը գնաց Բաաղփարասին. Դավիթը զարկեց նրանց այն տեղում և ասաց. «Տերը իմ ձեռքով կոտորեց իմ թշնամիներին, ինչպես ջրերն են թումբը քանդում»։ Դրա համար էլ այդ տեղի անունը կոչվեց Բաաղփարասին*։

21. Փղշտացիները թողեցին իրենց կուռքերը, իսկ Դավիթն ու իր մարդիկ վերցրին դրանք։

22. Եվ փղշտացիները դարձյալ վեր կացան և եկան ու տարածվեցին Ռափայինների հովտում։

23. Երբ Դավիթը Տիրոջը հարցրեց, Տերն ասաց. «Վեր մի՛ գնա, այլ անցի՛ր նրանց թիկունքը և թթենիների* կողմից հարձակվի՛ր նրանց վրա։

24. Եվ երբ թթենիների կատարներից քայլվածքի ձայն լսես, այն ժամանակ շարժվի՛ր առաջ, որովհետև այդ ժամանակ Տերը պիտի դուրս գա քո առջև, որ ջարդի փղշտացիների բանակը»։

25. Եվ Դավիթն արեց այնպես, ինչպես Տերը հրամայեց իրեն, և փղշտացիներին ջարդեց Գաբայից մինչև Գազեր։

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6

1. Դավիթը դարձյալ հավաքեց Իսրայելի բոլոր ընտիր մարդկանց՝ երեսուն հազար հոգի։

2. Դավիթն իր հետ եղած ամբողջ զորքի հետ վեր կացավ ու գնաց, որ Հուդայի Բաաղից բերի Աստծու տապանակը, որի վրա կոչված է քերովբեների վրա նստող Զորությունների Տիրոջ անունը։

3. Եվ Աստծու տապանակը դրին մի նոր սայլի վրա, վերցրին այն Աբինադաբի տանից, որը գտնվում էր բլրի վրա։ Եվ այդ նոր սայլը քշում էին Աբինադաբի որդիները՝ Ոզան և Աքիովը։

4. Այն Աստծու տապանակի հետ վերցրին Աբինադաբի տանից, որը բլրի վրա էր. Աքիովը գնում էր տապանակի առջևից։

5. Դավիթը և Իսրայելի ամբողջ տունը նվագում էին* Տիրոջ առաջ մայրու փայտից պատրաստված ամեն տեսակ նվագարաններով՝ քնարներով, տավիղներով, թմբուկներով, դափերով ու ծնծղաներով։

6. Երբ եկան Նաքոնի կալը, Ոզան ձեռքը մեկնեց դեպի Աստծու տապանակը և բռնեց այն, որովհետև եզները թեքել էին այն։

7. Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Ոզայի դեմ, և Աստված այնտեղ այդ սխալի համար հարվածեց նրան, և նա նույն տեղն էլ մեռավ Աստծու տապանակի մոտ։

8. Դավիթը տագնապեց, որ Տերը հարվածելով հարվածեց Ոզային, և այդ տեղը մինչև այսօր կոչվում է Փարեզ-Ոզա*։

9. Դավիթն այդ օրը վախեցավ Տիրոջից և ասաց. «Տիրոջ տապանակն ինչպե՞ս մտնի ինձ մոտ»։

10. Եվ Դավիթը չուզեց Տիրոջ տապանակը տանել իր մոտ՝ Դավթի քաղաքը. և Դավիթը շեղեց ու այն տարավ գեթացի Աբդեդոմի տուն։

11. Եվ Տիրոջ տապանակը երեք ամիս մնաց գեթացի Աբդեդոմի տանը, և Տերը օրհնեց Աբդեդոմին ու նրա ամբողջ տունը։

12. Երբ Դավիթ թագավորին պատմեցին և ասացին. «Տերը օրհնեց Աբդեդոմի տունը և նրա ամեն ունեցվածքը Աստծու տապանակի համար», Դավիթը գնաց և Աստծու տապանակը վերցրեց Աբդեդոմի տանից և ուրախությամբ տարավ Դավթի քաղաքը։

13. Եվ երբ Տիրոջ տապանակը վեր տանողները վեց քայլ առաջ գնացին, նա արջառ ու պարարտ զվարակ զոհեց։

14. Դավիթն ամբողջ ուժով պարում էր Տիրոջ առաջ. և Դավիթը հագել էր քաթանե եփուդ։

15. Եվ Դավիթն ու Իսրայելի ամբողջ տունը Տիրոջ տապանակը տանում էին ուրախության աղաղակով ու փողերի ձայնով։

16. Մինչ Տիրոջ տապանակը մտնում էր Դավթի քաղաքը, Սավուղի աղջիկը՝ Մեղքողը, պատուհանից նայելով, տեսավ, որ Դավիթ թագավորը ցատկոտելով պարում է Տիրոջ առաջ, և իր սրտում անարգեց նրան։

17. Եվ Տիրոջ տապանակը բերին ու դրին իր տեղը այն վրանի մեջ, որ Դավիթը կանգնեցրել էր նրա համար։ Եվ Դավիթը ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց Տիրոջ առջև։

18. Եվ երբ Դավիթը վերջացրեց ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցելը, ժողովրդին օրհնեց Զորությունների Տիրոջ անունով։

19. Եվ Իսրայելի ամբողջ բազմությանը՝ թե՛ տղամարդու և թե՛ կնոջ, ժողովրդից ամեն մեկին մի նկանակ հաց, մի կտոր միս և մի կարկանդակ բաշխեց, և ամբողջ ժողովուրդը գնաց, ամեն մեկը՝ իր տուն։

20. Դավիթը ետ դարձավ իր տունն օրհնելու։ Սավուղի աղջիկը՝ Մեղքողը, դուրս եկավ Դավթին դիմավորելու և ասաց. «Ինչպե՜ս պատվեց իրեն Իսրայելի թագավորն այսօր, որ այսօր ինքն իրեն մերկացրեց իր ծառաների և աղախինների առաջ, ինչպես մերկացնում է իրեն դատարկ մարդկանցից մեկը»։

21. Եվ Դավիթը Մեղքողին ասաց. «Տիրոջ առաջ, որը քո հորից և նրա ամբողջ տանից ավելի ինձ ընտրեց և ինձ իշխան դրեց Տիրոջ ժողովրդի՝ Իսրայելի վրա, այդ Տիրոջ առաջ ես պիտի պարեմ։

22. Եվ դեռ սրանից ավելի ես անարգ պիտի երևամ և իմ աչքին ավելի նվաստ պիտի լինեմ, իսկ քո ասած այն աղախինների առաջ պիտի փառավորվեմ»։

23. Եվ Սավուղի աղջիկ Մեղքողը մինչև իր մահվան օրը զավակ չծնեց։

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7

1. Եվ երբ թագավորը բնակվեց իր տանը, և Տերը նրան հանգստացրեց իր շրջակայքի բոլոր թշնամիներից,

2. թագավորը Նաթան մարգարեին ասաց. «Ահա ես բնակվում եմ եղևնափայտե տան մեջ, իսկ Աստծու տապանակը գտնվում է վրանում»։

3. Եվ Նաթանն ասաց թագավորին. «Ամեն ինչ, որ կա սրտիդ մեջ, գնա՛ և արա՛, որովհետև Տերը քեզ հետ է»։

4. Եվ նույն գիշերը Տիրոջ խոսքը եղավ Նաթանին՝ ասելով.

5. «Գնա՛ և իմ ծառա Դավթին ասա՛. “Այսպես է ասում Տերը.

6. Որովհետև այն օրից, ինչ Իսրայելի որդիներին հանեցի Եգիպտոսից, մինչև այսօր չեմ բնակվել տան մեջ, այլ ման եմ եկել վրաններով և տաղավարներով։

7. Եվ ամեն տեղ, ուր եղել եմ Իսրայելի որդիների հետ, մի՞թե մի բան խոսեցի Իսրայելի ցեղերից մեկի հետ, որոնց հրաման եմ տվել հովվելու Իսրայելի իմ ժողովրդին, ասե՞լ եմ արդյոք, թե ինչո՛ւ եղևնափայտե տուն չշինեցիք ինձ համար

8. Եվ հիմա իմ ծառա Դավթին այսպե՛ս ասա. “Այսպես է ասում Զորությունների Տերը.

9. Ես քեզ հետ էի, ուր որ գնում էիր, և քո առջևից կոտորեցի բոլոր թշնամիներիդ և քո անունը պիտի բարձրացնեմ այս երկրի վրա եղող մեծերի անվան պես։

10. Եվ Իսրայելի իմ ժողովրդի համար էլ տեղ պիտի որոշեմ և նրան տնկեմ, որ այնտեղ բնակվեն, և այլևս չպիտի շարժվի, և անիրավության որդիները առաջվա պես այլևս չպիտի նեղեն նրան,

11. ինչպես եղավ իմ ժողովրդի՝ Իսրայելի վրա դատավորներ դրած օրից ի վեր. և քեզ պիտի հանգստացնեմ քո բոլոր թշնամիներից. և Տերը հայտնում է քեզ, որ Տերն է քեզ համար տուն շինելու։

12. Երբ քո կյանքի օրերը լրանան, և դու ննջես քո հայրերի հետ, քեզանից հետո պիտի բարձրացնեմ քեզանից սերած զավակիդ և նրա թագավորությունը հաստատեմ։

13. Նա է իմ անվան համար տուն շինելու, և ես նրա թագավորության աթոռը կհաստատեմ հավիտյան։

14. Ես հայր կլինեմ նրան, և նա ինձ որդի կլինի. և եթե նա անիրավություն անի, ես կպատժեմ նրան մարդկանց գավազանով և մարդկանց որդիների հարվածներով։

15. Բայց իմ ողորմությունը չեմ հեռացնի նրանից, ինչպես հեռացրի Սավուղից, որին քշեցի քո առաջից։

16. Եվ քո տունն ու քո թագավորությունը հավիտյան պիտի ապահով լինեն քո առաջ, և քո աթոռը հաստատ պիտի մնա հավիտյան

17. Եվ Նաթանը այս բոլոր խոսքերը և այս ամբողջ տեսիլքը մեկ առ մեկ ասաց Դավթին։

18. Ապա Դավիթ թագավորը գնաց նստեց Տիրոջ առաջ և ասաց. «Ո՜վ Ամենակալ Տեր, ո՞վ եմ ես, և ի՞նչ է իմ տունը, որ ինձ բերեցիր մինչև այստեղ։

19. Սակայն այս էլ քո աչքին դեռ փոքր երևաց, ո՜վ Ամենակալ Տեր, և քո ծառայի տան մասին հեռավոր ժամանակի համար էլ խոսեցիր, և թող սա լինի մարդկանց կանոնը, ո՜վ Տեր։

20. Եվ Դավիթն էլ ի՞նչ ասի քեզ, որովհետև դու, ո՜վ Ամենակալ Տեր, ճանաչում ես քո ծառային։

21. Այս բոլոր մեծ բաները քո խոսքի համար և ըստ քո սրտի արեցիր, որպեսզի իմացնես քո ծառային։

22. Դրա համար որչա՜փ մեծ ես, ո՜վ Տեր Աստված, որովհետև քեզ նման մեկը չկա, և քեզանից բացի Աստված չկա՝ մեր ականջներով մեր բոլոր լսածների համաձայն։

23. Եվ ո՞ր ազգն է երկրի վրա Իսրայելի՝ քո միակ ժողովրդի պես, որին փրկելու համար Աստված ինքը եկավ, որ նրան ժողովուրդ դարձնի իր համար և փառավորի իր անունը և քո երկրում կատարի այս մեծ ու սոսկալի գործերը քեզ համար՝ Եգիպտոսից ազատված քո ժողովրդի առջևից քշելով ազգերին ու նրանց աստվածներին։

24. Եվ Իսրայելին՝ քո ժողովրդին, հավիտյան քեզ համար ժողովուրդ հաստատեցիր, և դու, ո՜վ Տեր, եղար նրանց Աստվածը։

25. Եվ հիմա, ո՜վ Տեր Աստված, այս խոսքը, որ ասել ես քո ծառայի և նրա տան համար, հավիտյան հաստատի՛ր և արա՛ ասածիդ պես։

26. Քո անունը հավիտյան թող փառավորվի, և ասեն, թե՝ “Զորությունների Տերը Իսրայելի վրա Աստված է”, և քո ծառա Դավթի տունը հաստատ մնա քո առջև։

27. Որովհետև, ո՜վ Զորությունների Տեր, Աստվա՜ծ Իսրայելի, դու հայտնեցիր քո ծառային և ասացիր. “Քեզ համար տուն պիտի շինեմ”, սրա համար էլ քո ծառան սիրտ առավ՝ քո առջև այս աղոթքը անելու։

28. Եվ հիմա, ո՜վ Ամենակալ Տեր, դու ես այդ Աստվածը, և ճշմարիտ են քո խոսքերը, և դու քո ծառային խոստացար այս բարիքը։

29. Ուստի հիմա բարեհաճի՛ր քո ծառայի տունը օրհնելու, որ հավիտյան լինի քո առջև, որովհետև, ո՜վ Ամենակալ Տեր, դու ասացիր, և քո օրհնությամբ ծառայիդ տունը հավիտյան թող օրհնյալ լինի»։

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8

1. Դրանից հետո Դավիթը կոտորեց փղշտացիներին և նվաճեց նրանց. և Դավիթը փղշտացիների ձեռքից վերցրեց Մեթեկամման։

2. Կոտորեց նաև Մովաբին, նրանց պառկեցրեց գետնին և լարով չափեց նրանց. երկու լար չափեց սպանելու համար, իսկ մեկ ամբողջ լարը՝ կենդանի թողնելու համար։ Եվ մովաբացիները դարձան Դավթի հարկատու ծառաները։

3. Եվ երբ Դավիթը գնում էր իր իշխանությունը հաստատելու Եփրատ գետի վրա, կոտորեց Սուբայի թագավոր Ռուբի որդի Ադրաազարին։

4. Եվ Դավիթը նրանից վերցրեց հազար յոթ հարյուր ձիավոր և քսան հազար հետևակ զորք, և Դավիթը բոլոր մարտակառքերի ձիերի ջիղերը հատեց և նրանցից թողեց միայն հարյուր կառքի ձի։

5. Դամասկոսի ասորիները եկան Սուբայի թագավոր Ադրաազարին օգնության, և Դավիթը քսաներկու հազար մարդ կոտորեց ասորիներից։

6. Դավիթը բերդապահ զորքեր դրեց Դամասկոսի ասորիների մեջ, և ասորիները դարձան Դավթի հարկատու ծառաները։ Եվ Տերը հաջողություն էր տալիս Դավթին, ուր էլ որ գնում էր նա։

7. Դավիթը վերցրեց Ադրաազարի ծառաների ոսկե վահանները և դրանք բերեց Երուսաղեմ։

8. Եվ Դավիթ թագավորը մեծ քանակությամբ պղինձ վերցրեց Ադրաազարի քաղաքներից՝ Բեթահից և Բերոթայից։

9. Եվ երբ Եմաթի թագավորը՝ Թովուն, լսեց, որ Դավիթը ջարդել է Ադրաազարի բոլոր զորքերին,

10. Թովուն իր որդի Հովրամին ուղարկեց Դավիթ թագավորի մոտ՝ նրան ողջունելու և շնորհավորելու նրան Ադրաազարի դեմ պատերազմելու և նրան հաղթելու համար (որովհետև Ադրաազարը պատերազմ էր մղում Թովունի դեմ)։ Հովրամը վերցրել էր արծաթե անոթներ, ոսկե անոթներ և պղնձե անոթներ։

11. Դավիթ թագավորը դրանք էլ Տիրոջը նվիրեց իր նվիրած այն արծաթի ու ոսկու հետ, որ նա վերցրել էր իր հաղթած բոլոր ազգերից՝

12. ասորիներից, Մովաբից, Ամմոնի որդիներից, փղշտացիներից, Ամաղեկից և Սուբայի թագավորի՝ Ռուբի որդու՝ Ադրաազարի ավարից։

13. Դավիթը մեծ անուն հանեց, երբ Աղի ձորում տասնութ հազար ասորիներ կոտորեց և վերադարձավ։

14. Նա բերդապահ զորքեր դրեց Եդովմում. ամբողջ Եդովմում դրեց բերդապահ զորքեր, և բոլոր եդովմացիները դարձան Դավթի ծառաները. և Տերը հաջողություն էր տալիս Դավթին, ուր էլ որ գնում էր նա։

15. Եվ Դավիթը թագավորեց ամբողջ Իսրայելի վրա. և Դավիթը իրավունք և արդարություն էր անում իր ամբողջ ժողովրդին։

16. Եվ Շարուհեայի որդի Հովաբը զորքերի վրա էր նշանակված, և Աքիղուդի որդի Հոսափատը դիվանադպիր էր,

17. և Աքիտովբի որդի Սադովկը և Աբիաթարի որդի Աքիմելեքը քահանաներ էին, և Սարայիան ատենադպիր էր,

18. և Հովիադայի որդի Բանեան քերեթիների ու փելեթիների վրա էր նշանակված, և Դավթի որդիները նախարարներ էին։

