Ա
Ս
Տ
Ծ
Ո

Ժ
Ո
Ղ
Ո
Վ
Ո
Ւ
Ր
Դ
.
.
.

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

34

35

36

37

38

39

40

41

42

43

44

45

46

47

48

49

50

51

52

53

54

55

56

57

58

59

60

61

62

63

64

65

66

67

68

69

70

71

72

73

74

75

76

77

78

79

80

81

82

83

84

85

86

87

88

89

90

91

92

93

94

95

96

97

98

99

100

101

102

103

104

105

106

107

108

109

110

111

112

113

114

115

116

117

118

119

120

121

122

123

124

125

126

127

128

129

130

131

132

133

134

135

136

137

138

139

140

141

142

143

144

145

146

147

148

149

150

Աստվածաշունչ (online)

Ընտրել Գիրքը...

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրել Գլուխը...

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

34

35

36

37

38

39

40

41

42

43

44

45

46

47

48

49

50

51

52

53

54

55

56

57

58

59

60

61

62

63

64

65

66

67

68

69

70

71

72

73

74

75

76

77

78

79

80

81

82

83

84

85

86

87

88

89

90

91

92

93

94

95

96

97

98

99

100

101

102

103

104

105

106

107

108

109

110

111

112

113

114

115

116

117

118

119

120

121

122

123

124

125

126

127

128

129

130

131

132

133

134

135

136

137

138

139

140

141

142

143

144

145

146

147

148

149

150

ՍԱՂՄՈՍՆԵՐ 1

1. Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի համաձայն չի գնում և մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում և ծաղր անողների աթոռի վրա չի նստում,

2. Այլ նրա հաճույքը Տիրոջ օրենքի մեջ է, և ցերեկ ու գիշեր մտածում է նրա օրենքի մասին։

3. Նա ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, և նրա տերևը թառամելով չի թափվում, և ամեն ինչ, որ անում է, հաջողվում է նրան։

4. Այսպես չեն ամբարիշտները, այլ նման են հարդի շյուղի, որ ցրիվ է տալիս քամին։

5. Սրա համար ամբարիշտները չեն կարող կանգնել դատաստանի մեջ, և ոչ էլ մեղավորները՝ արդարների ժողովում,

6. Որովհետև Տերը ճանաչում է արդարների ճանապարհը, մինչդեռ ամբարիշտների ճանապարհը պիտի կորչի։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 2

1. Ինչո՞ւ են խռովություն անում հեթանոսները, և ազգերը ունայնն են մտածում։

2. Երկրի թագավորները վեր են կենում, և իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դեմ և նրա Օծյալի դեմ՝ ասելով.

3. «Կոտրենք նրանց կապանքները և նրանց չվանները դեն նետենք մեզնից»։

4. Երկնքում բնակվողը ծիծաղում է, Տերը ծաղրում է նրանց։

5. Այն ժամանակ նա պիտի բարկությամբ խոսի նրանց հետ և իր զայրույթով շփոթեցնի նրանց՝ ասելով.

6. «Ես օծեցի իմ թագավորին իմ սուրբ Սիոն լեռան վրա»։

7. Պիտի հայտարարեմ հրամանը. Տերն ասաց ինձ. «Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ։

8. Խնդրի՛ր ինձնից, և ես հեթանոսներին քեզ ժառանգություն կտամ և երկրի ծայրերը՝ քեզ ունեցվածք։

9. Երկաթե գավազանով նրանց կջարդես և բրուտի ամանի պես կփշրես նրանց»։

10. Արդ, ո՜վ թագավորներ, խոհեմացե՛ք. խրատվեցե՛ք, ո՜վ երկրի դատավորներ։

11. Վախով ծառայե՛ք Տիրոջը և դողալով ցնծացե՛ք։

12. Որդուն համբուրեցե՛ք, որ չբարկանա, և դուք չկորչեք ճանապարհի մեջ, որովհետև շուտով պիտի բորբոքվի նրա բարկությունը։ Երանի նրանց, որ ապավինել են նրան։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 3

1. Ո՜վ Տեր, որքա՜ն շատացան իմ թշնամիները. շատերը ելան իմ դեմ։

2. Շատերն իմ անձի համար ասում են. «Սրա համար փրկություն չկա Աստծու մոտ»։ (Սելա)։*

3. Բայց դու, Տե՛ր, իմ ասպարն ես, իմ փառքը և իմ գլուխը բարձրացնողը։

4. Իմ ձայնով աղաղակեցի Տիրոջը, և նա պատասխանեց ինձ իր սուրբ լեռից։ (Սելա)։

5. Ես պառկեցի ու քնեցի. զարթնեցի, որովհետև Տերը պահպանում է ինձ։

6. Ես չեմ վախենա բյուրավոր ժողովուրդներից, որ պատել են իմ չորս կողմը։

7. Վե՛ր կաց, Տե՛ր, փրկի՛ր ինձ, ո՛վ իմ Աստված, որովհետև դու խփում ես իմ բոլոր թշնամիների այտին և փշրում ես ամբարիշտների ատամները։

8. Տիրոջն է փրկությունը. թող քո օրհնությունը լինի քո ժողովրդի վրա։ (Սելա)։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 4

1. Երբ կանչեմ, լսի՛ր ինձ, ո՛վ իմ արդարության Աստված. նեղության մեջ ազատեցիր ինձ, ողորմի՛ր ինձ և լսի՛ր իմ աղոթքը։

2. Ո՛վ մարդկանց որդիներ, մինչև ե՞րբ պիտի իմ փառքն ամոթ դարձնեք, մինչև ե՞րբ ունայն բան պիտի սիրեք և ստություն խնդրեք։ (Սելա)։

3. Բայց իմացե՛ք, որ Տերն ընտրել է իր հավատարիմ ծառային. Տերը լսում է, երբ որ կանչում եմ նրան։

4. Երբ բարկանաք, մի՛ մեղանչեք. խոսե՛ք ձեր սրտերի հետ ձեր անկողիններում և լո՛ւռ մնացեք։ (Սելա)։

5. Արդարության զոհե՛ր ընծայեք և Տիրո՛ջն ապավինեք։

6. Շատերն ասում են. «Բարին ո՞վ ցույց կտա մեզ». բարձրացրո՛ւ մեզ վրա քո երեսի լույսը, Տե՛ր։

7. Դու ուրախություն տվեցիր իմ սրտին՝ նրանց ցորենի և գինու առատանալու ժամանակից ավելի։

8. Ես խաղաղությամբ պիտի պառկեմ ու քնեմ, որովհետև դու ես միայն, ո՜վ Տեր, ապահովությամբ բնակեցնում ինձ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 5

1. Տե՛ր, ակա՛նջ դիր իմ խոսքերին և ուշադրությո՛ւն դարձրու իմ աղաղակին։

2. Ուշադրությամբ լսի՛ր իմ աղաղակի ձայնը, ո՛վ իմ Թագավոր և իմ Աստված, որովհետև քեզ եմ աղաչում։

3. Տե՛ր, առավոտից լսում ես իմ ձայնը, առավոտից առջևդ պիտի դնեմ իմ խնդրանքը և սպասեմ,

4. Որովհետև դու անօրենությունից հաճույք առնող Աստված չես, և չարը չի բնակվի քեզ մոտ։

5. Ամբարտավանները չեն մնա քո աչքի առաջ. դու ատում ես բոլոր անօրենություն գործողներին։

6. Դու կկորցնես սուտ խոսողներին. Տերը գարշում է արյունահեղ և նենգավոր մարդուց։

7. Բայց ես քո առատ ողորմության շնորհիվ պիտի մտնեմ քո տունը և քո սուրբ տաճարում երկրպագություն անեմ քո երկյուղով։

8. Տե՛ր, առաջնորդի՛ր ինձ քո արդարությամբ իմ թշնամիների պատճառով, հարթի՛ր քո ճանապարհն իմ առջև,

9. Որովհետև նրանց բերանում ճշմարտություն չկա. նրանց ներսը չարություն է, նրանց կոկորդը բաց գերեզման է, և իրենց լեզվով նենգություն են անում։

10. Դատի՛ր նրանց, ո՜վ Աստված, թող վայր ընկնեն իրենց խորհուրդներով. իրենց բազում ամբարշտությունների համար դե՛ն գցիր նրանց, որովհետև ապստամբեցին քո դեմ։

11. Բայց թող ուրախ լինեն բոլոր նրանք, որ ապավինել են քեզ, թող ցնծան հավիտյան, որովհետև դու պահպանում ես նրանց. թող քեզնով ուրախանան քո անունը սիրողները։

12. Որովհետև դու օրհնում ես արդարին, ո՜վ Տեր, և քո հաճությամբ, ինչպես վահանով, շրջապատում ես նրան։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 6

1. Ո՜վ Տեր, մի՛ հանդիմանիր ինձ քո բարկությամբ և մի՛ պատժիր ինձ քո զայրույթով։

2. Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև տկար եմ ես. բժշկի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև ցնցվում եմ մինչև ոսկորներս։

3. Եվ խիստ ցնցվում է իմ անձը. իսկ դու, ո՜վ Տեր, մինչև ե՞րբ...

4. Դարձի՛ր, Տե՛ր, ազատի՛ր իմ անձը. փրկի՛ր ինձ, քանի որ ողորմած ես։

5. Որովհետև մահվան մեջ քեզ հիշել չկա. գերեզմանում ո՞վ պիտի փառաբանի քեզ։

6. Ես հոգնել եմ իմ հառաչանքներից. ամբողջ գիշերը լվանում եմ իմ անկողինը և իմ արցունքներով թրջում եմ իմ մահիճը։

7. Տրտմությունից մաշվեց իմ աչքը, տկարացավ իմ թշնամիների պատճառով։

8. Հեռացե՛ք ինձնից բոլորդ, ո՛վ անօրենություն գործողներ, որովհետև Տերը լսել է իմ լացի ձայնը։

9. Տերը լսեց իմ աղաչանքը. Տերն ընդունում է իմ աղոթքը։

10. Թող ամաչեն և խիստ զարհուրեն իմ բոլոր թշնամիները. թող ետ դառնան և ամաչեն շուտով։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 7

1. Ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, ես քեզ եմ ապավինել. փրկի՛ր ինձ իմ բոլոր հալածողներից և ազատի՛ր ինձ,

2. Որ առյուծի պես չհոշոտեն իմ անձը ու պատառոտեն, և ազատող չլինի։

3. Ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, եթե այս վատ բանն եմ արել, եթե անիրավություն կա իմ ձեռքերի մեջ,

4. Եթե չար եմ հատուցել ինձ հետ խաղաղ եղածին, եթե կողոպտել եմ զուր տեղն ինձ նեղացնողին,

5. Ապա թող թշնամին հալածի իմ անձը և հասնի ինձ. իմ կյանքը կոխոտի գետնի վրա և իմ փառքը բնակեցնի հողի մեջ։ (Սելա)։

6. Վե՛ր կաց, ո՜վ Տեր, քո բարկությամբ, բարձրացի՛ր իմ թշնամիների կատաղության դեմ և արթնացի՛ր ինձ համար. դու սահմանեցիր իրավունքը։

7. Ազգերի ժողովը թող շրջապատի քեզ, և նրանց վրա իշխի՛ր բարձունքներից։

8. Տերը դատաստան է անում ազգերի վրա. դատի՛ր ինձ, Տե՛ր, իմ արդարության և իմ անմեղության համեմատ, որ կա ինձանում։

9. Թող վերջանա ամբարիշտների չարությունը, և հաստատի՛ր արդարին, որովհետև դու, ո՛վ արդար Աստված, սրտեր ու մտքեր քննող ես։

10. Իմ վահանն Աստված է, որ փրկում է սրտով ուղիղներին։

11. Աստված արդար դատավոր է, և Աստված ամեն օր բարկանում է ամբարիշտի վրա.

12. Եթե մարդը ետ չդառնա, նա պիտի սրի իր սուրը. իր աղեղը լարել է և պատրաստել,

13. Մահվան գործիքներ է պատրաստել նրա համար և պատրաստ է պահել իր հրավառ նետերը։

14. Ահա նա անօրենություն է երկնում. հղացած է չարությամբ և խաբեություն է ծնում։

15. Հոր փորեց և խորացրեց, բայց ինքն ընկավ իր շինած հորի մեջ։

16. Նրա չարությունը պիտի իր գլխին գա. նրա անիրավությունը իր գագաթի վրա պիտի իջնի։

17. Ես պիտի փառաբանեմ Տիրոջը իր արդարության համար և սաղմոս ասեմ Բարձրյալ Տիրոջ անվանը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 8

1. Ո՜վ Տեր, մեր Տերը, ի՜նչ վեհաշուք է քո անունն ամբողջ երկրի վրա, որ քո փառքը երկնքից վեր դրեցիր։

2. Երեխաների և կաթնակերների բերանով զորությունդ հաստատեցիր քո թշնամիների դեմ, որ լռեցնես թշնամուն և վրեժխնդիր լինողին։

3. Երբ որ տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը՝ լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր,

4. Էլ ի՞նչ է մարդը, որ դու հիշում ես նրան, և մարդու որդին, որ խնամք ես տանում նրա նկատմամբ.

5. Նրան մի քիչ ցածրացրիր երկնային էակներից,* բայց փառքով ու պատվով պսակեցիր նրան։

6. Դու իշխան կարգեցիր նրան քո ձեռքի գործերի վրա. ամեն բան դրեցիր նրա ոտքերի տակ՝

7. Բոլոր ոչխարներն ու եզները, նաև վայրի գազանները,

8. Երկնքի թռչուններն ու ծովի ձկները, և ինչ որ անցնում է ծովի ճանապարհներով։

9. Ո՜վ Տեր, մեր Տերը, ի՜նչ վեհաշուք է քո անունն ամբողջ երկրի վրա։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 9

1. Ես պիտի փառաբանեմ քեզ, Տե՛ր, իմ ամբողջ սրտով. պիտի հռչակեմ քո բոլոր սքանչելիքները։

2. Պիտի ուրախ լինեմ ու ցնծամ քեզնով, պիտի սաղմոս երգեմ քո անվանը, ո՛վ Բարձրյալ։

3. Իմ թշնամիները ետ դառնալիս կործանվում և կորչում են քո առջևից,

4. Որովհետև դու արեցիր իմ դատաստանն ու իրավունքը. դու նստեցիր աթոռի վրա, ո՛վ արդար դատավոր։

5. Դու սաստեցիր հեթանոսներին և կորցրիր ամբարիշտին. նրանց անունը ջնջեցիր հավիտյանս հավիտենից։

6. Թշնամիները վերջացան բոլորովին, դարձան հավիտենական ավերակներ, և դու քանդեցիր նրանց քաղաքները, նրանց հիշատակը կորավ նրանց հետ։

7. Բայց Տերը կա հավիտյանս հավիտենից. նա իր աթոռը պատրաստեց դատաստանի համար։

8. Նա արդարությամբ կդատի այս աշխարհը և ազգերի իրավունքի ուղիղ դատաստանը կանի։

9. Տերն ապավեն է խեղճին, ապավեն՝ նեղության ժամանակներում։

10. Եվ քեզ պիտի հուսան քո անունը ճանաչողները, որովհետև դու չես լքում քեզ փնտրողներին, Տե՛ր։

11. Սաղմո՛ս երգեցեք Տիրոջը, որ բնակվում է Սիոնում, պատմեցե՛ք նրա գործերը ժողովուրդների մեջ,

12. Որովհետև արյան վրեժխնդիրը հիշեց նրանց, նա չմոռացավ խեղճերի աղաղակը։

13. Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, և տե՛ս իմ տառապանքը, որ իմ ատողներից է, դու, որ մահվան դռնից բարձրացնում ես ինձ,

14. Որպեսզի Սիոնի աղջկա* դռների մեջ պատմեմ քո բոլոր օրհնությունները և քո փրկությամբ ցնծամ։

15. Հեթանոսները կուլ գնացին այն հորի մեջ, որ փորեցին, և նրանց ոտքերը փաթաթվեցին այն վարմի մեջ, որ թաքցրին։

16. Տերը հայտնի դարձավ, նա դատաստան արեց. ամբարիշտը բռնվեց իր ձեռքի գործերում։ (Հիկկայոն. Սելա)։

17. Ամբարիշտները պիտի ետ դառնան դժոխք, և բոլոր ազգերը, որ մոռանում են Աստծուն։

18. Որովհետև չքավորն իսպառ չի մոռացվի, և խեղճի հույսը չի կորչի հավիտյան։

19. Վե՛ր կաց, Տե՛ր, և թող չզորանա մարդը. թող հեթանոսները դատվեն քո առաջ։

20. Տե՛ր, ահ ու վա՛խ դիր նրանց մեջ. թող հեթանոսներն իմանան, որ մարդիկ են։ (Սելա)։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 10

1. * Ո՜վ Տեր, ինչո՞ւ ես հեռու մնում և քեզ թաքցնում նեղության ժամանակներում։

2. Ամբարիշտի ամբարտավանությունից այրվում է աղքատը. թող բռնվեն այն չար խորհուրդներով, որ իրենք հնարեցին։

3. Որովհետև ամբարիշտը պարծենում է իր սրտի ցանկությամբ, ագահն անիծում և անարգում է Տիրոջը։

4. Ամբարիշտն իր երեսի ամբարտավանությամբ երբեք չի փնտրում Աստծուն. Աստված չկա նրա բոլոր խորհուրդներում։

5. Նրա ճանապարհները ծանր են ամեն ժամանակ. քո կանոնները վեր են նրա տեսողությունից. նա փքվում է իր բոլոր թշնամիների վրա։

6. Նա ասում է իր սրտում. «Ես չեմ սասանվի սերնդից սերունդ, չար բան չի գա ինձ վրա»։

7. Նրա բերանը լիքն է անեծքով, նենգությամբ և սպառնալիքով, նրա լեզվի տակ նեղություն կա և անօրենություն։

8. Նա գյուղերի դարանն է մտնում, ծածուկ տեղում սպանում է անմեղին, նրա աչքերը ծածուկ նայում են խեղճին։

9. Թաքուն տեղում դարանամուտ է լինում, ինչպես առյուծն իր որջում. դարան է մտնում, որ աղքատին հափշտակի, և հափշտակում է աղքատին՝ իր որոգայթի մեջ գցելով նրան։

10. Կուչ է գալիս, պառկում, և խեղճերն ընկնում են նրա ճանկերի տակ։

11. Նա ասում է իր սրտում. «Աստված մոռացավ, թաքցրեց իր երեսը, նա բնավ չի տեսնի»։

12. Վե՛ր կաց, Տե՛ր, ո՜վ Աստված, բարձրացրո՛ւ քո ձեռքը, մի՛ մոռացիր նեղյալներին։

13. Ինչո՞ւ ամբարիշտն անարգի Աստծուն և իր սրտում ասի. «Դու չես քննի»։

14. Դու տեսնում ես, որովհետև դու նայում ես այն ցավին ու նեղությանը, որոնց համար պիտի հատուցես քո ձեռքով. աղքատն իրեն հանձնում է քեզ. դու ես որբի օգնականը։

15. Կոտրի՛ր ամբարիշտի և չարի բազուկը, որ նրա չարությունը փնտրես և էլ չգտնես։

16. Տերն է թագավորը հավիտյանս հավիտենից, հեթանոսները կորել են նրա երկրից։

17. Դու լսում ես աղքատների ցանկությունը, Տե՛ր. հաստատի՛ր նրանց սիրտը և ակա՛նջ դիր,

18. Որ դատաստան անես որբի և խեղճի համար, որ մարդը, որ հողից է, այլևս չհալածի նրանց։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 11

1. Տիրոջն ապավինեցի. էլ ինչպե՞ս եք ասում իմ անձին, թե՝ «Թռչունի պես ձեր սարե՛րը փախիր»։

2. Որովհետև ահա ամբարիշտներն աղեղ են լարում և իրենց նետերն են պատրաստում լարի վրա, որ խավարում խփեն նրանց, ովքեր ուղիղ են սրտով։

3. Եթե հիմքերը քանդվեն, արդարն ի՞նչ պիտի անի։

4. Տերն իր սուրբ տաճարում է, Տիրոջ գահը երկնքում է, նրա աչքերը տեսնում են, նրա հայացքը քննում է մարդկանց որդիներին։

5. Տերը քննում է արդարին, բայց նրա անձն ատում է ամբարիշտին և բռնություն սիրողին։

6. Նա որոգայթներ, կրակ և ծծումբ կտեղա ամբարիշտների վրա, և նրանց բաժակի բաժինը այրող մրրիկ կլինի,

7. Որովհետև Տերն արդար է և արդարություն է սիրում. ուղիղները կտեսնեն նրա երեսը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 12

1. Փրկի՛ր, Տե՛ր, որովհետև հավատարիմ մեկը չմնաց, որովհետև հավատացյալները վերացան մարդկանց որդիների միջից։

2. Ամեն մարդ զուր բան է խոսում իր ընկերոջ հետ. շողոքորթ շրթունքներով և կեղծ սրտով են խոսում։

3. Տերը կկտրի բոլոր շողոքորթող շրթունքները և մեծախոս լեզուները,

4. Որոնք ասում են. «Մենք զորավոր ենք մեր լեզուներով, մեր շրթունքները մեզ հետ են. ո՞վ է մեզ վրա տիրողը»։

5. «Խեղճերի նեղության և չքավորների հառաչանքների համար հենց հիմա պիտի վեր կենամ,- ասում է Տերը,- փրկության մեջ պիտի դնեմ նրան, ով փափագում է այն»։

6. Տիրոջ խոսքերը մաքուր խոսքեր են, ինչպես այն արծաթը, որ հողե բովի մեջ մաքրված է և յոթ անգամ զտված։

7. Դու, Տե՛ր, կպահես նրանց և նրանց հավիտյան կպաշտպանես այս ազգից։

8. Ամբարիշտները ման են գալիս ամեն կողմ, երբ մարդկանց որդիների մեջ բարձրանում են անարգները։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 13

1. Ո՜վ Տեր, մինչև ե՞րբ ես մոռանալու ինձ բոլորովին, մինչև ե՞րբ ես թաքցնելու քո երեսն ինձնից։

2. Մինչև ե՞րբ պիտի հոգս անեմ իմ հոգում և ամբողջ օրը տրտմություն ունենամ իմ սրտում. մինչև ե՞րբ պիտի ինձ վրա բարձրանա իմ թշնամին։

3. Նայի՛ր, պատասխա՛ն տուր ինձ, ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, լուսավորի՛ր իմ աչքերը, որ չննջեմ մահվան մեջ։

4. Որ իմ թշնամին չասի. «Ես հաղթեցի նրան», և կամ չցնծան իմ հակառակորդները, թե սասանվեցի իմ տեղից։

5. Բայց ես հույսս դրել եմ քո ողորմության վրա. իմ սիրտը պիտի ցնծա քո փրկությամբ։

6. Ես պիտի երգեմ Տիրոջը, որ բարություն արեց ինձ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 14

1. Անզգամն իր սրտում ասաց. «Աստված չկա». նրանք ապականվեցին և գարշելի եղան իրենց գործերով. ոչ մեկը չկա, որ բարի գործ անի։

2. Տերը երկնքից նայում է մարդկանց որդիներին, որ տեսնի, թե կլինի՞ արդյոք մի իմաստուն, որ Աստծուն փնտրի։

3. Բոլորը խոտորվեցին և միասին անպիտան դարձան. բարի գործող չկա, մեկն էլ չկա։

4. Մի՞թե բոլոր անօրենություն գործողները չեն իմանում, որ ուտում են իմ ժողովրդին, ինչպես հացն են ուտում, և չեն կանչում Տիրոջը։

5. Այնտեղ սարսում են վախից, որովհետև Տերն արդարների սերնդի մեջ է։

6. Ձախողում եք աղքատի խորհուրդը, բայց Տերը նրա հույսն է։

7. Օ՜, թե Սիոնից գար Իսրայելի փրկությունը. երբ որ Տերն իր ժողովրդին վերադարձնի գերությունից, Հակոբը կցնծա, և Իսրայելն ուրախ կլինի։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 15

1. Տե՛ր, ո՞վ կկենա քո վրանում, և ո՞վ կբնակվի քո սուրբ լեռան վրա։

2. Նա, ով անբիծ է ապրում, արդարություն է գործում և ճշմարտություն է խոսում իր սրտում։

3. Նա, ով իր լեզվով չի չարախոսում և չար բան չի անում իր ընկերոջը և նախատինք չի գցում իր դրացու վրա։

4. Նա, ում աչքերի առաջ անարգված է չարագործը, բայց պատիվ է տալիս Տիրոջից վախ ունեցողներին, ով երդում է տալիս ընկերոջը և չի փոփոխվում,

5. Ով իր արծաթը չի տալիս վարձով և անմեղի դեմ վկայելու կաշառք չի առնում։Ով որ այս անի, հավիտյան չի սասանվի տեղից։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 16

1. Պահի՛ր ինձ, ո՜վ Աստված, որովհետև քեզ եմ ապավինել։

2. Տիրոջն ասացի. «Դու ես իմ Տերը. առանց քեզ բարիք չունեմ»։

3. Երկրի մեծափառ սրբերի վրա է իմ ամբողջ հաճությունը։

4. Պիտի շատանան նրանց ցավերը, որոնք վազում են օտար աստծու հետևից. ես թափված արյան ընծաներ չեմ մատուցի և ոչ էլ նրանց անունները կառնեմ իմ շրթունքների վրա։

5. Տերն է իմ ժառանգության և իմ բաժակի բաժինը. դու հաստատ ես պահում իմ բաժինը։

6. Ինձ վիճակ ընկավ ցանկալի տեղանքը, և այս ժառանգությունը հաճելի է ինձ։

7. Ես պիտի փառաբանեմ Տիրոջը, որ խրատ է տալիս ինձ, և գիշերն էլ հորդորում է ինձ իմ սիրտը։

8. Ես ամեն ժամանակ Տիրոջը դրեցի իմ առջև, որովհետև նա իմ աջ կողմում է. ես չեմ սասանվի։

9. Իմ սիրտն ուրախ է դրա համար, և ցնծում է իմ անձը. և մարմինս էլ հույսով պիտի հանգստանա,

10. Որովհետև իմ անձը չես թողնի գերեզմանում և քո հավատարիմին ապականություն տեսնել չես տա։

11. Դու ճանաչեցնում ես ինձ կյանքի ճանապարհը. քո առաջ ուրախությունների լիություն կա, և քո աջ կողմը՝ քաղցրություններ՝ հավիտյան։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 17

1. Ո՜վ Տեր, լսի՛ր արդար դատը, ակա՛նջ դիր աղաղակիս և ունկնդրի՛ր իմ աղոթքը, որ նենգ շրթունքներից չէ։

2. Իմ դատաստանը թող քեզնից գա. քո աչքերը թող տեսնեն ուղղամտությունը։

3. Դու փորձեցիր իմ սիրտը և քննեցիր գիշերվա մեջ. դու կրակով հալեցիր ինձ և անիրավություն չգտար ինձանում. ես իմ մտքում դրել եմ, որ իմ բերանը օրինազանց չլինի։

4. Մարդկանց գործերի մեջ, ըստ քո շուրթերի խոսքի, զգույշ եմ մնում բռնություն գործող մարդկանց ճանապարհներից։

5. Հաստատի՛ր իմ քայլերը քո ճանապարհի մեջ, որ իմ ոտքերը չսայթաքեն։

6. Ես կանչում եմ քեզ, որ դու լսես ինձ, ո՜վ Աստված, ականջդ դարձրո՛ւ դեպի ինձ, լսի՛ր իմ խոսքերը։

7. Ցո՛ւյց տուր քո մեծ սերը, դու, որ քո աջով փրկում ես քեզ ապավինողներին իրենց թշնամիներից։

8. Պահի՛ր ինձ աչքի բբի պես և քո թևերի շուքի տակ ծածկի՛ր ինձ

9. Այն ամբարիշտներից, որոնք տառապանք են տալիս ինձ, իմ անձի թշնամիներից, որոնք չորս կողմից պաշարում են ինձ։

10. Նրանք փակում են իրենց պարարտ սիրտը և իրենց բերանով ամբարտավանությամբ են խոսում։

11. Հիմա մեր ընթացքի չորս կողմից շրջապատում են մեզ և հառել են իրենց աչքերը՝ մեզ գետին գցելու համար։

12. Նրանք նման են առյուծի, որ ցանկանում է հոշոտել, և առյուծի ձագի, որ դարան է նստել։

13. Վե՛ր կաց, Տե՛ր, ա՛ռ նրա առաջը, գետի՛ն գցիր նրան և ամբարիշտների ձեռքից ինձ ազատի՛ր քո սրով։

14. Քո ձեռքով, ո՜վ Տեր, փրկի՛ր մարդկանցից, այս աշխարհի մարդկանցից, որոնց բաժինն այս կյանքում է. նրանց փորը լցնում ես գանձերով, և նրանց որդիներն էլ են կշտացած և մնացածը թողնում են իրենց երեխաներին։

