Ա
Ս
Տ
Ծ
Ո

Ժ
Ո
Ղ
Ո
Վ
Ո
Ւ
Ր
Դ
.
.
.

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

34

Աստվածաշունչ (online)

Ընտրել Գիրքը...

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրել Գլուխը...

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

34

Բ ՕՐԵՆՔ 1

1. Սրանք են այն խոսքերը, որ Մովսեսն ասաց բոլոր իսրայելացիներին Հորդանան գետի այն կողմում՝ անապատում, Սուփի դիմացի հարթավայրում՝ Փառանի, Տոփելի, Ղոբանի, Ասերոթի և Տիզահաբի միջև.

2. (Քորեբից մինչև Կադես-Բառնեա տասնմեկ օրվա ճանապարհ է Սեիր լեռան ճանապարհով)։

3. Քառասուներորդ տարվա տասնմեկերորդ ամսի մեկին Մովսեսը Իսրայելի բոլոր որդիներին ասաց այն ամենը, ինչ Տերը նրանց մասին պատվիրել էր իրեն.

4. Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորին և Աստարովթի ու Եդրայիում բնակվող Բասանի Օգ թագավորին հարվածելուց հետո։

5. Հորդանան գետի այն կողմում՝ Մովաբի երկրում, Մովսեսն սկսեց բացատրել այս օրենքը՝ ասելով.

6. «Մեր Տեր Աստվածը, Քորեբ լեռան վրա խոսելով մեզ հետ, ասաց. “Բավական է, որքան մնացիք այս սարում.

7. Շրջվե՛ք ու մեկնե՛ք. գնացե՛ք դեպի ամորհացիների լեռնային շրջանը, նրա բոլոր բնակիչների մոտ, դեպի հարթավայրը, լեռներն ու հովիտները, հարավային կողմը, ծովեզերքը, քանանացիների երկիրը և Լիբանան, մինչև մեծ գետը՝ Եփրատ գետը։

8. Ահա ձեզ եմ տվել այդ երկիրը, գնացե՛ք և ժառանգե՛ք այն երկիրը, որը Տերը երդվեց տալ ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին ու նրանցից հետո նրանց զավակներին”։

9. Այն ժամանակ ես խոսեցի ձեզ հետ՝ ասելով. “Ես մենակ չեմ կարող ձեզ տանել։

10. Ձեր Տեր Աստվածը ձեզ բազմացրել է, և ահա դուք այսօր երկնքի աստղերի չափ շատ եք։

11. (Ձեր հայրերի Տեր Աստվածը թող հազարապատիկ ձեզ ավելացնի և ձեզ օրհնի, ինչպես որ ասել է ձեզ)։

12. Ես մենակ ինչպե՞ս կրեմ ձեր նեղությունը, ձեր բեռը, ձեր վեճերը։

13. Դուք ձեր ցեղերից իմաստուն, փորձառու և շրջահայաց մարդի՛կ տվեք, և ես նրանց ձեզ վրա իշխաններ կարգեմ”։

14. Իսկ դուք ինձ պատասխանեցիք և ասացիք. “Ինչ որ ասում ես անելու, լավ է”։

15. Եվ ես ձեզանից վերցրի ձեր ցեղերի գլխավորներին՝ իմաստուն և շրջահայաց մարդկանց, և նրանց ձեզ վրա, ըստ ձեր ցեղերի, կարգեցի իշխաններ՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ, տասնապետներ և զորականներ։

16. Այն ժամանակ ես պատվիրեցի ձեր դատավորներին՝ ասելով. “Լսե՛ք ձեր եղբայրների միջև եղած դատերը և արդարությա՛մբ դատեք ամեն մարդու դատը թե՛ իր եղբոր և թե՛ օտարականի հետ։

17. Դատաստան անելիս աչառություն չանեք, փոքրին լսե՛ք մեծի նման, ոչ մի մարդուց բնավ մի՛ վախեցեք, որովհետև դատաստանը Աստծունն է։ Այն դատը, որ ձեզ համար դժվար կլինի վճռել, ի՛նձ ներկայացրեք, և ես կլսեմ այն”։

18. Այն ժամանակ ես ձեզ պատվիրել եմ այն ամենը, ինչ պետք է անեք։

19. Հետո մեկնեցինք Քորեբից և ամբողջությամբ անցանք ձեր տեսած այդ մեծ և ահավոր անապատը ամորհացիների լեռնային ճանապարհով, ինչպես մեր Տեր Աստվածը պատվիրել էր մեզ, և եկանք մինչև Կադես-Բառնեա։

20. Ես ձեզ ասացի. “Դուք եկաք ամորհացիների լեռը, որ մեր Տեր Աստվածը տալիս է մեզ։

21. Տե՛ս, քո Տեր Աստվածը այդ երկիրը տվել է քեզ. բարձրացի՛ր, ժառանգի՛ր այն, ինչպես քո հայրերի Տեր Աստվածն ասաց քեզ։ Մի՛ վախեցիր, մի՛ զարհուրիր”։

22. Դուք ամենքդ ինձ մոտ եկաք և ասացիք ինձ. “Մեզանից առաջ մարդիկ ուղարկենք, որ մեզ համար հետախուզեն երկիրը և մեզ լուր բերեն այն ճանապարհի մասին, որով պիտի բարձրանանք, և այն քաղաքների մասին, ուր մուտք պիտի գործենք”։

23. Այս խոսքն ինձ հաճո թվաց։ Ես ձեզանից վերցրի տասներկու մարդ՝ ամեն մի ցեղից մի մարդ։

24. Նրանք գնացին, բարձրացան լեռը, հասան մինչև Եսքողի ձորը և հետախուզեցին այդ երկիրը։

25. Նրանք իրենց ձեռքն առան այդ երկրի պտուղներից, բերեցին մեզ մոտ և մեզ տեղեկություն տալով՝ ասացին. “Լավ է այն երկիրը, որ մեր Տեր Աստվածը տալիս է մեզ”։

26. Բայց դուք չուզեցիք բարձրանալ և հակառակվեցիք ձեր Տեր Աստծու հրամանին։

27. Եվ տրտնջալով ձեր վրանների մեջ՝ ասացիք. “Տերը, մեզ ատելով, մեզ դուրս հանեց Եգիպտոսի երկրից, որպեսզի մեզ հանձնի ամորհացիների ձեռքը՝ մեզ կորստյան մատնելու համար։

28. Մենք ո՞ւր բարձրանանք. մեր եղբայրները թուլացրին մեր սրտերը՝ ասելով.

29. Ես ձեզ ասացի. “Մի՛ վախեցեք, մի՛ զարհուրեք նրանցից։

30. Ձեր Տեր Աստվածը, որ գնում է ձեր առջևից, կպատերազմի ձեզ համար, ինչպես որ ձեր աչքի առաջ դա արեց ձեզ համար Եգիպտոսում։

31. Այս անապատում էլ, որ տեսար, թե քո Տեր Աստվածը քեզ տարավ, ինչպես մի մարդ տանում է իր զավակին, ձեր գնացած ամբողջ ճանապարհին, մինչև որ եկաք հասաք այստեղ”։

32. Սրանից հետո էլ չհավատացիք ձեր Տեր Աստծուն,

33. որ ձեր առջևից գնում էր ձեր ճանապարհին, որպեսզի ձեզ համար վրաններ խփելու մի տեղ որոնի և որպեսզի ձեր գնալու ճանապարհը ցույց տա ձեզ գիշերը կրակով, իսկ ցերեկը՝ ամպով։

34. Տերը լսեց ձեր խոսքերի ձայնը, բարկացավ և երդում արեց՝ ասելով.

35. “Այս մարդկանցից, այս չար ազգից ո՛չ մեկը չի տեսնելու այն լավ երկիրը, որ երդվեցի տալ ձեր հայրերին,

36. բացի Հեփոնեի որդի Քաղեբից. նա կտեսնի այն, և ես նրան ու նրա որդիներին կտամ այն երկիրը, որի վրա նա ոտք է դրել, որովհետև նա կատարելապես հետևեց Տիրոջը”։

37. Տերը ձեր պատճառով ինձ վրա էլ բարկացավ և ասաց. “Դու էլ չես մտնի այնտեղ։

38. Նավեի որդի Հեսուն՝ քո առաջ կանգնողը, նա՛ կմտնի այնտեղ. զորացրո՛ւ նրան, որովհետև նա՛ պիտի այդ երկիրը ժառանգել տա Իսրայելին։

39. Ձեր այն երեխաները, որոնց մասին ասում էիք, թե ավար կդառնան, և ձեր այն որդիները, որոնք այսօր դեռ չգիտեն բարին ու չարը, նրա՛նք կմտնեն այնտեղ, նրա՛նց պիտի տամ այդ երկիրը, նրա՛նք պիտի ժառանգեն այն։

40. Բայց դուք ե՛տ դարձեք և Կարմիր ծովի ճանապարհով մեկնե՛ք դեպի անապատը”։

41. Այն ժամանակ դուք պատասխանեցիք ինձ և ասացիք. “Մեղք գործեցինք Տիրոջ առջև. վեր ելնենք, պատերազմենք, ինչպես մեզ պատվիրեց մեր Տեր Աստվածը”։ Եվ ամեն մեկդ ձեր պատերազմական զենքն առնելով՝ թեթևամտությամբ ուզեցիք բարձրանալ լեռը։

42. Տերն ինձ ասաց. “Ասա՛ նրանց.

43. Ես էլ ձեզ հետ խոսեցի, բայց դուք չլսեցիք ինձ, այլ հակառակվեցիք Տիրոջ հրամանին, համառություն արեցիք ու բարձրացաք լեռը։

44. Այդ լեռան վրա բնակվող ամորհացիները, դուրս գալով ձեր դեմ, մեղուների նման հալածեցին ձեզ ու կոտորեցին Սեիրում՝ մինչև Հորմա։

45. Ետ դառնալով՝ լաց եղաք Տիրոջ առջև, բայց Տերը չլսեց ձեզ, ականջ չդրեց ձեր ձայնին։

46. Դուք Կադեսում շատ օրեր, իսկապես երկար մնացիք»:

Բ ՕՐԵՆՔ 2

1. «Մենք ետ դարձանք և Կարմիր ծովի ճանապարհով մեկնեցինք դեպի անապատը, ինչպես Տերն ասել էր ինձ, և շատ օրեր պտտվեցինք Սեիր լեռան շուրջը։

2. Տերը խոսեց ինձ հետ և ասաց.

3. “Բավական է, ինչքան պտտվեցիք այդ լեռան շուրջը։ Դարձե՛ք դեպի հյուսիս։

4. Պատվիրի՛ր ժողովրդին և ասա՛.

5. նրանց հետ չկռվեք, որովհետև ես նրանց երկրից ձեզ մի ոտնաչափ անգամ տեղ չեմ տալու, որովհետև Սեիր լեռը Եսավին եմ տվել իբրև ժառանգություն։

6. Ուտելիքը փողով գնե՛ք նրանցից և կերե՛ք. ջուրը նույնպես փողով գնե՛ք նրանցից և խմե՛ք,

7. որովհետև քո Տեր Աստվածը օրհնել է քեզ քո ձեռնարկած բոլոր գործերում։ Նա գիտե քո երթը այս մեծ անապատում։ Ահա քառասուն տարի է, ինչ քո Տեր Աստվածը քեզ հետ է, և դու ոչ մի բանի պակասություն չես զգացել

8. Մենք անցանք Սեիրում բնակվող մեր եղբայրների՝ Եսավի որդիների կողքով, դաշտի ճանապարհով՝ Ելաթից և Գասիոն-Գաբերից, ապա շրջվեցինք ու անցանք Մովաբի անապատի ճանապարհով։

9. Տերն ինձ ասաց. “Մովաբացիների հետ թշնամություն չանես և նրանց դեմ չպատերազմես, որովհետև նրանց երկրից քեզ ժառանգություն չեմ տալու, քանի որ Արը Ղովտի որդիներին եմ տվել իբրև ժառանգություն։

10. (Նախկինում էմիմներն էին բնակվում այնտեղ, որոնք մեծ, բազմամարդ և ենակիմների նման երկարահասակ ազգ էին։

11. Սրանք էլ ենակիմների պես հսկաներ էին համարվում, և մովաբացիները սրանց էմիմ էին կոչում։

12. Սեիրում նախ քոռեցիներն էին բնակվում, բայց Եսավի որդիները նրանց քշեցին, կոտորեցին իրենց առաջ և բնակվեցին նրանց երկրում, ինչպես իսրայելացիներն արեցին իրենց ժառանգած երկրում, որ Տերը տվեց նրանց)։

13. Այժմ վե՛ր կացեք և անցե՛ք Զարեդ ձորով”։ Եվ մենք անցանք Զարեդ ձորով։

14. Կադես-Բառնեայից մինչև Զարեդ ձորն անցնելը տևեց երեսունութ տարի, մինչև որ բանակում պատերազմող մարդկանց ամբողջ սերունդը վերջացավ, ինչպես որ Տերը երդվել էր նրանց։

15. Տիրոջ ձեռքն էլ նրանց վրա էր, որպեսզի բնաջինջ անի նրանց բանակատեղիում, մինչև որ սպառվեն։

16. Երբ պատերազմող բոլոր մարդիկ մեռնելով վերացան ժողովրդի միջից,

17. Տերը խոսեց ինձ հետ՝ ասելով.

18. “Դու այսօր Մովաբի սահմանն Արով ես անցնում

19. և մոտենում ես Ամմոնի որդիներին։ Նրանց հետ թշնամություն մի՛ արա, մի՛ կռվիր նրանց հետ, որովհետև Ամմոնի որդիների երկրից քեզ ժառանգություն չեմ տալու, որովհետև այն տվել եմ Ղովտի որդիներին իբրև ժառանգություն։

20. (Դա էլ էր հսկաների երկիր համարվում. նախապես այստեղ հսկաներ էին բնակվում, որոնց ամմոնացիները զամզումիմ էին կոչում։

21. Ենակիմների նման մեծ, բազմամարդ և երկարահասակ ազգ էին, բայց Տերը կոտորեց նրանց ամմոնացիների առաջ, որոնք քշեցին նրանց և բնակվեցին նրանց երկրում.

22. ինչպես որ արեց Տերը Սեիրում բնակվող Եսավի որդիների համար, երբ քոռեցիներին բնաջնջեց նրանց առաջ. Եսավի որդիները քշեցին նրանց ու նրանց տեղում բնակվեցին և այնտեղ են մինչև այսօր։

23. Ավացիները, որոնք բնակվում էին գյուղաքաղաքներում մինչև Գազա, կոտորվեցին Կափթորից դուրս եկած կափթորացիների կողմից և նրանց տեղում բնակվեցին)։

24. Վե՛ր կացեք, մեկնե՛ք և անցե՛ք Առնոնի ձորով։ Ահա քո ձեռքն եմ հանձնում Եսեբոնի թագավոր ամորհացի Սեհոնին ու նրա երկիրը։ Սկսի՛ր նվաճել, պատերազմի՛ր նրա դեմ։

25. Այսօրվանից կսկսեմ քո ահն ու սարսափը տարածել երկնքի տակ գտնվող բոլոր ազգերի վրա, որպեսզի լսելով քո համբավը՝ սկսեն դողալ և տագնապել”։

26. Կադեմոթի անապատից պատգամաբերներ ուղարկեցի Եսեբոնի Սեհոն թագավորի մոտ խաղաղության խոսքերով՝ ասելով.

27. “Թո՛ւյլ տուր անցնել քո երկրով. միշտ ճանապարհով կգնամ, աջ կամ ձախ չեմ թեքվի։

28. Ուտելիքը փողով վաճառի՛ր ինձ, որ ուտեմ, ջուրը փողով տո՛ւր ինձ, որ խմեմ, միայն թե իմ ոտքերով անցնեմ.

29. ինչպես որ վարվեցին ինձ հետ Սեիրում բնակվող Եսավի որդիները և Արում բնակվող մովաբացիները. մինչև որ Հորդանան գետով անցնեմ այն երկիրը, որ մեր Տեր Աստվածը, տալիս է մեզ”։

30. Բայց Եսեբոնի Սեհոն թագավորը չուզեց, որ մենք անցնենք այդտեղով, որովհետև Տերը՝ քո Աստվածը, խստացրել էր նրա հոգին և կարծրացրել նրա սիրտը, որպեսզի նրան հանձնի քո ձեռքը, ինչպես որ այսօր է։

31. Տերն ինձ ասաց. “Ահա սկսեցի քեզ տալ Սեհոնին ու նրա երկիրը։ Սկսի՛ր նվաճել, որպեսզի ժառանգես նրա երկիրը”։

32. Սեհոնն ինքը իր ամբողջ ժողովրդով Հասսայում պատերազմի դուրս ելավ մեր դեմ։

33. Մեր Տեր Աստվածը նրան մատնեց մեր ձեռքը, և մենք կոտորեցինք նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին։

34. Այդ ժամանակ նրա բոլոր քաղաքները գրավեցինք և բոլոր քաղաքները, տղամարդկանց, կանանց ու երեխաներին բնաջնջեցինք. ոչ մեկին էլ ողջ չթողեցինք։

35. Միայն անասունները ավար վերցրինք և կողոպտեցինք մեր գրաված քաղաքները։

36. Առնոնի ձորի եզերքում գտնվող Արոերից և ձորի մեջ եղած քաղաքից մինչև Գաղաադ մի քաղաք չմնաց, որ մեր դեմ ելներ. մեր Տեր Աստվածը բոլորն էլ մատնեց մեր ձեռքը։

37. Միայն թե չմոտեցար Ամմոնի որդիների երկրին, Հաբոկ վտակի երկայնքին և լեռնային քաղաքներին ու այն բոլոր վայրերին, որ մեր Տեր Աստվածը արգելել էր մեզ»։

Բ ՕՐԵՆՔ 3

1. «Շրջվեցինք և բարձրացանք Բասանի ճանապարհով։ Բասանի Օգ թագավորը, ինքն ու իր ամբողջ ժողովուրդը Եդրայիում պատերազմի դուրս ելան մեր դեմ։

2. Տերն ինձ ասաց. “Մի՛ վախեցիր նրանից, որովհետև քո ձեռքն եմ մատնելու նրան, նրա ամբողջ ժողովրդին ու նրա երկիրը։ Նրա հետ կվարվես այնպես, ինչպես վարվեցիր Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորի հետ”։

3. Եվ մեր Տեր Աստվածը Բասանի Օգ թագավորին էլ մատնեց մեր ձեռքը նրա ամբողջ ժողովրդի հետ։ Մենք կոտորեցինք նրանց այնպես, որ նրանցից ոչ մեկն էլ ողջ չմնաց։

4. Այն ժամանակ մենք գրավեցինք նրա բոլոր քաղաքները. քաղաք չմնաց, որ գրաված չլինեինք նրանցից. վաթսուն քաղաք, այսինքն՝ ամբողջ Արգոբի գավառը՝ Օգի թագավորությունը Բասանում։

5. Սրանք բոլորն էլ բարձր պարիսպներով, դարպասներով և դռնափակերով ամրացած քաղաքներ էին, բացի չպարսպապատված քաղաքներից, որոնք խիստ շատ էին։

6. Նրանց քաղաքները կործանեցինք, կոտորեցինք տղամարդկանց, կանանց և երեխաներին, ինչպես որ արել էինք Եսեբոնի Սեհոն թագավորի երկրում։

7. Սակայն ավար առանք բոլոր անասուններն ու քաղաքներից կողոպուտը։

8. Այն ժամանակ ամորհացիների երկու թագավորների ձեռքից առանք Հորդանանի այն կողմում գտնվող երկիրը՝ Առնոնի ձորից մինչև Հերմոն լեռը։

9. (Սիդոնացիները Հերմոնն անվանում էին Սարիոն, իսկ ամորհացիներն այն անվանում էին Սանիր)։

10. Դաշտային բոլոր քաղաքները, ամբողջ Գաղաադն ու ամբողջ Բասանը, մինչև Սելքա և Եդրայի, Բասանում գտնվող Օգի թագավորության քաղաքները։

11. Հսկաների ցեղից միայն Բասանի Օգ թագավորն էր մնացել։ Նրա մահճակալը՝ երկաթյա մի մահճակալ, այժմ գտնվում է Ամմոնի որդիների Ռափա քաղաքում։ Դրա երկարությունը ինը կանգուն է, իսկ լայնությունը՝ չորս կանգուն, ընդունված չափի կանգունով։

12. Երբ այդ երկիրը գրավեցինք, Ռուբենի և Գադի ցեղերին տվեցի այն տարածքը, որ ընդգրկում է Արոերը, Առնոնի ձորը և Գաղաադի լեռնային տարածքի կեսը իր քաղաքներով։

13. Գաղաադի մնացած մասն ու ամբողջ Բասանը՝ Օգի թագավորությունը, նաև Արգոբի ամբողջ գավառն ամբողջ Բասանի հետ, որ հսկաների երկիր էր կոչվում, տվեցի Մանասեի կես ցեղին։

14. Մանասեի որդի Հայիրն առավ Արգոբի ամբողջ գավառը մինչև գեսուրացիների ու մաքաթացիների սահմանը և դրանք իր անունով կոչեց Բասան-Հավոթ-Հայիր, մինչև այսօր էլ։

15. Գաղաադը տվեցի Մաքիրին։

16. Ռուբենի և Գադի ցեղերին տվեցի Գաղաադից մինչև Առնոնի ձորը, որի միջով անցնում է սահմանը, մինչև Հաբոկի ձորը, որ Ամմոնի որդիների սահմանն է.

17. նաև դաշտը, որի սահմանն է Հորդանան գետը, Քեներեթից մինչև Արաբայի, այսինքն՝ Մեռյալ ծովը, Փասգա լեռան ստորոտը՝ արևելյան կողմում։

18. Այն ժամանակ ես ձեզ պատվիրեցի՝ ասելով. “Ձեր Տեր Աստվածն այս երկիրը տվեց ձեզ իբրև ժառանգություն։ Ո՛վ դուք բոլոր քաջերդ, սպառազինված գնացեք անցե՛ք ձեր եղբայրների՝ Իսրայելի որդիների առաջ.

19. իսկ ձեր կանայք, ձեր երեխաներն ու ձեր անասունները (գիտեմ, որ ձեր անասունները շատ են) թող մնան ձեր այն քաղաքներում, որ ես տվել եմ ձեզ,

20. մինչև որ Տերը ձեր եղբայրներին էլ ձեզ պես հանգստացնի, և մինչև որ նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ ձեր Տեր Աստվածը տալու է նրանց Հորդանանի այն կողմում։ Հետո ձեզնից յուրաքանչյուրը կվերադառնա իր ժառանգած երկիրը, որ ես տվել եմ ձեզ”։

21. Այն ժամանակ ես Հեսուին պատվիրեցի՝ ասելով. “Քո աչքերը տեսան, ինչ որ ձեր Տեր Աստվածն արեց այդ երկու թագավորներին։ Տերն այդպես է անելու նաև այն բոլոր թագավորություններին, որոնցով դու պիտի անցնես։

22. Մի՛ վախեցեք նրանցից, որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն է պատերազմելու ձեզ համար”։

23. Ես այն ժամանակ Տիրոջն աղաչեցի և ասացի.

