Ա
Ս
Տ
Ծ
Ո

Ժ
Ո
Ղ
Ո
Վ
Ո
Ւ
Ր
Դ
.
.
.

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

34

35

36

37

38

39

40

41

42

43

44

45

46

47

48

49

50

51

52

53

54

55

56

57

58

59

60

61

62

63

64

65

66

Աստվածաշունչ (online)

Ընտրել Գիրքը...

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրել Գլուխը...

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

34

35

36

37

38

39

40

41

42

43

44

45

46

47

48

49

50

51

52

53

54

55

56

57

58

59

60

61

62

63

64

65

66

ԵՍԱՅԻ 1

1. Ամոզի որդի Եսայու տեսիլքը, որ նա տեսավ Հուդայի և Երուսաղեմի մասին Հուդայի թագավորների՝ Ոզիայի, Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին։

2. Լսի՛ր, ո՛վ երկինք, ակա՛նջ դիր, ո՛վ երկիր, որովհետև Տերն է խոսում. «Ես զավակներ սնուցեցի և մեծացրի, բայց նրանք ըմբոստացան իմ դեմ։

3. Եզը ճանաչում է իր տիրոջը, և էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայելը ճանաչողություն չունի, և իմ ժողովուրդը իմացություն չունի»։

4. Վա՜յ մեղավոր ազգին. անօրենությա՛մբ բեռնավորված ժողովուրդ, չարագործների՛ սերունդ, ապականվա՛ծ զավակներ։ Նրանք լքեցին Տիրոջը, անարգեցին Իսրայելի Սրբին, հետ քաշվեցին։

5. Ինչո՞ւ եք դեռևս պատժվում՝ ապստամբությունը շարունակելով։ Ամբողջ գլուխը հիվանդ է, ամբողջ սիրտն է նվաղած։

6. Ոտքի ներբանից մինչև գլուխ առողջ տեղ չկա նրա վրա. կապտուկներ, վերքեր, թարախալի խոցեր, որ չեն մաքրվում, չեն վիրակապվում, չեն մեղմացվում ձեթով։

7. Ձեր երկիրն* ամայացած է, ձեր քաղաքները՝ հրո ճարակ. ձեր հողերի բերքն օտարներն են ուտում ձեր աչքի առաջ. դրանք խոպանացած են օտարների կողմից կործանվածի նման։

8. Սիոնի դուստրը մնացել է լքված, ինչպես մի խրճիթ այգու մեջ, ինչպես մի հյուղակ վարունգի արտում, ինչպես պաշարված մի քաղաք։

9. Եթե Զորությունների Տերը թողած չլիներ մեզ վերապրող, կլինեինք Սոդոմի պես, կնմանվեինք Գոմորին։

10. Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Սոդոմի իշխանավորներ, ակա՛նջ դիր մեր Աստծու օրենքին, ո՛վ Գոմորի ժողովուրդ։

11. «Իմ ինչի՞ն է պետք ձեր զոհերի շատությունը,- ասում է Տերը,- ես կշտացել եմ խոյերի ողջակեզներից, պարարտ անասունների ճարպից. չեմ ախորժում զվարակների, գառների և նոխազների արյունից։

12. Երբ գալիս եք ինձ պաշտելու,* ո՞վ է այդ պահանջել ձեզնից, որ կոխոտեք իմ սրահները։

13. Այլևս սին ընծաներ մի՛ բերեք, ձեր խունկը գարշելի է ինձ համար. չեմ կարող տանել ձեր ամսամուտները, շաբաթները և ժողովների գումարումները, ձեր տոնախմբությունն իսկ անօրենություն է։

14. Ձեր ամսամուտներից և նշանակված տոներից զզվել է հոգիս, դրանք բեռ են ինձ վրա, հոգնել եմ դրանք տանելուց։

15. Երբ դուք տարածում եք ձեր ձեռքերը, ես իմ աչքերը կծածկեմ ձեզնից. երբ շատացնեք ձեր աղոթքները, ես ձեզ չեմ լսելու. ձեր ձեռքերը լի են արյունով։

16. Լվացվե՛ք, մաքրվե՛ք, հեռացրե՛ք ձեր չար արարքներն իմ աչքերի առջևից, դադարե՛ք չարիք գործելուց։

17. Սովորե՛ք բարություն անել, իրավունքի՛ն հետամուտ եղեք, հանդիմանե՛ք հարստահարողին, արդար դա՛տ արեք որբին, պաշտպանե՛ք որբևայրու դատը։

18. Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։

19. Եթե դուք հոժար լինեք ու լսեք, կճաշակեք երկրի բարիքը։

20. Բայց եթե մերժեք և ապստամբեք, սուրը պիտի ուտի ձեզ, քանզի Տիրոջ բերանն է, որ ասաց այն»։

21. Ինչպե՜ս պոռնկացավ հավատարիմ քաղաքը. նա լի էր իրավունքով, արդարությունն էր օթևանում նրա մեջ, իսկ այժմ՝ մարդասպաններով։

22. Քո արծաթը խարամ է դարձել, քո գինին խառնված է ջրով։

23. Քո իշխաններն ապստամբներ և գողերի ընկերներ են. բոլորն էլ կաշառք են սիրում ու նվերի հետևից են ընկել, որբի դատը չեն տեսնում, և որբևայրու դատը նրանց առաջ չի գալիս։

24. Դրա համար էլ Տերը՝ Զորությունների Տերը՝ Իսրայելի Հզորը, այս խոսքն է ասում. «Ահա ես հատուցում կպահանջեմ իմ հակառակորդներից, վրեժ կառնեմ իմ թշնամիներից։

25. Երուսաղե՜մ, ես իմ ձեռքը կդարձնեմ քո դեմ, քեզնից կմաքրեմ խարամը*, ինչպես մաքրում են բորակով, և կվերացնեմ քո ամբողջ անագը։

26. Կվերահաստատեմ քո դատավորներին, ինչպես որ առաջ էր, և քո խորհրդականներին, ինչպես որ սկզբում էր։ Դրանից հետո կկոչվես Արդարության քաղաք, Հավատարիմ ավան»։

27. Սիոնը պիտի փրկվի իրավունքով, իսկ նրա մեջ դարձի եկողները՝ արդարամտությամբ։

28. Բայց ըմբոստներն ու մեղավորները միասին կկործանվեն, և նրանք, որ լքում են Տիրոջը, կբնաջնջվեն։

29. Եվ դուք կամաչեք այն բևեկնիների համար, որոնք ձեզ հաճույք էին պատճառում, և կշիկնեք այն պարտեզների համար, որ ընտրել եք,

30. որովհետև դուք պիտի լինեք տերևները թառամած բևեկնու պես և պարտեզի նման, որի մեջ ջուր չկա։

31. Ուժեղ մարդը պիտի լինի խծուծի պես, և նրա գործը՝ կայծի պես, երկուսն էլ պիտի այրվեն միասին, և հանգցնող չպիտի լինի։

ԵՍԱՅԻ 2

1. Այն պատգամը, որը Ամոզի որդի Եսային տեսավ Հուդայի և Երուսաղեմի մասին։

2. Այնպես պիտի լինի վերջին օրերին, որ Տիրոջ տան լեռը պիտի հաստատվի լեռների գագաթին, պիտի բարձրանա բլուրներից վեր, և բոլոր ազգերը պիտի փութան դեպի այն։

3. Բազում ժողովուրդներ պիտի գնան և ասեն. «Եկե՛ք ելնենք Տիրոջ լեռը, Հակոբի Աստծու տունը. նա մեզ կսովորեցնի իր ճանապարհները, և մենք կգնանք նրա շավիղներով»։ Արդարև, Սիոնից է դուրս գալիս օրենքը, և Երուսաղեմից՝ Տիրոջ խոսքը։

4. Նա կդատի ազգերին և կհանդիմանի շատ ժողովուրդների։ Նրանք իրենց սրերից խոփեր կձուլեն և իրենց նիզակներից՝ էտոցներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, և նրանք այլևս չպիտի սովորեն պատերազմել։

5. Ո՛վ Հակոբի տուն, եկե՛ք քայլենք Տիրոջ լույսով։

6. Դու լքել ես քո ժողովրդին՝ Հակոբի տունը, որովհետև նրանք լցվել են արևելքի գուշակներով և հմայություն են անում փղշտացիների նման, ու օտարների որդիների հետ համաձայնվեցին։

7. Նրանց երկիրը լցված է արծաթով ու ոսկով, և նրանց գանձերին թիվ չկա. նրանց երկիրը լցված է ձիերով, և նրանց ռազմակառքերին վերջ չկա։

8. Նրանց երկիրը լցված է կուռքերով. նրանք երկրպագում են իրենց ձեռքի գործին, նրան, որ իրենց մատներն են ստեղծել։

9. Մարդը խոնարհեցվում է, մարդիկ նվաստացվում են. մի՛ ներիր նրանց։

10. Մտի՛ր ժայռերի մեջ, թաքնվի՛ր հողի տակ Տիրոջ սարսափից և նրա փառահեղ մեծությունից։

11. Մարդուս ամբարտավան աչքերը պիտի խոնարհեցվեն, պիտի նվազեցվի մարդկանց գոռոզությունը, և այդ օրը կբարձրանա միայն Տերը,

12. որովհետև Զորությունների Տերը մի օր ունի բոլոր ամբարտավանների, մեծամիտների և հպարտների դեմ, որոնք պիտի նվաստացվեն,

13. Լիբանանի բոլոր եղևնիների դեմ՝ բարձր ու բարձրացած, և Բասանի բոլոր կաղնիների դեմ,

14. բոլոր բարձրաբերձ լեռների և բոլոր բարձր բլուրների դեմ,

15. ամեն բարձր աշտարակի և ամեն ամուր պարսպի դեմ,

16. Թարսիսի բոլոր նավերի դեմ, ցանկալի տեսք ունեցող ամեն ինչի դեմ և ճարտարորեն պատրաստված ամեն բաների դեմ։

17. Մարդուս ամբարտավանությունը պիտի խոնարհվի, պիտի իջնի մարդկանց մեծամտությունը, և այդ օրը միայն Տերը պիտի բարձրանա։

18. Կուռքերն ամբողջովին պիտի անհետանան։

19. Մարդիկ ժայռերի քարայրերն ու գետնի խոռոչները պիտի մտնեն Տիրոջ սարսափից և նրա փառահեղ մեծությունից, երբ նա վեր կենա երկիրն ահաբեկելու։

20. Այդ օրը մարդն իր արծաթե կուռքերը և ոսկե կուռքերը, որ պատրաստել էր երկրպագելու համար դրանց, պիտի գցի խլուրդներին և չղջիկներին,

21. որպեսզի մտնի ապառաժների խոռոչներն ու ժայռերի ծերպերը Տիրոջ սարսափից և նրա փառահեղ մեծությունից, երբ նա վեր կենա երկիրն ահաբեկելու։

22. Հե՛տ կանգնեք մարդուց, որի շունչը նրա ռունգերի մեջ է, որովհետև ինչի՞ մեջ է նրա արժեքը։

ԵՍԱՅԻ 3

1. Ահավասիկ Տերը՝ Զորությունների Տերը, Երուսաղեմից և Հուդայի երկրից հեռացնելու է պաշարն ու նեցուկը,* հացի ամբողջ պաշարը և ջրի ամբողջ պաշարը,

2. զորավորին ու պատերազմող մարդուն, դատավորին ու մարգարեին, գուշակին ու երեցին,

3. հիսնապետին ու պատվավոր մարդուն, խորհրդականին ու ճարտար* արհեստավորին և վարպետ կախարդին։

4. Նրանց վրա ես իշխան պիտի կարգեմ մանուկներին, և տղաները պիտի տիրեն նրանց։

5. Մարդիկ իրար պիտի հարստահարեն, ամեն մեկը՝ իր ընկերոջը. տղաները պիտի գոռոզանան ծերերի դեմ, և անարգները՝ արժանավորների դեմ։

6. Մարդ կբռնի իր եղբորն իր հոր տան մեջ՝ ասելով. «Դու հանդերձ ունես, իշխո՛ղ եղիր մեզ վրա, թող քո ձեռքի տակ լինի այս ավերակը»։

7. Իսկ նա բարձրաձայն կպատասխանի այն օրը. «Ես դարմանող չեմ լինի, իմ տանը չկա ո՛չ հաց, ո՛չ հանդերձ, ինձ իշխող մի՛ կարգեք ժողովրդի վրա»։

8. Երուսաղեմը գայթեց, Հուդայի երկիրն ընկավ, որովհետև նրանց լեզուն ու արարքները ուղղված են Տիրոջ դեմ՝ ընդդիմանալով նրա վեհափառ հայացքին։

9. Նրանց երեսի տեսքն իրենց դեմ է վկայում, նրանք իրենց մեղքերը հրապարակում են Սոդոմի նման, չեն ծածկում։ Վա՜յ նրանց անձերին, որովհետև իրենք իրենց չարիք են բերում։

10. Ասացե՛ք արդարին, որ նրա համար ամեն ինչ լավ է, որովհետև նա իր արարքների պտուղն է ուտելու։

11. Վա՛յ ամբարիշտին. նրա համար ամեն ինչ վատ է, որովհետև իր ձեռքի գործերի համաձայն հատուցում պիտի լինի։

12. Իմ ժողովրդին հարստահարողները երեխաներ են, և կանայք են տիրում նրան։ Ո՛վ իմ ժողովուրդ, քո առաջնորդները մոլորեցնողներ են. նրանք խոտորել են քո ճանապարհի ընթացքից։

13. Տերը վեր է կացել, որ դատաստան անի. նա կանգնել է ժողովուրդներին դատելու համար։

14. Տերը դատի մեջ է մտնում իր ժողովրդի երեցների և նրա իշխանավորների հետ. «Դուք հրկիզել եք այգին, թշվառներից կողոպտվածը ձեր տներում է։

15. Ի՞նչ է եղել ձեզ, որ ճզմում եք իմ ժողովրդին, թշվառներին չարաշահում եք»,- ասում է Զորությունների Տեր Աստված։

16. Տերն ասում է. «Սիոնի աղջիկները հպարտացել են, ման են գալիս բարձրապարանոց, ակնարկներ են նետում անհամեստ աչքերով, կաքավելով են գնում և խշխշացնում են իրենց ոտքերի ապարանջանները»։

17. Դրա համար էլ Տերը կխուզի Սիոնի աղջիկների գլուխը, կմերկացնի նրանց ամոթույքը։

18. Այդ օրը Տերը կվերացնի նրանց ոտքի գեղեցիկ ապարանջանները, նրանց ճակատանոցներն ու մահիկները,

19. գինդերը, ապարանջաններն ու շղարշները,

20. գլխազարդերը, ոտքի շղթայիկներն ու գոտիները, թալիսմաններն ու հմայիլները,

21. մատանիներն ու քթի օղակները,

22. պատմուճաններն ու թիկնոցները, վերարկուներն ու քսակները,

23. հայելիներն ու փաթթոցներն ու գլխաշորերը։

24. Անուշահոտությունների փոխարեն փտության հոտ պիտի լինի, զարդագոտու փոխարեն՝ պարան, հյուսած խոպոպիկի փոխարեն՝ ճաղատություն, շքեղ պատմուճանի փոխարեն՝ քուրձից հագուստ, գեղեցկության փոխարեն՝ խարան։

25. Քո մարդիկ պիտի ընկնեն սրով, քո քաջամարտիկները՝ պատերազմում։

26. Նրա* դարպասները պիտի ողբան ու սգին, իսկ նա ամայացած պիտի նստի գետնամած։

ԵՍԱՅԻ 4

1. Այդ օրը յոթ կին կբռնեն մի տղամարդու և կասեն. «Մեր հացը կուտենք և մեր հագուստը կհագնենք, միայն թե քո անունով կոչվենք։ Վերացրո՛ւ մեր նախատինքը»։

2. Այդ օրը Տիրոջ շառավիղը գեղազարդ ու փառավոր կլինի, և երկրի պտուղը պարծանք ու շքեղություն կլինի Իսրայելի վերապրողների համար։

3. Սիոնի մնացորդը և Երուսաղեմում մնացածները սուրբ կկոչվեն. բոլոր նրանք, որ գրված են Երուսաղեմում ապրելու համար,

4. երբ լվացած լինի Սիոնի դուստրերի աղտեղությունը և մաքրած լինի Երուսաղեմն իր մեջ եղած արյունից իրավունքի հոգով և կրակի հոգով։

5. Տերը Սիոն լեռան բոլոր բնակավայրերում և ժողովատեղերի վրա ցերեկը ամպ, իսկ գիշերը՝ ծուխ ու կրակի պայծառ, այրող բոց կստեղծի, որովհետև ամբողջ փառքի վրա մի ամպհովանի կլինի։

6. Այն տաղավար կդառնա, հովանի՝ ցերեկվա տաքության* դեմ, և ապաստարան ու ծածկ՝ մրրիկի և անձրևի դեմ։

ԵՍԱՅԻ 5

1. Թող երգեմ իմ սիրելիի համար իմ սիրեցյալի երգը նրա այգու մասին։ Իմ սիրելին մի այգի ուներ մի արգավանդ բլուրի վրա։

2. Նա ցանկապատեց այն, փորեց այն, քարերը հանեց միջից, ընտիր որթեր տնկեց, նրա մեջտեղում դիտաշտարակ կառուցեց, փորեց նաև մի հնձան և սպասեց, որ խաղող տար, բայց այն ազոխ տվեց։

3. Հիմա, ո՛վ Երուսաղեմի բնակիչներ և Հուդայի երկրի մարդիկ, դատավո՛ր եղեք իմ և իմ այգու միջև։

4. Էլ ի՞նչ կար անելու իմ այգուն, որ ես չեմ արել նրանում. ինչո՞ւ, երբ սպասեցի, որ խաղող տար, նա ազոխ տվեց։

5. Հիմա ես ձեզ պիտի տեղյակ պահեմ, թե ի՛նչ եմ անելու իմ այգուն. ես կվերացնեմ նրա ցանկատունկը, որ նա ճարակ դառնա, կործանելու եմ նրա եզրապատերը, որ ոտքի կոխան դառնա։

6. Խոպան եմ թողնելու այն. չպիտի էտվի, չպիտի բրվի, և ցախ ու փուշ պիտի բուսնի նրա մեջ։ Ամպերին հրամայելու եմ, որ նրա վրա անձրև չթափեն,

7. որովհետև Զորությունների Տիրոջ այգին Իսրայելի տունն է, Հուդայի երկրի մարդիկ էլ՝ նրա ախորժելի տունկը։ Նա սպասում էր իրավունքի, և ահա արյունահեղություն, արդարություն, և ահա աղաղակ տառապալից։

8. Վա՜յ նրանց, որոնք մեկ տունը մյուսին են կցում, արտի վրա արտ են ավելացնում, մինչև որ այլևս տեղ չմնա, ու դուք մենակ բնակվեք երկրի մեջտեղում։

9. Ահա թե ինչ ասաց Զորությունների Տերն իմ ականջին. «Վստահաբար շատ տներ ամայանալու են, մեծ ու գեղեցիկ տներ՝ առանց բնակչի։

10. Տասը լծավար այգին տալու է մեկ մար գինի, և մեկ քոռ սերմը՝ մեկ արդու ցորեն»։

11. Վա՜յ նրանց, որոնք, վաղ առավոտյան վեր կենալով, ընկնում են օղու հետևից, երեկոյան ուշանում են, մինչև գինին նորից տաքացնում է նրանց։

12. Քնար ու տավիղ, թմբուկ ու սրինգ և գինի է լինում նրանց խնջույքներին, բայց նրանք ուշադրություն չեն դարձնում Տիրոջ արածներին, չեն տեսնում նրա ձեռքի գործը։

13. Ահա թե ինչու իմ ժողովուրդը տգիտության պատճառով տարագրվում է, նրա մեծամեծները սովամահ են լինում, և նրա բազմությունը տոչորվում է ծարավից։

14. Ահա թե ինչու մեռյալների աշխարհը կմեծացնի իրեն, անչափ կբացի իր երախը, և նրա մեջ կիջնեն ժողովրդի երևելիներն ու բազմությունը, նրա ժխորն ու զվարճությունը։

15. Մարդը կնվաստացվի, մարդկությունը կխոնարհեցվի, և ամբարտավանների աչքերը կխոնարհվեն։

16. Զորությունների Տերը կբարձրացվի իրավունքի հաստատումով, և սուրբ Աստվածն արդարությամբ կսրբանա։

17. Գառնուկներ պիտի արածեն, ինչպես իրենց արոտավայրում, և հարուստների ավերակներում օտարականներ պիտի ճաշակեն։

18. Վա՜յ նրանց, որոնք անօրենությունը քարշ են տալիս ունայնության պարաններով և մեղքը՝ ասես սայլի չվաններով,

19. որոնք ասում են. «Թող շտապի, շուտով անի իր գործը, որ տեսնենք. թող մոտենա ու գա Իսրայելի Սրբի խորհուրդը, որ իմանանք»։

20. Վա՜յ նրանց, որոնք չարին ասում են բարի և բարուն՝ չար, որոնք խավարը լույսի տեղ են դնում և լույսը՝ խավարի, որոնք դառը դնում են քաղցրի տեղ և քաղցրը՝ դառի։

21. Օ՜, նրանք, որ իմաստուն են իրենց աչքին և խելոք՝ ըստ իրենց։

22. Վա՜յ նրանց, որոնք քաջ են գինի խմելու մեջ և կտրիճ՝ օղի խառնելու մեջ,

23. որոնք ամբարիշտին արդարացնում են կաշառքի համար և արդարներին զրկում են իրավունքից։

24. Դրա համար էլ, ինչպես որ կրակի բոցն է լափում մղեղը, և ինչպես որ չոր խոտն է այրվում բոցի մեջ, այնպես էլ պիտի փտի նրանց արմատը, և նրանց ծաղիկը փոշու նման վեր պիտի բարձրանա, որովհետև նրանք մերժեցին Զորությունների Տիրոջ օրենքը և անարգեցին Իսրայելի Սրբի խոսքը։

25. Դրա համար Տիրոջ բարկությունը բորբոքվեց իր ժողովրդի դեմ. նա իր ձեռքը բարձրացրեց նրա վրա և հարվածեց նրան այնպես, որ դողացին լեռները։ Նրանց դիակներն աղբի պես թափված են փողոցներում։ Այսուհանդերձ նրա բարկությունը չի իջել, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։

26. Նա դրոշակ է բարձրացնելու հեռավոր ազգերի համար, սուլելու է երկրի ծայրից նրանց բերելու համար։ Եվ ահա նրանք գալիս են արագ ու շտապ։

27. Նրանց մեջ մեկը չկա հոգնած, ոչ ոք չի սայթաքում, ոչ ոք չի ննջում, ոչ ոք չի քնում, ոչ մեկի մեջքի գոտին չի արձակվում, ոչ մեկի կոշիկների կապը չի կտրվում։

28. Նրանց նետերը սուր են, և բոլոր աղեղները՝ լարված, նրանց ձիերի սմբակները՝ կայծաքարի նման, մարտակառքերի անիվները՝ մրրիկի նման։

29. Նրանց մռնչյունը նման է առյուծի մռնչյունի. նրանք մռնչում են կորյունների պես, գոչում, հափշտակում են որսը. կփախցնեն, ու չկա մեկը, որ ազատի։

30. Այդ օրը պիտի գոռան նրա վրա ծովի գոռգոռոցի պես, ու եթե մեկը նայի երկրին, միայն խավար ու տագնապ պիտի տեսնի։ Նույնիսկ լույսը խավարել է նրա երկնքում։

ԵՍԱՅԻ 6

1. Ոզիա թագավորի մահվան տարում տեսա Տիրոջը, որ բազմած էր բարձր և վեհանիստ մի գահի վրա, և նրա քղանցքը լցրել էր տաճարը։

2. Նրա վերևում կանգնած էին սերովբեներ, որոնցից յուրաքանչյուրն ուներ վեց թև. երկուսով ծածկում էր իր դեմքը, երկուսով՝ իր ոտքերը և երկուսով թռչում էր։

3. Կանչում էր մեկը մյուսին և ասում. «Սուրբ, Սուրբ, Սուրբ է Զորությունների Տերը, և ամբողջ երկիրը լի է նրա փառքով»։

4. Աղաղակողի ձայնից դրանդիների հիմքերը երերացին, և տունը լցվեց ծխով։

5. Ես ասացի. «Վա՜յ ինձ, ես կորած եմ, որովհետև ես պիղծ շուրթերով մի մարդ եմ, պղծաշուրթ մի ժողովրդի մեջ եմ բնակվում, և իմ աչքերը տեսան Թագավորին՝ Զորությունների Տիրոջը»։

6. Ապա սերովբեներից մեկը թռավ ինձ մոտ՝ ձեռքին կրակի մի կայծ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանի վրայից։

7. Դրանով նա դիպավ իմ բերանին և ասաց. «Ահա սա դիպավ քո շուրթերին. քո անօրենությունը վերացած է, և քո մեղքը՝ քավված»։

8. Ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. «Ո՞ւմ ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար»։ Ես պատասխանեցի. «Ահավասիկ ես, ի՛նձ ուղարկիր»։

9. Նա ասաց. «Գնա՛ և ասա՛ այս ժողովրդին. “Լսելով պիտի լսեք, բայց չհասկանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց չիմանաք”։

10. Բթացրո՛ւ այս ժողովրդի միտքը, ծանրացրո՛ւ նրա ականջները և փակի՛ր նրա աչքերը, որ չտեսնի իր աչքերով, չլսի իր ականջներով, որպեսզի իր մտքով չիմանա, դարձի չգա և չբժշկվի»։

11. Ես ասացի. «Մինչև ե՞րբ, Տե՛ր իմ»։ Նա պատասխանեց. «Մինչև որ քաղաքները, բնակիչ չունենալով, կործանվեն, և տներում մարդ չլինի, և երկիրն ավերվելով ամայանա,

12. մինչև որ Տերը հեռացնի մարդկանց, և երկրում մեծ ամայություն լինի։

13. Եվ եթե այնտեղ մեկ տասներորդ մասը դեռ մնա, այն դարձյալ կայրվի, ու ինչպես մնում է բևեկնու և կաղնու կոճղը, երբ նրանք տապալվում են, սուրբ սերունդը կլինի նրա կոճղը»։

ԵՍԱՅԻ 7

1. Այնպես պատահեց, որ Հուդայի թագավոր Ոզիայի որդի Հովաթամի որդու՝ Աքազի օրոք Արամի* Ռասին թագավորը և Իսրայելի թագավոր Ռոմելայի որդի Փակեեն բարձրացան Երուսաղեմ՝ պատերազմելու նրա դեմ, բայց չկարողացան նրա դեմ պատերազմ մղել։

2. Երբ Դավթի տանը հաղորդվեց, թե Արամի երկիրը դաշնակցել է Եփրեմի երկրի հետ, նրա սիրտը և նրա ժողովրդի սիրտն սկսեց դողալ, ինչպես անտառի ծառերն են դողում քամուց։

3. Տերն ասաց Եսայուն. «Գնա՛ քո որդու՝ Շեար-Յաշուբի* հետ՝ Աքազին դիմավորելու վերևի ավազանի ջրանցքի ծայրին՝ թափիչի այգու ճանապարհի վրա,

4. և ասա՛ նրան. “Զգո՛ւյշ եղիր և հանդա՛րտ մնա, մի՛ վախեցիր, թող սիրտդ չթուլանա ծխացող այս երկու կիսախանձ փայտի ծայրերից՝ Ռասինի ու արամեացիների և Ռոմելայի որդու բորբոքված բարկությունից,

5. նրա համար, որ արամեացիները Եփրեմի երկրի մարդկանց և Ռոմելայի որդու հետ չար խորհուրդ են արել քո դեմ՝ ասելով.

6. "Գնանք Հուդայի դեմ, ահաբեկենք նրան, նվաճենք այդ երկիրը մեզ համար և նրա վրա թագավոր կարգենք Տաբեելի որդուն"։

7. Այսպես է ասում Տեր Աստված. "Չպիտի կատարվի և չպիտի լինի,

8. որովհետև արամեացիների գլուխը Դամասկոսն է, և Դամասկոսի գլուխը՝ Ռասինը։ Եվս վաթսունհինգ տարի, և Եփրեմի ժողովուրդը կդադարի ժողովուրդ լինելուց։

9. Եփրեմի գլուխը Սամարիան է, և Սամարիայի գլուխը՝ Ռոմելայի որդին։ Եթե չհավատաք, հիրավի չեք հաստատվի"”»։

10. Տերը դարձյալ խոսեց Աքազի հետ՝ ասելով.

11. «Մի նշա՛ն խնդրիր քեզ համար քո Տեր Աստծուց խորագույն խորքում կամ բարձր բարձունքում»։

12. Բայց Աքազն ասաց. «Չեմ խնդրի և Տիրոջը չեմ փորձի»։

13. Եվ Եսային ասաց. «Հիմա լսե՛ք, ո՛վ Դավթի տուն, քի՞չ բան է ձեզ համար մարդկանց հոգնեցնելը, որ իմ Աստծուն էլ եք հոգնեցնում։

14. Դրա համար Տերն ինքը ձեզ նշան կտա։ Ահա կույսը կհղիանա ու մի որդի կծնի և նրա անունն Էմմանուել կդնի։

15. Նա կաթնաշոռ ու մեղր պիտի ուտի, մինչև որ գիտենա չարը մերժել և լավն ընտրել։

16. Բայց նախքան մանկան՝ չարը մերժելն ու բարին ընտրել գիտենալը՝ այն երկիրը, որոնց երկու թագավորներից դու վախենում ես, պիտի լքվի։

17. Տերը քեզ վրա, քո ժողովրդի և քո հոր տան վրա պիտի բերի այնպիսի օրեր, որպիսիք չեն եղել այն օրից ի վեր, երբ Եփրեմի երկիրը բաժանվեց Հուդայի երկրից. պիտի բերի Ասորեստանի թագավորին։

18. Այդ օրը Տերը կսուլի այն ճանճերին, որոնք Եգիպտոսի գետերի վերջում են, և այն մեղուներին, որոնք Ասորեստանի երկրում են։

19. Բոլորը պիտի գան ու նստեն խոր ձորերում և ժայռերի խոռոչներում, բոլոր թփերի և բոլոր արոտավայրերի վրա։

20. Այդ օրը Տերը վարձված ածելիով՝ գետի այն կողմում գտնվող Ասորեստանի թագավորի ձեռքով, պիտի սափրի ձեր գլուխն ու ոտքի մազերը, նաև ամբողջովին պիտի խուզի ձեր մորուքը։

21. Այդ օրն ամեն մարդ մի երինջ և երկու ոչխար պիտի պահի

22. և նրանց տված կաթի առատությունից կաթնաշոռ պիտի ուտի, որովհետև կաթնաշոռ ու մեղր պիտի ուտեն բոլոր նրանք, ովքեր մնացած կլինեն այդ երկրում։

23. Այդ օրն այնպես պիտի լինի, որ ամեն տեղ, որտեղ կար հազար որթատունկ՝ հազար սիկղ արծաթի արժեքով, ցախ ու փշով պիտի լցվի։

24. Նետերով ու աղեղներով գալու են այնտեղ, որովհետև ողջ երկիրը ցախ ու փուշ պիտի լինի։

25. Սարալանջերը, որոնք բրվում էին բրիչով, այնտեղ չեք գնալու՝ ցախից ու փշից վախենալով. դրանք արջառների արոտավայր պիտի դառնան և ոչխարների ոտքի կոխան պիտի լինեն»։

ԵՍԱՅԻ 8

1. Ապա Տերն ինձ ասաց. «Մի մեծ մագաղա՛թ վերցրու և դրա վրա սովորական տառերով գրի՛ր. “Մահեր-շալալ հաշ-բազ”»։

2. Ես, որպես վստահելի վկաների, վերցրի Ուրիա քահանային և Բարաքիայի որդի Զաքարիային։

3. Ես մերձեցա մարգարեուհուն, և նա հղիացավ ու մի որդի ծնեց։ Տերն ինձ ասաց. «Նրա անունը դի՛ր “Մահեր-շալալ հաշ-բազ”,*

4. որովհետև նախքան մանկան “հայրիկս” կամ “մայրիկս” կանչել սովորելը Դամասկոսի հարստությունն ու Սամարիայի ավարը վերցվելով կտարվեն Ասորեստանի թագավորի առաջ»։

5. Տերը դարձյալ խոսեց ինձ հետ և ասաց.

6. «Քանի որ այս ժողովուրդը մերժում է Սիլոահի հանդարտահոս ջրերը և ուրախանում Ռասինի ու Ռոմելայի որդու հետ,

7. դրա համար էլ Տերը նրանց դեմ պիտի հանի գետի հուժկու և առատ ջրերը, այսինքն՝ Ասորեստանի թագավորին և նրա ամբողջ փառքը։ Նա պիտի բարձրանա իր հունից և դուրս գա իր բոլոր ափերից,

8. արագությամբ պիտի անցնի ու ներխուժի Հուդայի երկիրը, պիտի ողողի այն ու հասնի մինչև նրա պարանոցը։ Տարածելով իր թևերը՝ պիտի լցնի քո երկրի լայնությունը, ո՛վ Էմմանուել։

9. Խմբվե՛ք, ո՛վ ժողովուրդներ, բայց պիտի խորտակվեք. ակա՛նջ դրեք, ո՛վ երկրի բոլոր հեռավոր վայրեր. գոտեպնդվե՛ք, բայց պիտի խորտակվեք. պատրաստվե՛ք, բայց պիտի խորտակվեք։

10. Մի խորհո՛ւրդ խորհեք, բայց պիտի խափանվի, մի խո՛սք խոսեք, բայց չպիտի հաստատվի, որովհետև Աստված մեզ հետ է»։

11. Դրա համար այսպես խոսեց Տերն ինձ հետ՝ իր հզոր ձեռքն ինձ վրա, և ինձ խրատեց չգնալ այս ժողովրդի ճանապարհով՝ ասելով.

12. «Դավադրություն մի՛ ասացեք այն ամենին, ինչին այս ժողովուրդը դավադրություն է ասում. մի՛ վախեցեք այն բանից, ինչից նրանք են վախենում, և մի՛ զարհուրեք դրանից»։

13. Զորությունների Տիրոջը՝ նրա՛ն սրբացրեք, և թող նա՛ լինի ձեր երկյուղն ու թող նա՛ լինի ձեր զարհուրանքը։

14. Նա ձեզ համար սրբարան կլինի, իսկ Իսրայելի երկու տների համար՝ գայթակղության քար ու գլորման վեմ և Երուսաղեմի բնակիչների համար՝ թակարդ ու որոգայթ։

15. Շատերը պիտի գայթեն, վայր ընկնեն ու փշրվեն և պիտի թակարդն ընկնեն ու բռնվեն։

16. Կապի՛ր վկայությունը, կնքի՛ր այս ուսուցումն իմ աշակերտների մեջ։

17. Ես սպասում եմ Տիրոջը, որն իր երեսը ծածկել է Հակոբի տնից, և իմ հույսը դնում եմ նրա վրա։

18. Ահա ես և այն զավակները, որ Տերը պարգևեց ինձ՝ Իսրայելում նշաններ և սքանչելիքներ լինելու Զորությունների Տիրոջ կողմից, որը բնակվում է Սիոն լեռան վրա։

19. Երբ ձեզ ասեն. «Խորհո՛ւրդ հարցրեք մեռելահարցուկներից և վհուկներից, որոնք փսփսում և քրթմնջում են», այն ժամանակ դուք էլ նրանց ասացե՛ք. «Ժողովուրդն իր Աստծո՞ւց չպիտի հարցնի. ողջերի համար մեռածների՞ն պիտի դիմի

20. ուսուցման և վկայության համար»։ Այս խոսքի համար, որ նրանք խոսում են, նրանք արշալույս չեն տեսնի։

21. Նրանք երկրում պիտի շրջեն տագնապած և քաղցած։ Երբ քաղցած են լինում, պիտի սրտմտեն, պիտի անիծեն թագավորին և իրենց Աստծուն. իրենց դեմքը դեպի վեր դարձրած՝

22. պիտի նայեն երկրին, և ահա միայն նեղություն ու խավար, անձկություն ու մեգ։ Նրանք համատարած թանձր մթության մեջ են։

ԵՍԱՅԻ 9

1. Սակայն խավար չի լինի նրանց համար, որոնք նեղության մեջ էին։ Անցյալ ժամանակներում նա անարգեց Զաբուղոնի երկիրն ու Նեփթաղիմի երկիրը, բայց գալիք ժամանակներում փառավոր պիտի դարձնի ծովի ճանապարհը, Հորդանան գետի մյուս կողմում գտնվող երկիրը՝ հեթանոսների Գալիլեան։

2. Խավարի մեջ ընթացող ժողովուրդը մեծ լույս տեսավ. մահվան ստվերի երկրում բնակվողների վրա լույս ծագեց։

3. Դու բազմացրիր ազգը, մեծացրիր նրա ուրախությունը։ Նրանք ուրախանում են քո առաջ, ինչպես մարդիկ ուրախանում են հնձի ժամանակ և ցնծում ավար բաժանելիս,

4. որովհետև նրա ծանր լուծը և մեջքի գավազանն ու իր վրա բռնացողի իշխանական ցուպը կոտրեցիր, ինչպես Մադիամի օրերին։

5. Որովհետև ամեն կոշիկ, որ դոփել է ռազմադաշտում, և արյունաթաթախ հագուստը պիտի կրակը նետվեն և հրո ճարակ դառնան։

6. Որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունն իր ուսերի վրա կլինի, և կկոչվի Սքանչելի Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր և Խաղաղության Իշխան։

7. Նրա իշխանության տարածմանն ու խաղաղությանը վերջ չի լինելու Դավթի գահի վրա և նրա թագավորության վրա, որպեսզի այն հաստատի և ամրացնի իրավունքով ու արդարությամբ՝ այժմվանից մինչև հավիտյան։ Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունն է կատարելու սա։

8. Տերը Հակոբի դեմ պատգամ ուղարկեց, և այն իջավ Իսրայելի վրա։

9. Պիտի իմանա ողջ ժողովուրդը՝ Եփրեմն ու Սամարիայի բնակիչները, որոնք ամբարտավանությամբ և հպարտ սրտով ասում են.

