Ա
Ս
Տ
Ծ
Ո

Ժ
Ո
Ղ
Ո
Վ
Ո
Ւ
Ր
Դ
.
.
.

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

Աստվածաշունչ (online)

Ընտրել Գիրքը...

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրել Գլուխը...

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

ՈՎՍԵԵ 1

1. Տիրոջ խոսքը, որ հասավ Բեերիի որդի Ովսեեին՝ Հուդայի թագավորների՝ Ոզիայի, Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին և Իսրայելի թագավոր Հովասի որդի Հերոբովամի օրերին։

2. Երբ սկզբում Տերը Ովսեեի հետ խոսեց, Տերն Ովսեեին ասաց. «Գնա՛, քեզ համար պոռնկաբարո մի կին և պոռնկության որդինե՛ր առ, որովհետև երկիրը հույժ պոռնկացել է՝ Տիրոջից հեռանալով»։

3. Եվ նա գնաց ու առավ Դաբելայիմի դուստր Գոմերին։ Նա հղիացավ ու նրա համար մի որդի ծնեց։ Եվ Տերն ասաց.

4. «Նրա անունը Հեզրայե՛լ դիր, որովհետև քիչ ժամանակ անց Հեուի տանը պիտի պատժեմ Հեզրայելի արյան համար և պիտի դադարեցնեմ Իսրայելի տան թագավորությունը։

5. Եվ այդ օրը Իսրայելի աղեղը պիտի կոտրեմ Հեզրայելի հովտում»։

6. Եվ նա դարձյալ հղիացավ և մի աղջիկ ծնեց։ Եվ Տերն ասաց նրան. «Դրա անունը Լո-րուհամա՛* դիր, որովհետև այլևս չեմ ողորմելու Իսրայելի տանը, որ ներեմ նրանց։

7. Բայց Հուդայի տանը ողորմելու եմ և նրանց պետք է փրկեմ իրենց Տեր Աստծով և նրանց չեմ փրկելու աղեղով, ո՛չ սրով ու ո՛չ էլ պատերազմով. ո՛չ ձիերով, ո՛չ էլ ձիավորներով»։

8. Երբ նա կաթից կտրեց Լո-րուհամային, հղիացավ ու մի տղա ծնեց։

9. Տերն ասաց նրան. «Դրա անունը Լո-ամմի՛ դիր*, որովհետև դուք իմ ժողովուրդը չեք, և ես էլ ձեր Աստվածը չեմ լինի։

10. Եվ Իսրայելի որդիների թիվը ծովի ավազի պես պիտի լինի, որ չի չափվում և չի հաշվվում։ Այն վայրում, ուր նրանց ասվեց. “Դուք իմ ժողովուրդը չեք”, նրանց պիտի ասվի. “Կենդանի Աստծու որդիներ”։

11. Եվ Հուդայի որդիներն ու Իսրայելի որդիները պիտի հավաքվեն մեկտեղ և իրենց վրա մի իշխանավոր կարգեն ու դուրս գան երկրից, որովհետև մեծ պիտի լինի Հեզրայելի օրը»։

ՈՎՍԵԵ 2

1. «Ձեր եղբայրներին ասացե՛ք Ամմի* և ձեր քույրերին՝ Րուհամա*։

2. Վիճե՛ք ձեր մոր հետ, վիճե՛ք, որովհետև նա իմ կինը չէ, և ես նրա այրը չեմ։ Թող նա իր դեմքից հեռացնի իր պոռնկությունները և իր շնություններն իր ստինքների մեջտեղից։

3. Որ չլինի թե նրան մերկացնեմ և կարգեմ իր ծնված օրվա պես. նրան անապատ դարձնեմ. նրան անջուր երկիր անեմ և ծարավից մեռցնեմ նրան։

4. Եվ նրա որդիներին չեմ ողորմելու, որովհետև նրանք պոռնկության որդիներ են։

5. Որովհետև նրանց մայրը պոռնկացավ, նրանց հղացողը խայտառակություն գործեց, որովհետև ասաց. “Գնամ իմ սիրեկանների հետևից, որոնք տալիս են իմ հացն ու ջուրը, իմ բուրդն ու քաթանը, իմ յուղն ու ըմպելիքը”։

6. Ուստի ես ահա փշերով պիտի ցանկապատեմ նրա ճանապարհը և պատով պիտի պատեմ, և նա իր ուղիները չի գտնելու։

7. Նա պիտի հետապնդի իր սիրեկաններին, բայց նրանց չի հասնի. նրանց կորոնի, բայց չի գտնի։ Այն ժամանակ կասի. “Հետ դառնամ գնամ իմ նախկին ամուսնու մոտ, որովհետև ինձ համար այն ժամանակն ավելի լավ էր, քան հիմա”։

8. Եվ նա չգիտեր, որ իրեն ես էի տալիս ցորենը, գինին և յուղը և շատացնում նրա արծաթն ու ոսկին, որոնցով նրանք Բահաղ շինեցին։

9. Ուստի ես իր ժամանակին հետ պիտի վերցնեմ իմ ցորենը և իր եղանակին՝ իմ գինին։ Եվ պիտի խլեմ բուրդս ու քաթանս, որոնք նրա մերկությունը ծածկելու համար էին։

10. Եվ հիմա նրա լրբությունն իր սիրեկանների առաջ պիտի բացահայտեմ, և ոչ ոք չի կարող նրան ազատել իմ ձեռքից։