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9

1. Եվ Դավիթն ասաց. «Արդյոք Սավուղի տանից մնացած մարդ կա՞, որ նրան հանուն Հովնաթանի սիրո բարերարություն անեմ»։

2. Եվ Սավուղի տանից Սիբա անունով մի ծառա կար. նրան կանչեցին Դավթի մոտ, և թագավորը նրան ասաց. «Դո՞ւ ես Սիբան». և նա ասաց. «Ծառադ եմ»։

3. Եվ թագավորն ասաց. «Սավուղի տանից մնացած մարդ չկա՞, որ Աստծու ողորմածություն անեմ նրան»։ Եվ Սիբան ասաց թագավորին. «Հովնաթանից ոտքերը կաղ մի որդի կա դեռ»։

4. Եվ թագավորը նրան ասաց. «Ո՞ւր է նա»։ Եվ Սիբան ասաց թագավորին. «Նա Լադաբարում՝ Ամիելի որդի Մաքիրի տանն է»։

5. Եվ Դավիթ թագավորը մարդ ուղարկեց, և նրան վերցրեց Լադաբարից՝ Ամիելի որդի Մաքիրի տանից։

6. Երբ Սավուղի որդի Հովնաթանի որդի Մեմփիբոսթեն եկավ Դավթի մոտ, ընկավ երեսնիվայր և երկրպագեց նրան։ Եվ Դավիթն ասաց. «Ո՜վ Մեմփիբոսթե». և նա ասաց. «Ահա ծառադ»։

7. Եվ Դավիթը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև հանուն քո հայր Հովնաթանի սիրո ես քեզ անպայման բարերարություն պիտի անեմ և քո հոր՝ Սավուղի բոլոր արտերը պիտի վերադարձնեմ քեզ, և դու պիտի միշտ հաց ուտես իմ սեղանից»։

8. Եվ Մեմփիբոսթեն խոնարհվեց ու ասաց. «Ծառադ ո՞վ է, որ ինձ պես մի սատկած շան վրա նայեցիր»։

9. Իսկ թագավորը կանչեց Սավուղի ծառա Սիբային և նրան ասաց. «Սավուղի և նրա տան ամբողջ ունեցվածքը տվի քո տիրոջ որդուն։

10. Դու, քո որդիները և քո ծառաները նրա համար հողը մշակե՛ք. բերքը կբերես իր մոտ, որ քո տիրոջ որդին ուտելու հաց ունենա. և քո տիրոջ որդի Մեմփիբոսթեն միշտ իմ սեղանից պիտի հաց ուտի»։ Սիբան տասնհինգ որդի և քսան ծառա ուներ։

11. Եվ Սիբան ասաց թագավորին. «Իմ տեր թագավորը ինչ որ հրամայեց իր ծառային, այնպես էլ կանի քո ծառան»։ «Մեմփիբոսթեն հաց պիտի ուտի իմ սեղանից թագավորի որդիներից մեկի պես»,- ասաց Դավիթը։

12. Մեմփիբոսթեն մի փոքրիկ տղա ուներ՝ անունը Միքա. և Սիբայի տան բոլոր բնակիչները Մեմփիբոսթեի ծառաներն էին։

13. Եվ Մեմփիբոսթեն բնակվում էր Երուսաղեմում, որովհետև միշտ թագավորի սեղանից էր հաց ուտում. և նա երկու ոտքից էլ կաղ էր։

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10

1. Դրանից հետո Ամմոնի որդիների թագավորը մեռավ, և նրա փոխարեն թագավոր դարձավ նրա որդի Անոնը։

2. Եվ Դավիթն ասաց. «Մարդասիրություն անեմ Նաասի որդի Անոնին, ինչպես որ նրա հայրը մարդասիրություն արեց ինձ»։ Եվ Դավիթն իր ծառաներին ուղարկեց նրա մոտ, որ նրան մխիթարեն իր հոր համար, և Դավթի ծառաները գնացին Ամմոնի որդիների երկիրը։

3. Եվ Ամմոնի որդիների իշխաններն ասացին իրենց տեր Անոնին. «Մի՞թե Դավիթը քո առաջ քո հորը մեծարելու համար է մխիթարողներ ուղարկել քեզ մոտ։ Չէ՞ որ Դավիթն իր ծառաներին քեզ մոտ է ուղարկել՝ քաղաքն իրենց աչքով տեսնելու, լրտեսելու և այն կործանելու համար»։

4. Եվ Անոնը Դավթի ծառաներին վերցրեց, ածիլել տվեց նրանց մորուքների կեսը, նրանց հանդերձների կեսն էլ կտրել տվեց մինչև իրենց նստելատեղը և ետ ուղարկեց նրանց։

5. Այս բանը պատմեցին Դավթին, և նա մարդ ուղարկեց նրանց դիմավորելու, որովհետև այդ մարդիկ խիստ արհամարհվել էին, և թագավորն ասաց. «Մնացե՛ք Երիքովում, մինչև որ ձեր մորուքներն աճեն, և հետո վերադարձե՛ք»։

6. Եվ երբ Ամմոնի որդիները տեսան, որ իրենք ատելի դարձան Դավթի համար, Ամմոնի որդիները մարդ ուղարկեցին և քսան հազար հետևակ վարձեցին Բեթրոբի ասորիներից ու Սուբայի ասորիներից, հազար մարդ՝ Մաաքայի թագավորից և տասներկու հազար մարդ՝ Իստովբից։

7. Երբ Դավիթը լսեց այդ, Հովաբին և բոլոր քաջ մարդկանց ուղարկեց։

8. Եվ Ամմոնի որդիները դուրս եկան և քաղաքի դռան առաջ կարգով շարվեցին պատերազմելու, իսկ Սուբայի և Րոոբի ասորիները և Իստովբն ու Մաաքան առանձին կանգնել էին դաշտում։

9. Երբ Հովաբը տեսավ, որ պատերազմն իր վրա է հասնում առջևից ու ետևից, Իսրայելի բոլոր ընտիր մարդկանցից ընտրեց և ասորիների դեմ պատերազմի շարեց։

10. Եվ մնացած զորքը հանձնեց իր եղբայր Աբեսսային, որ Ամմոնի որդիների դեմ շարի։

11. Հովաբն ասաց. «Եթե ասորիներն ինձ հաղթելու լինեն, օգնության կհասնես ինձ, իսկ եթե Ամմոնի որդիները քեզ հաղթելու լինեն, ես քեզ օգնության կհասնեմ։

12. Քաջասի՛րտ եղիր, արիանանք մեր ժողովրդի համար և մեր Աստծու քաղաքների համար, և թող Տերը անի այն, ինչ հաճելի է իր աչքին»։

13. Եվ Հովաբն իր հետ եղած զորքով մոտեցավ ասորիներին, որպեսզի պատերազմի նրանց դեմ, և նրանք փախան նրա առաջից։

14. Երբ Ամմոնի որդիները տեսան, որ ասորիները փախչում են, իրենք էլ փախան Աբեսսայի առաջից և մտան քաղաք։ Եվ Հովաբը Ամմոնի որդիների մոտից վերադարձավ և եկավ Երուսաղեմ։

15. Երբ ասորիները տեսան, որ իրենք ջախջախվեցին Իսրայելի առաջ, հավաքվեցին մեկտեղ։

16. Եվ Ադրաազարը մարդ ուղարկեց և ոտքի հանեց գետի այն կողմը եղած ասորիներին, ու եկան Էլամ, և Ադրաազարի զորապետ Սովբակը առաջնորդեց նրանց։

17. Երբ Դավթին հայտնեցին, նա հավաքեց ամբողջ Իսրայելին, անցավ Հորդանանը և հասավ Էլամ. ասորիները շարեցին իրենց գնդերը Դավթի դեմ և նրա դեմ պատերազմեցին։

18. Եվ ասորիները փախան Իսրայելի առաջից. և Դավիթը յոթ հարյուր կառք վարող ու քառասուն հազար ձիավոր կոտորեց ասորիներից և զարկեց նրանց զորապետ Սովբակին, որը այնտեղ էլ մեռավ։

19. Եվ Ադրաազարին հպատակ բոլոր թագավորները, երբ տեսան, որ հաղթվեցին Իսրայելի առաջ, հաշտություն կնքեցին Իսրայելի հետ և դարձան նրա ծառաները, իսկ ասորիները դրանից հետո վախենում էին օգնել Ամմոնի որդիներին։

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11

1. Հետևյալ տարի՝ թագավորների պատերազմի դուրս գալու ժամանակ, Դավիթը Հովաբին և նրա հետ իր ծառաներին ու բոլոր իսրայելացիներին ուղարկեց, որոնք կոտորեցին ամմոնացիներին և պաշարեցին Ռաբբան. բայց Դավիթը մնացել էր Երուսաղեմում։

2. Մի օր՝ երեկոյան դեմ, Դավիթը, ելնելով իր անկողնուց, ման էր գալիս պալատի տանիքի վրա և տանիքից տեսավ, որ մի կին լվացվում էր, և այդ կինը տեսքով շատ գեղեցիկ էր։

3. Դավիթը մարդ ուղարկեց ու հարցուփորձ արեց այդ կնոջ մասին. և ասացին. «Դա Բերսաբեն է՝ Էլիամի աղջիկը, քետացի Ուրիայի կինը»։

4. Եվ Դավիթը պատգամաբերներ ուղարկեց և վերցրեց նրան, ու կինը եկավ նրա մոտ, և Դավիթը պառկեց նրա հետ. և կինը նոր էր մաքրվել իր դաշտանից. նա վերադարձավ իր տուն։

5. Կինը հղիացավ և մարդ ուղարկեց ու Դավթին հաղորդեց՝ ասելով. «Ես հղի եմ»։

6. Դավիթը մարդ ուղարկեց Հովաբի մոտ՝ ասելով. «Քետացի Ուրիային ուղարկի՛ր ինձ մոտ»։ Եվ Հովաբը Ուրիային ուղարկեց Դավթի մոտ։

7. Երբ Ուրիան եկավ նրա մոտ, Դավիթը հարցրեց Հովաբի որպիսության և զորքի որպիսության ու պատերազմի վիճակի մասին։

8. Դավիթն ասաց Ուրիային. «Իջի՛ր քո տուն և ոտքերդ լվա՛»։ Եվ երբ Ուրիան դուրս եկավ թագավորի պալատից, թագավորն էլ նրա հետևից պարգև ուղարկեց։

9. Բայց Ուրիան թագավորի պալատի դռանը քնեց իր տիրոջ բոլոր ծառաների հետ և չգնաց իր տուն։

10. Դավթին հաղորդեցին՝ ասելով, որ Ուրիան չի գնացել իր տուն։ Եվ Դավիթն ասաց Ուրիային. «Չէ՞ որ դու ճանապարհից ես եկել, ինչո՞ւ չես իջել քո տուն»։

11. Ուրիան ասաց Դավթին. «Տապանակը և Իսրայելը և Հուդան վրաններում են բնակվում, և իմ տերը՝ Հովաբը, և իմ տիրոջ ծառաները գտնվում են բաց դաշտում, և ես գնամ իմ տո՞ւն՝ ուտելու, խմելու և կնոջս հետ պառկելու։ Երդվում եմ քո կյանքով, որ ես այդ բանը չեմ անի»։

12. Դավիթն ասաց Ուրիային. «Այսօր էլ մնա՛ այստեղ, և վաղը կճանապարհեմ քեզ»։ Եվ Ուրիան այդ օրը և հաջորդ օրը մնաց Երուսաղեմում։

13. Դավիթը կանչեց նրան, և Ուրիան կերավ ու խմեց նրա առաջ. Դավիթը հարբեցրեց նրան, և նա երեկոյան դուրս եկավ ու գնաց իր անկողնում քնելու իր տիրոջ ծառաների հետ և չգնաց իր տուն։

14. Առավոտյան Դավիթը մի նամակ գրեց Հովաբին և Ուրիայի ձեռքով ուղարկեց։

15. Նամակի մեջ գրեց. «Ուրիային դրե՛ք սաստիկ պատերազմի առջևի կողմը, և դուք ե՛տ քաշվեք նրանից, որ նրան զարկեն, և սպանվի»։

16. Երբ Հովաբը պաշարել էր քաղաքը, Ուրիային դրեց այնտեղ, ուր գիտեր, որ կային զորավոր մարդիկ։

17. Մարդիկ դուրս եկան այդ քաղաքից և պատերազմեցին Հովաբի դեմ, և զորքից ու Դավթի ծառաներից մարդիկ ընկան. քետացի Ուրիան էլ սպանվեց։

18. Հովաբը մարդ ուղարկեց և Դավթին պատմեց պատերազմի բոլոր եղելությունները։

19. Եվ պատվիրեց պատգամաբերին՝ ասելով. «Երբ որ պատերազմի բոլոր եղելությունները պատմես թագավորին ու վերջացնես,

20. և եթե թագավորի բարկությունը բորբոքվի, ու քեզ ասի. “Ինչո՞ւ մոտեցաք քաղաքին պատերազմելու, չգիտեի՞ք, որ պարսպի վրայից նետեր կարձակեն։

21. Ո՞վ սպանեց Հերոբեսեթի որդի Աբիմելեքին։ Չէ՞ որ մի կին նրա վրա պարսպի վրայից երկանաքարի մի կտոր գցեց, և նա մեռավ Թեբեսում։ Ինչո՞ւ մոտեցաք պարսպին”, դու էլ կասես. “Քո ծառա քետացի Ուրիան էլ է մեռել”»։

22. Եվ պատգամաբերը գնաց ու Դավթին պատմեց այն ամենը, ինչի համար Հովաբը ուղարկել էր նրան։

23. Եվ պատգամաբերն ասաց Դավթին. «Այդ մարդիկ մեզ գերազանցեցին և դաշտ դուրս եկան մեր դեմ, բայց մենք նրանց հալածեցինք մինչև քաղաքի դուռը.

24. և աղեղնավորները պարսպի վրայից նետեր արձակեցին քո ծառաների վրա, և թագավորի ծառաներից մեռան, և քո ծառա քետացի Ուրիան էլ է մեռել»։

25. Եվ Դավիթը պատգամաբերին ասաց. «Այսպես կասես Հովաբին. “Թող այդ բանը չար չթվա քո աչքին, որովհետև սուրը մերթ այսպես է հարվածում, մերթ՝ այնպես։ Սաստկացրո՛ւ պատերազմը քաղաքի դեմ և քանդի՛ր այն”։ Իսկ դու քաջալերի՛ր նրան»։

26. Եվ Ուրիայի կինը լսեց, որ իր մարդը՝ Ուրիան, մեռել է, և սուգ արեց իր մարդու համար։

27. Եվ երբ սուգն անցավ, Դավիթը մարդ ուղարկեց, նրան իր տուն բերել տվեց, և նա դարձավ նրա կինը ու նրա համար որդի ծնեց։ Բայց այս բանը, որ արեց Դավիթը, Տիրոջ աչքին չար երևաց։

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12

1. Եվ Տերը Նաթանին ուղարկեց Դավթի մոտ, և նա եկավ նրա մոտ ու ասաց նրան. «Երկու մարդ կար մի քաղաքում. մեկը՝ հարուստ, իսկ մյուսը՝ աղքատ։

2. Հարուստը չափազանց շատ հոտեր ու արջառներ ուներ։

3. Իսկ աղքատը ոչինչ չուներ, բացի մի էգ գառնուկից, որը ծախու էր առել ու պահում էր։ Գառնուկը մեծացավ նրա հետ և նրա որդիների հետ միասին. ուտում էր նրա պատառից և նրա բաժակից խմում, քնում էր նրա ծոցում և նրա համար աղջկա պես էր։

4. Եվ այդ հարուստի մոտ մի անցորդ եկավ, բայց նա չուզեց իր հոտերից ու արջառներից վերցնել, որ կերակուր պատրաստեր իր մոտ եկած ճանապարհորդի համար, այլ վերցրեց այն աղքատ մարդու գառը և կերակուր պատրաստեց իր մոտ եկած մարդու համար»։

5. Դավիթը խիստ բարկացավ այդ մարդու վրա և ասաց Նաթանին. «Կենդանի է Տերը, որ այդ բանն անող մարդը արժանի է մահվան։

6. Եվ այդ գառան համար պետք է քառապատիկ հատուցի, որովհետև նա արեց այդ բանը, քանի որ գութ չունեցավ»։

7. Այն ժամանակ Նաթանն ասաց Դավթին. «Այն մարդը դու ես։ Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես քեզ թագավոր օծեցի Իսրայելի վրա և ես քեզ ազատեցի Սավուղի ձեռքից.