10. «Աղյուսներն ընկան, բայց մենք կկառուցենք սրբատաշ քարերով, մոլաթզենիները կտրվեցին, բայց մենք եղևնիներ կդնենք դրանց փոխարեն»։

11. Տերը նրանց դեմ պիտի հանի Ռասինի հակառակորդներին և պիտի գրգռի նրանց թշնամիներին։

12. Արամն արևելքից, փղշտացիները արևմուտքից լիաբերան պիտի հոշոտեն Իսրայելը։ Այսուհանդերձ նրա բարկությունը չի իջնում, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։

13. Ժողովուրդը չի վերադառնում իրեն հարվածողին, չի փնտրում Զորությունների Տիրոջը։

14. Եվ Տերը մեկ օրում պիտի կտրի Իսրայելի գլուխն ու պոչը՝ արմավենու ճյուղն ու կնյունը։

15. Երեցներն ու պատվավորները գլուխն են, իսկ մարգարեն, որ ստություն է սովորեցնում, պոչն է։

16. Այս ժողովրդի առաջնորդները մոլորեցնում են ժողովրդին, և նրանցից առաջնորդվողները շփոթված են։

17. Դրա համար էլ Տերը չի ուրախանալու նրա երիտասարդներով և չի գթալու նրա որբերին ու այրիներին, որովհետև նրանք ամենքն էլ անաստված ու չարագործ են, և ամեն բերան հիմարություն է բարբառում։ Այսուհանդերձ նրա բարկությունը չի իջնում, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։

18. Որովհետև ամբարշտությունը կրակի նման այրում է ցախն ու փշերը, լափում ու վառում է թավուտ անտառները, և ցնդում են բարձր ծխասյուներով։

19. Զորությունների Տիրոջ ցասումից այրվելու է երկիրը, և ժողովուրդն էլ հրո ճարակ է լինելու։ Ոչ ոք չի խնայելու իր եղբորը։

20. Հափշտակելու են աջ կողմից, բայց քաղցած են մնալու, ուտելու են ձախ կողմից, բայց չեն կշտանալու։ Ամեն մարդ իր բազկի միսն է ուտելու։*

21. Մանասեն Եփրեմին է ուտելու, Եփրեմը՝ Մանասեին, և նրանք միասին Հուդայի դեմ պիտի ելնեն։ Այսուհանդերձ նրա բարկությունը չի իջնում, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։

ԵՍԱՅԻ 10

1. Վա՜յ անօրեն կանոններ դնողներին և նրանց, որոնք անիրավ հրամաններ են արձանագրում.

2. աղքատների դատը խեղաթյուրելու, իմ ժողովրդի թշվառների իրավունքը հափշտակելու, այրի կանանց իրենց ավարը դարձնելու և որբերին կողոպտելու համար։

3. Ի՞նչ եք անելու հատուցման օրը և այն աղետի ժամանակ, որը հեռվից գալիս է ձեզ վրա. ո՞ւմ մոտ եք վազելու օգնության համար և ո՞ւր եք թողնելու ձեր հարստությունը։

4. Դուք ուրիշ բան չեք ունենա անելու, եթե ոչ կծկվել գերիների մեջ կամ տապալվել սպանվածների մեջ։ Այսուհանդերձ Տիրոջ բարկությունը չի իջնում, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։

5. Վա՜յ, Ասորեստան՝ իմ բարկության ցուպը. նրա ձեռքի գավազանը իմ ցասումն է։

6. Նրան արձակելու եմ մի անաստված ազգի դեմ, նրան նշանակելու եմ մի ժողովրդի վրա, որ ինձ վրդովել է, որպեսզի ավարը հափշտակի ու կողոպուտը գրավի և նրան ոտնակոխ անի, ինչպես փողոցների ցեխը։

7. Բայց Ասորեստանի արքան այնպես չի մտածում, և ինքն իր մտքում այդպես չի խորհում, այլ նրա մտադրությունը միայն կոտորելն է, բազում ազգեր բնաջնջելը,

8. որովհետև նա ասում է. «Իմ իշխանավորները բոլորն էլ մի՞թե թագավորներ չեն.

9. մի՞թե Քաղանեն Քարքեմիշի պես չէ, կամ Եմաթը Արփաթի պես չէ՞. Սամարիան Դամասկոսի պես չէ՞։

10. Ինչպես իմ ձեռքը հասավ չաստվածների թագավորություններին, որոնց քանդակած կուռքերն ավելին էին, քան Երուսաղեմում և Սամարիայում եղածները,

11. մի՞թե նույն կերպ չեմ անելու Երուսաղեմին ու նրա չաստվածներին, ինչ որ արել եմ Սամարիային ու նրա կուռքերին»։

12. Երբ Տերը իր բոլոր գործերն ավարտի Սիոն լեռան վրա և Երուսաղեմում, նա պիտի ասի՝ «Ես կպատժեմ Ասորեստանի թագավորի մեծամիտ սրտի պտուղը և նրա ամբարտավան աչքերի սնափառությունը»։

13. Որովհետև նա ասել է. «Իմ ձեռքի զորությամբ կատարեցի և իմ իմաստությամբ, որովհետև ես խելացի եմ։ Ես վերացրի ժողովուրդների սահմանները, հափշտակեցի նրանց գանձերը և հզորի նման նվաճեցի նրանց գահակալներին։

14. Իմ ձեռքը հասավ ժողովուրդների ունեցվածքին, ինչպես մի բնի, և բնում թողնված ձվերի նման ես հավաքեցի ամբողջ երկիրը։ Ոչ ոք չեղավ, որ թևը շարժեր կամ կտուցը բացեր և կամ ճվճվար»։

15. Մի՞թե կացինը կպարծենա իրենով տաշողի դիմաց, կամ սղոցը կհոխորտա՞սղոցողի դիմաց, իբր թե ցուպն ինքը շարժեր իրեն բարձրացնողին, կամ գավազանն ինքը բարձրացներ նրան, ով փայտ չէ։

16. Դրա համար Տերը՝ Զորությունների Տերը, նրա պարարտ մարդկանց վրա նիհարություն պիտի ուղարկի, և նրա փառքի տակ կրակ պիտի վառվի բոցավառ հրդեհի նման։

17. Իսրայելի Լույսը հուր պիտի դառնա, նրա Սուրբը՝ բոց, և մեկ օրում պիտի այրի ու սպառի նրա փուշն ու ցախը։

18. Նա պիտի կործանի նրա անտառի և բարեբեր այգիների փառքը, նրա հոգին էլ, մարմինն էլ, և նա հիվանդ մարդու նման պիտի հյուծվի։

19. Նրա անտառի ծառերի մնացորդն այնքան քիչ պիտի լինի, որ երեխան իսկ պիտի կարողանա դրանք գրանցել։

20. Այն օրն Իսրայելի մնացորդն ու Հակոբի տան ազատվածներն այլևս չպիտի ապավինեն իրենց հարվածողին, այլ ճշմարտությամբ պիտի ապավինեն Տիրոջը՝ Իսրայելի Սրբին։

21. Մնացորդը՝ Հակոբի տան մնացորդը, պիտի վերադառնա դեպի Հզոր Աստվածը,

22. որովհետև քո ժողովուրդը, ո՛վ Իսրայել, թեկուզև ծովի ավազի չափ լինի, նրանից միայն մի մնացորդ է վերադառնալու։ Կործանումը վճռված է. հորդելու է արդարությունը,

23. որովհետև վճռված այդ կործանումն ամբողջ երկրի վրա իրագործելու է Տերը՝ Զորությունների Տերը։

24. Դրա համար այսպես է ասում Տերը՝ Զորությունների Տերը. «Ո՛վ իմ ժողովուրդ, որ բնակվում ես Սիոնում, մի՛ վախեցիր Ասորեստանից, երբ նա քեզ հարվածում է գավազանով և իր մահակը բարձրացնում է քեզ վրա եգիպտացիների նման։

25. Մի փոքր ժամանակ ևս, որից հետո ցասումը վերջ կգտնի, և իմ բարկությունը պիտի ուղղվի նրա ոչնչացմանը»։

26. Արդարև, Զորությունների Տերը խարազանը պիտի բարձրացնի նրա վրա, ինչպես հարվածեց Մադիամին Օրեբ ժայռի մոտ, և իր գավազանը կբարձրացնի ծովի վրա, ինչպես արեց Եգիպտոսում։

27. Այդ օրը նրա բեռը կվերցվի քո ուսերից, նրա լուծը՝ քո պարանոցից, լուծը կկոտրվի գիրության պատճառով։

28. Գալիս է Այյաթ, կտրում-անցնում է Միգրոնը և իր գույքը տեղավորում է Միքմաշում։

29. Նրանք անցել են լեռնանցքով, օթևանել Գեբայում։ Ռաման դողում է, Սավուղի Գիբան փախչում։

30. Աղաղակի՛ր քո ձայնով, ո՛վ դուստր Գաղղիմի, ակա՛նջ դիր, ո՛վ Լաիշա։ Պատասխանի՛ր, ո՛վ Անաթոթ։

31. Մադմենան փախուստի մեջ է, Գեբիմի բնակիչները շտապում են ապաստան գտնել։

32. Այսօր նա կմնա Նոբում, կշարժի իր ձեռքը Սիոնի դստեր լեռան՝ Երուսաղեմի բլրի վրա։

33. Ահավասիկ Տերը՝ Զորությունների Տերը, սաստկաբար կկտրի ճյուղերը, ամենաբարձրերը կկտրատվեն, և վեր բարձրացածները ցած կգցվեն։

34. Նա թավուտ անտառները կացնով* կկտրի, և Լիբանանը Հզորի ձեռքով կտապալվի։

ԵՍԱՅԻ 11

1. Մի շառավիղ դուրս կգա Հեսսեի բնից, մի ընձյուղ կբուսնի նրա արմատներից։

2. Նրա վրա պիտի հանգչի Տիրոջ հոգին, իմաստության և հանճարի հոգին, խորհրդի և զորության հոգին, գիտության և Տիրոջ երկյուղի հոգին։

3. Նրա հաճույքը Տիրոջ երկյուղը կլինի. նա չի դատի ըստ իր աչքերի տեսածի, ոչ էլ պիտի որոշի ըստ իր ականջների լսածի,

4. այլ արդարությամբ կդատի աղքատներին և ուղղամտորեն կհանդիմանի երկրի հեզերին։ Նա իր բերանի գավազանով կհարվածի երկրին և իր շուրթերի շնչով կմեռցնի ամբարիշտներին։

5. Արդարությունը նրա մեջքի գոտին կլինի, և ճշմարտությունը՝ նրա երանքի գոտին։

6. Գայլը գառան հետ կբնակվի, և ընձառյուծը կպառկի ուլի հետ, հորթը, կորյունն ու պարարտ զվարակը միասին կլինեն, և մի փոքր երեխա կհովվի նրանց։

7. Կովը արջի հետ կարածի, և նրանց ձագերը կպառկեն միասին։ Առյուծն արջառի նման հարդ կուտի։

8. Ծծկերն իժի ծակի վրա կխաղա, և կաթից կտրված տղան իր ձեռքը քարբի բնի մեջ կմտցնի։

9. Նրանք ոչ մի չարիք ու վնաս չեն պատճառի իմ ամբողջ սուրբ լեռան վրա, որովհետև Տիրոջ գիտությունը պիտի լցնի երկիրը, ինչպես ջրերը, որոնք ծածկում են ծովը։

10. Այդ օրը Հեսսեի արմատը ժողովուրդների համար կկանգնի որպես դրոշ, ազգերը նրան կփնտրեն. նրա հանգստավայրը փառավոր կլինի։

11. Այդ օրը Տերը երկրորդ անգամ կմեկնի իր ձեռքը, որպեսզի իր ցրված ժողովրդի մնացորդին, որ մնացել է, հավաքի Ասորեստանից, Եգիպտոսից, Պաթուրեսից, Եթովպիայից, Եղամից, Սենաարից, Եմաթից և ծովեզրից։

12. Նա դրոշ կբարձրացնի ազգերի համար և կհավաքի Իսրայելի աքսորյալներին ու կմեկտեղի Հուդայի երկրից ցրվածներին աշխարհի չորս անկյուններից։

13. Կվերանա Եփրեմի նախանձը, և Հուդայի երկրին նեղողները կբնաջնջվեն։ Եփրեմը չի նախանձի Հուդայի երկրին, և Հուդայի երկիրը Եփրեմին չի նեղի։

14. Այլ նրանք դեպի արևմուտք՝ փղշտացիների ուսերի վրա կթռչեն և միասին կկողոպտեն արևելքի ժողովուրդներին։ Նրանք իրենց ձեռքը կերկարեն Եդովմի ու Մովաբի վրա, և ամմոնացիները կհնազանդվեն իրենց։

15. Տերը կչորացնի Եգիպտոսի ծովի* լեզուն և սաստիկ քամիով իր ձեռքը կշարժի գետի* վրա ու հարվածելով՝ այն կբաժանի յոթ առուների, որպեսզի անցնեն կոշիկներով։

16. Իր ժողովրդի մնացած վերապրողների համար մի պողոտա կլինի Ասորեստանից, ինչպես եղել էր Իսրայելի համար, երբ բարձրացավ Եգիպտոսից։

ԵՍԱՅԻ 12

1. Այդ օրը կասես. «Գովերգելու եմ քեզ, ո՛վ Տեր, թեև բարկացար ինձ վրա, բայց քո բարկությունը վերացավ, և դու մխիթարեցիր ինձ։

2. Ահավասիկ Աստված է իմ փրկությունը. ես վստահում եմ և չեմ սարսափի, որովհետև Տեր Աստված է իմ զորությունն ու սաղմոսը։ Նա եղավ իմ փրկությունը»։

3. Դուք ուրախությամբ ջուր պիտի հանեք փրկության աղբյուրներից

4. և այն օրը կասեք. «Գովերգե՛ք Տիրոջը, կանչե՛ք նրա անունը, հռչակե՛ք նրա գործերը ժողովուրդների մեջ, հիշեցրե՛ք, որ բարձր է նրա անունը։

5. Օրհներգե՛ք Տիրոջը, որը մեծափառ գործեր է կատարել, դրանք թող իմացվեն համայն աշխարհում։

6. Ցնծությամբ աղաղակի՛ր, ո՛վ Սիոնի բնակչություն, որովհետև մեծ է քո մեջ Իսրայելի Սուրբը»։

ԵՍԱՅԻ 13

1. Բաբելոնի մասին պատգամը, որը հայտնվեց Ամոզի որդի Եսայուն։

2. «Դրո՛շ կանգնեցրեք լերկ բլուրի վրա, բարձրաձայն կանչե՛ք նրանց, ձեռքով նշա՛ն արեք, որպեսզի ազնվականների դռներից մտնեն։

3. Ես եմ հրամայել իմ սուրբ նվիրյալներին, կանչել եմ նաև իմ ուժեղ մարդկանց, իմ վեհափառության համար ցնծացողներին՝ իմ բարկությունը գործադրելու համար»։

4. Լսե՛ք. աղմուկ կա լեռների վրա, մեծ բազմության նման. լսե՛ք ժխոր ազգերի, թագավորությունների հավաքի ձայնը։ Զորությունների Տերը պատերազմի ելած զորքի զորահանդես է անում,

5. որ եկել է հեռավոր մի երկրից՝ երկնքի ծայրից։ Տերը և նրա ցասման գործիքներն ավերելու են ամբողջ երկիրը։

6. Ողբացե՛ք, որովհետև մոտ է Տիրոջ օրը, որն իբրև ավերում գալու է Ամենակարողից։

7. Դրա համար կթուլանան բոլոր ձեռքերը, և կհալվի ամեն մարդու սիրտը։

8. Նրանք կսոսկան անձկություններով ու տանջանքներով կհամակվեն, ծննդաբերող կնոջ նման երկունքի ցավ կքաշեն, ամեն մարդ ապշած կմնա՝ նայելով իր ընկերոջը. նրանց դեմքերը բոցագույն կլինեն։

9. Ահա գալիս է Տիրոջ օրը՝ անգթության, վրդովմունքի և բորբոք բարկության օրը, որ երկիրն ամայացնելու է և նրա մեղավորներին բնաջնջելու է նրա երեսից,

10. որովհետև երկնքի աստղերն ու նրանց աստղաբույլերն իրենց լույսը չեն տալու, արեգակը ծագելիս խավարելու է, և լուսինն իր լույսը չի ճառագայթի։

11. «Ես կպատժեմ աշխարհին իր չարության համար և ամբարիշտներին իրենց անօրենության համար. կդադարեցնեմ հպարտների ամբարտավանությունը և կխոնարհեցնեմ բռնավորների գոռոզությունը։

12. Ես մարդուն ավելի հազվագյուտ պիտի դարձնեմ, քան մաքուր ոսկին, և մարդ արարածին ավելի հազվագյուտ, քան Օփիրի ոսկին»։

13. Դրա համար կցնցեմ երկինքը, և երկիրն իր տեղից կսասանվի, Զորությունների Տիրոջ վրդովմունքի ժամանակ՝ բորբոք բարկության օրը։

14. Հալածված այծյամի նման և ցրված ոչխարների պես, որոնք հավաքող չունեն, ամեն մարդ կվերադառնա իր ժողովրդի մոտ, ամեն մարդ կփախչի իր երկիրը։

15. Ով գտնվի, նետով կխոցվի, ով բռնվի, սրով կընկնի։

16. Նրանց մանուկները գետնով տրվելով պիտի կոտորվեն իրենց աչքերի առաջ, նրանց տները կկողոպտվեն, և նրանց կանայք կբռնաբարվեն։

17. «Ահա ես նրանց դեմ պիտի հանեմ մարերին։ Նրանք բանի տեղ չեն դնում արծաթը և ոսկին չեն ախորժում։

18. Նրանց աղեղները կխոցեն երիտասարդներին և չեն գթա մոր որովայնի պտղին, նրանց աչքը չի խնայի մանուկներին»։

19. Եվ Բաբելոնը՝ թագավորությունների զարդը, քաղդեացիների պարծանքի շքեղությունը, Սոդոմի ու Գոմորի պես կդառնա, երբ Աստված դրանք կործանեց։

20. Այնտեղ ապրող չպիտի լինի, և չի բնակեցվի սերնդեսերունդ. արաբն այնտեղ չի խփելու իր վրանը, հովիվներն այնտեղ չեն հանգստացնելու իրենց հոտերը,

21. այլ վայրի գազաններն են մակաղելու այնտեղ, բվերն են լցնելու նրանց տները, այնտեղ ջայլամներն են բնակվելու, այծամարդերն են պար գալու,

22. բորենիներն են ոռնալու նրա պալատներում, և աղվեսները՝ նրա ապարանքներում։ Նրա ժամանակը հասնելու մոտ է, և նրա օրերը չպիտի երկարաձգվեն։

ԵՍԱՅԻ 14

1. Տերը գթալու է Հակոբին, դարձյալ ընտրելու է Իսրայելին և նրանց հաստատելու է իրենց երկրում։ Օտարազգիներ պիտի միանան նրանց և հարեն Հակոբի տանը։

2. Ժողովուրդները նրանց առնելու և տանելու են իրենց վայրը, և Իսրայելի տունը պիտի ժառանգի*նրանց Տիրոջ հողի վրա՝ իբրև ծառաների և աղախինների։ Նրանք գերի պիտի դարձնեն իրենց գերեվարողներին և պիտի տիրեն իրենց վրա բռնացողներին։

3. Երբ Տերը քեզ հանգստացնի քո ցավից, քո տաժանքից և այն ծանր ծառայությունից, որին դու ենթարկվել էիր,

4. այս հեգնական առակը պիտի պատմես Բաբելոնի թագավորի մասին և ասես. «Ինչպե՜ս դադարեց բռնավորը, վերացավ տանջալի բռնությունը։

5. Տերը կոտրեց ամբարիշտների գավազանը, իշխանավորների ցուպը,

6. որ ցասմամբ հարվածում էր ժողովուրդներին չդադարող հարվածներով, որ վրդովմունքով և անզուսպ հալածանքով տիրապետում էր ազգերի վրա։

7. Հանգստացել հանդարտվել է ամբողջ երկիրը, մարդիկ ցնծությամբ երգում են։

8. Նաև եղևնիներն են ուրախանում քեզ համար, Լիբանանի մայրիներն էլ։ “Քանի որ դու ընկել ես, փայտահատը վեր չի բարձրացել մեզ կտրելու համար”։

9. Մեռելների աշխարհն իր ընդերքից սարսեց քո գալուստը դիմավորելու համար։ Նա արթնացրեց քեզ համար ուրվականներին՝ երկրի բոլոր իշխանավորներին, իրենց գահերից կանգնեցրեց ազգերի բոլոր թագավորներին։

10. Նրանք բոլորը խոսելու են և քեզ ասելու են. “Դու էլ մեզ նման տկարացար, մեզ նման եղար”։

11. Մեռելների աշխարհ իջավ քո մեծափառությունը քո տավիղների հնչյունների հետ։ Ճիճուներ են սփռված քո տակ որպես անկողին, և որդերն են քո ծածկոցը։

12. Ինչպե՜ս վայր ընկար երկնքից, ո՜վ առավոտյան արուսյակ, արշալույսի որդի, գետնին տապալվեցիր. դու, որ ստորացնում էիր ազգերին։

13. Ինքդ ասում էիր քո սրտում. “Երկինք կելնեմ, իմ գահը կդնեմ Աստծու աստղերից էլ վեր, կնստեմ աստվածների ժողովի լեռան վրա՝ հյուսիսային ծայրամասում,*

14. կբարձրանամ ամպերի գագաթին, կնմանվեմ Ամենաբարձրյալին”։

15. Բայց մեռելների աշխարհ են իջեցրել քեզ, գբի խորխորատները։

16. Քեզ տեսնողները իրենց աչքերը պիտի սևեռեն քեզ վրա, պիտի մտածեն ու ասեն. “Սա՞ է այն մարդը, որ սարսեցնում էր երկիրը, դողացնում թագավորությունները,

17. անապատի էր վերածում աշխարհը, կործանում էր նրա քաղաքները, իր բանտարկյալներին չէր արձակում, որ տուն գնան”։

18. Բոլոր ազգերի թագավորները փառքով պառկած են՝ յուրաքանչյուրն իր գերեզմանում.

19. բայց դու արտաքսվեցիր քո գերեզմանից գարշելի վիժվածքի պես՝ ծածկված սրով խոցված մեռելներով, որոնք իջել են գբի հատակի քարերի վրա ոտնակոխ եղած դիակի նման։

20. Դու թաղվելով չես միանա նրանց հետ, որովհետև դու քանդեցիր քո երկիրը, սպանեցիր քո ժողովրդին։ Չարերի սերունդը չի հիշվի հավիտյան։

21. Նրա որդիների համար կոտորածի վա՛յր պատրաստեք իրենց հայրերի անօրենության պատճառով, որպեսզի վեր կենալով չժառանգեն երկիրը և աշխարհի երեսը չլցնեն քաղաքներով»։

22. «Ես վեր եմ կենալու նրանց դեմ,- ասում է Զորությունների Տերը,- և Բաբելոնից ջնջելու եմ նրա անունն ու մնացորդը, նրա զարմն ու սերունդը»,- ասում է Տերը։

23. «Ես այն դարձնելու եմ ոզնիների ստացվածք և ճահճուտ։ Ես այն ավլելու եմ բնաջնջման ավելով»,- ասում է Զորությունների Տերը։

24. Զորությունների Տերը երդվեց և ասաց. «Անշուշտ, ինչպես խորհել եմ, այնպես էլ կլինի, ինչպես ծրագրել եմ, այն էլ կկատարվի։

25. Ասորեստանցուն պիտի կոտորեմ իմ երկրում, նրան ոտնակոխ պիտի անեմ իմ լեռների վրա, և կվերանա նրա լուծը նրանց վրայից, նրա բեռը՝ նրանց ուսերից»։

26. Այս է այն որոշումը, որ որոշվել է ամբողջ երկրի համար, և այս է այն ձեռքը, որ բարձրացել է բոլոր ազգերի վրա։

27. Արդարև, ինչ որ Զորությունների Տերը որոշել է, ո՞վ կարող է այն խափանել, և երբ նրա ձեռքը բարձրացած է, ո՞վ կարող է այն հետ դարձնել։

28. Աքազ թագավորի մեռած տարում այս պատգամը եղավ.

29. «Մի՛ ուրախացիր ամենևին, ո՛վ փղշտացիների երկիր, որ քեզ հարվածող իշխանական ցուպը կոտրվեց, որովհետև օձի արմատից քարբ է դուրս գալու, իսկ սրա ծնունդն էլ թռչող օձ է լինելու։

30. Աղքատների անդրանիկ զավակները կկերակրվեն, և կարիքավորները կպառկեն ապահով։ Բայց ես քո արմատը պիտի չորացնեմ սովով և քո մնացորդին էլ պիտի սպանեմ։

31. Ողբա՛, ո՛վ դարպաս, աղաղակի՛ր, ո՛վ քաղաք։ Ո՛վ փղշտացիների երկիր, բոլո՛րդ, հալվի՛ր, որովհետև հյուսիսից ծուխ է գալիս, և նրա շարքերում անկարգություն չկա։

32. Ի՞նչ պատասխան են տալու ազգի պատգամավորներին. Տերն է հիմնել Սիոնը, և այնտե՛ղ պիտի ապաստանեն նրա ժողովրդի թշվառները»։

ԵՍԱՅԻ 15

1. Պատգամ Մովաբի մասին։Այն գիշեր, երբ Ար քաղաքն ավերվեց, Մովաբը կործանվեց։ Այն գիշեր, երբ Կիր քաղաքն ավերվեց, Մովաբը կործանվեց։

2. Դեբոնի մարդիկ բարձրանում են տաճար, այն բարձր տեղերը՝ լաց լինելու համար։ Մովաբը ողբում է Նաբավի և Մեդաբայի վրա. ամեն գլուխ ածիլված է, ամեն մորուք՝ կտրված*։

3. Փողոցներում մարդիկ քուրձ են հագել, նրա կտուրների վրա և հրապարակներում բոլորը ողբում են լաց լինելով։

4. Եսեբոնն ու Եղեաղեն աղաղակում են, նրանց ձայնը լսվում է մինչև Հասսա։ Դրա համար Մովաբի զինյալները գոռում են, նրա հոգին սարսռում է։

5. Իմ սիրտը հառաչում է Մովաբի համար. նրա փախստականները փախչում են մինչև Սեգոր, մինչև Էգլաթ-Շելիշա։ Ղուիթի զառիվերը նրանք լաց լինելով կբարձրանան, Օրոնայիմի ճանապարհին կործանման վայնասուն պիտի արձակեն։

6. Նեմերիմի ջրերը ցամաքելու են, խոտը չորանալու է, դալարը՝ վերանալու. կանաչ բույս չի մնալու։

7. Դրա համար իրենց ձեռք բերած վաստակը և դիզածը տանելու են Ուռիների ձորը։

8. Աղաղակը պատել է Մովաբի շրջակա սահմանները, ողբը հասնում է մինչև Եգլայիմ, նրա ողբը՝ մինչև Բեերելիմ։

9. Դիմոնի ջրերն արյունով պիտի լցվեն, Դիմոնի վրա պիտի բերեմ էլ ավելի մեծ մի աղետ՝ առյուծին, որը պիտի հարձակվի ազատված մովաբացիների վրա, երկրի մնացորդի վրա։

ԵՍԱՅԻ 16

1. Սելայից անապատի ճանապարհով դեպի Սիոնի դստեր լեռը գառնե՛ր ուղարկեք երկրի տիրակալին։

2. Բնից վտարված թպրտացող թափառական թռչնի նման այնպիսին պիտի լինեն Մովաբի աղջիկներն Առնոնի անցքերում։

3. Խորհո՛ւրդ տուր, դատաստա՛ն արա, տարածի՛ր քո հովանին գիշերվա նման՝ օրվա կեսին, թաքցրո՛ւ աքսորյալներին, փախստականներին մի՛ բացահայտիր։

4. Մովաբի աքսորյալները թող պանդխտեն քեզ մոտ. դու նրանց համար ապաստա՛ն եղիր կործանողի դեմ. բռնությունը կդադարի, ավերողը վերջ կգտնի, երկիրը ոտքի կոխան անողները կվերանան երկրից։

5. Մի աթոռ պիտի հաստատվի ողորմածությամբ, և նրա վրա՝ Դավթի վրանում, ճշմարտությամբ պիտի բազմի մի դատավոր, որ հետամուտ պիտի լինի իրավունքին և շուտով արդարություն պիտի գործադրի։

6. Մենք լսեցինք Մովաբի ամբարտավանության մասին. նա խիստ ամբարտավան է. նրա գոռոզությունը, ամբարտավանությունը և հոխորտանքը անհիմն դատարկություն են։

7. Դրա համար Մովաբը թող ողբա. բոլորը թող ողբան Մովաբի վրա։ Սգացե՛ք և հեծեծե՛ք Կիր-հարեսեթի* մարդկանց համար,

8. քանզի Եսեբոնի դաշտերը չորացան, Սիբմահի որթատունկերը՝ նույնպես. ազգերի տիրակալները կտրատեցին ընտիր ճյուղերը, որոնք հասնում էին մինչև Հազեր, տարածվում էին դեպի անապատը, նրա շառավիղները ձգվում անցնում էին ծովից այն կողմ։

9. Դրա համար Հազերի լացով լաց եմ լինելու Սեբամայի որթատունկի համար, աչքերիս արտասուքով ոռոգելու եմ ձեզ, ո՛վ Եսեբոն ու Եղեաղե, որովհետև դադարեց ձեր հնձի և այգեկութի աղաղակը։

10. Ուրախությունն ու ցնծությունը պիտի վերանան* բարեբեր արտերից, այգիներում չի լինելու ո՛չ ցնծություն, ո՛չ երգ, և հնձաններում գինի կոխոտողն այլևս չպիտի կոխոտի։ Ես դադարեցրի աղաղակը։

11. Ահա թե ինչու իմ սիրտը* քնարի նման հեծեծում է Մովաբի վրա, և իմ հոգին՝*Կիր-հարեսեթի վրա։

12. Պիտի երևա, թե ինչպե՛ս Մովաբը հոգնում է բարձր տեղի վրա, երբ մտնում է իր սրբարանն աղոթելու, բայց ոչինչ չի ունենալու։

13. Սա է այն խոսքը, որ Տերը վաղուց ասել է Մովաբի մասին։

14. Բայց այժմ Տերը խոսում է և ասում. «Երեք տարում, վարձկանի տարիների նման, պիտի անարգվի Մովաբի փառքն իր ամբողջ մեծ բազմությամբ, իսկ մնացորդը փոքրաթիվ, անզոր պիտի լինի»։

ԵՍԱՅԻ 17

1. Պատգամ Դամասկոսի մասին։ Դամասկոսն ահա պիտի դադարի քաղաք լինելուց և փլատակների կույտ պիտի դառնա։

2. Արոերի քաղաքները կլքվեն. դրանք հոտերի վայր պիտի դառնան, որպեսզի նրանք մակաղեն այնտեղ, և նրանց վախեցնող չի լինի։

3. Եփրեմից ամրոցը պիտի վերանա, թագավորությունը՝ Դամասկոսից. Արամի մնացորդը Իսրայելի որդիների փառքի նման կլինի,- ասում է Զորությունների Տերը։

4. «Այդ օրը Հակոբի փառքը կնվազի, և նրա մարմնի պարարտությունը կչքանա։

5. Այնպես կլինի, ինչպես երբ հնձողը հավաքում է ցորենը, և նրա բազուկը հնձում է հասկերը։ Ռափայինների հովտում հասկեր հավաքելու պես կլինի։

6. Բայց նրա վրա ճիռեր պիտի մնան, ինչպես երբ թափ են տալիս ձիթենին, երկու-երեք պտուղ մնում է բարձրագույն ճյուղի գագաթին, մի չորս-հինգ հատ էլ՝ պտղատու ոստի վրա»,- ասում է Տերը՝ Իսրայելի Աստվածը։

7. Այդ օրը մարդն իր հայացքը պիտի ուղղի իր Արարչին, և նրա աչքերը պիտի նայեն Իսրայելի Սրբին։

8. Չի նայելու իր ձեռքերի պատրաստած զոհասեղաններին և չի տեսնելու իր մատների շինած սյունարձաններն* ու խնկասեղանները։

9. Այդ օրը նրա ամուր քաղաքները Հորեշի և Ամիրի* լքած վայրերի պես կլինեն, որոնք լքվել էին Իսրայելի որդիների առաջ. և ամայություն կլինի,

10. որովհետև դու մոռացել ես քո փրկության Աստծուն և չես հիշել քո ապաստան վեմը։ Դրա համար էլ հաճելի տունկեր ես տնկում և օտար ճյուղեր ես սերմանում։

11. Թեև տնկած օրը դրանք աճեցրիր և առավոտյան բուսցրիր քո ցանածը, բայց հունձն անհետանում է վշտի և անբուժելի ցավի օրը։

12. Վա՜յ ժողովուրդների բազմության ժխորին. նրանք որոտում են, ինչպես ծովն է որոտում, և վա՜յ ժողովուրդների դղրդոցին. նրանք դղրդում են սաստիկ ջրերի շառաչի պես։

13. Ժողովուրդները հորդ ջրերի շառաչի պես աղմկում են, բայց երբ նա հանդիմանում է նրանց, որ նրանք հեռու փախչեն հալածված, ինչպես սարերի մղեղը՝ քամու առաջից, և ինչպես քշված փոշին՝ մրրիկի առաջից։

14. Երեկոյան դեմ ահա արհավիրք. առավոտից առաջ այլևս գոյություն չունեն։ Այս է մեզ կողոպտողների բաժինը, և այս է մեզ հափշտակողների վիճակը։

ԵՍԱՅԻ 18

1. Ո՜վ շառաչող թևերի երկիր, որ գտնվում է Եթովպիայի գետերի այն կողմում,

2. որ սուրհանդակներ է ուղարկում ծովով ջրերի երեսին պապիրուսե նավերով։ Ո՛վ արագընթաց պատգամաբերներ, գնացե՛ք այն ազգի մոտ, որ բարձրահասակ է և ողորկամաշկ, այն ժողովրդի, որը սարսափազդու է մոտ թե հեռու, մի ազգ, որը հզոր է և հպատակեցնող, և որի երկիրը գետերը բաժան-բաժան են անում։

3. Ո՛վ դուք բոլորդ, աշխարհում ապրողնե՛ր, երկրի՛ բնակիչներ, երբ բարձրացվի դրոշակը լեռների վրա, նայե՛ք, երբ հնչի փողի ձայնը, լսե՛ք,

4. որովհետև Տերն ինձ այսպես է ասել. «Ես լուռ կմնամ և կնայեմ իմ բնակարանից, ինչպես պայծառ տաքությունը՝ արևի տակ, և ինչպես ցողաբեր ամպը՝ հնձի տաք ժամանակին».