24. “Ո՛վ Տեր, Տե՛ր, դու սկսեցիր քո ծառային ցույց տալ քո մեծությունն ու քո զորավոր ձեռքը, որովհետև երկնքում և երկրի վրա ո՞վ է այն աստվածը, որ կարողանա քո գործերի և քո զորավոր արարքների պես անել։

25. Աղաչում եմ, թող անցնեմ և տեսնեմ Հորդանանի այն կողմում գտնվող լավ երկիրը, այն սքանչելի լեռն ու Լիբանանը”։

26. Բայց Տերն ինձ վրա բարկացավ ձեր պատճառով ու չլսեց ինձ։ Տերն ինձ ասաց. “Բավական է. այդ մասին այլևս ինձ հետ չխոսես։

27. Բարձրացի՛ր Փասգայի գագաթը, աչքերդ ուղղի՛ր դեպի արևմուտք, հյուսիս, հարավ ու արևելք և աչքերովդ տե՛ս, որովհետև դու այս Հորդանան գետից չես անցնելու։

28. Պատվերնե՛ր տուր Հեսուին, զորացրո՛ւ նրան, քաջալերի՛ր, որովհետև նա՛ է առաջնորդելու այս ժողովրդին և նրանց իբրև ժառանգություն տալու է այն երկիրը, որ դու տեսնում ես ահա”։

29. Եվ մենք նստեցինք հովտում՝ Բեթփեգորի դիմաց»։

Բ ՕՐԵՆՔ 4

1. «Այժմ, ո՛վ Իսրայել, լսի՛ր այն կանոններն ու օրենքները, որ ես ուսուցանում եմ ձեզ, որ անեք, որպեսզի ողջ մնաք և մտնեք ու ժառանգեք այն երկիրը, որ ձեր հայրերի Տեր Աստվածը տալիս է ձեզ։

2. Չավելացնեք այն խոսքի վրա, որ ես ձեզ պատվիրում եմ, և չպակասեցնեք դրանից։ Պահե՛ք ձեր Տեր Աստծու պատվիրանները, որոնք ես պատվիրում եմ ձեզ։

3. Ձեր աչքերը տեսան, ինչ որ Տերն արեց Բելփեգորին, որովհետև ձեր Տեր Աստվածը ձեր միջից վերացրեց այն բոլոր մարդկանց, որոնք հետևում էին Բելփեգորին։

4. Բայց դուք, որ հարեցիք ձեր Տեր Աստծուն, բոլորդ էլ այսօր ողջ եք։

5. Ահա ես ձեզ սովորեցրի կանոններ ու հրամաններ, ինչպես որ իմ Տեր Աստվածը պատվիրեց ինձ, որպեսզի գործադրեք դրանք այն երկրում, ուր դուք պիտի մտնեք և ժառանգեք այն։

6. Այժմ պահե՛ք և գործադրե՛ք դրանք, որովհետև հենց դրա մեջ է ձեր իմաստությունն ու խոհամտությունը ազգերի առաջ, որոնք, լսելով այս բոլոր կանոնները, պիտի ասեն. “Իսկապես այս մեծ ազգը իմաստուն և խոհեմ ժողովուրդ է”։

7. Որովհետև այդ ո՞ր մեծ ազգն է, որի աստվածներն այնքան մոտիկ լինեն իրեն, ինչպես մեր Տեր Աստվածն ամեն բանում, որ խնդրում ենք նրանից։

8. Եվ այդ ո՞ր մեծ ազգն է, որն ունենա այնպիսի արդար օրենքներ ու կանոններ, ինչպիսին այս բոլոր օրենքներն են, որ ես այսօր դնում եմ ձեր առաջ։

9. Միայն զգո՛ւյշ եղիր և մեծ ուշադրությո՛ւն դարձրու քո հոգուն. չլինի թե մոռանաս այն բաները, որ տեսան քո աչքերը, և չլինի թե քո սրտից դրանք դուրս գան քո կյանքի բոլոր օրերում, այլ դրանք սովորեցրո՛ւ քո որդիներին և որդիների որդիներին։

10. Այն օրը, երբ դու Քորեբում կանգնած էիր քո Տեր Աստծու առաջ, Տերն ինձ ասաց. “Հավաքի՛ր ժողովրդին ինձ մոտ, որ ես իմ խոսքերը լսել տամ նրանց, որպեսզի սովորեն վախենալ ինձանից այնքան ժամանակ, որ նրանք կապրեն երկրի վրա, և իրենց որդիներին էլ սովորեցնեն”։

11. Դուք մոտեցաք և կանգնեցիք այդ լեռան ստորոտին. լեռը մինչև երկնքի մեջտեղը բորբոքվել էր կրակով և պատվել խավարով, ամպով ու մառախուղով։

12. Տերը խոսեց ձեզ հետ կրակի միջից. դուք լսեցիք խոսքերի ձայնը, բայց կերպարանք չտեսաք, այլ միայն ձայն լսեցիք։

13. Եվ ձեզ հայտնեց իր ուխտը, պատվիրեց ձեզ, որ կատարեք տասը պատվիրանները, և դրանք գրեց քարե երկու տախտակների վրա։

14. Այդ ժամանակ Տերն ինձ պատվիրեց, որ կանոններ ու հրամաններ սովորեցնեմ ձեզ, որպեսզի դուք դրանք գործադրեք այն երկրում, ուր պիտի մտնեք այն ժառանգելու համար։

15. Մեծ ուշադրությո՛ւն դարձրեք ձեր հոգիներին, քանի որ այն օրը, երբ Տերը Քորեբում կրակի միջից խոսեց ձեզ հետ, դուք ոչ մի կերպարանք չտեսաք.

16. միգուցե անօրինություն անեք և ձեզ համար կերտեք մի կուռք՝ մի ինչ-որ պատկեր՝ տղամարդու կամ կնոջ կերպարանքով,

17. երկրի վրա գտնվող անասունի կերպարանքով, օդում թռչող թռչունի կերպարանքով,

18. գետնի վրա սողացողի կերպարանքով կամ երկրի տակ՝ ջրերի մեջ գտնվող ձկան կերպարանքով.

19. և կամ միգուցե քո աչքերը դեպի երկինք բարձրացնելով՝ տեսնես արեգակը կամ լուսինը կամ աստղերը՝ երկնքի բոլոր զարդերը, և խաբվես, դրանց երկրպագություն անես ու պաշտես դրանց, որոնց քո Տեր Աստվածը նշանակեց երկնքի տակ ապրող բոլոր ազգերի համար։

20. Իսկ Տերը ձեզ առավ և ձեզ դուրս հանեց Եգիպտոսից՝ երկաթե այդ հնոցից, որպեսզի լինեք իր սեփական ժողովուրդը, ինչպես որ այսօր եք։

21. Տերը ձեր պատճառով բարկացավ ինձ վրա և երդվեց, որ Հորդանանից չանցնեմ և չմտնեմ այն լավ երկիրը, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ իբրև ժառանգություն։

22. Ուստի ես կմեռնեմ այս երկրում և Հորդանանից չեմ անցնի, բայց դուք կանցնեք և կժառանգեք այդ լավ երկիրը։

23. Զգո՛ւյշ եղեք. չլինի թե մոռանաք ձեզ հետ ձեր Տեր Աստծու արած ուխտը և ձեզ համար կերտեք մի կուռք՝ ինչ-որ արարածի կերպարանք ունեցող մի բան, որը քո Տեր Աստվածն արգելել է քեզ.

24. որովհետև քո Տեր Աստվածը լափող կրակ է. նա նախանձոտ Աստված է։

25. Եթե դուք որդիներ, որդիների որդիներ ծնեք ու այդ երկրում բնակվեք և անօրինություն անեք՝ որևէ արարածի կերպարանքով մի կուռք կերտելով, ձեր Տեր Աստծու առաջ այդպիսի չար գործ կատարեք՝ զայրացնելու համար նրան,

26. ապա այսօր երկինքն ու երկիրը ձեր դեմ վկա եմ կանչում, որ դուք անպատճառ շուտով կբնաջնջվեք այն երկրից, որը ժառանգելու եք՝ Հորդանան գետն անցնելով։ Այնտեղ ձեր կյանքի օրերը երկար չեն լինի, ամբողջովին կկոտորվեք։

27. Տերը ձեզ կցրի ազգերի մեջ, և դուք սակավաթիվ կմնաք այն ժողովուրդների մեջ, ուր Տերը կքշի ձեզ։

28. Այնտեղ կպաշտեք աստվածների, որոնք մարդու ձեռքի գործեր են՝ քար և փայտ, և որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ ուտում և ո՛չ էլ հոտառություն ունեն։

29. Այնտեղից դու կորոնես քո Տեր Աստծուն և կգտնես, եթե քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով փնտրես նրան։

30. Երբ նեղության մեջ գտնվես, և այս բոլոր բաները պատահեն քեզ վերջին օրերին, այն ժամանակ դու կդառնաս քո Տեր Աստծուն և կհնազանդվես նրա ձայնին,

31. որովհետև քո Տեր Աստվածը ողորմած Աստված է. նա քեզ չի թողնի, քեզ չի կործանի և չի մոռանա քո հայրերին երդումով արած ուխտը։

32. Ուրեմն քննի՛ր քեզանից առաջ եղած առաջին օրերի մասին, այսինքն՝ սկսած այն օրից, երբ Աստված ստեղծեց մարդուն, թե երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը արդյոք այսպիսի մի մեծ բան երբևէ կատարվե՞լ է, կամ այսպիսի մի բան լսվե՞լ է,

33. արդյոք որևէ ազգ լսե՞լ է՝ Աստծու ձայնը խոսի կրակի միջից, ինչպես որ դու լսեցիր, և ողջ մնացած լինի.

34. կամ մի Աստված փորձե՞լ է գալ և մի ազգի միջից իր համար ժողովուրդ ընտրել զարմանահրաշ գործերով, նշաններով, հրաշքներով, պատերազմով, հզոր ձեռքով, բարձր բազկով, մեծամեծ սարսափներով, ինչպես որ ձեր Տեր Աստվածը ձեզ համար Եգիպտոսում արեց այս բոլոր բաները ձեր աչքի առաջ։

35. Սա ցույց տրվեց քեզ, որ իմանաս, թե Տերն է Աստված, և չկա մի ուրիշը, բացի նրանից։

36. Նա երկնքից լսել տվեց քեզ իր ձայնը, որպեսզի խրատի քեզ, և երկրի վրա քեզ ցույց տվեց իր մեծ կրակը, և դու կրակի միջից լսեցիր նրա խոսքերը։

37. Քո հայրերին սիրելու համար նրանցից հետո ընտրեց նրանց սերունդը և ինքն անձամբ իր մեծ զորությամբ հանեց քեզ Եգիպտոսից,

38. որպեսզի քեզանից մեծ և հզոր ազգերին քշի քո առաջից և քեզ տանի ու իբրև ժառանգություն քեզ տա նրանց երկիրը, ինչպես որ այսօր է։

39. Արդ, իմացի՛ր այսօր և սրտիդ մեջ դի՛ր, որ Տերն է Աստված վերևում՝ երկնքում, և ներքևում՝ երկրի վրա, և որ ուրիշը չկա։

40. Պահի՛ր նրա կանոններն ու պատվիրանները, որոնք այսօր ես պատվիրում եմ քեզ, որպեսզի քեզ համար և քեզանից հետո քո որդիների համար լավ լինի, և որպեսզի քո օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը ընդմիշտ տալիս է քեզ»։

41. Այն ժամանակ Մովսեսը երեք քաղաք ընտրեց Հորդանանի այս կողմում՝ արևելյան մասում,

42. որպեսզի այնտեղ փախչի այն մարդասպանը, որն անգիտությամբ սպանել է իր մերձավորին՝ առանց նախապես նրա դեմ ատելություն ունենալու, որպեսզի այդ քաղաքներից մեկնումեկը փախչելով՝ ողջ մնա։

43. Դրանք են՝ դաշտային երկրում՝ անապատի մեջ գտնվող Բոսոր քաղաքը Ռուբենի որդիների համար, Գաղաադում գտնվող Ռամոթ քաղաքը Գադի որդիների համար և Բասանում գտնվող Գողանը Մանասեի որդիների համար։

44. Սա է այն օրենքը, որ Մովսեսը ներկայացրեց Իսրայելի որդիներին։

45. Սրանք են այն վկայությունները, կանոնները և հրամանները, որ Մովսեսը հայտնեց Իսրայելի որդիներին, երբ նրանք դուրս էին գալիս Եգիպտոսից,

46. Հորդանանի այս կողմում՝ Բեթփեգորի դիմացի հովտում, Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորի երկրում, որին Մովսեսն ու Իսրայելի որդիները հարվածեցին, երբ դուրս էին գալիս Եգիպտոսից։

47. Նրանք գրավեցին նրա երկիրը, ինչպես նաև Բասանի Օգ թագավորի երկիրը, այսինքն՝ ամորհացիների երկու թագավորների երկրները, որոնք գտնվում էին Հորդանանի այս կողմում՝ արևելքում,

48. Առնոնի ձորի եզերքին գտնվող Արոերից սկսած մինչև Սիոն լեռը, այսինքն՝ Հերմոնը,

49. Հորդանանի արևելյան կողմում եղած ամբողջ անապատը մինչև Մեռյալ ծովը և Փասգա լեռան ստորոտը։

Բ ՕՐԵՆՔ 5

1. Մովսեսը կանչեց բոլոր իսրայելացիներին և ասաց նրանց. «Ո՛վ Իսրայել, լսի՛ր այն կանոններն ու հրամանները, որ ես այսօր ասում եմ ձեզ. սովորե՛ք դրանք և գործադրե՛ք զգուշությամբ։

2. Մեր Տեր Աստվածն ուխտ արեց մեզ հետ Քորեբ լեռան վրա։

3. Տերն այդ ուխտը մեր հայրերի հետ չարեց, այլ մեզ հետ, որ այստեղ այսօր բոլորս էլ ողջ ենք։

4. Տերը դեմ առ դեմ խոսեց ձեզ հետ լեռան վրա, կրակի միջից

5. (Ես այն ժամանակ կանգնած էի Տիրոջ ու ձեր միջև, որպեսզի հաղորդեմ ձեզ Տիրոջ խոսքերը, որովհետև դուք, կրակից վախենալով, լեռը չբարձրացաք) և ասաց.

6. “Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ դուրս հանեցի Եգիպտոսից՝ ստրկության տնից։

7. Ուրիշ աստվածներ չունենաս իմ առաջ։

8. Քեզ համար կուռքեր չշինես ոչ մի բանի կերպարանքով, որ գտնվում է վերևում՝ երկնքում, կամ ներքևում՝ երկրի վրա, և կամ երկրի տակ՝ ջրերի մեջ։

9. Երկրպագություն չանես դրանց և չպաշտես դրանց, որովհետև ես՝ քո Տեր Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ հայրերի անօրենությունը հատուցում եմ որդիներին՝ մինչև երրորդ և չորրորդ սերունդը, որոնք ատում են ինձ,

10. և ողորմություն եմ անում նրանց մինչև հազարերորդ սերունդը, որոնք սիրում են ինձ և պահում իմ պատվիրանները։

11. Քո Տեր Աստծու անունը իզուր բերանդ չառնես, որովհետև Տերն անպատիժ չի թողնի նրան, ով իր անունը իզուր բերանն է առնում։

12. Զգո՛ւյշ եղիր, որ հանգստյան օրը սուրբ պահես, ինչպես պատվիրել է քեզ քո Տեր Աստվածը։

13. Վեց օր կաշխատես և բոլոր գործերդ կկատարես։

14. Բայց յոթերորդ օրը քո Տեր Աստծու հանգստյան օրն է. այդ օրը ոչ մի գործ չպետք է անես, ո՛չ դու, ո՛չ քո որդին, ո՛չ քո աղջիկը, ո՛չ քո ծառան, ո՛չ քո աղախինը, ո՛չ քո եզը, ո՛չ քո էշը, քո անասուններից ո՛չ մեկը, ո՛չ էլ քո հարկի տակ գտնվող օտարականը, որպեսզի քո ծառան և քո աղախինն էլ հանգստանան քեզ նման։

15. Հիշի՛ր, որ դու ստրուկ էիր Եգիպտոսի երկրում, և քո Տեր Աստվածը քեզ այնտեղից դուրս հանեց հզոր ձեռքով և բարձր բազկով. դրա համար քո Տեր Աստվածը քեզ պատվիրեց, որ պահես հանգստյան օրը։

16. Պատվի՛ր քո հորն ու քո մորը, ինչպես պատվիրել է քեզ քո Տեր Աստվածը, որպեսզի քո օրերը երկար լինեն, և քեզ համար բարի լինի այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ։

17. Մի՛ սպանիր։

18. Մի՛ շնացիր։

19. Մի՛ գողացիր։

20. Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր։

21. Քո հարևանի կնոջը մի՛ ցանկացիր. և մի՛ ցանկացիր քո հարևանի ո՛չ տունը, ո՛չ նրա արտը, ո՛չ նրա ծառային, ո՛չ նրա աղախնին, ո՛չ նրա եզանը, ո՛չ նրա էշին, քո հարևանի ոչ մի բանը”։

22. Տերն այն սարի վրա կրակի, ամպի և մառախուղի միջից բարձր ձայնով այս խոսքերն ասաց ձեր ամբողջ ժողովրդին և ոչինչ չավելացրեց։ Նա դրանք գրեց քարե երկու տախտակների վրա ու տվեց ինձ։

23. Երբ լսեցիք այդ ձայնը խավարի միջից, մինչ լեռը վառված էր կրակով, դուք եկաք ինձ մոտ, այսինքն՝ ձեր ցեղերի բոլոր գլխավորներն ու ձեր ծերերը, և ասացիք.

24. “Մեր Տեր Աստվածն ահա մեզ ցույց է տալիս իր փառքն ու մեծությունը, և նրա ձայնը լսում ենք կրակի միջից. այդ օրը տեսանք, որ Աստված խոսեց մարդու հետ, և մարդը ողջ մնաց։

25. Հիմա ինչո՞ւ մեռնենք (որովհետև այս մեծ կրակը մեզ կսպառի)։ Եթե մենք մեր Տեր Աստծու ձայնը կրկին լսենք, ապա կմեռնենք.

26. որովհետև բոլոր մարմնավոր մարդկանցից ո՞վ է նա, որ մեզ նման լսել է կրակի միջից խոսող կենդանի Աստծու ձայնը և ողջ է մնացել։

27. Դու մոտեցի՛ր և լսի՛ր այն ամենը, ինչ որ մեր Տեր Աստվածը կասի, և դու կասես մեզ այն ամենը, ինչ որ մեր Տեր Աստվածը կասի քեզ, և մենք կլսենք ու կկատարենք”։

28. Տերը լսեց ձեր խոսքերի ձայնը, երբ դուք խոսում էիք ինձ հետ։ Տերն ասաց ինձ. “Լսեցի այն խոսքերը, որ ժողովուրդն ասաց քեզ։ Նրանց բոլոր ասածները լավ են։

29. Երանի թե նրանց սիրտն էլ լիներ այնպես, որ վախենալով ինձանից՝ պահեին իմ բոլոր պատվիրաններն ամեն ժամանակ, որպեսզի հավիտյան լավ լիներ նրանց ու նրանց որդիների համար։

30. Գնա՛ և ասա՛ նրանց.

31. Բայց դու մնա՛ ինձ հետ այստեղ, և ես քեզ կասեմ այն բոլոր պատվիրանները, կանոններն ու հրամանները, որ պիտի սովորեցնես նրանց, որպեսզի դրանք գործադրեն այն երկրում, որ ես տալիս եմ նրանց իբրև ժառանգություն”։

32. Զգո՛ւյշ եղեք, որ անեք այնպես, ինչպես ձեզ պատվիրել է Տերը՝ ձեր Աստվածը. չշեղվեք ո՛չ աջ և ո՛չ ձախ։

33. Գնացե՛ք այն բոլոր ճանապարհներով, որ Տերը՝ ձեր Աստվածը, պատվիրել է ձեզ, որպեսզի ապրեք, և լավ լինի ձեզ համար, որպեսզի ձեր կյանքի օրերը երկար լինեն այն երկրում, որ ժառանգելու եք»։

Բ ՕՐԵՆՔ 6

1. «Սրանք են այն պատվիրանները, կանոններն ու հրամանները, որ Տերը՝ ձեր Աստվածը, պատվիրեց սովորեցնել ձեզ, որպեսզի դրանք գործադրեք այն երկրում, ուր մտնելու եք այն ժառանգելու համար,

2. որպեսզի վախենաս քո Տեր Աստծուց և պահես նրա բոլոր կանոններն ու պատվիրանները, որ ես պատվիրում եմ քեզ, թե՛ դու, թե՛ քո որդիները և թե՛ քո որդիների որդիները քո կյանքի բոլոր օրերին, որ քո օրերը երկար լինեն։

3. Արդ, ո՛վ Իսրայել, լսի՛ր և զգո՛ւյշ եղիր, որ կատարես դրանք, որպեսզի լավ լինի քեզ համար, և դուք շատ բազմանաք այն երկրում, ուր կաթ ու մեղր է բխում, ինչպես որ քո հայրերի Տեր Աստվածը խոստացավ քեզ։

4. Լսի՛ր, ո՛վ Իսրայել, մեր Տեր Աստվածը՝ Տերը, մեկ է։

5. Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ ուժով։

6. Այս խոսքերը, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, քո սրտում լինեն։

7. Դրանք կրկին սովորեցրո՛ւ քո որդիներին, խոսի՛ր դրանց մասին քո տանը նստած ժամանակ, ճանապարհ գնալիս, պառկելիս և վեր կենալիս։

8. Դրանք որպես նշան կապի՛ր քո ձեռքին, դրանք ճակատանոց թող լինեն քո աչքերի միջև։

9. Դրանք նաև գրի՛ր քո տան դրանդիների վրա և քո դռների վրա։

10. Երբ քո Տեր Աստվածը քեզ տանի այն երկիրը, որ քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին երդվեց, որ տա քեզ, մեծ և գեղեցիկ քաղաքներ, որոնք դու չես կառուցել,

11. և ամեն տեսակ բարիքներով լեցուն տներ, որոնք դու չես լցրել, և փորված ջրհորներ, որոնք դու չես փորել, այգիներ և ձիթենիներ, որոնք դու չես տնկել, և երբ ուտես ու կշտանաս,

12. զգո՛ւյշ եղիր, միգուցե մոռանաս Տիրոջը, որ քեզ հանեց Եգիպտոսից՝ ստրկության տնից։

13. Վախեցի՛ր քո Տեր Աստծուց, պաշտի՛ր նրան և երդվի՛ր նրա անունով։

14. Չգնաք օտար աստվածների՝ ձեր շուրջը գտնվող ժողովուրդների աստվածների հետևից,

15. որովհետև քո Աստվածը, որ քո մեջ է, նախանձոտ Աստված է. միգուցե Տեր Աստծու բարկությունը բորբոքվի քո դեմ, և քեզ վերացնի երկրի երեսից։

16. Ձեր Տեր Աստծուն չփորձեք, ինչպես որ փորձեցիք Մասսայում։

17. Զգուշությա՛մբ պահեք ձեր Տեր Աստծու պատվիրանները, նրա վկայություններն ու կանոնները, որ պատվիրել է ձեզ։

18. Կկատարես, ինչ որ ուղիղ է և հաճելի Տիրոջ առաջ, որպեսզի լավ լինի քեզ համար, և դու մտնես ու ժառանգես այն լավ երկիրը, որ Տերը երդումով խոստացավ քո հայրերին,

19. որպեսզի քո բոլոր թշնամիներին հալածես քո առջևից, ինչպես որ ասաց Տերը։

20. Երբ վաղը քո որդին քեզ հարցնի և ասի, թե՝ “Ի՞նչ են այդ պատվիրանները, կանոններն ու հրամանները, որ մեր Տեր Աստվածը պատվիրել է ձեզ”,

21. այն ժամանակ քո որդուն կասես. “Մենք Եգիպտոսում փարավոնի ծառաներն էինք, և Տերը հզոր ձեռքով մեզ դուրս հանեց։

22. Տերը նաև մեծ և սոսկալի նշաններ ու հրաշքներ կատարեց մեր աչքերի առջև Եգիպտոսի դեմ, փարավոնի դեմ ու նրա ամբողջ տան դեմ։

23. Նա մեզ դուրս հանեց այնտեղից, որպեսզի բերի այն երկիրը, որ երդումով խոստացել էր մեր հայրերին, որ կտա մեզ։

24. Տերը մեզ պատվիրեց, որ այս բոլոր կանոնները կատարենք և վախենանք մեր Տեր Աստծուց, որպեսզի միշտ լավ լինի մեզ համար, և ողջ պահի մեզ, ինչպես որ այսօր։

25. Մեզ համար արդարություն կլինի, եթե մենք զգուշությամբ կատարենք այս բոլոր պատվիրանները մեր Տեր Աստծու առաջ, ինչպես որ նա պատվիրել է մեզ”»։

Բ ՕՐԵՆՔ 7

1. «Երբ քո Տեր Աստվածը տանի քեզ այն երկիրը, ուր գնում ես ժառանգելու համար, և քո առջևից հալածի շատ ազգերի, այսինքն՝ քետացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին, այս յոթ ազգերին, որոնք քեզանից բազմամարդ և հզոր են,

2. և քո Տեր Աստվածը նրանց մատնի քո ձեռքը, ու դու հարվածես նրանց, այն ժամանակ նրանց անպատճառ կբնաջնջես։ Նրանց հետ ուխտ չդնես և չխնայես նրանց։

3. Նրանց հետ խնամություն չանես, քո աղջկան նրա որդուն չտաս և նրա աղջկան քո որդու համար չառնես,

4. որովհետև իմ ծառայությունից կխոտորեցնեն քո որդիներին, և նրանք օտար աստվածների կպաշտեն. այն ժամանակ Տիրոջ բարկությունը կբորբոքվի ձեր դեմ, և նա իսկույն կոչնչացնի ձեզ։

5. Այլ այսպես կվարվեք նրանց հետ. կկործանեք նրանց զոհասեղանները, կխորտակեք նրանց արձանները, կկոտորեք նրանց աստարովթները* և կրակով կայրեք նրանց քանդակված կուռքերը,

6. որովհետև դու սուրբ ժողովուրդ ես քո Տեր Աստծու համար. քո Տեր Աստվածը երկրի երեսին ապրող բոլոր ժողովուրդների միջից քե՛զ ընտրեց, որ դու լինես իր սեփական ժողովուրդը։

7. Տերը ձեզ սիրեց և ձեզ ընտրեց ոչ թե նրա համար, որ դուք բոլոր ազգերից բազմամարդ էիք, քանի որ դուք բոլոր ազգերից սակավաթիվ էիք,

8. այլ Տերը ձեզ սիրելու համար և հայրերին արած երդումը պահելու համար, Տերը հզոր ձեռքով ձեզ հանեց ծառայության տնից, ազատեց եգիպտացիների փարավոն թագավորի ձեռքից։

9. Իմացի՛ր ուրեմն, որ քո Տեր Աստվածն է Աստված, հավատարիմ Աստվածը, որ իրեն սիրողների և իր պատվիրանները պահողների մինչև հազարերորդ սերունդը ուխտ ու ողորմածություն է պահում։

10. Բայց նա անմիջապես պատժում է իրեն ատողներին՝ կորստյան մատնելով նրանց. իրեն ատողի պատիժը անմիջապես հատուցում է։

11. Արդ, պահի՛ր այն պատվիրանները, կանոններն ու օրենքները, որ պատվիրում եմ քեզ այսօր, որ կատարես դրանք։

12. Եվ եթե լսես այս բոլոր հրամանները, դրանք պահես ու կատարես, քո Տեր Աստվածն էլ կպահի քեզ համար քո հայրերին երդումով արած իր ուխտն ու ողորմածությունը։

13. Նա կսիրի քեզ, կօրհնի քեզ և կբազմացնի քեզ։ Նա կօրհնի քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո ցորենը, քո գինին, քո յուղը, քո կովերի ծնունդն ու քո ոչխարների հոտերն այն երկրում, որ քո հայրերին երդվեց քեզ տալու համար։

14. Բոլոր ազգերից ավելի օրհնված կլինես, և քո մեջ ու քո անասունների մեջ՝ արու թե էգ, ամուլ չի լինի։

15. Տերը քեզանից կվերացնի բոլոր հիվանդությունները և քեզ վրա չի բերի եգիպտացիների այն վատ ցավերը, որոնք գիտես, այլ դրանք կուղարկի քո բոլոր թշնամիների վրա։