8. քեզ տվեցի քո տիրոջ տունը և քո ծոցը դրեցի քո տիրոջ կանանց և քեզ տվեցի Իսրայելի և Հուդայի տունը, և եթե այս բոլորը քիչ էին, այն ժամանակ կրկնակին կավելացնեի։

9. Ինչո՞ւ անարգեցիր Տիրոջ խոսքը և չարիք գործեցիր նրա աչքի առաջ. սրով սպանեցիր քետացի Ուրիային և նրա կնոջը քեզ համար կին առար, իսկ նրան սպանեցիր Ամմոնի որդիների սրով։

10. Եվ ահա սուրը հավիտյան չի հեռանա քո տանից, քանի որ անարգեցիր ինձ և քետացի Ուրիայի կնոջն առար, որ քեզ համար կին լինի”։

11. Այսպես է ասում Տերը. “Ահա ես չարիք եմ հարուցելու քո դեմ՝ քո տանից, քո աչքի առաջ պիտի վերցնեմ քո կանանց և պիտի տամ քո մերձավորին, և նա պիտի պառկի քո կանանց հետ այս արեգակի առաջ։

12. Թեև դու ծածուկ արեցիր, բայց ես այս բանը պիտի անեմ ամբողջ Իսրայելի առաջ և արեգակի առաջ”»։

13. Եվ Դավիթն ասաց Նաթանին. «Մեղանչել եմ Տիրոջ դեմ»։ Եվ Նաթանն ասաց Դավթին. «Տերը ներեց քո մեղքը. դու չես մեռնի,

14. բայց որովհետև այդ արարքով Տիրոջ թշնամիներին առիթ տվեցիր Տիրոջը հայհոյելու, ապա այն որդին, որ պիտի ծնվի քեզ համար, մեռնելու է»։

15. Եվ Նաթանը գնաց իր տուն։ Եվ Տերը հարվածեց այն մանկանը, որ Ուրիայի կինը ծնեց Դավթի համար, ու նա հիվանդացավ։

16. Դավիթը երեխայի համար աղաչեց Աստծուն. Դավիթը ծոմ պահեց և գնաց գիշերն անցկացրեց գետնին պառկած։

17. Եվ նրա տան մեծավորները գնացին նրա մոտ, որ նրան բարձրացնեն գետնից, բայց նա չուզեց և նրանց հետ հաց չկերավ։

18. Յոթերորդ օրը երեխան մեռավ, իսկ Դավթի ծառաները վախենում էին նրան ասել, թե երեխան մեռել է, որովհետև ասում էին. «Քանի դեռ երեխան կենդանի էր, մենք խոսեցինք նրա հետ, բայց նա մեր խոսքը չլսեց. հապա ինչպե՞ս նրան ասենք. “Երեխան մեռել է”, որ մի վատ բան չանի»։

19. Եվ Դավիթը տեսավ, որ իր ծառաները շշուկով խոսում են իրար հետ, և Դավիթը հասկացավ, որ երեխան մեռել է. և Դավիթն ասաց իր ծառաներին. «Արդյոք երեխան մեռե՞լ է»։ Եվ նրանք ասացին. «Մեռել է»։

20. Եվ Դավիթը վեր կացավ գետնից, լվացվեց և օծվեց, փոխեց իր հագուստները և գնաց Տիրոջ տուն ու երկրպագեց, հետո գնաց իր տուն և ուզեց ուտել. նրա առաջ հաց դրեցին, և նա կերավ։

21. Եվ նրա ծառաներն ասացին նրան. «Այս ի՞նչ բան արեցիր. քանի դեռ երեխան կենդանի էր, ծոմ էիր պահում և լաց լինում, բայց երբ որ երեխան մեռավ, վեր կացար և հաց կերար»։

22. Եվ նա ասաց. «Քանի դեռ երեխան կենդանի էր, ծոմ էի պահում և լաց էի լինում, որովհետև մտածում էի. “Ո՜վ գիտի, գուցե Տերը գթա ինձ, և մանուկը ապրի”։

23. Բայց հիմա, երբ երեխան մեռել է, էլ ես ինչո՞ւ ծոմ պահեմ. կարո՞ղ եմ նրան կրկին ետ դարձնել. ես ինքս եմ գնալու նրա մոտ, իսկ նա ետ չի դառնալու ինձ մոտ»։

24. Դավիթը մխիթարեց Բերսաբեին՝ իր կնոջը, և մտավ նրա մոտ ու պառկեց նրա հետ, և կինը մի որդի ծնեց, և նրա անունը դրեց Սողոմոն. և Տերը սիրեց նրան։

25. Եվ Նաթան մարգարեի միջոցով պատգամ ուղարկեց, և նրա անունը Հեդիդեա դրեց՝ հանուն Տիրոջ։

26. Հովաբը Ռաբբայում պատերազմում էր Ամմոնի որդիների դեմ և վերցրեց թագավորանիստ քաղաքը։

27. Եվ Հովաբը պատվիրակներ ուղարկեց Դավթի մոտ և ասաց. «Ռաբբայի դեմ պատերազմեցի, ջրերի քաղաքը վերցրի։

28. Հիմա հավաքի՛ր մնացած զորքին, եկ բանա՛կ դիր քաղաքի դեմ և վերցրո՛ւ այն, որպեսզի ես չվերցնեմ քաղաքը, և իմ անունը չհիշվի նրա վրա»։

29. Ուստի Դավիթը հավաքեց ամբողջ ժողովրդին և գնաց Ռաբբա, պատերազմեց նրա դեմ և վերցրեց այն։

30. Եվ նրանց թագավորի գլխից վերցրեց նրա թագը, որի կշիռը մի տաղանդ ոսկի էր, և թանկարժեք քարերով էր զարդարված, և Դավթի գլխին դրվեց. և խիստ շատ ավար բերեց այդ քաղաքից։

31. Նա դուրս հանեց այնտեղ եղած ժողովրդին և սղոցի, երկաթե կամնասայլերի ու երկաթե տապարների գործին դրեց և նրանց աղյուսի հնոցում աշխատեցրեց։ Այսպես արեց Ամմոնի որդիների բոլոր քաղաքների հետ։ Եվ Դավիթն ու ամբողջ զորքը վերադարձան Երուսաղեմ։

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13

1. Դրանից հետո եղավ. Դավթի որդի Աբիսողոմը մի գեղեցիկ քույր ուներ՝ անունը Թամար. Դավթի որդի Ամնոնը սիրեց նրան։

2. Եվ Ամնոնը այնպես էր նեղվում, որ հիվանդացավ իր քույր Թամարի պատճառով, որովհետև նա կույս էր, և Ամնոնին դժվար էր թվում նրա հետ մի բան անել։

3. Բայց Ամնոնը մի ընկեր ուներ, որի անունը Հովնադաբ էր. նա Դավթի եղբայր Սամաայի որդին էր։ Հովնադաբը շատ խորամանկ մարդ էր։

4. Եվ նրան ասաց. «Ինչո՞ւ ես դու այդպես օրեցօր մաշվում, ո՛վ թագավորի որդի, մի՞թե ինձ չես ասելու»։ Եվ Ամնոնն ասաց նրան. «Ես սիրում եմ իմ եղբայր Աբիսողոմի քույր Թամարին»։

5. Հովնադաբն ասաց նրան. «Պառկի՛ր քո անկողնում և քեզ հիվա՛նդ ձևացրու, և երբ հայրդ գա քեզ տեսնելու, դու նրան ասա՛. “Թող իմ քույր Թամարը գա և ինձ հաց ուտեցնի. իմ աչքի առաջ կերակուր պատրաստի, որպեսզի տեսնեմ և ուտեմ նրա ձեռքից”»։

6. Ամնոնը պառկեց ու իրեն հիվանդ ձևացրեց, և թագավորը եկավ նրան տեսնելու։ Եվ Ամնոնն ասաց թագավորին. «Թող իմ քույր Թամարը գա, իմ աչքի առաջ երկու բլիթ շինի, որ ես ուտեմ նրա ձեռքից»։

7. Դավիթը մարդ ուղարկեց տուն՝ Թամարին ասելու. «Գնա՛ քո եղբայր Ամնոնի տուն և նրա համար կերակո՛ւր պատրաստիր»։

8. Թամարը գնաց իր եղբայր Ամնոնի տուն, որտեղ պառկած էր. խմորը վերցրեց, գրտնակեց և բլիթներ շինեց նրա աչքի առաջ ու թխեց բլիթները։

9. Եվ վերցրեց տապակն ու բլիթները դրեց նրա առաջ, բայց նա չուզեց ուտել. և Ամնոնն ասաց. «Բոլոր մարդկանց դո՛ւրս հանեք իմ մոտից». և բոլոր մարդիկ դուրս եկան նրա մոտից։

10. Եվ Ամնոնն ասաց Թամարին. «Կերակուրը բե՛ր սենյակ, որ քո ձեռքից ուտեմ»։ Եվ Թամարը վերցրեց իր պատրաստած բլիթներն ու տարավ սենյակ՝ իր եղբայր Ամնոնի մոտ։

11. Եվ մոտեցրեց նրան, որ ուտի, բայց նա բռնեց նրան և ասաց նրան. «Եկ պառկի՛ր ինձ հետ, քո՛ւյրս»։

12. Թամարն ասաց նրան. «Ո՛չ, եղբա՛յրս, ինձ մի՛ բռնաբարիր, որովհետև Իսրայելում այսպիսի բան չի արվում. մի՛ արա այդ անզգամությունը։

13. Ես ո՞ւր տանեմ իմ նախատինքը, իսկ դու էլ անզգամներից մեկը կլինես Իսրայելում։ Դու հիմա խոսի՛ր թագավորի հետ, և նա չի մերժի ինձ քեզ տալու»։

14. Բայց Ամնոնը չուզեց լսել նրա խոսքը և նրանից ավելի ուժեղ լինելով՝ բռնեց նրան, հարկադրեց նրան և պառկեց նրա հետ։

15. Հետո Ամնոնը շատ մեծ ատելությամբ ատեց նրան, այնպես, որ իր ատելությունը, որով ատում էր նրան, ավելի մեծ էր այն սիրուց, որով առաջ սիրում էր նրան։ Եվ Ամնոնն ասաց նրան. «Վեր կաց գնա՛»։

16. Եվ Թամարն ասաց նրան. «Ինձ դուրս անելով՝ մի՛ դարձիր ավելի մեծ չարիքի պատճառ, քան այն, որ արեցիր ինձ հետ»։ Բայց Ամնոնը չուզեց լսել նրան։

17. Նա կանչեց իր սպասավոր երիտասարդին և ասաց. «Դո՛ւրս արա սրան իմ մոտից և դուռը կողպի՛ր նրա ետևից»։

18. Թամարի վրա գունագեղ պատմուճան կար, որովհետև թագավորի կույս աղջիկները այդպիսի պատմուճաններ էին հագնում։ Եվ Ամնոնի սպասավորը նրան դուրս արեց ու դուռը կողպեց ետևից։

19. Թամարը մոխիր վերցրեց, ցանեց իր գլխին, պատառոտեց իր վրայի գունագեղ պատմուճանը և իր ձեռքերն իր գլխին դրած՝ գնում էր ու լաց լինում։

20. Եվ նրա եղբայր Աբիսողոմն ասաց նրան. «Մի՞թե Ամնոնը՝ քո եղբայրը, եղավ քեզ հետ։ Քո՛ւյր իմ, լո՛ւռ մնա, նա քո եղբայրն է, և այս բանն էլ հոգս մի՛ դարձրու սրտիդ համար»։ Եվ Թամարը անմխիթար բնակվեց իր եղբայր Աբիսողոմի տանը։

21. Եվ Դավիթ թագավորը լսեց այս բոլոր բաները և շատ բարկացավ։

22. Աբիսողոմը չէր խոսում Ամնոնի հետ՝ ո՛չ վատ և ո՛չ լավ, որովհետև Աբիսողոմն ատում էր Ամնոնին այն բանի համար, որ նա բռնաբարել էր իր քույր Թամարին։

23. Երկու տարի անցնելուց հետո, երբ Եփրեմի երկրին մոտիկ Բաաղհասորում Աբիսողոմի ոչխարի խուզն էր, Աբիսողոմը հրավիրեց թագավորի բոլոր որդիներին։

24. Աբիսողոմը եկավ թագավորի մոտ և ասաց. «Ահա խուզում են քո ծառայի ոչխարները. խնդրում եմ, որ թագավորը և իր ծառաները գնան ծառայիդ հետ»։

25. Եվ թագավորն ասաց Աբիսողոմին. «Ո՛չ, որդի՛ս, թող բոլորս չգնանք ու բեռ չդառնանք քեզ վրա»։ Աբիսողոմը ստիպեց նրան, բայց թագավորը չուզեց գնալ և օրհնեց նրան։

26. Եվ Աբիսողոմն ասաց. «Այդ դեպքում գոնե թող իմ եղբայր Ամնոնը գա մեզ հետ»։ Եվ թագավորն ասաց նրան. «Ինչի՞ համար նա գա քեզ հետ»։

27. Բայց Աբիսողոմը ստիպեց նրան, և Դավիթը նրա հետ ուղարկեց Ամնոնին ու թագավորի բոլոր որդիներին։

28. Եվ Աբիսողոմը հրամայեց իր երիտասարդներին՝ ասելով. «Նայե՛ք, հենց որ Ամնոնի սիրտը զվարթանա գինով, և ես ձեզ ասեմ՝ “Խփե՛ք Ամնոնին”, սպանե՛ք նրան, մի՛ վախեցեք. չէ՞ որ ես եմ հրամայում ձեզ, զորացե՛ք և քաջասի՛րտ եղեք»։

29. Եվ Աբիսողոմի երիտասարդները Ամնոնին արեցին այն, ինչ հրամայել էր Աբիսողոմը. և թագավորի որդիները վեր կացան, ամեն մեկը հեծնեց իր ջորին և փախավ։

30. Նրանք դեռ ճանապարհին էին, լուրը հասավ Դավթին. ասացին, թե Աբիսողոմը կոտորել է թագավորի բոլոր որդիներին, և նրանցից ոչ մեկն էլ չի մնացել։

31. Եվ թագավորը վեր կացավ, պատառոտեց իր հանդերձներն ու գետնին պառկեց։ Եվ նրա բոլոր ծառաները կանգնել էին շուրջը՝ հանդերձները պատառոտած։

32. Բայց Հովնադաբը՝ Դավթի եղբայր Սամաայի որդին, ասաց. «Թող իմ տերը չմտածի, թե սպանել են բոլոր երիտասարդներին՝ թագավորի որդիներին, քանի որ միայն Ամնոնն է մեռել, որովհետև Աբիսողոմի խոսքով որոշված էր այն օրից, երբ Ամնոնը բռնաբարեց նրա քրոջը՝ Թամարին։

33. Եվ հիմա թող իմ տեր թագավորը սրտին մոտ չընդունի այս բանը՝ կարծելով, թե թագավորի բոլոր որդիները մեռան, քանի որ միայն Ամնոնն է մեռել»։

34. Աբիսողոմը փախավ։ Եվ երբ դետ երիտասարդը բարձրացրեց աչքերը և նայեց, տեսավ, որ շատ ժողովուրդ է գալիս ետևի ճանապարհով՝ սարի մոտով։

35. Եվ Հովնադաբն ասաց թագավորին. «Ահա եկան թագավորի որդիները. ինչպես քո ծառայի խոսքն էր, այդպես էլ եղավ»։

36. Եվ հենց որ նա վերջացրեց խոսքը, ահա եկան թագավորի որդիները. բարձրացրին իրենց ձայնը և լաց եղան։ Եվ թագավորն էլ և իր բոլոր ծառաները մեծ դառնությամբ լաց եղան։

37. Աբիսողոմը փախավ և գնաց Գեսուրի թագավոր Ամիհուդի որդի Թոլմիի մոտ։ Եվ Դավիթն ամեն օր սուգ էր անում իր որդու համար։

38. Իսկ Աբիսողոմը փախավ գնաց Գեսուր և երեք տարի մնաց այնտեղ։

39. Դավիթ թագավորը փափագում էր գնալ Աբիսողոմի մոտ, որովհետև մխիթարվել էր մեռած Ամնոնի համար։

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14

1. Շարուհեայի որդի Հովաբն իմացավ, որ թագավորի սիրտը դարձել է դեպի Աբիսողոմը։

2. Հովաբը մարդ ուղարկեց Թեկուե և այնտեղից մի խելացի կին վերցրեց ու ասաց նրան. «Խնդրում եմ, քեզ սգավո՛ր ձևացրու և սգո զգե՛ստ հագիր, յուղով մի՛ օծվիր և դարձի՛ր մի այնպիսի կին, որ շատ օրերից ի վեր սգավոր է իր մեռելի համար։

3. Գնա՛ թագավորի մոտ և նրա հետ այսպե՛ս խոսիր». և Հովաբը նրա բերանը խոսքեր դրեց։

4. Թեկուացի կինը եկավ թագավորի մոտ, երեսնիվայր ընկավ գետին, երկրպագեց և ասաց. «Օգնի՛ր, թագավո՛ր»։

5. Թագավորն ասաց նրան. «Ի՞նչ է պատահել քեզ»։ Կինն ասաց. «Ես որբևայրի կին եմ, ամուսինս մեռել է։

6. Քո աղախինը երկու որդի ուներ. երկուսը կռիվ արին դաշտում, և նրանց բաժանող չկար, և մեկը զարկեց մյուսին ու սպանեց նրան։

7. Ահա ամբողջ ազգատոհմը վեր է կացել քո աղախնի դեմ, և ասում են. “Տո՛ւր իր եղբորը սպանողին, որ մենք սպանենք նրան իր եղբոր անձի փոխարեն, որին նա սպանեց, և ժառանգին էլ վերացնենք”։ Նրանք ուզում են իմ այն կայծն էլ հանգցնել, որ մնացել է ինձ համար, չթողնելով իմ մարդու համար ո՛չ անուն և ո՛չ էլ հետնորդ երկրի երեսին»։

