Ա
Ս
Տ
Ծ
Ո

Ժ
Ո
Ղ
Ո
Վ
Ո
Ւ
Ր
Դ
.
.
.

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

Աստվածաշունչ (online)

Ընտրել Գիրքը...

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրել Գլուխը...

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

ՀԵՍՈՒ 1

1. Տիրոջ ծառա Մովսեսի մեռնելուց հետո Տերը խոսեց Մովսեսի սպասավոր Նավեի որդի Հեսուի հետ՝ ասելով.

2. «Իմ ծառա Մովսեսը մեռավ. հիմա վե՛ր կաց, անցի՛ր այդ Հորդանան գետով այս ամբողջ ժողովրդի հետ այն երկիրը, որ ես տալիս եմ Իսրայելի որդիներին։

3. Այն բոլոր տեղերը, ուր կկոխեն ձեր ոտքի թաթերը, ձեզ պիտի տամ, ինչպես որ ասել եմ Մովսեսին։

4. Անապատից և այս Լիբանանից մինչև մեծ գետը, այսինքն՝ Եփրատ գետը, քետացիների ամբողջ երկիրը մինչև արևմտյան կողմի մեծ ծովը ձեր սահմանը կլինի։

5. Ոչ մի մարդ չի կարողանա դեմ կանգնել քեզ քո կյանքի բոլոր օրերին։ Ինչպես Մովսեսի հետ էի, այդպես էլ քեզ հետ կլինեմ. չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ։

6. Զորացի՛ր և քա՛ջ եղիր, որովհետև այս ժողովրդին դո՛ւ ժառանգել պիտի տաս այն երկիրը, որի համար երդվեցի սրանց հայրերին, որ կտամ նրանց։

7. Միայն թե զորացի՛ր և շատ քա՛ջ եղիր, որպեսզի պահես և ամբողջովին կատարես այն օրենքը, որ իմ ծառա Մովսեսը պատվիրել է քեզ։ Դրանից չշեղվես աջ կամ ձախ, որպեսզի ամեն ինչում հաջողություն ունենաս, ուր էլ որ գնաս։

8. Այս օրենքի գիրքը թող չհեռանա քո շուրթերից, այլ գիշեր-ցերեկ դրա մասի՛ն մտածիր, որպեսզի պահես և կատարես ամենը, ինչ որ գրված է դրա մեջ. այն ժամանակ ճանապարհը դու հաջող կդարձնես և այն ժամանակ հաջողություն կունենաս։

9. Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։

10. Հեսուն, ժողովրդի առաջնորդներին պատվիրելով, ասաց.

11. «Անցե՛ք բանակատեղիի միջով և պատվիրե՛ք ժողովրդին՝ ասելով. “Ձեզ համար պաշա՛ր պատրաստեք, որովհետև երեք օր հետո դուք պիտի անցնեք այս Հորդանան գետով, որպեսզի գնաք ժառանգեք այն երկիրը, որ ձեր Տեր Աստվածը տալիս է ձեզ իբրև սեփականություն”»։

12. Ապա Հեսուն Ռուբենյանների, Գադյանների և Մանասեի կես ցեղի հետ խոսեց և ասաց.

13. «Հիշե՛ք այն խոսքը, որ Տիրոջ ծառա Մովսեսը պատվիրեց ձեզ՝ ասելով. “Ձեր Տեր Աստվածը ձեզ հանգստացրեց և ձեզ տվեց այս երկիրը։

14. Ձեր կանայք, ձեր երեխաներն ու ձեր անասունները թող բնակվեն այն երկրում, որ Մովսեսը տվեց ձեզ Հորդանան գետի այս կողմում. բայց դուք՝ բոլորդ էլ զորավոր մարդիկ, սպառազինված ձեր եղբայրների առա՛ջն անցեք և օգնե՛ք նրանց,

15. մինչև որ Տերը ձեր եղբայրներին էլ ձեզ պես հանգստացնի, և նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ ձեր Տեր Աստվածը տալու է նրանց։ Ապա ե՛տ դարձեք ձեր ժառանգության երկիրը և ժառանգե՛ք այն, որ Տիրոջ ծառա Մովսեսը տվեց ձեզ Հորդանանի այս կողմում՝ դեպի արևելք”»։

16. Նրանք պատասխանեցին Հեսուին և ասացին. «Այն ամենը, ինչ դու պատվիրեցիր, կանենք, և ուր որ մեզ ուղարկես, կգնանք։

17. Ինչպես Մովսեսին էինք լսում, այնպես էլ քեզ կլսենք, միայն թե քո Տեր Աստվածը քեզ հետ լինի, ինչպես որ Մովսեսի հետ էր։

18. Ով որ ընդդիմանա քո հրամանին և չլսի քո խոսքը, որ դու կպատվիրես մեզ, պիտի սպանվի. միայն թե զորացի՛ր և քա՛ջ եղիր»։

ՀԵՍՈՒ 2

1. Նավեի որդի Հեսուն Սատիմից գաղտնաբար երկու մարդ ուղարկեց երկիրը լրտեսելու համար և ասաց. «Գնացեք տեսե՛ք այն երկիրը և Երիքովը»։ Նրանք գնացին և եկան Երիքով ու մտնելով Ռախաբ անունով մի պոռնիկ կնոջ տունը՝ այնտեղ պառկեցին։

2. Երիքովի թագավորին ասվեց, թե՝ «Ահա այս գիշեր Իսրայելի որդիներից մարդիկ են եկել այստեղ՝ երկիրը լրտեսելու»։

3. Երիքովի թագավորը մարդ ուղարկեց Ռախաբի մոտ՝ ասելով. «Քեզ մոտ եկած և տունդ մտած մարդկանց դո՛ւրս հանիր, որովհետև նրանք եկել են այս ամբողջ երկիրը լրտեսելու»։

4. Իսկ կինը վերցրեց այդ երկու մարդկանց, թաքցրեց և ասաց. «Ճիշտ է, որ այդ երկու մարդիկ եկան ինձ մոտ, բայց ես չիմացա, թե նրանք որտեղի՛ց են։

5. Դարպասները փակելու ժամանակ մութ էր. այդ մարդիկ դուրս եկան, և չգիտեմ, թե ո՛ւր գնացին։ Շուտ գնացե՛ք նրանց հետևից, որ հասնեք նրանց»։

6. Իսկ ինքը նրանց հանել էր կտուրը և թաքցրել վուշի ցողունների տակ, որ շարել էր իր կտուրի վրա։

7. Մարդիկ Հորդանան գետի ճանապարհով մինչև գետանցները նրանց հետևից ընկան, և դարպասը փակեցին նրանց հետևից ընկնողների դուրս գալուց հետո։

8. Նրանք դեռ չէին պառկել, երբ կինը ելավ կտուրը՝ նրանց մոտ,

9. և ասաց այդ մարդկանց. «Ես գիտեմ, որ Տերն այս երկիրը ձեզ է տվել, որ ձեր ահն ընկել է մեզ վրա, և որ ձեր պատճառով այս երկրի բոլոր բնակիչները հալումաշ են եղել.

10. որովհետև մենք լսեցինք, թե ինչպես Տերը Կարմիր ծովի ջրերը ցամաքեցրեց ձեր առաջ Եգիպտոսից ձեր դուրս եկած ժամանակ, և թե ինչ արեցիք դուք Հորդանան գետի այն կողմում ամորհացիների երկու թագավորներին՝ Սեհոնին և Օգին, որոնց բնաջնջեցիք։

11. Մենք այդ լսեցինք, և մեր սրտերը վախից հալվեցին, և ոչ մեկիս մեջ համարձակություն չի մնացել ձեր պատճառով, որովհետև ձեր Տեր Աստվածն Աստված է վերևում՝ երկնքում, և ներքևում՝ երկրի վրա։

12. Եվ հիմա աղաչում եմ, երդվե՛ք ինձ Տիրոջով, որ ինչպես ես ողորմություն արեցի ձեր նկատմամբ, այնպես էլ դուք ողորմություն կանեք իմ հոր տան նկատմամբ։ Եվ ինձ ճշմարիտ մի նշա՛ն տվեք,

13. որ ողջ կթողնեք իմ հորը, մորը, իմ եղբայրներին, քույրերին ու նրանց բոլոր հարազատներին և մեր անձերը մահից կազատեք»։

14. Այդ մարդիկ նրան ասացին. «Եթե մեր այս բանը չհայտնեք, այն ժամանակ թող մեր անձերը մեռնեն ձեր փոխարեն, և երբ այս երկիրը Տերը մեզ տա, ողորմություն և հավատարմություն կցուցաբերենք քեզ»։

15. Եվ մի պարանով ցած իջեցրեց նրանց պատուհանից, որովհետև նրա տունը բերդի պարսպի վրա էր, և ինքն էլ բնակվում էր պարսպի վրա։

16. Եվ նրանց ասաց. «Գնացե՛ք լեռը, միգուցե հալածողները հանդիպեն ձեզ. այնտեղ երեք օր թաքնվա՛ծ մնացեք, մինչև որ ձեզ հալածողները ետ դառնան, և հետո գնացե՛ք ձեր ճանապարհով»։

17. Այդ մարդիկ նրան ասացին. «Մենք անպարտ կլինենք քո այդ երդումից, որ անել տվեցիր մեզ։

18. Երբ մենք մտնենք այս երկիրը, դու կարմիր թելից այս պարանը կկապես այն պատուհանից, որտեղից իջեցրիր մեզ, և քո հորը, մորը, եղբայրներին ու քո հոր ամբողջ ընտանիքը կհավաքես քեզ մոտ՝ այս տանը։

19. Ով որ դուրս գա քո տան դռնից, նրա արյունն իր գլխին, մենք անպարտ կլինենք։ Բայց քեզ հետ այս տանը գտնվող բոլորի արյունը մեր գլխին, եթե մեկի ձեռքը դիպչի նրանց։

20. Իսկ եթե մեր այս բանը հայտնես, այն ժամանակ մենք անպարտ կլինենք քո այն երդումից, որ անել տվեցիր մեզ»։

21. Եվ կինն ասաց. «Ձեր ասածի պես թող լինի»։ Ապա թույլ տվեց նրանց, ու նրանք գնացին, իսկ այդ կարմիր պարանը կապեց պատուհանին։

22. Նրանք գնացին և եկան լեռնակողմն ու այնտեղ նստեցին երեք օր, մինչև որ հալածողները ետ դարձան։ Հալածողները նրանց փնտրեցին ճանապարհի բոլոր կողմերում, բայց չգտան։

23. Այն ժամանակ այդ երկու մարդիկ ետ դարձան, իջան սարից և անցնելով Հորդանան գետը՝ գնացին Նավեի որդի Հեսուի մոտ և պատմեցին նրան այն բոլոր բաները, որ պատահել էին իրենց։

24. Եվ Հեսուին ասացին. «Իրոք, Տերն այդ ամբողջ երկիրը հանձնել է մեր ձեռքը, և այդ երկրի բոլոր բնակիչները վախենում են մեզնից»։

ՀԵՍՈՒ 3

1. Վաղ առավոտյան Հեսուն վեր կացավ, և ինքն ու Իսրայելի բոլոր որդիները մեկնեցին Սատիմից ու եկան մինչև Հորդանան գետը և գետն անցնելուց առաջ իջևանեցին այնտեղ։

2. Երեք օր հետո առաջնորդներն անցան բանակատեղիի միջով

3. և պատվիրեցին ժողովրդին՝ ասելով. «Երբ տեսնեք ձեր Տեր Աստծու ուխտի տապանակը և ղևտացի քահանաներին այն տանելիս, դո՛ւք էլ վեր կացեք ձեր տեղերից և գնացե՛ք դրա ետևից։

4. Բայց ձեր և դրա միջև երկու հազար կանգունի չափ հեռավորություն թող լինի. չմոտենաք դրան, որպեսզի գիտենաք ձեր գնալու ճանապարհը, որովհետև նախապես այդ ճանապարհով չեք անցել»։

5. Եվ Հեսուն ասաց ժողովրդին. «Սրբե՛ք ձեր անձերը, որովհետև վաղը Տերը հրաշքներ է գործելու ձեր մեջ»։

6. Ապա Հեսուն ասաց քահանաներին. «Վերցրե՛ք ուխտի տապանակը և անցե՛ք ժողովրդի առաջ»։ Նրանք վերցրին ուխտի տապանակը և գնացին ժողովրդի առջևից։

7. Տերն ասաց Հեսուին. «Այսօր կսկսեմ քեզ բարձրացնել բոլոր իսրայելացիների աչքին, որպեսզի իմանան, թե ինչպես որ Մովսեսի հետ էի, այնպես էլ քեզ հետ կլինեմ։

8. Հիմա դու ուխտի տապանակը վերցնող քահանաներին պատվիրի՛ր և ասա՛. “Երբ հասնեք Հորդանանի ջրերի եզերքը, կա՛նգ առեք Հորդանանի մեջ”»։

9. Եվ Հեսուն ասաց Իսրայելի որդիներին. «Մոտեցե՛ք այստեղ և լսե՛ք ձեր Տեր Աստծու խոսքերը»։

10. Հեսուն ասաց. «Դրանով կիմանաք, որ կենդանի Աստվածը ձեր մեջ է, և որ նա ձեր առջևից հալածելով հալածելու է քանանացիներին, քետացիներին, խևացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին և հեբուսացիներին։

11. Ահա ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակը պիտի անցնի ձեր առջևից Հորդանան գետի միջով։

12. Հիմա դուք Իսրայելի ցեղերից վերցրե՛ք տասներկու մարդ՝ ամեն մի ցեղից մի մարդ,

13. և երբ Տիրոջ՝ ամբողջ երկրի Տիրոջ տապանակը վերցնող քահանաների ոտքերի թաթերը մտնեն Հորդանան գետի ջրի մեջ, Հորդանանի ջրերը կկտրվեն, և վերևից իջնող ջրերը կկանգնեն քարակույտի պես»։

14. Երբ ժողովուրդը Հորդանան գետն անցնելու համար դուրս ելավ իր վրաններից, ուխտի տապանակը վերցնող քահանաները ժողովրդի առջևում էին։

15. Եվ հենց որ տապանակը վերցնողները հասան մինչև Հորդանան, և տապանակը կրող քահանաների ոտքերը խրվեցին գետի եզերքի ջրի մեջ (որովհետև հնձի ամբողջ ժամանակ Հորդանանը դուրս է գալիս իր ափերից),

16. այն ժամանակ վերևից իջնող ջրերը կանգնեցին և քարակույտի նման բարձրացան Սարթանի մոտ գտնվող Ադամ քաղաքից շատ հեռու, իսկ դեպի դաշտի ծովը, այսինքն՝ Աղի ծովն իջնող ջրերն ամբողջովին կտրվեցին, և ժողովուրդն անցավ Երիքովի դիմաց։

17. Տիրոջ ուխտի տապանակը վերցնող քահանաները հաստատ կանգնեցին Հորդանան գետի մեջտեղը՝ ցամաքի վրա, և բոլոր իսրայելացիներն անցան ցամաքով, մինչև որ ամբողջ ժողովուրդը վերջացրեց Հորդանան գետի անցումը։

ՀԵՍՈՒ 4

1. Երբ ամբողջ ժողովուրդը վերջացրեց Հորդանան գետի անցումը, Տերը խոսեց Հեսուի հետ և ասաց.

2. «Ժողովրդի միջից վերցրե՛ք տասներկու մարդ՝ ամեն մի ցեղից մեկ մարդ,

3. և պատվիրե՛ք նրանց՝ ասելով. “Այստեղից՝ Հորդանան գետի միջից, քահանաների պինդ կանգնած տեղից, ձեզ համար վերցրե՛ք տասներկու քար, դրանք տարե՛ք ձեզ հետ և դրե՛ք այն իջևանում, որտեղ իջևանելու եք այս գիշեր”»։

4. Հեսուն Իսրայելի որդիների միջից կանչեց իր որոշած տասներկու մարդկանց՝ ամեն մի ցեղից մի մարդ։

5. Եվ Հեսուն նրանց ասաց. «Անցե՛ք ձեր Տեր Աստծու տապանակի առաջ, Հորդանան գետի մեջտեղում, և ամեն մեկդ Իսրայելի որդիների թվի համեմատ մի քա՛ր վերցրեք ձեր ուսերին,

6. որպեսզի դա մի նշան լինի ձեր մեջ. երբ հետագայում ձեր որդիները ձեզ հարցնեն և ասեն, թե՝ “Այս քարերն ի՞նչ են ձեզ համար”,

7. նրանց կասեք. “Հորդանանի ջրերը կտրվեցին Տիրոջ ուխտի տապանակի առջև, երբ այն անցնում էր Հորդանան գետով. Հորդանանի ջուրը կտրվեց, և այս քարերը հավիտյան հիշատակ կլինեն Իսրայելի որդիների համար”»։

8. Եվ Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես Հեսուն պատվիրել էր. նրանք տասներկու քար վերցրին Հորդանան գետի միջից Իսրայելի որդիների ցեղերի թվի համեմատ, ինչպես որ Տերն ասել էր Հեսուին, դրանք իրենց հետ տարան իջևանատեղի և դրեցին այնտեղ։

9. Հեսուն ուրիշ տասներկու քարեր կանգնեցրեց Հորդանան գետի մեջ, այնտեղ, ուր ոտք էին դրել ուխտի տապանակը վերցնող քահանաները, և մինչև այսօր դրանք այնտեղ են։

10. Տապանակը վերցնող քահանաները կանգնեցին Հորդանան գետի մեջտեղում, մինչև որ ավարտեց այն բոլոր խոսքերը, որ Տերը Հեսուին պատվիրել էր ասելու ժողովրդին, ինչպես Մովսեսն այդ ամենը պատվիրել էր Հեսուին։ Եվ ժողովուրդը շտապելով անցավ գետը։

11. Երբ ամբողջ ժողովուրդը վերջացրեց անցնելը, այն ժամանակ Տիրոջ տապանակը և քահանաներն անցան ժողովրդի առաջ։

12. Ռուբենի որդիները, Գադի որդիները և Մանասեի կես ցեղը սպառազինված անցան Իսրայելի որդիների առաջ, ինչպես նրանց ասել էր Մովսեսը։

13. Քառասուն հազարի չափ զինյալ մարդ Տիրոջ առաջն անցավ՝ պատերազմելու Երիքովի դաշտում։

14. Նույն օրը Տերը բարձրացրեց Հեսուին Իսրայելի աչքին. նրանից վախենում էին, ինչպես որ վախեցել էին Մովսեսից նրա կյանքի բոլոր օրերին։

15. Տերը խոսեց Հեսուի հետ՝ ասելով.