5. որովհետև հնձից առաջ, երբ ընձյուղը մեծանա, և ծաղիկն աճելով ազոխ դառնա, այն ժամանակ շիվը պիտի հատվի էտոցով, և ուռերը պիտի կտրելով հեռացնեն։

6. Դրանք բոլորը պիտի թողնվեն լեռների գիշատիչ թռչուններին և երկրի գազաններին։ Գիշատիչ թռչունները դրանց վրա կանցկացնեն ամառը, և երկրի բոլոր գազանները դրանց վրա կանցկացնեն ձմեռը։

7. Այն ժամանակ Զորությունների Տիրոջն ընծաներ են բերվելու բարձրահասակ ու ողորկամաշկ ժողովրդից, այն ժողովրդից, որն ահարկու է մոտ թե հեռու, մի ազգ, որը հզոր էր ու հպատակեցնող, որի երկիրը բաժան-բաժան են անում գետերը։ Այդ ընծաները բերվելու են Զորությունների Տիրոջ անվան վայրը՝ Սիոնի լեռը։

ԵՍԱՅԻ 19

1. Պատգամ Եգիպտոսի մասին։Ահա Տերը, որ բազմել է արագասահ ամպի վրա և գալիս է Եգիպտոս։ Եգիպտոսի կուռքերը պիտի դողան նրա ներկայությունից, և եգիպտացիների սիրտը պիտի հալվի իրենց մեջ։

2. «Ես եգիպտացուն եգիպտացու դեմ պիտի գրգռեմ, և նրանք կպատերազմեն. ամեն մարդ՝ իր եղբոր դեմ, ամեն մարդ՝ իր հարևանի դեմ, քաղաք՝ քաղաքի դեմ, և թագավորություն՝ թագավորության դեմ։

3. Եգիպտոսի ոգին պիտի դատարկվի իր միջից, ես պիտի խորտակեմ* նրա խորհուրդը, նրանք պիտի հարցապնդեն կուռքերին և կախարդներին, վհուկներին և գուշակներին։

4. Ես եգիպտացիներին պիտի մատնեմ մի դաժան տիրակալի ձեռքը, մի բռնակալ թագավոր պիտի իշխի նրանց վրա»,- ասում է Տերը՝ Զորությունների Տերը։

5. Ջրերը պիտի քաշվեն ծովից, և գետը պիտի չորանա ու ցամաքի։

6. Գետակները պիտի նեխեն, Եգիպտոսի վտակները պիտի բարակեն և չորանան, պիտի փտեն եղեգն ու պրտուն։

7. Նեղոսի մոտ և Նեղոսի եզերքին գտնվող մարգագետինները, Նեղոսի ամբողջ վարուցանքը պիտի չորանա, տարտղնվի և չքանա։

8. Ձկնորսները պիտի սգան, Նեղոսի մեջ բոլոր կարթ գցողները պիտի ողբան, և ջրի երեսին ուռկան փռողները պիտի նվաղեն,

9. վուշ գործողներն ու բամբակագործները պիտի ամաչեն։

10. Նրա հիմքերը պիտի խորտակվեն, և բոլոր վարձկանների սիրտը պիտի տրտմի։

11. Տայանիսի իշխանավորներն անշուշտ հիմարներ են, փարավոնի իմաստուն խորհրդականների խորհուրդը հիմար է։ Դուք ինչպե՞ս եք ասում փարավոնին. «Ես իմաստունների որդի եմ, վաղեմի թագավորների որդի»։

12. Հիմա ո՞ւր են քո իմաստունները, որ քեզ հայտարարեն և իմացնեն, թե ինչ է վճռել Զորությունների Տերը Եգիպտոսի դեմ։

13. Տայանիսի իշխանավորները հիմարացել են, Մեմփիսի իշխանավորները խաբկանքի մեջ են, եգիպտացիներին մոլորեցրել են նրա ցեղերի գլխավորները*։

14. Տերը նրանց մեջ շփոթության ոգի խառնեց, և նրանք մոլորեցրել են Եգիպտոսն իր բոլոր գործերի մեջ, ինչպես մոլորվում է հարբածը փսխելիս։

15. Չպիտի լինի մի գործ, որ գլուխն ու պոչը, արմավենու ոստն ու կնյունը կատարեն Եգիպտոսի համար։

16. Այն օրը եգիպտացիները պիտի լինեն կանանց նման և սարսափով պիտի դողան Զորությունների Տիրոջ ձեռքի շարժումից, երբ նա այն բարձրացնի* նրա վրա։

17. Հուդայի երկիրը եգիպտացիների համար արհավիրք է դառնալու, և ով հիշատակի նրան, պիտի սարսափի Զորությունների Տիրոջ այն մտադրության պատճառով, որ նա մտածել է նրանց դեմ։

18. Այն օրը Եգիպտոսում քանանացիների լեզվով խոսող և Զորությունների Տիրոջ անունով երդվող հինգ քաղաք է լինելու. դրանցից մեկին Արեգակի քաղաք* են ասելու։

19. Այն օրը Տիրոջ համար մի զոհասեղան է լինելու Եգիպտոսի երկրում, և նրա սահմանին՝ մի հուշակոթող Տիրոջ համար։

20. Դա Եգիպտոսի երկրում մի նշան ու վկայություն է լինելու Զորությունների Տիրոջ համար, որովհետև նրանք բռնակալների պատճառով աղաղակելու են Տիրոջը, և նա մի փրկիչ և պաշտպան է ուղարկելու նրանց մոտ, ազատելու է նրանց։

21. Տերը իրեն ճանաչել է տալու Եգիպտոսում, և եգիպտացիներն այդ օրը պիտի ճանաչեն Տիրոջը, զոհեր ու ընծաներ պիտի մատուցեն, ուխտ պիտի անեն Տիրոջը և կատարեն այն։

22. Եվ Տերը կհարվածի Եգիպտոսին, կհարվածի ու կբժշկի նրանց, և նրանք կդառնան դեպի Տերը, որը կընդառաջի նրանց թախանձանքին և կբժշկի նրանց։

23. Այդ օրը մի պողոտա է լինելու Եգիպտոսից դեպի Ասորեստան, և ասորեստանցին գալու է Եգիպտոս, եգիպտացին՝ Ասորեստան, և եգիպտացիներն ասորեստանցիների հետ միասին են պաշտելու։

24. Այդ օրն Իսրայելը երրորդը պիտի լինի Եգիպտոսի ու Ասորեստանի կողքին. օրհնություն պիտի լինի երկրում,

25. որին օրհնելու է Զորությունների Տերը՝ ասելով. «Օրհնյալ լինի Եգիպտոսը՝ իմ ժողովուրդը, և Ասորեստանը՝ իմ ձեռքի գործը, և Իսրայելը՝ իմ ժառանգությունը»։

ԵՍԱՅԻ 20

1. Այն տարին, երբ Տարաթանը*, Ասորեստանի Սարգոն թագավորի կողմից ուղարկվելով, եկավ Ազոտոս և Ազոտոսի դեմ պատերազմեց ու գրավեց այն,

2. ահա այդ ժամանակ Տերը խոսեց Ամոզի որդի Եսայու միջոցով և ասաց. «Գնա հանի՛ր քուրձը քո մեջքից և կոշիկներդ հանի՛ր քո ոտքերից»։ Եվ նա այդպես էլ արեց. նա շրջում էր մերկ ու բոկոտն։

3. Եվ Տերն ասաց. «Ինչպես որ իմ ծառա Եսային երեք տարի մերկ ու բոկոտն շրջեց՝ որպես նշանակ և ցույց Եգիպտոսի և Եթովպիայի համար,

4. այդպես էլ Ասորեստանի թագավորը գերի է տանելու եգիպտացիներին և տարագրելու է եթովպացիներին՝ երիտասարդներին ու ծերերին՝ մերկ ու բոկոտն և հետույքը բաց՝ ի նախատինք Եգիպտոսի։

5. Եվ պիտի զարհուրեն ու ամաչեն Եթովպիայից՝ իրենց հույսից, և Եգիպտոսից՝ իրենց պարծանքից»։

6. Այն օրն այս ծովեզրի երկրի բնակիչները պիտի ասեն. «Ահա այսպես եղավ նրանց, ում ապավինեցինք, նրանց, ում օգնությանը դիմեցինք՝ ազատվելու համար Ասորեստանի թագավորից. ուրեմն ինչպե՞ս ենք փախչելու»։

ԵՍԱՅԻ 21

1. Ծովեզրի անապատի պատգամը։Հարավից մոլեգնող մրրիկների նման նա գալիս է անապատից՝ սոսկալի մի երկրից։

2. Մի խիստ տեսիլք է ինձ պատմվել. հափշտակողը հափշտակում, և կործանողը կործանում է։ «Բարձրացի՛ր, Եղա՛մ, պաշարի՛ր, Մարաստա՛ն, նրա պատճառած ամբողջ հառաչանքը դադարեցրել եմ»։

3. Ահա թե ինչու երանքս սաստիկ դողում է, ծննդկանի ցավերի պես ցավեր են բռնել ինձ. գալարվում եմ՝ չեմ լսում, վրդովված եմ՝ չեմ տեսնում։

4. Միտքս շփոթվել է, սարսափը զարհուրեցրել է ինձ, նա իմ ցանկալի մթնշաղը արհավիրքի գիշեր դարձրեց ինձ համար։

5. Սեղան են պատրաստում, դետը հսկում է. ուտում են, խմում են։ Վե՛ր կացեք, ո՛վ իշխանավորներ, յուղեցե՛ք վահանները,

6. քանզի Տերն ինձ այսպես է ասել. «Գնա՛, դե՛տ կարգիր, որ իմաց տա, ինչ որ կտեսնի»։

7. Եվ երբ նա տեսնի ձիավորներ՝ զույգ-զույգ հեծյալներ, հեծյալներ էշի վրա, հեծյալներ ուղտի վրա, թող ուշադրություն դարձնի մեծ ուշադրությամբ։

8. Նա առյուծի նման աղաղակեց. «Ո՛վ Տեր, ցերեկը ես միշտ կանգնած եմ իմ դիտանոցում և ամբողջ գիշերը ես իմ պահակակետում եմ։

9. Ահա գալիս են ձիավորներ՝ զույգ-զույգ հեծյալներ»։ Ապա պատասխանեց ու ասաց. «Ընկա՜վ, ընկա՜վ Բաբելոնը, նրա չաստվածների բոլոր արձանները փշրեց գետնով տալով»։

10. Ո՛վ իմ կամնվածներ և իմ կալի պտուղներ*, ինչ որ լսել եմ Զորությունների Տիրոջից՝ Իսրայելի Աստծուց, այն տեղեկացրի ձեզ։

11. Դումայի պատգամը։Սեիրից մի ձայն է գալիս դեպի ինձ. «Պահապա՛ն, գիշերից ինչքա՞ն մնաց, պահապա՛ն, գիշերից ինչքա՞ն մնաց»։

12. Պահապանն ասում է. «Առավոտը եկել է, նաև գիշերը։ Եթե ուզում եք հարցնել, հարցրե՛ք։ Վերադարձե՛ք, եկե՛ք»։

13. Արաբիայի պատգամը։Դուք պիտի օթևանեք Արաբիայի անտառում, ո՛վ Դեդանի քարավաններ։

14. Ծարավին ջո՛ւր բերեք, ո՛վ Թեմայի երկրի բնակիչներ, ընդառա՛ջ ելեք փախստականին այն երկրի հացով, դիմավորե՛ք,

15. որովհետև նրանք փախչում են սրերից, մերկացրած սրի առաջից, լարած աղեղի առաջից, սաստիկ պատերազմի առաջից։

16. Տերն ինձ այսպես է ասել. «Մի տարվա ընթացքում՝ ըստ վարձկանի տարվա, վերջ կգտնի Կեդարի ամբողջ փառքը։

17. Կեդարի որդիների՝ զորավորների աղեղնավորների մնացորդի թիվը քիչ է լինելու», քանզի Տերը՝ Իսրայելի Աստվածն ասաց այդ։

ԵՍԱՅԻ 22

1. Տեսիլքի ձորի պատգամը։Հիմա ի՞նչ եղավ, որ ամենքդ բարձրացել եք կտուրները։

2. Ո՛վ խռովությամբ լցված աղմկալից քաղաք, զվարճասեր քաղաք, քո մեռելները սրից սպանված չեն և ոչ էլ պատերազմում մեռածներ։

3. Քո բոլոր իշխանավորները միասին փախան, առանց աղեղի կալանավորվեցին, բոլոր քեզ մոտ գտնվողները և նրանք, որ հեռու էին փախել, միասին կալանքի մեջ են։

4. Դրա համար ասացի. «Աչքերդ դարձրե՛ք ինձանից, դառնորեն լաց եմ լինելու իմ ժողովրդի դստեր կործանման համար. մի՛ աշխատեք մխիթարել ինձ»։

5. Որովհետև տեսիլքի ձորում Զորությունների Տեր Աստծու կողմից ուղարկված խռովության, ոտնահարության և շփոթության օր է։ Քանդում են պարիսպները, և աղաղակը հասնում է սարը*։

6. Էլամը կապարճ է կրում, մարտակառքերի վրա՝ մարդիկ, ձիավորներ. Կիրը մերկացնում է վահանը։

7. Քո ընտիր հովիտները լցվեցին մարտակառքերով, և ձիավորները շարվեցին քո դարպասների առաջ։

8. Հուդայի երկրի ծածկոցը վերցրեց, և այն օրը դուք նայեցիք անտառի տան զենքերին

9. ու տեսաք Դավթի քաղաքի պատի բազմաթիվ ճեղքերը, ջուր ամբարեցիք ստորին ավազանում։

10. Երուսաղեմի տները հաշվեցիք և պարիսպն ամրացնելու համար տները քանդեցիք։

11. Հին ավազանի ջրերի համար մի ջրավազան սարքեցիք երկու պարիսպների մեջտեղում։ Բայց դուք չնայեցիք այս բանն անողին և չտեսաք այս բանը վաղուց ձևավորողին։

12. Այն օրը Զորությունների Տեր Աստվածը ձեզ կանչեց լացելու և ողբալու, ձեր մազերը խուզելու և քուրձով գոտևորվելու։

13. Բայց ահա ցնծությո՜ւն և ուրախությո՜ւն. արջառնե՜ր են սպանում, ոչխարներ մորթում, միս ուտում և գինի խմում. «Ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք»։

14. Բայց Զորությունների Տերը հայտնել է իմ ականջին. «Անշուշտ ձեր այս անօրենությունը չպիտի քավվի, մինչև որ մեռնեք»,- ասում է Զորությունների Տեր Աստվածը։

15. Այսպես է ասում Զորությունների Տեր Աստվածը. «Գնա մտի՛ր այդ պալատի վերակացուի՝ Սեբնայի մոտ.

16. “Ի՞նչ ունես այստեղ և ո՞վ ունես այստեղ, որ քեզ համար այստեղ գերեզման ես փորել, բարձունքի վրա քեզ համար գերեզմա՜ն ես փորում, ժայռի մեջ քեզ համար բնակարա՜ն ես շինում”։

17. Ահա Տերը շպրտելով շպրտելու է քեզ, ո՜վ ուժեղ մարդ, փաթաթելով փաթաթելու է քեզ,

18. կծիկի պես կծկելու է և գնդակի պես շպրտելու է լայնարձակ երկրի վրա. դու այնտե՛ղ պիտի մեռնես, այնտե՛ղ պիտի լինեն քո փառահեղ մարտակառքերը, ո՛վ դու՝ տիրոջդ տան անարգանքը։

19. Ես քեզ կվտարեմ քո պաշտոնից, քո դիրքից կտապալեմ քեզ։

20. Եվ այն օրը ես պիտի կանչեմ իմ ծառային՝ Քեղկիայի որդի Եղիակիմին։

21. Ես նրան կհագցնեմ քո պատմուճանը, նրա վրա կկապեմ քո գոտին, քո իշխանությունը կտամ նրա ձեռքը, և նա հայր կլինի Երուսաղեմի բնակիչների և Հուդայի երկրի տան համար։

22. Ես Դավթի տան բանալին կդնեմ նրա ուսին. երբ նա բացի, ոչ ոք այն չի փակի, և երբ նա փակի, ոչ ոք չի բացի այն։

23. Ես նրան բևեռի պես կամրացնեմ հաստատուն մի տեղում, և նա փառքի գահի պես կլինի իր հոր տան համար։

24. Իր հոր տան ամբողջ կշիռը նրանից կկախվի, երանքից ծնվածներն ու հետնորդները, բոլոր փոքր անոթները՝ թասերից սկսած մինչև ամեն տեսակ սափորները։

25. Այն օրը,- ասում է Զորությունների Տերը,- պիտի շարժվի այդ հաստատուն տեղում ամրացված բևեռը, պիտի պոկվի ու վայր ընկնի, և այն բեռը, որ նրա վրա էր, պիտի խորտակվի», քանզի Տերը խոսեց։

ԵՍԱՅԻ 23

1. Տյուրոսի մասին պատգամը։«Ողբացե՛ք, ո՛վ Թարսիսի նավեր, որովհետև կործանվեց Տյուրոսը. ո՛չ տուն կա, ո՛չ նավահանգիստ»*։ Կիտացիների երկրից* իմաց տրվեց նրանց։

2. «Լռե՛ք, ո՛վ ծովեզրյա բնակիչներ, ուր Սիդոնի ծովագնաց վաճառականները լցրել էին ձեզ»։

3. Առատ ջրերի վրա Սիորի սերմը՝ Նեղոսի հունձը, նրա եկամուտն էր, և նա եղել էր ազգերի վաճառանոցը*։

4. Ամաչի՛ր, ո՛վ Սիդոն, ո՛վ դու ծովի ամրոց, քանզի խոսում է ծովը. «Ես ծննդկանի ցավ չեմ քաշել և չեմ ծնել, երիտասարդներ չեմ սնել և կույսեր չեմ մեծացրել»։

5. Երբ լուրը Եգիպտոս հասնի, նրանք վշտից պիտի տագնապեն Տյուրոսի լուրի համար։

6. Անցե՛ք Թարսիս, ողբացե՛ք, ո՛վ ծովեզրյա բնակիչներ։

7. Ա՞յս է ձեր զվարճացյալ քաղաքը, որի վաղեմությունը հնագույն ժամանակից է. նրա ոտքերը նրան տարել են հեռու տեղ՝ պանդխտանալու։

8. Ո՞վ արեց այս խորհուրդը Տյուրոսի դեմ՝ թագեր շնորհողի դեմ, որի վաճառականներն իշխաններ էին, որի առևտրականները՝ երկրի պատվավորները.

9. Զորությունների Տերն արեց այս խորհուրդը, որպեսզի խայտառակի ամեն փառքի ամբարտավանություն, որպեսզի անարգի երկրի բոլոր պատվավորներին։

10. Անցի՛ր քո երկրի միջով Նեղոսի նման, ո՛վ Թարսիսի դուստր. այլևս նավահանգիստ չկա։

11. Նա իր ձեռքը տարածել է ծովի վրա, սարսեցրել է թագավորություններին։ Տերը հրամայել է բնաջնջել քանանացիների* ամրոցները։

12. Նա ասում է. «Դու այլևս չպիտի հրճվես, ո՛վ Սիդոնի ճնշված կույս դուստր. վե՛ր կաց, անցի՛ր Կիտիմ, բայց դու այնտեղ էլ հանգիստ չես լինելու»։

13. Ահա քաղդեացիների երկիրը. այս ժողովուրդը դադարեց գոյություն ունենալուց. Ասորեստանն այն հիմնեց նավերում* բնակվողների համար։ Նրանք կանգնեցրին նրա աշտարակները, նրանք քանդեցին նրա ամրոցները, ավերակ դարձրին այն։

14. Ողբացե՛ք, ո՛վ Թարսիսի նավեր, որովհետև ձեր ամրությունը կործանվեց։

15. Այն օրը Տյուրոսը կմոռացվի յոթանասուն տարի, մի թագավորի կյանքի օրերի չափ։ Յոթանասուն տարուց հետո Տյուրոսին կլինի այնպես, ինչպես ասվում է այն պոռնիկի երգում.

16. «Վերցրո՛ւ քնարը, շրջի՛ր քաղաքում, ո՛վ մոռացված պոռնիկ, լա՛վ նվագիր, շատ երգե՛ր երգիր, որ հիշեն քեզ»։

17. Ու յոթանասուն տարուց հետո Տերն այցելության կգա Տյուրոսին, և նա կվերադառնա իր վարձին ու կպոռնկանա աշխարհի երեսին եղած երկրների բոլոր թագավորությունների հետ։

18. Բայց նրա շահույթն ու վարձը պիտի նվիրաբերվեն Տիրոջը. դրանք չեն դիզվելու և չեն պահվելու, այլ նրա շահույթը պիտի պատկանի Տիրոջ առջև բնակվողներին, որպեսզի ուտեն, կշտանան և ընտիր զգեստներ հագնեն։

ԵՍԱՅԻ 24

1. Ահավասիկ Տերը կավերի երկիրը, քարուքանդ կանի այն, կխեղի նրա մակերեսը և ցաքուցիր կանի նրա բնակիչներին։

2. Եվ ինչպես ժողովրդին, այնպես էլ քահանային կլինի, ինչպես ծառային, այնպես էլ նրա տիրոջը, ինչպես աղախնին, այնպես էլ նրա տիրուհուն, ինչպես գնորդին, այնպես էլ վաճառողին, ինչպես փոխ տվողին, այնպես էլ փոխ առնողին, ինչպես պարտատիրոջը, այնպես էլ պարտապանին։

3. Երկիրն ամբողջովին կամայանա, ամբողջովին կկողոպտվի, որովհետև Տերն է ասել այս խոսքը։

4. Սգում, թախծում է երկիրը, նվաղում, թախծում է աշխարհը, նվաղում են երկրի ժողովուրդների մեծամեծները։

5. Երկիրը ապականված է մնալու իր բնակիչների ոտքի տակ, որովհետև նրանք զանց են առել օրենքները, փոխել են կանոնները, խափանել հավիտենական ուխտը։

6. Դրա համար անեծքը լափում է երկիրը, և նրա բնակիչները կրում են պատիժը։ Դրա համար երկրի բնակիչներն այրվեցին, ու սակավաթիվ մարդիկ մնացին։

7. Սգում է նոր գինին, թառամում է որթատունկը, հառաչում են զվարթասիրտ մարդիկ։

8. Դադարել է թմբուկների բերկրանքը, կտրվել է ուրախացողների աղմուկը, դադարել է քնարի բերկրանքը։

9. Գինին այլևս երգով չեն խմում, օղին դառն է խմողների համար։

10. Ավերվել է դատարկ քաղաքը, ամեն տուն կողպվել է ներս մտնողների համար։

11. Գինու համար աղաղակ կա փողոցներում. ամեն ուրախություն մարեց, վերացել է երկրի ցնծությունը։

12. Ամայությունն է մնացել քաղաքում, նրա դարպասը փշրվել, փլատակ է դարձել։

13. Այսպես կլինի երկրի վրա, ժողովուրդների մեջ, այսինքն՝ ինչպես թափ տված ձիթենին, ինչպես ճռաքաղը այգեկութն ավարտվելուց հետո։

14. Եվ նրանք* պիտի բարձրացնեն իրենց ձայնը, ցնծությամբ պիտի գոչեն, պիտի փառավորեն Տիրոջը՝ մեծափառության համար ծովի կողմից աղաղակելով.

15. «Դրա համար արևելքում փառավորե՛ք Տիրոջը, ծովեզրում Տիրոջ՝ Իսրայելի Աստծու անունը»։

16. Երկրի ծայրից օրհներգեր լսեցինք. «Փա՜ռք Արդարին»։ Բայց ես ասացի. «Ես վատնվո՜ւմ եմ, ես վատնվո՜ւմ եմ, վա՜յ ինձ»։ Դավաճանները դավաճանում են, դավաճանները դավաճանությամբ դավաճանում են։

17. Սարսափ, վիհ ու որոգայթ կա քեզ վրա, ո՛վ երկրի բնակիչ։

18. Ով փախչի սարսափի ձայնից, վիհն է ընկնելու, և վիհի միջից դուրս եկողը որոգայթի մեջ է բռնվելու, որովհետև վերևից բաց են պատուհանները, և երկրի հիմքերը դողում են։

19. Ճեղքվում-ճեղքոտվում է երկիրը, պատառվում-պատառոտվում է երկիրը, դողում-դողդողում է երկիրը։

20. Երերալով երերում է երկիրը հարբածի նման, ճոճվում է հյուղի նման, նրա հանցանքը ծանրացել է իր վրա, նա վայր է ընկնում և այլևս վեր չի կենա։

21. Այն օրը բարձունքներում Տերը կհատուցի բարձունքների զորքերին, իսկ երկրի վրա՝ երկրի թագավորներին։

22. Նրանք բոլորը կհավաքվեն մեկտեղ, որպես բանտարկյալներ կբանտարկվեն գբում և շատ օրերից հետո կպատժվեն։

23. Կամաչի լուսինը, կպատկառի արեգակը, երբ Սիոն լեռան վրա և Երուսաղեմում թագավորի Զորությունների Տերը, և նրա փառքը հայտնվի իր երեցների առաջ։

ԵՍԱՅԻ 25

1. Տե՛ր, դու ես իմ Աստվածը. ես բարձրացնում եմ քեզ, գովերգում եմ քո անունը, որովհետև դու սքանչելի գործեր կատարեցիր, հավատարիմ ու ճշմարիտ վաղեմի խորհուրդներ,

2. քանզի դու քաղաքը հողակույտի վերածեցիր, պարսպավոր քաղաքը՝ փլատակի. օտարների ամրոցը, քաղաք չլինելով, հավիտյան չի վերաշինվելու։

3. Դրա համար քեզ պիտի պատվի հզոր ժողովուրդը, բռնավոր ազգերի քաղաքը պիտի վախենա քեզնից,

4. որովհետև դու ապաստան եղար աղքատին, ապաստան՝ կարիքավորին՝ նրա նեղության մեջ, ապավեն՝ փոթորկի դեմ, հովանի՝ տաքության դեմ, երբ բռնավորի կատաղությունը պատի դեմ փոթորկի նման գա։

5. Օտարների աղմուկը տաքության պես է անջրդի վայրում։ Դու տաքությունն ամպի ստվերով մեղմացրիր, բռնավորների երգը խլացվեց։

6. Զորությունների Տերը բոլոր ժողովուրդների համար այս լեռան վրա խնջույք է սարքելու յուղոտ ճաշերով, հին գինիներով, ծուծով լեցուն յուղոտ ճաշերով, հին ու զտված գինիներով։

7. Այս սարի վրա նա վերացնելու է ծածկոցը, որը ծածկում է բոլոր ժողովուրդներին, և քողը, որը տարածված է բոլոր ազգերի վրա։

8. Նա պիտի կլանի մահն առհավետ. Տեր Աստված պիտի սրբի արտասուքը բոլորի երեսից և իր ժողովրդի նախատինքը հեռացնի ամբողջ երկրի վրայից, քանզի Տերն է ասում այս։

9. Եվ այն օրը պիտի ասեն. «Ահա մեր Աստվածը, որի վրա հույս ենք դրել.* նա՛ փրկեց մեզ։ Տերն է նա, որին հուսացինք. ուրախանանք ու ցնծանք նրա փրկությամբ,

10. որովհետև Տիրոջ ձեռքը հանգչելու է այս լեռան վրա»։Մովաբը կոխոտվելու է նրա տակ, ինչպես որ հարդը կոխ է տրվում աղբանոցում։

11. Եվ նա տարածելու է իր ձեռքերը դրա մեջ, ինչպես որ լողացողն է տարածում լողալիս, բայց Տերը պիտի իջեցնի նրա հպարտությունը նրա ձեռքերի հնարքների հետ։

12. Նա պիտի խոնարհեցնի քո բարձր պարիսպների ամրությունները, ցածրացնի մինչև գետնի փոշին։

ԵՍԱՅԻ 26

1. Այդ օրն այս երգն է երգվելու Հուդայի երկրում. «Մենք մի զորավոր քաղաք ունենք։ Նա հաստատում է փրկությունը որպես պարիսպ ու պատնեշ։

2. Բացե՛ք դարպասները, որ ներս մտնի արդար ազգը, որը պահում է հավատքը։

3. Հաստատուն միտք ունեցողին դու պահում ես կատարյալ խաղաղության մեջ, քանզի քեզ է հուսացել։

4. Հավիտյան Տիրո՛ջը վստահեք, որովհետև Տեր Աստված հավիտենական վեմ է,

5. որովհետև նա խոնարհեցրեց բարձունքների բնակիչներին, բարձր քաղաքը. նա այն ցած քաշեց ու իջեցրեց մինչև գետին, մինչև փոշի։

6. Ոտքը պիտի կոխոտի այն, թշվառի ոտքերն ու կարիքավորի քայլերը»։

7. Արդարի ճանապարհն ուղիղ է։ Դու, որ ուղիղ ես, հարթում ես արդարի շավիղը։

8. Այո՛, Տե՛ր, սպասել ենք քեզ հենց քո դատաստանների ճանապարհին, քո անվանն ու քո հիշատակին էր ցանկանում մեր հոգին։

9. Հոգիս քեզ է փափագում գիշերը, հենց իմ ներսում հոգով քեզ եմ ձգտում, քանզի երբ քո դատաստաններն են երկրի վրա, աշխարհի բնակիչներն արդարություն են սովորում։

10. Ամբարիշտին ողորմություն է լինում, բայց նա արդարություն չի սովորում. ուղղամտության երկրում նա չարագործություն է անում և չի տեսնում Տիրոջ մեծափառությունը։

11. Ո՛վ Տեր, քո ձեռքը բարձրացել է, բայց նրանք չեն տեսնում, ամաչելով պիտի տեսնեն քո ժողովրդի վրա ունեցած նախանձախնդրությունդ. այո՛, կրակն է սպառելու քո հակառակորդներին։

12. Ո՛վ Տեր, դու մեզ համար խաղաղություն պիտի հաստատես, մեր բոլոր գործերն էլ դո՛ւ կատարեցիր մեզ համար։

13. Ո՛վ մեր Տեր Աստված, քեզնից բացի ուրիշ տերեր տիրեցին մեզ վրա. միայն քո անունը պիտի հիշատակենք։

14. Նրանք մեռած են. չեն կենդանանալու, ուրվականները չեն կանգնելու. դու նրանց այնպե՜ս ես պատժել ու բնաջնջել, ոչինչ ես արել նրանց ամբողջ հիշատակը։

15. Դո՛ւ փառավորվեցիր, ո՛վ Տեր, երբ բազմացրիր այս ազգը, բազմացրիր այս ազգը, ընդարձակեցիր երկրի բոլոր սահմանները։

16. Ո՛վ Տեր, տագնապի մեջ նրանք քե՛զ որոնեցին, աղոթք մրմնջացին, երբ դու պատժում էիր նրանց։

17. Հղի կնոջ պես, երբ մոտ է ծննդաբերելուն, երկունքի մեջ տանջվում ու աղաղակում է, մենք էլ այդպես ենք եղել քո առաջ, ո՛վ Տեր։

18. Հղիացանք, երկունքով բռնվեցինք, բայց կարծես թե քամի ծնեցինք. մենք փրկություն չգործեցինք երկրի համար, և աշխարհի բնակիչներ չծնվեցին։

19. Քո մեռելները պիտի կենդանանան, նրանց դիակները ոտքի պիտի կանգնեն. արթնացե՛ք և ցնծացե՛ք, ո՛վ փոշու բնակիչներ, որովհետև քո ցողը դալարի վրայի ցող է. այն ստվերների երկրի վրա պիտի տեղացնես։*

20. Գնա՛, ո՛վ իմ ժողովուրդ, մտի՛ր քո սենյակները, փակի՛ր քո դռները քո հետևից, թաքնվի՛ր մի քանի վայրկյան, մինչև որ ցասումը անցնի,

21. որովհետև ահա Տերը դուրս է գալիս իր տեղից, որպեսզի պատժի երկրի բնակիչներին իրենց անօրենության համար, իսկ երկիրը պիտի բացահայտի իր վրա թափված արյունը և այլևս չպիտի ծածկի իր սպանվածներին։

ԵՍԱՅԻ 27

1. Այն օրը Տերն իր ամուր, մեծ և զորավոր սրով պիտի պատժի փախչող վիշապ օձին, ոլորուն վիշապ օձին. պիտի սպանի ծովում եղող վիշապին։

2. Այդ օրը երգելու են նրա մասին. «Ցանկալի այգի»։

3. Ես՝ Տերս եմ դրա պահապանը, ամեն վայրկյան ոռոգում եմ այն. որպեսզի ոչ ոք չվնասի դրան, ես գիշեր-ցերեկ պահպանում եմ այն։

4. Ես զայրույթ չունեմ. եթե այն ինձ փուշ և տատասկ մատուցեր, պատերազմով կհարձակվեի նրա վրա և բոլորը միասին կայրեի,

5. կամ էլ թող իմ պահպանությանը կառչի, ինձ հետ խաղաղություն անի, խաղաղություն անի ինձ հետ։

6. Ապագայում Հակոբը պիտի արմատավորվի, Իսրայելը պիտի ծաղկի և ընձյուղի և աշխարհը պիտի լցնի պտղով։

7. Մի՞թե Տերը նրան հարվածել է, ինչպես հարվածել է նրան հարվածողներին, կամ սպանե՞ց նրան, ինչպես նրան սպանողներին։

8. Դու աքսորով և վտարումով պայքարեցիր նրանց դեմ, սաստիկ հողմով վտարեցիր նրան արևելյան քամու օրը։

9. Ուրեմն սրանով պիտի քավվի Հակոբի անօրենությունը, և սա է նրա մեղքի վերցվելու ամբողջ պտուղը. երբ զոհասեղանի քարերը փշրված կրաքարերի պես անի, այլևս կանգնած չեն մնալու աստարովթներն ու խնկասեղանները,

10. որովհետև պարսպապատ քաղաքն ամայացած, բնակավայրը երեսի վրա թողնված ու լքված պիտի լինի անապատի պես։ Այնտեղ զվարակն է արածելու, մակաղելու է այնտեղ և ճարակելու է նրա ճյուղերը։

11. Նրա ճյուղերը չորանալով պիտի կոտրատվեն. կանայք պիտի գան, վառեն դրանք, որովհետև այս ժողովուրդը խոհեմ չէ, դրա համար նրան չի գթալու նրա Արարիչը, և նրան ձևավորողը նրան չի բարեհաճելու։

12. Այդ օրը Տերը Գետի* հորձանքից մինչև Եգիպտոսի հեղեղատը պիտի կալսի, և դուք մեկ առ մեկ պիտի հավաքվեք, ո՛վ Իսրայելի որդիներ։

13. Այդ օրը հնչելու է մեծ փողը, և գալու են Ասորեստանում կորածները և Եգիպտոս աքսորվածները և երկրպագելու են Տիրոջը Երուսաղեմում՝ սուրբ լեռան վրա։

ԵՍԱՅԻ 28

1. Ավա՜ղ Եփրեմի հարբեցողների հպարտության պսակին և նրա գեղազարդ շքեղության թառամող ծաղկին, որը գինեմոլների փարթամ հովտի գագաթին է։

2. Ահա Տերն ունի ուժեղ և զորավոր մեկին. կարկուտի փոթորկի նման, մի կործանարար մրրիկ, որ հորդառատ ջրերի հեղեղի պես ուժգնորեն իր ձեռքով թափելու է երկրի վրա։

3. Ոտնակոխ է արվելու Եփրեմի հարբեցողների հպարտ պսակը։

4. Եվ նրա գեղազարդ շքեղության թառամող ծաղիկը, որը փարթամ հովտի գագաթին է, կլինի հնձից առաջ վաղահաս թզի պես, որը երբ մեկը տեսնում է, հազիվ ձեռքն առած՝ իսկույն կուլ է տալիս։

5. Այն օրը Զորությունների Տերն իր ժողովրդի մնացորդի համար պիտի լինի գեղազարդ թագ և շքեղ պսակ,

6. իրավունքի հոգի նրա համար, ով դատելու է նստում, և ուժ նրանց համար, որոնք պատերազմը հետ են մղում քաղաքի դարպասից։

7. Սրանք էլ տատանվում են գինիով, սրանք էլ խոտորվում են օղիով. քահանան և մարգարեն մոլորված են օղիով, կուլ են գնացել գինուն, խոտորվել են օղիով։ Սրանք մոլորվում են տեսիլքների մեջ, սայթաքում են վճիռ արձակելիս,

8. որովհետև բոլոր սեղանները լի են փսխունքով, այլևս կեղտից զերծ տեղ չի մնացել։

9. «Ո՞ւմ է նա գիտություն սովորեցնում և ո՞ւմ պատգամ հասկացնում՝ կաթից կտրվածների՞ն, կրծքից վերցվածների՞ն,

10. որ հրաման հրամանի վրա, հրաման հրամանի վրա, լար լարի վրա, լար լարի վրա. մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ»*։

11. Հիրավի, Տերը թոթովախոս շուրթերով և օտար լեզվով խոսող մարդկանց միջոցով պիտի խոսի այս ժողովրդի հետ,

12. որին ասաց. «Սա է հանգստությունը. դրանով հանգստացրե՛ք ձեր խոնջացածին, սա է ձեր հանգչելու տեղը»։ Բայց նրանք չուզեցին լսել։

13. Ուստի նրանց լինելու է Տիրոջ խոսքը. «Հրաման հրամանի վրա, հրաման հրամանի վրա, լար լարի վրա, լար լարի վրա. մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ», որպեսզի գնան և մեջքի վրա ընկնեն ու ջարդվեն, որոգայթի մեջ ընկնեն ու բռնվեն։

14. Դրա համար լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ ծաղրող մարդիկ, դուք, որ իշխում եք այս ժողովրդին Երուսաղեմում,

15. որովհետև դուք ասացիք. «Մենք ուխտ ենք արել մահվան հետ, դաշինք ենք կապել “մեռելների աշխարհի” հետ. երբ մոլեգին պատուհասն անցնի, մեզ չի հասնի, որովհետև մենք սուտը մեր պատսպարանը դարձրինք և խաբեության մեջ ենք թաքնված»։

16. Դրա համար այսպես է ասում Տեր Աստվածը. «Ահա ես Սիոնում մի վեմ եմ դնում, փորձված մի վեմ, պատվական մի անկյունաքար հաստատուն հիմքով. ով հավատա նրան, խուճապի չպիտի մատնվի։

17. Ես իրավունքը լարաչափ և արդարությունը հարթաչափ պիտի դարձնեմ»։ Կարկուտը պիտի քշի ստության պատսպարանը, և թաքստոցը ջրերը պիտի ողողեն։

18. Մահվան հետ ձեր ուխտը պիտի ջնջվի, և «մեռելների աշխարհի» հետ ձեր կապած դաշինքը չպիտի հաստատվի։ Եվ երբ մոլեգին պատուհասն անցնի, դուք դրանից ոտնատակ պիտի գնաք։

19. Ամեն անգամ, որ անցնի, պիտի քշի տանի ձեզ, որովհետև այն անցնելու է ամեն առավոտ, ցերեկ ու գիշեր։ Եվ պատգամը հասկանալը պարզապես սոսկալի է լինելու,

20. որովհետև «անկողինը կարճ է նրա վրա փռվելու համար, և ծածկոցը նեղ է փաթաթվելու համար»։

21. Քանզի Տերը կանգնելու է, ինչպես Փարասին լեռան վրա, և բորբոքված բարկանալու է, ինչպես Գաբավոնի ձորում էր, որպեսզի կատարի իր գործը. օտարոտի է նրա գործը. կատարի իր պաշտոնը, իր արտասովոր պաշտոնը։

22. Եվ հիմա ծաղրողներ մի՛ եղեք, որ ձեր կապերն ավելի չամրանան, որովհետև կործանման վճիռ եմ լսել ամբողջ երկրի վրա Զորությունների Տեր Աստծու կողմից։

23. Ակա՛նջ դրեք և լսե՛ք իմ ձայնը, ո՛ւշ դրեք և լսե՛ք իմ խոսքը։

24. Մի՞թե ցանելու համար հերկողն ամեն օր հերկում է և բացում, տափանում է իր արտը.