11. Ես պիտի դադարեցնեմ նրա բոլոր ուրախությունները՝ տոնախմբությունները, ամսագլուխներն ու շաբաթները և նրա բոլոր հանդիսավոր տոները։

12. Եվ պիտի ավերեմ նրա որթերը և թզենիները, որոնց մասին ասում էր. “Սրանք իմ վարձն են, որ իմ սիրեկաններն են տվել ինձ”։ Եվ դրանք ես անտառ պիտի դարձնեմ, և դաշտի գազանները պիտի ուտեն դրանք։

13. Եվ նրան պիտի պատժեմ Բահաղների օրերի համար, երբ նա խունկ էր ծխում նրանց և զարդարվում էր օղերով ու զարդերով և իր սիրեկանների հետևից գնում։ Եվ ինձ մոռացել էր»,- ասում է Տերը։

14. «Ուստի ահա ես նրան կհրապուրեմ ու կտանեմ անապատ և կխոսեմ նրա սրտի հետ։

15. Եվ ես այնտեղից իր այգիներն իրեն կտամ և Աքովրի ձորը հույսի դուռ կանեմ, և նա այնտեղ կպատասխանի իր մանկության օրերի պես և Եգիպտոսի երկրից իր դուրս գալու օրվա պես։

16. Այն օրը,- ասում է Տերը,- ինձ “այրս” կկոչես և ինձ այլևս “Բահաղս” չես ասի։

17. Ես Բահաղների անունները կհեռացնեմ նրա բերանից, և նրանք այլևս չպիտի հիշվեն իրենց անուններով։

18. Եվ նրանց համար այն օրը ուխտ պիտի կնքեմ դաշտի գազանների հետ, երկնքի թռչունների հետ և երկրի սողունների հետ։ Աղեղը, սուրը և պատերազմը պիտի վերացնեմ երկրից և նրանց ապահովությամբ պիտի պառկեցնեմ։

19. Եվ քեզ ինձ պիտի նշանեմ հավիտյան, և քեզ ինձ պիտի նշանեմ արդարությամբ և իրավունքով, ողորմությամբ և գթությամբ։

20. Քեզ ինձ պիտի նշանեմ հավատարմությամբ, և դու կճանաչես Տիրոջը։

21. Եվ այն օրը, որ ես կպատասխանեմ,- ասում է Տերը,- կպատասխանեմ երկնքին, և նա կպատասխանի երկրին։

22. Եվ երկիրը կպատասխանի ցորենին, գինուն և յուղին, և նրանք կպատասխանեն Հեզրայելին։

23. Եվ նրան երկրի վրա պիտի սերմանեմ ինձ համար և պիտի ողորմեմ ողորմություն չգտածին և կասեմ նրան, որ իմ ժողովուրդը չէ. “Դու իմ ժողովուրդն ես”, և նա կասի. “Դու ես, ո՛վ իմ Աստված”»։

ՈՎՍԵԵ 3

1. Եվ Տերն ասաց ինձ. «Նորից գնա՛, մի շնացող կնո՛ջ սիրիր՝ ընկերոջից սիրված, ինչպես որ Տերը սիրում է Իսրայելի որդիներին, նույնիսկ երբ նրանք դեպի ուրիշ աստվածներ են դառնում և չամիչով կարկանդակներ են սիրում»։

2. Եվ ես նրան ինձ համար առա տասնհինգ արծաթով և մեկուկես քոռ գարիով։

3. Եվ ասացի նրան. «Շատ օրեր կապրես ինձ հետ, չես պոռնկանա և մարդու չես մոտենա, իսկ ես էլ նույնպես քո նկատմամբ»։

4. Որովհետև Իսրայելի որդիները շատ օրեր պիտի ապրեն առանց թագավորի և առանց իշխանի, առանց զոհի և առանց կոթողի, առանց եփուդի և թերափիմի։*

5. Ապա Իսրայելի որդիները պիտի դառնան և փնտրեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, և իրենց Դավիթ թագավորին, դողալով պիտի մոտենան Տիրոջը և նրա բարությանը՝ վերջին օրերին։

ՈՎՍԵԵ 4

1. Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Իսրայելի որդիներ, որովհետև Տերը վեճ ունի երկրի բնակիչների հետ. որովհետև երկրի մեջ ճշմարտություն չկա, ողորմություն չկա և Աստծու գիտություն չկա։

2. Դուրս են թափվել երդվելն ու ստելը, սպանելն ու գողանալը և պոռնկանալը, և արյուններն արյունների են խառնում։

3. Դրա համար երկիրը սգում է, և նրա բոլոր բնակիչները նվաղել են դաշտի գազանների և երկնքի թռչունների հետ, ծովի ձկներն էլ պիտի վերանան։

4. Սակայն թող ոչ ոք չվիճի և ոչ ոք չհանդիմանի, որովհետև քո ժողովուրդը քահանայի դեմ վեճ հարուցողների պես է։

5. Դու ցերեկը պիտի սայթաքես, և գիշերը քեզ հետ մարգարեն ևս կսայթաքի, և պիտի բնաջնջեմ քո մորը։

6. Իմ ժողովուրդը բնաջնջվեց գիտություն չունենալու պատճառով։ Որովհետև դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ եմ մերժելու իմ քահանայությունից։ Եվ քանի որ դու մոռացար քո Աստծու օրենքը, ես էլ քո որդիներին եմ մոռանալու։

7. Ինչքան բազմացան, այնքան մեղանչեցին իմ դեմ. նրանց փառքը ես անարգության պիտի փոխեմ։

