Ա
Ս
Տ
Ծ
Ո

Ժ
Ո
Ղ
Ո
Վ
Ո
Ւ
Ր
Դ
.
.
.

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

Աստվածաշունչ (online)

Ընտրել Գիրքը...

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրել Գլուխը...

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

ՂԵՎՏԱԿԱՆ 1

1. Տերը կանչեց Մովսեսին և խոսեց նրա հետ ժողովի վրանից՝ ասելով.

2. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե ձեզնից մեկը զոհ մատուցի Տիրոջը, ապա ձեր զոհը թող արջառներից կամ հոտերից մատուցի*։

3. Եթե նա արջառներից է զոհ մատուցելու որպես ողջակեզ, անարատ արու թող մատուցի։ Ժողովի վրանի մուտքի մոտ թող մատուցի այն՝ Տիրոջ առաջ ընդունելի լինելու համար։

4. Եվ իր ձեռքը դնի ողջակեզի գլխին, որպեսզի ընդունելի լինի՝ իրեն քավություն լինելու համար։

5. Զվարակը մորթի Տիրոջ առաջ, իսկ Ահարոնի որդիները՝ քահանաները, բերեն արյունը և այն շաղ տան ժողովի վրանի մուտքի մոտ գտնվող զոհասեղանի վրա՝ շուրջբոլորը։

6. Ողջակեզը մաշկի և այն բաժանի մասերի։

7. Ահարոն քահանայի որդիները կրակ դնեն զոհասեղանի վրա և փայտեր շարեն կրակի վրա։

8. Ահարոնի որդիները՝ քահանաները, կտրտված մասերը, գլուխը և ճարպը շարեն զոհասեղանի վրա՝ կրակի վրա դրված փայտերի վրա։

9. Իսկ փորոտիքն ու ոտքերը լվանա ջրով, և քահանան այդ բոլորն այրի զոհասեղանի վրա իբրև ողջակեզ՝ Տիրոջը անուշահոտ զոհ լինելու համար։

10. Եթե նրա զոհը հոտերից, այսինքն՝ ոչխարներից կամ այծերից է մի ողջակեզի համար, ապա արու և անարատ մատուցի այն։

11. Այն մորթի զոհասեղանի մոտ՝ հյուսիսային կողմում, Տիրոջ առաջ, և Ահարոնի որդիները՝ քահանաները, նրա արյունը թող շաղ տան զոհասեղանի վրա՝ շուրջբոլորը։

12. Այն բաժանեն մասերի, գլուխն ու ճարպը նույնպես, և քահանան դրանք շարի զոհասեղանի վրա՝ կրակի վրա դրված փայտերի վրա։

13. Փորոտիքն ու ոտքերը լվանա ջրով, և քահանան այդ ամենը բերի և այրի զոհասեղանի վրա։ Դա ողջակեզ է՝ անուշահոտ այրված զոհ Տիրոջ համար։

14. Եթե Տիրոջ համար ողջակեզը թռչուններից է, ապա նա իր զոհը թող մատուցի տատրակներից կամ աղավնու ձագերից։

15. Քահանան այն բերի զոհասեղանի մոտ, ոլորի նրա գլուխը, այրի զոհասեղանի վրա, և զոհի արյունը քամվի զոհասեղանի մի կողմում։

16. Հանի քարճիկն իր աղբով միասին և այն դեն գցի զոհասեղանի արևելյան կողմում գտնվող մոխրանոցի մեջ։

17. Ապա թևերից պատռի նրան՝ առանց դրանք բաժանելու, և քահանան այն այրի զոհասեղանի վրա՝ կրակին դրված փայտերի վրա։ Դա ողջակեզ է՝ անուշահոտ այրված զոհաբերություն Տիրոջ համար”»։

ՂԵՎՏԱԿԱՆ 2

1. «Եթե մեկը հացի ընծա է մատուցելու Տիրոջը, նրա ընծան թող ընտիր ալյուրից լինի, և դրա վրա յուղ թափի և կնդրուկ դնի

2. և այն բերի Ահարոնի որդիների՝ քահանաների մոտ։ Քահանան վերցնի յուղած այդ ընտիր ալյուրից մի բուռ ամբողջ կնդրուկի հետ միասին և այն այրի զոհասեղանի վրա իբրև հիշատակ՝ Տիրոջը անուշահոտ զոհ լինելու համար։

3. Հացի ընծայից մնացածը Ահարոնին և նրա որդիներին թող լինի։ Դա ամենասուրբ այրված զոհն է Տիրոջ համար։

4. Եթե թոնրի մեջ եփված հացի ընծա է զոհ մատուցելու, յուղով շաղած ընտիր ալյուրից բաղարջ շոթեր կամ յուղով օծված բաղարջ լավաշներ թող լինեն։

5. Եթե քո զոհաբերությունը տապակի վրա եփված հացի ընծա է, յուղով շաղած ընտիր ալյուրից բաղարջ թող լինի։

6. Այն կբաժանես կտորների և վրան յուղ կլցնես։ Դա հացի ընծա է։

7. Եթե քո զոհաբերությունը կասկարայի վրա եփված հացի ընծա է, թող այն յուղով պատրաստվի ընտիր ալյուրից։

8. Դրանից պատրաստված հացի ընծան կբերես Տիրոջը և կներկայացնես քահանային, և նա այն կմոտեցնի զոհասեղանին։

9. Քահանան մատուցվելիք ընծայից մի մաս կվերցնի իբրև խորհրդանշական բաժինը և կայրի զոհասեղանի վրա՝ Տիրոջը անուշահոտ այրված զոհ լինելու համար։

10. Հացի ընծայից մնացածը Ահարոնին և նրա որդիներին թող լինի։ Դա ամենասուրբ զոհերից է Տիրոջ համար։

11. Տիրոջը մատուցվող ոչ մի հացի ընծա թթխմորով չպատրաստվի, որովհետև թթխմոր և մեղր չպիտի այրեք՝ իբրև այրված զոհ Տիրոջ համար։

12. Դրանք կմատուցեք Տիրոջը որպես երախայրիքի զոհաբերում, բայց զոհասեղանի վրա չպիտի այրվեն որպես անուշահոտ զոհաբերություն։

13. Քո բոլոր հացի ընծաները աղով կանես. քո հացի ընծաներից քո Աստծու ուխտի աղը պակաս չանես. քո բոլոր զոհերի հետ աղ էլ կբերես։

14. Եթե քո առաջին բերքից հացի ընծա մատուցես Տիրոջը, ապա նոր հասկերից կրակի վրա բոված և ծեծած ցորեն կմատուցես՝ որպես քո առաջին բերքի ընծան։

15. Դրա վրա յուղ կթափես և կնդրուկ կդնես վրան. դա հացի ընծա է։

16. Քահանան իբրև խորհրդանշական բաժին թող այրի ծեծած ցորենից և յուղից, նաև ամբողջ կնդրուկը՝ Տիրոջը զոհ լինելու համար»։

ՂԵՎՏԱԿԱՆ 3

1. «Եթե նրա զոհաբերությունը խաղաղության զոհ է, և եթե նա արջառներից է մատուցում, արու լինի, թե էգ, Տիրոջ առաջ անարատը թող մատուցի։

2. Եվ իր ձեռքը դնի զոհի գլխին և այն մորթի ժողովի վրանի մուտքի մոտ, և Ահարոնի որդիները՝ քահանաները, նրա արյունը շաղ տան զոհասեղանի վրա՝ շուրջանակի։

3. Եվ խաղաղության զոհից Տիրոջը զոհ մատուցի, այսինքն՝ հանի փորոտիքի ճարպաթաղանթը և փորոտիքի վրա եղած ամբողջ ճարպը,

4. երկու երիկամները և դրանց շուրջը մսերի վրա եղած ճարպը և լյարդի թաղանթը երիկամներով հանդերձ։

5. Ահարոնի որդիները թող այրեն դա զոհասեղանի վրա այն ողջակեզի հետ, որը կրակի վրայի փայտերի վրա է՝ Տիրոջը անուշահոտ զոհ լինելու համար։

6. Եթե խաղաղության համար Տիրոջը մատուցելիք նրա զոհաբերումը հոտերից է, արու լինի, թե էգ, թող մատուցի անարատը։

7. Եթե նա իր ընծան գառ է մատուցում, այն թող մատուցի Տիրոջ առաջ։

8. Եվ իր ձեռքը դնի իր ընծայի գլխին և այն մորթի ժողովի վրանի առաջ, և Ահարոնի որդիները նրա արյունը շաղ տան զոհասեղանի վրա՝ շուրջբոլորը։

9. Խաղաղության զոհաբերությունից այրված զոհ մատուցի Տիրոջը, այսինքն՝ թող հանի նրա ճարպն ու ամբողջ դմակը՝ ողնաշարի մոտից կտրելով, նաև փորոտիքի ճարպաթաղանթը և փորոտիքի վրայի ամբողջ ճարպը,

10. երկու երիկամները և դրանց շուրջն ու մսերի վրա եղած ճարպը և լյարդի թաղանթը երիկամներով հանդերձ։

11. Քահանան դրանք թող այրի զոհասեղանի վրա որպես հացի զոհ, որ այրվում է Տիրոջ համար։

12. Եթե նրա զոհաբերածն այծ է, թող այն բերի Տիրոջ առաջ։

13. Եվ իր ձեռքը դնի նրա գլխին և այն մորթի ժողովի վրանի առաջ, և Ահարոնի որդիները նրա արյունը շաղ տան զոհասեղանի վրա՝ շուրջբոլորը։

14. Եվ դրանից իր զոհը մատուցի Տիրոջը, այսինքն՝ թող հանի փորոտիքի ճարպաթաղանթը, փորոտիքի վրայի ամբողջ ճարպը,

15. երկու երիկամները և դրանց շուրջն ու մսերի վրա եղած ճարպը և լյարդի թաղանթը երիկամներով հանդերձ։

16. Քահանան դրանք թող այրի զոհասեղանի վրա՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար. ամբողջ ճարպը Տիրոջն է։

17. Ձեր սերունդների մեջ ձեր բոլոր բնակավայրերում սա հավիտենական կանոն լինի. բնավ չուտեք այրված ո՛չ ճարպ և ո՛չ էլ արյուն»։

ՂԵՎՏԱԿԱՆ 4

1. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Եթե մեկը մեղանչի, այսինքն՝ Տիրոջ արգելած բաներից մեկն անի, որ չպետք է արվեն,

3. եթե օծված քահանան մեղանչի՝ հանցավոր դարձնելով ժողովրդին, ապա նա իր գործած մեղքի համար արջառներից անարատ մի զվարակ պիտի մատուցի Տիրոջը որպես մեղքի զոհաբերություն։

4. Նա զվարակը թող բերի ժողովի վրանի մուտքի մոտ, Տիրոջ առաջ, իր ձեռքը դնի զվարակի գլխին և զվարակը մորթի Տիրոջ առաջ։

5. Օծված քահանան զվարակի արյունից թող առնի և բերի ժողովի վրան։

6. Քահանան իր մատը թաթախի արյան մեջ և այդ արյունից յոթ անգամ իր մատով շաղ տա Տիրոջ առաջ, սրբարանի վարագույրի դիմաց։

7. Քահանան զվարակի արյունից թող քսի ժողովի վրանում՝ Տիրոջ առաջ գտնվող անուշահոտ խնկի սեղանի եղջյուրներին։ Զվարակի մնացած ամբողջ արյունը թափի ժողովի վրանի մուտքի մոտ գտնվող ողջակեզի զոհասեղանի հատակին։

8. Եվ վերցնի մեղքի համար զոհաբերված զվարակի ամբողջ ճարպը, այսինքն՝ փորոտիքի ճարպաթաղանթը և փորոտիքի վրայի ամբողջ ճարպը։

9. Եվ հանի երկու երիկամները և դրանց շուրջն ու մսերի վրա եղած ճարպը և լյարդի թաղանթը երիկամներով հանդերձ,

10. ինչպես դրանք հանվում են խաղաղության համար զոհաբերվող արջառից, և քահանան դրանք թող այրի ողջակեզի զոհասեղանի վրա։

11. Իսկ զվարակի մորթը, նրա ամբողջ միսը՝ գլխի և ոտքերի հետ, փորոտիքը և աղբը,

12. այսինքն՝ ամբողջ զվարակը հանի բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ, ուր մոխիրն են թափում, և այրի կրակով, փայտերի վրա։ Մոխրի թափված տեղում այրվի։

13. Եթե Իսրայելի ամբողջ ժողովուրդը մի սխալ գործի, և դա ծածուկ մնա ժողովրդի աչքից, եթե խախտի Տիրոջ պատվիրաններից մեկնումեկը, եթե անեն այն բաներից մեկը, որ ըստ Տիրոջ չպետք է արվեր, այն ժամանակ հանցավոր կլինի։

14. Եթե իմացվի նրանց գործած մեղքը, ժողովուրդն արջառներից մի զվարակ թող մատուցի որպես մեղքի զոհ և այն բերի ժողովի վրանի առաջ։

15. Ժողովրդի ծերերը Տիրոջ առաջ իրենց ձեռքերը դնեն զվարակի գլխին և զվարակը մորթեն Տիրոջ առաջ։

16. Օծված քահանան զվարակի արյունից բերի ժողովի վրան։

17. Քահանան իր մատը թաթախի արյան մեջ և յոթ անգամ շաղ տա Տիրոջ առաջ, վարագույրի դիմաց։

18. Եվ արյունից քսի ժողովի վրանում Տիրոջ առաջ դրված սեղանի եղջյուրներին, իսկ մնացած ամբողջ արյունը թափի ժողովի վրանի մուտքի մոտ գտնվող ողջակեզների զոհասեղանի պատվանդանին։

19. Զվարակի ամբողջ ճարպը թող հանի նրա վրայից և այրի զոհասեղանի վրա։

20. Այդ զվարակին այնպես անի, ինչպես արեց մեղքի զոհ զվարակին։ Քահանան քավություն անի նրանց համար, և նրանց թողություն կլինի։

21. Բանակատեղիից դուրս թող հանեն զվարակը և այրեն այն, ինչպես որ այրեցին նախորդ զվարակը. դա մեղքի զոհաբերություն է ժողովրդի համար։

22. Եթե մի իշխան է մեղք գործում՝ սխալմամբ խախտելով իր Տեր Աստծու պատվիրաններից մեկնումեկը, որ չպետք է արվեր, այն ժամանակ հանցավոր կլինի։

23. Եթե նրա գործած մեղքը հայտնվի իրեն, իր արու այծերից թող զոհաբերի անարատ մի նոխազ։

24. Եվ իր ձեռքը դնի նոխազի գլխին և այն մորթի Տիրոջ առաջ, ողջակեզների մորթելու տեղում։ Դա մեղքի զոհաբերություն է։

25. Քահանան մեղքի զոհի արյունից թող վերցնի իր մատով և քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, իսկ նրա մնացած արյունը թափի ողջակեզների զոհասեղանի պատվանդանին։

26. Նրա ամբողջ ճարպը թող այրի զոհասեղանի վրա, խաղաղության զոհի ճարպի նման։ Քահանան նրա մեղքի համար քավություն անի, և նրան թողություն կլինի։

27. Եթե երկրի ժողովրդից մեկն է մեղանչում՝ խախտելով Տիրոջ պատվիրաններից մեկնումեկը, մի բան, որ չպետք է աներ, այն ժամանակ հանցավոր կլինի։

28. Եթե իր գործած մեղքը հայտնվի իրեն, իր գործած մեղքի համար այծերից անարատ մի էգ այծ թող բերի։

29. Եվ իր ձեռքը դնի մեղքի զոհի գլխին և մեղքի զոհը մորթի ողջակեզի մորթելու տեղում։

30. Քահանան իր մատով թող վերցնի նրա արյունից և քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած ամբողջ արյունը թափի զոհասեղանի պատվանդանին։

31. Եվ հանի նրա ամբողջ ճարպը, ինչպես հանվում է խաղաղության զոհի ճարպը, և քահանան այն այրի զոհասեղանի վրա՝ իբրև անուշահոտություն Տիրոջ առաջ։ Քահանան քավություն անի նրա համար, և նրան թողություն կլինի։

32. Եթե գառ է մատուցում որպես մեղքի զոհ, թող բերի անարատ մի էգ գառ։

33. Եվ իր ձեռքը դնի մեղքի զոհի գլխին և այն մորթի որպես մեղքի զոհ այնտեղ, ուր ողջակեզներն են մորթում։

34. Քահանան իր մատով թող վերցնի մեղքի զոհի արյունից և քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած ամբողջ արյունը թափի զոհասեղանի պատվանդանին։

35. Եվ հանի նրա ամբողջ ճարպը, ինչպես հանվում է խաղաղության զոհի գառան ճարպը։ Քահանան այն թող այրի զոհասեղանի վրա Տիրոջը մատուցվող զոհերի հետ։ Քահանան քավություն անի նրա գործած մեղքի համար, և նրան թողություն կլինի”»։

ՂԵՎՏԱԿԱՆ 5

1. «Եթե մի մարդ մեղանչի ու մեկի երդումի ձայնը լսի և վկա լինի, կամ տեսել է կամ գիտե, եթե չհայտնի, այդ ժամանակ իր հանցանքը կկրի։

2. Կամ մի մարդ անմաքուր բանի կամ անմաքուր գազանի դիակին, կամ անմաքուր անասունի դիակին, կամ անմաքուր սողունի դիակին դիպչի, թեև ինքն անտեղյակ լինի, ապա նա անմաքուր և հանցավոր է։

3. Կամ մարդու անմաքրության, անմաքուր անող որևէ անմաքրության դիպչի, թեև ինքն անտեղյակ լինի, բայց հետո իմանա, ապա հանցավոր կլինի։

4. Կամ մեկը շրթունքներով անմտորեն երդում անի (ինչպես որ մարդ երդվելով դատարկ բաներ է խոսում) չարիք կամ բարիք գործելու համար, և ինքն անտեղյակ լինի, բայց հետո իմանա, ապա այդ բանի մեջ հանցավոր կլինի։

5. Ու եթե այսպիսի բաներից մեկի մեջ հանցավոր լինի, թող խոստովանի իր գործած մեղքը։

6. Նա իր գործած մեղքի համար իր հանցանքի զոհ թող մատուցի Տիրոջը իր հոտերից մի էգ գառ կամ մի էգ ուլ, և քահանան նրան քավություն կանի նրա գործած մեղքի համար։

7. Իսկ եթե նա կարողություն չունենա ոչխար կամ այծ բերելու, իր գործած հանցանքի համար թող երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ մատուցի Տիրոջը՝ մեկը որպես մեղքի զոհ, մյուսը՝ ողջակեզ։

8. Դրանք թող բերի քահանայի մոտ և նախ մատուցի այն, որ մեղքի զոհաբերություն է. դրա գլուխը ոլորի վզից, բայց չպոկի։

9. Եվ մեղքի զոհի արյունից շաղ տա զոհասեղանի մի կողմում, իսկ մնացած արյունը քամվի զոհասեղանի պատվանդանին. սա մեղքի զոհ է։

10. Իսկ մյուսն ըստ կանոնի ողջակեզ անի։ Քահանան նրան քավություն անի նրա գործած մեղքի համար, և նրան թողություն կլինի։

11. Իսկ եթե նա կարողություն չունենա երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ բերելու, այն ժամանակ մեղք գործողը իր ընծայի համար թող բերի մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր մեղքի զոհի համար։ Դրա վրա ո՛չ յուղ լցնի և ո՛չ էլ կնդրուկ դնի, որովհետև դա մեղքի զոհ է։

12. Այն թող բերի քահանայի մոտ, և քահանան դրանից մի լիքը բուռ վերցնի իբրև հիշատակ և այրի զոհասեղանի վրա Տիրոջը մատուցված զոհաբերությունների հետ։ Դա մեղքի զոհ է։

13. Քահանան այդպես քավություն կանի նրան այդպիսի բաներից մեկում գործած մեղքի համար, և նրան թողություն կլինի, իսկ մնացածը կպատկանի քահանային, հացի ընծայի նման»։

14. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

15. «Եթե մեկը հանցանք գործի և մեղանչի Տիրոջ սուրբ բաների հանդեպ, իր հանցանքի զոհի համար իր հոտերից անարատ խոյ թող մատուցի Տիրոջը քո գնահատած արծաթի սիկղի արժողությամբ՝ ըստ սրբարանի սիկղի։

16. Եվ հատուցի սուրբ բաներին իր հասցրած վնասը. դրան ավելացնի հինգերորդ մասը և այն տա քահանային։ Քահանան հանցանքի զոհի խոյով քավություն կտա նրան, և թողություն կլինի նրան։

17. Եթե մեկը մեղանչի և խախտի Տիրոջ պատվիրաններից մեկնումեկը, թեև անգիտակցաբար, որ չպետք է արվեր, նա հանցավոր է և պետք է կրի իր անօրենությունը։