15. Իսկ ես արդարությամբ պիտի տեսնեմ քո երեսը, և երբ արթնանամ, պիտի կշտանամ քո կերպարանքից։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 18

1. Սրտանց սիրում եմ քեզ, ո՜վ Տեր, իմ զորությո՛ւն։

2. Տե՛ր, իմ վե՛մ և իմ ամրո՛ց և իմ ազատարա՛ր. իմ Աստվա՛ծ, իմ վե՛մ, որտեղ ապաստան եմ գտնում։ Ո՛վ իմ վահան և իմ փրկությա՛ն եղջյուր. նա իմ ապավենն է։

3. Ես օրհներգությամբ կանչեցի Տիրոջը և պիտի փրկվեմ իմ թշնամիներից։

4. Մահվան լարերը շրջապատեցին ինձ, և կորստյան վտակները սարսափեցրին ինձ։

5. Գերեզմանի ցավերը պատեցին ինձ, մահվան որոգայթները իմ դիմաց ելան։

6. Իմ նեղության մեջ ես կանչեցի Տիրոջը և իմ Աստծուն աղաղակեցի. նա լսեց իմ ձայնն իր տաճարից, և իմ աղաղակը հասավ նրա առաջ՝ նրա ականջին։

7. Այն ժամանակ երկիրը դողաց և սասանվեց, և ցնցվեցին լեռների հիմքերն ու դողացին, որովհետև նա բարկացավ։

8. Ծուխ դուրս եկավ նրա քթից, և ոչնչացնող կրակ՝ նրա բերանից. կայծակներ փայլատակեցին նրանից։

9. Նա խոնարհեցրեց երկինքը և վայր իջավ, և մառախուղ կար նրա ոտքերի տակ։

10. Նա հեծավ քերովբեի վրա ու թռավ և սլացավ քամու թևերի վրա։

11. Նա խավարը ծածկույթ դրեց իր վրա. խավարի ջրերը և երկնքի ամպերը վրան դարձան նրա չորս կողմով։

12. Նրա առջև փայլող լույսից նրա ամպերն անցան, դարձան կարկուտ և կրակի կայծակներ։

13. Տերը որոտաց երկնքում, և Բարձրյալն իր ձայնը տվեց կարկուտով ու կրակի կայծակներով։

14. Նա ուղարկեց իր նետերը և ցրեց նրանց, կայծակները գցեց և խուճապի մատնեց նրանց։

15. Երևացին ջրերի հատակները, և երկրի հիմքերը հայտնվեցին քո սաստելուց, Տե՛ր, քո բարկության հողմի փչելուց։

16. Նա վերևից ուղարկեց և բռնեց ինձ. նա առատ ջրերից հանեց ինձ։

17. Նա ազատեց ինձ իմ զորավոր թշնամուց և ինձ ատողներից, որոնք զորավոր էին ինձնից։

18. Իմ նեղության օրը նրանք կտրեցին իմ առջևը, բայց Տերը նեցուկ եղավ ինձ։

19. Ինձ հանեց լայնարձակ տեղ և ազատեց ինձ, որովհետև հավանեց ինձ։

20. Տերն ինձ հետ վարվեց իմ արդարության համեմատ և հատուցում է ինձ իմ ձեռքերի մաքրության համեմատ,

21. Որովհետև ես պահեցի Տիրոջ ճանապարհները և ամբարշտությամբ չհեռացա իմ Աստծուց։

22. Որովհետև նրա բոլոր դատաստաններն իմ առջև են, և ես նրա կանոնները չեմ հեռացնում ինձնից։

23. Ես անբիծ եմ նրա առաջ և զգուշանում եմ իմ անօրենությունից,

24. Ուստի Տերը հատուցում է ինձ իմ արդարության համեմատ, իմ ձեռքի մաքրության համեմատ, որ նրա աչքի առաջ է։

25. Հավատարիմի հետ հավատարիմ ես և անբիծ ես անբիծի հետ։

26. Մաքուրի հետ մաքուր ես և խոտորի հետ՝ խոտոր,

27. Որովհետև դու ազատում ես աղքատ ժողովրդին և խոնարհեցնում ես ամբարտավան աչքերը։

28. Որովհետև դու լուսավորում ես իմ ճրագը. Տեր Աստված լուսավոր է դարձնում իմ խավարը,

29. Որովհետև քեզնով արշավում եմ զորքի վրա և իմ Աստծով անցնում պարսպի վրայից։

30. Աստծու ճանապարհն անբիծ է, Տիրոջ խոսքը մաքրված է կրակով. նա վահանն է բոլոր նրանց, ովքեր իրենց հույսը նրա վրա են դրել,

31. Որովհետև Տիրոջից բացի ո՞վ է Աստված, և ո՞վ է վեմ մեր Աստծուց բացի.

32. Այն Աստվածը, որ զորություն է հագցնում ինձ և անբիծ է դարձնում իմ ճանապարհը,

33. Նա, որ իմ ոտքերը դարձնում է եղջերուների ոտքերի նման և ինձ կանգնեցնում է բարձր տեղերում։

34. Նա վարժեցնում է իմ ձեռքը պատերազմելու, որ իմ բազուկները պղնձե աղեղ լարեն։

35. Տալիս ես ինձ քո փրկության վահանը. քո աջը զորավիգ է ինձ, և քո քաղցրությունը մեծացնում է ինձ։

36. Դու լայնարձակ ես դարձնում ընթացքս իմ ոտքերի տակ, և իմ ոտքերը չեն սահում։

37. Ես կհալածեմ իմ թշնամիներին և կհասնեմ նրանց և հետ չեմ դառնա, մինչև որ չոչնչանան։

38. Ես գետնին կզարկեմ նրանց այնպես, որ չկարողանան վեր կենալ. նրանք կընկնեն իմ ոտքերի տակ։

39. Դու զորությամբ գոտեպնդում ես ինձ պատերազմի համար և իմ դեմ վեր կացածներին գցում ես իմ ոտքերի տակ։

40. Դու իմ թշնամիներին հալածական ես դարձնում, և ես կոչնչացնեմ ինձ ատողներին։

41. Նրանք օգնության են կանչում, բայց փրկող չկա, աղաղակում են Տիրոջը, բայց նա չի պատասխանում։

42. Ես կփշրեմ նրանց, ինչպես փոշին՝ քամու առաջ, նրանց դուրս կթափեմ, ինչպես փողոցի ցեխը։

43. Դու ազատում ես ինձ ժողովրդի հակառակությունից, ինձ գլխավոր ես դնում հեթանոսների վրա. այն ժողովուրդը, որին ես չէի ճանաչում, ծառայում է ինձ։

44. Հենց միայն ականջով լսելով՝ հնազանդվեցին ինձ. օտարների որդիները քծնելով հպատակվեցին ինձ։

45. Օտարների որդիները թուլացան և սարսափած դուրս եկան իրենց ապաստարաններից։

46. Կենդանի է Տերը. օրհնյալ է իմ Վեմը, և թող բարձր լինի իմ փրկության Աստվածը։

47. Այն Աստվածը, որ իմ վրեժն է առնում և իմ ձեռքի ներքո հնազանդեցնում է ժողովուրդներին,

48. Որ փրկում է ինձ իմ թշնամիներից և ինձ բարձրացնում է նրանցից, ովքեր վեր կացան իմ դեմ. դու ազատում ես ինձ բռնացող մարդուց։

49. Դրա համար էլ, ո՜վ Տեր, պիտի փառաբանեմ քեզ հեթանոսների մեջ և սաղմոս պիտի ասեմ քո անվանը։

50. Նա իր թագավորին մեծ հաղթանակներ է տալիս և մեծ ողորմություն ցույց տվեց իր օծյալին՝ Դավթին, և նրա սերնդին՝ մինչև հավիտյան։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 19

1. Երկինքը պատմում է Աստծու փառքը, և երկնքի հաստատությունը հռչակում է նրա ձեռքի գործերը։

2. Օրը օրին խոսք է հաղորդում, և գիշերը գիշերին գիտություն է ցույց տալիս։

3. Զրույց չկա, և խոսքեր չկան. լսելի չէ նրանց ձայնը,

4. Բայց նրանց հնչյունը դուրս է գալիս ամեն երկիր, և նրանց խոսքը՝ մինչև աշխարհի ծայրերը. երկնքում արեգակի համար վրան կանգնեցրեց,

5. Որ փեսայի նման դուրս է գալիս իր առագաստից և հզոր մարդու պես ուրախանում է, որ գնա իր ճանապարհը։

6. Նրա ելքը երկնքի մի ծայրից է, և նրա ընթացքը՝ մինչև երկնքի մյուս ծայրը. և ոչինչ չի ծածկվում նրա տաքությունից։Տիրոջ օրենքը

7. Տիրոջ օրենքը կատարյալ է և նորոգում է հոգին. Տիրոջ պատվիրանը ճշմարիտ է և իմաստուն է դարձնում պարզամիտին։

8. Տիրոջ հրահանգներն ուղիղ են, ուրախացնում են սիրտը. Տիրոջ պատվերները մաքուր են, լուսավորում են աչքերը։

9. Տիրոջ վախը սուրբ է, մնում է հավիտյան. Տիրոջ դատաստանները ճշմարիտ են և լիովին արդար։

10. Դրանք ավելի ցանկալի են, քան ոսկին, քան թե մեծաքանակ զտված ոսկին, էլ ավելի քաղցր են, քան մեղրը և մեղրախորիսխը։

11. Քո ծառան էլ խրատվում է դրանցով, և շատ հատուցում կա դրանց պահպանության մեջ։

12. Ո՞վ կարող է իմանալ իր հանցանքները. իմ ծածուկ հանցանքներից էլ մաքրի՛ր ինձ։

13. Քո ծառային պահի՛ր ամբարտավան մեղքերից, որ իշխանություն չունենան ինձ վրա. այն ժամանակ անարատ կլինեմ և մաքուր կլինեմ մեծ անօրենությունից։

14. Թող քեզ ընդունելի լինեն իմ բերանի խոսքերը և սրտիս խորհուրդները, ո՜վ Տեր, իմ Վե՛մ և իմ Փրկի՛չ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 20

1. Տերը թող պատասխան տա քեզ նեղության օրը, և Հակոբի Աստծու անունը պաշտպանի քեզ։

2. Թող նա քեզ օգնություն ուղարկի սրբարանից և Սիոնից զորացնի քեզ։

3. Թող նա հիշի քո բոլոր ընծաները և ընդունի քո ողջակեզները։ (Սելա)

4. Թող նա քո սրտի ուզածի պես քեզ տա և կատարի քո բոլոր խորհուրդները։

5. Թող ցնծանք քո փրկությամբ և դրոշակ բարձրացնենք մեր Աստծու անունով. թող Տերը կատարի քո բոլոր խնդրանքները։

6. Հիմա իմացա, որ Տերը փրկում է իր օծյալին և լսում է նրան իր սուրբ երկնքից՝ իր աջի փրկության զորությամբ։

7. Ոմանք կառքերին և ոմանք էլ ձիերին են ապավինում, բայց մենք պիտի ապավինենք մեր Տեր Աստծու անվանը։

8. Նրանք թեքվեցին և ցած ընկան, բայց մենք վեր կացանք և կանգնեցինք։

9. Տե՛ր, փրկի՛ր թագավորին և լսի՛ր մեզ, երբ կանչենք։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 21

1. Ո՜վ Տեր, քո զորությամբ ուրախ է թագավորը, և որքա՜ն է ցնծում նա քո փրկությամբ։

2. Դու տվեցիր նրան իր սրտի փափագը և նրա շրթունքների խնդրանքը չարգելեցիր նրան։ (Սելա)։

3. Որովհետև դու բարի օրհնություններ ես բերում նրա առաջ և մաքուր ոսկե պսակ ես դնում նրա գլխին։

4. Նա կյանք խնդրեց քեզնից, և դու նրան երկար օրեր տվեցիր հավիտյանս հավիտենից։

5. Մեծ է նրա փառքը քո փրկությամբ. փառք ու պատիվ ես դնում նրա վրա,

6. Որովհետև դու նրան հավիտենական օրհնություն տվեցիր. նրան ուրախացրիր քո ուրախությամբ,

7. Որովհետև թագավորը Տիրոջն է հուսացել և Բարձրյալի ողորմությամբ չպիտի սասանվի։

8. Քո ձեռքը կգտնի քո բոլոր թշնամիներին, և քո աջը կգտնի քեզ ատողներին։

9. Երբ երևաս, դու նրանց կդարձնես վառված մի փուռ. Տերն իր բարկության ժամանակ պիտի կուլ տա նրանց, և կրակը պիտի ուտի նրանց։

10. Նրանց զավակին կկորցնես երկրից և նրանց սերունդը՝ մարդկանց որդիներից,

11. Որովհետև նրանք չարիք խորհեցին քո դեմ, նենգ խորհուրդներ հնարեցին, բայց չպիտի հաջողեն։

12. Որովհետև դու թիկունք դարձնել կտաս նրանց, երբ քո աղեղի լարերը կքաշես նրանց երեսի դեմ։

13. Ո՜վ Տեր, բարձրացի՛ր քո զորությամբ, և մենք պիտի երգենք ու փառաբանենք քո զորությունը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 22

1. Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ ես թողել ինձ. հեռու ես ինձ փրկելուց և իմ հառաչանքի խոսքերից։

2. Ո՛վ իմ Աստված, ես կանչում եմ ցերեկը, բայց դու չես պատասխանում, և գիշերն էլ, բայց հանգստություն չկա ինձ համար։

3. Բայց դու սուրբ ես, ո՛վ բնակվողդ Իսրայելի գովասանությունների մեջ։

4. Մեր հայրերը վստահեցին քեզ. նրանք հուսացին, և դու ազատեցիր նրանց։

5. Քեզ աղաղակեցին և ազատվեցին, հույս դրեցին քեզ վրա և չամաչեցին։

6. Իսկ ես որդ եմ, ոչ թե մարդ, մարդկանց նախատինք և ժողովրդի անարգանք։

7. Բոլոր ինձ տեսնողները ծաղրում են ինձ, բացում են իրենց շրթունքները և իրենց գլուխը շարժում։

8. Ասում են. «Նա հուսաց Տիրոջը. թող ազատի դրան, թող փրկի, որովհետև հավանել է դրան»։

9. Հիրավի, դու ես, որ հանել ես ինձ իմ մոր արգանդից, դու եղար իմ հույսը՝ մորս կրծքի վրա եղած ժամանակ։

10. Իմ մոր արգանդից ես հանձնված եմ քեզ, իմ մոր փորից դու ես իմ Աստվածը։

11. Մի՛ հեռացիր ինձնից, որովհետև մոտ է նեղությունը, որովհետև օգնող չկա։

12. Բազմաթիվ ցուլեր շրջապատեցին ինձ, և Բասանի ուժեղ եզները պաշարեցին ինձ։

13. Իրենց բերանը բաց արեցին ինձ վրա՝ հոշոտող և մռնչացող առյուծի նման։

14. Ես թափվեցի ջրի պես, և իմ բոլոր ոսկորները լուծվեցին. սիրտս իմ որովայնում հալած մոմի պես եղավ,

15. Զորությունս չորացավ խեցու պես, լեզուս կպած է քիմքիս, և դու մահվան հողի մեջ դրեցիր ինձ։

16. Որովհետև շները շրջապատեցին ինձ, և չարերի ամբոխը պաշարեց ինձ. ծակեցին իմ ձեռքերն ու ոտքերը։

17. Ես հաշվում եմ իմ բոլոր ոսկորները, իսկ նրանք նայում են ու դիտում ինձ։

18. Շորերս բաժանում են իրար մեջ և վիճակ են գցում պատմուճանիս վրա։

19. Բայց դու, ո՛վ իմ Տեր, մի՛ հեռացիր. ո՛վ իմ զորություն, շտապի՛ր ինձ օգնության։

20. Ազատի՛ր իմ անձը սրից և իմ կյանքը՝ շան զորությունից։

21. Փրկի՛ր ինձ առյուծի բերանից և վայրի ցլերի եղջյուրներից ու պատասխանի՛ր ինձ։Գովաբանության երգ

22. Ես քո անունը պատմելու եմ իմ եղբայրներին, բազմության մեջ օրհներգելու եմ քեզ։

23. Ո՛վ Տիրոջից վախեցողներ, օրհներգեցե՛ք նրան. ո՛վ Հակոբի բոլոր զավակներ, փառավորեցե՛ք նրան, և վախեցե՛ք նրանից, ո՛վ Իսրայելի բոլոր զավակներ։

24. Որովհետև նա չանարգեց և չարհամարհեց խեղճի խեղճությունը և իր երեսը չծածկեց նրանից. իսկ երբ նա աղաղակեց նրան, նա լսեց։

25. Քեզ օրհներգելու եմ մեծ բազմության մեջ, նրանից վախեցողների առաջ կատարելու եմ իմ ուխտը։

26. Թող աղքատներն ուտեն և կշտանան, թող Տիրոջն օրհներգեն նրան փնտրողները. ձեր սիրտը թող ապրի հավիտյան։

27. Երկրի բոլոր ծայրերը կհիշեն և Տիրոջը կդառնան. հեթանոսների բոլոր ազգերի տոհմերը կերկրպագեն քո առջև,

28. Որովհետև Տիրոջն է թագավորությունը, և նա է տիրում հեթանոսների վրա։

29. Երկրի բոլոր պարարտները կուտեն և երկրպագություն կմատուցեն, բոլոր հող իջնողները վայր կընկնեն նրա առաջ, որոնք չեն կարող իրենց անձը կենդանի պահել։

30. Գալիք սերունդները նրան պիտի ծառայեն. ապագա սերունդներին պիտի պատմվի Տիրոջ մասին։

31. Կգան և նրա արդարությունը կպատմեն այն ժողովրդին, որ ծնվելու է, թե՝ «Այս ամենը նա արեց»։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 23

1. Տերն է իմ հովիվը, և կարիք չեմ ունենալու։

2. Նա կանաչ մարգագետիններում է պառկեցնում ինձ և հանդարտ ջրերի մոտ է տանում ինձ։

3. Նա վերանորոգում է իմ հոգին, առաջնորդում է ինձ արդարության շավիղների մեջ՝ իր անվան համար։

4. Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ։

5. Դու սեղան ես պատրաստում իմ առջև՝ իմ թշնամիների դիմաց. դու իմ գլուխն օծում ես յուղով, իմ բաժակը լեփ-լեցուն է։

6. Այսպես բարիքը և ողորմությունը կգան իմ հետևից իմ կյանքի բոլոր օրերին, և Տիրոջ տանը կբնակվեմ ամբողջ կյանքիս ընթացքում։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 24

1. Տիրոջն են երկիրը և նրա լիությունը, աշխարհն ու նրա բնակիչները,

2. Որովհետև ինքը հիմնեց այն ծովերի վրա և հաստատեց այն գետերի վրա։

3. Ո՞վ պիտի գնա դեպի վեր՝ Տիրոջ լեռը, և ո՞վ պիտի կանգնի նրա սուրբ տեղում։

4. Նա, ով մաքուր է ձեռքով և սրտով անարատ. ով իր անձն անիրավության չի տալիս և չի երդվում նենգամտությամբ։

5. Նա օրհնություն կստանա Տիրոջից և իր փրկության Աստծուց՝ արդարություն։

6. Այս այն ազգն է, որ փնտրում է նրան, որ փնտրում է քո երեսը, ո՛վ Հակոբի Աստված։ (Սելա)։

7. Բարձրացրե՛ք, դարպասնե՛ր, ձեր գլուխները, և բարձրացրե՛ք, հավիտենակա՛ն դռներ, որ փառքի Թագավորը մտնի ներս։

8. Ո՞վ է այդ փառքի Թագավորը. Տերը՝ զորավոր և հզոր. Տերը՝ պատերազմի մեջ հզոր։

9. Բարձրացրե՛ք, դարպասնե՛ր, ձեր գլուխները, և բարձրացրե՛ք, հավիտենակա՛ն դռներ, որ փառքի Թագավորը ներս մտնի։

10. Ո՞վ է այդ փառքի Թագավորը. զորքերի Տերը. նա է փառքի Թագավորը։ (Սելա)։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 25

1. Ո՜վ Տեր, դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։

2. Աստվա՛ծ իմ, քեզ հուսացի, թող չամաչեմ. թող իմ թշնամիները չուրախանան ինձ վրա։

3. Բոլոր քեզ սպասողները թող չամաչեն, այլ պիտի ամաչեն զուր տեղը անօրենություն գործողները։

4. Ցո՛ւյց տուր ինձ, ո՜վ Տեր, քո ճանապարհները, սովորեցրո՛ւ ինձ քո գնալու ուղիները։

5. Առաջնորդի՛ր ինձ քո ճշմարտության մեջ և սովորեցրո՛ւ ինձ, որ դու ես իմ փրկության Աստվածը. քեզ եմ սպասել ամեն օր։

6. Հիշի՛ր, ո՜վ Տեր, քո գթությունն ու ողորմությունը, որովհետև դրանք հավիտենական են։

7. Մի՛ հիշիր իմ մանկության մեղքերը և իմ հանցանքները, այլ հիշի՛ր ինձ քո ողորմությամբ՝ ըստ քո բարության, ո՜վ Տեր։

8. Բարի և ուղիղ է Տերը. դրա համար էլ մեղավորներին սովորեցնում է ճանապարհը։

9. Հեզերին նա առաջնորդում է իրավունքի մեջ և իր ճանապարհը սովորեցնում է հեզերին։

10. Տիրոջ բոլոր ճանապարհները ողորմություն են և ճշմարտություն նրա ուխտն ու պատվիրանը պահողների համար։

11. Ո՜վ Տեր, քո անվան համար քավի՛ր իմ անօրենությունը, որ շատ է։

12. Ո՞վ է այն մարդը, որ վախենում է Տիրոջից. նա նրան պիտի սովորեցնի այն ճանապարհը, որ ընտրելու է։

13. Նրա անձը պիտի բնակվի բարության մեջ, և նրա սերունդը պիտի ժառանգի երկիրը։

14. Տիրոջ մտերմությունը նրանց հետ է, որոնք վախենում են նրանից, և իր ուխտը սովորեցնում է նրանց։

15. Իմ աչքերը միշտ Տիրոջն են նայում, որովհետև նա պիտի իմ ոտքերը հանի որոգայթից։

16. Նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ, քանզի մենակ և տառապյալ եմ ես։

17. Սրտիս նեղությունները շատ են. հանի՛ր ինձ իմ վշտերից։

18. Տե՛ս իմ տառապանքն ու իմ ցավը և ների՛ր իմ բոլոր մեղքերը։

19. Նայի՛ր իմ թշնամիներին. որքա՜ն շատ են և բուռն ատելությամբ ատում են ինձ։

20. Պահի՛ր իմ անձը և փրկի՛ր ինձ, թող որ չամաչեմ, որովհետև քեզ եմ ապավինել։

21. Թող անարատությունը և ուղղամտությունը պահեն ինձ, որովհետև քեզ եմ սպասում։

22. Ո՜վ Աստված, փրկի՛ր Իսրայելին իր բոլոր նեղություններից։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 26

1. Ո՜վ Տեր, արդար դա՛տ արա ինձ, որովհետև ես գնացի անարատությամբ և հուսացի Տիրոջը. ես չեմ սասանվելու։

2. Փորձի՛ր ինձ, Տե՛ր, և քննի՛ր ինձ. փորձի՛ր իմ միտքը և իմ սիրտը։

3. Որովհետև իմ աչքի առջև է քո ողորմությունը, և ես գնում եմ քո ճշմարտության մեջ։

4. Ես ունայն մարդկանց հետ չեմ նստում և չեմ ընկերանում կեղծավորների հետ։

5. Ես ատում եմ չարերի հավաքույթը. չեմ նստում ամբարիշտների հետ։

6. Ձեռքերս լվանում եմ անմեղությամբ և պտույտ եմ տալիս քո սեղանի շուրջը, ո՜վ Տեր,

7. Որ հնչեցնեմ գոհության երգը և պատմեմ քո բոլոր սքանչելիքները։

8. Ո՜վ Տեր, ես սիրում եմ քո բնակության տունը և քո փառքի բնակվելու տեղը։

9. Մի՛ կորցրու իմ անձը մեղավորների հետ և իմ կյանքը՝ արյունահեղ մարդկանց հետ,

10. Քանի որ նրանց ձեռքում անիրավություն կա, և նրանց աջը լցված է կաշառքով։

11. Բայց ես գնում եմ անարատությամբ. փրկի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ։

12. Իմ ոտքը կանգնած է պարկեշտության մեջ, և Տիրոջը պիտի օրհնեմ ժողովուրդների մեջ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 27

1. Տերն է իմ լույսը և իմ փրկությունը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց պիտի սարսափեմ։

2. Չարերը գալիս են իմ դեմ, որ իմ մարմինն ուտեն. իմ հակառակորդներն ու թշնամիները սահում և վայր են ընկնում։

3. Եթե զորաբանակ էլ գա իմ դեմ, իմ սիրտը չպիտի վախենա. եթե պատերազմ էլ վեր կենա իմ դեմ, ես դարձյալ կատարելապես վստահ կզգամ ինձ։

4. Մի բան եմ խնդրում Տիրոջից և շատ պիտի փափագեի այն, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերին, որ Տիրոջ գեղեցիկ վայելչությունը տեսնեմ և նրա տաճարի մեջ խորհրդածեմ։

5. Որովհետև չար օրը նա ինձ ծածկում է իր բնակարանում, նա թաքցնում է ինձ իր վրանի ծածուկ տեղում և ինձ բարձրացնում է վեմի վրա։

6. Հիմա իմ գլուխը պիտի բարձրանա իմ թշնամիների դեմ, որոնք կան իմ չորս կողմում, և նրա վրանի մեջ գոհության զոհեր պիտի մատուցեմ, պիտի երգեմ և սաղմոս ասեմ Տիրոջը։

7. Լսի՛ր, Տե՛ր, իմ ձայնը, երբ կանչեմ. ողորմի՛ր ինձ և պատասխա՛ն տուր ինձ։

8. Իմ սիրտը քեզ ասում է քո խոսքը. «Փնտրեցե՛ք իմ երեսը». ահա, Տե՛ր, ես էլ փնտրում եմ քո երեսը։

9. Մի՛ ծածկիր ինձնից քո երեսը, մի՛ մերժիր ծառայիդ քո բարկությամբ. դու ես իմ օգնությունը. մի՛ հեռացրու ինձ և մի՛ լքիր ինձ, ո՛վ իմ փրկության Աստված։

10. Թեկուզև հայրս ու մայրս լքեն ինձ, բայց ինձ ընդունում է Տերը։

11. Տե՛ր, սովորեցրո՛ւ ինձ քո ճանապարհը և առաջնորդի՛ր ինձ ուղիղ ճանապարհով՝ իմ թշնամիների պատճառով։

12. Մի՛ մատնիր ինձ իմ հակառակորդների կամքին, որովհետև սուտ վկաներ են կանգնում իմ դեմ, որ բռնություն փչեն։

13. Իսկ ես հաստատ հավատում եմ, որ պիտի տեսնեմ Տիրոջ բարությունը ողջերի երկրում։

14. Սպասի՛ր Տիրոջը. թող սիրտդ պինդ և զորավոր լինի, և սպասի՛ր Տիրոջը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 28

1. Տե՛ր, քեզ եմ կանչում. իմ Վե՛մ, լուռ մի՛ մնա իմ հանդեպ. չլինի թե դու ինձ համար լուռ մնաս, և ես նմանվեմ գերեզման իջնողներին։

2. Լսի՛ր իմ աղաչանքի ձայնը, երբ քեզ օգնության աղաղակ բարձրացնեմ, երբ իմ ձեռքը բարձրացնեմ դեպի քո ամենասուրբ տաճարը։

3. Մի՛ կորցրու ինձ ամբարիշտների հետ և անօրենություն գործողների հետ, որ խաղաղության մասին են խոսում իրենց ընկերների հետ, բայց չարություն կա նրանց սրտերում։

4. Հատուցի՛ր նրանց իրենց գործերի համեմատ և իրենց վարմունքի չարության համեմատ. իրենց ձեռքի գործերի պե՛ս հատուցիր նրանց. նրանց հատուցումը վերադարձրո՛ւ իրենց։

5. Որովհետև ուշադրություն չեն դարձնում Տիրոջ գործերին և նրա ձեռքի արածներին. նա պիտի կործանի նրանց և այլևս չպիտի շինի։

6. Օրհնյալ է Տերը, որ լսում է իմ աղաչանքի ձայնը։

7. Տերն է իմ զորությունը և իմ վահանը. իմ սիրտը նրան է հուսացել, և նա օգնեց ինձ. իմ սիրտը ցնծում է, և ես փառաբանում եմ նրան իմ օրհներգությամբ։

8. Տերն իր ժողովրդի զորությունն է. նա է փրկության զորավոր ամրոցն իր օծյալի համար։