8. Նրանք ուտում են իմ ժողովրդի մեղքը,* և նրանց սիրտը նրա անօրենությունն է ցանկանում։

9. Եվ կլինի ինչպես ժողովրդին, նույնպես և քահանային. և նրանց պիտի պատժեմ իրենց ճանապարհների համեմատ և նրանց արարքների համեմատ պիտի հատուցեմ իրենց։

10. Նրանք կուտեն ու չեն կշտանա, կպոռնկանան ու չեն բազմանա, որովհետև լքել են Տիրոջը։

11. Շնությունը, գինին ու քաղցուն գրավում են միտքը։

12. Իմ ժողովուրդն իր փայտե արձանին է հարցնում, և իր ցուպը պատասխանում է իրեն. որովհետև պոռնկության ոգին մոլորեցրել է, և իրենց Աստծուց հեռանալով՝ պոռնկացան։

13. Սարերի գագաթներին զոհ են մատուցում և բլուրների վրա՝ կաղնու, կաղամախու և բևեկնու տակ, խունկ են ծխում, որովհետև նրանց հովանին դուրեկան է։ Ուստի ձեր դուստրերը պոռնկանում են, և ձեր հարսները շնություն են անում։

14. Ես չեմ պատժի ձեր դուստրերին, երբ նրանք պոռնկանան, ոչ էլ ձեր հարսներին, երբ շնանան, որովհետև իրենք իսկ պոռնիկների հետ են մեկուսանում և նվիրյալ բոզերի հետ զոհ մատուցում, իսկ ժողովուրդը, որ չի հասկանում, պիտի կորչի։

15. Թեև դու պոռնկանում ես, ո՛վ Իսրայել, թող Հուդան հանցավոր չլինի։ Եվ Գաղգաղա մի՛ գնացեք և Բեթավան մի՛ բարձրացեք. երդում մի՛ արեք. «Կենդանի է Տերը»։

16. Որովհետև կամակոր երինջի պես կամակորացել է Իսրայելը. հիմա Տերը մի լայնարձակ տեղում գառների պես պիտի արածեցնի՞ նրանց։

17. Եփրեմը կուռքերին է փարվել, թո՛ղ դրան։

18. Երբ իրենց հարբեցողությունը վերջ է գտնում, շնանալով շնանում են, նրա իշխանավորները սիրով սիրահարվում են ամոթին.

19. քամին նրանց փաթաթել է իր թևերի մեջ, և նրանք պիտի ամաչեն իրենց զոհերից։

ՈՎՍԵԵ 5

1. Լսե՛ք այս, ո՛վ քահանաներ, և ուշադի՛ր եղեք, ո՛վ Իսրայելի տուն, և ակա՛նջ դրեք, ո՛վ թագավորի տուն, որովհետև դատաստանը ձերն է, որովհետև դուք որոգայթ եղաք Մասփայում. տարածված ցանց՝ Թաբորի վրա

2. և խոր փորված փոս՝ Շիթթիմում, բայց ես նրանց բոլորին պիտի պատժեմ։

3. Ես ճանաչում եմ Եփրեմին, և Իսրայելն ինձնից ծածկված չէ. որովհետև, ո՛վ Եփրեմ, դու հիմա պոռնկացար. Իսրայելը պղծված է։

4. Նրանց արարքները թույլ չեն տալիս, որ վերադառնան իրենց Աստծուն, որովհետև նրանցում պոռնկության ոգի կա, և Տիրոջը չեն ճանաչում։

5. Եվ Իսրայելի ամբարտավանությունը վկայում է նրա դեմ. Եփրեմը պիտի սայթաքի իր անօրենությամբ, Հուդան էլ պիտի սայթաքի նրանց հետ։

6. Նրանք իրենց ոչխարներով ու արջառներով պիտի գնան Տիրոջը փնտրելու, բայց չեն գտնելու. նա հեռացել է նրանցից։

7. Նրանք անհավատարմությամբ վարվեցին Տիրոջ հետ, որովհետև օտար որդիներ ծնեցին. հիմա նորալուսինը պիտի ուտի նրանց իրենց հողի տարածքներով հանդերձ։

8. Շեփո՛ր հնչեցրեք Գաբաայում, փող՝ Ռամայում, բարձրաձայն կանչե՛ք Բեթավանում. քո հետևից, ո՛վ Բենիամին։

9. Եփրեմն ամայի պիտի դառնա իր հանդիմանության օրը. Իսրայելի տոհմերի մեջ ստույգը հայտարարում եմ։

10. Հուդայի իշխանավորները սահմանաքարերը տեղափոխողների պես եղան. իմ բարկությունը ջրերի պես նրանց վրա պիտի թափեմ։

11. Եփրեմը հարստահարված և դատաստանով ջախջախված է. որովհետև կամովին հետևեց ունայնությանը*։

12. Բայց ես Եփրեմի համար ցեցի պես եմ և փտության պես՝ Հուդայի տան համար։

13. Երբ Եփրեմը տեսավ իր հիվանդությունը, իսկ Հուդան՝ իր վերքը, Եփրեմը գնաց Ասորեստան և մեծ թագավորի* մոտ մարդ ուղարկեց, բայց նա չի կարող առողջացնել ձեզ կամ բուժել ձեր վերքը։

14. Որովհետև ես առյուծի պես կլինեմ Եփրեմի համար և կորյունի պես՝ Հուդայի տան համար. ե՛ս, ես պիտի բզկտեմ ու գնամ, պիտի տանեմ, և ազատող չի լինելու։