8. Թագավորն ասաց կնոջը. «Գնա՛ քո տուն, ես կպատվիրեմ քո մասին»։

9. Թեկուացի կինն ասաց թագավորին. «Ինձ վրա թող լինի հանցանքը, ո՜վ տեր թագավոր, իմ և իմ հոր տան վրա լինի, և անպարտ լինեն թագավորն ու նրա աթոռը»։

10. Թագավորն ասաց. «Եթե քեզ բան ասող լինի, նրան բե՛ր ինձ մոտ, և այլևս քեզ չի դիպչի»։

11. Կինն ասաց. «Աղաչում եմ, թող թագավորը հիշի իր Տեր Աստծուն, որ ապականելու համար չշատանան արյան վրեժխնդիրները և չսպանեն իմ որդուն»։ Եվ թագավորն ասաց. «Կենդանի է Տերը, որ քո որդու գլխից մի մազ էլ գետին չի ընկնի»։

12. Այն ժամանակ կինն ասաց. «Թող քո աղախինը մի խոսք էլ խոսի իր տեր թագավորի հետ»։ Եվ նա ասաց. «Խոսի՛ր»։

13. Եվ կինն ասաց. «Հապա ինչո՞ւ ես այդպիսի բան ծրագրում Աստծու ժողովրդի դեմ. և այս բանը խոսելով՝ թագավորն իրեն հանցավոր է դարձնում, քանի որ չի վերադարձնում իր աքսորածին։

14. Մենք անշուշտ պիտի մեռնենք, ինչպես գետնին թափված ջուրը, որ էլ չի հավաքվելու։ Բայց Աստված չի ուզում հոգին առնել, այլ միջոցներ է խորհում, որ իրենից աքսորվածը աքսորված չմնա։

15. Եվ հիմա եկա այս խոսքը իմ տեր թագավորի հետ խոսելու, որովհետև ժողովուրդը վախեցնում է ինձ, և քո աղախինը մտածեց. “Կխոսեմ թագավորի հետ, գուցե թագավորը կատարի իր աղախնի խնդրանքը”։

16. Քանզի թագավորը պիտի լսի և իր աղախնին ազատի այն մարդու ձեռքից, որն ուզում է ինձ ու իմ որդուն ոչնչացնել Աստծու ժառանգությունից։

17. Եվ քո աղախինը մտածեց. “Թող իմ տեր թագավորի խոսքը մխիթարություն լինի, որովհետև իմ տեր թագավորը նման է Աստծու հրեշտակի, որը հասկանում է ամեն բան՝ բարին և չարը, և թող քո Տեր Աստվածը քեզ հետ լինի”»։

18. Թագավորը պատասխանեց և ասաց այդ կնոջը. «Ինձնից ոչ մի բան մի՛ թաքցրու, ինչ հարցնեմ քեզ»։ Եվ կինն ասաց. «Թող իմ տեր թագավորը հարցնի»։

19. Եվ թագավորն ասաց. «Արդյոք այս բոլոր բաների մեջ խառը չէ՞ Հովաբի ձեռքը»։ Եվ կինը պատասխանեց ու ասաց. «Կենդանի է քո անձը, տե՛ր իմ թագավոր, որ ոչ ոք չի խոտորվի աջ կամ ձախ այն ամենից, ինչ ասաց իմ տեր թագավորը, որովհետև քո ծառա Հովաբն է ինձ պատվիրել, և նա է այս բոլոր խոսքերը դրել քո աղախնի բերանը։

20. Քո ծառա Հովաբն այս բանն արել է գործի ընթացքը փոխելու նպատակով։ Սակայն իմ տերը իմաստուն է Աստծու հրեշտակի իմաստնության նման, և նա իմանում է ամեն բան, ինչ կա երկրի վրա»։

21. Ապա թագավորն ասաց Հովաբին. «Ահա այս բանն արեցի. գնա՛ և ե՛տ բեր Աբիսողոմ պատանուն»։

22. Եվ Հովաբը երեսի վրա ընկավ գետին, երկրպագեց և օրհնեց թագավորին. և Հովաբն ասաց. «Այսօր քո ծառան իմացավ, որ շնորհ եմ գտել քո աչքի առաջ, տե՛ր իմ արքա, քանի որ թագավորը կատարեց իր ծառայի խոսքը»։

23. Եվ Հովաբը վեր կացավ, գնաց Գեսուր և Աբիսողոմին բերեց Երուսաղեմ։

24. Եվ թագավորն ասաց. «Թող նա վերադառնա իր տուն և իմ երեսը չտեսնի»։ Եվ Աբիսողոմը վերադարձավ իր տուն և թագավորի երեսը չտեսավ։

25. Ամբողջ Իսրայելում Աբիսողոմի պես գեղեցիկ մարդ չկար. նրան շատ էին գովում. ոտքի թաթից մինչև գլխի գագաթը նա ոչ մի արատ չուներ։

26. Երբ նա ածիլում էր իր մազերը (նա ամեն տարվա վերջին ածիլում էր մազերը, որովհետև ծանր էին լինում նրա համար), նրա գլխից կտրած մազերի ծանրությունը լինում էր երկու հարյուր սիկղ՝ թագավորական կշեռքով կշռած։

27. Եվ Աբիսողոմին ծնվեցին երեք որդի և մեկ աղջիկ՝ անունը Թամար, որը տեսքով գեղեցիկ կին էր։

28. Եվ Աբիսողոմը երկու տարի մնաց Երուսաղեմում, բայց թագավորի երեսը չտեսավ։

29. Հետո Աբիսողոմը մարդ ուղարկեց Հովաբի մոտ, որ նրան ուղարկի թագավորի մոտ, բայց Հովաբը չուզեց գնալ նրա մոտ։ Նա երկրորդ անգամ էլ ուղարկեց, բայց նա չուզեց գնալ։

30. Նա ասաց իր ծառաներին. «Տեսե՛ք, Հովաբի արտը իմ արտի մոտ է, նա այնտեղ գարի ունի. գնացե՛ք և կրակի՛ տվեք այն»։ Եվ Աբիսողոմի ծառաները արտը կրակի տվեցին։

31. Եվ Հովաբը վեր կացավ, գնաց Աբիսողոմի տուն և ասաց նրան. «Ինչո՞ւ են քո ծառաները իմ արտը կրակի տվել»։

32. Եվ Աբիսողոմը պատասխանեց Հովաբին. «Ահա քեզ մոտ մարդ ուղարկեցի և ասացի. “Ե՛կ այստեղ”, որ քեզ ուղարկեմ թագավորի մոտ, որ նրան ասես. “Ես ինչո՞ւ եկա Գեսուրից, որ ինձ համար ավելի լավ կլիներ, որ դեռ այնտեղ լինեի. հիմա ես ուզում եմ տեսնել թագավորի երեսը, և եթե ես հանցանք ունեմ, թող այն ժամանակ ինձ սպանի”»։

33. Հետո Հովաբը գնաց թագավորի մոտ ու նրան պատմեց, և նա կանչեց Աբիսողոմին։ Նա եկավ թագավորի մոտ, երկրպագեց նրան՝ մինչև գետին խոնարհվելով նրա առաջ, և թագավորը համբուրեց Աբիսողոմին։

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15

1. Դրանից հետո Աբիսողոմն իր համար կառքեր ու ձիեր և իր առջևից վազող հիսուն սուրհանդակներ պատրաստեց։

2. Աբիսողոմը կանուխ վեր էր կենում ու կանգնում դռան ճանապարհին, և երբ դատ ունեցող ամեն մարդ գալիս էր, որ գնա թագավորի մոտ դատաստանի, Աբիսողոմը նրան կանչում էր իր մոտ և ասում. «Դու ո՞ր քաղաքից ես», և նա ասում էր. «Քո ծառան Իսրայելի ցեղերից մեկից է»,

3. Աբիսողոմը նրան ասում էր. «Տե՛ս, քո պահանջները բարի և արդար են, բայց թագավորի կողմից նշանակված մեկը չկա, որ քեզ լսի»։

4. Եվ Աբիսողոմն ասում էր. «Երանի թե ինձ դատավոր դնեին այս երկրում, և ով վեճ ու դատ ունենար, գար ինձ մոտ, և ես նրա իրավունքը կպաշտպանեի»։

5. Եվ երբ երկրպագելու համար մարդ էր մոտենում նրան, նա մեկնում էր իր ձեռքը, բռնում էր և համբուրում նրան։

6. Եվ Աբիսողոմն այսպես էր անում իսրայելացի ամեն մեկի հետ, ով դատվելու համար գալիս էր թագավորի մոտ. և Աբիսողոմը Իսրայելի մարդկանց սրտերը շահեց։

7. Քառասուն տարի անցնելուց հետո Աբիսողոմն ասաց թագավորին. «Թող գնամ Քեբրոնում կատարեմ իմ ուխտը, որ խոստացել եմ Տիրոջը,

8. քանզի ես՝ քո ծառան, երբ բնակվում էի ասորիների Գեսուրում, ուխտ եմ արել՝ ասելով. “Եթե Տերն ինձ վերադարձնի Երուսաղեմ, ես ծառայելու եմ Տիրոջը”»։

9. Թագավորն ասաց նրան. «Գնա՛ խաղաղությամբ»։ Եվ նա վեր կացավ ու գնաց Քեբրոն։

10. Բայց Աբիսողոմը լրտեսներ ուղարկեց Իսրայելի բոլոր ցեղերի մոտ՝ ասելով. «Երբ փողի ձայն լսեք, ասացե՛ք. “Աբիսողոմը թագավոր դարձավ Քեբրոնում”»։

11. Եվ Աբիսողոմի հետ Երուսաղեմից հրավիրված երկու հարյուր մարդ էր գնացել. նրանք գնացել էին միամտությամբ և ոչինչ չգիտեին։

12. Աբիսողոմը զոհերը մատուցելիս մարդ ուղարկեց Դավթի խորհրդական գեղոնացի Աքիտոփելի մոտ և նրան բերել տվեց Գեղոն քաղաքից։ Դավաճանությունը հզորանում էր, և ժողովուրդը գնալով շատանում էր Աբիսողոմի մոտ։

13. Մի լրաբեր եկավ Դավթի մոտ և ասաց. «Իսրայելի մարդկանց սիրտը Աբիսողոմի հետ է»։

14. Այն ժամանակ Դավիթն իր բոլոր ծառաներին, որոնք իր հետ Երուսաղեմում էին, ասաց. «Վե՛ր կացեք փախչենք, որովհետև մեզ համար Աբիսողոմի ձեռքից ազատություն չի լինի. շտապե՛ք գնալու, գուցե թե նա շուտով հասնի մեզ և չարիք բերի մեր գլխին ու մեր քաղաքը սրի մատնի»։

15. Թագավորի ծառաներն ասացին թագավորին. «Ամեն ինչի, որ բարեհաճում է մեր տեր թագավորը, ահա մենք՝ քո ծառաները, պատրաստ ենք»։

16. Թագավորը դուրս եկավ, և նրա ամբողջ տունը՝ նրա ետևից, և թագավորը տասը հարճ կին թողեց տունը պահելու համար։

17. Թագավորը դուրս եկավ, և ամբողջ ժողովուրդը՝ նրա ետևից, և կանգ առան Բեթ-Համերհագում*։

18. Եվ նրա բոլոր ծառաներն անց էին կենում նրա կողքով. բոլոր քերեթիները և բոլոր փելեթիները, բոլոր գեթացիները՝ վեց հարյուր մարդ, որոնք Գեթից եկել էին նրա ետևից, անցնում էին թագավորի առջևից։

19. Եվ թագավորն ասաց գեթացի Եթթիին. «Ինչո՞ւ ես դու էլ գալիս մեզ հետ. ե՛տ դարձիր և մնա՛ թագավորի մոտ, որովհետև դու օտարական և տարագիր ես քո տեղում։

20. Քո գալը դեռ երեկ էր, մի՞թե այսօր քեզ տեղից հանեմ, որ գաս մեզ հետ. թող ես գնամ, ուր որ գնում եմ, դու ե՛տ դարձիր և քո եղբայրներին էլ ե՛տ դարձրու. թող ողորմածություն և ճշմարտություն լինի քեզ հետ»։

21. Եթթին պատասխանեց թագավորին և ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է իմ տեր թագավորը, որ այնտեղ, ուր լինի իմ տեր թագավորը՝ թե՛ մեռած և թե՛ կենդանի, քո ծառան էլ այնտեղ պիտի լինի»։

22. Դավիթն ասաց Եթթիին. «Եկ անցի՛ր»։ Եվ գեթացի Եթթին գնաց իր հետ եղած բոլոր մարդկանց ու նրանց բոլոր երեխաների հետ։

23. Եվ ամբողջ երկիրը լաց էր լինում բարձր ձայնով, մինչ անց էր կենում ամբողջ ժողովուրդը. թագավորն անց կացավ Կեդրոնի հեղեղատով, և ամբողջ ժողովուրդն անց էր կենում անապատ տանող ճանապարհով։

24. Ահա և երևաց Սադովկը, և նրա հետ՝ բոլոր ղևտացիները, որ տանում էին Աստծու ուխտի տապանակը. և նրանք կանգնեցրին Աստծու տապանակը, իսկ Աբիաթարը վեր գնաց*, մինչև որ ամբողջ ժողովուրդը դուրս եկավ քաղաքից։

25. Եվ թագավորն ասաց Սադովկին. «Աստծու տապանակը վերադարձրո՛ւ քաղաք. եթե ես շնորհ եմ գտել Տիրոջ աչքի առաջ, նա ետ կդարձնի ինձ և ինձ տեսնել կտա այն ու նրա բնակարանը։

26. Բայց եթե նա այսպես ասի, թե՝ “Ես քեզ չեմ հավանում”, ահա ես. թող նա ինձ անի այն, ինչ հաճելի է իր աչքին»։

27. Թագավորը նաև ասաց Սադովկ քահանային. «Ո՛վ տեսանող, խաղաղությամբ վերադարձի՛ր քաղաք, և քո որդի Աքիմաասը և Աբիաթարի որդի Հովնաթանը՝ ձեր երկու որդիները՝ ձեզ հետ։

28. Տեսե՛ք, ես սպասելու եմ անապատի դաշտերում, մինչև որ ձեզանից մի լուր իմանամ»։

29. Եվ Սադովկն ու Աբիաթարը Աստծու տապանակը վերադարձրին Երուսաղեմ, և իրենք էլ մնացին այնտեղ։

30. Դավիթը Ձիթենյաց զառիվերով բարձրանում էր վեր, գնում ու լաց էր լինում. և գնում էր գլուխը ծածկած ու ոտքերը բոբիկ, և ամբողջ ժողովուրդը, որ նրա հետ էր, բոլորն էլ ծածկել էին իրենց գլուխները, գնում էին դեպի վեր ու լալիս։

31. Եվ Դավթին հաղորդեցին՝ ասելով. «Աքիտոփելը ապստամբների հետ է, Աբիսողոմի մոտ»։ Եվ Դավիթն ասաց. «Աղաչում եմ, ո՜վ Տեր, Աքիտոփելի խորհուրդը ձախողի՛ր»։

32. Եվ երբ Դավիթը հասավ բլրի գլուխը, որտեղ նա երկրպագեց Աստծուն, ահա նրան դիմավորեց արաքացի Քուսին՝ իր պատմուճանը պատառոտած և հող ցանած գլխին։

33. Եվ Դավիթն ասաց նրան. «Եթե ինձ հետ գաս, բեռ կլինես ինձ վրա,

34. բայց եթե ետ դառնաս քաղաք և Աբիսողոմին ասես. “Ո՛վ թագավոր, թող ես քեզ ծառա դառնամ, ինչպես ես առաջ քո հոր ծառան էի, հիմա էլ քո ծառան եմ”, այդ դեպքում դու ինձ համար կցրես Աքիտոփելի խորհուրդը։

35. Եվ ահա այնտեղ քեզ հետ կլինեն Սադովկ և Աբիաթար քահանաները, և այն ամենը, ինչ լսես թագավորի տնից, տեղեկացրո՛ւ Սադովկ և Աբիաթար քահանաներին։

36. Ահա այնտեղ նրանց հետ են իրենց երկու որդիները՝ Սադովկի որդի Աքիմաասը և Աբիաթարի որդի Հովնաթանը։ Նրանց միջոցով էլ ինձ տեղեկացրե՛ք ամեն բան, ինչ լսեք»։

37. Դավթի բարեկամ Քուսին եկավ քաղաք, մինչ Աբիսողոմը մտնում էր Երուսաղեմ։

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16

1. Դավիթը մի քիչ անցել էր բլրի գլխից, և ահա նրան դիմավորեց Մեմփիբոսթեի ծառա Սիբան՝ երկու համետված էշով, որոնց վրա բարձած էր երկու հարյուր հաց, հարյուր ողկույզ չամիչ, հարյուր շարոց թզի չիր և մի տիկ գինի։

2. Թագավորն ասաց Սիբային. «Այդ բաներն ինչո՞ւ ես բերել»։ Եվ Սիբան ասաց. «Էշերը թագավորի տան համար են, որ հեծնեն, հացն ու թուզը պատանիների համար են, որ ուտեն, իսկ գինին անապատում թուլացածների համար է, որ խմեն»։