18. Նա իր հոտերից քահանայի մոտ թող բերի անարատ մի խոյ՝ ըստ քո գնահատության, որպես հանցանքի զոհ, և քահանան քավություն անի նրան անգիտակցաբար գործած նրա հանցանքի համար, և նրան թողություն կլինի։

19. Սա հանցանքի զոհ է, որովհետև նա հանցավոր է Տիրոջ առաջ»։

ՂԵՎՏԱԿԱՆ 6

1. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2. «Եթե մեկը մեղանչի և հանցանք գործի Տիրոջ դեմ՝ սուտ խոսելով իր մերձավորի ավանդի մասին կամ իրեն վստահված մի բանի կամ հափշտակված մի առարկայի մասին, կամ խարդախություն անի իր մերձավորի հանդեպ,

3. կամ կորած մի բան գտնի և ուրանա՝ սուտ երդում տալով, բոլոր այս բաներից մեկնումեկի մեջ, որ մարդ կարող է անել՝ մեղք գործելով դրանցով,

4. այն ժամանակ, քանի որ մեղանչել ու հանցանք է գործել, նա պետք է ետ տա հափշտակածը, որ հափշտակել է, կամ խարդախությամբ ձեռք բերածը, կամ իրեն հանձնված ավանդը, կամ կորած բանը, որ գտել է,

5. կամ որևէ բան, որի համար սուտ երդում էր արել. ամբողջությամբ պետք է հատուցի դա՝ դրան ավելացրած դրա մեկ հինգերորդ մասը, և վերադարձնի տիրոջը իր հանցանքի համար զոհաբերություն մատուցելու օրը։

6. Եվ իր հանցանքի զոհ մատուցի Տիրոջը, այսինքն՝ հոտերից քահանայի մոտ բերի անարատ մի խոյ՝ քո որոշած արժեքով, իբրև հանցանքի զոհ։

7. Քահանան քավություն անի նրան Տիրոջ առաջ, և թողություն կլինի նրան, ինչ բանի համար որ հանցանք էր գործել»։

8. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

9. «Պատվիրի՛ր Ահարոնին ու նրա որդիներին և ասա՛. “Այս է ողջակեզի օրենքը. ողջակեզը զոհասեղանի վրա գտնվող կրակի վրա պիտի մնա ամբողջ գիշեր՝ մինչև առավոտ, և զոհասեղանի վրա կրակը վառած պիտի մնա։

10. Քահանան կտավե պատմուճան պիտի հագնի և կտավե անդրավարտիք իր մարմնի վրա։ Նա զոհասեղանի վրայից պիտի վերցնի կրակից այրված ողջակեզի մոխիրը և դնի զոհասեղանի մոտ։

11. Նա իր զգեստները պիտի հանի ու հագնի ուրիշ զգեստներ և մոխիրը տանի բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ։

12. Զոհասեղանի վրա կրակը միշտ վառած պիտի մնա, չպիտի հանգչի։ Ամեն առավոտ քահանան դրա վրա փայտ պիտի վառի, դրա վրա շարի ողջակեզը և դրա վրա այրի խաղաղության զոհերի ճարպը։

13. Կրակը միշտ վառած պիտի մնա զոհասեղանի վրա, չպիտի հանգչի։

14. Այս է հացի ընծայի օրենքը. Ահարոնի որդիները այն պիտի մատուցեն Տիրոջ առաջ, զոհասեղանի դիմաց։

15. Քահանան պիտի վերցնի մի լիքը բուռ հացի ընծայի ընտիր ալյուրից, դրա յուղից և հացի ընծայի վրա եղած ամբողջ կնդրուկը և նրա հիշատակի մասն այրի զոհասեղանի վրա՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար։

16. Եվ դրանից մնացածը պիտի ուտեն Ահարոնն ու նրա որդիները։ Այն պիտի ուտեն առանց թթխմորի, սուրբ վայրում. ժողովի վրանի սրահում պիտի ուտեն այն։

17. Թթխմորով չեփվի այն։ Դա իրենց համար բաժին տվեցի իմ այն զոհերից։ Դա մեղքի և հանցանքի զոհաբերությունների նման ամենասուրբ է։

18. Ահարոնի զավակների բոլոր արուները թող ուտեն դրանից։ Տիրոջ զոհաբերություններից սա հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների մեջ։ Ով դիպչի դրանց, կսրբանա”»։

19. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

20. «Այս է Ահարոնի ու նրա որդիների զոհաբերությունը, որ նրանք պիտի մատուցեն Տիրոջը օծվելու օրը։ Մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր ամեն օր հացի ընծայի համար. կեսը՝ առավոտյան, իսկ մյուս կեսը՝ երեկոյան։

21. Տապակի մեջ յուղով պիտի պատրաստվի. այն պիտի բերես հունցված, եփված և կտորների բաժանված վիճակում ու մատուցես Տիրոջը իբրև անուշահոտ հացի ընծա։

22. Այն պիտի մատուցի նրա որդիներից նրա տեղը օծվող քահանան։ Սա հավիտենական կանոն է Տիրոջ համար. այն պիտի այրվի ամբողջովին։

23. Քահանայի ամեն հացի ընծան ամբողջովին պիտի այրվի, այն չպիտի ուտվի»։

24. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

25. «Խոսի՛ր Ահարոնի ու նրա որդիների հետ և ասա՛. “Այս է մեղքի զոհի օրենքը. ողջակեզի մորթված տեղում պիտի մորթվի մեղքի զոհը Տիրոջ առաջ։ Դա ամենասուրբ է։

26. Այն քահանան, որ մատուցում է մեղքի զոհը, նա պիտի ուտի այն։ Դա պիտի ուտվի սուրբ վայրում՝ ժողովի վրանի սրահում։

27. Ամեն ինչ, որ դիպչի դրա մսին, կսրբանա։ Եթե դրա արյունից ցայտի զգեստի վրա, այն ցայտված զգեստը պետք է լվացվի սուրբ վայրում։

28. Կավե այն ամանը, որի մեջ եռացել է այդ միսը, պետք է ջարդվի, իսկ եթե պղնձե ամանի մեջ է եռացել, ամանը պետք է շփվի և լվացվի ջրով։

29. Քահանաների բոլոր արու զավակները պիտի ուտեն դրանից. դա ամենասուրբ է։

30. Մեղքի ամեն զոհը, որի արյունից ժողովի վրան է բերվում քավություն անելու համար սուրբ վայրի մեջ, չպետք է ուտվի, այլ կրակով պետք է այրվի”»։

ՂԵՎՏԱԿԱՆ 7

1. «Այս է հանցանքի զոհի օրենքը. դա ամենասուրբ է։

2. Ողջակեզի մորթված տեղում պիտի մորթվի հանցանքի զոհը, և դրա արյունը շուրջանակի շաղ տան զոհասեղանի վրա։

3. Եվ մատուցի դրա ամբողջ ճարպը, այսինքն՝ դմակը և փորոտիքը ծածկող ճարպը,

4. երկու երիկամները և դրանց շուրջն ու մսերի վրա եղած ճարպը և լյարդի վրայի թաղանթը երիկամներով հանդերձ հանի։

5. Քահանան դրանք թող այրի զոհասեղանի վրա որպես այրված զոհաբերություն Տիրոջը. դա հանցանքի զոհ է։

6. Քահանաների բոլոր արու զավակները կարող են ուտել դրանից. սուրբ վայրում թող ուտեն. դա ամենասուրբ է։

7. Ինչպես մեղքի զոհն է, այնպես է նաև հանցանքի զոհը։ Դրանց օրենքը նույնն է։ Այն պատկանում է դրանով քավություն անող քահանային։

8. Որևէ մեկի ողջակեզը մատուցող քահանային թող պատկանի ողջակիզվող անասունի մորթը։

9. Հացի ամեն ընծա, որ եփվում է թոնրի մեջ, և ամենը, որ պատրաստվում է տապակի մեջ կամ կասկարայի վրա, պատկանում է այն մատուցող քահանային։

10. Հացի ամեն ընծա, յուղով հունցված լինի, թե չոր, հավասարապես թող պատկանի Ահարոնի բոլոր որդիներին։

11. Այս է Տիրոջը մատուցվելիք խաղաղության զոհի օրենքը.

12. եթե մեկն այն մատուցում է շնորհակալության համար, թող մատուցի շնորհակալության զոհի հետ. թող մատուցի յուղով հունցված բաղարջ շոթեր, յուղով օծված բաղարջ լավաշներ և ընտիր ալյուրից յուղով հունցված շոթեր։

13. Այս շոթերի հետ թող մատուցի թթխմորով հացի ընծա՝ շնորհակալության համար մատուցվող իր խաղաղության զոհի հետ։

14. Յուրաքանչյուր ընծայից մեկ հատ պիտի մատուցվի Տիրոջը՝ որպես բարձրացնելու ընծա. դա խաղաղության զոհի արյունը շաղ տվող քահանային թող պատկանի։

15. Շնորհակալության համար իր խաղաղության զոհի միսը պիտի ուտվի հենց մատուցվելու օրը։ Դրանից բան չպետք է մնա մինչև առավոտ։

16. Եթե մեկի զոհն ուխտի համար է կամ կամավոր զոհ է, թող ուտվի զոհի մատուցման օրը, իսկ մնացածը հետևյալ օրն ուտվի։

17. Զոհի մսից երրորդ օրը մնացածը պետք է այրվի կրակով։

18. Եթե իր խաղաղության զոհի մսից ուտվի երրորդ օրը, ընդունելի չի լինի. այն մատուցողին զոհ չի համարվի, դա պղծություն կլինի, և ով որ ուտի դրանից, իր անօրենությունը պիտի կրի։

19. Որևէ անմաքուր բանի կպած միսը չպետք է ուտվի, այլ պիտի այրվի կրակով։ Ամեն մաքուր մարդ կարող է այդ մսից* ուտել։

20. Բայց այն մարդը, որ անմաքուր է, եթե Տիրոջը մատուցված խաղաղության զոհի մսից ուտի, պիտի կորչի իր ժողովրդի միջից։

21. Ով որ դիպչի որևէ պիղծ բանի, դա լինի մարդու պղծության կամ պիղծ անասունի և կամ ամեն մի անմաքուր, պիղծ բանի,* եթե Տիրոջը մատուցված խաղաղության զոհի մսից ուտի, պիտի կորչի իր ժողովրդի միջից»։

22. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

23. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Բնավ չպիտի ուտեք արջառի, ոչխարի կամ այծի ճարպ։

24. Սատկած կամ հոշոտված անասունի ճարպը թող օգտագործվի որևէ բանի համար, բայց դրանից բնավ չպիտի ուտեք։

25. Որովհետև ով որ ուտի Տիրոջը զոհ մատուցված անասունի ճարպից, պիտի կորչի իր ժողովրդի միջից։

26. Ձեր ապրած բոլոր տեղերում արյուն բնավ չպիտի ուտեք, դա լինի թռչունի, թե անասունի։

27. Ամեն մարդ, որ որևէ տեսակի արյուն ուտի, պիտի կորչի իր ժողովրդի միջից”»։

28. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

29. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Ով որ իր խաղաղության զոհը մատուցի Տիրոջը, թող իր խաղաղության զոհից մաս ընծայի Տիրոջը։

30. Եվ իր ձեռքով թող բերի Տիրոջ կրակով այրվող զոհերը. զոհի ճարպը թող բերի կրծքի հետ միասին, որպեսզի կուրծքը երերացնելու ընծայի համար երերացվի Տիրոջ առաջ։

31. Քահանան ճարպը թող այրի զոհասեղանի վրա, բայց կուրծքը պատկանում է Ահարոնին ու նրա որդիներին։

32. Ձեր խաղաղության զոհերի աջ զիստը քահանային պիտի տաք որպես բարձրացնելու ընծա։

33. Ահարոնի որդիներից ով որ խաղաղության զոհի արյունն ու ճարպը մատուցի, աջ զիստը նրա բաժինը թող լինի։

34. Որովհետև Իսրայելի որդիներից ես վերցրի խաղաղության զոհերից երերացնելու կուրծքը և բարձրացնելու զիստը և դրանք հավիտենական մի կանոնով տվեցի Ահարոն քահանային ու նրա որդիներին Իսրայելի որդիներից”»։

35. Այս է Տիրոջը մատուցվող զոհերից Ահարոնին ու նրա որդիներին հասանելիք բաժինը նրանց քահանա օծվելու օրվանից,

36. որ Տերը պատվիրել է Իսրայելի որդիներից տալ նրանց՝ իրենց օծման օրվանից սկսած՝ որպես հավիտենական կանոն իրենց սերունդների մեջ։

37. Այս է ողջակեզի, հացի ընծայի, մեղքի զոհի, հանցանքի զոհի, նվիրաբերման և խաղաղության զոհի օրենքը,

38. որ Տերը պատվիրեց Մովսեսին Սինա լեռան վրա այն օրը, երբ նա Իսրայելի որդիներին պատվիրեց, որ իրենց զոհերը Տիրոջը մատուցեն Սինայի անապատում։

ՂԵՎՏԱԿԱՆ 8

1. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2. «Ա՛ռ Ահարոնին ու նրա որդիներին իր հետ և զգեստները, օծության յուղը, մեղքի զոհի զվարակը, երկու խոյերը, բաղարջ հացի սակառը

3. և ամբողջ ժողովրդին հավաքի՛ր ժողովի վրանի մուտքի մոտ»։

4. Մովսեսն արեց այնպես, ինչպես Տերը պատվիրել էր իրեն, և ժողովուրդը հավաքվեց ժողովի վրանի մուտքի մոտ։

5. Մովսեսն ասաց ժողովրդին. «Ահա թե ինչ պատվիրեց Տերը, որ արվի»։

6. Եվ Մովսեսը Ահարոնին ու նրա որդիներին մոտեցրեց և ջրով լվաց նրանց։

7. Եվ նրան հագցրեց շապիկը, նրա մեջքին կապեց գոտին, պատմուճանը հագցրեց նրան, դրա վրա դրեց եփուդը և եփուդի ժապավենով գոտևորեց նրան ու դրանով զգեստավորեց նրան։

8. Դրա վրա նա դրեց լանջապանակը և լանջապանակի մեջ դրեց Ուրիմն ու Թումիմը։

9. Նրա գլխին դրեց խույրը, խույրի վրա՝ առջևի կողմից՝ ոսկե թիթեղը, այսինքն՝ սուրբ պսակը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

10. Մովսեսն առավ օծության յուղը, օծեց վրանն ու դրա մեջ եղած ամեն բան և սրբագործեց դրանք։

11. Յուղից յոթ անգամ շաղ տվեց զոհասեղանի վրա, օծեց զոհասեղանն ու դրա ամբողջ սպասքը, ավազանն ու դրա պատվանդանը՝ դրանք սրբագործելու համար։

12. Նա օծության յուղից թափեց Ահարոնի գլխին, օծեց նրան, որպեսզի սրբագործի։

13. Մովսեսը մոտեցրեց Ահարոնի որդիներին, շապիկներ հագցրեց նրանց, նրանց մեջքներին գոտի կապեց, գլխաշորեր* փաթաթեց նրանց գլուխներին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

14. Մոտեցրեց մեղքի զոհի զվարակը, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին մեղքի զոհի զվարակի գլխին,

15. և մորթեց այն։ Մովսեսն առավ արյունից և իր մատով շուրջանակի քսեց զոհասեղանի եղջյուրներին, սրբագործեց զոհասեղանը, իսկ արյունը թափեց զոհասեղանի պատվանդանին և սրբագործեց այն՝ դրա վրա քավություն անելու համար։

16. Մովսեսն առավ փորոտիքի վրա եղած ամբողջ ճարպը, լյարդի թաղանթը, երկու երիկամներն ու դրանց ճարպը և այրեց զոհասեղանի վրա։

17. Իսկ զվարակը, այսինքն՝ դրա մորթին, միսն ու նրա աղբը բանակատեղիից դուրս այրեց կրակով, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

18. Եվ մոտ բերեց ողջակեզի խոյը։ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին խոյի գլխին։

19. Մովսեսը մորթեց այն և դրա արյունը շուրջանակի շաղ տվեց զոհասեղանի վրա։

20. Խոյը բաժանեց կտորների, այրեց գլուխը, կտորներն ու ճարպը։

21. Մովսեսը ջրով լվաց փորոտիքն ու ոտքերը և ամբողջ խոյն այրեց զոհասեղանի վրա։ Դա ողջակեզ էր՝ անուշահոտ զոհաբերություն Տիրոջը, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։

22. Մոտ բերեց մյուս խոյը, այսինքն՝ ձեռք նվիրագործելու խոյը։ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին խոյի գլխին,

23. և մորթեց այն։ Մովսեսն առավ դրա արյունից և քսեց Ահարոնի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին։

24. Եվ մոտեցրեց Ահարոնի որդիներին. Մովսեսն այդ արյունից քսեց նրանց աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքերի բթամատերին և նրանց աջ ոտքերի բթամատերին, իսկ մնացած արյունը շուրջանակի շաղ տվեց զոհասեղանի վրա։

25. Առավ ճարպը, դմակը, փորոտիքի վրա եղած ամբողջ ճարպը, լյարդի թաղանթը, երկու երիկամներն ու դրանց ճարպը և աջ զիստը։

26. Եվ Տիրոջ առաջ դրված բաղարջ հացի սակառից վերցրեց մի բաղարջ շոթ, յուղով հունցված մի շոթ և մի լավաշ ու դրեց ճարպերի վրա և աջ զիստի վրա։

27. Նա այդ ամենը դրեց Ահարոնի ու նրա որդիների ձեռքերի վրա և դրանք երերացրեց նրանց՝ որպես երերացնելու զոհ Տիրոջ առաջ։

28. Ապա Մովսեսը, դրանք վերցնելով նրանց ձեռքերի վրայից, այրեց զոհասեղանի վրա դրված ողջակեզի վրա։ Դրանք նվիրագործելու համար անուշահոտ զոհաբերություն էին Տիրոջը։

29. Մովսեսն առավ կուրծքը և այն որպես երերացնելու զոհ երերացրեց Տիրոջ առաջ։ Դա նվիրագործելու խոյից Մովսեսի բաժինը եղավ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

30. Մովսեսը, վերցնելով օծության յուղից և զոհասեղանի վրայի արյունից, շաղ տվեց Ահարոնի վրա ու նրա զգեստների վրա և նրա հետ՝ նրա որդիների ու նրանց զգեստների վրա։ Նա սրբագործեց Ահարոնին ու նրա զգեստները, նրա հետ՝ նրա որդիներին ու նրանց զգեստները։

31. Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա որդիներին. «Միսը եփե՛ք ժողովի վրանի մուտքի մոտ և այնտեղ էլ կերե՛ք այն, նաև սակառի միջի հացերը, որ նվիրագործելու համար են, ինչպես պատվիրվեց ինձ՝ ասելով. “Ահարոնն ու նրա որդիները թող ուտեն դրանք”։

32. Իսկ մսից և հացից ավելացածն այրե՛ք կրակով։

33. Յոթ օր ժողովի վրանի մուտքից դուրս չգաք, մինչև չլրանան ձեր նվիրագործման օրերը, որովհետև յոթ օր է հարկավոր ձեր նվիրագործման համար։

34. Ինչպես որ արվեց այսօր, Տերը պատվիրել է այդպես անել ձեր քավության համար։

35. Ուրեմն յոթ օր՝ ցերեկ ու գիշեր, նստե՛ք ժողովի վրանի մուտքին և Տիրոջ հանձնարարությունը կատարե՛ք, որպեսզի չմեռնեք, որովհետև ինձ այդպես է պատվիրված»։

36. Ահարոնն ու նրա որդիները կատարեցին այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին։

ՂԵՎՏԱԿԱՆ 9

1. Ութերորդ օրը Մովսեսը կանչեց Ահարոնին, նրա որդիներին և Իսրայելի ծերերին։

2. Նա ասաց Ահարոնին. «Վերցրո՛ւ մեղքի զոհաբերության համար արջառներից մի զվարակ և ողջակեզի համար մի խոյ, որ անարատ լինեն, և ներկայացրո՛ւ Տիրոջ առաջ։

3. Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ՝ ասելով. “Վերցրե՛ք մեղքի զոհաբերության համար այծերից մի նոխազ և ողջակեզի համար մի զվարակ և մեկ տարեկան մի գառ։ Թող անարատ լինեն։

4. Նաև մի արջառ և մի խոյ՝ զոհելու համար Տիրոջ առաջ իբրև խաղաղության զոհ, և յուղով հունցված հացի ընծա. որովհետև այսօր Տերը երևալու է ձեզ”»։

5. Նրանք առան Մովսեսի պատվիրածն ու բերեցին ժողովի վրանի առաջ, և ամբողջ ժողովուրդը մոտեցավ ու կանգնեց Տիրոջ առաջ։