16. Դու կոչնչացնես այն բոլոր ազգերին, որոնց քո ձեռքը կմատնի քո Տեր Աստվածը։ Քո աչքը թող չնայի նրանց, և չպաշտես նրանց աստվածներին, որովհետև դա որոգայթ կդառնա քեզ համար։

17. Եթե քո սրտում ասես, թե՝ “Այդ ազգերն ինձանից մեծաթիվ են, ես ինչպե՞ս կարող եմ հալածել նրանց”,

18. մի՛ վախեցիր նրանցից. լա՛վ հիշիր, թե քո Տեր Աստվածն ինչ արեց փարավոնին և բոլոր եգիպտացիներին,

19. այն մեծամեծ փորձությունները, որ տեսան քո աչքերը, այն նշաններն ու հրաշքները, այն հզոր ձեռքն ու բարձր բազուկը, որոնցով քեզ դուրս հանեց քո Տեր Աստվածը. այդպես պիտի անի քո Տեր Աստվածն այն բոլոր ազգերին, որոնցից դու վախենում ես։

20. Քո Տեր Աստվածը նաև իշամեղուներ պիտի ուղարկի նրանց վրա, որ կոտորվեն մնացածներն ու քեզանից թաքնվածները։

21. Մի՛ սարսափիր նրանցից, որովհետև քո Տեր Աստվածը՝ այն հզոր և ահարկու Աստվածը, ձեր մեջ է։

22. Քո Տեր Աստվածը այդ ազգերին քիչ-քիչ կքշի քո առջևից։ Դու չես կարող միանգամից ոչնչացնել նրանց, որ դաշտի գազանները չբազմանան քո դեմ։

23. Քո Տեր Աստվածը նրանց կմատնի քո ձեռքը և նրանց կկործանի մեծ կործանումով, մինչև որ նրանք բնաջինջ լինեն։

24. Եվ նրանց թագավորներին կհանձնի քո ձեռքը, և դու նրանց անունները կվերացնես երկնքի տակից։ Ոչ ոք չի կարողանա կանգնել քո դեմ, մինչև որ բնաջնջես նրանց։

25. Նրանց աստվածների քանդակված կուռքերը կայրես կրակով։ Դրանց վրա եղած ոսկին ու արծաթը չցանկանաս և չվերցնես քեզ համար, որպեսզի դրանով որոգայթի մեջ չբռնվես, քանի որ քո Տեր Աստծու առաջ դրանք գարշելի են։

26. Ոչ մի գարշելի բան չտանես քո տունը, որպեսզի դու էլ դրա նման նզովված չլինես։ Դու բոլորովին պիտի զզվես դրանից և անչափ գարշելի պիտի համարես դա, որովհետև այն նզովված է»։

Բ ՕՐԵՆՔ 8

1. «Զգո՛ւյշ եղեք, որ գործադրեք այն բոլոր պատվիրանները, որ ես պատվիրում եմ ձեզ այսօր, որպեսզի ապրեք, բազմանաք և մտնեք ու ժառանգեք այն երկիրը, որ Տերը երդումով խոստացավ ձեր հայրերին։

2. Հիշի՛ր այն ամբողջ ճանապարհը, որով քո Տեր Աստվածը քառասուն տարի ման ածեց քեզ անապատում, որպեսզի քեզ խոնարհեցնի քեզ փորձելու համար և իմանալու, թե ի՛նչ կա քո սրտում, և թե կպահե՞ս արդյոք նրա պատվիրանները, թե՞ ոչ։

3. Նա քեզ խոնարհեցրեց և քաղցած պահեց ու կերակրեց մանանայով, որին ո՛չ դու էիր ծանոթ և ո՛չ էլ քո հայրերը, որպեսզի քեզ հասկացնի, թե մարդը ոչ միայն հացով է ապրում, այլ մարդն ապրում է նաև այն ամեն խոսքով, որ դուրս է ելնում Տիրոջ բերանից։

4. Քո հագուստը չհնացավ քեզ վրա, և քո ոտքերը չուռեցին այս քառասուն տարում։

5. Իմացի՛ր քո սրտում, որ ինչպես մարդը խրատում է իր որդուն, այնպես էլ քո Տեր Աստվածը խրատում է քեզ։

6. Ուրեմն կպահես քո Տեր Աստծու պատվիրանները, որպեսզի նրա ճանապարհներով գնաս և վախենաս նրանից,

7. որովհետև քո Տեր Աստվածը քեզ տանում է մի լավ երկիր, մի առատ երկիր՝ դաշտերից և լեռներից բխող գետերով, աղբյուրներով և խոր ջրերով,

8. մի երկիր՝ առատ ցորենով, գարիով, այգիներով, թզենիներով և նռնենիներով, յուղատու ձիթենիների ու մեղրի երկիր,

9. մի երկիր, որտեղ չքավորության մեջ չես ուտի քո հացը և որտեղ ոչ մի բանի պակասություն չես ունենա, մի երկիր, որի քարերը երկաթ են, և որի լեռներից պղինձ կհանես։

10. Երբ ուտես ու կշտանաս, կօրհնես քո Տեր Աստծուն այն լավ երկրում, որ նա կտա քեզ։

11. Զգո՛ւյշ եղիր. չլինի թե մոռանաս քո Տեր Աստծուն ու չպահես նրա պատվիրանները, հրամաններն ու կանոնները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ։

12. Չլինի թե ուտես ու կշտանաս, գեղեցիկ տներ կառուցես ու դրանց մեջ բնակվես,

13. քո արջառներն ու հոտերը շատանան, քո արծաթն ու ոսկին շատանա, քո ունեցած ամեն ինչը շատանա,

14. և հետո սիրտդ գոռոզանա, ու մոռանաս քո Տեր Աստծուն, որը քեզ դուրս բերեց եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից,

15. քեզ առաջնորդեց այդ մեծ և ահարկու, խայթող օձերով ու կարիճներով լեցուն, չոր ու անջուր անապատի միջով և քեզ համար ապառաժ քարից ջուր բխեցրեց,

16. որ անապատում քեզ կերակրեց քո հայրերին անծանոթ մանանայով, որպեսզի քեզ խոնարհեցնի քեզ փորձելու համար և վերջում բարիք անի քեզ։

17. Քո սրտում չասես. “Այս հարստությունը ես իմ կարողությամբ և իմ ձեռքի ուժով եմ վաստակել”,

18. այլ հիշի՛ր քո Տեր Աստծուն, որովհետև նա է այդ հարստությունը ձեռք բերելու համար քեզ ուժ տվողը, որպեսզի հաստատի քո հայրերի հետ երդումով արած իր ուխտը, ինչպես այսօր։

19. Եթե քո Տեր Աստծուն մոռանալով՝ գնաս ուրիշ աստվածների հետևից, դրանց պաշտես և դրանց երկրպագություն անես, ես այսօր վկայում եմ ձեզ, որ անպատճառ կկորչեք.

20. այն ազգերի նման, որոնց Տերը կորստյան է մատնում ձեր առջևից, որովհետև ձեր Տեր Աստծու խոսքը չլսեցիք»։

Բ ՕՐԵՆՔ 9

1. «Լսի՛ր, Իսրայե՛լ, այսօր դու անցնում ես Հորդանան գետը, որպեսզի գնաս ու տիրանաս քեզանից մեծ և հզոր ազգերի, մինչև երկինք հասնող պարսպապատ մեծ քաղաքների,

2. այն մեծ և երկարահասակ ժողովրդին՝ ենակիմների որդիներին, որոնց դու ճանաչում ես և լսել ես, թե՝ “Ո՞վ կդիմանա Ենակի որդիներին”։

3. Արդ, իմացի՛ր այսօր, որ քո Տեր Աստվածն ի՛նքը կգնա քո առջևից որպես լափող կրակ. նա կորստյան կմատնի ու կնվաճի նրանց քո առաջ, և դու նրանց կհալածես ու շուտով կբնաջնջես, ինչպես որ Տերն ասաց քեզ։

4. Երբ քո Տեր Աստվածը քո առջևից հալածի նրանց, քո սրտում չասես, թե՝ “Իմ արդար լինելու համար է, որ Տերն ինձ բերեց այստեղ, որ ժառանգեմ այս երկիրը”։ Որովհետև այս ազգերի անօրենության համար է, որ Տերը հալածում է նրանց քո առջևից։

5. Ոչ թե քո արդար լինելու և քո սրտի ուղղության համար ես դու մտնում նրանց երկիրը ժառանգելու, այլ այդ ազգերի անօրենության համար է քո Տեր Աստվածը քշում նրանց քո առջևից, նաև նրա համար, որպեսզի հաստատի քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին երդումով արած իր խոսքը։

6. Իմացի՛ր, որ քո արդար լինելու համար չէ, որ քո Տեր Աստվածը քեզ է տալիս այս լավ երկիրը, որ ժառանգես այն. որովհետև դու համառ մի ժողովուրդ ես։

7. Հիշի՛ր, մի՛ մոռացիր, որ քո Տեր Աստծուն բարկացրիր անապատում։ Եգիպտոսի երկրից քո դուրս ելած օրից մինչև քո այստեղ գալը անհնազանդ էիք Տիրոջը։

8. Քորեբում էլ բարկացրիք Տիրոջը, և Տերը բարկացավ, որ կորստյան մատնի ձեզ։

9. Երբ ես բարձրացա լեռը, որ առնեմ քարե տախտակները, տախտակներն այն ուխտի, որ Տերն արեց ձեզ հետ, քառասուն օր և քառասուն գիշեր մնացի լեռան վրա. ո՛չ հաց կերա և ո՛չ էլ ջուր խմեցի։

10. Տերն ինձ տվեց Աստծու մատով գրված այդ երկու քարե տախտակները, որոնց վրա գրված էին բոլոր այն խոսքերը, որ Տերը լեռան վրա ասել էր ձեզ կրակի միջից հավաքի օրը։

11. Քառասուն օր և քառասուն գիշեր հետո Տերն ինձ տվեց քարե այդ երկու տախտակները՝ ուխտի տախտակները։

12. Տերն ինձ ասաց. “Վե՛ր կաց, շուտ իջի՛ր այստեղից, որովհետև ապականվեց Եգիպտոսի երկրից քո դուրս բերած ժողովուրդը։ Նրանք շատ շուտ շեղվեցին այն ճանապարհից, որ պատվիրել էի նրանց. իրենց համար ձուլածո կուռք շինեցին”։

13. Տերը, խոսելով ինձ հետ, նաև ասաց. “Տեսա այս ժողովրդին. ահա համառ մի ժողովուրդ է սա։

14. Թո՛ւյլ տուր ինձ, որ կոտորեմ նրանց, ջնջեմ նրանց անունը երկնքի տակից և քեզ նրանցից հզոր ու բազմամարդ մի ազգ դարձնեմ”։

15. Ես դարձա և իջա լեռից. լեռը այրվում էր կրակով. ուխտի երկու տախտակներն իմ երկու ձեռքերում էին։

16. Տեսնելով, որ ձեր Տեր Աստծու դեմ մեղք էիք գործել, ձեզ համար ձուլածո հորթ էիք շինել և շատ շուտ շեղվել էիք այն ճանապարհից, որ Տերը պատվիրել էր ձեզ,

17. բռնեցի այդ երկու տախտակները, վայր գցեցի իմ երկու ձեռքերից և ձեր աչքերի առջև կոտրատեցի դրանք։

18. Առաջվա նման վայր ընկա Տիրոջ առաջ քառասուն օր և քառասուն գիշեր. ո՛չ հաց կերա և ո՛չ էլ ջուր խմեցի ձեր գործած բոլոր մեղքերի համար, որովհետև չարություն էիք արել Տիրոջ առաջ՝ բարկացնելու համար նրան։

19. Որովհետև վախեցա այն սոսկալի բարկությունից, որով Տերը բարկացավ ձեզ վրա՝ ձեզ կոտորելու համար։ Սակայն Տերն այդ անգամ էլ լսեց ինձ։

20. Տերը խիստ բարկացել էր Ահարոնի վրա, որպեսզի կորստյան մատներ նրան։ Բայց ես Ահարոնի համար էլ աղաչեցի։

21. Ձեր գործած մեղքը, այսինքն՝ այդ հորթը վերցրի և այրեցի կրակով. և ծեծելով փշուր-փշուր արեցի այն, մինչև որ մանր փոշու վերածվեց. ապա այդ փոշին թափեցի լեռից իջնող առվի մեջ։

22. Տիրոջը բարկացրիք նաև Տաբերայում, Մասսայում և Կիբրոթ-Հաթթավայում։

23. Երբ Տերը ձեզ ուղարկեց Կադես-Բառնեայից և ասաց՝ “Ելե՛ք ու ժառանգե՛ք այն երկիրը, որ ես տալիս եմ ձեզ”, այն ժամանակ անհնազանդ գտնվեցիք ձեր Տեր Աստծու հրամանին, չհավատացիք նրան և չլսեցիք նրա խոսքը։

24. Դուք անհնազանդ եք Տիրոջը այն օրից, ինչ ճանաչել եմ ձեզ։

25. Ես քառասուն օր և քառասուն գիշեր վայր ընկա Տիրոջ առաջ և աղաչեցի, որովհետև Տերն ասում էր, որ ձեզ կոտորի։

26. Ես Տիրոջն աղաչեցի և ասացի. “Ո՛վ Ամենակալ Տեր, մի՛ կոտորիր քո ժողովրդին և քո ժառանգներին, որոնց ազատեցիր քո մեծությամբ և հզոր ձեռքով դուրս բերեցիր Եգիպտոսից։

27. Հիշի՛ր քո ծառաներին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, և ուշադրություն մի՛ դարձրու այս ժողովրդի համառությանը, անօրենությանն ու մեղքին։

28. Միգուցե այն երկրում, որտեղից դուրս բերեցիր մեզ, ասեն, թե՝

29. Սակայն նրանք քո ժողովուրդն են և քո ժառանգները, որոնց դու դուրս բերեցիր քո մեծ զորությամբ և բարձր բազկով”»։

Բ ՕՐԵՆՔ 10

1. «Այն ժամանակ Տերն ինձ ասաց. “Կոփի՛ր նախկինների նման երկու քարե տախտակներ, բարձրացի՛ր լեռը՝ ինձ մոտ, և փայտից մի տապանա՛կ պատրաստիր քեզ համար։

2. Ես տախտակների վրա կգրեմ այն խոսքերը, որոնք քո կոտրատած նախկին տախտակների վրա էին, ու դրանք կդնես տապանակի մեջ”։

3. Ես սատիմի փայտից մի տապանակ պատրաստեցի, առաջինների պես երկու քարե տախտակներ կոփեցի և բարձրացա լեռը՝ այդ երկու տախտակներն իմ ձեռքին։

4. Այդ տախտակների վրա նախկին գրվածքի նման գրեց այն տասը խոսքերը, որ Տերն ասել էր ձեզ լեռան վրա, կրակի միջից, հավաքի օրը։ Եվ Տերը դրանք տվեց ինձ։

5. Ետ դառնալով՝ իջա լեռից, տախտակները դրեցի այն տապանակի մեջ, որ պատրաստել էի, որպեսզի դրանք մնան այնտեղ, ինչպես Տերը պատվիրել էր ինձ։

6. Իսրայելի որդիները Բերոթ-Բանե-Յականից մեկնեցին Մոսերա։ Այնտեղ մեռավ Ահարոնը և այնտեղ էլ թաղվեց։ Նրա որդի Եղիազարը քահանա եղավ նրա փոխարեն։

7. Այնտեղից մեկնեցին Գադգադ և Գադգադից էլ՝ ջրի հոսքերի երկիրը՝ Ետեբաթա։

8. Այդ ժամանակ Տերն առանձնացրեց Ղևիի ցեղը, որ տանի Տիրոջ ուխտի տապանակը, կանգնի Տիրոջ առաջ, ծառայի նրան և օրհնի նրա անունով, ինչպես որ շարունակվում է մինչև այսօր։

9. Այդ պատճառով էլ Ղևին իր եղբայրների հետ բաժին ու ժառանգություն չունեցավ։ Նրա ժառանգությունը Տերն է, ինչպես որ քո Տեր Աստվածն ասաց նրան։

10. Ես առաջին օրերի նման քառասուն օր և քառասուն գիշեր մնացի լեռան վրա. Տերն այս անգամ էլ լսեց ինձ և չուզեց քեզ կործանել։

11. Տերն ինձ ասաց. “Վե՛ր կաց, գնա՛ ժողովրդի առջևից, որպեսզի մտնեն և ժառանգեն այն երկիրը, որ երդումով խոստացա նրանց հայրերին, որ կտամ նրանց”։

12. Արդ, ո՛վ Իսրայել, ի՞նչ է պահանջում քեզանից քո Տեր Աստվածը. միայն այն, որ վախենաս քո Տեր Աստծուց, ընթանաս նրա բոլոր ճանապարհներով, սիրես նրան ու պաշտես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով,

13. որ պահես Տիրոջ պատվիրաններն ու կանոնները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, որպեսզի քեզ համար լավ լինի։

14. Ահա քո Տեր Աստծունն են երկինքն ու երկինքների երկինքը, երկիրն ու նրա մեջ եղած ամեն բան։

15. Տերը միայն քո հայրերին հավանեց, որ սիրի նրանց, և նրանցից հետո ընտրեց ձեզ՝ նրանց զավակներին, բոլոր ազգերի միջից, ինչպես որ այսօր է։

16. Ուրեմն թլփատե՛ք ձեր սրտերի անթլփատությունը և այլևս համառ մի՛ եղեք,

17. որովհետև ձեր Տեր Աստվածը աստվածների Աստվածն է և տերերի Տերը. այն մեծ, հզոր և ահեղ Աստվածն է, որ աչառություն չի անում և կաշառք չի առնում,

18. որ պաշտպանում է որբի ու որբևայրու իրավունքը, որ սիրում է պանդուխտին և նրան տալիս է հաց ու հագուստ։

19. Ուրեմն սիրե՛ք պանդուխտին, որովհետև դուք էլ էիք պանդուխտ եգիպտացիների երկրում։

20. Վախեցի՛ր քո Տեր Աստծուց, պաշտի՛ր նրան, հարի՛ր նրան և երդվի՛ր նրա անունով։

21. Նա է քո պարծանքը և նա է քո Աստվածը, որ քեզ համար այս մեծ և սքանչելի գործերն արեց, որոնք քո աչքերը տեսան։

22. Քո հայրերը Եգիպտոս իջան յոթանասուն հոգով. իսկ հիմա քո Տեր Աստվածը քեզ բազմացրել է երկնքի աստղերի պես»։

Բ ՕՐԵՆՔ 11

1. «Ուրեմն սիրի՛ր քո Տեր Աստծուն և միշտ պահի՛ր նրա պատվիրածները, կանոնները, հրամաններն ու պատվիրանները։

2. Այսօր իմացե՛ք, որ իմ խոսքը ձեր որդիների հետ չէ, որոնք չգիտեն և չեն տեսել ձեր Տեր Աստծու խրատը, նրա մեծությունը, նրա հզոր ձեռքն ու բարձր բազուկը,

3. նրա նշաններն ու նրա գործերը, որ նա կատարեց Եգիպտոսում եգիպտացիների արքա փարավոնի և նրա ամբողջ երկրի հանդեպ։

4. Եվ ինչ որ արեց եգիպտացիների զորքերին, նրանց ձիերին և կառքերին. Կարմիր ծովի ջրերը թափեց նրանց վրա, երբ նրանք հալածում էին ձեզ, և Տերը նրանց կորցրեց մինչև այսօր։

5. Եվ ինչ որ արեց ձեզ համար անապատում՝ մինչև ձեր այստեղ գալը,

6. և ինչ որ արեց Ռուբենի ցեղից Եղիաբի որդիներ Դաթանին և Աբիրոնին, որ երկիրն իր երախը բաց արեց և կուլ տվեց նրանց ու նրանց ընտանիքներին, նրանց վրաններն ու այն ամենը, ինչ որ կար իրենց մոտ ամբողջ Իսրայելում։

7. Սակայն ձեր աչքերը տեսել են Տիրոջ արած բոլոր մեծամեծ գործերը։

8. Ուրեմն պահե՛ք այն բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ, որպեսզի զորանաք և մտնեք ու տիրանաք այն երկրին, ուր գնում եք այն նվաճելու համար,

9. և որպեսզի ձեր կյանքի օրերը երկար լինեն այն երկրում, որ Տերը երդվեց տալ ձեր հայրերին և նրանց սերնդին, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում։

10. Որովհետև այն երկիրը, ուր դու գնում ես տիրանալու համար, նման չէ Եգիպտոսի երկրին, որտեղից դուք դուրս եկաք, և որտեղ դու սերմ էիր ցանում և ապա քո ոտքերով ջրում բանջարանոցի նման.

11. այլ այն երկիրը, ուր դուք գնում եք ժառանգելու համար, լեռների և հովիտների երկիր է. այն ոռոգվում է երկնային անձրևի ջրով։

12. Այնպիսի երկիր, որը քո Տեր Աստվածն է խնամում, քո Տեր Աստծու աչքը միշտ նրա վրա է տարվա սկզբից մինչև տարվա վերջը։

13. Եթե ուշադրությամբ լսեք իմ պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ, սիրեք ձեր Տեր Աստծուն և պաշտեք նրան ձեր ամբողջ սրտով ու ամբողջ հոգով,

14. ապա ես ձեր երկրին անձրև կտամ իր ժամանակին, առաջին ու վերջին անձրևը, և դու կհավաքես քո ցորենը, քո գինին և քո յուղը։

15. Ես խոտ կտամ քո արտերին քո անասունների համար, որպեսզի ուտես և կշտանաս։

16. Զգո՛ւյշ եղեք. միգուցե ձեր սիրտը խաբվի, և դուք խոտորվելով օտար աստվածների պաշտեք և երկրպագեք նրանց։

17. Այնժամ Տիրոջ բարկությունը կբորբոքվի ձեր դեմ, և նա կփակի երկինքը, որպեսզի անձրև չլինի, ու երկիրն իր բերքը չտա. և շուտով կկորչեք այդ լավ երկրից, որ Տերը տալիս է ձեզ։

18. Իմ այս խոսքերը դրե՛ք ձեր սրտում և ձեր հոգում. դրանք որպես նշան կապե՛ք ձեր ձեռքերին, և ճակատանոց լինեն դրանք ձեր աչքերի միջև։

19. Սովորեցրե՛ք դրանք ձեր որդիներին և դրանց մասին խոսե՛ք ձեր տանը նստած ժամանակ, ճանապարհ գնալիս, պառկելիս և վեր կենալիս։

20. Դրանք գրի՛ր քո տան դրանդիների և քո դռների վրա,

21. որպեսզի քո և քո որդիների օրերն այն երկրի վրա, որ Տերը ձեր հայրերին երդվեց նրանց տալու համար, լինեն այնքան շատ, որքան շատ կլինեն երկնքի օրերը երկրի վրա։

22. Որովհետև եթե զգուշությամբ պահեք ու կատարեք այս բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ, որ կատարեք, այն է՝ սիրեք ձեր Տեր Աստծուն, գնաք նրա բոլոր ճանապարհներով և հարեք նրան,

23. ապա Տերն էլ ձեր առջևից կքշի այդ բոլոր ազգերին, և դուք կտիրեք ձեզանից մեծ և հզոր ազգերի վրա։

24. Ուր որ ձեր ոտքերը կկոխեն, ձերը կլինի. ձեր սահմանը կտարածվի անապատից և Լիբանանից, գետից, այսինքն՝ Եփրատ գետից մինչև Արևմտյան ծովը։

25. Ոչ ոք չի կանգնի ձեր դեմ. ձեր Տեր Աստվածը ձեր ահն ու սարսափը կտարածի ձեր կոխած ամբողջ երկրի վրա, ինչպես որ ասել է ձեզ։

26. Ահա ես այսօր ձեր առջև դնում եմ օրհնություն և անեծք.