9. Փրկի՛ր քո ժողովրդին և օրհնի՛ր քո ժառանգությունը, արածեցրո՛ւ նրանց և բարձրացրո՛ւ նրանց մինչև հավիտյան։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 29

1. Տվե՛ք Տիրոջը, ո՛վ Աստծու որդիներ, տվե՛ք Տիրոջը փառք և զորություն։

2. Տվե՛ք Տիրոջը իր անվան փառքը. երկրպագե՛ք Տիրոջը սրբության զարդարանքով։

3. Տիրոջ ձայնը ջրերի վրա է. փառքի Աստվածը որոտում է. Տերը որոտում է հորդառատ ջրերի վրա։

4. Տիրոջ ձայնը զորավոր է, Տիրոջ ձայնը փառավոր է։

5. Տիրոջ ձայնը փշրում է մայրիները, և Տերը փշրում է Լիբանանի մայրիները։

6. Եվ նա Լիբանանը վեր-վեր վազել է տալիս հորթի նման և Սարիոնը՝ վայրի ցուլի հորթի պես։

7. Տիրոջ ձայնը կրակի բոցեր է ճեղքում։

8. Տիրոջ ձայնը դողացնում է անապատը. Տերը դողացնում է Կադեսի անապատը։

9. Տիրոջ ձայնը ծնել է տալիս եղնիկներին և մերկացնում է ծմակները, և ամեն մեկը նրա տաճարում նրա փառքն է հռչակում։

10. Տերն իշխում է ջրհեղեղի վրա, և Տերը թագավորելու է հավիտյան։

11. Տերը զորություն կտա իր ժողովրդին. Տերը խաղաղությամբ կօրհնի իր ժողովրդին։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 30

1. Ես փառաբանում եմ քեզ, ո՜վ Տեր, որ ազատեցիր ինձ և իմ թշնամիներին չթողեցիր, որ ուրախանան ինձ վրա։

2. Ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, ես օգնության կանչեցի քեզ, և դու բժշկեցիր ինձ։

3. Տե՛ր, դու իմ անձը հանեցիր գերեզմանից և փոսն իջնողների միջից ինձ կենդանի պահեցիր։

4. Սաղմո՛ս երգեցեք Տիրոջը, ո՛վ նրա հավատարիմներ, և փառաբանեցե՛ք նրան՝ իր սրբությունը հիշելով,

5. Որովհետև նրա բարկությունն ակնթարթի չափ է, իսկ նրա բարեհաճությունը ամբողջ կյանքում է. գիշերը լաց կա, իսկ առավոտյան՝ ցնծություն։

6. Իմ հաջողության մեջ ես ասացի. «Իմ տեղից չպիտի սասանվեմ հավիտյան»։

7. Տե՛ր, քո բարեհաճությամբ հաստատուն դարձրիր իմ սարը, բայց երբ թաքցրիր երեսդ, ես խռովքի մատնվեցի։

8. Տե՛ր, քեզ եմ աղաղակում, Տիրոջն եմ աղաչում։

9. Ի՞նչ օգուտ կա իմ արյունից, եթե ես ընկնեմ գուբը. մի՞թե հողը պիտի փառաբանի քեզ և պատմի քո ճշմարտությունը։

10. Լսի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր ինձ. Տե՛ր, օգնակա՛ն եղիր ինձ։

11. Դու իմ սուգը ցնծության փոխեցիր. իմ քուրձը հանեցիր ինձնից և ուրախություն հագցրիր ինձ։

12. Դրա համար էլ թող իմ փառքը սաղմոս ասի քեզ և լուռ չմնա, ո՜վ Տեր իմ Աստված. հավիտյան պիտի փառաբանեմ քեզ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 31

1. Ո՜վ Տեր, ես քեզ եմ ապավինել, թող որ չամաչեմ հավիտյան. քո արդարությամբ ազատի՛ր ինձ։

2. Ականջդ դեպի ի՛նձ խոնարհիր, շուտով ազատի՛ր ինձ. զորավոր վե՛մ եղիր ինձ համար և ամուր տուն, որ փրկես ինձ,

3. Որովհետև դու ես իմ վեմը և ամրոցը. քո անվան համար առաջնորդի՛ր ինձ և հովանի՛ եղիր ինձ։

4. Հանի՛ր ինձ որոգայթից, որ գաղտնի լարեցին ինձ համար, քանզի դու ես իմ ապաստանը։

5. Քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին. դու փրկեցիր ինձ, ո՛վ Տեր, ճշմարի՛տ Աստված։

6. Ատում եմ նրանց, որ ունայն կուռքեր են պաշտում, բայց ես Տիրոջը հուսացի։

7. Պիտի ցնծամ և ուրախանամ քո ողորմությամբ, որովհետև տեսար իմ տառապանքը և իմ անձի նեղությունը ճանաչեցիր։

8. Ինձ չմատնեցիր թշնամու ձեռքը, այլ իմ ոտքերը կանգնեցրիր լայնարձակ տեղ։

9. Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև նեղության մեջ եմ. տրտմությամբ մաշվեցին իմ աչքը, իմ անձը և իմ մարմինը։

10. Որովհետև իմ կյանքը վերջացավ վշտով, և տարիներս՝ հառաչանքով. իմ զորությունը տկարացավ իմ թշվառությամբ, և մաշվեցին իմ ոսկորները։

11. Իմ բոլոր թշնամիների առաջ նախատվեցի, մանավանդ իմ դրացիների առաջ. ահ ու վախ եղա իմ բարեկամների համար. փողոցներում ինձ տեսնողները փախչում են ինձնից։

12. Սրտերից մոռացված եղա մեռածի պես. դարձել եմ կոտրած ամանի նման։

13. Որովհետև շատերի բամբասանքը լսեցի. ահ կա իմ չորս կողմը. երբ հավաքվում են իրար հետ, խորհուրդ են անում իմ դեմ, որ հոգիս առնեն։

14. Բայց ես հույսս դրել եմ քեզ վրա, ո՜վ Տեր. ասում եմ. «Դու ես իմ Աստվածը»։

15. Իմ ժամանակը քո ձեռքին է. ազատի՛ր ինձ իմ թշնամիների ձեռքից և ինձ հալածողներից։

16. Փայլեցրո՛ւ երեսդ քո ծառայի վրա. փրկի՛ր ինձ քո ողորմությամբ։

17. Տե՛ր, թող չամաչեմ, որովհետև քեզ եմ կանչում. թող ամաչեն ամբարիշտները և լռեն գերեզմանում,

18. Թող պապանձվեն սուտ շրթունքները, որոնք արդարի դեմ անամոթություն են խոսում գոռոզությամբ և անարգանքով։

19. Որքա՜ն մեծ է քո բարությունը, որ պահեցիր քեզնից երկյուղածների համար և անում ես նրանց համար, որոնք հուսացել են քեզ մարդկանց որդիների առջև։

20. Քո երեսի ծածկույթով ծածկում ես նրանց մարդկանց դավաճանությունից, թաքցնում ես քո պատսպարանի մեջ՝ լեզուների հակառակությունից։

21. Օրհնյա՜լ է Տերը, որ իր հրաշալի ողորմությունը ցույց տվեց ինձ մի ամուր քաղաքի մեջ։

22. Իսկ ես իմ շփոթության մեջ ասացի. «Ես դեն գցվեցի քո աչքի առաջից». բայց երբ ես օգնության աղաղակ բարձրացրի քեզ, դարձյալ լսեցիր աղերսանքիս ձայնը։

23. Սիրեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա բոլոր հավատարիմներ. Տերը պահում է հավատացյալներին և ավելին է հատուցում նրան, ով ամբարտավանություն է գործում։

24. Քա՛ջ եղեք, և թող զորանան ձեր սրտերը, դուք բոլորդ, որ հույս եք դրել Տիրոջ վրա։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 32

1. Երանի՜ նրան, ում անօրենությունը թողություն գտավ, և ում մեղքը ծածկվեց։

2. Երանի՜ այն մարդուն, որին Տերն անօրեն չի համարում, և նենգություն չկա նրա հոգու մեջ։

3. Երբ ես լուռ մնացի, ոսկորներս մաշվեցին ամեն օրվա հառաչելուց,

4. Որովհետև ցերեկ ու գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա. իմ թարմությունն ամռան չորություն դարձավ։ (Սելա)։

5. Ես մեղքս հայտնեցի քեզ և չծածկեցի անօրենությունս. ասացի. «Օրինազանցությունս խոստովանեմ Տիրոջը». և դու թողեցիր իմ մեղքի անօրենությունը։ (Սելա)։

6. Դրա համար էլ ամեն բարեպաշտ աղոթք պիտի անի քեզ՝ քեզ գտնելու ժամանակին. հիրավի, եթե շատ ջրերի հեղեղներ էլ ելնեն, չպիտի հասնեն նրան։

7. Դու ես իմ ապաստանը. նեղությունից կպահես ինձ. ազատության երգերով կշրջապատես ինձ։ (Սելա)։

8. «Կուսուցանեմ քեզ և կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որով պիտի գնաս. կխրատեմ քեզ, իմ աչքը քեզ վրա կլինի։

9. Մի՛ եղեք ձիու պես և ջորու նման, որոնք միտք չունեն, և նրանց կզակների մեջ սանձ ու պախուրց պետք է դնել, որ քեզ մոտենան»։

10. Շատ տանջանքներ կան ամբարիշտի համար, բայց նա, ով հույսը դրել է Տիրոջ վրա, ողորմությունը կշրջապատի նրան։

11. Ուրախացե՛ք Տիրոջով և ցնծացե՛ք, ո՛վ արդարներ, և ցնծությամբ աղաղակե՛ք բոլորդ, որ ուղիղ եք սրտով։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 33

1. Ցնծացե՛ք Տիրոջով, ո՛վ արդարներ. ուղիղներին վայելում է օրհներգությունը։

2. Փառաբանե՛ք Տիրոջը քնարով, տասը լար ունեցող քնարով սաղմո՛ս երգեցեք նրան։

3. Նոր ե՛րգ երգեցեք նրան. լա՛վ նվագեցեք լարավոր գործիքը՝ ցնծության բարձր աղաղակով։

4. Որովհետև արդար է Տիրոջ խոսքը, և նրա բոլոր գործերը հավատարմությամբ են։

5. Նա արդարություն և իրավունք է սիրում. երկիրը լիքն է Տիրոջ ողորմությամբ։

6. Տիրոջ խոսքով ստեղծվեց երկինքը, և նրա բերանի շնչով՝ երկնային բոլոր մարմինները։

7. Նա դեզի պես ժողովում է ծովի ջրերը և անդունդները դնում ամբարներում։

8. Թող Տիրոջից վախենա ողջ երկիրը, թող նրանից սարսափեն աշխարհի բոլոր բնակիչները։

9. Որովհետև նա ասաց, և եղավ. նա հրամայեց, և հաստատվեց։

10. Տերը ոչնչացնում է հեթանոսների խորհուրդները և խափանում է ժողովուրդների դիտավորությունները։

11. Բայց Տիրոջ խորհուրդը հաստատ է հավիտյան, նրա սրտի մտադրությունները՝ սերնդից սերունդ։

12. Երանի՜ այն ազգին, որի Աստվածը Տերն է, և այն ժողովրդին, որին նա իր համար ժառանգություն ընտրեց։

13. Տերը նայում է երկնքից. տեսնում է մարդկանց բոլոր որդիներին։

14. Իր բնակության վայրից դիտում է երկրի բոլոր բնակիչներին։

15. Նրանց բոլորի սիրտը ինքն ստեղծեց. նա հասկանում է նրանց բոլորի գործերը։

16. Թագավորը զորքի շատությամբ չի փրկվում, և ոչ էլ հսկան է ազատվում իր մեծ ուժով։

17. Ձին էլ սուտ է փրկության համար և իր մեծ զորությամբ չի ազատում։

18. Ահա Տիրոջ աչքն իրենից երկյուղածների վրա է և նրանց վրա է, որոնք սպասում են նրա ողորմությանը,

19. Որ նրանց անձերն ազատի մահից և կերակրի նրանց սովի ժամանակ։

20. Մեր անձը հույսով սպասում է Տիրոջը. նա է մեր օգնությունն ու վահանը։

21. Նրանով է ուրախանում մեր սիրտը, քանի որ մենք հույս ենք դրել նրա սուրբ անվան վրա։

22. Տե՛ր, թող քո ողորմությունը մեզ վրա լինի, ինչպես որ սպասում ենք քեզ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 34

1. Տիրոջը պիտի օրհնաբանեմ ամեն ժամանակ. նրա փառաբանությունը միշտ իմ բերանում պիտի լինի։

2. Իմ անձը պիտի պարծենա Տիրոջով, խեղճերը պիտի լսեն և ուրախանան։

3. Ինձ հետ մեծարեցե՛ք Տիրոջը, իրար հետ բարձրացնենք նրա անունը։

4. Ես դիմեցի Տիրոջը, և նա պատասխան տվեց ինձ և իմ ամեն սարսափից ազատեց ինձ։

5. Նրան նայեցին և լուսավորվեցին, և նրանց երեսը չպիտի ամաչի։

6. Այս աղքատն աղաղակեց, և Տերը լսեց ու փրկեց նրան իր բոլոր նեղություններից։

7. Տիրոջ հրեշտակը բանակ է դնում իրենից վախեցողների չորս կողմում և ազատում է նրանց։

8. Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, որ Տերը քաղցր է. երանելի է այն մարդը, որ ապավինել է նրան։

9. Վախեցե՛ք Տիրոջից, ո՛վ նրա սրբեր, որովհետև նրանից վախեցողների համար ոչինչ չի պակասի։

10. Առյուծի կորյունները կարիքի մեջ են և սոված, բայց Տիրոջը դիմողները ոչ մի բարիքի պակասություն չունեն։

11. Եկե՛ք, որդինե՛ր, լսեցե՛ք ինձ. ես Տիրոջ երկյուղը կսովորեցնեմ ձեզ։

12. Ո՞վ է այն մարդը, որ ուզում է կյանք ունենալ և լավ օրեր է ուզում բարություն տեսնելու համար.

13. Պահի՛ր քո լեզուն չարությունից և քո շրթունքները, որ նենգություն չխոսեն։

14. Հեռացի՛ր չարից և բարի՛ն գործիր. խաղաղությո՛ւն փնտրիր և գնա՛ նրա ետևից։

15. Տիրոջ աչքերն արդարների վրա են, և նրա ականջները՝ նրանց աղաղակի ձայնին։

16. Տիրոջ երեսը չարագործների դեմ է՝ նրանց հիշատակը երկրից ջնջելու համար։

17. Արդարներն աղաղակում են, և Տերը լսում է ու նրանց փրկում է իրենց բոլոր նեղություններից։

18. Տերը մոտիկ է սիրտը կոտրվածներին և փրկում է վշտաբեկ հոգիներին։

19. Արդարի նեղությունները շատ են, բայց Տերն այդ բոլորից ազատում է նրան։

20. Տերը պահում է նրա բոլոր ոսկորները, որ նրանցից ոչ մեկն էլ չկոտրվի։

21. Չարությունը կսպանի ամբարիշտին, և արդարին ատողները կդատապարտվեն։

22. Տերը փրկում է իր ծառաների անձը, և բոլոր նրան ապավինողները չեն դատապարտվի։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 35

1. Հակառակվի՛ր, Տե՛ր, ինձ հակառակվողներին և կռվի՛ր ինձ հետ կռվողների դեմ։

2. Զենք ու վահա՛ն առ և վե՛ր կաց ինձ օգնելու համար։

3. Հանի՛ր գեղարդը և փակի՛ր ճանապարհն ինձ հալածողների դեմ. ասա՛ իմ անձին. «Քո փրկությունը ես եմ»։

4. Թող ամաչեն և ամոթահար լինեն իմ մահը կամեցողները. թող հետ դառնան և ամոթով մնան իմ դեմ չար խորհողները։

5. Թող քամու առաջ մղեղի պես լինեն նրանք, և Տիրոջ հրեշտակը հալածի նրանց։

6. Նրանց ճանապարհը թող խավար լինի և սայթաքուն, և Տիրոջ հրեշտակը նեղի նրանց։

7. Որովհետև զուր տեղը որոգայթ լարեցին ինձ բռնելու համար, զուր տեղը փոս փորեցին իմ անձի համար։

8. Թող հանկարծակի ավերում հասնի նրան. իր լարած որոգայթը բռնի իրեն. թող ավերումով ընկնի նրա մեջ։

9. Բայց իմ անձը պիտի ցնծա Տիրոջով և ուրախանա նրա փրկությամբ։

10. Իմ բոլոր ոսկորները պիտի ասեն. «Տե՛ր, ո՞վ է քեզ նման. դու փրկում ես աղքատին իրենից զորավորից, իսկ տնանկին ու աղքատին՝ իրենց հափշտակողից»։

11. Անգութ վկաներ են վեր կենում, իմ չիմացածը հարցնում են ինձնից։

12. Չար են հատուցում ինձ բարու փոխարեն՝ իմ անձն անմխիթար թողնելով։

13. Բայց ես քուրձ էի հագնում նրանց հիվանդանալու ժամանակ. իմ անձը չարչարում էի ծոմով, բայց իմ աղոթքն իմ ծոցն էր վերադառնում։

14. Ես նրանց հետ վարվում էի, ինչպես իմ բարեկամի և իմ եղբոր հետ, և տրտմությամբ խոնարհվում էի իր մոր համար սուգ անողի նման։

15. Սակայն երբ ես սայթաքում եմ, նրանք ուրախանում են և հավաքվում. հավաքվում են իմ դեմ, որ խոցեն ինձ, և ես չգիտեի. հայհոյում են ու չեն դադարում։

16. Խնջույքի նվաստ ծաղրածուների հետ իրենց ատամներն են կրճտացնում ինձ վրա։

17. Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի նայես. իմ անձն ազատի՛ր նրանց մեծ վնասից, միայնակ հոգիս՝ առյուծի կորյուններից։

18. Պիտի գովերգեմ քեզ, Տե՛ր, մեծ բազմության մեջ և պիտի փառաբանեմ քեզ շատ ժողովրդի մեջ։

19. Թող չչարախնդան ինձ վրա զուր տեղն ինձ թշնամություն անողները, և թող իրար աչքով չանեն ինձ առանց պատճառի ատողները։

20. Որովհետև նրանք խաղաղությունից չեն խոսում, այլ նենգավոր բաներ են մտածում երկրի վրա հանգիստ եղողների դեմ։

21. Իրենց բերանը լայն բաց են անում ինձ վրա և ասում. «Վա՜հ, վա՜հ, հիմա մեր աչքերը տեսան»։

22. Դու տեսար, Տե՛ր, լուռ մի՛ մնա. Տե՛ր, մի՛ հեռացիր ինձնից։

23. Զարթնի՛ր և վե՛ր կաց, ո՛վ իմ Աստված և իմ Տե՛ր, ինձ իրավունք տալու և ինձ դատաստան անելու համար։

24. Դատաստա՛ն արա ինձ քո արդարության համեմատ, ո՜վ Տեր իմ Աստված, և թող չուրախանան ինձ վրա։

25. Թող իրենց սրտում չասեն. «Օ՜, մեր փափագը կատարվեց», թող չասեն. «Մենք կուլ տվինք նրան»։

26. Թող ամաչեն իրար հետ և ամոթահար լինեն իմ մեծ դժբախտության համար ուրախացողները. թող ամոթ և անարգանք կրեն իմ դեմ պարծեցողները։

27. Թող ցնծան և ուրախ լինեն նրանք, որ ցանկանում են իմ արդարությունը, և միշտ ասեն. «Թող փառավորվի Տերը, որ կամենում է իր ծառայի բարօրությունը»։

28. Եվ իմ լեզուն թող խոսի քո արդարության մասին և ամբողջ օրը քո գովասանքն անի։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 36

1. Ամբարիշտի անօրենության մասին իմ սրտի խոսքը սա է. «Աստծու վախը չկա նրա աչքի առաջ»։

2. Որովհետև ինքն իր աչքին քաղցր է թվում, որ օրինազանցությունը գտնի և այն ատի։

3. Նրա բերանի խոսքերն անօրենություն և նենգություն են։ Նա դադարել է իմաստուն լինելուց և բարի գործելուց։

4. Անօրենություն է մտածում իր անկողնում. կանգնած է այն ճանապարհի վրա, որ բարի չէ, և չի մերժում չարը։

5. Տե՛ր, քո ճշմարտությունը մինչև երկինք է հասնում, և քո հավատարմությունը՝ մինչև ամպերը։

6. Քո արդարությունը Աստծու լեռների պես է, և քո իրավունքը՝ մեծ անդունդի պես. դու ես փրկում մարդկանց և անասուններին, Տե՛ր։

7. Ի՜նչ պատվական է քո ողորմությունը, ո՜վ Աստված, և մարդկանց որդիներն ապավինում են քո թևերի հովանուն։

8. Նրանք լիանում են քո տան առատությունից, և քո բերկրանքի գետից խմել ես տալիս նրանց,

9. Որովհետև քեզ մոտ է կյանքի աղբյուրը, և քո լույսով ենք լույսը տեսնում։

10. Շարունակի՛ր քո ողորմությունը քեզ ճանաչողների համար և քո արդարությունը՝ սրտով ուղիղների համար։

11. Թող ամբարտավանի ոտքը չգա ինձ վրա, և ամբարիշտի ձեռքը ինձ տեղից չսասանի։

12. Այնտեղ վայր կընկնեն անօրենություն գործողները. դեն կգցվեն և այլևս չեն կարողանա վեր կենալ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 37

1. Մի՛ բարկացիր չարերի վրա, մի՛ նախանձիր անօրենություն գործողներին,

2. Որովհետև նրանք շուտով կտրվելու են խոտի պես և թառամելու են կանաչ խոտի նման։

3. Տիրո՛ջը վստահիր և բարի՛ն արա, բնակվի՛ր երկրում և հետևի՛ր ճշմարտությանը։

4. Տիրոջո՛վ ուրախացիր, և նա քո սրտի ուզածը կտա քեզ։

5. Տիրո՛ջը հանձնիր քո ճանապարհը և վստահի՛ր նրան, և նա ամեն ինչ կտնօրինի։

6. Եվ լույսի նման դուրս կհանի քո արդարությունը և քո իրավունքը՝ կեսօրվա պես։

7. Համբերի՛ր և սպասի՛ր Տիրոջը. մի՛ բարկացիր այն մարդու վրա, որ իր չար խորհուրդներն է կատարում, և նրա ճանապարհը հաջողվում է։

8. Դադարի՛ր բարկությունից և թո՛ղ զայրույթդ, մի՛ բորբոքվիր, որ չարություն չգործես,

9. Որովհետև չարերը կոչնչանան, բայց Տիրոջն սպասողները կժառանգեն երկիրը։

10. Դեռ մի քիչ ժամանակ էլ, և ամբարիշտը չի լինի, և երբ որ նայես նրա տեղին, նա այլևս չի լինի։

11. Բայց խոնարհները ժառանգելու են երկիրը և ուրախանալու են առատ խաղաղությամբ։

12. Ամբարիշտը չար է մտածում արդարի դեմ և իր ատամները կրճտացնում է նրա վրա։

13. Տերը ծիծաղում է նրա վրա, որովհետև տեսնում է, որ նրա օրը եկել է։

14. Ամբարիշտները հանում են սուրը և լարում իրենց աղեղները, որ ցած գցեն խեղճին ու աղքատին և սպանեն ուղիղ վարքով ապրողներին։

15. Բայց նրանց սուրը իրենց սիրտը կմտնի, և նրանց աղեղները կփշրվեն։

16. Արդարի քիչն ավելի լավ է, քան շատ ամբարիշտների ճոխությունը։

17. Որովհետև ամբարիշտների բազուկները կփշրվեն, իսկ արդարներին հաստատ է պահում Տերը։

18. Տերը գիտի արդարների օրերը, և նրանց ժառանգությունը հավիտյան է լինելու։

19. Նրանք չեն ամաչելու չար ժամանակներում և սովի օրերին կշտանալու են։

20. Որովհետև ամբարիշտները կկորչեն, և Տիրոջ թշնամիները կոչնչանան, ինչպես արտերի պարարտությունը. պիտի սպառվեն ծխի նման։

21. Ամբարիշտը փոխ է վերցնում և չի վճարում, բայց արդարը ողորմած է և փոխ է տալիս։

22. Որովհետև Տիրոջից օրհնվածները ժառանգելու են երկիրը, իսկ նրանից անիծվածները կոչնչանան։

23. Տիրոջ կողմից են հաստատվում մարդու քայլերը, և նա հավանում է նրա ընթացքը։

24. Թեկուզև ցած ընկնի, չի կործանվելու, որովհետև Տերը բռնում է նրա ձեռքից։

25. Ես երեխա էի և ծերացա, բայց արդարին Աստծուց լքված չտեսա և նրա զավակին՝ հաց մուրացող։

26. Արդարը միշտ ողորմած է և փոխ է տալիս, և օրհնված է նրա զավակը։

27. Հե՛տ քաշվիր չարից ու բարի՛ք արա և հավիտյան կմնաս։

28. Որովհետև Տերն իրավունք է սիրում և չի լքում իր սրբերին. նրանք կպահպանվեն հավիտյան, բայց ամբարիշտների սերունդը կոչնչանա։

29. Արդարները ժառանգելու են երկիրը և հավիտյան բնակվելու են նրա վրա։

30. Արդարի բերանն իմաստություն է խոսում, և նրա լեզուն իրավունք է զրուցում։

31. Իր Աստծու օրենքն իր սրտում է. նրա քայլերը չեն տատանվելու։

32. Ամբարիշտը հսկում է արդարին և փնտրում է, որ սպանի նրան։

33. Բայց Տերն արդարին չի թողնի ամբարիշտի ձեռքին, և երբ արդարին դատի տանեն, չի թողնի, որ նրան դատապարտեն։

34. Սպասի՛ր Տիրոջը և պահի՛ր նրա ճանապարհը, և նա կբարձրացնի քեզ, որ ժառանգես երկիրը և տեսնես ամբարիշտներին իրենց ոչնչանալու ժամանակ։

35. Ես ամբարիշտին տեսա գոռոզ և տեղը հաստատ, ինչպես ճյուղատարած դալար ծառ։

36. Բայց նա անցավ. ահա նա այլևս չկա. փնտրեցի նրան, և չգտնվեց։

37. Նայի՛ր արդարին և տե՛ս ուղիղ մարդուն. այսպիսի մարդու վերջը խաղաղություն է։

38. Իսկ անիրավները միասին պիտի ոչնչանան. ամբարիշտների վերջը կորուստ է։

39. Իսկ արդարների փրկությունը Տիրոջից է. նեղության ժամանակ նա է նրանց ապաստանը։

40. Տերը կօգնի նրանց և կազատի նրանց. նրանց կազատի ամբարիշտներից և կփրկի նրանց, որովհետև իրենց հույսը դրել են նրա վրա։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 38

1. Ո՜վ Տեր, քո բարկությամբ մի՛ հանդիմանիր ինձ և մի՛ խրատիր ինձ քո զայրույթով,

2. Որովհետև քո նետերը խրվեցին իմ մեջ, և քո ձեռքը ծանրացավ ինձ վրա։

3. Իմ մարմնում առողջություն չկա քո բարկության պատճառով. իմ ոսկորներում խաղաղություն չկա իմ մեղքի պատճառով։

4. Որովհետև իմ անօրենությունները գլխիցս վեր բարձրացան. մեծ ու ծանր բեռ են դարձել ինձ վրա։

5. Խոցերս հոտում ու փտում են իմ հիմարության պատճառով։

6. Ես կորացած ու խիստ ցած եմ ընկած և ամեն օր շրջում եմ սգավոր։

7. Որովհետև իմ երիկամները լիքն են բորբոքմամբ, և առողջություն չկա իմ մարմնում։

8. Ես թուլացած եմ և սաստիկ փշրված. հոգոց եմ հանում իմ սրտի հառաչելուց։

9. Ո՜վ Տեր, քո առաջ է իմ ամբողջ փափագը, և իմ հառաչանքը ծածուկ չէ քեզնից։

10. Սիրտս դողում է. իմ զորությունը լքել է ինձ, և իմ աչքի լույսն էլ ինձ մոտ չէ այլևս։

11. Իմ սիրելիներն ու ընկերները կանգնած են իմ խոցերի դեմ, և իմ ազգականներն էլ կանգնած են հեռու։

12. Իմ անձը փնտրողները որոգայթ են լարում, և անօրենություն են խոսում ինձ համար չարիք ուզողները ու նենգություն են հնարում ամեն օր։

13. Բայց ես խուլի պես չեմ լսում և համրի նման բերանս բաց չեմ անում։

14. Ես եղա այն մարդու նման, որը չի լսում, և որի բերանում պատասխան չկա։

15. Որովհետև ես ապավինում եմ քեզ, Տե՛ր, դու պիտի պատասխան տաս, ո՜վ Տեր իմ Աստված։