16. «Պատվիրի՛ր վկայության տապանակը վերցնող քահանաներին, որ դուրս գան Հորդանան գետից»։

17. Եվ Հեսուն հրամայեց քահանաներին ու ասաց. «Դո՛ւրս եկեք Հորդանան գետից»։

18. Երբ Տիրոջ ուխտի տապանակը վերցնող քահանաները դուրս եկան Հորդանան գետի միջից, և նրանց ոտքերի թաթերը կոխեցին ցամաքի վրա, Հորդանանի ջրերը ետ դարձան իրենց տեղը և առաջվա պես նրա բոլոր ափերի վրա գնացին։

19. Առաջին ամսի տասներորդ օրը ժողովուրդը դուրս եկավ Հորդանան գետից և բանակատեղի դրեց Գաղգաղայում՝ Երիքովի արևելյան կողմում։

20. Այն տասներկու քարերը, որ վերցրել էին Հորդանան գետից, Հեսուն կանգնեցրեց Գաղգաղայում

21. և ասաց Իսրայելի որդիներին. «Երբ վաղը ձեր որդիները հարցնեն իրենց հայրերին ու ասեն՝

22. “Այս ի՞նչ քարեր են”, դուք ձեր որդիներին կիմացնեք՝ ասելով. “Իսրայելը ցամաքով անցավ այս Հորդանան գետով”,

23. որովհետև ձեր Տեր Աստվածը Հորդանան գետի ջրերը ցամաքեցրեց ձեր առջև, մինչև որ դուք անցաք, ինչպես որ ձեր Տեր Աստվածն արեց նաև Կարմիր ծովում, որը ցամաքեցրեց մեր առջև, մինչև որ մենք անցանք,

24. որպեսզի երկրի բոլոր ազգերն իմանան, որ Տիրոջ ձեռքը զորավոր է, և դուք միշտ վախենաք ձեր Տեր Աստծուց»։

ՀԵՍՈՒ 5

1. Ամորհացիների բոլոր թագավորները, որոնք Հորդանան գետի այս՝ արևմտյան կողմում էին, և քանանացիների բոլոր թագավորները, որոնք ծովեզերքի մոտ էին, երբ լսեցին, թե Տերը ցամաքեցրել է Հորդանան գետի ջրերը Իսրայելի որդիների առջև մինչև նրանց անցնելը, այդ ժամանակ նրանց սիրտը հալվեց, և նրանց մեջ հոգի չմնաց Իսրայելի որդիների առջև։

2. Այն ժամանակ Տերը Հեսուին ասաց. «Սուր դանակնե՛ր շինիր քեզ համար և դարձիր կրկին թլփատի՛ր Իսրայելի որդիներին»։

3. Հեսուն սուր դանակներ շինեց իր համար և Իսրայելի որդիներին թլփատեց Գիբաթհաարալոթում։*

4. Այս է պատճառը, որի համար Հեսուն թլփատեց նրանց. Եգիպտոսից դուրս եկած ժողովրդի բոլոր արուները՝ պատերազմող բոլոր մարդիկ, անապատում ճանապարհին մեռան Եգիպտոսից դուրս գալուց հետո։

5. Դուրս եկած ամբողջ ժողովուրդը թլփատված էր. բայց Եգիպտոսից դուրս գալուց հետո անապատում ճանապարհին ծնված ամբողջ ժողովրդին չթլփատեցին,

6. որովհետև Իսրայելի որդիները քառասուն տարի շրջեցին անապատում, մինչև որ ամբողջ ազգը, այսինքն՝ Եգիպտոսից դուրս եկած պատերազմող մարդիկ ոչնչացան, քանի որ չհնազանդվեցին Տիրոջ խոսքին։ Որովհետև Տերը նրանց երդվեց, որ բնավ ցույց չի տա նրանց այն երկիրը, որ երդվել էր նրանց հայրերին, թե կտա մեզ, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում։

7. Նրանց փոխարեն կանգնեցրեց նրանց զավակներին, և Հեսուն նրանց թլփատեց, որովհետև անթլփատ էին, ճանապարհին չէին թլփատել նրանց։

8. Երբ ամբողջ ժողովրդի թլփատումն ավարտվեց, մնացին բանակատեղիում՝ իրենց տեղում, մինչև որ ապաքինվեցին։

9. Եվ Տերն ասաց Հեսուին. «Այսօր ես ձեր վրայից վերացրի եգիպտացիների նախատինքը»։ Եվ այդ տեղի անունը դրեցին Գաղգաղա. այդպես է մինչև այսօր։

10. Իսրայելի որդիները բանակատեղի հաստատեցին Գաղգաղայում և զատիկն արեցին ամսի տասնչորսերորդ օրը՝ իրիկնադեմին, Երիքովի դաշտերում։

11. Զատկի հետևյալ օրը այդ երկրի բերքից բաղարջ և աղանձ կերան. նրանք կերան հենց նույն օրը։

12. Հաջորդ օրը, երբ այդ երկրի բերքից կերան, մանանան դադարեց, և դրանից հետո Իսրայելի որդիների համար այլևս մանանա չկար։ Այդ տարի նրանք կերան Քանանի երկրի արդյունքից։

13. Երբ Հեսուն Երիքովում էր, իր աչքերը բարձրացնելով՝ տեսավ, որ ահա իր դիմաց մի մարդ էր կանգնել՝ ձեռքին էլ մի մերկ սուր։ Հեսուն մոտեցավ նրան և ասաց. «Դու մեզանի՞ց ես, թե՞ մեր թշնամիներից»։

14. Նա ասաց. «Ո՛չ, ես Տիրոջ զորավարն եմ և հիմա եկա»։ Հեսուն երեսնիվայր գետին ընկավ, երկրպագեց և ասաց նրան. «Ի՞նչ է հրամայում իմ տերն իր ծառային»։

15. Եվ Տիրոջ զորավարն ասաց Հեսուին. «Հանի՛ր կոշիկներդ քո ոտքերից, որովհետև քո կանգնած տեղը սուրբ է»։ Եվ Հեսուն այդպես արեց։

ՀԵՍՈՒ 6

1. Երիքովն ամուր փակված էր Իսրայելի որդիների պատճառով։ Դուրս եկող և ներս մտնող չկար։

2. Տերը Հեսուին ասաց. «Տե՛ս, ես քո ձեռքն եմ հանձնել Երիքովը, նրա թագավորին և զորավոր քաջերին։

3. Դուք՝ բոլոր պատերազմող մարդիկդ, շրջապատե՛ք քաղաքը՝ մեկ անգամ պտույտ տալով քաղաքի շուրջը։ Վեց օր այդպես կանեք։

4. Յոթ քահանա յոթ հոբելյանական փողեր թող վերցնեն տապանակի առջևից, իսկ յոթերորդ օրը յոթ անգամ պտույտ կտաք քաղաքի շուրջը, և քահանաները կհնչեցնեն փողերը։

5. Երբ նրանք հնչեցնեն հոբելյանական եղջերափողերը, և երբ դուք լսեք փողերի ձայնը, ամբողջ ժողովուրդը մեծ աղաղակ կբարձրացնի. քաղաքի պարիսպները փուլ կգան, և ժողովուրդը վեր կգնա՝ ամեն մեկն ուղիղ իր դիմացը»։

6. Նավեի որդի Հեսուն կանչեց քահանաներին և ասաց նրանց. «Վերցրե՛ք ուխտի տապանակը, և յոթ քահանաներ յոթ հոբելյանական փողեր թող առնեն Տիրոջ տապանակի առջևից»։

7. Եվ ասաց ժողովրդին. «Անցե՛ք, շրջապատե՛ք քաղաքը, և զինյալ մարդիկ Տիրոջ տապանակի առաջն անցնեն»։

8. Երբ Հեսուն ժողովրդին ասաց, յոթ քահանաները, որոնք ունեին յոթ հոբելյանական փողերը, Տիրոջ առաջն անցնելով, հնչեցրին փողերը, ու Տիրոջ ուխտի տապանակը գնում էր նրանց ետևից։

9. Զինյալ մարդիկ գնում էին փողեր հնչեցնող քահանաների առջևից, իսկ վերջապահները՝ տապանակի ետևից. քահանաները գնում և հնչեցնում էին փողերը։

10. Հեսուն ժողովրդին պատվիրեց՝ ասելով. «Մի՛ աղաղակեք, և ձեր ձայնը չլսվի, ու ոչ մի խոսք դուրս չգա ձեր բերանից մինչև այն օրը, երբ ես ձեզ ասեմ՝ աղաղակե՛ք. այն ժամանակ կաղաղակեք»։

11. Տիրոջ տապանակը դարձավ քաղաքի շուրջբոլորը՝ մեկ անգամ պտույտ տալով, ապա բանակատեղի եկան և գիշերը մնացին բանակատեղիում։

12. Հեսուն վաղ առավոտյան վեր կացավ, և քահանաները վերցրին Տիրոջ տապանակը։

13. Յոթ հոբելյանական փողերը կրող յոթ քահանաները գնում էին Տիրոջ տապանակի առջևից՝ հնչեցնելով փողերը։ Զինյալ մարդիկ գնում էին նրանց առջևից, իսկ վերջապահներն էլ՝ Տիրոջ տապանակի ետևից, և քահանաները հնչեցնում էին փողերը։

14. Երկրորդ օրն էլ մեկ անգամ պտույտ տվեցին քաղաքի շուրջը և վերադարձան բանակատեղի։ Այդպես արեցին վեց օր։

15. Յոթերորդ օրը կանուխ վեր կացան լուսաբացին և նույն ձևով յոթ անգամ պտույտ տվեցին քաղաքի շուրջը. այդ օրն էր միայն, որ յոթ անգամ պտույտ տվեցին քաղաքի շուրջը։

16. Յոթերորդ անգամ, երբ քահանաները հնչեցրին փողերը, Հեսուն ասաց ժողովրդին. «Աղաղակե՛ք, որովհետև Տերն այս քաղաքը ձեզ է տվել։

17. Քաղաքն ու նրա մեջ ամեն ինչ նզովյալ կլինի Տիրոջ համար, միայն պոռնիկ Ռախաբը ողջ կմնա, ինքը և իր հետ իր տանը բոլոր եղողները, որովհետև նա թաքցրեց մեր ուղարկած լրտեսներին։

18. Բայց դուք զգուշացե՛ք նզովվածից. չլինի թե նզովք բերեք՝ նզովվածից առնելով, և Իսրայելի բանակատեղին նզովքի մեջ գցելով՝ փորձանքի ենթարկեք այն։

19. Ամբողջ արծաթն ու ոսկին և պղնձե ու երկաթե ամանները Տիրոջ համար սուրբ կլինեն և կմտնեն Տիրոջ գանձարանը»։

20. Եվ ժողովուրդն աղաղակեց փողերը հնչելիս։ Երբ ժողովուրդը լսեց փողերի ձայնն ու բարձրաձայն աղաղակեց, պարիսպները փուլ եկան։ Ժողովուրդը բարձրացավ դեպի քաղաք՝ ամեն մեկն ընթանալով ուղիղ իր դիմացը։ Եվ գրավեցին քաղաքը,

21. և ինչ որ կար քաղաքում՝ թե՛ տղամարդ և թե՛ կին, երիտասարդ և ծեր, արջառ, ոչխար ու էշ, սրի քաշեցին*։

22. Հեսուն ասաց այդ երկիրը լրտեսող երկու մարդկանց. «Գնացե՛ք այդ պոռնիկ կնոջ տունը և դո՛ւրս հանեք այնտեղից այդ կնոջն ու նրա ամբողջ ունեցածը, ինչպես որ երդվել եք նրան»։

23. Եվ այն լրտեսող երիտասարդները գնացին, դուրս հանեցին Ռախաբին, նրա հորը, մորը, եղբայրներին, նրա ամբողջ ունեցվածքը, նրա ամբողջ ազգատոհմն էլ և նրանց կանգնեցրին Իսրայելի բանակատեղիից դուրս։

24. Քաղաքն ու նրա մեջ եղած ամեն ինչ այրեցին կրակով, միայն արծաթն ու ոսկին և պղնձե ու երկաթե ամանները դրեցին Տիրոջ տան գանձարանում։

25. Այսպես Հեսուն ողջ թողեց պոռնիկ Ռախաբին, նրա հոր ընտանիքը և նրա բոլոր մերձավորներին, և նա բնակվում է Իսրայելի մեջ մինչև այսօր, որովհետև նա թաքցրեց այն լրտեսներին, որոնց Հեսուն ուղարկել էր հետախուզելու Երիքովը։

26. Հեսուն այդ ժամանակ երդվեց՝ ասելով. «Թող անիծյալ լինի Տիրոջ առաջ այն մարդը, որ վեր կկենա և կշինի այս Երիքով քաղաքը, նրա հիմքերը կդնի իր անդրանիկ որդու կյանքի գնով և նրա դարպասները կկանգնեցնի իր կրտսեր որդու կյանքի գնով»։

27. Տերը Հեսուի հետ էր, և նրա համբավը տարածվեց ամբողջ երկրում։

ՀԵՍՈՒ 7

1. Բայց Իսրայելի որդիները հանցանք գործեցին նզովքի պատճառով, որովհետև Հուդայի ցեղից Զարայի որդի Զաբդիի որդի Քարմիի որդի Աքարը առավ նզովված բաներից. և Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի որդիների վրա։

2. Հեսուն Երիքովից մարդիկ ուղարկեց Գայի, որը մոտ է Բեթավանին, Բեթելի արևելյան կողմում, և ասաց նրանց. «Բարձրացե՛ք և հետախուզե՛ք այդ երկիրը»։ Այդ մարդիկ բարձրացան և հետախուզեցին Գայիին,

3. վերադարձան Հեսուի մոտ և ասացին նրան. «Ամբողջ ժողովուրդը թող չբարձրանա, միայն երկու կամ երեք հազարի չափ մարդիկ բարձրանան և հարվածեն Գային. ամբողջ ժողովրդին մի՛ հոգնեցրու այնտեղ տանելով, որովհետև նրանք քիչ են»։

4. Եվ ժողովրդից մոտ երեք հազար մարդ բարձրացավ այնտեղ, բայց փախան Գայիի մարդկանց առջևից։

5. Գայիի մարդիկ նրանցից մոտ երեսունվեց մարդու կոտորեցին և նրանց հալածեցին դարպասի առջևից մինչև Սեբարիմ ու զառիվայրի վրա զարկեցին նրանց։ Ժողովրդի սիրտը հալվեց ու ջուր դարձավ։

6. Հեսուն տապանակի առաջ պատռեց իր հագուստները, երեսնիվայր գետին ընկավ ու մնաց մինչև երեկո, ինքը և Իսրայելի ծերերը. և հող ցանեցին իրենց գլխի վրա։

7. Հեսուն ասաց. «Օ՜, Տե՛ր Տեր, ինչո՞ւ այս ժողովրդին անցկացրիր Հորդանանի այս կողմը, որ մեզ մատնես ամորհացիների ձեռքը և կործանես մեզ։ Երանի թե Հորդանանի այն կողմում մնայինք ու գոհ լինեինք։

8. Աղաչում եմ, Տե՛ր, ի՞նչ ասեմ ես, երբ Իսրայելն իր թշնամիների առաջ իր թիկունքն է դարձրել։

9. Որովհետև քանանացիներն ու երկրի բոլոր բնակիչները, այդ լսելով, կպաշարեն մեզ և մեր անունը ամբողջովին կջնջեն երկրի երեսից։ Այն ժամանակ ի՞նչ պիտի անես քո մեծ անվան համար»։

10. Եվ Տերը Հեսուին ասաց. «Վե՛ր կաց, ինչո՞ւ ես այդպես ընկել երեսիդ վրա։

11. Իսրայելը մեղք գործեց. նրանք դրժեցին իմ ուխտը, որ ես պատվիրեցի նրանց։ Նրանք վերցրել են նզովվածից, գողացել են, սուտ խոսել ու նաև դրել են իրենց կարասիների մեջ։

12. Ուստի Իսրայելի որդիները չեն կարող կանգնել իրենց թշնամիների առաջ. նրանք թիկունք կդարձնեն իրենց թշնամիների առաջ, որովհետև նզովք են դարձել. այլևս ձեր մեջ չեմ լինի, եթե դուք նզովվածը ձեր միջից չվերացնեք։

13. Վե՛ր կաց, սրբագործի՛ր ժողովրդին և ասա՛. “Սրբագործվե՛ք վաղվա համար, որովհետև Իսրայելի Տեր Աստվածն այսպես է ասում.

14. Առավոտյան մոտեցե՛ք ձեր ցեղերով, և ո՛ր ցեղին որ Տերը ցույց տա, նա մոտենա իր ազգատոհմերով, և ո՛ր ազգատոհմին որ Տերը ցույց տա, նա մոտենա իր տներով, և ո՛ր տունը որ Տերը ցույց տա, նա մոտենա իր տղամարդկանցով։

15. Ով որ նզովվածով բռնվի, նա կրակով պիտի այրվի, ինքը և իր ամբողջ ունեցածը, որովհետև նա դրժել է Տիրոջ ուխտը և անզգամություն է գործել Իսրայելի մեջ”»։

16. Եվ Հեսուն վաղ առավոտյան վեր կացավ, Իսրայելին մոտեցրեց իր ցեղերով, և Հուդայի ցեղը ցույց տրվեց։

17. Նա մոտեցրեց Հուդայի ազգատոհմերը, և ցույց տրվեց Զարայի ազգատոհմը։ Մոտեցրեց Զարայի տոհմն իր տղամարդկանցով, և ցույց տրվեց Զաբդին։

18. Մոտեցրեց նրա տունն իր տղամարդկանցով, և ցույց տրվեց Զարայի որդի Զաբդիի որդի Քարմիի որդի Աքարը՝ Հուդայի ցեղից։

19. Հեսուն Աքարին ասաց. «Որդյա՛կ իմ, հիմա փա՛ռք տուր Իսրայելի Տեր Աստծուն, խոստովանի՛ր նրան և հայտնի՛ր ինձ քո արածը, մի՛ ծածկիր ինձանից»։

20. Աքարը պատասխանեց Հեսուին՝ ասելով. «Հիրավի, ես մեղք գործեցի Իսրայելի Տեր Աստծու դեմ և այս բաներն արեցի.