27. օրհնություն, եթե լսեք ձեր Տեր Աստծու պատվիրանները, որոնք ես այսօր պատվիրում եմ ձեզ,

28. և անեծք, եթե չլսեք ձեր Տեր Աստծու պատվիրանները, շեղվեք այն ճանապարհից, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ, և գնաք օտար աստվածների ետևից, որոնց չեք ճանաչում։

29. Ուստի երբ քո Տեր Աստվածը քեզ տանի այն երկիրը, ուր գնում ես այն ժառանգելու համար, ապա օրհնություն կտաս Գարիզին լեռան վրա և անեծք՝ Գեբաղ լեռան վրա։

30. Չէ՞ որ դրանք գտնվում են Հորդանան գետի այն կողմում՝ արևմտյան ճանապարհի վրա, քանանացիների երկրում, որոնք բնակվում են հովտում, Գաղգաղայի դիմաց, Մորեի կաղնիների մոտ։

31. Որովհետև դուք անցնելու եք Հորդանան գետով՝ մտնելու և ժառանգելու համար այն երկիրը, որը ձեր Տեր Աստվածը տալիս է ձեզ։ Դուք կժառանգեք այն և կբնակվեք այնտեղ։

32. Ուրեմն զգո՛ւյշ եղեք, որ կատարեք այն բոլոր կանոններն ու հրամանները, որոնք ես այսօր դնում եմ ձեր առաջ»։

Բ ՕՐԵՆՔ 12

1. «Սրանք են այն կանոններն ու հրամանները, որոնք դուք պիտի պահեք ու կատարեք այն երկրում, որ ձեր հայրերի Տեր Աստվածը տալու է ձեզ, որ ժառանգեք այն այնքան ժամանակ, ինչքան որ կապրեք այդ երկրում։

2. Ամբողջովին կործանե՛ք այն բոլոր վայրերը, որտեղ այն ազգերը, որոնց դուք նվաճելու եք, պաշտել են իրենց աստվածներին բարձր լեռների, բլուրների և սաղարթախիտ ծառերի տակ։

3. Քանդե՛ք նաև նրանց զոհասեղանները, ջարդե՛ք նրանց արձանները, կրակով այրե՛ք նրանց աստարովթները*, փշրե՛ք նրանց աստվածների կուռքերը և դրանց անունները վերացրե՛ք այդ վայրերից։

4. Իսկ ձեր Տեր Աստծու հանդեպ այդպես չվարվեք,

5. այլ կփնտրեք այն տեղը, որ կընտրի ձեր Տեր Աստվածը ձեր ցեղերի միջից՝ իր անունը այնտեղ դնելու և բնակվելու. այդտեղ կգնաք։

6. Այդտեղ կտանեք ձեր ողջակեզները, ձեր զոհերը, ձեր տասանորդները, բարձրացնելու ձեր ընծաները, ձեր ուխտերը, կամավոր ընծաները և ձեր արջառների ու ոչխարների առաջնածինները։

7. Այդտեղ՝ ձեր Տեր Աստծու առջև, կուտեք, և դուք ու ձեր ընտանիքների անդամները կուրախանաք այն ամենի համար, ինչ արել եք ձեր ձեռքերով, որ քո Տեր Աստվածն օրհնել է քեզ։

8. Մի՛ արեք այն ամենը, ինչ մենք այսօր անում ենք այստեղ, այսինքն՝ ամեն ինչ, որ հաճելի է* մարդու աչքին,

9. որովհետև դուք դեռ չեք հասել հանգստի և ժառանգության այն վայրը, որ ձեր Տեր Աստվածը տալիս է ձեզ։

10. Բայց երբ դուք անցնեք Հորդանան գետը և բնակվեք այն երկրում, որ ձեր Տեր Աստվածը ժառանգել կտա ձեզ, նա ձեզ հանգստություն կտա ձեր շուրջը գտնվող բոլոր թշնամիներից, և դուք կապրեք ապահով։

11. Եվ կլինի այն տեղը, որ ձեր Տեր Աստվածը կընտրի՝ իր անունը բնակեցնելու համար, այնտեղ կտանեք այն ամենը, ինչ պատվիրում եմ ձեզ՝ ձեր ողջակեզները, ձեր զոհերը, ձեր տասանորդները, ձեր ձեռքի բարձրացնելու ընծաներն ու ձեր բոլոր ուխտերի ընտիրը, որ կուխտեք Տիրոջը։

12. Այնտեղ՝ ձեր Տեր Աստծու առջև, կուրախանաք դուք, ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծառաներն ու աղախինները, ձեր բնակավայրերում* գտնվող ղևտացին, որովհետև նա ձեզ հետ բաժին ու ժառանգություն չունի։

13. Զգո՛ւյշ եղիր, որ քո ողջակեզները չմատուցես, ուր որ պատահի,

14. այլ քո ողջակեզները կմատուցես այնտեղ, ուր Տերը կընտրի քո ցեղերից մեկի մեջ. այնտե՛ղ կկատարես ամեն ինչ, որ ես պատվիրում եմ քեզ։

15. Իսկ երբ սիրտդ ցանկանա, կարող ես անասուններ մորթել և միս ուտել քո բոլոր դռներին ըստ այն օրհնության, որ տալիս է քեզ քո Տեր Աստվածը։ Դրանից կարող են ուտել մաքուր և անմաքուր մարդիկ, ինչպես ուտում են այծյամ և եղջերու։

16. Սակայն արյունը չպետք է ուտեք. այն ջրի նման գետին կթափեք։

17. Բնավ չպետք է ուտես քո դռներին քո ցորենի, քո գինու և քո յուղի տասանորդները, քո արջառների և քո հոտերի առաջնածինները, քո ուխտած բոլոր ընծաները, կամավոր ու բարձրացնելու քո ընծաները,

18. այլ դու, քո տղան և քո աղջիկը, քո ծառան և քո աղախինը, քո քաղաքներում գտնվող ղևտացին պետք է ուտեք քո Տեր Աստծու առջև այն տեղում, որ կընտրի քո Տեր Աստվածը։ Եվ քո Տեր Աստծու առջև կուրախանաս այն ամենի համար, ինչ արել ես քո ձեռքով։

19. Զգո՛ւյշ եղիր, որ ղևտացուն չանտեսես քո երկրի վրա քո կյանքի բոլոր օրերին։

20. Երբ քո Տեր Աստվածն ընդարձակի քո սահմանները, ինչպես որ խոստացել է քեզ, և ասես՝ “Միս ուտեմ”, որովհետև քո սիրտն ուզում էր միս ուտել, կարող ես միս ուտել, որքան որ սիրտդ ցանկանում է։

21. Եթե քեզանից հեռու լինի այն վայրը, որ կընտրի քո Տեր Աստվածը՝ իր անունն այնտեղ դնելու համար, այն ժամանակ կմորթես Տիրոջ քեզ տված արջառներից և ոչխարներից, ինչպես պատվիրել եմ քեզ, և կուտես քաղաքներում, որքան որ սիրտդ ցանկանում է։

22. Ինչպես այծյամն ու եղջերուն են ուտվում, այդպես էլ դու կուտես դրանք։ Անմաքուր և մաքուր մարդիկ նույն կերպ կարող են ուտել։

23. Բայց զգո՛ւյշ եղիր, որ արյունը չուտես, որովհետև արյունը կյանքն է, և կյանքը մսի հետ չուտես։

24. Այն չուտես, այլ ջրի նման գետին կթափես։

25. Այն չուտես, որպեսզի քեզ համար և քեզանից հետո քո որդիների համար լավ լինի Տիրոջ առջև ուղիղ վարվելովդ։

26. Բայց քո սուրբ բաները և ուխտի ընծաները կվերցնես և կգնաս այն վայրը, որ կընտրի Տերը։

27. Եվ կմատուցես քո ողջակեզները՝ միսը և արյունը, քո Տեր Աստծու զոհասեղանի վրա, իսկ քո զոհերի արյունը կթափես քո Տեր Աստծու զոհասեղանի վրա և միսը կուտես։

28. Զգո՛ւյշ եղիր և լսի՛ր այս բոլոր խոսքերը, որոնք ես պատվիրում եմ քեզ, որպեսզի հավիտենապես լավ լինի քեզ համար և քեզանից հետո՝ քո որդիների համար. քո Տեր Աստծու առաջ բարի և հաճելի եղածն արած լինես։

29. Երբ քո Տեր Աստվածը կոտորի քո առջևից այն ազգերին, որոնց մոտ դու գնում ես նրանց տիրելու համար, և երբ տիրես նրանց ու բնակվես նրանց երկրում,

30. զգո՛ւյշ եղիր, չլինի թե նրանց հետևելով՝ որոգայթի մեջ ընկնես նրանց բնաջնջելուց հետո։ Չլինի թե նրանց աստվածների մասին հարցուփորձ անես՝ ասելով. “Այս ազգերն ինչպե՞ս էին պաշտում իրենց աստվածներին, որ նույնն էլ ես անեմ”։

31. Դու քո Տեր Աստծու հանդեպ այդպես չվարվես, որովհետև նրանք իրենց աստվածների համար անում էին ամեն տեսակ գարշելի բաներ, որոնք ատելի են Տիրոջը. նրանք իրենց աստվածների համար մինչև անգամ կրակի վրա այրում էին իրենց տղաներին ու աղջիկներին։

32. Զգո՛ւյշ եղիր, որ անես այն ամենը, ինչ ես պատվիրում եմ ձեզ։ Դրա վրա ոչ մի բան չավելացնես և դրանից ոչ մի բան չպակասեցնես»։

Բ ՕՐԵՆՔ 13

1. «Եթե ձեր միջից մի մարգարե կամ մի երազատես դուրս գա և քեզ ցույց տա մի նշան կամ մի հրաշք,

2. և կատարվի քեզ ասած այդ նշանը կամ հրաշքը, և քեզ ասի. “Գնանք օտար աստվածների պաշտենք, որոնց դու չես ճանաչում”,

3. այդ մարգարեի կամ երազահանի խոսքերը մի՛ լսիր, որովհետև Տեր Աստվածը փորձում է ձեզ՝ իմանալու համար, թե արդյոք դուք ձեր Տեր Աստծուն սիրո՞ւմ եք ձեր ամբողջ սրտով և ամբողջ հոգով։

4. Գնացե՛ք ձեր Տեր Աստծու ետևից, վախեցե՛ք նրանից, պահե՛ք նրա պատվիրանները, հնազանդվե՛ք նրա ձայնին, ծառայե՛ք նրան և հարե՛ք նրան։

5. Այդ մարգարեն կամ երազատեսը մահվամբ պիտի պատժվի, որովհետև նա ապստամբության մղեց ձեր Տեր Աստծու դեմ (որը ձեզ դուրս հանեց Եգիպտոսի երկրից, ազատեց ձեզ ստրկության տնից), որպեսզի խոտորեցնի ձեզ այն ճանապարհից, որով ձեր Տեր Աստվածը պատվիրել է ձեզ, որ նրա մեջ ընթանաք և այսպես չարությունը վերացնեք ձեր միջից։

6. Եթե քո մոր տղան՝ քո եղբայրը, կամ քո տղան կամ քո աղջիկը, կամ քո ծոցում եղող կինդ, կամ քո բարեկամը, որին սիրում ես քո անձի պես, ուզենալով քեզ մոլորեցնել, գաղտնաբար ասի՝ “Գնանք օտար աստվածներին պաշտենք”, որոնց չես ճանաչել ո՛չ դու և ո՛չ էլ քո հայրերը,

7. ձեր շուրջը՝ քեզ մոտիկ կամ քեզանից հեռու գտնվող ազգերի աստվածներից են երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը,

8. հավանություն չտաս նրան, ոչ էլ կլսես նրան, և քո աչքը չխնայի նրան, և ոչ էլ գութ ունենաս նրա հանդեպ և չպահես նրան,

9. այլ անպատճառ կսպանես նրան. նրան սպանելու համար նախ քո ձեռքը թող բարձրանա նրա վրա, հետո՝ ամբողջ ժողովրդի ձեռքը։

10. Քարերով քարկոծի՛ր նրան, և նա թող մեռնի, որովհետև նա ուզում էր քեզ հեռացնել քո Տեր Աստծուց, որը քեզ դուրս բերեց Եգիպտոսի երկրից՝ ստրկության տնից։

11. Ամբողջ Իսրայելը կլսի և կվախենա, և ձեր միջից այլևս ոչ ոք նման չարություն չի անի։

12. Եթե քո Տեր Աստծու՝ բնակության համար քեզ տված քաղաքներից մեկում լսես, որ ասեն, թե՝

13. “Ձեր միջից մի քանի անպիտան մարդիկ են դուրս եկել և իրենց քաղաքի բնակիչներին մոլորեցնում են՝ ասելով.

14. այն ժամանակ կքննես, լավ հարցուփորձ կանես և եթե տեսնես, թե այդ բանն իրոք ստույգ է, թե այդ գարշելի բանը եղել է ձեր մեջ,

15. այդ քաղաքի բնակիչներին անպատճառ սրի կքաշես՝ նզովելով* այդ քաղաքն ու նրա մեջ եղած ամեն ինչ. սրի կքաշես նաև անասուններին։

16. Նրա ամբողջ ավարը կհավաքես հրապարակի վրա և այդ քաղաքն ու նրա ամբողջ ավարը քո Տեր Աստծու համար ամբողջովին կայրես կրակով, և այն ավերակների կույտ թող լինի հավիտյան և այլևս թող բնավ չվերաշինվի։

17. Այդ նզովվածից* ոչ մի բան չկպչի քո ձեռքերին, որպեսզի Տերը դառնա իր սաստիկ բարկությունից, ողորմածություն ու գթություն ցուցաբերի քո նկատմամբ և բազմացնի քեզ, ինչպես երդվել էր քո հայրերին,

18. եթե դու հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին, պահես նրա այն բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ, և անես այն, ինչ ուղիղ է քո Տեր Աստծու առաջ»։

Բ ՕՐԵՆՔ 14

1. «Դուք ձեր Տեր Աստծու որդիներն եք։ Մեռելի համար ձեր մարմնի վրա կտրվածքներ չանեք և ձեր աչքերի մեջտեղի մազերը չպոկեք*.

2. որովհետև դու քո Տեր Աստծու համար սուրբ ժողովուրդ ես։ Տերը քե՛զ ընտրեց երկրի վրա եղած բոլոր ժողովուրդների միջից, որպեսզի իր համար սեփական ժողովուրդ լինես։

3. Ոչ մի պիղծ բան չուտեք։

4. Սրանք են այն անասունները, որ կարող եք ուտել. արջառը, ոչխարը և այծը,

5. եղջերուն, այծյամը, վիթը, իշայծյամը, այծքաղը, վայրի այծը և ընձուղտը։

6. Կուտեք այն բոլոր անասունները, որոնք կճղակաբաշխ են, այսինքն՝ կճղակը երկու մասի ճեղքված, և որոճացող։

7. Իսկ որոճացող կամ կճղակը ճեղքված անասուններից մի՛ կերեք հետևյալները՝ ուղտը, նապաստակը և ճագարը, որովհետև դրանք թեև որոճում են, բայց դրանց կճղակը ճեղքված չէ. դրանք ձեզ համար անմաքուր են։

8. Խոզը, որ թեև ճեղքված կճղակ ունի, բայց չի որոճում, նա ձեզ համար անմաքուր է. դրանց մսից չուտեք և դրանց դիակներին չդիպչեք։

9. Ջրերում գտնվող բոլոր կենդանիներից կարող եք ուտել հետևյալները. կուտեք բոլոր լողակ ու թեփուկ ունեցողները։

10. Բայց մի՛ կերեք բոլոր լողակ ու թեփուկ չունեցողները. դրանք ձեզ համար անմաքուր են։

11. Ամեն մաքուր թռչուն կերե՛ք։

12. Սրանք են այն թռչունները, որ չպետք է ուտեք. արծիվը, պասկուճը և գետարծիվը,

13. անգղը, ցինը, ուրուրը և ինչ որ դրան ցեղակից է,

14. ագռավը և ինչ որ դրան ցեղակից է,

15. ջայլամը, բուն, որորը, բազեն և ինչ որ դրան ցեղակից է,

16. հավպատիրը, քաջահավը, կարապը,

17. հավալուսնը, սև անգղը, հողամաղը,

18. արագիլը, քարադրը և ինչ որ դրան ցեղակից է, հոպոպը և չղջիկը։

19. Թռչող բոլոր զեռունները ձեզ համար պիղծ լինեն. դրանք չպետք է ուտել։

20. Կուտեք բոլոր մաքուր թռչունները։

21. Սատկած ոչինչ չուտեք։ Այն կտաս քո քաղաքում գտնվող պանդուխտին, որ ուտի, կամ էլ կվաճառես օտարազգուն, որովհետև դու քո Տեր Աստծու համար սուրբ ժողովուրդ ես։Ուլը իր մոր կաթի մեջ չեփես։

22. Ամեն տարի քո ցանած արտից դուրս ելած արմտիքներից անպատճառ տասանորդ կտաս։

23. Քո Տեր Աստծու առջև կուտես քո ցորենի, գինու և յուղի տասանորդը, քո արջառների և ոչխարների առաջնածիններն այն վայրում, որ նա կընտրի իր անվան բնակության համար, որպեսզի սովորես վախենալ քո Տեր Աստծուց ամեն ժամանակ։

24. Իսկ եթե ճանապարհը հեռու լինի քեզ համար, և չկարողանաս այնտեղ տանել տասանորդները այն պատճառով, որ քեզանից հեռու է այն վայրը, որ կընտրի քո Տեր Աստվածը՝ իր անունն այնտեղ դնելու համար, երբ քո Տեր Աստվածը կօրհնի քեզ,

25. այն ժամանակ դրանք կփոխանակես փողով և այդ փողը վերցնելով ձեռքդ՝ կգնաս այն վայրը, որ կընտրի քո Տեր Աստվածը։

26. Եվ այդ փողով կգնես այն ամենը, ինչ սիրտդ կկամենա՝ արջառներ կամ ոչխարներ, գինի կամ ոգելից խմիչք, ամեն ինչ, որ սիրտդ կուզի. այնտեղ՝ քո Տեր Աստծու առջև, կուտես և կուրախանաս դու և քո ընտանիքը։

27. Աչքաթող չանես քո քաղաքում գտնվող ղևտացուն, որովհետև նա քեզ հետ բաժին ու ժառանգություն չունի։

28. Ամեն երեք տարվա վերջում դուրս կհանես նույն տարվա քո բերքի ամբողջ տասանորդը և կդնես քո քաղաքում։

29. Կգան քեզ հետ բաժին ու ժառանգություն չունեցող ղևտացին, քո քաղաքում գտնվող օտարականը, որբն ու որբևայրին, կուտեն ու կկշտանան, որպեսզի քո Տեր Աստվածը օրհնի քեզ քո ձեռքի բոլոր գործերում»։

Բ ՕՐԵՆՔ 15

1. «Յոթերորդ տարվա վերջում պարտքերը կներես։

2. Պարտքերը ներելու կանոնն այս է. ամեն պարտատեր ինչ որ փոխ է տվել իր մերձավորին, թող դա չպահանջի իր մերձավորից կամ եղբորից, որովհետև ներում է հայտարարված հանուն Տիրոջ։

3. Օտարազգի մարդուց պահանջես, բայց ինչ որ ունենաս քո եղբոր մոտ, պիտի շնորհես նրան,

4. եթե միայն քեզ մոտ կարիքավոր մեկը չգտնվի. որովհետև Տերն անպատճառ քեզ պիտի օրհնի այն երկրում, որ քո Տեր Աստվածը քեզ տալու է իբրև ժառանգություն, որպեսզի տիրես նրան,

5. միայն թե ամեն կերպ հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին և զգուշությամբ կատարես այն բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ։

6. Որովհետև քո Տեր Աստվածը քեզ պիտի օրհնի, ինչպես որ ասել է քեզ։ Շատ ազգերի դու փոխ կտաս, բայց ինքդ փոխ չես առնի, և դու բազում ազգերի կտիրես, բայց նրանք քեզ չեն տիրի։

7. Եթե քո Տեր Աստծու քեզ տված երկրի քաղաքներից մեկում քո եղբայրներից մեկն աղքատ լինի, ապա քո սիրտը չխստացնես և քո ձեռքը չփակես քո աղքատ եղբոր առջև,

8. այլ անպատճառ ձեռքդ բաց կանես նրա համար և նրա կարիքների բավարար լինելու չափ փոխ կտաս նրան։

9. Զգո՛ւյշ եղիր. չլինի թե մտքիդ մեջ չար խորհուրդ մտնի, և դու ասես՝ “Մոտ է յոթերորդ տարին՝ թողության տարին”, և չար աչքով նայես քո աղքատ եղբոր վրա ու փոխ չտաս նրան։ Եվ նա էլ քո դեմ աղաղակի Տիրոջը, և դու հանցավոր լինես։

10. Անպատճառ պետք է տաս նրան, և նրան տալիս սիրտդ չնեղվի, որովհետև քո Տեր Աստվածը դրա համար կօրհնի քեզ քո բոլոր գործերում և քո բոլոր ձեռնարկումներում։

11. Քանի որ երկրի վրա աղքատ մարդ չի պակասի, դրա համար էլ պատվիրում եմ քեզ ու ասում. “Ձեռքդ բա՛ց քո երկրում գտնվող աղքատ և կարիքավոր եղբորդ”։

12. Եթե եբրայեցի քո եղբայրներից մեկը՝ տղամարդ թե կին, վաճառվի քեզ, նա վեց տարի թող ծառայի քեզ, իսկ յոթերորդ տարում նրան քո մոտից ազատ կարձակես։

13. Երբ քո մոտից ազատ արձակես նրան, դատարկ չարձակես։

14. Նրան պարգևներ կտաս քո ոչխարներից, քո կալից և քո հնձանից։ Քո Տեր Աստվածն ինչով որ քեզ օրհնել է, կտաս նրան։

15. Հիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր Եգիպտոսի երկրում, և քո Տեր Աստվածը փրկեց քեզ։ Դրա համար էլ այս բանն եմ պատվիրում քեզ այսօր։

16. Իսկ եթե քեզ ասի՝ “Դուրս չեմ գա քո մոտից”, որովհետև սիրում է քեզ ու քո տունը, քանի որ լավ է քեզ մոտ,

17. այն ժամանակ հերյունը կվերցնես ու դռան շեմին կծակես նրա ականջը, և նա հավիտյան ծառա կլինի քեզ։ Այդպես կանես նաև աղախնիդ։

18. Նրան քո մոտից ազատ արձակելը քո աչքին դժվար չերևա, որովհետև վեց տարի ծառայել է քեզ, որ մի վարձկանի վարձի կրկնապատիկն է, և քո Տեր Աստվածը կօրհնի քեզ քո բոլոր գործերում։

19. Քո արջառներից և հոտերից ծնված բոլոր արու առաջնածինները կնվիրաբերես քո Տեր Աստծուն։ Քո արջառների առաջնածինները գործի չլծես և քո առաջնածին ոչխարների բուրդը չխուզես։

20. Տարեցտարի դու և քո ընտանիքը կուտեք դրանք քո Տեր Աստծու առջև այն վայրում, որ Տերը կընտրի։

21. Բայց եթե դրանց մեջ արատ լինի, կաղ կամ կույր լինեն, և կամ որևէ այլ վատ արատ, դրանք քո Տեր Աստծուն չզոհես։

22. Դրանք կուտես քո դռներում։ Անմաքուրն ու մաքուրը հավասարապես կուտեն, ինչպես ուտում են այծյամին ու եղջերուին։

23. Միայն թե դրա արյունը չուտես, այլ ջրի նման գետին կթափես այն»։

Բ ՕՐԵՆՔ 16

1. «Աբիբ ամիսն զգուշությամբ կպահես և զատիկը կկատարես քո Տեր Աստծու համար, որովհետև քո Տեր Աստվածն Աբիբ ամսին գիշերով քեզ հանեց Եգիպտոսից։

2. Զատկի համար ոչխարներ ու արջառներ կմորթես քո Տեր Աստծուն այն վայրում, որ կընտրի Տերն իր անվան բնակության համար։

3. Դրա հետ թթխմորով հաց չուտես։ Դրա հետ յոթ օր բաղարջ՝ նեղության հաց կուտես, որովհետև Եգիպտոսի երկրից տագնապով դուրս եկար, որպեսզի քո կյանքի բոլոր օրերին հիշես Եգիպտոսի երկրից քո դուրս գալու օրը։

4. Քո երկրի բոլոր սահմաններում յոթ օր քեզ մոտ բնավ թթխմոր չերևա, և նախորդ օրվա երեկոյան քո մորթած մսից մինչև հաջորդ առավոտ բան թող չմնա։

5. Դու չես կարող զատիկը մորթել այն քաղաքներից մեկում, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ իբրև բնակավայր,

6. այլ միայն այն վայրում, որ կընտրի քո Տեր Աստվածը, որպեսզի իր անունը հաստատվի այնտեղ։ Կմորթես զատիկը երեկոյան դեմ՝ մայրամուտին, այն ժամանակ, երբ դուրս եկար Եգիպտոսից։

7. Կեփես, կուտես քո Տեր Աստծու ընտրած վայրում և առավոտյան կվերադառնաս քո վրանը։

8. Վեց օր բաղարջ հաց կուտես, իսկ յոթերորդ օրը քո Տեր Աստծու համար տոնախմբության օր կլինի. ոչ մի գործ չանես։

9. Դու քեզ համար կհաշվես յոթ շաբաթ. մանգաղը գործի դնելու օրվանից կսկսես հաշվել յոթ շաբաթ։

10. Եվ քո Տեր Աստծու համար կկատարես Շաբաթների տոնը և քո կարողության չափով կտաս քո կամավոր նվերն ըստ այն օրհնության, որ քո Տեր Աստվածը կտա քեզ։

11. Դու, քո տղան և աղջիկը, քո ծառան և աղախինը, քո քաղաքներում գտնվող ղևտացին և ձեր մեջ բնակվող օտարականը, որբն ու որբևայրին կուրախանաք քո Տեր Աստծու առջև այն վայրում, որ կընտրի քո Տեր Աստվածն իր անվան բնակության համար։

12. Հիշի՛ր, որ դու ստրուկ էիր Եգիպտոսի երկրում, և զգուշությա՛մբ պահիր ու կատարի՛ր այդ կանոնները։

13. Յոթ օր կկատարես Տաղավարահարաց տոնը, երբ հավաքես քո կալից և հնձանից։

14. Այդ տոնի ժամանակ կուրախանաք դու, քո տղան և աղջիկը, քո ծառան և աղախինը, քո քաղաքներում գտնվող ղևտացին, օտարականը, որբն ու որբևայրին։

15. Քո Տեր Աստծու համար յոթ օր տոն կատարելով՝ ուրախություն կանես այն վայրում, որ կընտրի Տերը. որովհետև քո Տեր Աստվածը կօրհնի քեզ և քո բոլոր բերքերն ու քո ձեռնարկած բոլոր գործերը։

16. Տարին երեք անգամ, այսինքն՝ Բաղարջակերաց տոնին, Շաբաթների տոնին և Տաղավարահարաց տոնին արական սեռի քո բոլոր մարդիկ թող ներկայանան քո Տեր Աստծու առջև այն վայրում, որ նա կընտրի։ Ոչ մեկը Տիրոջ առջև դատարկաձեռն չերևա։

17. Ամեն մարդ իր կարողության չափով թող տա՝ քո Տեր Աստծու՝ քեզ տված օրհնության համեմատ։

18. Քո Տեր Աստծու քեզ տված բոլոր քաղաքներում դատավորներ և պաշտոնյաներ կկարգես ըստ քո ցեղերի։ Թող նրանք դատեն ժողովրդին արդար դատաստանով։

19. Չիրավազրկես, աչառություն չանես և կաշառք չվերցնես, որովհետև կաշառքը կուրացնում է իմաստունների աչքերը և խեղաթյուրում արդարների խոսքերը։