6. Մովսեսն ասաց. «Ա՛յս է Տիրոջ պատվիրածը. կատարե՛ք այս, և Տիրոջ փառքը կերևա ձեզ»։

7. Եվ Մովսեսն ասաց Ահարոնին. «Մոտեցի՛ր զոհասեղանին և մատուցի՛ր քո մեղքի զոհն ու ողջակեզը և քավությո՛ւն արա քեզ համար և ժողովրդի համար։ Մատուցի՛ր նաև ժողովրդի զոհը և քավությո՛ւն արա նրանց համար, ինչպես պատվիրել է Տերը»։

8. Ահարոնը մոտեցավ զոհասեղանին և մորթեց իր համար եղած մեղքի զվարակը։

9. Ահարոնի որդիները արյունը բերեցին նրա մոտ. նա իր մատը թաթախեց արյան մեջ, քսեց զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած արյունը թափեց զոհասեղանի պատվանդանին։

10. Բայց մեղքի զոհի ճարպը, երիկամները և լյարդի թաղանթը այրեց զոհասեղանի վրա, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

11. Իսկ միսն ու մորթին կրակով այրեց բանակատեղիից դուրս։

12. Եվ մորթեց ողջակեզը։ Ահարոնի որդիները արյունը ներկայացրին նրան, և նա շուրջանակի այն շաղ տվեց զոհասեղանի վրա։

13. Նրանք ողջակեզը նրան ներկայացրին կտոր-կտոր արած, նաև գլուխը, և նա այրեց զոհասեղանի վրա։

14. Լվաց փորոտիքն ու ոտքերը և դրանք այրեց զոհասեղանի վրայի ողջակեզի վրա։

15. Մոտեցրեց ժողովրդի ընծան և առավ ժողովրդի համար մեղքի զոհի նոխազը, մորթեց այն և մեղքի զոհ արեց նախորդի նման։

16. Մոտեցրեց ողջակեզը և զոհաբերեց այն ըստ կանոնի։

17. Մոտեցրեց հացի ընծան, մի բուռ վերցրեց դրանից և այրեց զոհասեղանի վրա, բացի առավոտյան ողջակեզից։

18. Մորթեց ժողովրդի խաղաղության զոհի արջառն ու խոյը, և Ահարոնի որդիները արյունը ներկայացրին նրան, և նա շուրջանակի այն շաղ տվեց զոհասեղանի վրա։

19. Իսկ արջառից՝ ճարպը, խոյից՝ դմակն ու փորոտիքը ծածկող ճարպը, երիկամներն ու լյարդի թաղանթը,

20. և ճարպերը դրեցին կրծքերի վրա, և նա ճարպերն այրեց զոհասեղանի վրա։

21. Ահարոնը կրծքերն ու աջ զիստը երերացնելու զոհ մատուցեց Տիրոջ առաջ, ինչպես որ պատվիրել էր Մովսեսը։

22. Ահարոնն իր ձեռքերը բարձրացրեց ժողովրդի վրա, օրհնեց նրանց և մեղքի զոհը, ողջակեզը և խաղաղության զոհը մատուցելուց հետո ներքև իջավ։

23. Մովսեսն ու Ահարոնը մտան ժողովի վրանը և դուրս գալով՝ օրհնեցին ժողովրդին։ Եվ Տիրոջ փառքը երևաց ամբողջ ժողովրդին։

24. Տիրոջ առջևից կրակ դուրս եկավ և այրեց զոհասեղանի վրայի ողջակեզն ու ճարպերը, և ամբողջ ժողովուրդը, տեսնելով այդ, աղաղակեց և ընկավ երեսի վրա։

ՂԵՎՏԱԿԱՆ 10

1. Ահարոնի որդիները՝ Նադաբն ու Աբիուդը, ամեն մեկը իր բուրվառը վերցնելով, դրանց մեջ կրակ դրեցին, վրան խունկ լցրին և Տիրոջ առաջ օտար կրակ մատուցեցին, որ նա չէր պատվիրել նրանց։

2. Տիրոջ առջևից կրակ դուրս ելավ, այրեց նրանց, և նրանք մեռան Տիրոջ առաջ։

3. Մովսեսն ասաց Ահարոնին. «Սա այն է, որ խոսեց Տերը՝ ասելով. “Ինձ մոտեցողներով պիտի սրբագործվեմ և պիտի փառավորվեմ ամբողջ ժողովրդի առաջ”»։ Ահարոնը լուռ մնաց։

4. Մովսեսը կանչեց Ահարոնի հորեղբայր Ոզիելի որդիներին՝ Միսայելին և Եղիսափանին, և ասաց նրանց. «Մոտեցե՛ք, ձեր եղբայրներին սրբարանից հանե՛ք և բանակատեղիից դո՛ւրս տարեք»։

5. Նրանք մոտեցան և բանակատեղիից դուրս տարան նրանց՝ շապիկներից բռնած։

6. Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա որդիներին՝ Եղիազարին և Իթամարին. «Ձեր գլուխները մի՛ բացեք և ձեր հագուստները մի՛ պատառոտեք, որպեսզի չմեռնեք, և բարկություն չիջնի ամբողջ ժողովրդի վրա։ Թող ձեր եղբայրները՝ Իսրայելի ամբողջ տունը, լաց լինեն Տիրոջ արած հրակիզության վրա։

7. Դուք ժողովի վրանի մուտքից դուրս մի՛ եկեք, որպեսզի չմեռնեք, որովհետև Տիրոջ օծության յուղը ձեզ վրա է»։ Եվ նրանք արեցին Մովսեսի խոսքի համաձայն։

8. Տերը խոսեց Ահարոնի հետ՝ ասելով.

9. «Տիրոջ ժողովի վրանը մտնելիս գինի և օղի չխմեք, ո՛չ դու և ո՛չ էլ քեզ հետ եղած քո որդիները, որպեսզի չմեռնեք։ Դա հավիտենական կանոն թող լինի ձեր սերունդների մեջ,

10. որպեսզի տարբերեք սուրբը պիղծից, մաքուրը անմաքուրից

11. և Իսրայելի որդիներին սովորեցնեք այն բոլոր կանոնները, որոնց մասին Տերը Մովսեսի միջոցով խոսել է նրանց հետ»։

12. Մովսեսը խոսեց Ահարոնի և նրա ողջ մնացած որդիների՝ Եղիազարի և Իթամարի հետ՝ ասելով. «Տիրոջ զոհաբերություններից ավելացած հացի ընծան առե՛ք և բաղա՛րջ կերեք զոհասեղանի մոտ, որովհետև դա ամենասուրբ է։

13. Այն կերե՛ք սուրբ վայրում, որովհետև Տիրոջ զոհաբերություններից քո իրավունքն է և քո որդիների իրավունքը, որովհետև ինձ այդպես է պատվիրված։

14. Դու և քեզ հետ քո որդիներն ու քո աղջիկները մի մաքուր վայրում պիտի ուտեք երերացնելու կուրծքը և բարձրացնելու զիստը, որովհետև Իսրայելի որդիների խաղաղության զոհերից դրանք տրվում են իբրև քո իրավունքը և քո որդիների իրավունքը։

15. Բարձրացնելու զիստը և երերացնելու կուրծքը ճարպի զոհերի հետ թող բերեն Տիրոջ առաջ երերացնելու համար. դրանք կլինեն քոնը և քեզ հետ քո որդիներինը հավիտենական կանոնով, ինչպես որ պատվիրել է Տերը»։

16. Մովսեսը զգուշությամբ փնտրեց մեղքի զոհի նոխազը, բայց այն արդեն այրված էր։ Նա Ահարոնի մնացած որդիների՝ Եղիազարի և Իթամարի վրա բարկացավ՝ ասելով.

17. «Ինչո՞ւ սուրբ վայրում չկերաք մեղքի զոհը. որովհետև դա ամենասուրբ է, և Տերը այն տվեց ձեզ, որ վերացնեք ժողովրդի անօրենությունը և քավություն տաք նրան Տիրոջ առաջ։

18. Ահա դրա արյունը սրբարանի ներսը չբերվեց։ Դուք այն պետք է ուտեիք սուրբ վայրում, ինչպես պատվիրել էի ձեզ»։

19. Ահարոնն ասաց Մովսեսին. «Ահա այսօր նրանք իրենց մեղքի զոհը և ողջակեզը մատուցեցին Տիրոջ առաջ, և այսպիսի բաներ պատահեցին, և եթե այսօր ուտեի մեղքի զոհից, դա հաճելի կլինե՞ր արդյոք Տիրոջ աչքին»։

20. Մովսեսը լսեց և հավանեց։

ՂԵՎՏԱԿԱՆ 11

1. Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով նրանց.

2. «Խոսե՛ք Իսրայելի որդիների հետ և ասացե՛ք. “Երկրի վրա եղած բոլոր անասուններից սրանք են այն անասունները, որ կարող եք ուտել։

3. Կուտեք բոլոր կճղակավոր, կճղակը ճեղքված և որոճացող անասունները։

4. Բայց որոճացողներից և կճղակավորներից սրանց չպիտի ուտեք. ուղտը, որը թեև որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, նա ձեզ համար անմաքուր է.

5. ճագարը, որը թեև որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, նա ձեզ համար անմաքուր է.

6. նապաստակը, որը թեև որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, նա ձեզ համար անմաքուր է.

7. խոզը, որը թեև կճղակավոր է և ճեղքված կճղակ ունի, բայց չի որոճում, նա ձեզ համար անմաքուր է։

8. Դրանց մսից չուտեք և դրանց դիակներին չդիպչեք. դրանք ձեզ համար անմաքուր են։

9. Ջրերի մեջ բոլոր եղածներից սրանք կուտեք. ջրերի մեջ, այսինքն՝ ծովերի և գետերի մեջ. կուտեք բոլոր լողակ և թեփուկ ունեցողներին։

10. Բայց չուտեք ծովերի մեջ և գետերի մեջ ջրերի բոլոր զեռուններից և ջրերի մեջ եղած բոլոր շնչավոր կենդանիներից այն ամենը, որ լողակ և թեփուկ չունեն. դրանք պիղծ են ձեզ համար։

11. Եվ դրանք պիղծ կլինեն ձեզ համար. դրանց մսից չպիտի ուտեք և դրանց դիակներից պիտի գարշեք։

12. Ջրերի մեջ եղած բոլոր կենդանիները, որոնք լողակ և թեփուկ չունեն, պիղծ են ձեզ համար։

13. Թռչունների մեջ սրանցից գարշեք. սրանք չպիտի ուտվեն, պիղծ են. արծիվը, պասկուճը, գետարծիվը,

14. անգղը, ցինը և այն, ինչ սրա տեսակից է,

15. ագռավը և այն, ինչ սրա տեսակից է,

16. ջայլամը, բուն, որորը, բազեն և այն, ինչ սրա տեսակից է,

17. հավպատիրը, հողամաղը, քաջահավը,

18. կարապը, հավալուսնը, սև անգղը,

19. արագիլը, քարադրը և այն, ինչ սրա տեսակից է, հոպոպը և չղջիկը։

20. Չորս ոտքի վրա գնացող և թռչող ամեն զեռուն թող պիղծ լինի ձեզ համար։

21. Բայց չորս ոտքի վրա գնացող և թռչող զեռուններից կուտեք դրանք, որոնք գետնի վրա ոստոստելու համար իրենց ոտքերի վրա սրունք ունեն։

22. Դրանցից սրանք կուտեք. մորեխը և այն, ինչ սրա տեսակից է, ջորյակը և այն, ինչ սրա տեսակից է, խարագուլը և այն, ինչ սրա տեսակից է, օձամարտը և այն, ինչ սրա տեսակից է։

23. Մնացած բոլոր զեռունները, որոնք չորս ոտք ունեն և թռչում են, պիղծ են ձեզ համար։

24. Դրանցով դուք անմաքուր կլինեք։ Ամեն ոք, ով դիպչի դրանց դիակներին, անմաքուր կլինի մինչև երեկո.

25. և ամեն ոք, ով վերցնի դրանց դիակները, պիտի լվանա իր հագուստները և անմաքուր կլինի մինչև երեկո։

26. Բոլոր անասունները, որոնք կճղակավոր են, բայց կճղակը ճեղքված չէ, և չեն որոճում, անմաքուր են ձեզ համար. դրանց դիպչող ամեն ոք անմաքուր կլինի։

27. Չորքոտանի բոլոր կենդանիներից նրանք, որոնք իրենց թաթերի վրա են քայլում, անմաքուր են ձեզ համար։ Ամեն ոք, ով դիպչի դրանց դիակներին, անմաքուր կլինի մինչև երեկո։

28. Եվ ով որ վերցնի դրանց դիակները, պիտի լվանա իր հագուստները և անմաքուր կլինի մինչև երեկո. դրանք անմաքուր են ձեզ համար։

29. Երկրի վրա սողացող կենդանիներից սրանք են անմաքուր ձեզ համար. աքիսը, մուկը, տիտեռը և այն, ինչ սրանց տեսակից է,

30. առնետը, ցամաքային կոկորդիլոսը, մողեսը, ավազամողեսը և քամելեոնը։

31. Բոլոր սողացողների մեջ ձեզ համար անմաքուրները սրանք են. ամեն ոք, ով որ դիպչի սրանց դիակին, անմաքուր կլինի մինչև երեկո։

32. Ամենը, ինչի վրա որ ընկնի սրանց դիակը, լինի դա փայտից պատրաստված աման կամ զգեստ, կամ մորթի կամ քուրձ, ինչ տեսակ գործածական աման էլ լինի, անմաքուր պիտի լինի. այն պետք է ջրի մեջ դրվի և անմաքուր կլինի մինչև երեկո, հետո մաքուր կլինի։

33. Եթե դրանցից որևէ բան ընկնի հողե ամանի մեջ, ամեն ինչ, որ դրա մեջ է, անմաքուր պիտի լինի. այդ ամանը պետք է ջարդեք։

34. Ամեն կերակուր, որն ուտում են, որի վրա թափվի այդ ջրից, անմաքուր պիտի լինի։ Նույնպես այդպիսի ամանի մեջ եղած ամեն ըմպելիք, որ խմում են, անմաքուր պիտի լինի։

35. Եվ ամեն բան, որի վրա դրանց դիակն ընկնի, անմաքուր պիտի լինի. դա լինի թոնիր, թե վառարան, պետք է քանդվի. դրանք անմաքուր են և անմաքուր պիտի լինեն ձեզ համար։

36. Բայց աղբյուրը, ջրհորն ու ջրակույտը մաքուր պետք է մնան. սակայն ով որ դիպչի դրանց մեջ ընկած դիակին, անմաքուր կլինի։

37. Եթե դրանց դիակն ընկնի ցանելու սերմացուի վրա, այն մաքուր է մնում։

38. Բայց եթե սերմացուի վրա ջուր թափված լինի, և դրա վրա ընկնի դրանց դիակը, ապա այն անմաքուր կլինի ձեզ համար։

39. Եթե ձեր ուտելու կենդանիներից մեկը սատկի, դրա դիակին դիպչողը անմաքուր պիտի լինի մինչև երեկո։

40. Ով որ դրա դիակից ուտի, իր հագուստները պիտի լվանա և մինչև երեկո անմաքուր կլինի, և ով որ վերցնի դրա դիակը, իր հագուստները պետք է լվանա և անմաքուր կլինի մինչև երեկո։

41. Երկրի վրա սողացող ամեն կենդանի պիղծ է, չպետք է ուտվի։

42. Երկրի վրա սողացող բոլոր կենդանիներից, որոնք սողում են իրենց որովայնի վրա կամ սողում են չորս ոտքով և կամ բազմոտանի են, չպետք է ուտեք, որովհետև դրանք պիղծ են։

43. Ձեր անձերը մի՛ պղծեք ոչ մի սողացող սողունով. դրանցով մի՛ պղծվեք և անմաքուր մի՛ դարձեք դրանցով։

44. Որովհետև ես եմ ձեր Տեր Աստվածը. ուրեմն սրբացրե՛ք ձեր անձերը և սո՛ւրբ եղեք. որովհետև ես սուրբ եմ։ Մի՛ պղծեք ձեր անձերը երկրի վրա սողացող ոչ մի սողունով։

45. Որովհետև ես եմ Տերը, որ ձեզ դուրս բերեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի ձեզ համար Աստված լինեմ, և դուք սուրբ լինեք, որովհետև ես սուրբ եմ։

46. Այս է չորքոտանիներին, թռչուններին, ջրերի մեջ շարժվող բոլոր շնչավոր կենդանիներին և երկրի վրա սողացող բոլոր կենդանիներին վերաբերող օրենքը,

47. որպեսզի դուք տարբերեք անմաքուրը և մաքուրը, ուտելի անասունը և ոչ ուտելի անասունը”»։

ՂԵՎՏԱԿԱՆ 12

1. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Եթե մի կին հղիանա և արու զավակ ծնի, նա անմաքուր պիտի լինի յոթ օր. իր դաշտանի օրերի համեմատ անմաքուր պիտի լինի։

3. Ութերորդ օրը ծնված որդու անթլփատության մարմինը պիտի թլփատվի։

4. Երեսուներեք օր կինը պետք է նստած մնա, մինչև որ մաքրվի իր արյունից։ Նա որևէ մաքուր բանի բնավ չպիտի դիպչի, ոչ էլ սրբարան պիտի մտնի, մինչև որ լրանան նրա մաքրվելու օրերը։

5. Բայց եթե նա աղջիկ ծնի, երկու շաբաթ անմաքուր պիտի լինի իր դաշտանի պես։ Եվ վաթսունվեց օր էլ պետք է նստած մնա, մինչև որ մաքրվի արյունից։

6. Երբ տղա կամ աղջիկ զավակի համար սահմանված նրա մաքրվելու օրերը լրանան, թող նա ժողովի վրանի մուտքի մոտ, քահանայի մոտ բերի մեկ տարեկան մի գառ ողջակեզի համար և մեղքի զոհի համար աղավնու մի ձագ կամ մի տատրակ։

7. Քահանան թող այն մատուցի Տիրոջ առաջ և քավություն անի նրա համար, և նա իր արյան հոսքից կմաքրվի։ Այս է տղա կամ աղջիկ ծնողի օրենքը։

8. Եթե նա ի վիճակի չլինի գառ բերելու, այն ժամանակ երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ թող առնի՝ մեկը ողջակեզի, իսկ մյուսը մեղքի զոհի համար։ Քահանան քավություն կանի նրա համար, և նա մաքուր կլինի”»։

ՂԵՎՏԱԿԱՆ 13

1. Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով.