3. Դավիթն ասաց. «Ո՞ւր է քո տիրոջ որդին»։ Եվ Սիբան ասաց թագավորին. «Ահա մնացել է Երուսաղեմում, քանզի ասել է. “Իսրայելի տունն այսօր իմ հոր թագավորությունը կվերադարձնի ինձ”»։

4. Թագավորն ասաց Սիբային. «Ահա քեզ լինի այն ամենը, ինչ որ Մեմփիբոսթեինն է»։ Սիբան ասաց. «Շնորհակալ եմ*, տե՛ր իմ թագավոր, թող շնորհ գտնեմ քո աչքի առաջ»։

5. Դավիթ թագավորը եկավ մինչև Բավուրիմ, և ահա այնտեղից դուրս եկավ Սավուղի ազգականներից մի մարդ՝ անունը Սեմեի՝ Գերայի որդին. դուրս գալով անիծում էր,

6. քարեր էր գցում Դավթի վրա և Դավիթ թագավորի բոլոր ծառաների վրա, իսկ ամբողջ զորքը և բոլոր քաջ մարդիկ թագավորի աջ ու ձախ կողմերում էին։

7. Սեմեին իր անեծքում այսպես էր ասում. «Դո՛ւրս եկ, դո՛ւրս եկ, ո՛վ արյունահեղ մարդ, ո՛վ անպետք մարդ։

8. Տերը քեզ վրա է դարձրել Սավուղի տան ամբողջ արյունը, որի փոխարեն դու թագավոր դարձար, և Տերը թագավորությունը տվեց քո որդի Աբիսողոմի ձեռքը. և ահա դու քո չարիքի մեջ ես, քանզի դու արյունահեղ մի մարդ ես»։

9. Շարուհեայի որդի Աբեսսան ասաց թագավորին. «Ինչո՞ւ է անիծում այս սատկած շունը իմ տեր թագավորին. թող գնամ և գլուխը կտրեմ»։

10. Բայց թագավորն ասաց. «Դուք ինձ հետ ի՞նչ գործ ունեք, Շարուհեայի՛ որդիներ. թող անիծի. որովհետև Տերն է ասել նրան. “Անիծի՛ր Դավթին”։ Եվ ո՞վ կասի նրան. “Ինչո՞ւ ես այդպես անում”»։

11. Եվ Դավիթն ասաց Աբեսսային ու իր բոլոր ծառաներին. «Ահա ինձանից սերած իմ որդին իմ անձն է փնտրում, ապա էլ ո՞ւր մնաց Բենիամինի որդին. թողե՛ք նրան, որ անիծի, քանզի Տերն է ասել նրան։

12. Գուցե Տերը նայի իմ նեղությանը և Տերն ինձ բարիք հատուցի այսօր նրա անեծքի փոխարեն»։

13. Եվ Դավիթն ու իր մարդիկ գնացին ճանապարհով, իսկ Սեմեին գնում էր սարի փեշով, գնում էր նրան մոտիկ և անիծում, քարեր էր գցում նրա կողմը և հող շաղ տալիս նրա վրա։

14. Եվ եկավ թագավորը, ու նրա հետ եղած հոգնած ամբողջ ժողովուրդը, և հանգստացան այնտեղ։

15. Մինչ այդ Աբիսողոմն ու ամբողջ ժողովուրդը, բոլոր իսրայելացիները եկան Երուսաղեմ. նրանց հետ էր Աքիտոփելը։

16. Եվ երբ արաքացի Քուսին՝ Դավթի բարեկամը, եկավ Աբիսողոմի մոտ, Քուսին ասաց Աբիսողոմին. «Կեցցե՜ արքան, կեցցե՜ արքան»։

17. Աբիսողոմն ասաց Քուսիին. «Դա՞ է բարեկամիդ նկատմամբ ունեցած ազնվությունդ. ինչո՞ւ չես գնացել բարեկամիդ հետ»։

18. Քուսին ասաց Աբիսողոմին. «Ո՛չ, այլ ում որ հավանի Տերը, և այս ժողովուրդն ու Իսրայելի բոլոր մարդիկ, ես կլինեմ նրանը և կմնամ նրա հետ։

19. Երկրորդ՝ ես ո՞ւմ պիտի ծառայեմ, եթե ոչ նրա որդուն։ Ինչպես ծառայել եմ քո հոր առաջ, այնպես էլ կլինեմ քո առաջ»։

20. Եվ Աբիսողոմն ասաց Աքիտոփելին. «Խորհո՛ւրդ տվեք, թե ի՛նչ անենք»։

21. Եվ Աքիտոփելն ասաց Աբիսողոմին. «Մտի՛ր քո հոր հարճերի մոտ, որոնց նա թողել է տունը պահելու, և ամբողջ Իսրայելը կլսի, որ դու ատելի ես հորդ համար, և բոլոր քեզ հետ եկողների ձեռքերը կուժեղանան»։

22. Ուստի Աբիսողոմի համար վրան շինեցին կտուրի վրա, և Աբիսողոմը ամբողջ Իսրայելի աչքի առաջ մտավ իր հոր հարճերի մոտ։

23. Աքիտոփելի խորհուրդը, որ նա տալիս էր այդ օրերին, նման էր նրան, ինչպես որ մեկը Աստծու խոսքը հարցներ։ Այդպիսին էր Աքիտոփելի խորհուրդը թե՛ Դավթի և թե՛ Աբիսողոմի համար։

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17

1. Եվ Աքիտոփելն ասաց Աբիսողոմին. «Թող տասներկու հազար մարդ ընտրեմ և վեր կենամ ու այս գիշեր հետապնդեմ Դավթին։

2. Ես կհարձակվեմ նրա վրա, քանի որ նա հոգնած և ձեռքերը թուլացած է, կվախեցնեմ նրան, և նրա հետ եղած ամբողջ զորքը կփախչի, և կսպանեմ միայն թագավորին։

3. Երբ ամենքը քեզ մոտ վերադառնան, բացի այն մարդուց, որին դու ես որոնում, ամբողջ ժողովուրդը կխաղաղվի»։

4. Եվ այս խոսքը ուղիղ թվաց Աբիսողոմին և Իսրայելի բոլոր ծերերին։

5. Ապա Աբիսողոմն ասաց. «Արաքացի Քուսիին էլ կանչե՛ք, լսենք, թե նա ինչ կասի»։

6. Երբ Քուսին եկավ Աբիսողոմի մոտ, Աբիսողոմը նրան ասաց, թե Աքիտոփելը այսպես է ասել. «Անե՞նք նրա խոսքը, թե՞ ոչ. դո՛ւ խոսիր»։

7. Քուսին ասաց Աբիսողոմին. «Աքիտոփելի այս անգամ տված խորհուրդը լավ չէ»։

8. Քուսին ասաց. «Դու գիտես քո հորը և նրա մարդկանց, որ զորեղ և հոգով դառնացած են՝ ձագերը դաշտում կորցրած արջի նման. քո հայրը պատերազմի մարդ է և գիշերը չի մնա ժողովրդի հետ։

9. Ահա հիմա նա թաքնված է կամ փոսերից մեկում, կամ մի այլ տեղ, և եթե պատահի, որ սկզբում ձերոնցից ոմանք ընկնեն, այն ժամանակ ով լսի, պիտի ասի. “Կոտորվել է Աբիսողոմի ետևից գնացող ժողովուրդը”։

10. Եվ ինքը՝ քաջարի մարդն էլ, որի սիրտն առյուծի սրտի նման է, բոլորովին կթուլանա, որովհետև ամբողջ Իսրայելը գիտի, որ քո հայրը զորեղ է, և նրա հետ եղած մարդիկ էլ ուժեղ են։

11. Բայց ես խորհուրդ եմ տալիս. հավաքի՛ր քեզ մոտ ամբողջ Իսրայելը՝ Դանից մինչև Բերսաբեե, այնքան շատ, ինչքան ավազն է ծովեզրին, և դու էլ անձամբ պատերազմի՛ գնա նրանց հետ։

12. Այդ ժամանակ նրա դեմ կգնանք այն տեղերից մեկում, ուր որ կգտնվի, և կհարձակվենք այնպես, ինչպես ցողն է իջնում երկրի վրա, և նրանցից ու նրա հետ եղած բոլոր մարդկանցից մեկն էլ չի պրծնի։

13. Իսկ եթե նա հավաքվելու լինի մի քաղաքում, այն ժամանակ ամբողջ Իսրայելը պարաններ կտանի այդ քաղաքի դեմ, և մենք այն քարշ կտանք մինչև հեղեղատը, այնպես որ այնտեղ մի քարի կտոր էլ չի մնա»։

14. Աբիսողոմը և Իսրայելի բոլոր մարդիկ ասացին. «Արաքացի Քուսիի խորհուրդն ավելի լավ է, քան Աքիտոփելի խորհուրդը»։ Եվ այդպես Տերը հրամայել էր, որ Աքիտոփելի խորհուրդը մերժվի, որպեսզի Տերը չարիք բերի Աբիսողոմին։

15. Ապա Քուսին ասաց Սադովկ և Աբիաթար քահանաներին. «Աքիտոփելը այսպես ու այսպես խորհուրդ տվեց Աբիսողոմին և Իսրայելի ծերերին, իսկ ես էլ այսպես ու այսպես խորհուրդ տվի։

16. Հիմա շուտ մա՛րդ ուղարկեք և հայտնե՛ք Դավթին՝ ասելով. “Այս գիշեր մի՛ մնա անապատի դաշտում, այլ անցի՛ր և գնա՛, որ թագավորն ու նրա հետ գտնվող ամբողջ ժողովուրդը կորստյան չմատնվեն”»։

17. Հովնաթանն ու Աքիմաասը սպասում էին Ռովգելի աղբյուրի մոտ, և մի աղախին գնաց ու նրանց պատմեց. նրանք էլ գնացին ու հաղորդեցին Դավիթ թագավորին, որովհետև չէին կարող քաղաք մտնել ու երևալ։

18. Բայց մի պատանի տեսավ նրանց և պատմեց Աբիսողոմին. իսկ նրանք երկուսն էլ արագ գնացին ու մտան բավուրիմցի մի մարդու տուն։ Նա իր տան գավթում մի հոր ուներ, և նրանք իջան այնտեղ։

19. Եվ կինը վերցրեց ծածկոցը, փռեց հորի բերանին ու նրա վրա ձավար լցրեց, և ոչինչ չիմացվեց։

20. Երբ Աբիսողոմի ծառաները գնացին այդ կնոջ մոտ՝ նրա տուն, ասացին. «Որտե՞ղ են Աքիմաասը և Հովնաթանը»։ Եվ կինն ասաց նրանց. «Անց կացան առվակի ջրից»։ Իսկ նրանք չգտան և վերադարձան Երուսաղեմ։

21. Երբ նրանք գնացին, մարդիկ դուրս եկան հորից, գնացին ու պատմեցին Դավիթ թագավորին. և ասացին Դավթին. «Վե՛ր կացեք և շուտ անցե՛ք ջուրը, որովհետև Աքիտոփելը այսպես է խորհուրդ տվել ձեր դեմ»։

22. Եվ Դավիթն ու նրա հետ եղած ամբողջ զորքը վեր կացան ու անցան Հորդանանը, և մինչև առավոտ չկար մեկը, որ անցած չլիներ Հորդանանը։

23. Աքիտոփելը տեսավ, որ իր խորհուրդը չկատարվեց, համետեց էշը, վեր կացավ ու գնաց իր տուն՝ իր քաղաքը, իր տան համար կարգադրություններ արեց և խեղդեց իրեն ու մեռավ և թաղվեց իր հոր գերեզմանում։

24. Դավիթը հասավ Մանայիմ, իսկ Աբիսողոմը, ինքը և իր հետ եղած Իսրայելի բոլոր մարդիկ անցան Հորդանանը։

25. Աբիսողոմը Հովաբի փոխարեն զորքի հրամանատար դրեց Ամեսայիին։ Ամեսային իսրայելացի* մի մարդու որդի էր, որի անունը Հոթոր էր, և որը կնության էր առել Հովաբի մայր և Շարուհեայի քույր Նաասի աղջիկ Աբիգեային։

26. Իսրայելն ու Աբիսողոմը բանակատեղի դրին Գաղաադի երկրում։

27. Հենց որ Դավիթը հասավ Մանայիմ, Ամմոնի որդիներից Նաասի որդի Սոբին՝ Ռաբբայից, Ամիելի որդի Մաքիրը՝ Լադաբարից և գաղաադացի Բերզելին՝ Ռովգելիմից,

28. անկողիններ, կոնքեր, բրուտի ամաններ, ցորեն, գարի, ալյուր և աղանձ, ոլոռ, ոսպ ու ձավար,

29. մեղր ու կարագ, ոչխարներ և կովի պանիր բերին Դավթի և նրա հետ եղած ժողովրդի համար, որ ուտեն, որովհետև ասում էին. «ժողովուրդը անապատում սոված, հոգնած և ծարավ կլինի»։

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18

1. Եվ Դավիթը իր հետ եղած ժողովրդին զորահանդես արեց և նրանց վրա հազարապետներ ու հարյուրապետներ դրեց։

2. Դավիթը զորքի մեկ երրորդ մասն ուղարկեց Հովաբի հրամանատարությամբ, մեկ երրորդ մասը՝ Հովաբի եղբայր Շարուհեայի որդի Աբեսսայի հրամանատարությամբ և մեկ երրորդ մասն էլ՝ գեթացի Եթթիի հրամանատարությամբ։ Եվ թագավորն ասաց զորքին. «Ես էլ պետք է դուրս գամ ձեզ հետ»։

3. Բայց զորքն ասաց. «Դու չպիտի դուրս գաս, որովհետև եթե մենք փախչելու լինենք, նրանք մեզ համար չեն մտահոգվելու, և եթե մեր կեսն էլ մեռնելու լինի, նրանք մեզ համար չեն մտահոգվելու, իսկ դու մեր տասը հազարի չափ ես։ Արդ, լավ կլինի, որ դու մեզ օգնես քաղաքից»։

4. Թագավորն ասաց նրանց. «Ինչ հաճելի է ձեզ, ես կանեմ»։ Եվ թագավորը մնաց քաղաքի դռան մոտ, իսկ ամբողջ զորքը՝ հարյուր-հարյուր և հազար-հազար, դուրս ելավ։

5. Եվ թագավորը պատվիրեց Հովաբին, Աբեսսային և Եթթիին՝ ասելով. «Խնայե՛ք ինձ համար Աբիսողոմ պատանուն»։ Ամբողջ զորքը լսեց, որ թագավորը զորապետներին պատվեր էր տալիս Աբիսողոմի մասին։

6. Զորքը դուրս եկավ դաշտ՝ Իսրայելին դիմավորելու, և պատերազմ եղավ Եփրեմի անտառում։

7. Այնտեղ Իսրայելի զորքը ջախջախվեց Դավթի զինվորներից, և այդ օրը մեծ կոտորած եղավ այնտեղ. քսան հազար մարդ սպանվեց։

8. Պատերազմն այնտեղից տարածվեց ամբողջ երկրի վրա, և այդ օրը անտառը զորքից ավելի շատ մարդ ոչնչացրեց, քան կոտորեց սուրը։

9. Աբիսողոմը դեմ դիմաց հանդիպեց Դավթի ծառաներին. Աբիսողոմը ջորի էր հեծնել, և ջորին մտավ մի մեծ կաղնու թավ ոստերի տակ։ Նրա գլուխը փաթաթվեց կաղնու ոստերին, և ինքը կախ ընկավ երկնքի ու երկրի միջև, և իր տակի ջորին էլ գնաց։

10. Մի մարդ, որ տեսել էր, ասաց Հովաբին. «Ահա ես տեսա Աբիսողոմին՝ կաղնուց կախված»։

11. Հովաբը իրեն լուր բերող մարդուն ասաց. «Որ տեսար, ապա ինչո՞ւ չզարկեցիր նրան, գետին չգցեցիր այնտեղ. ես տասը սիկղ արծաթ և մի գոտի կտայի քեզ»։

12. Իսկ այդ մարդն ասաց Հովաբին. «Եթե իմ ձեռքին հազար սիկղ արծաթ կշռվեր, ես իմ ձեռքը չէի բարձրացնի թագավորի որդու վրա, որովհետև մենք լսեցինք, որ թագավորը պատվիրեց քեզ, Աբեսսային և Եթթիին՝ ասելով. “Խնայե՛ք ինձ համար Աբիսողոմ պատանուն”։

13. Եթե ես դավաճան լինեի իմ անձի դեմ, ապա թագավորից ոչ մի բան ծածուկ չէր մնալու, և այն ժամանակ դու դեմ կկանգնեիր»։

14. Հովաբն ասաց. «Ես այսպես չեմ սպասելու քո առաջ», և իր ձեռքը վերցրեց երեք գեղարդ և կոխեց Աբիսողոմի սիրտը. մինչ այդ նա դեռ կենդանի էր կաղնու ոստերի մեջ։

15. Հովաբի զինակիրներից տասը երիտասարդներ շրջապատեցին, խփեցին Աբիսողոմին և սպանեցին նրան։