21. ավարի մեջ տեսա Սենեարի մի գեղեցիկ վերարկու, երկու հարյուր սիկղ արծաթ և հիսուն սիկղ ծանրությամբ մի ձուլակտոր ոսկի. ցանկանալով՝ վերցրի դրանք. և ահա դրանք թաքցված են հողի տակ իմ վրանում, իսկ արծաթը դրա տակ է»։

22. Հեսուն պատգամաբերներ ուղարկեց, որոնք վազեցին դեպի վրանը, և ահա այդ ամենը պահված էր վրանի մեջ, իսկ արծաթը դրա տակ էր։

23. Նրանք հանեցին դրանք վրանի միջից, բերեցին Հեսուի և Իսրայելի բոլոր որդիների մոտ և դրեցին Տիրոջ առաջ։

24. Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները վերցրին Զարայի որդի Աքարին, այդ արծաթը, վերարկուն, ձուլակտոր ոսկին, Աքարի որդիներին, դուստրերին, նրա արջառները, էշերը, ոչխարները, վրանը և այն ամենը, ինչ նա ուներ, և դրանք դուրս հանեցին Աքորի ձորը։

25. Հեսուն ասաց. «Ինչո՞ւ դու մեզ փորձանքի մեջ գցեցիր. Տերն այսօր փորձանքի մեջ կգցի քեզ»։ Եվ բոլոր իսրայելացիները քարկոծեցին* նրան. քարկոծելուց հետո ամբողջը կրակով այրեցին։

26. Եվ նրա վրա մի մեծ քարակույտ դիզեցին, որ կա մինչև այսօր։ Տերը դադարեց իր սաստիկ բարկությունից։ Այդ պատճառով այն տեղի անունը Աքորի ձոր կոչվեց մինչև այսօր։

ՀԵՍՈՒ 8

1. Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր. վերցրո՛ւ քեզ հետ բոլոր պատերազմող մարդկանց և վեր կաց բարձրացի՛ր դեպի Գայի։ Ահա ես քո ձեռքն եմ մատնում Գայիի թագավորին, նրա ժողովրդին, նրա քաղաքը և նրա երկիրը։

2. Գայիին և նրա թագավորին այնպես կանես, ինչպես արեցիր Երիքովին ու նրա թագավորին, միայն թե նրա ավարն ու անասունները կվերցնեք ձեզ համար։ Դարաններ կպատրաստես քաղաքի ետևի կողմից»։

3. Հեսուն և բոլոր պատերազմող մարդիկ վեր կացան, որ գնան Գայիի վրա։ Հեսուն երեսուն հազար զորավոր մարդ ընտրեց և նրանց ուղարկեց գիշերով։

4. Եվ նրանց պատվիրեց՝ ասելով. «Տեսե՛ք, դուք քաղաքի ետևի կողմից դարանամուտ պիտի լինեք այդ քաղաքի համար։ Քաղաքից շատ մի՛ հեռացեք, և ամենքդ պատրա՛ստ եղեք։

5. Ես և ինձ հետ եղող ամբողջ ժողովուրդը կմոտենանք քաղաքին, և երբ նրանք մեր դեմ դուրս գան, ինչպես առաջին անգամ, կփախչենք նրանց առջևից։

6. Նրանք դուրս կգան մեր հետևից, մինչև որ նրանց բաժանենք քաղաքից, որովհետև նրանք կասեն, թե՝ “Փախչում են մեր առջևից, ինչպես առաջին անգամ”, և մենք նրանց առջևից փախչելու ենք։

7. Բայց դուք դո՛ւրս ելեք դարանից և վերցրե՛ք քաղաքը, որովհետև ձեր Տեր Աստվածն այն ձեր ձեռքը կհանձնի։

8. Երբ քաղաքը վերցնեք, քաղաքն այրե՛ք կրակով. Տիրոջ ասածի պես կանեք։ Ահա ձեզ պատվիրեցի»։

9. Հեսուն նրանց ուղարկեց, և նրանք գնացին, դարանում նստեցին Բեթելի և Գայիի միջև, Գայիի արևմտյան կողմից։ Հեսուն այդ գիշեր ժողովրդի մեջ մնաց։

10. Վաղ առավոտյան վեր կենալով՝ Հեսուն աչքի անցկացրեց ժողովրդին և Իսրայելի ծերերի հետ ժողովրդի առջևից գնաց դեպի Գայի։

11. Նրա հետ վեր կացան նաև բոլոր պատերազմող մարդիկ և մոտենալով՝ գնացին քաղաքի դիմաց և բանակ դրեցին Գայիի հյուսիսային կողմում։ Նրանց ու Գայիի միջև մի ձոր կար։

12. Հետո հինգ հազարի չափ մարդ առավ և նրանց դարան մտցրեց Բեթելի ու Գայիի միջև՝ քաղաքի արևմտյան կողմում։

13. Ժողովուրդը ամբողջ բանակը տեղավորեց քաղաքի հյուսիսային կողմում, իսկ դարանը՝ քաղաքի արևմտյան կողմում։ Հեսուն այդ գիշեր մնաց ձորում։

14. Երբ Գայիի թագավորն այս տեսավ, այդ քաղաքի մարդիկ առավոտը կանուխ շտապ վեր կացան, և ինքն ու իր հետ ամբողջ ժողովուրդը դուրս գնացին դաշտը, որտեղ պիտի պատերազմեին Իսրայելի դեմ։ Բայց ինքը չգիտեր, թե քաղաքի ետևի կողմից իր համար դարան կար։

15. Հեսուն և բոլոր իսրայելացիներն այնպես ցույց տվին, թե պարտվել են նրանց առաջ և փախան անապատի ճանապարհով։

16. Քաղաքում եղող ամբողջ ժողովուրդը հավաքվեց, որ հալածի նրանց, և Հեսուի հետևից ընկնելով՝ հեռացան քաղաքից։

17. Գայիում և Բեթելում մարդ չմնաց, որ Իսրայելի հետևից դուրս եկած չլիներ. քաղաքը թողեցին բաց և հալածեցին Իսրայելին։

18. Տերը Հեսուին ասաց. «Ձեռքիդ նիզակը մեկնի՛ր դեպի Գայի, որովհետև ես քո ձեռքն եմ հանձնել այն»։ Եվ Հեսուն իր ձեռքի նիզակը մեկնեց դեպի քաղաքը։

19. Դարանակալները շուտով վեր կացան իրենց տեղից, և հենց որ նա ձեռքը մեկնեց, վազեցին մտան քաղաքը, գրավեցին այն և քաղաքն շտապ այրեցին կրակով։

20. Գայիի բնակիչները, դեպի հետ դառնալով, տեսան, որ քաղաքի ծուխը մինչև երկինք է բարձրացել։ Նրանք այս կամ այն կողմ փախչելու կարողություն չունեին, և դեպի անապատը փախչող ժողովուրդն էլ դարձավ իր հալածիչների վրա։

21. Երբ Հեսուն և բոլոր իսրայելացիները տեսան, որ դարանակալները գրավեցին քաղաքը, և քաղաքի ծուխը վեր էր բարձրացել, իրենք էլ ետ դարձան և հարվածեցին Գայիի մարդկանց։

22. Մյուսները քաղաքից դուրս եկան նրանց դիմաց, և Գայիի մարդիկ մնացին իսրայելացիների մեջտեղում՝ սրանք այս կողմից, իսկ նրանք էլ այն կողմից։ Այնպես հարվածեցին նրանց, մինչև որ նրանցից ոչ մի մարդ ողջ չմնաց և չազատվեց։

23. Իսկ Գայիի թագավորին ողջ բռնեցին և բերեցին Հեսուի մոտ։

24. Երբ իսրայելացիները ջարդեցին Գայիի բոլոր բնակիչներին, որոնք իրենց հալածել էին դաշտում ու անապատում, և երբ նրանք ամենքը սրի քաշվեցին, մինչև որ վերջացան, բոլոր իսրայելացիները վերադարձան Գայի և սրակոտոր արեցին նրա բնակիչներին։

25. Այդ օրն ընկածները՝ թե՛ տղամարդ և թե՛ կին, ընդամենը տասներկու հազար էին, այսինքն՝ Գայիի բոլոր մարդիկ։

26. Հեսուն նիզակով մեկնած ձեռքը ետ չքաշեց, մինչև որ բնաջինջ արեց Գայիի բոլոր բնակիչներին։

27. Իսրայելացիները միայն անասուններին ու քաղաքի ավարը վերցրին իրենց համար՝ ըստ այն խոսքի, որ Տերը պատվիրել էր Հեսուին։

28. Հեսուն Գային այրեց և այն մշտնջենական ավերակների մի դեզ դարձրեց մինչև այսօր։

29. Իսկ Գայիի թագավորին ծառից կախեց մինչև երեկո։ Արևը մայր մտնելիս Հեսուն հրամայեց, որ նրա մեռած մարմինը ցած իջեցնեն ծառից։ Նրան գցեցին քաղաքի դարպասի առաջ և նրա վրա դիզեցին քարերի մի մեծ կույտ, որ կա մինչև այսօր։

30. Այն ժամանակ Հեսուն Իսրայելի Տեր Աստծու համար մի զոհասեղան շինեց Գեբաղ լեռան վրա,

31. ինչպես Տիրոջ ծառա Մովսեսը պատվիրել էր Իսրայելի որդիներին, և ինչպես գրված է Մովսեսի օրենքի գրքում. այդ զոհասեղանն անտաշ* քարերից էր, որոնց երկաթ չէր դիպել։ Դրա վրա Տիրոջ համար ողջակեզներ մատուցեցին և խաղաղության զոհեր զոհեցին։

32. Եվ այնտեղ՝ այդ քարերի վրա, գրեց Մովսեսի օրենքի մի օրինակը, որը նա գրել էր Իսրայելի որդիների առջև։

33. Եվ ամբողջ Իսրայելը, նրանց ծերերը, գլխավորներն ու դատավորները տապանակի այս ու այն կողմից կանգնել էին Տիրոջ ուխտի տապանակը կրող ղևտացի քահանաների առջև, թե՛ օտարականը և թե՛ բնիկը. կեսը՝ Գարիզին լեռան կողմը, իսկ կեսը՝ Գեբաղ լեռան կողմը, ինչպես նախապես պատվիրել էր Տիրոջ ծառա Մովսեսը, որ օրհնեն Իսրայելի ժողովրդին։

34. Դրանից հետո կարդաց օրենքի բոլոր խոսքերը՝ օրհնություններն ու անեծքները, ինչ որ գրված էր օրենքի գրքում։

35. Մովսեսի բոլոր պատվիրաններից բնավ մի խոսք չմնաց, որ Հեսուն չկարդար Իսրայելի ամբողջ ժողովրդի՝ կանանց, երեխաների և իսրայելացիների մեջ ապրող օտարականների առջև։

ՀԵՍՈՒ 9

1. Հորդանանի այս կողմի բոլոր թագավորները, որոնք ապրում էին լեռան վրա, դաշտում և մեծ ծովի ամբողջ եզերքին մինչև Լիբանանի դիմաց, այսինքն՝ քետացիները, ամորհացիները, քանանացիները, փերեզացիները, խևացիներն ու հեբուսացիները, երբ լսեցին այս,

2. միասին հավաքվեցին, որ պատերազմեն Հեսուի և իսրայելացիների դեմ։

3. Բայց երբ Գաբավոնի բնակիչները լսեցին, ինչ որ Հեսուն արել էր Երիքովին և Գայիին,

4. իրենք էլ խորամանկություն արեցին և գնացին պաշարներ պատրաստեցին. իրենց էշերի վրա դրեցին հնացած քուրձեր, գինու հին, պատառոտած և կարկատած տիկեր,

5. իրենց ոտքերին հնացած ու կարկատած տրեխներ և իրենց վրա հին շորեր գցեցին։ Նրանց հացի պաշարը չորացած և բորբոսնած էր։

6. Նրանք գնացին Հեսուի մոտ՝ Գաղգաղայում գտնվող բանակատեղին, և նրան ու Իսրայելի մարդկանց ասացին. «Մենք հեռու երկրից ենք գալիս, ուստի հիմա մեզ հետ դաշի՛նք կնքեք»։

7. Այն ժամանակ Իսրայելի մարդիկ ասացին այդ խևացիներին. «Գուցե դուք մեր մեջ եք բնակվում, ձեզ հետ ինչպե՞ս դաշինք կնքենք»։

8. Բայց նրանք ասացին Հեսուին. «Մենք քո ծառաներն ենք»։ Հեսուն նրանց ասաց. «Դուք ո՞վ եք և որտեղի՞ց եք գալիս»։

9. Նրանք պատասխանեցին նրան. «Քո ծառաները, շատ հեռու երկրից ենք գալիս քո Տեր Աստծու անվան համար, որովհետև մենք լսեցինք նրա համբավը և այն ամենը, ինչ նա արել է Եգիպտոսում,

10. ու նաև այն ամենը, ինչ նա արեց Հորդանան գետի այն կողմում ամորհացիների երկու թագավորներին՝ Եսեբոնի Սեհոն թագավորին և Աստարովթում գտնվող Բասանի Օգ թագավորին։

11. Մեր ծերերն ու մեր երկրի բոլոր բնակիչները մեզ ասացին, թե՝ “Ձեզ հետ ճանապարհի համար պաշա՛ր առեք, գնացե՛ք նրանց դիմավորելու և ասացե՛ք նրանց.

12. Այն օրը, երբ մենք պաշար վեցրինք մեր տներից և դուրս եկանք ձեզ մոտ գալու համար, մեր այս հացերը տաք էին, իսկ հիմա ահա չորացած և բորբոսնած են։

13. Այս գինու տիկերը նոր էին, երբ լցրինք, բայց ահա դրանք պատառոտած են, և մեր այս հագուստներն ու տրեխները հնացան ճանապարհի անչափ երկարությունից»։

14. Իսրայելի մարդիկ վերցրին նրանց պաշարից, բայց Տիրոջը չհարցրին։

15. Հեսուն նրանց հետ խաղաղություն հաստատեց և ուխտ արեց, որ ողջ կպահի նրանց. ժողովրդի իշխաններն էլ այդ մասին երդվեցին նրանց։

16. Նրանց հետ դաշինք կնքելուց երեք օր հետո լսեցին, որ նրանք իրենց հարևաններն են և իրենց մոտ են բնակվում։

17. Իսրայելի որդիները մեկնեցին և երրորդ օրը հասան նրանց քաղաքները. նրանց քաղաքներն էին Գաբավոնը, Կեփիրան, Բերոթը և Կարիաթարիմը։

18. Իսրայելի որդիները չհարվածեցին նրանց, որովհետև ժողովրդի իշխանները Իսրայելի Տեր Աստծով երդվել էին նրանց։ Սակայն ամբողջ ժողովուրդը տրտնջաց իշխանների դեմ։

19. Բոլոր իշխաններն ասացին ամբողջ ժողովրդին. «Մենք Իսրայելի Տեր Աստծով երդվեցինք և հիմա չենք կարող դիպչել նրանց։

20. Ահա թե ինչ կանենք. նրանց ողջ կթողնենք, որպեսզի մեզ վրա բարկություն չգա այն երդման համար, որ արեցինք նրանց»։

21. Իշխանները նրանց ասացին. «Թող ողջ մնան, բայց ամբողջ ժողովրդի համար փայտահատներ և ջրկիրներ լինեն»։ Եվ նրանք եղան, ինչպես որ իշխաններն ասել էին նրանց։

22. Հեսուն նրանց կանչեց և նրանց հետ խոսեց՝ ասելով. «Ինչո՞ւ խաբեցիք մեզ և ասացիք, թե՝ “Ձեզնից շատ հեռու ենք”, քանի որ դուք մեզ մոտ եք բնակվում։

23. Հիմա դուք անիծված եք, և ձեզանից փայտահատ ու ջրկիր ծառա թող չպակասի իմ Աստծու տան համար»։

24. Նրանք Հեսուին պատասխանեցին՝ ասելով. «Որովհետև քո ծառաներն ստույգ իմացան, որ քո Տեր Աստվածն իր ծառա Մովսեսին հրամայել է, որ այս ամբողջ երկիրը ձեզ տա և այս երկրի բոլոր բնակիչներին բնաջինջ անի ձեր առաջ, ուստի ձեր պատճառով մենք շատ վախեցանք մեր կյանքի համար և այդ բանն արեցինք։

25. Եվ ահա հիմա քո ձեռքում ենք. վարվի՛ր մեզ հետ այնպես, ինչպես հաճելի և արդար է թվում քեզ»։

26. Եվ Հեսուն նրանց հետ վարվեց այսպես. նրանց ազատեց Իսրայելի որդիների ձեռքից, և նրանք չսպանեցին նրանց։

27. Նույն օրը Հեսուն նրանց փայտահատ ու ջրկիր կարգեց ժողովրդի և Տիրոջ զոհասեղանի համար այն տեղում, որ կընտրի Տերը. և նրանք այդպես ծառայում են մինչև այսօր։

ՀԵՍՈՒ 10

1. Երբ Երուսաղեմի Ադոնիսեդեկ թագավորը լսեց, թե Հեսուն գրավել է Գային և այն ամբողջովին կործանել, ինչպես Երիքովի ու նրա թագավորի հետ էր արել, այդպես էլ արել է Գայիի ու նրա թագավորի հետ, և թե Գաբավոնի բնակիչները հաշտություն են կնքել իսրայելացիների հետ և նրանց մեջ մնացել,

2. խիստ վախեցավ, որովհետև Գաբավոնը մեծ քաղաք էր՝ թագավորանիստ քաղաքներից մեկի նման. այն Գայիից ավելի մեծ էր, և նրա բոլոր մարդիկ զորավոր էին։

3. Դրա համար Երուսաղեմի Ադոնիսեդեկ թագավորը մարդ ուղարկեց Քեբրոնի Հոհամ թագավորի, Հերիմութի Փիրամ թագավորի, Լաքիսի Հաբիե թագավորի և Էգղոնի Դաբիր թագավորի մոտ՝ ասելով.