2. «Եթե մի մարդու մարմնի մաշկի վրա պալար կամ քոս կամ բշտիկ երևա, և դա նրա մարմնի մաշկի վրա բորոտության ախտ դառնա, այն ժամանակ նա թող տարվի Ահարոն քահանայի կամ նրա որդիների՝ քահանաներից մեկի մոտ։

3. Քահանան թող զննի նրա մարմնի մաշկի վրա եղած վերքը։ Եթե վերքի մեջ գտնվող մազերը սպիտակ են դարձել, և վերքը խոր է երևում, ուրեմն դա բորոտության ախտ է։ Քահանան պետք է զննի նրան և անմաքուր հայտարարի նրան։

4. Իսկ եթե նրա մարմնի մաշկի վրայի բշտիկն սպիտակ է և մաշկից ավելի խոր չի երևում, ու մազն էլ սպիտակի չի փոխվել, այն ժամանակ քահանան թող յոթ օր արգելափակված պահի ախտակրին։

5. Քահանան յոթերորդ օրը թող զննի նրան, և եթե վերքը նույն ձևով մնացել է ու չի տարածվել մաշկի վրա, ապա քահանան թող նրան արգելափակված պահի ևս յոթ օր։

6. Քահանան յոթերորդ օրը դարձյալ թող զննի նրան, և եթե վերքը թեթև նկատելի է ու չի տարածվել մաշկի վրա, քահանան պետք է մաքուր հայտարարի. դա քոս է։ Նա թող լվանա իր զգեստները և մաքուր կլինի։

7. Բայց եթե քոսը տարածվի մաշկի վրա նրա մաքրվելու համար քահանայի կողմից նրա զննվելուց հետո, նա պետք է դարձյալ ներկայանա քահանային,

8. և քահանան զննի, և եթե քոսը տարածվել է մաշկի վրա, քահանան պետք է անմաքուր հայտարարի նրան. դա բորոտություն է։

9. Ուրեմն, երբ մի մարդու վրա բորոտության ախտ լինի, նա պետք է տարվի քահանայի մոտ։

10. Քահանան պետք է զննի, և եթե մաշկի վրա սպիտակ պալար կա, ու սպիտակի է փոխվել մազը, և պալարի մեջ էլ առողջ մսի կտոր կա,

11. ապա դա հնացած բորոտություն է նրա մարմնի մաշկի վրա։ Քահանան անմաքուր պետք է հայտարարի նրան և արգելափակված չպահի նրան, որովհետև նա անմաքուր է։

12. Եթե բորոտությունը տարածվել է մաշկի վրա և ծածկել ախտակրի ամբողջ մաշկը՝ գլխից մինչև ոտքերը, այսինքն՝ քահանայի աչքերի տեսած բոլոր տեղերը բորոտությունը պատել է,

13. և քահանան տեսնի, որ բորոտությունը պատել է նրա ամբողջ մարմինը, ապա մաքուր պետք է հայտարարի ախտակրին, քանի որ ամբողջովին սպիտակի է փոխվել. նա մաքուր է։

14. Բայց այն օրը, երբ նրա վրա առողջ միս նկատվի, նա անմաքուր պետք է համարվի։

15. Քահանան, տեսնելով առողջ միսը, նրան անմաքուր պետք է հայտարարի. առողջ միսը անմաքուր է. դա բորոտություն է։

16. Իսկ եթե առողջ միսը դարձյալ սպիտակի փոխվի, այն ժամանակ քահանայի մոտ պետք է գա։

17. Քահանան պետք է զննի նրան, և եթե վերքը սպիտակի է փոխվել, ապա քահանան թող մաքուր հայտարարի ախտակրին. նա մաքուր է։

18. Եթե մարմնի մաշկի վրա պալար լինի, և դա լավանա,

19. և պալարի տեղում սպիտակ ուռուցք կամ կարմրավուն սպիտակ բշտիկ երևա, նա պետք է դիմի քահանային։

20. Քահանան թող զննի նրան. եթե մաշկից ցած երևա, և մազն էլ փոխված լինի սպիտակի, քահանան պետք է անմաքուր հայտարարի նրան։ Դա պալարից տարածված բորոտության ախտ է։

21. Եթե քահանան տեսնի, որ սպիտակ մազ չկա դրա մեջ, և մաշկից ցած չէ, այլ թեթև նկատելի է, այդ ժամանակ քահանան պետք է յոթ օր արգելափակված պահի նրան։

22. Եթե տարածվի մաշկի վրա, այն ժամանակ քահանան պետք է անմաքուր հայտարարի նրան. դա ախտ է։

23. Բայց եթե բշտիկը նույն տեղում է մնացել, չի տարածվել, ապա դա պալարի սպի է։ Քահանան պետք է նրան մաքուր հայտարարի։

24. Եթե մարմնի մաշկի վրա կրակի այրվածք լինի, և այրվածքի տեղում կարմրավուն սպիտակ կամ սպիտակ բշտիկ երևա,

25. և քահանան զննի այն ու նկատի, որ բշտիկի վրայի մազը սպիտակ է դարձել և մաշկից խոր է երևում, դա այրվածքից առաջացած բորոտություն է։ Քահանան նրան պետք է անմաքուր հայտարարի. դա բորոտության ախտ է։

26. Բայց եթե քահանան տեսնի, որ բշտիկի վրա սպիտակ մազ չկա, և մաշկից խոր չէ ու թեթև նկատելի է, այդ ժամանակ քահանան պետք է յոթ օր արգելափակված պահի նրան։

27. Յոթերորդ օրը քահանան թող զննի նրան. եթե տարածվել է մաշկի վրա, քահանան պետք է նրան անմաքուր հայտարարի. դա բորոտության ախտ է։

28. Իսկ եթե բշտիկը նույն տեղում է մնացել, չի տարածվել մաշկի վրա և թեթև նկատելի է, ուրեմն դա այրվածքի ուռուցքն է։ Քահանան պետք է նրան մաքուր հայտարարի, որովհետև դա այրվածքի սպին է։

29. Եթե մի տղամարդու կամ մի կնոջ գլխի կամ ծնոտի վրա վերք լինի,

30. քահանան պետք է զննի այդ վերքը։ Եթե դա մաշկից խոր երևա, և դրա վրա բարակ դեղնավուն մազ լինի, ապա քահանան թող անմաքուր հայտարարի նրան. դա գոնջություն է՝ գլխի կամ ծնոտի բորոտություն։

31. Եթե քահանան տեսնի, որ գոնջության վերքը մաշկից խոր չէ, և դրա մեջ սև մազ չկա, ապա քահանան թող յոթ օր արգելափակված պահի գոնջությամբ վարակվածին։

32. Յոթերորդ օրը քահանան թող զննի ախտակրին։ Եթե գոնջությունը չի տարածվել, և դրա մեջ դեղնավուն մազ չկա, ու գոնջությունը մաշկից խոր չէ,

33. թող ածիլվի, բայց գոնջության տեղը չածիլի։ Քահանան կրկին յոթ օր պետք է արգելափակված պահի գոնջություն ունեցողին։

34. Յոթերորդ օրը քահանան թող զննի գոնջություն ունեցողին։ Եթե գոնջությունը մաշկի վրա չի տարածվել և խոր չէ, քան մաշկը, այն ժամանակ քահանան նրան պետք է մաքուր հայտարարի, և նա իր զգեստները պետք է լվանա ու մաքուր լինի։

35. Բայց եթե նրա մաքրվելուց հետո գոնջությունը մաշկի վրա տարածվի,

36. քահանան թող զննի նրան։ Եթե գոնջությունը տարածվել է մաշկի վրա, այն ժամանակ քահանան դեղնավուն մազ չփնտրի. նա անմաքուր է։

37. Բայց եթե գոնջությունն իր ձևով մնա, և դրա մեջ սև մազ է աճել, ուրեմն գոնջությունն անցել է, և նա մաքուր է. քահանան նրան պետք է մաքուր հայտարարի։

38. Եթե մի տղամարդ կամ մի կին իր մարմնի մաշկի վրա բշտիկներ ունենա, այսինքն՝ սպիտակ բշտիկներ,

39. քահանան թող զննի, և եթե նրա մարմնի մաշկի վրայի բշտիկները խամրած սպիտակ լինեն, ապա դա մաշկի վրա գոյացած թեփուկ է. նա մաքուր է։

40. Եթե մի մարդու գլխի մազերը թափվեն, նա կունտ է, բայց մաքուր է։

41. Եթե նրա գլխի մազերը առջևի կողմից թափվեն, նա ճաղատ է, բայց մաքուր է։

42. Բայց եթե կնտության կամ ճաղատության մեջ մի քիչ կարմրած սպիտակ վերք լինի, դա նրա կնտության կամ ճաղատության մեջ գոյացած բորոտություն է։

43. Այն ժամանակ քահանան թող զննի նրան։ Եթե նրա կնտության կամ ճաղատության մեջ եղած վերքի ուռուցքը մի քիչ կարմրած սպիտակ լինի մարմնի մաշկի վրա եղած բորոտության ախտանշանի պես,

44. այդ մարդը բորոտ է, անմաքուր է։ Քահանան անպատճառ պետք է անմաքուր հայտարարի նրան. նրա ախտը նրա գլխի վրա է։

45. Ախտ ունեցող բորոտի հագուստը պատռված պետք է լինի. նրա գլուխը բաց, և նրա շրթունքները ծածկված պետք է լինեն։ Նա պետք է բացականչի. “Անմաքուր, անմաքուր”։

46. Բոլոր օրերին, քանի դեռ վերքը նրա վրա է, նա անմաքուր պիտի համարվի։ Նա անմաքուր է. մենակ պետք է մնա. նրա բնակավայրը բանակատեղիից դուրս պետք է լինի։

47. Այն հագուստը, որի վրա բորոտության ախտանշան կա, դա լինի բրդե հագուստ, թե կտավե հագուստ,

48. Կտավից թե բրդից գործված, հենքի* կամ թևքի* մեջ, կաշվի վրա թե կաշվից շինված որևէ բանի վրա,

49. այսինքն՝ հագուստի կամ կաշվի վրա, հենքի կամ թևքի մեջ և կամ կաշվից շինված ամեն տեսակ բանի վրա կանաչավուն կամ կարմրած ախտանշան լինի, դա բորոտության ախտ է. պետք է ցույց տրվի քահանային։

50. Քահանան պետք է զննի ախտը և յոթ օր մեկուսացված պահի ախտահարված բանը։

51. Յոթերորդ օրը պետք է զննի ախտահարված բանը. եթե տարածվել է հագուստի վրա, հենքի կամ թևքի մեջ, կամ կաշվի վրա կամ գործածության համար կաշվից շինված որևէ բանի վրա, այդ ախտը բորբոքվող բորոտություն է. անմաքուր է։

52. Այն ժամանակ նա պետք է այրի բրդե կամ կտավե հագուստը կամ հենքը, կամ թևքը և կամ կաշվից պատրաստված որևէ բան, որի մեջ այդ ախտանշանը կա։ Քանի որ դա բորբոքված բորոտություն է, պետք է այրվի կրակով։

53. Բայց եթե քահանան տեսնի, որ ախտը չի տարածվել հագուստի վրա կամ հենքի կամ թևքի մեջ և կամ կաշվից շինված ամեն տեսակ բանի մեջ,

54. այդ ժամանակ քահանան թող հրամայի, որ լվանան ախտահարված բանը, և կրկին յոթ օր այն մեկուսացված պահի։

55. Ախտահարված բանը լվացվելուց հետո քահանան թող զննի. եթե ախտը իր տեսքը չի փոխել և չի տարածվել, այն անմաքուր է. պետք է այրվի կրակով. դրա աստառի մեջ կամ երեսին փտություն կա։

56. Իսկ եթե քահանան տեսնի, որ լվացվելուց հետո ախտը թեթև նկատելի է, այն ժամանակ այդ մասը թող պատռի-անջատի հագուստից կամ կաշվից, կամ հենքից և կամ թևքից։

57. Եթե ախտը դարձյալ երևա այդ հագուստի վրա կամ հենքի կամ թևքի մեջ և կամ կաշվից շինված ամեն տեսակ բանի վրա, դա տարածված բորոտություն է. իր վրա ախտ ունեցող բանը պետք է կրակով այրես։

58. Այն զգեստը կամ հենքը կամ թևքը և կամ կաշվից շինված ամեն տեսակ բան, որ լվացվելուց հետո ախտը դուրս է գալիս դրանից, կրկին պետք է լվացվի և մաքուր կլինի։

59. Այս է բրդե կամ կտավե զգեստի վրա, հենքի կամ թևքի մեջ և կամ կաշվից շինված ամեն տեսակ բանի վրա երևացող բորոտության ախտի օրենքը՝ դա մաքուր կամ անմաքուր հայտարարելու համար»։

ՂԵՎՏԱԿԱՆ 14

1. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2. «Այս լինի բորոտի օրենքը նրա մաքրվելու օրը։ Նա պիտի տարվի քահանայի մոտ։

3. Քահանան դուրս պիտի գա բանակատեղիից և քահանան պիտի զննի նրան։ Եթե բորոտը բժշկվել է բորոտության ախտից,

4. այն ժամանակ քահանան պետք է հրամայի, որ մաքրվող մարդու համար առնեն երկու կենդանի մաքուր թռչուն, եղևնու փայտ, կրկնակի կարմիր և զոպա*։

5. Քահանան հրամայի, որ թռչուններից մեկը մորթեն կավե ամանի մեջ, աղբյուրից լցված ջրի վրա։

6. Իսկ նա թող վերցնի ողջ թռչունը, եղևնու փայտը, կրկնակի կարմիրն* ու զոպայի ոստը և դրանք ողջ թռչնի հետ թաթախի հոսող ջրի վրա մորթված թռչնի արյան մեջ։

7. Եվ յոթ անգամ շաղ տա բորոտությունից մաքրվող մարդու վրա և մաքրի նրան, իսկ ողջ թռչունը բաց թողնի դեպի դաշտ։

8. Մաքրվող մարդը թող լվանա իր զգեստները, ածիլի իր բոլոր մազերը, լվացվի ջրով և մաքուր կլինի։ Դրանից հետո մտնի բանակատեղի, բայց յոթ օր մնա իր վրանից դուրս։

9. Յոթերորդ օրն ածիլի իր բոլոր մազերը, իր գլուխը, մորուքն ու հոնքերը, այսինքն՝ ածիլի իր բոլոր մազերը, լվանա իր հագուստները, լվանա իր մարմինը ջրով և մաքուր կլինի։

10. Ութերորդ օրն առնի անարատ երկու արու գառ, մեկ տարեկան անարատ մի էգ գառ, յուղով հունցված երեք տասներորդական գրիվ ընտիր ալյուր հացի ընծայի համար և մեկ լոգ* յուղ։

11. Մաքրող քահանան մաքրվող մարդուն սրանցով բերի Տիրոջ առաջ, ժողովի վրանի մուտքի մոտ։

12. Քահանան թող վերցնի արու գառներից մեկը և մատուցի այն հանցանքի զոհի համար, և մի լոգ յուղն էլ. նա դրանք երերացնելու զոհ մատուցի Տիրոջ առաջ։

13. Գառը մորթի մեղքի զոհի անասունների և ողջակեզի մորթելու տեղը՝ սուրբ վայրում. որովհետև, մեղքի զոհի նման, հանցանքի զոհը քահանայինն է. դա ամենասուրբ է։

14. Քահանան թող վերցնի հանցանքի զոհի արյունից և քսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին։

15. Քահանան թող վերցնի մի լոգ յուղից և այն լցնի իր ձախ ձեռքի ափի մեջ։

16. Քահանան իր աջ մատը թող թաթախի իր ձախ ձեռքի մեջ եղած յուղին և իր մատով այդ յուղից թող յոթ անգամ շաղ տա Տիրոջ առաջ։

17. Իր ձեռքի մեջ մնացած յուղից քահանան թող քսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին՝ հանցանքի զոհի արյան վրայից։

18. Քահանան իր ձեռքի մեջ մնացած յուղը թող քսի մաքրվող մարդու գլխին և քավություն անի նրան Տիրոջ առաջ։

19. Ապա քահանան թող մատուցի մեղքի զոհը և քավություն անի իր անմաքրությունից մաքրվող մարդուն, դրանից հետո ողջակեզը մորթի։

20. Եվ քահանան ողջակեզն ու հացի ընծան թող մատուցի զոհասեղանի վրա և մաքրվողի համար քավություն անի. և նա մաքուր կլինի։

21. Եթե նա աղքատ է, և նրա կարողությունն այդքանին չհասնի, այդ ժամանակ քավություն անելու համար երերացնելու հանցանքի զոհի համար նա թող վերցնի մի գառ և հացի ընծայի համար՝ յուղով հունցված մեկ տասներորդական գրիվ ընտիր ալյուր և մի լոգ յուղ,

22. երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ, որ մեկը որ կարող է, և մեկը՝ մեղքի զոհի համար, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ։

23. Ութերորդ օրը իր մաքրման համար դրանք թող բերի քահանայի մոտ, ժողովի վրանի մուտքի մոտ, Տիրոջ առաջ։

24. Քահանան թող վերցնի հանցանքի զոհի գառն ու մի լոգ յուղը և դրանք երերացնելու զոհ մատուցի Տիրոջ առաջ։

25. Եվ մորթի հանցանքի զոհի գառը և վերցնի հանցանքի զոհի արյունից ու քսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին։

26. Քահանան յուղից թող լցնի իր ձախ ձեռքի մեջ։

27. Եվ քահանան իր աջ ձեռքի մատով ձախ ձեռքի մեջ եղած յուղից յոթ անգամ թող շաղ տա Տիրոջ առաջ։

28. Քահանան իր ձեռքի մեջ եղած յուղից թող քսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին՝ այն տեղերը, ուր քսել է հանցանքի զոհի արյունը։

29. Իր ձեռքի մեջ մնացած յուղը քահանան թող քսի մաքրվող մարդու գլխին՝ քավություն անելով նրան Տիրոջ առաջ։

30. Ապա տատրակներից կամ աղավնու ձագերից մեկը, որին որ ձեռքը հասնի,*

31. այն մատուցի որպես մեղքի զոհ, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ՝ հացի ընծայի հետ միասին։ Եվ քահանան թող քավություն անի մաքրվող մարդուն Տիրոջ առաջ։

32. Այս է բորոտության ախտ ունեցող և մաքրվելու համար կարողություն չունեցող մարդու օրենքը»։

33. Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով.

34. «Երբ դուք մտնեք Քանանի երկիրը, որը ես ձեզ տալիս եմ իբրև ստացվածք, և ես ձեր ստացվածքը հանդիսացող երկրի մի տան մեջ բորոտությունով հարվածելու լինեմ,

35. այդ տան տերը պիտի գա և այդ մասին հայտնի քահանային՝ ասելով. “Ես նկատում եմ, որ իմ տանը ախտ կա”։

36. Քահանան, զննելու համար դեռ ներս չմտած, պիտի հրամայի, որ տունը դատարկեն, որպեսզի տան մեջ գտնվող ոչ մի բան անմաքուր չլինի, և դրանից հետո քահանան ներս կմտնի՝ զննելու տունը։

37. Քահանան կնայի. եթե տան պատերի վրա ախտանշան կա, այսինքն՝ կանաչավուն կամ կարմրավուն փոս ընկած տեղեր, որոնք պատի մակերեսից ավելի խոր են երևում,

38. այն ժամանակ քահանան թող դուրս գա տան դռնից և յոթ օր կողպի տունը։

39. Յոթերորդ օրը քահանան դարձյալ թող գա և զննի տունը. եթե ախտը տարածվել է այդ տան պատերի վրա,

40. ապա թող հրամայի, որ քանդեն-հանեն ախտ ունեցող քարերը և դրանք գցեն քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։

41. Տունը ներսից ամբողջությամբ քերել տա, և քերված հողը թափեն քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։

42. Եվ ուրիշ քարեր առնեն, դրանք դնեն հանված քարերի տեղում և ուրիշ հող բերեն ու ծեփեն տունը։

43. Եթե քարերը հանելուց և տունը քերելուց ու ծեփելուց հետո ախտը դարձյալ երևա տան մեջ,

44. այն ժամանակ քահանան թող գա և զննի. եթե ախտը տարածված է տան մեջ, ուրեմն այդ տանը բորբոքված բորոտություն կա. այն անմաքուր է։

45. Տունը պետք է քանդվի, և նրա քարերն ու փայտերը, տան ամբողջ հողը տարվի քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։

46. Փակի տակ պահված բոլոր օրերին ով որ մտնի այդ տունը, մինչև երեկո անմաքուր կլինի։

47. Այդ տանը պառկողը պետք է լվանա իր հագուստները, այդ տանը հաց ուտողը նույնպես պետք է լվանա իր հագուստները։

48. Եթե քահանան գա և տեսնի, որ տունը ծեփվելուց հետո ախտը չի տարածվել տան մեջ, այն ժամանակ քահանան պետք է մաքուր հայտարարի այդ տունը, քանի որ ախտը բուժված է։

49. Այդ տան մաքրության համար առնի երկու թռչուն, եղևնու փայտ, կրկնակի կարմիր և զոպա։

50. Եվ թռչուններից մեկը մորթի կավե ամանի մեջ, հոսող ջրի վրա։

51. Ապա եղևնու փայտը, զոպան, կարմիրը և ողջ մնացած թռչունը վերցնի և թաթախի մորթված թռչնի արյան և հոսող ջրի մեջ ու յոթ անգամ շաղ տա տան վրա։

52. Եվ տունը մաքրի թռչնի արյամբ, աղբյուրի հոսող ջրով, ողջ մնացած թռչունով, եղևնու փայտով, զոպայով և կրկնակի կարմիրով,

53. իսկ ողջ թռչունը բաց թողնի քաղաքից դուրս՝ դեպի դաշտ. և քավություն անի այդ տան համար, և տունը մաքուր կլինի։

54. Այս է ամեն բորոտության ախտի, գոնջության,

55. հագուստի կամ տան բորոտության,

56. ուռուցքի, քոսի և բշտիկի մասին օրենքը՝

57. որոշելու համար, թե ե՛րբ է անմաքուր և ե՛րբ՝ մաքուր։ Այս է բորոտության օրենքը»։

ՂԵՎՏԱԿԱՆ 15

1. Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով.