25. չէ՞ որ դրա մակերեսը հարթելուց հետո է ցրիվ տալիս արջնդեղը, ցանում չամանը, կարգով դնում ցորենը, գարին՝ իր որոշված տեղը և հաճարը՝ սահմանագծին։

26. Նրա Աստվածը կրթել է նրան ուղղամտությամբ և ուսուցանել է նրան,

27. որովհետև արջնդեղը կամնասայլով չի ծեծվի, և սայլի անիվը չամանի վրա չեն պտտեցնի. արջնդեղը թակվում է գավազանով, իսկ չամանը՝ մահակով։

28. Հացահատիկը մանրացնում են, սակայն այն անդադար չեն կալսում. սայլի անիվը այն չի փշրում, և ձիերը այն չեն մանրացնում։

29. Սա նույնպես գալիս է Զորությունների Տիրոջից, որի խորհուրդը սքանչելի է, հանճարը՝ գերազանց։

ԵՍԱՅԻ 29

1. Վա՜յ քեզ, Արիե՛լ, Արիե՛լ, Դավթի բանակատեղի քաղաք։ Ավելացրե՛ք տարին տարվա վրա. քո ուխտագնացության տոները թող հաջորդեն միմյանց։

2. Ես նեղը պիտի գցեմ Արիելին, հառաչանք ու ողբ պիտի լինի, նա ինձ համար զոհարանի* պես պիտի լինի։

3. Քեզ կպաշարեմ ամեն կողմից, ամրություններով կշրջապատեմ քեզ, պատնեշներ կկանգնեցնեմ քո դեմ։

4. Դու ցած կընկնես, քո խոսքը կգա հողից, փոշու միջից կմրմնջաս քո խոսքերը, ուրվականի պես տափից է դուրս գալու քո ձայնը, և փոշու միջից ես շշնջալու քո խոսքերը։

5. Մանր փոշու նման կլինի քո օտարականների* բազմությունը, և անցնող մղեղի նման՝ բռնավորների բազմությունը, և դա կլինի հանկարծակի, մեկ վայրկյանում։

6. Զորությունների Տիրոջ կողմից այցելություն կլինի որոտումով, երկրաշարժով, մեծաձայն մրրիկով, փոթորկով և լափող կրակի բոցով։

7. Գիշերային տեսիլքի, երազի պես է լինելու Արիելի վրա պատերազմի եկող բոլոր ազգերի բազմությունը, նաև նրա ու նրա ամրոցի վրա բոլոր հարձակվողների ու նրան ճնշողների բազմությունը։

8. Ինչպես որ քաղցածը երազ է տեսնում, թե ուտում է, ապա արթնանում է՝ փորը դատարկ, և ինչպես ծարավածը երազ է տեսնում, թե խմում է, ապա զարթնում է, թուլացած է, և սիրտը պապակած է, այդպես պիտի լինի բոլոր ազգերի բազմությունը, որոնք պատերազմի են դուրս գալիս Սիոն լեռան դեմ։

9. Ապշե՛ք ու զարմացե՛ք, շլացրե՛ք ձեզ և դարձե՛ք կույր, հարբե՛ք, բայց ոչ գինիով, տատանվե՛ք, բայց ոչ օղուց,

10. որովհետև Տերը թմբիրի ոգի է թափել ձեզ վրա, փակել է ձեր՝ մարգարեներիդ աչքերը և քողարկել է ձեր՝ տեսանողներիդ գլուխները։

11. Այս ամբողջ տեսիլքը ձեզ համար պիտի լինի կնքված մի գրքի խոսքերի պես, որը տալիս են գրագետ մարդուն և ասում. «Խնդրում ենք, կարդա՛ սա», և նա ասում է. «Չեմ կարող, որովհետև կնքված է»։

12. Եվ եթե գիրքը տալիս են անգրագետ մի մարդու՝ ասելով. «Խնդրում ենք, կարդա՛ սա», և նա ասում է. «Ես կարդալ չգիտեմ»։

13. Տերն ասում է. «Որովհետև այս ժողովուրդը իր բերանով է մոտենում և իր շրթունքներով է ինձ պատվում, իսկ նրա սիրտը հեռու է ինձնից, և նրանց վախն ինձնից մարդկանց սովորեցրած հրաման է։

14. Դրա համար էլ ահա ես այսուհետև զարմանալի բաներ եմ անելու այս ժողովրդին, զարմանահրաշ ու զարմանալի բաներ. նրանց իմաստունների իմաստությունը պիտի կորչի, և պիտի խափանվի* նրանց հանճարեղների հանճարը»։

15. Վա՜յ նրանց, որոնք իրենց խորհուրդը Տիրոջից ծածկում են խոր տեղերում. նրանց արարքները խավարում են, և ասում են. «Ո՞վ է մեզ տեսնում, և ո՞վ է մեզ ճանաչում»։

16. Օ՜, ձեր այս խոտորնակությունը. մի՞թե բրուտը կավ կհամարվի, որ շինվածքն ասի իր շինողին. «Նա ինձ չի շինել», և արարածն ասի իր արարչին. «Նա բան չի հասկանում»։

17. Ահա մի փոքր ժամանակ ևս, և Լիբանանը կդառնա պտղաբեր արտ, և պտղաբեր արտը անտառ կհամարվի։

18. Եվ այդ օրը խուլերը կլսեն գրքի խոսքերը, և մթից ու խավարից ազատված՝ կտեսնեն կույրերի աչքերը։

19. Հեզերի ուրախությունը կավելանա Տիրոջով, և մարդկանց մեջ կարիքավորները կցնծան Իսրայելի Սրբով,

20. որովհետև բռնավորը կչքանա, ծաղրողը կվերանա, և կոչնչանան բոլոր չարամիտները,

21. որոնք մարդուն մի բառով հանցավոր են հռչակում, դարպասի մոտ հանդիմանողին որոգայթ են լարում և անհիմն կերպով խափանում արդարի իրավունքը։

22. Դրա համար Տերը, որ փրկեց Աբրահամին, այսպես է ասում Հակոբի տան մասին. «Այլևս չպիտի ամաչի Հակոբը, նրա երեսը չպիտի դժգունի.

23. որովհետև երբ նրանք իրենց մեջ տեսնեն իրենց որդիներին, իմ ձեռքի գործը, պիտի սրբացնեն իմ անունը, պիտի սրբացնեն Հակոբի Սրբին և երկյուղեն Իսրայելի Աստծուց։

24. Հոգով մոլորվածները խոհեմություն պիտի ճանաչեն, և տրտնջացողները խրատ պիտի սովորեն»։

ԵՍԱՅԻ 30

1. «Վա՜յ ապստամբ որդիներին,- ասում է Տերը,- որոնք խորհուրդ են անում, բայց ոչ ինձնով, որոնք դաշինք են կապում, բայց ոչ իմ հոգով, այդպիսով մեղքի վրա մեղք են շատացնում,

2. որոնք առանց ինձ հարցնելու գնում իջնում են Եգիպտոս, որպեսզի ապավինեն փարավոնի պաշտպանությանը և պատսպարվեն Եգիպտոսի հովանու տակ։

3. Բայց փարավոնի պաշտպանությունը ձեզ համար ամոթ պիտի լինի, իսկ Եգիպտոսի հովանու տակ պատսպարվելը՝ նախատինք,

4. որովհետև թեև նրա իշխանավորները Տայանիսում են, և նրա պատգամաբերները հասել են Հանես,

5. բոլորը պիտի ամաչեն մի ժողովրդից, որից օգուտ չեն ունենալու իրենք, որը ո՛չ օգնություն և ո՛չ էլ օգուտ, այլ ամոթ և նախատինք է բերելու իրենց»։

6. Հարավի* անասունների պատգամը։Նեղության և տառապանքի մի երկրի միջով, որտեղ ապրում են մատակ առյուծն ու առույգ առյուծը, իժն ու թևավոր կիզող օձը, նրանք, իրենց հարստությունը դրած էշերի մեջքի վրա և գանձերը՝ ուղտերի սապատի վրա, գնում են մի այնպիսի ժողովրդի մոտ, որն օգուտ չունի իրենց։

7. Ունայն ու դատարկ է եգիպտացիների օգնությունը. դրա համար ես նրանց կոչում եմ «ամբարտավան դատարկապորտներ»։

8. «Արդ, գնա՛, նրանց առաջ գրի՛ր այս մի տախտակի վրա, արձանագրի՛ր մի գրքի մեջ, և դա թող մնա որպես հավիտենական վկայություն գալիք օրվա համար»։

9. Քանզի դա ապստամբ ժողովուրդ է, խաբեբա որդիներ, որդիներ, որոնք չեն ուզում լսել Տիրոջ ուսուցումը,*

10. որոնք տեսանողներին ասում են. «Մի՛ տեսեք», և մարգարեներին. «Մեզ համար ճշմարիտը մի՛ մարգարեացեք, մեզ ախորժելի՛ բաներ ասացեք, խաբեություննե՛ր մարգարեացեք,

11. հեռացե՛ք ճանապարհից, շեղվե՛ք ուղուց, վերացրե՛ք մեր առաջից Իսրայելի Սրբին»։

12. Դրա համար այսպես է ասում Իսրայելի Սուրբը. «Քանի որ մերժեցիք այս խոսքը և ապավինել եք բռնությանն ու խաբեությանը և դրանց հենվեցիք,

13. դրա համար էլ այս անօրենությունը ձեզ համար կլինի բարձր պարսպի նման, որն ուռած և ճաքած է, որը փլուզման ենթակա է, և որի կործանումը վրա կհասնի հանկարծակի, միանգամից։

14. Այն փշրվելու է, ինչպես փշրվում է բրուտի ամանը, որը փշրվում է անխնա, և դրա կտորտանքներից խեցու մի կտոր չի գտնվելու կրակարանից կրակ վերցնելու և ջրափոսից ջուր հանելու համար».

15. քանզի այսպես է ասում Տեր Աստված՝ Իսրայելի Սուրբը. «Դարձի գալով և հանգիստ մնալով կփրկվեք, հանդարտությամբ և վստահելով կլինի ձեր զորությունը»։ Բայց դուք չեք ուզում։

16. Դուք ասացիք. «Ո՛չ, մենք կփախչենք ձիով»։ Դրա համար էլ կփախչեք։ Դուք ասացիք. «Մենք արագընթաց ձիերի վրա կհեծնենք»։ Դրա համար էլ արագընթաց պիտի լինեն ձեզ հալածողները։

17. Մեկի հանդիմանության առաջ ձեր հազարը կփախչի, և հինգի հանդիմանության առաջ կփախչեք բոլորդ, մինչև որ մնաք լեռան գագաթին ցցված ձողի նման, բլրի վրա դրոշակի նման։

18. Դրա համար Տերը սպասում է, որ ձեզ իր հաճությունը ցույց տա, և վեր է կենալու, որ ձեզ գթա. որովհետև Տերն իրավունքի Աստված է. երանելի են բոլոր նրանք, ովքեր սպասում են նրան։

19. Դու այլևս լաց չես լինելու, ո՜վ Սիոնում՝ Երուսաղեմի մեջ, բնակվող ժողովուրդ։ Նա պիտի ողորմի* քեզ, քո աղաղակի ձայնին. հենց որ նա լսի, պատասխանելու է քեզ։

20. Ու թեև Տերը ձեզ տա նեղության հաց և տառապանքի ջուր, քո Ուսուցիչն այլևս թաքուն չի լինելու, և քո աչքերը տեսնելու են քո Ուսուցչին։

21. Երբ աջ կողմը գնաք կամ երբ ձախ կողմը գնաք, քո ականջները քո հետևից լսելու են մի ձայն, որ կասի. «Սա է ճանապարհը, գնացեք ա՛յս ճանապարհով»։

22. Այն ժամանակ դու անմաքուր կհամարես քո կուռքերի արծաթապատումն ու քո արձանների ոսկե ձուլվածքը, դու դրանք ցիրուցան կանես դաշտանի շորի* պես և դրանց կասես՝ դո՛ւրս։

23. Եվ նա անձրև կտա հողում ցանած քո սերմին, և երկրի հացահատիկի բերքը հարուստ և առատ կլինի։ Այդ օրը քո հոտերը կարածեն ընդարձակ արոտավայրում,

24. և այն եզներն ու էշերը, որոնք հողն են վարում, պիտի ուտեն աղած անասնակեր՝ բահով և եղանով մաղված։

25. Մեծ կոտորածի օրը, երբ աշտարակները տապալվեն, ամեն բարձր լեռան և ամեն բարձրադիր բլրի վրա վտակներ՝ ջրերի հոսանքներ են լինելու,

26. լուսնի լույսն արեգակի լույսի պես են լինելու, և արեգակի լույսը՝ յոթնապատիկ ավելի, յոթ օրվա լույսի չափ, այն օրը, երբ Տերը կկապի իր ժողովրդի վերքը և կբժշկի նրա կրած հարվածի խոցը։

27. Ահա Տիրոջ անունը գալիս է հեռվից՝ նրա բորբոքված բարկությամբ ու ծանր ծխի մեջ. նրա շուրթերը լի են ցասումով, և նրա լեզուն լափող կրակի պես է։

28. Նրա շունչը հորդահոս հեղեղատի պես է, որը մինչև պարանոցն է հասնում, որպեսզի ցնցի ազգերին կործանման մաղի մեջ և մոլորության սանձ դնի ժողովուրդների կզակին։

29. Ձեզ համար երգ կլինի, ինչպես սուրբ տոնակատարության գիշերը, և սրտի ուրախություն՝ դեպի Տիրոջ լեռը՝ Իսրայելի վեմի մոտ սրինգով գնացող մարդու նման։

30. Տերը լսելի պիտի դարձնի իր փառավոր ձայնը և ցույց տա իր բազուկի իջնելը՝ սաստիկ բարկությամբ, լափող կրակի բոցով, հեղեղով, փոթորկով և կարկուտի քարերով։

31. Տիրոջ ձայնը զարհուրեցնելու է ասորեստանցուն, երբ նրան հարվածի գավազանով։

32. Նրա համար սահմանված յուրաքանչյուր հարվածը*, որ Տերն իջեցնելու է նրա վրա, թմբուկներով և քնարներով կլինի։ Պատերազմելու է նրա դեմ՝ շարժելով իր ձեռքը։

33. Վաղուց պատրաստ է կիզարանը, պատրաստվել է թագավորի համար. այն խորացվել է, լայնացվել է։ Նրա խարույկը կրակ և առատ փայտ ունի։ Տիրոջ շունչը ծծմբի հեղեղատի պես վառելու է այն։

ԵՍԱՅԻ 31

1. Վա՜յ նրանց, որոնք օգնության համար իջնում են Եգիպտոս, ապավինում են ձիերի, վստահում են մարտակառքերի, որովհետև շատ են, և ձիավորների, որովհետև խիստ զորավոր են։ Սակայն չեն նայում Իսրայելի Սրբին և չեն փնտրում Տիրոջը։

2. Նա էլ, սակայն, իմաստուն է, չարիք է բերում և իր խոսքերը հետ չի վերցնում. նա չարերի տան դեմ կկանգնի և անօրենություն գործողներին օգնողների դեմ։

3. Եգիպտացիները մարդ են և ոչ թե Աստված, նրանց ձիերը մարմին են և ոչ թե հոգի։ Բայց երբ Տերը երկարի իր ձեռքը, և՛ օգնողը կսայթաքի, և՛ օգնություն ստացողը վայր կընկնի, և բոլորը միասին կոչնչանան.

4. քանզի Տերն այսպես ասաց ինձ. «Ինչպես որ առյուծը կամ կորյունը մռնչում է իր որսի համար, ու նրա դեմ հովիվների բազմություն է կանչվում, և նա չի ահաբեկվում նրանց աղաղակից ու չի խռովվում նրանց աղմուկից, այնպես էլ իջնելու է Զորությունների Տերը՝ պատերազմելու Սիոն լեռան և նրա բլրի համար»։

5. Թրթռացող թռչնիկների պես Զորությունների Տերը պաշտպանելու է Երուսաղեմը, պաշտպանելու է և փրկելու է, խնայելու է և ազատելու է նրան։

6. Իսրայելի՛ որդիներ, դարձե՛ք դեպի նա, ում դեմ խորապես ապստամբեցիք,

7. որովհետև այդ օրն ամեն մարդ պիտի մերժի իր արծաթե կուռքերին, իր ոսկե կուռքերին, որոնք ձեր ձեռքերը շինեցին ձեզ համար որպես մեղք։

8. Եվ Ասորեստանն ընկնելու է սրով, բայց ո՛չ մարդու. մի սուր, որ մարդկային չէ, ուտելու է նրան։ Նա փախչելու է սրի առաջից, և նրա երիտասարդները բռնադատված աշխատողներ են լինելու։

9. «Նրա վեմը կանհետանա սարսափից, և նրա իշխանավորները կզարհուրեն դրոշակից»*,- ասում է Տերը, որի կրակը Սիոնում է, և որի հնոցը՝ Երուսաղեմում։

ԵՍԱՅԻ 32

1. Ահա մի թագավոր արդարությամբ կթագավորի, և իշխաններն իրավունքով կիշխեն։

2. Ամեն մարդ քամու դեմ պատսպարանի նման կլինի և փոթորկի դեմ՝ ապաստանի նման. ջրերի վտակների նման՝ անջրդի վայրում և մեծ ապառաժի հովանու նման՝ պապակած* երկրում։

3. Ապա տեսնողների աչքերը փակ չեն լինի, և լսողների ականջներն ուշադիր կլսեն։

4. Անխոհեմների* միտքը լավ դատողություն կունենա, և թոթովախոսների լեզուն սահուն և հստակ կխոսի։

5. Անզգամին այլևս ազնվաբարո չեն անվանի և նենգամիտին վսեմաշուք չեն ասի,

6. որովհետև անզգամը անզգամություն է դուրս տալիս, և նրա միտքը անօրենություն է խորհում, որ անաստվածություն անի ու Տիրոջ մասին ծուռ բաներ արտահայտի, քաղցածին սոված թողնի և ծարավածին զրկի ըմպելիքից։

7. Նենգամիտի նենգամտությունները չար են. նա նենգություններ է խորհում, որպեսզի թշվառներին կորստյան մատնի սուտ խոսքերով, թեկուզ և կարիքավորը իրավացի է։

8. Իսկ ազնվաբարո մարդն ազնիվ բաներ է խորհում և կանգ առնում ազնիվ բաների վրա։

9. Ո՛վ անհոգ կանայք, վե՛ր կացեք, լսե՛ք իմ ձայնը, ո՛վ ինքնավստահ աղջիկներ, ակա՛նջ դրեք իմ խոսքին։

10. Մի տարուց և մի քանի օրից հետո դուք պիտի դողաք, ո՛վ ինքնավստահ եղողներ, որ այգեկութը փչացել է, և հունձ չի լինելու։

11. Ո՛վ անհոգ կանայք, դողացե՛ք, սարսափե՛ք. ո՛վ ինքնավստահ կանայք, հանվե՛ք ու մերկացե՛ք, մեջքներիդ քո՛ւրձ կապեք։

12. Կուրծք ծեծելով ողբացե՛ք ցանկալի արտերի, պտղաբեր որթատունկերի համար։

13. Իմ ժողովրդի հողում փուշ ու ցախ պիտի բուսնի, զվարթ քաղաքի ամեն ուրախ տան համար,

14. քանզի ամրոցը կթողնվի, աղմկալից քաղաքը կլքվի, միջնաբերդն* ու աշտարակն ընդմիշտ որջեր կլինեն, որտեղ ցիռերը կզվարճանան, և հոտերը կարածեն,

15. մինչև որ վերևից Հոգին հեղվի մեզ վրա, անապատն այգի դառնա, և պտղաբեր այգին անտառ համարվի։

16. Այն ժամանակ իրավունքը անապատում կհաստատվի, և արդարությունը պտղաբեր արտում կբնակվի։

17. Արդարության պտուղը* խաղաղություն կլինի, և արդարության արդյունքը՝ հավիտենական անդորր ու վստահություն։

18. Իմ ժողովուրդը խաղաղավետ բնակատեղում կբնակվի, ապահով վրաններում և անխռով հանգստարաններում։

19. Բայց կարկուտ պիտի իջնի անտառի վրա, և քաղաքը պիտի խիստ նվաստանա։

20. Երանի՜ձեզ, որ ցանում եք բոլոր ջրերի մոտ և արձակում եք եզան ու էշի ոտքերը։

ԵՍԱՅԻ 33

1. Վա՜յ քեզ, ո՛վ կործանիչ, որ չկործանվեցիր, և ո՛վ դավաճան, որին չդավաճանեցին։ Երբ դու վերջացնես կործանելը, պիտի կործանվես, երբ դադարես դավաճանելուց, պիտի դավաճանեն քեզ։

2. Ո՛վ Տեր, ողորմի՛ր մեզ, մենք քեզ ենք սպասում, ամեն առավոտ մեր զորությո՛ւնը* եղիր, նաև մեր փրկությունը՝ նեղության ժամանակ։

3. Քո թնդացող ձայնից փախչում են ժողովուրդները. երբ դու բարձրանում ես, ցրվում են ազգերը։

4. Ավարը պիտի հավաքվի այնպես, ինչպես թրթուրն է հավաքում, մորեխի ոստնելու պես պիտի ոստոստեն դրա վրա։

5. Տերը բարձրացած է, որովհետև բարձունքում է բնակվում նա. լցրել է Սիոնն իրավունքով և արդարությամբ։

6. Իմաստությունն ու գիտությունը քո ժամանակների ապահովությունը պիտի լինեն, նաև քո փրկության զորությունը։ Տիրոջ երկյուղը կլինի նրա գանձը։

7. Ահա նրանց քաջազուններն աղաղակում են դրսում, խաղաղության պատգամաբերները լաց են լինում դառնորեն։

8. Ամայացել են պողոտաները. դադարել է ճանապարհորդը. նա խզել է ուխտը, քաղաքները անարգել. մարդուն բանի տեղ չի դնում։

9. Սգում ու նվաղում է երկիրը, Լիբանանն ամոթահար է ու թառամած, Սարոնն անապատի պես է դարձել, և Բասանն ու Կարմեղոսը տերևաթափ եղան։

10. «Հիմա կանգնելու եմ,- ասում է Տերը,- հիմա բարձրանալու եմ, փառաբանվելու եմ։

11. Հարդ եք հղիացել, մղեղ եք ծնելու. ձեր շունչը կրակ է, որն ուտում է ձեզ։

12. Ժողովուրդներն այրված կրի պես պիտի դառնան, կտրված փշերի պես, որոնք այրվում են կրակով։

13. Ո՛վ հեռավորներ, լսե՛ք, ինչ որ արել եմ. ո՛վ մերձավորներ, ճանաչե՛ք իմ զորությունը»։

14. Սիոնում սարսափում են մեղավորները, դողն է բռնել անաստվածներին. «Մեզնից ո՞վ կարող է բնակվել լափող կրակի հետ, մեզնից ո՞վ կարող է բնակվել հավիտենական բոցերում»։

15. Արդարությամբ քայլողը և ճշմարտությամբ խոսողը, անիրավության շահը մերժողը, կաշառք չընդունելու համար ձեռքերը թափ տվողը, արյունահեղություն չլսելու համար ականջները խցողը և չարություն չտեսնելու համար իր աչքերը փակողը,

16. ահա նա՛ պիտի բնակվի բարձունքներում. ժայռերի ամրությունները նրա ամրոցը պիտի լինեն, նրա հացը պիտի տրվի նրան, նրա ջուրն ապահովված պիտի լինի։

17. Քո աչքերը տեսնելու են թագավորին իր գեղեցկության մեջ, նայելու են մի երկրի, որն ընդարձակվում է մինչև հեռուն։

18. Քո միտքը սարսափների մասին կխորհրդածի. «Որտե՞ղ է հաշվողը, որտե՞ղ է կշռողը, որտե՞ղ է աշտարակներ հաշվողը»։*

19. Դու այլևս չես տեսնելու այն ամբարտավան ժողովրդին, այն ժողովրդին, որն անծանոթ և անհասկանալի խոսվածք ուներ, թոթովախոս և անիմանալի լեզու ուներ։

20. Նայի՛ր Սիոնին՝ մեր հանդիսավոր տոնախմբությունների քաղաքին. քո աչքերը կտեսնեն Երուսաղեմը՝ որպես անխռով բնակարան, անխախտ վրան, որի ցցերը հավիտյան չեն տեղահանվի, և պարաններից ոչ մեկը չի կտրվի։

21. Այնտեղ Տերը իր մեծափառության մեջ մեզ համար կլինի լայնատարած գետերի, վտակների վայր, ուր թիաքարշ մակույկ չի մտնելու, և որտեղով ոչ մի մեծ նավ չի անցնելու,

22. որովհետև Տերն է մեր դատավորը, Տերն է մեր օրենսդիրը, Տերն է մեր թագավորը. նա կփրկի մեզ։

23. Քո պարանները թուլացել են, դրանք իրենց կայմի խարիսխը պինդ չեն պահում կամ առագաստ բացում. այն ժամանակ մեծ ավար բաժանվեց. մինչև անգամ կաղերն են ավարառու։

24. Եվ ոչ մի բնակիչ չի ասելու. «Ես հիվանդ եմ»։ Այնտեղ բնակվող ժողովրդի անօրենությունը ներվելու է։

ԵՍԱՅԻ 34

1. Ո՛վ ազգեր, մոտեցե՛ք, որ լսեք, ո՛վ ժողովուրդներ, ո՛ւշք դրեք. թող լսի երկիրը և նրա բոլոր բնակիչները, աշխարհը և ամեն շառավիղները, որ առաջացնում է.

2. որովհետև Տիրոջ սրտմտությունը բոլոր ազգերի վրա է, նրա զայրույթը՝ նրանց բոլոր զորքերի վրա։ Նա կործանման է մատնել նրանց, սպանդի է հանձնել։

3. Նրանց սպանվածները դուրս են գցվելու, նրանց դիակներից գարշահոտություն է բարձրանալու, լեռները թրջվելու են նրանց արյունից։

4. Պիտի հալչեն երկնքի բոլոր զորքերը, մագաղաթի պես պիտի գալարվի երկինքը, նրա բոլոր զորքերը ցած պիտի թափվեն, ինչպես որ տերևն է թափվում որթատունկից, ինչպես չորացած թուզը՝ թզենուց։

5. Իմ սուրը հարբել է երկնքում. ահա նա իջնում է եդովմացիների վրա, իմ դատապարտած ժողովրդի վրա՝ դատաստանի համար։

6. Տիրոջ սուրը հագեցած է արյամբ, յուղոտված է ճարպով, գառների և նոխազների արյունով, խոյերի երիկամների ճարպով, որովհետև Տիրոջ համար զոհ կա Բոսրայում, մեծ սպանդ՝ Եդովմի երկրում։

7. Նրանց հետ կընկնեն գոմեշները, զվարակները՝ ցուլերի հետ. նրանց երկիրը կոռոգվի արյունով, և նրանց հողը կպարարտանա ճարպով։

8. Որովհետև վրեժխնդրության օր է Տիրոջ համար, հատուցման տարի է Սիոնի դատի համար։

9. Նրա հեղեղատները ձյութի կվերածվեն, և նրա հողը՝ ծծումբի. նրա երկիրը վառվող ձյութի պես կլինի,

10. գիշեր ու ցերեկ չպիտի հանգչի, նրա ծուխը հավիտյան պիտի բարձրանա, և այն սերնդեսերունդ ավերակ կմնա. հավիտյանս հավիտենից այնտեղով անցնող չի լինի։

11. Բազեներն ու ոզնիները կժառանգեն այն, բուն ու ագռավը կբնակվեն նրա մեջ, և նրա վրա կքաշվեն ամայության լարն ու դատարկության կշռաքարերը։

12. Նրանցից ոչ մեկն այնտեղ չի լինելու, որ թագավոր հռչակվի,* նրա բոլոր իշխանավորները կոչնչանան։

13. Նրա ամրոցների վրա փշեր պիտի բուսնեն, նրա բերդերի վրա՝ եղինջ ու ցախ, և նա աղվեսների բնակարան ու ջայլամների բակ պիտի դառնա։

14. Այնտեղ վայրի կատուները կհանդիպեն բորենիներին, և այծամարդն իր ընկերոջը կկանչի. գիշերային վհուկն* այնտեղ կհանգստանա և իր համար հանգիստ կգտնի։

15. Այնտեղ բույն կշինի նետօձը, ձու կածի, ձագեր կհանի և կխնամի նրանց իր հովանու տակ. նաև այնտեղ կհավաքվեն ուրուրները՝ ամեն մեկն իր ընկերոջ հետ։

16. Որոնե՛ք Տիրոջ գրքում և կարդացե՛ք. «Սրանցից մեկ հատն անգամ չի պակասելու, մեկի մոտ իր զուգընկերոջը չի փնտրելու, որովհետև նրա բերանը հրամայեց դա. նրա հոգին ինքն է հավաքելու նրանց։

17. Նա ինքն է վիճակ գցել նրանց համար, և նրա ձեռքն է այն նրանց բաժանել լարով։ Նրանք հավիտյան կժառանգեն այն, դարեդար պիտի բնակվեն այնտեղ»։

ԵՍԱՅԻ 35

1. Անապատն ու չոր երկիրը կուրախանան, կցնծա անմարդաբնակ երկիրը ու կծաղկի շուշանի պես։

2. Առատորեն կծաղկի, ցնծալով կուրախանա երգելով։ Նրան կտրվի Լիբանանի փառքը և Կարմեղոսի ու Սարոնի մեծափառությունը։ Նրանք կտեսնեն Տիրոջ փառքը, մեր Աստծու վայելչությունը։

3. Զորացրե՛ք թուլացած ձեռքերը, պնդացրե՛ք դողդոջուն ծնկները։

4. Ասացե՛ք թուլասիրտներին. «Ո՛ւժ առեք, մի՛ վախեցեք. ահա ձեր Աստվածը գալիս է վրեժխնդրությամբ, Աստծու հատուցումով. գալիս է և կազատի ձեզ»։

5. Այն ժամանակ կբացվեն կույրերի աչքերը, կբացվեն խուլերի ականջները։

6. Այն ժամանակ կաղը կցատկոտի եղջերուի պես, և համրի լեզուն կօրհներգի, որովհետև անապատում ջրեր կժայթքեն, և ամայի տեղում՝ հեղեղատներ։

7. Խորշակահար երկիրը լճի կփոխվի, և ծարաված հողը՝ ջրերի աղբյուրների։ Աղվեսների բնակած որջում խոտ կբուսնի՝ եղեգ և կնյուն։

8. Այնտեղ պողոտա և ճանապարհ կլինի, որին սուրբ ճանապարհ կասեն. այդ տեղով անմաքուրը չպիտի անցնի, դա նրանցը կլինի. այդ ճանապարհով գնացողները, հիմարներն անգամ չեն մոլորվի։

9. Այնտեղ առյուծ չի լինելու, այնտեղով գիշատիչ գազան չի գալու. դրանք այնտեղ չեն գտնվելու. բայց փրկագնվածները ման կգան այնտեղ։

10. Տիրոջ կողմից փրկագնվածները ետ կդառնան ու բարձրաձայն երգերով կգան Սիոն, և նրանց գլխի վրա հավիտենական ուրախություն կլինի։ Ուրախության ու ցնծության պիտի հասնեն նրանք, և տրտմությունն ու հեծությունը պիտի փախչեն։

ԵՍԱՅԻ 36

1. Եզեկիա թագավորի տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ թագավորն արշավեց Հուդայի երկրի բոլոր պարսպապատ քաղաքների վրա և գրավեց դրանք։

2. Ասորեստանի թագավորը մեծ զորքով Ռաբսակին ուղարկեց Լաքիսից Երուսաղեմ՝ Եզեկիա թագավորի մոտ։ Ռաբսակը կանգ առավ թափիչի ագարակի ճանապարհին՝ վերևի ավազանի ջրմուղի մոտ։

3. Նրա մոտ դուրս եկան Քեղկիայի որդի Եղիակիմը, պալատի վերակացուն, Սեբնա ատենադպիրը և դիվանապահ Հովաքը՝ Ասափի որդին։

4. Ռաբսակն ասաց նրանց. «Ասացե՛ք Եզեկիային, որ այսպես է ասում մեծ թագավորը՝ Ասորեստանի թագավորը. “Ի՞նչ է այդ ապավենը, որին դու ապավինել ես։

5. Ես ասում եմ. դրանք շուրթերի խոսքեր են միայն. ծրագիր և զորություն է պետք պատերազմի համար. հիմա ո՞ւմ ես ապավինել, որ իմ դեմ ապստամբել ես։

6. Ահա դու ապավինել ես այդ ջարդված եղեգե ցուպին՝ Եգիպտոսին, որին եթե մարդ կռթնի, այն կմտնի նրա ձեռքը և կծակի։ Ահա այսպիսին է Եգիպտոսի փարավոն թագավորը բոլոր իրեն ապավինողների համար”։

7. Բայց եթե ինձ ասես. “Մենք մեր Տեր Աստծուն ենք ապավինել”, ապա մի՞թե նա այն չէ, որի Բարձր տեղերն ու զոհասեղանները Եզեկիան վերացրեց՝ Հուդայի երկրին ու Երուսաղեմին ասելով՝ “Այս զոհասեղանի առջև՛ երկրպագեք”։

8. Արդ, դաշի՛նք կապիր իմ Տիրոջ՝ Ասորեստանի թագավորի հետ, և ես քեզ կտամ երկու հազար ձի, եթե դու կարողանաս դրանց վրա հեծյալներ դնել։

9. Դու, որ մարտակառքերի և ձիերի համար Եգիպտոսին ես ապավինում, ինչպե՞ս պիտի կարողանաս դեմ դնել իմ տիրոջ փոքր ծառաներից որևէ մեկի զորապետին։

10. Եվ հիմա արդյոք առանց Տիրոջ կամքի՞ եմ եկել այս երկրի վրա՝ այն ավերելու համար։ Տերն է ինձ ասել. “Գնա՛ այս երկրի վրա և ավերի՛ր այն”»։

11. Եվ Եղիակիմը, Սեբնան ու Հովաքն ասացին Ռաբսակին. «Խնդրում ենք, քո ծառաների հետ արամերե՛ն խոսիր, որովհետև մենք այն հասկանում ենք. մեզ հետ Հուդայի լեզվով մի՛ խոսիր պարսպի վրա գտնվող ժողովրդի ականջի տակ»։

12. Ռաբսակն ասաց. «Մի՞թե քո տիրոջ և քեզ մոտ է ուղարկել ինձ իմ տերը, որ ասեմ այս խոսքերը, և ոչ նաև պարսպի վրա նստած այս մարդկանց, որոնք ձեզ հետ միասին իրենց կեղտն են ուտելու և իրենց մեզն են խմելու»։

13. Ապա Ռաբսակը կանգնեց և բարձր ձայնով Հուդայի լեզվով գոչեց և ասաց. «Լսե՛ք մեծ թագավորի՝ Ասորեստանի թագավորի խոսքերը։

14. Այսպես է ասում թագավորը. “Եզեկիան թող ձեզ չխաբի, որովհետև նա չի կարող ձեզ ազատել։

15. Եզեկիան ձեր վստահությունը թող Տիրոջ վրա դնել չտա՝ ձեզ ասելով.