16. Հովաբը փչեց փողը, և զորքը ետ դարձավ Իսրայելին հետապնդելուց, որովհետև Հովաբը զսպեց զորքին։

17. Աբիսողոմին վերցրին և նրան անտառում գցեցին մի խոր փոսի մեջ ու մի մեծ քարակույտ դիզեցին նրա վրա, և ամբողջ Իսրայելը փախավ. ամեն մարդ՝ իր վրանը։

18. Աբիսողոմն իր կենդանության ժամանակ իր համար մի արձան էր կանգնեցրել թագավորի հովտում, որովհետև ասում էր, թե՝ «Որդի չունեմ, որ իմ անունը հիշի»։ Այդ հուշարձանը կոչել էր իր անունով, և դրան մինչև այսօր ասում են Աբիսողոմի կոթող։

19. Սադովկի որդի Աքիմաասն ասաց. «Թող վազեմ, թագավորին ավետիք տամ, քանի որ Տերը նրա իրավունքները պաշտպանեց, նրան ազատեց իր թշնամիների ձեռքից»։

20. Հովաբն ասաց նրան. «Դու այսօր ավետիք տանելու մարդ չես, մի ուրիշ օր ավետիք կտանես. այսօր պետք չէ, որ ավետիք տանես, որովհետև թագավորի որդին մեռավ»։

21. Հովաբն ասաց Քուսիին. «Գնա պատմի՛ր թագավորին, ինչ որ տեսար»։ Եվ Քուսին երկրպագեց Հովաբին ու վազեց։

22. Սադովկի որդի Աքիմաասը նորից պնդեց և ասաց Հովաբին. «Ինչ ուզում է լինի, թող ես էլ վազեմ Քուսիի ետևից»։ Եվ Հովաբն ասաց. «Դու ինչո՞ւ պիտի վազես, որդի՛, սա քեզ օգուտ բերող ավետիք չէ»։

23. Նա ասաց. «Ինչ ուզում է լինի, ես պիտի վազեմ»։ Եվ Հովաբը նրան ասաց. «Վազի՛ր»։ Աքիմաասը վազեց դաշտի ճանապարհով և Քուսիից առաջ անցավ։

24. Դավիթը նստել էր երկու դռների միջև, և դետը բարձրացավ դռան տանիքը՝ դեպի պարիսպը, աչքերը բարձրացրեց և տեսավ, որ ահա մի մարդ է մենակ վազում։

25. Դետը ձայն տվեց և հայտնեց թագավորին։ Թագավորն ասաց. «Եթե նա մենակ է, ուրեմն ավետիք կա նրա բերանում»։ Իսկ նա ավելի ու ավելի էր մոտենում։

26. Դետը մի ուրիշ մարդ էլ տեսավ վազելիս և դետը ձայն տվեց դռնապանին. «Ահա մի մարդ էլ է վազում մենակ»։ Եվ թագավորն ասաց. «Նա էլ է ավետաբեր»։

27. Դետն ասաց. «Առաջինի վազելուց տեսնում եմ, որ նման է Սադովկի որդի Աքիմաասի վազելուն»։ Թագավորն ասաց. «Նա բարի մարդ է և բարի լուրի համար է գալիս»։

28. Աքիմաասը ձայն տվեց և ասաց թագավորին. «Խաղաղությո՜ւն», և երեսի վրա մինչև գետին խոնարհվելով՝ երկրպագեց թագավորին ու ասաց. «Օրհնյա՜լ է քո Տեր Աստվածը, որ կործանեց իմ տեր թագավորի վրա իրենց ձեռքը բարձրացնող մարդկանց»։

29. Եվ թագավորն ասաց. «Ո՞ղջ է Աբիսողոմ պատանին»։ Եվ Աքիմաասն ասաց. «Ես տեսա միայն այն մեծ բազմությունը, երբ Հովաբն ուղարկեց թագավորի ծառային և ինձ՝ քո ծառային, բայց թե ի՞նչ էր, չիմացա»։

30. Եվ թագավորն ասաց. «Դարձի՛ր, այսպե՛ս կանգնիր»։ Եվ նա դարձավ ու կանգնեց։

31. Եվ ահա Քուսին եկավ և Քուսին ասաց. «Ավետի՜ք իմ տեր թագավորին, քանզի Տերն այսօր քո իրավունքը պաշտպանեց և քեզ ազատեց բոլոր նրանց ձեռքից, որ ոտքի էին ելել քո դեմ»։

32. Եվ թագավորն ասաց Քուսիին. «Ո՞ղջ է Աբիսողոմ պատանին»։ Եվ Քուսին ասաց. «Թող այդ պատանու նման դառնան իմ տեր թագավորի թշնամիները և բոլոր նրանք, որ քո դեմ են ելնում չարիքի համար»։

33. Եվ խռովվեց թագավորն ու գնաց վերև՝ դռան վերնատունը, գնում ու լաց էր լինում և այսպես ասում. «Որդի՛ս, Աբիսողո՛մ, որդի՛ս, իմ որդի՛ Աբիսողոմ, երանի՜ թե ես մեռնեի քո փոխարեն, օ՜, Աբիսողո՛մ, որդի՛ս, իմ որդի՛»։

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19

1. Հովաբին ասացին. «Ահա թագավորը լաց է լինում և սուգ է անում Աբիսողոմի վրա»։

2. Այդ օրը հաղթությունը սուգ դարձավ ամբողջ զորքի համար, որովհետև զորքը այդ օրը լսել էր, որ ասում են, թե թագավորը սգում է իր որդու համար։

3. Եվ այդ օրը զորքը քաղաք էր մտնում գողի պես, ինչպես գողի պես քաղաք կմտնի այն զորքը, որ ամոթահար փախել է ճակատամարտից։

4. Թագավորը ծածկեց իր երեսը և բարձր ձայնով թագավորն աղաղակեց. «Որդի՜ս, Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ որդիս, որդի՜ս»։

5. Հովաբը գնաց թագավորի մոտ, մտավ նրա սենյակը և ասաց. «Դու այսօր ամոթահար արեցիր քո բոլոր ծառաների երեսը, որոնք ազատեցին քո անձը և քո որդիներին ու աղջիկներին և քո կանանց ու քո հարճերին։

6. Դու սիրում ես քեզ ատողներին և ատում ես քեզ սիրողներին, որովհետև այսօր հասկացրիր, որ քեզ համար ոչինչ են քո իշխաններն ու ծառաները, որովհետև ես այսօր հասկացա, որ եթե Աբիսողոմն այսօր կենդանի լիներ, իսկ մենք այսօր բոլորս էլ մեռած լինեինք, ապա դա հաճելի կլիներ քեզ։

7. Արդ վե՛ր կաց, դո՛ւրս եկ և քաղցրությամբ խոսի՛ր քո զինվորների հետ, քանզի երդվում եմ Տիրոջով, որ եթե դուրս չգաս, այս գիշեր քեզ մոտ մարդ չի մնա, և սա քեզ համար ավելի վատ կլինի, քան այն բոլոր չարիքները, որ հասել են քեզ քո մանկությունից մինչև հիմա»։

8. Թագավորը վեր կացավ ու նստեց դռանը. և ամբողջ զորքին տեղեկացրին՝ ասելով. «Ահա թագավորը նստել է դռանը»։ Ամբողջ զորքը եկավ թագավորի առաջ, իսկ Իսրայելը փախել էր, ամեն մարդ՝ իր վրանը։

9. Եվ ամբողջ ժողովուրդը Իսրայելի բոլոր ցեղերի մեջ վիճում էր, և ասում էին. «Թագավորը մեզ փրկեց մեր թշնամիների ձեռքից, նա մեզ ազատեց փղշտացիների ձեռքից, իսկ հիմա Աբիսողոմի պատճառով փախել է երկրից։

10. Իսկ Աբիսողոմը, որին մենք թագավոր օծեցինք մեզ վրա, մեռավ պատերազմում. և հիմա ինչո՞ւ եք լուռ մնացել թագավորին վերադարձնելու համար»։

11. Դավիթ թագավորը մարդ ուղարկեց Սադովկ և Աբիաթար քահանաների մոտ և ասաց. «Խոսե՛ք Հուդայի ծերերի հետ և ասացե՛ք. “Ինչո՞ւ դուք վերջինը լինեք թագավորին իր տուն ետ բերելու մեջ”, քանզի ամբողջ Իսրայելի խոսքը հասել էր թագավորին մինչև իր տունը։

12. Դուք իմ եղբայրներն եք, իմ ոսկորն ու մարմինն եք դուք. և ինչո՞ւ դուք վերջինը լինեք թագավորին ետ բերելու մեջ։

13. Ամեսայիին ասացե՛ք. “Մի՞թե դու իմ ոսկորն ու մարմինը չես։ Աստված թող ինձ այսպես և ավելին անի, եթե դու ամեն ժամանակ իմ առաջ զորապետ չլինես Հովաբի փոխարեն”»։

14. Ամբողջ Հուդայի մարդկանց սրտերը մեկ մարդու սրտի պես դեպի իրեն դարձրեց, և նրանք պատգամավորներ ուղարկեցին թագավորի մոտ, թե՝ «Վերադարձի՛ր և՛ դու, և՛ քո բոլոր ծառաները»։

15. Թագավորը վերադարձավ և եկավ մինչև Հորդանան, և Հուդայի մարդիկ եկան մինչև Գաղգաղա՝ թագավորին դիմավորելու և Հորդանանով թագավորին անցկացնելու։

16. Եվ բավուրիմացի Սեմեին՝ Բենիամինի որդի Գերայի որդին, Հուդայի մարդկանց հետ շտապ իջավ և եկավ Դավիթ թագավորին դիմավորելու։

17. Նրա հետ հազար մարդ կար Բենիամինի երկրից, նաև Սիբան՝ Սավուղի տան ծառան՝ իր տասնհինգ որդիների և քսան ծառաների հետ։ Նրանք եկան և հասան Հորդանան՝ թագավորի առաջ։

18. Մի նավակ եկավ՝ թագավորի տունը անց կացնելու և նրան հաճելի եղածն անելու համար. և երբ թագավորն անցնում էր Հորդանան գետով, Գերայի որդի Սեմեին երեսնիվայր մինչև գետին խոնարհվեց թագավորի առաջ

19. և ասաց թագավորին. «Թող իմ տերը հանցանք չհամարի ինձ, չհիշի, որ ծառադ անօրենություն գործեց այն օրը, երբ իմ տեր թագավորը դուրս էր եկել Երուսաղեմից, թագավորը թող այն չպահի իր սրտում,

20. որովհետև ես՝ քո ծառան, գիտեմ, որ մեղք եմ գործել, և ահա Հովսեփի ամբողջ տանից առաջինը ես եմ եկել դիմավորելու իմ տեր թագավորին»։

21. Եվ Շարուհեայի որդի Աբեսսան պատասխանեց և ասաց. «Մի՞թե Սեմեին չի մեռնելու սրա փոխարեն, որ անիծեց Տիրոջ օծյալին»։

22. Բայց Դավիթն ասաց. «Ի՞նչ կա իմ և ձեր միջև, Շարուհեայի՛ որդիներ, որ այսօր ոսոխ եք դառնում ինձ։ Մի՞թե այսօր մարդ պետք է մեռնի Իսրայելի մեջ. մի՞թե չգիտեմ, որ ես այսօր թագավոր եմ Իսրայելի վրա»։

23. Թագավորն ասաց Սեմեիին. «Չպիտի մեռնես»։ Եվ թագավորը երդվեց նրան։

24. Սավուղի որդի Մեմփիբոսթեն եկավ թագավորին դիմավորելու։ Նա իր ոտքերի մատների եղունգները չէր կտրել, իր մորուքը կարգի չէր բերել և իր հագուստները չէր լվացել այն օրվանից, երբ թագավորը գնացել էր, մինչև այն օրը, երբ եկավ խաղաղությամբ։

25. Երբ նա եկավ Երուսաղեմ՝ թագավորին դիմավորելու, այդ ժամանակ թագավորն ասաց նրան. «Ինչո՞ւ ինձ հետ չեկար, Մեմփիբոսթե՛»։

26. Եվ նա ասաց. «Տե՛ր իմ թագավոր, ծառաս ինձ խաբեց, որովհետև ես՝ քո ծառան, ասացի. “Էշը համետեմ ինձ համար, հեծնեմ ու գնամ թագավորի հետ, քանի որ քո ծառան կաղ է”։

27. Իսկ նա բամբասել է քո ծառայից իմ տեր թագավորին, բայց իմ տեր թագավորը նման է Աստծու հրեշտակի. ուրեմն արա՛ այն, ինչ հաճելի է քեզ։

28. Որովհետև իմ հոր ամբողջ տունը իմ տեր թագավորի համար այլ բան չէր, բացի մահվան արժանի լինելուց, բայց ծառայիդ դրեցիր քո սեղանից ուտողների հետ, և ես այլևս ի՞նչ իրավունք ունեմ ավելին խնդրելու թագավորից»։

29. Թագավորն ասաց նրան. «Էլ ինչո՞ւ ես ասում այդ խոսքերը. ասել եմ. դու և Սիբան բաժանե՛ք արտը»։

30. Մեմփիբոսթեն ասաց թագավորին. «Թող նա ամբողջն էլ վերցնի, քանի որ իմ տեր թագավորը խաղաղությամբ վերադարձել է իր տուն»։

31. Գաղաադացի Բերզելին էլ Ռովգելիմից եկավ թագավորին Հորդանանով ճանապարհ դնելու համար և թագավորի հետ անցավ Հորդանանը։

32. Բերզելին շատ ծեր էր՝ ութսուն տարեկան. նա կերակրեց թագավորին, քանի դեռ նա Մանայիմի մեջ էր մնում, քանի որ Բերզելին շատ հարուստ մի մարդ էր։

33. Թագավորն ասաց Բերզելիին. «Դու ե՛կ ինձ հետ, և ես քեզ կկերակրեմ ինձ մոտ Երուսաղեմում»։

34. Բերզելին ասաց թագավորին. «Քանի՞ օր ու տարի պիտի ապրեմ, որ ես թագավորի հետ բարձրանամ Երուսաղեմ։

35. Ես այսօր ութսուն տարեկան մարդ եմ. մի՞թե կարող եմ լավը վատից ջոկել, կամ ծառադ կարո՞ղ է կերածի ու խմածի համը առնել, կամ կլսի՞ երգիչների ու երգչուհիների ձայնը. էլ ինչո՞ւ ծառադ բեռ դառնա իմ տեր թագավորի համար։

36. Ծառադ մի քիչ անց է կենում Հորդանանով թագավորի հետ, և ինչո՞ւ է թագավորն ուզում ինձ այդպիսի մեծ վարձ հատուցել։

37. Ինձ՝ քո ծառային, թող ետ դառնամ, գնամ մեռնեմ իմ քաղաքում՝ իմ հոր ու իմ մոր գերեզմանի մոտ։ Ահա քո Քամաամ ծառան. թող նա անցնի իմ տեր թագավորի հետ, և նրա՛ն արա այն, ինչ բարի է քո աչքին»։

38. Թագավորն ասաց. «Թող Քամաամն անցնի ինձ հետ, և ես նրա համար կանեմ այն, ինչ բարի է քո աչքին, և քեզ համար կանեմ ամեն բան, ինչ որ դու ուզես ինձանից»։

39. Ամբողջ զորքն անցավ Հորդանանը, անցավ և թագավորը։ Եվ թագավորը համբուրեց Բերզելիին ու օրհնեց նրան, և նա վերադարձավ իր տեղը։

40. Թագավորը գնաց Գաղգաղա, և Քամաամն էլ գնաց նրա հետ։ Եվ Հուդայի ամբողջ ժողովուրդը, ինչպես նաև Իսրայելի ժողովրդի կեսը թագավորին անցկացրին։

41. Ապա իսրայելացի բոլոր մարդիկ եկան թագավորի մոտ և ասացին թագավորին. «Ինչո՞ւ Հուդայի մեր եղբայրները գողացան քեզ ու թագավորին և նրա տունն անցկացրին Հորդանանով, Դավթի բոլոր մարդկանց էլ՝ նրա հետ»։

42. Եվ Հուդայի բոլոր մարդիկ պատասխանեցին իսրայելացիներին. «Թագավորն ավելի մոտ է մեզ, և դուք ինչո՞ւ եք բարկանում դրա համար։ Մի՞թե մենք թագավորի մոտ կերակրվեցինք, կամ նա ընծանե՞ր էր ընծայել մեզ»։

43. Եվ իսրայելացիները պատասխանեցին Հուդայի մարդկանց. «Մենք տասը բաժին իրավունք ունենք թագավորի վրա և Դավթին ավելի մոտ ենք, քան դուք, և ինչո՞ւ անարգեցիք մեզ, և մեր խոսքը առաջինը չեղավ մեր թագավորին վերադարձնելու համար»։ Հետո Հուդայի մարդկանց խոսքերն ավելի խիստ էին իսրայելացիների խոսքերից։

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20

1. Այնտեղ Բենիամինի ցեղից անպետք մի մարդ պատահեց՝ անունը Սաբեե, Բոքորի որդին։ Նա փող փչեց և ասաց. «Մենք ո՛չ բաժին ունենք Դավթի մոտ և ո՛չ էլ ժառանգություն՝ Հեսսեի որդու մոտ։ Ո՜վ Իսրայել, ամեն մարդ թող գնա իր վրանը»։