2. «Խոսե՛ք Իսրայելի որդիների հետ և ասացե՛ք նրանց. “Երբ մի տղամարդու անդամից սերմնածորում լինի, նրա ծորումն անմաքուր է։

3. Սա՛ է ծորումի ժամանակ նրա անմաքրությունը. եթե նրա մարմնից ծորում լինի, կամ նրա մարմինն այդ ծորումը պահի, դա նրա անմաքրությունն է։

4. Ամեն անկողին, որի մեջ ծորում ունեցողը պառկի, անմաքուր է, և ամեն բան, որի վրա նա նստի, անմաքուր է։

5. Նրա անկողնուն դիպչող մարդը պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։

6. Ծորում ունեցող մարդու նստած առարկայի վրա նստողը պիտի լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։

7. Ծորում ունեցող մարդու մարմնին դիպչողը պիտի լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։

8. Եթե ծորում ունեցողը թքի մի մաքուր մարդու վրա, նա պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։

9. Ամեն թամբ, որի վրա ծորում ունեցողը նստի, անմաքուր կլինի։

10. Ով որ դիպչի նրա տակ գտնվող որևէ իրի, անմաքուր կլինի մինչև երեկո. և ով որ այն վերցնի, պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։

11. Ծորում ունեցողն իր ձեռքերը չլվացած եթե դիպչի որևէ մեկին, սա պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։

12. Կավե ամանը, որին դիպել է ծորում ունեցողը, պետք է ջարդվի, իսկ փայտե ամեն աման պետք է լվացվի ջրով։

13. Երբ ծորում ունեցողը մաքրվի իր ծորումից, նա յոթ օր պետք է հատկացնի իր մաքրման համար, լվանա իր հագուստները, լվանա իր մարմինը հոսող ջրի մեջ և մաքուր կլինի։

14. Ութերորդ օրը իր համար պիտի վերցնի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ և գա Տիրոջ առաջ, ժողովի վրանի մուտքի մոտ և դրանք տա քահանային։

15. Քահանան դրանցից մեկը մատուցի որպես մեղքի զոհ, իսկ մյուսը՝ ողջակեզ։ Քահանան Տիրոջ առաջ քավություն անի նրան նրա ծորումից։

16. Եթե մի տղամարդ զուգավորության սերմնահոսություն ունենա, նա իր ամբողջ մարմինը պետք է ջրով լվանա և անմաքուր կլինի մինչև երեկո։

17. Ամեն հագուստ և ամեն մորթեղեն, որի վրա զուգավորության սերմ լինի, ջրով պետք է լվացվի։ Դա անմաքուր կլինի մինչև երեկո։

18. Երբ մի տղամարդ կնոջ հետ պառկի զուգավորության համար, նրանք երկուսն էլ ջրով պետք է լվացվեն, և անմաքուր կլինեն մինչև երեկո։

19. Եթե մի կին ծորում ունենա, և նրա մարմնից ծորածը արյուն է, նա յոթ օր թող մնա իր դաշտանի մեջ. և ով որ դիպչի նրան, անմաքուր կլինի մինչև երեկո։

20. Ինչ բանի վրա որ պառկի այդ կինն իր դաշտանի ժամանակ, այդ բանն անմաքուր կլինի, և ինչ բանի վրա որ նստի, դա անմաքուր կլինի։

21. Ով որ դիպչի նրա անկողնուն, պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։

22. Ով որ դիպչի մի բանի, որի վրա նա նստել է, պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ ջրով լվացվի և անմաքուր կլինի մինչև երեկո։

23. Եթե որևէ մեկը դիպչի այն անկողնուն կամ այն առարկային, որի վրա այդ կինը նստել է, անմաքուր կլինի մինչև երեկո։

24. Եթե մի մարդ պառկի նրա հետ զուգավորվելով, և այդ կնոջ պղծությունը դիպչի նրան, այդ մարդը յոթ օր անմաքուր կլինի. և ամեն անկողին, որի մեջ կպառկի նա, անմաքուր կլինի։

25. Եթե մի կնոջ արյունը, առանց դաշտանի ժամանակը լինելու, ծորում է շատ օրեր կամ իր դաշտանից ավելի է ծորում, նրա անմաքրության այդ բոլոր օրերը պետք է համարվեն դաշտանի օրերի պես. նա անմաքուր է։

26. Ամեն անկողին, որի մեջ նա կպառկի իր ծորումի բոլոր օրերին, իր դաշտանի անկողնու պես պիտի լինի իր համար. և որևէ բանի վրա, որ նա նստի, իր դաշտանի անմաքրության պես անմաքուր պիտի լինի։

27. Ով որ դիպչի դրանց, անմաքուր պիտի լինի և պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։

28. Երբ այդ կինը մաքրվի իր ծորումից, պետք է հաշվի յոթ օր, որից հետո մաքուր կլինի։

29. Ութերորդ օրը նա իր համար պիտի վերցնի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ և դրանք բերի ժողովի վրանի մուտքի մոտ, քահանայի մոտ։

30. Քահանան դրանցից մեկը պետք է մատուցի որպես մեղքի զոհ, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ։ Քահանան Տիրոջ առաջ քավություն կանի նրան նրա անմաքրության ծորումից”։

31. Այսպես Իսրայելի որդիներին զգուշացրե՛ք իրենց անմաքրությունից, որպեսզի իրենց մեջ գտնվող իմ բնակության վայրը պղծելով և իրենց անմաքրության պատճառով չմեռնեն։

32. Այս է ծորում ունեցողի, զուգավորության սերմի արտահոսումով անմաքուր եղողի,

33. իր դաշտանով հիվանդ եղող կնոջ, ծորում ունեցող տղամարդու կամ կնոջ և անմաքուր կնոջ հետ պառկող տղամարդու օրենքը»։

ՂԵՎՏԱԿԱՆ 16

1. Տերը խոսեց Մովսեսի հետ Ահարոնի երկու որդիների մեռնելուց հետո, որոնք Տիրոջ առաջ մոտենալիս մեռան։

2. Տերն ասաց Մովսեսին. «Խոսի՛ր քո եղբայր Ահարոնի հետ, որ ամեն ժամանակ սուրբ տեղը չմտնի՝ վարագույրից ներս տապանակի վրա գտնվող քավության առաջ, որպեսզի չմեռնի. որովհետև ես ամպի մեջ երևալու եմ քավության վրա։

3. Ահարոնն այս բաներով պետք է մտնի սուրբ տեղը. մի զվարակով՝ մեղքի զոհի համար և մի խոյով՝ ողջակեզի համար։

4. Կտավե սուրբ շապիկ թող հագնի և իր մարմնի վրա կտավե անդրավարտիք ունենա. իր մեջքին կապի կտավե գոտի և գլխին կտավե խույր դնի. սրանք սուրբ զգեստներ են։ Նա իր մարմինը ջրով պիտի լվանա և հետո հագնի դրանք։

5. Իսրայելի ժողովրդից նա այծերից երկու նոխազ թող վերցնի մեղքի զոհի համար և մեկ խոյ էլ՝ ողջակեզի համար։

6. Ահարոնը պիտի մատուցի զվարակը որպես իր մեղքի զոհը և քավություն անի իր և իր ընտանիքի համար։

7. Եվ վերցնի երկու նոխազները և դրանք կանգնեցնի Տիրոջ առաջ, ժողովի վրանի մուտքի մոտ։

8. Ահարոնն այդ երկու նոխազների համար վիճակ պիտի գցի. մի վիճակը՝ Տիրոջ համար, իսկ մյուս վիճակը՝ ազատ արձակվելիք նոխազի համար։

9. Ահարոնը պիտի մոտեցնի այն նոխազը, որի վրա ընկել է Տիրոջ վիճակը, և մեղքի զոհ անի նրան։

10. Իսկ այն նոխազը, որի վրա ընկել է ազատ արձակվելիք նոխազի վիճակը, այն կենդանի կանգնեցնի Տիրոջ առաջ, որպեսզի քավություն անի նրա համար և իբրև ազատ արձակվելիք նոխազ՝ բաց թողնի նրան դեպի անապատ։

11. Եվ Ահարոնը պիտի մատուցի զվարակը որպես իր մեղքի զոհը և քավություն անի իր և իր ընտանիքի համար և մորթի իր մեղքի զոհի զվարակը։

12. Եվ Տիրոջ առաջ գտնվող զոհասեղանի վրայից վերցնի վառված կրակով լի բուրվառը, իր ձեռքերը լցնի մանր ծեծած անուշահոտ խնկով և տանի վարագույրից ներս։

13. Խունկը դնի այդ կրակի վրա, Տիրոջ առաջ, և խնկի ծուխը ծածկի վկայության տապանակի վրայի քավությունը, որպեսզի նա չմեռնի։

14. Եվ առնի այդ զվարակի արյունից, իր մատով շաղ տա քավության վրա՝ արևելյան կողմից, և քավության առաջ արյունից իր մատով շաղ տա յոթ անգամ։

15. Եվ մորթի մեղքի քավության նոխազը, որ ժողովրդի համար է, և նրա արյունը տանի վարագույրից ներս. նա այդ արյան հետ անի այնպես, ինչպես վարվեց զվարակի արյան հետ, այսինքն՝ այն շաղ տա քավության վրա և քավության առաջ։

16. Եվ քավություն անի սրբարանի համար Իսրայելի որդիների անմաքրություններից և նրանց բոլոր մեղքերից ու հանցանքներից։ Եվ այսպես անի ժողովի վրանի հետ, որ նրանց հետ է լինում իրենց անմաքրությունների մեջ։

17. Երբ Ահարոնը սրբարան մտնի քավություն անելու համար, ոչ մի մարդ չպետք է լինի ժողովի վրանում մինչև նրա դուրս գալը, որ քավություն անի իր համար, իր ընտանիքի և Իսրայելի ամբողջ ժողովրդի համար։

18. Այնուհետև դուրս գա դեպի Տիրոջ առաջ գտնվող զոհասեղանը և քավություն անի դրա համար. և վերցնի զվարակի ու նոխազի արյունից և շուրջանակի քսի զոհասեղանի եղջյուրներին։

19. Եվ իր մատով այդ արյունից յոթ անգամ շաղ տա դրա վրա և Իսրայելի որդիների անմաքրություններից մաքրի այն ու սրբացնի այն։

20. Երբ վերջացնի սուրբ տեղի, ժողովի վրանի և զոհասեղանի համար քավություն անելը, թող մոտ բերի կենդանի նոխազը։

21. Ահարոնն իր երկու ձեռքերը դնի կենդանի նոխազի գլխին և դրա վրա խոստովանի Իսրայելի որդիների բոլոր անօրենություններն ու նրանց գործած բոլոր հանցանքներն իրենց բոլոր մեղքերով։ Նա դրանք թող դնի նոխազի գլխին և այն ուղարկի դեպի անապատ մի հատուկ մարդու միջոցով։

22. Նոխազը նրանց բոլոր անօրենություններն իր վրա տանի անմարդաբնակ մի վայր, և այդ մարդը անապատում բաց թողնի նոխազը։

23. Ահարոնը մտնի ժողովի վրանը. սրբարան մտնելիս հանի իր հագած կտավե զգեստները և դրանք դնի այնտեղ։

24. Եվ իր մարմինը ջրով լվանա սուրբ վայրում և հագնի իր զգեստները. և դուրս գալով՝ մատուցի իր ողջակեզն ու ժողովրդի ողջակեզը և քավություն անի իր համար և ժողովրդի համար։

25. Եվ զոհասեղանի վրա այրի մեղքի զոհի ճարպը։

26. Նոխազն ազատ արձակելու համար տանող մարդը լվանա իր զգեստները, իր մարմինը ջրով լվանա և ապա մտնի բանակատեղի։

27. Մեղքի զոհի զվարակն ու մեղքի զոհի նոխազը, որոնց արյունը սուրբ տեղ է բերվել քավություն անելու համար, թող դուրս հանեն բանակատեղիից և նրանց մորթերը, մսերն ու աղբը այրեն կրակով։

28. Դրանք այրողը պետք է լվանա իր զգեստները, իր մարմինը ջրով լվանա և ապա մտնի բանակատեղի։

29. Այս ձեզ համար հավիտենական կանոն կլինի. յոթերորդ ամսին՝ ամսի տասներորդ օրը, ձեր անձերը պիտի խոնարհեցնեք և ոչ մի գործ չպիտի անեք. ո՛չ երկրացին և ո՛չ էլ ձեր մեջ բնակություն հաստատած օտարականը.

30. որովհետև այդ օրը քահանան ձեզ համար քավություն պիտի անի ձեզ մաքրելու համար, որպեսզի դուք մաքրվեք Տիրոջ առաջ ձեր գործած բոլոր մեղքերից։

31. Դա ձեզ համար հանգստյան շաբաթ պիտի լինի, և հավիտենական կանոնով պիտի խոնարհեցնեք ձեր անձերը։

32. Քավություն պիտի անի այն օծված և իր հոր տեղը քահանայություն անելու համար օրհնված քահանան։ Նա կհագնի կտավե զգեստները՝ սուրբ զգեստները,

33. և քավություն կանի ամենասուրբ տեղի համար, ժողովի վրանի և զոհասեղանի համար քավություն կանի, քահանաների և ամբողջ ժողովրդի համար քավություն կանի։

34. Սա ձեզ համար հավիտենական կանոն կլինի Իսրայելի որդիների համար տարին մեկ անգամ քավություն անելու՝ իրենց գործած բոլոր մեղքերի պատճառով»։ Եվ նա արեց, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

ՂԵՎՏԱԿԱՆ 17

1. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2. «Խոսի՛ր Ահարոնի, նրա որդիների և Իսրայելի բոլոր որդիների հետ ու ասա՛ նրանց. “Տերն այս բաները պատվիրեց՝ ասելով.

3.

4. և չբերի ժողովի վրանի մուտքի մոտ՝ Տիրոջը զոհ մատուցելու համար Տիրոջ խորանի առաջ, այդ մարդը արյունապատ պիտի համարվի։ Նա արյուն է թափել, և այդ մարդը պիտի վերանա իր ժողովրդի միջից

5. որպեսզի Իսրայելի որդիները այն զոհերը, որ դաշտում մորթում են, բերեն Տիրոջ առաջ, ժողովի վրանի մուտքի մոտ, քահանայի մոտ և զոհաբերեն որպես խաղաղության զոհեր Տիրոջը։

6. Քահանան արյունը շաղ տա Տիրոջ զոհասեղանի վրա, ժողովի վրանի մուտքին և ճարպն այրի որպես անուշահոտություն Տիրոջ առաջ։

7. Նրանք իրենց զոհերն այլևս չզոհաբերեն դևերին, որոնց հետևից գնալով՝ պոռնկություն են անում։ Սա նրանց համար հավիտենական կանոն կլինի իրենց սերունդների մեջ”։

8. Նրանց կասես. “Եթե Իսրայելի տնից կամ նրանց մեջ բնակվող օտարականներից մեկը ողջակեզ կամ զոհ մատուցելու լինի

9. և այն չբերի ժողովի վրանի մուտքի մոտ՝ Տիրոջը մատուցելու համար, այդ մարդը պիտի վերացվի իր ժողովրդի միջից։

10. Եթե Իսրայելի տնից կամ նրանց մեջ բնակվող օտարականներից մեկը ինչ-որ արյուն ուտի, իմ երեսն արյուն ուտող այդ մարդու վրա պիտի դարձնեմ և նրան պիտի վերացնեմ իր ժողովրդի միջից.

11. որովհետև մարմնի կենդանությունն իր արյան մեջ է։ Ես այն ձեզ տվեցի, որպեսզի զոհասեղանի վրա քավություն անեք ձեր անձերի համար, որովհետև արյունն է, որ քավություն է անում իր մեջ եղած հոգով”։

12. Դրա համար էլ Իսրայելի որդիներին ասացի. “Ձեզանից ոչ ոք արյուն չուտի, և ձեր մեջ բնակվող օտարականն էլ արյուն չուտի”։

13. Իսրայելի որդիներից կամ նրանց մեջ բնակվող օտարականներից մեկը եթե ուտելի որևէ անասուն կամ թռչուն որսա, թող թափի նրա արյունը և այն ծածկի հողով.

14. որովհետև ամեն մարմնի կենդանությունն իր արյունն է իր հոգով։ Ուստի Իսրայելի որդիներին ասացի. “Ոչ մի մարմնի արյուն բնավ չուտեք”, որովհետև ամեն մարմնի կենդանությունն իր արյունն է. ով որ ուտի այն, պիտի կորչի։

15. Ով որ մեռած կամ գազանից հոշոտված միս ուտի, երկրացի լինի, թե օտարական, պիտի լվանա իր զգեստները, ինքն էլ լվացվի ջրով։ Նա անմաքուր կլինի մինչև երեկո, հետո մաքուր կլինի։

16. Բայց եթե չլվանա իր զգեստները և չլվանա իր մարմինը, այն ժամանակ նա կկրի իր անօրենությունը»։

ՂԵՎՏԱԿԱՆ 18

1. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։

3. Ձեր բնակած Եգիպտոս երկրի գործերի պես չանեք և չանեք Քանանի երկրի գործերի պես, ուր ձեզ պիտի տանեմ, և նրանց կանոնների համաձայն չընթանաք։

4. Կատարե՛ք իմ հրամանները և պահե՛ք իմ կանոնները, որպեսզի դրանցով առաջնորդվեք. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։

5. Պահե՛ք իմ կանոններն ու իմ հրամանները. ով որ կատարի դրանք, կապրի դրանցով. ես եմ Տերը։

6. Ոչ ոք չմոտենա իր արյունակից հարազատին՝ նրա մերկությունը բանալու համար. ես եմ Տերը։

7. Քո հոր մերկությունը կամ քո մոր մերկությունը չբանաս. նա քո մայրն է, նրա մերկությունը չբանաս։

8. Քո հոր կնոջ մերկությունը չբանաս. դա քո հոր մերկությունն է։

9. Քո հոր աղջկա կամ քո մոր աղջկա՝ քո քրոջ մերկությունը, նա տանը ծնված լինի, թե դրսում, նրանց մերկությունը չբանաս։

10. Քո որդու աղջկա կամ աղջկադ աղջկա մերկությունը չբանաս, քանի որ նրանց մերկությունը քոնն է։

11. Քո հոր կնոջ աղջկա մերկությունը չբանաս. նա քո հորից ծնված քո քույրն է, նրա մերկությունը չբանաս։

12. Քո հոր կնոջ մերկությունը չբանաս. նա քո հոր արյունակիցն է։

13. Քո մոր քրոջ մերկությունը չբանաս, որովհետև նա քո մոր ազգականն է։

14. Քո հոր եղբոր մերկությունը չբանաս, նրա կնոջը չմերձենաս. նա քո հոր եղբոր կինն է։

15. Քո հարսի մերկությունը չբանաս. նա քո որդու կինն է, նրա մերկությունը չբանաս։

16. Քո եղբոր կնոջ մերկությունը չբանաս. նա քո եղբոր մերկությունն է։

17. Մի կնոջ և նրա աղջկա մերկությունը չբանաս։ Նրա որդու աղջիկը կամ նրա աղջկա աղջիկը քեզ կին չառնես՝ նրանց մերկությունը բանալու համար։ Նրանք նրա ազգականներն են. դա պղծություն է։

18. Կին չառնես իր քրոջ հետ նրա կենդանության ժամանակ՝ չվշտացնելով նրա մերկությունը բանալով։

19. Կնոջ չմերձենաս նրա անմաքրության՝ դաշտանի ժամանակ նրա մերկությունը բանալով։

20. Քո հարևանի կնոջ հետ չպառկես զուգավորության համար՝ նրա հետ պղծվելով։

21. Քո սերնդից ոչ մեկին Մողոքի համար կրակի միջով անցկացնելու չթողնես և քո Աստծու անունը չպղծես. ես եմ Տերը։

22. Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ. դա պղծություն է։

23. Ոչ մի անասունի հետ չզուգավորվես՝ պղծվելով նրա հետ։ Կինը որևէ անասունի առաջ բնավ չկանգնի նրա հետ զուգավորվելու համար. դա գարշություն է։

24. Այս բաներից ոչ մեկով չպղծվեք, որովհետև այս բոլոր բաներով պղծվեցին այն ազգերը, որոնց ձեր առջևից պիտի քշեմ։

25. Այն երկիրը պղծվեց, և ես նրա անօրենությունը պիտի հատուցեմ նրան, և այն երկիրը պիտի փսխի իր բնակիչներին։

26. Իսկ դուք պահե՛ք իմ կանոններն ու իմ հրամանները և այս պղծություններից ոչ մեկը չանեք, ո՛չ երկրացին և ո՛չ էլ ձեր մեջ բնակվող օտարականը.