16. Որովհետև ես ասացի. «Թող չուրախանան ինձ վրա իմ թշնամիները, երբ իմ ոտքը սահի, իմ դեմ պարծենան»։

17. Որովհետև ես պատրաստ եմ ընկնելու համար, և իմ ցավը միշտ իմ աչքի առաջ է։

18. Որովհետև ես միշտ պատմում եմ իմ անօրենությունը և տրտմում եմ իմ մեղքի համար։

19. Բայց իմ թշնամիները ողջ են և զորավոր, և շատ են ինձ զուր ատողները։

20. Բարու փոխարեն ինձ չար հատուցողները հակառակվում են ինձ, որ ես չարի փոխարեն հետևում եմ բարուն։

21. Մի՛ լքիր ինձ, ո՜վ Տեր իմ Աստված, մի՛ հեռացիր ինձնից։

22. Շո՛ւտ արա, որ ինձ օգնես, ո՜վ Տեր, իմ Փրկի՛չ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 39

1. Ես ասացի. «Իմ ճանապարհները պահեմ լեզվով մեղանչելուց. սանձ դնեմ իմ բերանին, քանի դեռ ամբարիշտն իմ առջևում է»։

2. Բերանս փակեցի պապանձվելով. բարի բանից էլ լուռ մնացի, և ցավս շատ գրգռվեց։

3. Սիրտս տաքացավ իմ մեջ. մտածելիս կրակ էր վառվում ինձանում, և ես խոսեցի իմ լեզվով։

4. Տե՛ր, ինձ ցո՛ւյց տուր իմ վախճանը և իմ օրերի չափը, թե որքան է լինելու այն. թող որ իմանամ, թե ինչպես անցավոր եմ ես։

5. Ահա օրերիս սահմանը կարգեցիր թզի չափով, և իմ կյանքի տևողությունը ոչնչի պես է քո առաջ. որքան էլ հաստատ լինի, բոլորովին ունայն է ամեն մարդ։ (Սելա)։

6. Իրապես ստվերի պես է ման գալիս մարդը. զուր տեղն է հոգս քաշում. հավաքում է և չգիտի, թե ով պիտի վերցնի այն։

7. Եվ հիմա ինչի՞ սպասեմ, ո՜վ Տեր, իմ հույսը քեզ վրա է։

8. Փրկի՛ր ինձ իմ բոլոր անօրենություններից. հիմարի նախատինք մի՛ դարձրու ինձ։

9. Ես լուռ եմ մնում, չեմ բացում իմ բերանը, որովհետև այդ դու ես արել։

10. Քո պատուհասը հեռացրո՛ւ ինձնից. ես խորտակվել եմ քո ձեռքի զարկելուց։

11. Երբ հանդիմանությամբ մարդուն խրատում ես իր անօրենությունների համար, ապա ոչնչացնում ես նրա գեղեցկությունը, ինչպես ցեցը. հիրավի, ունայն է ամեն մարդ։ (Սելա)։

12. Տե՛ր, լսի՛ր իմ աղոթքը և ուշադրությո՛ւն դարձրու իմ աղաղակին. լուռ մի՛ մնա իմ արտասուքի դեմ, որովհետև ես պանդուխտ եմ քո առաջ և հյուր, ինչպես իմ բոլոր նախահայրերը։

13. Թո՛ւյլ տուր ինձ, որ զվարթանամ, քանի դեռ չեմ գնացել և ոչնչացել։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 40

1. Սպասելով սպասեցի Տիրոջը, և նա ինձ նայեց ու լսեց իմ աղաղակը։

2. Ինձ հանեց կորստի հորից՝ տղմոտ ցեխից, ոտքերս կանգնեցրեց վեմի վրա ու քայլվածքս հաստատուն դարձրեց։

3. Եվ նոր երգ դրեց իմ բերանը՝ մեր Աստծու օրհնությունը. շատերը պիտի տեսնեն և վախենան և իրենց հույսը դնեն Տիրոջ վրա։

4. Երանի՜ այն մարդուն, որ իր հույսը դարձնում է Տիրոջը և չի հետևում ամբարտավաններին և ստության հետևողներին։

5. Շատ են քո հրաշքները, որոնք դու ես արել, ո՜վ Տեր իմ Աստված, և քո խորհուրդները, որ մեզ համար են. ոչ ոք հավասար չէ քեզ. կպատմեի և կխոսեի նրանց մասին, բայց դրանք շատ են թիվ ու համարից։

6. Հաճելի չհամարեցիր զոհն ու ընծան, մինչդեռ բացեցիր իմ ականջները, ողջակեզ ու մեղքի համար զոհ չպահանջեցիր։

7. Հետո ասացի. «Ահա ես գալիս եմ. գրքի թերթերում գրված է իմ մասին.

8. Քո կամքը կատարել կամեցա, ո՛վ իմ Աստված, և քո օրենքն իմ սրտի մեջ է»։

9. Ես արդարություն եմ քարոզում մեծ ժողովրդի մեջ. ահա չեմ արգելում իմ շրթունքներին, Տե՛ր. դու գիտես այդ։

10. Քո արդարությունը չեմ թաքցնում սրտիս մեջ. պատմեցի քո ճշմարտությունն ու փրկությունը, քո ողորմությունն ու հավատարմությունը չեմ ծածկում մեծ բազմության առաջ։

11. Բայց դու, Տե՛ր, մի՛ հեռացրու ինձնից քո գթությունը. քո ողորմությունն ու հավատարմությունը թող միշտ պաշտպանեն ինձ։Աղոթք օգնության համար

12. Որովհետև անթիվ չարիքներ են պատել ինձ, իմ անօրենությունները հասան ինձ վրա, և ես չեմ կարող տեսնել. դրանք իմ գլխի մազերից ավելի շատ են, և իմ սիրտը լքեց ինձ։

13. Տե՛ր, բարեհաճի՛ր ինձ փրկել. Տե՛ր, փութա՛ օգնելու ինձ։

14. Թող ամաչեն իրար հետ և ամոթահար լինեն իմ անձը կորցնել փնտրողները. թող ետ դառնան և խայտառակ լինեն ինձ չար կամեցողները։

15. Իրենց ամոթի պատճառով թող զարհուրեն նրանք, որոնք ինձ ասում են. «Վա՜հ, վա՜հ...»

16. Թող քեզնով ցնծան և ուրախանան բոլոր նրանք, որ փնտրում են քեզ. քո փրկությունը սիրողները թող միշտ ասեն. «Մեծ է փառքդ, Տե՛ր»։

17. Բայց ես խեղճ եմ և աղքատ. Տերը հոգ է տանում ինձ համար. դու ես իմ օգնությունն ու փրկությունը, ո՛վ իմ Աստված, մի՛ ուշացիր։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 41

1. Երանի՜ նրան, որ հոգ է տանում աղքատի համար. նեղության օրը Տերը կփրկի նրան։

2. Տերը նրան կպահի և կպահպանի նրա կյանքը. նա երանելի կլինի երկրի վրա, և նրան չի մատնի իր թշնամիների ցանկությանը։

3. Տերը կմխիթարի նրան տկարության անկողնում. դու նրա ամբողջ անկողինը կփոխես իր հիվանդության ժամանակ։

4. Ես ասացի. «Տե՛ր, ողորմի՛ր ինձ և բժշկի՛ր իմ անձը, որովհետև մեղանչեցի քո առաջ»։

5. Իմ թշնամիները չարախոսում են իմ մասին. «Նա ե՞րբ պիտի մեռնի, և անունը կորչի»։

6. Եվ եթե մեկը գալիս է ինձ տեսնելու, ունայնություն է խոսում. նրա սիրտն անօրենություն է կուտակում իր մեջ, և նա դուրս է գնում և ասում ուրիշին։

7. Ինձ ատողները միասին փսփսում են իմ մասին և չարություն են հնարում իմ դեմ։

8. Ասում են. «Չարության պատուհաս է հասել նրան, որ ցած է ընկել, այլևս վեր չի կենալու»։

9. Մինչև իսկ ինձ մոտիկ բարեկամ մարդն էլ, որի վրա հույս էի դրել, և որն ուտում էր իմ հացը, նա էլ ոտքը բարձրացրեց ինձ վրա։

10. Բայց դու, Տե՛ր, ողորմի՛ր ինձ և կանգնեցրո՛ւ ինձ, և ես կհատուցեմ նրանց։

11. Այն բանից կիմանամ, որ դու բարեհաճ ես իմ նկատմամբ, երբ իմ թշնամին չհաղթի ինձ։

12. Բայց դու ինձ կպահպանես իմ անարատության մեջ և ինձ հավիտյան կկանգնեցնես քո առջև։

13. Օրհնյալ լինի Տերը՝ Իսրայելի Աստվածը, հավիտենից մինչև հավիտյան. ամեն և ամեն։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 42

1. Ինչպես եղջերուն է փափագում ջրի առուներին, այնպես էլ իմ անձը փափագում է քեզ, ո՜վ Աստված։

2. Իմ անձը ծարավ է Աստծուն՝ կենդանի Աստծուն. ե՞րբ պիտի գամ և երևամ նրա առջև։

3. Իմ արտասուքը ցերեկ ու գիշեր հաց եղավ ինձ համար, որովհետև ինձ ամեն օր ասում են. «Ո՞ւր է քո Աստվածը»։

4. Այս բաները ես հիշում և հոգիս հեղում եմ ինձանում, որ բազմության հետ անցնեմ ու նրանց հետ գնամ մինչև Աստծու տուն. տոնահանդես անող ամբոխի հետ՝ օրհնության և գովասանության ձայնով։

5. Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և խռովված ես ինձանում։ Հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որ իմ երեսի փրկությունն է։

6. Ո՛վ իմ Աստված, իմ անձը տրտում է ինձանում, դրա համար էլ հիշում եմ քեզ Հորդանանի երկրից և Հերմոնից և Փոքր սարից*։

7. Անդունդն անդունդին կանչում է քո հորձանքների ձայնով. քո բոլոր կոհակներն ու ալիքներն անցնում են իմ վրայով։

8. Ցերեկը Տերը պատվիրում է իր ողորմությունը, և գիշերն օրհնություն կլինի ինձ հետ. աղոթքս հղում եմ կյանքի Աստծուն։

9. Աստծուն ասում եմ. «Ո՛վ իմ Վեմ, ինչո՞ւ մոռացար ինձ, ինչո՞ւ ես սգավոր գնամ՝ թշնամուց տանջված»։

10. Իմ ոսկորները փշրվելիս էլ իմ թշնամիներն ինձ դեռ նախատինք են տալիս և ամեն օր ինձ ասում. «Ո՞ւր է քո Աստվածը»։

11. Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, ինչո՞ւ ես խռովված ինձանում. հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որովհետև նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 43

1. Դատաստա՛ն արա ինձ, ո՜վ Աստված, և հաստատի՛ր իմ իրավունքը անսուրբ ազգի դեմ. նենգավոր և անիրավ մարդուց փրկի՛ր ինձ։

2. Որովհետև դու ես իմ զորության Աստվածը. ինչո՞ւ ես վանում ինձ, ինչո՞ւ գնամ սգավոր՝ թշնամուց տանջված։

3. Ուղարկի՛ր քո լույսը և քո ճշմարտությունը. թող նրանք առաջնորդեն ինձ դեպի քո սուրբ լեռը և դեպի քո բնակարանները։

4. Ես դեպի Աստծու սեղանը կգնամ, իմ ուրախության և ցնծության Աստծուն մոտիկ և քնարով կգոհանամ քեզնից, ո՜վ Աստված, Աստվա՛ծ իմ։

5. Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և ինչո՞ւ ես խռովված ինձանում. հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որովհետև նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 44

1. Ո՜վ Աստված, մեր ականջներով լսեցինք. մեր հայրերը մեզ պատմեցին այն գործերի մասին, որ դու կատարեցիր նրանց օրերին՝ այն հին ժամանակներում։

2. Դու քո ձեռքով դուրս հանեցիր հեթանոսներին և բնակեցրիր մեր հայրերին, չարչարեցիր ազգերին և ցրեցիր նրանց։

3. Որովհետև ոչ թե իրենց սրով ժառանգեցին երկիրը, և ոչ էլ իրենց բազուկը փրկեց իրենց, այլ քո աջը և քո բազուկը և քո երեսի լույսը, որովհետև հավանեցիր նրանց։

4. Դու ես իմ թագավորը, ո՜վ Աստված, որ հրամայեցիր Հակոբի փրկությունը։

5. Քեզնով գետին գցեցինք մեր թշնամիներին, քո անունով ոտնակոխ արեցինք մեր դեմ վեր ելնողներին,

6. Որովհետև ես հույսս չեմ դրել իմ աղեղի վրա, և ինձ իմ սուրը չի փրկում,

7. Այլ դու ես փրկում մեզ մեր թշնամիներից և մեզ ատողներին ամոթահար անում։

8. Ամեն օր պարծենանք Աստծով և հավիտյան գոհություն մատուցենք քո անվանը։ (Սելա)։

9. Բայց մերժեցիր և ամոթահար արեցիր մեզ և դուրս չես գալիս մեր զորքերի հետ։

10. Դու մեզ ետ ես դարձնում թշնամուց, և մեզ ատողները հափշտակում են մեզ իրենց համար։

11. Դու արեցիր, որ մենք ոչխարի պես կերակուր դառնանք, և ցրեցիր մեզ հեթանոսների մեջ։

12. Քո ժողովրդին ծախեցիր չնչին գնով և նրանց գնով չհարստացար։

13. Դու մեզ նախատինք դարձրիր մեր հարևանների առջև, ծաղր ու խայտառակություն՝ մեր չորս կողմը գտնվողների առջև։

14. Դու մեզ առակ ես դարձնում հեթանոսների մեջ և գլուխն օրորելու պատճառ՝ ազգերի մեջ։

15. Ամեն օր իմ նախատինքն իմ առաջ է, և իմ երեսի ամոթը ծածկում է ինձ

16. Նախատողի և հայհոյողի ձայնից, թշնամու և վրեժխնդրի երեսից։

17. Այս ամենը եկավ մեզ վրա, և քեզ չմոռացանք ու չքանդեցինք քո ուխտը։

18. Մեր սիրտը ետ չդարձավ, և մեր ընթացքը չշեղվեց քո ճանապարհից,

19. Թեև փշրեցիր մեզ տաժանքի տեղում և մահվան ստվերով ծածկեցիր մեզ։

20. Եթե մոռացած լինեինք մեր Աստծու անունը և մեր ձեռքերը մեկնած լինեինք օտար աստծուն,

21. Չէ՞ որ Աստված կքններ այդ բանը, որովհետև նա գիտի սրտի գաղտնիքները։

22. Բայց ամեն օր սպանվում ենք քեզ համար և մորթվելու ոչխարի պես ենք համարվում։

23. Զարթնի՛ր, ո՜վ Տեր, ինչո՞ւ ես քնած, վե՛ր կաց, իսպառ դեն մի՛ գցիր մեզ։

24. Ինչո՞ւ ես թաքցնում քո երեսը և մոռանում մեր խեղճությունն ու նեղությունը։

25. Որովհետև մեր անձը մինչև հողը ցած իջավ, և մեր փորը կպավ գետնին։

26. Վե՛ր կաց, մեզ օգնությա՛ն եկ և փրկի՛ր մեզ հանուն քո ողորմության։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 45

1. Իմ սրտից բարի խոսք է բխում. ես ասում եմ՝ իմ քերթվածը թագավորի համար է. իմ լեզուն ճարտար դպրի գրիչ է։

2. Դու գեղեցկագույնն ես մարդկանց որդիներից. քո շրթունքների վրա շնորհք է թափված. դրա համար էլ Աստված քեզ օրհնեց հավիտյան։

3. Սուրդ կապի՛ր մեջքիդ, ո՛վ Հզոր. նա է քո պատիվը և քո փառքը։

4. Հաջողությա՛ն հասիր քո փառավորությամբ և ձի՛ հեծիր ճշմարտության ու հեզության և արդարության համար, և թող քո աջ ձեռքը քեզ ահավոր բաներ սովորեցնի։

5. Քո նետերը սրված են. ազգերն ընկնում են քո ոտքերի տակ. քո նետերը մտնում են թագավորի թշնամիների սիրտը։

6. Ո՜վ Աստված, քո աթոռը կա հավիտենից հավիտյան. քո թագավորության գավազանն ուղիղ գավազան է։

7. Դու սիրում ես արդարությունը և ատում ես անօրենությունը. դրա համար էլ Աստված՝ քո Աստվածը, քեզ օծեց ուրախության յուղով քո ընկերներից ավելի։

8. Քո հանդերձներն ամբողջովին զմուռս են ու հալվե և կասիա. փղոսկրյա պալատներից նվագարաններով ուրախացնում են քեզ։

9. Թագավորների աղջիկները քո պատվականների մեջ են. թագուհին կանգնած է քո աջ կողմը՝ Ոփիրի ազնիվ ոսկով զարդարված։

10. Լսի՛ր, ո՛վ աղջիկ, և տե՛ս. խոնարհեցրո՛ւ քո ականջը. մոռացի՛ր քո ժողովրդին և քո տունը։

11. Թագավորը կցանկանա քո գեղեցկությունը, որովհետև նա է քո տերը. երկրպագությո՛ւն արա նրան։

12. Տյուրոսի աղջիկը կներկայանա ընծայով. ժողովրդի հարուստները կխնդրեն քո երեսը տեսնել։

13. Թագավորի աղջիկը ամբողջովին փառավոր է ներսից. ոսկեհուռ է նրա հանդերձանքը։

14. Զարդարանքով պաճուճված ներս կտարվի թագավորի մոտ. նրա ետևից եկող կույս ընկերուհիները ներս կբերվեն քեզ մոտ։

15. Ներս կտարվեն ուրախությամբ և ցնծությամբ, և կմտնեն թագավորի պալատը։

16. Քո հայրերի փոխարեն քո որդիները կլինեն, և նրանց իշխաններ կդնես ողջ երկրի վրա։

17. Ես կհիշեմ քո անունը ազգից մինչև ազգ. դրա համար էլ ժողովուրդները կփառավորեն քեզ հավիտյանս հավիտենից։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 46

1. Աստված ապավեն և զորություն է մեզ համար. նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ։

2. Դրա համար էլ չենք վախենա, թեկուզև երկիրը ցնցվի, և լեռները գցվեն ծովի մեջտեղը։

3. Թող գոռան և եռան նրա ջրերը, նրանց ալեկոծությունից թող դողդողան լեռները։ (Սելա)։

4. Բայց գետն իր առուներով կուրախացնի Աստծու քաղաքը, Բարձրյալի սուրբ բնակարանները։

5. Աստված նրա մեջ է. նա չի սասանվի. Աստված կօգնի նրան վաղ առավոտից։

6. Հեթանոսները խռովվեցին, և թագավորությունները շարժվեցին. նա ձայն տվեց, և երկիրը հալվեց։

7. Զորությունների Տերը մեզ հետ է. Հակոբի Աստվածն ապաստան է մեզ համար։ (Սելա)։

8. Եկե՛ք և տեսե՛ք Տիրոջ գործերը, որ ավերներ է անում երկրի վրա,

9. Որ մինչև երկրի ծայրերը դադարեցնում է պատերազմները, փշրում է աղեղները, կոտրատում է նիզակները և կառքերն այրում կրակով։

10. Հանդա՛րտ մնացեք և ճանաչե՛ք, որ ես եմ Աստվածը. ես եմ իշխում ազգերի վրա. ես եմ տիրում երկրի վրա։

11. Զորությունների Տերը մեզ հետ է. Հակոբի Աստվածն ապաստան է մեզ համար։ (Սելա)։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 47

1. Ծա՛փ տվեք, բոլո՛ր ժողովուրդներ, ցնծության ձայնով աղաղակե՛ք Աստծուն,

2. Որովհետև Տերը Բարձրյալ և ահեղ է. մեծ Թագավոր է ամբողջ երկրի վրա։

3. Ժողովուրդներին նա մեզ է հպատակեցնում և ազգերին մեր ոտքերի տակ դնում։

4. Նա մեզ համար ընտրում է մեր ժառանգությունը՝ Հակոբի փառավորությունը, որին նա սիրում է։ (Սելա)։

5. Աստված բարձրանում է ցնծության օրհնությամբ. Տերը՝ փողի ձայնով։

6. Սաղմո՛ս երգեցեք Աստծուն. սաղմո՛ս երգեցեք մեր Թագավորին, սաղմո՛ս երգեցեք։

7. Որովհետև Աստված ամբողջ երկրի Թագավորն է. իմաստության ե՛րգ սաղմոսեք։

8. Աստված Թագավոր է հեթանոսների վրա, Աստված նստում է իր սուրբ գահի վրա։

9. Ժողովուրդների իշխանները հավաքվում են Աբրահամի Աստծու ժողովրդի շուրջը, որովհետև երկրի վահաններն Աստծունն են. նա շատ բարձրացավ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 48

1. Մեծ է Տերը և խիստ օրհնյալ մեր Աստծու քաղաքում՝ իր սուրբ լեռան վրա։

2. Գեղեցիկ բարձրություն է, ամբողջ երկրի ուրախությունն է Սիոն լեռը, հյուսիսային կողմում, մեծ Թագավորի քաղաքը։

3. Աստված ճանաչված է նրա պալատների մեջ իբրև ապավեն։

4. Որովհետև ահա հավաքվեցին թագավորները. եկան ու անցան իրար հետ։

5. Նրանք տեսան և զարմացան, խուճապի մատնվեցին և շուտով փախան։

6. Դողն այնտեղ բռնեց նրանց և սաստիկ ցավը, ինչպես ծննդկանին։

7. Դու արևելյան հողմով փշրում ես Թարսիսի նավերը։

8. Ինչպես լսեցինք, այնպես էլ տեսանք Զորությունների Տիրոջ քաղաքում՝ մեր Աստծու քաղաքում. Աստված հաստատում է այն մինչև հավիտյան։ (Սելա)։

9. Ո՜վ Աստված, մենք քո ողորմության մասին ենք մտածում քո տաճարի մեջ։

10. Ինչպես քո անունը, ո՜վ Աստված, այնպես էլ քո գովությունն է մինչև երկրի ծայրերը. արդարությամբ լի է քո աջը։

11. Թող ուրախ լինի Սիոն լեռը, և Հուդայի աղջիկները ցնծան քո դատաստանների համար։

12. Գնացե՛ք Սիոնի չորս կողմով, պտտվե՛ք նրա շուրջը և հաշվեցե՛ք նրա աշտարակները։

13. Ուշադրությո՛ւն դարձրեք նրա բերդերին, քննեցե՛ք նրա պալատները՝ պատմելու համար այն սերնդին, որ գալու է,

14. Թե՝ «Այս Աստվածն է մեր Աստվածը միշտ և հավիտյան. սա մեզ կառաջնորդի մինչև մահ»։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 49

1. Լսեցե՛ք այս, ո՛վ համայն ժողովուրդներ, և ակա՛նջ դրեք, ո՛վ աշխարհի բոլոր բնակիչներ։

2. Հասարակ ու մե՛ծ մարդիկ, հարուստ և աղքա՛տ՝ բոլորդ.

3. Բերանս պիտի իմաստություն խոսի, և սրտիս խորհուրդը՝ գիտություն։

4. Ես ականջս պիտի խոնարհեցնեմ դեպի առակը և քնարով բացեմ խրթին խոսքս։

5. Ինչո՞ւ վախենամ ես չար օրերին, թե խորամանկ թշնամուս անօրենությունը պատում է ինձ,

6. Որ նրանք, իրենց ունեցվածքի վրա հույս դրած, պարծենում են իրենց մեծ հարստությամբ։

7. Մարդը չի կարող փրկել իր եղբորը և ոչ էլ նրա փրկանքը տալ Աստծուն,

8. (Որովհետև թանկ է նրանց անձերի փրկանքը և հավիտյան չի կարող վճարվել),

9. Որպեսզի ապրի հավիտյան և ապականություն չտեսնի։

10. Որովհետև տեսնում է, որ իմաստունները մեռնում են, ինչպես որ կորչում են հիմարներն ու անմիտները և իրենց հարստությունը թողնում են ուրիշներին։

11. Նրանց միտքն այս է, թե իրենց տունը հավիտյան է, իրենց բնակությունը՝ սերնդից սերունդ. իրենց երկրներն էլ կկոչվեն իրենց անուններով։

12. Բայց մարդը պատվի մեջ չի մնում. անասունների նման է, որոնք կորչում են։

13. Սա է նրանց ճանապարհը, ովքեր հիմար են, սակայն նրանց հետևողները հավանում են նրանց խոսքը։ (Սելա)։

14. Ոչխարների պես նրանք գերեզմանի պիտի մատնվեն. մահը նրանց հովիվն է, և ուղիղները նրանց կտիրեն առավոտից. և նրանց կերպարանքը կմաշվի գերեզմանում՝ իրենց բնակարաններից դուրս։

15. Բայց Տերն իմ անձը կփրկի գերեզմանի ձեռքից, որովհետև նա ընդունում է ինձ։ (Սելա)։

16. Մի՛ վախեցիր, երբ մարդը հարստանում է, երբ շատանում է նրա տան փառքը։

17. Որովհետև նա իր մեռնելու ժամանակ ոչ մի բան չի տանելու իր հետ. նրա փառքը չի գնալու նրա հետևից։

18. Թեև նա իր անձն օրհնում է իր կյանքում, բայց քեզ կգովեն, որ բարիք ես անում քեզ։

19. Բայց նա էլ կմտնի իր հայրերի ազգի մոտ և լույս չի տեսնի մինչև հավիտյան։

20. Մարդը, որ պատվի մեջ է և իմաստուն չէ, նման է անասուններին, որոնք կորչում են։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 50

1. Աստվածների Աստվածը՝ Տերը, խոսում է և կանչում է երկրին՝ արևելքից մինչև արևմուտք։

2. Սիոնի միջից՝ գեղեցկության կատարելությունից, փայլում է Աստվածը։

3. Մեր Աստվածը կգա և լուռ չի մնա. նրա առջև ոչնչացնող կրակ կա, և նրա չորս կողմը՝ սաստիկ մրրիկ։

4. Նա վերևից կկանչի երկնքին և այս երկրին՝ իր ժողովրդին դատելու։

5. «Իմ սրբերին հավաքեցե՛ք ինձ մոտ, որոնք զոհով ուխտ են կապել ինձ հետ»։

6. Երկինքը կպատմի նրա արդարությունը, որովհետև Աստված դատավոր է։ (Սելա)։

7. «Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, և ես կխոսեմ. և ես վկայություն կտամ քեզ, ո՛վ Իսրայել, որ ես եմ Աստվածը, քո Աստվածը։

8. Քեզ չեմ հանդիմանում քո ընծաների համար, և քո ողջակեզները միշտ իմ առջև են։

9. Քո տնից արջառ չեմ վերցնում և ոչ էլ այծեր՝ քո փարախներից։

10. Որովհետև իմն են անտառի բոլոր գազանները և հազարավոր սարերի անասունները։

11. Ես գիտեմ սարերի բոլոր թռչուններին, և վայրի գազաններն իմ առջև են։

12. Եթե սովածանամ, քեզ չեմ ասի, որովհետև իմն են աշխարհը և նրա լիությունը։

13. Մի՞թե ես ցլերի միս կուտեմ և այծերի արյուն կխմեմ։

14. Գոհության ընծա՛ մատուցիր Աստծուն և կատարի՛ր քո ուխտերը Բարձրյալի առջև։

15. Կանչի՛ր ինձ նեղության օրը, ու ես կազատեմ քեզ, և դու կփառաբանես ինձ»։

16. Բայց Աստված ամբարիշտին ասում է. «Քեզ ի՞նչ, որ դու պատմում ես իմ հրամանները և իմ ուխտը բերանդ ես առնում,

17. Որովհետև ատում ես խրատը և իմ խոսքը ականջիդ հետևն ես գցում։

18. Եթե գող ես տեսնում, գնում ես նրա հետ, և քո բաժինը շնացողների հետ է։

19. Բերանդ չարության ես տալիս, և լեզուդ նենգություն է հնարում։

20. Նստում ես և հակառակ ես խոսում եղբորդ դեմ. բամբասանքներ ես բարդում քո մոր որդու վրա։

21. Այս բաներն արեցիր, և ես լուռ մնացի. կարծեցիր, թե ես էլ քեզ նման եմ, բայց հանդիմանելու եմ քեզ և քո արածը դնելու եմ քո աչքի առաջ։

22. Մտածե՛ք այս մասին, ո՛վ Աստծուն մոռացողներ, որ գուցե ձեզ հափշտակեմ, և ոչ ոք չի լինի, որ փրկի։

23. Գոհության ընծա մատուցողը փառաբանում է ինձ. և ով զգուշանա իր ճանապարհին, նրան ցույց կտամ Աստծու փրկությունը»։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 51

1. Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, քո ողորմության համեմատ և քո մեծ գթությամբ ջնջի՛ր իմ հանցանքները։

2. Ամբողջովին լվա՛ ինձ իմ հանցանքից և սրբի՛ր ինձ իմ մեղքից,

3. Որովհետև ես ճանաչում եմ իմ անօրենությունները, և իմ մեղքն ամեն ժամանակ իմ առջևում է։

4. Միայն քո դեմ մեղանչեցի և քո աչքի առաջ չարիք գործեցի, որպեսզի դու արդար լինես խոսքերում և մաքուր լինես քո դատաստանի մեջ։

5. Ահա ես ծնվեցի անօրենությամբ, և իմ մայրն ինձ մեղքով հղացավ։

6. Ահա դու փափագում ես ճշմարտությունը սրտում և ծածուկ տեղում իմաստություն կսովորեցնես ինձ։

7. Մաքրի՛ր ինձ զոպայով, և ես մաքուր կլինեմ. լվա՛ ինձ, և ես ձյունից սպիտակ կլինեմ։

8. Ցնծություն և ուրախությո՛ւն լսել տուր ինձ. թող ցնծան այն ոսկորները, որոնք կոտրատեցիր։

9. Երեսդ թաքցրո՛ւ իմ մեղքերից և ջնջի՛ր իմ բոլոր անօրենությունները։

10. Մաքուր սի՛րտ ստեղծիր իմ մեջ, ո՜վ Աստված, և ուղիղ հոգի՛ նորոգիր իմ ներսում։

11. Դեն մի՛ նետիր ինձ քո ներկայությունից և քո Սուրբ Հոգին մի՛ հանիր ինձնից։

12. Դարձյալ քո փրկության ուրախությո՛ւնը տուր ինձ և հոժարակամ հոգով հաստատի՛ր ինձ։

13. Ապա ամբարիշտներին կսովորեցնեմ քո ճանապարհները, և մեղավորները կվերադառնան քեզ։

14. Փրկի՛ր ինձ արյունապարտությունից, ո՜վ Աստված, իմ փրկությա՛ն Աստված, և իմ լեզուն կփառաբանի քո արդարությունը։

15. Տե՛ր, բացի՛ր իմ շրթունքները, և իմ բերանը կպատմի քո գովությունը։

16. Որովհետև դու զոհ չես ուզում, եթե ոչ, ես կմատուցեի քեզ, և ոչ էլ ողջակեզներն ես հավանում։

17. Աստծու ընդունելի զոհը կոտրված հոգին է. բեկված ու խոնարհ սիրտը, ո՜վ Աստված, դու չես անարգում։

18. Քո բարեհաճությամբ բարի՛ք արա Սիոնին. շինի՛ր Երուսաղեմի պարիսպները։

19. Այն ժամանակ քեզ հաճելի կլինեն արդարության զոհերը, ողջակեզներն ու ամբողջովին այրված զոհերը. այն ժամանակ ցլիկներ կմատուցեն քո զոհասեղանի վրա։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 52

1. Ի՞նչ ես պարծենում չարությամբ, ո՛վ բռնավոր, Աստծու ողորմությունը ամեն օր էլ կա։

2. Քո լեզուն չարություն է հնարում, նենգություն է գործում, ինչպես սուր ածելի։

3. Դու չարն ավելի ես սիրում, քան բարին, սուտը՝ ավելի, քան ճշմարտություն խոսելը։ (Սելա)։

4. Դու սիրում ես կորուստ բերող ամեն մի խոսքը և նենգավոր լեզուն։

5. Աստված քեզ կկործանի հավիտյան, կխլի և քեզ կհանի քո բնակարանից և քո արմատը՝ ողջերի երկրից։ (Սելա)։

6. Արդարները կտեսնեն ու կվախենան և կծիծաղեն նրա վրա.