4. «Բարձրացեք եկե՛ք ինձ մոտ և օգնե՛ք ինձ, որ հարվածենք Գաբավոնին, որովհետև նա հաշտություն կնքեց Հեսուի և Իսրայելի որդիների հետ»։

5. Եվ ամորհացիների հինգ թագավորները՝ Երուսաղեմի թագավորը, Քեբրոնի թագավորը, Հերիմութի թագավորը, Լաքիսի թագավորն ու Էգղոնի թագավորը, հավաքվեցին իրենք ու իրենց բոլոր բանակները և վեր գնացին, բանակատեղի դրեցին Գաբավոնի մոտ և պատերազմեցին նրա դեմ։

6. Գաբավոնի բնակիչները մարդ ուղարկեցին Հեսուի մոտ՝ Գաղգաղայի բանակատեղին՝ ասելով. «Քո ձեռքը ետ մի՛ քաշիր քո ծառաներից, շուտ մեզ մո՛տ բարձրացիր, մեզ ազատի՛ր և մեզ օգնի՛ր, որովհետև ամորհացիների բոլոր լեռնաբնակ թագավորները հավաքվել են մեր դեմ»։

7. Հեսուն ելավ գնաց Գաղգաղայից իր բոլոր պատերազմողների և զորքի բոլոր զորավոր մարդկանց հետ։

8. Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր նրանցից, որովհետև քո ձեռքն եմ մատնել նրանց. նրանցից ոչ մեկը չի կանգնի քո առաջ»։

9. Հեսուն, ամբողջ գիշեր վեր բարձրանալով Գաղգաղայից, հանկարծակի հարձակվեց նրանց վրա։

10. Տերը նրանց խռովքի մատնեց իսրայելացիների առաջ, Գաբավոնի մոտ նրանց մեծ ջարդ տվեց, Բեթորոն բարձրանալու ճանապարհին նրանց հալածեց և մինչև Ազեկա ու Մակեդա հարվածեց նրանց։

11. Երբ նրանք փախչում էին իսրայելացիների առջևից և Բեթորոնից ցած էին իջնում, Տերը նրանց վրա երկնքից կարկուտի մեծ քարեր թափեց մինչև Ազեկա, և նրանք մեռան։ Կարկուտի քարերից մեռնողներն ավելի շատ էին, քան Իսրայելի որդիների սրերից սպանվածները։

12. Այն օրը, երբ Տերը ամորհացիներին մատնեց Իսրայելի որդիների ձեռքը, Հեսուն խոսեց Տիրոջ հետ և իսրայելացիների առաջ ասաց. «Արեգա՛կ, Գաբավոնի վրա՛ կանգնիր, և դու, լուսի՛ն, Այեղոնի ձորի վրա՛ կանգնիր»։

13. Եվ արեգակը կանգնեց, ու լուսինն իր տեղը մնաց, մինչև որ ժողովուրդն իր թշնամիներից վրեժ առավ։ Մի՞թե սա գրված չէ Ուղիղի գրքում. «Արեգակը կանգնեց երկնքի մեջտեղում և չշտապեց մայր մտնել ամբողջ մեկ օրվա չափ»։

14. Դրա նման օր չէր եղել ո՛չ առաջ և ո՛չ հետո, որ Տերը մի մարդու լսեր։ Տերն ինքը պատերազմեց Իսրայելի կողքին։

15. Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները վերադարձան բանակատեղի՝ Գաղգաղա։

16. Հինգ թագավորները փախան և թաքնվեցին Մակեդայում՝ քարայրի մեջ։

17. Հեսուին հայտնեցին՝ ասելով. «Այդ հինգ թագավորները գտնվել են Մակեդայում՝ քարայրի մեջ թաքնված»։

18. Հեսուն ասաց. «Քարայրի մուտքին մեծ քարե՛ր գլորեք և նրա վրա մարդի՛կ նշանակեք, որպեսզի պահպանեն դրանք։

19. Բայց դուք կանգ մի՛ առեք, հալածե՛ք ձեր թշնամիներին, հարվածե՛ք նրանց վերջապահներին և թույլ մի՛ տվեք նրանց, որ մտնեն իրենց քաղաքները, որովհետև ձեր Տեր Աստվածը նրանց մատնեց ձեր ձեռքը»։

20. Երբ Հեսուն Իսրայելի որդիների հետ նրանց ջարդեց շատ մեծ կոտորածով, մինչև որ նրանց իսպառ բնաջնջեց, նրանց փախստականները մտան պարսպապատ քաղաքները։

21. Ամբողջ ժողովուրդը խաղաղությամբ վերադարձավ բանակատեղի՝ Հեսուի մոտ, Մակեդա. ոչ ոք բնավ չհամարձակվեց իր բերանը բացել Իսրայելի որդիների դեմ։

22. Այն ժամանակ Հեսուն ասաց. «Բա՛ց արեք քարայրի մուտքը և այնտեղից հանեք բերե՛ք ինձ մոտ այն հինգ թագավորներին»։

23. Այդպես էլ արեցին. այն հինգ թագավորներին, այսինքն՝ Երուսաղեմի թագավորին, Քեբրոնի թագավորին, Հերիմութի թագավորին, Լաքիսի թագավորին և Էգղոնի թագավորին հանեցին տարան նրա մոտ։

24. Երբ այս թագավորներին Հեսուի մոտ տարան, Հեսուն կանչեց Իսրայելի բոլոր մարդկանց և իր հետ պատերազմողների գլխավորներին ասաց. «Մոտեցե՛ք և ձեր ոտքերը դրե՛ք այս թագավորների պարանոցների վրա»։ Նրանք մոտեցան և իրենց ոտքերը դրեցին նրանց պարանոցների վրա։

25. Հեսուն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք, զորացե՛ք և քա՛ջ եղեք, որովհետև Տերն այսպես պիտի անի ձեր բոլոր թշնամիներին, որոնց հետ դուք պիտի պատերազմեք»։

26. Դրանից հետո Հեսուն նրանց հարվածելով սպանեց ու նրանց կախեց հինգ ծառերից. և նրանք ծառերից կախված մնացին մինչև երեկո։

27. Արեգակի մայր մտնելու ժամանակ Հեսուն հրամայեց, և նրանց իջեցրին ծառերից, գցեցին այն քարայրի մեջ, որտեղ նրանք թաքնվել էին, և քարայրի մուտքին դրեցին մեծ քարեր, որոնք կան մինչև այսօր։

28. Հեսուն նույն օրը գրավեց նաև Մակեդան, սրի քաշեց այն և բնաջնջեց նրա թագավորին ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մեկին ողջ չթողեց. Մակեդայի թագավորի հետ էլ արեց այնպես, ինչպես արել էր Երիքովի թագավորի հետ։

29. Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները Մակեդայից անցան Լեբնա և պատերազմեցին Լեբնայի դեմ։

30. Տերը նրանց էլ, նրա թագավորով, մատնեց իսրայելացիների ձեռքը, և Հեսուն սրի քաշեց այն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մեկին ողջ չթողեց. նրա թագավորների հետ էլ արեց այնպես, ինչպես արել էր Երիքովի թագավորի հետ։

31. Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները Լեբնայից անցան Լաքիս և նրա դիմաց բանակ դրեցին ու պատերազմեցին նրա դեմ։

32. Տերը Լաքիսն Իսրայելի որդիների ձեռքը մատնեց, և երկրորդ օրը Հեսուն գրավեց այն և սրի քաշեց այն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց այնպես, ինչպես արել էր Լեբնային։

33. Այն ժամանակ Գազերի Հորամ թագավորը վեր ելավ օգնելու Լաքիսին։ Հեսուն կոտորեց նրան ու նրա ժողովրդին այնպես, որ նրանցից ոչ մեկը ողջ չմնաց։

34. Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները Լաքիսից անցան Էգղոն և նրա մոտ բանակատեղի դնելով՝ պատերազմեցին նրա դեմ։

35. Նույն օրը գրավեց և սրի քաշեց այն։ Նրա մեջ եղած բոլոր մարդկանց նույն օրը բնաջնջեց այնպես, ինչպես արել էր Լաքիսին։

36. Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները Էգղոնից բարձրացան Քեբրոն և պատերազմեցին նրա դեմ։

37. Գրավեցին այն և սրակոտոր արեցին այն, նրա թագավորին, նրա բոլոր քաղաքներն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մեկին ողջ չթողեցին։ Հեսուն բնաջնջեց այն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց ճիշտ այնպես, ինչպես արել էր Էգղոնին։

38. Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները վերադարձան Դաբիր և պատերազմեցին նրա դեմ։

39. Եվ գրավեցին այն, սրի քաշեցին նրա թագավորին, նրանց բոլոր քաղաքները և բնաջնջեցին նրանց մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մեկին ողջ չթողեցին։ Ինչպես որ արել էր Քեբրոնի հետ և ինչպես արել էր Լեբնայի ու նրա թագավորի հետ, այնպես էլ արեց Դաբիրի և նրա թագավորի հետ։

40. Հեսուն հաղթեց բոլոր լեռնային, հարավային, դաշտային երկրներին, լեռների ստորոտներին և դրանց բոլոր թագավորներին. ոչ մեկին ողջ չթողեց, այլ սպանեց կենդանի մնացած բոլոր մարդկանց, ինչպես պատվիրել էր Իսրայելի Աստվածը՝ Տերը։

41. Հեսուն նրանց հարվածեց Կադես-Բառնեայից մինչև Գազա և հարվածեց Գոսոմի ամբողջ երկրին մինչև Գաբավոն։

42. Հեսուն այս բոլոր թագավորներին ու նրանց երկիրը նվաճեց միանգամից, որովհետև Իսրայելի Աստվածը՝ Տերն էր պատերազմում Իսրայելի համար։

43. Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները վերադարձան բանակատեղի՝ Գաղգաղա։

ՀԵՍՈՒ 11

1. Երբ Հասորի Հաբին թագավորը լսեց, մարդ ուղարկեց Մադոնի Հոբաբ թագավորի մոտ, Սամրոնի թագավորի մոտ, Աքսափի թագավորի մոտ

2. և այն թագավորների մոտ, որոնք հյուսիսային լեռներում, Քեներեթի հարավային դաշտում ու հովտում և Դորի գավառներում էին՝ արևմտյան կողմում,

3. այսինքն՝ արևելյան և արևմտյան քանանացիների, ամորհացիների, քետացիների, փերեզացիների, լեռնաբնակ հեբուսացիների և Հերմոնի տակ Մասփայի երկրում ապրող խևացիների մոտ։

4. Նրանք դուրս եկան իրենց բոլոր բանակներով՝ ծովեզերքի ավազի չափ բազմաքանակ ժողովրդով, և խիստ շատ ձիերով ու կառքերով։

5. Այս բոլոր թագավորները, միանալով, գնացին բանակատեղի դրեցին Մառոնի ջրի մոտ, որպեսզի պատերազմեն Իսրայելի դեմ։

6. Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր նրանցից, որովհետև վաղն այս ժամանակ ես նրանց բոլորին ջարդել պիտի տամ իսրայելացիների առաջ. ջղակտոր կանես նրանց ձիերին և կրակով կայրես նրանց կառքերը»։

7. Հեսուն և նրա հետ պատերազմող ամբողջ ժողովուրդը Մառոնի ջրի մոտ հանկարծակի նրանց դեմ գնացին և հարձակվեցին նրանց վրա։

8. Տերը նրանց մատնեց իսրայելացիների ձեռքը, և նրանք հարվածեցին նրանց ու հալածեցին նրանց մինչև մեծ Սիդոն և Մասրեփոթ-Մայիմ, մինչև Մասփայի հովիտը դեպի արևելք. և հարվածեցին նրանց, մինչև որ նրանցից ոչ մեկը չազատվեց։

9. Հեսուն նրանց արեց այնպես, ինչպես Տերն ասել էր իրեն. նրանց ձիերին ջղակտոր արեց և նրանց կառքերն այրեց կրակով։

10. Այն ժամանակ Հեսուն ետ դարձավ, գրավեց Հասորը և նրա թագավորին սպանեց սրով, որովհետև Հասորն առաջ այս բոլոր թագավորությունների գլուխն էր։

11. Նրա մեջ եղած բոլոր մարդկանց սրակոտոր արեցին, բնաջնջեցին. ոչ մեկը ողջ չմնաց, և Հասորն այրեց կրակով։

12. Այս թագավորների բոլոր քաղաքները Հեսուն գրավեց ու դրանց բոլոր թագավորներին սրի քաշելով՝ բնաջնջեց, ինչպես պատվիրել էր իրեն Տիրոջ ծառա Մովսեսը։

13. Բայց իսրայելացիները հողաբլուրների վրա եղած բոլոր քաղաքները չայրեցին, այլ միայն Հասորը, որ Հեսուն այրեց։

14. Այս քաղաքների ամբողջ ավարն ու անասունները Իսրայելի որդիները կողոպտեցին իրենց համար, բայց բոլոր մարդկանց սրի քաշեցին, մինչև որ բնաջնջեցին նրանց և ոչ մի շնչավոր չթողեցին։

15. Ինչպես Տերը պատվիրել էր իր ծառա Մովսեսին, այնպես Մովսեսը պատվիրեց Հեսուին, Հեսուն էլ այդպես արեց. ոչ մի բան զանց չարեց այն ամենից, ինչ որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

16. Այսպես Հեսուն գրավեց այդ ամբողջ երկիրը, լեռնակողմը, ամբողջ հարավային կողմը, ամբողջ Գոսոմի երկիրը, հովիտն ու դաշտը, Իսրայելի լեռն ու նրա հովիտը,

17. Սեիր բարձրացող Քալակ լեռից մինչև Հերմոն լեռան տակ՝ Լիբանանի հովտում եղող Բաաղգադը։ Նա դրանց բոլոր թագավորներին բռնեց, հարվածեց նրանց և սպանեց։

18. Այս բոլոր թագավորների դեմ Հեսուն շատ օրեր պատերազմ մղեց։

19. Չկար մի քաղաք, որ Իսրայելի որդիների հետ հաշտություն կնքած լիներ, բացի Գաբավոնում բնակվող խևացիներից։ Նրանք բոլորն էլ գրավեցին պատերազմով,

20. որովհետև Տերն էր, որ կարծրացրեց նրանց սիրտը, որպեսզի պատերազմով դեմ դնեն Իսրայելին, ողորմություն չլինի նրանց համար, և նա կորստյան մատնի ու բնաջնջի նրանց, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

21. Այդ նույն ժամանակ Հեսուն գնաց և ենակիմներին բնաջնջեց լեռներից՝ Քեբրոնից, Դաբիրից, Անաբից, Հուդայի բոլոր լեռներից և Իսրայելի բոլոր լեռներից։ Հեսուն ոչնչացրեց նրանց իրենց քաղաքներով հանդերձ։

22. Իսրայելի որդիների երկրում ենակիմներ չմնացին, այլ մնացին միայն Գազայում, Գեթում և Ասեդոթում։

23. Այսպես Հեսուն գրավեց ամբողջ երկիրը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Հեսուն որպես ժառանգություն այն տվեց Իսրայելին բաժիններով՝ ըստ նրանց ցեղերի։ Եվ երկիրը պատերազմից հանգստացավ։

ՀԵՍՈՒ 12

1. Սրանք են այն թագավորները, որոնց հարվածեցին Իսրայելի որդիները և որոնց երկրները գրավեցին Հորդանան գետի այն կողմում՝ դեպի արևելք, Առնոնի ձորից մինչև Հերմոն լեռն ու ամբողջ դաշտավայրը՝ դեպի արևելյան կողմը։

2. Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորը, որը Առնոնի ձորի եզերքում գտնվող Արոերից և ձորի մեջտեղից սկսած տիրում էր Գաղաադի կեսին մինչև ամմոնացիների սահմանում գտնվող Հաբոկի ձորը,

3. նաև դաշտավայրին՝ մինչև Քեներեթի ծովը դեպի արևելք և մինչև դաշտավայրի ծովը, այսինքն՝ Աղի ծովը դեպի արևելք՝ Բեթեսիմոթի ճանապարհը, իսկ հարավային կողմից՝ այն շրջանին, որ Փասգա լեռան ստորոտում է։

4. Եվ Բասանի Օգ թագավորը, որը հսկաների ցեղի մնացորդներից էր և որը բնակվում էր Աստարովթում ու Եդրայիում,

5. և տիրում էր Հերմոն լեռանը, Սելքային և ամբողջ Բասանին մինչև գեսուրացիների և մաքաթացիների սահմանը, Գաղաադի կեսին մինչև Եսեբոնի Սեհոն թագավորի սահմանը։

6. Տիրոջ ծառա Մովսեսը Իսրայելի որդիների հետ հարվածեց նրանց և Տիրոջ ծառա Մովսեսը նրանց երկիրը որպես ժառանգություն տվեց Ռուբենի, Գադի սերունդներին և Մանասեի կես ցեղին։

7. Սրանք են երկրի թագավորները, որոնց հարվածեցին Հեսուն և Իսրայելի որդիները Հորդանան գետի այս կողմում՝ դեպի արևմուտք, Լիբանանի հովտում գտնվող Բաաղգադից մինչև Քալակ լեռը, որ բարձրանում է դեպի Սեիր. և Հեսուն նրանց երկիրը որպես ժառանգություն տվեց Իսրայելի ցեղերին՝ իրենց վիճակների համեմատ.

8. սարերում, հովիտներում, դաշտերում, սարերի ստորոտներում, անապատում և հարավային կողմում բնակվող քետացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին.