27. որովհետև ձեզնից առաջ այն երկրի մեջ եղած մարդիկ կատարեցին այս բոլոր պղծությունները, և երկիրը պղծվեց։

28. Որ այս երկիրը ձեզ էլ դուրս չփսխի, երբ դուք այն պղծեք, ինչպես որ փսխեց ձեզանից առաջ եղած այն ազգերին։

29. Որովհետև ամենքը, ով որ կատարի այս պղծություններից որևէ մեկը, այն կատարող անձերը կվերանան իրենց ժողովրդի միջից։

30. Պահե՛ք իմ հրամանները, որպեսզի չանեք ձեզանից առաջ գործված պիղծ սովորույթները և դրանցով չպղծվեք. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։

ՂԵՎՏԱԿԱՆ 19

1. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2. «Խոսի՛ր Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդի հետ և ասա՛ նրանց. “Սո՛ւրբ եղեք, քանզի սուրբ եմ ես՝ ձեր Տեր Աստվածը։

3. Ձեզանից ամեն մեկը պիտի ակնածի իր մորից ու իր հորից. և պահե՛ք իմ շաբաթ օրերը. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։

4. Մի՛ դարձեք դեպի կուռքերը և ձեզ համար ձուլածո աստվածներ մի՛ շինեք. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։

5. Եթե խաղաղության զոհ մատուցեք Տիրոջը, այնպե՛ս մատուցեք, որ ձեր զոհն ընդունելի լինի։

6. Զոհը պետք է ուտվի ձեր զոհ մատուցած օրը կամ հետևյալ օրը. իսկ երրորդ օրվա մնացածը կրակով պետք է այրվի։

7. Եթե դրանից երրորդ օրն ուտվի, այն պիղծ կլինի և ընդունելի չի լինի։

8. Ով ուտի դրանից, իր անօրենության պատիժը պիտի կրի, որովհետև Տիրոջը նվիրված սրբությունը պղծեց։ Այդ անձը պիտի վերանա իր ժողովրդի միջից։

9. Ձեր երկրում հունձ անելիս քո արտի մինչև եզերքը չհնձես և քո հնձից ընկած հասկերը չհավաքես։

10. Քո այգում ճռաքաղ չանես, այսինքն՝ քո այգու մեջ մնացած ողկույզները չքաղես. դրանք կթողնես աղքատին և օտարականին. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։

11. Գողություն մի՛ արեք, սուտ մի՛ խոսեք, իրար մի՛ խաբեք։

12. Իմ անունով զուր տեղը երդում մի՛ արեք և ձեր Աստծու անունը մի՛ պղծեք. ես եմ Տերը։

13. Քո հարևանին մի՛ զրկիր և հափշտակություն մի՛ արա։ Քեզ համար վարձով աշխատողի օրական վարձը գիշերվանից մինչև հաջորդ առավոտ քեզ մոտ չմնա։

14. Խուլին մի՛ հայհոյիր, կույրի առջև ոչ մի արգելք մի՛ դիր, որ նա ընկնի, այլ վախեցի՛ր քո Աստծուց. ես եմ Տերը։

15. Դատաստանի մեջ անիրավություն մի՛ արեք։ Աղքատին երեսպաշտություն մի՛ արա և մեծին մի՛ շողոքորթիր։ Քո մերձավորին արդարությա՛մբ դատիր։

16. Քո ժողովրդի մեջ չարախոսություն անելով ման չգաս։ Քո մերձավորի արյան վրա մի՛ հարձակվիր. ես եմ Տերը։

17. Քո եղբորը չատես քո սրտի մեջ։ Քո մերձավորին անպատճառ կհանդիմանես, որպեսզի նրա պատճառով մեղքի տակ չընկնես։

18. Վրեժխնդիր չլինես և քո ժողովրդի զավակների դեմ ոխ չպահես, այլ քո մերձավորին սիրի՛ր քո անձի պես. ես եմ Տերը։

19. Իմ կանոնները պահե՛ք. քո անասունի մի տեսակը մյուս տեսակի հետ զուգավորել չտաս. քո արտում տարբեր տեսակի սերմեր չցանես. երկու տարբեր նյութերից գործված այլախառն հագուստ չհագնես։

20. Եթե մեկը պառկելով զուգավորվի մի կնոջ հետ, որը ուրիշի հետ նշանված մի աղախին է և փրկագնված չէ, կամ նրան ազատություն չի տրված, ապա նրանք պիտի պատժվեն, բայց մահվան չպիտի դատապարտվեն, որովհետև կինն ազատ չէր։

21. Մարդն իր հանցանքի զոհը Տիրոջը պիտի բերի ժողովի վրանի մուտքի մոտ. մի խոյ՝ հանցանքի զոհի համար։

22. Քահանան Տիրոջ առաջ խոյի զոհաբերումով քավություն կանի նրան նրա գործած մեղքի համար, և նրա գործած մեղքը կներվի նրան։

23. Երբ մտնեք այդ երկիրը և ամեն տեսակ պտղատու ծառեր տնկեք, դրանց պտուղները անմաքո՛ւր դիտեք անթլփատության պես։ Երեք տարի ձեզ համար դրանք անթլփատություն կհամարվեն. դրանցից չպիտի ուտեք։

24. Չորրորդ տարում դրանց բոլոր պտուղները պիտի նվիրաբերվեն Տիրոջը փառավորելու համար։

25. Հինգերորդ տարում կուտեք դրանց պտուղները, որպեսզի իրենց արդյունքը ձեզ համար ավելացնեն. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։

26. Միսը արյունով չուտեք։ Հմայություն և գուշակություն չանեք։

27. Ձեր գլուխների եզերքի մազերը կլոր չկտրեք և ոչ էլ ձեր մորուքի եզերքը կտրեք։

28. Ձեր մարմնի վրա կտրվածքներ չանեք մահացած մեկի համար. և ձեր մարմնի վրա դաջվածքներ մի՛ արեք. ես եմ Տերը։

29. Մի՛ պղծիր քո աղջկան պոռնկացնելով, որպեսզի երկիրը պոռնկության մեջ չընկնի և երկիրը գարշությամբ չլցվի։

30. Իմ շաբաթները պահե՛ք և իմ սրբարանը հարգե՛ք. ես եմ Տերը։

31. Վհուկներին մի՛ հետևեք և հմայողներին մի՛ հարցրեք, որպեսզի նրանցով չպղծվեք. ե՛ս եմ Տերը՝ ձեր Աստվածը։

32. Ալեհեր մարդու առաջ վե՛ր կաց, ծերին պատվի՛ր և վախեցի՛ր քո Աստծուց. ես եմ Տերը։

33. Եթե մի օտարական ձեր երկրում, ձեզ մոտ պանդխտանալու լինի, չնեղեք նրան։

34. Ձեզ մոտ պանդխտության եկած օտարականը ձեր երկրի տեղաբնակի պես թող լինի ձեզ համար։ Նրան սիրի՛ր քո անձի պես, որովհետև դուք էլ օտարական էիք Եգիպտոսի երկրում. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։

35. Դատաստանի մեջ անիրավություն չանեք, ոչ էլ կանգունաչափի մեջ, կշռելու մեջ և չափելու մեջ։

36. Ձեր կշեռքը ճիշտ, ձեր կշռաքարը ճիշտ, ձեր հացահատիկի չափամանը ճիշտ և ձեր հեղուկաչափը ճիշտ լինեն։ Ձեզ Եգիպտոսի երկրից հանող Տերը՝ ձեր Աստվածը, ես եմ։

37. Իմ բոլոր կանոններն ու իմ բոլոր օրենքները պահե՛ք և գործադրե՛ք դրանք. ես եմ Տերը”»։

ՂԵՎՏԱԿԱՆ 20

1. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2. «Իսրայելի որդիներին նաև կասես. “Եթե Իսրայելի որդիներից կամ Իսրայելում բնակվող օտարականներից մեկն իր զավակներից Մողոքին տա, անպատճառ պիտի մեռցվի։ Այդ երկրի ժողովուրդը կքարկոծի նրան։

3. Ես իմ երեսը պիտի դարձնեմ այդ մարդու վրա և նրան պիտի վերացնեմ իր ժողովրդի միջից, որովհետև նա իր զավակներից Մողոքին է տվել՝ իմ սրբարանը պղծելու և իմ սուրբ անունն անարգելու համար։

4. Եթե այդ երկրի ժողովուրդն իր աչքերը փակի իր զավակներից Մողոքին հանձնած մարդուց ու չսպանի նրան,

5. ապա ես իմ երեսը պիտի դարձնեմ այդ մարդու վրա և նրա ընտանիքի վրա և իր ժողովրդի միջից պիտի վերացնեմ նրան ու նրա հետ բոլոր նրանց, ովքեր Մողոքի հետ պոռնկություն անելու համար գնում են այդ մարդու ետևից։

6. Ես իմ երեսը պիտի դարձնեմ նաև այն մարդու դեմ, որ վհուկներին ու ոգեհմաներին է հետևում նրանց հետ պոռնկանալու համար, և այդ մարդուն պիտի վերացնեմ իր ժողովրդի միջից։

7. Ուրեմն սրբագործե՛ք ձեր անձերը և սո՛ւրբ եղեք, որովհետև ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։

8. Պահե՛ք իմ կանոնները և կատարե՛ք դրանք. ես եմ Տերը, որ սրբագործում եմ ձեզ։

9. Ով որ իր հորը կամ իր մորն անիծի, նա անպատճառ պիտի մեռցվի. նա անիծել է իր հորը կամ մորը. նրա արյան մեղքն իր վրա կլինի։

10. Ով որ շնություն անի մի ուրիշ մարդու կնոջ հետ, իր ընկերոջ կնոջ հետ, շնություն անողն անպատճառ պիտի մեռցվի. թե՛ շնացող տղամարդը և թե՛ շնացած կինը։

11. Ով որ պառկի իր հոր կնոջ հետ, ուրեմն նա բացել է իր հոր մերկությունը. երկուսն էլ անպատճառ պիտի մեռցվեն. իրենց մահվան համար իրենք են մեղավոր։

12. Եթե մի մարդ պառկի իր հարսի հետ, երկուսն էլ անպատճառ պիտի մեռցվեն. նրանք գարշություն են արել. իրենց մահվան համար իրենք են մեղավոր։

13. Եթե մի տղամարդ պառկի մի ուրիշ տղամարդու հետ, ինչպես պառկում են մի կնոջ հետ, երկուսն էլ պղծություն են արել. նրանք անպատճառ պիտի մեռցվեն. իրենց մահվան համար իրենք են մեղավոր։

14. Եթե մի մարդ առնի մի կին և նրա մորն էլ, դա անօրենություն է. կրակով պետք է այրվեն թե՛ նա և թե՛ նրանք, որպեսզի ձեր մեջ անօրենություն չլինի։

15. Եթե մի մարդ կենակցի անասունի հետ, անպատճառ պիտի մեռցվի, իսկ կենդանուն սպանե՛ք։

16. Եթե մի կին զուգավորվելու համար որևէ անասունի մերձենա, պիտի սպանես կնոջն էլ, անասունին էլ. նրանք անպատճառ պիտի մեռցվեն. իրենց մահվան համար իրենք են մեղավոր։

17. Եթե մի տղամարդ ամուսնանա իր քրոջ հետ, այսինքն՝ իր հոր աղջկա կամ իր մոր աղջկա հետ և տեսնի նրա մերկությունը, և աղջիկն էլ տեսնի նրա մերկությունը, դա անպատվություն է։ Նրանք պիտի կորչեն իրենց ժողովրդի աչքի առջևից. նա իր քրոջ մերկությունն է բացել. պիտի կրի իր անօրենության պատիժը։

18. Եթե մի մարդ պառկի դաշտանի շրջանում գտնվող մի կնոջ հետ և բանա նրա մերկությունը, ուրեմն նա բացել է նրա արյան աղբյուրը, և կինն էլ բացել է իր արյան աղբյուրը. երկուսն էլ պիտի վերանան իրենց ժողովրդի միջից։

19. Քո մորաքրոջ կամ հորաքրոջ մերկությունը չբանաս, որովհետև նա իր ազգականի մերկությունն է բացում. նրանք պիտի կրեն իրենց անօրենության պատիժը։

20. Եթե մի մարդ պառկի իր հորեղբոր կնոջ հետ, նա բացած է լինում իր հորեղբոր մերկությունը. նրանք պիտի կրեն իրենց մեղքի պատիժը և մեռնեն անզավակ։

21. Եթե մի մարդ վերցնի իր եղբոր կնոջը, դա պղծություն է։ Նա բացած է լինում իր եղբոր մերկությունը. նրանք անզավակ պիտի լինեն։

22. Պահե՛ք իմ բոլոր կանոններն ու իմ բոլոր հրամանները և կատարե՛ք դրանք, որպեսզի այն երկիրը, ուր տանելու եմ ձեզ՝ այնտեղ բնակվելու, ձեզ դուրս չփսխի։

23. Մի՛ հետևեք այն ազգերի սովորույթներին, որոնց պիտի քշեմ ձեր առջևից, որովհետև նրանք արեցին այս բոլոր բաները, և ես զզվեցի նրանցից։

24. Եվ ասացի ձեզ.

25. Ուստի տարբերությո՛ւն դրեք մաքուր և անմաքուր անասունների, մաքուր և անմաքուր թռչունների միջև ու ձեզ մի՛ պղծեք այն անասուններով, թռչուններով և գետնի վրա եղած բոլոր սողուններով, որոնց ես առանձնացրի ձեզ համար իբրև անմաքուր։

26. Դուք սուրբ պիտի լինեք ինձ համար, որովհետև ես՝ Տերը, սուրբ եմ և ձեզ առանձնացրի ազգերից, որպեսզի իմը լինեք։

27. Տղամարդ թե կին, եթե նա վհուկ կամ ոգեհմա է, անպատճառ պիտի մեռցվի. պիտի քարկոծեն նրանց։ Նրանց արյան մեղքն իրենց վրա լինի”»։

ՂԵՎՏԱԿԱՆ 21

1. Տերն ասաց Մովսեսին. «Խոսի՛ր Ահարոնի որդիների՝ քահանաների հետ և ասա՛ նրանց. “Ոչ մեկն իրեն չպղծի իր մեռած արյունակցի համար,

2. բացի միայն իր մոտ արյունակցի համար, այսինքն՝ իր մոր, իր հոր, իր որդու, իր աղջկա և իր եղբոր համար,

3. նաև իր մոտ եղող և դեռ չամուսնացած իր կույս քրոջ համար։ Սրանց համար թող անմաքուր լինի։

4. Նա, իր ժողովրդի մեջ գլխավոր լինելով, անմաքուր չպիտի դառնա իրեն պղծելով։

5. Իրենց գլուխների վրա ճաղատ մաս չանեն, իրենց մորուքի ծայրերը չկտրեն և իրենց մարմնի վրա դաջվածքներ չանեն։

6. Սուրբ պիտի լինեն իրենց Աստծուն և չպիտի պղծեն իրենց Աստծու անունը, որովհետև Տիրոջը մատուցում են զոհաբերություն՝ իրենց Աստծու հացը։ Ուստի սուրբ պետք է լինեն։

7. Պոռնիկ կամ պղծված կին չպետք է առնեն, ոչ էլ իր ամուսնուց արձակված կին, որովհետև քահանան սուրբ է իր Աստծուն։

8. Դու պիտի սրբացնես նրան, որովհետև նա քո Աստծու հացն է մատուցում։ Նա սուրբ պիտի լինի քեզ համար, որովհետև ես՝ Տերը, որ սրբագործում եմ ձեզ, սուրբ եմ։

9. Եթե մի քահանայի աղջիկը պոռնկություն անելով պղծվի, նա պղծում է իր հորը. նա պետք է այրվի կրակով։

10. Իր եղբայրներից մեծ եղող քահանան, որի գլխին օծության յուղն է թափվել, և նվիրագործվել է սուրբ զգեստներ հագնելու, իր գլուխը չպիտի բանա և իր զգեստները չպատառոտի։

11. Եվ ոչ մի մեռած մարդու մոտ չգնա և ո՛չ էլ իր հոր կամ իր մոր համար անմաքուր լինի։

12. Եվ սրբարանից դուրս չգա և իր Աստծու սրբարանը չպղծի, որովհետև նա իր վրա է կրում իր Աստծու օծության յուղի պսակը. ես եմ Տերը։

13. Նա իրեն կին պիտի առնի մի կույս աղջիկ։

14. Որբևայրի, արձակված, պղծված կամ բոզացած կին չպիտի առնի, այլ իր ժողովրդի միջից մի կույս պիտի առնի որպես կին,

15. որպեսզի իր սերունդը չպղծի իր ժողովրդի մեջ, որովհետև ես եմ Տերը, որ սրբագործում եմ նրան”»։

16. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

17. «Խոսի՛ր Ահարոնի հետ և ասա՛. “Քո սերնդից և իրենց ազգերի մեջ ով որ իր վրա արատ ունենա, թող չմոտենա իր Աստծու հացը մատուցելու։

18. Որովհետև արատ ունեցող ոչ մի մարդ չպիտի մոտենա՝ կույրը, կաղը, դեմքի թերություն ունեցողը ականջատը*,

19. ոտքը կոտրած կամ ձեռքը կոտրած մարդը,

20. կամ կուզ ու գաճաճ, աչքը հատ ընկած, քոսոտ, մաշկային հիվանդություն ունեցող կամ ամորձիները ջարդված մարդը։

21. Ահարոն քահանայի սերնդից արատ ունեցող որևէ մարդ չպիտի մոտենա Տիրոջը զոհեր մատուցելու. նա արատավոր է. չմոտենա իր Աստծու հացը մատուցելու։

22. Նա կարող է ուտել իր Աստծու հացը, ամենասուրբ բաներ և սուրբ բաներ։

23. Միայն վարագույրի մոտ չմտնի և զոհասեղանին չմոտենա, որովհետև արատ ունի, և իմ սրբությունները չպետք է պղծի, քանզի ես եմ Տերը, որ սրբագործում եմ նրանց”»։

24. Այս բաներն ասաց Մովսեսը Ահարոնին, նրա որդիներին և Իսրայելի ամբողջ ժողովրդին։

ՂԵՎՏԱԿԱՆ 22

1. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2. «Խոսի՛ր Ահարոնի և նրա որդիների հետ, որ զգույշ լինեն Իսրայելի որդիների սրբությունների հանդեպ և իմ սուրբ անունը չպղծեն այն բաներով, որ ինձ համար սրբագործում են. ես եմ Տերը։

3. Ասա՛ նրանց. “Ձեր ամբողջ սերնդից և ձեր ազգերի մեջ ով որ իր անմաքրությունն իր վրա ունենալով մոտենա այն սուրբ բաներին, որ Իսրայելի որդիները սրբացնում են Տիրոջ համար, այդ անձը պիտի վերանա իմ առջևից. ես եմ Տերը։

4. Ահարոնի ցեղից ով որ բորոտ լինի կամ սերմնածորում ունենա, չպետք է ուտի այդ սուրբ բաներից, մինչև որ չմաքրվի, և ով որ դիպչի մեռելից պղծված որևէ բանի կամ դիպչի նրան, ով որ սերմնահոսություն է ունեցել,

5. կամ ով որ դիպչի որևէ սողունի, որից նա կարող է պղծվել, կամ մի մարդու, որ ինչ-որ անմաքրություն ունի, և որից նա կարող էր պղծվել,

6. սրանց դիպչող մարդն անմաքուր կլինի մինչև երեկո։ Նա սուրբ բաներից չպետք է ուտի, այլ իր մարմինը պետք է լվանա ջրով։

7. Արեգակի մայր մտնելուց հետո նա մաքուր կլինի և հետո թող ուտի սուրբ բաներից, որովհետև դա նրա սնունդն է։

8. Սատկածը կամ գազանից հոշոտվածը չուտի, որպեսզի չպղծվի դրանով. ես եմ Տերը։

9. Նրանք պետք է պահեն իմ հրահանգը, որպեսզի դրա համար մեղքի պատիժ չկրեն ու չմեռնեն նրա համար, որ պղծվել են. ես եմ Տերը, որ սրբագործում եմ նրանց։

10. Աշխարհականը չպետք է ուտի այդ սուրբ բանից։ Քահանայի հյուրը կամ վարձկանը չպետք է ուտի այդ սուրբ բանից։

11. Բայց քահանայի փողով գնված անձը և նրա տանը ծնվածը կարող են ուտել դրանից։ Նրանք կարող են ուտել նրա կերակուրից։

12. Եթե քահանայի աղջիկն ամուսնանա մի աշխարհականի հետ, ապա նա չի կարող ուտել սրբագործված սուրբ բաներից։

13. Բայց եթե քահանայի աղջիկն այրիանա կամ ամուսնալուծվի և զավակ չունենա ու վերադառնա իր հոր տունը, ապա նա, ինչպես իր աղջկության ժամանակ, կարող է ուտել իր հոր հացից։ Սակայն ոչ մի աշխարհական չպետք է ուտի դրանից։

14. Եթե մի մարդ սխալմամբ ուտի սրբություններից, դրա վրա պետք է ավելացնի մեկ հինգերորդ մասը և սուրբ բանը քահանային տա։

15. Եվ չպղծեն Իսրայելի որդիների կողմից Տիրոջը նվիրված սուրբ բաները։

16. Եվ իրենց վրա հանցանքի անօրենություն չբերեն՝ նրանց սուրբ բաներն ուտելով. որովհետև ես եմ Տերը, որ սրբագործում եմ նրանց”»։

17. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

18. «Խոսի՛ր, Ահարոնի և նրա որդիների և Իսրայելի բոլոր որդիների հետ ու ասա՛ նրանց. “Իսրայելի տնից կամ Իսրայելում եղող օտարականներից ամեն մարդ, որ իր զոհաբերությունը մատուցում է իրենց որևիցե ուխտերից կատարման համար բերված նվեր և որևիցե կամավոր ընծաներից, որը մատուցում են Տիրոջը իբրև ողջակեզ,