20. Կհետևես միայն ու միայն արդարության, որպեսզի ողջ մնաս և ժառանգես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ։

21. Ոչ մի ծառից Աստարովթ չտնկես քո Տեր Աստծու սեղանի մոտ, որ շինելու ես քեզ համար։

22. Արձան էլ չկանգնեցնես քեզ համար, մի բան, որից զզվում է քո Տեր Աստվածը»։

Բ ՕՐԵՆՔ 17

1. «Քո Տեր Աստծու համար չզոհես ոչ մի արջառ կամ ոչխար, որի վրա լինի մի արատ կամ որևէ թերություն, որովհետև դա պիղծ է քո Տեր Աստծու համար։

2. Եթե քո Տեր Աստծու քեզ տված քաղաքներից մեկում ձեր մեջ գտնվի մի տղամարդ կամ կին, որ քո Տեր Աստծու առջև չար գործ կատարի, չպահի նրա ուխտը,

3. գնա պաշտի ուրիշ աստվածների, երկրպագի նրանց, այսինքն՝ արեգակին կամ լուսնին և կամ աստղերից որևէ մեկին, որ ես չեմ հրամայել,

4. և այդ բանը պատմվի քեզ, ու դու լսես, ապա խիստ քննություն կկատարես, և եթե տեսնես, որ դա ստույգ և ճշմարիտ է, որ Իսրայելում այդ պղծությունը կատարվել է,

5. այն ժամանակ այդ չար գործը կատարած տղամարդուն կամ կնոջը բերել կտաս քո քաղաքի դռներից դուրս, քարերով քարկոծել կտաս այդ տղամարդուն կամ կնոջը, որ նա մեռնի։

6. Մահապարտը պետք է մեռնի երկու կամ երեք հոգու վկայությամբ. մեկ վկայի վկայությամբ մահվան չպետք է դատապարտվի։

7. Առաջինը վկաների ձեռքը պետք է բարձրանա նրա վրա՝ սպանելու նրան, ապա՝ ամբողջ ժողովրդի ձեռքը։ Այդպիսով չարությունը ձեր միջից կվերացնես։

8. Եթե քաղաքներում արյունահեղության, դատական վճռի, պատճառված ծանր վերքի վերաբերյալ մի գործ դատելու համար շատ դժվար երևա քեզ, այսինքն՝ առիթ տա վեճերի, ապա վեր կկենաս և կգնաս քո Տեր Աստծու ընտրած վայրը։

9. Կգնաս ղևտացի քահանաների և այդ ժամանակի դատավորի մոտ ու կհարցնես, և նրանք քեզ կասեն դատարանի վճիռը։

10. Եվ կանես այդ վճռի համաձայն, որ նրանք ասացին քեզ Տիրոջ ընտրած վայրում։ Եվ զգուշությամբ կկատարես այն ձեզ տված նրանց ցուցումների համաձայն։

11. Կշարժվես ըստ այն օրենքի, որ նրանք կուսուցանեն քեզ, և ըստ այն դատաստանի, որ կծանուցեն քեզ. քեզ հայտնած նրանց խոսքից աջ և ձախ չշեղվես։

12. Բայց այն մարդը, որ հանդգնություն ցուցաբերելով չի լսի քո Տեր Աստծուն ծառայելու համար այնտեղ կանգնած այդ քահանային կամ դատավորին, այդ մարդը մահվամբ կպատժվի։ Այդպիսով չարությունը կվերացնես Իսրայելից,

13. և ամբողջ ժողովուրդը լսելով կվախենա, և այլևս հանդգնություն չեն անի։

14. Երբ մտնես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ, տիրես նրան և բնակվես նրա մեջ ու ասես՝ “Ինձ վրա թագավոր դնեմ իմ շուրջը գտնվող բոլոր ազգերի նման”,

15. անպատճառ քեզ վրա թագավոր կդնես նրան, որին կընտրի քո Տեր Աստվածը։ Քո եղբայրների՛ց քեզ վրա թագավոր կդնես. դու չես կարող քեզ վրա թագավոր դնել մի օտարականի, որ քո եղբայրը չէ։

16. Սակայն նա շատ ձիեր չունենա և ժողովրդին չվերադարձնի Եգիպտոս՝ ձիերը շատացնելու համար, որովհետև Տերը ձեզ ասել է. “Այդ ճանապարհով այլևս ետ չդառնաք”։

17. Նաև իր կանանց չշատացնի, որպեսզի իր սիրտը չխոտորվի, և իր համար շատ արծաթ ու ոսկի չկուտակի։

18. Բայց հենց որ նստի իր թագավորական գահին, թող գրի իր համար այս օրենքների պատճենն այն գրքից, որ ղևտացի քահանաների մոտ է։

19. Դա իր մոտ թող մնա, և այն կարդա իր կյանքի բոլոր օրերին, որպեսզի սովորի վախենալ իր Տեր Աստծուց, պահել այս օրենքի բոլոր խոսքերը և զգուշությամբ գործադրել այս կանոնները,

20. որ իր սիրտը չմեծամտանա իր եղբայրների վրա, և այս պատվիրաններից աջ ու ձախ չշեղվի, որպեսզի իր և իր որդիների թագավորությունը երկար տևի Իսրայելի մեջ»։

Բ ՕՐԵՆՔ 18

1. «Ղևտացի քահանաները՝ Ղևիի ամբողջ ցեղը, Իսրայելի հետ բաժին ու ժառանգություն չեն ունենա։ Նրանք պիտի ուտեն Տիրոջն արված զոհաբերություններն ու նրա ժառանգությունը։

2. Նրանք իրենց եղբայրների մեջ ժառանգություն չեն ունենա. նրանց ժառանգությունը Տերն ինքն է, ինչպես որ ասել է նրանց։

3. Այս կլինի քահանաների իրավունքը ժողովրդի կողմից և մատուցված զոհերի կողմից, դրանք լինեն արջառ, թե ոչխար։ Քահանային պետք է տրվի թիակը, ծնոտները և փորը։

4. Դու նրան պետք է տաս նաև քո ցորենի, գինու, յուղի երախայրիքը և քո ոչխարների առաջին խուզից ստացված բուրդը,

5. որովհետև քո Տեր Աստվածը բոլոր ցեղերի միջից նրան է ընտրել, որպեսզի նա և նրա որդիները մշտապես կանգնեն ծառայություն անելու Տիրոջ անունով։

6. Երբ մի ղևտացի դուրս գա քո քաղաքներից մեկից, այսինքն՝ այն վայրից, ուր նա պանդխտել է Իսրայելում, և ըստ իր սրտի մեծ փափագի գա Տիրոջ ընտրած վայրը,

7. ապա Տիրոջ առջև այնտեղ կանգնած իր բոլոր ղևտացի եղբայրների նման կծառայի իր Տեր Աստծու անունով։

8. Նա թող ստանա նրանց սննդաբաժնին հավասար սննդաբաժին, բացի իր հայրենական ունեցվածքի վաճառքից ստացած եկամուտներից։

9. Երբ մտնես քո Տեր Աստծու քեզ տված երկիրը, չհետևես այդ ազգերի գարշելի սովորույթներին։

10. Ձեր մեջ չպիտի գտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող կամ կախարդությամբ զբաղվող, գուշակող ու հմայող և կամ հավահմա,

11. նաև կախարդ կամ վհուկ, կամ բախտասաց կամ ոգեհարցուկ,

12. որովհետև այս բոլոր բաներով զբաղվողը գարշելի է Տիրոջ աչքին, և այդպիսի գարշելի բաների պատճառով քո Տեր Աստվածը նրանց հալածում է քո առջևից։

13. Քո Տեր Աստծու առջև կատարյալ պետք է լինես,

14. որովհետև այն ազգերը, որոնց դու տիրելու ես, լսում են գուշակներին և կախարդներին. բայց քեզ քո Տեր Աստվածը այդպես անելու հրաման չի տալիս։

15. Քո Տեր Աստվածը քո եղբայրների միջից ինձ նման մի մարգարե մեջտեղ պիտի հանի քեզ համար. նրա՛ն լսեք.

16. ամբողջապես այնպես, ինչպես որ Քորեբում հավաքի օրը քո Տեր Աստծուն խնդրեցիր՝ ասելով. “Իմ Տեր Աստծու ձայնն այլևս չլսեմ և այդ մեծ կրակն այլևս չտեսնեմ, որպեսզի չմեռնեմ”։

17. Այն ժամանակ Տերն ինձ ասաց. “Լավ է, ինչ որ նրանք ասում են.

18. ես քեզ նման մի մարգարե մեջտեղ կհանեմ նրանց համար իրենց եղբայրների միջից և իմ խոսքերը կդնեմ նրա բերանը. նա նրանց կասի այն, ինչ որ կպատվիրեմ նրան։

19. Եվ այն մարդը, որ չլսի իմ խոսքերը, որ նա կասի իմ անունից, ես այդ մարդուց հաշիվ կպահանջեմ։

20. Իսկ այն մարգարեն, որ կհանդգնի իմ անունից խոսք ասել, որ ես չեմ պատվիրել նրան ասել, կամ օտար աստվածների անունից մի բան խոսի, այդ մարգարեն պետք է մեռնի”։

21. Եթե քո սրտի մեջ ասես՝ “Ինչպե՞ս իմանանք այն խոսքը, որ Տերը չի ասել”,

22. եթե այդ մարգարեն Տիրոջ անունից մի բան ասի, և այդ բանը չկատարվի, ուրեմն դա Տիրոջ ասած խոսքը չէ. մարգարեն հանդգնությամբ է ասել դա։ Նրանից չվախենաս»։

Բ ՕՐԵՆՔ 19

1. «Երբ քո Տեր Աստվածը բնաջնջի այն ազգերին, որոնց երկիրը քո Տեր Աստվածը տալու է քեզ, երբ դու քշես նրանց և բնակվես նրանց քաղաքներում ու տներում,

2. քեզ համար երեք քաղաք կառանձնացնես քո երկրում, որը քո Տեր Աստվածը կտա քեզ իբրև ժառանգություն։

3. Քեզ համար ճանապարհ կպատրաստես և երեքի կբաժանես քո Տեր Աստծու քեզ տված ժառանգության երկիրը, որտեղ մեկական քաղաք լինի, որպեսզի ամեն մարդասպան այնտեղ փախչի։

4. Այս է ողջ մնալու համար այնտեղ փախչող մարդասպանի մասին օրենքը. նա, ով զարկի և ակամա սպանի իր մերձավորին՝ առանց նախապես թշնամություն ունենալու նրա նկատմամբ.

5. մեկը, որ իր մերձավորի հետ անտառ գնա փայտ կտրելու, և կացնով փայտ կտրելու համար իր ձեռքը բարձրացնելիս կացինը, կոթից պոկվելով, դուրս թռչի և դիպչի մերձավորին, և նա մեռնի, նա թող փախչի և ընկնի այդ քաղաքներից մեկնումեկը, որ ապրի,

6. որպեսզի արյան վրեժխնդիր եղողը, որի սիրտը այրվել է, մարդասպանի ետևից չընկնի և ճանապարհի հեռու լինելու պատճառով նրան հասնի և սպանի նրան, թեպետ նա արժանի չլինի մահվան, քանի որ նախապես թշնամություն չուներ նրա նկատմամբ։

7. Դրա համար էլ ես քեզ պատվիրում և ասում եմ, որ երեք քաղաք առանձնացնես քեզ համար։

8. Եթե քո Տեր Աստվածն ընդարձակի քո սահմանները, ինչպես երդվել էր քո հայրերին, և քեզ տա այդ ամբողջ երկիրը, որ խոստացել էր տալ քո հայրերին,

9. և եթե դու պահես այն բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, որ սիրես քո Տեր Աստծուն և միշտ ընթանաս նրա ճանապարհներով, ապա այդ երեք քաղաքներին կավելացնես ուրիշ երեք քաղաքներ ևս,

10. որպեսզի անմեղ արյուն չթափվի քո Տեր Աստծու քեզ ժառանգություն տված երկրում, և որ դու արյունապարտ չլինես։

11. Բայց եթե մի մարդ ոխ ունենա իր մերձավորի հանդեպ, դարանամուտ լինի և վեր կենա նրա դեմ և հարվածելով սպանի նրան ու փախչի այդ քաղաքներից մեկնումեկը,

12. ապա նրա քաղաքի ծերերը թող մարդ ուղարկեն, և սրանք վերցնեն նրան այնտեղից ու հանձնեն արյան վրեժխնդիր եղողի ձեռքը, որ նա մեռնի։

13. Դու նրան չպետք է խնայես. Իսրայելի միջից պիտի վերացնես անմեղ արյան թափվելը, որպեսզի լավ լինի քեզ համար։

14. Քո մերձավորի սահմանը, որ հաստատել են քո նախնիները, չպետք է խախտես քո կալվածքում, որը դու ժառանգելու ես քո Տեր Աստծու կողմից իբրև սեփականություն քեզ տրված երկրում։

15. Որևէ անօրենության և մեղքի համար միայն մեկ վկա չպետք է կանգնի մի մարդու դեմ, ինչպիսին էլ լինի նրա գործած մեղքը. այլ երկու կամ երեք վկաների բերանով պետք է հաստատվի այդ բանը։

16. Եթե մի սուտ վկա վեր կենա մի մարդու դեմ և նրա մասին վկայություն տա նրա անօրենության համար,

17. ապա այդ երկու մարդիկ, որոնց մեջ հակառակություն կա, պետք է կանգնեն Տիրոջ առաջ, այդ օրվա քահանաների և դատավորների առաջ,

18. և դատավորները պետք է լավ քննեն. եթե տեսնեն, որ այդ վկան սուտ վկա է և սուտ վկայություն է տվել իր եղբոր դեմ,

19. այն ժամանակ նրա հետ կվարվեք այնպես, ինչպես նա մտադիր էր վարվել իր եղբոր հետ։ Այդպիսով չարությունը կվերացնես քո միջից։

20. Մյուսները կլսեն ու կվախենան, և այլևս այդպիսի չար բան չի կատարվի ձեր մեջ։

21. Չխնայես նրան. անձի դիմաց՝ անձ, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք»։

Բ ՕՐԵՆՔ 20

1. «Եթե քո թշնամիների դեմ պատերազմի ելնես և տեսնես ձիեր ու կառքեր և քեզանից շատ մի ժողովուրդ, չվախենաս նրանցից, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է, որ քեզ հանեց եգիպտացիների երկրից։

2. Երբ մոտենաք պատերազմելու, թող քահանան մոտենա և խոսի ժողովրդի հետ

3. ու ասի նրանց. “Լսի՛ր, Իսրայե՛լ, դուք այսօր մոտեցել եք պատերազմելու ձեր թշնամիների դեմ. ձեր սրտերը թող չթուլանան, մի՛ վախեցեք, մի՛ զարհուրեք, մի՛ դողացեք նրանց դիմաց,

4. որովհետև ձեր Տեր Աստվածը գնում է ձեզ հետ, որպեսզի ձեզ համար պատերազմի ձեր թշնամիների դեմ և օգնի ձեզ”։

5. Զինվորական պաշտոնյաները թող խոսեն ժողովրդի հետ և ասեն. “Ո՞վ է այն մարդը, որ նոր տուն է կառուցել և դրա նավակատիքը չի արել. թող ետ դառնա, գնա իր տունը. միգուցե պատերազմում սպանվի, և մի ուրիշ մարդ կատարի նավակատիքը։

6. Ո՞վ է այն մարդը, որ այգի է տնկել և այն չի վայելել. թող ետ դառնա, գնա իր տունը. միգուցե պատերազմում սպանվի, և մի ուրիշ մարդ վայելի այն։

7. Ո՞վ է այն մարդը, որ նշանվել է կնոջ հետ և նրան չի առել. թող ետ դառնա, գնա իր տունը. միգուցե պատերազմում սպանվի, և մի ուրիշ մարդ առնի նրան”։

8. Զինվորական պաշտոնյաները թող շարունակեն իրենց խոսքը և ասեն. “Ո՞վ է այն մարդը, որ վախկոտ ու թուլասիրտ է. թող ետ դառնա, գնա իր տունը, որպեսզի չթուլացնի իր եղբայրների սիրտը իր սրտի նման”։

9. Երբ զինվորական պաշտոնյաները վերջացնեն իրենց խոսքը ժողովրդի առաջ, այն ժամանակ թող զորապետներ նշանակեն ժողովրդի վրա։

10. Երբ մոտենաս մի քաղաքի՝ պատերազմելու նրա դեմ, նրան խաղաղության կոչիր։

11. Եթե խաղաղությա՛ն պատասխան տա քեզ և իր դռները բաց անի քո առջև, ապա այդ քաղաքում գտնվող ամբողջ ժողովուրդը հարկատու կլինի քեզ և քեզ կծառայի։

12. Իսկ եթե չընդունի քո խաղաղության հրավերը և պատերազմի քո դեմ, ապա կպաշարես այն,

13. և քո Տեր Աստվածն այն քո ձեռքը կմատնի, և դու սրի կքաշես նրա բոլոր տղամարդկանց։

14. Բայց կանանց, երեխաներին ու անասուններին և ինչ որ կա այդ քաղաքում, դրա ամբողջ ավարը կվերցնես քեզ համար. և կուտես քո Տեր Աստծու՝ քո ձեռքը մատնած թշնամիներիդ ամբողջ ավարը։

15. Այդպես կվարվես այն բոլոր քաղաքների հետ, որոնք քեզանից շատ հեռու են, և որոնք այս ազգերի քաղաքներից չեն։

16. Սակայն քո Տեր Աստծու՝ քեզ ժառանգություն տված այս ազգերի քաղաքներում ոչ մի շունչ ունեցողի ողջ չթողնես,

17. այլ բնաջինջ կանես քետացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին, ինչպես որ քո Տեր Աստվածը պատվիրել է քեզ,

18. որպեսզի ձեզ չսովորեցնեն ընդօրինակել իրենց այն բոլոր գարշելի բաները, որ անում են իրենց աստվածների համար, և որպեսզի դուք մեղք չգործեք ձեր Տեր Աստծու առաջ։

19. Երբ մի քաղաք երկար ժամանակ պաշարես՝ նրա դեմ պատերազմելու, այն գրավելու համար, դրա ծառերը կացնահարելով չփչացնես, որովհետև դրանցից պիտի ուտես. ուրեմն չկտրես դրանք. որովհետև դաշտում գտնվող ծառը մի՞թե մարդ է, որ քո կողմից պաշարման մեջ լինի։

20. Բայց այն ծառերը, որոնք գիտես, թե ուտելու պիտանի պտուղ չեն տալիս, կարող ես փչացնել և կտրել. դրանցով պատնեշ կկառուցես քո դեմ պատերազմող քաղաքի դիմաց, մինչև որ այն նվաճվի»։

Բ ՕՐԵՆՔ 21

1. «Եթե քո Տեր Աստծու՝ քեզ ժառանգություն տված երկրում դաշտի մեջ ընկած մի սպանված գտնվի, և չիմացվի, թե ո՛վ է սպանել նրան,

2. ապա քո ծերերն ու դատավորները թող դուրս գան և չափեն սպանվածի ու շրջակայքում գտնվող քաղաքների միջև եղած հեռավորությունը։

3. Սպանվածին ամենամոտ գտնվող քաղաքի ծերերը արջառների միջից թող վերցնեն չբանեցված, այսինքն՝ լծի տակ չմտած մի երինջ,

4. այդ քաղաքի ծերերն այդ երինջը թող իջեցնեն չհերկված և չսերմանված ապառաժոտ մի ձորի մեջ և այնտեղ՝ այդ ձորում, կտրեն երինջի վիզը։

5. Եվ Ղևիի որդիները՝ քահանաները, մոտենան (որովհետև քո Տեր Աստվածը նրանց է ընտրել իրեն ծառայելու և Տիրոջ անունով օրհնություն տալու համար), և ամեն վեճ ու ամեն վերք նրանց խոսքով թող դատվի։

6. Սպանվածին ամենամոտ գտնվող այդ քաղաքի բոլոր ծերերն այն ձորում իրենց ձեռքերը թող լվանան վիզը կտրած այդ երինջի վրա

7. և թող պատասխանեն ու ասեն. “Մեր ձեռքերը չթափեցին այս արյունը, և մեր աչքերը չտեսան։

8. Ո՛վ Տեր, քավությո՛ւն արա քո Իսրայել ժողովրդին, որին դու փրկեցիր, և անմեղ արյան համար մեղավոր մի՛ համարիր քո Իսրայել ժողովրդին”։ Այդպիսով այդ արյունը քավված կլինի նրանցից։

9. Իսկ դու անմեղ արյունը կվերացնես քեզանից՝ անելով այն, ինչ ուղիղ է Տիրոջ առաջ։

10. Երբ պատերազմի ելնես քո թշնամիների դեմ, և քո Տեր Աստվածը նրանց մատնի քո ձեռքը, և գերիներ վերցնես նրանցից

11. և գերիների մեջ մի գեղադեմ կին տեսնես, սիրես նրան ու նրան կին առնես քեզ,

12. ապա նրան կտանես քո տունը, և նա կածիլի իր գլուխը, կկտրի իր եղունգները,

13. իր վրայից կհանի գերության զգեստները, կնստի քո տանը և մի ամբողջ ամիս լաց կլինի իր հոր ու մոր համար։ Դրանից հետո կմերձենաս նրան, նրա այրը կլինես, և նա էլ կլինի քո կինը։

14. Եթե նրան չհավանես, նրան ազատ կարձակես, բայց նրան փողով բնավ չվաճառես, ոչ էլ կստրկացնես, քանի որ դու լլկել ես նրան։

15. Եթե մի մարդ երկու կին ունենա, մեկը՝ սիրելի, իսկ մյուսը՝ ատելի, և նրանք՝ թե՛ սիրելին և թե՛ ատելին, նրա համար որդիներ ծնեն, և եթե անդրանիկը լինի ատելի կնոջ որդին,

16. իր ունեցվածքը որդիներին բաժանելու օրը չի կարող անդրանիկության իրավունքը տալ իր սիրելի կնոջ որդուն՝ իր ատելի կնոջ անդրանիկ որդուց առաջ գցելով,

17. այլ նա պետք է անդրանիկ ճանաչի իր ատելի կնոջ զավակին և իր ամբողջ ունեցածից կրկնակի բաժին տա նրան, որովհետև նա է նրա զորության սկիզբը, և անդրանիկության իրավունքը նրան է պատկանում։

18. Եթե մի մարդ անզգամ և անհնազանդ մի տղա ունենա, որն իր հոր և մոր խոսքը չի լսում և իրեն խրատելիս չի հնազանդվում նրանց,

19. ապա նրա հայրն ու մայրը թող բռնեն նրան ու տանեն իրենց քաղաքի ծերերի մոտ, նրա բնակած վայրի դարպասի առջև

20. և քաղաքի ծերերին ասեն. “Մեր այս տղան անզգամ և անհնազանդ է. նա մեր խոսքը չի լսում, որկրամոլ է և հարբեցող”.

21. այն ժամանակ այդ քաղաքի բոլոր մարդիկ թող քարկոծեն ու սպանեն նրան։ Այդպիսով չարությունը կվերացնես քո միջից, և ամբողջ Իսրայելը կլսի և կվախենա։

22. Եթե մեկը մահապատժի արժանի մեղք գործի, նա պետք է մեռցվի. դու նրան կկախես ծառից։

23. Նրա մարմինը գիշերը ծառի վրա չմնա, այլ նույն օրը անպատճառ կթաղես նրան, որովհետև կախված մարդը Աստծուց անիծված է, և չպղծես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը քեզ է տալիս ժառանգելու համար»։

Բ ՕՐԵՆՔ 22

1. «Երբ տեսնես, որ հայրենակից քո եղբոր եզը կամ ոչխարը մոլորված է, անտես չանես դրան, կվերադարձնես քո եղբոր մոտ։

2. Բայց եթե քո եղբայրը քեզ մոտիկ չի ապրում, կամ նրան չես ճանաչում, ապա դրան կբերես քո տունը, և այն քեզ մոտ կմնա, մինչև որ քո եղբայրը փնտրի նրան. հետո այն կվերադարձնես նրան։

3. Այդպես կվարվես նաև նրա էշի հետ, այդպես կվարվես նրա զգեստների հետ, այդպես կվարվես նաև քո եղբոր կորցրած ամեն ինչի հետ, որ դու կգտնես. նրանց չես կարող անտեսել։

4. Երբ եղբորդ էշը կամ եզը ճանապարհի վրա ընկած տեսնես, չանտեսես դրան. անպատճառ նրա հետ ոտքի՛ կանգնեցրու։

5. Կինը տղամարդու հագուստ չպետք է հագնի, ոչ էլ տղամարդը՝ կնոջ հագուստ, որովհետև քո Տեր Աստծու առջև պիղծ է նա, ով այդ բաներն անի։

6. Եթե ճանապարհին քո առջև մի ծառի կամ գետնի վրա ձագերով կամ ձվերով թռչունի բույն պատահի քեզ, և մայրը նստած լինի ձագերի կամ ձվերի վրա, ապա մորը չվերցնես իր ձագերի հետ.

7. ազատ կարձակես մորը, իսկ ձագերին կվերցնես քեզ համար, որպեսզի բարի լինի քեզ համար, և երկար կյանք ունենաս։

8. Եթե նոր տուն կառուցես, բազրի՛ք շինիր քո տանիքի շուրջը, որպեսզի երբ մեկն այնտեղից վայր ընկնի, քո տան վրա արյուն չբերես։

9. Այգուդ մեջ տարբեր սերմեր չցանես, որպեսզի նզովված չանես քո ցանած սերմի արդյունքը և այգուդ բերքը։

10. Վար անելիս էշն ու եզը միասին չլծես։

11. Բրդից և վուշից գործված այլախառն հագուստ չհագնես։

12. Քո հագած զգեստի չորս ծայրերին ծոպեր կդնես։

13. Եթե մի տղամարդ ամուսնանա մի կնոջ հետ, մերձենա նրան, բայց հետո ատի նրան,

14. զրպարտչական խոսքեր ասի նրա մասին և վարկաբեկի նրա անունը՝ ասելով. “Ես այս կնոջն առա, բայց երբ մերձեցա նրան, կույս չգտա”,

15. այն ժամանակ աղջկա հայրն ու մայրը իրենց աղջկա կուսության նշանը թող առնեն և դուրս տանեն քաղաքի ծերերի առաջ, հրապարակ՝ դռան մոտ։

16. Աղջկա հայրը կասի ծերերին. “Իմ աղջկան կնության տվեցի այս մարդուն, բայց նա ատում է նրան.