7. «Ահա այն մարդը, որն Աստծուն զորություն չարեց իրեն, այլ հույսը դրեց իր մեծ հարստության վրա և զորացավ իր չարությամբ»։

8. Բայց ես Աստծու տանը նման եմ կանաչած ձիթենու. ես իմ հույսը դրել եմ Աստծու ողորմության վրա հավիտյանս հավիտենից։

9. Ես պիտի գովեմ հավիտյան, որ դու արեցիր այս ամենը, և պիտի ապավինեմ քո անվանը, որովհետև բարի է քո սրբերի առջև։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 53

1. Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։ Նրանք ապականվեցին և գարշելի անօրենություն գործեցին, և ոչ ոք չկա, որ բարին գործի։

2. Աստված երկնքից նայում է մարդկանց որդիներին, որ տեսնի, թե կա՞ արդյոք մեկ իմաստուն, որ փնտրի Աստծուն։

3. Բոլորը հետ քաշվեցին և միասին անպիտան դարձան. բարին գործող չկա, մեկ հոգի էլ չկա։

4. Մի՞թե անօրենություն գործողները չեն իմանում, որ ուտում են իմ ժողովրդին, ինչպես հացն են ուտում, և չեն կանչում Աստծուն։

5. Այնտեղ, ուր վախ չկա, սարսում են վախից, որովհետև Աստված ցրում է քեզ շրջապատողների ոսկորները. դու ամոթահար ես անում նրանց, որովհետև Աստված մերժում է նրանց։

6. Երանի՜ Սիոնից գար Իսրայելի փրկությունը. երբ Աստված իր ժողովրդին վերադարձնի գերությունից, այն ժամանակ Հակոբը կցնծա, և Իսրայելը ուրախ կլինի։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 54

1. Ո՜վ Աստված, քո անունով ազատի՛ր ինձ և քո զորությամբ իրավո՛ւնք տուր ինձ։

2. Ո՜վ Աստված, լսի՛ր իմ աղոթքը, ակա՛նջ դիր իմ բերանի խոսքերին.

3. Որովհետև օտարները իմ դեմ ելան, և զորավորները փնտրում են իմ անձը. նրանք Աստծուն չեն դնում իրենց աչքի առաջ։ (Սելա)։

4. Ահա Աստված իմ օգնականն է, Տերը պահպանում է իմ անձը։

5. Նա չարիքը կդարձնի իմ թշնամիների վրա. քո ճշմարտությամբ կորցրո՛ւ նրանց։

6. Ես հոժար կամքով ընծա կմատուցեմ քեզ և կգովեմ քո անունը, ո՜վ Տեր, որովհետև այն բարի է։

7. Որովհետև դու ամեն նեղությունից փրկում ես ինձ, և իմ աչքն ուրախությամբ է նայում իմ թշնամիների վրա։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 55

1. Ո՜վ Աստված, լսի՛ր իմ աղոթքը և քեզ մի՛ թաքցրու իմ աղաչանքից։

2. Նայի՛ր ինձ և պատասխա՛ն տուր ինձ, որ մոլորված եմ իմ տրտմության մեջ և սուգ եմ անում

3. Թշնամու ձայնից և ամբարիշտի նեղություն տալուց, որովհետև անօրենություն են բարդում ինձ վրա և բարկությամբ հալածում են ինձ։

4. Սիրտս դողաց իմ մեջ, և մահվան սարսափներն ընկան ինձ վրա։

5. Վախ ու դող եկավ վրաս, և սոսկումը ծածկեց ինձ։

6. Եվ ես ասացի. «Երանի՜ թև ունենայի աղավնու պես, որպեսզի թռչեի և հանգիստ լինեի։

7. Ահա կփախչեի, կհեռանայի ու անապատում կբնակվեի։ (Սելա)։

8. Կփախչեի, որ ինձ համար ապաստան գտնեի փոթորկալի քամուց և մրրիկից»։

9. Ո՜վ Տեր, կործանի՛ր, բաժանի՛ր նրանց լեզուն, որովհետև բռնություն և կռիվ տեսա քաղաքում։

10. Ցերեկ ու գիշեր շրջում են նրա շուրջը՝ պարիսպների վրա. անօրենություն և տագնապ կա նրա մեջ։

11. Նենգություն կա նրա մեջ. խաբեությունն ու հարստահարությունը չեն պակասում նրա հրապարակներից։

12. Որովհետև եթե թշնամին ինձ նախատինք տար, կհամբերեի, եթե ինձ ատողը հոխորտար իմ դեմ, կթաքնվեի նրանից։

13. Բայց դու ինձ հավասար մարդ ես, իմ սրտակիցն ու իմ բարեկամը։

14. Իրար հետ մենք քաղցրությամբ խոսում էինք և Աստծու տուն էինք գնում ամբոխի հետ։

15. Թող մահը հասնի նրանց վրա, և ողջ-ողջ իջնեն մեռյալների աշխարհը, որովհետև չարություններ կան թե՛ իրենց բնակարաններում և թե՛ իրենց ներսում։

16. Բայց ես կկանչեմ Աստծուն, և Տերը կփրկի ինձ։

17. Իրիկուն ու առավոտ և կեսօրին գանգատվում եմ ու հառաչում, և նա կլսի իմ ձայնը։

18. Նա խաղաղությամբ կփրկի իմ անձն այն կռվից, որ անում են իմ դեմ, որովհետև շատ են նրանք, որոնք ինձ հետ են։

19. Աստված, որ հավիտենական է և հաջորդ չունի, կլսի ինձ և կխոնարհեցնի նրանց, որովհետև չեն վախենում Աստծուց։

20. Իր ձեռքը երկարում է իր խաղաղ ընկերների վրա, դրժում է իր դաշինքը։

21. Նրա բերանը յուղից ավելի փափուկ է, բայց կռիվ կա նրա սրտում, նրա խոսքերը ձեթից ավելի փափուկ են, բայց սրած թրեր են։

22. Քո հոգսը գցի՛ր Տիրոջ վրա, և նա խնամք կտանի քեզ համար. նա չի թողնի, որ արդարը հավիտյան շարժվի տեղից։

23. Եվ դու, ո՜վ Աստված, նրանց կգցես ապականության հորը. արյուն թափող և նենգավոր մարդիկ իրենց կյանքի օրերի կեսին չպիտի հասնեն, իսկ ես իմ հույսը քեզ վրա եմ դրել։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 56

1. Ո՜վ Աստված, ողորմի՛ր ինձ, որովհետև մարդն ուզում է կուլ տալ ինձ. ամեն օր պատերազմելով՝ նեղում է ինձ։

2. Թշնամիներս ամեն օր կամենում են կուլ տալ ինձ, որովհետև շատ են իմ դեմ ամբաստանությամբ կռիվ անողները։

3. Որ օրը որ վախենամ, հույսս քեզ վրա պիտի դնեմ։

4. Աստծով պիտի գովեմ իր խոսքը. Աստծու վրա եմ հույսս դրել, չպիտի վախենամ. ի՞նչ կարող է անել ինձ մարմինը։

5. Ամեն օր ծռում են իմ խոսքերը. իմ մասին նրանց բոլոր խորհուրդները չարության համար են։

6. Նրանք հավաքվում են ու թաքնվում. նայում են իմ ոտքերի հետքերին, որովհետև սպասում են իմ անձին։

7. Մի՞թե անօրենությամբ փրկություն կլինի նրանց համար. բարկությամբ տապալի՛ր նրանց, ո՜վ Աստված։

8. Իմ թափառելը դու համրում ես. իմ արտասուքները դի՛ր քո տիկի մեջ. ահա նրանք քո գրքի մեջ են։

9. Այն օրը, երբ կանչեմ քեզ, իմ թշնամիները հետ կդառնան. ես գիտեմ այս, որ դու իմ Աստվածն ես։

10. Աստծով պիտի գովեմ իր խոսքը. Տիրոջով պիտի գովեմ իր խոսքը։

11. Ես հույսս դրել եմ Աստծու վրա. չեմ վախենա. ի՞նչ կարող է անել ինձ մարդը։

12. Ո՜վ Աստված, քո ուխտերն ինձ վրա են. գոհության ընծաներ պիտի մատուցեմ քեզ,

13. Որովհետև դու իմ անձը փրկեցիր մահից, այո՛, ոտքերս՝ գայթակղությունից, որ Աստծու առաջ ման գամ ողջերի լույսի մեջ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 57

1. Ողորմի՛ր ինձ, ո՜վ Աստված, ողորմի՛ր ինձ, որովհետև իմ անձը հույսը դրել է քեզ վրա, և ես պիտի քո թևերի հովանուն հուսամ, մինչև որ չարիքներն անցնեն։

2. Ես կանչում եմ Բարձրյալ Աստծուն, որ բարիք է անում ինձ։

3. Նա երկնքից օգնություն կուղարկի և կփրկի ինձ. նա ամոթահար կանի նրան, ով ուզում է կուլ տալ ինձ։ (Սելա)։ Աստված ուղարկում է իր ողորմությունն ու ճշմարտությունը։

4. Իմ անձն առյուծների մեջ է. ես ընկած եմ բոց փչող մարդկանց որդիների մեջ. նրանց ատամները նիզակներ ու նետեր են, և նրանց լեզուները՝ սրած թրեր։

5. Բարձրացի՛ր, ո՜վ Աստված, երկնքի վրա, թող քո փառքը լինի ամբողջ երկրի վրա։

6. Որոգայթ պատրաստեցին իմ քայլերի համար. իմ անձը խոնարհված էր. փոս փորեցին իմ առջև, և իրենք ընկան մեջը։ (Սելա)։

7. Սիրտս պատրաստ է, ո՜վ Աստված, սիրտս պատրաստ է. պիտի օրհնեմ երգով և սաղմոս ասեմ։

8. Զարթնի՛ր, իմ փա՛ռք, զարթնե՛ք, սաղմոսարա՛ն և քնա՛ր. ես պիտի զարթնեմ վաղ առավոտյան,

9. Պիտի գոհանամ քեզնից, Տե՛ր, ժողովուրդների մեջ. սաղմոս պիտի ասեմ քեզ ազգերի մեջ,

10. Որովհետև քո ողորմությունը մեծ է մինչև երկինք, և քո ճշմարտությունը՝ մինչև ամպերը։

11. Բարձրացի՛ր, ո՜վ Աստված, երկնքի վրա. քո փառքը թող լինի ամբողջ երկրի վրա։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 58

1. Հիրավի մունջ արդարությո՞ւն եք խոսում, ուղի՞ղ դատաստան եք անում, ո՛վ մարդկանց որդիներ։

2. Ընդհակառակը, սրտով անօրենություն եք գործում. ձեր ձեռքի անիրավությունը կշռով բաժանում եք երկրի մեջ։

3. Ամբարիշտները խոտոր են իրենց մոր արգանդից. որովայնից մոլորված են սուտ խոսողները։

4. Նրանց թույնը նման է օձի թույնի. խուլ իժի պես են, որ փակում է իր ականջը,

5. Որ չլսի կախարդների ձայնը, այն թովչին, որը թովում է վարպետությամբ։

6. Ո՜վ Աստված, փշրի՛ր նրանց ատամներն իրենց բերանում և ջարդի՛ր առյուծների մեծ ժանիքները, ո՜վ Տեր։

7. Թող հալվեն նրանք ջրերի նման, որ հոսում են անդադար, և երբ նետեր արձակեն, թող բթացած լինեն։

8. Թող լինեն խխունջի նման, որ հալվում է գնալիս, կնոջ վիժածի պես լինեն, որ արև չի տեսնում։

9. Ձեր կաթսաները այրվող փշերի տաքությունը դեռ չզգացած՝ թե՛ չայրվածը, թե՛ այրվածը պիտի տարվեն մրրիկից։

10. Արդարը ուրախ պիտի լինի, երբ տեսնի վրեժխնդրությունը. իր ոտքերը պիտի լվանա ամբարիշտի արյունով։

11. Եվ մարդիկ պիտի ասեն. «Իրավ որ վարձք կա արդարի համար. իրավ որ Աստված կա, որ դատավոր է երկրի վրա»։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 59

1. Փրկի՛ր ինձ իմ թշնամիներից, Աստվա՛ծ իմ, ապրեցրո՛ւ ինձ նրանցից, որ կանգնել են իմ դեմ։

2. Փրկի՛ր ինձ անօրենություն գործողներից և արյունահեղ մարդկանցից ազատի՛ր ինձ.

3. Որովհետև ահա թաքուն սպասում են, որ բռնեն ինձ. զորեղները հավաքվում են իմ դեմ, բայց ես ո՛չ անօրենություն եմ գործել և ո՛չ էլ մեղք, ո՜վ Տեր։

4. Անօրենություն չեմ գործել, բայց վազում են ինձ վրա և պատրաստվում. զարթնի՛ր, որ առջևս գաս, և տե՛ս։

5. Իսկ դու, ո՜վ Տեր, Զորությունների՛ Աստված, Իսրայելի՛ Աստված, վե՛ր կաց, որ այցելես բոլոր հեթանոսներին. և մի՛ ողորմիր ոչ մեկի, որ անօրենություն է գործում։ (Սելա)։

6. Երեկոյան վերադառնում են և ոռնում շան պես և պտտվում են քաղաքում։

7. Ահա վայրահաչ խոսում են իրենց բերանով. սրեր կան նրանց շրթունքների մեջ, որովհետև ասում են. «Ո՞վ պիտի լսի»։

8. Բայց դու, Տե՛ր, պիտի ծիծաղես նրանց վրա և պիտի ծաղրես այդ բոլոր հեթանոսներին։

9. Ո՛վ իմ զորություն, ես քեզ եմ նայում, որովհետև Աստված է իմ ապավենը։

10. Իմ ողորմության Աստվածը կդիմավորի ինձ. Աստված ինձ ուրախությամբ նայել կտա իմ թշնամիների վրա։

11. Մի՛ սպանիր նրանց, որ իմ ժողովուրդը չմոռանա. ցիր ու ցա՛ն արա նրանց քո զորությամբ և ցա՛ծ գցիր նրանց, ո՜վ Տեր՝ մեր վահանը։

12. Թող նրանք բռնվեն իրենց ամբարտավանության մեջ՝ իրենց բերանի մեղքերի համար և իրենց շրթունքների խոսքերի համար և այն անեծքի ու սուտ խոսքերի համար, որ պատմում են։

13. Բարկությամբ սատկեցրո՛ւ նրանց, սատկեցրո՛ւ, որ չքանան և գիտենան, որ Աստված տիրում է Հակոբի երկրին՝ մինչև նրա ծայրերը։

14. Երեկոյան վերադառնում են և ոռնում շան պես և պտտվում քաղաքում։

15. Նրանք թափառում են ուտելու համար. և եթե չեն կշտանում, տրտնջում են։

16. Բայց ես պիտի օրհնեմ քո զորությունը և առավոտից պիտի փառաբանեմ քո ողորմությունը, որովհետև դու պահապան և ապավեն եղար ինձ իմ նեղության օրը։

17. Ո՛վ իմ զորություն, քեզ սաղմոս պիտի երգեմ, որովհետև, ո՜վ Աստված, դու ես իմ պահապանը և իմ ողորմության Աստվածը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 60

1. Ո՜վ Աստված, մեզ դեն գցեցիր, ցրեցիր մեզ, բարկացար. ե՛տ դարձիր դեպի մեզ։

2. Դու դողացրիր երկիրը և պատռեցիր այն. բժշկի՛ր նրա կոտրած տեղերը, որովհետև երերում է։

3. Խստություն ցույց տվեցիր քո ժողովրդին. մեզ թմրության գինի խմել տվեցիր։

4. Բայց քեզնից վախեցողներին դրոշակ տվեցիր, որ բարձրացնեն ճշմարտության համար, (Սելա)։

5. Որ քո սիրելիներն ապրեն. թող փրկի քո աջը, և լսի՛ր ինձ։

6. Աստված խոսեց իր սուրբ տեղից. «Ես պիտի ցնծամ, Սյուքեմը պիտի բաժանեմ և պիտի չափեմ Սոկքովթի հովիտը։

7. Իմն է Գաղաադը, և իմն է Մանասեն, և Եփրեմն իմ գլխի զորությունն է, և Հուդան՝ իմ գավազանը։

8. Մովաբն իմ լվացվելու ամանն է. իմ կոշիկը պիտի գցեմ Եդովմի վրա, ո՛վ փղշտացիների երկիր, ցնծա՛ ինձ համար»։

9. Ո՞վ ինձ պիտի տանի ամուր քաղաք, ո՞վ ինձ պիտի առաջնորդի մինչև Եդովմ։

10. Ո՞չ արդարև դու, ո՜վ Աստված, որ դեն գցեցիր մեզ և դուրս չես գալիս մեր զորքի հետ, ո՜վ Աստված։

11. Նեղության մեջ տո՛ւր մեզ քո օգնությունը, որովհետև փուչ է մարդու օգնությունը։

12. Մենք Աստծով զորություն պիտի գործենք, և նա ոտնակոխ պիտի անի մեր թշնամիներին։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 61

1. Ո՜վ Աստված, լսի՛ր իմ աղաղակը, նայի՛ր իմ աղոթքին։

2. Երկրի ծայրից կանչում եմ քեզ, երբ թուլանում է սիրտս. առաջնորդի՛ր ինձ դեպի այն վեմը, որ բարձր է ինձնից.

3. Որովհետև դու ես իմ ապավենը, զորավոր աշտարակը՝ թշնամու դեմ։

4. Ես հավիտյան պիտի բնակվեմ քո խորանում, հավիտյան պիտի ապավինեմ քո թևերի ծածկույթին։ (Սելա)։

5. Որովհետև, ո՛վ Աստված, դու լսում ես իմ ուխտերը և ինձ ես տալիս քո անունից վախեցողների ժառանգությունը։

6. Օրեր ես ավելացնում թագավորի օրերի վրա, և նրա տարիները պիտի լինեն սերնդից սերունդ, ազգից մինչև ազգ։

7. Նա հավիտյան պիտի մնա Աստծու առաջ. ողորմություն և ճշմարտությո՛ւն պատրաստիր, որ պահպանեն նրան։

8. Ուրեմն քո անվանը սաղմոս պիտի ասեմ հավիտյան, որպեսզի օր օրի կատարեմ իմ ուխտերը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 62

1. Հիրավի, իմ անձը լուռ ու մունջ սպասում է Աստծուն. նրանից է իմ փրկությունը։

2. Հիրավի, նա է իմ վեմը և իմ փրկությունը, իմ ապավենը, որ սաստիկ չսասանվեմ։

3. Մինչև ե՞րբ պիտի հարձակվեք մարդու վրա, որ բոլորդ սպանեք նրան, կործանեք ծռված պատի և խախուտ պարսպի նման։

4. Հիրավի, խորհուրդ են անում, որ նրան ցած գցեն իր բարձրությունից. հավանում են ստությունը, իրենց բերանով օրհնում են, բայց անիծում են իրենց սրտի մեջ։ (Սելա)։

5. Ո՛վ անձ իմ, միայն Աստծո՛ւն վստահիր, որովհետև նրանից է իմ հույսը։

6. Հիրավի, նա է իմ վեմը, իմ փրկությունը, իմ ապավենը. ես պիտի չսասանվեմ։

7. Աստծու մոտ են իմ փրկությունը և փառքը. իմ զորության վեմը և իմ ապավենը Աստծու մոտ են։

8. Ամեն ժամանակ ձեր հույսը նրա վրա՛ դրեք, ո՛վ ժողովուրդներ, ձեր սրտերը բացե՛ք նրա առաջ. Աստված մեր ապավենն է։ (Սելա)։

9. Հիրավի, հասարակ մարդիկ ունայն են, և մեծամեծ մարդիկ՝ սուտ. երբ դրվեն կշեռքի վրա, նրանք ավելի թեթև պիտի լինեն ամեն ունայնությունից։

10. Հույս մի՛ դրեք հարստահարության վրա և ոչ էլ զուր հույս դրեք հափշտակության վրա. եթե հարստությունն էլ շատանա, նրա վրա էլ սիրտ մի՛ դրեք։

11. Աստված մեկ անգամ խոսեց, ես երկու անգամ լսեցի այս. «Զորությունն Աստծունն է»։

12. Քոնն է ողորմությունը, Տե՛ր, որովհետև դու մարդուն հատուցում ես նրա գործերի համեմատ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 63

1. Ո՜վ Աստված, դու ես իմ Աստվածը, քեզ եմ փնտրում առավոտից. հոգիս ծարավի է քեզ, մարմինս քեզ է ցանկանում այս ցամաք ու ծարավ երկրում, որտեղ ջուր չկա։

2. Այսպես սրբարանում նայեցի քեզ, որ քո զորությունն ու փառքը տեսնեմ,

3. Որովհետև քո ողորմությունն ավելի լավ է, քան կյանքը. իմ շրթունքները պիտի գովեն քեզ։

4. Այսպես պիտի օրհնեմ քեզ իմ կյանքում, քո անունով պիտի բարձրացնեմ իմ ձեռքերը։

5. Իմ կյանքը պիտի կշտանա, ինչպես ճարպով ու պարարտությամբ, և իմ բերանը պիտի օրհնի քեզ ուրախ շրթունքներով։

6. Երբ իմ անկողնում հիշում եմ քեզ, գիշերվա պահերին մտածում եմ քո մասին։

7. Որովհետև դու ինձ օգնական եղար, և ես պիտի ցնծամ քո թևերի հովանավորության տակ։

8. Իմ անձն ամենուր հետևում է քեզ. քո աջը հաստատ է պահում ինձ։

9. Բայց նրանք, որ իմ անձի կորուստն են ուզում, պիտի ընկնեն ցած՝ երկրի խորքերը.