9. Երիքովի թագավորը՝ մեկ, Բեթելի մոտ գտնվող Գայիի թագավորը՝ մեկ,

10. Երուսաղեմի թագավորը՝ մեկ, Քեբրոնի թագավորը՝ մեկ,

11. Հերիմութի թագավորը՝ մեկ,

12. Լաքիսի թագավորը՝ մեկ, Էգղոնի թագավորը՝ մեկ, Գազերի թագավորը՝ մեկ,

13. Դաբիրի թագավորը՝ մեկ, Գադերի թագավորը՝ մեկ,

14. Հորմայի թագավորը՝ մեկ, Արադի թագավորը՝ մեկ,

15. Լեբնայի թագավորը՝ մեկ, Ոդողոմի թագավորը՝ մեկ, Մակեդայի թագավորը՝ մեկ,

16. Բեթելի թագավորը՝ մեկ,

17. Թափուայի թագավորը՝ մեկ,

18. Ոփերի թագավորը՝ մեկ, Ափեկի թագավորը՝ մեկ, Լասարոնի թագավորը՝ մեկ,

19. Մադոնի թագավորը՝ մեկ, Հասորի թագավորը՝ մեկ,

20. Սամրոն-Մառոնի թագավորը՝ մեկ,

21. Աքսափի թագավորը՝ մեկ, Թանաքի թագավորը՝ մեկ, Մակեդովի թագավորը՝ մեկ,

22. Կադեսի թագավորը՝ մեկ, Կարմելի Հեկնամի թագավորը՝ մեկ,

23. Դորի գավառում Դորի թագավորը՝ մեկ,

24. Գաղգաղայի Գոյիմ թագավորը՝ մեկ, Թերսայի թագավորը՝ մեկ։ Բոլորը՝ երեսունմեկ թագավոր։

ՀԵՍՈՒ 13

1. Հեսուն ծերացել էր և օրերն անցկացրել։ Եվ Տերը նրան ասաց. «Դու ծերացել և օրերդ անց ես կացրել, բայց շատ մեծ երկիր է մնացել ժառանգելու։

2. Մնացած երկիրն այս է. փղշտացիների բոլոր սահմանները և ամբողջ Գեսուրը.

3. Եգիպտոսի դիմացի Սիորից սկսած Ակկարոնի սահմանը հյուսիսում, որ քանանացիներինն է համարվում, փղշտացիների հինգ նախարարությունները, այսինքն՝ գազացիներինը, ազոտացիներինը, ասկաղոնացիներինը, գեթացիներինը և ակկարոնացիներինը, նաև ավացիների նախարարությունը։

4. Հարավային կողմից՝ քանանացիների ամբողջ երկիրը և սիդոնացիների Մեարան մինչև Ափեկ, մինչև ամորհացիների սահմանը,

5. գեբաղացիների երկիրը և ամբողջ արևելյան Լիբանանը՝ Հերմոն լեռան ստորոտի Բաաղգադից մինչև Եմաթի մուտքը։

6. Բոլոր լեռնաբնակներին՝ Լիբանանից մինչև Մասրեփոթ-Մայիմ, բոլոր սիդոնացիներին ես քշելու եմ Իսրայելի որդիների առջևից. միայն թե դու այս երկիրը բաժանի՛ր իսրայելացիներին որպես ժառանգություն, ինչպես որ պատվիրեցի քեզ։

7. Հիմա այս երկիրն իբրև ժառանգություն բաժանի՛ր ինը ցեղերին և Մանասեի կես ցեղին».

8. Ռուբենի և Գադի ցեղերն արդեն Մանասեի ցեղի մյուս կեսի հետ ստացել են իրենց ժառանգությունը, որ Մովսեսը տվեց Հորդանան գետի այն կողմում՝ դեպի արևելք, ինչպես որ Տիրոջ ծառա Մովսեսը տվել է նրանց.

9. Առնոնի ձորի եզերքին գտնվող Արոերից և ձորի մեջ գտնվող քաղաքը և Մեդաբայի ամբողջ դաշտը մինչև Դեբոն,

10. նաև Եսեբոնում թագավորող ամորհացիների Սեհոն թագավորի բոլոր քաղաքները մինչև Ամմոնի որդիների սահմանը,

11. Գաղաադը, գեսուրացիների ու մաքաթացիների սահմանը, ամբողջ Հերմոն լեռը և ամբողջ Բասանը մինչև Սելքա,

12. Բասանում Օգի ամբողջ թագավորությունը, որը թագավորում էր Աստարովթում և Եդրայիում։ Սա էր մնացել հսկաների մնացորդներից, բայց Մովսեսը հարվածեց ու քշեց նրանց։

13. Բայց Իսրայելի որդիները չհալածեցին գեսուրացիներին ու մաքաթացիներին, և գեսուրացիներն ու մաքաթացիները բնակվում են Իսրայելում մինչև այսօր։

14. Միայն Ղևիի ցեղին ժառանգություն չտվեց. Իսրայելի Տեր Աստծու զոհաբերություններն են նրանց ժառանգությունը, ինչպես որ ասել էր Մովսեսին։

15. Մովսեսը Ռուբենի որդիների ցեղին տվեց ըստ նրանց ազգատոհմերի։

16. Նրանց սահմանը եղավ Առնոնի ձորի եզերքին գտնվող Արոերից և ձորում գտնվող քաղաքը և Մեդաբայի մոտ եղած ամբողջ դաշտավայրը,

17. Եսեբոնն ու նրա բոլոր դաշտային քաղաքները, Դեբոնը, Բամոթ-Բահաղը և Բեթմեելմոնը,

18. Հասսան, Կադեմոթը, Մեփայաթը,

19. Կարիաթեմը, Սեբաման, Սարեթ-Սահառը հովտի լեռան վրա,

20. Բեթ-Փեգորը, Փասգա լեռան ստորոտը, Բեթեսիմոթը,

21. դաշտավայրի բոլոր քաղաքները և Եսեբոնում թագավորող ամորհացիների Սեհոն թագավորի ամբողջ թագավորությունը։ Մովսեսը հարվածեց սրան, ինչպես նաև Մադիամի իշխաններին՝ Եվիին, Րոկոմին, Սուրին, Ուրին և Ռոբին, որոնք Սեհոնի նախարարներն էին և բնակվում էին այդ երկրում։

22. Իսրայելի որդիների կողմից սպանվածների մեջ էր նաև Բեորի որդի Բաղաամ գուշակը, որին նրանք սրով սպանեցին։

23. Ռուբենի որդիների սահմանն էր Հորդանան գետը և Գեբուլը։ Այս է Ռուբենի որդիների ազգատոհմերի ժառանգությունը. այս քաղաքներն են և դրանց գյուղերը։

24. Մովսեսը բաժին տվեց նաև Գադի ցեղին՝ ըստ իրենց ազգատոհմերի։

25. Նրանց սահմանը եղավ Հազերը, Գաղաադի բոլոր քաղաքները, Ամմոնի որդիների երկրի կեսը մինչև Արոեր, որը Ռաբբայի դիմացն է,

26. Եսեբոնից մինչև Ռամոթ-Մասփա ու Բոտանիմ, Մանայիմից մինչև Դաբիրի սահմանը,

27. նաև հովտում Բեթարամն ու Բեթնամրան, Սոկքովթն ու Սափոնը՝ Եսեբոնի Սեհոն թագավորի թագավորության մնացորդը. սահմանը Հորդանան գետն է մինչև Քեներեթի ծովեզերքը, Հորդանան գետի այն կողմը՝ դեպի արևելք։

28. Այս է Գադի որդիների ժառանգությունն ըստ իրենց ազգատոհմերի. այս քաղաքներն են և դրանց գյուղերը։

29. Մովսեսը բաժին տվեց նաև Մանասեի կես ցեղին, որը Մանասեի կես ցեղի ժառանգությունը եղավ ըստ իրենց ազգատոհմերի։

30. Նրանց սահմանն այս եղավ. Մանայիմից՝ Բասանի Օգ թագավորի ամբողջ թագավորությունը՝ ամբողջ Բասանը, Բասանում գտնվող Հայիրի բոլոր գյուղաքաղաքները՝ վաթսուն քաղաք։

31. Գաղաադի կեսը և Աստարովթն ու Եդրային՝ Բասանում Օգի թագավորության քաղաքները, Մանասյան Մաքիրի որդիներինը եղան, այսինքն՝ Մաքիրի որդիների կեսինը՝ ըստ իրենց տոհմերի։

32. Սրանք են, որ Մովսեսը ժառանգություն տվեց Մովաբի դաշտերում՝ Երիքովի դիմաց, Հորդանան գետի այն կողմում՝ դեպի արևելք։

33. Բայց Մովսեսը Ղևիի ցեղին ժառանգություն չտվեց. Իսրայելի Տեր Աստվածն է նրանց ժառանգությունը, ինչպես որ ասել էր նրանց։

ՀԵՍՈՒ 14

1. Սրանք են քանանացիների երկրում Իսրայելի որդիների ժառանգած վայրերը, որ Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն և Իսրայելի որդիների ցեղերի նահապետության իշխանները տվեցին նրանց իբրև ժառանգություն։

2. Վիճակով եղավ նրանց՝ այդ իննուկես ցեղերի ժառանգությունը, ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսի միջոցով,

3. որովհետև Մովսեսը երկուսուկես ցեղերին ժառանգություն տվել էր Հորդանան գետի այն կողմում. բայց ղևտացիներին ժառանգություն չտվեց նրանց մեջ։

4. Քանի որ Հովսեփի որդիները երկու ցեղ էին՝ Մանասեն ու Եփրեմը, և ղևտացիներին բաժին չտվին երկրի մեջ, այլ քաղաքներ՝ բնակվելու համար և դրանց ագարակները նրանց ոչխարների ու ստացվածքների համար։

5. Ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, Իսրայելի որդիներն այնպես արեցին և բաժանեցին երկիրը։

6. Հուդայի որդիները Գաղգաղայում մոտեցան Հեսուին, և կենեզացի Հեփոնեի որդի Քաղեբը նրան ասաց. «Դու գիտես այն խոսքը, որ Տերը Կադես-Բառնեայում ասաց Աստծու մարդ Մովսեսին իմ և քո մասին։

7. Ես քառասուն տարեկան էի, երբ Տիրոջ ծառա Մովսեսն ինձ Կադես-Բառնեայից ուղարկեց երկիրը հետախուզելու, և ես նրան սրտիս մեջ եղածի պես անկեղծ լուր բերեցի։

8. Սակայն ինձ հետ վեր գնացող իմ եղբայրները ժողովրդի սիրտը թուլացրին, բայց ես ամբողջովին հետևեցի իմ Տեր Աստծուն։

9. Այն օրը Մովսեսը երդում արեց՝ ասելով. “Այն երկիրը, ուր քո ոտքը կոխել է, հավիտյան քոնը և քո որդիներինը թող լինի իբրև ժառանգություն, որովհետև դու ամբողջովին հետևեցիր իմ Տեր Աստծուն”։

10. Արդ, ահա Տերն ինձ ողջ է պահել, ինչպես որ ասել էր. քառասունհինգ տարիներին այն ժամանակից ի վեր, որ Տերն այս խոսքն ասաց Մովսեսին, երբ Իսրայելի որդիները թափառում էին անապատում։ Եվ ահա ես այսօր ութսունհինգ տարեկան եմ։

11. Այսօր ես տակավին ուժեղ եմ, ինչպես որ էի այն օրը, երբ Մովսեսն ինձ ուղարկեց։ Այն ժամանակվա ուժս ինչպես որ էր, այժմ էլ այնպես է թե՛ պատերազմելու և թե՛ դուրս գալու և մտնելու համար։

12. Հիմա տո՛ւր ինձ այն լեռը, որի մասին Տերը խոսեց այն օրը, որովհետև դու այն օրը լսեցիր, որ այնտեղ կան ենակիմներ և մեծ ու պարսպապատ քաղաքներ. գուցե Տերն ինձ հետ լինի, և ես կհալածեմ նրանց, ինչպես որ Տերն ասել է»։

13. Եվ Հեսուն օրհնեց նրան ու Քեբրոնը Հեփոնեի որդի Քաղեբին տվեց իբրև ժառանգություն։

14. Դրա համար Քեբրոնը եղավ կենեզացի Հեփոնեի որդի Քաղեբի ժառանգությունը և այդպես է մինչև այսօր, որովհետև նա ամբողջովին հետևեց Իսրայելի Տեր Աստծուն։

15. Քեբրոնի անունն առաջ Կարիաթ-Արբա էր, որն ամենամեծ մարդն էր եղել ենակիմների մեջ։Եվ երկիրը հանգստացավ պատերազմից։

ՀԵՍՈՒ 15

1. Հուդայի որդիների ցեղի վիճակն ըստ իրենց տոհմերի եղավ մինչև եդովմացիների սահմանը. հարավային կողմից Սին անապատն էր՝ հարավային ծայրում։

2. Նրանց հարավային սահմանն այս եղավ. Աղի ծովի ծայրից, այսինքն՝ հարավակողմը նայող ծոցից.

3. հարավային կողմից դուրս է գալիս Ակրաբիմի զառիվերը, անցնում Սին, հարավային կողմից բարձրանում դեպի Կադես-Բառնեա, անցնում Եսրոն, բարձրանում դեպի Ադդար և պտույտ տալիս դեպի Կարկայի կողմը.

4. ապա անցնում է Ասեմոնից և դուրս գալիս Եգիպտոսի հեղեղատը. այս սահմանը հասնում է մինչև ծով։ Սա կլինի ձեր հարավային սահմանը։

5. Արևելյան սահմանը Աղի ծովն է մինչև Հորդանան գետի ծայրը։Հյուսիսային կողմից սահմանն սկսվում է Հորդանան գետի ծայրում եղող ծոցից։

6. Այս սահմանը բարձրանում է մինչև Բեթագղա, անցնում Բեթարաբայի հյուսիսային կողմից և վեր ելնում մինչև Ռուբենի որդիների Բաանի քարը։

7. Ապա այս սահմանը Աքորի ձորից բարձրանում է Դաբիր և հյուսիսային կողմից դառնում դեպի Գաղգաղա, որը այդ ձորի հարավային կողմում գտնվող Էդոմինի զառիվերի դիմացն է։ Սահմանն անցնում է Ենսամյուսի ջրերից և հասնում Ռոգելի աղբյուրը։

8. Այս սահմանը բարձրանում է Ենոմի որդու ձորը՝ հարավային կողմից Հեբուսի մոտ, այսինքն՝ Երուսաղեմի մոտ, և ապա այս սահմանը բարձրանում է մինչև այն լեռան գագաթը, որը արևմտյան կողմից Ենոմի ձորի դիմացն է, իսկ հյուսիսային կողմից Ռափայինների ձորի ծայրին է։

9. Այս սահմանը լեռան գագաթից հասնում է մինչև Նափթովայի ջրի աղբյուրը, դուրս է գալիս Եփրոն լեռան քաղաքները և հասնում մինչև Բաաղա, այսինքն՝ Կարիաթարիմ։

10. Բաաղայից սահմանը շրջվում է արևմտյան կողմը՝ դեպի Սեիր լեռը, հյուսիսային կողմից անցնում Հարիմ լեռան մոտով, որ Քեսաղոնն է, այնտեղից իջնում է Բեթսամյուս և անցնում Թամնա։

11. Ապա այս սահմանը դուրս է գալիս Ակկարոնի մոտ՝ դեպի հյուսիս, և այս սահմանը հասնում է Սաքարոն, անցնում Բաաղա սարից, ձգվում մինչև Հաբնել և վերջանում ծովափի մեջ։ Արևմտյան սահմանը մեծ ծովի ափն է։

12. Այս է ահա Հուդայի որդիների սահմանը շուրջանակի՝ ըստ իրենց տոհմերի։

13. Հեփոնեի որդի Քաղեբին բաժին տրվեց Հուդայի որդիների երկրի մեջ Ենակի հոր՝ Արբայի քաղաքը, այսինքն՝ Քեբրոնը, ինչպես որ Տերը հրամայել էր Հեսուին։

14. Քաղեբն այնտեղից հալածեց Ենակի երեք որդիներին՝ Սեսիին, Աքիմանին և Թոլմիին՝ Ենակի զավակներին։

15. Նա այնտեղից բարձրացավ գնաց Դաբիրի բնակիչների դեմ։ Դաբիրի անունն առաջ Կարիաթ-Սեփեր էր։

16. Քաղեբն ասաց. «Ով որ Կարիաթ-Սեփերին հարվածի և գրավի այն, իմ աղջկան՝ Աքսային, կնության կտամ նրան»։

17. Քաղեբի եղբայր Կենեզի որդի Գոթոնիելը գրավեց այն, և Քաղեբն իր դուստր Աքսային նրան կնության տվեց։

18. Երբ կինը գնում էր, նրան հորդորեց, որ իր հորից մի ագարակ ուզի։ Նա ցած իջավ էշի վրայից, և Քաղեբը նրան ասաց. «Ի՞նչ պատահեց քեզ»։

19. Աղջիկն ասաց. «Ինձ մի նվե՛ր* տուր. քանի որ ինձ հարավային մի երկիր ես տվել, տո՛ւր ինձ նաև ջրի աղբյուրներ»։ Եվ Քաղեբը նրան տվեց վերևի աղբյուրներն ու ներքևի աղբյուրները։

20. Այս է ահա Հուդայի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։

21. Եդովմի սահմանի մոտ՝ հարավային կողմում, Հուդայի որդիների ցեղի ծայրամասային քաղաքները սրանք են՝ Կաբեսեել, Եդեր, Հագուր,

22. Կինա, Դեմոնա, Ադադա,

23. Կադես, Հասոր, Հեթնա,

24. Զիփ, Տելեմ, Բաալոթ,

25. Հասոր-Ադաթա, Կարիոթ, Եսրոն, որ Հասորն է,

26. Ամամ, Սամա, Մոլադա,

27. Ասերգադդա, Եսեմոն, Բեթփաղեթ,

28. Ասեր-Սուաղ, Բերսաբեե, Բազիոթիա,

29. Բաաղա, Իյիմ, Ասեմ,

30. Էլթուղաթ, Քեսիլ, Հորմա,

31. Սիկելակ, Մադմաննա, Սանսաննա,

32. Լաբաոթ, Սելեմ, Ային և Ռեմոն. ընդամենը քսանինը քաղաք և դրանց գյուղերը։

33. Դաշտավայրում՝ Եսթավուղ, Սարաա, Ասնա,

34. Զանով, Էնգանիմ, Թափուա, Ենայիմ,

35. Հերիմութ, Ոդողոմ, Սոքով, Ազեկա,

36. Սագարիմ, Ատիթայիմ և Գադերա (Գադերոթայիմի հետ). տասնչորս քաղաք և դրանց գյուղերը։

37. Սեննան, Ադասա, Մագդաղգադ,

38. Դաղաան, Մասփա, Հեկթովել,

39. Լաքիս, Բազկաթ, Էգղոն,

40. Քաբբոն, Լամաս, Քիթլիս,

41. Գադերոթ, Բեթդագոն, Նաամա և Մակեդա. տասնվեց քաղաք և դրանց գյուղերը։

42. Լեբնա, Եթեր, Ասան,

43. Հեփթա, Ասնա, Նեսիբ,

44. Կեիլա, Աքեզիբ և Մարեսա. ինը քաղաք և դրանց գյուղերը։

45. Ակկարոնն իր գյուղաքաղաքներով և գյուղերով.