17. ահա զրպարտչական խոսքեր է բարդում նրա վրա՝ ասելով, թե՝

18. Այդ քաղաքի ծերերը կվերցնեն և կհանդիմանեն այդ մարդուն,

19. նրա վրա տուգանք կդնեն հարյուր սիկղ արծաթ և կտան աղջկա հորը, որովհետև նա վարկաբեկել է իսրայելացի կույսի անունը։ Նա թող մնա նրա կինը, և իր ամբողջ կյանքի ընթացքում նա չի կարող արձակել նրան։

20. Իսկ եթե այդ բանն ստույգ լինի, և աղջկա կուսությունը չհաստատվի,

21. այն ժամանակ աղջկան թող դուրս բերեն իր հոր տան դուռը, և քաղաքի մարդիկ քարկոծեն նրան, որ մեռնի, որովհետև Իսրայելում նա անզգամություն է արել՝ պոռնկանալով իր հոր տանը։ Այսպիսով չարությունը կվերացնես քո միջից։

22. Եթե մեկը ամուսին ունեցող մի կնոջ հետ պառկած գտնվի, ապա երկուսն էլ՝ այդ կնոջ հետ պառկող մարդը և այդ կինը, պետք է սպանվեն։ Դրանով դուք չարությունը կվերացնեք Իսրայելի միջից։

23. Եթե մի կույս աղջիկ նշանված լինի մի մարդու հետ, և քաղաքում մի տղամարդ հանդիպի նրան ու պառկի նրա հետ,

24. այն ժամանակ երկուսին էլ դուրս կբերեք այդ քաղաքի դուռը և քարկոծելով կսպանեք նրանց. աղջկան՝ նրա համար, որ չաղաղակեց քաղաքում, իսկ տղամարդուն՝ նրա համար, որ լլկել է իր մերձավորի նշանածին։ Եվ չարությունը կվերացնես քո միջից։

25. Բայց եթե մի տղամարդ դաշտում հանդիպի նշանված մի աղջկա և բռնություն գործադրելով նրա վրա՝ պառկի նրա հետ, ապա մահվամբ պետք է պատժվի միայն նրա հետ պառկող մարդը։

26. Աղջկան ոչինչ չանես. աղջիկը մահվան արժանի ոչ մի հանցանք չի գործել. որովհետև սա նման է այն դեպքին, երբ մի մարդ հարձակվում է իր մերձավորի վրա և սպանում նրան։

27. Որովհետև դաշտում է հանդիպել նրան, նշանված աղջիկը աղաղակել է, բայց ոչ ոք չի եղել նրան ազատելու համար։

28. Եթե մի տղամարդ չնշանված մի կույս աղջկա հանդիպի ու բռնություն գործադրելով պառկի նրա հետ, և նրանք բռնվեն,

29. ապա աղջկա հետ պառկող մարդը աղջկա հորը պետք է տա հիսուն սիկղ արծաթ. և քանի որ նա լլկել է աղջկան, պետք է ամուսնանա նրա հետ և իր ամբողջ կյանքի ընթացքում չի կարող արձակել նրան։

30. Ոչ ոք չպետք է ամուսնանա իր հոր կնոջ հետ և չպետք է բանա իր հոր քղանցքը»։

Բ ՕՐԵՆՔ 23

1. «Ամորձիքը ճզմված կամ առնանդամը կտրված տղամարդը Տիրոջ ժողովատեղի թող չմտնի։

2. Պոռնկորդին չմտնի Տիրոջ ժողովատեղի. նրա տասներորդ սերունդն անգամ չպետք է մտնի Տիրոջ ժողովրդի մեջ։

3. Ամմոնացին և մովաբացին չմտնեն Տիրոջ ժողովատեղի. նրանց տասներորդ սերունդն անգամ հավիտյան չպետք է մտնի Տիրոջ ժողովատեղի,

4. որովհետև երբ դուք դուրս էիք գալիս Եգիպտոսից, նրանք ճանապարհին հացով ու ջրով չդիմավորեցին ձեզ և որովհետև Միջագետքում Փաթուրից վարձով բերել տվեցին Բեորի որդի Բաղաամին, որպեսզի անիծի քեզ։

5. Բայց քո Տեր Աստվածը չուզեց լսել Բաղաամին, այլ քո Տեր Աստվածը անեծքը օրհնության վերածեց քեզ համար, որովհետև քո Տեր Աստվածը սիրեց քեզ։

6. Նրանց խաղաղություն և բարօրություն չցանկանաս քո կյանքի բոլոր օրերին, հավիտյան։

7. Եդովմայեցուն չատես, որովհետև նա քո եղբայրն է։ Եգիպտացուն չատես, որովհետև պանդուխտ էիր նրա երկրում։

8. Նրանցից ծնվելիք զավակների երրորդ սերունդը կարող է մտնել Տիրոջ ժողովատեղի։

9. Երբ բանակով գնաս քո թշնամիների դեմ, զգուշացի՛ր ամեն տեսակ չար բանից։

10. Եթե քեզ մոտ գտնվի մի մարդ, որ երազախաբության պատճառով մաքուր չլինի, թող բանակատեղիից դուրս գա և բանակատեղի չմտնի։

11. Երեկոյան դեմ նա պետք է լվացվի ջրով և արևը մայր մտնելու ժամանակ մտնի բանակատեղի։

12. Բանակատեղիից դուրս մի տեղ պետք է ունենաս և այնտե՛ղ գնաս քո պետքն անելու համար։

13. Քո գործիքների մեջ մի բահ պետք է ունենաս, որպեսզի երբ դրսում պետքերդ հոգալու համար նստելու լինես, դրանով մի փոս փորես և քո աղբը ծածկես.

14. որովհետև քո Տեր Աստվածը շրջում է քո բանակատեղիում, որպեսզի փրկի քեզ և քո թշնամիներին մատնի քո ձեռքը։ Ուրեմն քո բանակատեղին մաքուր պետք է լինի, որպեսզի Տերը, քեզ վրա աղտեղություն տեսնելով, չզզվի քեզանից։

15. Իր տիրոջից փախչելով քեզ մոտ ապաստանած ստրուկին իր տիրոջ ձեռքը չհանձնես։

16. Թող նա քեզ մոտ բնակվի, քեզ հետ, քո քաղաքներից մեկում, այնտեղ, ուր հարմար կլինի իրեն. նրան չնեղես։

17. Իսրայելի աղջիկների մեջ բոզ չպետք է լինի, իսկ Իսրայելի տղաների մեջ՝ ոչ մի իգացող։

18. Բոզի վարձը կամ շնացողի գինը քո Տեր Աստծու տունը չտանես որևէ ուխտ կատարելու համար, որովհետև երկուսն էլ պիղծ են քո Տեր Աստծու առջև։

19. Քո եղբորից տոկոս չառնես, ո՛չ փողի տոկոս, ո՛չ ուտելիքի կամ որևէ բանի, որ տրվում է տոկոսով։

20. Օտարականից կարող ես շահ ձեռք բերել, բայց քո եղբորից շահ ձեռք չբերես, որպեսզի քո Տեր Աստվածը քո ձեռնարկած բոլոր գործերում օրհնի քեզ այն երկրում, ուր դու մտնելու ես այն ժառանգելու համար։

21. Երբ քո Տեր Աստծուն մի ուխտ ունես, չհապաղես այն կատարել, որովհետև քո Տեր Աստվածն անպատճառ այն պահանջելու է քեզանից, և դու մեղքի տեր կդառնաս։

22. Բայց եթե չուզենաս ուխտ անել, դա մեղք չի համարվի քեզ։

23. Քո շրթունքներից դուրս եկածը զգուշությամբ կկատարես, ինչպես որ Տեր Աստծուն ուխտել ես ազատ կամքով. ինչ որ ասել ես քո շրթունքներով։

24. Երբ քո մերձավորի այգին մտնես, կարող ես ուզածիդ չափ խաղող ուտել և հագենալ, բայց ամանիդ մեջ չլցնես։

25. Երբ քո մերձավորի ցորենի արտը մտնես, կարող ես ձեռքով պոկել հասկերը, բայց մանգաղ չզարկես քո մերձավորի հնձին»։

Բ ՕՐԵՆՔ 24

1. «Եթե մեկը կին առնի ու նրա ամուսինը դառնա, և եթե պատահի, որ ինչ-որ անարգական բան նկատի նրա վրա, և կինը նրա աչքին հաճելի չլինի, ապա արձակման թուղթ թող գրի նրա համար, նրա ձեռքը տա և նրան արձակի իր տնից։

2. Երբ նա դուրս գա նրա տնից և գնա, ուրիշ մարդու կին դառնա,

3. եթե այդ մյուս ամուսինն էլ ատի նրան, ապա սա էլ արձակման թուղթ թող գրի, նրա ձեռքը տա և արձակի իր տնից։ Կամ եթե այդ վերջին ամուսինը, որ նրան կնության էր առել, մահանա,

4. առաջին ամուսինը, որ արձակել էր նրան, չի կարող նորից նրան կնության առնել նրա պղծվելուց հետո, որովհետև դա պղծություն է Տիրոջ առջև։ Այսպես, դու մեղքով չլցնես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ իբրև ժառանգություն։

5. Նոր ամուսնացած տղամարդը պատերազմի չպետք է գնա, և նրան ոչ մի պաշտոն չպիտի տրվի։ Մեկ տարի նա ազատ կլինի իր տան մեջ և կուրախացնի իր առած կնոջը։

6. Ոչ ոք գրավ չվերցնի աղորիքը կամ նրա վերևի երկանաքարը, որովհետև դա նշանակում է գրավ վերցնել դրա տիրոջ կյանքը։

7. Եթե գտնվի մեկը, որ իր եղբայրներից, այսինքն՝ Իսրայելի որդիներից մեկին գողանալով՝ նրան իր ստրուկը դարձրած կամ վաճառած լինի, ապա այդ գողը թող մահվամբ պատժվի։ Այդպիսով չարությունը կվերացնես քո միջից։

8. Զգուշացե՛ք բորոտության ախտից, հետամո՛ւտ եղեք, որ կատարեք այն ամենը, ինչ ձեզ կսովորեցնեն ղևտացի քահանաները. զգո՛ւյշ եղեք, որ անեք այնպես, ինչպես որ ես պատվիրել եմ նրանց։

9. Հիշի՛ր, թե քո Տեր Աստվածը Մարիամին ինչ արեց ճանապարհին, երբ դուրս եկաք Եգիպտոսից։

10. Երբ քո մերձավորին փոխ տաս որևէ բան, նրա տունը չմտնես գրավը վերցնելու համար։

11. Կկանգնես դրսում, և փոխ առնող մարդն ինքը գրավը դուրս կբերի քեզ մոտ։

12. Եթե նա աղքատ մարդ է, նրանից գրավ առած հագուստով չպառկես.

13. արեգակի մայր մտնելու ժամանակ անպատճառ կվերադարձնես նրա գրավը, որպեսզի նա իր զգեստով պառկի և օրհնի քեզ. դա քեզ համար արդարություն կհամարվի քո Տեր Աստծու առջև։

14. Աղքատ և կարիքավոր վարձկանին չզրկես, լինի քո եղբայրներից մեկը կամ քո երկրում, քո քաղաքում գտնվող օտարականներից։

15. Նույն օրը՝ արեգակը դեռ մայր չմտած, կհատուցես նրա վարձը, որովհետև նա աղքատ է և սրտանց սպասում է դրան։ Չլինի թե նա քո մասին բողոքի Տիրոջը, և դու մեղքի տեր դառնաս։

16. Հայրերին չպետք է մեռցնել որդիների պատճառով, ոչ էլ որդիներին պետք է մեռցնել հայրերի փոխարեն. պետք է մեռցնել յուրաքանչյուրին իր հանցանքի համար։

17. Օտարականի և որբի իրավունքը չոտնահարես և որբևայրու հագուստը գրավ չվերցնես։

18. Հիշի՛ր, որ ստրուկ էիր Եգիպտոսի երկրում, և քո Տեր Աստվածը քեզ ազատեց այնտեղից։ Դրա համար էլ պատվիրում եմ քեզ, որ կատարես այս բանը։

19. Երբ քո արտում հնձես քո հունձը և այնտեղ մոռանաս մի խուրձ, չվերադառնաս այն վերցնելու համար. դա թող լինի օտարականին, որբին և որբևայրուն, որպեսզի քո Տեր Աստվածն օրհնի քեզ քո ձեռնարկած բոլոր գործերում։

20. Երբ թափ տաս քո ձիթենին, դրանից հետո մեկիկ-մեկիկ չքաղես ճյուղերի վրա մնացած պտուղները. դրանք թող լինեն օտարականին, որբին և որբևայրուն։

21. Երբ քաղես քո այգու խաղողները, հետո ճռաքաղ չանես. դա թող լինի օտարականին, որբին և որբևայրուն։

22. Հիշի՛ր, որ դու ստրուկ էիր Եգիպտոսի երկրում։ Դրա համար էլ պատվիրում եմ քեզ, որ կատարես այս բանը»։

Բ ՕՐԵՆՔ 25

1. «Երբ մարդկանց միջև վեճ առաջանա, դատարան թող գնան, և դատավորները դատեն նրանց. արդարին արդարացնեն, իսկ հանցավորին դատապարտեն։

2. Եթե հանցավորը ծեծի է արժանի, դատավորը գետին պառկեցնել տա նրան և իր ներկայությամբ նրա հանցանքի ծանրության համեմատական թվով հարվածել տա։

3. Քառասուն հարվածից ավելի չպետք է խփել տա. միգուցե դրանից ավելի հարվածներ ստանալով՝ քո եղբայրն անարգվի քո աչքի առաջ։

4. Կալում աշխատող եզան դունչը չկապես։

5. Երբ եղբայրները միասին բնակվեն, և նրանցից մեկը մեռնի առանց զավակ ունենալու, մեռնողի կինը դրսում օտար մարդու հետ չպիտի ամուսնանա։ Նրա տագրը պիտի մոտենա նրան, կնության առնի և կատարի տագրության պարտականությունը նրա հանդեպ։

6. Առաջին զավակը, որ նա կծնի, կկրի մահացած եղբոր անունը, որպեսզի նրա անունն Իսրայելից չջնջվի։

7. Իսկ եթե այդ մարդը չուզենա ամուսնանալ իր հարսի հետ, այն ժամանակ նրա հարսը թող դուրս գա քաղաքի դարպասի մոտ, ծերերի առջև և ասի նրանց. “Իմ տագրը հրաժարվում է Իսրայելում իր եղբոր անունը հաստատելուց. նա չի ուզում տագրության պարտականությունը հատուցել ինձ”։

8. Այն ժամանակ իր քաղաքի ծերերը թող կանչեն մահացածի եղբորը և խոսեն նրա հետ։ Եթե նա կանգնի ու ասի՝ “Չեմ ուզում ամուսնանալ նրա հետ”,

9. այն ժամանակ հարսը կմոտենա նրան, ծերերի առաջ, նրա ոտքից կհանի կոշիկը, կթքի նրա երեսին և պատասխան տալով՝ կասի. “Այսպես թող արվի այն մարդուն, որը չի վերականգնում իր եղբոր տունը”։

10. Նրա անունն Իսրայելում “Կոշկահան արված մարդու տունը” կլինի։

11. Երբ երկու մարդ կռվեն միմյանց հետ, և նրանցից մեկի կինը մոտենա ազատելու իր ամուսնուն նրան հարվածողի ձեռքից ու իր ձեռքը մեկնելով՝ բռնի նրա ամորձիներից,

12. այն ժամանակ պետք է կտրես նրա ձեռքը և բնավ չպիտի խղճաս։

13. Տոպրակիդ մեջ տեսակ-տեսակ կշռաքարեր չլինեն՝ մեծ ու փոքրիկ։

14. Քո տանը տեսակ-տեսակ չափսեր* չլինեն՝ մեծ ու փոքր։

15. Քո կշեռքի քարը ճշգրիտ և արդար լինի, արդուդ ճշգրիտ և արդար լինի, որպեսզի կյանքիդ օրերը երկար լինեն այն երկրում, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ,

16. որովհետև քո Տեր Աստծու առաջ պիղծ է բոլոր այս բաներն անողը, ամեն անիրավություն անողը։

17. Հիշի՛ր, թե ինչ արեց քեզ Ամաղեկը ճանապարհին, երբ դուք դուրս էիք եկել Եգիպտոսից,

18. որ ճանապարհին ելավ քո դեմ և առանց Աստծուց վախենալու՝ կոտորեց քո ետևից գնացող բոլոր տկարներին, երբ դու հոգնած ու սպառված էիր։

19. Երբ քո Տեր Աստվածը քո շուրջը գտնվող քո բոլոր թշնամիներից հանգստացնի քեզ այն երկրում, որ քո Տեր Աստվածը քեզ է տալու իբրև ժառանգություն, որպեսզի տիրես նրան, այն ժամանակ կջնջես Ամաղեկի հիշատակը երկնքի տակից. չմոռանաս»։

Բ ՕՐԵՆՔ 26

1. «Երբ մտնես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ իբրև ժառանգություն, ժառանգես այն ու բնակվես այնտեղ,

2. այն ժամանակ կվերցնես այդ երկրի բոլոր պտուղների առաջին բերքից, որը կքաղես քո Տեր Աստծու՝ քեզ տված հողից, կդնես մի զամբյուղի մեջ և կգնաս այն վայրը, որ կընտրի քո Տեր Աստվածը՝ իր անունն այնտեղ դնելու համար։

3. Կգնաս այդ օրերի քահանայի մոտ և կասես. “Այսօր ես քո Տեր Աստծուն հայտնում եմ, որ մտա այն երկիրը, որի համար Տերը երդվել էր մեր հայրերին, որ կտա մեզ”։

4. Քահանան զամբյուղը կվերցնի քո ձեռքից և կդնի քո Տեր Աստծու սեղանի առաջ։

5. Դու, պատասխան տալով, կասես քո Տեր Աստծու առջև. “Իմ հայրը թափառական մի ասորի* էր. նա Եգիպտոս իջավ սակավաթիվ մարդկանցով, պանդուխտ մնաց այնտեղ, բայց դարձավ մեծ, հզոր և բազմամարդ մի ազգ։

6. Եգիպտացիները մեզ չարչարեցին, մեզ նեղեցին և մեզ տաժանակիր աշխատեցրին։

7. Մենք աղաղակեցինք դեպի մեր հայրերի Տեր Աստվածը. Տերը լսեց մեր ձայնը, տեսավ մեր նեղությունը, հոգնությունն ու մեր զրկանքը։

8. Տերը մեզ հանեց Եգիպտոսից հզոր ձեռքով և բարձր բազկով, սարսափազդու արարքներով, նշաններով ու հրաշքներով։

9. Եվ մեզ բերեց այս վայրն ու մեզ տվեց այս երկիրը, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում։

10. Արդ, ահա բերում եմ ինձ տված քո երկրի պտուղների երախայրիքը, ո՛վ Տեր”։ Դու, դրանք քո Տեր Աստծու առաջ դնելով, երկրպագություն կանես քո Տեր Աստծու առջև։

11. Եվ քո Տեր Աստծու քեզ և քո ընտանիքին տված բոլոր բարիքների համար կուրախանաք դու, ղևտացին և ձեր մեջ գտնվող օտարականը։

12. Երբ երրորդ տարում՝ տասանորդի տարում, քո արդյունքների բոլոր տասանորդները տաս վերջացնես և այն տաս ղևտացուն, օտարականին, որբին ու որբևայրուն, և նրանք քո քաղաքներում ուտեն ու հագենան,

13. այն ժամանակ քո Տեր Աստծու առջև կասես. “Ինչ որ սրբագործված էր, ամբողջությամբ հանեցի իմ տնից և ըստ ինձ պատվիրած քո բոլոր հրամանների՝ տվեցի ղևտացուն, օտարականին, որբին ու որբևայրուն։ Քո պատվիրանները զանց չարեցի և չմոռացա։

14. Իմ սգո օրերին դրանից չկերա և անմաքուր բանի չգործածեցի, դրանից չտվեցի մեռելի համար. իմ Տեր Աստծու խոսքը լսեցի և արեցի բոլորը, որ պատվիրել էիր ինձ։

15. Նայի՛ր երկնքից՝ քո սուրբ բնակարանից, և օրհնի՛ր քո Իսրայել ժողովրդին ու այն երկիրը, որ տվեցիր մեզ, ինչպես որ երդվել էիր մեր հայրերին, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում”։

16. Այսօր քո Տեր Աստվածը պատվիրում է քեզ, որ կատարես այս բոլոր կանոններն ու օրենքները. դրանք կպահես և կգործադրես քո ամբողջ սրտով ու ամբողջ հոգով։

17. Դու այսօր խոսք ես տալիս Տիրոջը, որ նա կլինի քո Աստվածը, որ դու կգնաս նրա ճանապարհներով, կպահես նրա կանոնները, պատվիրաններն ու հրամանները և կհնազանդվես նրա ձայնին։

18. Տերն էլ այսօր քեզ խոսք է տալիս, որ դու կլինես նրա սեփական ժողովուրդը, ինչպես ասել է քեզ, եթե պահես նրա բոլոր պատվիրանները։

19. Նա իր ստեղծած բոլոր ազգերից գերիվեր կդարձնի քեզ մեծավայելչությամբ, համբավով ու փառքով, որպեսզի սուրբ ժողովուրդ լինես քո Տեր Աստծու համար, ինչպես որ ասել է»։

Բ ՕՐԵՆՔ 27

1. Մովսեսը Իսրայելի ծերերի հետ պատվիրեց ժողովրդին՝ ասելով. «Պահե՛ք բոլոր այն պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ։

2. Այն օրը, երբ անցնես Հորդանան գետը և մտնես քո Տեր Աստծու՝ քեզ տված երկիրը, քեզ համար մեծամեծ քարեր կկանգնեցնես և դրանք կծեփես կրով։

3. Դրանց վրա կգրես այս օրենքի բոլոր խոսքերը, երբ անցնես Հորդանան գետն ու մտնես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում, ինչպես քեզ ասել է քո հայրերի Տեր Աստվածը։

4. Ուրեմն երբ Հորդանան գետն անցնես, ինչպես այսօր պատվիրեցի քեզ, այն քարերը կկանգնեցնես Գեբաղ լեռան վրա և դրանք կծեփես կրով։

5. Այնտեղ քո Տեր Աստծու համար քարե մի զոհասեղան կշինես. նրանց վրա երկաթ չբարձրացնես։

6. Չհղկված քարերով կշինես քո Տեր Աստծու զոհասեղանը և դրա վրա ողջակեզներ կմատուցես քո Տեր Աստծուն։

7. Խաղաղության զոհեր կմատուցես և այնտեղ կուտես ու կուրախանաս քո Տեր Աստծու առաջ։

8. Այդ քարերի վրա դու կգրես այս օրենքի բոլոր խոսքերը՝ լավ փորագրված»։

9. Մովսեսն ու ղևտացի քահանաները խոսեցին ամբողջ Իսրայելի հետ՝ ասելով. «Լո՛ւռ մնա և լսի՛ր, ո՛վ Իսրայել։ Դու այսօր քո Տեր Աստծու ժողովուրդը եղար։

10. Ուրեմն հնազանդվի՛ր քո Տեր Աստծու ձայնին և կատարի՛ր նրա պատվիրաններն ու կանոնները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ»։

11. Նույն օրը Մովսեսը ժողովրդին պատվիրեց՝ ասելով.

12. «Երբ Հորդանան գետն անցնեք, սրանք՝ Շմավոնը, Ղևին, Հուդան, Իսաքարը, Հովսեփն ու Բենիամինը, կկանգնեն Գարիզին լեռան վրա՝ ժողովրդին օրհնելու համար։

13. Իսկ սրանք՝ Ռուբենը, Գադը, Ասերը, Զաբուղոնը, Դանը և Նեփթաղիմը, կկանգնեն Գեբաղ լեռան վրա՝ անիծելու համար։

14. Ղևտացիները կխոսեն և բարձր ձայնով կասեն Իսրայելի բոլոր մարդկանց.