2. Իսրայելի բոլոր մարդիկ Դավթից հետ քաշվեցին և հետևեցին Բոքորի որդի Սաբեեին. բայց Հուդայի մարդիկ իրենց թագավորի հետ մնացին՝ Հորդանանից մինչև Երուսաղեմ

3. Եվ Դավիթը եկավ Երուսաղեմ՝ իր տուն։ Եվ այն տասը հարճերին, որ թագավորը թողել էր իր տունը պահելու համար, վերցրեց և նրանց պահեց մի տան մեջ, կերակրեց նրանց, բայց չգնաց նրանց մոտ, և նրանք փակված մնացին մինչև իրենց մահվան օրը՝ ապրելով իբրև որբևայրիներ։

4. Եվ թագավորն ասաց Ամեսայիին. «Հուդայի մարդկանց երեք օրվա մեջ կանչի՛ր ինձ մոտ և դո՛ւ էլ ներկայացիր այստեղ»։

5. Եվ Ամեսային գնաց Հուդայի մարդկանց կանչելու, բայց ուշացավ թագավորի դրած ժամանակից։

6. Այն ժամանակ Դավիթն ասաց Աբեսսային. «Հիմա Բոքորի որդի Սաբեեն Աբիսողոմից ավելի մեծ չարիք պիտի դառնա մեզ համար։ Վերցրո՛ւ քո տիրոջ ծառաներին և հետապնդի՛ր նրան, որ իր համար պարսպապատ քաղաքներ չգտնի և թաքնվի մեր աչքից»։

7. Եվ Հովաբի մարդիկ, քերեթիներն ու փելեթիները և բոլոր քաջ մարդիկ Երուսաղեմից դուրս եկան՝ Բոքորի որդի Սաբեեին հալածելու։

8. Երբ նրանք Գաբավոնում եղած մեծ քարի մոտ էին, Ամեսային նրանց դիմաց ելավ. Հովաբը հագել էր իր զինվորական հանդերձը, վրայից գոտևորել էր սուրը, որն իր պատյանով կապած էր մեջքին, մինչ նա առաջ էր գնում, սուրը դուրս եկավ և ցած ընկավ։

9. Եվ Հովաբն ասաց Ամեսայիին. «Առո՞ղջ ես, եղբա՛յր իմ»։ Եվ Հովաբն աջ ձեռքով բռնեց Ամեսայիի մորուքից, որ համբուրի նրան։

10. Բայց Ամեսային չզգուշացավ Հովաբի ձեռքի սրից, և Հովաբը սրով զարկեց նրա փորին ու փորոտիքը թափեց գետին և կրկնելու կարիք չունեցավ, և Ամեսային մեռավ, իսկ Հովաբն ու իր եղբայր Աբեսսան գնացին հետապնդելու Բոքորի որդի Սաբեեին։

11. Եվ Հովաբի պատանիներից մեկը կանգնել էր Ամեսայիի մոտ և ասում էր. «Ով սիրում է Հովաբին, և ով Դավթի հետ է, թող գնա Հովաբի ետևից»։

12. Իսկ Ամեսային թավալվում էր ճանապարհի վրա, արյան մեջ։ Եվ երբ այդ մարդը տեսավ, որ ամբողջ զորքը կանգ առավ, Ամեսայիին վերցրեց ճանապարհից, գցեց արտի մեջ և նրան ծածկեց մի շորով, որովհետև տեսավ, որ ամեն եկող կանգնում էր նրա մոտ։

13. Հենց որ նա վերցվեց ճանապարհից, բոլորն էլ գնացին Հովաբի ետևից՝ Բոքորի որդի Սաբեեին հետապնդելու։

14. Իսկ Սաբեեն անցել էր Իսրայելի բոլոր ցեղերից՝ մինչև Աբել և Բեթմաաքա, բոլոր բերացիներիով, որոնք հավաքվել էին և ընկել նրա ետևից։

15. Նրանք եկան ու պաշարեցին Բեթմաաքայի Աբելը, հողաբլուր շինեցին քաղաքի առաջ, որը բարձրացավ պարսպի դեմ, և ամբողջ զորքը, որ Հովաբի հետ էր, աշխատում էր քանդել պարիսպը՝ այն խորտակելու համար։

16. Այդ քաղաքից իմաստուն մի կին աղաղակեց. «Լսեցե՛ք, լսեցե՛ք, և աղաչում եմ, Հովաբին ասացե՛ք. “Մոտեցի՛ր այստեղ, որ խոսեմ քեզ հետ”»։

17. Հովաբը մոտեցավ նրան, և կինն ասաց. «Դո՞ւ ես Հովաբը»։ Եվ նա ասաց. «Ես եմ»։ Կինն ասաց նրան. «Լսի՛ր աղախնիդ խոսքերը». և նա ասաց. «Լսում եմ»։

18. Եվ կինն այսպես ասաց. «Առաջ այսպիսի խոսք էին ասում. “Թող Աբելում անպայման հարցնեն, այնուհետև վերջացնեն”։

19. Ես Իսրայելի խաղաղարարներից ու հավատարիմներից եմ, իսկ դու ուզում ես մի մայրաքաղաք ոչնչացնել Իսրայելի մեջ. ինչո՞ւ բնաջնջես Տիրոջ ժառանգությունը»։

20. Հովաբը պատասխանեց և ասաց. «Քա՜վ լիցի, քա՜վ լիցի ինձ, թե բնաջնջեմ կամ քանդեմ։

21. Բանն այդպես չէ, այլ մի մարդ կա Եփրեմի սարից, անունը՝ Սաբեե. Բոքորի որդին իր ձեռքը բարձրացրել է Դավիթ թագավորի դեմ. տվե՛ք միայն նրան, և կգնամ այս քաղաքից»։ Եվ կինն ասաց Հովաբին. «Ահա նրա գլուխը կգցվի քեզ մոտ, պարսպի այդ կողմը»։

22. Եվ այդ կինը գնաց ամբողջ ժողովրդի մոտ, իր իմաստությամբ խոսեց, և նրանք կտրեցին Բոքորի որդի Սաբեեի գլուխը և գցեցին Հովաբի մոտ. նա փող փչեց, զորքը ցրվեց քաղաքի մոտից, և ամեն մարդ գնաց իր վրանը, իսկ Հովաբը վերադարձավ Երուսաղեմ՝ թագավորի մոտ։

23. Հովաբը Իսրայելի ամբողջ զորքի հրամանատարն էր, Հովիադայի որդի Բանեան՝ քերեթիների և փելեթիների վրա։

24. Ադորամը տաժանակիր աշխատողների վերակացուն էր, Աքիլուդի որդի Հոսափատը գրագրությունների քարտուղարն էր։

25. Սուան ատենադպիրն էր, Սադովկը և Աբիաթարը քահանաներ էին,

26. իսկ հայիրացի Իրասն էլ Դավթի քահանան էր։

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21

1. Դավթի օրոք երեք տարի իրար ետևից սով եղավ. Դավիթը դիմեց Տիրոջը, և Տերն ասաց. «Այդ Սավուղի և նրա արյունահեղ տան պատճառով է, որովհետև նա կոտորեց գաբավոնացիներին»։

2. Թագավորը կանչեց գաբավոնացիներին և խոսեց նրանց հետ (սակայն այս գաբավոնացիները Իսրայելի որդիներից չէին, այլ ամորհացիների մնացորդից էին, և Իսրայելի որդիները երդվել էին նրանց, մինչդեռ Սավուղն ուզում էր կոտորել նրանց՝ Իսրայելի և Հուդայի որդիների նկատմամբ նախանձախնդիր լինելով)։

3. Դավիթն ասաց գաբավոնացիներին. «Ես ի՞նչ անեմ ձեզ, ինչպե՞ս քավություն անեմ, որ դուք օրհնեք Տիրոջ ժառանգությունը»։

4. Գաբավոնացիներն ասացին նրան. «Մենք Սավուղից և նրա տանից արծաթ կամ ոսկի չենք ուզում և ոչ էլ ուզում ենք, որ մի մարդ սպանվի Իսրայելում»։ Եվ նա ասաց. «Հապա ի՞նչ եք ասում, որ անեմ ձեզ համար»։

5. Նրանք ասացին թագավորին. «Այն մարդը, որը ջարդեց մեզ և որը մտածում էր, որ մենք բնաջնջվենք, և մեզանից ոչ մեկը չմնա Իսրայելի սահմաններում,

6. նրա որդիներից մեզ յոթ մարդ թող տրվի, որ նրանց կախենք Տիրոջ համար Տիրոջ ընտրյալ Սավուղի Գաբաայում»։ Եվ թագավորն ասաց. «Ես կտամ»։

7. Բայց թագավորը խնայեց Մեմփիբոսթեին՝ Սավուղի որդի Հովնաթանի որդուն, Տիրոջ երդումի համար, որ կար Դավթի և Սավուղի որդի Հովնաթանի միջև։

8. Թագավորը վերցրեց Այիայի աղջիկ Ռեսփայի երկու որդիներին՝ Արմոնիին և Մեմփիբոսթեին, որոնց ծնել էր Սավուղի համար, և Սավուղի աղջիկ Մեղքողի հինգ որդիներին, որ նա ծնել էր մաուլացի Բերզելիի որդի Եդրիելի համար,

9. նրանց տվեց գաբավոնացիների ձեռքը, և նրանք կախեցին նրանց սարի վրա, Տիրոջ առաջ, և յոթն էլ միասին կորսվեցին այդ օրը։ Նրանք մահվան մատնվեցին հնձի առաջին օրերին՝ գարու հնձի սկզբին։

10. Այիայի աղջիկ Ռեսփան վերցրեց քուրձը և իր համար այն փռեց ապառաժի վրա՝ հնձի սկզբից մինչև նրանց վրա երկնքից անձրև գալը, և չէր թողնում, որ ցերեկը երկնքի թռչունները մոտենան նրանց, և ոչ էլ դաշտի գազանները՝ գիշերը։

11. Դավթին ասացին, թե ինչ է արել Սավուղի հարճ Այիայի աղջիկ Ռեսփան։

12. Դավիթը գնաց և վերցրեց Սավուղի ոսկորներն ու նրա որդի Հովնաթանի ոսկորները Գաղաադի Հաբիսի բնակիչներից, որոնք դրանք գողացել էին Բեթսանի հրապարակից, որտեղ փղշտացիները կախել էին նրանց, երբ Գեղբուեի վրա փղշտացիները սպանել էին Սավուղին։

13. Նա այնտեղից վերցրեց Սավուղի ոսկորները և նրա որդի Հովնաթանի ոսկորները, հավաքեցին նաև կախվածների ոսկորները։

14. Սավուղի և նրա որդի Հովնաթանի ոսկորները թաղեցին Բենիամինի երկրում՝ Սելայում, իրենց հոր՝ Կիսի գերեզմանում, և արեցին ամեն ինչ, որ պատվիրել էր թագավորը, և Աստված դրանից հետո ընդունեց երկրի համար արած աղոթքը։

15. Դարձյալ պատերազմ ծագեց փղշտացիների և Իսրայելի միջև, և Դավիթն իր ծառաների հետ գնաց, և պատերազմեցին փղշտացիների դեմ, և Դավիթը ուժասպառ եղավ։

16. Եվ Եսբիբենոբը, որ Ռափայի որդիներից էր (նրա նիզակը պղնձի երեք հարյուր սիկղ քաշ ուներ) և ինքն էլ նոր սուր էր կապել մեջքին, ուզում էր սպանել Դավթին։

17. Բայց Շարուհեայի որդի Աբեսսան օգնեց Դավթին, և նա հարվածեց փղշտացուն ու սպանեց նրան։ Այդ ժամանակ Դավթի մարդիկ նրան երդվեցին և ասացին. «Մեզ հետ այլևս չպետք է դուրս գաս պատերազմի, որ չհանգցնես Իսրայելի ճրագը»։

18. Դրանից հետո փղշտացիների դեմ պատերազմ եղավ Գովբում. այդ ժամանակ ովսացի Սոբաքը սպանեց Սափին, որը Ռափայի որդիներից էր։

19. Եվ դարձյալ Գովբում պատերազմ եղավ փղշտացիների դեմ, և բեթլեհեմցի Արիեորգիմի որդի Էլեանան սպանեց գեթացի Գողիաթին, որի նիզակի բունը նման էր ոստայնանկների գլանի։

20. Եվ դարձյալ պատերազմ եղավ Գեթում. բարձրահասակ մի մարդ կար, որի ձեռքերի և ոտքերի մատները վեց-վեց հատ էին. քսանչորս մատ ուներ։ Նա էլ Ռափայի որդիներից էր։

21. Նա նախատեց Իսրայելին, բայց Դավթի եղբայր Սամաայի որդի Հովնաթանը սպանեց նրան։

22. Այդ չորսն էլ ծնվել էին Գեթում Ռափայից և սպանվեցին Դավթի ձեռքով ու Դավթի ծառաների ձեռքով։

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22

1. Այդ օրը Դավիթն ասաց Տիրոջը այս երգի խոսքերը, երբ Տերը նրան ազատել էր իր բոլոր թշնամիների ձեռքից և Սավուղի ձեռքից։

2. Նա ասաց.«Տերն իմ վեմը, իմ բերդն ու իմ ազատարարն է։

3. Աստված իմ ժայռն է, և ես նրա մեջ եմ ապաստան գտնում,Իմ վահանը և իմ փրկության եղջյուրը, իմ բարձր աշտարակն է ու իմ ապաստանը,Իմ ազատիչը. դու ես անիրավությունից ազատում ինձ։

4. Ես կանչում եմ Տիրոջը, որ փառաբանության է արժանի,Եվ պիտի ազատվեմ իմ թշնամիներից։

5. Քանզի մահվան ալիքներն ինձ պաշարեցին,Կորստյան վտակներն ինձ տագնապեցրին։

6. Դժոխքի լարերը պատեցին ինձ,Մահվան որոգայթներն իմ առաջն առան։

7. Իմ նեղության մեջ կանչեցի ՏիրոջըԵվ աղաղակեցի իմ Աստծուն,Եվ նա իր տաճարից լսեց իմ ձայնը,Եվ աղաղակն իմ հասավ նրա ականջին։

8. Այդ ժամանակ երկիրը սասանվեց ու դողաց,Երկնքի հիմքերը շարժվեցին և սասանվեցին,Քանզի նա բարկացավ։

9. Ծուխ ելավ նրա քթից,Եվ նրա բերանից՝ ամենակուլ կրակ.Կայծակներ փայլատակեցին նրանից։

10. Նա խոնարհեցրեց երկինքն ու իջավ,Եվ մեգ կար նրա ոտքերի տակ։

11. Նա հեծավ քերովբեին ու թռավԵվ երևաց հողմի թևերի վրա։

12. Խավարն իր շուրջը ծածկոց դրեց՝Ջրերի զանգվածը և երկնքի թանձր ամպերը։

13. Նրա առջևի ճաճանչիցԲորբոքվեցին կրակի կայծեր։

14. Տերը որոտաց երկնքից,Եվ Բարձրյալը տվեց իր ձայնը։

15. Նետեր ուղարկեց և դրանք ցրեց,Կայծակներ, և նրանց խուճապի մատնեց։

16. Տիրոջ հանդիմանությամբ,Նրա բարկության հողմի փչելուցԵրևացին ծովի հատակները,Հայտնվեցին երկրի հիմքերը։

17. Բարձրից ուղարկեց և ինձ բռնեց,Ինձ դուրս քաշեց շատ ջրերից։

18. Ինձ ազատեց իմ զորեղ թշնամուց,Ինձ ատողներից, որ ուժեղ էին ինձանից։

19. Նրանք ոտքի ելան իմ դեմ իմ նեղության օրը,Բայց Տերը նեցուկ եղավ ինձ համար։

20. Նա ինձ դուրս բերեց լայնարձակ մի տեղ,Ազատեց ինձ, քանզի հավանեց ինձ։

21. Տերն ինձ վարձատրեց իմ արդարության համեմատ,Ըստ իմ ձեռքի մաքրության հատուցեց ինձ։

22. Որովհետև ես պահեցի Տիրոջ ճանապարհներըԵվ ամբարշտություն չարեցի իմ Աստծու դեմ։

23. Որովհետև իմ առաջն են նրա բոլոր դատավճիռները,Եվ ես նրա կանոններից չհեռացա։

24. Նրա առաջ կատարյալ եղաԵվ զգուշացա իմ անօրենությունից։

25. Տերն ինձ հատուցեց իմ արդարության համեմատ,Ըստ իմ մաքրության՝ նրա աչքի առաջ։

26. Ողորմած մարդու հետ ողորմած ես,Կատարյալ մարդու հետ կատարյալ ես,

27. Մաքուրի հետ մաքուր ես,Խոտորի հետ հնարագետ ես։

28. Եվ դու փրկում ես վշտացած ժողովրդին,Աչքերդ պահում ես ամբարտավանների վրա, որ նվաստացնես։