46. Ակկարոնից մինչև ծովը՝ Ասեդոթի մոտ, բոլոր քաղաքներն իրենց գյուղերով.

47. Ասեդոթն իր գյուղաքաղաքներով և գյուղերով. Գազան իր գյուղաքաղաքներով և գյուղերով մինչև Եգիպտոսի հեղեղատն ու մեծ ծովը, որը սահմանն է։

48. Լեռնավայրի վրա՝ Սամիր, Հաթիր, Սոքով,

49. Դաննա, Կարիաթ-Սաննա, այսինքն՝ Դաբիր,

50. Անաբ, Եսթեմով, Անիմ,

51. Գոսոմ, Քողոն և Գեղոն. տասնմեկ քաղաք և դրանց գյուղերը։

52. Երեբ, Դումա, Եսան,

53. Հանում, Բեթթափուա, Ափեկա,

54. Քամմատա, Կարիաթ-Արբա, այսինքն՝ Քեբրոն, և Սիոր. ինը քաղաք և դրանց գյուղերը։

55. Մաոն, Կարմեղոս, Զիփ, Հետտա,

56. Հեզրայել, Հեկդաամ, Զանով,

57. Կային, Գաբաա և Թամնա. տասը քաղաք և դրանց գյուղերը։

58. Աղուղ, Բեթ-Սուր, Գեդոր,

59. Մաարաթ, Բեթ-Անոթ և Ելթեկոն. վեց քաղաք և դրանց գյուղերը։

60. Կարիաթ-Բաաղ, այսինքն՝ Կարիաթարիմ և Ռաբբա. երկու քաղաքներ և դրանց գյուղերը։

61. Անապատում՝ Բեթ-Արաբա, Մադդին, Սեքաքա,

62. Նեբսան, Աղի քաղաք և Ենգադդի. վեց քաղաք և դրանց գյուղերը։

63. Բայց Հուդայի որդիները չկարողացան Երուսաղեմում բնակվող հեբուսացիներին հալածել։ Հեբուսացիները Հուդայի որդիների հետ Երուսաղեմում բնակվում են մինչև այսօր։

ՀԵՍՈՒ 16

1. Հովսեփի որդիների վիճակն այսպես ելավ. Երիքովի դիմաց Հորդանան գետից, Երիքովի ջրի արևելյան կողմից դեպի անապատը, որը Երիքովից բարձրանում է դեպի լեռնակողմը՝ Բեթել,

2. Բեթելից դուրս է գալիս Լուզ, Արքիատարոթի սահմանից անցնում

3. և արևմտյան կողմից իջնում է Հեփալթիի սահմանը, մինչև վարի Բեթորոնի սահմանը, մինչև Գազեր և հասնում է ծովը։

4. Սա ժառանգություն ստացան Հովսեփի որդիները՝ Մանասեն ու Եփրեմը։

5. Ահա Եփրեմի որդիների սահմանն ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգության սահմանն էր արևելյան կողմից Ատարոթ-Ադարը մինչև վերի Բեթորոն։

6. Այս սահմանը հյուսիսային կողմից դուրս է գալիս դեպի Մաքմեթաթ ծովը և այս սահմանը արևելյան կողմից պտույտ է տալիս մինչև Թեանաթ-Սելով, արևելքից անցնում դեպի Հանովե,

7. Հանովեից իջնում Ատարոթ ու Նաարա և Երիքովին դիպչելով՝ դուրս է գալիս Հորդանան գետը։

8. Սահմանն արևմտյան կողմից գնում է դեպի Կանա հեղեղատը և հասնում ծովը։ Այս է Եփրեմի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։

9. Նաև Եփրեմի որդիների համար առանձնացված քաղաքները Մանասեի որդիների ժառանգության մեջ են, բոլոր քաղաքներն իրենց գյուղերով։

10. Նրանք չհալածեցին Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները, մինչև այսօր Եփրեմի որդիների մեջ բնակվելով, դարձան հարկատու ծառաներ։

ՀԵՍՈՒ 17

1. Մանասեի ցեղին վիճակով բաժին ընկավ, քանի որ Հովսեփի անդրանիկ որդին էր։ Մանասեի անդրանիկը՝ Մաքիրը՝ Գաղաադի հայրը, քանի որ պատերազմող մարդ էր, բաժին ստացավ Գաղաադն ու Բասանը։

2. Մանասեի մյուս որդիներին՝ Աբիեզերի որդիներին, Քեղեքի որդիներին, Ասրիելի որդիներին, Սյուքեմի որդիներին, Ոփերի որդիներին և Սեմիդայի որդիներին, ժառանգություն հասավ ըստ իրենց տոհմերի։ Սրանք էին Հովսեփի որդու՝ Մանասեի արու զավակներն ըստ իրենց տոհմերի։

3. Մանասեի որդու՝ Մաքիրի որդու՝ Գաղաադի որդու՝ Ոփերի որդին՝ Սալպաադը, տղաներ չուներ, այլ միայն աղջիկներ։ Նրա աղջիկների անունները սրանք են՝ Մաալա, Նուա, Էգղա, Մեղքա և Թերսա։

4. Սրանք ներկայացան Եղիազար քահանային, Նավեի որդի Հեսուին և իշխաններին ու ասացին. «Տերը Մովսեսին հրամայեց, որ մեզ ժառանգություն տա մեր եղբայրների մեջ»։ Եվ Հեսուն Տիրոջ հրամանով նրանց ժառանգություն տվեց իրենց հորեղբայրների մեջ։

5. Մանասեին ընկավ տասը բաժին Հորդանան գետի այն կողմում, բացի Գաղաադի և Բասանի երկրից,

6. որովհետև Մանասեի աղջիկները ժառանգություն ստացան նրա որդիների մեջ, և Գաղաադի երկիրը Մանասեի մյուս որդիներինը եղավ։

7. Մանասեի սահմանը եղավ Ասերից մինչև Մաքմեթաթ, որ Սյուքեմի դիմացն է. այս սահմանը գնում է դեպի աջ մինչև Թափուայի աղբյուրի բնակիչների մոտ։

8. Թափուայի երկիրը Մանասեինը եղավ, իսկ Մանասեի սահմանի վրա գտնվող Թափուա քաղաքը Եփրեմի որդիներինը եղավ։

9. Այս սահմանն իջնում է Կանա հեղեղատը. հեղեղատի հարավային կողմում Մանասեի քաղաքներն են։ Մանասեի սահմանը հեղեղատի հյուսիսային կողմից գնալով հասնում է ծովը։

10. Հարավային կողմը Եփրեմինը, իսկ հյուսիսային կողմը Մանասեինը լինելով՝ նրանց սահմանը ծովը եղավ. հյուսիսային կողմից դրանք դիպչում էին Ասերին, իսկ արևելյան կողմից՝ Իսաքարին։

11. Իսաքարի և Ասերի միջև Մանասեինն էին Բեթսանն ու նրա գյուղաքաղաքները, Հեբղաամն ու նրա գյուղաքաղաքները, Դորի բնակիչներն ու նրա գյուղաքաղաքները, Ենդորի բնակիչներն ու նրա գյուղաքաղաքները, Թանաքի բնակիչներն ու նրա գյուղաքաղաքները և Մակեդդովի բնակիչներն ու նրա գյուղաքաղաքները, այս երեք գավառները։

12. Մանասեի որդիները չկարողացան հալածել այս քաղաքների բնակիչներին, և քանանացիները շարունակեցին բնակվել այդ երկրում։

13. Երբ Իսրայելի որդիները զորացան, հարկատու դարձրին քանանացիներին, բայց նրանց ամբողջովին չհալածեցին։

14. Հովսեփի որդիները Հեսուի հետ խոսեցին և ասացին. «Ինչո՞ւ ինձ միայն մեկ վիճակ և մեկ բաժին ժառանգություն տվեցիր, երբ ես բազմաքանակ ժողովուրդ եմ, որովհետև Տերն ինձ այսչափ օրհնեց»։

15. Հեսուն նրանց ասաց. «Եթե դու բազմաքանակ ժողովուրդ ես, ապա բարձրացի՛ր անտառ և այնտեղ քեզ համար տե՛ղ պատրաստիր փերեզացիների և Ռափայինների երկրում, քանի որ Եփրեմի լեռը քեզ համար նեղ է»։

16. Հովսեփի որդիներն ասացին. «Լեռը մեզ չի մնա, և բոլոր քանանացիները, որոնք բնակվում են հովտում՝ Բեթսանում ու նրա գյուղաքաղաքներում, ինչպես նաև Հեզրայելի հովտում, երկաթե կառքեր ունեն»։

17. Հեսուն Հովսեփի տան՝ Եփրեմի ու Մանասեի հետ խոսեց և ասաց. «Դու բազմաքանակ ժողովուրդ ես և շատ զորություն ունես. թող քեզ մեկ վիճակ չլինի,

18. այլ լեռը քոնը լինի, որովհետև դա անտառ է, կմաքրեք այն, և մինչև ծայրը այն քոնը կլինի, որովհետև դու այնտեղից կհալածես քանանացիներին, ինչքան էլ նրանք երկաթե կառքեր ունենան և զորավոր լինեն»։

ՀԵՍՈՒ 18

1. Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդը հավաքվեց Սելովում. այնտեղ կանգնեցրին ժողովի վրանը, և երկիրը նվաճվեց նրանց առաջ։

2. Իսրայելի որդիների մեջ մնացել էր յոթ ցեղ, որոնք իրենց ժառանգությունը չէին ստացել։

3. Հեսուն Իսրայելի որդիներին ասաց. «Մինչև ե՞րբ եք թույլ լինելու և չեք գնալու, որ ժառանգեք այն երկիրը, որ ձեր հայրերի Տեր Աստվածը տվել է ձեզ։

4. Ամեն ցեղից երեք մա՛րդ բերեք, և ես նրանց կուղարկեմ, որ վեր կենան շրջեն այդ երկրում, չափագրեն այն ըստ իրենց ժառանգության և վերադառնան ինձ մոտ։

5. Այն թող բաժանեն յոթ մասի. Հուդան մնա իր սահմանում՝ հարավային կողմում, իսկ Հովսեփի տունը մնա իր սահմաններում՝ հյուսիսային կողմում։

6. Դուք երկիրը չափագրե՛ք յոթ բաժիններով և բերե՛ք այստեղ՝ ինձ մոտ։ Ես ձեզ համար այստեղ վիճակ կգցեմ մեր Տեր Աստծու առաջ,

7. որովհետև ղևտացիները ձեր մեջ բաժին չունեն. նրանց ժառանգությունը Տիրոջ համար արված քահանայությունն է։ Գադը, Ռուբենն ու Մանասեի կես ցեղը Հորդանան գետի այն կողմում՝ արևելքում, ստացան իրենց ժառանգությունը, որ Տիրոջ ծառա Մովսեսը տվեց նրանց»։

8. Եվ այդ մարդիկ վեր կացան գնացին։ Հեսուն այդ երկիրը չափագրելու գնացող մարդկանց հրամայեց՝ ասելով. «Գնացե՛ք, շրջե՛ք այդ երկրում, չափագրե՛ք այն և վերադարձե՛ք ինձ մոտ, որպեսզի այստեղ՝ Սելովում, Տիրոջ առաջ ձեզ համար վիճակ գցեմ»։

9. Այն մարդիկ գնացին, շրջեցին այդ երկրում և այն յոթ բաժին անելով ըստ նրա քաղաքների՝ գրեցին մի գրքի մեջ և եկան Հեսուի մոտ՝ բանակատեղի, Սելով։

10. Հեսուն Սելովում Տիրոջ առաջ նրանց համար վիճակ գցեց և այնտեղ երկիրը բաժանեց Իսրայելի որդիների միջև՝ ըստ իրենց բաժինների։

11. Բենիամինի որդիների ցեղի վիճակն ընկավ ըստ իրենց տոհմերի։ Վիճակով նրանց բաժնի սահմանն ընկավ Հուդայի որդիների և Հովսեփի որդիների միջև։

12. Նրանց սահմանը եղավ հյուսիսային կողմում՝ Հորդանան գետից, և այս սահմանը հյուսիսային կողմից բարձրանում է Երիքովի մոտ, ելնում դեպի լեռն արևմուտքում և վերջում հասնում Բեթավանի անապատը։

13. Այնտեղից սահմանն անցնում է դեպի Լուզ՝ անցնելով Լուզի հարավային կողմը, այսինքն՝ Բեթելի մոտ. այս սահմանն իջնում է Ատարոթ-Ադար լեռան վրա, որը վարի Բեթորոնի հարավային կողմում է։

14. Այս սահմանը ձգվում և արևմտյան կողմով պտույտ է տալիս դեպի հարավ այն սարից, որ հարավային կողմից Բեթորոնի դիմացն է, և վերջում հասնում է Կարիաթ-Բաաղ, որը Կարիաթարիմն է՝ Հուդայի որդիների քաղաքը։ Արևմտյան կողմն այս է։

15. Սահմանի հարավային կողմը, Կարիաթարիմի ծայրից սկսելով, դուրս է գալիս դեպի արևմուտք և գնում դեպի Նափթովայի ջրի աղբյուրը։

16. Այնուհետև սահմանն իջնում է Ռափայինների հովտի հյուսիսային կողմում գտնվող Ենոմի որդու ձորի դիմացի լեռան լանջը և Հեբուսի մոտից՝ դեպի հարավ, Ենոմի ձորով իջնում Ռոգելի աղբյուրը։

17. Հյուսիսային կողմից գնում և դուրս է գալիս Ենսամյուս, ապա այնտեղից գնում է դեպի Գալիլոթ, որը գտնվում է Եդովմինի զառիվերի դիմաց, և իջնում մինչև Ռուբենի որդու՝ Բաանի վեմը

18. և Արաբայի դիմացի կողմից անցնում է հյուսիս ու իջնում Արաբաթ։

19. Ապա սահմանն անցնում է Բեթագղայի մոտով դեպի հյուսիս և վերջում այս սահմանը հասնում է Աղի ծովի հյուսիսային ծոցը՝ Հորդանան գետի հարավային ծայրում։ Այս է հարավային սահմանը։

20. Իսկ արևելյան կողմի սահմանը Հորդանան գետն է։ Այս է Բենիամինի որդիների ժառանգությունն իր շուրջանակի սահմաններով՝ ըստ նրանց տոհմերի։

21. Բենիամինի որդիների ցեղի քաղաքներն ըստ իրենց տոհմերի սրանք են՝ Երիքով, Բեթագղա, Եմեկկասիս,

22. Բեթարաբա, Սեմարիմ, Բեթել,

23. Ավիմ, Փարա, Եփրա,

24. Քեփարամոննա, Հոփնի և Գաբա. տասներկու քաղաք և դրանց գյուղերը։

25. Գաբավոն, Ռամա, Բերոթ,

26. Մասփա, Կեփիրա,

27. Մոսա, Ռեկեմ, Հերփայել, Թարաղա,

28. Սելա, Էլեփ, Հեբուս, այսինքն՝ Երուսաղեմ, Գաբաաթ և Կարիաթ. տասնչորս քաղաք և դրանց գյուղերը։ Այս է Բենիամինի որդիների ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։

ՀԵՍՈՒ 19

1. Երկրորդ վիճակը դուրս եկավ Շմավոնին, Շմավոնի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգությունը եղավ Հուդայի որդիների ժառանգության մեջ։

2. Նրանց ժառանգության մեջ եղան այս քաղաքները՝ Բերսաբեե (Սաբեե), Մոլադա,

3. Ասեր-Սուաղ, Բաղա, Ասեմ,

4. Էլթուղադ, Բաթուլ, Հորմա,

5. Սիկելակ, Բեթմարքաբոթ, Ասեր-Սուսա,

6. Բեթլաբավոթ և Սարուհեն. տասներեք քաղաք և դրանց գյուղերը։

7. Ային, Ռեմոն, Եթեր և Ասան. չորս քաղաք և դրանց գյուղերը,

8. ինչպես նաև այս քաղաքների շուրջն ընկած տարածքները մինչև Բաաղեթ-Բեեր կամ Ռաման՝ հարավում։ Այս է Շմավոնի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։

9. Շմավոնի որդիների ժառանգությունն առնվեց Հուդայի որդիների բաժնից, որովհետև Հուդայի որդիների բաժինը շատ էր իրենց համար, դրա համար էլ Շմավոնի որդիները ժառանգություն ստացան նրանց ժառանգության մեջ։

10. Երրորդ վիճակը դուրս եկավ Զաբուղոնի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգության սահմանը եղավ մինչև Սարիդ։

11. Նրանց սահմանը ելնում է դեպի ծովը և Մարաղա, դիպչում Դաբասեթին և հասնում Հեկնամի դիմաց գտնվող ձորը,

12. Սարիդից դառնում է դեպի արևելյան կողմը՝ Քասղոթ-Թաբորի սահմանը, դուրս է գալիս Դաբարաթից և բարձրանում Հափիե։

13. Այնտեղից սահմանն անցնում է ավելի ևս արևելք՝ դեպի Գեթքոփեր և Իթագասին, ու դուրս գալիս Ռեմոն-Մեթոար, Նուա,

14. ապա հյուսիսային կողմից պտույտ է տալիս դեպի Ենաթոնով և վերջանում Հեփթայելի ձորում.