15. Պիտի գնամ, վերադառնամ իմ տեղը, մինչև որ խոստովանեն իրենց հանցանքը և իմ դեմքը փնտրեն։ Երբ նրանք նեղության մեջ լինեն, թախանձանքով ինձ պիտի դիմեն։

ՈՎՍԵԵ 6

1. Եկեք հե՛տ դառնանք Տիրոջը։ Քանի որ նա բզկտեց, բայց նա կբժշկի մեզ. նա զարկեց, նա էլ վիրակապի մեզ։

2. Նա երկու օրից հետո կվերակենդանացնի մեզ, երրորդ օրը նա մեզ կկանգնեցնի, որ մենք ապրենք նրա առաջ։

3. Ճանաչենք և հետամուտ լինենք ճանաչելու Տիրոջը. արշալույսի պես ստույգ է նրա ելքը, և նա անձրևի պես պիտի գա մեզ, գարնանային* անձրևի պես, որ ոռոգում է երկիրը։

4. Ի՞նչ անեմ քեզ, ո՛վ Եփրեմ, ի՞նչ անեմ քեզ, ո՛վ Հուդա, որովհետև ձեր բարությունը առավոտյան ամպի պես է և ցողի նման է, որը շուտով չքանում է։

5. Ուստի մարգարեների միջոցով նրանց կոփեցի, նրանց սպանեցի իմ բերանի խոսքերով. քո դատաստանները լույսի պես կծագեն։

6. Որովհետև ողորմություն եմ ցանկանում և ոչ թե զոհ, Աստծու ճանաչում, ոչ թե ողջակեզներ։

7. Բայց նրանք Ադամի պես շրջանցում են ուխտը. այնտեղ իմ հանդեպ անհավատարմությամբ վարվեցին։

8. Գաղաադը անօրենություն անողների քաղաք է՝ արյան հետքերով լի։

9. Ավազակների պես մարդու հետևից դարան մտնելով՝ քահանաների խումբը Սյուքեմի ճանապարհին մարդ է սպանում և եղեռնագործություն անում։

10. Իսրայելի տանը սոսկալի մի բան տեսա. այնտեղ է Եփրեմի պոռնկությունը. Իսրայելը պղծվեց։

11. Քեզ համար էլ, ո՛վ Հուդա, մի հունձք կա պատրաստված, երբ իմ ժողովրդին կվերադարձնեմ գերությունից։

ՈՎՍԵԵ 7

1. Երբ Իսրայելին պիտի բուժեի, հայտնի դարձան Եփրեմի անօրենությունը և Սամարիայի չարությունները, որովհետև նրանք նենգաբար են գործում, գողը ներս է մտնում, ավազակների խումբը դրսում կողոպտում է։

2. Եվ իրենց սրտում չեն ասում, որ ես հիշում եմ նրանց ամբողջ չարությունը, հիմա նրանց գործերը համակում են նրանց, նրանք իմ երեսի առաջ են։

3. Իրենց չարությամբ ուրախացնում են թագավորին և իրենց դավաճանություններով՝ իշխաններին։

4. Նրանք բոլորը շնացողներ են, մի թոնրի նման, որ վառել է հաց թխողը, որ խմորը հունցելուց մինչև նրա թթվելը դադարում է կրակը բորբոքելուց։

5. Մեր թագավորի օրը իշխանները նրան հիվանդացրին* գինու տաքությունից. նա իր ձեռքը մեկնեց ծաղր անողներին։

6. Որովհետև նրանք մոտենում են իրենց դարանին՝ իրենց սիրտը թոնրի պես դարձրած. նրանց հացթուխն ամբողջ գիշեր քնած է, առավոտյան այն վառվում է բոցավառ կրակի պես։

7. Նրանք բոլորը տաքացել են թոնրի պես և ուտում են իրենց դատավորներին։ Նրանց բոլոր թագավորներն ընկել են, նրանց մեջ ինձ կանչող չկա։

8. Եփրեմն իրեն խառնել է ժողովուրդներին. Եփրեմը դարձել է մի կարկանդակ, որը չի շրջվել*։

9. Օտարները կերան նրա զորությունը, բայց ինքը չգիտի. ալևորություն էլ է իջել վրան, ինքը չգիտի։

10. Եվ Իսրայելի հպարտությունը վկայում է նրա դեմ, բայց նրանք հետ չեն դառնում Տիրոջը՝ իրենց Աստծուն, և այսուամենայնիվ նրան չեն փնտրում։

11. Եվ Եփրեմը մի աղավնու պես եղավ՝ միամիտ ու անխելք. եգիպտացիներին են կանչում, Ասորեստան են գնում։

12. Երբ գնան, ես իմ ցանցը պիտի տարածեմ նրանց վրա, նրանց երկնքի թռչունի պես պիտի իջեցնեմ և նրանց պիտի պատժեմ, ինչպես որ ազդարարվել էր նրանց հավաքին։

13. Վա՜յ նրանց, որովհետև խոտորեցին ինձանից, ավերու՜մ նրանց, որովհետև իմ դեմ ապստամբեցին, թեև ես նրանց փրկեցի, բայց նրանք իմ դեմ սուտ են խոսում։

14. Նրանք իրենց սրտով չեն աղաղակում ինձ, այլ ողբում են իրենց անկողինների վրա. նրանք ցորենի և գինու համար խռնվում են, ըմբոստանում իմ դեմ։