16. Եզեկիային մի՛ լսեք, որովհետև Ասորեստանի թագավորն այսպես է ասում. “Հաշտվե՛ք ինձ հետ, դո՛ւրս եկեք, հանձնվե՛ք ինձ, և ամեն մարդ իր որթատունկից, ամեն մարդ իր թզենուց կուտի, և ամեն մարդ իր ջրհորի ջրից կխմի,

17. մինչև որ ես գամ և ձեզ տանեմ ձեր երկրի նման մի երկիր՝ ցորենի ու գինու երկիր, հացի ու խաղողի այգիների երկիր։

18. Միգուցե Եզեկիան ձեզ հրապուրի՝ ասելով.

19. Ո՞ւր են Եմաթի և Արփաթի աստվածները, ո՞ւր են Սեփարուիմի աստվածները. մի՞թե Սամարիան ազատեցին իմ ձեռքից։

20. Այս երկրների բոլոր աստվածներից ո՞րը կարողացավ իրենց երկիրն ազատել իմ ձեռքից, որ Տերն էլ կարողանա Երուսաղեմն ազատել իմ ձեռքից”»։

21. Նրանք լռեցին և պատասխան չտվեցին, որովհետև թագավորը հրաման էր տվել՝ ասելով. «Չպատասխանեք նրան»։

22. Քեղկիայի որդի Եղիակիմը, պալատի վերակացուն, Սեբնա ատենադպիրը և Ասափի որդի Հովաքը՝ դիվանապահը, պատռելով իրենց հագուստները, գնացին Եզեկիայի մոտ և հաղորդեցին նրան Ռաբսակի խոսքերը։

ԵՍԱՅԻ 37

1. Երբ Եզեկիա թագավորը լսեց այս, պատռեց իր հագուստները, քուրձ հագավ ու գնաց Տիրոջ տունը։

2. Նա պալատի վերակացու Եղիակիմին, ատենադպիր Սեբնային և քահանաներից երեցներին քուրձեր հագած ուղարկեց Ամոզի որդի Եսայի մարգարեի մոտ։

3. Եվ նրանք ասացին նրան. «Այսպես է ասում Եզեկիան. “Նեղության, կշտամբանքի ու նախատինքի օր է այսօր, որովհետև որդիները մինչև արգանդի բերանն են հասել,* բայց ծննդաբերության համար ուժ չկա։

4. Թերևս Տերը՝ քո Աստվածը, լսի Ռաբսակի խոսքերը, որին իր տերը՝ Ասորեստանի թագավորը, ուղարկեց կենդանի Աստծուն նախատելու համար և կշտամբելու նրան այն խոսքերի համար, որոնք լսեց քո Տեր Աստվածը։ Ուրեմն աղո՛թք բարձրացրու գոյություն ունեցող մնացորդի համար”»։

5. Երբ Եզեկիա թագավորի ծառաները եկան Եսայու մոտ,

6. Եսային ասաց նրանց. «Այսպե՛ս ասացեք ձեր տիրոջը. այսպես է ասում Տերը. “Մի՛ վախեցիր այն խոսքերից, որ լսեցիր, և որոնցով հայհոյեցին ինձ Ասորեստանի թագավորի սպասավորները։

7. Ահա ես նրա վրա մի ոգի կուղարկեմ, և նա մի լուր կլսի, կվերադառնա իր երկիրը, և ես սրով կտապալեմ նրան իր երկրում”»։

8. Երբ Ռաբսակը Լաքիսից վերադարձավ և Ասորեստանի թագավորին գտավ Լեբնայի դեմ պատերազմելիս, որովհետև լսել էր, որ նա հեռացել է Լաքիսից։

9. Ասորեստանի թագավորը եթովպացիների թագավոր Թարակայի մասին լսել էր, որ ասում էին. «Ահա նա գալիս է քո դեմ պատերազմելու»։ Նա պատգամավորներ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով.

10. «Այսպե՛ս ասացեք Եզեկիային՝ Հուդայի երկրի թագավորին. “Թող քեզ չխաբի քո Աստվածը, որին դու ապավինել ես՝ ասելով, թե Երուսաղեմը չպիտի տրվի Ասորեստանի թագավորի ձեռքը։

11. Ահա դու լսեցիր, թե ի՛նչ են արել Ասորեստանի թագավորները բոլոր երկրներին, ինչպես են կործանել դրանք, և դո՞ւ ես ազատելու։

12. Մի՞թե ազգերի աստվածներն ազատեցին նրանց, որոնց կործանեցին իմ հայրերը. Գոզանը, Խառանը, Ռեսեփը և Թելասարում գտնվող Եդեմի որդիներին։

13. Ո՞ւր են Եմաթի թագավորը, Արփադի թագավորը, Սեփարուիմ քաղաքի, Անայի և Ավայի թագավորները”»։

14. Եզեկիան պատգամավորների ձեռքից վերցրեց գրությունը, կարդաց, ապա Եզեկիան բարձրացավ Տիրոջ տունը և այն փռեց Տիրոջ առաջ։

15. Եզեկիան աղոթեց Տիրոջը՝ ասելով.

16. «Ո՛վ Զորությունների Տեր, Աստվա՛ծ Իսրայելի, որ բազմած ես քերովբեների վրա, դու ես երկրի բոլոր թագավորությունների միակ Աստվածը, դու ես արարել երկինքն ու երկիրը։

17. Խոնարհեցրո՛ւ, Տե՛ր, քո ականջը և լսի՛ր. բա՛ց, ո՛վ Տեր, քո աչքերը և տե՛ս։ Լսի՛ր այն բոլոր խոսքերը, որ Սենեքերիմն ուղարկեց՝ նախատելու համար կենդանի Աստծուն։

18. Արդարև, ո՛վ Տեր, Ասորեստանի թագավորները բնաջնջել են բոլոր երկրներն ու ավերել նրանց երկիրը։

19. Նրանք կրակով այրել են նրանց աստվածները, որովհետև դրանք աստվածներ չէին, այլ մարդու ձեռքի գործ՝ փայտ ու քար։ Ուստի ոչնչացրին դրանց։

20. Բայց արդ, ո՛վ Տեր, մեր Աստվա՛ծ, ազատի՛ր մեզ նրա ձեռքից, որպեսզի երկրի բոլոր թագավորություններն իմանան, որ դու ես միայն Տերը»։

21. Ապա Ամոզի որդի Եսային մարդ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քանի որ դու աղոթեցիր ինձ Ասորեստանի Սենեքերիմ թագավորի մասին։

22. Ահա սա է այն խոսքը, որ Տերն ասում է նրա մասին.

23. Ո՞ւմ նախատեցիր ու հայհոյեցիր,Ո՞ւմ դեմ ձայն բարձրացրիր.Եվ աչքերդ գոռոզաբար բարձրացրիր Իսրայելի Սրբի դեմ։

24. Քո ծառաների միջոցով նախատեցիր Տիրոջն ու ասացիր.

25. Ես ջրհոր փորեցի ու ջուր խմեցիԵվ իմ ոտքերի ներբաններով Եգիպտոսի բոլոր առուները ցամաքեցրի

26. Մի՞թե չես լսել, որ պատրաստել էի նախապեսև ծրագրել էի հին օրերում։Հիմա կատարեցի այդ,Որ դու ավերակների կույտերի վերածես պարսպապատ քաղաքները։

27. Դրանց բնակիչները, ուժասպառ եղած,Զարհուրեցին և ամաչեցին,Եղան դաշտի խոտի պես,Կանաչ դալար ու կտուրի խոտ,Ցորեն, որ նախքան աճելը փչանում է։

28. Ես գիտեմ քո նստելը, քո դուրս ելնելն ու ներս մտնելըԵվ քո բորբոքված բարկությունն իմ դեմ։

29. Եվ որովհետև իմ դեմ ունեցած բորբոքված կատաղությունըԵվ քո ամբարտավանությունը հասել են իմ ականջներին,Ես էլ իմ կարթը քո քթին և իմ սանձը քո բերանին կդնեմԵվ քեզ հետ կդարձնեմ քո եկած ճանապարհով։

30. Եվ սա լինի քեզ նշան.Այս տարի կերե՛ք ինքնիրեն բուսածը,Երկրորդ տարին այն, ինչ աճում է նրանցից,Եվ երրորդ տարին ցանե՛ք ու հնձե՛քԵվ այգիներ տնկե՛ք ու կերե՛ք նրանց պտուղը։

31. Հուդայի տան ազատված մնացորդըԿրկին արմատ պիտի արձակի դեպի ներքևԵվ պտուղ պիտի տա վերևում.

32. Քանզի Երուսաղեմից պիտի դուրս գա մի մնացորդ,Եվ Սիոն լեռից՝ ազատվածներ։Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունը պիտի կատարի սա։

33. Դրա համար այսպես է ասում Տերն Ասորեստանի թագավորի մասին.

34. Իր եկած ճանապարհով նա հետ կդառնաԵվ չի մտնի այս քաղաքը,- ասում է Տերը։-

35. Ես կպաշտպանեմ այս քաղաքը, որ ազատեմ այնԻնձ համար և իմ ծառա Դավթի համար

36. Եվ Տիրոջ հրեշտակը դուրս եկավ ու ասորեստանցիների բանակավայրում հարվածեց հարյուր ութսունհինգ հազար մարդու։ Եվ երբ առավոտյան վեր կացան, ահա նրանք բոլորն անշունչ դիակներ էին։

37. Ասորեստանի Սենեքերիմ թագավորը վեր կացավ, գնաց ու բնակվեց Նինվեում։

38. Երբ նա երկրպագում էր իր աստծուն Նեսրոքի տաճարում, նրա որդիները՝ Ադրամելեքն ու Սարասարը, սրով սպանեցին նրան, և իրենք փախան Արարատի երկիրը։ Նրա որդի Ասարդանը թագավորեց նրա փոխարեն։

ԵՍԱՅԻ 38

1. Այդ օրերին մերձիմահ հիվանդացավ Եզեկիան։ Ամոզի որդի Եսայի մարգարեն եկավ նրա մոտ և ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Կարգավորի՛ր քո տունը*, որովհետև դու մեռնելու ես, չես ապրելու”»։

2. Եզեկիան իր երեսը դարձրեց դեպի պատը և աղոթեց Տիրոջը։

3. Նա ասաց. «Աղաչում եմ, Տե՛ր, հիշի՛ր, որ հավատարմությամբ ու կատարյալ սրտով ընթացա քո առաջ և արեցի այն, ինչ հաճելի է քո աչքերին»։ Եվ Եզեկիան դառնապես լաց եղավ։

4. Ապա Տիրոջ խոսքը հասավ Եսայուն՝ ասելով.

5. «Գնա՛ և ասա՛ Եզեկիային, թե այսպես է ասում Տերը՝ քո հայր Դավթի Աստվածը. “Լսեցի քո աղոթքը, տեսա քո արտասուքը։ Ահավասիկ, քո օրերի վրա պիտի ավելացնեմ տասնհինգ տարի։

6. Ես քեզ և այս քաղաքը պիտի ազատեմ Ասորեստանի թագավորի ձեռքից և պիտի պաշտպանեմ այս քաղաքը”»։

7. Տիրոջ կողմից սա թող նշան լինի քեզ, որ Տերը կատարելու է այն, ինչ նա ասել է.

8. «Ահա ես տասն աստիճան հետ պիտի դարձնեմ Աքազի արևի ժամացույցի աստիճաններով իջած ստվերը»։ Եվ արևը տասն աստիճան հետ դարձավ իր իջած աստիճաններից։

9. Հուդայի երկրի թագավոր Եզեկիայի գրվածքը, երբ նա հիվանդացավ և ապաքինվեց հիվանդությունից.

10. «Ես ասացի. գնալու եմ իմ օրերի կեսին, մեռելների աշխարհի դռներին եմ անցկացնելու իմ մնացած տարիները։

11. Ասացի. Տիրոջն այլևս չեմ տեսնելու, Տիրոջը՝ ողջերի երկրում. ոչ մի մարդու այլևս չեմ նայելու աշխարհի բնակիչների հետ։

12. Իմ բնակարանը վերցվում է ու հովվի վրանի նման տարվում ինձնից։ Ես ջուլհակի պես փաթաթեցի իմ կյանքը. նա ինձ կտրելու է թեզանից։ Ցերեկվանից մինչև գիշեր դու վերջ կտաս ինձ։

13. Սպասեցի մինչև առավոտ, առյուծի պես կոտրատում էր իմ բոլոր ոսկորները. ցերեկվանից մինչև գիշեր դու վերջ կտաս ինձ։

14. Ծիծեռնակի պես, կռունկի պես ճչում էի, մնչում էի աղավնու նման. աչքերս նվաղում են վերև նայելուց։ Ո՛վ Տեր, տագնապում եմ, օգնի՛ր ինձ։

15. Ի՞նչ ասեմ. ինքն ինձ ասաց և ինքն էլ կատարեց. իմ բոլոր տարիներին հանդարտ պիտի ընթանամ իմ հոգու դառնության համար։

16. Ո՛վ Տեր, սրանցով ապրում են մարդիկ, և դրանց բոլորի մեջ է իմ հոգու կյանքը։ Դո՛ւ ինձ բժշկեցիր, դո՛ւ ինձ ապրեցրիր։

17. Ահավասիկ իմ բարօրության համար դառնություն եղավ ինձ, դառնություն. բայց դու ինձ սիրեցիր՝ իմ անձը դուրս հանելով ոչնչացման փոսից, քանզի իմ բոլոր մեղքերը քո հետևը գցեցիր։

18. Մեռելների աշխարհը քեզ չի գովերգի, մահը քեզ չի օրհնաբանի, քո հավատարմության վրա հույս չեն դնի գուբն իջնողները։

19. Ապրողը, ապրողն է քեզ գովերգելու, ինչպես այսօր՝ ես։ Հայրն իր որդիներին պիտի իմացնի քո հավատարմությունը։

20. Տերն ինձ փրկելու է. ուրեմն լարավոր նվագարաններով երգեր երգենք մեր կյանքի բոլոր օրերին Տիրոջ տան մեջ»։

21. Եվ Եսային ասաց. «Չոր թզեր թող վերցնեն ու քսեն վերքի վրա, և նա կառողջանա»։

22. Իսկ Եզեկիան հարցրեց. «Ի՞նչ է այն նշանը, որով կիմանամ, թե Տիրոջ տունն եմ բարձրանալու»։

ԵՍԱՅԻ 39

1. Այն ժամանակ Բաղադանի որդի Մարոդաք-Բաղադանը՝ Բաբելոնի թագավորը, նամակներ և ընծա ուղարկեց Եզեկիային, որովհետև լսել էր, որ նա հիվանդացել և ապաքինվել է։

2. Եզեկիան ուրախացավ դրանց համար և նրանց ցույց տվեց իր գանձերի տունը՝ արծաթը, ոսկին, խնկեղենը, թանկարժեք յուղը, իր ամբողջ զինանոցն ու այն ամենը, ինչ գտնվում էր նրա գանձարաններում։ Իր տանը և իր ամբողջ թագավորության մեջ չկար մի բան, որ Եզեկիան ցույց տված չլիներ նրանց։

3. Եսայի մարգարեն եկավ Եզեկիա թագավորի մոտ և ասաց նրան. «Ի՞նչ են ասում այս մարդիկ, և որտեղի՞ց են եկել քեզ մոտ»։ Եզեկիան պատասխանեց. «Հեռավոր երկրից՝ Բաբելոնից են եկել ինձ մոտ»։

4. Եսային ասաց. «Ի՞նչ տեսան քո տանը»։ Եզեկիան պատասխանեց. «Ամեն ինչ, որ կա իմ տանը, տեսան. բան չկա, որ ցույց տված չլինեմ իմ գանձարաններում»։

5. Եվ Եսային ասաց Եզեկիային. «Լսի՛ր Զորությունների Տիրոջ խոսքը.

6. “Ահա գալու են օրեր, երբ ամեն ինչ, որ կա քո տանը, ինչ որ կուտակեցին կամ հավաքեցին քո հայրերը մինչև այսօր, պիտի տարվի Բաբելոն. ոչ մի բան չպիտի մնա,- ասում է Տերը։-

7. Եվ քո որդիներից որոնք առաջ են գալու քեզնից, որոնց դու ծնելու ես, պիտի առնեն տանեն, և նրանք ներքինիներ պիտի դառնան Բաբելոնի թագավորի պալատում”»։

8. Եվ Եզեկիան ասաց Եսայուն. «Տիրոջ խոսքը, որ դու ասացիր, բարի է, որովհետև,- ասաց նա,- խաղաղություն և ապահովություն կլինի իմ օրերում»։

ԵՍԱՅԻ 40

1. «Մխիթարե՛ք, մխիթարե՛ք իմ ժողովրդին,- ասում է ձեր Աստվածը,-

2. Երուսաղեմի հետ քաղցրությա՛մբ խոսեք, հայտարարե՛ք, որ նրա զինվորական ծառայությունն ամբողջացավ, որ թողություն է տրվել նրա անօրենությանը, որ նա իր բոլոր մեղքերի համար Տիրոջ ձեռքից կրկնապատիկ հատուցում է ստացել»։

3. Մի ձայն կանչում է. «Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը անապատում, ուղի՛ հարթեք մեր Աստծու համար ամայության մեջ։

4. Ամեն ձոր կբարձրանա, ամեն լեռ ու բլուր կնվաստանա, անհարթը կհարթվի, և խորդուբորդ տեղերը՝ կուղղվեն։

5. Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մարմին միասին պիտի տեսնեն այն, որովհետև Տիրոջ բերանն է այդ խոսել»։

6. Մի ձայն ասում է. «Կանչի՛ր»։ Նա ասում է. «Ի՞նչ կանչեմ»։ «Ամեն մարմին խոտ է, և նրա ամբողջ վայելչությունը նման է դաշտի ծաղկի։

7. Խոտը չորանում է, ծաղիկը՝ թառամում, երբ Տիրոջ շունչը փչում է դրանց վրա. իրապես ժողովուրդը նման է խոտի։

8. Խոտը չորանում է, ծաղիկը՝ թառամում, բայց մեր Աստծու խոսքը մնում է հավիտյան»։

9. Ե՛լ մի բարձր լեռան վրա, ո՛վ ավետաբերդ Սիոնի, ուժգին բարձրացրո՛ւ ձայնդ, ո՛վ ավետաբերդ Երուսաղեմի. մի՛ վախեցիր, բարձրացրո՛ւ ձայնդ Հուդայի քաղաքներին և ասա՛. «Ահա ձեր Աստվածը,

10. ահա Տեր Աստված, որ գալիս է զորությամբ. նրա բազուկն իշխում է իր համար. ահա նրա վարձն իր հետ է, և նրա հատուցումը՝ իր առջև։

11. Հովվի նման նա հովվելու է իր հոտը, իր թևերի մեջ է հավաքելու գառներին, իր գրկում է կրելու նրանց և հանդարտորեն քշելու է կաթնատուներին։

12. Ո՞վ չափեց ջրերն իր ափով, և երկնքի տարածությունը՝ իր թիզով. ո՞վ չափի մեջ* ամփոփեց երկրի փոշին. ո՞վ կշռեց լեռները կշռորդով և բլուրները՝ կշեռքով։

13. Ո՞վ քննեց Տիրոջ հոգին և սովորեցրեց նրան իբրև խորհրդական։

14. Ումի՞ց խորհուրդ հարցրեց նա, որ նրան իմացներ. ո՞վ սովորեցրեց նրան իրավունքի ճանապարհը. գիտություն սովորեցրեց և իմաստության ճանապարհը ցույց տվեց։

15. Ահա ազգերը դույլի մի կաթիլի նման են, նրանք կշեռքի թաթին նստած փոշեհատիկի պես են համարվում։ Ահա նա կղզիները վերցնում է մանր փոշու նման։

16. Լիբանանը բավական չէ կրակի համար, և նրա անասունները՝ ողջակեզի համար։

17. Բոլոր ազգերը նրա առաջ ոչնչի պես են, նրա համար նրանք համարվում են ոչնչից էլ պակաս և ունայնություն։

18. Ուրեմն ո՞ւմ եք նմանեցնում Աստծուն և ի՞նչ նմանության հետ եք համեմատում նրան։

19. Կուռքն արհեստավորն է ձուլում, ոսկերիչն այն պատում է ոսկով և արծաթե շղթաներ է ձուլում։

20. Աղքատը, որ չի կարողանում նման նվեր տալ, կընտրի չփտող փայտ և իր համար մի վարպետ արհեստավոր կփնտրի, որ իր համար աներեր մի կուռք պատրաստի»։

21. Մի՞թե չգիտեք, մի՞թե չլսեցիք, մի՞թե ձեզ չհայտարարվեց հենց սկզբից, մի՞թե բան չեք հասկացել երկրի հիմնադրությունից։

22. Նա է, որ բազմած է երկրի կամարից վերև, և դրա բնակիչները նման են մորեխների. նա է, որ տարածում է երկինքը վարագույրի պես և այն բացել է վրանի նման՝ այնտեղ բնակվելու համար։

23. Նա է, որ իշխաններին ոչնչի է վերածում և երկրի իշխանավորներին՝ ոչնչի։

24. Նրանք հազիվ տնկված, հազիվ ցանված, նրանց բունը հողի մեջ հազիվ արմատավորված. երբ նա փչում է նրանց վրա, նրանք չորանում են, ու փոթորիկը նրանց քշում է մղեղի նման։

25. «Ուրեմն ո՞ւմ եք ինձ նմանեցնում, որ ես նման լինեմ նրան»,- ասում է Սուրբը։

26. Վե՛ր բարձրացրեք ձեր աչքերը և նայե՛ք. ո՞վ է ստեղծել սրանք. նա է սրանց զորքերը թվով դուրս հանողը, սրանց բոլորին էլ իրենց անունով է կոչում նա իր զորության մեծությամբ և իր կարողությամբ. սրանցից ոչ մեկը չի կորչի։

27. Ինչո՞ւ ես ասում, ո՛վ Հակոբ, և խոսում, ո՛վ Իսրայել, թե՝ «Իմ ճանապարհը ծածկված է Տիրոջից, և իմ իրավունքը զանց է առնված Աստծուց»։

28. Մի՞թե չգիտես կամ չե՞ս լսել, որ հավիտենական Աստված է Տերը, Արարիչը երկրի ծայրագույն սահմանների։ Նա չի հոգնել և չի թուլացել, նրա հանճարն անքննելի է։

29. Նա է հոգնածին ուժ տվողը, նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։

30. Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն,

31. բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի։

ԵՍԱՅԻ 41

1. Ո՛վ ծովեզրյա երկրներ, լռե՛ք իմ առջև, և թող ժողովուրդները նորոգեն իրենց ուժը. նրանք թող մոտ գան և խոսեն։ Մոտենանք միասին դատաստանի համար։

2. Արդարին* ո՞վ արթնացրեց արևելքից և նրան կանչեց իրեն ծառայելու։ Նա իրեն է հանձնում ազգերին, տիրակալ կարգում թագավորների վրա։ Իր թրով նրանց վերածում է փոշու, և քշված մղեղի պես՝ նրա աղեղը։

3. Նա հալածում է նրանց, անվտանգ անցնում է մի ճանապարհով, որով նրա ոտքերը չէին անցել։

4. Ո՞վ արեց և կատարեց այս ամենը. նա, ով հենց սկզբից կանչեց ազգատոհմերին. ես՝ Տերը, որ առաջինն եմ և կլինեմ նաև վերջինների հետ։

5. Ծովեզրերը տեսան և վախեցան, երկրի ծայրերը դողացին, նրանք իրար մոտեցան ու եկան։

6. Նրանցից ամեն մեկն օգնեց իր ընկերոջը և ասաց իր եղբորը՝ զորացի՛ր։

7. Քանդակողը քաջալերեց ոսկերչին, մուրճով հարթեցնողը՝ սալին խփողին՝ զոդվածքի մասին ասելով. «Լավ է», և այն ամրացնում է մեխերով, որ չշարժվի։

8. Եվ դու՝ Իսրայե՛լ, ի՛մ ծառա, ո՛վ Հակոբ, որին ընտրել եմ, ո՛վ իմ սիրելիի՝ Աբրահամի սերունդ.

9. քեզ, ում առա երկրի ծայրերից, նրա հեռավորագույն անկյուններից, քեզ կանչեցի և ասացի. «Դու իմ ծառան ես, ես քեզ ընտրել եմ և չեմ մերժել քեզ»։

10. Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով։

11. Ահա քո դեմ բոլոր բորբոքվողները կամաչեն և ամոթահար կլինեն, քո դեմ պայքարող մարդիկ ոչնչի պես կլինեն ու կկորչեն։

12. Դու կփնտրես, բայց չես գտնի քո դեմ կռվող այդ մարդկանց. քեզ հետ պատերազմող մարդիկ ոչնչի կվերածվեն և ի չիք կդառնան,

13. որովհետև ես՝ Տերը՝ քո Աստվածը, բռնում եմ քո աջ ձեռքը. ե՛ս եմ ասում քեզ. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»։

14. «Մի՛ վախեցիր, ո՛վ ճճի Հակոբ, դուք, ո՛վ Իսրայելի տղամարդիկ, ես ձեզ կօգնեմ,- ասում է Տերը, քեզ փրկողը՝ Իսրայելի Սուրբը։

15. Ահա ես քեզ կամնասայլ եմ դարձրել՝ նոր, սուր և ատամնավոր. լեռները ոտնահար կանես և կփշրես, բլուրները մղեղի կվերածես։

16. Դու դրանք պիտի կամնես, քամին կքշի կտանի դրանք, և փոթորիկը ցիրուցան կանի. բայց դու պիտի ցնծաս Տիրոջով և պարծենաս Իսրայելի Սրբով։

17. Թշվառներն ու կարիքավորները ջուր են փնտրում, բայց ջուր չկա, նրանց լեզուն ցամաքել է ծարավից. ես՝ Տերը, պատասխան եմ տալու նրանց, ես՝ Իսրայելի Աստվածս, նրանց չեմ լքի։

18. Բլուրների մերկ գագաթներին գետեր պիտի բխեցնեմ և հովիտներում՝ աղբյուրներ. անապատը ջրավազանի պիտի վերածեմ և չոր երկիրը՝ ջրի աղբյուրների։

19. Անապատում մայրի կդնեմ, սատիմ, մրտենի յուղաբեր ծառ* և անջրդի վայրում եղևնի, սոսի ու տոսախ կտնկեմ միասին,

20. որպեսզի տեսնեն և իմանան, գիտենան ու միասին հասկանան, որ Տիրոջ ձեռքն արեց այս բաները, և Իսրայելի Սուրբը կատարեց* դրանք»։

21. «Ներկայացրե՛ք ձեր դատը,- ասում է Տերը,- բերե՛ք ձեր փաստարկները,- ասում է Հակոբի Թագավորը»։

22. Թող բերեն և մեզ իմացնեն, թե ի՛նչ պիտի պատահի։ Ասացե՛ք, թե սկզբում ի՛նչ եղավ, որ ուշադիր լինենք և արդյունքն իմանանք, և կամ իմացրե՛ք մեզ ապագայում լինելիքների մասին։

23. Իմացրե՛ք մեզ գալիք բաները, և մենք էլ կգիտենանք, թե դուք աստվածներ եք։ Որևէ բարի կամ որևէ չար բա՛ն արեք, որպեսզի միասին վախենանք ու տեսնենք միասին։

24. Դուք ոչինչ եք, և ձեր գործն էլ ոչինչ է. գարշելի է նա, ով ձեզ է ընտրում։

25. Հյուսիսից արթնացրել եմ մեկին, և նա եկել է և արևելքից կկանչի իմ անունը. նա կուսակալներին պիտի կոխոտի ցեխի պես, այն բրուտի նման, որ կոխոտում է կավը։

26. Ո՞վ հայտարարեց սկզբից, որ իմանանք, և ավելի առաջ, որ ասենք՝ ճշմարիտ է. իմացնող չկա, հայտարարող չկա, ձեր խոսքերը լսող չկա։

27. Նախապես ես այդ ասացի Սիոնին. «Ահա, ահա նրանք», և Երուսաղեմին ավետաբեր ուղարկեցի։

28. Նայում եմ, ու մարդ չկա, նրանցից ոչ մեկը, խորհրդական չկա, որին հարցնեի, և պատասխաներ ինձ։

29. Ահա նրանք ամենքը ունայն են, նրանց գործերը փուչ են, նրանց ձուլածո կուռքերը քամի են, դատարկություն։

ԵՍԱՅԻ 42

1. Ահա իմ ծառան, որին ես նեցուկ կլինեմ, իմ ընտրյալը, որին հավանություն է տվել իմ անձը։ Ես իմ հոգին դրել եմ նրա վրա, նա իրավունք պիտի բերի ազգերին։

2. Նա չի աղաղակի, ձայն չի բարձրացնի, իր ձայնը լսել չի տա փողոցում։

3. Նա կոտրած եղեգը չի փշրի, առկայծող պատրույգը չի հանգցնի, նա ճշմարտությամբ իրավունքը կբերի։

4. Նա չի տկարանա և չի թուլանա, մինչև որ չհաստատի իրավունքը երկրի վրա. ծովեզրերը սպասում են նրա օրենքին։

5. Այսպես է ասում Աստված՝ Տերը, որ արարեց երկինքն ու տարածեց այն, որ ընդարձակեց երկիրն ու ինչ որ նրանից դուրս է գալիս, որ շունչ է տալիս նրա վրա գտնվող ժողովրդին և հոգի՝ նրա վրա քայլողներին.