15. նաև Կատտաթ, Նաաղոլ, Սամրոն, Հադելա և Բեթլեհեմ. տասներկու քաղաք և դրանց գյուղերը։

16. Այս է Զաբուղոնի որդիների ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, այս քաղաքներն ու դրանց գյուղերը։

17. Չորրորդ վիճակը դուրս եկավ Իսաքարին, Իսաքարի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի։

18. Նրանց սահմանը եղավ՝ Հեզրայել, Քասելոթ, Սունամ,

19. Ափերեմ, Սիան, Անարեթ,

20. Ռաբբիդ, Կեսիոն, Աբես,

21. Ռամաթ, Ենգանիմ, Ենքադդա և Բեթփասես։

22. Այս սահմանը դիպչում է Թաբորին, Սասիմային, Բեթսամյուսին և նրանց սահմանը վերջանում է Հորդանան գետում. տասնվեց քաղաք և դրանց գյուղերը։

23. Այս է Իսաքարի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, այս քաղաքներն ու դրանց գյուղերը։

24. Հինգերորդ վիճակը դուրս եկավ Ասերի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի։

25. Նրանց սահմանը եղավ՝ Քեղկաթ, Աղի, Բետեն, Աքսափ,

26. Ալամելեք, Ամադ և Մուսաղ։ Արևմտյան կողմից սահմանը հասնում է Կարմեղոսին ու Սիոր-Լեբնաթին

27. և արևելյան կողմից դառնում է դեպի Բեթդագոն, հյուսիսային կողմից հասնում է Զաբուղոնին Հեփթայելի ձորում, Բեթամեկին ու Նեիելին և ձախ կողմից դուրս է գալիս Քաբող,

28. Եբրոն, Րոոբ, Համմոն և Կանա, մինչև մեծ Սիդոն։

29. Այս սահմանը դառնում է դեպի Ռամա, մինչև Տյուրոս՝ ամուր քաղաքը, շրջվում է դեպի Ուսա և վերջանում ծովում, Աքեզիբի վիճակում.

30. նաև Ամմա, Ափեկ և Րոոբ. քսաներկու քաղաք և դրանց գյուղերը։

31. Այս է Ասերի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, այս քաղաքները և դրանց գյուղերը։

32. Վեցերորդ վիճակը դուրս եկավ Նեփթաղիմին, այսինքն՝ Նեփթաղիմի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի։

33. Նրանց սահմանը եղավ Հելեփից, Ալոնից մինչև Սանանիմ, Ադամի-Նագեբ և Հաբնել, մինչև Լակում և վերջանում է Հորդանան գետում։

34. Արևմտյան կողմից այս սահմանը դառնում է դեպի Ազանոթ-Թաբոր, այնտեղից դուրս է գալիս Հուկոկ և հասնում հարավային կողմից մինչև Զաբուղոն, արևմտյան կողմից՝ մինչև Ասեր, արևելյան կողմից՝ մինչև Հուդա և Հորդանան գետը։

35. Պարսպապատ քաղաքներն էին՝ Ասեդիմ, Սեր, Ամաթ, Ռեկկաթ, Քեներեթ,

36. Ադամա, Ռամա, Հասոր,

37. Կադես, Եդրայի, Ենհասոր,

38. Հարոն, Մակդաղիել, Հարեմ, Բեթանաթ և Բեթսամյուս. տասնինը քաղաք և դրանց գյուղերը։

39. Այս է Նեփթաղիմի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, այս քաղաքները և դրանց գյուղերը։

40. Յոթերորդ վիճակը դուրս եկավ Դանի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի։

41. Նրանց ժառանգության սահմանը եղավ՝ Սարաա, Եսթավուղ, Իրսամես,

42. Սաղաբին, Այեղոն, Հեթլա,

43. Ելոն, Թամնաթա, Ակկարոն,

44. Ելթեկե, Քաբաթոն, Բաալոթ,

45. Եհուդ, Բանե-Բարակ, Գեթրեմոն,

46. Մեարկոն և Ռակկոն՝ Հոպպեի դիմացի սահմանի հետ։

47. Դանի որդիների սահմանը փոքր դուրս եկավ իրենց համար, ուստի Դանի որդիները վեր կացան ու պատերազմեցին Լեսեմի դեմ, գրավեցին այն, սրի քաշեցին նրա բնակիչներին, ժառանգեցին այն, բնակվեցին նրա մեջ և Լեսեմն իրենց հոր՝ Դանի անունով կոչեցին Դան։

48. Այս է Դանի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, այս քաղաքներն ու դրանց գյուղերը։

49. Երբ վերջացրին երկրի բաժանումն իր սահմաններով, Իսրայելի որդիները Նավեի որդի Հեսուին ժառանգություն տվեցին իրենց տարածքի մեջ։

50. Տիրոջ հրամանով նրան տվեցին նրա ուզած քաղաքը՝ Թամնաթ-Սարան, որը Եփրեմի լեռան վրա է։ Նա շինեց քաղաքը և բնակվեց նրա մեջ։

51. Սրանք են այն ժառանգությունները, որ Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն և Իսրայելի որդիների ցեղերի նահապետները Սելովում, Տիրոջ առաջ, ժողովի վրանի դռան մոտ վիճակով բաժանեցին և վերջացրին երկրի բաժանումը։

ՀԵՍՈՒ 20

1. Տերը խոսեց Հեսուի հետ՝ ասելով.

2. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Որոշե՛ք ձեզ համար ապաստանի այն քաղաքները, որոնց մասին Մովսեսի միջոցով ասել եմ ձեզ,

3. որպեսզի այնտեղ փախչի սխալմամբ, առանց գիտենալու մարդ սպանողը, և դրանք ձեզ համար ապաստարան լինեն արյան վրեժխնդիր եղողից։

4. Նա թող փախչի այդ քաղաքներից մեկնումեկը, կանգնի քաղաքի դռանը և այդ քաղաքի ծերերին ի լուր ասի իր իրավունքը, և նրանք, իրենց մոտ՝ քաղաքում ընդունելով նրան, տեղ թող տան նրան, որպեսզի բնակվի իրենց հետ։

5. Երբ արյան վրեժխնդիր եղողն ընկնի նրա հետևից, նրանք սպանողին նրա ձեռքը չմատնեն, որովհետև նա իր մերձավորին առանց գիտենալու է սպանել և նրա դեմ նախապես ատելություն չի ունեցել։

6. Նա այդ քաղաքում թող բնակվի, մինչև որ դատաստանի համար ժողովրդի առաջ կանգնի, և մինչև որ այն օրերին եղող քահանայապետը վախճանվի։ Այն ժամանակ սպանողը թող վերադառնա իր քաղաքն ու իր տունը, այսինքն՝ այն քաղաքը, որտեղից նա փախել էր”»։

7. Եվ որոշեցին Կադեսը Գալիլեայում՝ Նեփթաղիմի լեռնակողմում, Սյուքեմը՝ Եփրեմի լեռնակողմում և Կարիաթ-Արբան, այսինքն՝ Քեբրոնը՝ Հուդայի լեռնակողմում։

8. Իսկ Երիքովի դիմաց, Հորդանան գետի այն կողմում՝ դեպի արևելք, Ռուբենի ցեղից որոշեցին անապատի դաշտում գտնվող Բոսորը, Գադի ցեղից՝ Ռամոթը Գաղաադում և Մանասեի ցեղից՝ Գողանը Բասանում։

9. Սրանք են Իսրայելի բոլոր որդիների և նրանց մեջ բնակվող օտարականի համար որոշված քաղաքները, որպեսզի սխալմամբ մարդ սպանող ամեն ոք այնտեղ փախչի և չսպանվի արյան վրեժխնդիր եղողի ձեռքով, մինչև որ կանգնի ժողովրդի առաջ։

ՀԵՍՈՒ 21

1. Ղևտացիների նահապետները մոտեցան Եղիազար քահանային, Նավեի որդի Հեսուին և Իսրայելի որդիների ցեղերի նահապետներին,

2. խոսեցին նրանց հետ Սելովում՝ Քանանի երկրում, և ասացին. «Տերը Մովսեսի միջոցով հրամայեց բնակության համար մեզ քաղաքներ տալ և մեր անասունների համար՝ դրանց շրջակա ագարակները»։

3. Իսրայելի որդիները Տիրոջ հրամանով իրենց ժառանգություններից ղևտացիներին տվեցին այս քաղաքներն ու դրանց ագարակները։

4. Վիճակը դուրս եկավ Կահաթյանների ազգատոհմերին. և ղևտացիներից Ահարոն քահանայի որդիներին վիճակով դուրս եկան տասներեք քաղաքներ Հուդայի ցեղից, Շմավոնի ցեղից և Բենիամինի ցեղից։

5. Կահաթի մյուս որդիներին Եփրեմի ցեղի ազգատոհմերից, Դանի ցեղից և Մանասեի կես ցեղից վիճակով բաժին հասան տասը քաղաքներ։

6. Գերսոնի որդիներին Իսաքարի ցեղի ազգատոհմերից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից և Բասանի մեջ եղող Մանասեի կես ցեղից վիճակով հասան տասներեք քաղաքներ,

7. Մերարիի որդիների համար, ըստ իրենց տոհմերի, Ռուբենի ցեղից, Գադի ցեղից և Զաբուղոնի ցեղից՝ տասներկու քաղաքներ։

8. Իսրայելի որդիները այս քաղաքներն ու նրանց ագարակները վիճակով տվեցին ղևտացիներին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսի միջոցով։

9. Եվ Հուդայի որդիների ցեղից ու Շմավոնի որդիների ցեղից տվեցին այս քաղաքները, որոնք հիշատակված են իրենց անուններով,

10. և դրանք եղան Ահարոնի որդիներինը, որոնք Ղևիի որդիներից եղող Կահաթյանների ազգատոհմերից էին, քանի որ առաջին վիճակը նրանց էր դուրս եկել։

11. Նրանց տվեցին Հուդայի լեռան վրա գտնվող Ենակի հոր Քիրիաթ-Արբա քաղաքը, այսինքն՝ Քեբրոնը, իր շրջակա ագարակներով։

12. Քաղաքի ագարակներն ու գյուղերը տվեցին Հեփոնեի որդի Քաղեբին որպես կալվածք։

13. Ահարոնի որդիներին, որպես սպանողի համար ապաստանի քաղաք, տվեցին Քեբրոնն իր շրջակա ագարակներով. նաև Լեբնան իր շրջակա ագարակներով,

14. Հաթիրն իր շրջակա ագարակներով, Եսթեմովն իր շրջակա ագարակներով,

15. Քողոնն իր շրջակա ագարակներով, Դաբիրն իր շրջակա ագարակներով,

16. Այինն իր շրջակա ագարակներով, Հետտան իր շրջակա ագարակներով, Բեթսամյուսն իր շրջակա ագարակներով. ինը քաղաքներ այս երկու ցեղից։

17. Իսկ Բենիամինի ցեղից՝ Գաբավոնն իր շրջակա ագարակներով, Գաբան իր շրջակա ագարակներով,

18. Անաթոթն իր շրջակա ագարակներով և Գաղմոնն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։

19. Ահարոնի որդիների՝ քահանաների բոլոր քաղաքները տասներեքն էին՝ իրենց ագարակներով։

20. Կահաթի որդիներից մնացած ղևտացի Կահաթյանների ազգատոհմերն էլ վիճակով քաղաքներ ստացան Եփրեմի ցեղից։

21. Եփրեմի լեռնակողմում նրանց տվեցին սպանողի համար ապաստանի քաղաք Սյուքեմն իր շրջակա ագարակներով, Գազերն իր շրջակա ագարակներով,

22. Կաբսեմն իր շրջակա ագարակներով և Բեթորոնն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։

23. Դանի ցեղից՝ Ելթեկեն իր շրջակա ագարակներով, Գաբաթոնն իր շրջակա ագարակներով,

24. Այեղոնն իր շրջակա ագարակներով և Գեթրեմոնն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։

25. Մանասեի կես ցեղից՝ Թանաքն իր շրջակա ագարակներով և Գեթրեմոնն իր շրջակա ագարակներով. երկու քաղաք։

26. Կահաթի որդիներից մնացած ազգատոհմերի բոլոր քաղաքները տասն էին՝ իրենց ագարակներով։

27. Ղևտացիների ազգատոհմերից եղող Գերսոնի որդիներին Մանասեի կես ցեղից սպանողի համար Բասանում տվեցին ապաստանի քաղաք Գողանն իր ագարակներով. նաև Բեեստարան իր շրջակա ագարակներով. երկու քաղաք։

28. Իսաքարի ցեղից՝ Կեսիոնն իր շրջակա ագարակներով, Դաբարաթն իր շրջակա ագարակներով,

29. Հերիմութն իր շրջակա ագարակներով և Ենգանիմն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։

30. Աոերի ցեղից՝ Մասաղն իր շրջակա ագարակներով, Աբդոնն իր շրջակա ագարակներով,

31. Քեղկաթն իր շրջակա ագարակներով և Րոոբն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։

32. Նեփթաղիմի ցեղից սպանողի համար ապաստանի քաղաք տվեցին Գալիլեայում Կադեսն իր շրջակա ագարակներով. նաև Եմաթդորն իր շրջակա ագարակներով և Կարթանն իր շրջակա ագարակներով. երեք քաղաք։

33. Գերսոնյանների բոլոր քաղաքներն ըստ իրենց ազգատոհմերի տասներեքն էին՝ իրենց ագարակներով։

34. Մնացած ղևտացիներին, այսինքն՝ Մերարիի որդիների ազգատոհմերին, Զաբուղոնի ցեղից տվեցին Հեկնամն իր շրջակա ագարակներով, Կարթան իր շրջակա ագարակներով,

35. Դեմնան իր շրջակա ագարակներով և Նաաղոլն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։

36. Ռուբենի ցեղից՝ Բոսորն իր շրջակա ագարակներով, Հասսան իր շրջակա ագարակներով,

37. Կադեմոթն իր շրջակա ագարակներով և Մեփայաթն իր շրջակա ագարակներով. չորս քաղաք։

38. Գադի ցեղից Գաղաադում սպանողի համար ապաստանի քաղաք տվեցին Ռամոթն իր շրջակա ագարակներով. նաև Մանայիմն իր շրջակա ագարակներով,

39. Եսեբոնն իր շրջակա ագարակներով և Հազերն իր շրջակա ագարակներով. ընդամենը չորս քաղաք։

40. Ղևտացիների ազգատոհմերից մնացած Մերարիի որդիների վիճակով ստացած բոլոր քաղաքները, ըստ իրենց տոհմերի, եղան տասներկուսը։

41. Իսրայելի որդիների կալվածքների մեջ ղևտացիների բոլոր քաղաքները քառասունութն էին՝ իրենց ագարակներով։

42. Այս քաղաքներից ամեն մեկն ուներ իր շրջակա ագարակները. այս քաղաքները բոլորն էլ այդպես էին։

43. Տերն Իսրայելին տվեց այն ամբողջ երկիրը, որ նրանց հայրերին երդում էր արել տալու. նրանք ժառանգեցին այն և բնակվեցին նրա մեջ։

44. Տերը նրանց հանգիստ տվեց բոլոր կողմերից, ինչպես որ երդվել էր նրանց հայրերին, և նրանց բոլոր թշնամիներից ոչ մեկը չկարողացավ նրանց դեմ կանգնել. Տերը նրանց բոլոր թշնամիներին մատնեց նրանց ձեռքը։

45. Ոչ մի բան պակաս չմնաց այն բոլոր բարի խոսքերից, որ Տերն ասել էր Իսրայելի տան համար. բոլորը կատարվեցին։

ՀԵՍՈՒ 22

1. Այն ժամանակ Հեսուն կանչեց Ռուբենի, Գադի ցեղերին և Մանասեի կես ցեղին

2. ու նրանց ասաց. «Ինչ որ Տիրոջ ծառա Մովսեսը ձեզ հրամայել էր, դուք այդ բոլորը պահեցիք և անսացիք իմ խոսքին այն ամեն ինչում, որ պատվիրեցի ձեզ։

3. Այսքան շատ օրեր, մինչև այս օրը չթողեցիք ձեր եղբայրներին և պահեցիք ձեր Տեր Աստծու պատվիրանները։

4. Եվ հիմա ձեր Տեր Աստվածը հանգստացրեց ձեր եղբայրներին, ինչպես որ ասել էր նրանց, ուստի հիմա ե՛տ դարձեք, գնացե՛ք ձեր վրանները, դեպի ձեր կալվածքի երկիրը, որ Տիրոջ ծառա Մովսեսը տվել է ձեզ Հորդանանի այն կողմում։

5. Միայն թե շատ զգո՛ւյշ եղեք, որ գործադրեք այն պատվիրաններն ու այն օրենքը, որ Տիրոջ ծառա Մովսեսը պատվիրել է ձեզ. որ սիրեք ձեր Տեր Աստծուն, ընթանաք նրա բոլոր ճանապարհներով, պահեք նրա պատվիրանները, հարեք նրան և պաշտեք նրան ձեր ամբողջ սրտով և ձեր ամբողջ հոգով»։

6. Եվ Հեսուն օրհնեց նրանց ու արձակեց, և նրանք գնացին իրենց վրանները։

7. Մանասեի կես ցեղին Մովսեսը ժառանգություն էր տվել Բասանում, իսկ մյուս կեսին Հեսուն տվեց նրանց եղբայրների հետ Հորդանան գետի այս կողմում՝ դեպի արևմուտք։ Երբ Հեսուն նրանց ուղարկեց իրենց վրանները, օրհնեց նրանց,

8. խոսեց նրանց հետ և ասաց. «Ե՛տ դարձեք ձեր վրանները մեծ հարստությամբ, չափազանց շատ անասուններով, արծաթով, ոսկով, պղնձով, երկաթով ու խիստ շատ զգեստներով և ձեր թշնամիների ավարը բաժանե՛ք ձեր եղբայրների հետ»։

9. Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը քանանացիների երկրում գտնվող Սելովում բաժանվեցին Իսրայելի որդիներից, որպեսզի գնան իրենց ժառանգությունը եղող երկիրը, այսինքն՝ Գաղաադի երկիրը, որը ստացել էին Մովսեսի միջոցով տրված Տիրոջ հրամանով։

10. Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը եկան Հորդանան գետի կողմերը, որ քանանացիների երկրում է, և այնտեղ՝ Հորդանան գետի մոտ, զոհասեղան շինեցին, տեսքով երևելի մի զոհասեղան։

11. Իսրայելի որդիները լսեցին, թե՝ «Ահա Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը զոհասեղան են շինել քանանացիների երկրի դիմաց՝ Հորդանան գետի շրջանում, Իսրայելի որդիների սահմանի մոտ»։

12. Երբ Իսրայելի որդիներն այս լսեցին, Իսրայելի որդիների ամբողջ համախմբումը հավաքվեց Սելովում, որպեսզի նրանց դեմ պատերազմելու գնա։

13. Իսրայելի որդիները Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի մոտ՝ Գաղաադի երկիր ուղարկեցին Եղիազարի որդի Փենեհես քահանային

14. և նրա հետ տասը իշխան, այսինքն՝ Իսրայելի բոլոր ցեղերի ամեն մի նահապետությունից մեկ իշխան, որոնցից յուրաքանչյուրը Իսրայելի հազարավորների մեջ մի նահապետության իշխան էր։

15. Նրանք գնացին Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի մոտ՝ Գաղաադ, և խոսեցին նրանց հետ՝ ասելով.