15. Ես ուժեղացրի, զորացրի նրանց բազուկը, իսկ նրանք իմ դեմ չարություն նյութեցին։

16. Նրանք դառնում են ոչ թե դեպի Բարձրյալը. նրանք խաբեբա աղեղի նման են դարձել։ Նրանց իշխանները սրով պիտի ընկնեն իրենց լեզվի կատաղությունից։ Սա նրանց նախատինքը կլինի Եգիպտոսի երկրում։

ՈՎՍԵԵ 8

1. Փողը բերանի՜դ*դիր. արծվի պես մեկը կա Տիրոջ տան վերևում. որովհետև անտեսեցին իմ ուխտը և իմ օրենքի դեմ հանցանք գործեցին։

2. Ինձ պիտի աղաղակի Իսրայելը. «Ո՜վ իմ Աստված, մենք ճանաչում ենք քեզ»։

3. Իսրայելը մերժեց բարին, ուստի թշնամին պիտի հետապնդի նրան։

4. Նրանք թագավոր կարգեցին, բայց ոչ ինձնով, իշխաններ կարգեցին, բայց ես չիմացա. իրենց արծաթով և իրենց ոսկով իրենց համար կուռքեր շինեցին, որպեսզի բնաջնջվեն։

5. Քո հորթը մերժվեց, ո՛վ Սամարիա, նրանց դեմ իմ բարկությունը բորբոքվեց. նրանք մինչև ե՞րբ չեն կարողանալու անմեղ լինել։

6. Որովհետև սա ևս Իսրայելից է. արհեստավորը շինեց այն, ուրեմն նա Աստված չէ. ուստի փշուր-փշուր պիտի լինի Սամարիայի հորթը։

7. Որովհետև քամի սերմանեցին, մրրիկ պիտի հնձեն. նա հասկ չի ունենալու, բույսն* ալյուր չի դառնալու. եթե դառնա էլ, օտարներն են կուլ տալու։

8. Իսրայելը կուլ գնաց. հիմա ազգերի մեջ անբաղձալի անոթի պես պիտի լինեն։

9. Որովհետև նրանք Ասորեստան գնացին. վայրի էշի նման առանձին ման է գալիս. Եփրեմը* սիրեկաններ վարձեց։

10. Թեև ազգերի մեջ օգնականներ վարձեն, ես հիմա նրանց պիտի հավաքեմ, և նրանք կսկսեն սակավանալ իշխանների և թագավորի բեռի պատճառով։

11. Որովհետև Եփրեմը մեղքի համար շատացրեց զոհասեղանները. դրանք նրա համար մեղանչելու զոհասեղաններ եղան։

12. Եվ ես նրան գրեցի իմ բյուրավոր օրենքները, սակայն դրանք օտարոտի համարվեցին։

13. Նրանք ինձ զոհեր են մատուցում և միսն ուտում, սակայն Տերը նրանց չի հավանում։ Հիմա նա պիտի հիշի նրանց անօրենությունը և պիտի պատժի նրանց մեղքերը. նրանք պիտի վերադառնան Եգիպտոս։

14. Որովհետև Իսրայելը մոռացավ իր Արարչին և պալատներ շինեց, իսկ Հուդան շատացրեց պարսպավոր քաղաքները։ Բայց ես քաղաքների վրա կրակ պիտի ուղարկեմ, և այն պիտի լափի նրանց ամրոցները։

ՈՎՍԵԵ 9

1. Մի՛ ուրախացիր, ո՛վ Իսրայել, մի՛ ցնծա, ինչպես ժողովուրդները, քանզի պոռնկացար ու հեռացար քո Աստծուց. ցորենի ամեն կալի վրա պոռնկության վարձը սիրեցիր։

2. Կալը և հնձանը նրանց չեն կերակրելու, և քաղցուն պիտի ստի նրան։

3. Նրանք չեն բնակվելու Տիրոջ երկրում, այլ Եփրեմը պիտի վերադառնա Եգիպտոս, և Ասորեստանում անմաքուր բաներ պիտի ուտեն։

4. Նրանք Տիրոջը գինու նվեր չեն մատուցելու, և նրան հաճելի չեն լինելու նրանց զոհերը. սգավորների հացի պես պիտի լինի նրանց հացը. բոլոր ուտողները պիտի պղծվեն, որովհետև նրանց հացը նրանց անձերի համար է և չի մտնելու Տիրոջ տունը։

5. Ի՞նչ եք անելու հանդիսավոր տոնի օրը և Տիրոջ տոնախմբության օրը։

6. Որովհետև ահա կործանումից փախչելով գնում են. Եգիպտոսը պիտի ժողովի նրանց, Մեմփիսը պիտի թաղի նրանց, եղինջը պիտի ժառանգի նրանց ցանկալի արծաթեղենը, փուշ պիտի լինի նրանց վրաններում։

7. Եկան պատժի օրերը, եկան հատուցման օրերը, Իսրայելը պիտի իմանա. անմիտ է մարգարեն, խելագար է ներշնչված մարդը քո բազում անօրենության և մեծ հակառակության պատճառով։

8. Եփրեմն իմ Աստծու հետ դիտում է, իսկ մարգարեն լարված որոգայթ է նրա բոլոր ճանապարհների վրա, հակառակություն՝ իր Աստծու տան մեջ։

9. Գաբաայի օրերի պես խորապես ապականվեցին։ Նա պիտի հիշի իրենց անօրենությունը, պիտի պատժի նրանց մեղքերը։

