Ա
Ս
Տ
Ծ
Ո

Ժ
Ո
Ղ
Ո
Վ
Ո
Ւ
Ր
Դ
.
.
.

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

Աստվածաշունչ (online)

Ընտրել Գիրքը...

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրել Գլուխը...

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1

1. Հեսուի մեռնելուց հետո Իսրայելի որդիները Տիրոջը հարցրին և ասացին. «Ո՞վ առաջ վեր կկենա քանանացիների դեմ՝ մեզ համար նրանց դեմ պատերազմելու»։

2. Եվ Տերն ասաց. «Թող Հուդան վեր կենա. ահա երկիրը նրա ձեռքը տվի»։

3. Եվ Հուդան իր եղբայր Շմավոնին ասաց. «Ինձ հետ վե՛ր կաց գնանք իմ տարածքը և պատերազմենք քանանացիների դեմ, ես էլ քեզ հետ կգամ քո տարածքը»։ Եվ Շմավոնը գնաց նրա հետ։

4. Եվ Հուդան ելավ, և Տերը քանանացիներին ու փերեզացիներին տվեց նրանց ձեռքը, և Բեզեկում նրանցից տասը հազար մարդ կոտորեցին։

5. Բեզեկի մեջ նրանք գտան Ադոնիբեզեկին և պատերազմեցին նրա դեմ և կոտորեցին քանանացիներին ու փերեզացիներին։

6. Ադոնիբեզեկը փախավ, բայց նրանք, նրա հետևից ընկնելով, բռնեցին նրան և կտրեցին նրա ձեռքերի ու ոտքերի մեծ մատները։

7. Եվ Ադոնիբեզեկն ասաց. «Յոթանասուն թագավոր, որոնց ձեռքերի և ոտքերի մեծ մատները կտրված էին, իմ սեղանի տակ փշրանքներ էին հավաքում։ Ինչպես որ ես արեցի, Աստված էլ ինձ այնպես հատուցում արեց»։ Եվ նրան տարան Երուսաղեմ, ու նա այնտեղ մեռավ։

8. Հուդայի որդիները պատերազմեցին Երուսաղեմի դեմ, վերցրին այն ու սրի քաշեցին և նրանց քաղաքը կրակով այրեցին։

9. Հետո Հուդայի որդիներն իջան ցած, որ պատերազմեն լեռնակողմում և հարավում ու դաշտավայրում բնակվող քանանացիների դեմ։

10. Եվ Հուդան գնաց Քեբրոնում բնակվող քանանացիների դեմ (Քեբրոնի անունն առաջ Կարիաթ-Արբա էր), և ջարդեցին Սեսին, Աքիմանին ու Թոլմիին։

11. Եվ այնտեղից գնաց Դաբիրի բնակիչների դեմ (Դաբիրի անունն առաջ Կարիաթ-Սեփեր էր)։

12. Քաղեբն ասաց. «Ով որ զարկի Կարիաթ-Սեփերին և վերցնի, իմ աղջիկ Աքսային նրան կնության կտամ»։

13. Եվ Քաղեբի փոքր եղբոր՝ Կենեզի որդին՝ Գոթոնիելը, վերցրեց այն, և Քաղեբն իր աղջիկ Աքսային կնության տվեց նրան։

14. Երբ աղջիկը գնում էր, Գոթոնիելը նրան հորդորեց, որ իր հորից մի ագարակ ուզի. աղջիկն էշից ցած իջավ, և Քաղեբն ասաց նրան. «Ի՞նչ ես ուզում»։

15. Աղջիկը նրան ասաց. «Ինձ օրհնությո՛ւն տուր. քանի որ ինձ հարավային մի երկիր ես տվել, ինձ ջրի աղբյուրնե՛ր էլ տուր»։ Եվ Քաղեբը նրան տվեց վերի աղբյուրները և ցածի աղբյուրները։

16. Մովսեսի աներ Կենեցիի հետնորդները Հուդայի որդիների հետ Արմավենիների քաղաքից ելան ու գնացին Հուդայի անապատը, որը գտնվում է Արադի հարավային կողմում, և բնակվեցին ժողովրդի հետ։

17. Հուդան իր եղբայր Շմավոնի հետ գնաց, և Սեփաթում բնակվող քանանացիներին ջարդեցին ու կործանեցին* քաղաքը և այդ քաղաքի անունը Հորմա կոչեցին։

18. Հուդայի որդիները վերցրին Գազան ու նրա սահմանը, Ասկաղոնն ու նրա սահմանը, Ակկարոնն ու նրա սահմանը։

19. Տերը Հուդայի հետ էր, և նա տիրեց սարին, բայց չկարողացավ հալածել հովիտների բնակիչներին, որովհետև նրանք երկաթե կառքեր ունեին։

20. Քեբրոնը Քաղեբին տվեցին, ինչպես որ Մովսեսն ասել էր, և նա այնտեղից հալածեց Ենակի երեք որդիներին։

21. Բենիամինի որդիները չհալածեցին Երուսաղեմում բնակվող հեբուսացիներին. և հեբուսացիները Բենիամինի որդիների հետ մինչև այսօր բնակվում են Երուսաղեմում։

22. Հովսեփի տունն էլ վեր կացավ Բեթելի դեմ, և Տերը նրանց հետ էր։

23. Եվ Հովսեփի տունը լրտեսեց Բեթելը (այդ քաղաքի անունն առաջ Լուզ էր)։

24. Պահապանները մի մարդ տեսան, որը դուրս էր գալիս այդ քաղաքից, և նրան ասացին. «Աղաչում ենք, մեզ ցո՛ւյց տուր քաղաք մտնելու տեղը, և քեզ ողորմություն կանենք»։

25. Եվ նա քաղաք մտնելու տեղը ցույց տվեց նրանց, և նրանք քաղաքը սրի բերան տվին, բայց այն մարդուն ու նրա ամբողջ ազգատոհմը թողեցին։

26. Այդ մարդը քետացիների երկիրը գնաց և մի մեծ քաղաք շինեց ու նրա անունը Լուզ կոչեց. մինչև այսօր այդ է նրա անունը։

27. Մանասեն չհալածեց Բեթսանի և նրա գյուղաքաղաքների, Թանաքի և նրա գյուղաքաղաքների բնակիչներին, Դորի և նրա գյուղաքաղաքների բնակիչներին, Հեբղաամի և նրա գյուղաքաղաքների բնակիչներին, Մակեդդովի և նրա գյուղաքաղաքների բնակիչներին, և քանանացիները շարունակեցին բնակվել այս երկրում։

28. Երբ Իսրայելը զորացավ, քանանացիներին հարկադրեցին տաժանակիր աշխատել իրենց համար, բայց նրանց ամբողջովին դուրս չքշեցին։

29. Եփրեմն էլ չհալածեց Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները նրանց հետ բնակվեցին Գազերում։

30. Զաբուղոնն էլ չհալածեց Կեդրոնի բնակիչներին ու Նաաղոլի բնակիչներին, և քանանացիները բնակվեցին նրանց մեջ ու հարկադրված սկսեցին աշխատել նրանց համար։

31. Ասերը չհալածեց Ակքոյի բնակիչներին և Սիդոնի, Աքղապի, Աքեզիբի, Ելբայի, Ափեկի ու Րոոբի բնակիչներին,

32. այլ Ասերի որդիները բնակվեցին այդ երկրում բնակվող քանանացիների մեջ, որովհետև նրանց չհալածեցին։

33. Նեփթաղիմը չհալածեց Բեթսամյուսի բնակիչներին և Բեթանաթի բնակիչներին, այլ բնակվեց այդ երկրում բնակվող քանանացիների մեջ, և Բեթսամյուսի ու Բեթանաթի բնակիչները հարկադրված սկսեցին աշխատել նրանց համար։

34. Եվ ամորհացիները Դանի որդիներին նեղեցին սարի վրա, քանի որ նրանց թույլ չտվին, որ դաշտավայր իջնեն։

35. Եվ ամորհացիները շարունակեցին բնակվել Հարես սարում, Այեղոնի և Սաղաբինի մեջ, բայց երբ Հովսեփի տան ձեռքը զորացավ, նրանք հարկադրված սկսեցին աշխատել նրանց համար։

36. Եվ ամորհացիների սահմանը վեր էր Ակրաբիմի զառիվայրից՝ Սելայից,* և նրանից էլ վեր էր։

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 2

1. Տիրոջ հրեշտակը Գաղգաղայից Բոքիմ ելավ և ասաց. «Ձեզ Եգիպտոսից հանեցի և ձեզ բերեցի այն երկիրը, որի համար երդվել էի ձեր հայրերին, և ասացի. “Ձեզ հետ արած ուխտս հավիտյան չեմ դրժելու։

2. Իսկ դուք դաշինք մի՛ կնքեք այս երկրի բնակիչների հետ, քանդե՛ք նրանց սեղանները”. բայց դուք չհնազանդվեցիք իմ ձայնին. դուք այդ ի՞նչ եք արել։

3. Ես էլ ասացի. “Նրանց չեմ քշելու ձեր առաջից, և նրանք ձեզ համար հակառակորդ կլինեն, և նրանց աստվածն էլ՝ ձեզ համար որոգայթ”»։

4. Երբ Տիրոջ հրեշտակն ամբողջ Իսրայելի որդիների հետ խոսեց այս խոսքերը, ժողովուրդը, ձայնը բարձրացնելով, լաց եղավ։

5. Եվ այնտեղի անունը Բոքիմ կոչեցին և այնտեղ Տիրոջը զոհ մատուցեցին։

6. Եվ երբ Հեսուն արձակեց ժողովրդին, Իսրայելի որդիներն ամեն մեկն իր կալվածքը գնաց՝ երկիրը ժառանգելու համար։

7. Ժողովուրդը Հեսուի կյանքի բոլոր օրերին պաշտեց Տիրոջը և Հեսուից հետո էլ ողջ մնացած ծերերի բոլոր օրերին, որոնք տեսել էին բոլոր մեծ գործերը, որ Տերն արել էր Իսրայելի համար։

8. Եվ Տիրոջ ծառա Հեսուն՝ Նավեի որդին, մեռավ հարյուր տասը տարեկանում։

9. Նրան թաղեցին իր ժառանգության սահմանում՝ Գաաս սարի հյուսիսային կողմում, Եփրեմի սարի Թամնաթ-Հարեսում։

10. Եվ այդ սերնդի բոլոր մարդիկ ննջեցին իրենց հայրերի հետ, և նրանցից հետո ելավ ուրիշ մի սերունդ, որը չէր ճանաչում ո՛չ Տիրոջը և ո՛չ էլ այն գործերը, որ նա արել էր Իսրայելի համար։

11. Իսրայելի որդիները չարիք գործեցին Տիրոջ առաջ և պաշտեցին Բահաղներին։

12. Թողեցին իրենց հայրերի Տեր Աստծուն, որ Եգիպտոսի երկրից հանել էր նրանց, և հետևեցին ուրիշ աստվածների, այսինքն՝ իրենց շուրջը եղած ազգերի մի քանի աստվածներին, երկրպագեցին նրանց և բարկացրին Տիրոջը։

13. Տիրոջը թողեցին և պաշտեցին Բահաղին ու Աստարովթին։

14. Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի վրա. նա կողոպտիչների ձեռքը մատնեց նրանց, և նրանք կողոպտեցին նրանց, շրջակա թշնամիների ձեռքը մատնեց, և այլևս չէին կարողանում կանգնել իրենց թշնամիների առջև։

15. Ամեն անգամ, երբ պատերազմի էին գնում, Տիրոջ ձեռքը նրանց վրա էր չարիքի համար, ինչպես ասել էր Տերը և ինչպես որ երդվել էր նրանց. և նրանք շատ մեծ նեղության մեջ էին։

16. Եվ Տերը դատավորներ առաջ բերեց, որոնք ազատեցին նրանց կողոպտիչների ձեռքից։

17. Սակայն նրանք իրենց դատավորներին էլ չլսեցին և հետևելով ուրիշ աստվածների՝ մոլորվեցին* ու նրանց երկրպագեցին։ Նրանք շուտով խոտորվեցին այն ճանապարհից, որով գնում էին իրենց հայրերը՝ Տիրոջը հնազանդվելով. նրանց պես չարեցին։

18. Երբ Տերը նրանց համար դատավորներ էր կարգում, Տերն այդ դատավորի հետ էր լինում և այդ դատավորի կյանքի բոլոր օրերին նրանց ազատում էր իրենց թշնամիների ձեռքից, որովհետև Տերը ցավ էր զգում նրանց նեղություն տվողների և չարչարողների երեսից իրենց կրած հեծության համար։

19. Եվ երբ այդ դատավորը մեռնում էր, նրանք դարձյալ իրենց հայրերից ավելի էին անօրինանում՝ հետևելով օտար աստվածներին, նրանց պաշտելով և երկրպագելով նրանց. ետ չէին դառնում իրենց վատ գործերից և իրենց խստապարանոց ընթացքից։

20. Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի վրա, և ասաց. «Քանի որ այս ազգը զանց է առնում այն ուխտը, որ ես պատվիրեցի իրենց հայրերին, և չի լսում իմ ձայնին,

21. ես էլ այսուհետև նրանց առաջից չեմ հալածելու ոչ մեկին այն ազգերից, որոնց Հեսուն թողեց մեռնելիս,

22. որպեսզի նրանցով փորձեմ Իսրայելին, թե արդյոք նրանք իրենց հայրերի պես կզգուշանա՞ն Տիրոջ ճանապարհով գնալու համար, թե՞ ոչ»։

23. Եվ Տերը թողեց այդ ազգերին և շուտով չհալածեց ու նրանց Հեսուի ձեռքը չմատնեց։

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 3

1. Սրանք են այն ազգերը, որոնց Տերը թողեց, որ նրանցով փորձի Իսրայելին, այսինքն՝ ամենքին, որոնք չգիտեին քանանացիների բոլոր պատերազմների մասին.

2. միայն նրա համար, որ պատերազմել սովորեցնեն Իսրայելի որդիների սերունդներին, մանավանդ նրանց, որոնք առաջվանից պատերազմել չգիտեին.

3. փղշտացիների հինգ նախարարությունները, բոլոր քանանացիներին ու սինոդացիներին, խևացիներին, որոնք բնակվում էին Լիբանան սարում՝ Բաաղ-Հերմոն սարից մինչև Եմաթի մուտքը։

4. Սրանցով պիտի փորձեր Իսրայելին, որ իմանար, թե արդյոք կլսե՞ն Տիրոջ պատվիրանները, որ Մովսեսի միջոցով պատվիրեց նրանց հայրերին։

5. Եվ Իսրայելի որդիները բնակվեցին քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների ու հեբուսացիների մեջ,

6. նրանց աղջիկներին իրենց համար կին առան և իրենց աղջիկներին նրանց տղաներին տվեցին ու պաշտեցին նրանց աստվածներին։

7. Իսրայելի որդիները չարիք գործեցին Տիրոջ առաջ, մոռացան իրենց Տեր Աստծուն և պաշտեցին Բահաղիմներին ու Աստարովթներին։

8. Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի վրա, և նա նրանց մատնեց Միջագետքի* Քուսարսաթեմ թագավորի ձեռքը, և Իսրայելի որդիներն ութ տարի ծառայեցին Քուսարսաթեմին։

9. Իսրայելի որդիներն աղաղակեցին Տիրոջը, և Տերն Իսրայելի որդիների համար մի փրկիչ առաջ բերեց՝ Քաղեբի փոքր եղբայր Կենեզի որդի Գոթոնիելին, որն ազատեց նրանց։

10. Տիրոջ Հոգին իջավ նրա վրա, և նա դատավորություն էր անում Իսրայելում, ու երբ պատերազմի ելավ, Տերը նրա ձեռքը մատնեց Միջագետքի Քուսարսաթեմ թագավորին, և նրա ձեռքը զորացավ Քուսարսաթեմ թագավորի դեմ։

11. Երկիրը քառասուն տարի հանգստացավ, և Կենեզի որդի Գոթոնիելը մեռավ։

12. Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ, և Տերը զորացրեց Մովաբի Էգղոն թագավորին Իսրայելի դեմ՝ Տիրոջ առաջ նրանց գործած չարիքի պատճառով։

13. Եվ Էգղոնն իր մոտ ժողովեց Ամմոնի ու Ամաղեկի որդիներին և գնաց զարկեց Իսրայելին ու տիրեց Արմավենիների քաղաքին։

14. Եվ Իսրայելի որդիները Մովաբի Էգղոն թագավորին ծառայեցին տասնութ տարի։

15. Երբ Իսրայելի որդիներն աղաղակեցին Տիրոջը, Տերը նրանց համար առաջ բերեց մի փրկիչ՝ Բենիամինի ցեղից Գերայի որդի Ավոդին*, որը ձախլիկ էր. և Իսրայելի որդիները նրա միջոցով ընծաներ ուղարկեցին Մովաբի Էգղոն թագավորին։

16. Ավոդը մեկ կանգուն երկարությամբ երկսայրի սուր շինեց իր համար և այն կապեց իր հանդերձների տակից՝ իր աջ ազդրի վրա։

17. Եվ ընծան տարավ Մովաբի Էգղոն թագավորին (Էգղոնը խիստ գեր մարդ էր)։

18. Եվ երբ ընծան տվեց վերջացրեց, ընծան կրող մարդկանց ետ ուղարկեց,

19. և ինքը Գաղգաղայում եղած կուռքերի մոտից ետ դարձավ ու ասաց. «Ո՛վ թագավոր, քեզ ծածուկ ասելու խոսք ունեմ»։ Նա ասաց. «Լո՛ւռ կաց»։ Բոլոր նրա մոտ եղողները դուրս ելան։

20. Եվ Ավոդը մոտեցավ նրան, իսկ նա նստած էր իրեն հատկացված ամառանոցի վերնատանը, և Ավոդը նրան ասաց. «Ես Աստծու խոսք ունեմ քեզ համար». և նա վեր կացավ աթոռի վրայից։

21. Ավոդն իր ձախ ձեռքը մեկնեց, սուրը քաշեց իր աջ ազդրի վրայից և կոխեց նրա փորը։

22. Սրի ետևից կոթն էլ ներս մտավ, և սուրը ծածկվեց ճարպով, որովհետև սուրը չհանեց նրա փորից, և աղբը դուրս ելավ։

23. Եվ Ավոդը դուրս եկավ նախասրահը, վերնատան դռները փակեց իր ետևից ու կողպեց։

24. Եվ ինքը դուրս եկավ ու գնաց։ Նրա ծառաները գնացին տեսան, որ վերնատան դռներն ահա կողպված էին, և ասացին. «Նա, անտարակույս, իր ամառանոցի սենյակում բնական կարիքի է գնացել*»։