15. “Անիծյալ լինի այն մարդը, որ կոփածո կամ ձուլածո կուռք կշինի Տիրոջ առաջ, պիղծ արհեստավորի ձեռքի գործ, և այն կդնի մի ծածուկ տեղ”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող պատասխանի ու ասի՝ ամեն։

16. “Անիծյալ լինի իր հորը կամ մորը անարգողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

17. “Անիծյալ լինի իր հարևանի սահմանը փոխողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

18. “Անիծյալ լինի կույրին ճանապարհից մոլորեցնողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

19. “Անիծյալ լինի պանդուխտի, որբի ու որբևայրու իրավունքը ոտնահարողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

20. “Անիծյալ լինի իր հոր կնոջ հետ պառկողը, որովհետև նա բաց է անում իր հոր քղանցքը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

21. “Անիծյալ լինի որևէ անասունի հետ պառկողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

22. “Անիծյալ լինի իր հոր կամ իր մոր աղջիկը եղող իր քրոջ հետ պառկողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

23. “Անիծյալ լինի իր զոքանչի հետ պառկողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

24. “Անիծյալ լինի իր հարևանին գաղտնաբար սպանողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

25. “Անիծյալ լինի նա, ով կաշառք է վերցնում անմեղ մարդ սպանելու համար”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

26. “Անիծյալ լինի նա, ով չի պահում այս օրենքի բոլոր խոսքերը, որպեսզի կատարի դրանք”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն»։

Բ ՕՐԵՆՔ 28

1. «Եթե ուշադրությամբ հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին, որպեսզի զգուշությամբ կատարես նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, ապա քո Տեր Աստվածն էլ քեզ երկրի բոլոր ազգերից բարձր կդասի։

2. Այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան ու կհասնեն քեզ, եթե հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին։

3. Դու օրհնյալ կլինես քաղաքում և օրհնյալ՝ դաշտում։

4. Օրհնյալ կլինեն քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո անասունների պտուղը, քո կովերի ծնունդը և քո ոչխարների հոտերը։

5. Օրհնյալ կլինեն քո կողովը և քո խմորի տաշտը։

6. Օրհնյալ կլինես դու մտնելիս և օրհնյալ կլինես դուրս ելնելիս։

7. Տերը քո առջև կոտորել կտա քեզ վրա հարձակվող քո թշնամիներին. նրանք դուրս կգան քո դեմ մեկ ճանապարհով, բայց յոթ ճանապարհով կփախչեն քո առաջից։

8. Տերն օրհնությունը կուղարկի քեզ քո շտեմարաններում և քո բոլոր ձեռնարկումներում։ Նա քեզ կօրհնի քո Տեր Աստծու՝ քեզ տված երկրում։

9. Եթե քո Տեր Աստծու հրամանները պահես և գնաս նրա ճանապարհներով, Տերը քեզ իր համար սուրբ ժողովուրդ կհաստատի, ինչպես որ երդվել է քեզ։

10. Եվ երկրի բոլոր ժողովուրդները կտեսնեն, որ Տիրոջ անունը կոչված է քեզ վրա, ու կվախենան քեզանից։

11. Տերն առատություն կտա քեզ քո բարության համար՝ բազմացնելով քո որովայնի պտուղը, քո անասունների պտուղը և քո հողի պտուղն այն երկրում, որ Տերը երդվել է քո հայրերին՝ քեզ տալու համար։

12. Տերն իր բարության գանձը, այսինքն՝ երկինքը կբացի քեզ համար, որպեսզի իր ժամանակին անձրև տա քո երկրին և օրհնի քո ձեռքի բոլոր գործերը. դու փոխ կտաս շատ ազգերի, բայց ինքդ փոխ չես առնի։

13. Տերը քեզ կդարձնի գլուխ և ոչ թե պոչ. դու միշտ վերևում կլինես և ներքևում չես լինի, եթե հնազանդվես քո Տեր Աստծու պատվիրաններին, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ, որ պահես ու կատարես

14. և աջ կամ ձախ չշեղվես այն բոլոր խոսքերից, որոնք այսօր պատվիրում եմ քեզ, չգնաս օտար աստվածների ետևից՝ ծառայելու համար նրանց։

15. Բայց եթե չհնազանդվես քո Տեր Աստծու խոսքին և չպահես ու չկատարես նրա բոլոր պատվիրաններն ու կանոնները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ, ապա այս բոլոր անեծքները կգան քեզ վրա, կհասնեն քեզ։

16. Անիծյալ կլինես դու քաղաքում և անիծյալ՝ դաշտում։

17. Անիծյալ կլինեն քո կողովն ու քո խմորի տաշտը,

18. անիծյալ՝ քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո կովերի ծնունդներն ու ոչխարների հոտերը։

19. Անիծյալ կլինես դու մտնելիս և անիծյալ՝ դուրս ելնելիս։

20. Տերն անեծք, տառապանք և հանդիմանություն կուղարկի քո դեմ քո ձեռնարկած և արած բոլոր գործերում, մինչև որ բնաջինջ լինես և իսկույն կորչես քո չար գործերի համար, որ լքեցիր ինձ։

21. Տերը ժանտախտ կկպցնի քեզ, մինչև որ քեզ վերացնի այն երկրից, ուր որ դու մտնելու ես այն ժառանգելու։

22. Տերը քեզ կհարվածի հյուծախտով, հրատագնապ տենդով, ջերմով և այրող տաքությամբ, երաշտով, խորշակահարությամբ և բույսերի դալկությամբ, որոնք կհալածեն քեզ, մինչև որ կորչես։

23. Քո գլխի վրայի երկինքը պղնձի կվերածվի, իսկ քո տակի երկիրը՝ երկաթի։

24. Տերն անձրևի փոխարեն հող ու փոշի կտա քո երկրին, որոնք երկնքից կթափվեն քեզ վրա, մինչև որ բնաջինջ լինես։

25. Տերը կոտորել կտա քեզ քո թշնամիների առաջ. դու նրանց դեմ կելնես մեկ ճանապարհով, բայց յոթ ճանապարհով կփախչես նրանց առաջից և երկրի բոլոր թագավորությունների մեջ թափառական կլինես։

26. Քո մարմինը կերակուր կլինի երկնքի բոլոր թռչուններին և երկրի գազաններին, և դրանց քշող չի լինի։

27. Տերը քեզ կհարվածի եգիպտական պալարներով, թանչով, քոսով, գոնջությամբ, որպեսզի չկարողանաս բուժվել դրանցից։

28. Տերը քեզ կհարվածի խելագարությամբ, կուրությամբ և սրտադողով։

29. Օրը ցերեկով դու կխարխափես, ինչպես կույրն է խարխափում խավարի մեջ, և հաջողություն չես ունենա քո ճանապարհներին։ Միշտ զրկված ու կողոպտված կլինես, և ազատող չի լինի։

30. Դու մի կնոջ հետ կնշանվես, բայց ուրիշը կպառկի նրա հետ, տուն կշինես, բայց նրա մեջ չես բնակվի, այգի կտնկես, բայց նրա խաղողը չես հավաքի։

31. Եզդ կմորթվի քո աչքի առաջ, բայց դու չես ուտի դրանից։ Էշդ կհափշտակվի քո առաջից և հետ չի տրվի քեզ։ Հոտերդ կմատնվեն քո թշնամիներին, և քեզ համար ազատող չի լինի։

32. Քո տղաներն ու աղջիկները ուրիշ ժողովրդի կտրվեն, և քո աչքերը կտեսնեն ու ամբողջ օրը կնվաղեն նրանց համար, բայց քո ձեռքում ուժ չի լինի։

33. Մի ժողովուրդ, որին դու չես ճանաչում, կուտի քո երկրի բերքն ու քո ամբողջ վաստակը, և դու ամեն օր միայն զրկված ու ճնշված կլինես։

34. Եվ կխելագարվես քո աչքերի տեսածից։

35. Տերը քո ծնկներն ու սրունքները, ոտքերիդ թաթերից մինչև գլխիդ գագաթը կհարվածի չարորակ պալարներով, որ չկարողանաս բուժվել։

36. Տերը քեզ և քեզ վրա քո դրած թագավորին կտանի այն ազգին, որին ո՛չ դու, ո՛չ քո հայրերն էին ճանաչում, և այնտեղ դու կծառայես օտար՝ փայտե ու քարե աստվածների։

37. Դու զարմանքի, առակի և ծաղրուծանակի առարկա կդառնաս այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնց մոտ կտանի քեզ Տերը։

38. Շատ սերմ կտանես քո արտը, բայց քիչ բերք կհավաքես, որովհետև մորեխները պիտի ուտեն այն։

39. Այգիներ կտնկես ու կմշակես, բայց գինին չես խմի և խաղողը չես հավաքի, որովհետև որդերը պիտի ուտեն այն։

40. Ձիթենիներ կունենաս քո բոլոր սահմաններում, բայց յուղով չես օծվի, որովհետև քո ձիթապտուղները պիտի թափվեն։

41. Տղաներ ու աղջիկներ կծնես, բայց նրանք քոնը չեն լինի, այլ գերության կգնան։

42. Քո բոլոր ծառերն ու քո հողի բերքը մանր մարախները կոչնչացնեն։

43. Քո մեջ բնակվող օտարականը քեզանից գերազանց կլինի և քեզանից ավելի կբարձրանա, իսկ դու ավելի ցած կիջնես։

44. Նա քեզ փոխ կտա, բայց դու նրան փոխ չես տա. նա գլուխ կլինի, իսկ դու պոչ կլինես։

45. Այս բոլոր անեծքները քեզ վրա կգան, կհալածեն քեզ և կհասնեն քեզ, մինչև որ բնաջինջ լինես, որովհետև չլսեցիր քո Տեր Աստծու խոսքը, որպեսզի պահեիր քեզ հրամայած պատվիրաններն ու կանոնները։

46. Դրանք քեզ վրա և քո սերնդի վրա հավիտյան նշաններ ու հրաշքներ կլինեն։

47. Քանի որ դու ուրախությամբ և հոժար սրտով չծառայեցիր քո Տեր Աստծուն ամեն բանի առատության համար,

48. դրա համար էլ սովի, ծարավի, մերկության և ամեն տեսակ կարիքի մեջ դու կծառայես քո թշնամիներին, որ Տերը կուղարկի քո դեմ։ Նա երկաթե լուծ կդնի քո պարանոցին, մինչև որ բնաջինջ անի քեզ։

49. Տերը հեռվից՝ երկրի ծայրից, արծվի թռիչքի նման քեզ վրա մի ազգ կհանի, մի ազգ, որի լեզուն դու չես հասկանա,

50. մի խստադեմ ազգ, որ ծերերին չի հարգի և երեխաներին չի խղճա։

51. Նա կուտի քո անասունների պտուղը և քո երկրի պտուղը, մինչև որ դու բնաջինջ լինես։ Նա քեզ չի թողնի ո՛չ ցորեն, ո՛չ գինի, ո՛չ յուղ, կխլի քո կովերի ծնունդներն ու քո ոչխարների հոտերը, մինչև որ բնաջինջ անի քեզ։

52. Քեզ կպաշարի քո բոլոր քաղաքներում, մինչև որ կործանվեն քո բարձր և ամուր պարիսպները, որոնց դու ապավինում ես քո ամբողջ երկրում. քեզ կպաշարի քո բոլոր քաղաքներում, քո ամբողջ երկրում, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ։

53. Քո պաշարման ժամանակ և քո թշնամու քեզ պատճառած նեղության ժամանակ դու կուտես քո որովայնի ծնունդները՝ քո Տեր Աստծու քեզ տված քո տղաների և աղջիկների միսը։

54. Քո մեջ գտնվող քնքուշ և շատ փափկասուն տղամարդը չար աչքով պիտի նայի իր եղբորը, իր ծոցում պառկող կնոջն ու ողջ թողած իր որդիներին,

55. որպեսզի նրանցից ոչ մեկին չտա իր կերած որդիների մսից, որովհետև պաշարման ժամանակ և քո բոլոր քաղաքներում քո թշնամու քեզ պատճառած նեղության ժամանակ ուտելու ոչ մի բան չի մնալու նրան։

56. Քո մեջ գտնվող քնքուշ և փափկասուն կինը, որն իր քնքշության ու փափկության պատճառով սովոր չէր ոտքը գետնի վրա դնելու, ծուռ աչքով պիտի նայի իր ծոցում պառկող ամուսնուն, իր տղային, իր աղջկան,

57. իր ոտքերի արանքից դուրս եկած ընկերքին ու իր ծնած զավակներին, որովհետև պաշարման ժամանակ և քո քաղաքներում քո թշնամիների քեզ պատճառած նեղության ժամանակ ամեն ինչի պակասության պատճառով ծածկաբար պիտի ուտի նրանց։

58. Եթե զգուշությամբ չկատարես այս օրենքի բոլոր խոսքերը, որոնք գրված են այս գրքում, որ վախենաս այն պատվական և ահավոր անունից՝ ՏԻՐՈՋԻՑ՝ ՔՈ ԱՍՏԾՈՒՑ,

59. ապա Տերն էլ անսովոր հարվածներով, մեծ և երկարատև հարվածներով, չարաղետ և տևական հիվանդություններով կպատուհասի քեզ և քո սերնդին։

60. Նա քեզ վրա կբերի Եգիպտոսի բոլոր հիվանդությունները, որոնցից դու վախենում ես, և դրանք կկպչեն քեզ։

61. Տերը քեզ վրա կբերի նաև ամեն տեսակ հիվանդություն ու հարված, որ գրված չեն օրենքների այս գրքում, մինչև որ դու բնաջինջ լինես։

62. Դուք, որ երկնքի աստղերի չափ շատ էիք, սակավաթիվ կմնաք, որովհետև չլսեցիք ձեր Տեր Աստծու խոսքը։

63. Եվ ինչպես որ Տերն ուրախացավ՝ ձեզ բարություն անելով և ձեզ բազմացնելով, այնպես էլ Տերը կուրախանա՝ ձեզ կորստյան մատնելով ու բնաջինջ անելով, և դուք կվերանաք այն երկրի երեսից, ուր այժմ գնում եք՝ այն ժառանգելու։

64. Տերը քեզ կգցի բոլոր ազգերի մեջ՝ երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, և դու այնտեղ կծառայես օտար՝ փայտե և քարե աստվածների, որոնց չէիք ճանաչել ո՛չ դու, ո՛չ էլ քո հայրերը։

65. Այդ ազգերի մեջ հանգստություն չես գտնի և քո ոտքի թաթերը հանգչեցնելու տեղ չես ունենա. այնտեղ Տերը քեզ կտա տագնապող սիրտ, աչքերի նվաղում և հոգու տրտմություն։

66. Կյանքդ քո առաջ կախված կլինի, գիշեր-ցերեկ ահուդողի կմատնվես և կյանքումդ ապահով չես լինի։

67. Քո սրտի ահուդողից և քո աչքերի տեսած բաներից առավոտյան կասես. “Երանի՜ թե երեկո լիներ”, իսկ երեկոյան կասես. “Երանի՜ թե առավոտ լիներ”։

68. Տերը նավերով քեզ կվերադարձնի Եգիպտոս այն ճանապարհով, որի մասին քեզ ասացի, թե՝ “Այլևս այն չես տեսնի”։ Այնտեղ դուք իբրև ստրուկներ և աղախիններ կծախվեք ձեր թշնամիներին, բայց ձեզ գնող չի լինի»։

Բ ՕՐԵՆՔ 29

1. Սրանք են այն ուխտի խոսքերը, որ Տերը հրամայեց Մովսեսին անել Իսրայելի որդիների հետ մովաբացիների երկրում, բացի այն ուխտից, որ արել էր նրանց հետ Քորեբի վրա։

2. Մովսեսը կանչեց բոլոր իսրայելացիներին և ասաց նրանց. «Դուք տեսաք այն ամենը, ինչ ձեր աչքերի առաջ արեց Տերը Եգիպտոսի երկրում փարավոնին, նրա բոլոր ծառաներին ու նրա ամբողջ երկրին,

3. այսինքն՝ այն մեծ փորձությունները, որ քո աչքերը տեսան, այն նշաններն ու մեծ հրաշքները։

4. Տերը մինչև այսօր ձեզ չտվեց մի այնպիսի միտք*, որ իմանաք, աչքեր, որ տեսնեք, և ականջներ, որ լսեք։

5. Քառասուն տարի ես ձեզ ման ածեցի անապատում. ձեր հագուստները չհնացան ձեզ վրա, և ձեր ոտքերի կոշիկները չմաշվեցին.

6. հաց չկերաք և գինի ու օղի չխմեցիք, որպեսզի գիտենաք, թե ես եմ ձեր Տեր Աստվածը։

7. Երբ այստեղ եկաք, Եսեբոնի Սեհոն թագավորը և Բասանի Օգ թագավորը դուրս եկան մեր առաջ՝ պատերազմելու մեր դեմ, և մենք հարվածեցինք նրանց.

8. գրավեցինք նրանց երկիրը և այն որպես ժառանգություն տվեցինք Ռուբենի, Գադի և Մանասեի կես ցեղին։

9. Ուրեմն պահե՛ք այս ուխտի խոսքերը և կատարե՛ք դրանք, որպեսզի հաջողություն ունենաք ձեր բոլոր գործերի մեջ։

10. Այսօր ձեր Տեր Աստծու առջև կանգնած եք դուք բոլորդ՝ ձեր իշխանները, ձեր ցեղապետները, ձեր ծերերը, ձեր հրամանատարները, Իսրայելի բոլոր տղամարդիկ,

11. ձեր զավակներն ու ձեր կանայք, ձեր բանակատեղիում գտնվող օտարականը, ձեր փայտահատից մինչև ձեր ջրկիրը,

12. որպեսզի մտնեք ձեր Տեր Աստծու ուխտի և նրա երդումի մեջ, որ այսօր ձեր Տեր Աստվածը կնքում է ձեզ հետ,

13. որպեսզի քեզ այսօր դարձնի իր ժողովուրդը և հենց ինքը քեզ համար լինի Աստված, ինչպես քեզ ասաց և ինչպես երդվեց քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին։

14. Ես ոչ միայն ձեզ հետ եմ անում այս ուխտն ու այս երդումը,

15. այլև այսօր այստեղ մեզ հետ մեր Տեր Աստծու առջև կանգնողների հետ, նաև նրանց հետ, ովքեր այսօր մեզ հետ այստեղ չեն։

16. Դուք գիտեք, թե ինչպես բնակվեցինք Եգիպտոսի երկրում և թե ինչպես անցանք այն ազգերի միջից, որ դուք անցաք։

17. Դուք տեսաք նրանց գարշելի գործերը և նրանց փայտե, քարե, արծաթե և ոսկե կուռքերը, որ նրանց մոտ էին։

18. Ձեր մեջ թող չգտնվի մի տղամարդ, մի կին, մի ազգատոհմ կամ մի ցեղ, որ իր սիրտն այսօր շեղի մեր Տեր Աստծուց՝ գնալ ծառայելու համար այդ ազգերի աստվածներին։ Ձեր մեջ թող չգտնվի մի արմատ, որ թույն ու դառնություն բերի։

19. Եվ երբ մեկը այս անեծքի խոսքերը լսի և իր սրտում ինքն իրեն օրհնելով՝ ասի. “Ես խաղաղություն կունենամ, եթե իմ սրտի համառությամբ ընթանամ”, որպեսզի իր ծարավին գինովություն ավելացնի,

20. Տերը չի կամենա խնայել նրան, այլ այն ժամանակ կբորբոքվեն Տիրոջ բարկությունն ու նախանձը այդ մարդու վրա, և այս գրքում գրված բոլոր անեծքները կթափվեն նրա գլխին, և Տերը նրա անունը կջնջի երկնքի տակից։

21. Տերը նրան կբաժանի Իսրայելի բոլոր ցեղերից՝ չարիքի համար այս օրենքի գրքում գրված ուխտի բոլոր անեծքների համեմատ։

22. Հետագա սերունդները, այսինքն՝ ձեզանից հետո ծնվող ձեր զավակները, և հեռավոր երկրից եկող օտարականը, կտեսնեն այն հարվածներն ու նեղությունները, որոնցով Տերը պիտի նեղի այդ երկիրը.

23. ծծումբ, աղ և այրվածք կլինի նրա ամբողջ երկրում, որտեղ ոչ մի բան չի ցանվի, ոչ մի բան չի բուսնի, և ոչ մի խոտ չի բարձրանա ավերված Սոդոմի, Գոմորի, Ադմայի և Սեբոյիմի պես, որոնք Տերը կործանեց իր բարկությամբ և սրտմտությամբ։

24. Եվ բոլոր ազգերը կասեն. “Ինչո՞ւ Տերն այսպես վարվեց այս երկրի հետ, ի՞նչն է այս մեծ սրտմտության և բարկության պատճառը”։

25. Եվ կասեն. “Որովհետև նրանք դրժեցին իրենց հայրերի Տեր Աստծու ուխտը, որ նա արել էր Եգիպտոսի երկրից նրանց դուրս հանելու ժամանակ.

26. նրանք գնացին ծառայեցին ուրիշ աստվածների և երկրպագեցին դրանց, աստվածներ, որոնց բնավ չէին ճանաչել, և Տերը դրանք չէր սահմանել նրանց համար։

27. Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց այդ երկրի դեմ, որպեսզի այս գրքում գրված բոլոր անեծքները թափի նրա վրա։

28. Տերը բարկությամբ, սրտմտությամբ և մեծ զայրույթով նրանց արմատից պոկեց իրենց երկրից և նետեց մի ուրիշ երկիր, ինչպես տեսնում ենք այսօր”։

29. Ծածուկ բաները մեր Տեր Աստծու համար են, իսկ հայտնի բաները՝ մեզ և մեր որդիների համար հավիտյան, որպեսզի կատարենք այս օրենքի բոլոր խոսքերը»։

Բ ՕՐԵՆՔ 30

1. «Երբ քեզ վրա հասնեն այս բոլոր բաները՝ թե՛ օրհնությունը և թե՛ անեծքը, որ դնում եմ քո առաջ, և դրանք մտաբերես այն բոլոր ազգերի մեջ, ուր քո Տեր Աստվածը քշել է քեզ,

2. և եթե դառնաս դեպի քո Տեր Աստվածը, դու և քո որդիները, ու հնազանդվես նրա խոսքին քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով, ինչպես որ ես պատվիրեցի քեզ այսօր,

3. ապա քո Տեր Աստվածն էլ քեզ կվերադարձնի գերությունից, քեզ կողորմի և դարձյալ կհավաքի քեզ այն բոլոր ազգերի միջից, ուր քո Տեր Աստվածը ցրել էր քեզ։

4. Եթե դու մինչև երկնքի ծայրն էլ քշված լինես, քո Տեր Աստվածը քեզ այնտեղից էլ կհավաքի և այնտեղից էլ կվերցնի քեզ։

5. Քո Տեր Աստվածը քեզ կբերի քո հայրերի ժառանգած երկիրը, և դու կժառանգես այն. նա քեզ բարություն կանի և քո հայրերից ավելի կբազմացնի քեզ։

6. Քո Տեր Աստվածը կթլփատի քո սիրտը և քո որդիների սիրտը, որպեսզի քո ամբողջ սրտով ու քո ամբողջ հոգով սիրես քո Տեր Աստծուն, որպեսզի ապրես։

7. Քո Տեր Աստվածը այս բոլոր անեծքները կթափի քո թշնամիների, քեզ ատողների և հալածողների վրա։

8. Իսկ դու դարձյալ կվերադառնաս դեպի Տերն ու կհնազանդվես նրա խոսքին, կկատարես նրա բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ։

9. Քո Տեր Աստվածը կառատացնի քո ձեռքի բոլոր գործերը, քո որովայնի պտուղը, քո անասունների պտուղը և քո երկրի պտուղը, որովհետև Տերը դարձյալ կուրախանա՝ քեզ բարգավաճ անելով, ինչպես որ ուրախացավ քո հայրերի վրա,

10. եթե դու հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին և պահես այս օրենքի գրքում գրված նրա պատվիրաններն ու կանոնները և քո ամբողջ սրտով ու քո ամբողջ հոգով դառնաս դեպի քո Տեր Աստվածը։

11. Որովհետև այս պատվիրանը, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, դժվար չէ քեզ համար և հեռու չէ։

12. Նա երկնքում չէ, որ ասես, թե՝ “Ո՞վ երկինք կելնի մեզ համար և այն կբերի մեզ, որպեսզի լսենք ու կատարենք այն”։

13. Եվ ծովի այն կողմում էլ չէ, որ ասես, թե՝ “Մեզ համար ո՞վ կանցնի ծովի այն կողմը և կբերի մեզ համար, որ լսենք նրան և անենք”։

14. Այդ խոսքը քեզ շատ մոտիկ է, քո բերանում է, քո սրտում, որպեսզի դու այն կատարես։

15. Տե՛ս, ես այսօր քո առջև եմ դնում կյանքն ու բարին, մահն ու չարը.

16. ես այսօր քեզ պատվիրում եմ, որ սիրես քո Տեր Աստծուն, ընթանաս նրա ճանապարհներով, պահես նրա պատվիրանները, նրա կանոններն ու հրամանները, որպեսզի ապրես ու բազմանաս, և քո Տեր Աստվածը քեզ օրհնի այն երկրում, ուր դու գնում ես այն ժառանգելու համար։

17. Բայց եթե քո սիրտը հետ դառնա, և չլսես, այլ մոլորվելով ուրիշ աստվածների երկրպագություն անես ու պաշտես դրանց,

18. ապա ես այսօր ասում եմ ձեզ, որ անպատճառ կկորչեք, երկար կյանք չեք ունենա այն երկրում, ուր դուք, Հորդանան գետն անցնելով, գնում եք այն ժառանգելու համար։

19. Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ. ձեր առջև դրեցի կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը։ Ուրեմն ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրես դու և քո սերունդը,

20. որպեսզի սիրես քո Տեր Աստծուն, հնազանդվես նրա ձայնին, նրան հարես, որովհետև նա է քո կյանքը և քո օրերի երկարությունը, որպեսզի բնակվես այն երկրում, որ Տերը երդվեց քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին, որ կտա նրանց»։

Բ ՕՐԵՆՔ 31

1. Մովսեսը գնաց և այս խոսքերը խոսեց Իսրայելի որդիներին ու նրանց ասաց.