10. Սրի ձեռքը պիտի մատնվեն և աղվեսների բաժին պիտի լինեն։

11. Բայց թագավորը Աստծով պիտի ուրախանա, պիտի պարծենան բոլոր նրանք, որ երդվել են նրանով, որովհետև պիտի փակվի սուտ խոսողների բերանը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 64

1. Ո՜վ Աստված, լսի՛ր իմ ձայնը իմ գանգատվելու ժամանակ, պահպանի՛ր իմ կյանքը թշնամու ահից։

2. Ծածկի՛ր ինձ չարերի բազմությունից՝ անօրենություն գործողների ամբոխից,

3. Որոնք սրում են իրենց լեզուները թրի նման և պատրաստում են իրենց նետը, այսինքն՝ դառը խոսքը,

4. Որ թաքուն գցեն անմեղի վրա. հանկարծակի գցում են ու չեն վախենում։

5. Չար բանը զորավոր են անում իրենց համար, խորհրդակցում են, որ թաքուն որոգայթներ դնեն, և ասում են. «Ո՞վ պիտի տեսնի դրանք»։

6. Նրանք անօրենություններ են խորհում և ասում. «Կատարեցինք, գտանք հնարը. տեսանք, որ մարդու ներսը և սիրտը խորն են»։

7. Բայց Աստված հանկարծ նետ պիտի գցի նրանց վրա, և նրանք պիտի խոցվեն։

8. Նրանց լեզուն պիտի ցած գցի նրանց՝ մեկը մյուսի վրա, և բոլորը, ովքեր տեսնեն նրանց, պիտի փախչեն։

9. Բոլոր մարդիկ պիտի վախենան և պատմեն Աստծու գործերի մասին և պիտի մտածեն նրա արածների մասին։

10. Արդարն ուրախ պիտի լինի Տիրոջով և իր հույսը դնի նրա վրա, և ուղիղ սրտով բոլոր մարդիկ պիտի պարծենան։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 65

1. Ո՜վ Աստված, քեզ օրհներգություն է վայելում Սիոնի մեջ, և կատարվում է այն, ինչ ուխտել ենք քեզ։

2. Դու լսում ես աղոթքը. ամեն մարդ քեզ մոտ է գալիս։

3. Երբ անօրենությունները ծանրանում են մեզ վրա, դու քավում ես մեր ամբարշտությունները։

4. Երանի՜ այն մարդուն, որին ընտրում ես դու և ընդունում, որ բնակվի քո գավիթներում. պիտի կշտանանք քո տան՝ սուրբ տաճարիդ բարիքներով։

5. Զարհուրելի գործերով ես պատասխանում մեզ՝ արդարացում տալով, ո՛վ մեր փրկության Աստված, դու, որ երկրի բոլոր ծայրերում և ծովի հեռավոր տեղերում ապրողների հույսն ես,

6. Որ իր զորությամբ հաստատում է լեռները և զորությամբ է գոտեպնդված,

7. Որ ցածրացնում է ծովի ձայնը, նրա ալիքների ձայնը և ազգերի խռովությունը,

8. Որ երկրի ծայրերում բնակվողները վախենան քո նշաններից. այնպես ես անում, որ արևելքից արևմուտք ուրախության ձայներ հնչեն։

9. Դու հոգ ես տանում երկրին և ջուր ես խմեցնում նրան, խիստ հարստացնում ես այն. Աստծու գետը լիքն է ջրով. ցորեն ես պատրաստում մարդկանց համար, որովհետև այսպես ես պատրաստում այն։

10. Դու ջուր ես խմեցնում նրա ակոսներին, հարթեցնում ես նրա անհարթ տեղերը, անձրևով փափկացնում ես այն և օրհնում նրանից բուսածը։

11. Դու տարին պսակում ես քո բարիքներով, և քո հետքերը պարարտություն են կաթեցնում։

12. Փարթամ են արոտավայրերը, և բլուրները ցնծություն են հագել։

13. Արոտները լցված են ոչխարներով, և հովիտները ծածկված են ցորենով. նրանք ցնծությամբ աղաղակում են և երգում։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 66

1. Ցնծությամբ աղաղակե՛ք Աստծուն, ո՛վ բոլոր երկրներ։

2. Սաղմո՛ս ասացեք նրա անվան փառքին, փառավո՛ր արեք նրա գովությունը։

3. Ասացե՛ք Աստծուն. «Ի՜նչ զարմանալի են քո գործերը. քո մեծ զորության համար քո թշնամիները պիտի շողոքորթեն քեզ։

4. Ամեն երկիր պիտի երկրպագի քեզ և սաղմոս ասի քեզ, սաղմոս պիտի ասի քո անվանը»։ (Սելա)։

5. Եկե՛ք և տեսե՛ք Աստծու գործերը. նա իր գործերով ահեղ է մարդկանց որդիների համար։

6. Ծովը ցամաքի փոխեց, գետի միջով մարդիկ անցան ոտքով. այնտեղ էլ մենք ուրախ եղանք նրանով։

7. Նա իր ուժով տիրում է հավիտյան, նրա աչքերը նայում են հեթանոսներին. ապստամբները թող չբարձրանան։ (Սելա)։

8. Ո՛վ ժողովուրդներ, օրհնե՛ք մեր Աստծուն և լսե՛լ տվեք նրա գովության ձայնը։

9. Նա մեր անձը պահում է կյանքի մեջ և չի թողնում, որ մեր ոտքերը սասանվեն։

10. Որովհետև դու քննեցիր մեզ, ո՜վ Աստված, փորձեցիր մեզ, ինչպես արծաթն է փորձվում։

11. Դու որոգայթի մեջ մտցրիր մեզ, ծանր բեռ դրեցիր մեր մեջքին,

12. Մեր գլխի վրա մարդիկ նստեցրիր, կրակի ու ջրի մեջ մտանք, բայց դու մեզ առատության տեղ հանեցիր։

13. Ես ողջակեզներով պիտի մտնեմ քո տունը, պիտի հատուցեմ քեզ իմ ուխտերը,

14. Որոնք խոստացան իմ շրթունքները, և իմ բերանը խոսեց իմ նեղության ժամանակ։

15. Պարարտ ողջակեզներ պիտի մատուցեմ քեզ՝ խոյերի զոհման բուրմունքով, ցլեր պիտի զոհեմ քեզ՝ նոխազների հետ։ (Սելա)։

16. Եկե՛ք ու լսե՛ք բոլորդ, որ վախենում եք Աստծուց, որ ձեզ պատմեմ, թե նա ինչ արեց իմ անձի համար։

17. Ես իմ բերանով կանչեցի նրան, և փառաբանություն կար իմ լեզվի տակ։

18. Եթե ես անօրենություն տեսնեի իմ սրտի մեջ, Տերը չէր լսի ինձ։

19. Սակայն Աստված լսեց և ականջ դրեց իմ աղոթքի ձայնին։

20. Օրհնյա՜լ է Աստված, որ չմերժեց իմ աղոթքը և իր ողորմությունը չհեռացրեց ինձնից։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 67

1. Աստված թող ողորմի մեզ և օրհնի մեզ. իր երեսը թող փայլեցնի մեզ վրա, (Սելա)։

2. Որ քո ճանապարհը ճանաչվի երկրում, և քո փրկությունը՝ բոլոր ազգերի մեջ։

3. Ժողովուրդները թող գոհանան քեզնից, ո՜վ Աստված, բոլոր ժողովուրդները թող գոհանան քեզնից։

4. Թող ուրախանան ու ցնծան ժողովուրդները, որովհետև դու ուղիղ ես դատում ժողովուրդներին և ազգերին առաջնորդում ես երկրի վրա։ (Սելա)։

5. Ժողովուրդները թող գովեն քեզ, ո՜վ Աստված, բոլոր ժողովուրդները թող գովեն քեզ։

6. Երկիրն իր պտուղը տվեց. Աստված, մեր Աստվածը թող օրհնի մեզ։

7. Աստված թող օրհնի մեզ, և թող նրանից վախենան երկրի բոլոր ծայրերը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 68

1. Թող Աստված վեր կենա, նրա թշնամիները ցրվեն, և նրան ատողները փախչեն իր առջևից։

2. Ինչպես ոչնչանում է ծուխը, ոչնչացրո՛ւ նրանց. ինչպես հալվում է մոմը կրակի առջև, այդպես թող ամբարիշտները կորչեն Աստծու առջևից։

3. Բայց արդարները պիտի ուրախանան և ցնծան, պիտի զվարճանան իրենց ուրախությամբ։

4. Երգե՛ք Աստծուն, սաղմո՛ս ասացեք նրա անվանը, անապատի միջով հեծյալ եկողին ճանապա՛րհ պատրաստեցեք. Եահ է նրա անունը. ցնծացե՛ք նրա առջև։

5. Որբերի հայր և որբևայրիների դատավոր է Աստված իր սուրբ բնակարանում։

6. Աստված միայնակներին բնակեցնում է տան մեջ, գերիներին հանում է հաջողության մեջ, բայց ապստամբները բնակվում են չոր տեղում։

7. Ո՜վ Աստված, երբ դու քո ժողովրդի առջևից գնում էիր, անապատի միջով անցնելիս (Սելա)։

8. Երկիրը դողաց, և երկինքը շաղ տեղաց Աստծու երեսից. Սինա սարն էլ ցնցվեց Աստծու՝ Իսրայելի Աստծու երեսից։

9. Առատության անձրև տեղացիր, ո՜վ Աստված. քո ժառանգությունը, որ հոգնած էր, դու զորացրիր։

10. Քո ժողովուրդը բնակվեց այնտեղ. քո քաղցրությամբ կերակուր պատրաստեցիր խեղճի համար, ո՜վ Աստված։

11. Տերը տալիս է իր խոսքը. ավետող մարդիկ մեծ բազմություն են։

12. Զորքերի թագավորները պիտի փախչեն փախեփախ, տան մեջ բնակվող կինը պիտի բաժանի ավարը։

13. Երբ հանգստանում եք մակաղատեղերում, աղավնու թևերը փայլում են արծաթով պատած, և նրանց փետուրները՝ դեղին ոսկով։

14. Երբ Ամենակարողն այդ երկրում թագավորներին ցրեց, երկիրը ճերմակափայլ դարձավ, ինչպես ձյունը Սաղմոնում։

15. Ո՛վ Աստծու սար, Բասա՛ն, ո՛վ բարձր և պարարտ լեռ.

16. Ո՛վ բարձր լեռներ, ինչո՞ւ եք նախանձով նայում. սա այն լեռն է, որին հավանեց Աստված՝ նրա վրա բնակվելու համար. Տերը պիտի հավիտյան բնակվի նրա վրա։

17. Աստծու կառքերը երկու բյուր են, հազարապատիկ. Տերը նրանց մեջ է, Սինայում՝ իր սուրբ վայրում։

18. Վեր ելար բարձր տեղերը, գերեվարեցիր գերությունը, պարգևներ առար մարդկանց համար և ապստամբների համար էլ, որ Աստված նրանց մեջ էլ բնակվի։

19. Օրհնյալ է Տերը օր օրի. եթե մեզ վրա բեռ դնելու լինեն, Աստված է մեր փրկությունը։ (Սելա)։

20. Աստված փրկության Աստված է մեզ համար, և Տեր Աստված ազատում է մահվանից։

21. Սակայն Աստված պիտի փշրի իր թշնամիների գլուխը և նրանց մազոտ գագաթը, ովքեր գնում են իրենց անօրենությունների մեջ։

22. Տերն ասաց. «Նրանց պիտի ետ դարձնեմ Բասանից, պիտի ետ դարձնեմ ծովի անդունդից։

23. Որ քո ոտքը թրջես արյունով, և քո շների լեզուն իր բաժինն առնի թշնամիներից»։

24. Տեսան քո երթը, ո՜վ Աստված, իմ Աստծու՝ իմ Թագավորի երթը սրբարանի մեջ։

25. Նախ երգողները գնացին, հետո նվագածուները՝ թմբկահար կույս աղջիկների մեջտեղը։

26. Օրհնեցե՛ք Տեր Աստծուն ժողովուրդների մեջ, դուք, որ Իսրայելի աղբյուրից եք։

27. Այնտեղ են փոքր Բենիամինը՝ նրանց տիրակալը, Հուդայի իշխանները՝ իրենց խմբով, Զաբուղոնի իշխանները, Նեփթաղիմի իշխանները։

28. Քո Աստվածը հաստատեց քո զորությունը. զորացրո՛ւ այն, ո՜վ Աստված, ինչ արեցիր մեզ համար։

29. Երուսաղեմում քո տաճարի համար թագավորներն ընծա պիտի բերեն քեզ։

30. Սաստի՛ր եղեգների գազանին, ցլերի բազմությունը՝ ազգերի երինջների հետ, որպեսզի ընկնեն երեսների վրա արծաթի կտորներով. ցրի՛ր այն ազգերին, որոնք կռիվ են կամենում։

31. Իշխաններ պիտի գան Եգիպտոսից, եթովպացիները պիտի իրենց ձեռքերը մեկնեն Աստծուն։

32. Ո՛վ երկրի թագավորություններ, երգեցե՛ք Աստծուն, սաղմո՛ս ասացեք Տիրոջը. (Սելա)։

33. Նրան, որ հավիտյան նստում է երկինքների երկնքի վրա. ահա իր զորավոր ձայնով նա պիտի ձայն տա։

34. Ճանաչե՛ք Աստծու զորությունը. նրա փառքը Իսրայելի վրա է, և ամպերի մեջ է նրա զորությունը։

35. Զարմանալի ես քո սրբարանում, ո՜վ Աստված, Իսրայելի՛ Աստված. նա զորություն և կարողություն է տալիս ժողովրդին. օրհնյա՜լ է Աստված։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 69

1. Ազատի՛ր ինձ, ո՜վ Աստված, որովհետև ջրերը մինչև իմ անձը հասան։

2. Խրվեցի ցեխի մեջ, որ հատակ չունի, մտա ջրերի խոր տեղը, և հորձանքն ինձ կուլ է տալիս։

3. Հոգնել եմ իմ աղաղակելուց, կոկորդս ցամաքեց, աչքերս նվաղեցին Աստծուն նայելուց։

4. Ինձ զուր տեղն ատողները շատացան իմ գլխի մազերից. զորավոր են ինձ կորցնել ցանկացող թշնամիներս. այն, ինչ չեմ հափշտակել, պետք է վճարեմ։

5. Ո՜վ Աստված, դու գիտես իմ հիմարությունը, և իմ հանցանքները ծածկված չեն քեզնից։

6. Թող իմ պատճառով չամաչեն նրանք, ովքեր սպասում են քեզ, ո՜վ Տեր, Զորությունների՛ Տեր. թող իմ պատճառով ամոթահար չլինեն քեզ փնտրողները, ո՛վ Իսրայելի Աստված։

7. Որովհետև ես քեզ համար համբերում եմ նախատինքին. ամոթը ծածկում է իմ երեսը։

8. Օտար եղա իմ եղբայրներին և անծանոթ՝ իմ մոր որդիների համար,

9. Որովհետև քո տան նախանձախնդրությունը կերավ ինձ, և քեզ նախատինք տվողների նախատինքներն ընկան ինձ վրա։

10. Լաց եմ լինում, իմ անձը ծոմ է պահում, և դա նախատինք է լինում ինձ համար։

11. Ես իմ հանդերձանքը քուրձ դարձրի, առակ եմ դարձել նրանց համար.

12. Դռներին նստողներն ինձնից են զրույց անում. խմիչքներից հարբեցողների համար խաղք եմ դարձել։

13. Բայց ես աղոթք եմ անում, ո՜վ Տեր, ընդունելի ժամանակին, ո՜վ Աստված, քո առատ ողորմության համար լսի՛ր ինձ քո փրկության ճշմարտությամբ։

14. Հանի՛ր ինձ ցեխից, որ չթաղվեմ. թող որ փրկվեմ ինձ ատողներից և խոր ջրերից։

15. Թող ջրերի հորձանքը չհափշտակի ինձ, և անդունդն ինձ կուլ չտա, և հորն իր բերանը չփակի ինձ վրա։

16. Լսի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև բարի է քո քաղցրությունը. քո մեծ ողորմության համեմա՛տ նայիր ինձ վրա։

17. Քո երեսը մի՛ դարձրու քո ծառայից, որովհետև ես նեղության մեջ եմ, շուտ լսի՛ր ինձ։

18. Մոտեցի՛ր իմ անձին, փրկի՛ր նրան, ազատի՛ր ինձ իմ թշնամիների պատճառով։

19. Դու գիտես իմ նախատինքը, իմ ամոթն ու խայտառակությունը, քո առջև են բոլոր ինձ նեղողները։

20. Նախատինքը կոտրեց իմ սիրտը, և ես հիվանդ դարձա. սպասեցի ցավակցության, բայց չկար, մխիթարիչների, բայց չեմ գտնում։

21. Թույն են դնում կերակրիս մեջ և ծառայությանս մեջ քացախ են խմեցնում ինձ։

22. Թող նրանց սեղանն իրենց առջև որոգայթ դառնա, և հաջողության տեղ վարմ լինի։

23. Թող խավարեն նրանց աչքերը, որ չտեսնեն, և միշտ դողացրո՛ւ նրանց մեջքը։

24. Քո զարհուրանքը թափի՛ր նրանց վրա, և թող քո բարկության կրակը նրանց հասնի։

25. Թող ավերակ լինի նրանց բնակարանը, և բնակվող չլինի նրանց տներում։

26. Որովհետև ում դու զարկեցիր, հալածում են նրան, պատմում են և քեզնից խոցվածների ցավերի մասին։

27. Մե՛ղք դիր նրանց մեղքի վրա, որ չհասնեն քո արդարությանը։

28. Նրանք թող ջնջվեն Կենաց գրքից և չգրվեն արդարների հետ։

29. Բայց ես աղքատ եմ և ցավերով լի, ո՜վ Աստված, քո փրկությունը թող պաշտպանի ինձ։

30. Ես երգով պիտի գովեմ Աստծու անունը և գովաբանությամբ պիտի փառաբանեմ նրան։

31. Եվ սա ավելի հաճելի պիտի լինի Տիրոջը, քան եղջյուրավոր և կճղակավոր պարարտ եզը։

32. Խեղճերը պիտի տեսնեն և ուրախանան. ո՛վ Աստծուն խնդրողներ, ձեր սիրտն էլ պիտի կենդանանա,

33. Որովհետև Տերը լսում է խեղճերին և չի անարգում իր գերիներին։

34. Թող նրան գովեն երկինքն ու երկիրը, ծովերն ու նրանց մեջ բոլոր զեռուն արարածները։

35. Որովհետև Տերը պիտի փրկի Սիոնը և շինի Հուդայի քաղաքները, և պիտի բնակվեն այնտեղ ու ժառանգեն այն։

36. Եվ պիտի վայելեն այն ծառաների զավակները, և նրա մեջ պիտի բնակվեն նրա անունը սիրողները։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 70

1. Ո՜վ Աստված, շո՛ւտ արա, որ փրկես ինձ, որ օգնես ինձ, ո՜վ Տեր։

2. Թող ամաչեն և ամոթահար լինեն իմ անձը փնտրողները, թող ետ դառնան և ամոթահար լինեն ինձ չար կամեցողները։

3. Թող իրենց ամոթով ետ դառնան նրանք, որ ինձ համար ասում են. «Վա՜հ, վա՜հ»։

4. Բոլոր քեզ փնտրողները թող ցնծան և ուրախանան քեզնով, և քո փրկությունը սիրողները միշտ ասեն. «Մեծ է Աստված»։

5. Բայց ես աղքատ եմ և տնանկ, ո՜վ Աստված, շտապ հասի՛ր ինձ. դու ես իմ օգնականն ու փրկիչը, Տե՛ր, մի՛ ուշացիր։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 71

1. Ո՜վ Տեր, ես հույսս քեզ վրա դրեցի. թող որ չամաչեմ հավիտյան։

2. Քո արդարությամբ ազատի՛ր և փրկի՛ր ինձ. խոնարհեցրո՛ւ ականջդ դեպի ինձ և փրկի՛ր ինձ։

3. Ապավինության վե՛մ եղիր ինձ համար, որ միշտ գամ քեզ մոտ. դու հրամայեցիր, որ փրկես ինձ, որովհետև իմ վեմը և իմ բերդը դու ես։

4. Աստվա՛ծ իմ, փրկի՛ր ինձ ամբարիշտի ձեռքից, անօրեն և բռնակալ մարդու ձեռքից։

5. Որովհետև դու ես իմ ապավենը, ո՜վ Տեր, Տե՛ր, դու ես իմ հույսը իմ մանկությունից։

6. Ես իմ մոր արգանդից հենվեցի քեզ վրա. դու ես իմ պահապանը իմ մոր որովայնից. իմ օրհնությունը միշտ քեզ համար է։

7. Ես հրաշքի պես եղա շատերի համար, բայց դու ես իմ զորավոր ապավենը։

8. Թող իմ բերանը լցվի քո գովասանքով, և ամեն օրը՝ քո փառաբանությամբ։

9. Իմ ծերության ժամանակ մի կողմ մի՛ նետիր ինձ. մի՛ լքիր ինձ զորությունս պակասելիս,

10. Որովհետև թշնամիներս խոսում են իմ դեմ, և իմ անձին սպասողները խորհուրդ են անում իրար հետ

11. Եվ ասում են. «Աստված լքեց նրան. հալածե՛ք և բռնե՛ք նրան, քանզի ոչ ոք չկա, որ փրկի նրան»։

12. Ո՜վ Աստված, մի՛ հեռացիր ինձնից. ո՛վ իմ Աստված, շուտ օգնի՛ր ինձ։

13. Թող ամաչեն և կորչեն իմ անձի հակառակորդները. թող նախատինքով և ամոթով ծածկվեն ինձ չար կամեցողները։

14. Բայց ես միշտ պիտի սպասեմ և քո բոլոր փառաբանությունների վրա փառաբանություն ավելացնեմ։

15. Թող իմ բերանը պատմի քո արդարությունը, ամեն օրը՝ քո փրկությունը, որովհետև ես չգիտեմ նրանց հաշիվը։

16. Ես պիտի գամ Տիրոջ զորությամբ, ես պիտի հիշեմ միայն քո արդարությունը։

17. Ո՜վ Աստված, դու սովորեցրիր ինձ իմ մանկությունից, և մինչև հիմա պատմում եմ քո հրաշքների մասին։

18. Եվ հիմա մինչև իմ ծերությունն ու ալևորությունը մի՛ լքիր ինձ, ո՜վ Աստված, մինչև որ հաջորդ սերնդին պատմեմ քո բազկի կարողությունը և քո զորությունը բոլոր նրանց, որ պիտի գան։

19. Քո արդարությունը, ո՜վ Աստված, որ շատ բարձր է, և դու մեծամեծ գործեր արեցիր, ո՜վ Աստված. ո՞վ է քեզ նման։

20. Դու, որ նեղություններ և չարչարանքներ ցույց տվեցիր ինձ, դարձյալ դու ես, որ կենդանացնում ես ինձ, դարձյալ դու ես ինձ հանում երկրի անդունդից։

21. Դու ես շատացնում իմ մեծությունը և դարձյալ մխիթարում ես ինձ։

22. Ես նվագարանով պիտի գովեմ քեզ քո ճշմարտության համար, ո՜վ Աստված, սաղմոս պիտի ասեմ քնարով, ո՛վ Սուրբդ Իսրայելի։

23. Իմ շրթունքները պիտի ցնծան, երբ սաղմոս ասեմ քեզ, և իմ անձը, որ դու փրկեցիր։

24. Եվ իմ լեզուն ամեն օր պիտի խոսի քո արդարությունից, որովհետև ամաչեցին և ամոթահար եղան ինձ չար կամեցողները։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 72

1. Ո՜վ Աստված, քո իրավունքները թագավորի՛ն տուր և քո արդարությունը՝ թագավորի որդուն։

2. Նա արդարությամբ պիտի դատի քո ժողովրդին, և քո խեղճերին՝ իրավունքով։

3. Լեռները խաղաղություն պիտի բուսցնեն ժողովրդի համար, և բլուրները՝ լցվեն արդարությամբ։

4. Նա պիտի տա ժողովրդի աղքատների իրավունքը, խեղճերի որդիներին պիտի փրկի և պիտի ջարդի զրկողներին.

5. Քեզնից պիտի վախենան, քանի կա արեգակը, և լուսնի առջև՝ ազգից մինչև ազգ։

6. Պիտի ցած գա, ինչպես անձրևը հնձած խոտի վրա, ինչպես շաղը, որ ոռոգում է երկիրը։

7. Նրա օրերին արդարը պիտի ծաղկի, և մեծ խաղաղություն պիտի լինի, մինչև այլևս լուսին էլ չլինի։

8. Ծովից մինչև ծով նա պիտի տիրի և Եփրատ գետից մինչև երկրի ծայրերը։

9. Նրա առջև պիտի խոնարհվեն անապատում բնակվողները, և նրա թշնամիները փոշի պիտի լիզեն։

10. Թարսիսի և կղզիների թագավորներն ընծա պիտի մատուցեն, պարգևներ պիտի բերեն Շաբայի և Սաբայի թագավորները։

11. Բոլոր թագավորները պիտի երկրպագեն նրան, բոլոր ազգերը պիտի ծառայեն նրան։

12. Որովհետև նա պիտի փրկի խեղճին, որ աղաղակում է, և աղքատին, որ օգնական չունի։

13. Նա պիտի խղճա տկարին և խեղճին և պիտի ազատի խեղճերի անձերը։

14. Նրանց անձերը պիտի փրկի նենգությունից և բռնությունից, և նրանց արյունը պիտի պատվական լինի իր առաջ։

15. Նա պիտի ապրի, և նրան ոսկի պիտի տան Շաբայի ոսկուց և ամեն ժամանակ պիտի աղոթք անեն նրա համար, ամեն օր պիտի օրհնեն նրան։

16. Ցորենի առատություն պիտի լինի երկրի մեջ՝ լեռների գագաթների վրա. նրա պտուղը պիտի շարժվի, ինչպես Լիբանանը, և քաղաքից պիտի ծաղկեն, ինչպես երկրի խոտը։

17. Նրա անունը հավիտյան թող լինի, քանի դեռ կա արեգակը, նրա անունը կմնա, և կօրհնվեն նրանով, և բոլոր ազգերը երանի կտան նրան։

18. Օրհնյա՜լ է Տեր Աստվածը՝ Իսրայելի Աստվածը, որ միայն ինքն է հրաշք գործում։

19. Օրհնյա՜լ է հավիտյան նրա փառավոր անունը, և թող ողջ երկիրը լցվի նրա փառքով. ամեն, ամեն։

20. Վերջացան Հեսսեի որդու՝ Դավթի աղոթքները։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 73

1. Հիրավի, Աստված բարի է Իսրայելի համար, սրտով ուղիղների համար։

2. Եվ քիչ էր մնացել, որ ոտքերս ծռվեին, և բան չէր մնացել, որ քայլվածքս սահեր։

3. Որովհետև նախանձեցի ամբարտավաններին՝ ամբարիշտների խաղաղությունը տեսնելով,

4. Որովհետև նրանք ցավ չունեն մինչև իրենց մահը, և նրանց մարմինն էլ ամուր է։

5. Նրանք մարդու նեղության մեջ չեն և չեն տանջվում ուրիշ մարդկանց հետ։

6. Դրա համար էլ ամբարտավանությունը վզնոցի պես պատում է նրանց, և բռնությունը զարդարանքի պես ծածկում է նրանց։

7. Նրանց աչքերը դուրս են գալիս պարարտությունից, նրանք իրենց սրտի խորհուրդներով են վարվում։

8. Ծիծաղում են և չարությամբ խոսում բռնության համար, բարձրից են խոսում։

9. Իրենց բերանը երկնքի մեջ են դնում, բայց նրանց լեզուն ման է գալիս երկրի մեջ։

10. Դրա համար էլ նրա ժողովուրդը պիտի վերադառնա այստեղ, և լիությամբ պիտի ջուր քամեն իրենց համար։

11. Եվ ասում են. «Աստված ինչպե՞ս գիտի, և կա՞ արդյոք գիտություն Բարձրյալի մոտ»։

12. Սրանք են ահա ամբարիշտները, որ հաջողակ են այս աշխարհում և ավելացնում են հարստությունը։

13. Հիրավի, զուր տեղն եմ իմ սիրտը սրբում և իմ ձեռքերը լվանում սրբությամբ

14. Եվ ամեն օր տանջվում եմ ու խրատվում ամեն առավոտ։

15. Եթե ասեի, թե ես էլ նրանց նման կխոսեմ, ապա քո որդիների ազգին նենգություն պիտի անեի։

16. Եվ ես միտք արեցի, որ այդ իմանամ, սակայն դժվար էր իմ աչքի առաջ,

17. Մինչև որ Աստծու սրբարանը մտա և նրանց վերջն իմացա։

18. Հիրավի, դու նրանց հեշտ սահելու տեղեր ես դնում, կործանվելու մեջ ես գցում նրանց։

19. Ինչպե՜ս են հանկարծակի ոչնչանում, սատկում, կորչում զարհուրանքով։

20. Ինչպես երազն է զարթնելուց հետո, այնպես էլ դու, Տե՛ր, զարթնելիս պիտի անարգես նրանց պատկերը։

21. Երբ իմ սիրտը դառը ցավեց, և իմ հոգուց խոցվեցի,

22. Այն ժամանակ ես հիմար էի և չիմացա. անասունի պես եղա քո առաջ։

23. Բայց միշտ քեզ հետ եմ, դու բռնեցիր իմ աջ ձեռքից։

24. Դու ես ինձ առաջնորդում քո խորհրդով և վերջը փառքով պիտի ընդունես ինձ։

25. Ո՞վ ունեմ ես երկնքում, երկրի վրա էլ քեզնից բացի ուրիշ բան չեմ ուզում։

26. Թեև մաշվում են սիրտս ու մարմինս, սակայն Աստված հավիտյան իմ սրտի ուժն է և իմ բաժինը։

27. Որովհետև քեզնից հեռացողներն ահա պիտի կորչեն. դու պիտի սատկեցնես բոլոր նրանց, որ շնություն են անում քո դեմ։

28. Բայց ինձ համար բարի է, որ մոտենամ Աստծուն. իմ հույսը դնում եմ Տեր Աստծու վրա, որ քո բոլոր գործերը պատմեմ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 74

1. Ո՜վ Աստված, ինչո՞ւ ես մեզ բոլորովին մերժում. քո բարկությունը բորբոքվում է քո արոտի ոչխարների վրա։

2. Հիշի՛ր քո ժողովրդին, որ ստացար սկզբից, փրկեցիր, որ քեզ համար ժառանգության վիճակ լինի, այս Սիոն լեռը, որտեղ բնակվում ես։

3. Բարձրացրո՛ւ քո քայլերը մշտական ավերումների վրա. թշնամին ամեն ինչ ապականեց քո սրբարանում։

4. Քո հակառակորդները գոռում են ժողովարանիդ մեջ. իրենց նշանները նշանների տեղ են դնում։

5. Նա երևում է, ինչպես մի մարդ, որ կացինը բարձրացրել է անտառի ծառերի վրա։

6. Եվ հիմա նրա քանդակակերտ բոլոր զարդարանքները կտրտեցին կացիններով և մուրճերով։

7. Կրակ գցեցին քո սրբարանի մեջ, գետին տապալելով պղծեցին քո անվան բնակարանը։

8. Իրենց սրտերում ասացին. «Սրանք բոլորը միասին եկեք կորցնենք». երկրի մեջ այրեցին Աստծու բոլոր ժողովարանները։

9. Մեր նշանները չենք տեսնում. էլ մարգարե չկա, և մեզ մոտ մեկը չկա, որ մեզ գիտենա. մինչև ե՞րբ։

10. Ո՜վ Աստված, մինչև ե՞րբ է նախատելու նեղություն տվողը, մի՞թե թշնամին պիտի իսպառ անարգի քո անունը։

11. Ինչո՞ւ ես ետ դարձնում ձեռքդ և աջդ. հանի՛ր քո ծոցից, կորցրո՛ւ նրանց։

12. Բայց Աստված է իմ թագավորը սկզբից, որ փրկություններ արեց երկրի մեջ։

13. Դու ծովը պատռեցիր քո զորությամբ, վիշապների գլուխները փշրեցիր ջրերի մեջ։

14. Դու ջարդեցիր լևիաթանի գլուխները. նրան կերակուր դարձրիր, անապատում տվեցիր ժողովրդին։