25. Երկար սպասեցին, բայց ահա վերնատան դռները ոչ ոք չէր բացում, և բանալին վերցրին, բաց արեցին, տեսան՝ ահա իրենց տերը մեռած ընկած էր գետնի վրա։

26. Եվ քանի դեռ նրանք ուշանում էին, Ավոդը փախավ և անցնելով կուռքերի մոտով՝ ողջ ու առողջ հասավ Սեիրա։

27. Երբ տեղ հասավ, փող հնչեցրեց Եփրեմի սարի վրա, և Իսրայելի որդիներն այն սարից իջան նրա հետ, և ինքը նրանց առջևում էր։

28. Եվ նրանց ասաց. «Եկե՛ք իմ ետևից, որովհետև Տերը ձեր թշնամի մովաբացիներին ձեր ձեռքը մատնեց». և նրա ետևից իջան ու բռնեցին Հորդանանի այն գետանցները, որոնք Մովաբի առաջ էին, և թույլ չտվին, որ մի մարդ անցնի։

29. Այդ ժամանակ նրանք Մովաբից տասը հազարի չափ մարդ սպանեցին՝ բոլորն էլ հաղթանդամ և զորավոր մարդիկ, և ոչ մեկը չազատվեց։

30. Եվ այդ օրը Մովաբը նվաճվեց Իսրայելի ձեռքի տակ, և երկիրն ութսուն տարի հանգստացավ։

31. Եվ հետո Անաթի որդի Սամեգարը եղավ, որ եզների խթանով փղշտացիներից վեց հարյուր մարդ կոտորեց. սա էլ ազատեց Իսրայելին։

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 4

1. Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ. Ավոդը մեռել էր։

2. Եվ Տերը մատնեց նրանց քանանացիների Հաբին թագավորի ձեռքը, որը թագավորում էր Հասորում. նրա զորապետը Սիսարան էր և բնակվում էր Ազգերի Արիսոթի* մեջ։

3. Եվ Իսրայելի որդիներն աղաղակեցին Տիրոջը, որովհետև նա ինը հարյուր երկաթե կառքեր ուներ և քսան տարի սաստիկ նեղեց Իսրայելի որդիներին։

4. Այդ ժամանակ Իսրայելում դատավորություն էր անում Դեբորա մարգարեուհին՝ Ղաբիդոթի կինը։

5. Նա բնակվում էր Եփրեմի լեռնային շրջանում՝ Ռամայի և Բեթելի մեջտեղը, Դեբորայի արմավենու տակ. և Իսրայելի որդիները գնում էին վեր՝ նրա մոտ, դատաստանի համար։

6. Նա մարդ ուղարկեց և Նեփթաղիմի Կադեսից կանչեց Աբինոամի որդի Բարակին ու նրան ասաց. «Մի՞թե Իսրայելի Տեր Աստվածը չհրամայեց. “Գնա՛, վե՛ր ելիր Թաբոր սարը և քեզ հետ տասը հազար մա՛րդ վերցրու Նեփթաղիմի որդիներից ու Զաբուղոնի որդիներից,

7. և ես Կիսոնի հեղեղատի մոտ քո դեմ դիմաց կբերեմ Հաբինի զորապետ Սիսարային և նրա կառքերն ու բազմությունը և նրան կմատնեմ քո ձեռքը”»։

8. Բարակը Դեբորային ասաց. «Եթե ինձ հետ գաս, կգնամ, իսկ եթե չգաս, չեմ գնա»։

9. Եվ նա ասաց. «Անպայման կգամ քեզ հետ, բայց փառքը քոնը չի լինի քո գնացած ճանապարհին, որովհետև Տերը մի կնոջ ձեռքը պիտի մատնի Սիսարային»։ Եվ Դեբորան վեր կացավ ու Բարակի հետ գնաց Կադես։

10. Բարակը Զաբուղոնին և Նեփթաղիմին հավաքեց Կադեսի մեջ, և տասը հազար մարդ գնաց նրա ետևից. Դեբորան էլ ելավ նրա հետ։

11. (Կենեցի Քաբերը բաժանվել էր Մովսեսի աներ Հոբաբի որդիներից՝ կենեցիներից, և իր վրանը կանգնեցրել էր Կադեսի մոտ՝ Սանանիմի կաղնու մոտ)։

12. Եվ Սիսարային իմաց տվին, թե Աբինոամի որդի Բարակը ելել է վեր՝ Թաբոր սարը։

13. Սիսարան իր բոլոր կառքերը՝ ինը հարյուր երկաթե կառքերը, և իր հետ եղած ամբողջ զորքն Ազգերի Արիսոթից հավաքեց Կիսոնի հեղեղատում։

14. Եվ Դեբորան ասաց Բարակին. «Վե՛ր կաց, որովհետև Տերն այսօր Սիսարային մատնեց քո ձեռքը. մի՞թե Տերը չէ դուրս գալիս քո առջև»։ Եվ Բարակն իջավ Թաբոր սարից, և տասը հազար մարդ կար նրա հետ։

15. Տերը խորտակեց Սիսարային և բոլոր կառքերն ու ամբողջ բանակը՝ սրի քաշելով Բարակի առաջ, և Սիսարան կառքից ցած իջավ ու ոտքով փախավ։

16. Բարակը հետապնդեց կառքերին ու բանակին մինչև Ազգերի Արիսոթը, և Սիսարայի ամբողջ բանակը սրի բերանով ընկավ, և մարդ չմնաց։

17. Սիսարան ոտքով փախավ, գնաց դեպի կենեցի Քաբերի կնոջ՝ Հայելի վրանը, որովհետև Հասորի Հաբին թագավորի և կենեցի Քաբերի տան միջև խաղաղություն կար։

18. Հայելը դուրս եկավ Սիսարային դիմավորելու և նրան ասաց. «Տե՛ր իմ, դարձի՛ր, ինձ մո՛տ դարձիր, մի՛ վախեցիր»։ Եվ նա ետ դարձավ դեպի վրանը՝ նրա մոտ, և կինը նրան ծածկեց գորգով։

19. Եվ նա ասաց այդ կնոջը. «Աղաչում եմ, ինձ մի քիչ ջո՛ւր տուր խմեմ, որովհետև ծարավ եմ»։ Նա էլ բացեց կաթի տիկն ու նրան խմեցրեց. և ծածկեց նրան։

20. Եվ նա ասաց այդ կնոջը. «Վրանի դռա՛նը կանգնիր, և եթե մարդ գա, քեզ հարցնի ու ասի. “Այստեղ մարդ կա՞”, կասես՝ չկա»։

21. Քաբերի կինը՝ Հայելը, վերցրեց վրանի մի ցից, մուրճն էլ բռնեց ձեռքին, կամաց գնաց նրա մոտ և ցիցը խրեց նրա ծնոտի մեջ ու մեխեց գետնին. իսկ նա քնած էր, քանի որ հոգնած էր, ու մեռավ։

22. Ահա եկավ Բարակը, որը Սիսարայի ետևից էր ընկել. Հայելը դուրս ելավ նրան դիմավորելու և նրան ասաց. «Ե՛կ քեզ ցույց տամ այն մարդուն, որին դու փնտրում ես». նա այդ կնոջ հետ ներս մտավ, և ահա Սիսարան մեռած էր, ցած ընկած, և ցիցը նրա ծնոտի մեջ էր։

23. Աստված այդ օրը քանանացիների Հաբին թագավորին կորացրեց Իսրայելի որդիների առաջ։

24. Եվ Իսրայելի որդիների ձեռքն օրեցօր զորանում էր քանանացիների Հաբին թագավորի դեմ, մինչև որ բնաջինջ արեցին քանանացիների Հաբին թագավորին։

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5

1. Այն օրը Դեբորան և Աբինոամի որդի Բարակը երգեցին և ասացին.

2. «Իսրայելի զորավարներին առաջնորդելու համար*Եվ ժողովրդին հոժարակամ լինելու համարՕրհնեցե՛ք Տիրոջը։

3. Լսե՜ք, թագավորնե՛ր,Ակա՛նջ դրեք, իշխաննե՛ր,Ես երգում եմ Տիրոջը.Գովերգում եմ Իսրայելի Տեր Աստծուն։

4. Ո՜վ Տեր, երբ դու դուրս էիր գալիս ՍեիրիցԵվ չվում էիր Եդովմի դաշտից,Երկիրը շարժվեց, երկինքը տեղաց,Եվ ամպերը ջուր տեղացին։

5. Սարերը հալվեցին Տիրոջ երեսից,Նույնիսկ Սինան՝ Իսրայելի Տեր Աստծու երեսից։

6. Անաթի որդի Սամեգարի օրերին,Հայելի օրերինԴադարել էին ուղիները,Եվ ճանապարհները գնում էին խոտոր ուղիներով։

7. Իսրայելի գյուղերում բնակիչներ չմնացին,Չմնացին, մինչև որ վեր կացար դու, ո՛վ Դեբորա,Մինչև որ վեր կացար դու՝ որպես մայր Իսրայելում։

8. Նոր աստվածներ ընտրեցին,Իսկույն պատերազմ եղավ իրենց դռներին.Արդյոք վահան կամ նիզակ երևա՞ց՝Իսրայելի քառասուն հազարի մեջ։

9. Իմ սիրտը դեպի Իսրայելի իշխաններն է.Ո՛վ ժողովրդի անձնվեր որդիներ,Օրհնեցե՛ք Տիրոջը։

10. Սպիտակ էշերին հեծնողնե՛ր, Գորգի վրա* նստողնե՛րԵվ ճանապարհներին գնացողնե՛ր,Երգեցե՛ք։

11. Աղեղնավորների ձայնից ավելի բարձրԱյնտեղ՝ ջրի գուռերի մոտ,Գովաբանում են Տիրոջ հաղթանակները,Նրա գյուղացիների* ավելի բարձր հաղթանակները՝ Իսրայելի մեջ,Երբ Տիրոջ ժողովուրդը դեպի դռներն իջավ։

12. Արթնացի՛ր, արթնացի՛ր, Դեբորա՛,Արթնացի՛ր, արթնացի՛ր, ե՛րգ ասա,Վե՛ր կաց, Բարա՛կ,Քո գերությունը գերի՛ դարձրու, ո՛վ Աբինոամի որդի։

13. Այն ժամանակ վերապրողներըՀաղթող դուրս եկանԻշխանավորների դեմ։Տիրոջ ժողովուրդը գնաց հզորների դեմ։

14. Եփրեմից եկան նրանք, որոնց արմատն Ամաղեկում է,Քո ետևից, Բենիամի՛ն, քո ժողովրդի մեջՄաքիրից իջան իշխաններ,Եվ Զաբուղոնից՝ զորավարի մական* բռնողներ։

15. Եվ Իսաքարի իշխանները Դեբորայի հետ էին։Եվ Իսաքարն էլ Բարակի պեսՆրա ետևից հովիտ խուժեց.Ռուբենի տոհմերումՄեծ հուզմունք կար։

16. Ինչո՞ւ նստեցիր փարախների մեջ,Որ հոտերի մայելը լսես։Ռուբենի տոհմերումՄեծ տարակուսանք կար։

17. Գաղաադը բնակվում էր Հորդանանի այն կողմում,Եվ Դանն ինչո՞ւ պանդուխտ մնաց նավերի մոտ։Ասերը նստում է ծովի եզերքումԵվ բնակվում է իր նավահանգիստների մոտ։

18. Զաբուղոնը մի այնպիսի ժողովուրդ է,Որ իր կյանքն արհամարհում է մինչև մահ,Նաև Նեփթաղիմը՝ իրեն, դաշտի բարձր տեղերում։

19. Թագավորները եկան, պատերազմեցին.Այն ժամանակ պատերազմեցին քանանացիների թագավորներըԹանաքի մեջ՝ Մակեդդովի ջրի մոտ.Փողի ավար իսկ չառան։

20. Երկնքից պատերազմեցին.Աստղերն իրենց շրջաններիցՍիսարայի դեմ պատերազմեցին։

21. Կիսոնի հեղեղատը քշեց նրանց,Այն հին հեղեղատը՝ Կիսոնի հեղեղատը։Ո՛վ անձն իմ, առա՛ջ գնա զորությամբ։

22. Ձիերի սմբակներն այն ժամանակ կոտրտվեցին վազելուց,Նրա զորավորների վազելուց։

23. - Անիծե՛ք Մարովզը,- ասաց Տիրոջ հրեշտակը,-Նրա բնակիչներին անիծե՛ք սաստիկ,Քանզի Տիրոջ օգնությանը չեկան,Տիրոջ օգնությանը՝ զորավորների դեմ։

24. Օրհնյա՜լ լինի Հայելը կանանց մեջ,Կենեցի Քաբերի կինը,Օրհնյա՜լ լինի կանանցից վրանների մեջ։

25. Ջուր ուզեց, կաթ տվեց,Կարագ մատուցեց իշխանների ամանով։

26. Իր ձախ ձեռքը ցցին մեկնեցԵվ իր աջ ձեռքը՝ հյուսնի մուրճին,Եվ Սիսարային զարկեց, գլուխը ճեղքեց,Եվ ջարդեց, խրեց նրա ծնոտի մեջ։

27. Նա կորացավ, ընկավ, փռվեց Հայելի ոտքերի մեջ,Նրա ոտքերի մեջ կորացավ և ընկավ.Ուր որ կորացավ, այնտեղ էլ ընկավ խոցված։

28. Պատուհանից նայում է և աղաղակումՍիսարայի մայրը՝ վանդակի ետևից.Ինչո՞ւ է ուշանում նրա կառքը գալու,Ինչո՞ւ են դանդաղում նրա կառքի անիվները։

29. Իր իմաստուն տիկինները պատասխանում են նրան.Հենց ինքն էլ իր խոսքերի պատասխանն է տալիս իրեն.

30. Անշուշտ, նրանք ավար են գտել, բաժանում են այն.Մեկ կամ երկու աղջիկ՝ յուրաքանչյուր կտրիճի համար,Իսկ Սիսարայի համար՝ գույնզգույն ավարԳույնզգույն և նկարագործ ավար,Երկու կողմից հյուսկեն և պարանոցի համար գույնզգույն ավար։

31. Այսպես թող կորչեն քո բոլոր թշնամիները, ո՜վ Տեր,Իսկ նրան սիրողները լինեն իր զորությամբ ծագող արևի նման»։Եվ երկիրը հանգստացավ քառասուն տարի։

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6

1. Իսրայելի որդիները չարիք գործեցին Տիրոջ առաջ, և Տերը նրանց յոթ տարի մադիանացիների ձեռքը մատնեց։

2. Եվ մադիանացիների ձեռքը սաստկացավ Իսրայելի վրա. Իսրայելի որդիները մադիանացիների պատճառով իրենց համար սարերի մեջ խոռոչներ, քարայրեր և պատնեշներ շինեցին։

3. Երբ իսրայելացիները սերմ էին ցանում, մադիանացիները հարձակվում էին նրանց վրա. և ամաղեկացիներն ու արևելքի բնակիչներն էլ էին հարձակվում նրանց վրա.

4. նրանց դեմ բանակ էին կազմում ու փչացնում հողի բերքը մինչև Գազա և Իսրայելի մեջ ապրուստ չէին թողնում՝ ո՛չ ոչխար, ո՛չ արջառ և ո՛չ էլ էշ։

5. Որովհետև նրանք վեր էին կենում, գալիս իրենց հոտերով ու վրաններով, մորեխի պես բազմությամբ, այնպես որ նրանց և իրենց ուղտերին թիվ չկար, և երկիրն էին գալիս, որ փչացնեն այն։

6. Եվ Իսրայելը մադիանացիների պատճառով շատ աղքատացավ. և Իսրայելի որդիները Տիրոջն աղաղակեցին։

7. Եվ երբ Իսրայելի որդիները Տիրոջն աղաղակեցին մադիանացիների պատճառով,

8. Տերը մի մարգարե ուղարկեց Իսրայելի որդիների համար, և նա ասաց նրանց. «Իսրայելի Տեր Աստվածն այսպես է ասում. “Ես ձեզ հանեցի Եգիպտոսից և ձեզ դուրս բերի ծառայության տնից,

9. ձեզ ազատեցի եգիպտացիների ձեռքից ու բոլոր ձեզ նեղություն տվողների ձեռքից և նրանց քշեցի ձեր առաջից ու նրանց երկիրը ձեզ տվեցի.

10. և ձեզ ասացի.