2. «Ես այսօր հարյուր քսան տարեկան եմ, այլևս դուրս ելնելու և ներս մտնելու կարողություն չունեմ։ Տերն ինձ ասաց. “Դու այս Հորդանան գետը չես անցնի”։

3. Քո Տեր Աստվածն ինքը կանցնի քո առաջ, կորստյան կմատնի քո առջևից այս ազգերին, և դու կտիրես նրանց։ Հեսո՛ւն կանցնի քո առաջ, ինչպես ասել է Տերը։

4. Տերն այնպես կվարվի նրանց հետ, ինչպես վարվեց ամորհացիների Սեհոն և Օգ թագավորների ու նրանց երկրի հետ, որոնց բնաջինջ արեց։

5. Տերը նրանց կհանձնի ձեր ձեռքը, և դուք նրանց հետ կվարվեք ըստ այն պատվիրանների, որ ես պատվիրել եմ ձեզ։

6. Զորացե՛ք և քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք նրանցից, որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն է գնում ձեզ հետ. նա ձեզ չի թողնի և ձեզ չի լքի»։

7. Մովսեսը կանչեց Հեսուին ու բոլոր իսրայելացիների առջև ասաց նրան. «Զորացի՛ր և քա՛ջ եղիր, որովհետև դու այս ժողովրդին տանելու ես այն երկիրը, որ Տերը երդվեց նրանց հայրերին, որ կտա նրանց. և դո՛ւ ես նրանց ժառանգություն տալու։

8. Քո առջևից գնացողը նույն ինքը Տերն է. նա քեզ հետ է լինելու, նա քեզ չի թողնի և քեզ չի լքի. մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր»։

9. Մովսեսը գրեց այս օրենքը և տվեց Ղևիի որդի այն քահանաներին, որ Տիրոջ ուխտի տապանակը վեր են առնում, ինչպես նաև Իսրայելի բոլոր ծերերին։

10. Մովսեսը նրանց պատվիրեց՝ ասելով. «Ամեն յոթերորդ տարում՝ թողության տարում, Տաղավարահարաց տոնին,

11. երբ որ ամբողջ Իսրայելը կգա երևալու քո Տեր Աստծու առաջ, նրա ընտրած վայրում, դու կկարդաս այս օրենքը ամբողջ Իսրայելի առջև, որպեսզի լսեն։

12. Հավաքի՛ր ժողովրդին՝ տղամարդկանց, կանանց, երեխաներին և քո քաղաքներում գտնվող օտարականներին, որպեսզի լսեն, սովորեն ձեր Տեր Աստծուց վախենալ և պահեն ու կատարեն այս օրենքի բոլոր խոսքերը։

13. Նրանց զավակները, որոնք դեռ չգիտեն, կլսեն ու կսովորեն ձեր Տեր Աստծուց վախենալ այն բոլոր օրերին, որ կապրեք այն երկրում, որ Հորդանանով անցնում եք այնտեղ՝ այն ժառանգելու»։

14. Տերն ասաց Մովսեսին. «Ահա մոտեցել են քո մահվան օրերը։ Կանչի՛ր Հեսուին, և եկեք ներկայացե՛ք ժողովի վրանում, որպեսզի պատվեր տամ նրան»։ Մովսեսն ու Հեսուն գնացին ներկայացան ժողովի վրանում։

15. Տերն ամպի սյունով երևաց վրանում, և ամպի սյունը կանգնեց վրանի դռանը։

16. Տերն ասաց Մովսեսին. «Ահա դու կննջես քո հայրերի հետ, և այս ժողովուրդը պիտի ելնի և շնություն անի օտար աստվածների հետևից այն երկրում, ուր նա գնում է. նա պիտի լքի ինձ և պիտի բեկանի իր հետ արած իմ ուխտը։

17. Այդ օրը իմ բարկությունը պիտի բորբոքվի նրանց վրա, և ես պիտի լքեմ նրանց ու երեսս ծածկեմ նրանցից. պիտի բնաջնջվեն, բազում չարիքների և նեղությունների պիտի հանդիպեն ու այդ օրը պիտի ասեն. “Մի՞թե մեր Աստվածը մեր մեջ չլինելու պատճառով չէ, որ այս չարիքները հանդիպեցին մեզ”։

18. Ես այդ օրն իմ երեսն ամբողջովին պիտի ծածկեմ նրանց արած բոլոր չարությունների համար, որովհետև դեպի ուրիշ աստվածները դարձան։

19. Հիմա գրե՛ք այս երգը ձեզ համար. այն սովորեցրո՛ւ Իսրայելի որդիներին, դի՛ր նրանց բերանը, որպեսզի այս երգը վկայություն լինի ինձ համար Իսրայելի որդիների մեջ.

20. որովհետև ես նրանց պիտի տանեմ այն երկիրը, ուր կաթ ու մեղր է բխում, և որի համար ես երդում եմ արել նրանց հայրերին։ Նրանք կուտեն, կկշտանան, կգիրանան, ապա ուրիշ աստվածների կդառնան, կծառայեն նրանց, կարհամարհեն ինձ և կբեկանեն իմ ուխտը։

21. Իսկ երբ նրանք հանդիպեն բազում չարիքների և նեղությունների, այս երգը թող վկայություն լինի նրանց առաջ, որովհետև այն չպիտի մոռացվի նրանց զավակների բերանից. քանզի ես գիտեմ, թե նրանք ինչ խորհուրդ են անում այսօր, նախքան ես նրանց կտանեմ այն երկիրը, որ երդումով խոստացել եմ նրանց»։

22. Եվ Մովսեսը նույն օրը գրեց այս երգը և այն սովորեցրեց Իսրայելի որդիներին։

23. Նա Նավեի որդի Հեսուին պատվիրեց և ասաց. «Զորացի՛ր և քա՛ջ եղիր, որովհետև դու պիտի տանես Իսրայելի որդիներին այն երկիրը, որի համար երդում եմ արել նրանց. և ես քեզ հետ կլինեմ»։

24. Երբ Մովսեսն այս օրենքի բոլոր խոսքերը մինչև վերջ գրեց վերջացրեց մի մատյանի մեջ,

25. նա պատվիրեց Տիրոջ ուխտի տապանակը տանող ղևտացիներին՝ ասելով.

26. «Վերցրե՛ք այս օրենքի մատյանը և դրե՛ք ձեր Տեր Աստծու ուխտի տապանակի մոտ, որպեսզի դա այնտեղ վկայություն լինի ձեր դեմ.

27. որովհետև ես գիտեմ ձեր ըմբոստությունն ու կամակորությունը. ահա այսօր, երբ տակավին ես ողջ եմ ու ձեզ հետ, և դուք Տիրոջ դեմ ըմբոստանում եք, ապա որչա՜փ ավելին կանեք իմ մեռնելուց հետո։

28. Հավաքե՛ք իմ առջև ձեր ցեղերի բոլոր ծերերին և ձեր գլխավորներին, որպեսզի ես այս խոսքերը խոսեմ նրանց ականջներին և երկինքն ու երկիրը վկա կանչեմ նրանց առաջ.

29. որովհետև գիտեմ, որ իմ մեռնելուց հետո դուք անպատճառ անօրենություն եք անելու, շեղվելու եք այն ճանապարհից, որ պատվիրել եմ ձեզ, և վերջին օրերին հանդիպելու եք չարիքների։ Որովհետև Տիրոջ առջև չարություն եք անելու և ձեր ձեռքի գործերով բարկացնելու եք նրան»։

30. Եվ Մովսեսն այս երգի խոսքերն Իսրայելի ամբողջ ժողովրդին ասաց մինչև վերջ.

Բ ՕՐԵՆՔ 32

1. - Ակա՛նջ դիր, ո՛վ երկինք, որ խոսեմ.Եվ երկիրը թող լսի իմ բերանի խոսքերը։

2. Անձրևի պես թող կաթի իմ խրատը,Ցողի պես թող իջնի իմ խոսքը,Ինչպես անձրևը՝ կանաչ մարգագետնի վրա,Եվ ինչպես հորդ անձրևներ՝ խոտի վրա,

3. Քանզի ես կանչում եմ Տիրոջ անունը.Պատի՛վ տվեք մեր Աստծուն։

4. Աստծո* գործը կատարյալ է,Քանզի արդար են նրա բոլոր ճանապարհները։Աստված հավատարիմ է և անիրավություն չունի։Արդար և ուղիղ է նա։

5. Անարժան են նրան որդի կոչվելու. իրենցն է արատը։

6. Ա՞յդ է քո արած հատուցումը Տիրոջը,Ո՛վ հիմար և անմիտ ժողովուրդ.Նա չէ՞ քո հայրը, քեզ գնողը,Որ ստեղծեց քեզ ու հաստատեց։

7. Հիշի՛ր հին օրերը,Մտաբերի՛ր անցած դարերի տարիները.Հարցրո՛ւ քո հորը, նա կպատմի քեզ,Հարցրո՛ւ քո ծերերին, նրանք կասեն քեզ։

8. Երբ Բարձրյալը ազգերին ժառանգություն բաժանեցԵվ սփռեց Ադամի որդիներին,Ազգերի սահմանները դրեցԸստ Իսրայելի որդիների թվի.

9. Քանզի Տիրոջ բաժինն իր ժողովուրդն է,Հակոբը նրա ժառանգության վիճակն է։

10. Նրան գտավ ամայի մի երկրում,Վայրի, ոռնացող անապատում.Շրջապատեց նրան, խրատեց նրան,Նրան պահպանեց իր աչքի բիբի պես։

11. Ինչպես արծիվն իր բույնն է քրքրում,Շուռ է գալիս իր ձագերի վրա,Տարածում թևերն իր, վերցնում է նրանցՈւ տանում նրանց իր թևերի վրա,

12. Այնպես Տե՛րը միայն ման ածեց նրան.Նրա հետ օտար աստված չկար։

13. Նրան վեր հանեց երկրի բարձր վայրերը,Որպեսզի ուտի արտերի պտուղը.Ժայռից նրան մեղր ծծել տվեցԵվ ապառաժ քարից՝ յուղ։

14. Կովերի յուղով, մաքիների կաթով,Գառների, Բասանի խոյերի և նոխազների ճարպով,Ընտիր ցորենի ալյուրով կերակրեց նրան.Դու խաղողի արյունը՝ գինի խմեցիր։

15. Եսուրունը գիրացավ և քացի տվեց(Գիրացա՜ր, հաստացա՜ր, յու՜ղ կապեցիր).Եվ լքեց իր արարիչ ԱստծուԵվ արհամարհեց իր փրկության վեմը։

16. Օտար աստվածներով նրա նախանձը գրգռեցին,Գարշելի բաներով բարկացրին նրան։

17. Զոհ մատուցեցին դևերին, որոնք Աստված չեն,Աստվածներին, որոնց չէին ճանաչում,Նոր աստվածեր, որ վերջերս եկան,Որոնցից ձեր հայրերը չվախեցան։

18. Դու լքեցիր քեզ ծնող ՎեմըԵվ մոռացար քեզ ստեղծող Աստծուն։

19. Տերը տեսավ և բարկացավ,Իր որդիներին ու դուստրերին մերժեց

20. Եվ ասաց. «Երեսս ծածկեմ նրանցից,Տեսնեմ նրանց վերջն ի՛նչ կլինի.Քանզի նրանք մի ծուռ ազգ են,Որդիներ, որոնց մեջ հավատ չկա։

21. Նրանք գրգռեցին իմ նախանձը չաստվածով,Զայրացրին ինձ իրենց սնոտի կուռքերով.Ուրեմն ես էլ կգրգռեմ նրանց նախանձը մի անպիտան ժողովրդով,Կբարկացնեմ նրանց անմիտ մի ազգով.

22. Որովհետև իմ բարկությամբ կրակ բոցավառվեցԵվ կայրի մինչև դժոխքի ներքին խորքերը,Կլափի երկիրն ու նրա բերքը,Կբորբոքեցնի լեռների հիմքերը։

23. Նրանց վրա չարիքներ պիտի կուտակեմՈւ իմ նետերն սպառեմ՝ նրանց վրա արձակելով։

24. Նրանք պիտի հյուծվեն սովիցԵվ սպառվեն տենդից ու լեղի ժանտախտից։Գազանների ժանիք կուղարկեմ նրանց վրաԳետնի վրա սողացողների թույնի հետ։

25. Դրսից սուրը, իսկ ներսից երկյուղը անորդի կդարձնի նրանց.Երիտասարդներին և կույս աղջիկներին,Կաթնակերին ալևոր ծերի հետ։

26. Ես ասացի. “Կցրեմ նրանց,Կվերացնեմ նրանց հիշատակը մարդկանց միջից”,

27. Միայն թե թշնամու բարկությունից վախեցա.Միգուցե նրանց հակառակորդներն ուրախանան,Միգուցե ասեն. “Ոչ թե Տերն արեց այս ամենը,Այլ մեր բարձրացած ձեռքը”.

28. Որովհետև նրանք անխորհուրդ մի ազգ են,Եվ նրանց մեջ իմաստություն չկա։

29. Երանի իմաստուն լինեին, հասկանային այս,Մտածեին իրենց վախճանի մասին։

30. Մի մարդ ինչպե՞ս կհալածեր հազարին,Եվ երկու մարդ ինչպե՞ս փախցներ տասը հազարին,Եթե նրանց ապավենը չլքեր նրանց,Եվ Տերը չմատներ նրանց.

31. Որովհետև նրանց ապավենը մեր Ապավենին նման չէ,Եվ մեր թշնամիները թող դատավոր լինեն.

32. Որովհետև Սոդոմի որթատունկից է նրանց որթատունկըԵվ Գոմորի արտից։Նրանց խաղողները թունավոր խաղողներ են,Նրանց ողկույզները դառն են։

33. Նրանց գինին վիշապների թույն էԵվ իժերին սատկեցնող մահադեղն է։

34. Մի՞թե դա չի թաքնված ինձ մոտ,Չի՞ կնքված իմ շտեմարաններում։

35. Իմն է վրեժխնդրությունն ու հատուցումը.Նրանց ոտքը կերերա ժամանակին,Որովհետև մոտ է նրանց կորստյան օրը,Եվ շուտով կգա նրանց համար պատրաստվածը։

36. Եվ որովհետև Տերը իր ժողովրդի դատը պիտի պաշտպանի,Կգթա իր ծառաներին,Որովհետև կտեսնի, որ նրանց զորությունը լքել է իրենց,Եվ չկա կապվածը և ազատը։

37. Նա պիտի ասի. “Ո՞ւր են նրանց աստվածները,Այն ապավենը, որի վրա հույս էին դրել,

38. Որոնք նրանց զոհերի ճարպն ուտում էին,Խմում էին նրանց հեղելու նվերի գինին։Թող վեր կենան և օգնեն ձեզ,Ձեզ պաշտպան կանգնեն։

39. Իմացե՛ք արդ, որ Ես ԵՍ ԵՄ,Ինձնից բացի է՛լ աստված չկա.Ե՛ս եմ մեռցնում և ե՛ս՝ ապրեցնում,Ե՛ս եմ հարվածում և ե՛ս՝ բժշկում,Եվ իմ ձեռքից ազատող չկա.

40. Որովհետև ձեռքս երկինք եմ բարձրացնումԵվ ասում.

41. Երբ իմ փայլատակող սուրը սրեմ,Եվ ձեռքս դատաստանը գործադրի,Իմ թշնամիներից ես վրեժ կլուծեմԵվ ինձ ատողներին կհատուցեմ։

42. Ես իմ նետերն արյամբ կարբեցնեմ,Իմ սուրը միս կուտի,Սպանվածների ու գերիների արյամբ,Թշնամիների իշխանների գլխից*”։

43. Գովաբանե՛ք, ո՛վ ազգեր, նրա ժողովրդին,Որովհետև իր ծառաների արյան վրեժն է առնում,Իր թշնամիներից վրեժ է առնումԵվ քավություն է անում իր ժողովրդի հողի համար»։

44. Մովսեսը եկավ և այս երգի բոլոր խոսքերը խոսեց ժողովրդի ականջներին, Նավեի որդի Հեսուն էլ նրա հետ։

45. Երբ Մովսեսն այս բոլոր խոսքերը ամբողջ Իսրայելի հետ խոսեց վերջացրեց,

46. ասաց նրանց. «Ձեր սրտում պահե՛ք այս բոլոր խոսքերը, որ ես այսօր բերեցի ձեզ համար իբրև վկայություն՝ հաղորդելու դրանք ձեր զավակներին, որպեսզի այս օրենքի բոլոր խոսքերը նրանք պահեն և կատարեն.

47. որովհետև սա դատարկ բան չէ ձեզ համար, այլ ձեր կյանքն է, և սրանով է, որ երկարակյաց կլինեք այն երկրում, որի համար Հորդանան գետով անցնում եք այն ժառանգելու համար»։

48. Տերը նույն օրը, խոսելով Մովսեսի հետ, ասաց.

49. «Բարձրացի՛ր այդ Աբարիմ լեռը՝ Նաբավ լեռը, որ գտնվում է Մովաբի երկրում՝ Երիքովի դիմաց, և տե՛ս Քանանի երկիրը, որը ես տալիս եմ Իսրայելի որդիներին իբրև կալվածք։

50. Եվ մեռի՛ր քո բարձրացած լեռան վրա ու ավելացի՛ր քո ժողովրդին, ինչպես որ քո եղբայր Ահարոնը Հոր լեռան վրա մեռավ ու ավելացավ իր ժողովրդին.

51. որովհետև դուք ինձ անհնազանդ եղաք Իսրայելի որդիների մեջ Հակառակության ջրերի մոտ, Կադեսում՝ Սին անապատում, և չսրբացրիք ինձ Իսրայելի որդիների մեջ։

52. Ուրեմն այդ երկիրը հեռվից կտեսնես, բայց չես մտնի այնտեղ՝ այն երկիրը, որը ես տալու եմ Իսրայելի որդիներին»։

Բ ՕՐԵՆՔ 33

1. Այս է այն օրհնությունը, որով Մովսեսը՝ Աստծու մարդը, օրհնեց Իսրայելի որդիներին իր մեռնելուց առաջ։

2. Նա ասաց.«Տերը եկավ Սինայից,Սեիրից երևաց նրանց,Փայլեց Փառանի լեռիցՈւ եկավ բյուրավոր սրբերով։Իր աջ ձեռքում՝ օրենքի կրակը նրանց համար։

3. Այո՛, նա սիրում է ժողովուրդներին.Նրա բոլոր սրբերը քո ձեռքին են.Նրանք նստում են քո ոտքերի մոտ՝Քո խոսքերն ընդունելու համար։

4. Մովսեսը տվեց մեզ օրենքը,Որը Հակոբի ժողովրդի ամենաարժեքավոր ձեռքբերումն է։

5. Եսուրունի մեջ Տերը թագավոր եղավ.Երբ ժողովրդի գլխավորները հավաքվեցինԻսրայելի ցեղերի հետ միասին։

6. Ռուբենն ապրի ու չմեռնի,Նրա ժողովուրդը բազմաքանակ լինի»։

7. Հուդայի մասին այս ասաց.«Լսի՛ր, ո՛վ Տեր, Հուդայի ձայնըԵվ տա՛ր նրան իր ժողովրդի մոտ.Նրա ձեռքերը բավական են իրեն,Դու օգնակա՛ն եղիր նրա թշնամիների դեմ»։

8. Ղևիի մասին ասաց.«Թումիմդ ու Ուրիմդ քո բարեպաշտ մարդու հետ լինի,Որին դու փորձեցիր ՄասսայումԵվ Մերիբայի ջրերի մոտ դու վիճեցիր նրա հետ։

9. Նա, որ իր հոր ու մոր մասին ասաց.“Ես չտեսա նրանց”։Նա իր եղբայրներին չճանաչեցՈւ իր որդիներին անտեսեց.Որովհետև նրանք հետևեցին քո խոսքինԵվ քո ուխտը պահեցին։

10. Քո հրամանները սովորեցնում են ՀակոբինԵվ քո օրենքը՝ Իսրայելին։Քո առաջ խունկ կմատուցենԵվ քո զոհասեղանի վրա՝ ողջակեզ։

11. Տե՛ր, օրհնի՛ր նրա զորությունը,Ընդունի՛ր նրա ձեռքի գործերը,Փշրի՛ր նրա հակառակորդների մեջքը,Որպեսզի նրան ատողներն այլևս ոտքի չկանգնեն»։

12. Բենիամինի մասին ասաց.«Տիրոջ սիրելին ապահով բնակվի նրա մոտ.Միշտ պաշտպանում է նրանԵվ բնակվում նրա ուսերի միջև»։

13. Հովսեփի մասին ասաց.«Նրա երկիրը Տիրոջից օրհնված լինիԵրկնքի ընտիր պարգևներով, ցողով,Ներքևում գտնվող անդունդների պարգևներով,

14. Արեգակից առաջ եկած ընտիր բերքով,Ամեն ամսի ընտիր արդյունքներով,

15. Հինավուրց սարերի ընտիր պտուղներով,Մշտնջենական բլուրների ընտիր արտադրանքով

16. Եվ երկրի լիառատ, ընտիր արտադրանքով։Մորենու մեջ բնակվողի բարեհաճությամբԹող իջնի Հովսեփի գլխին՝Իր եղբայրների մեջ երևելի եղողի գագաթին։

17. Նա գեղեցիկ է ցուլի առաջնեկի նման,Նրա եղջյուրները նման են միեղջերուի եղջյուրների.Դրանցով նա կհարվածի բոլոր ժողովուրդներինՄինչև երկրի ծայրերը։Սրանք են Եփրեմի բյուրավորներըԵվ Մանասեի հազարավորները»։

18. Զաբուղոնի մասին ասաց.«Ուրախացի՛ր, Զաբուղո՛ն, քո դուրս գալու ժամանակ,Եվ դու, Իսաքա՛ր, քո վրաններում։

19. Ժողովուրդներին լեռն են հրավիրում,Արդարության զոհեր են մատուցում այնտեղ,Որովհետև նրանք պիտի ծծեն ծովերի հարստությունըԵվ ավազի մեջ թաքնված գանձերը»։

20. Գադի մասին ասաց.«Օրհնված է Գադի երկիրն ընդարձակողը.Մատակ առյուծի նման նստել է նաԵվ գիշատում է թևերն ու գլուխը։

21. Նա տեսավ երկրի առաջին մասն իրեն հարմար,Որովհետև այնտեղ որոշվեց իշխանի տված բաժինը.Նա եկավ ժողովրդի գլխավորների հետ,Գործադրեց Տիրոջ արդարություննՈւ նրա հրամաններն Իսրայելի հանդեպ»։

22. Դանի մասին ասաց.«Դանը առյուծի ձագ է.Բասանից է դուրս թռչում»։

23. Նեփթաղիմի մասին ասաց.«Նեփթաղիմը, շնորհով հագեցածԵվ լցված Տիրոջ օրհնությամբ,Պիտի ժառանգի արևմուտքն ու հարավը»։

24. Ասերի մասին ասաց.«Ասերն օրհնված է որդիների մեջ.Նա իր եղբայրներին հաճո լինի,Իր ոտքը թաթախի յուղի մեջ։

25. Քո նիգերը* երկաթե և պղնձե լինեն,Եվ քո ուժը քո օրերի չափ լինի։

26. Եսուրունի Աստծու նմանը չկա.Նա նստած է երկնքում և ամպերի վրա՝ իր մեծ վայելչությամբ,Որպեսզի օգնության հասնի քեզ։

27. Հավիտենական Աստվածն ապավեն է,Դու հավիտենական բազուկների տակ ես.Նա քո առջևից կքշի քո թշնամիներինԵվ կասի՝ ոչնչացրո՛ւ։

28. Իսրայելը կբնակվի ապահով ու առանձին,Հակոբի աղբյուրը՝ առանձինՑորենի ու գինու երկրում,Որի երկնքից ցող կկաթի։

29. Երանի՜ քեզ, Իսրայե՛լ, ո՞վ է քեզ նման,Տիրոջ ձեռքով փրկվա՛ծ ժողովուրդ.Նա՛ է վահանը քո օգնությանԵվ սուրը քո հաղթանակի։Քո թշնամիները պիտի շողոքորթեն քեզ,Եվ դու պիտի կոխոտես նրանց բարձր վայրերը»։

Բ ՕՐԵՆՔ 34

1. Մովսեսը Մովաբի դաշտերից բարձրացավ Նաբավ լեռը՝ Փասգայի գագաթը, որը գտնվում է Երիքովի դիմաց։ Տերը նրան ցույց տվեց Գաղաադի ամբողջ երկիրը մինչև Դան,

2. նաև ամբողջ Նեփթաղիմը, Եփրեմի ու Մանասեի երկիրը և Հուդայի ամբողջ երկիրը մինչև արևմտյան ծովը,

3. հարավային կողմը, Երիքովի հովտի դաշտն ու Արմավենիների քաղաքը մինչև Սեգոր։

4. Տերն ասաց նրան. «Սա է այն երկիրը, որի համար երդվեցի Աբրահամին, Իսահակին և Հակոբին՝ ասելով. “Քո սերնդին եմ տալու դա”։ Ահա քո աչքերով տեսնել տվեցի քեզ, բայց դու այնտեղ չես մտնի»։

5. Եվ Տիրոջ ծառա Մովսեսը վախճանվեց այնտեղ՝ Մովաբի երկրում, Տիրոջ խոսքի համաձայն։

6. Եվ նա նրան թաղեց Մովաբի երկրի ձորում՝ Բեթփեգորի դիմաց, և ոչ մի մարդ չիմացավ նրա գերեզմանի տեղը մինչև այսօր։

7. Մովսեսը հարյուր քսան տարեկան էր, երբ մեռավ. նրա աչքը չէր տկարացել, նրա ուժը չէր սպառվել։

8. Իսրայելի որդիները Մովաբի դաշտերում երեսուն օր լաց եղան Մովսեսի համար, և վերջացան Մովսեսի սգո լացի օրերը։

9. Նավեի որդի Հեսուն լցված էր իմաստության հոգով, որովհետև Մովսեսն իր ձեռքերը դրել էր նրա վրա, և Իսրայելի որդիները լսում էին նրան ու անում այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։

10. Իսրայելում այլևս չեղավ Մովսեսի նման մի մարգարե, որին Տերը ճանաչեր երես առ երես.

11. այն բոլոր նշաններով ու հրաշքներով, որ փարավոնի, նրա բոլոր ծառաների և նրա ամբողջ երկրի դեմ կատարելու համար Տերը Մովսեսին ուղարկեց Եգիպտոսի երկիրը,

12. և իր հզոր ձեռքով ու սարսափազդու բոլոր արարքներով, որ Մովսեսն արեց ամբողջ Իսրայելի աչքի առջև։