15. Դու աղբյուրներ և առուներ բխեցրիր. դու ցամաքեցրիր սաստիկ գետերը։

16. Քոնն է ցերեկը, քոնն է գիշերը. դու պատրաստեցիր լուսատուները և արեգակը։

17. Դու հաստատեցիր երկրի բոլոր սահմանները. դու ստեղծեցիր ամառն ու ձմեռը։

18. Հապա մտաբերի՛ր այս, որ թշնամին նախատինք է տալիս Տիրոջը, և հիմար ազգը անարգում է քո անունը։

19. Քո տատրակի անձը մի՛ մատնիր գազանին, քո աղքատների կյանքը մի՛ մոռացիր ընդմիշտ։

20. Նայի՛ր քո ուխտին, որովհետև երկրի խավար տեղերը լցված են անօրենության բնակարաններով։

21. Խեղճը թող հետ չդառնա ամոթով, խեղճն ու աղքատը թող օրհնեն քո անունը։

22. Վե՛ր կաց, ո՜վ Աստված, արա՛ քո դատաստանը, հիշի՛ր այն նախատինքը, որ հիմարն ամեն օր տալիս է քեզ։

23. Մի՛ մոռացիր քո թշնամիների ձայնը և քո դեմ ոտքի ելածների խռովությունը, որ բարձրանում է ամեն ժամանակ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 75

1. Գոհություն ենք մատուցում քեզ, ո՜վ Աստված, գոհություն. և քո անունը մոտ է. պատմում են քո հրաշքները։

2. Երբ պատշաճ ժամանակ ունենամ, ես պիտի ուղիղ դատեմ։

3. Երկիրը և նրա բոլոր բնակիչները մաշվեցին. ես պիտի հաստատեմ նրա սյուները։ (Սելա)։

4. Ասացի հիմարներին. «Հիմարություն մի՛ արեք», և ամբարիշտներին՝ «Եղջյուր մի՛ բարձրացրեք»։

5. Ձեր եղջյուրը մի՛ բարձրացրեք դեպի վեր, մի՛ խոսեք գոռոզամիտ կերպով։

6. Որովհետև բարձրանալը ո՛չ արևելքից է, ո՛չ արևմուտքից և ո՛չ էլ անապատից։

7. Բայց Աստված է դատավոր. սրան ցածրացնում է, նրան՝ բարձրացնում։

8. Որովհետև բաժակ կա Տիրոջ ձեռքին, և եփվում է պղտորությամբ լցված գինին. գինին թափվում է նրանից, բայց հիրավի երկրի բոլոր ամբարիշտները պիտի քամեն ու խմեն նրա մրուրները։

9. Բայց ես հավիտյան պիտի պատմեմ, սաղմոս պիտի ասեմ Հակոբի Աստծուն։

10. Ես պիտի փշրեմ ամբարիշտների բոլոր եղջյուրները. արդարների եղջյուրները պիտի բարձրանան։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 76

1. Աստված հայտնի է Հուդայի մեջ. նրա անունը մեծ է Իսրայելի մեջ։

2. Սաղեմի մեջ է նրա խորանը. նրա բնակարանը՝ Սիոնի մեջ։

3. Այնտեղ փշրեց աղեղի թռչող նետերը, վահանը, սուրը և կռիվը։ (Սելա)։

4. Դու լուսավոր ես, ավելի փառավոր, քան հափշտակության սարերը։

5. Սրտով զորավորները ավար դարձան, ննջեցին իրենց քնով, և բոլոր զորավոր մարդիկ իրենց ձեռքերում ուժ չգտան։

6. Ո՛վ Հակոբի Աստված, քո սաստելուց քնով թմրեցին կառքերն ու ձիերը։

7. Դու ահեղ ես, ո՜վ Տեր, ո՞վ կարող է կանգնել քո առջև քո բարկության ժամանակ։

8. Դու երկնքից լսել ես տալիս դատաստանը. երկիրը վախենում է և մնում է լուռ,

9. Երբ Աստված վեր է կենում դատաստան անելու, որպեսզի փրկի երկրի բոլոր խեղճերին։ (Սելա)։

10. Որովհետև մարդկանց բարկությունը պիտի փառք դառնա քեզ համար, իսկ ավելորդ բարկությունը պիտի կապես, ինչպես գոտի։

11. Ո՛ւխտ դրեք և կատարե՛ք այն ձեր Տեր Աստծու համար. բոլորը, որ նրա չորս կողմում են, թող ընծա բերեն Ահեղին։

12. Նա կոտրում է իշխանների հոգին և ահավոր է երկրի թագավորների նկատմամբ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 77

1. Իմ ձայնը Աստծուն է ուղղված, և ես կանչում եմ. իմ ձայնը Աստծուն է ուղղված, և նա կլսի ինձ։

2. Իմ նեղության օրը խնդրում եմ Տիրոջը. իմ ձեռքը մեկնած է գիշերը և չի թուլանում. իմ անձը չի կամենում մխիթարվել։

3. Հիշում եմ Տիրոջը և անհանգիստ եմ. միտք եմ անում, և նվաղում է հոգիս։ (Սելա)։

4. Արթուն ես պահում իմ աչքերը. խռովված եմ և չեմ կարող խոսել։

5. Մտածում եմ առաջվա օրերի մասին, հավիտյան անցած տարիների մասին։

6. Հիշում եմ գիշերվա մեջ իմ երգելը, խոսում եմ իմ սրտի հետ, և հոգիս քննություն է անում։

7. Մի՞թե Տերը հավիտյան դեն է նետելու և այլևս քաղցրություն ցույց չի տալու։

8. Մի՞թե հավիտյան վերջանալու է նրա ողորմությունը, և պակասելո՞ւ է նրա խոսքը ազգից մինչև ազգ։

9. Մի՞թե Աստված մոռացավ շնորհ ցույց տալ. մի՞թե բարկությամբ արգելեց իր ողորմությունը։ (Սելա)։

10. Բայց ես ասում եմ. «Սա իմ ցավն է. փոխելը Բարձրյալի ձեռքին է»։

11. Հիշում եմ Տիրոջ գործերը, որովհետև հիշում եմ հավիտենության քո հրաշքները։

12. Քննում եմ քո բոլոր գործերը և մտաբերում եմ քո արածները։

13. Ո՜վ Աստված, քո ճանապարհը սրբության մեջ է. ո՞ր աստվածն է մեծ, ինչպես մեր Աստվածը։

14. Դու ես Աստվածը, որ հրաշք է գործում. դու ցույց տվեցիր քո զորությունը ժողովուրդների մեջ։

15. Դու քո բազկով փրկեցիր քո ժողովրդին՝ Հակոբի և Հովսեփի որդիներին։ (Սելա)։

16. Ջրերը տեսան քեզ, ո՜վ Աստված, ջրերը տեսան քեզ ու դողացին, և անդունդները սարսափեցին։

17. Ամպերը ջուր թափեցին, երկինքները ձայն հանեցին, և քո նետերը գնացին։

18. Քո որոտման գոռոցը երկնքի ոլորտների մեջ էր. փայլատակումները լուսավորեցին աշխարհը, երկիրը դղրդաց և դողաց։

19. Քո ճանապարհը ծովի մեջ էր, և քո շավիղները՝ հորդառատ ջրերի մեջ, և քո հետքերը չհայտնվեցին։

20. Քո ժողովրդին առաջնորդեցիր ոչխարի հոտի նման՝ Մովսեսի և Ահարոնի ձեռքով։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 78

1. Ակա՛նջ դիր իմ օրենքին, ո՛վ իմ ժողովուրդ. խոնարհեցրե՛ք ձեր ականջները դեպի իմ բերանի խոսքերը։

2. Ես պիտի առակով բացեմ բերանս, հին ժամանակի խրթին բաներ պիտի խոսեմ,

3. Այն, որ լսեցինք ու ճանաչեցինք, և մեր հայրերը պատմեցին մեզ։

4. Մենք դրանք չենք թաքցնում որդիներից, եկող սերնդին պատմում ենք Տիրոջ գովասանքը և նրա զորություններն ու արած հրաշքները։

5. Նա վկայություն հաստատեց Հակոբի մեջ և օրենք դրեց Իսրայելում. այն, որ պատվիրեց մեր հայրերին, որպեսզի սովորեցնեն իրենց որդիներին,

6. Որպեսզի նոր սերունդը և այն որդիները, որ պիտի ծնվեն, իմանան. վեր կենան և պատմեն իրենց որդիներին։

7. Որ նրանք իրենց հույսը դնեն Աստծու վրա և չմոռանան Աստծու գործերը և պահեն նրա պատվիրանները։

8. Եվ իրենց հայրերի նման չլինեն ապստամբ և անհնազանդ ազգ. մի ազգ, որ իր սիրտը չպատրաստեց, և իր հոգին հավատարիմ չէ Աստծուն։

9. Եփրեմի որդիները, որ զենք առած աղեղնավորներ էին, պատերազմի օրը ետ դարձան,

10. Աստծու ուխտը չպահեցին և մերժեցին, չգնացին նրա օրենքի համաձայն։

11. Եվ մոռացան նրա գործերը և նրա հրաշքները, որ ցույց էր տվել իրենց։

12. Նրանց հայրերի առաջ հրաշք արեց Եգիպտոսի երկրում՝ Տայանիսի դաշտում։

13. Նա ծովը պատռեց և անցկացրեց նրանց և պարսպի պես կանգնեցրեց ջրերը։

14. Ցերեկն ամպով առաջնորդեց նրանց և ամեն գիշեր՝ կրակի լույսով։

15. Վեմերը ճեղքեց անապատում և նրանց խմեցրեց, ինչպես հեղեղներից։

16. Առուներ հանեց վեմից և գետերի պես ջրեր ցած բերեց։

17. Բայց և այնպես դարձյալ մեղանչեցին նրա դեմ և անապատի մեջ դառնացրին Բարձրյալին։

18. Եվ Աստծուն փորձեցին իրենց սրտում՝ կերակուր խնդրելով իրենց անձերի համար։

19. Եվ խոսեցին Աստծու դեմ և ասացին. «Մի՞թե Աստված կարող է սեղան պատրաստել անապատում։

20. Ահա վեմին զարկեց, և ջրեր բխեցին, և առուներ հոսեցին. մի՞թե կարող է հաց էլ տալ. մի՞թե միս էլ կպատրաստի իր ժողովրդի համար»։

21. Դրա համար էլ Տերը լսեց և խիստ բարկացավ. կրակ բորբոքվեց Հակոբի մեջ, և բարկություն իջավ Իսրայելի վրա,

22. Որ չհավատացին Աստծուն և հույս չդրեցին նրա փրկության վրա։

23. Տերը վերևից հրաման տվեց ամպերին և բացեց երկնքի դռները,

24. Եվ անձրևի պես մանանա տեղաց նրանց վրա կերակուրի փոխարեն, և երկնքի ցորենը տվեց նրանց։

25. Մարդը հրեշտակների հաց կերավ. նա առատ կերակուր ուղարկեց նրանց համար։

26. Նա երկնքում բարձրացրեց արևելյան քամին և իր զորությամբ մոտ բերեց հարավային քամին.

27. Եվ փոշու պես միս թափեց նրանց վրա և ծովի ավազի պես՝ թևավոր թռչուններ.

28. Եվ գցեց նրանց բանակի մեջ՝ բնակարանների չորս կողմը։

29. Եվ կերան ու խիստ կշտացան, և ըստ իրենց ցանկության տվեց նրանց։

30. Իրենց ցանկությունից դեռ չէին դադարել, դեռ իրենց կերակուրը բերաններում էր,

31. Աստծու բարկությունն իջավ նրանց վրա, և սպանեց նրանց զորավորներին և գետնին զարկեց Իսրայելի երիտասարդներին։

32. Եվ այսուհանդերձ էլի մեղանչեցին և չհավատացին նրա հրաշքներին։

33. Նա էլ նրանց օրերը սպառեց ունայնության մեջ և նրանց տարիները՝ ահի ու վախի մեջ։

34. Երբ սպանում էր նրանց, խնդրում էին նրան, ետ էին դառնում և առավոտից փնտրում էին Աստծուն։

35. Եվ հիշում էին, թե Աստված իրենց վեմն է, և Բարձրյալ Աստվածն իրենց Փրկիչն է։

36. Կեղծավորություն էին անում նրան իրենց բերանով և իրենց լեզվով սուտ էին ասում նրան։

37. Եվ նրանց սիրտն ուղիղ չէր նրա առջև, և հավատարիմ չէին նրա ուխտին։

38. Բայց նա ողորմած էր. քավում էր անօրենությունը և չէր ապականում. և շատ անգամ զսպում էր իր բարկությունը և չէր բորբոքում իր ամբողջ ցասումը։

39. Հիշում էր, որ նրանք մարմին են, քամի, որ գնում է և ետ չի դառնում։

40. Քանի անգամ նրան դառնացրին անապատում և բարկացրին նրան անջուր վայրում։

41. Կրկին ու կրկին փորձեցին Աստծուն և նեղացրին Իսրայելի Սրբին։

42. Չհիշեցին նրա ձեռքն այն օրը, երբ իրենց փրկեց թշնամուց,

43. Երբ իր նշաններն արեց Եգիպտոսում և իր հրաշքները՝ Տայանիսի դաշտում։

44. Եվ արյան փոխեց նրանց գետերը և առուները, որ չկարողանան խմել։

45. Շնաճանճեր ուղարկեց նրանց վրա, որ նրանց ուտեն, և գորտեր, որ ապականեն նրանց։

46. Եվ նրանց պտուղները մատնեց թրթուրին և նրանց վաստակը՝ մորեխին։

47. Նրանց խաղողի որթերը փչացրեց կարկուտով և նրանց թզի ծառերը՝ եղյամով։

48. Նրանց անասունները մատնեց կարկուտին և նրանց հոտերը՝ կայծակի կրակին։

49. Իր բարկության բոցն ուղարկեց նրանց վրա, ցասում, զայրույթ և նեղություն՝ չարիքների հրեշտակներ ուղարկելով։

50. Ճանապարհ պատրաստեց իր բարկության համար. նրանց անձերը չպահեց մահից և նրանց կյանքը մատնեց ժանտախտի։

51. Եվ բոլոր առաջնեկ որդիներին սպանեց Եգիպտոսի մեջ. զորության առաջին պտուղները՝ Քամի բնակարաններում։

52. Ոչխարների պես հանեց իր ժողովրդին և նրանց հոտի պես տարավ անապատի մեջ։

53. Եվ ապահով առաջնորդեց նրանց, և նրանք չվախեցան, իսկ ծովը ծածկեց նրանց թշնամիներին։

54. Նրանց տարավ իր սրբության սահմանը՝ այն սարը, որը ձեռք բերեց իր աջ ձեռքը։

55. Ազգեր վռնդեց նրանց առջևից և հողեր բաժանեց նրանց իբրև ժառանգություն. և Իսրայելի ցեղերին բնակեցրեց նրանց բնակարաններում։

56. Բայց նրանք փորձեցին և դառնացրին Բարձրյալ Աստծուն և չպահեցին նրա վկայությունները։

57. Իրենց հայրերի պես ետ դարձան և նենգություն արեցին. ետ դարձան ծուռ աղեղի նման։

58. Եվ նրան բարկացրին իրենց Բարձր տեղերով և իրենց կուռքերի պատկերներով շարժեցին նրա նախանձը։

59. Աստված լսեց և բարկացավ և շատ անարգեց Իսրայելին։

60. Մերժեց Սելովի բնակարանը՝ այն խորանը, որի մեջ բնակվում էր նա մարդկանց մեջ։

61. Գերության մատնեց նրա զորությունը և իր փառքը՝ թշնամիների ձեռքը։

62. Իր ժողովրդին սրի մատնեց և խիստ բարկացավ իր ժառանգության վրա։

63. Կրակը կերավ նրա երիտասարդներին, և նրա աղջիկների համար հարսանեկան երգ չերգեցին։

64. Նրա քահանաներն ընկան սրով, և նրա որբևայրիները չկարողացան սուգ անել։

65. Բայց Տերը կարծես թե զարթնեց քնից, ինչպես զորավոր մարդն է սթափվում գինուց։

66. Զարկեց իր թշնամիների թիկունքին և հավիտենական նախատինք տվեց նրանց։

67. Հովսեփի բնակարանն անարգեց և չընտրեց Եփրեմի ցեղը,

68. Այլ ընտրեց Հուդայի ցեղը և Սիոնի սարը, որ սիրեց։

69. Իր սրբարանը շինեց բարձր տեղերի նման և այն հաստատեց հավիտյան, ինչպես երկիրը։

70. Ընտրեց իր ծառա Դավթին և նրան վերցրեց ոչխարների փարախից։

71. Ծիծ տվող ոչխարների մոտից տարավ նրան, որ կառավարի իր Հակոբ ժողովրդին և իր Իսրայելի ժառանգությունը։

72. Եվ նա արածեցնում էր նրանց սուրբ սրտով և իմաստուն ձեռքով առաջնորդում էր նրանց։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 79

1. Ո՜վ Աստված, հեթանոսները մտան քո ժառանգության մեջ, պղծեցին քո սուրբ տաճարը, Երուսաղեմն ավերակ դարձրին։

2. Քո ստրուկների դիակները նրանք կերակուր տվին երկնքի թռչուններին և քո սրբերի մարմինները՝ երկրի գազաններին։

3. Նրանց արյունը թափեցին, ինչպես ջուրը Երուսաղեմի չորս կողմը, և թաղող չկար։

4. Մենք եղանք մեր դրացիների նախատինքը և մեր չորս կողմում գտնվողների ծաղրն ու անարգանքը։

5. Մինչև ե՞րբ, ո՜վ Տեր, պիտի միշտ բարկանաս, և քո նախանձը կրակի պես պիտի բորբոքվի՞։

6. Թափի՛ր քո բարկությունն այն ազգերի վրա, որ քեզ չեն ճանաչում, և այն թագավորությունների վրա, որոնք չեն տալիս քո անունը։

7. Որովհետև նրանք կերան Հակոբին և ավերեցին նրա բնակությունը։

8. Մի՛ հիշիր մեր առաջվա անօրենությունները. թող քո ողորմությունը շուտով հասնի մեզ, որովհետև մենք շատ տկարացանք։

9. Օգնի՛ր մեզ, ո՛վ մեր փրկության Աստված, քո անվան փառքի համար և փրկի՛ր մեզ և քավի՛ր մեր մեղքերը քո անվան համար։

10. Ինչո՞ւ հեթանոսներն ասեն. «Որտե՞ղ է նրանց Աստվածը». քո ծառաների թափված արյան վրեժը թող հայտնվի հեթանոսների մեջ, մեր աչքի առջև։

11. Գերիների հառաչանքը թող հասնի քո առջև. քո բազկի մեծության համեմատ ապրեցրո՛ւ մահվան մատնվածների որդիներին։

12. Յոթնապատիկ հատուցի՛ր մեր դրացիներին իրենց ծոցի մեջ, իրենց այն նախատինքի փոխարեն, որով քեզ անարգեցին, ո՜վ Տեր։

13. Բայց մենք քո ժողովուրդը և քո արոտի հոտն ենք. հավիտյան պիտի գոհություն մատուցենք քեզ և քո գովասանքը պիտի պատմենք սերնդեսերունդ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 80

1. Ո՛վ Իսրայելի Հովիվ, ակա՛նջ դիր. դու, որ Հովսեփին առաջնորդում ես հոտի պես, փայլի՛ր դու, որ նստում ես քերովբեների վրա։

2. Եփրեմի և Բենիամինի և Մանասեի առջև արթնացրո՛ւ քո զորությունը, ե՛կ մեզ ապրեցնելու համար։

3. Ո՜վ Աստված, վերադարձրո՛ւ մեզ և փայլեցրո՛ւ քո երեսը, և կապրենք։

4. Ո՜վ Տեր, Զորությունների՛ Աստված, մինչև ե՞րբ պիտի բարկանաս քո ժողովրդի աղոթքի վրա։

5. Արտասուքի հաց ես կերցնում նրանց և մեծ չափով արցունք ես նրանց խմեցնում։

6. Մեզ կռվի պատճառ ես դարձնում մեր դրացիների համար, և մեր թշնամիներն իրենց մեջ ծաղրում են մեզ։

7. Ո՛վ Զորությունների Աստված, վերադարձրո՛ւ մեզ և փայլեցրո՛ւ քո երեսը, և կապրենք։

8. Մի որթատունկ փոխադրեցիր Եգիպտոսից, ազգեր դուրս հանեցիր և տնկեցիր այն։

9. Ճանապարհ պատրաստեցիր նրա առջև և հաստատեցիր նրա արմատները, և նա լցրեց երկիրը։

10. Սարերը ծածկվեցին նրա ստվերով, և Աստծու մայրիների պես են նրա ճյուղերը։

11. Նրա ոստերը երկարացրիր մինչև ծովը և նրա ճյուղերը՝ մինչև գետը։

12. Ինչո՞ւ հիմա քանդեցիր նրա ցանկապատը, որ ճանապարհով բոլոր անցնողները կողոպտեն այն։

13. Անտառի խոզն ապականում է այն, և վայրի գազանը արածում է նրա մեջ։

14. Ո՛վ Զորությունների Աստված, դարձի՛ր, երկնքից նայի՛ր և տե՛ս, ե՛կ և նայի՛ր այս որթատունկին

15. Եվ նրա նոր բուսած ճյուղին, որ քո աջը տնկեց, և այն որդուն, որին զորացրիր քեզ համար։

16. Այրված է, կրակով կտրված. կորչում են քո երեսի սաստելուց։

17. Թող ձեռքդ քո աջ ձեռքի մարդու վրա լինի, այն մարդու որդու վրա, որին զորացրիր քեզ համար։

18. Այլևս քեզնից պիտի ետ չդառնանք. կենդանացրո՛ւ մեզ, և կկանչենք քո անունը։

19. Ո՜վ Տեր, Զորությունների՛ Աստված, վերադարձրո՛ւ մեզ, փայլեցրո՛ւ քո երեսը, և կապրենք։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 81

1. Ցնծացե՛ք Աստծու առջև, որ մեր զորությունն է. աղաղակե՛ք դեպի Հակոբի Աստվածը։

2. Բարձրացրե՛ք երգը, տվե՛ք թմբուկը, քաղցր քնարը՝ սաղմոսարանի հետ։

3. Փո՛ղ փչեցեք ամսագլխին, լրացած լուսնի ժամանակ՝ մեր տոնի օրը։

4. Որովհետև սա հրաման է Իսրայելի համար և Հակոբի Աստծու համար՝ իրավունք։

5. Վկայություն դրեց սա Հովսեփի մեջ, երբ նա դուրս էր գալիս Եգիպտոսի երկրի դեմ. լսում էի լեզուն, որը չգիտեի։

6. Նրա թիկունքը հեռացրի բեռից, և նրա ձեռքերը ազատվեցին քթոցից։

7. Նեղության մեջ դու կանչեցիր, և քեզ փրկեցի. քեզ լսեցի որոտման ծածկոցում, փորձեցի քեզ Մերիբայի ջրերի մոտ։ (Սելա)։

8. Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, և պիտի վկայեմ քեզ, ո՛վ Իսրայել. երանի թե լսեիր ինձ։

9. Օտար աստված չլինի քո մեջ, և օտար աստծու երկրպագություն չանես։

10. Ես եմ քո Տեր Աստվածը, որ քեզ հանեցի Եգիպտոսի երկրից. քո բերանը լայն բա՛ց արա, և ես պիտի լցնեմ այն։

11. Բայց իմ ժողովուրդը չլսեց իմ ձայնը, և Իսրայելը չհավանեց ինձ։

12. Ուստի նրանց թողեցի իրենց սրտերի կամքին, որպեսզի ընթանան ըստ իրենց խորհուրդների։

13. Եթե իմ ժողովուրդն ինձ լսեր, և Իսրայելը գնար իմ ճանապարհի մեջ,

14. Նրանց թշնամիներին շուտով պիտի խոնարհեցնեի և իմ ձեռքը պիտի դարձնեի նրանց նեղողների դեմ։

15. Տիրոջն ատողները պիտի խոնարհվեին նրա առջև, և նրանց ժամանակը հավիտյան պիտի լիներ։

16. Նա պիտի կերակրեր նրան ընտիր ցորենով. և վեմից բխած մեղրով պիտի կշտացնեի քեզ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 82

1. Աստված կանգնում է Աստծու ժողովրդի մեջ. նա դատ է վարում աստվածների դեմ.

2. Մինչև ե՞րբ եք անիրավությամբ դատելու և ամբարիշտներին երես տալու։ (Սելա)։

3. Աղքատի և որբի իրավունքը պաշտպանե՛ք, արդարացրե՛ք խեղճին և աղքատին։

4. Փրկեցե՛ք աղքատին և խեղճին, ազատեցե՛ք նրանց ամբարիշտների ձեռքից։

5. Բայց չիմացան, միտք չարեցին, գնացին խավարի մեջ. սասանված են երկրի բոլոր սյուները։

6. Ես ասացի. «Դուք աստվածներ եք, և բոլորդ՝ Բարձրյալի որդիներ,

7. Սակայն պիտի մեռնեք մարդկանց պես, պիտի ցած ընկնեք, ինչպես իշխաններից ամեն մեկը»։

8. Վե՛ր կաց, ո՜վ Աստված, դատի՛ր երկիրը, որովհետև դու պիտի ժառանգես բոլոր հեթանոսներին։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 83

1. Լուռ մի՛ մնա, ո՜վ Աստված, անձայն մի՛ եղիր և դադար մի՛ առ, ո՜վ Աստված։

2. Ահա գոռում են քո թշնամիները, և քեզ ատողները բարձրացրին իրենց գլուխները։

3. Խորամանկ հնարքներ են լարում քո ժողովրդի դեմ և խորհուրդ են անում քո պահպանածների դեմ.

4. Ասում են. «Եկեք կորցնենք նրանց, որ ազգ չլինեն, և այլևս չհիշվի Իսրայելի անունը»։

5. Միաբան սրտով խորհուրդ արեցին, դաշինք կնքեցին քո դեմ

6. Եդովմի բնակարանները և իսմայելացիները, Մովաբը և հագարացիները,

7. Գեբաղը և Ամոնն ու Ամաղեկը և փղշտացիները՝ Տյուրոսի բնակիչների հետ։

8. Ասուրն էլ միավորվեց նրանց հետ. օգնում են Ղովտի որդիներին։ (Սելա)։

9. Նրանց դեմ այնպե՛ս արա, ինչպես Մադիամին, ինչպես Սիսերային, ինչպես Հաբինին՝ Կիսոնի հեղեղատի մոտ։

10. Նրանք սատկեցին Ենդովրի մոտ, աղբ դարձան երկրի վրա։

11. Նրանց իշխաններին այնպե՛ս արա, ինչպես Օրեբին և Զեբին, և նրանց բոլոր մեծավորներին, ինչպես Զեբեեին և Սաղմանային,

12. Որոնք ասում են. «Աստծու բնակարանները տիրույթներ դարձնենք մեզ համար»։

13. Աստվա՛ծ իմ, նրանց փոշու պե՛ս դարձրու և ինչպես դարման՝ քամու առաջ,

14. Ինչպես կրակն այրում է անտառը, և ինչպես բոցը խանձում է լեռները։

15. Նրանց այնպե՛ս հալածիր քո մրրիկով, քո փոթորիկով զարհուրեցրո՛ւ նրանց։

16. Նրանց երեսները ծածկի՛ր անարգանքով, որպեսզի փնտրեն քո անունը, ո՜վ Տեր։

17. Թող ամաչեն և շփոթվեն հավիտյանս հավիտենից և ամոթահար լինեն ու կորչեն.