11. Եվ Տիրոջ հրեշտակը եկավ ու նստեց Աբիեզերի որդի Հովասի բևեկնու տակ, որ Եփրայի մեջ էր, և նրա որդի Գեդեոնը հնձանում ցորեն էր ծեծում՝ մադիանացիների երեսից փախցնելու համար։

12. Եվ Տիրոջ հրեշտակը նրան երևաց ու ասաց. «Ո՜վ կտրիճ զորավոր, Տերը քեզ հետ է»։

13. Գեդեոնը նրան ասաց. «Ո՜հ, Տե՛ր իմ, եթե Տերը մեզ հետ է, ինչո՞ւ այս բոլոր բաները մեզ հասան. և ո՞ւր են նրա բոլոր հրաշքները, որոնք մեր հայրերը պատմում են մեզ՝ ասելով, թե Տերը մեզ Եգիպտոսից հանեց. բայց հիմա Տերը մերժել է մեզ և մեզ մադիանացիների ձեռքն է մատնել»։

14. Եվ Տերը նրան նայեց ու ասաց. «Գնա՛ քո այդ զորությամբ և Իսրայելն ազատի՛ր մադիանացիների ձեռքից։ Ահա ես եմ քեզ ուղարկում»։

15. Գեդեոնը նրան ասաց. «Ո՜հ, Տե՛ր իմ, ես ինչո՞վ ազատեմ Իսրայելը. ահա իմ ազգատոհմն ամենից աղքատն է Մանասեի մեջ, և ես էլ իմ հոր տան կրտսերն եմ»։

16. Եվ Տերը նրան ասաց. «Ես քեզ հետ պիտի լինեմ, և դու մեկ մարդու պես պիտի զարկես Մադիամին»։

17. Եվ նա նրան ասաց. «Աղաչում եմ, եթե ես քո աչքի առաջ շնորհ գտա, ինձ մի նշա՛ն ցույց տուր, որ դու ես ինձ հետ խոսողը։

18. Աղաչում եմ, չգնաս այստեղից, մինչև որ ես քեզ մոտ գամ, իմ նվերը բերեմ և դնեմ քո առաջ»։ Եվ նա ասաց. «Ես կմնամ, մինչև դու վերադառնաս»։

19. Գեդեոնը գնաց, այծերից մի ուլ և մեկ արդու ալյուրից բաղարջ պատրաստեց, միսը դրեց մի սակառի մեջ, արգանակն էլ մի կճուճի մեջ ածեց, բերեց բևեկնու տակ նրա առաջ և մատուցեց։

20. Եվ Աստծու հրեշտակը նրան ասաց. «Միսն ու բաղարջը վերցրո՛ւ և դի՛ր այս վեմի վրա և արգանակը թափի՛ր»։ Եվ նա այդպես արեց։

21. Տիրոջ հրեշտակն իր ձեռքի գավազանի ծայրը մեկնեց և դիպավ մսին ու բաղարջին, և վեմից կրակ դուրս եկավ, միսն ու բաղարջն այրեց, և Տիրոջ հրեշտակը գնաց նրա աչքի առաջից։

22. Գեդեոնը տեսավ, որ նա Տիրոջ հրեշտակն էր և Գեդեոնն ասաց. «Ո՜հ, Տե՛ր Տեր, որ Տիրոջ հրեշտակին երես առ երես տեսա»։

23. Բայց Տերը նրան ասաց. «Խաղաղությո՜ւն քեզ, մի՛ վախեցիր, չես մեռնելու»։

24. Եվ Գեդեոնն այնտեղ Տիրոջ համար սեղան շինեց ու նրա անունը Տեր-Շալոմ* կոչեց, որը մինչև այսօր մնում է Աբիեզերների Եփրայում։

25. Այդ գիշեր Տերը նրան ասաց. «Ա՛ռ քո զվարակը և յոթ տարեկան մի երկրորդ զվարակ, քանդի՛ր քո հոր ունեցած Բահաղի սեղանը և կտրի՛ր նրա վրայի Աստարովթը։

26. Եվ քո Տեր Աստծու համար մի սեղա՛ն շինիր այս ապառաժ քարի գլխին՝ ըստ կարգի, երկրորդ զվարա՛կը վերցրու և քո կտրած Աստարովթի փայտերով ողջակե՛զ արա»։

27. Գեդեոնն իր ծառաներից տասը մարդ վերցրեց և արեց այնպես, ինչպես իրեն ասել էր Տերը։ Բայց իր հոր տնեցիներից և քաղաքի մարդկանցից վախենալով ցերեկն անել՝ գիշերն արեց։

28. Երբ քաղաքի մարդիկ առավոտը կանուխ վեր կացան, տեսան, որ ահա Բահաղի սեղանը քանդված է, նրա մոտի Աստարովթը՝ կտրված, և երկրորդ զվարակը ողջակեզ էր արված նոր շինված սեղանի վրա։

29. Եվ իրար ասացին. «Ո՞վ արեց այս բանը»։ Եվ պրպտեցին, քննեցին, ու ասվեց, թե այս բանը Հովասի որդի Գեդեոնն է արել։

30. Եվ քաղաքի մարդիկ Հովասին ասացին. «Դո՛ւրս բեր որդուդ, նա պետք է մեռնի, քանի որ քանդել է Բահաղի սեղանը և կտրել նրա մոտի Աստարովթը»։

31. Հովասը դեպի իրեն եկող բոլոր մարդկանց ասաց. «Մի՞թե դուք եք Բահաղի իրավունքը պաշտպանելու, կամ թե դո՞ւք եք նրան ազատելու. ով որ պաշտպանի նրա իրավունքը, թող մեռնի մինչև առավոտ. եթե նա աստված է, թող ինքն իր իրավունքը պաշտպանի նրա դեմ, ով քանդել է նրա սեղանը»։

32. Եվ նույն օրը նրան անվանեցին Հերո-Բաաղ՝ ասելով. «Թող Բահաղն իր իրավունքը պաշտպանի նրա դեմ, ով քանդել է նրա սեղանը»։

33. Եվ բոլոր մադիանացիները, ամաղեկացիներն ու արևելքի բնակիչները հավաքվեցին մեկտեղ և Հորդանանից անցնելով՝ բանակ դրեցին Հեզրայելի հովտում։

34. Տիրոջ Հոգին իջավ Գեդեոնի վրա, և նա փող հնչեցրեց, ու Աբիեզերի ցեղի մարդիկ հավաքվեցին նրա մոտ։

35. Եվ պատգամավորներ ուղարկեց ամբողջ Մանասեին, նա էլ գնաց նրա ետևից, և Ասերին, Զաբուղոնին ու Նեփթաղիմին էլ պատգամավորներ ուղարկեց, և նրանք գնացին նրանց դիմավորելու։

36. Եվ Գեդեոնն Աստծուն ասաց. «Եթե Իսրայելն ազատելու ես իմ ձեռքով, ինչպես ասել ես,

37. ահա ես կալում խուզած բուրդ կդնեմ՝ գզաթ. եթե միայն գզաթի վրա ցող լինի, իսկ ամբողջ գետնի վրա՝ չորություն, այն ժամանակ կիմանամ, որ Իսրայելն ազատելու ես իմ ձեռքով, ինչպես ասել ես»։

38. Այդպես էլ եղավ. առավոտը կանուխ վեր կացավ և գզաթը քամեց ու գզաթից հանեց ցողը, որը մի կոնք լիքը ջուր եղավ։

39. Եվ Գեդեոնն ասաց Աստծուն. «Թող քո բարկությունը չբորբոքվի ինձ վրա, և միայն այս անգամ էլ խոսեմ, միայն այս անգամ էլ գզաթով փորձեմ. թող միայն գզաթի վրա չորություն լինի, և ամբողջ գետնի վրա՝ ցող»։

40. Եվ այն գիշեր Աստված այդպես արեց. միայն գզաթի վրա չորություն եղավ, և ամբողջ գետնի վրա՝ ցող։

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7

1. Հերո-Բաաղը, այսինքն՝ Գեդեոնը, և նրա հետ եղած ամբողջ ժողովուրդը կանուխ վեր կացան և բանակեցին Հարոդի աղբյուրի մոտ, իսկ Մադիամի բանակը նրա հյուսիսային կողմում էր՝ դեպի Մորեի բլուրը, հովտում։

2. Եվ Տերն ասաց Գեդեոնին. «Քեզ հետ եղած ժողովուրդը շատ է, և եթե Մադիամը նրանց ձեռքը տամ, միգուցե Իսրայելն իմ դեմ պարծենա՝ ասելով, թե՝ “Իմ ձեռքն ինձ ազատեց”։

3. Եվ հիմա հաստատի՛ր, որ ժողովուրդը լսի, և ասա՛՝ ով որ վախկոտ է և վատասիրտ, թող ետ դառնա և Գաղաադ սարից գնա»։ Եվ ժողովրդից քսաներկու հազար հոգի ետ դառան, և մնացին տասը հազար։

4. Եվ Տերն ասաց Գեդեոնին. «Ժողովուրդը տակավին շատ է. ջրի մո՛տ իջեցրու նրանց, և այնտեղ քեզ համար կփորձեմ նրանց. և որի համար քեզ ասեմ, թե սա քեզ հետ գնա, նա թող գնա քեզ հետ, և որի համար քեզ ասեմ, թե դա քեզ հետ չգնա, թող նա չգնա»։

5. Նա ժողովրդին իջեցրեց ջրի մոտ. և Տերը Գեդեոնին ասաց. «Ով որ շան լակելու պես ջուրը լակի լեզվով, նրան կկանգնեցնես առանձին. և ով որ էլ խմելու համար կորանա իր ծնկների վրա»։

6. Եվ ձեռքը բերանը տանելով լակողների թիվը երեք հարյուր հոգի էր, և մնացած ամբողջ ժողովուրդը կորացան իրենց ծնկների վրա խմելու համար։

7. Եվ Տերն ասաց Գեդեոնին. «Այն երեք հարյուր մարդկանցով, որոնք լակեցին ջուրը, ձեզ պիտի ազատեմ և Մադիամը քո ձեռքը պիտի մատնեմ, իսկ ամբողջ ժողովուրդը՝ ամեն մարդ, թող իր տեղը գնա»։

8. Նա ժողովրդի ձեռքից առավ ուտելիքն ու նրանց փողերը, և Գեդեոնն Իսրայելի բոլոր մարդկանց՝ ամեն մեկին, ուղարկեց իր վրանը, բայց այն երեք հարյուր մարդկանցով ամուր կանգնեց, իսկ Մադիամի բանակը հովտում էր՝ նրանից ներքև։

9. Այն գիշեր Տերը նրան ասաց. «Վե՛ր կաց, իջի՛ր բանակը, որովհետև նրանց քո ձեռքն եմ մատնել։

10. Եթե դու վախենում ես իջնել, քո ծառա Փուրայի հետ իջի՛ր բանակը,

11. այդ ժամանակ կլսես, թե նրանք ինչ են խոսում. և հետո քո ձեռքերը կզորանան, և կիջնես բանակը»։ Եվ Մադիամն իջավ, նա և իր ծառա Փուրան մտան բանակի առաջապահ գնդերի մոտ։

12. Մադիամն ու Ամաղեկը և բոլոր արևելցիները մորեխների պես բազմությամբ պառկել էին հովտում, և թիվ չկար նրանց ուղտերին. ծովի եզերքին եղած ավազի չափ շատ էին։

13. Երբ Գեդեոնը հասավ, ահա մի մարդ իր ընկերոջը երազ էր պատմում և ասում. «Ես երազ տեսա. ահա մի գարե հաց էր գլորվում դեպի Մադիամի բանակը և եկավ հասավ վրանին ու նրան այնպես զարկեց, որ վայր ընկավ ու գլխիվայր շրջվեց. և վրանը վայր ընկավ»։

14. Նրա ընկերը պատասխանեց և ասաց. «Դա ուրիշ բան չէ, այլ միայն իսրայելացի Հովասի որդի Գեդեոնի սուրը. Աստված Մադիամը և ամբողջ բանակը նրա ձեռքն է մատնել»։

15. Երբ Գեդեոնը լսեց երազի պատմությունը և նրա մեկնությունը, երկրպագեց Տիրոջը և վերադարձավ Իսրայելի բանակն ու ասաց. «Վե՛ր կացեք, որովհետև Տերը Մադիամի բանակը ձեր ձեռքն է տվել»։

16. Եվ այն երեք հարյուր մարդկանց բաժանեց երեք գնդի և ամեն մեկի ձեռքը փողեր տվեց ու դատարկ սափորներ և սափորների մեջ էլ՝ ջահեր։

17. Եվ նրանց ասաց. «Ի՛նձ նայեք և այսպե՛ս արեք. երբ բանակի եզերքը հասնեմ, ես ինչպես որ անեմ, դո՛ւք էլ այնպես արեք։

18. Երբ ես և բոլոր ինձ հետ եղողները փող հնչեցնենք, այն ժամանակ դուք էլ ամբողջ բանակի չորս կողմում հնչեցրե՛ք փողերը և ասացե՛ք. “Տիրոջ և Գեդեոնի համար”»։

19. Եվ Գեդեոնն ու նրա հետ եղած հարյուր մարդիկ կեսգիշերվա պահի սկզբին հասան բանակի եզերքը, և հենց որ զարթնեցրին պահապաններին, իսկույն հնչեցրին իրենց ձեռքերին եղած փողերը և սափորները կոտրատեցին։

20. Այն երեք գնդերն էլ փողերը հնչեցրին և սափորները կոտրատեցին, և ձախ ձեռքով ջահերը բռնած, աջ ձեռքով՝ հնչեցնելու համար պատրաստ փողերը՝ աղաղակում էին. «Տիրոջ և Գեդեոնի սուրը»։

21. Եվ ամեն մարդ կանգնել էր իր տեղը բանակի շուրջը, և ամբողջ բանակը վազում էր, աղաղակում ու փախչում։

22. Երբ այն երեք հարյուր մարդիկ փողերը հնչեցրին, Տերն այնպես արեց, որ բանակի մեջ ամեն մարդ սուրն իր ընկերոջ վրա դարձրեց, և ամբողջ զորքը փախավ մինչև Բեթասետա, դեպի Սարերա, մինչև Աբել-Մաուլայի սահմանը՝ Տաբեթ։

23. Եվ իսրայելացիները Նեփթաղիմից, Ասերից ու ամբողջ Մանասեից հավաքվեցին և մադիանացիներին հալածեցին։

24. Գեդեոնը պատգամավորներ ուղարկեց Եփրեմի բոլոր լեռնակողմերը՝ ասելով. «Իջե՛ք մադիանացիներին դիմավորելու և նրանց առաջից բռնե՛ք ջրերի անցումները՝ մինչև Բեթ-Բարա, նաև Հորդանանը»։ Եվ Եփրեմի բոլոր մարդիկ հավաքվեցին ու բռնեցին ջրերի անցումները՝ մինչև Բեթ-Բարա, նաև Հորդանանը։

25. Եվ բռնեցին Մադիամի երկու իշխաններին՝ Օրեբին և Զեբին. Օրեբին սպանեցին Օրեբի վեմի մոտ, իսկ Զեբին սպանեցին Զեբի հնձանի մոտ. և հալածեցին մադիանացիներին ու Օրեբի և Զեբի գլուխները Հորդանանի այն կողմից բերին Գեդեոնին։

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 8

1. Եվ Եփրեմի որդիները նրան ասացին. «Այս ի՞նչ բան էր, որ մեզ արիր. առանց մեզ կանչելու գնացիր Մադիամի դեմ պատերազմելու». և նրա հետ սաստիկ վիճեցին։

2. Եվ նա նրանց ասաց. «Ես հիմա ի՞նչ եմ արել ձեզ պես. մի՞թե Եփրեմի ճռաքաղն ավելի լավը չէ Աբիեզերի այգեկութից։

3. Աստված Մադիամի իշխաններին՝ Օրեբին և Զեբին, ձեր ձեռքը տվեց. ես ի՞նչ կարողացա անել ձեր համեմատ»։ Հենց որ նա այս խոսքն ասաց, նրանց սիրտն իսկույն հանգստացավ նրա նկատմամբ։

4. Եվ Գեդեոնը եկավ Հորդանան, և ինքն ու իր հետ եղած երեք հարյուր մարդիկ անցան գետը. թեև նվաղած էին, բայց հալածում էին թշնամուն։

5. Եվ նա ասաց Սոկքովթի մարդկանց. «Աղաչում եմ, իմ ետևից եկող ժողովրդին հացի նկանակնե՛ր տվեք, որովհետև նվաղած են, և ես հալածում եմ Մադիամի թագավորներին՝ Զեբեեին և Սաղմանային»։

6. Սոկքովթի իշխաններն ասացին. «Մի՞թե Զեբեեի և Սաղմանայի ձեռքն արդեն քո ձեռքի մեջ է, որ մենք քո զորքին հաց տանք»։

7. Եվ Գեդեոնն ասաց. «Ուրեմն երբ որ Տերը Զեբեեին և Սաղմանային իմ ձեռքը տա, ձեր մարմինները պիտի ծեծեմ անապատի փշերով ու տատասկներով»։

8. Այնտեղից ելավ գնաց Փանուել, նրանց էլ այնպես ասաց. և Փանուելի մարդիկ պատասխանեցին Սոկքովթի մարդկանց տված պատասխանի պես։

9. Փանուելի մարդկանց էլ ասաց. «Երբ խաղաղությամբ ետ դառնամ, այդ աշտարակը պիտի քանդեմ»։

10. Զեբեեն ու Սաղմանան Կարկարում էին, և նրանց բանակը նրանց հետ էր՝ արևելքի բնակիչների ամբողջ բանակից մնացածները՝ բոլորը միասին տասնհինգ հազարի չափ մարդ, և որոնք ընկել մեռել էին, հարյուր քսան հազար սուսերամերկ մարդիկ էին։

11. Գեդեոնը ելավ վեր՝ Նոբահի և Հոգբեհայի արևելյան կողմից, վրանաբնակների ճանապարհով, և հարվածեց բանակին, որովհետև բանակն անհոգ էր։

12. Զեբեեն ու Սաղմանան փախան. Գեդեոնը նրանց հալածեց և Մադիամի երկու թագավորներին՝ Զեբեեին և Սաղմանային, բռնեց և ամբողջ բանակը տակնուվրա արեց։

13. Եվ Հովասի որդի Գեդեոնը պատերազմից ետ դարձավ Արեսի զառիվայրից։

14. Եվ Սոկքովթի մարդկանցից մի երիտասարդ բռնեց ու նրան հարցրեց. սա գրեց նրա համար Սոկքովթի իշխաններին ու ծերերին՝ թվով յոթանասունյոթ մարդու։

15. Եվ Գեդեոնը Սոկքովթի բնակիչների մոտ եկավ և ասաց. «Ահա Զեբեեն և Սաղմանան, որոնց համար ինձ նախատեցիք՝ ասելով. “Մի՞թե Զեբեեի և Սաղմանայի ձեռքն արդեն քո ձեռքի մեջ է, որ մենք քո նվաղած մարդկանց հաց տանք”»։

16. Եվ նա քաղաքի ծերերին վերցրեց, անապատից՝ փշեր ու տատասկներ և դրանցով պատժեց Սոկքովթի մարդկանց։

17. Եվ Փանուելի աշտարակը քանդեց և կոտորեց քաղաքի մարդկանց։

18. Եվ Զեբեեին ու Սաղմանային ասաց. «Ինչպիսի՞ մարդիկ էին նրանք, որոնց սպանեցիք Թաբորում»։ Նրանք ասացին. «Ինչպես դու ես, նրանք էլ այնպես էին. ամեն մեկը թագավորի որդու էր նմանվում»։

19. Եվ նա ասաց. «Նրանք իմ եղբայրները, իմ մոր տղաներն էին։ Կենդանի է Տերը. եթե դուք նրանց կենդանի թողնեիք, ես ձեզ չէի սպանելու»։

20. Եվ իր անդրանիկ որդի Հեթերին ասաց. «Վե՛ր կաց, դրանց սպանի՛ր»։ Բայց պատանին չքաշեց իր սուրը, վախեցավ, քանի որ մանկահասակ էր։

21. Եվ Զեբեեն ու Սաղմանան ասացին. «Դո՛ւ վեր կաց և մեզ սպանի՛ր, որովհետև մարդուս ուժն իրեն համեմատ կլինի»։ Եվ Գեդեոնը վեր կացավ ու սպանեց Զեբեեին ու Սաղմանային և նրանց ուղտերի պարանոցի վրա եղած մահիկները վերցրեց։

22. Եվ Իսրայելի մարդիկ Գեդեոնին ասացին. «Թագավորի՛ր մեզ վրա, դու էլ, քո որդին էլ, քո որդու որդին էլ, որովհետև մեզ ազատեցիր Մադիամի ձեռքից»։

23. Գեդեոնը նրանց ասաց. «Ես չեմ թագավորի ձեզ վրա, ոչ էլ իմ որդին ձեզ վրա կթագավորի. թող Տերը թագավորի ձեզ վրա»։

24. Հետո Գեդեոնը նրանց ասաց. «Ձեզնից մի բան եմ խնդրում. թող ամեն մարդ իր ավարի օղերն ինձ տա» (որովհետև նրանք, իսմայելացի լինելով, ոսկե օղեր ունեին)։

25. Նրանք ասացին. «Հոժարակամ տալիս ենք»։ Եվ մի հանդերձանք փռեցին, և ամեն մարդ իր ավարի օղերն այնտեղ գցեց։

26. Նրա ուզած այդ ոսկե օղերի կշիռը հազար յոթ հարյուր սիկղ ոսկի եղավ, բացի մահիկներից, գինդերից և Մադիամի թագավորների ծիրանի պատմուճաններից և բացի նրանց ուղտերի պարանոցի վրա եղած մանյակներից։

27. Գեդեոնը դրանցով մի եփուդ շինեց ու դրեց իր Եփրա քաղաքում, և ամբողջ Իսրայելը, այնտեղ նրան հետևելով, պոռնկացավ. և սա որոգայթ եղավ Գեդեոնի և նրա տան համար։

28. Այսպես նվաճվեց Մադիամը Իսրայելի որդիների կողմից և այլևս գլուխ չբարձրացրեց։ Եվ Գեդեոնի օրերին երկիրը հանգստացավ քառասուն տարի։

29. Եվ Հովասի որդի Հերո-Բաաղը գնաց ու նստեց իր տանը։

30. Գեդեոնը յոթանասուն որդի ուներ՝ իր երանքից ելած, որովհետև շատ կանայք ուներ։

31. Սյուքեմում ունեցած հարճն էլ նրա համար մի որդի ծնեց, և նրա անունն Աբիմելեք դրեց։

32. Եվ Հովասի որդի Գեդեոնը մեռավ բարի ծերությամբ ու թաղվեց Աբիեզերների Եփրայում՝ իր հոր՝ Հովասի գերեզմանում։

33. Երբ Գեդեոնը մեռավ, Իսրայելի որդիները ետ դարձան և հետևելով Բահաղիմին՝ պոռնկացան ու Բահաղ-Բերիթին աստված դարձրին իրենց համար։

34. Եվ Իսրայելի որդիները չհիշեցին իրենց Տեր Աստծուն, որը նրանց ազատել էր իրենց շրջակա բոլոր թշնամիների ձեռքից։

35. Եվ Հերո-Բաաղի (այսինքն՝ Գեդեոնի) տան հետ կարեկցությամբ չվարվեցին այն ողջ բարության փոխարեն, որ նա արել էր Իսրայելին։

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9

1. Հերո-Բաաղի որդի Աբիմելեքը գնաց Սյուքեմ՝ իր մոր եղբայրների մոտ, խոսեց նրանց հետ և իր մոր հոր ամբողջ ազգատոհմի հետ՝ ասելով.