10. Իսրայելին գտա, ինչպես խաղողն անապատում. թզենու կանխահաս՝ առաջին պտուղների պես տեսա ձեր հայրերին։ Սակայն երբ նրանք եկան Բաալփեգոր և իրենց նվիրաբերեցին ամոթալի կուռքին, պիղծ եղան իրենց սիրած բանի պես։

11. Ծնունդից, արգանդից, հղիությունից Եփրեմի փառքը թռչունի պես պիտի թռչի։

12. Թեկուզ իրենց որդիներին մեծացնեն, նրանց անզավակ պիտի դարձնեմ, մինչև ոչ մեկը չմնա. որովհետև վա՜յ նրանց, երբ ես իրենցից հեռանամ։

13. Եփրեմը, ինչպես որ Տյուրոսում տեսա, տնկված էր հաճելի վայրում, բայց Եփրեմն իր որդիներին դուրս է հանելու սպանողի մոտ։

14. Տո՛ւր նրանց, Տե՛ր. ի՞նչ ես տալու նրանց. տո՛ւր նրանց վիժող արգանդ և ցամաք ստինքներ։

15. Նրանց ամբողջ չարությունը Գաղգաղայում է. այնտեղ ատեցի նրանց իրենց արարքների չարության պատճառով. նրանց իմ տնից պիտի վտարեմ և այլևս չպիտի սիրեմ նրանց. նրանց բոլոր իշխանավորները ապստամբներ են։

16. Հարվածվեց Եփրեմը. նրանց արմատը չորացավ, պտուղ չեն տալու։ Թեկուզ ծնեն էլ, նրանց արգանդի ցանկալիներին պիտի մեռցնեմ։

17. Նրանց մերժելու է իմ Աստվածը, որովհետև չլսեցին նրան, և ազգերի մեջ թափառական պիտի լինեն։

ՈՎՍԵԵ 10

1. Փարթամ որթատունկ է Իսրայելը, իր համար պտուղ է բերում։ Ինչքան նրա պտուղը շատացավ, այնքան զոհասեղաններ կառուցեց. որքան գեղեցիկ էր երկիրը, այնքան գեղեցկացրեց կուռքերը։

2. Երկփեղկված է նրանց սիրտը, ու հիմա պիտի կրեն իրենց հանցանքը. նա պիտի ջարդի նրանց զոհասեղանները, տապալի նրանց կուռքերը։

3. Որովհետև հիմա պիտի ասեն. «Մենք թագավոր չունենք, որովհետև Տիրոջից չվախեցանք, թագավորն ի՞նչ կարող է անել մեզ»։

4. Սին խոսքեր են խոսում, սուտ երդվում են ուխտ կնքելիս, և դատաստանը մոլախոտի պես բուսնում է արտի ակոսների մեջ։

5. Բեթավանի հորթերի համար Սամարիայի բնակիչները պիտի վախենան, նրա ժողովուրդը նրա վրա պիտի սգա, և նրա քուրմերը պիտի դողան նրա համար, նրա փառքի համար, որովհետև նա իրենցից գերի պիտի տարվի։

6. Նա տարվելու է Ասորեստան՝ իբրև ընծա մեծ թագավորի համար. ամոթը պիտի պատի Եփրեմին, իսկ Իսրայելը պիտի ամաչի իր խորհրդից։

7. Սամարիան և իր թագավորը ջրի երեսի փրփուրի պես պիտի չքանան։

8. Եվ պիտի կործանվեն Ավենի Բարձր տեղերը, Իսրայելի մեղքը. փուշ ու տատասկ պիտի բուսնի նրանց զոհասեղանների վրա, և պիտի ասեն սարերին. «Ծածկե՛ք մեզ», և բլուրներին. «Մեզ վրա՛ ընկեք»։

9. Գաբաայի օրերից սկսած՝ մեղք գործեցիր, ո՛վ Իսրայել. նրանք այնտեղ շարունակեցին կանգնել. մի՞թե չարության որդիների դեմ պատերազմը Գաբաայում չհասավ նրանց։

10. Երբ կամենամ, պիտի հանդիմանեմ նրանց և ժողովուրդներ պիտի հավաքեմ նրանց դեմ, երբ նրանք կպատժվեն* իրենց երկու անօրենությունների պատճառով։

11. Եփրեմը մի վարժ երինջ է, որ սիրում էր կալ կալսել, բայց ես նրա վզի վայելչության վրա լուծ կանցկացնեմ. Եփրեմին լծելու եմ, Հուդան պիտի հերկի, Հակոբը պիտի տափանի նրա համար։

12. Ձեզ համար արդարությամբ սերմանե՛ք, ողորմությամբ հնձե՛ք, խոպանը մշակե՛ք ձեզ համար, քանի որ Տիրոջը փնտրելու ժամանակն է, մինչև որ ինքը գա, և արդարություն տեղա ձեզ վրա։

13. Դուք ամբարշտություն հերկեցիք, անօրենություն հնձեցիք, ստության պտուղը կերաք, որովհետև դուք ձեր ճանապարհին և ձեր զորավորների բազմությանն ապավինեցիք։

14. Ուստի պատերազմի խռովություն է բարձրանալու քո ժողովրդի մեջ, և քո բոլոր ամրոցները պիտի քանդվեն, ինչպես պատերազմի օրը Սաղման քանդեց Բեթարբելը. մայրը որդիների հետ կոտորվեց։

15. Այսպես արեց ձեզ Բեթելը ձեր չափազանց չարության պատճառով. արշալույսին Իսրայելի թագավորը պիտի բնաջնջվի։