19. որպեսզի ընդունելի լինի ձեզ համար, պիտի լինի արջառներից, ոչխարներից կամ այծերից՝ անարատ արու։

20. Ոչ մի արատավոր չպետք է մատուցեք, որովհետև դա ձեզ համար ընդունելի չի լինի։

21. Ով որ Տիրոջը որպես խաղաղության զոհ մատուցի արջառներից կամ ոչխարներից ուխտի կատարման համար կամ կամավոր ընծայի համար, պետք է լինի անարատ, որպեսզի ընդունելի լինի. այն ոչ մի արատ չպետք է ունենա։

22. Կույր, ջարդվածք ունեցող, վիրավորված, ուռուցք ունեցող, քոսոտ կամ քոր ունեցող՝ այդպիսիները չպիտի մատուցեք Տիրոջը. դրանցից ոչ էլ զոհաբերություն պիտի անեք զոհասեղանի վրա Տիրոջ համար։

23. Բայց ականջը կտրած կամ պոչատ արջառը կամ ոչխարը կարող ես մատուցել որպես կամավոր ընծա. սակայն դա ուխտի զոհի համար ընդունելի չէ։

24. Ամորձիները ջարդված, ճմլված, պոկված կամ կտրած կենդանի չմատուցեք Տիրոջը և ձեր երկրում այսպիսի բաներ չանեք։

25. Օտարականի ձեռքից էլ այդ բոլորից ձեր Աստծուն զոհ չմատուցեք, որովհետև դրանք խեղվածք և արատ ունեն. դրանք ընդունելի չեն ձեզ համար”»։

26. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

27. «Երբ մի զվարակ, մի ոչխար կամ մի այծ ծնվի, յոթ օր պետք է մնա իր մոր մոտ և ութերորդ օրն ու դրանից հետո Տիրոջը ընդունելի կլինի որպես զոհաբերության ընծա։

28. Կովը կամ ոչխարն իր ձագով մեկտեղ նույն օրը չմորթեք։

29. Երբ գոհության զոհ մատուցեք Տիրոջը, այնպե՛ս մատուցեք, որ ընդունելի լինի ձեզ համար։

30. Նույն օրը պիտի ուտվի. մինչև առավոտ ոչինչ չթողնեք դրանից. ես եմ Տերը։

31. Պահե՛ք իմ պատվիրանները և կատարե՛ք դրանք. ես եմ Տերը։

32. Իմ սուրբ անունը չպղծեք, որպեսզի ես սրբացվեմ Իսրայելի որդիների մեջ։ Ես եմ ձեզ սրբագործող Տերը,

33. որ ձեզ հանեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի ձեր Աստվածը լինեմ. ես եմ Տերը»։

ՂԵՎՏԱԿԱՆ 23

1. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Տիրոջ տոներին, երբ դուք սուրբ ժողով պիտի անեք, իմ տոները սրանք են։

3. Վեց օր պետք է աշխատել, բայց յոթերորդ օրը հանգստյան շաբաթ է՝ սուրբ ժողով է. ոչ մի գործ չպիտի անեք. դա Տիրոջ համար շաբաթ է ձեր բոլոր բնակավայրերում։

4. Սրանք են Տիրոջ տոները, որ ըստ իրենց ժամանակի պիտի հռչակեք որպես սուրբ ժողովներ։

5. Առաջին ամսի տասնչորսերորդ օրը՝ երեկոյան դեմ, Տիրոջ համար Զատիկ է։

6. Նույն ամսի տասնհինգերորդ օրը Տիրոջ համար Բաղարջակերաց տոնն է։ Յոթ օր բաղարջ պիտի ուտեք։

7. Առաջին օրը սուրբ ժողով լինի ձեզ համար. ոչ մի ծառայական գործ չանեք։

8. Յոթ օր զոհ կմատուցեք Տիրոջը։ Յոթերորդ օրը սուրբ ժողով լինի. ոչ մի ծառայական գործ չանեք”»։

9. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

10. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ կմտնեք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ, և կհնձեք նրա հունձը, մի խուրձ՝ ձեր հնձի երախայրիքը, կբերեք քահանային։

11. Նա խուրձը երերացնելով կմատուցի Տիրոջ առաջ, որպեսզի այն ընդունելի լինի ձեզ համար։ Քահանան շաբաթին հաջորդող օրը երերացնելով կմատուցի այն։

12. Ձեր խուրձը մատուցելու օրը ողջակեզի համար մեկ տարեկան անարատ մի գառ կմատուցեք Տիրոջը։

13. Նրա հացի ընծան յուղով հունցված երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր լինի. դա անուշահոտ զոհաբերություն է Տիրոջ համար։ Նաև որպես հեղելու ընծա՝ մեկ քառորդ հիմեն գինի թող լինի։

14. Մինչև ձեր նվերը ձեր Աստծուն մատուցելու օրը չպիտի ուտեք ո՛չ հաց, ո՛չ էլ աղանձած կամ թարմ հասկեր։ Դա հավիտենական կանոն կլինի ձեր սերունդների մեջ ձեր բոլոր բնակավայրերում։

15. Շաբաթ օրվա հաջորդ օրվանից, երբ դուք երերացնելու խուրձը կբերեք, հաշվե՛ք ամբողջ յոթ շաբաթ։

16. Մինչև յոթերորդ շաբաթվա հաջորդ օրը հաշվե՛ք հիսուն օր և նոր հացի նվե՛ր մատուցեք Տիրոջը։

17. Ձեր բնակավայրերից երկու հաց կբերեք երերացնելու զոհի համար։ Դրանք երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուրից լինեն և թթխմորով եփված։ Դա երախայրիք է Տիրոջ համար։

18. Այդ հացերի հետ Տիրոջը կմատուցեք մեկ տարեկան անարատ յոթ գառ, արջառներից՝ մեկ զվարակ և երկու խոյ, որպեսզի հացի ընծաների և հեղելու ընծաների հետ ողջակեզ՝ անուշահոտ զոհաբերություն լինեն Տիրոջ համար։

19. Կմատուցեք նաև այծերից մեկ նոխազ՝ որպես մեղքի զոհ, և մեկ տարեկան երկու գառ՝ որպես խաղաղության զոհ։

20. Քահանան այդ զոհաբերությունները առաջին բերքից պատրաստված հացի և երկու գառների հետ երերացնելու զոհի համար պիտի մատուցի Տիրոջ առաջ։ Դրանք պիտի սուրբ լինեն Տիրոջ համար և պիտի պատկանեն քահանային։

21. Հենց այդ օրը դուք կհռչակեք տոնը, և սուրբ ժողով կլինի. ոչ մի ծառայական գործ չանեք։ Դա հավիտենական կանոն կլինի ձեր սերունդների մեջ ձեր բոլոր բնակավայրերում։

22. Երբ հնձեք ձեր երկրի հունձը, հնձելիս քո արտի մինչև եզերքը չհնձես և հնձի ժամանակ գետին ընկած հասկերը չհավաքես։ Դրանք կթողնես աղքատին և օտարականին. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։

23. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

24. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Յոթերորդ ամսի առաջին օրը ձեզ համար հանգստյան հանդիսավոր օր լինի. փող հնչեցնելով սուրբ ժողով լինի հիշատակի համար։

25. Ոչ մի ծառայական գործ չանեք, այլ զոհ կմատուցեք Տիրոջը”»։

26. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

27. «Նաև այդ յոթերորդ ամսի տասներորդ օրը քավության օր է. ձեզ համար սուրբ ժողով լինի։ Պիտի խոնարհեցնեք ձեր անձերը և զոհ մատուցեք Տիրոջը։

28. Այդ օրը ոչ մի գործ չանեք, որովհետև դա քավության օր է՝ ձեզ համար ձեր Տեր Աստծու առաջ քավություն անելու համար։

29. Իսկ ով որ չխոնարհվի այդ օրը, նա պիտի վերանա իր ժողովրդի միջից։

30. Եվ ով որ այդ օրը որևէ գործ անի, նրան պիտի վերացնեմ իր ժողովրդի միջից։

31. Ոչ մի գործ չպիտի անեք. դա հավիտենական կանոն կլինի ձեր սերունդների մեջ ձեր բոլոր բնակավայրերում։

32. Դա հանգստյան շաբաթ կլինի ձեզ համար. ձեր անձերը պիտի խոնարհեցնեք։ Ամսի իններորդ օրվա երեկոյից մինչև հաջորդ երեկոն պիտի պահեք ձեր շաբաթը»։

33. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

34. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Այդ յոթերորդ ամսի տասնհինգերորդ օրը յոթ օր Տաղավարահարաց տոն է Տիրոջ համար։

35. Առաջին օրը սուրբ ժողով պիտի լինի. ոչ մի ծառայական գործ չպիտի անեք։

36. Յոթ օր զոհ կմատուցեք Տիրոջը. ութերորդ օրը սուրբ ժողով պիտի լինի ձեզ համար, և զոհ կմատուցեք Տիրոջը. դա տոնախմբության օր է. ոչ մի ծառայական գործ չանեք։

37. Սրանք են Տիրոջ տոները, որ դուք սուրբ ժողովներ պիտի հռչակեք, որպեսզի Տիրոջը մատուցեք զոհաբերություն, ողջակեզ, հացի ընծայի զոհ և հեղելու ընծաներ՝ յուրաքանչյուրն օրվա մեջ,

38. բացի Տիրոջ շաբաթներից, բացի ձեր ընծաներից, բացի ձեր բոլոր ուխտերից և բացի ձեր բոլոր կամավոր ընծաներից, որ պիտի տաք Տիրոջը։

39. Իսկ յոթերորդ ամսի տասնհինգերորդ օրը, երբ դուք հավաքեք երկրի բերքը, Տիրոջ համար յոթ օր տոն պիտի կատարեք։ Առաջին օրը հանգստյան օր և ութերորդ օրը հանգստյան օրեր լինեն։

40. Առաջին օրը կառնեք գեղեցիկ ծառերի պտուղներ, արմավենու ճյուղեր, տերևախիտ ծառերի ճյուղեր, ձորամիջի ուռենիների ճյուղեր և յոթ օր կուրախանաք ձեր Տեր Աստծու առաջ։

41. Այս տոնը կատարե՛ք Տիրոջ համար տարվա մեջ յոթ օր. դա հավիտենական կանոն կլինի ձեր սերունդների մեջ. յոթերորդ ամսին կկատարեք այն։

42. Յոթ օր կբնակվեք վրանների մեջ. Իսրայելի բոլոր տեղաբնակները կբնակվեն տաղավարների մեջ,

43. որպեսզի ձեր սերունդներն իմանան, որ Իսրայելի որդիներին Եգիպտոսի երկրից հանելիս տաղավարների մեջ բնակեցրի նրանց. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։

44. Եվ Մովսեսը Իսրայելի որդիներին հայտարարեց Տիրոջ տոների մասին։

ՂԵՎՏԱԿԱՆ 24

1. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2. «Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին, որ ծեծած մաքուր ձեթ բերեն քեզ մոտ լուսավորության համար, որպեսզի ճրագները միշտ վառ մնան։

3. Ժողովի վրանի մեջ՝ վկայության վարագույրից դուրս, միշտ Ահարոնը պատրաստի այն. երեկոյից մինչև առավոտ ճրագները միշտ վառ մնան Տիրոջ առաջ։ Դա հավիտենական կանոն կլինի ձեր սերունդների մեջ։

4. Նա ճրագները միշտ մաքուր աշտանակի վրա պիտի պատրաստի Տիրոջ առաջ։

5. Ընտիր ալյուր կառնես և դրանից տասներկու շոթ կպատրաստես։ Ամեն մի շոթը երկու տասներորդական հիմեն պիտի լինի։

6. Դրանք երկու շարքով կդնես մաքուր սեղանի վրա Տիրոջ առաջ. յուրաքանչյուր շարքի վրա՝ վեց հատ։

7. Ամեն մի շարքի վրա կդնես մաքուր կնդրուկ, որպեսզի հացի վրա զոհի հիշատակ լինի Տիրոջ համար։

8. Ամեն շաբաթ օր նա միշտ պիտի պատրաստի դրանք և դնի Տիրոջ առաջ Իսրայելի որդիների կողմից՝ իբրև հավիտենական ուխտ։

9. Դրանք պիտի լինեն Ահարոնինն ու նրա որդիներինը. նրանք այդ կուտեն սուրբ տեղում, որովհետև նրանց համար դա ամենասուրբ է Տիրոջ զոհերից հավիտենական կանոնով»։

10. Իսրայելացի մի կնոջ որդին, որի հայրը եգիպտացի էր, դուրս գալով իսրայելացիների մեջ, բանակատեղիում իսրայելացի կնոջ որդին կռվեց մի իսրայելացի մարդու հետ։

11. Իսրայելացի կնոջ որդին հայհոյեց Տիրոջ անվանը և անիծեց. նրան բերեցին Մովսեսի մոտ։ Նրա մոր անունը Սաղոմիթ էր. Դանի ցեղից Դաբրիի աղջիկը։

12. Նրան բանտարկեցին, մինչև որ Տիրոջ հրամանը հայտնվեր իրենց։

13. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

14. «Այդ հայհոյիչին դո՛ւրս հանիր բանակատեղիից, և նրանք, ովքեր լսել են նրա հայհոյանքը, իրենց ձեռքերը թող դնեն նրա գլխին, և ամբողջ ժողովուրդը քարկոծի նրան։

15. Կխոսես Իսրայելի որդիների հետ և կասես. “Ով որ անիծի իր Աստծուն, պիտի կրի իր մեղքի պատիժը։

16. Ով որ հայհոյի Տիրոջ անունը, անպատճառ պիտի մեռցվի։ Ամբողջ ժողովուրդը անպատճառ պիտի քարկոծի նրան. Տիրոջ անունը հայհոյողը՝ օտարական կամ տեղացի, պիտի մեռցվի։

17. Ով որ մարդ սպանի, անպատճառ մահվամբ պիտի մեռցվի։

18. Ով անասուն սպանի, պիտի հատուցի նույնի տեղ նույնը։

19. Եթե մի մարդ խեղություն պատճառի իր մերձավորին, ինչ որ նա արել է, նույնն էլ իրեն պետք է անեն.

20. ջարդվածքի դիմաց՝ ջարդվածք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ։ Ինչպիսի խեղվածք որ նա այդ մարդուն պատճառել է, այդպես էլ պիտի լինի իրեն։

21. Անասուն սպանողը պիտի հատուցի այն, բայց մարդ սպանողը պիտի մեռցվի։

22. Օրենքը նույնը պետք է լինի ինչպես օտարականի, այնպես էլ տեղացու համար. որովհետև ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։

23. Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների հետ. բանակատեղիից դուրս հանեցին այն մարդուն, որ անիծել էր, և քարկոծեցին նրան։ Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

ՂԵՎՏԱԿԱՆ 25

1. Տերը Սինա լեռան վրա խոսեց Մովսեսի հետ և ասաց.

2. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մտնեք այն երկիրը, որ ես պիտի տամ ձեզ, թող այդ երկիրը հանգստյան շաբաթ պահի Տիրոջ համար։

3. Վեց տարի կվարես քո արտը, վեց տարի կէտես քո այգին և կհավաքես դրա արդյունքը։

4. Բայց յոթերորդ տարին հանգստյան շաբաթ լինի երկրի համար, այսինքն՝ Տիրոջ համար շաբաթ։ Քո արտը չպիտի վարես, քո այգին չպիտի էտես,

5. քո հնձի արտի մեջ ինքնիրեն աճած բերքը չպիտի հնձես, քո չէտած այգու խաղողները չպիտի քաղես. հանգստյան տարի լինի այդ հողի համար։

6. Հանգստյան շաբաթվա՝ հողի արտադրած բերքը կերակուր լինի ձեզ համար՝ քեզ համար, քո ծառայի, քո աղախնի, քո վարձկանի, քեզ մոտ բնակվող օտարականի համար,

7. քո անասունների և քո երկրում գտնվող կենդանիների համար կերակուր լինի դրա ամբողջ արդյունքը”։

8. Քեզ համար կհաշվես տարիների յոթ շաբաթ, այսինքն՝ յոթ անգամ յոթ տարի, և տարիների այդ յոթ շաբաթների ժամանակը քառասունինը տարի պիտի լինի քեզ համար։

9. Յոթերորդ ամսի տասներորդ օրը փող կհնչեցնես. քավության օրը ձեր ամբողջ երկրում փող կհնչեցնեք։

10. Կսրբագործեք հիսուներորդ տարին և երկրում ազատություն կհայտարարեք նրա բոլոր բնակիչների համար։ Դա հոբելյան կլինի ձեզ համար. ձեզանից ամեն մեկը կվերադառնա իր կալվածքը, ձեզանից ամեն մեկը կվերադառնա իր ազգատոհմին։

11. Այս հիսուներորդ տարին հոբելյանական տարի կլինի ձեզ համար։ Ո՛չ ցանեք, ո՛չ էլ ինքնիրեն աճած բերքը հնձեք և չէտած այգու խաղողը չհավաքեք,

12. որովհետև հոբելյան է։ Այն սուրբ պիտի լինի ձեզ համար։ Կուտեք ձեր արտերի բերքը։

13. Այդ հոբելյանական տարում ձեզանից ամեն մեկը կվերադառնա իր կալվածքը։

14. Եթե քո մերձավորին որևէ բան վաճառես կամ քո հարևանից որևէ բան գնես, իրար անիրավություն չանեք։

15. Հոբելյանից հետո եղած տարիների հաշվով պիտի գնես քո մերձավորից. նա էլ բերքի տարիների հաշվով պիտի վաճառի քեզ։

16. Տարիների շատության համեմատ պիտի ավելացնես նրա գինը և տարիների քչության համեմատ պիտի պակասեցնես նրա գինը, որովհետև նա արդյունքի քանակով է վաճառում քեզ։

17. Անիրավություն չանեք միմյանց։ Վախեցի՛ր քո Աստծուց, որովհետև ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։

18. Կկատարեք իմ կանոնները, կպահեք իմ օրենքները, կգործադրեք դրանք և ապահով կբնակվեք այդ երկրում։

19. Երկիրը կտա իր արդյունքը, կուտեք կշտանալու աստիճան և ապահով կբնակվեք այնտեղ։

20. Եթե ասեք, թե՝ “Ի՞նչ պիտի ուտենք յոթերորդ տարում, քանի որ չենք ցանելու և մեր բերքը չենք հավաքելու”,

21. ապա ես վեցերորդ տարում կտամ ձեզ իմ օրհնությունը, և հողը երեք տարվա արդյունք կտա։

22. Ութերորդ տարում կցանեք և հին բերքից կուտեք մինչև իններորդ տարին։ Մինչև նոր բերքի հասնելը կուտեք հինը։

23. Հողը չպետք է վաճառվի հավիտենապես, որովհետև երկիրը իմն է, իսկ դուք ինձ մոտ պանդուխտներ եք և հյուրեր։

24. Ձեր կալվածքը եղող ամբողջ երկրում հողի համար փրկագին պիտի տաք։

25. Եթե քո եղբայրն աղքատանա և վաճառի իր կալվածքի մի մասը, ապա նրա մոտիկ ազգականը թող գա նրա մոտ և փրկագնի իր եղբոր վաճառածը։

26. Եթե մի մարդ փրկագնող չունենա, և հետո երբ ինքը հարստանա և կարողանա այն փրկագնել,

27. ապա թող հաշվի վաճառքից հետո անցած տարիները, ավելորդը ետ տա այն մարդուն, որին վաճառել էր, և այն դարձյալ իր ստացվածքը կլինի։

28. Բայց եթե նա ի վիճակի չլինի փոխարժեքը տալու, ապա իր վաճառածը կմնա գնողի ձեռքում մինչև հոբելյան տարին։ Հոբելյան տարում նա կվերադառնա իր կալվածքը, իսկ գնողը դուրս կգա այնտեղից։

29. Եթե մեկը պարսպապատ քաղաքում գտնվող բնակելի մի տուն վաճառի, ապա նա կարող է այն հետ գնել վաճառքի օրվանից սկսած մինչև մեկ տարվա ընթացքում։ Դրա փրկագնումը պետք է լինի մեկ տարվա ընթացքում։

30. Իսկ եթե դա չփրկագնվի մինչև ամբողջ տարվա լրանալը, այն ժամանակ պարսպապատ քաղաքում գտնվող տունը մշտապես կմնա այն ծախու առնողին և նրա սերունդներին։ Այն ետ չի վերադարձվի հոբելյան տարում էլ։

31. Բայց պարսպապատ չեղող գյուղաքաղաքների տները պիտի համարվեն երկրի արտերի պես։ Դրանք կարող են փրկագնվել և հոբելյան տարում պետք է վերադարձվեն։

32. Իսկ ղևտացիների քաղաքներում գտնվող տները, որոնք նրանց կալվածքներն են այդ քաղաքներում, միշտ կարող են փրկագնվել ղևտացիների կողմից։

33. Եթե մեկը ղևտացիներից ծախու առնելու լինի, հոբելյան տարում նա դուրս պիտի գա այդ տնից և իր կալվածքը եղող քաղաքից, որովհետև ղևտացիների քաղաքների տները իրենց կալվածքներն են։

34. Բայց նրանց քաղաքների շուրջը գտնվող ագարակները չպիտի վաճառվեն, որովհետև դրանք նրանց հավիտենական կալվածքներն են։

35. Եթե քո եղբայրը աղքատանա, և նրա ձեռքը քեզ մոտ թուլանա, նրան պիտի օգնես իբրև օտարականի և պանդուխտի, որպեսզի քեզ մոտ ապրի։

36. Վաշխ ու տոկոս չպիտի վերցնես նրանից, այլ պիտի վախենաս քո Աստծուց, որ եղբայրդ քեզ մոտ ապրի։

37. Փողդ վաշխով չպիտի տաս նրան, կերակուրդ տոկոսով չտաս նրան։

38. Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ հանեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի Քանանի երկիրը տամ ձեզ և լինեմ ձեր Աստվածը։

39. Եթե եղբայրդ քեզ մոտ աղքատանա և իրեն վաճառի քեզ, նրան չպիտի ծառայեցնես ստրուկի ծառայությամբ։

40. Նա վարձկանի կամ պանդուխտի պես կլինի քեզ մոտ և քեզ կծառայի մինչև հոբելյան տարին։

41. Այնուհետև թող դուրս գա քո մոտից իր որդիների հետ և վերադառնա իր ազգատոհմի մոտ և իր հայրերի կալվածքը վերադառնա.