2. «Աղաչում եմ, Սյուքեմի բոլոր բնակիչների ականջին ասացե՛ք, թե ո՛րն է լավ ձեզ համար՝ Հերո-Բաաղի բոլոր որդիների՝ յոթանասուն մարդկանց ձեզ վրա թագավորե՞լը, թե՞ մեկ մարդու թագավորելը ձեզ վրա, և հիշե՛ք, որ ես ձեր ոսկորն ու ձեր մարմինն եմ»։

3. Եվ նրա մոր եղբայրները նրա մասին այս բոլոր խոսքերն ասացին Սյուքեմի բոլոր բնակիչների ականջին, և նրանց սիրտը դարձավ դեպի Աբիմելեքը, որովհետև ասացին. «Նա մեր եղբայրն է»։

4. Եվ Բահաղ-Բերիթի տնից յոթանասուն կտոր արծաթ տվին նրան. Աբիմելեքը դրանցով դատարկապորտ ու սրիկա մարդիկ վարձեց, և նրանք գնացին նրա ետևից։

5. Եվ նա գնաց Եփրա՝ իր հոր տուն, և իր եղբայրներին՝ Հերո-Բաաղի որդիներին, յոթանասուն հոգու սպանեց մի քարի վրա, բայց Հովաթամը՝ Հերո-Բաաղի փոքր տղան, ողջ մնաց, քանի որ թաքնվել էր։

6. Եվ Սյուքեմի բոլոր բնակիչներն ու Մելոնի ամբողջ տունը հավաքվեցին մեկտեղ և գնացին Աբիմելեքին թագավոր դարձրին արձանի կաղնու մոտ, որը Սյուքեմում է։

7. Երբ այս բանը Հովաթամին տեղեկացրին, նա գնաց Գարիզին սարի գլխին կանգնեց և ձայնը բարձրացնելով՝ աղաղակեց ու նրանց ասաց. «Ո՛վ Սյուքեմի բնակիչներ, լսե՛ք ինձ, և Աստված ձեզ լսի.

8. ծառերը գնացին, որ իրենց համար մի թագավոր օծեն, և ձիթենուն ասացին. “Մեզ վրա թագավո՛ր եղիր”։

9. Բայց ձիթենին նրանց ասաց. “Իմ պարարտությունը թողնե՞մ, որ ինձնով պատվվում են Աստված ու մարդիկ, և գնամ ծառերի վրա իշխե՞մ”։*

10. Եվ ծառերը թզենուն ասացին. “Դո՛ւ եկ թագավոր եղիր մեզ վրա”։

11. Եվ թզենին նրանց ասաց. “Իմ քաղցրությունը և իմ լավ պտուղը թողնեմ ու գնամ ծառերի վրա իշխե՞մ”։*

12. Այն ժամանակ ծառերն ասացին որթին. “Դո՛ւ եկ թագավոր եղիր մեզ վրա”։

13. Որթն էլ նրանց ասաց. “Աստված ու մարդիկ ուրախացնող իմ գինին թողնեմ ու գնամ ծառերի վրա իշխե՞մ”։

14. Այն ժամանակ բոլոր ծառերը դժնիկին ասացին. “Դո՛ւ եկ թագավոր եղիր մեզ վրա”։

15. Դժնիկը ծառերին ասաց. “Եթե դուք իրոք ինձ ձեզ վրա թագավոր եք օծում, եկեք նստե՛ք իմ հովանու տակ, եթե ոչ, դժնիկից կրակ դուրս կգա և կայրի Լիբանանի եղևինները”։

16. Եվ հիմա եթե դուք ճշմարտությամբ ու արդարությամբ վարվեցիք և Աբիմելեքին թագավոր դարձրիք, և եթե Հերո-Բաաղին ու նրա տանը բարություն արեցիք, և եթե նրա ձեռքի գործերի համեմատ նրան հատուցում արեցիք.

17. (որովհետև իմ հայրը պատերազմեց ձեզ համար և իր անձը չխնայեց և մեզ ազատեց Մադիամի ձեռքից,

18. իսկ դուք այսօր դեմ կանգնեցիք իմ հոր տանը և նրա որդիներին՝ յոթանասուն մարդու, սպանեցիք մի քարի վրա և նրա աղախնի տղային՝ Աբիմելեքին, թագավոր դարձրիք Սյուքեմի բնակիչների վրա, ըստ այնմ, որ ձեր եղբայրն էր).

19. եթե այսօր Հերո-Բաաղի և նրա տան հետ ճշմարտությամբ ու արդարությամբ վարվեցիք, ուրախացե՛ք Աբիմելեքի համար, և թող նա էլ ուրախանա ձեզ համար.

20. ապա թե ոչ, թող Աբիմելեքից կրակ դուրս գա և այրի Սյուքեմի բնակիչներին ու Մելոնի տունը. և Սյուքեմի բնակիչներից ու Մելոնի տնից էլ թող կրակ դուրս գա և այրի Աբիմելեքին»։

21. Եվ Հովաթամը փախավ, ազատվեց ու գնաց Բեիր և վախենալով իր եղբորից՝ Աբիմելեքից՝ բնակվեց այնտեղ։

22. Աբիմելեքն Իսրայելի վրա իշխեց երեք տարի։

23. Եվ Աստված չար ոգի ուղարկեց Աբիմելեքի ու Սյուքեմի բնակիչների մեջ, և Սյուքեմի բնակիչները նենգությամբ վարվեցին Աբիմելեքի հետ,

24. որպեսզի Հերո-Բաաղի յոթանասուն որդիներին արած անիրավությունը գա, և նրանց արյունն իրենց եղբոր՝ Աբիմելեքի վրա հասնի, որը սպանել էր նրանց. և Սյուքեմի բնակիչների վրա, որոնք զորացրել էին նրա ձեռքը՝ իր եղբայրներին սպանելու համար։

25. Սյուքեմի բնակիչները նրա համար դարաններ պատրաստեցին սարերի գլուխներին և կողոպտում էին իրենց մոտով անցնող բոլոր մարդկանց։ Եվ այս բանն իմաց տվեցին Աբիմելեքին։

26. Եվ Աբեդի որդի Գաաղն ու իր եղբայրները եկան, մտան Սյուքեմ, և Սյուքեմի բնակիչներն ապավինեցին նրան։

27. Եվ դուրս եկան դաշտ ու քաղեցին իրենց այգիների խաղողը և հնձաններում կոխելով՝ ուրախություն արեցին, մտան իրենց Աստծու տունը, կերան ու խմեցին և Աբիմելեքին անիծեցին։

28. Եվ Աբեդի որդի Գաաղն ասաց. «Աբիմելեքն ո՞վ է, և Սյուքեմն ո՞վ է, որ մենք նրան ծառայենք. չէ՞ որ Հերո-Բաաղի տղան է, և Զեբուղը չէ՞ նրա փոխանորդը։ Դուք Սյուքեմի հոր՝ Եմորի մարդկանց ծառայությո՛ւն արեք. մենք ինչո՞ւ պիտի նրան ծառայենք։

29. Երանի թե այս ժողովուրդն անցներ իմ ձեռքի տակ, և ես Աբիմելեքին հեռացնեի»։ Եվ Աբիմելեքին ասաց. «Զորքերդ շատացրո՛ւ և դո՛ւրս եկ»։

30. Երբ քաղաքի իշխան Զեբուղը լսեց Աբեդի որդի Գաաղի խոսքերը, բարկությունը բորբոքվեց։

31. Նա խորամանկ կերպով պատգամավորներ ուղարկեց Աբիմելեքի մոտ՝ ասելով. «Ահա Աբեդի որդի Գաաղը և իր եղբայրները եկել են Սյուքեմ, և ահա նրանք քաղաքը հանում են քո դեմ։

32. Հիմա դու և քեզ հետ եղած ժողովուրդը գիշերը վե՛ր կացեք, և դարա՛ն մտիր դաշտում։

33. Եվ առավոտը հենց որ արեգակը ծագի, կանուխ վե՛ր կաց ու հարձակվի՛ր քաղաքի վրա. և ահա երբ նա և իր հետ եղած ամբողջ ժողովուրդը դուրս գան քո դեմ, այն ժամանակ ձեռքիցդ եկածն արա՛ նրան»։

34. Եվ Աբիմելեքն ու նրա հետ եղած ամբողջ ժողովուրդը գիշերը վեր կացան և չորս գնդով դարանակալեցին Սյուքեմից դուրս։

35. Աբեդի որդի Գաաղը դուրս եկավ և կանգնեց քաղաքի դռան առաջ. և Աբիմելեքն ու իր հետ եղած ժողովուրդը դուրս եկան դարաններից։

36. Երբ Գաաղը տեսավ այդ ժողովրդին, Զեբուղին ասաց. «Ահա սարերի գլխից ժողովուրդ է իջնում»։ Իսկ Զեբուղը նրան ասաց. «Դու սարերի ստվեր ես տեսնում, մարդկանց պես են երևում»։

37. Եվ Գաաղը շարունակեց խոսքը և ասաց. «Ահա երկրի բարձր տեղից ժողովուրդ է իջնում, և մի գունդ էլ գալիս է Մեռնենիմի կաղնու ճանապարհով»։

38. Եվ Զեբուղը նրան ասաց. «Ո՞ւր է քո այն բերանը, որով ասում էիր, թե՝ “Աբիմելեքն ո՞վ է, որ մենք ծառայենք նրան”։ Ահա սա այն ժողովուրդն է, որ դու արհամարհեցիր. հիմա վե՛ր կաց և պատերազմի՛ր նրա դեմ»։

39. Եվ Գաաղը դուրս եկավ Սյուքեմի բնակիչների առաջ և պատերազմեց Աբիմելեքի դեմ։

40. Աբիմելեքը նրան հալածեց, և նա փախավ նրա առաջից, և շատերը մեռած ընկան մինչև դռան առաջը։

41. Աբիմելեքը բնակվեց Արումայում, և Զեբուղը Գաաղին ու նրա եղբայրներին քշեց, որ Սյուքեմում չբնակվեին։

42. Հետևյալ օրը ժողովուրդը դաշտ դուրս եկավ, և Աբիմելեքին իմաց տվեցին։

43. Նա վերցրեց իր ժողովրդին, բաժանեց երեք գնդի և դարանամուտ եղավ դաշտում. և տեսավ, որ ահա ժողովուրդը դուրս է գալիս քաղաքից, հարձակվեց նրանց վրա և ջարդեց նրանց։

44. Եվ Աբիմելեքն ու նրա հետ եղած գունդը հարձակվեցին, կանգնեցին քաղաքի դռան առաջ, իսկ նրա երկու գնդերը հարձակվեցին դաշտում բոլոր գտնվողների վրա և զարկեցին նրանց։

45. Աբիմելեքն այդ ամբողջ օրը պատերազմեց քաղաքի դեմ և վերցրեց քաղաքն ու կոտորեց մեջը եղած մարդկանց, քանդեց քաղաքը և աղ ցանեց։

46. Երբ այդ բանը լսեցին Սյուքեմի աշտարակի բոլոր բնակիչները, մտան Էլ-Բերիթ աստծու տան բերդը։

47. Աբիմելեքին իմաց տվեցին, թե Սյուքեմի աշտարակի բոլոր բնակիչները հավաքվել են այնտեղ։

48. Եվ Աբիմելեքն ու իր հետ եղած ամբողջ ժողովուրդը ելան վեր՝ Սելմոն սարը. և Աբիմելեքը կացինը ձեռքն առավ ու մի ծառի ոստ կտրեց, վերցրեց այն, դրեց իր ուսին և իր հետ եղած ժողովրդին ասաց. «Ահա տեսաք, ինչ որ ես արեցի, դուք էլ շուտով ինձ պե՛ս արեք»։

49. Եվ ժողովրդից բոլորն էլ մի-մի ոստ կտրեցին և Աբիմելեքի ետևից գնացին, ու փայտերը բերդի մոտ դրին և դրանցով բերդն այրեցին կրակով. այսպես Սյուքեմի աշտարակի բոլոր մարդիկ էլ, որոնք տասը հազարի չափ տղամարդ ու կանայք էին, մեռան։

50. Հետո Աբիմելեքը գնաց Թեբես, պաշարեց Թեբեսը և վերցրեց այն։

51. Քաղաքի մեջտեղում մի ամուր աշտարակ կար. քաղաքի բոլոր բնակիչները՝ տղամարդիկ ու կանայք, փախան այնտեղ, դուռը ներսից կողպեցին և ելան վեր՝ աշտարակի կտուրը։

52. Աբիմելեքը գնաց մինչև աշտարակը, կռվեց նրա դեմ և մոտեցավ աշտարակի դռանը, որպեսզի կրակով այրի այն։

53. Մի կին երկանաքարի մի կտոր գցեց Աբիմելեքի գլխին և կոտրեց նրա գագաթը։

54. Նա անմիջապես կանչեց իր զինակիր երիտասարդին և նրան ասաց. «Սուրդ քաշի՛ր և ինձ սպանի՛ր. չլինի թե ինձ համար ասեն, թե մի կին սպանեց նրան»։ Երիտասարդը նրան խոցեց, և նա մեռավ։

55. Իսրայելի մարդիկ տեսան, որ Աբիմելեքը մեռավ, և ամեն մարդ գնաց իր տեղը։

56. Այսպես Աստված հատուցեց Աբիմելեքին այն չարիքի համար, որ նա արել էր իր հորը՝ սպանելով իր յոթանասուն եղբայրներին։

57. Եվ Սյուքեմի մարդկանց բոլոր չարիքներն Աստված թափեց նրանց գլխին. և Հերո-Բաաղի որդի Հովաթամի անեծքը եկավ նրանց վրա։

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 10

1. Աբիմելեքից հետո Իսրայելն ազատելու համար վեր կացավ Իսաքարի որդի Դովդայի որդու՝ Փուայի որդի Թովղան. նա բնակվում էր Եփրեմի սարում՝ Սամիրի մեջ։

2. Իսրայելում քսաներեք տարի դատավորություն արեց և մեռավ ու թաղվեց Սամիրում։

3. Նրանից հետո վեր կացավ գաղաադացի Հայիրը և քսաներկու տարի դատավորություն արեց Իսրայելում։

4. Նա երեսուն որդի ուներ, որոնք երեսուն ավանակ էին հեծնում, և նրանք Գաղաադի երկրում երեսուն քաղաք ունեին, որոնք մինչև այսօր ասվում են՝ Հայիրի գյուղաքաղաքները։

5. Եվ Հայիրը մեռավ ու թաղվեց Կամոնում։

6. Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ և ծառայեցին Բահաղիմին ու Աստարովթին և ասորիների աստվածներին և Սիդոնի աստվածներին և Մովաբի աստվածներին և Ամմոնի որդիների աստվածներին և փղշտացիների աստվածներին և թողեցին Տիրոջն ու նրան չծառայեցին։

7. Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի վրա, և նրանց մատնեց փղշտացիների ձեռքը և Ամմոնի որդիների ձեռքը։

8. Նրանք նեղեցին և հարստահարեցին Իսրայելի որդիներին այդ տարվանից մինչև տասնութ տարի, այսինքն՝ Իսրայելի բոլոր այն որդիներին, որոնք Հորդանանի այն կողմում՝ Գաղաադում էին, ամորհացիների երկրում։

9. Նաև Ամմոնի որդիներն անցան Հորդանանը, որ պատերազմեն Հուդայի դեմ, Բենիամինի դեմ և Եփրեմի տան դեմ. և Իսրայելը շատ մեծ նեղության մեջ էր։

10. Իսրայելի որդիները Տիրոջն աղաղակեցին և ասացին. «Մեղք գործեցինք քո դեմ, որովհետև մեր Աստծուն թողեցինք և պաշտեցինք Բահաղիմին»։

11. Եվ Տերն Իսրայելի որդիներին ասաց. «Մի՞թե ձեզ չազատեցի եգիպտացիներից, ամորհացիներից, Ամմոնի որդիներից և փղշտացիներից։

12. Ձեզ նեղում էին նաև սիդոնացիները, ամաղեկացիները և մաոնացիները, և դուք աղաղակեցիք ինձ, և ես ձեզ ազատեցի նրանց ձեռքից։