16. «Տիրոջ ամբողջ ժողովուրդն այսպես է ասում. “Դուք այդ ի՞նչ անհավատարմություն գործեցիք Իսրայելի Աստծու դեմ. այսօր խոտորվելով Տիրոջից և այսօր ապստամբելով Տիրոջ դեմ՝ դուք ձեզ համար զոհասեղան շինեցիք։

17. Մի՞թե քիչ էր մեզ համար Փոգորի անօրենությունը, որից մինչև այսօր չմաքրվեցինք, և Տիրոջ ժողովրդի վրա եկավ այդ հարվածը։

18. Դուք այսօր խոտորվեցիք Տիրոջից, ուրեմն եթե դուք այսօր ապստամբեք Տիրոջ դեմ, վաղը նա էլ կբարկանա Իսրայելի ամբո՛ղջ ժողովրդի վրա։

19. Եթե ձեր կալվածքի երկիրն անմաքուր եք համարում, անցե՛ք Տիրոջ կալվածքի երկիրը, որտեղ կանգնած է Տիրոջ խորանը, և ժառանգությո՛ւն ստացեք մեր մեջ, բայց մի՛ ապստամբեք Տիրոջ դեմ և մեր դեմ էլ մի՛ ապստամբեք՝ մեր Տեր Աստծու զոհասեղանից զատ ձեզ համար զոհասեղան շինելով։

20. Չէ՞ որ Զարայի որդի Աքարը մեղք գործեց՝ նզովված բաներից վերցնելով, և Տիրոջ բարկությունն ամբողջ Իսրայելի համայնքի վրա թափվեց, և այդ մարդը միայնակ չմեռավ իր անօրենության պատճառով”»։

21. Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը պատասխանեցին և ասացին Իսրայելի հազարապետներին.

22. «Աստվածների Աստվածը՝ Տերը, աստվածների Աստված Տերը գիտե, և Իսրայելն էլ թող գիտենա. եթե այս բանն ապստամբությամբ կամ Տիրոջ դեմ հանցանք գործելով արեցինք, թող մեզ այսօր չփրկի։

23. Եթե մեզ համար զոհասեղան շինեցինք Տիրոջից ետ դառնալու կամ դրա վրա ողջակեզ ու հացի ընծա մատուցելու և կամ դրա վրա խաղաղության զոհեր անելու համար, Տերն ինքը թող քննի։

24. Բայց մենք դա շինեցինք մեր վախից՝ ասելով, թե վաղը ձեր որդիները մեր որդիներին կասեն, թե՝ “Դուք Իսրայելի Տեր Աստծու հետ ի՞նչ ունեք.

25. Տերն ինքը մեր և ձեր միջև սահման դրեց Հորդանան գետը, ո՛վ Ռուբենի և Գադի որդիներ. դուք Տիրոջից բաժին չունեք”։ Եվ այսպիսով ձեր որդիները պատճառ կդառնան, որ մեր որդիները դադարեն Տիրոջից վախենալուց։

26. Այս պատճառով էլ ասացինք. “Մեզ համար մի զոհասեղան շինենք ոչ թե ողջակեզի և ոչ էլ զոհի համար,

27. այլ որպեսզի այն մի վկա լինի մեր և ձեր միջև և մեզանից հետո՝ նաև մեր սերունդների միջև, որ մեր ողջակեզներով, մեր զոհերով և մեր խաղաղության զոհերով Տիրոջ ծառայությունը նրա առաջ անենք, և վաղը ձեր որդիները չասեն մեր որդիներին, թե՝

28. Մենք ասացինք. “Եթե վաղը մեզ կամ մեր սերունդներին այսպես ասելու լինեն, մենք էլ կասենք, թե՝

29. Քա՛վ լիցի մեզ, որ մենք ապստամբենք Տիրոջ դեմ և այսօր Տիրոջից ետ դառնալով՝ զոհասեղան շինենք ողջակեզի համար, հացի ընծայի համար և զոհաբերության համար, բացի մեր Տեր Աստծու զոհասեղանից, որ խորանի առաջ է»։

30. Երբ Փենեհես քահանան, նրա հետ եղող ժողովրդի իշխաններն ու Իսրայելի հազարապետները լսեցին այս խոսքերը, որ ասացին Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի որդիները, դա հաճելի թվաց նրանց։

31. Եղիազարի որդի Փենեհես քահանան Ռուբենի որդիներին, Գադի որդիներին և Մանասեի որդիներին ասաց. «Այսօր իմացանք, որ Տերը մեր մեջ է, որովհետև դուք Տիրոջ դեմ չգործեցիք այս անհավատարմությունը և Իսրայելի որդիներին ազատեցիք Տիրոջ ձեռքից»։

32. Եղիազարի որդի Փենեհես քահանան և իշխանները Ռուբենի որդիների և Գադի որդիների մոտից՝ Գաղաադի երկրից, վերադարձան քանանացիների երկիրը՝ Իսրայելի որդիների մոտ, և լուր բերեցին նրանց։

33. Այս բանը հաճելի թվաց Իսրայելի որդիներին, որոնք օրհնեցին Աստծուն և չասացին, թե պատերազմելու կգնան նրանց դեմ, որպեսզի կործանեն Ռուբենի որդիների և Գադի որդիների բնակած երկիրը։

34. Ռուբենի որդիներն ու Գադի որդիները այդ զոհասեղանի անունը դրեցին Վկայություն, որովհետև ասացին. «Դա վկա է մեր միջև, որ Տերն է Աստված»։

ՀԵՍՈՒ 23

1. Շատ օրեր հետո, երբ Տերը հանգստացրել էր Իսրայելին նրա շրջակայքում եղած բոլոր թշնամիներից, և Հեսուն ծերացել ու օրերն անց էր կացրել,

2. այն ժամանակ Հեսուն կանչեց ամբողջ Իսրայելին, այսինքն՝ նրա ծերերին, իշխաններին, դատավորներին և գլխավորներին ու ասաց նրանց. «Ես ծերացել և օրերս անց եմ կացրել։

3. Դուք տեսաք այն ամենը, ինչ ձեր Տեր Աստվածն արեց ձեր առաջ այս բոլոր ազգերին. որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն էր ձեզ համար պատերազմողը։

4. Նայե՛ք, ես ձեզ համար վիճակով բաժանեցի այս մնացած ազգերը ձեր միջև որպես ժառանգություն, ըստ ձեր ցեղերի, այն բոլոր ազգերը, որոնց ես ջարդեցի Հորդանան գետից մինչև Մեծ ծովը՝ դեպի արևմուտք։

5. Ձեր Տեր Աստվածն ինքը նրանց կհալածի ու կքշի ձեր առջևից, և դուք կժառանգեք նրանց երկիրը, ինչպես որ ձեր Տեր Աստվածն ասել է ձեզ։

6. Ուրեմն շատ վճռակա՛ն եղեք, որ պահեք ու կատարեք այն ամենը, ինչ գրված է Մովսեսի օրենքի գրքում, որ դրանից աջ կամ ձախ չխոտորվեք,

7. որպեսզի չմտնեք ձեզ մոտ մնացած այդ ազգերի մեջ, չհիշեք նրանց աստվածների անունները, նրանցով չերդվեք և երկրպագություն չանեք նրանց,

8. այլ ձեր Տեր Աստծո՛ւն հարեք, ինչպես որ արել եք մինչև այսօր։

9. Տերը ձեր առջևից քշեց մեծ ու հզոր ազգերի, և մինչև այսօր ոչ ոք չկանգնեց ձեր դեմ։

10. Ձեզանից մեկը հազարին կհալածի, որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն է, որ պատերազմում է ձեզ համար, ինչպես որ ասել է ձեզ։

11. Ուրեմն շատ զգո՛ւյշ եղեք ձեր անձերի նկատմամբ, որ սիրեք ձեր Տեր Աստծուն։

12. Բայց եթե ետ դառնաք նրանից և ձեզ մոտ մնացած այս ազգերի մնացորդին հարեք, նրանց հետ խնամիություն անեք, խառնվեք նրանց հետ, և նրանք էլ՝ ձեզ հետ,

13. ապա ստո՛ւյգ իմացեք, որ ձեր Տեր Աստվածն այլևս այս ազգերին չի հալածի ձեր առջևից, այլ նրանք ձեզ համար որոգայթ և թակարդ կդառնան, խթաններ՝ ձեր կողերի համար և փշեր՝ ձեր աչքերի համար, մինչև որ բնաջինջ լինեք այս բարի երկրի վրայից, որ ձեր Տեր Աստվածը տվեց ձեզ։

14. Եվ ահա ես այսօր ամբողջ երկրի ճանապարհն եմ գնում, և դուք ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով գիտեք, որ ձեր Տեր Աստվածը ձեզ համար ինչքան բարի խոսքեր որ ասել էր, դրանցից մի բան չպակասեց, բոլորն էլ կատարվեցին ձեզ համար, դրանցից ոչ մի խոսք գետինը չընկավ։

15. Եվ ինչպես որ ձեզ վրա կատարվեցին ձեր Տեր Աստծու ձեզ համար ասած բոլոր բարի խոսքերը, այդպես էլ Տերը ձեզ վրա կկատարի բոլոր չար խոսքերը, մինչև որ բնաջնջի ձեզ այս բարի երկրի վրայից, որ ձեր Տեր Աստվածը տվեց ձեզ։

16. Եթե դուք դրժեք ձեր Տեր Աստծու ձեզ պատվիրած ուխտը և գնաք օտար աստվածների պաշտեք և նրա՛նց երկրպագություն անեք, Տիրոջ բարկությունը կբորբոքվի ձեզ վրա, և դուք շուտով կկորչեք ձեզ տրված այս բարի երկրից»։

ՀԵՍՈՒ 24

1. Հեսուն Իսրայելի բոլոր ցեղերին հավաքեց Սյուքեմում և կանչեց Իսրայելի ծերերին, իշխաններին, դատավորներին ու գլխավորներին, և նրանք կանգնեցին Աստծու առաջ։

2. Եվ Հեսուն ասաց ամբողջ ժողովրդին. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Հնում ձեր նախահայրերը՝ Աբրահամի հայրը և Նաքորի հայրը՝ Թարան, բնակվում էին Գետի այն կողմում և օտար աստվածների էին պաշտում։

3. Ես վերցրի ձեր հայր Աբրահամին Եփրատ գետի այն կողմից, շրջել տվեցի նրան Քանանի ամբողջ երկրում, բազմացրի նրա սերունդը, նրան տվեցի Իսահակին,

4. Իսահակին տվեցի Հակոբին ու Եսավին և Եսավին տվեցի Սեիր լեռը որպես ժառանգություն, բայց Հակոբն ու նրա որդիները իջան Եգիպտոս։

5. Ես ուղարկեցի Մովսեսին ու Ահարոնին և հարվածեցի Եգիպտոսին (ինչպես որ նրա մեջ կատարեցի), հետո ձեզ հանեցի։

6. Ես Եգիպտոսից հանեցի ձեր հայրերին, և դուք եկաք մինչև ծովը. եգիպտացիները կառքերով և ձիավորներով ընկան ձեր հայրերի հետևից մինչև Կարմիր ծովը։

7. Նրանք աղաղակեցին Տիրոջը, և նա խավար դրեց ձեր ու եգիպտացիների միջև, ծովը նրանց վրա բերեց ու ծածկեց նրանց։ Ձեր աչքերը տեսան, ինչ որ արեցի Եգիպտոսում։ Ապա երկար ժամանակ դուք բնակվեցիք անապատում։

8. Ես ձեզ բերեցի Հորդանան գետի այն կողմում բնակվող ամորհացիների երկիրը, և նրանք պատերազմեցին ձեր դեմ. ես նրանց ձեր ձեռքը մատնեցի, նրանց բնաջնջեցի ձեր առաջ, և դուք ժառանգեցիք նրանց երկիրը։

9. Մովաբի թագավոր Սեպփորի որդի Բաղակը վեր կացավ և պատերազմեց Իսրայելի դեմ։ Նա մարդ ուղարկեց Բեորի որդի Բաաղամին կանչելու, որպեսզի նզովի ձեզ։

10. Բայց ես չուզեցի լսել Բաաղամին. նա ձեզ օրհնեց, և ես ձեզ ազատեցի նրա ձեռքից։

11. Հորդանան գետն անցնելով՝ եկաք Երիքով, և Երիքովի բնակիչները՝ ամորհացիները, փերեզացիները, քանանացիները, քետացիները, գերգեսացիները, խևացիներն ու հեբուսացիները, պատերազմեցին ձեր դեմ, և ես նրանց ձեր ձեռքը մատնեցի։

12. Ձեր առաջից իշամեղուներ ուղարկեցի, որոնք նրանց, այսինքն՝ ամորհացիների երկու թագավորներին, քշեցին ձեր առջևից. ո՛չ քո սրով և ո՛չ էլ քո աղեղով։

13. Ես ձեզ տվեցի մի երկիր, որտեղ դուք չեք աշխատել, քաղաքներ, որ դուք չեք կառուցել, բայց բնակվում եք դրանց մեջ և ուտում եք այն այգիներից ու ձիթենիներից, որ դուք չեք տնկել”։

14. Այժմ վախեցե՛ք Տիրոջից և հավատարմությամբ ու ճշմարտությամբ ծառայե՛ք նրան. դե՛ն գցեք այն աստվածները, որոնց ձեր հայրերը ծառայում էին Գետի այն կողմում ու Եգիպտոսում, և պաշտե՛ք Տիրոջը։

15. Բայց եթե Տիրոջը ծառայություն անելը հաճելի չէ ձեզ համար, ապա ընտրե՛ք այսօր, թե ո՛ւմ եք ծառայելու՝ Եփրատ գետի այն կողմում ձեր հայրերի պաշտած աստվածների՞ն, թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Բայց ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտելու»։

16. Ժողովուրդը պատասխան տվեց և ասաց. «Քա՛վ լիցի, որ մենք թողնենք Տիրոջը և ուրիշ աստվածների պաշտենք,

17. որովհետև Տերն է մեր Աստվածը, նա՛ հանեց մեզ և մեր հայրերին Եգիպտոսի երկրից՝ ծառայության տնից, նա՛ գործեց մեր աչքերի առաջ այս մեծ նշանները և պահպանեց մեզ մեր գնացած ամբողջ ճանապարհին ու բոլոր ազգերի մեջ, որոնց միջով մենք անցանք։

18. Տերը մեր առջևից քշեց բոլոր ազգերին և այս երկրում բնակվող ամորհացիներին. ուրեմն մենք էլ Տիրոջն ենք պաշտելու, որովհետև նա է մեր Աստվածը»։

19. Հեսուն ժողովրդին ասաց. «Դուք չեք կարող Տիրոջը պաշտել, որովհետև նա սուրբ Աստված է. նա նախանձոտ Աստված է, չի ների ձեր հանցանքներն ու մեղքերը։

20. Երբ դուք Տիրոջը թողնեք և օտար աստվածների պաշտեք, այն ժամանակ նա ետ կդառնա և ձեզ բարիք անելուց հետո, ձեզ չարչարելով, բնաջինջ կանի»։

21. Եվ ժողովուրդը Հեսուին ասաց. «Ո՛չ, մենք Տիրոջն ենք պաշտելու»։

22. Հեսուն ժողովրդին ասաց. «Դուք ձեր վկաներն եք, որ դուք Տիրոջն ընտրեցիք նրան պաշտելու համար»։ Եվ նրանք ասացին. «Վկա ենք»։

23. «Ուրեմն հիմա դե՛ն գցեք ձեր մեջ եղած օտար աստվածները և ձեր սիրտն Իսրայելի Տեր Աստծո՛ւն դարձրեք»։

24. Եվ ժողովուրդը Հեսուին ասաց. «Մենք մեր Տեր Աստծո՛ւն պիտի պաշտենք և նրա խո՛սքը պիտի լսենք»։

25. Նույն օրը Հեսուն ժողովրդի հետ ուխտ արեց և Սյուքեմում կանոն ու հրաման հաստատեց նրա համար։

26. Հեսուն այդ խոսքերը գրեց Աստծու օրենքի գրքում. և մի մեծ քար առավ ու այն կանգնեցրեց Տիրոջ սրբարանի մոտ գտնվող բևեկնի ծառի տակ։

27. Եվ Հեսուն ամբողջ ժողովրդին ասաց. «Ահա այս քարը մեզ վկա լինի, որովհետև սա լսեց Տիրոջ մեզ ասած բոլոր խոսքերը. ուրեմն սա վկա լինի ձեզ համար, որ չլինի թե ուրանաք ձեր Աստծուն»։

28. Ապա Հեսուն արձակեց ժողովրդին՝ ամեն մարդու դեպի իր ժառանգությունը։

29. Այս բաներից հետո մեռավ Տիրոջ ծառա Նավեի որդի Հեսուն՝ հարյուր տասը տարեկան լինելով։

30. Նրան թաղեցին իր ժառանգության սահմանի մեջ՝ Գաաս լեռան հյուսիսային կողմում գտնվող Եփրեմի լեռան վրա, Թամնաթ-Սարայում։

31. Իսրայելը պաշտեց Տիրոջը Հեսուի բոլոր օրերին և այն ծերերի բոլոր օրերին, որոնք ողջ մնացին Հեսուից հետո և որոնք գիտեին Իսրայելի համար Տիրոջ արած բոլոր գործերը։

32. Հովսեփի ոսկորները, որ Իսրայելի որդիները հանել էին Եգիպտոսից, թաղեցին Սյուքեմում՝ ագարակի այն մասում, որ Հակոբը գնել էր Սյուքեմի հոր՝ Եմորի որդիներից հարյուր կեսիթայով,*և դա Հովսեփի որդիների ժառանգությունը եղավ։

33. Մեռավ նաև Ահարոնի որդի Եղիազարը. նրան թաղեցին այն բլրի վրա, որը տրվել էր նրա որդի Փենեհեսին Եփրեմի լեռան վրա։