29. Քանզի դու ես իմ ճրագը, ո՜վ Տեր,Եվ Տերը լուսավորելու է իմ խավարը։

30. Քանզի քեզնով կարող եմ զորագնդի դեմ կանգնելԵվ իմ Աստծով կանցնեմ պարսպից։

31. Աստծու ճանապարհը կատարյալ է,Տիրոջ խոսքը վստահելի է.Նա վահան է բոլոր իրեն ապավինողներին։

32. Քանզի ո՞վ է Աստված՝ բացի Տիրոջից,Եվ ո՞վ է Վեմ՝ բացի մեր Աստծուց։

33. Աստված է իմ հզոր բերդը,Որ իմ ճամփան ապահով է դարձնում։

34. Նա հաստատուն դարձրեց իմ ոտքերը, ինչպես եղջերուինը,Եվ ինձ բարձունքների վրա ապահով կանգնեցրեց։

35. Նա իմ ձեռքերը պատերազմի է վարժեցնում,Եվ իմ բազուկները պղնձե աղեղներ են լարում։

36. Եվ դու ինձ տվեցիր քո փրկության վահանը,Ու քո բարեհաճությունը բարձրացրեց ինձ։

37. Դու լայնացրիր ընթացքն իմ ոտքերի տակ,Եվ իմ սրունքները չդողդողացին։

38. Հալածեցի իմ թշնամիներին և ոչնչացրի նրանց,Ու ես ետ չդարձա, մինչև որ չկործանեցի նրանց։

39. Ես ջնջեցի նրանց ու տապալեցի, որ էլ ոտքի չկանգնեն.Նրանք իմ ոտքերի տակ ընկան։

40. Դու ինձ զորությամբ գոտեպնդեցիր պատերազմելուԵվ իմ դեմ ելնողներին ինձ հնազանդեցրիր։

41. Իմ թշնամիների թիկունքը դեպի ինձ դարձրիր,Որ ինձ ատողներին ջարդեմ։

42. Նայեցին, բայց փրկող չկար.Տիրոջը կանչեցին, բայց չպատասխանեց նրանց։

43. Իսկ ես նրանց փշրեցի երկրի փոշու պես,Ճանապարհի ցեխի պես մանրեցի և տրորեցի նրանց։

44. Դու ինձ ազատեցիր իմ ժողովրդի կռվից,Ինձ պահեցիր, որ ազգերի գլուխ լինեմ.Այն ազգը, որին չէի ճանաչում, ծառայում է ինձ։

45. Օտարների որդիները խոնարհվեցին ինձԵվ հնազանդվեցին ինձ՝ իրենց ականջով լսելով։

46. Օտարների որդիները թուլացանԵվ դողալով դուրս եկան իրենց ապաստաններից։

47. Կենդանի է Տերը, և Օրհնյալ է իմ Վեմը,Թող բարձրյալ լինի Աստված՝ իմ փրկության Վեմը,

48. Այն Աստվածը, որ վրեժխնդիր է լինում ինձ համարԵվ ժողովուրդներին ինձ ենթարկում։

49. Եվ որ ազատելով ինձ իմ թշնամիներից՝Ինձ իմ հակառակորդներից բարձր դրեցիրԵվ ազատեցիր ինձ բռնակալ մարդուց։

50. Սրա համար, Տե՜ր, քեզ պիտի գովեմ ազգերի մեջԵվ քո անվանը սաղմոսներ երգեմ,

51. Որ իր թագավորին մեծ հաղթանակներ տվեցԵվ հավիտենապես ողորմություն ցույց տվեցԻր օծյալին՝ Դավթին, և նրա սերնդին հավիտյան»։

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23

1. Ահա սրանք են Դավթի վերջին խոսքերը. Հեսսեի որդի Դավթի ասածը, այն մարդու խոսքը, որ բարձրացավ վեր, որը Հակոբի Աստծու օծյալն էր, Իսրայելի վայելուչ երգերի շարադրողը.

2. «Տիրոջ Հոգին խոսեց իմ միջոցով,Եվ նրա պատգամն իմ լեզվի վրա էր։

3. Իսրայելի Աստվածն ասաց,Իսրայելի Վեմը խոսեց ինձ հետ.“Մարդկանց վրա իշխողը թող արդար լինիԵվ Աստծու երկյուղով իշխի։

4. Նա նման է առավոտյան լույսին,Երբ ծագում է արեգակը,Մի առավոտ, երբ ամպեր չկան,Եվ ճառագայթից՝ անձրևից հետո,Դալար է բուսնում գետնից”։

5. Թեև իմ տունն Աստծու մոտ այդպես չէ,Բայց հավիտենական ուխտ արեց ինձ հետ,Պահված և հաստատված ամեն բանի մեջ։Թեև իմ ամբողջ փրկությունն ու ամբողջ իղձն այն է,Բայց նա չպիտի ծաղկեցնի։

6. Իսկ բոլոր անօրենները դուրս գցված փշի նման են,Որը ձեռքով հնարավոր չէ բռնել։

7. Բայց նրանց դիպչող մարդըԹող երկաթով զինվի ու նիզակի փայտով.Նրանք վառած կրակով պիտի այրվեն նույն տեղում»։

8. Սրանք են Դավթի քաջ մարդկանց անունները. Հոսեբ-Բասեբեթ Թահքեմոնացին՝ զորավորների գլխավորը, նա է ասոնացի Ադինոն, որը միանգամից ութ հարյուր մարդ էր սպանել։

9. Նրանից հետո Եղիազարն էր՝ Աքուքի որդի Դովդայի որդին, որը Դավթի հետ եղած երեք զորավարներից էր, որոնք երբ այնտեղ պատերազմի համար հավաքված փղշտացիներին նախատեցին, Իսրայելի զինվորները փախուստի դիմեցին,

10. նա վեր կացավ և ջարդեց փղշտացիներին, մինչև որ ձեռքը հոգնեց և ձեռքը կպավ իր սրին. և Տերը մեծ փրկություն պարգևեց այդ օրը, և զորքը նրա հետևից գնաց, բայց միայն դիակներին կողոպտելու համար։

11. Նրանից հետո Սամման էր՝ արարացի Ագեի որդին։ Երբ փղշտացիները մի խումբ էին կազմել և հավաքվել մի ագարակում, որտեղ խիտ ոսպ էր ցանված, և զորքը փախավ փղշտացիների առաջից,

12. այդ ժամանակ նա կանգնեց ագարակի մեջ, պաշտպանեց այն և հարվածեց փղշտացիներին, և Տերը մեծ փրկություն պարգևեց։

13. Այս երեսուն զորավարներից երեքը հնձի ժամանակ գնացին Դավթի մոտ՝ Ոդողոմի քարայրը, երբ փղշտացիների մի գունդ բանակատեղի էր դրել Ռափայինների հովտում։

14. Դավիթն այդ ժամանակ ամուր բերդում էր, իսկ փղշտացիների կայազորը գտնվում էր Բեթլեհեմում։

15. Դավիթը փափագեց ջուր խմել և ասաց. «Ո՞վ ինձ համար Բեթլեհեմի դռան մոտի ջրհորից ջուր կբերի, որ խմեմ»։

16. Եվ այդ երեք քաջ մարդիկ ճեղքեցին փղշտացիների բանակը, ջուր քաշեցին Բեթլեհեմի դռան մոտի ջրհորից, բերին և տվին Դավթին, բայց նա չուզեց խմել այն և Տիրոջ համար հեղեց ցած.

17. և ասաց. «Քա՛վ լիցի ինձ, Տե՛ր, որ ես այդ բանն անեմ. մի՞թե ես պիտի խմեմ այն մարդկանց արյունը, որ իրենց կյանքը վտանգի ենթարկեցին»։ Եվ նա չկամեցավ խմել այն։ Այս բանն արին այդ երեք քաջ մարդիկ։

18. Այս երեքի գլխավորն էր Աբեսսան՝ Շարուհեայի որդի Հովաբի եղբայրը։ Նա իր նիզակով երեք հարյուր մարդ էր սպանել. նա անվանի էր այդ երեքի մեջ։

19. Թեև այդ երեքից ավելի պատվավոր էր և նրանց գլխավորն էր, բայց նա չէր հասնում այն առաջին երեքին։

20. Բանեան, որը կաբեսելացի մի եռանդուն ու գործունյա մարդու՝ Հովիադայի որդին էր, սպանեց Մովաբի երկու կտրիճ մարդկանց*։ Նա նաև ձյան ժամանակ իջավ մի գուբի մեջ և սպանեց առյուծին։

21. Նա սպանեց մի եգիպտացի վայելչատես մարդու։ Այդ եգիպտացու ձեռքին մի նիզակ կար, իսկ նա մեկ ցուպով հարձակվեց նրա վրա, եգիպտացու ձեռքից խլեց նիզակը և իր իսկ նիզակով սպանեց նրան։

22. Այս բաներն արեց Բանեան՝ Հովիադայի որդին, և նա անվանի էր այդ երեք քաջ մարդկանց մեջ։

23. Երեսունի մեջ նա ավելի բարձր պատիվ ուներ, բայց չէր հասնում այն առաջին երեքին, և Դավիթը նրան նշանակեց իր թիկնապահների գլխավորը։

24. Երեսունից էին Ասայելը՝ Հովաբի եղբայրը, բեթլեհեմցի Ելեանանը՝ Դովդայի որդին,

25. հարոդացի Սամման, հարոդացի Եղիկան,

26. փելլատացի Քեղղեսը, թեկուացի Իրասը՝ Եկգեսի որդին,

27. անաթովթացի Աբիեզերը, ովսացի Մեբունան,

28. աքուքացի Սելմոնը, նետոփաթացի Մաարան,

29. Ալաբը՝ նետոփաթացի Բաանայի որդին, Բենիամինի որդիներից Ռիփայի որդի Եթթին՝ Գաբայից,

30. փարաթոնացի Բանեան, Գաասի ձորից՝ Ադդային,

31. արաբաթացի Աբիելբոնը, բարումացի Ազամոթը,

32. Սաղաբինացի Եղիաբան, Հասենի որդիներից՝ Հովնաթանը,

33. հարարացի Սամման, արարացի Սարարի որդի Աքիամը,

34. Մաաքաթիի որդի Ահասբայի որդին՝ Եղիփաղետը, գեղոնացի Աքիտոփելի որդին՝ Եղիամը,

35. կարմելացի Ասարեն, արբացի Փաարան,

36. սուբացի Նաթանի որդին՝ Իգալը, գադացի Բանին,

37. ամմոնացի Սելեկը, բերովթացի Նաարան՝ Շարուհեայի որդու՝ Հովաբի կապարճակիրը,

38. հեթերացի Իրասը, հեթերացի Գարեբը,

39. քետացի Ուրիան. ընդամենը՝ երեսունյոթ հոգի։

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24

1. Տիրոջ բարկությունը դարձյալ բորբոքվեց Իսրայելի վրա, և Դավթին գրգռեց նրանց դեմ՝ ասելով. «Գնա Իսրայելի ու Հուդայի մարդահամա՛ր արա»։

2. Եվ թագավորը զորքի գլխավոր Հովաբին, որ իր հետ էր, ասաց. «Շրջի՛ր Իսրայելի բոլոր ցեղերի մեջ՝ Դանից մինչև Բերսաբեե, և հաշվե՛ք ժողովրդին, որ ժողովրդի թիվը գիտենամ»։

3. Եվ Հովաբն ասաց թագավորին. «Քո Տեր Աստվածը ժողովրդին, ինչքան կա, այսքան և այսքան հարյուրապատիկ էլ ավելացնի, և իմ տեր թագավորի աչքերը տեսնեն, բայց ինչո՞ւ է իմ տեր թագավորը փափագում այդ բանը»։

4. Սակայն թագավորի խոսքը պարտադրվեց Հովաբին ու զորավարներին, և Հովաբն ու զորավարները դուրս ելան թագավորի մոտից, որ Իսրայելի ժողովրդի մարդահամար անեն։

5. Նրանք անցան Հորդանանը և բանակատեղի դրին Արոեր քաղաքի աջ կողմը, որը գտնվում է Գադ ձորում՝ դեպի Հազեր։

6. Եկան Գաղաադ և Թահթիմադասեի երկիրը, հետո եկան Դանաեաան և Սիդոնի շրջակայքը։

7. Հետո եկան Տյուրոսի ամրոցը և անցան խևացիների ու քանանացիների բոլոր քաղաքները. հետո դուրս ելան դեպի Հուդայի հարավ՝ Բերսաբեե։

8. Շրջեցին ամբողջ երկիրը և ինն ամիս քսան օր անց եկան Երուսաղեմ։

9. Հովաբը ժողովրդի մարդահամարի թիվը տվեց թագավորին. Իսրայելն ուներ պատերազմի համար սուր վերցնելու ութ հարյուր հազար մարդ, իսկ Հուդան՝ հինգ հարյուր հազար մարդ։

10. Դավթի խիղճը տանջեց իրեն ժողովրդի մարդահամարն անելուց հետո։ Դավիթն ասաց Տիրոջը. «Ես խիստ մեղանչեցի, որ արեցի այս բանը. հիմա, ո՜վ Տեր, աղաչում եմ, ների՛ր քո ծառայի մեղքը, որովհետև մեծ հիմարություն գործեցի»։

11. Երբ Դավիթը առավոտյան վեր էր կացել, Տերը խոսեց Գադ մարգարեի՝ Դավթի տեսանողի հետ՝ ասելով.

12. «Գնա՛ և ասա՛ Դավթին. “Այսպես է ասում Տերը.

13. Գադը եկավ Դավթի մոտ, պատմեց նրան և նրան ասաց. «Արդյոք ո՞րը կուզես՝ յոթ տարի սո՞վ լինի քո երկրի մեջ, թե՞ երեք ամիս դու փախչես քո թշնամիներից, և նրանք քեզ հալածե՞ն, կամ թե երեք օր ժանտա՞խտ լինի քո երկրում։ Հիմա մտածի՛ր և որոշի՛ր, թե ես ի՛նչ խոսք տանեմ ինձ ուղարկողին»։

14. Դավիթն ասաց Գադին. «Ես մեծ նեղության մեջ եմ. թող Տիրոջ ձեռքն ընկնենք, քանզի մեծ է նրա ողորմությունը, թող ես մարդու ձեռք չընկնեմ»։

15. Տերը ժանտախտ ուղարկեց Իսրայելի վրա՝ առավոտից մինչև որոշված ժամանակը, և Դանից մինչև Բերսաբեե ժողովրդից յոթանասուն հազար մարդ մեռավ։

16. Հրեշտակն իր ձեռքը մեկնեց դեպի Երուսաղեմ, որ ոչնչացնի այն, բայց Տերը հրաժարվեց այդ չարիքից և ժողովրդին ոչնչացնող հրեշտակին ասաց. «Բավական է. հիմա ձեռքդ ե՛տ քաշիր»։ Տիրոջ հրեշտակը հեբուսացի Ոռնայի կալի մոտ էր։

17. Երբ Դավիթը տեսավ, որ հրեշտակը կոտորում է ժողովրդին, ասաց Տիրոջը. «Ահա ես եմ մեղանչել, ես եմ հանցանք գործել, իսկ այս ոչխարներն ի՞նչ են արել. աղաչում եմ, թող քո ձեռքը ինձ վրա և իմ հոր տան վրա լինի»։

18. Նույն օրը Գադը գնաց Դավթի մոտ և ասաց նրան. «Վեր կաց գնա՛ և հեբուսացի Ոռնայի կալում զոհասեղա՛ն շինիր Տիրոջ համար»։

19. Դավիթը գնաց Գադի խոսքի համաձայն, ինչպես հրամայել էր Տերը։

20. Ոռնան նայեց ու տեսավ թագավորին և նրա ծառաներին, որոնք գալիս էին իր մոտ, և Ոռնան դուրս ելավ ու երկրպագեց թագավորին՝ երեսնիվայր խոնարհվելով մինչև գետին։

21. Ոռնան ասաց. «Ինչո՞ւ է եկել իմ տեր թագավորը իր ծառայի մոտ»։ Դավիթն ասաց. «Եկել եմ, որ կալը քեզանից ծախու առնեմ, որ Տիրոջ համար զոհասեղան շինեմ, որպեսզի աղետը դադարի ժողովրդից»։

22. Ոռնան ասաց Դավթին. «Թող թագավորը վերցնի, ինչ հաճելի է իր աչքին, և զոհ մատուցի. ահա եզները՝ ողջակեզի համար, և կամնասայլերի ու եզների լծասարքը՝ փայտի համար»։

23. Այս բոլորը, ո՛վ թագավոր, Ոռնան թագավորին տվեց. Ոռնան նաև ասաց թագավորին. «Քո Տեր Աստվածը քեզ ընդունի»։

24. Բայց թագավորը Ոռնային ասաց. «Ո՛չ, քեզնից ծախու պիտի առնեմ և ես չպիտի ձրի զոհ մատուցեմ Տեր Աստծուն»։ Եվ Դավիթը հիսուն սիկղ արծաթով գնեց Ոռնայի կալն ու եզները։

25. Դավիթն այնտեղ զոհասեղան շինեց Տիրոջ համար, ողջակեզ ու խաղաղության զոհեր մատուցեց, և Տերը լսեց երկրի համար արված աղոթքը, և հարվածը դադարեց Իսրայելից։