13. Բայց դուք ինձ թողեցիք և ծառայություն արեցիք ուրիշ աստվածների. դրա համար ես այլևս ձեզ չեմ ազատելու։

14. Գնացե՛ք, աղաղակե՛ք ձեր ընտրած աստվածներին. թող նրանք ձեզ ազատեն ձեր նեղության ժամանակ»։

15. Եվ Իսրայելի որդիները Տիրոջն ասացին. «Մենք մեղք գործեցինք, և ինչ որ հաճելի է քո աչքին, մեզ հետ արա՛, միայն թե, աղաչում ենք, ազատի՛ր մեզ այսօր»։

16. Եվ իրենց միջից վերցրին օտար աստվածներին ու ծառայեցին Տիրոջը. և նրա սիրտը վշտացավ Իսրայելի նեղության համար։

17. Ամմոնի որդիները հավաքվեցին և բանակ դրեցին Գաղաադի մեջ. Իսրայելի որդիներն էլ հավաքվեցին և բանակ դրեցին Մասփայում։

18. Եվ ժողովուրդն ու Գաղաադի իշխաններն իրար ասացին. «Ո՞վ է այն մարդը, որը սկսի պատերազմել Ամմոնի որդիների դեմ. նա էլ Գաղաադի բոլոր բնակիչների գլուխը կլինի»։

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11

1. Գաղաադացի Հեփթայեն հզոր ու զորավոր մարդ էր. նա պոռնիկ մի կնոջ զավակ էր, և Հեփթայեի հայրը Գաղաադն էր։

2. Գաղաադի կինը նրա համար զավակներ ծնեց, և երբ այդ կնոջ զավակները մեծացան, Հեփթայեին հալածեցին և նրան ասացին. «Դու մեր հոր տան մեջ ժառանգություն չպիտի ունենաս, որովհետև դու մի օտար կնոջ զավակ ես»։

3. Հեփթայեն, իր եղբայրների երեսից փախչելով, բնակվեց Տոբի երկրում. և Հեփթայեի մոտ սրիկա մարդիկ էին հավաքվում և ման էին գալիս նրա հետ։

4. Հետո՝ մի ժամանակ անց, Ամմոնի որդիները պատերազմ սկսեցին Իսրայելի դեմ։

5. Եվ երբ Ամմոնի որդիները պատերազմում էին Իսրայելի դեմ, Գաղաադի ծերերը գնացին, որ Հեփթայեին վերցնեն Տոբի երկրից։

6. Հեփթայեին ասացին. «Եկ մեզ համար զորապե՛տ դարձիր, որ մենք պատերազմենք Ամմոնի որդիների դեմ»։

7. Հեփթայեն Գաղաադի ծերերին ասաց. «Չէ՞ որ դուք ինձ ատեցիք և ինձ հալածեցիք իմ հոր տնից. հիմա ինչո՞ւ եք եկել ինձ մոտ, երբ նեղության մեջ եք»։

8. Գաղաադի ծերերը Հեփթայեին ասացին. «Հիմա նրա համար ենք քեզ դիմել, որ մեզ հետ գնաս և Ամմոնի որդիների դեմ պատերազմես և մեզ՝ Գաղաադի բոլոր բնակիչներիս գլուխ լինես»։

9. Եվ Հեփթայեն Գաղաադի ծերերին ասաց. «Եթե դուք ինձ վերադարձնեք Ամմոնի որդիների դեմ պատերազմելու համար, և Տերը նրանց իմ ձեռքը մատնի, ես գլուխ կլինե՞մ ձեզ համար»։

10. Գաղաադի ծերերը Հեփթայեին ասացին. «Թող Տերը վկա լինի մեր մեջ, եթե ասածիդ պես չանենք»։

11. Հեփթայեն Գաղաադի ծերերի հետ գնաց, և ժողովուրդը նրան իր վրա գլուխ և զորապետ դրեց. և Հեփթայեն Մասփայում Տիրոջ առաջ խոսեց իր բոլոր խոսքերը։

12. Հեփթայեն Ամմոնի որդիների թագավորի մոտ պատգամավորներ ուղարկեց՝ ասելով. «Դու ինձ հետ ի՞նչ բան ունես, որ եկել ես ինձ մոտ՝ իմ երկրում պատերազմելու»։

13. Ամմոնի որդիների թագավորը Հեփթայեի պատգամավորներին ասաց. «Եգիպտոսից դուրս գալիս Իսրայելը Առնոնից մինչև Հաբոկ և մինչև Հորդանան վերցրել է իմ երկիրը. հիմա խաղաղությամբ վերադարձրո՛ւ այն»։

14. Հեփթայեն Ամմոնի որդիների թագավորի մոտ կրկին պատգամավորներ ուղարկեց։

15. Եվ նրան ասաց. «Հեփթայեն այսպես է ասում. “Իսրայելը չի վերցրել Մովաբի երկիրը և Ամմոնի որդիների երկիրը,

16. որովհետև Եգիպտոսից դուրս գալիս Իսրայելը մինչև Կարմիր ծովը գնաց անապատով և եկավ Կադես։

17. Եվ Իսրայելը դեսպաններ ուղարկեց Եդովմի թագավորի մոտ՝ ասելով.

18. Եվ անապատով գնաց, Եդովմի երկրով ու Մովաբի երկրով պտույտ տվեց և գնալով Մովաբի երկրի արևելյան կողմից՝ բանակ դրեց Առնոնի այն կողմում, բայց չմտավ Մովաբի սահմանը, որովհետև Մովաբի սահմանն Առնոնն էր։

19. Եվ Իսրայելը դեսպաններ ուղարկեց ամորհացիների Սեհոն թագավորի մոտ (որ Եսեբոնի թագավորն էր) և Իսրայելը նրան ասաց.

20. Բայց Սեհոնն Իսրայելին հավատ չընծայեց, որ նա անցներ իր սահմանով. և Սեհոնն իր ամբողջ ժողովրդին հավաքեց ու բանակ դրեց Հասսայի մեջ, և նա պատերազմեց Իսրայելի դեմ։

21. Եվ Իսրայելի Տեր Աստվածը Սեհոնին ու նրա ամբողջ ժողովրդին Իսրայելի ձեռքը մատնեց, և նրանց ջարդեցին, և Իսրայելն այդ երկրում բնակվող ամորհացիների ամբողջ երկիրը վերցրեց։

22. Եվ ժառանգեցին ամորհացիների բոլոր սահմանները՝ Առնոնից մինչև Հաբոկ և անապատից մինչև Հորդանան։

23. Եվ հիմա, երբ Տերը՝ Իսրայելի Աստվածն է ամորհացիներին Իսրայելի՝ իր ժողովրդի առաջից հալածել, դո՞ւ պիտի ժառանգես այն։

24. Չէ՞ որ դու ժառանգում ես քո աստծու՝ Քամովսի քեզ տված ժառանգությունը, մենք էլ ժառանգում ենք մեր Տեր Աստծու մեր առաջից հալածածը։

25. Եվ հիմա դու Մովաբի թագավորից՝ Սեպփորի որդի Բաղակից ավելի լա՞վ ես. մի՞թե նա վիճեց Իսրայելի հետ և կամ պատերազմե՞ց նրանց դեմ։

26. Երեք հարյուր տարի է, որ Իսրայելը բնակվում է Եսեբոնում ու նրա գյուղերում, Արոերում ու նրա գյուղերում և Առնոնի եզերքին գտնվող բոլոր քաղաքներում. և ինչո՞ւ այդքան ժամանակ չազատեցիք։

27. Ես քո դեմ հանցանք չեմ գործել, և դու, պատերազմելով իմ դեմ, չարիք ես անում ինձ. Իսրայելի որդիների և Ամմոնի որդիների միջև այսօր դատավոր եղող Տերը թող դատաստան անի”»։

28. Բայց Ամմոնի որդիների թագավորը Հեփթայեի ուղարկած խոսքերը չլսեց։

29. Եվ Տիրոջ Հոգին իջավ Հեփթայեի վրա. և նա անցավ Գաղաադից ու Մանասեից, Գաղաադի Մասփայից էլ անցավ և Գաղաադի Մասփայից գնաց Ամմոնի որդիների դեմ։

30. Եվ Հեփթայեն Տիրոջն ուխտ արեց և ասաց. «Եթե Ամմոնի որդիներին ամբողջովին իմ ձեռքը մատնես,

31. և ես խաղաղությամբ վերադառնամ Ամմոնի որդիներից, այն ժամանակ իմ տան դռնից ինձ դիմավորելու դուրս եկողը թող Տիրոջը լինի, և նրան ողջակեզ մատուցեմ»։

32. Եվ Հեփթայեն գնաց Ամմոնի որդիների վրա՝ նրանց դեմ պատերազմելու, և Տերը նրանց մատնեց նրա ձեռքը։

33. Նա սաստիկ կոտորածով ջարդեց նրանց Արոերից մինչև Մեննիթ՝ քսան քաղաք, և մինչև Աբել-Քերամիմ. և Ամմոնի որդիները նվաճվեցին Իսրայելի որդիների առջև։

34. Հեփթայեն եկավ Մասփա՝ իր տուն, և ահա նրա աղջիկը թմբուկներով ու պարերով դուրս էր գալիս նրան դիմավորելու. նա նրա միակ զավակն էր, և նրանից բացի տղա կամ աղջիկ չուներ։

35. Երբ նրան տեսավ, իր հանդերձանքը պատռեց և ասաց. «Ո՜հ, աղջի՛կս, դու խորտակեցիր ինձ և փորձանքի մեջ գցեցիր դու ինձ, որովհետև ես բերանս բացել, խոսք եմ տվել Տիրոջը և չեմ կարող ետ դարձնել»։

36. Աղջիկը նրան ասաց. «Հա՛յր իմ, քո բերանով խոսք ես տվել Տիրոջը. ինձ հետ արա՛ այն, ինչ դուրս է եկել քո բերանից, քանի որ Տերը վրեժխնդիր եղավ քեզ համար քո թշնամիներից՝ Ամմոնի որդիներից»։

37. Եվ իր հորն ասաց. «Միայն թե այս բանն արա՛ ինձ համար. ինձ երկու ամիս թո՛ւյլ տուր, որ ելնեմ սարերն ու իջնեմ և իմ ընկերներով լաց լինեմ իմ կուսության համար»։

38. Եվ նա ասաց՝ գնա՛. նրան երկու ամիս թույլ տվեց, և նա իր ընկերներով գնաց ու սարերի վրա լաց եղավ իր կուսության համար։

39. Երկու ամիսը լրանալուց հետո վերադարձավ իր հոր մոտ, և հայրը կատարեց նրա մասին արած իր ուխտը. և աղջիկը տղամարդ չճանաչեց։

40. Եվ Իսրայելում սովորություն դարձավ, որ ժամանակ առ ժամանակ Իսրայելի աղջիկները գնան և տարին չորս օր լաց լինեն գաղաադացի Հեփթայեի աղջկա համար։

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 12

1. Եփրեմի մարդիկ հավաքվեցին և դեպի հյուսիսային կողմն անցան. ու Հեփթայեին ասացին. «Ինչո՞ւ Ամմոնի որդիների դեմ գնացիր պատերազմելու և մեզ չկանչեցիր, որ քեզ հետ գնայինք. մենք քո տունը հիմա պիտի կրակով այրենք քեզ վրա»։

2. Հեփթայեն նրանց ասաց. «Ես և իմ ժողովուրդը Ամմոնի որդիների հետ մեծ կռիվներ ունեցանք. և ես ձեզ կանչեցի, բայց դուք ինձ չազատեցիք նրանց ձեռքից։

3. Ես էլ երբ տեսա, որ դուք ինձ չեք ազատում, հոգիս ձեռքիս մեջ դրեցի և գնացի Ամմոնի որդիների դեմ, և Տերը նրանց մատնեց իմ ձեռքը. ինչո՞ւ եք դուք այսօր եկել պատերազմելու իմ դեմ»։

4. Հեփթայեն հավաքեց Գաղաադի բոլոր մարդկանց և պատերազմեց Եփրեմի դեմ. Գաղաադի մարդիկ ջարդեցին Եփրեմի որդիներին, որովհետև ասել էին. «Դուք, գաղաադացինե՛ր, Եփրեմի փախստականներ եք Եփրեմում և Մանասեի մեջ»։

5. Եվ գաղաադացիները բռնեցին Հորդանանի կիրճերը՝ Եփրեմի առջև. և երբ Եփրեմի մի փախստական ասում էր. «Թո՛ւյլ տվեք անցնեմ», այն ժամանակ Գաղաադի մարդիկ նրան ասում էին. «Եփրեմակա՞ն ես դու». նա ասում էր՝ ոչ։

6. Նրան ասում էին. «Ապա ասա՛ Շիբբոլեթ», և նա ասում էր՝ Սիբբոլեթ (որովհետև չէր կարողանում ուղիղ արտասանել), և նրան բռնում էին ու սպանում Հորդանանի անցումներում. և այն ժամանակ Եփրեմից քառասուներկու հազար մարդ ընկավ։

7. Հեփթայեն վեց տարի դատավորություն արեց Իսրայելում. և գաղաադացի Հեփթայեն մեռավ ու թաղվեց Գաղաադի քաղաքներից մեկում։

8. Նրանից հետո Իսրայելում դատավորություն արեց բեթլեհեմացի Աբեսսանը։

9. Նա երեսուն տղա ուներ և երեսուն աղջիկ, որոնց դուրսը մարդու տվեց և դրսից էլ երեսուն աղջիկ բերեց իր տղաների համար. և ինքը յոթ տարի դատավորություն արեց Իսրայելում։

10. Աբեսսանը մեռավ և թաղվեց Բեթլեհեմում։

11. Նրանից հետո զաբուղոնացի Ելոնը եղավ Իսրայելի դատավոր և տասը տարի դատավորություն արեց Իսրայելում։

12. Եվ զաբուղոնացի Ելոնը մեռավ ու թաղվեց Զաբուղոնի երկրում՝ Այեղոնի մեջ։

13. Նրանից հետո փարաթոնացի Հելլելի որդի Աբդոնը եղավ Իսրայելի դատավոր։

14. Նա քառասուն տղա և երեսուն թոռներ ուներ, որոնք հեծնում էին յոթանասուն ավանակներ. և ինքն ութ տարի դատավորություն արեց Իսրայելում։

15. Եվ փարաթոնացի Հելլելի որդին՝ Աբդոնը, մեռավ ու թաղվեց ամաղեկացիների լեռնային շրջանում՝ Եփրեմի երկրում, Փարաթոնի մեջ։

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 13

1. Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ, և Տերը նրանց քառասուն տարի մատնեց փղշտացիների ձեռքը։

2. Սարաացի մի մարդ կար Դանի ցեղից՝ Մանուե անունով, և նրա կինն ամուլ էր ու զավակ չէր ծնում։

3. Տիրոջ հրեշտակը երևաց այս կնոջը և նրան ասաց. «Ահա դու հիմա ամուլ ես և չես ծնում, բայց պիտի հղիանաս ու մի որդի ծնես։

4. Հիմա զգո՛ւյշ եղիր, որ գինի կամ օղի չխմես և ոչ մի անմաքուր բան չուտես,

5. որովհետև ահա դու պիտի հղիանաս և մի որդի ծնես, և նրա գլխին պիտի ածելի մոտ չգա, քանի որ այդ տղան մոր արգանդից Աստծուն ընծայված պիտի լինի, և նա սկսելու է Իսրայելն ազատել փղշտացիների ձեռքից»։

6. Կինը գնաց ու իր մարդուն պատմեց՝ ասելով. «Աստծու մի մարդ եկավ ինձ մոտ, և նրա դեմքը Աստծու հրեշտակի պես ահարկու էր. ես չհարցրի, թե որտեղի՛ց է նա, և նա էլ իր անունն ինձ չասաց։

7. Բայց ինձ ասաց. “Ահա դու պիտի հղիանաս և մի որդի ծնես. հիմա գինի և օղի չխմես և ոչ մի անմաքուր բան չուտես, որովհետև այդ տղան մոր արգանդից մինչև իր մահվան օրն Աստծու ուխտավոր պիտի լինի”»։

8. Մանուեն Տիրոջն աղաչեց և ասաց. «Աղաչում եմ, Տե՛ր իմ, Աստծու այն մարդը, որին դու ուղարկեցիր, թող դարձյալ մեզ մոտ գա և մեզ սովորեցնի, թե ծնվելիք այն տղային ինչ պիտի անենք»։

9. Աստված լսեց Մանուեի ձայնը, և Աստծու հրեշտակը դարձյալ այն կնոջ մոտ եկավ, երբ նա նստել էր արտում, և նրա մարդը՝ Մանուեն, հետը չէր։

10. Կինը շուտ վազեց, իր մարդուն պատմեց և նրան ասաց. «Ահա ինձ երևաց այն մարդը, որն այն օրը եկել էր ինձ մոտ»։

11. Մանուեն վեր կացավ գնաց իր կնոջ ետևից և նրան ասաց. «Դո՞ւ ես այն մարդը, որ խոսել ես այս կնոջ հետ»։ Եվ նա ասաց. «Ես եմ»։

12. Եվ Մանուեն ասաց. «Երբ քո խոսքերը կատարվեն, ինչպե՞ս վարվենք այդ տղայի հետ, ի՞նչ պետք է անել»։

13. Տիրոջ հրեշտակը Մանուեին ասաց. «Թող կինը զգուշանա իմ ասած ամեն բանից.