ՈՎՍԵԵ 11

1. «Երբ Իսրայելը մանուկ էր, ես սիրում էի նրան և Եգիպտոսից կանչեցի իմ որդուն։

2. Ինչքան կանչեցին* նրանց, նրանք հեռանում էին նրանցից՝ Բահաղներին զոհ մատուցելով և կուռքերին խունկ ծխելով։

3. Բայց ես էի, որ Եփրեմին քայլել սովորեցրի. նրանց վերցնում էի իմ բազուկներով, սակայն չիմացան, որ ես եմ բժշկել նրանց։

4. Մարդկային լարերով՝ սիրո կապերով, ես ձգեցի նրանց և նրանց համար իրենց ծնոտներից լուծը հանողի պես եղա. խոնարհվելով նրանց դեմ՝ իրենց կերակրում էի։

5. Նա չպիտի վերադառնա Եգիպտոս. Ասորեստանը պիտի լինի նրանց թագավորը, որովհետև չուզեցին դարձի գալ։

6. Եվ սուրը պտույտ պիտի տա նրա քաղաքների վրա և վերացնի նրա նիգերը և լափի նրանց իրենց խորհուրդների պատճառով։

7. Իմ ժողովուրդը համառում է ինձնից խոտորվել. թեև դեպի Բարձրյալն են կանչվում նրանք, սակայն չեն բարձրանում։

8. Ես քեզ ինչպե՞ս թողնեմ, ո՛վ Եփրեմ, քեզ ինչպե՞ս հանձնեմ, ո՛վ Իսրայել. ես քեզ ինչպե՞ս Ադմայի նման դարձնեմ, Սեբոյիմի պես անեմ. սիրտս գալարվում է իմ ներսում. բորբոքվում է կարեկցությունս։

9. Ես չեմ գործադրելու իմ սաստիկ բարկությունը, կրկին չեմ ավերելու Եփրեմին. որովհետև ես Աստված եմ և ոչ թե մարդ, Սուրբը ձեր մեջ, և զայրույթով չեմ գալու։

10. Տիրոջ հետևից պիտի գնան. առյուծի պես մռնչալու է նա. երբ մռնչա նա, որդիները դողալով կգան արևմուտքից։

11. Նրանք թռչունի պես դողալով կգան Եգիպտոսից և աղավնու պես՝ Ասորեստանի երկրից, և նրանց պիտի բնակեցնեմ իրենց տներում»,- ասում է Տերը։

ՈՎՍԵԵ 12

1. Եփրեմն ինձ ստով է պաշարել, իսկ Իսրայելի տունը՝ խաբեությամբ. բայց Հուդան տակավին ճանաչում է Աստծուն և հավատարիմ է Սրբին։

2. Եփրեմը քամի է արածում և արևելյան քամուն հետապնդում, ամեն օր շատացնում է սուտն ու բռնությունը։ Դաշինք են կապում Ասորեստանի հետ և յուղ են տանում Եգիպտոս։

3. Տերը Հուդայի հետ ևս վեճ ունի և պիտի պատժի Հակոբին նրա ճանապարհների համեմատ, ըստ նրա արարքների պիտի հատուցի նրան։

4. Արգանդում բռնեց եղբոր գարշապարից և իր ուժով մենամարտեց Աստծու* հետ։

5. Մենամարտեց հրեշտակի հետ և հաղթեց, լացեց և աղաչեց նրան։ Բեթելում գտավ նրան և այնտեղ խոսեց նրա հետ,*

6. Տերը՝ Զորքերի Աստվածը, որի անունը Տեր է։

7. Քո Աստծո՛ւն դարձիր, ողորմությունն ու իրավունքը պահի՛ր և միշտ քո Աստծո՛ւն ապավինիր։

8. Վաճառական է, որի ձեռքին խաբեության կշեռք կա. նա սիրում է հարստահարել։

9. Բայց Եփրեմն ասում է. «Իրոք հարստացա, ինձ համար ունեցվածք գտա, իմ ամբողջ վաստակում մի անօրենություն չեն գտնելու, որ մեղք լինի»։

10. Բայց ես եմ Տերը՝ քո Աստվածը, Եգիպտոսի երկրից ի վեր, հանդիսավոր տոնի օրերի պես քեզ դեռ վրանների մեջ եմ բնակեցնելու։

11. Ես խոսեցի մարգարեներին և շատացրի տեսիլքները և մարգարեների միջոցով առակախոսություն արեցի։

12. Եթե անօրենություն կա Գաղաադում, նրանք ունայն են դարձել. Գաղգաղայում արջառներ զոհեցին, նրանց զոհասեղանները քարակույտերի նման են արտի ակոսների վրա։

13. Հակոբը փախավ Արամի երկրի դաշտը, և Իսրայելը ծառայեց կնոջ համար. կնոջ համար հոտերի պահապան եղավ։

14. Եվ մի մարգարեով Տերն Իսրայելին հանեց Եգիպտոսից, և մի մարգարեով նա պահպանվեց։

15. Եփրեմը դառնությամբ բարկացրեց Աստծուն, ուստի նրա արյունը իր վրա պիտի թափվի, և Տերը նրա նախատինքը իրեն պիտի վերադարձնի։

ՈՎՍԵԵ 13

1. Երբ Եփրեմը խոսում էր, ահուդող էր։ Նա բարձրացվեց Իսրայելում և հանցանք գործեց Բահաղով ու մեռավ։