42. որովհետև նրանք իմ ծառաներն են, որոնց ես հանեցի Եգիպտոսի երկրից։ Նրանք ստրուկների պես չվաճառվեն։

43. Խստությամբ չիշխես նրա վրա, այլ վախենաս քո Աստծուց։

44. Քո ծառան և քո աղախինը, որ պիտի ունենաս, ձեր շուրջը եղող ազգերից լինեն. ծառա և աղախին նրանցի՛ց գնեք։

45. Նաև կարող եք գնել ձեզ մոտ բնակվող օտարականների զավակներից և ձեզ մոտ եղող նրանց ընտանիքներից, որոնք ծնվել են ձեր երկրում։ Դրանք ձեր սեփականությունը կլինեն։

46. Ձեզանից հետո նրանց որպես ժառանգություն կթողնեք ձեր որդիներին և մշտապես կգործածեք իբրև ձեր ծառաները։ Իսկ ձեր եղբայրների՝ Իսրայելի որդիների մասին՝ խստությամբ չպիտի իշխեք միմյանց վրա։

47. Եթե քեզ մոտ եղող օտարականը կամ պանդուխտը հարստանա, իսկ նրա մոտ եկող քո եղբայրն աղքատանա և իրեն վաճառի քեզ մոտ պանդխտացած օտարականին կամ այդ օտարականի ընտանիքից որևէ ազգականի,

48. ապա վաճառվելուց հետո նա կարող է փրկագնվել։ Նրա եղբայրներից մեկնումեկը կարող է փրկագնել նրան։

49. Նրա հորեղբայրը, հորեղբոր որդին կամ իր ազգատոհմից նրա մոտիկ ազգականներից մեկը թող փրկագնի նրան. կամ եթե ինքը ի վիճակի լինի, փրկավճարով թող գնի ինքն իրեն։

50. Նա իր վաճառվելու տարվանից մինչև հոբելյան տարին թող հաշվի իրեն գնած մարդու հետ. փրկագինը թող հաշվվի ըստ տարիների քանակի. նրա ժամանակը վարձկանի ժամանակի պես հաշվվի։

51. Եթե դեռ շատ տարի կա, իր փրկագինը թող հատուցի այդ տարիներին իր անձի վաճառքի գնի համեմատ։

52. Իսկ եթե քիչ տարի է մնացել մինչև հոբելյան տարին, թող հաշվի նրա հետ և իր փրկագինը տա իր տարիների համեմատ։

53. Նա տարեկան վարձկանի պես պիտի համարվի նրա մոտ. խստությամբ չպիտի վարվի նրա հետ քո առաջ։

54. Իսկ եթե այս միջոցներով չփրկագնվի, ապա հոբելյան տարում նա ազատ պետք է արձակվի. ինքը և իր որդիներն իր հետ,

55. որովհետև Իսրայելի որդիներն իմ ծառաներն են. Եգիպտոսի երկրից իմ հանած ծառաներն են նրանք. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։

ՂԵՎՏԱԿԱՆ 26

1. «Ձեզ համար չաստվածներ և կուռքեր չկերտեք, ձեզ համար արձաններ չկանգնեցնեք և պատկերավոր կոթող չդնեք ձեր երկրում՝ դրան երկրպագություն անելու համար. որովհետև ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։

2. Իմ շաբաթները պիտի պահեք և իմ սրբարանը հարգեք. ես եմ Տերը։

3. Եթե հետևեք իմ կանոններին և իմ պատվիրանները պահեք ու գործադրեք դրանք,

4. ես էլ ձեզ անձրև կուղարկեմ իր ժամանակին, հողն իր բերքը կտա, և դաշտի ծառերը կտան իրենց պտուղները։

5. Ձեր կալը կհասնի մինչև այգեկութը, իսկ այգեկութը մինչև ցանքսի ժամանակը կհասնի։ Ձեր հացը կուշտ կուտեք և ապահով կապրեք ձեր երկրում։

6. Ես խաղաղություն կտամ երկրին, և դուք հանգիստ կպառկեք, և ձեզ վախեցնող չի լինի։ Ես կվերացնեմ երկրից չար գազաններին, և ձեր երկրից սուր չի անցնի բնավ։

7. Ձեր թշնամիներին կհալածեք, և նրանք սրով կընկնեն ձեր առաջ։

8. Ձեր հինգ հոգին կհալածեն հարյուրին, իսկ ձեր հարյուրը բյուրին պիտի հալածի. ձեր թշնամիները սրով կընկնեն ձեր առաջ։

9. Ձեզ բարի աչքով կնայեմ, ձեզ կաճեցնեմ ու կբազմացնեմ և իմ ուխտը կհաստատեմ ձեզ հետ։

10. Հին պաշարը կուտեք և հինը դուրս կհանեք՝ եկող նորին տեղ բացելու համար։

11. Ես իմ բնակությունը կհաստատեմ ձեր մեջ, և իմ հոգին չի զզվի ձեզանից։

12. Ես միշտ ներկա կլինեմ, ձեզ համար Աստված կլինեմ, և դուք կլինեք իմ ժողովուրդը։

13. Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ հանեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի ստրուկ չլինեք նրանց։ Փշրեցի ձեր լծի կապանքները և ձեզ բարձրագլուխ ման ածեցի։

14. Բայց եթե չլսեք ինձ և չկատարեք այս բոլոր պատվիրանները,

15. անարգեք իմ կանոնները, ձեր հոգին զզվի իմ հրամաններից, որ չգործադրեք իմ պատվիրաններն ու դրժեք իմ ուխտը,

16. ես էլ այս կանեմ ձեզ. ձեզ վրա կուղարկեմ տագնապ, հյուծախտ և տենդ, որոնք աչք են փչացնում և հոգի մաշեցնում. զուր տեղը կսերմանեք ձեր սերմերը, որովհետև ձեր թշնամիները կուտեն դրանք։

17. Իմ երեսը կդարձնեմ ձեր դեմ, և կսպանվեք ձեր թշնամիների առաջ. ձեզ ատողները կիշխեն ձեզ վրա, և կփախչեք առանց մեկը ձեզ հալածելու։

18. Եթե այսքանից հետո էլ ինձ չլսեք, այն ժամանակ ձեր մեղքերի համար յոթնապատիկ կպատժեմ ձեզ։

19. Ես կկոտրեմ ձեր զորության հպարտությունը, ձեր երկինքը կդարձնեմ երկաթի նման, իսկ ձեր երկիրը՝ պղնձի։

20. Ձեր ուժը զուր տեղը կսպառվի, ձեր հողն իր արդյունքը չի տա, ոչ էլ երկրի ծառերը՝ իրենց պտուղը։

21. Եթե դուք ինձ հետ խոտոր վարվեք և չուզենաք լսել ինձ, այն ժամանակ ձեր մեղքերի համեմատ յոթնապատիկ կհարվածեմ ձեզ։

22. Ձեզ վրա կուղարկեմ դաշտի գազաններին, և ձեզ անզավակ կանեն, կհոշոտեն ձեր անասունները, կպակասեցնեն ձեր թիվը, և ձեր ճանապարհներն ամայի կդառնան։

23. Իսկ եթե սրանցով էլ չխրատվեք ինձանից և խոտոր վարվեք ինձ հետ,

24. այն ժամանակ ես էլ խոտոր կվարվեմ ձեզ հետ և ձեր մեղքերի համեմատ յոթնապատիկ կպատժեմ ձեզ։

25. Ես ձեզ վրա կուղարկեմ իմ ուխտի վրեժն առնող սուրը. և երբ հավաքվեք ձեր քաղաքներում, ես ժանտախտ կուղարկեմ ձեր մեջ, և թշնամու ձեռքը կմատնվեք։

26. Երբ ես ձեր հացի ճամփան փակեմ, տասը կին մեկ թոնրի մեջ կեփեն ձեր հացը, և ձեր հացը հաշված կշռով ետ կտրվի ձեզ. կուտեք և չեք կշտանա։

27. Եթե դրանից հետո էլ ինձ չլսեք ու խոտոր վարվեք ինձ հետ,

28. այն ժամանակ ես էլ բարկությամբ խոտոր կվարվեմ ձեզ հետ և ձեր մեղքերի համեմատ յոթնապատիկ կպատժեմ ձեզ։

29. Դուք կուտեք ձեր որդիների ու ձեր աղջիկների միսը։

30. Կքանդեմ ձեր Բարձր տեղերը, կփչացնեմ ձեր արեգական կուռքերը, ձեր դիակները կդնեմ ձեր կուռքերի դիակների վրա, և իմ անձը պիտի զզվի ձեզնից։

31. Ձեր քաղաքները ավերակ, ձեր սրբավայրերն ամայի կդարձնեմ և ձեր զոհաբերությունների անուշ հոտը չեմ հոտոտի։

32. Կամայացնեմ երկիրը, և այնտեղ բնակվող ձեր թշնամիները կզարմանան դրա վրա։

33. Ձեզ ցիրուցան կանեմ ազգերի մեջ և սուր կքաշեմ ձեր հետևից. ձեր երկիրն ամայի կդառնա, իսկ ձեր քաղաքներն ավերակ կդառնան։

34. Այն ժամանակ երկիրն իր ամայության բոլոր օրերին կվայելի իր շաբաթները, երբ դուք կլինեք ձեր թշնամիների երկրում։ Երկիրն այն ժամանակ կհանգստանա և կամբողջացնի իր հանգստի տարիները։

35. Իր ամայության բոլոր օրերին կհանգստանա, որովհետև չէր հանգստացել այն շաբաթներին, երբ դուք բնակվում էիք այնտեղ։

36. Վախ պիտի գցեմ ձեր միջից այն մարդկանց սրտում, որոնք վերապրելու են իրենց թշնամիների երկրներում։ Քամուց շարժվող տերևի ձայնը պիտի հալածի նրանց։ Նրանք փախուստի պիտի դիմեն, ինչպես փախչում են սրի առջևից, և պիտի ընկնեն առանց հալածող լինելու։

37. Սրից փախուստ տվողների պես նրանք իրար վրա պիտի ընկնեն՝ հալածող չեղած, և չպիտի կարողանաք կանգնել ձեր թշնամիների առաջ։

38. Պիտի կորչեք ազգերի մեջ, և ձեր թշնամիների երկիրը պիտի ուտի ձեզ։

39. Ձեզնից վերապրածները իրենց անօրենությունների պատճառով պիտի հալվեն ձեր թշնամիների երկրներում. պիտի հալվեն նաև իրենց հայրերի գործած անօրենությունների պատճառով։

40. Եթե խոստովանեն իրենց հանցանքներն ու իրենց հայրերի հանցանքները իմ հանդեպ ունեցած իրենց անհավատարմության համար, նաև որ հակառակ են ընթացել ինձ,

41. որի պատճառով ես էլ հակառակ վարվեցի իրենց հետ ու իրենց տարա իրենց թշնամիների երկիրը, և եթե այն ժամանակ նրանց անթլփատ սիրտը խոնարհվի, և նրանք հոժար լինեն կրելու իրենց հանցանքների պատիժը,

42. այն ժամանակ կհիշեմ Հակոբի, Իսահակի և Աբրահամի հետ արած իմ ուխտը, կհիշեմ նաև այդ երկիրը։

43. Այդ երկիրը լքված պիտի մնա նրանց կողմից և պիտի ամբողջացնի իր հանգստի տարիները նրանցից ամայի մնացած ժամանակ։ Նրանք հոժար պիտի լինեն կրելու իրենց հանցանքների պատիժը հենց նրա համար, որ անարգեցին իմ հրամանները, և նրանք ատեցին իմ կանոնները։

44. Սակայն երբ նրանք իրենց թշնամիների երկրում լինեն, ես այնուամենայնիվ չեմ մերժի նրանց, չեմ զզվի նրանցից՝ ամբողջապես նրանց կորստյան մատնելու և նրանց հետ իմ արած ուխտը ջնջելու աստիճան. որովհետև ես եմ Տերը՝ նրանց Աստվածը։

45. Ես կհիշեմ նրանց հետ կապած իմ նախկին ուխտը, որով նրանց հանեցի Եգիպտոսի երկրից՝ ազգերի առաջ նրանց Աստվածը լինելու համար. ես եմ Տերը»։

46. Սրանք են այն կանոնները, հրամաններն ու օրենքները, որ Տերը Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով հաստատեց իր և Իսրայելի որդիների միջև։

ՂԵՎՏԱԿԱՆ 27

1. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մեկը բացահայտ ուխտ անի Տիրոջը մարդ տալ, այդ մարդը Տիրոջը պետք է լինի ըստ քո գնահատության*։

3. Քո գնահատելն այսպիսին թող լինի. եթե դա տղամարդ է՝ քսան տարեկանից մինչև վաթսուն տարեկան, քո գնահատությունը թող լինի հիսուն սիկղ արծաթ՝ ըստ սրբարանի սիկղի։

4. Եթե դա կին է, քո գնահատությունը թող լինի երեսուն սիկղ։

5. Եթե հինգ տարեկանից մինչև քսան տարեկան է, այն ժամանակ քո գնահատությունը տղայի համար թող լինի քսան սիկղ, իսկ աղջկա համար՝ տասը սիկղ։

6. Եթե մեկ ամսականից մինչև հինգ տարեկան լինի, այն ժամանակ քո գնահատությունը տղայի համար թող լինի հինգ սիկղ արծաթ, իսկ աղջկա համար՝ երեք սիկղ արծաթ։

7. Եթե վաթսուն տարեկանից բարձր լինի, քո գնահատությունը տղամարդու համար տասնհինգ սիկղ, իսկ կնոջ համար տասը սիկղ լինի։

8. Իսկ եթե նա աղքատ է և գնահատվածը չի կարող հատուցել, նրան կանգնեցնեն քահանայի առաջ, և քահանան գին նշանակի նրան։ Քահանան գին կնշանակի ուխտ անողի ունեցվածքի համաձայն։

9. Եթե Տիրոջը մատուցելու զոհը անասուններից է, ինչ որ տրվի դրանից Տիրոջը, սուրբ կլինի։

10. Այն չպիտի փոխվի. լավը վատի տեղ կամ վատը լավի տեղ չպիտի փոխվի։ Եթե մի անասունը փոխարինի մեկ ուրիշով, ապա այդ ընծայվածը և դրա փոխարեն բերվածը սուրբ կլինեն։

11. Եթե դա որևէ անմաքուր անասուն է, որը չի կարելի Տիրոջը զոհ մատուցել, այն ժամանակ այդ անասունը թող կանգնեցվի քահանայի առաջ։

12. Քահանան գին կնշանակի դրան՝ ըստ դրա լավ կամ վատ լինելու։ Քահանան ինչպես որ գնահատի, այդպես թող լինի։

13. Իսկ եթե ուխտ անողը ուզենա փրկագնել այն, ապա գնահատության վրա պետք է ավելացնի նշանակված գնի մեկ հինգերորդ մասը։

14. Եթե մի մարդ իր տունը նվիրի Տիրոջը որպես սրբություն, ապա քահանան թող գին սահմանի՝ ըստ դրա լավ կամ վատ լինելու։ Քահանան ինչպես որ գնահատի, այդպես էլ թող լինի։

15. Եթե նվիրաբերողն ուզենա փրկագնել իր տունը, ապա նշանակված գնի վրա թող ավելացնի մեկ հինգերորդ մասը, և տունն իրենը կլինի։

16. Եթե մի մարդ իր կալվածքից մի արտ նվիրաբերի Տիրոջը, ապա այն թող գնահատվի ըստ դրա վրա ցանված սերմի. մեկ քոռ գարու սերմի դիմաց՝ հիսուն սիկղ արծաթ։

17. Եթե իր արտը նվիրաբերի հոբելյան տարվա սկզբին, դա թող լինի ըստ քո գնահատության։

18. Իսկ եթե նա իր արտը նվիրաբերի հոբելյանից հետո, ապա քահանան թող հաշվի մինչև հոբելյանական տարին ընկած տարիների համար վճարելիք փողը և այն հանի իր նշանակած գնից։

19. Իսկ եթե արտը նվիրաբերողն ուզենա այն փրկագնել, այն ժամանակ նշանակված գնի վրա թող ավելացնի դրա մեկ հինգերորդ մասը, և այդ արտը կմնա իրենը։

20. Իսկ եթե նա ետ չգնի արտը կամ այն վաճառած լինի մեկ ուրիշին, ապա նա այլևս այն փրկագնել չի կարող։

21. Այլ արտը հոբելյանական տարում ազատվելիս նվիրված արտի պես պետք է լինի՝ որպես սրբություն Տիրոջը. նրա կալվածքը քահանայինը պիտի լինի։

22. Եթե մեկը Տիրոջը նվիրաբերի իր ծախու առած արտը, որ իր կալվածքի արտը չէ,

23. այն ժամանակ քահանան դրա գինը թող նշանակի ըստ քո գնահատության մինչև հոբելյան տարին, և այդ մարդը նույն օրը թող վճարի քո սահմանած գնի համաձայն։ Դա Տիրոջն ընծայաբերված սրբություն է։

24. Հոբելյան տարում արտը ետ պիտի տրվի նրան, ով այն վաճառել էր, և որի կալվածքն էր այն։

25. Քո բոլոր գները պիտի սահմանվեն ըստ սրբարանի սիկղի. մեկ սիկղը քսան կերատ լինի։

26. Ոչ ոք չի կարող ընծայաբերել իր անասունների առաջնածինը, որը առաջնածին լինելու պատճառով իսկ պատկանում է Տիրոջը։ Դա արջառ լինի, թե ոչխար, պատկանում է Տիրոջը։

27. Եթե դա անմաքուր անասուններից է, թող չփրկագնվի ըստ քո նշանակած գնի՝ դրա վրա ավելացնելով մեկ հինգերորդը։ Իսկ եթե ետ չգնվի, ապա թող վաճառվի ըստ քո գնահատած գնի։

28. Բայց եթե մեկը իր ամբողջ ունեցածից որևէ բան է նվիրաբերել Տիրոջը, լինի դա իր մարդկանցից, իր անասուններից կամ իր կալվածքի արտից, չի կարող այն վաճառել կամ ետ գնել։ Ամեն նվիրաբերում ամենասուրբ է Տիրոջ համար։

29. Մարդկանց միջից որպես ուխտ նվիրաբերված որևէ անձ չպետք է ետ գնվի. անպատճառ պիտի մեռցվի։

30. Երկրի ամբողջ տասանորդը՝ հողի բերքից, ծառերի պտուղներից, Տիրոջն է պատկանում։ Դա սուրբ է Տիրոջ համար։

31. Եթե մի մարդ ուզենա ետ գնել իր տասանորդից ինչ-որ բան, նա դրա վրա պետք է ավելացնի դրա արժեքի մեկ հինգերորդը։

32. Արջառների և ոչխարների ամեն տասներորդը՝ հովվի հաշվածանասունների յուրաքանչյուր տասանորդը, սուրբ պիտի լինի Տիրոջը։

33. Լավի և վատի միջև տարբերություն չպիտի դրվի, և այն չպիտի փոխարինվի. իսկ եթե փոխարինվի, այն ժամանակ թե՛ նա և թե՛ փոխարինվողը սուրբ պիտի համարվեն և չպիտի փրկագնվեն”»։

34. Սրանք են այն պատվիրանները, որ Տերը Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով տվեց Իսրայելի որդիներին։