14. որթից դուրս եկած ոչ մի բան չուտի և գինի և օղի չխմի, ոչ մի անմաքուր բան չուտի և իմ պատվիրած ամեն բանը պահի»։

15. Մանուեն Տիրոջ հրեշտակին ասաց. «Աղաչում եմ, թող քեզ մի քիչ պահենք, այծերից մի ուլ պատրաստենք, դնենք քո առաջ»։

16. Եվ Տիրոջ հրեշտակը Մանուեին ասաց. «Թե ինձ պահես էլ, քո հացից չեմ ուտելու, բայց եթե ողջակեզ անես, Տիրոջ համա՛ր զոհիր այն», որովհետև Մանուեն չիմացավ, որ նա Տիրոջ հրեշտակն է։

17. Եվ Մանուեն Տիրոջ հրեշտակին ասաց. «Անունդ ի՞նչ է, որպեսզի երբ խոսքդ կատարվի, քեզ պատվենք»։

18. Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը. այն սքանչելի* է»։

19. Եվ Մանուեն վերցրեց ուլն ու հացի նվերը և ապառաժի վրա զոհաբերեց Տիրոջը. և հրեշտակը Մանուեի ոի նրա կնոջ աչքի առաջ հրաշք գործեց,

20. որովհետև երբ բոցը սեղանից բարձրանում էր դեպի երկինք, Տիրոջ հրեշտակն էլ սեղանի բոցով ելավ վեր. Մանուեն ու իր կինը նայում էին և երեսների վրա ընկան գետնին։

21. Եվ Տիրոջ հրեշտակն այլևս չերևաց Մանուեին ու նրա կնոջը. այն ժամանակ Մանուեն հասկացավ, որ նա Տիրոջ հրեշտակն էր։

22. Եվ Մանուեն ասաց իր կնոջը. «Անպատճառ պիտի մեռնենք, որովհետև տեսանք Աստծուն»։

23. Կինը նրան ասաց. «Եթե Տերն ուզեր, որ մենք մեռնեինք, մեր ձեռքից ողջակեզն ու հացի նվերը չէր ընդունի, այս բոլոր բաները մեզ ցույց չէր տա և այսպիսի բաներ մեզ լսել չէր տա այս ժամանակ»։

24. Եվ կինը մի որդի ծնեց և նրա անունը Սամփսոն դրեց. տղան մեծացավ, և Տերն օրհնեց նրան։

25. Եվ Տիրոջ Հոգին սկսեց նրան մղել՝ Սարաայի և Եսթավուղի մեջտեղը՝ Դանի բանակում։

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 14

1. Եվ Սամփսոնն իջավ Թամնաթա և Թամնաթայում փղշտացիների աղջիկներից մի կին տեսավ։

2. Նա վեր գնաց և իր հորն ու մորը պատմեց և ասաց. «Թամնաթայում փղշտացիների աղջիկներից մի կին տեսա, և հիմա ինձ համար կի՛ն առեք նրան»։

3. Նրա հայրն ու մայրը նրան ասացին. «Մի՞թե քո եղբայրների աղջիկների և իմ ժողովրդի մեջ կին չկա, որ դու գնաս և կին առնես անթլպատ փղշտացիներից»։ Բայց Սամփսոնն իր հորն ասաց. «Նրան ա՛ռ ինձ համար, որովհետև հաճելի է իմ աչքին»։

4. Նրա հայրն ու մայրը չգիտեին, որ այս բանը Տիրոջից է, որովհետև նա փղշտացիների դեմ մի առիթ էր որոնում. այն ժամանակ փղշտացիներն իշխում էին Իսրայելի վրա։

5. Եվ Սամփսոնն իր հոր և մոր հետ Թամնաթա իջավ. եկան մինչև Թամնաթայի այգիները, և ահա մի առյուծի կորյուն մռնչալով ելավ նրա դեմ։

6. Տիրոջ Հոգին իջավ Սամփսոնի վրա, և նա պատռեց նրան, ինչպես մի ուլ կպատռեն, և ձեռքին մի բան չկար. և իր հորն ու մորը չպատմեց, թե ինչ էր արել։

7. Եվ իջավ, այն կնոջ հետ խոսեց. և կինը հաճելի էր Սամփսոնի աչքին։

8. Մի ժամանակից հետո, երբ ետ եկավ այդ կնոջն առնելու, առյուծի դիակը տեսնելու համար ծռվեց ճանապարհից, և ահա առյուծի դիակի մեջ մեղուների մի պարս և մեղր կար։

9. Նա մեղրն իր ձեռքն առավ և ուտելով գնում էր. գնաց իր հոր ու մոր մոտ և նրանց էլ տվեց, և նրանք կերան, բայց նրանց չասաց, թե մեղրը հանել էր առյուծի դիակից։

10. Նրա հայրն իջավ այն կնոջ մոտ, և Սամփսոնն այնտեղ մի խնջույք արեց, որովհետև երիտասարդներն այդպես էին անում։

11. Երբ նրան տեսան, երեսուն ընկեր բերին, որ լինեն նրա հետ։

12. Եվ Սամփսոնն ասաց. «Հիմա ձեզ մի հանելուկ ասեմ, եթե այս խնջույքի յոթ օրվա մեջ ինձ բացատրեք և գտնեք այն, ես էլ ձեզ երեսուն շապիկ և երեսուն ձեռք փոխելու հանդերձանք կտամ,

13. բայց եթե չկարողանաք բացատրել ինձ համար, այն ժամանակ դուք ինձ երեսուն շապիկ և երեսուն ձեռք փոխելու հանդերձանք կտաք»։ Եվ նրանք ասացին նրան. «Հանելուկդ մեզ ասա՛, որ լսենք»։

14. Եվ նրանց ասաց. «Ուտողից կերակուր դուրս եկավ, և հզորից անուշ ելավ»։ Եվ նրանք այս հանելուկը երեք օրում չկարողացան բացատրել։

15. Յոթերորդ օրը Սամփսոնի կնոջն ասացին. «Մարդուդ խաբի՛ր, որ հանելուկը մեզ բացատրի, թե չէ գուցե քեզ էլ, քո հոր տունն էլ կրակով այրենք։ Մեզ կողոպտելու համար կանչեցիք, չէ՞»։

16. Եվ Սամփսոնի կինը լաց եղավ նրա մոտ ու ասաց. «Անպայման դու ինձ ատում ես և ինձ չես սիրում. դու իմ ժողովրդի որդիներին մի հանելուկ ես ասել և ինձ չես բացատրել»։ Եվ նա ասաց նրան. «Ահա իմ հորն ու մորը չհայտնեցի և քե՞զ պիտի հայտնեի»։

17. Եվ նա իրենց խնջույքի յոթ օրերին էլ լաց եղավ նրա մոտ, և նա յոթերորդ օրը նրան բացատրեց, որովհետև նեղություն էր տալիս իրեն. կինն էլ հանելուկը բացատրեց իր ժողովրդի որդիներին։

18. Եվ քաղաքի մարդիկ յոթերորդ օրը՝ արեգակի մայր մտնելուց առաջ, նրան ասացին. «Ի՞նչն է անուշ մեղրից, և ի՞նչը՝ հզոր առյուծից»։ Եվ նա ասաց նրանց. «Եթե դուք իմ երինջով չհերկեիք, իմ հանելուկը չէիք գտնի»։

19. Եվ Տիրոջ Հոգին իջավ նրա վրա, և նա իջավ Ասկաղոն, նրանցից երեսուն մարդ սպանեց և նրանց հանդերձները վերցրեց ու տվեց հանելուկը բացատրողներին, և բարկությունը բորբոքվեց, ու նա գնաց իր հոր տուն։

20. Եվ Սամփսոնի կինը մարդու գնաց նրա բարեկամին՝ իր ընկերոջը։

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 15

1. Մի ժամանակ հետո՝ ցորենի հնձի օրերին, Սամփսոնը մի ուլ վերցրեց այծերից և գնաց իր կնոջն այցելության ու ասաց. «Գնամ ներքին սենյակը՝ կնոջս մոտ», բայց կնոջ հայրը նրան չթողեց, որ մտներ։

2. Եվ նրա հայրն ասաց. «Իրավ կարծեցի, որ դու նրան բոլորովին ատեցիր, և նրան տվի քո ընկերոջը։ Ահա նրա փոքր քույրը նրանից գեղեցիկ է. հիմա թող նրա փոխարեն սա քեզ կին լինի»։

3. Սամփսոնը նրանց ասաց. «Այս անգամ պիտի փղշտացիներից անպատիժ լինեմ, եթե չարիք գործեմ նրանց դեմ»։

4. Եվ Սամփսոնը գնաց, երեք հարյուր աղվես բռնեց, ջահեր վերցրեց և աղվեսների ագին կապեց ագու հետ, երկու ագիների մեջտեղը մի ջահ դրեց,

5. ջահերը վառեց կրակով, նրանց քշեց փղշտացիների հնձերի մեջ և այրեց դիզված ու չքաղած հնձերը, մինչև անգամ այգիներն ու ձիթենիները։

6. Եվ փղշտացիներն ասացին. «Այս բանն ո՞վ արեց»։ Եվ ասացին. «Թամնացու փեսա Սամփսոնը, որովհետև նրա կնոջը նա վերցրեց և տվեց նրա ընկերոջը»։ Փղշտացիները վեր կացան և կնոջն ու նրա հորը կրակով այրեցին։

7. Իսկ Սամփսոնը նրանց ասաց. «Թեև դուք այդպես արեցիք, բայց ես վրեժ եմ առնելու ձեզնից և հետո պիտի դադարեմ»։

8. Մեծ հարվածով ջարդեց նրանց սրունքներն ու երանքները և իջավ Ետամ, բնակվեց ապառաժի խոռոչում։

9. Փղշտացիները ելան ու բանակ դրեցին Հուդայի մեջ և տարածվեցին Լեքիի մեջ։

10. Եվ Հուդայի մարդիկ ասացին. «Ինչո՞ւ եք եկել մեզ վրա»։ Նրանք էլ ասացին. «Եկել ենք Սամփսոնին կապելու, որ նրա մեզ արածի պես մենք էլ իրեն անենք»։

11. Եվ Հուդայից երեք հազար մարդ իջան Ետամ ապառաժի խոռոչը և Սամփսոնին ասացին. «Չգիտե՞ս, որ փղշտացիներն իշխում են մեզ վրա, այս ի՞նչ ես արել մեզ հետ»։ Եվ Սամփսոնը նրանց ասաց. «Ինչպես որ նրանք են արել ինձ, ես էլ նրանց այդպես եմ արել»։

12. Նրան ասացին. «Մենք իջել ենք, որ քեզ կապենք և փղշտացիների ձեռքը տանք»։ Եվ Սամփսոնը նրանց ասաց. «Ինձ երդո՛ւմ տվեք, որ ինձ չեք սպանի»։

13. Եվ նրանք խոսեցին նրա հետ՝ ասելով. «Ո՛չ, քեզ միայն կկապենք ու նրանց ձեռքը կտանք և քեզ բնավ չենք սպանի». և նրան երկու նոր չվանով կապեցին ու դուրս հանեցին ապառաժից։

14. Նա եկավ մինչև Լեքի, և փղշտացիներն աղաղակելով դիմավորեցին նրան. Տիրոջ Հոգին եկավ նրա վրա, և նրա կռների վրա եղած չվանները կրակով այրված քաթանի պես դարձան, և կապերը քանդվեցին ձեռքերից։

15. Եվ էշի մի ծնոտ գտավ, որ դեռ չորացած չէր, ձեռքը մեկնեց, վերցրեց այն և նրանով հազար մարդ սպանեց։

16. Եվ Սամփսոնն ասաց. «Էշի ծնոտով մի խումբ, երկու խումբ՝ հազար մարդ սպանեցի էշի ծնոտով»։

17. Եվ երբ իր խոսքը վերջացրեց, ծնոտը գցեց ձեռքից և այդ տեղի անունը կոչեց Ռամաթ-Լեքի։

18. Եվ շատ խիստ ծարավեց, Տիրոջն աղաղակեց և ասաց. «Դու քո ծառայի ձեռքով հաջողեցրիր այս մեծ փրկությունը, և հիմա ծարավից մեռնեմ ու անթլփատների ձե՞ռքն ընկնեմ»։

19. Եվ Աստված բացեց Լեքիի մեջ եղած փոսը, և նրանից ջուր ելավ. նա խմեց, և ոգին դարձավ իր մոտ, ու կենդանացավ. դրա համար էլ նրա անունն ասվեց Այն-Հաքորե*, որը Լեքիի մեջ է մինչև այսօր։

20. Եվ նա փղշտացիների օրերին քսան տարի դատավորություն արեց Իսրայելում։

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16

1. Սամփսոնը գնաց Գազա և այնտեղ մի պոռնիկ կին տեսավ ու նրա մոտ մտավ։

2. Գազացիներն ասացին, թե Սամփսոնը եկել է այստեղ։ Եվ պաշարեցին ու ամբողջ գիշեր նրան դարանակալեցին քաղաքի դռան մոտ. ամբողջ գիշեր լռեցին և ասացին. «Առավոտը կանուխ սպանենք նրան»։

3. Իսկ Սամփսոնը մինչև կեսգիշեր քնեց և կեսգիշերին վեր կացավ ու քաղաքի դռան փեղկերը երկու շեմերով բռնեց, իրենց նիգի հետ մեկտեղ հանեց և դրանք վերցնելով ուսերի վրա՝ տարավ Քեբրոնի դիմացի սարի գլուխը։

4. Դրանից հետո մի կին սիրեց Սովրեկ հեղեղատի մոտ. նրա անունը Դալիլա էր։

5. Փղշտացիների նախարարները գնացին այդ կնոջ մոտ և նրան ասացին. «Նրան խաբի՛ր և տե՛ս, թե ինչում է նրա մեծ զորությունը, թե ինչով կարող ենք նրան հաղթել, որպեսզի նրան հաղթենք և տկարացնենք, և մենք՝ ամեն մեկս, քեզ հազար հարյուր արծաթ կտանք»։

6. Եվ Դալիլան Սամփսոնին ասաց. «Աղաչում եմ, հայտնի՛ր ինձ, թե քո մեծ զորությունն ինչո՛ւմ է, և քեզ տկարացնելու համար ինչո՞վ պետք է կապել»։

7. Սամփսոնը նրան ասաց. «Եթե ինձ կապեն յոթ հատ չչորացած, դալար ջիլերով, կտկարանամ և կդառնամ մարդկանցից մեկի պես»։

8. Եվ փղշտացիների նախարարները նրա համար յոթ հատ չչորացած, դալար ջիլեր բերեցին, և նա դրանցով կապեց նրան։

9. Եվ նրա մոտ՝ ներքին սենյակում, դարանակալներ էին նստել։ Եվ կինը նրան ասաց. «Սամփսո՛ն, փղշտացիները գալիս են քեզ վրա». այն ժամանակ նա ջիլերը կտրտեց, ինչպես կկտրտեն կրակի հոտ առած խծուծից շինած լարը, և նրա ուժը չիմացվեց։

10. Եվ Դալիլան ասաց Սամփսոնին. «Ահա ինձ խաբեցիր և ինձ սուտ ասացիր. հիմա աղաչում եմ, հայտնի՛ր ինձ, թե ինչո՛վ կկապվես»։

11. Եվ նա ասաց նրան. «Եթե ինձ նոր և չգործածված չվաններով պինդ կապեն, այն ժամանակ կտկարանամ և կդառնամ մարդկանցից մեկի պես»։

12. Դալիլան նոր չվաններ վերցրեց, դրանցով նրան կապեց և նրան ասաց. «Սամփսո՛ն, փղշտացիները գալիս են քեզ վրա». (իսկ դարանակալները նստել էին ներքին սենյակում). այն ժամանակ նա դրանք դերձանի պես կտրտեց իր բազուկներից։

13. Եվ Դալիլան ասաց Սամփսոնին. «Մինչև հիմա ինձ խաբեցիր և ինձ սուտ ասացիր. ասա՛ ինձ, թե ինչո՛վ կկապվես»։ Եվ նա նրան ասաց. «Եթե գլխիս յոթ բաժին մազերը հենքի թելերով հյուսես»։

14. Եվ նա դրանք ցցով պնդացրեց ու նրան ասաց. «Սամփսո՛ն, փղշտացիները գալիս են քեզ վրա»։ Եվ նա քնից զարթնեց և ոստայնի ցիցն ու ազբը հանեց։

15. Այն ժամանակ Դալիլան նրան ասաց. «Ինչպե՞ս ես ասում, թե՝ “Քեզ սիրում եմ”, քանի որ քո սիրտն ինձ հետ չէ. հիմա այս երեք անգամ է, որ ինձ խաբեցիր և ինձ չասացիր, թե ինչում է քո մեծ զորությունը»։

16. Եվ որովհետև ամեն օր իր խոսքերով նրան նեղում էր և նրան բռնադատում էր, այն ժամանակ նրա սիրտը նեղվեց մահվան աստիճան,

17. նա իր սրտի մեջ եղած ամեն ինչ նրան հայտնեց ու ասաց նրան. «Իմ գլխին ածելի չի դիպել, որովհետև իմ մոր արգանդից ես Աստծու ուխտավոր եմ. եթե ածիլվեմ, իմ ուժն ինձնից կգնա, և ես կտկարանամ ու կդառնամ ամեն մի մարդու պես»։

18. Երբ Դալիլան տեսավ, որ նա իր սրտի մեջ եղած ամեն ինչ իրեն հայտնեց, փղշտացիների նախարարներին կանչել տվեց և ասաց. «Այս անգամ եկե՛ք վերև, որովհետև իր սրտի մեջ եղած ամեն ինչ հայտնել է ինձ»։ Այն ժամանակ փղշտացիների նախարարները գնացին վերև՝ նրա մոտ, և արծաթն էլ բերեցին իրենց ձեռքին։

19. Դալիլան նրան քնեցրեց իր ծնկների վրա և մի մարդ կանչեց ու նրա գլխի յոթ բաժին մազերն ածիլել տվեց, և սկսեց նրան նեղել. ու նրա ուժը գնացել էր իրենից։

20. Կինն ասաց. «Սամփսո՛ն, փղշտացիները գալիս են քեզ վրա»։ Եվ նա, քնից զարթնելով, ասաց. «Դուրս գամ և առաջվա անգամների պես թոթափվեմ», բայց չգիտեր, որ Տերը գնացել էր իրենից։

21. Փղշտացիները նրան բռնեցին, նրա աչքերը հանեցին և նրան տարան ցած՝ Գազա, կապեցին պղնձե կապերով, և բանտում աղում էր։

22. Նրա գլխի մազն ածիլվելուց հետո սկսեց բուսնել։

23. Փղշտացիների նախարարները հավաքվեցին, որ իրենց աստծուն՝ Դագոնին, մեծ զոհ մատուցեն և ուրախություն անեն. և ասացին. «Մեր աստվածը մեր թշնամի Սամփսոնին մեր ձեռքը մատնեց»։

24. Եվ ժողովուրդը, նրան տեսնելով, գովեց իր աստծուն, որովհետև ասացին. «Մեր աստվածը մեր թշնամուն՝ մեր երկիրը քանդողին ու մեզնից շատերին սպանողին, մեր ձեռքը մատնեց»։

25. Եվ երբ նրանց սիրտն ուրախ էր, ասացին. «Սամփսոնին կանչե՛ք, որ պարի մեր առաջ»։ Սամփսոնին կանչեցին բանտից, և պարում էր նրանց առաջ. և նրան կանգնեցրին սյուների մեջտեղը։

26. Սամփսոնն իր ձեռքից բռնող պատանուն ասաց. «Թո՛ւյլ տուր ինձ, որ այս տունը կրող սյուները շոշափեմ և կռթնեմ նրանց վրա»։

27. Տունը լիքն էր մարդկանցով՝ տղամարդիկ ու կանայք, և փղշտացիների բոլոր նախարարներն այնտեղ էին, և տանիքի վրա մոտ երեք հազար տղամարդիկ ու կանայք կային, որոնք նայում էին Սամփսոնի պարելուն։