6. «Ես՝ Տերը, կանչել եմ քեզ արդարությամբ։ Ես բռնում եմ քո ձեռքը և քեզ պաշտպանում. քեզ իբրև ուխտ կտամ ժողովրդին և ազգերին՝ իբրև լույս՝

7. կույր աչքերը բանալու, բանտարկյալներին բանտից ազատելու և խավարի մեջ նստածներին զնդանից ազատելու։

8. Ես եմ Տերը. սա է իմ անունը. ես իմ փառքը ուրիշին չեմ տա, ոչ էլ իմ գովաբանությունը՝ կուռքերին։

9. Նախկին բաներն ահա կատարվել են, և նորերի մասին եմ հայտարարում ձեզ. դրանք դեռ չպատահած՝ իմացնում եմ ձեզ»։

10. Նոր ե՛րգ երգեք Տիրոջը, նրա գովաբանությո՛ւնն արեք երկրի ծայրերից, ո՛վ ծովագնացներ և այն լցնողներ, ո՛վ ծովեզրեր և ծովեզրի բնակիչներ։

11. Անապատն ու նրա քաղաքները թող իրենց ձայնը բարձրացնեն, գյուղերը, որտեղ բնակվում է Կեդարը, թող ցնծան Սելայի բնակիչները, թող գոչեն լեռների գագաթից։

12. Փառք թող մատուցեն Տիրոջը և նրա գովաբանությունը հայտարարեն ծովեզերքում։

13. Տերը դուրս է գալու զորավոր մարդու նման, պատերազմիկի պես նա գրգռելու է իր նախանձախնդրությունը, բարձրագոչ աղաղակելու է, ինքն իրեն իր թշնամիների նկատմամբ հզոր է ցույց տալու։

14. Վաղուց է, ինչ ես լռել եմ. հանդարտ էի, զսպել էի ինձ, բայց հիմա պիտի ճչամ ծննդկանի պես, հևամ ու փչեմ միատեղ։

15. Ավերակ պիտի դարձնեմ լեռներն ու բլուրները, դրանց ամբողջ բուսականությունը չորացնեմ, գետերը կղզիների պիտի վերածեմ և լճակները ցամաքեցնեմ։

16. Կույրերին պիտի առաջնորդեմ իրենց չիմացած ճանապարհով, նրանց պիտի առաջնորդեմ իրենց անծանոթ շավիղներով։ Նրանց առջև խավարը լույս պիտի դարձնեմ, իսկ դարուփոսերը՝ հարթավայր։ Այս բաներն եմ անելու և նրանց բնավ չեմ լքելու։

17. Պիտի ընկրկեն և խորապես ամաչեն նրանք, ովքեր իրենց հույսը դնում են կուռքերի վրա, ովքեր ձուլածոներին ասում են. «Դուք մեր աստվածներն եք»։

18. Ո՛վ խուլեր, լսե՛ք. ո՛վ կույրեր, նայե՛ք, որ տեսնեք։

19. Ո՞վ է կույր, եթե ոչ իմ ծառան, և ո՞վ է խուլ իմ ուղարկած պատգամաբերի նման. ո՞վ է կույր, ինչպես իմ նվիրյալը, կույր, ինչպես Տիրոջ ծառան։

20. Շատ բաներ ես տեսել, բայց ուշադիր չես, ականջները բաց են, բայց ոչինչ չես լսում։

21. Տիրոջը հաճելի եղավ հանուն իր արդարության, որ իր օրենքը դարձնի մեծափառ և փառավոր։

22. Բայց նա թալանված և կողոպտված ժողովուրդ է։ Նրանք բոլորը որոգայթի մեջ են ընկած փոսերում և թաքցված են զնդաններում. նրանք կողոպուտի մատնվեցին, և ազատող չկա, թալանվեցին, և ասող չկա, թե՝ վերադարձրո՛ւ։

23. Ձեզանից ո՞վ է, որ ականջ կդնի այս բանին, որ ուշադիր կլինի և կլսի հետագայի համար։

24. Ո՞վ Հակոբին մատնեց հափշտակության և Իսրայելին՝ կողոպտիչների ձեռքը. չէ՞ որ Տերը, նա, որի դեմ մեղանչեցինք։ Նրանք չկամեցան ընթանալ նրա ճանապարհով ու չհնազանդվեցին նրա օրենքին։

25. Ուստի նա իր բորբոքված զայրույթն ու պատերազմի սաստկությունը նրանց վրա թափեց։ Այն ամեն կողմից վառեց նրանց, բայց նրանք չհասկացան, այրեց նրանց, բայց նրանք ուշադրություն չդարձրին։

ԵՍԱՅԻ 43

1. Սակայն այսպես է ասում Տերը՝ քո արարիչը, ո՛վ Հակոբ, և քեզ ձևավորողը, ո՛վ Իսրայել. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ փրկել եմ, կանչել եմ քեզ քո անունով. դու իմն ես։

2. Երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի,

3. որովհետև ես՝ Տերը, քո Աստվածը, Իսրայելի Սուրբը, քո Փրկիչը. ես Եգիպտոսը տվել եմ քեզ համար որպես փրկագին, Եթովպիան և Սաբան տվել եմ քո փոխարեն,

4. որովհետև դու թանկագին ես իմ աչքին. պատիվ գտար, և ես սիրեցի քեզ։ Մարդիկ կտամ քո փոխարեն և ժողովուրդներ՝ քո հոգու փոխարեն։

5. Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ. արևելքից եմ բերելու քո սերունդը և արևմուտքից եմ հավաքելու քեզ։

6. Հյուսիսին կասեմ՝ “Հանձնի՛ր”, և հարավին. “Մի՛ արգելափակիր, բե՛ր իմ որդիներին հեռվից և իմ դուստրերին՝ երկրի ծայրերից,

7. բոլոր նրանց, որոնք կոչվում են իմ անունով, և որոնց ես ստեղծել եմ իմ փառքի համար, ձևավորել և արարել եմ նրանց”»։

8. «Դո՛ւրս բերեք կույր ժողովրդին, որ աչքեր ունի, և ականջներ ունեցողներին, որոնք խուլ են։

9. Թող բոլոր ազգերը հավաքվեն միասին, թող ժողովվեն ժողովուրդները։ Ո՞վ կա նրանց մեջ, որ իմացնի այս բանը և մեզ պատմի վաղեմի բաների մասին. թող բերեն իրենց վկաներին, որ արդարանան, և թող լսեն ու ասեն՝ ճշմարիտ է։

10. Իմ վկաները դուք եք,- ասում է Տերը,- և իմ ծառան, որին ես ընտրել եմ, որպեսզի գիտենաք, հավատաք ինձ և հասկանաք, որ ե՛ս եմ նա։ Ինձնից առաջ աստված չի կազմվել և ինձնից հետո չի լինելու։

11. Ես, ե՛ս եմ Տերը, և ինձնից բացի ուրիշ Փրկիչ չկա։

12. Ե՛ս իմացրի, ե՛ս փրկեցի և պատմեցի, ու ձեր մեջ մի օտար աստված չկար։ Իմ վկաները դուք եք,- ասում է Տերը,- որ ես եմ Աստված։

13. Նաև վաղուց ես եմ նա. չկա մեկը, որ ազատում է իմ ձեռքից. ես որ գործեմ, ո՞վ կարող է այն խափանել»։

14. Այսպես է ասում Տերը՝ ձեր Փրկիչը՝ Իսրայելի Սուրբը. «Հանուն ձեզ ուղարկեցի Բաբելոն, իբրև փախստականներ՝ բոլորին տապալեցի, նաև քաղդեացիներին՝ իրենց ցնծությամբ լի նավերով։

15. Ես եմ Տերը՝ ձեր Սուրբը, Իսրայելի Ստեղծողը, ձեր Թագավորը»։

16. Այսպես է ասում Տերը, որ ծովում ճանապարհ է բացում, հորդ ջրերի մեջ՝ ուղի,

17. նա, որ դուրս է բերում մարտակառք ու ձի, զորքեր ու զինուժ։ Նրանք միասին կպառկեն, բայց վեր չեն կենա, պատրույգի պես կհանգչեն նրանք ու կշիջեն։

18. «Նախկին բաները մի՛ հիշեք և հին բաները մի՛ մտածեք։

19. Ահա ես նոր բան եմ անում, որ հիմա կհայտնվի։ Մի՞թե դուք չեք իմանա այդ։ Ես ճանապարհ կբացեմ ամայի տեղերում և գետեր՝ անապատում։

20. Ինձ պիտի փառավորեն դաշտի գազանները, աղվեսներն ու ջայլամները, որովհետև ջուր պիտի հոսեցնեմ ամայի տեղերում, գետեր՝ անապատում՝ իմ ընտրյալ ժողովրդին խմեցնելու համար։

21. Այն ժողովուրդը, որին ես կազմել եմ ինձ համար, իմ գովաբանությունը կպատմի։

22. Բայց դու ինձ չկանչեցիր, ո՛վ Հակոբ, դու ձանձրացար ինձնից, ո՛վ Իսրայել։

23. Դու ինձ համար չբերեցիր քո ողջակեզների ոչխարները և քո զոհերով ինձ չփառավորեցիր. ես քեզ չծանրաբեռնեցի ինձ ընծա մատուցելու համար և քեզ չհոգնեցրի՝ կնդրուկ պահանջելով։

24. Դու ինձ համար խնկաբույր եղեգ չես գնել դրամով և քո զոհերի ճարպով ինձ չես կշտացրել, այլ ինձ ծանրաբեռնել ես քո մեղքերով և ինձ հոգնեցրել քո անօրենություններով։

25. Ես, ե՛ս եմ նա, որ ջնջում է քո հանցանքները հանուն ինձ, և չեմ հիշելու քո մեղքերը։

26. Հիշեցրո՛ւ ինձ, միասին դատ անենք. դու ի՛նքդ պատմիր, որ արդարանաս։

27. Քո առաջին նախահայրը մեղք գործեց, և քո միջնորդներն ըմբոստացան իմ դեմ։

28. Ուստի ես անպատվեցի սրբարանի իշխանավորներին, Հակոբին կործանման մատնեցի և Իսրայելը՝ անարգանքի»։

ԵՍԱՅԻ 44

1. «Իսկ հիմա ակա՛նջ դիր, ո՛վ իմ ծառա Հակոբ, և դու, ո՛վ Իսրայել, որին ես ընտրել եմ։

2. Այսպես է ասում Տերը՝ քեզ արարողը, դեռ արգանդից քեզ կազմողը, որ քեզ կօգնի. “Մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ, և դու, ո՛վ Հեսուրուն,* որին ընտրել եմ,

3. որովհետև ջուր պիտի թափեմ ծարաված հողի վրա և հեղեղներ՝ չորացած երկրի վրա. ես իմ հոգին պիտի թափեմ քո սերունդների վրա և իմ օրհնությունը՝ քո երանքից ծնվածների վրա։

4. Նրանք պիտի ծլարձակեն խոտերի պես, ինչպես ուռիները՝ ջրերի վտակների մոտ։

5. Այս մեկը պիտի ասի.

6. Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Թագավորն ու նրա Փրկիչը՝ Զորությունների Տերը. “Ես եմ առաջինը և ես եմ վերջինը, ինձնից բացի Աստված չկա։

7. Իմ հնադարյան ժողովրդին հաստատելուց ի վեր ո՞վ կա, որ ինձ նման ծանուցի և հայտարարի գալիք բաների մասին և ներկայացնի ինձ, ինչ որ կատարվելու է. թող իմացնեն մեզ։

8. Մի՛ սարսափեք և մի՛ երկնչեք. չէ՞ որ ես ձեզ վաղուց եմ հայտարարել և ասել այն. դուք եք իմ վկաները. մի՞թե ինձնից բացի ուրիշ Աստված կա. չկա վեմ. ես չգիտեմ”»։

9. Բոլոր կուռք շինողները դատարկ են, և նրանց ցանկալի գործերն անօգուտ բաներ են. իրենց վկաները չեն տեսնում և չեն իմանում, որ ամաչելու են։

10. Ո՞վ է աստված կերտում կամ կուռք ձուլում, որոնք անօգուտ բաներ են։

11. Ահա նրա բոլոր հետևորդները կամաչեն, բոլոր արհեստավորները սոսկ մարդիկ են։ Թող ամենքը հավաքվեն ու կանգնեն. նրանք կսարսափեն ու միասին կամաչեն։

12. Երկաթագործն ածուխի վրա շինում է գործիքով, կռաններով ձևավորում է այն*և կոփում հուժկու բազուկով։ Երբ նա քաղց է զգում, ուժից ընկնում է, երբ ջուր չի խմում, նվաղում է։

13. Ատաղձագործը չափում է լարով, մատիտով ուրվագծում, դուրով հղկում է փայտը, գծագրում կարկինով, նրան տալիս է մարդու կերպարանք՝ մարդու ամբողջ շքեղությամբ, որպեսզի բնակվի կռատանը։

14. Իր համար մայրիներ է կտրում, վերցնում է թեղոշ ու կաղնի և իր համար աճեցնում անտառում կամ մի եղևնի է տնկում, և անձրևն աճեցնում է այն։

15. Դա մարդու համար վառելիք է լինում. նա վերցնում է դրանից և տաքանում, նաև կրակ է վառում և հաց թխում. նա դրանից աստված էլ է շինում և երկրպագում նրան. նա կուռք է շինում դրանից և պաշտում այն։

16. Դրա կեսը նա այրում է կրակով և այդ կեսի վրա միս եփում և ուտում, միս խորովում, կշտանում է, նաև տաքանում է և ասում. «Տեսնում եմ կրակը. ահա՜, տաքացա»։

17. Իսկ դրա մնացածով իր համար աստված է շինում իր կուռքը, երկրպագում է նրան, պաշտում այն, աղոթում նրան և ասում. «Ազատի՛ր ինձ, որովհետև դու ես իմ աստվածը»։

18. Նրանք չեն իմանում և չեն հասկանում, որովհետև ծեփված են նրանց աչքերը, որպեսզի չտեսնեն, և նրանց մտքերը, որպեսզի չիմանան։

19. Ոչ ոք չի մտածում, ոչ ոք գիտություն չունի, հասկացողություն չունի, որ ասի. «Դրա կեսը կրակով այրեցի, դրա կայծերի վրա հաց եփեցի, միս խորովեցի ու կերա, իսկ մնացած կեսով պիղծ կո՞ւռք շինեմ և փայտի կո՞ճը երկրպագեմ»։

20. Նա սնվում է մոխրով, խաբված միտքը մոլորեցրել է նրան, նա չի կարողանում իր անձը ազատել և չի ասում. «Ստություն չէ՞ իմ աջ ձեռքինը»։

21. «Հիշի՛ր այս բաները, ո՛վ Հակոբ, դու, ո՛վ Իսրայել, որովհետև դու իմ ծառան ես, ես արարեցի քեզ, դու իմ ծառան ես, ո՛վ Իսրայել, դու ինձնից չես մոռացվի։

22. Ես ջնջել եմ քո հանցանքները ամպի նման և քո մեղքերը՝ մեգի նման. վերադարձի՛ր ինձ, որովհետև ես փրկել եմ քեզ»։

23. Երգի՛ր, ո՛վ երկինք, քանզի Տերն է արել այդ։ Ցնծալով աղաղակե՛ք, ո՛վ երկրի խորքեր, բերկրանքով պոռթկացե՛ք, ո՛վ լեռներ, անտառնե՛ր և դրանց մեջ գտնվող բոլո՛ր ծառեր, որովհետև Տերը փրկել է Հակոբին, և նա փառավորված է Իսրայելում։

24. Այսպես է ասում Տերը՝ քո Փրկիչը՝ դեռ արգանդից քեզ կազմողը. «Ես եմ Տերը, արարել եմ ամեն բան, ես միայնակ տարածել եմ երկինքը, ես ինքս ընդարձակել եմ երկիրը.

25. ես եմ, որ փչացնում եմ ստախոսների* նշանները և ապուշացնում գուշակներին, ես եմ, որ հետ եմ դարձնում իմաստուններին և հիմարության վերածում նրանց գիտությունը.

26. ես եմ հաստատում իմ ծառայի խոսքը և իրականացնում իմ պատգամաբերների խորհուրդը. ես եմ, որ ասում եմ Երուսաղեմին. “Բնակելի պիտի դառնաս”, և Հուդայի երկրի քաղաքներին. “Պիտի կառուցվեք”, և նրա ավերակներին. “Պիտի վերակառուցվեք”։ Ես պիտի վերականգնեմ նրա ավերակները։

27. Ես ասում եմ խորխորատին. “Չորացի՛ր, ես ցամաքեցնում եմ քո գետերը”։

28. Եվ ասում եմ Կյուրոսի մասին. “Իմ հովիվն է”, և նա պիտի կատարի իմ ամբողջ կամքը ու պիտի ասի Երուսաղեմի մասին՝ “Կվերաշինվի”, և տաճարին՝ “Կհիմնվե՛ս”»։

ԵՍԱՅԻ 45

1. Այսպես է ասում Տերն իր օծյալին՝ Կյուրոսին. «Ես բռնել եմ քո աջ ձեռքից, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քո առաջ, թագավորների մեջքը թուլացնեմ, բաց անեմ քո առաջ դռների փեղկերը, և փակ դարպասներ չլինեն քո առաջ։

2. Ես կքայլեմ քո առջևից, կհարթեցնեմ խորդուբորդ տեղերը, կփշրեմ պղնձե դռները և կկոտրտեմ երկաթյա նիգերը։

3. Խավարի մեջ գտնվող գանձերը և ծածուկ տեղերում պահված հարստությունները քեզ կտամ, որպեսզի իմանաս, թե ես եմ Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ կանչեցի քեզ քո անունով։

4. Իմ ծառա Հակոբի համար և իմ ընտրյալ Իսրայելի համար ես կանչեցի քեզ քո անունով, քեզ մականուն դրեցի, թեև դու ինձ չէիր ճանաչում։

5. Ես եմ Տերը, և չկա մեկ ուրիշը. ինձնից բացի Աստված չկա։ Թեև դու ինձ չէիր ճանաչում, բայց ես կզորացնեմ* քեզ,

6. որպեսզի իմանան արևելքից և արևմուտքից, որ ինձնից բացի մեկ ուրիշը չկա. ես եմ Տերը, և չկա մեկ ուրիշը։

7. Ես եմ կազմում լույսը և ստեղծում խավարը, բերում եմ բարօրությունը և ստեղծում դժբախտությունը. ես եմ Տերը, որ անում է այս բոլորը։

8. Ցողի՛ր վերևից, ո՛վ երկինք, և ամպերը թող արդարություն անձրևեն, թող երկիրը բացվի, թող բուսնի փրկությունը, և նրա հետ ծլի արդարությունը։ Ես՝ Տերը, ստեղծել եմ այն»։

9. Վա՜յ այն մարդուն՝ հողե մի խեցի խեցիների մեջ, որ վիճում է իր Արարչի հետ։ Մի՞թե կավը կասի իրեն ձևավորողին. «Ի՞նչ ես անում», «Սարքածդ բռնակներ չունի»։

10. Վա՜յ նրան, ով հորն ասում է. «Ի՞նչ ծնեցիր», և մի կնոջ՝ «Ի՞նչ ես երկնել»։

11. Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Սուրբը և նրա Արարիչը. «Կհարցնե՞ք* իմ որդիների ապագայի մասին, թե՞ հրամաններ կտաք իմ ձեռքի գործի մասին։

12. Ես եմ արարել երկիրը և ստեղծել մարդուն նրա վրա. իմ ձեռքերն են տարածել երկինքը, և ես եմ հրամայել նրա ամբողջ զորքին։

13. Ես եմ զարթնեցրել նրան* արդարությամբ, ես եմ ուղղում նրա բոլոր ճանապարհները։ Նա պիտի կառուցի իմ քաղաքը և ազատի իմ աքսորյալներին առանց վարձի և առանց հատուցման»,- ասում է Զորությունների Տերը։

14. Այսպես է ասում Տերը. «Եգիպտոսի հարստությունը և Եթովպիայի վաճառականությունն ու սաբայեցիների հարկերը քեզ են անցնելու և քոնն են լինելու։ Նրանք քայլելու են քո հետևից, գալու են շղթայակապ, խոնարհվելու են քո առաջ, աղաչանքով դիմելու են քեզ. “Միայն քեզ հետ է Աստված, և ուրիշը չկա, իրենից բացի այլ Աստված չկա”»։

15. Հիրավի դու քեզ ծածկող Աստված ես, ո՛վ Իսրայելի Փրկիչ Աստված։

16. Նրանք ամենքը կամաչեն և կպատկառեն, կուռք շինողները բոլորը միասին ամոթահար կլինեն,

17. բայց Իսրայելը կփրկվի Տիրոջ ձեռքով հավիտենական փրկությամբ։ Դուք չպիտի ամաչեք, ամոթահար չպիտի լինեք հավիտյանս հավիտենից։

18. Արդարև, այսպես է ասում Տերը, որ ստեղծեց երկինքը. նա՛ է Աստված, որ կազմեց երկիրը, արարեց և հաստատեց այն։ Նա այն չստեղծեց դատարկ, այլ ստեղծեց բնակության համար։ «Ես եմ Տերը. ուրիշը չկա։

19. Ես ծածկաբար չեմ խոսել երկրի մի խավար տեղում. ես չասացի Հակոբի սերնդին. “Փնտրե՛ք ինձ քաոսի մեջ”։ Ես՝ Տերը, խոսում եմ արդարությունը, հայտարարում եմ, ինչ որ ճշմարիտ է։

20. Հավաքվե՛ք և եկե՛ք, մոտեցե՛ք միասին, ո՛վ ազգերի փախստականներ։ Անգետ են նրանք, ովքեր կրում են իրենց փայտե կուռքը և աղոթք են անում այնպիսի մի աստծու, որ չի կարող փրկել։

21. Հայտարարե՛ք և մոտեցրե՛ք*, թող նրանք էլ միասին խորհուրդ անեն. այս բաների մասին ո՞վ է տեղեկացրել վաղուց. այն ժամանակվանից ո՞վ հայտարարեց դրանք. չէ՞ որ ես՝ Տերը. ինձնից բացի ուրիշ Աստված չկա, ճշմարիտ* Աստված և Փրկիչ չկա ինձնից բացի։

22. Ո՛վ երկրի բոլոր ծայրեր, դարձե՛ք դեպի ինձ, որպեսզի փրկվեք, որովհետև ես եմ Աստվածը, և ուրիշը չկա։

23. Ինձանով եմ երդվել, իմ բերանից ճշմարտություն է դուրս եկել, խոսք, որ հետ չի դառնա. ամեն ծունկ ինձ պիտի խոնարհվի, և ամեն լեզու պիտի երդվի։ Եվ կասեն.

24. “Միմիայն Տիրոջից կա ինձ արդարություն և զորություն”։ Նրա մոտ կգան և կամաչեն նրա դեմ բոլոր բորբոքվածները։

25. Տիրոջով կարդարանան և կպարծենան Իսրայելի բոլոր սերունդները»։

ԵՍԱՅԻ 46

1. «Բելը խոնարհվեց, Նեբովը կքեց. նրանց կուռքերը դրված են գազանների և անասունների վրա. ձեր կրածները իբրև ծանրոցներ բեռնվել են հոգնած կենդանիների վրա։

2. Նրանք կքել, խոնարհվել են միասին. նրանք չկարողացան բեռը ազատագրել և իրենք էլ գերի ընկան։

3. Լսե՛ք ինձ, ո՛վ Հակոբի տուն, և դուք՝ Իսրայելի տան ամբողջ մնացորդը, դուք, որ բեռնավորել էիք ձեր ծննդից, որոնց ես կրեցի ձեր մոր արգանդից։

4. Մինչև ձեր ծերությունն էլ ես եմ նա, մինչև ալևորություն կկրեմ ձեզ. ե՛ս ստեղծեցի, ե՛ս կկրեմ և կազատագրեմ ձեզ։

5. Ո՞ւմ եք նմանեցնում ինձ և հավասարեցնում, ո՞ւմ հետ եք ինձ համեմատում, որ նման լինենք մենք։

6. Ոսկի են թափում քսակից, արծաթը կշռում են կշեռքով և ոսկերիչ են վարձում, որպեսզի դրանցով մի աստված կերտի, երկրպագում են և պաշտում նրան։

7. Այն վերցնում, տանում են ուսի վրա, ամրացնում իր տեղում, և նա կանգնում մնում է այնտեղ, չի շարժվում իր տեղից։ Ապա աղաղակում են նրան, բայց նա չի պատասխանում, չի ազատում նրանց իրենց նեղությունից։

8. Հիշե՛ք այս և պի՛նդ կացեք, մտածե՛ք, ո՛վ հանցավորներ։

9. Հիշե՛ք նախկինում կատարված հնամենի գործերը, քանի որ ես եմ Աստված, ուրիշը չկա, ես եմ Աստված, ինձ նմանը չկա։

10. Ես սկզբից իմացնում եմ վախճանը և վաղուց՝ այն, որ դեռ չի կատարվել։ Ես ասում եմ, որ իմ խորհուրդը պիտի իրականանա, և անում եմ այն ամենը, ինչ որ ինձ հաճելի է։

11. Ես արևելքից կանչում եմ գիշատիչ թռչնին, հեռավոր երկրից՝ իմ խորհուրդն իրականացնող մարդուն։ Ինչ ասել եմ, կատարելու եմ, ինչ որոշել եմ, անելու եմ։

12. Լսե՛ք ինձ, ո՛վ խստասիրտ մարդիկ, որ հեռացել եք արդարությունից։

13. Ես մոտեցրել եմ իմ արդարությունը, նա չի հեռանալու, իմ փրկությունը չի ուշանալու։ Ես Սիոնում փրկություն եմ դնելու Իսրայելի՝ իմ փառքի համար»։

ԵՍԱՅԻ 47

1. «Իջի՛ր ու նստի՛ր հողին, ո՛վ Բաբելոնի կույս աղջիկ, նստի՛ր գետնին առանց գահի, ո՛վ քաղդեացիների աղջիկ, որովհետև քեզ այլևս չեն կոչելու քնքուշ ու փափկասուն։

2. Ա՛ռ երկանքը և ալյո՛ւր աղա, բա՛ց լաչակդ, վե՛ր բարձրացրու քղանցքդ, մերկացրո՛ւ սրունքներդ և անցի՛ր գետերի միջով։

3. Պիտի բացվի քո մերկությունը, և պիտի երևա քո նախատինքը։ Վրեժ եմ առնելու, չեմ խնայելու ոչ ոքի։

4. Մեր Փրկիչը,- Զորությունների Տեր է նրա անունը,- Իսրայելի Սուրբն է։

5. Լո՛ւռ նստիր և մտի՛ր խավարի մեջ, ո՛վ քաղդեացիների աղջիկ, որովհետև այլևս քեզ չեն կոչելու “թագավորությունների տիրուհի”։

6. Ես սրտմտած էի իմ ժողովրդի վրա, անպատվեցի իմ ժառանգությունը և նրանց քո ձեռքը մատնեցի։ Դու գթություն ցույց չտվեցիր նրանց նկատմամբ, շատ ծանրացրիր քո լուծը ծերերի վրա։

7. Դու ասացիր. “Ես հավիտյան տիրուհի կլինեմ”։ Այնպես որ սրա մասին չմտածեցիր, սրա վախճանի մասին չհիշեցիր։

8. Իսկ հիմա լսի՛ր այս, ո՛վ դու հեշտասեր, որ նստած ես ապահով և սրտիդ մեջ ասում ես. “Ես եմ, և ինձնից բացի մեկը չկա. իբրև այրի չպիտի նստեմ և անզավակություն չպիտի գիտենամ”։

9. Բայց այս երկուսը քեզ վրա են հասնելու վայրկենապես, մեկ օրվա մեջ՝ զավակների կորուստն ու այրիությունը։ Դրանք գալու են քեզ վրա ամբողջովին՝ չնայած քո բազում դյութություններին և քո զորեղ կախարդություններին։

10. Դու ապավինեցիր քո չարությանը, ասացիր. “Ինձ տեսնող չկա”։ Քո իմաստությունն ու քո գիտությունը մոլորեցրին քեզ. բայց դու ասացիր քո սրտում. “Ես եմ, և ինձնից բացի մեկը չկա”։

11. Քեզ վրա չարիք է գալու, որ չես իմանալու հմայել, քեզ վրա մի թշվառություն է ընկնելու, որը չես կարողանալու վանել, քեզ վրա հանկարծակի մի ավերում է գալու առանց քո իմանալու։

12. Դե մնա՛ քո կախարդությունների և քո բազում դյութությունների մեջ, որոնցով դու աշխատել ես քո մանկությունից ի վեր. գուցե կարողանաս օգուտ ձեռք բերել, գուցե և սարսափեցնես։

13. Դու հոգնել ես խորհուրդներիդ շատությունից. թող կանգնեն երկինքը քննողները, աստղեր զննողները, նորալուսնով գուշակողները և քեզ փրկեն այն բանից, ինչ գալու է քեզ վրա։

14. Ահա նրանք մղեղի պես կլինեն, կրակը կայրի նրանց, նրանք իրենց անձը չեն ազատի բոցի զորությունից. դա մի կայծ չի լինելու տաքանալու համար, կրակ՝ առաջը նստելու համար։

15. Այսպես կլինեն քեզ համար նրանք, որոնց հետ դու հոգնել ես, նրանք, որոնց հետ դու շահավաճառություն արեցիր քո երիտասարդությունից ի վեր. նրանցից յուրաքանչյուրն իր ճանապարհով մոլորվեց գնաց, և քեզ ազատող չկա»։

ԵՍԱՅԻ 48

1. «Լսե՛ք այս, ո՛վ Հակոբի տուն, որ կոչված եք Իսրայելի անունով, որ Հուդայի աղբյուրից* եք դուրս եկել, որ երդվում եք Տիրոջ անունով, հիշատակում եք Իսրայելի Աստծուն, բայց ո՛չ ճշմարտությամբ, ո՛չ արդարությամբ։

2. Արդարև, նրանք կոչվում են սուրբ քաղաքի անունով և հենվում Իսրայելի Աստծու վրա, որի անունը Զորությունների Տեր է։

3. Նախկին եղելությունների մասին վաղուց եմ հայտարարել, դրանք իմ բերանից դուրս եկան, և ես դրանք իմացրի. ես հանկարծ դրանք կատարեցի, և դրանք եղան։

4. Որովհետև գիտեի, որ դու համառ ես, քո պարանոցը երկաթե ջղերից է, և քո ճակատը՝ պղնձից։

5. Դրա համար ես քեզ վաղուց հայտարարեցի այդ մասին, դեռ չեղած՝ իմացրի քեզ, որպեսզի չասես. “Իմ կուռքն է կատարել դրանք, իմ քանդակած ու ձուլած արձանն է հրամայել դա”։

6. Դու լսեցիր, հիմա տե՛ս այս ամենը. դու և՞ս չես ընդունելու*։ Այսուհետև քեզ նոր բաների մասին եմ իմացնելու, ծածուկ բաների մասին, որ դու չգիտես։

7. Դրանք հիմա են ստեղծվել և ոչ թե վաղուց։ Այս օրից առաջ դու դրանց մասին չես լսել, ուրեմն չասես. “Ահա ես գիտեի դրանք”։

8. Դու ո՛չ լսել ես, ո՛չ իմացել, և ո՛չ էլ քո ականջը բաց էր նախկինում, որովհետև ես գիտեի, որ դու խիստ անհավատարիմ ես, որ դեռ որովայնից քեզ ըմբոստ են կոչել։

9. Հանուն իմ անվան հետաձգում եմ իմ բարկությունը և հանուն իմ գովաբանության ինձ հետ կպահեմ քեզ ոչնչացնելուց։

10. Ահավասիկ ես քեզ զտեցի, բայց ոչ որպես արծաթ, ես քեզ փորձեցի նեղությա՛ն հալոցում։

11. Հանուն ինձ, հանուն ինձ պիտի գործեմ, որովհետև ինչպե՜ս է անարգվելու իմ անունը. ես իմ փառքը ուրիշին չեմ տա։

12. Լսի՛ր ինձ, ո՛վ Հակոբ, և դու, Իսրայե՛լ, որին ես կանչեցի. ես նա եմ, ես եմ առաջինը և ես եմ վերջինը։

13. Իմ ձեռքն է հիմնել երկիրը, և իմ աջն է տարածել երկինքը. երբ կանչեմ նրանց, միասին կկանգնեն»։

14. Հավաքվե՛ք բոլորդ և լսե՛ք. նրանցից ո՞ր մեկն է պատմել այս բաները։ Ում Տերը սիրում է, նա՛ կկատարի նրա կամքը Բաբելոնի դեմ, և նրա բազուկը կծանրանա քաղդեացիների վրա։

15. Ես, ե՛ս եմ խոսել և ե՛ս եմ կանչել նրան, ե՛ս եմ նրան բերել, և նրա ճանապարհը կհաջողվի։

16. Մոտեցե՛ք ինձ, լսե՛ք այս բանը. ես սկզբից ծածուկ չեմ խոսել. դրա գոյանալու ժամանակից ես այնտեղ եմ։ Եվ հիմա Տեր Աստված է ինձ ուղարկել և իր հոգին։

17. Այսպես է ասում Տերը՝ քո Փրկիչը, Իսրայելի Սուրբը. «Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ ուսուցանում եմ, ինչ որ օգտակար է, որ քեզ առաջնորդում եմ այն ճանապարհով, որ դու պետք է գնաս։

18. Երանի՜ ուշադիր լինեիր իմ հրամաններին. այն ժամանակ քո խաղաղությունը գետի նման կլիներ, և քո արդարությունը՝ ծովի ալիքների նման.

19. քո սերունդը կլիներ ավազի նման, և քո երանքից ծնվածները՝ դրա հատիկների չափ. նրանց անունը չէր ջնջվի և չէր բնաջնջվի իմ առաջ»։

20. Դո՛ւրս եկեք Բաբելոնից, փախե՛ք քաղդեացիներից, ցնծալի ձայնով հայտարարե՛ք, հռչակե՛ք այս, տարածե՛ք մինչև երկրի ծայրը. ասացե՛ք. «Տերը փրկել է իր ծառա Հակոբին»։

21. Եվ նրանք չծարավեցին, երբ նա անապատում առաջնորդեց նրանց. նրանց համար քարից ջուր հոսեցրեց, պատռեց քարը, և ջրերը բխեցին։

22. «Ամբարիշտները խաղաղություն չունեն»,- ասում է Տերը։

ԵՍԱՅԻ 49

1. Լսե՛ք ինձ, ո՛վ ծովեզրեր, ուշադի՛ր եղեք, ո՛վ հեռվի ժողովուրդներ. Տերն ինձ կանչել է դեռ արգանդից, իմ մոր որովայնից է հիշատակել իմ անունը։

2. Նա իմ բերանը դարձրել է սրած թրի նման, ինձ ծածկել է իր ձեռքի հովանու տակ, փայլուն նետ է շինել ինձ և թաքցրել իր կապարճում։

3. Նա ինձ ասել է. «Դու իմ ծառան ես, ո՛վ Իսրայել, ես քեզանով կփառավորվեմ»։

4. Իսկ ես ասում էի. «Իզուր եմ հոգնել, զուր և ունայն տեղն եմ սպառել իմ ուժը. սակայն իմ իրավունքը Տիրոջ մոտ է, և իմ վարձը՝ իմ Աստծու մոտ։

5. Եվ հիմա այսպես է ասում Տերը, որ ինձ դեռ որովայնից իր համար ծառա ստեղծեց, որ Հակոբին վերադարձնեմ [իր մոտ և Իսրայելին հավաքեմ իր համար], Տերը պատվել է ինձ, և իմ Աստված է իմ զորությունը»։

6. Նա ասում է. «Դա դեռ քիչ է, որ դու իմ ծառան լինես՝ Հակոբի տոհմերը վերականգնելու և Իսրայելի վերապրածներին վերադարձնելու համար. ես քեզ նաև ազգերի համար լույս կդարձնեմ, որպեսզի իմ փրկությունը հասնի մինչև երկրի ծայրերը»։

7. Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Փրկիչը՝ նրա Սուրբը, անարգված անձին, ազգերի ատելիին և իշխանավորների ծառային. «Թագավորները կտեսնեն և ոտքի կկանգնեն. իշխանները կերկրպագեն Տիրոջը, որը հավատարիմ է, Իսրայելի Սրբի համար, որն ընտրել է քեզ»։

8. Այսպես է ասում Տերը. «Ընդունելի ժամանակին քեզ պատասխանեցի, փրկության օրը քեզ օգնեցի, քեզ պահպանեցի և քեզ որպես ուխտ դրեցի ժողովրդին, որպեսզի վերականգնես երկիրը, որ բաժանես ավերված ժառանգությունները

9. և ասես կալանավորներին. “Դո՛ւրս ելեք”, իսկ խավարի մեջ եղողներին՝ “Երևացե՛ք”։ Նրանք պիտի արածեն ճանապարհներին, նրանց համար արոտավայր կլինի բոլոր բլուրների վրա։

10. Նրանք քաղց չպիտի զգան ու չպիտի ծարավեն, խորշակն ու արևը չպիտի խփեն նրանց, որովհետև նրանց գթացողը նրանց պիտի առաջնորդի և նրանց պիտի տանի ջրի աղբյուրների մոտ։

11. Իմ բոլոր լեռները ճանապարհ պիտի դարձնեմ, և իմ պողոտաները պիտի բարձրացվեն։

12. Ահա սրանք հեռվից են գալիս, ահա նրանք՝ հյուսիսից և արևմուտքից, իսկ մյուսները՝ սինեացիների երկրից։

13. Ցնծա՛, ո՛վ երկինք, ուրախացի՛ր, ո՛վ երկիր, և ցնծությամբ պոռթկացե՛ք, ո՛վ լեռներ, որովհետև Տերը մխիթարել է իր ժողովրդին և գթացել է նրա թշվառներին»։

14. Բայց Սիոնն ասաց. «Տերն ինձ լքել է, իմ Տերն ինձ մոռացել է»։

15. Մի՞թե կինը կմոռանա իր կաթնակեր մանկանը և չի՞ գթա իր որովայնի ծնունդին. եթե նա մոռանա իսկ, ես, սակայն, քեզ չեմ մոռանա։

16. Ահա ես իմ ձեռքերի ափերի մեջ փորագրել եմ քեզ, քո պարիսպներն իմ դիմացն են միշտ։

17. Քո զավակները շտապում են, քեզ քանդողներն ու ավերողները դուրս կելնեն քո միջից։

18. Բարձրացրո՛ւ աչքերդ քո շուրջը և տե՛ս. բոլորը հավաքվում գալիս են քեզ մոտ։ Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- դու նրանց ամենքին էլ հագնելու ես իբրև զարդ և նրանցով գոտևորվելու ես հարսի նման։

19. Արդարև, քո ավերակներն ու ամայի վայրերը, քո փլատակված երկիրը հիմա նեղ պիտի գա քո բնակիչների համար, և քեզ կուլ տվողները հեռվում կլինեն։