2. Եվ հիմա ավելի ու ավելի են մեղք գործում և իրենց համար իրենց հմտությամբ ձուլածո կուռքեր են շինում իրենց արծաթից. բոլորն էլ արհեստավորի գործեր են։ Ասում են. «Զոհ անող մարդիկ թող հորթերին համբուրեն»։

3. Ուստի առավոտյան ամպի պես պիտի լինեն և վաղ ցողի պես, որ շուտով անցնում-գնում է. մղեղի պես, որ կալից քշում է փոթորիկը, և ծխնելույզից ելած ծխի պես։

4. Սակայն Եգիպտոսից ի վեր ես եմ քո Աստվածը՝ Տերը, և ինձնից բացի ուրիշ Աստված չես ճանաչում, և մի փրկիչ չկա ինձնից բացի։

5. Ես քեզ ճանաչեցի անապատում, տոթակեզ երկրում։

6. Երբ արածեցին ու կշտացան, հագեցան, և նրանց սիրտը հպարտացավ, ուստի ինձ մոռացան։

7. Ուրեմն ես նրանց համար առյուծի պես պիտի լինեմ, ընձառյուծի նման ճանապարհի մոտ դարան պիտի մտնեմ։

8. Նրանց պիտի հանդիպեմ ձագերը կորցրած արջի նման և պիտի պատառոտեմ նրանց կրծքավանդակը։ Եվ այնտեղ առյուծի պես պիտի ուտեմ նրանց, և դաշտի գազանը պիտի բզկտի նրանց։

9. Քո կործանումն է, ո՛վ Իսրայել, որովհետև ինձնից բացի օգնական չունեիր։

10. Ո՞ւր է հիմա քո թագավորը, որպեսզի քեզ ազատի քո բոլոր քաղաքներում, որտե՞ղ են քո իշխանավորները, որոնց մասին ասում էիր. «Ինձ թագավոր և իշխաննե՛ր տուր»։

11. Ես իմ բարկությամբ քեզ թագավոր տվեցի և իմ զայրույթով նրան վերցրի։

12. Եփրեմի անօրենությունը կապված է, նրա մեղքը՝ ի պահ դրված։

13. Ծննդկանի ցավեր են գալու նրա վրա. նա իմաստուն որդի չէ. որդեծնության արգանդի բերանին հապաղելու ժամանակը չէ։

14. Մեռելների աշխարհի զորությունից պիտի ազատեմ նրանց, մահից պիտի փրկեմ նրանց. ո՞ւր է ժանտախտդ, ով մա՛հ. ո՞ւր է ավերումդ, ո՜վ դժոխք. գութը պիտի ծածկվի իմ աչքերից։

15. Որովհետև նա պտղաբեր է եղեգների մեջ*, բայց արևելյան քամին պիտի գա, անապատից բարձրանալու է Տիրոջ հողմը, ցամաքելու է նրա աղբյուրը, և չորանալու է նրա ջրի ակը. հովը կողոպտելու է բոլոր ցանկալի իրերի գանձարանը։

16. Սամարիան իր հանցանքը պիտի կրի*, որովհետև ապստամբեց իր Աստծու դեմ. սրից պիտի ընկնեն, նրանց մանուկներն էլ գետնով տրվելով պիտի կոտորվեն, նրանց հղի կանայք պիտի ճեղքվեն։

ՈՎՍԵԵ 14

1. Ո՛վ Իսրայել, Տիրոջը՝ քո Աստծո՛ւն դարձիր, որովհետև դու սայթաքել ես քո անօրենության պատճառով։

2. Ձեզ հետ խոսքե՛ր վերցրեք և վերադարձե՛ք Տիրոջը. ասացե՛ք նրան. «Ների՛ր ամեն անօրենություն և ընդունի՛ր, ինչ որ բարի է, և մենք կմատուցենք մեր շրթունքների պտուղները։*

3. Ասորեստանցին մեզ չի փրկելու, ձիեր չենք հեծնելու և մյուս անգամ մեր ձեռքի գործերին չենք ասելու. “Ո՛վ մեր Աստված”, որովհետև որբը քեզանից է ողորմություն գտնում»։

4. Նրանց խոտորումը պիտի բժշկեմ, նրանց անհատույց պիտի սիրեմ, որովհետև իմ բարկությունը շրջվել է նրանցից։

5. Ես ցողի պես պիտի լինեմ Իսրայելի համար. նա շուշանի նման պիտի ծաղկի և արմատներ պիտի գցի Լիբանանի ծառի պես։

6. Նրա ճյուղերը պիտի տարածվեն, և նրա վայելչությունը ձիթենու պես, իսկ բուրմունքը Լիբանանի պես պիտի լինի։

7. Նրա հովանու տակ ապրողները պիտի վերադառնան, պիտի կենդանանան ցորենի պես և ծաղկեն որթատունկի պես։ Նրա բուրմունքը Լիբանանի գինու պես պիտի լինի։

8. Եփրեմը պիտի ասի. «Ես այլևս ի՞նչ ունեմ կուռքերի հետ»։ Ես լսեցի նրա խնդրանքը և խնամեցի նրան։ Ես կանաչ մայրի ծառի պես եմ, քո պտուղն ինձնից է գտնվելու։

9. Ո՞վ է իմաստուն, թող հասկանա այս բաները, կամ հասկացող, թող գիտենա սրանք. որովհետև ուղիղ են Տիրոջ ճանապարհները, և արդարները գնում են նրանցով, իսկ հանցավորները սայթաքելու են նրանց մեջ։