28. Եվ Սամփսոնն աղաղակեց Տիրոջն ու ասաց. «Ո՛վ Տեր, Տե՛ր, աղաչում եմ, հիշի՛ր ինձ, ո՛վ Աստված, և միայն այս անգամ էլ ինձ ո՛ւժ տուր, որ փղշտացիներից իմ երկու աչքերի վրեժն առնեմ միանգամից»։

29. Եվ Սամփսոնն այն տունը կրող միջի սյուները բռնեց՝ մեկն աջ ձեռքով և մյուսը ձախ ձեռքով, և կռթնեց նրանց վրա։

30. Եվ Սամփսոնն ասաց. «Իմ անձն էլ թող մեռնի փղշտացիների հետ», և ամբողջ ուժով ծռեց, ու տունը փլվեց ընկավ նախարարների վրա և մեջը եղած ամբողջ ժողովրդի վրա. և իր մեռնելով սպանածներն ավելի շատ էին իր կենդանության ժամանակ սպանածներից։

31. Նրա եղբայրները և նրա հոր ամբողջ տունն իջան և նրան վերցրին ու տարան դուրս և թաղեցին նրան իր հոր՝ Մանուեի գերեզմանում՝ Սարաայի և Եսթավուղի մեջտեղը։ Նա Իսրայելում դատավորություն արեց քսան տարի։

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 17

1. Եփրեմի լեռնային շրջանից մի մարդ կար՝ Միքա անունով։

2. Նա իր մորն ասաց. «Այն հազար հարյուր արծաթը, որ քեզնից վերցվել էր, որի համար անեծք տվեցիր և ասացիր իմ ականջին, ահա այդ արծաթն ինձ մոտ է, ես եմ այն վերցրել»։ Մայրը նրան ասաց. «Թող իմ որդյակն օրհնյալ լինի Տիրոջից»։

3. Եվ նա հազար հարյուր արծաթը վերադարձրեց իր մորը, բայց նրա մայրն ասաց. «Ես այդ արծաթն իմ ձեռքից նվիրեցի Տիրոջն իմ որդու համար՝ դրանից քանդակած և ձուլածո կուռք շինելու համար, ուստի հիմա այն տալիս եմ քեզ»։

4. Իսկ նա այդ արծաթը վերադարձրեց իր մորը, և մայրը երկու հարյուր արծաթ վերցրեց ու դրանք տվեց ոսկերչին. նա էլ դրանցից քանդակած և ձուլածո կուռք շինեց, որը Միքայի տանն էր։

5. Այդ մարդը՝ Միքան, աստվածների մի տուն ուներ և եփուդ ու թերափիմ շինեց, իր տղաներից մեկին օրհնեց և քահանա օծեց* իր համար։

6. Այն օրերին Իսրայելում թագավոր չկար. ամեն մարդ անում էր իր աչքին հաճելի եղածը։

7. Հուդայի ազգատոհմից՝ Հուդայի Բեթլեհեմից, մի պատանի կար. նա ղևտացի էր և պանդուխտի պես բնակվում էր այնտեղ։

8. Այս մարդը Հուդայի Բեթլեհեմ քաղաքից դուրս եկավ պանդխտության, ուր որ տեղ գտներ, և ճամփորդելով եկավ մինչև Եփրեմի սարը՝ մինչև Միքայի տուն։

9. Եվ Միքան նրան ասաց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Եվ նա նրան ասաց. «Ես ղևտացի եմ, Հուդայի Բեթլեհեմից և գնում եմ պանդխտանալու, ուր որ տեղ գտնեմ»։

10. Եվ Միքան նրան ասաց. «Ինձ մո՛տ բնակվիր և ինձ համար հայր ու քահանա՛ եղիր. և ես քեզ ամեն տարի տասը արծաթ և հագնելու հանդերձ և ուտելիք կտամ»։ Ղևտացին էլ գնաց։

11. Ղևտացին համաձայնվեց, որ բնակվի այդ մարդու մոտ. և այս պատանին նրա համար եղավ ինչպես մեկն իր որդիներից։

12. Միքան օծեց ղևտացուն, և պատանին քահանա եղավ նրա համար ու բնակվում էր Միքայի տանը։

13. Եվ Միքան ասաց. «Հիմա գիտեմ, որ Տերն ինձ բարիք է անելու, որովհետև այս ղևտացին դարձավ իմ քահանան»։

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18

1. Այն օրերին Իսրայելում թագավոր չկար. և այն օրերին Դանի ցեղն իր համար բնակվելու ժառանգություն էր որոնում, որովհետև մինչև այդ օրերը Իսրայելի ցեղերի մեջ նրան ժառանգություն չէր ընկել։

2. Եվ Դանի որդիներն իրենց ազգատոհմերից և իրենց սահմաններից՝ Սարաայից և Եսթավուղից, հինգ զորավոր մարդ ուղարկեցին, որպեսզի երկիրը լրտեսեն ու քննեն, և նրանց ասացին. «Գնացե՛ք, երկիրը քննե՛ք»։ Եվ նրանք գնացին Եփրեմի լեռնային շրջանը՝ մինչև Միքայի տունը, և գիշերը մնացին այնտեղ։

3. Երբ նրանք Միքայի տան մոտ էին, ճանաչեցին այն ղևտացի պատանու ձայնը, այն կողմը թեքվեցին ու ասացին. «Ո՞վ քեզ այստեղ բերեց, և դու այստեղ ի՞նչ ես անում, այստեղ ի՞նչ ունես»։

4. Նա ասաց նրանց. «Միքան ինձ այսպես ու այսպես արեց և ինձ վարձակալեց, որ քահանա լինեմ նրա համար»։

5. Նրան ասացին. «Աղաչում ենք, հարցրո՛ւ Աստծուն, որ իմանանք, թե արդյոք հաջո՞ղ կլինի մեր գնացած ճանապարհը»։

6. Եվ քահանան նրանց ասաց. «Գնացե՛ք խաղաղությամբ, ձեր գնացած ճանապարհը Տիրոջ առաջ է»։

7. Այն ժամանակ այդ հինգ մարդիկ գնացին և մտան Լայիս ու տեսան նրա մեջ բնակվող ժողովրդին, որ սիդոնացիների պես ապրում էին ապահովության մեջ, հանգիստ ու անհոգ, և այդ երկրում չկար մեկը, որ իշխանություն ունենար ու վնաս տար, և սիդոնացիներից հեռու էին, և բնավ գործ չունեին ոչ մի մարդու հետ։

8. Եվ այդ հինգ մարդը գնացին Սարաա և Եսթավուղ՝ իրենց եղբայրների մոտ, և իրենց եղբայրները նրանց ասացին. «Դուք ի՞նչ ասելիք ունեք»։

9. Նրանք ասացին. «Վե՛ր կացեք գնանք նրանց վրա, որովհետև մենք տեսանք երկիրը, և ահա շատ լավ երկիր է. դուք ի՞նչ եք թույլ նստել. անհոգություն մի՛ արեք այդ երկիրը գնալու և ժառանգելու համար։

10. Հենց որ գնաք, կմտնեք անհոգ մի ժողովրդի մեջ և ընդարձակ մի երկիր, որն Աստված ձեր ձեռքն է տվել, և այնպիսի մի տեղ, ուր երկրի վրա եղած բաներից ոչինչ պակաս չէ»։

11. Եվ այնտեղից՝ Դանի ազգատոհմից, այսինքն՝ Սարաայից և Եսթավուղից վեց հարյուր սպառազինված մարդիկ գնացին։

12. Եվ ելան վեր ու բանակ դրին Հուդայի Կարիա-Թարիմում. դրա համար էլ այդ տեղի անունը մինչև այսօր ասվում է Մահանե-Դան. ահա այն Կարիաթ-Արիմի ետևն է։

13. Այնտեղից անցան Եփրեմի լեռնային շրջանը և եկան մինչև Միքայի տունը։

14. Եվ այն հինգ մարդիկ, որոնք գնացել էին Լայիսի երկիրը լրտեսելու, պատասխանեցին և իրենց եղբայրներին ասացին. «Գիտե՞ք, որ այս տներում եփուդ կա, թերափիմ և քանդակած ու ձուլածո կուռք. և հիմա իմացե՛ք, թե ինչ պիտի անեք»։

15. Այն ժամանակ նրանք, դեպի այնտեղ դառնալով, գնացին այն ղևտացի պատանու տունը՝ Միքայի տունը, և հարցրին նրա ողջությունը։

16. Իսկ Դանի որդիներից այն վեց հարյուր սպառազինված մարդիկ կանգնեցին դռան մուտքի մոտ։

17. Եվ երկիրը լրտեսելու գնացած այն հինգ մարդիկ մտան այնտեղ և վերցրին քանդակած կուռքը, եփուդը, թերափիմն ու ձուլածո կուռքը, իսկ քահանան այն վեց հարյուր սպառազինված մարդկանց հետ կանգնել էր դռան մուտքի մոտ։

18. Երբ նրանք Միքայի տուն մտան և վերցրին քանդակած կուռքը, եփուդը, թերափիմն ու ձուլածո կուռքը, քահանան նրանց ասաց. «Ի՞նչ եք անում»։

19. Նրանք ասացին նրան. «Լո՛ւռ մնա, ձեռքդ բերանիդ վրա՛ դիր և ե՛կ մեզ հետ. և հայր ու քահանա՛ եղիր մեզ համար. մի՞թե քեզ համար լավ է քահանա լինել մեկ մարդու տանը, թե՞ Իսրայելում լինել մեկ ցեղի և մեկ ազգատոհմի քահանան»։

20. Եվ ուրախանալով իր սրտում՝ քահանան վերցրեց եփուդը, թերափիմն ու քանդակած կուռքը և մտավ այն ժողովրդի մեջ։

21. Եվ նրանք ետ դարձան գնացին, և՛ ընտանիքները, և՛ անասունները, և՛ թանկագին կարասիները դրեցին իրենց առաջ։

22. Երբ նրանք Միքայի տնից հեռացան, Միքայի տան մոտ եղած տների մարդիկ հավաքվեցին և Դանի որդիներին հասան.

23. կանչեցին Դանի որդիներին, և նրանք շրջեցին իրենց երեսներն ու Միքային ասացին. «Քեզ ի՞նչ է եղել, որ բազմություն հավաքած ես գալիս»։

24. Նա ասաց. «Իմ շինած աստվածները և իմ քահանային վերցրել եք գնացել, և ինձ էլ ի՞նչ մնաց. և դեռ ինչո՞ւ եք ինձ ասում. “Քեզ ի՞նչ է եղել”»։

25. Դանի որդիները նրան ասացին. «Մեր մեջ էլ քո ձայնը չլսվի, թե չէ գուցե բարկասիրտ մարդիկ հարձակվեն ձեզ վրա, և քո կյանքն ու քո ընտանիքի կյանքը կորցնես»։

26. Եվ Դանի որդիները գնացին իրենց ճանապարհով։ Միքան, տեսնելով, որ նրանք զորավոր են իրենից, ետ դարձավ և գնաց իր տուն։

27. Իսկ նրանք Միքայի շինածներն ու նրա քահանային վերցրին և գնացին Լայիսի վրա՝ այն հանգիստ ու անհոգ ժողովրդի վրա, նրանց սրի բերան քաշեցին և քաղաքը կրակով այրեցին։

28. Նրանք, Սիդոնից հեռու լինելով և ոչ մի մարդու հետ գործ չունենալով, իրենց ազատող չկար. այն քաղաքը Բեթ-Րոոբի հովտում էր. և քաղաքը վերաշինեցին ու բնակվեցին նրա մեջ։

29. Եվ քաղաքի անունն իրենց հոր՝ Իսրայելի որդի Դանի անունով կոչեցին Դան, բայց քաղաքի անունն առաջ Լայիս էր։

30. Դանի որդիները քանդակած կուռքը կանգնեցրին իրենց համար, և Մանասեի որդու՝ Գերսոնի որդի Հովնաթանը, ինքն ու իր որդիները մինչև երկրի գերության օրը Դանի ցեղի քահանաներն էին։

31. Ուստի նրանք Միքայի շինած կուռքն իրենց համար պահեցին այնքան ժամանակ, քանի դեռ Աստծու տունը Սելովի մեջ էր։

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19

1. Այն օրերին, երբ Իսրայելում թագավոր չկար, մի ղևտացի պանդուխտ կար, որ բնակվում էր Եփրեմի լեռնային շրջանի կողմերում. նա Հուդայի Բեթլեհեմից մի հարճ առավ իր համար։

2. Նրա հարճը նրա դեմ շնություն արեց և նրա մոտից գնաց իր հոր տուն՝ Հուդայի Բեթլեհեմ, և մոտ չորս ամիս մնաց այնտեղ։

3. Նրա ամուսինը վեր կացավ գնաց նրա ետևից, որ քաղցրությամբ խոսի նրա հետ և նրան ետ բերի. նրա հետ էին իր ծառան և էլի երկու մարդ. և կինը նրան տարավ իր հոր տուն. երբ աղջկա հայրը տեսավ նրան, ուրախությամբ նրան դիմավորեց։

4. Եվ աղջկա հայրը՝ նրա աները, պահեց նրան, և նա երեք օր մնաց նրա մոտ. կերան, խմեցին և գիշերները մնացին այնտեղ։

5. Երբ չորրորդ օրն առավոտը կանուխ վեր կացան, նա ելավ, որ գնա, բայց աղջկա հայրն իր փեսային ասաց. «Սիրտդ մի կտոր հացով պնդացրո՛ւ, հետո կգնաք»։

6. Նրանք նստեցին, և երկուսը միասին կերան ու խմեցին, և աղջկա հայրն այն մարդուն ասաց. «Աղաչում եմ, այս գիշե՛ր էլ այստեղ մնա, և թող սիրտդ զվարճանա»։

7. Այն մարդը վեր կացավ, որ գնա, բայց իր աները նրան ստիպեց, և նա ետ դարձավ ու գիշերը մնաց այնտեղ։

8. Հինգերորդ օրն առավոտը կանուխ վեր կացավ, որ գնա, աղջկա հայրն ասաց. «Աղաչում եմ, սիրտդ պնդացրո՛ւ». և երկուսը միասին կերան և ուշացան, մինչև որ օրը թեքվեց։

9. Եվ այն մարդը վեր կացավ, ինքը, իր հարճն ու իր ծառան, որ գնան, բայց նրա աները՝ աղջկա հայրը, ասաց նրան. «Ահա օրն իրիկուն է դառնում, աղաչում եմ, գիշերը մնացե՛ք. ահա օրն անցել է, գիշերը մնա՛ այստեղ, թող սիրտդ զվարճանա, և վաղը կանուխ ճանապա՛րհ ընկեք, և գնա՛ քո վրանը»։

10. Բայց այն մարդը չուզեց գիշերը մնալ և վեր կացավ գնաց, եկավ մինչև Հեբուս, այսինքն՝ Երուսաղեմի դիմաց. իր հետ համետած երկու էշ ուներ, և իր հարճն էլ իր հետ էր։

11. Երբ մոտեցան Հեբուսին, օրն արդեն շատ էր անցել, և ծառան իր տիրոջն ասաց. «Ե՛կ ճանապարհը ծռենք ու գնանք այս հեբուսացիների քաղաքը և գիշերն այնտեղ մնանք»։

12. Բայց տերը նրան ասաց. «Ճանապարհը չծռենք դեպի օտարազգիների քաղաքը, որն Իսրայելի որդիներինը չէ, այլ անցնենք մինչև Գաբաա»։

13. Եվ իր ծառային ասաց. «Ե՛կ այն տեղերից մեկին մոտենանք և գիշերը մնանք Գաբաայի կամ Ռամայի մեջ»։

14. Եվ անցան գնացին ու երբ մոտեցան Բենիամինի Գաբաային, արեգակը մայր մտավ։

15. Այնտեղ թեքվեցին, որ մտնեն Գաբաա և իջևանեն. և գնաց քաղաքի հրապարակում նստեց, ու մի մարդ չեղավ, որ նրանց տաներ իր տուն՝ իջևանելու համար։

16. Եվ ահա իրիկունն արտից՝ իր գործից, մի ծեր մարդ էր գալիս. նա Եփրեմի լեռնային շրջանից էր և պանդուխտ էր Գաբաայի մեջ. իսկ այդտեղի բնակիչները Բենիամինի ցեղից էին։

17. Երբ նա աչքերը բարձրացրեց և ճանապարհորդ մարդուն տեսավ քաղաքի հրապարակում, ծեր մարդն ասաց. «Ո՞ւր ես գնում և որտեղի՞ց ես գալիս»։

18. Նա ասաց նրան. «Մենք Հուդայի Բեթլեհեմից անցնում ենք մինչև Եփրեմի լեռնային շրջանի կողմերը. ես այնտեղացի եմ և գնացի մինչև Հուդայի Բեթլեհեմ ու հիմա Տիրոջ տունն եմ գնում. և ինձ իր տունն ընդունող մի մարդ չկա։

19. Բայց մեր էշերի համար հարդ ու կեր կա, և ինձ համար, քո աղախնի համար և քո ծառաների հետ գտնվող պատանու համար հաց ու գինի ունեմ, ոչ մի բան պակաս չէ»։

20. Այն ծեր մարդն ասաց. «Խաղաղությո՜ւն քեզ. քո ամեն պակասությունն ինձ վրա, բայց գիշերը մի՛ մնա հրապարակում»։

21. Եվ նրան տարավ իր տուն ու էշերին կեր տվեց. և նրանք իրենց ոտքերը լվանալուց հետո կերան ու խմեցին։

22. Երբ նրանց սիրտը զվարճանում էր, ահա քաղաքի բնակիչներից չար զավակներ տունը պաշարեցին և հարձակվելով դռան վրա՝ խոսեցին այն տան տեր ծեր մարդու հետ և ասացին. «Քո տունը եկած մարդուն հանի՛ր, որ նրան գիտենանք»։

23. Եվ տան տեր այն մարդը դուրս ելավ նրանց մոտ ու նրանց ասաց. «Ո՛չ, եղբայրնե՛րս, աղաչում եմ, չարիք մի՛ արեք. այս մարդու իմ տունը մտնելուց հետո այս անզգամությունը մի՛ արեք։

24. Ահա թողեք իմ կույս աղջկան և այդ մարդու հարճին դուրս բերեմ ձեզ մոտ, լլկե՛ք և ձեր ուզածն արե՛ք նրանց հետ, բայց այս մարդու հետ այդ անզգամ գործը մի՛ արեք»։

25. Բայց այդ մարդիկ չուզեցին նրա խոսքը լսել, և այն մարդն էլ իր հարճին բռնեց, դուրս հանեց նրանց մոտ, և նրանք կենակցեցին նրա հետ, ամբողջ գիշեր մինչև առավոտ լլկեցին նրան, և երբ արշալույսը ծագեց, նրան թույլ տվեցին, որ գնա։