20. Զրկանքի ժամանակ ծնած որդիները* քո ականջներին դեռ պիտի ասեն. «Այս տեղը նեղ է ինձ համար, տե՛ղ տուր ինձ, որ բնակվեմ»։

21. Եվ դու կասես քո սրտում. «Սրանց ո՞վ ծնեց ինձ համար, քանի որ ես անզավակ և ամուլ էի, ես գերի էի և աքսորված, սրանց ո՞վ է մեծացրել. ես մենակ էի մնացել, սրանք որտեղի՞ց են եկել»։

22. Այսպես է ասում Տեր Աստված. «Ահա իմ ձեռքը բարձրացնում եմ ազգերի վրա և իմ դրոշը կանգնեցնում ժողովուրդների մեջ, և նրանք քո որդիներին կբերեն իրենց գրկում և քո դուստրերին կկրեն ուսերի վրա։

23. Թագավորները քո խնամատարները կլինեն, և նրանց թագուհիները՝ դայակները. նրանք երեսնիվայր պիտի երկրպագեն քեզ, պիտի լիզեն քո ոտքերի փոշին, և դու պիտի գիտենաս, որ ես եմ Տերը, և որ ինձ հուսացողները չեն ամաչելու։

24. Մի՞թե հզորից կվերցվի ավարը, կամ հաղթողի* գերյալը կազատագրվի՞»։

25. Որովհետև այսպես է ասում Տերը. «Այո՛, հզորի գերյալն էլ կազատվի, և բռնակալի ավարն էլ կվերցվի։ Քեզ հետ վիճողների հետ ես ինքս կվիճեմ և քո որդիներին ե՛ս կփրկեմ։

26. Քեզ կեղեքողներին իրենց իսկ միսը պիտի ուտեցնեմ, և նրանք պիտի հարբեն իրենց արյունով, ինչպես հարբում են գինիով։ Եվ ամեն մարմին պիտի իմանա, որ ես եմ Տերը՝ քո Փրկիչը և քեզ փրկողը՝ Հակոբի Հզորը»։

ԵՍԱՅԻ 50

1. Այսպես է ասում Տերը. «Ո՞ւր է ձեր մոր ապահարզանի վկայագիրը, որով ես նրան արձակել եմ. կամ իմ պարտատերերից ո՞ր մեկին եմ ծախել ձեզ։ Դուք ձեր անօրենությունների համար եք ծախվել, և ձեր մայրը ձեր հանցանքների համար է արձակվել։

2. Երբ ես եկա, ինչո՞ւ մարդ չկար. երբ ես կանչեցի, ինչո՞ւ պատասխանող չկար. մի՞թե իմ ձեռքը կարճացել էր, որ չկարողանայի փրկել, և կամ ես ուժ չունեի՞ ազատելու։ Ահա ես իմ սաստով ցամաքեցնում եմ ծովը, անապատ եմ դարձնում գետերը, և ջուր չլինելու պատճառով հոտում են դրանց ձկները և սատկում ծարավից։

3. Երկնքին խավար եմ հագցնում և քուրձը նրա ծածկոց եմ դարձնում»։

4. Տեր Աստված ինձ ուսյալների լեզու է տվել, որպեսզի գիտենամ հոգնածին օգնել խոսքով։ Ամեն առավոտ նա արթնացնում է, արթնացնում է իմ ականջը, որպեսզի լսեմ, ինչպես լսում են սովորողները։

5. Տեր Աստված բացեց իմ ականջը, և ես չհակառակվեցի, հետ չքաշվեցի։

6. Իմ թիկունքը տվեցի ինձ հարվածողներին և իմ ծնոտները՝ մորուքս փետողներին, իմ երեսը չծածկեցի նախատինքից ու թքից։

7. Սակայն Տեր Աստված օգնում է ինձ, դրա համար ամոթապարտ չեմ լինի, դրա համար իմ երեսը կայծքարի պես դարձրի։ Եվ գիտեմ, որ չեմ ամաչելու։

8. Ինձ արդարացնողը մոտ է. ո՞վ է ինձ հետ վիճում, միասին կանգնենք. ո՞վ է իմ հակառակորդը, թող մոտենա ինձ։

9. Ահա Տեր Աստված օգնում է ինձ. ո՞վ է, որ ինձ դատապարտելու է։ Նրանք բոլորը շորի պես կմաշվեն, և ցեցը կուտի նրանց։

10. Ձեր մեջ ո՞վ կա, որ վախենում է Տիրոջից, հնազանդվում նրա ծառայի ձայնին, թեև քայլում է խավարի մեջ և լույս չունի. թող նա ապավինի Տիրոջ անվանը և հենվի իր Աստծու վրա։

11. Ահա դուք բոլորդ, որ կրակ եք վառում և կայծերով շրջապատվում, գնացե՛ք ձեր կրակի լույսով և ձեր կրակ տված կայծերի մեջ։ Դա իմ ձեռքով պիտի լինի ձեզ համար, և դուք ցավով պիտի պառկեք։

ԵՍԱՅԻ 51

1. «Լսե՛ք ինձ, ո՛վ արդարության հետևողներ, ո՛վ Տիրոջը փնտրողներ, նայե՛ք այն վեմին, որից դուք կոփվել եք, և այն գուբի փոսին, որից դուք հանվել եք։

2. Նայե՛ք Աբրահամին՝ ձեր հորը, Սառային, որը ձեզ ծնեց, որովհետև երբ դեռ մեկ հատ էր, ես նրան կանչեցի և օրհնեցի ու բազմացրի։

3. Որովհետև Տերը մխիթարեց Սիոնին, մխիթարեց նրա բոլոր ավերակներին, նրա անապատը դրախտի նման դարձրեց և նրա ամայի վայրը՝ Տիրոջ պարտեզի։ Ցնծություն և բերկրություն են տեղ գտնելու նրա մեջ, գոհաբանություն և օրհներգության ձայն։

4. Լսի՛ր ինձ, ո՛վ իմ ժողովուրդ, ակա՛նջ դիր ինձ, ո՛վ իմ ազգ, որովհետև օրենքն ինձնից է դուրս գալու, և ես իմ իրավունքն իբրև լույս պիտի հաստատեմ ժողովուրդների համար։

5. Մոտ է իմ արդարությունը, գալիս է իմ փրկությունը, և իմ բազուկները դատում են ժողովուրդներին։ Ծովեզրերը սպասում են ինձ և ապավինում իմ բազկին։

6. Բարձրացրե՛ք ձեր աչքերը դեպի երկինք և նայե՛ք դեպի ցած՝ երկրին. որովհետև երկինքը պիտի փարատվի ծխի նման, երկիրը պիտի մաշվի ձորձի պես, և նրա բնակիչները մոծակների պես պիտի մեռնեն։ Բայց իմ փրկությունը հավիտյան կմնա, և իմ արդարությունը երբևէ չի պակասի։

7. Լսե՛ք ինձ, ո՛վ արդարություն ճանաչողներ, և դու, ո՛վ ժողովուրդ, որ իմ օրենքն ունես քո սրտում. մի՛ վախեցեք մարդկանց նախատինքից և մի՛ զարհուրեք նրանց անարգանքներից,

8. որովհետև ցեցն ուտելու է նրանց հանդերձի նման, և ցեցը կրծելու է նրանց բրդի պես. բայց իմ արդարությունը կմնա հավիտյան, և իմ փրկությունը՝ սերնդեսերունդ»։

9. Զարթնի՛ր, զարթնի՛ր, զորությո՛ւն հագիր, ո՛վ Տիրոջ բազուկ, զարթնի՛ր ինչպես նախկին օրերին, ինչպես հին սերունդների օրոք. մի՞թե դու նա չես, որ Ռահաբին ջարդուփշուր արեցիր, խոցեցիր վիշապին։

10. Մի՞թե դու նա չես, որ ցամաքեցրիր ծովը, մեծ անդունդի ջրերը, ծովի խորքերում ճանապարհ բացեցիր փրկվածների անցնելու համար։

11. Տիրոջ կողմից փրկագնվածները կվերադառնան, ցնծալի երգերով կգան Սիոն, և հավիտենական ուրախություն կլինի նրանց գլխի վրա. նրանք ցնծություն և ուրախություն կստանան, և տրտմությունն ու հեծությունը կփախչեն։

12. «Ես, ե՛ս եմ ձեզ մխիթարողը. դու ո՞վ ես, որ սարսափում ես մահկանացու մարդուց, մարդու որդուց, որը նման է խոտի։

13. Դու մոռանում ես Տիրոջը՝ քո արարչին, որ տարածեց երկինքն ու հաստատեց երկրի հիմքերը. դու միշտ և ամեն օր վախենում ես բռնավորի զայրույթից, որը պատրաստվում է ոչնչացնելու. բայց ո՞ւր է բռնավորի զայրույթը։

14. Կքած կալանավորը շուտով կարձակվի, մեռնելով գուբը չի ընկնի, և նրա հացը չի պակասի։

15. Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ հուզում է ծովին, որ նրա ալիքները գոռան. Զորությունների Տեր է իմ անունը։

16. Ես իմ խոսքերը քո բերանում դրեցի և իմ ձեռքի հովանիով ծածկեցի քեզ, որպեսզի տարածեմ երկինքը, հաստատեմ երկրի հիմքերն ու ասեմ Սիոնին. “Դու իմ ժողովուրդն ես”»։

17. Զարթնի՛ր, զարթնի՛ր, վե՛ր կաց, ո՛վ Երուսաղեմ. դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա զայրույթի բաժակը, որ խմեցիր ցմրուր, քամեցիր թմրության թասը։

18. Իր ծնած բոլոր որդիների մեջ չկա մեկը, որ առաջնորդի իրեն, և իր մեծացրած բոլոր ուստրերից չկա մեկը, որ բռնի իր ձեռքից։

19. Երկու բաներ պատահեցին քեզ, ո՞վ կարող է քեզ սփոփել. կործանում ու կոտորած և սով ու սուր։ Ես քեզ ինչո՞վ մխիթարեմ։

20. Քո որդիները նվաղել են, պառկել են բոլոր փողոցների անկյուններում ցանցի մեջ բռնված վայրի այծի նման. նրանք լի են Տիրոջ զայրույթով, քո Աստծու հանդիմանությամբ։

21. Ուրեմն լսի՛ր այս, ո՛վ թշվառ, որ հարբած ես, բայց ոչ գինուց։

22. Այսպես է ասում Տերը՝ քո Տերը, և քո Աստվածը, որ պաշտպանում է իր ժողովրդի դատը. «Ահա քո ձեռքից վերցնում եմ թմրության բաժակը, իմ զայրույթի թասը, և դու այլևս չես խմելու։

23. Այն դնում եմ քեզ վշտացնողների ձեռքում, որոնք ասում էին քեզ. “Խոնարհվի՛ր ու պառկի՛ր, որ մենք անցնենք”։ Եվ դու անցորդների համար քո մեջքը գետնի նման ու փողոցի պես դարձրիր»։

ԵՍԱՅԻ 52

1. Զարթնի՛ր, զարթնի՛ր, հագի՛ր քո զորությունը, ո՛վ Սիոն, հագի՛ր քո շքեղ հանդերձները, ո՛վ Երուսաղեմ՝ սո՛ւրբ քաղաք, որովհետև այլևս քո մեջ չեն մտնելու անթլփատն ու անմաքուրը։

2. Թա՛փ տուր քեզ փոշուց, վե՛ր կաց, նստի՛ր, ո՛վ գերի Երուսաղեմ, քանդի՛ր քո պարանոցի կապերը, ո՛վ Սիոնի գերի դուստր,

3. քանզի այսպես է ասում Տերը. «Դուք ձրի վաճառվեցիք և առանց փողի կփրկվեք»։

4. Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Առաջ իմ ժողովուրդն իջավ Եգիպտոս՝ այնտեղ պանդխտանալու, ապա ասորեստանցին առանց պատճառի ճնշեց նրան։

5. Եվ հիմա ի՞նչ ունեմ այստեղ անելու,- ասում է Տերը,- որովհետև զուր տեղը քշվեց իմ ժողովուրդը, նրա վրա իշխողները ողբում են,- ասում է Տերը,- և միշտ, ամեն օր հայհոյվում է իմ անունը։

6. Ուստի իմ ժողովուրդը պիտի գիտենա իմ անունը, ուստի այդ օրը նրանք կիմանան, որ ես նա եմ որ ասում է. “Ահա ես եմ”»։

7. Ի՜նչ գեղեցիկ են լեռների վրա ավետաբերի ոտքերը, որ խաղաղություն է հռչակում, բարիք ավետում, փրկություն քարոզում, որ ասում է Սիոնին. «Քո Աստվածը թագավորում է»։

8. Ահա քո պահապանները բարձրացնում են իրենց ձայնը, նրանք միասին բարձրաձայն ցնծում են, որովհետև իրենց աչքերով* պիտի տեսնեն Տիրոջը, երբ նա վերադառնա Սիոն։

9. Ցնծությամբ պոռթկացե՛ք միասին, ո՛վ Երուսաղեմի փլատակներ, որովհետև Տերը մխիթարեց իր ժողովրդին, փրկեց Երուսաղեմը։

10. Տերը մերկացրել է իր սուրբ բազուկը բոլոր ազգերի աչքի առաջ, և երկրի բոլոր ծայրերում կտեսնեն մեր Աստծու փրկությունը։

11. Հեռացե՛ք, հեռացե՛ք, դո՛ւրս ելեք այդտեղից, անմաքուր բանի մի՛ դիպեք, դո՛ւրս ելեք նրա միջից. մաքո՛ւր մնացեք, ո՛վ Տիրոջ սպասները կրողներ,

12. որովհետև հապճեպ դուրս չպիտի ելնեք և ոչ էլ փախչելով պիտի գնաք, այլ Տերը պիտի գնա ձեր առջևից, և Իսրայելի Աստվածն է լինելու ձեր հետնապահը։

13. Ահավասիկ իմ ծառան կբարգավաճի, կմեծանա, կբարձրացվի և հույժ կփառավորվի։

14. Ինչպես որ շատերն ապշեցին քեզ վրա (այնպե՜ս խաթարված էր նրա դեմքը և տարբերվում էր մարդու դեմքից, նաև նրա կերպարանքը՝ մարդու որդիների կերպարանքից),

15. այնպես էլ նա պիտի զարմացնի բազում ազգերի։ Թագավորներն իրենց բերանը պիտի փակեն նրա պատճառով, որովհետև պիտի տեսնեն այն, ինչի մասին չի պատմվել իրենց, և ինչի մասին չեն լսել, նրանք կհասկանան։

ԵՍԱՅԻ 53

1. Ո՞վ հավատաց մեր լուրին, և ո՞ւմ հայտնվեց Տիրոջ բազուկը։

2. Ահա նա մատղաշ տունկի նման աճեց նրա առաջ, ծարաված հողից ելած արմատի նման։ Նա ո՛չ տեսք ուներ, ո՛չ էլ վայելչություն, որ նրան նայեինք, ոչ էլ այնպիսի տեսք, որ ցանկայինք։

3. Անարգված և մարդկանցից մերժված՝ նա վշտերի մարդ էր ու ցավերի ծանոթ, որպես մեկը, որից երես են դարձնում մարդիկ։ Նա անարգված էր, և մենք նրա հանդեպ համարում չունեինք։

4. Հիրավի, նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց։ Մենք նրան համարում էինք պատուհասված, Աստծուց հարվածված և տանջված։

5. Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն* բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։

6. Մենք բոլորս մոլորվեցինք ոչխարների պես, յուրաքանչյուրն իր ճանապարհով գնաց, բայց Տերը նրա վրա դրեց մեր բոլորի անօրենությունը։

7. Նա ճնշվեց ու չարչարվեց, բայց չբացեց իր բերանը, ինչպես մի գառ, որ մորթվելու է տարվում, և մի մունջ ոչխարի պես, որ կանգնում է իրեն խուզողների առաջ, այնպես էլ նա չբացեց իր բերանը։

8. Բռնադատությամբ և դատապարտությամբ նա հափշտակվեց, և նրա ազգատոհմը ո՞վ կարող է քննել, քանզի նա կտրվեց կենդանիների երկրից. իմ ժողովրդի հանցանքների համար նա հարվածվեց։

9. Նրա գերեզմանն ամբարիշտների հետ դրվեց, բայց մահվան մեջ՝ հարուստի հետ, թեև նա բռնություն չէր արել, և նրա բերանում խաբեություն չկար։

10. Բայց Տիրոջ կամքն էր նրան ճզմել, տառապանք պատճառել. երբ նա իր անձը մեղքի ընծա դարձնի, սերունդ կունենա, կերկարացնի իր օրերը, և Տիրոջ կամքը նրա ձեռքով կհաջողվի։

11. «Նա իր անձի տառապանքը կտեսնի և կկշտանա, իմ արդար ծառան իր գիտությամբ կարդարացնի շատերին, և նրանց անօրենություններն ինքը կկրի։

12. Ուստի ես նրան մեծերի հետ բաժին կտամ, և նա ավարը կբաժանի հզորների հետ, որովհետև իր անձը մահվան մատնեց և հանցավորների շարքը դասվեց. նա շատերի մեղքը կրեց և հանցավորների համար միջնորդ եղավ»։

ԵՍԱՅԻ 54

1. «Ցնծալով աղաղակի՛ր, ո՛վ ամուլ, որ չես ծնել, ցնծալով պոռթկա՛ և աղաղակի՛ր, դու, որ երկունքի ցավ չես քաշել, որովհետև լքված կնոջ որդիներն ավելի շատ են լինելու, քան ամուսնացած կնոջ որդիները»,- ասում է Տերը։

2. Ընդարձակի՛ր քո վրանի տեղը, և թող տարածվեն քո բնակարանի վարագույրները։ Մի՛ խնայիր, երկարացրո՛ւ քո պարանները և ամրացրո՛ւ քո ցցերը,

3. որովհետև դու պիտի տարածվես աջ ու ձախ, քո սերունդը պիտի ժառանգի ազգերին և բնակեցնի ավերված քաղաքները։

4. Մի՛ վախեցիր, որովհետև չպիտի ամաչես, անպատվված մի՛ զգա, որովհետև չպիտի նախատվես. դու պիտի մոռանաս քո պատանության ամոթը և այլևս չպիտի հիշես քո որբևայրության նախատինքը,

5. որովհետև քո ամուսինը քո Արարիչն է, Զորությունների Տեր է նրա անունը, և քո Փրկիչն Իսրայելի Սուրբն է. նա կոչվում է ամբողջ երկրի Աստված,

6. որովհետև Տերը քեզ կանչեց որպես լքված և հոգով վշտացած մի կնոջ, մի երիտասարդի կնոջ պես, որ մերժված* է։ Քո Աստվածն ասում է.

7. «Մի փոքր ժամանակ քեզ լքեցի, բայց մեծ գթասրտությամբ պիտի հավաքեմ քեզ։

8. Սրտմտությանս բորբոքվելով՝ մի վայրկյան երեսս ծածկեցի քեզնից, բայց հավիտենական ողորմությամբ պիտի գթամ քեզ,- ասում է քո Փրկիչը՝ Տերը,-

9. որովհետև սա Նոյի օրերի նման է ինձ համար։ Ինչպես որ այն ժամանակ երդվեցի, որ Նոյի ջրերն այլևս չպիտի ողողեն երկիրը, այնպես էլ հիմա երդվեցի, որ չեմ սրտմտելու քեզ վրա և չեմ հանդիմանելու քեզ։

10. Թեև լեռները գնան, բլուրները վերցվեն, իմ գթությունը քեզանից չի հեռանա, իմ խաղաղության ուխտը չի խախտվի»,- ասում է քեզ գթացող Տերը։

11. «Ո՛վ դու թշվառ, մրրկահար և անմխիթար, ահա ես քո քարերը ծարիրով պիտի շինեմ և քո հիմքերը շափյուղաներով պիտի դնեմ։

12. Ես քո աշտարակները պիտի կառուցեմ կարմիր հակինթներով, քո դռները՝ կարկեհաններով և քո բոլոր պատերը՝ թանկարժեք քարերով։

13. Քո բոլոր որդիների ուսուցումը Տիրոջից պիտի լինի, և մեծ պիտի լինի նրանց խաղաղությունը։

14. Դու պիտի հաստատվես արդարության մեջ։ Հեռու կլինես բռնությունից, որովհետև չես վախենալու, և արհավիրքից, որովհետև քեզ չի մոտենալու։

15. Ահա նրանք անպատճառ կհարձակվեն քեզ վրա, բայց դա ինձնից չի լինի. ով հարձակվի քեզ վրա, նա պիտի ընկնի քո պատճառով։

16. Ահավասիկ ես եմ ստեղծել դարբնին, որը փուքսով փչում է կրակի կայծերի վրա և գործիք է պատրաստում իր արհեստի համար. նույնպես ե՛ս եմ ստեղծել կործանողին, որպեսզի խորտակի այն։

17. Ամեն մի գործիք, որ շինված է քո դեմ, հաջողություն չպիտի ունենա, և ամեն լեզու, որ դատաստանի է ելնելու քո դեմ, պիտի դատապարտվի։ Ա՛յս է Տիրոջ ծառաների ժառանգությունը, և ինձնից է գալու նրանց արդարացումը»,- ասում է Տերը։

ԵՍԱՅԻ 55

1. Ո՛վ բոլորդ, ծարավածնե՛ր, եկե՛ք ջրերի մոտ, և դուք, որ փող չունեք, եկե՛ք, գնե՛ք ու կերե՛ք. եկե՛ք, գնե՛ք գինի և կաթ առանց փողի, առանց գնի։

2. Ինչո՞ւ եք ձեր դրամը ծախսում մի բանի համար, որ հաց չէ, ինչո՞ւ եք ծախսում ձեր վաստակը այն բանի համար, որ չի կշտացնում։ Ուշադրությա՛մբ լսեք ինձ և բարի՛ք ճաշակեք ու ձեր անձը զվարճացրե՛ք պարարտ ուտելիքներով։

3. «Ձեր ականջը խոնարհեցրե՛ք և եկե՛ք ինձ մոտ, լսե՛ք ինձ, և ձեր անձը կապրի։ Ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ՝ Դավթին խոստացված իմ հավատարիմ ողորմությունը։

4. Ահա ես նրան վկա եմ կարգել ժողովուրդներին՝ որպես ժողովուրդների առաջնորդ և հրամանատար։

5. Ահա դու պիտի կանչես մի ազգի, որին չես ճանաչում, և ազգեր, որ քեզ չեն ճանաչում, շտապելու են քեզ մոտ քո Աստծու՝ Տիրոջ պատճառով, Իսրայելի Սրբի պատճառով, որը փառավորել է քեզ»։

6. Փնտրե՛ք Տիրոջը, քանի որ նա գտնվում է, կանչե՛ք նրան, մինչ նա մոտ է։

7. Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը, իսկ անօրեն մարդը՝ իր խորհուրդները ու վերադառնա Տիրոջը, և նա կգթա նրան. մեր Աստծուն, որովհետև նա առատապես կների։

8. «Արդարև, իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհներն իմ ճանապարհները չեն,- ասում է Տերը։-

9. Այլ ինչպես երկինքն է բարձր երկրից, այնպես էլ իմ ճանապարհները բարձր են ձեր ճանապարհներից, և իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից։

10. Քանզի ինչպես որ անձրևն ու ձյունը իջնում են երկնքից և հետ չեն դառնում այնտեղ, այլ ոռոգում են երկիրը, արգասաբեր և ծլարձակ դարձնում այն, սերմ են տալիս սերմնացանին և հաց՝ ուտողին,

11. այնպես էլ կլինի իմ բերանից դուրս եկած խոսքը. նա ապարդյուն չի վերադառնա ինձ մոտ, այլ կկատարի իմ փափագը և հաջողություն կունենա այն բանում, ինչի համար ես ուղարկել եմ նրան»։

12. Որովհետև դուք ուրախությամբ դուրս կգաք և խաղաղությամբ կառաջնորդվեք*. լեռներն ու բլուրները ցնծությամբ պիտի պոռթկան ձեր առաջ, և դաշտերի բոլոր ծառերը ծափ պիտի տան։

13. Փշաթփի փոխարեն եղևնի պիտի բուսնի, եղինջի փոխարեն՝ մրտենի. և դա պիտի լինի Տիրոջ անվան համար՝ իբրև հավիտենական նշան, որը չի ջնջվելու։

ԵՍԱՅԻ 56

1. Այսպես է ասում Տերը. «Պահե՛ք իրավունքը և արդարությո՛ւն արեք, որովհետև շուտով գալու է իմ փրկությունը, և իմ արդարությունը հայտնվելու է։

2. Երանի՜ այն մարդուն, որ կանի այս, և այն մարդու որդուն, որ կառչում է դրան, կպահի շաբաթն ու չի պղծի և իր ձեռքը հետ կպահի որևէ չարագործությունից»։

3. Տիրոջը հարող օտարականի որդին թող այսպես չասի. «Տերն ինձ կտարանջատի իր ժողովրդից», և ներքինին թող չասի. «Ահա ես մի չորացած ծառ եմ»,

4. որովհետև Տերն այսպես է ասում. «Ներքինիներին, որոնք պահում են իմ շաբաթները, ընտրում այն, ինչը հաճելի է ինձ, և կառչած են մնում իմ ուխտին,

5. ես նրանց ձեռք և անուն պիտի տամ իմ տանն ու իմ պարսպի ներսում, և դա ավելի լավ կլինի, քան որդիներ և դուստրեր։ Ես նրանց հավիտենական անուն կտամ, որ չի ջնջվի։

6. Իսկ այն օտարականների որդիները, որոնք հարել են Տիրոջը՝ նրան ծառայելու, Տիրոջ անունը սիրելու և նրա ծառաները լինելու համար, բոլոր նրանք,- ասում է Տերը,- որ կպահեն իմ շաբաթը և այն չեն պղծի ու կառչած կմնան իմ ուխտին,

7. նրանց իմ սուրբ լեռը կբերեմ և կուրախացնեմ նրանց իմ աղոթքի տան մեջ. նրանց ողջակեզներն ու զոհերն ընդունելի կլինեն իմ սեղանի վրա, որովհետև իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի բոլոր ժողովուրդների համար»։

8. Այսպես է ասում Տեր Աստված, որ հավաքում է Իսրայելի աքսորյալներին. «Բացի արդեն հավաքվածներից, դեռ ուրիշներին էլ պիտի հավաքեմ նրանց վրա»։

9. Ո՛վ դուք, դաշտի բոլո՛ր գազաններ, եկե՛ք ուտելու, և դուք, ո՛վ անտառի բոլոր գազաններ։

10. Նրա պահապանները կույր են, բոլորն էլ գիտություն չունեն. նրանք բոլորը համր շներ են, չեն կարողանում հաչել, պառկում են, երազում, սիրում են մրափել։

11. Նրանք շատակեր ու անկուշտ շներ են։ Նրանք հովիվներ են, որ հասկանալու գիտություն չունեն. ամեն մեկն իր ճանապարհին է դարձել*, իր օգուտի մասին է մտածում յուրաքանչյուրը։

12. «Եկե՛ք,- ասում են,- գինի բերեմ, հարբենք օղիով, վաղվա օրն էլ այսօրվա պես կլինի և նույնիսկ անհամեմատ ավելին»։

ԵՍԱՅԻ 57

1. «Արդարը կորչում է, և ոչ ոք իր սրտում չի մտորում. բարի մարդիկ վերացվում են առանց մեկի իմանալու, թե արդարը վերացվեց գալիք չարիքի պատճառով։

2. Նա մտնում է խաղաղության մեջ։ Նրանք, ովքեր ուղիղ ճանապարհով են ընթանում, հանգստություն պիտի գտնեն իրենց մահճում։

3. Բայց դուք մոտեցե՛ք այստեղ, ո՛վ վհուկի որդիներ, ո՛վ շնացողի և պոռնկի սերունդ։

4. Ո՞ւմ եք ծաղրում, ո՞ւմ վրա եք բացում ձեր լայն բերանը և երկարացնում ձեր լեզուն. մի՞թե դուք հանցանքի զավակներ չեք, ստության սերունդ,

5. դուք, որ ցանկությամբ գրգռվում եք բևեկնիների մեջ՝ ամեն կանաչազարդ ծառի տակ, որ մորթում եք մանուկներին ձորերում, ժայռերի խոռոչների մեջ։

6. Հովտի ողորկ կուռքերն են քո բաժինը. դրանք են, դրանք՝ քո վիճակը. դրանց համար գինի թափեցիր իբրև նվիրաբերում, դրանց ընծա մատուցեցիր. մի՞թե ես կամոքվեմ։

7. Բարձր ու վեհ լեռան վրա դրեցիր քո անկողինը և այնտեղ բարձրացար զոհ մատուցելու։

8. Դռների և դրանդիների հետևում դրեցիր քո հեթանոսական հուշակոթողը. ինձ լքեցիր՝ բացելով քո անկողինը, ինձնից հեռու բարձրացար այնտեղ, լայնացրիր քո անկողինը և դաշինք կապեցիր նրանց հետ, որոնց անկողինը սիրեցիր, որոնց ձեռքը տեսար։*

9. Դու թագավորի մոտ գնացիր թանկարժեք յուղով, շատացրիր քո անուշահոտությունները, պատգամավորներիդ ուղարկեցիր մինչև հեռավոր վայրեր և իջար մինչև մեռելների աշխարհը։

10. Քո ճանապարհի երկարությունից հոգնեցիր, երբևէ չասացիր. “Անհույս է”։ Ուժդ վերանորոգեցիր, դրա համար էլ չթուլացար։

11. Ումի՞ց էիր զարհուրում ու վախենում, որ ստեցիր, չհիշեցիր ինձ և սրտումդ չդրեցիր. չէ՞ որ ես վաղուց լռել եմ, ուստի դու ինձնից չես վախենում։

12. Ես կհայտարարեմ քո արդարությունն ու արարքները. դրանք* քեզ օգուտ չեն ունենալու։

13. Երբ դու աղաղակ բարձրացնես, թող քո հավաքած կուռքերը քեզ ազատեն. դրանց բոլորին քամին պիտի տանի, մեկ շնչով պիտի քշվեն։ Բայց նա, ով հույս է դրել ինձ վրա, երկիրը պիտի ստանա և իմ սուրբ լեռը պիտի ժառանգի»։

14. Եվ Տերը կասի. «Հարթե՛ք, հարթե՛ք, ճանապա՛րհ բացեք, վերացրե՛ք խոչընդոտն իմ ժողովրդի ճանապարհից»։

15. Եվ արդ, այսպես է ասում Բարձրը, Բարձրյալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է. «Ես բնակվում եմ բարձունքում և սուրբ տեղում, բայց բեկված և խոնարհ հոգի ունեցող մարդու հետ եմ լինում, որպեսզի վերակենդանացնեմ խոնարհների հոգին, վերակենդանացնեմ բեկվածների սիրտը։

16. Ես չեմ վիճելու հավիտյան և մշտապես չեմ սրտմտելու, այլապես հոգիները և մարդկանց շունչը, որոնց ես եմ ստեղծել, կնվաղեին իմ առաջ։

17. Ես նրա անօրեն ագահության համար սրտմտեցի և հարվածեցի նրան. իմ դեմքը ծածկեցի ու սրտմտեցի, բայց ապստամբը գնաց իր սրտի ճանապարհով։

18. Ես տեսել եմ նրա ճանապարհները, բայց բժշկելու եմ նրան. ես առաջնորդելու եմ նրան և մխիթարելու եմ նրան ու նրա սգավորներին»։

19. Նրանց շրթունքների վրա պտուղն ստեղծող Տերը այսպես է ասում. «Խաղաղություն, խաղաղություն թող լինի հեռավորներին ու մերձավորներին,- ասում է Տերը,- ու ես բժշկելու եմ նրան»։

20. Բայց ամբարիշտները նման են ալեծուփ ծովի, որը չի կարող հանդարտվել, և որի ջրերը տիղմ ու ցեխ են դուրս տալիս։

21. «Խաղաղություն չկա ամբարիշտների համար»,- ասում է իմ Աստվածը։

ԵՍԱՅԻ 58

1. Կոկորդալիր գոչի՛ր, մի՛ խնայիր, շեփորի պես բարձրացրո՛ւ ձայնդ, հայտարարի՛ր իմ ժողովրդին իր հանցանքը և Հակոբի տանը՝ իր մեղքերը։

2. Բայց նրանք ամեն օր փնտրում են ինձ և ուզում են գիտենալ իմ ճանապարհները՝ մի ազգի պես, որ արդարություն է գործում և իր Աստծու պատվիրանները չի լքել։ Նրանք ինձնից պահանջում են արդար իրավունք և փափագում են մոտենալ Աստծուն.