26. Առավոտվա դեմ կինը վերադարձավ և գալով ընկավ այն մարդու տան դռան առաջ, ուր որ իր տերն էր, մինչև լույսը բացվեց։

27. Նրա տերն առավոտը վեր կացավ, տան դռները բացեց, որ դուրս գա և գնա իր ճանապարհը, և ահա այն կինը՝ իր հարճը, ընկած էր տան դռան առաջ, և ձեռքերը սեմի վրա էին։

28. Եվ նրան ասաց. «Վե՛ր կաց գնանք». բայց պատասխան տվող չկար։ Այն ժամանակ նրան դրեց իր էշի վրա և վեր կացավ ու գնաց իր տեղը։

29. Երբ իր տունը հասավ, մի դանակ վերցրեց, բռնեց իր հարճին և ոսկոր առ ոսկոր կոտորեց նրան, տասներկու կտոր արեց և ուղարկեց Իսրայելի բոլոր սահմանները։

30. Եվ բոլոր տեսնողներն ասում էին. «Այսպիսի բան ո՛չ եղել է և ո՛չ էլ տեսնվել է Եգիպտոսի երկրից Իսրայելի որդիների դուրս գալու օրից մինչև այսօր. մտածե՛ք սրա մասին, խորհո՛ւրդ արեք և որոշե՛ք»։

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20

1. Այն ժամանակ Իսրայելի բոլոր որդիները դուրս եկան, և ժողովուրդը մեկ մարդու պես հավաքվեց Դանից մինչև Բերսաբեե և Գաղաադի երկիրը՝ Մասփայում, Տիրոջ առաջ։

2. Եվ ներկայացան ամբողջ ժողովրդի՝ Իսրայելի բոլոր ցեղերի գլխավոր մարդիկ՝ չորս հարյուր հազար սուր քաշող հետևակ զորք՝ Աստծու ժողովրդի հավաքին։

3. Եվ Բենիամինի որդիները լսեցին, որ Իսրայելի որդիները գնացել են վեր՝ Մասփա։ Եվ Իսրայելի որդիներն ասացին. «Պատմե՛ք, թե ինչպե՛ս եղավ այս չար գործը»։

4. Այն ղևտացի մարդը՝ սպանված այն կնոջ մարդը, պատասխանեց և ասաց. «Ես ու իմ հարճը եկանք Բենիամինի Գաբաան, որ գիշերը մնանք։

5. Եվ Գաբաայի բնակիչները վեր կացան իմ դեմ, գիշերը պաշարեցին տունն իմ դեմ և ինձ ուզում էին սպանել. և իմ հարճին լլկեցին, ու նա մեռավ։

6. Ես էլ վերցրի իմ հարճին ու նրան կտոր-կտոր արեցի և ուղարկեցի Իսրայելի ժառանգության ամբողջ երկրին, որովհետև նրանք Իսրայելի մեջ մեծ հանցանք և անզգամություն արեցին։

7. Ահա դուք բոլորդ Իսրայելի որդիներ եք. ձեր մեջ խոսե՛ք և խորհո՛ւրդ արեք այստեղ»։

8. Եվ ամբողջ ժողովուրդը մեկ մարդու պես վեր կացավ ու ասաց. «Մեզնից ոչ մեկն իր վրանը չգնա, և ոչ մեկը չվերադառնա իր տուն։

9. Եվ հիմա այս բանն ենք անելու Գաբաային. նրա վրա գնանք վիճակով։

10. Իսրայելի բոլոր ցեղերից վերցնենք հարյուրից տասը և հազարից հարյուրը և տասը հազարից հազար մարդ, որ ժողովրդի համար պաշար տանեն, որ Բենիամինի Գաբաան մտնելով՝ նրան հատուցեն Իսրայելում նրա արած բոլոր անզգամությունների համար»։

11. Եվ Իսրայելի բոլոր մարդիկ մեկ մարդու պես միաբանությամբ հավաքվեցին այն քաղաքի դեմ։

12. Եվ Իսրայելի ցեղերը Բենիամինի ամբողջ ցեղի մոտ մարդիկ ուղարկեցին և ասացին. «Այս ի՞նչ չարագործություն է, որ եղավ ձեր մեջ։

13. Եվ հիմա Գաբաայում եղած այն չար զավակ մարդկանց տվե՛ք, որ նրանց սպանենք և չարիքը վերացնենք Իսրայելից»։ Բայց Բենիամինի որդիները չուզեցին լսել իրենց եղբայրների՝ Իսրայելի որդիների խոսքը։

14. Եվ Բենիամինի որդիներն իրենց քաղաքներից հավաքվեցին Գաբաայի մեջ, որ Իսրայելի որդիների դեմ պատերազմեն։

15. Եվ այն օրն իրենց քաղաքներից եկած Բենիամինի որդիները թվով քսանվեց հազար սուր քաշող մարդիկ էին, բացի Գաբաայի բնակիչներից, որոնք յոթ հարյուր ընտիր մարդիկ էին։

16. Այս ամբողջ ժողովրդի մեջ ընտրված ու ձախլիկ յոթ հարյուր մարդ կար, որոնք բոլորն էլ պարսատիկով մազի վրա քար էին գցում՝ առանց վրիպելու։

17. Եվ Իսրայելի մարդկանց էլ հաշվեցին. բացի Բենիամինի որդիներից, չորս հարյուր հազար սուր քաշող մարդ էր. և սրանք բոլորն էլ պատերազմող մարդիկ էին։

18. Եվ վեր կացան գնացին Բեթել. և Իսրայելի որդիներն Աստծուն հարցրին ու ասացին. «Բենիամինի դեմ պատերազմելու համար մեզնից ո՞վ պիտի լինի առաջինը»։ Եվ Տերն ասաց. «Հուդան լինի առաջինը»։

19. Իսրայելի որդիներն առավոտը վեր կացան և բանակ դրեցին Գաբաայի դեմ դիմաց։

20. Իսրայելացիները դուրս եկան Բենիամինի դեմ պատերազմելու և իսրայելացիները Գաբաայի մոտ նրանց դեմ շարվեցին պատերազմի համար։

21. Բենիամինի որդիները դուրս եկան Գաբաայից և այն օրն Իսրայելից քսաներկու հազար մարդ գետին տապալեցին։

22. Եվ ժողովուրդը՝ այսինքն իսրայելացիները, ուժ առան և այս անգամ էլ գնացին ու շարվեցին նույն տեղում պատերազմելու համար, որտեղ շարվել էին առաջին օրը։

23. Իսրայելի որդիները գնացին վեր և Տիրոջ առաջ մինչև իրիկուն լաց եղան ու Տիրոջը հարցրին՝ ասելով. «Մեր եղբոր՝ Բենիամինի դեմ մեկ անգամ էլ գնա՞նք պատերազմելու համար»։ Եվ Տերն ասաց. «Գնացե՛ք նրա դեմ»։

24. Երկրորդ օրն Իսրայելի որդիները մոտեցան Բենիամինի որդիներին։

25. Եվ երկրորդ օրը Բենիամինի որդիները Գաբաայից դուրս եկան նրանց դեմ և Իսրայելի որդիներից կրկին տասնութ հազար մարդ գետին տապալեցին. դրանք բոլորն էլ սուր քաշող մարդիկ էին։

26. Այն ժամանակ Իսրայելի բոլոր որդիները՝ այսինքն՝ ամբողջ ժողովուրդը, ելան Բեթել գնացին և այնտեղ նստեցին Տիրոջ առաջ, լաց եղան և այդ օրը մինչև իրիկուն ծոմ պահեցին և Տիրոջ առաջ ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին։

27. Եվ Իսրայելի որդիները Տիրոջը հարցրին (այդ օրերին Աստծու ուխտի տապանակն այնտեղ էր.

28. և այդ օրերին նրա առաջ կանգնում էր Ահարոնի որդի Եղիազարի որդին՝ Փենեհեսը) ու ասացին. «Մեր եղբոր՝ Բենիամինի որդիների դեմ այս անգամ էլ գնա՞նք պատերազմելու համար, թե՞ դադարեցնենք»։ Եվ Տերն ասաց. «Գնացե՛ք, որովհետև վաղը ձեր ձեռքը պիտի մատնեմ նրանց»։

29. Եվ իսրայելացիները դարանակալներ դրեցին Գաբաայի շրջակայքում։

30. Իսրայելի որդիները երրորդ օրը գնացին Բենիամինի որդիների վրա և նախորդ անգամների պես շարվեցին Գաբաայի դիմաց։

31. Այն ժամանակ Բենիամինի որդիները ելան ժողովրդին դիմագրավելու և քաղաքից բաժանվեցին, առաջին անգամների պես սկսեցին ջարդել ժողովրդին և երեսունի չափ իսրայելացի սպանեցին այն ճանապարհներին, որոնցից մեկը գնում է Բեթել, իսկ մյուսը՝ դաշտի Գաբաա։

32. Բենիամինի որդիներն ասացին. «Ահա նրանք մեր առաջ կոտորվում են առաջին անգամների պես»։ Եվ Իսրայելի որդիներն ասացին. «Փախչենք և նրանց քաղաքից դուրս հանենք դեպի ճանապարհները»։

33. Եվ Իսրայելի բոլոր մարդիկ իրենց տեղից վեր կացան ու շարվեցին Բաալ-Թամարի առաջ։ Եվ Իսրայելի դարանակալները հանկարծ դուրս եկան իրենց տեղից՝ Գաբաայի դաշտից։

34. Ամբողջ Իսրայելից տասը հազար ընտրված մարդ դուրս եկավ Գաբաայի առջև, և պատերազմը սաստկացավ. նրանք չգիտեին, որ չարիք է հասել իրենց վրա։

35. Տերն Իսրայելի առջև զարկեց Բենիամինին, և այդ օրն Իսրայելի որդիները Բենիամինից քսանհինգ հազար հարյուր մարդ կոտորեցին. դրանք բոլորն էլ սուր քաշող մարդիկ էին։

36. Բենիամինի որդիները տեսան, որ իրենք հաղթվեցին, որովհետև իսրայելացիները, ապավինելով Գաբաայի շրջակայքում դրած դարանակալներին, տեղ զիջեցին Բենիամինի որդիներին։

37. Դարանակալները շուտ հարձակվեցին Գաբաայի վրա և դարանակալները տարածվեցին ու ամբողջ քաղաքը սրի քաշեցին։

38. Եվ իսրայելացիները դարանակալների հետ նշան տալու ժամանակ էին որոշել, որ մեծ կրակով ծուխ հանեն քաղաքից։

39. Այն ժամանակ իսրայելացիները ցույց տվեցին, թե փախուստի են դիմում պատերազմի մեջ, և Բենիամինի որդիները սկսեցին ջարդել իսրայելացիներին և երեսունի չափ մարդ սպանեցին, որովհետև ասացին. «Անտարակույս, նրանք մեր առաջ կոտորվում են, ինչպես առաջին պատերազմում»։

40. Բայց երբ քաղաքից կրակի ծուխը սկսեց սյունի պես բարձրանալ, Բենիամինի որդիները դեպի ետ նայեցին, և ահա քաղաքի հրդեհը երկինք էր բարձրանում։

41. Եվ երբ իսրայելացիները ետ դարձան, Բենիամինի որդիները շվարած մնացին, որովհետև տեսան, որ չարիքը հասել է իրենց վրա։

42. Եվ նրանք իսրայելացիների առաջից դարձան դեպի անապատի ճանապարհը, բայց պատերազմը հասավ նրանց. և քաղաքներից դուրս եկողները, նրանց իրենց մեջ առնելով, սպանեցին։

43. Այսպես պաշարեցին Բենիամինի որդիներին, հալածեցին նրանց և հեշտությամբ ջարդեցին նրանց մինչև Գաբաայի դիմաց՝ արևելյան կողմից։

44. Եվ Բենիամինից տասնութ հազար մարդ ընկավ. դրանք բոլորն էլ զորավոր մարդիկ էին։

45. Մնացածները դարձան դեպի անապատը և փախան դեպի Ռեմոնի վեմը. ճանապարհներին նրանցից հինգ հազար մարդիկ ճռաքաղ արեցին. և նրանց մինչև Գեդոմ հալածելով՝ նրանցից երկու հազար մարդ ևս ջարդեցին։

46. Եվ այդ օրը Բենիամինի ցեղից բոլոր ընկածները քսանհինգ հազար սուր քաշող մարդիկ էին. դրանք բոլորն էլ զորավոր մարդիկ էին։

47. Վեց հարյուր մարդ դարձավ ու փախավ դեպի անապատ՝ Ռեմոնի վեմը, և Ռեմոնի վեմում մնաց չորս ամիս։

48. Եվ իսրայելացիները, դառնալով դեպի Բենիամինի որդիները, նրանց սրի բերան քաշեցին՝ քաղաքների միջի մարդկանցից մինչև անասունները և ինչ որ գտնվեց, և կրակով այրեցին այն բոլոր քաղաքները, որտեղ գտնվել էին իրենք։

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 21

1. Իսրայելի մարդիկ Մասփայում երդվել էին և ասել. «Մեզնից ոչ ոք իր աղջկան բենիամինցու կին չտա»։

2. Ժողովուրդը գնաց Բեթել, և այնտեղ Աստծու առաջ մինչև իրիկուն նստեցին և իրենց ձայնը բարձրացնելով՝ մեծ ողբով լաց եղան։

3. Եվ ասացին. «Ո՛վ Իսրայելի Տեր Աստված, ինչո՞ւ պատահեց այս բանն Իսրայելի մեջ, որ այսօր Իսրայելից պակաս է մեկ ցեղ»։

4. Հետևյալ օրը ժողովուրդը կանուխ վեր կացավ, և այնտեղ սեղան շինեցին և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին։

5. Իսրայելի որդիներն ասացին. «Իսրայելի բոլոր ցեղերից ո՞վ է, որ հավաքի հետ չի գնացել Տիրոջ առաջ», որովհետև Տիրոջ առաջ՝ Մասփա չգնացող մարդու համար մեծ երդում էին տվել՝ ասելով, թե նա անպատճառ պիտի մեռնի։

6. Այն ժամանակ Իսրայելի որդիները, ցավելով իրենց եղբոր՝ Բենիամինի համար, ասացին. «Այսօր Իսրայելից մի ցեղ բնաջնջվեց։

7. Ի՞նչ անենք այս մնացածների համար, որ կանայք առնեն, որովհետև մենք Տիրոջ անունով երդվել ենք, որ մեր աղջիկներից նրանց կնության չտանք»։

8. Եվ ասացին. «Իսրայելի ցեղերից ո՞վ է, որ չի գնացել Տիրոջ առաջ՝ Մասփա»։ Եվ ահա Գաղաադի Հաբիսից ոչ մի մարդ չէր եկել բանակ և հավաքին։

9. Ստուգեցին ժողովրդին, և ահա նրանց մեջ Գաղաադի Հաբիսի բնակիչներից ոչ մի մարդ չգտնվեց։

10. Այն ժամանակ ժողովուրդը խիստ զորավոր մարդկանցից տասներկու հազար մարդ ուղարկեց այնտեղ, և նրանց պատվիրելով ասացին. «Գնացե՛ք և Գաղաադի Հաբիսի բնակիչներին սրի բերա՛ն քաշեք՝ կանանց էլ, մանուկներին էլ։

11. Եվ այս է լինելու ձեր անելիքը, որ կոտորեք ամեն մի այր մարդու և տղամարդու անկողին ճանաչած ամեն մի կնոջ»։

12. Եվ Գաղաադի Հաբիսի բնակիչների մեջ չորս հարյուր կույս աղջիկ գտան, որոնք այր մարդու հետ չէին պառկել և այր մարդու հետ չէին եղել, և նրանց բերեցին Սելովի բանակատեղին՝ Քանանի երկիր։

13. Եվ ամբողջ ժողովուրդը մարդ ուղարկեց, խոսեցին Ռեմոնի վեմում եղած Բենիամինի որդիների հետ և նրանց խաղաղության հրավիրեցին։

14. Այն ժամանակ Բենիամինի որդիները ետ եկան և այն կանանց, որոնց ողջ էին թողել Գաղաադի Հաբիսի կանանցից, տվեցին նրանց. բայց նրանց համար բավական չէին։

15. Ժողովուրդը ցավեց Բենիամինի համար, որ Տերը խրամատ էր բացել Իսրայելի ցեղերի միջև։

16. Եվ ժողովրդի ծերերն ասացին. «Ի՞նչ անենք մնացածներին կանայք տալու համար, որովհետև Բենիամինի կանայք ոչնչացել են»։

17. Եվ ասացին. «Բենիամինի ողջ մնացած որդիների համար թող մնա իրենց ժառանգությունը, որպեսզի Իսրայելից մի ցեղ բնաջինջ չլինի։

18. Իսկ մենք մեր աղջիկներից չենք կարող նրանց կին տալ, որովհետև Իսրայելի որդիները երդում են տվել՝ ասելով. “Բենիամինին կին տվողն անիծյալ լինի”»։

19. Եվ ասացին. «Ահա ամեն տարի Տիրոջ տոնախմբություն է լինում Սելովում, որը Բեթելի հյուսիսային կողմում է, և Բեթելից Սյուքեմ գնացող ճանապարհի արևելյան կողմում, և Ղեբոնայի հարավային մասում»։

20. Եվ Բենիամինի որդիներին պատվիրելով՝ ասացին. «Գնացե՛ք, թաքնվե՛ք այգիներում,

21. և երբ տեսնեք, որ Սելովի աղջիկները պար բռնած դուրս են գալիս պարելու, այն ժամանակ այգիներից դո՛ւրս եկեք, ու թող ձեզնից ամեն մեկն իր համար Սելովի աղջիկներից կին հափշտակի, և գնացե՛ք Բենիամինի երկիրը։

22. Եվ եթե նրանց հայրերը կամ եղբայրները գան մեզ մոտ բողոքելու, նրանց կասենք. “Նրանց մե՛զ շնորհեք, որովհետև մենք պատերազմում նրանց ամեն մեկի համար կին չպահեցինք, ոչ էլ դուք ձեր աղջիկներից տվեցիք նրանց, որ հանցավոր լինեք”»։

23. Բենիամինի որդիներն այդպես էլ արեցին. իրենց թվի համեմատ կանայք հափշտակելով պար բռնածներից՝ վերցրին և գնացին, վերադարձան իրենց ժառանգությունը և քաղաքներ շինեցին ու բնակվեցին դրանց մեջ։

24. Այն ժամանակ Իսրայելի որդիները՝ ամեն մարդ, այնտեղից իր ցեղի և իր ազգատոհմի մոտ գնաց, և ամեն մարդ այնտեղից գնաց դեպի իր ժառանգությունը։

25. Այն օրերին Իսրայելում թագավոր չկար. ամեն մարդ իր աչքին հաճելի եղածն էր անում։