3. «Ինչո՞ւ մենք ծոմ ենք պահել, և դու չես տեսել, ինչո՞ւ ենք խոնարհեցրել մեր անձերը, և դու չես իմանում»։ Ահա դուք ձեր ծոմապահության օրը ձեր ցանկություններն եք կատարում և ձեր բոլոր աշխատավորներին կեղեքում եք։

4. Ահա դուք կռվի և հակառակության համար եք ծոմ պահում, անզգամորեն բռնցքահարելու համար. այս օրվա նման ծոմ պահելով, որ ձեր ձայնը լսելի չլինի վերևում։

5. Այսպե՞ս կլինի այն ծոմապահությունը, որը ես նախընտրել եմ, իբրև մի օր, երբ մարդ իր անձը խոնարհեցնում է։ Գլուխը ծռել կնյունի պես, քուրձն ու մոխիրը փռել իր տակ. դու սա՞ ես ծոմապահություն կոչում և Տիրոջը ընդունելի օր։

6. Սա չէ այն ծոմը, որ ես ընտրել եմ. լուծի՛ր ամբարշտության կապանքները, արձակի՛ր լծի կապերը. կեղեքվածներին ազատի՛ր և կոտրի՛ր ամեն տեսակ լուծ։

7. Հացդ բաշխի՛ր քաղցածին, թափառական թշվառներին տո՛ւն բեր. եթե մերկ մարդ տեսնես, հագցրո՛ւ նրան և քո նմանից քեզ մի՛ ծածկիր։

8. Այն ժամանակ քո լույսը պիտի ծագի արշալույսի պես, քո ապաքինումը պիտի ծլարձակի շուտով, քո արդարությունը պիտի գնա քո առջևից, և Տիրոջ փառքը քեզ պիտի պահպանի թիկունքից։

9. Այն ժամանակ դու կկանչես, և Տերը կպատասխանի, դու կաղաղակես, և նա կասի. «Ահա ես»։ Եթե դու քո միջից հեռացնես լուծը, դեն գցես մատնացույց անելն ու չարախոսությունները,

10. կերակրես* քաղցածին և բավարարես կարոտյալի կարիքները, այն ժամանակ քո լույսը կծագի խավարի մեջ, և քո մթությունը կլինի կեսօրվա պես։

11. Տերը քեզ մշտապես կառաջնորդի, կկշտացնի քո անձը երաշտ վայրերում, կզորացնի քո ոսկորները, և դու կլինես ջրարբի պարտեզի նման, ջրի ակի նման, որից ջուրը չի պակասի։

12. Քո ազգակիցները* պիտի վերաշինեն հնամենի ավերակները, և դու պիտի վերականգնես շատ սերունդների հիմքերը։ Քեզ պիտի կոչեն պարսպաճեղքերը վերականգնող և բնակելի փողոցները վերանորոգող։

13. «Եթե շաբաթ օրը՝ իմ սուրբ օրը, քո ոտքը հետ պահես քո ցանկությունը կատարելուց, եթե շաբաթը կոչես հաճելի և Տիրոջը նվիրված պատվական օր ու մեծարես այն՝ չհետևելով քո ճանապարհներին, չբավարարելով քո ցանկությունը և դատարկաբանություն չանելով,

14. այն ժամանակ կհրճվես Տիրոջով, և ես քեզ կհանեմ երկրի բարձր տեղերը ու քեզ կուտեցնեմ քո հայր Հակոբի ժառանգությունը, քանզի Տիրոջ բերանը խոսեց այս»։

ԵՍԱՅԻ 59

1. Տիրոջ ձեռքը վստահաբար չի կարճացել, որ չփրկի, և նրա ականջը չի ծանրացել, որ չլսի,

2. այլ ձեր անօրենություններն են, որ բաժանում են առաջացնում ձեր և ձեր Աստծու միջև. ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզնից, որ ձեզ չլսի,

3. որովհետև ձեր ձեռքերը պղծված են արյունով, և ձեր մատները՝ անօրենությամբ, ձեր շրթունքները սուտ են խոսում, ձեր լեզուն անիրավություն է մրթմրթում։

4. Չկա մեկը, որ արդարության համար բողոքի, և չկա մեկը, որ ճշմարտությամբ դատ վարի. նրանք հույս են դնում դատարկ բաների վրա և սին բաներից են խոսում, թշվառություն են հղանում և անօրենություն են ծնելու։

5. Նրանք քարբ օձի ձվերով են թուխս նստում և սարդոստայն են հյուսում. նրանց ձվերից ուտողը կմեռնի, և ջարդվողից իժ է դուրս գալիս։

6. Նրանց ոստայնները հագուստ չեն դառնա, և մարդիկ չեն կարող ծածկվել իրենց գործերով. նրանց գործերն անօրենության գործեր են, և բռնության գործ է նրանց ձեռքում։

7. Նրանց ոտքերը վազում են դեպի չարություն, և նրանք շտապում են անմեղ արյուն թափել, նրանց խորհուրդներն անօրենության խորհուրդներ են, նրանց ճանապարհներին ավերում և քանդում կա։

8. Նրանք չգիտեն խաղաղության ճանապարհը, և իրավունք չկա նրանց ուղիներում։ Նրանք ծռմռել են իրենց շավիղները, և ով ման է գալիս դրանցում, խաղաղություն չի ճանաչելու։

9. Դրա համար իրավունքը հեռացավ մեզնից, և արդարությունը չի հասնում մեզ։ Սպասում ենք լույսի, և ահա խավար է, պայծառության, և ահա քայլում ենք մթության մեջ։

10. Կույրերի նման պատն ենք շոշափում և աչք չունեցողի պես խարխափում ենք. գլորվում ենք կեսօր ժամանակ, կարծես թե մթնշաղ լինի, կորովի մարդկանց*մեջ լինելով՝ մեռելների պես ենք։

11. Ամենքս մռնչում ենք արջերի նման և ճվճվում աղավնիների պես, սպասում ենք դատաստանի, բայց այն չկա, փրկության, բայց այն հեռու է մեզնից,

12. քանզի շատացել են մեր հանցանքները քո առաջ, և մեր մեղքերը մեր դեմ են վկայում. մեր հանցանքները մեզ հետ են, և մենք գիտենք մեր անօրենությունները։

13. Հանցանք ենք գործել, ուրացել ենք Տիրոջը, հրաժարվել ենք մեր Աստծուն հետևելուց, հարստահարություն և ապստամբություն ենք խոսել և մեր սրտերում սուտ խոսքեր հղացել։

14. Հետ է քաշվել իրավունքը, արդարությունը կանգնել է հեռվում, ճշմարտությունը սայթաքում է հրապարակում, և ուղղամտությունը չի կարողանում ներս մտնել։

15. Ճշմարտությունը պակասեց, և չարությունից հեռացողը կողոպտվում է։ Տերը տեսավ, և դա չար երևաց նրա աչքին, որովհետև իրավունք չմնաց։

16. Նա տեսավ, որ մարդ չկար, և ապշեց, որ միջամտող չկար։ Այն ժամանակ նրա բազուկն օգնեց իրեն, և նրա արդարությունը նեցուկ եղավ իրեն։

17. Նա հագավ արդարությունն իբրև զրահ և փրկության սաղավարտը դրեց իր գլխին. հագավ վրեժխնդրության զգեստն իբրև պատմուճան և նախանձախնդրությունն իր վրա գցեց իբրև վերարկու։

18. Նա հատուցում է տալու ըստ արարքների. զայրույթ իր հակառակորդներին, հատուցում՝ իր թշնամիներին. նաև ծովեզրի երկրներին պիտի հատուցի իրենց վարձը։

19. Արևմուտքում պիտի վախենան Տիրոջ անունից, և արևելքում՝ նրա փառքից, որովհետև նա կգա վարար գետի նման, որին Տիրոջ շունչն է քշում։

20. «Մի Փրկարար է գալու Սիոն և Հակոբի մեջ՝ իրենց հանցանքներից դարձի եկողներին»,- ասում է Տերը։

21. «Այս է իմ ուխտը նրանց հետ,- ասում է Տերը։- Իմ հոգին, որ քեզ վրա է, և իմ խոսքերը, որ քո բերանն եմ դրել, չպիտի պակասեն քո բերանից, քո զավակների բերանից և քո զավակների զավակների բերանից,- ասում է Տերը,- այսուհետև մինչև հավիտյան»։

ԵՍԱՅԻ 60

1. Վե՛ր կաց, լուսավորվի՛ր, որովհետև եկել է քո լույսը, և Տիրոջ փառքը ծագեց քեզ վրա։

2. Ահա խավարը կծածկի երկիրը, և մառախուղը՝ ժողովուրդներին. բայց Տերն ահա ծագում է քեզ վրա, և նրա փառքը կերևա քեզ վրա։

3. Ազգերը կգան դեպի քո լույսը, և թագավորները՝ դեպի քո ծագող պայծառությունը։

4. Բարձրացրո՛ւ աչքերդ և նայի՛ր քո շուրջը. բոլորը հավաքված գալիս են դեպի քեզ. քո որդիները գալիս են հեռվից, և քո դուստրերը՝ գրկում մանուկների պես։

5. Դու պիտի տեսնես և լուսափայլ դառնաս, և սիրտդ պիտի բաբախի ու լայնանա, որովհետև քեզ պիտի դառնա ծովի առատությունը, քեզ պիտի գա ազգերի հարստությունը։

6. Քեզ պիտի ծածկի ուղտերի բազմությունը՝ Մադիամի և Գեփայի ուղտի ձագերը, բոլորը Սաբայից են գալու, ոսկի ու կնդրուկ են բերելու և Տիրոջ գովաբանությունն են ավետելու։

7. Կեդարի բոլոր հոտերը քեզ մոտ պիտի հավաքվեն, Նաբեոթի խոյերը պիտի ծառայեն քեզ. դրանք պիտի ելնեն իմ զոհասեղանի վրա իբրև ընդունելի զոհ, և ես փառավոր պիտի դարձնեմ իմ փառքի տունը։

8. Ովքե՞ր են սրանք, որ թռչում են ամպի նման և աղավնիների պես՝ դեպի իրենց բույները։

9. Ծովեզրերը սպասում են ինձ, Թարսիսի նավերը դրանց առջևում են, որպեսզի հեռվից բերեն քո որդիներին և նրանց հետ՝ նրանց արծաթն ու նրանց ոսկին Տիրոջ՝ քո Աստծու անվան համար, Իսրայելի Սրբի համար, որը քեզ փառավորում է։

10. «Օտարների որդիները պիտի կառուցեն քո պարիսպները, և նրանց թագավորները պիտի ծառայեն քեզ, որովհետև իմ սրտմտության ժամանակ հարվածեցի քեզ, բայց իմ բարեհաճությամբ գթացի քեզ։

11. Քո դռները միշտ բաց պիտի լինեն, դրանք ցերեկ ու գիշեր չպիտի փակվեն, որպեսզի ազգերի հարստությունը բերեն քեզ մոտ նրանց թագավորների հանդիսավոր շքերթով։

12. Այն ազգը կամ այն թագավորությունը, որ քեզ չի ծառայելու, պիտի կորչի. այդպիսի ազգերն ամբողջովին պիտի կործանվեն։

13. Լիբանանի փառքը քեզ է գալու՝ մայրին, սոսին և տոսախը միասին՝ իմ սրբարանի տեղը զարդարելու համար. և ես իմ ոտքերի տեղը կփառավորեմ։

14. Քեզ տանջողների որդիները խոնարհվելով քեզ մոտ պիտի գան, և բոլոր քեզ անարգողները պիտի երկրպագեն քո ոտքերի թաթերի մոտ ու քեզ կոչեն “Տիրոջ քաղաք, Իսրայելի Սրբի Սիոն”։

15. Դու լքված և ատված ես եղել, և ոչ ոք չէր անցնում քո միջով. դրա փոխարեն ես քեզ պիտի դարձնեմ հավիտենապես մեծափառ, ցնծություն՝ սերնդից սերունդ։

16. Դու պիտի ծծես ազգերի կաթը, դու պիտի ծծես թագավորների ստինքը և պիտի իմանաս, որ ես՝ Տերը, քո Փրկիչն եմ և քեզ ազատագրողը, Հզորը Հակոբի։

17. Պղնձի փոխարեն ոսկի պիտի բերեմ, երկաթի փոխարեն՝ արծաթ, փայտի փոխարեն՝ պղինձ, քարերի փոխարեն՝ երկաթ ու խաղաղությունը քո վերակացուն պիտի դարձնեմ և արդարությունը՝ քո գործավարները։

18. Քո երկրում այլևս լսելի չեն լինելու բռնությունը, ոչ էլ քո սահմաններում՝ ավեր ու քանդում. դու քո պարիսպները կոչելու ես Փրկություն և քո դռները՝ Գովաբանություն։

19. Ցերեկն այլևս արևը չի լինելու քո լույսը, և լուսինը քեզ չի լուսավորելու գիշերը, այլ Տերը կլինի հավիտենական լույսը, և քո Աստվածը՝ քո փառքը։

20. Քո արևն այլևս մայր չի մտնի, և քո լուսինը չի խավարի, այլ Տերը պիտի լինի քո հավիտենական լույսը, և քո սգի օրերը պիտի վերջանան։

21. Քո ժողովուրդը, բոլորը արդար պիտի լինեն, հավիտենապես պիտի ժառանգեն երկիրը՝ իմ տնկած ընձյուղը, իմ ձեռքի գործը, որ ես փառավորվեմ։

22. Ամենասակավը հազար պիտի դառնա, և ամենաչնչինը՝ զորավոր ազգ։ Ես եմ Տերը. պիտի փութացնեմ այդ իր ժամանակին»։

ԵՍԱՅԻ 61

1. Տեր Աստծու Հոգին ինձ վրա է, որովհետև Տերն օծել է ինձ՝ ավետիս տալու հեզերին, ինձ ուղարկել է դարմանելու բեկված սիրտ ունեցողներին, ազատություն հռչակելու գերիներին, արձակում՝ կալանավորներին.

2. հռչակելու Տիրոջ ընդունելի տարին և մեր Աստծու վրեժխնդրության օրը, բոլոր սգավորներին մխիթարելու,

3. Սիոնում սգացողներին հոգ տանելու, նրանց դափնեպսակ տալու մոխրի փոխարեն, բերկրանքի յուղ՝ սգի փոխարեն և գովաբանության պատմուճան՝ հուսահատ հոգու փոխարեն։ Նրանց պիտի կոչեն արդարության բևեկնիներ, որ Տերը տնկել է իր փառավորության համար։

4. Նրանք պիտի վերաշինեն հին ավերակները, որ պիտի վերականգնեն նախկինում ամայացած վայրերը, պիտի նորոգեն փլատակ քաղաքները և սերնդեսերունդ կործանված ամայի տեղերը։

5. Օտարականները պիտի կանգնեն ու հովվեն ձեր հոտերը, և օտարների զավակները ձեր հողագործներն ու այգեգործները պիտի լինեն։

6. Դուք պիտի կոչվեք Տիրոջ քահանաներ, ձեզ պիտի ասեն. «Մեր Աստծու սպասավորներ»։ Դուք պիտի ուտեք ազգերի հարստությունը և պիտի պարծենաք նրանց փառքով։

7. «Ձեր ամոթի փոխարեն կրկնակի բաժին պիտի ունենաք. նախատինքի փոխարեն պիտի ցնծաք ձեր բաժնի համար, ուստի կրկնապատիկը պիտի ստանաք ձեր երկրում ու հավիտենական ուրախություն պիտի ունենաք։

8. Արդարև, ես՝ Տերը, սիրում եմ իրավունքը, ատում եմ հափշտակությունը և անօրենությունը. ես հավատարմորեն նրանց վարձը պիտի տամ և հավիտենական ուխտ պիտի կնքեմ նրանց հետ»։

9. Նրանց սերունդները պիտի ճանաչվեն ազգերի մեջ, և նրանց երանքից ծնվածները՝ ժողովուրդների մեջ. բոլոր նրանց տեսնողները պիտի ճանաչեն, որ նրանք Տիրոջ օրհնած սերունդն են։

10. Ես մեծապես պիտի ուրախանամ Տիրոջով, իմ անձը պիտի ցնծա իմ Աստծով, որովհետև նա փրկության զգեստներ հագցրեց ինձ, արդարության պատմուճանով ծածկեց ինձ. ինչպես փեսան է քահանայի նման խույրով զարդարվում*, և ինչպես հարսը, որ պճնվում է իր զարդերով։

11. Ինչպես երկիրն է աճեցնում իր շիվը, և ինչպես պարտեզն է ծլեցնում իր մեջ սերմանվածը, այնպես էլ Տեր Աստված արդարություն ու գովաբանություն է բուսցնելու բոլոր ազգերի առաջ։

ԵՍԱՅԻ 62

1. Հանուն Սիոնի ես չեմ լռելու, հանուն Երուսաղեմի չեմ հանգստանալու, մինչև նրա արդարությունը պայծառորեն փայլատակի, և նրա փրկությունը՝ բոցավառ ջահի պես։

2. Ազգերը պիտի տեսնեն քո արդարությունը, և բոլոր թագավորները՝ քո փառքը. նոր անունով պիտի կոչվես, որ Տիրոջ բերանն է տալու։

3. Դու շքեղության պսակ պիտի լինես Տիրոջ ձեռքում և արքայական թագ՝ քո Աստծու ափի մեջ։

4. Այլևս քեզ «Լքյալ» չեն ասի և քո երկիրն այլևս չեն կոչի «Ամայի», այլ քեզ պիտի կոչեն «Իմ հավանածը»* և քո երկիրը պիտի կոչեն «Ամուսնացյալ»*, որովհետև Տերը հավանելու է քեզ, և քո երկիրը կամուսնանա։

5. Արդարև, ինչպես երիտասարդն է ամուսնանում կույսի հետ, այնպես էլ քո որդիները կամուսնանան քեզ հետ, և ինչպես փեսան է ուրախանում հարսով, այնպես էլ քո Աստվածը կուրախանա քեզնով։

6. Քո պարիսպների վրա, ո՛վ Երուսաղեմ, պահապաններ եմ դրել. նրանք ամբողջ օրն ու գիշերը բնավ չպիտի լռեն։ Դուք, որ Տիրոջը հիշատակում եք, դադար մի՛ առեք

7. և դադար մի՛ տվեք նրան, մինչև հաստատի Երուսաղեմն ու այն գովաբանություն դարձնի երկրի վրա։

8. Տերը երդում է արել իր աջ ձեռքով և իր զորավոր բազկով. «Քո ցորենն այլևս երբեք չեմ տալու քո թշնամիներին իբրև կերակուր, և օտարների որդիները չեն խմելու նոր գինին, որի համար դու հոգնեցիր,

9. այլ հնձողները պիտի ուտեն այն ու օրհնաբանեն Տիրոջը, և ովքեր հավաքել են խաղողները, նրա՛նք պիտի խմեն այն իմ սրբարանի գավիթներում»։

10. Անցե՛ք, անցե՛ք դռներով, պատրաստե՛ք ժողովրդի ճանապարհը, շտկե՛ք, շտկե՛ք ուղին, մաքրե՛ք քարերից, դրոշա՛կ բարձրացրեք ժողովուրդների վրա։

11. Ահա թե Տերն ի՛նչ լսել տվեց մինչև երկրի ծայրերը. «Ասացե՛ք Սիոնի դստերը. “Ահավասիկ գալիս է քո Փրկիչը*, ահավասիկ նրա վարձը նրա հետ է, և նրա հատուցումը՝ նրա առաջ”»։

12. Նրանց պիտի կոչեն «Սուրբ ժողովուրդ, Տիրոջ փրկվածներ», և քեզ պիտի կոչեն «Փնտրված և չլքված քաղաք»։

ԵՍԱՅԻ 63

1. Ո՞վ է սա, որ գալիս է Եդովմից, կարմրագույն հագուստներով գալիս է Բոսրայից. նա, որ պանծալի է իր հանդերձանքով և վեհորեն քայլում է իր մեծ զորության մեջ։ «Ես եմ, որ արդարախոս եմ և փրկելու կարող»։

2. Ինչո՞ւ է կարմիր քո հագուստը. քո հանդերձները հնձան կոխոտողի հանդերձի նման են։

3. Ես մենակ եմ կոխոտել հնձանը, ժողովուրդներից ոչ մի մարդ չկար ինձ հետ. ես կոխոտեցի նրանց իմ զայրույթի մեջ և տրորեցի իմ բարկությամբ. նրանց արյունը ժայթքեց իմ հանդերձների վրա, և ես ներկեցի իմ բոլոր զգեստները,

4. որովհետև վրեժխնդրության օրը իմ սրտում էր, և իմ փրկության տարին հասել էր։

5. Ես նայեցի, բայց օգնող չկար, ապշեցի, բայց օժանդակող չկար. ուստի ինձ փրկեց իմ բազուկը, իմ զայրույթն էր ինձ օժանդակողը։

6. Եվ ես ժողովուրդներին կոխոտեցի իմ բարկությամբ, նրանց հարբեցրի իմ զայրույթով և նրանց արյունը գետին թափեցի։

7. Պիտի հիշատակեմ Տիրոջ ողորմությունները, Տիրոջ գովաբանությունները՝ ըստ այն ամենի, որ Տերն արեց մեզ համար, պիտի հիշեմ այն մեծ բարիքը, որ նա արեց Իսրայելի տան համար ըստ իր գթության և առատ ողորմածության։

8. Նա ասաց. «Նրանք իրապես իմ ժողովուրդն են, որդիներ, որոնք ստություն չունեն»։ Եվ նա նրանց Փրկիչը եղավ։

9. Նրանց բոլոր նեղությունների մեջ նա նեղություն քաշեց, նրա առաջ կանգնող հրեշտակն ազատեց նրանց։ Նա նրանց փրկեց իր սիրով և գթությամբ, նրանց բարձրացրեց և կրեց նրանց վաղնջական բոլոր օրերում։

10. Բայց նրանք ապստամբեցին և վշտացրին նրա Սուրբ Հոգուն, նա էլ թշնամի դարձավ նրանց և պատերազմեց նրանց դեմ։

11. Եվ նրանք հիշեցին հին օրերը, Մովսեսին ու նրա ժողովրդին. «Ո՞ւր է նա, որ նրանց ծովից դուրս հանեց իր հոտի հովվի հետ. ո՞ւր է նա, որ նրանց մեջ դրեց իր Սուրբ Հոգին,

12. իր փառավոր բազուկը Մովսեսի աջ ձեռքով առաջ շարժեց, պատռեց ջրերը նրանց առաջ, որպեսզի հավիտենական անուն ձեռք բերի իր համար, նա,

13. որ նրանց անցկացրեց անդունդներով, ինչպես ձին է անցնում անապատով, առանց որի նրանք կսայթաքեին։

14. Ինչպես որ անասունը հովիտ է իջնում, Տիրոջ հոգին հանգստացրեց նրանց»։ Այդպես էլ դու առաջնորդեցիր քո ժողովրդին, որպեսզի փառավոր անուն ձեռք բերես քեզ համար։

15. Նայի՛ր երկնքից և տե՛ս քո սուրբ ու փառավոր բնակարանից. ո՞ւր են քո նախանձախնդրությունն ու զորությունը. ընդերքիդ գալարումն ու քո գթությունը իմ հանդեպ դադարում են։

16. Դու ես մեր Հայրը. թեպետ Աբրահամը մեզ չգիտի, և Իսրայելը մեզ չի ճանաչում։ Դու ես մեր Հայրը, ո՛վ Տեր, վաղուց ի վեր դու կոչվում ես մեր Փրկարարը։

17. Ո՛վ Տեր, ինչո՞ւ ես թողնում, որ մոլորվենք քո ճանապարհներից, ինչո՞ւ ես կարծրացնում մեր սրտերը, որ չվախենանք քեզանից. վերադարձի՛ր հանուն քո ծառաների՝ քո ժառանգության ցեղերի։

18. Քո սուրբ ժողովուրդը քիչ ժամանակ միայն ժառանգեց քո սրբարանը. մեր հակառակորդները ոտնակոխ արեցին այն։

19. Մենք եղանք նրանց պես, որոնց դեռ երբեք չես տիրել, որոնք չեն կոչվել քո անունով։

ԵՍԱՅԻ 64

1. Երանի՜ ճեղքեիր երկինքը և ցած իջնեիր. քո առաջ սարսեին լեռները,

2. ինչպես խռիվն է վառվում կրակով, և ջուրը՝ եռում կրակով. դու հայտնեիր քո անունը քո հակառակորդներին, և քո երեսից կդողային ազգերը։

3. Երբ դու կատարեցիր այն սոսկալի բաները, որ մենք չէինք սպասում, և ցած իջար, քո առաջ սարսեցին լեռները։

4. Հնուց լսված չէ և իմացված չէ, ոչ էլ աչքն է տեսել այլ աստված, քեզնից բացի, որ գործում է նրանց համար, ովքեր իրեն են սպասում։

5. Դու ընդառաջ ես գնում ուրախությամբ արդարություն անողին, որ հիշում է քեզ քո ճանապարհներում։ Եվ ահա դու սրտմտեցիր, և մենք մեղանչեցինք. մենք վաղուց ենք նրանց մեջ. մի՞թե մենք կփրկվենք։

6. Մենք ամենքս դարձել ենք անմաքուր մեկի նման, մեր ամբողջ արդարությունը նման է դաշտանի շորի, մենք ամենքս թառամել ենք տերևի պես, և մեր անօրենությունները մեզ քշում-տանում են քամու նման։

7. Քո անունը կանչող ոչ մեկը չկա, որ արթնանա և քեզնից կառչի, որովհետև դու քո երեսը ծածկել ես մեզնից և մեզ մաշեցնում ես մեր անօրենությունների պատճառով։

8. Եվ սակայն, ո՛վ Տեր, դու ես մեր Հայրը. մենք կավն ենք, դու՝ մեր բրուտը, մենք բոլորս քո ձեռքի գործն ենք։

9. Խիստ մի՛սրտմտիր, ո՛վ Տեր, և հավիտյան մի՛ հիշիր մեր անօրենությունը. ահա նայի՛ր, մենք բոլորս քո ժողովուրդն ենք։

10. Քո սուրբ քաղաքներն անապատացել են, Սիոնն անապատ է դարձել, Երուսաղեմը՝ ամայություն։

11. Մեր Սուրբ տունը՝ մեր շքեղությունը, որտեղ քեզ օրհներգեցին մեր հայրերը, հրո ճարակ դարձավ, մեր բոլոր ցանկալի բաներն ավերվել են։

12. Այս ամենի վրա դու պիտի զսպե՞ս քեզ, ո՛վ Տեր, պիտի լռե՞ս և անչափ տառապեցնե՞ս մեզ։

ԵՍԱՅԻ 65

1. Ես փնտրվեցի նրանցից, որոնք ինձ չէին հարցնում, ես գտնվեցի նրանցից, որոնք չէին փնտրում ինձ, և ես «Ահա ես, ահա ես» ասացի այն ազգին, որն իմ անունը չէր կանչել։

2. Ամբողջ օրը ես իմ ձեռքերը տարածեցի մի ապստամբ ժողովրդի վրա, որ գնում է իր խորհուրդների հետևից այնպիսի ճանապարհով, որ լավ չէ.

3. այնպիսի ժողովրդի վրա, որ ինձ միշտ զայրացնում է իմ դիմաց, որ զոհեր է մատուցում պարտեզներում և խունկ ծխում աղյուսների վրա.

4. որոնք գերեզմաններում են բնակվում և գիշերը գաղտուկ տեղերում են անցկացնում. նրանք խոզի միս են ուտում, և նրանց ամանների մեջ անմաքուր բաների արգանակ կա։

5. Նրանք ասում են. «Հեռո՛ւ մնա, ինձ մի՛ մոտենա, որովհետև ես քեզնից սուրբ եմ»։ Այս բաները ծուխ են իմ ռունգերի մեջ, այրվող կրակ են ամբողջ օրը։

6. Ահա գրված է իմ առջև. «Չպիտի լռեմ, այլ պիտի հատուցեմ, այո՛, նրանց ծոցում պիտի հատուցեմ

7. նրանց անօրենություններն ու նրանց հայրերի անօրենությունները միասին,- ասում է Տերը,- որոնք խունկ ծխեցին լեռների վրա և ինձ նախատեցին բլուրների վրա. ես նրանց առաջ իրենց նախկին արարքների համար լիովին վարձահատույց կլինեմ իրենց ծոցում»։

8. Այսպես է ասում Տերը. «Ինչպես որ մի ողկույզի մեջ երբ գինի է գտնվում, ասում են. “Մի՛ փչացրու դա, որովհետև օրհնություն կա դրա մեջ”, այդպես էլ ես եմ անելու հանուն իմ ծառաների, որպեսզի չկոտորեմ բոլորին։

9. Հակոբից ես սերունդ պիտի հանեմ և Հուդայից՝ իմ լեռների ժառանգորդներ. իմ ընտրյալները պիտի ժառանգեն դա, և իմ ծառաները պիտի բնակվեն այնտեղ։

10. Սարոնը հոտերի արոտավայր պիտի լինի, և Աքորի ձորը՝ արջառների մակաղատեղ իմ ժողովրդի համար, որը փնտրել է ինձ։

11. Բայց դուք, որ լքել եք Տիրոջը, մոռացել եք իմ սուրբ լեռը, Բախտի* առաջ սեղան եք պատրաստում և Ճակատագրի* համար խառնված խմիչք եք լցնում բաժակի մեջ։

12. Ես ձեզ սրի կմատնեմ. դուք բոլորդ կխոնարհվեք մորթվելու համար, որովհետև կանչեցի ձեզ, բայց դուք չպատասխանեցիք, խոսեցի, բայց դուք չլսեցիք, արեցիք այն, ինչն իմ աչքին չար էր, և ընտրեցիք այն, ինչը հաճելի չէր»։

13. Դրա համար Տեր Աստված այսպես է ասում. «Ահա իմ ծառաները պիտի ուտեն, իսկ դուք քաղցած պիտի մնաք, ահա իմ ծառաները պիտի խմեն, իսկ դուք ծարավ պիտի մնաք, ահա իմ ծառաները պիտի ուրախանան, իսկ դուք պիտի ամաչեք,

14. ահա իմ ծառաները պիտի երգեն սրտի ուրախությունից, իսկ դուք պիտի գոռաք հոգու ցավից ու պիտի ոռնաք սրտաբեկությունից։

15. Ձեր անունը որպես անեծք պիտի թողնեք իմ ընտրյալների համար։ Տեր Աստված կմեռցնի քեզ, իսկ իր ծառաներին այլ անուն պիտի տա,

16. որպեսզի երկրի վրա օրհնվողը օրհնվի ճշմարիտ Աստծով, և երկրի վրա երդում անողը երդում անի ճշմարիտ Աստծով, որովհետև առաջվա նեղությունները մոռացվել են, և դրանք ծածկված են իմ աչքից։

17. Ահա ես ստեղծում եմ նոր երկինք և նոր երկիր, նախկին բաները չպիտի հիշվեն և մտաբերվեն։

18. Իսկ դուք հավիտյան ուրախացե՛ք ու բերկրե՛ք նրանով, ինչ ես ստեղծելու եմ։ Քանզի ահա ես ստեղծում եմ Երուսաղեմն իբրև բերկրանք և նրա ժողովրդին՝ իբրև ուրախություն։

19. Ես պիտի ցնծամ Երուսաղեմով և ուրախանամ իմ ժողովրդով. նրա մեջ այլևս լացի ձայն չպիտի լսվի և ոչ էլ ողբի ձայն։

20. Այնտեղ այլևս չպիտի լինի ընդամենը մի քանի օր ապրած մանուկ և ոչ էլ իր օրերը չլրացրած ծեր, որովհետև հարյուր տարեկանում մեռնողը երիտասարդ կհամարվի, հարյուր տարին չլրացրածն անիծյալ կհամարվի։

21. Նրանք տներ պիտի կառուցեն և իրե՛նք պիտի նրանցում բնակվեն, այգիներ պիտի տնկեն և դրանց պտուղն իրե՛նք պիտի ուտեն։

22. Նրանք չեն կառուցելու, որ ուրիշը բնակվի, նրանք չեն տնկելու, որ ուրիշն ուտի, որովհետև իմ ժողովրդի օրերը ծառերի օրերի չափ պիտի լինեն, և իմ ընտրյալներն իրե՛նք պիտի վայելեն իրենց ձեռքերի գործը։

23. Նրանք զուր տեղը չպիտի վաստակեն և զավակներ չպիտի ծնեն թշվառության համար, որովհետև նրանք Տիրոջ օրհնյալների սերունդը պիտի լինեն, և նրանց երանքից ծնվածներն էլ՝ նրանց հետ։

24. Այնպես պիտի լինի, որ նրանք դեռ չկանչած՝ պիտի պատասխանեմ, և նրանք խոսելուց դեռ չդադարած՝ պիտի լսեմ։

25. Գայլն ու գառը միասին պիտի արածեն, առյուծը խոտ պիտի ուտի արջառի նման, և օձի կերակուրը հող պիտի լինի։ Չպիտի վնասեն և չպիտի փչացնեն իմ ամբողջ սուրբ լեռան վրա»,- ասում է Տերը։

ԵՍԱՅԻ 66

1. Այսպես է ասում Տերը. «Երկինքն իմ գահն է, և երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը։ Որտե՞ղ է այն տունը, որ կառուցում եք ինձ համար, և ո՞րն է իմ հանգստյան վայրը։

2. Այդ բոլորը իմ ձեռքն է արել, և այդ բոլորը եղել են,- ասում է Տերը։- Ահա թե ես ո՛ւմ եմ հայում՝ խոնարհին, կոտրած հոգի ունեցողին և իմ խոսքից դողացողին։

3. Արջառ մորթողը մարդասպանի նման է, գառ զոհողը շուն զոհաբերող* է, ընծա նվիրաբերողը խոզի արյուն մատուցողի նման է, հիշատակի կնդրուկ վառողը կուռք պաշտողի նման է։ Նրանք ընտրել են իրենց ճանապարհները, և իրենց գարշելի քանդակները հաճելի են իրենց հոգուն։

4. Նույնպես ես ընտրում եմ իրենց թշվառությունները և իրենց վրա պիտի բերեմ այն բաները, ինչից նրանք վախենում են, որովհետև ես կանչեցի, և պատասխանող չկար, երբ խոսեցի, նրանք չլսեցին, արեցին այն, ինչ իմ աչքին չար էր, և ընտրեցին այն, ինչ հաճելի չէր ինձ։

5. Լսե՛ք Տիրոջ խոսքը դուք, որ դողում եք նրա խոսքից։ Ձեր եղբայրները, որոնք ատում և անարգում են ձեզ իմ անվան համար, ասում են. “Թող Տերը փառավորվի, և մենք ձեզ տեսնենք ուրախության մեջ”։ Բայց նրանք պիտի ամաչեն»։

6. Աղաղակի ձայն է գալիս քաղաքից. մի ձայն՝ տաճարից։ Տիրոջ ձայնն է, որ հատուցում է իր թշնամիներին։

7. Դեռ չերկնած՝ նա ծնեց, դեռ երկունքի ցավերը չեկած՝ նա մի արու զավակ ծնեց։

8. Ո՞վ է այսպիսի բան լսել, ո՞վ է այսպիսի բաներ տեսել. մի՞թե երկիրը մեկ օրում է ծնում, կամ մի ազգ միանգամի՞ց է ծնվում, որ Սիոնը երկնում և իսկույն ծնում է իր որդիներին։

9. «Ես, որ հասցնում եմ երկունքի, ծնել չե՞մ տա,- ասում է Տերը,- կամ ես, որ ծնել եմ տալիս, արգանդը կփակե՞մ»,- ասում է քո Աստվածը։

10. Ուրախացե՛ք Երուսաղեմի հետ, ցնծացե՛ք նրա համար, դուք՝ բոլորդ, որ սիրում եք նրան. ուրախացե՛ք նրա հետ ցնծությամբ, ո՛վ դուք՝ բոլորդ, որ սգում էիք նրա համար։

11. Դուք պիտի ծծեք ու հագենաք նրա մխիթարող ստինքից, որպեսզի կուշտ խմեք և վայելեք նրա փառքի առատությունը։

12. Այսպես է ասում Տերը. «Ահա ես նրա վրա եմ բերում բարօրությունն ինչպես գետ, և ազգերի փառքը՝ ինչպես հորդահոս հեղեղատ. և դուք պիտի ծծեք ու սնվեք։ Ձեզ իրենց գիրկը պիտի առնեն և գգվեն իրենց ծնկների վրա։

13. Ինչպես մարդ, որին հանգստացնում է իր մայրը, այնպես էլ ես պիտի հանգստացնեմ ձեզ. ձեզ կհանգստացնեմ Երուսաղեմում։

14. Դուք պիտի տեսնեք, ձեր սրտերը պիտի ուրախանան, և ձեր ոսկորները պիտի ծաղկեն կանաչ խոտի պես»։ Տիրոջ ձեռքը պիտի ճանաչվի իր ծառաներից, և նրա ցասումը՝ նրա թշնամիների դեմ։

15. Ահա գալիս է Տերը կրակով, գալիս են նրա կառքերը մրրիկի նման, որպեսզի նա իր զայրույթն ի գործ դնի բարկությամբ և իր հանդիմանությունը՝ կրակի բոցով.

16. որովհետև կրակով է Տերը դատելու և ամեն մարմին՝ իր սրով. և շատ են լինելու Տիրոջից սպանվածները։

17. «Նրանք, որ իրենց սրբացնում և մաքրում են պարտեզներ մտնելու համար և հետևելով նրան, որ մեջտեղում է, նրանք, ուտելով խոզի միս, պիղծ բաներ և մուկ, միասին պիտի բնաջնջվեն,- ասում է Տերը։-

18. Ես գիտեմ նրանց գործերն ու նրանց խորհուրդները. և ժամանակը կգա, երբ պիտի հավաքեմ բոլոր ազգերին և բոլոր լեզուները. նրանք պիտի գան ու տեսնեն իմ փառքը։

19. Ես նրանց մեջ նշան պիտի դնեմ և նրանց միջից ազատվածներին պիտի ուղարկեմ ազգերի մոտ, այսինքն՝ դեպի Թարսիս, Փուղ, Ղուդ՝ աղեղնավորներին, դեպի Թոբել և Հավան, դեպի այն հեռավոր կղզիները, որոնք չեն լսել իմ համբավն ու չեն տեսել իմ փառքը. նրանք պիտի հայտարարեն իմ փառքն ազգերի մեջ։

20. Նրանք բոլոր ազգերից ձիերով և կառքերով, գահավորակներով, ջորիներով և ուղտի ձագերով պիտի բերեն ձեր բոլոր եղբայրներին՝ իբրև ընծա Տիրոջ համար, պիտի բերեն իմ սուրբ լեռը՝ Երուսաղեմ,- ասում է Տերը,- ինչպես որ Իսրայելի որդիները մաքուր ամանով ընծա են բերում Տիրոջ տունը։

21. Ես նրանցից վերցնելու եմ քահանաներ և ղևտացիներ,- ասում է Տերը,-

22. որովհետև ինչպես որ այն նոր երկինքն ու նոր երկիրը, որ ես ստեղծելու եմ, պիտի գոյատևեն իմ առաջ,- ասում է Տերը,- այդպես էլ պիտի գոյատևեն ձեր սերունդն ու ձեր անունը։

23. Եվ նորալուսնից նորալուսին և շաբաթից շաբաթ ամեն մարմին պիտի գա իմ առաջ երկրպագելու,- ասում է Տերը։-

24. Նրանք պիտի դուրս գան և տեսնեն իմ դեմ ըմբոստացող մարդկանց դիակները, որովհետև նրանց որդը չի մեռնելու, և նրանց կրակը չի հանգչելու. նրանք զզվելի պիտի լինեն ամեն մարմնի համար»։