18. Եվ իմանան, որ դու կաս, որ Տեր է քո անունը. դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 84

1. Ինչքա՜ն սիրելի են քո բնակարանները, ո՛վ Զորությունների Տեր։

2. Իմ անձը ցանկանում և փափագում է Տիրոջ սրահները, իմ սիրտը և իմ մարմինը ցնծությամբ աղաղակում են կենդանի Աստծուն։

3. Ծիտն էլ տուն գտավ, և ծիծեռնակը՝ բույն իր համար, որ իր ձագերին դնի նրա մեջ, այսինքն՝ քո զոհասեղանների մոտ, ո՛վ Զորությունների Տեր, Թագավո՛ր իմ և Աստվա՛ծ իմ։

4. Երանի՜ քո տանը բնակվողներին. նրանք շարունակ պիտի օրհնեն քեզ։ (Սելա)։

5. Երանի՜ այն մարդկանց, որոնց զորությունը քեզնից է, որոնց սրտերում դեպի քո տունը տանող ճանապարհներ կան։

6. Անցնելով արտասուքի ձորով՝ այն դարձնում են աղբյուրի նման, և աշնան անձրևը նրանց ծածկում է օրհնությամբ,

7. Նրանք զորությունից զորություն են գնում և Աստծուն երևում են Սիոնի մեջ։

8. Ո՜վ Տեր, Զորությունների՛ Աստված, լսի՛ր իմ աղոթքը, ակա՛նջ դիր, ո՛վ Հակոբի Աստված։ (Սելա)։

9. Ո՜վ Աստված՝ մեր վահանը, տե՛ս և նայի՛ր քո օծյալի երեսին։

10. Որովհետև լավ է մեկ օրը քո սրահների մեջ, քան հազարավոր օրերը ուրիշ տեղ. նախընտրեցի կանգնել իմ Աստծու տան շեմին, քան թե բնակվել ամբարիշտների վրաններում։

11. Որովհետև Տեր Աստված արև է և վահան, Տերը շնորհք և փառք է տալիս. Տերը ոչ մի բարիք չի խնայում անարատությամբ գնացողներին։

12. Ո՛վ Զորությունների Տեր, երանի՜ այն մարդուն, որ իր հույսը դրել է քեզ վրա։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 85

1. Տե՛ր, դու հավանեցիր քո երկիրը, Հակոբին վերադարձրիր գերությունից։

2. Ներեցիր քո ժողովրդի անօրենությունը և ծածկեցիր նրանց բոլոր մեղքերը։ (Սելա)։

3. Հեռացրիր քո ամբողջ ցասումը, կասեցրիր քո բարկության բորբոքումը։

4. Դեպի մե՛զ դարձիր, ո՛վ մեր փրկության Աստված, և դադարեցրո՛ւ քո բարկությունը, որ թափում ես մեզ վրա։

5. Մի՞թե հավիտյան պիտի բարկանաս մեզ վրա, քո բարկությունը պիտի երկարաձգե՞ս սերնդեսերունդ։

6. Մի՞թե չպիտի ետ դառնաս, որ մեզ կենդանացնես, և քո ժողովուրդն ուրախ լինի քեզնով։

7. Մեզ ցո՛ւյց տուր քո ողորմությունը, Տե՛ր, և տո՛ւր մեզ քո փրկությունը։

8. Թող լսեմ, թե ինչ պիտի խոսի Տեր Աստվածը. նա իր ժողովրդի և իր սրբերի հետ պիտի խոսի խաղաղության մասին. թող նրանք չվերադառնան անմտության։

9. Հիրավի, նրա փրկությունը մոտ է իրենից վախեցողներին, որպեսզի փառքը բնակվի մեր երկրում։

10. Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն իրար, արդարությունն ու խաղաղությունը իրար պիտի համբուրեն։

11. Ճշմարտությունը պիտի բուսնի երկրից, և արդարությունը երկնքից ցած պիտի նայի։

12. Տերը բարիք էլ պիտի տա, և մեր երկիրը իր պտուղը պիտի տա։

13. Արդարությունը պիտի գնա նրա առջևից, և նա իր քայլերը պիտի դնի նրա ճանապարհին։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 86

1. Տե՛ր, խոնարհի՛ր քո ականջը և պատասխանի՛ր ինձ, որովհետև աղքատ եմ և խեղճ։

2. Պահի՛ր իմ անձը, որովհետև ես մաքուր եմ. փրկի՛ր, ո՛վ իմ Աստված, քո ծառային, որ հույսը քեզ վրա է դրել։

3. Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, քանզի քեզ եմ կանչում ամեն օր։

4. Ուրախացրո՛ւ քո ծառայի անձը. քանզի դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը, ո՜վ Տեր.

5. Որովհետև դու, Տե՛ր, բարի ես և ներող և ողորմությամբ հարուստ բոլոր քեզ կանչողների համար։

6. Ակա՛նջ դիր իմ աղոթքին, ո՜վ Տեր, և ո՛ւշք դարձրու իմ աղաչանքին։

7. Իմ նեղության օրը կանչում եմ քեզ, որովհետև դու լսում ես ինձ։

8. Քեզ նմանը չկա աստվածների մեջ, Տե՛ր, և չկան քո գործերի պես գործեր։

9. Բոլոր ազգերը, որոնց դու ես արարել, պիտի գան և երկրպագեն քո առջև, Տե՛ր, և պիտի փառք տան քո անվանը։

10. Որովհետև դու մեծ ես և հրաշքներ ես գործում. միայն դու ես Աստված։

11. Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ քո ճանապարհը, որ ես գնամ քո ճշմարտությամբ. միացրո՛ւ իմ սիրտը, որ վախենա քո անունից։

12. Իմ ամբողջ սրտով պիտի գոհություն մատուցեմ քեզ, Տե՛ր իմ Աստված, և հավիտյան պիտի փառավորեմ քո անունը։

13. Որովհետև մեծ է քո ողորմությունն իմ նկատմամբ, և դու փրկեցիր իմ անձը ստորին դժոխքից։

14. Ո՜վ Աստված, ամբարտավանները ոտքի ելան իմ դեմ, և բռնավորների ամբոխը փնտրում է իմ անձը, և քեզ իրենց առջև չեն դնում։

15. Բայց դու, ո՜վ Տեր, գթած և ողորմած Աստված ես, երկայնամիտ ես և քաղցրությամբ ու ճշմարտությամբ հարուստ։

16. Նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ. քո զորությունը տո՛ւր քո ծառային և փրկի՛ր քո աղախնի որդուն։

17. Բարության նշա՛ն ցույց տուր ինձ, որ ինձ ատողները տեսնեն և ամաչեն, որովհետև դու, Տե՛ր, օգնեցիր և մխիթարեցիր ինձ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 87

1. Նրա հիմքերը սուրբ սարերի վրա են։

2. Տերը սիրում է Սիոնի դռներն ավելի, քան Հակոբի բնակարանները։

3. Փառավոր բաներ են պատմվում քո մասին, ո՛վ Աստծու քաղաք։ (Սելա)։

4. Ռահաբին և Բաբելոնին պիտի հիշեմ նրանց մեջ, որոնք ճանաչում են ինձ. ահա փղշտացիները և Տյուրոսը Քուշի հետ. սա այնտեղ է ծնվել։

5. Եվ Սիոնի համար պիտի ասվի. «Այս մարդը և այն մարդը ծնվել են նրանում» և՝ «Ինքը Բարձրյալը հաստատեց նրա հիմքերը»։

6. Տերն ազգերն արձանագրելու ժամանակ պիտի հայտնի. «Սա այնտեղ է ծնվել»։ (Սելա)։

7. Եվ երգիչները, ինչպես որ պար բռնողները, պիտի ասեն. «Իմ բոլոր աղբյուրները քո մեջ են»։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 88

1. Ո՜վ Տեր, իմ փրկությա՛ն Աստված, ցերեկը կանչում եմ, գիշերն էլ քո առջև եմ։

2. Թող իմ աղոթքը գա քո առջև. խոնարհի՛ր քո ականջը իմ աղաղակին,

3. Որովհետև իմ անձը լցվեց չարիքներով, և կյանքս մոտեցավ դժոխքին։

4. Ես հավասարվեցի գերեզման իջնողներին, եղա այն մարդու պես, որ էլ ուժ չունի։

5. Թուլացածի պես եմ մեռելների մեջ, խոցվածների պես եմ, որոնք ընկած են գերեզմանում, և որոնց այլևս չես հիշում, և քո ձեռքով դեն են գցված քո աչքից։

6. Դու ինձ դրեցիր ներքևի փոսում և խոր տեղերի մեջ։

7. Քո ցասումը հաստատվեց ինձ վրա, և քո ալիքներով նեղացրիր ինձ։ (Սելա)։

8. Իմ ծանոթներին հեռացրիր ինձնից և ինձ գարշելի դարձրիր նրանց համար. փակված եմ և դուրս չեմ գալիս։

9. Աչքս մթնեց իմ խեղճությունից. Տե՛ր, ամբողջ օրը կանչում եմ քեզ, իմ ձեռքը քեզ եմ պարզում։

10. Մի՞թե մեռելների համար պիտի հրաշքներ անես. մի՞թե մահացածները պիտի վեր կենան և գոհանան քեզնից։ (Սելա)։

11. Մի՞թե գերեզմանում պիտի պատմեն քո ողորմության մասին և քո ճշմարտության մասին՝ կորստյան մեջ։

12. Մի՞թե խավարի մեջ պիտի ճանաչվեն քո հրաշքները, և քո արդարությունը՝ մոռացության երկրում։

13. Բայց ես քեզ եմ աղաղակում, ո՜վ Տեր, և իմ աղոթքը վաղ առավոտից գալիս է դեպի քեզ։

14. Տե՛ր, ինչո՞ւ ես իմ անձը մերժում, երեսդ ծածկում ես ինձնից։

15. Ես աղքատ եմ և մեռնում եմ իմ մանկությունից. քո զարհուրանքը քաշեցի, և կտրված է հույսս։

16. Քո ցասումն իջավ ինձ վրա, քո զարհուրանքները կորցնում են ինձ։

17. Նրանք ամեն օր ջրի նման շրջապատում են ինձ, միասին պաշարում են ինձ։

18. Դու հեռացրիր ինձնից բարեկամիս և մերձավորիս. իմ ծանոթները խավարի մեջ են։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 89

1. Հավիտյան պիտի օրհնեմ Տիրոջ ողորմությունը. իմ բերանով սերնդեսերունդ պիտի պատմեմ քո ճշմարտությունը.

2. Որովհետև ասացի. «Ողորմությունը հիմնված է հավիտյան. դու երկնքում հաստատում ես քո ճշմարտությունը»։

3. «Ես ուխտ դրեցի իմ ընտրյալի հետ, երդվեցի իմ Դավիթ ծառայի համար.

4. Քո սերունդը պիտի հաստատեմ հավիտյան և սերնդից սերունդ պիտի հիմնեմ քո աթոռը»։ (Սելա)։

5. Եվ երկինքը պիտի փառավորի քո հրաշքները, Տե՛ր, և քո ճշմարտությունը՝ սրբերի ժողովում։

6. Որովհետև ո՞վ կա երկնքում, որ հավասար լինի Տիրոջը, և աստվածների որդիների մեջ ո՞վ է, որ նման լինի Տիրոջը։

7. Աստված զարհուրելի է սրբերի ժողովում և ահավոր է բոլոր իրեն շրջապատողների համար։

8. Ո՛վ Տեր, Զորությունների՛ Աստված, ո՞վ է քեզ պես զորավոր Տեր. և քո չորս կողմն է քո ճշմարտությունը։

9. Դու տիրում ես ծովի զորությանը. երբ բարձրանում են նրա կոհակները, դու խոնարհեցնում ես նրանց։

10. Դու խոցվածի նման ճզմեցիր Ռահաբին, քո բազկի զորությամբ ցրեցիր քո թշնամիներին։

11. Քոնն է երկինքը, քոնն է նաև երկիրը. դու հիմնեցիր աշխարհը և նրա լիությունը։

12. Դու արարեցիր հյուսիսն ու հարավը. Թաբորն ու Հերմոնը ցնծում են քո անվամբ։

13. Քոնն է ուժեղ բազուկը. քո ձեռքը հզոր է, և քո աջը՝ բարձր։

14. Արդարությունը և իրավունքը քո աթոռի հաստատությունն են, ողորմությունը և ճշմարտությունը գնում են քո առջևից։

15. Երանի՜ այն ժողովրդին, որ գիտի փողերի ձայնը. ո՜վ Տեր, նրանք պիտի գնան քո երեսի լույսով։

16. Քո անվամբ պիտի ցնծան ամեն օր և պիտի բարձրանան քո արդարությամբ.

17. Որովհետև դու ես նրանց զորության պարծանքը, և քո հաճությամբ պիտի բարձրանա մեր եղջյուրը.

18. Որովհետև Տերը մեր վահանն է, և Իսրայելի Սուրբը՝ մեր թագավորը։Աստծու խոստումը Դավթին

19. Այն ժամանակ տեսիլքով խոսեցիր քո սրբի հետ և ասացիր. «Օգնություն դրեցի զորավարի վրա, ընտրվածին բարձրացրի ժողովրդի միջից։

20. Գտա իմ Դավիթ ծառային, իմ սուրբ յուղով օծեցի նրան։

21. Իմ ձեռքը պիտի հաստատի նրան, և իմ բազուկը պիտի զորացնի նրան։

22. Թշնամին նրան չպիտի նեղացնի, և անօրենության որդին չպիտի չարչարի նրան։

23. Նրա թշնամիներին պիտի փշրեմ իր առջև և պիտի զարկեմ նրան ատողներին։

24. Իմ ճշմարտությունն ու իմ ողորմությունը պիտի լինեն նրա հետ, և իմ անվամբ պիտի բարձրանա նրա եղջյուրը։

25. Նրա ձեռքը պիտի դնեմ ծովի մեջ և նրա աջ ձեռքը՝ գետերի վրա։

26. Նա պիտի կանչի ինձ. “Դու ես իմ Հայրը, ո՛վ իմ Աստված և իմ փրկությա՛ն Վեմ”։

27. Եվ ես առաջնեկ պիտի դարձնեմ նրան, երկրի թագավորներից ավելի բարձր։

28. Իմ ողորմությունը հավիտյան պիտի պահեմ նրա համար, և իմ ուխտը նրա հետ հաստատ պիտի լինի։

29. Եվ ես հավիտյան պիտի հաստատեմ նրա սերունդը, և նրա աթոռը, ինչպես երկնքի օրերը։

30. Իսկ եթե նրա որդիները թողնեն իմ օրենքը և չընթանան իմ իրավունքի համաձայն,

31. Եթե նրանք անարգեն իմ հրամանները և չպահեն իմ պատվիրանները,

32. Գավազանով պիտի պատժեմ նրանց անօրենությունը և ծեծելով՝ նրանց անիրավությունը։

33. Բայց իմ ողորմությունը չեմ կտրելու նրանից և չեմ դրժելու իմ հավատարմությունը,

34. Չեմ անարգելու իմ ուխտը և իմ շրթունքներից դուրս եկածը չեմ փոխելու։

35. Մեկ անգամ երդվել եմ սրբությամբ, թե սուտ չպիտի ասեմ Դավթին։

36. Նրա սերունդը հավիտյան պիտի լինի, և նրա աթոռը՝ ինչպես արեգակն իմ առջև։

37. Ինչպես լուսինը, հավիտյան հաստատ պիտի լինի, և հավատարիմ, ինչպես վկան ամպերի մեջ»։ (Սելա)։Ողբ թագավորի պարտության համար

38. Բայց դու մերժեցիր և անարգեցիր, բարկացար քո օծյալի վրա։

39. Արհամարհեցիր քո ծառայի ուխտը, պղծեցիր նրա պսակը՝ գցելով գետնին։

40. Քանդեցիր նրա բոլոր պարիսպները, նրա ամուր տեղերը ավերակ դարձրիր։

41. Ճանապարհով անցնողները բոլորը կողոպտում են նրան. նա նախատինք դարձավ իր հարևանների առջև։

42. Նրան նեղողների աջ ձեռքը բարձրացրիր, ուրախացրիր նրա բոլոր թշնամիներին։

43. Ետ դարձրիր նաև նրա սրի բերանը և պատերազմի մեջ լքեցիր նրան։

44. Հանգցրիր նրա փառավորությունը և նրա աթոռը գետնին գցեցիր։

45. Նրա երիտասարդության օրերը կարճացրիր, ամոթով ծածկեցիր նրան։ (Սելա)։Աղոթք փրկության համար

46. Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի թաքցնես քո անձը, և քո ցասումը պիտի բորբոքվի՞ կրակի պես։

47. Հիշի՛ր, իմ կյանքն ի՜նչ անցավոր է, և ի՛նչ ունայնության համար ստեղծեցիր մարդկանց բոլոր որդիներին։

48. Ո՞վ է այն մարդը, որ պիտի ապրի և մահ չտեսնի և իր անձը պիտի փրկի դժոխքից։ (Սելա)։

49. Ո՞ւր է քո առաջվա ողորմությունը, Տե՛ր. այն, որ քո ճշմարտությամբ երդվեցիր Դավթին։

50. Հիշի՛ր, Տե՛ր, քո ծառաների նախատինքը, որը կրում եմ իմ ծոցում բոլոր զորավոր ազգերից.

51. Նրանով քո թշնամիներն անարգում են, Տե՛ր, նրանով անարգում են քո օծյալի քայլերը։

52. Օրհնյա՜լ է Տերը հավիտյան։ Ամեն ու ամեն։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 90

1. Ո՜վ Տեր, սերնդից սերունդ ապաստան ես մեզ համար։

2. Երբ դեռ սարերը չէին ծնվել, և չէիր ստեղծել երկիրն ու աշխարհը, հավիտենությունից մինչև հավիտենություն դու ես Աստվածը։

3. Դու մարդուն փոշի ես դարձնում և ասում. «Նորից փոշի՛ դարձեք, մարդկա՛նց որդիներ»։

4. Որովհետև հազար տարին քեզ համար մեկ օրվա պես է, որ երեկ անցավ, և մի պահի պես է գիշերվա մեջ։

5. Դու նրանց հեղեղի պես քշում ես, և նրանք վերանում են. խոտի պես են, որ կանաչում է առավոտյան։

6. Առավոտյան կանաչում է ու անցնում, երեկոյան կտրվում է և չորանում։

7. Արդարև, մաշվեցինք քո բարկությունից և քո ցասումից խռովվեցինք։

8. Մեր անօրենությունները դրեցիր քո առջև, մեր ծածուկ մեղքերը՝ քո լույսի մեջ,

9. Արդարև, մեր բոլոր օրերը փչանում են քո բարկությունից, մեր տարիներն անցկացնում ենք մի հառաչանքի պես։

10. Մեր տարիների օրերը յոթանասուն տարի են, և եթե զորությամբ ութսուն տարի էլ լինեն, նրանց լավագույն ժամանակը աշխատանք է ու ցավ, որովհետև նրանք շուտ անցնում են, և մենք թռչում ենք։

11. Ո՞վ գիտի քո բարկության զորությունը և քո ցասումը՝ քեզնից վախի համեմատ։

12. Սովորեցրո՛ւ մեզ, որ այնպես հաշվենք մեր օրերը, որ սրտով իմաստուն լինենք։

13. Դարձի՛ր, Տե՛ր, մինչև ե՞րբ... Խղճա՛ քո ծառաներին։

14. Քո ողորմությամբ կշտացրո՛ւ մեզ առավոտից, որ ցնծանք և ուրախ լինենք մեր կյանքի բոլոր օրերին։

15. Ուրախացրո՛ւ մեզ այն օրերի չափով, որ տրտմեցրիր մեզ, այն տարիների չափով, որ նեղություն տեսանք։

16. Թող քո ծառաների գործը երևա, և քո փառքը՝ նրանց որդիներին։

17. Եվ մեր Աստծու վայելչությունը թող լինի մեզ վրա, և մեր ձեռքի գործերը հաստատի՛ր մեզ համար. մեր ձեռքի գործերը հաստատի՛ր։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 91

1. Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի հովանու ներքո է հանգստանում։

2. Ես Տիրոջը կասեմ. «Իմ ապավե՛ն և իմ ամրո՛ց, իմ Աստվա՛ծ, որի վրա եմ հույսս դրել»։

3. Որովհետև նա կփրկի քեզ որսացողի որոգայթից, չար ժանտամահից։

4. Նա քեզ կծածկի իր փետուրներով, նրա թևերի տակ ապահով կլինես. նրա ճշմարտությունը վահան է և զրահ։

5. Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից, այն նետից, որ թռչում է ցերեկը,

6. Այն ժանտախտից, որ շրջում է խավարում, այն հարվածից, որ սատկեցնում է կեսօրին։

7. Հազար հոգի կընկնեն քո կողքին, և տասը հազարը՝ քո աջ կողմում, բայց քեզ ոչ մի հարված չի մոտենա։

8. Միայն քո աչքերով կնայես և կտեսնես ամբարիշտների հատուցումը։

9. Որովհետև դու Տիրոջը՝ իմ ապավենին, Բարձրյալին, քեզ ապաստան դարձրիր։

10. Քեզ չար բան չի հասնելու, և պատուհաս չի մոտենալու քո բնակարանին։

11. Որովհետև քեզ համար հրամայել է իր հրեշտակներին, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհների մեջ։

12. Նրանք իրենց ձեռքերի վրա կվերցնեն քեզ, որ քո ոտքը քարի չխփես։

13. Առյուծների և իժերի վրայով կքայլես, առյուծի կորյուններին ու վիշապին ոտքով կոխ կտաս։

14. Որովհետև նա ինձ սիրեց, և ես կփրկեմ նրան. ես բարձր տեղում կպահեմ նրան, որովհետև նա ճանաչում է իմ անունը։

15. Նա կկանչի ինձ, և ես պատասխան կտամ նրան. ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կդարձնեմ նրան։

16. Երկար օրերով կկշտացնեմ նրան և նրան ցույց կտամ իմ փրկությունը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 92

1. Բարի է Տիրոջից գոհանալը, սաղմոս ասելը քո անվանը, ո՛վ Բարձրյալ։

2. Առավոտից քո ողորմությունը պատմելը և գիշերը՝ քո ճշմարտությունը.

3. Տասը լար ունեցող նվագարանով և սաղմոսարանով՝ քնարի հետ օրհնության ձայնով,

4. Որովհետև դու, Տե՛ր, ուրախացրիր ինձ քո գործերով. ցնծում եմ քո ձեռքի գործերով։

5. Ո՜վ Տեր, որքա՜ն մեծ են քո գործերը. անչափ խոր են քո մտքերը.

6. Հիմար մարդը չի իմանում, և անմիտը չի հասկանում դա։

7. Թեև ամբարիշտները խոտի պես բուսնում են, և ծաղկում են բոլոր անօրենություն գործողները, պիտի բնաջնջվեն հավիտյանս հավիտյան։

8. Բայց դու, Տե՛ր, բարձր ես հավիտյան։

9. Որովհետև ահա քո թշնամիները, Տե՛ր, ահա քո թշնամիները պիտի կորչեն, և պիտի ցրվեն բոլոր անօրենություն գործողները։

10. Բայց իմ եղջյուրը պիտի բարձրացնես մի եղջերուի եղջյուրի պես. ես օծված եմ նոր յուղով։

11. Եվ իմ աչքը պիտի նայի իմ թշնամիներին, և ականջս պիտի լսի այն չարագործների մասին, որոնք ոտքի են ելել իմ դեմ։

12. Արդարը պիտի բուսնի արմավենու պես, պիտի մեծանա Լիբանանի մայրու նման։

13. Տիրոջ տան մեջ տնկվածները պիտի բուսնեն մեր Աստծու սրահներում.

14. Ծերության ժամանակ էլ պիտի պտղաբերեն և պարարտ ու դալար պիտի լինեն,

15. Որ պատմեն, թե ուղիղ է Տերը՝ իմ Վեմը, և անիրավություն չկա նրա մեջ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 93

1. Տերը թագավոր է. նա մեծափառություն է հագել. Տերը զորություն է հագել և իր մեջքին գոտի կապել, դրա համար էլ աշխարհը հաստատ է և չի շարժվում։

2. Քո աթոռը հաստատ է սկզբից. դու հավիտյան ես։

3. Գետերը բարձրացնում են, Տե՛ր, գետերը բարձրացնում են իրենց ձայնը, գետերը բարձրացնում են իրենց գոռոցը։

4. Հորդառատ ջրերի ձայնից ավելի զորավոր են ծովի ալիքները. ավելի զորավոր է Տերը բարձր վայրի մեջ։

5. Քո վկայությունները խիստ վստահելի են. ո՜վ Տեր, քո տանը վայելուչ է սրբությունը երկար օրերով։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 94

1. Ո՜վ Տեր, վրեժխնդրությա՛ն Աստված, ո՛վ վրեժխնդրության Աստված, հայտնվի՛ր։

2. Բարձրացի՛ր, ո՛վ երկրի Դատավոր, հատուցո՛ւմ տուր ամբարտավաններին։

3. Ո՜վ Տեր, ամբարիշտները մինչև ե՞րբ, ամբարիշտները մինչև ե՞րբ պիտի պարծենան։

4. Նրանք գոռոզ խոսքեր են բարբաջում և խոսում, պարծենում են բոլոր անօրենություն գործողները։

5. Տե՛ր, նրանք ոտնակոխ են տալիս քո ժողովրդին և նեղություն են տալիս քո ժառանգությանը։

6. Սպանում են որբևայրուն ու պանդուխտին, կոտորում են որբերին

7. Եվ ասում. «Տերը չի տեսնում, և Հակոբի Աստվածը չի իմանում»։

8. Իմացե՛ք, ո՛վ հիմարներ, որ ժողովրդի մեջ եք, և դուք, ո՛վ անմիտներ, ե՞րբ պիտի հասկանաք։

9. Մի՞թե ականջը տնկողը չի լսի, կամ թե աչքը ստեղծողը չի՞ տեսնի.

10. Մի՞թե ազգերին խրատողը չի հանդիմանի. նա, որ գիտություն է սովորեցնում մարդուն։

11. Տերը գիտի մարդկանց մտքերը, որ ունայն են։

12. Երանի՜ այն մարդուն, որին դու ես խրատում, ո՜վ Տեր, և քո օրենքը սովորեցնում ես նրան,

13. Որ նրան հանգստացնես չարության օրերին, մինչև որ հոր փորվի ամբարիշտի համար։

14. Որովհետև Տերը երեսից չի գցում իր ժողովրդին և չի թողնում իր ժառանգությունը,

15. Որ դատաստանը դեպի արդարություն դառնա, և բոլոր սրտով ուղիղներըգնան նրա ետևից։

16. Ինձ հետ ո՞վ պիտի վեր կենա չարերի դեմ. ինձ հետ ո՞վ պիտի կանգնի նրանց դեմ, ովքեր անօրենություն են գործում։

17. Եթե Տերն օգնության չգար ինձ, քիչ պիտի մնար, որ իմ անձը լռության տեղում բնակվեր։

18. Եթե ասում եմ՝ «Ոտքս դողդողում է», Տե՛ր, քո ողորմությունը հաստատում է ինձ։

19. Մինչ իմ հոգսերն իմ սրտում շատանում են, քո մխիթարություններն ուրախացնում են ինձ։

20. Մի՞թե քեզ հաղորդակից է անօրենության աթոռը, որ չարիք է նյութում հրամանի դեմ։

21. Նրանք հավաքվում են արդարի անձի դեմ և դատապարտում են անմեղի արյունը։

22. Բայց Տերը ապավեն է ինձ համար. իմ Աստվածն է և իմ հույսի վեմը։

23. Եվ նրանց նա կհատուցի իրենց անօրենության պես և իրենց չարությամբ կջնջի նրանց. մեր Տեր Աստվածը կջնջի նրանց։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 95

1. Եկեք ցնծանք Տիրոջով, գոչենք մեր փրկության Վեմին։

2. Գոհությամբ նրա առջև գանք, երգերով ուրախության աղաղակ բարձրացնենք նրան։

3. Որովհետև Տերը մեծ Աստված է և մեծ թագավոր է բոլոր աստվածների վրա։

4. Նրա ձեռքին են երկրի խորքերը, և սարերի գագաթները նրանն են։

5. Նրանն է ծովը, և նա է արարել այն, նրա ձեռքերն են ստեղծել ցամաքը։

6. Եկեք երկրպագենք և երեսնիվայր խոնարհվենք, ծունր դնենք մեզ ստեղծող Տիրոջ առջև,

7. Որովհետև նա է մեր Աստվածը, և մենք նրա արոտի ժողովուրդն ենք և իր ձեռքով առաջնորդվող հոտերը. այսօր եթե նրա ձայնը լսեք,

8. Մի՛ խստացրեք ձեր սրտերը, ինչպես Մերիբայի մեջ, ինչպես փորձության օրը՝ անապատի մեջ,

9. Որտեղ ձեր հայրերը փորձեցին ինձ, քննեցին ինձ, թեև տեսան իմ գործերը։

10. Քառասուն տարի զզվեցի այդ սերնդից և ասացի. «Նրանք մի այնպիսի ժողովուրդ են, որ մոլորված են սրտով. նրանք չեն ճանաչում իմ ճանապարհները»,

11. Ուստի իմ բարկության պահին երդվեցի, որ նրանք չեն մտնի իմ հանգստությունը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 96

1. Տերն է թագավորում. երկիրը թող ցնծա, և շատ կղզիներ ուրախ լինեն։

2. Ամպ ու մառախուղ կա նրա չորս կողմը, արդարությունը և իրավունքը նրա գահի հիմքերն են։

3. Կրակ է գնում նրա առջևից և այրում է նրա չորս կողմը եղած թշնամիներին։

4. Նրա փայլակները լուսավորում են աշխարհը. երկիրը տեսնում է և դողում։

5. Սարերը մոմի պես հալվում են նրա ներկայությունից. ամբողջ երկիրը՝ նրա ներկայությունից։

6. Երկինքը հռչակում է նրա արդարությունը, և բոլոր ժողովուրդները տեսնում են նրա փառքը։

7. Թող ամաչեն բոլոր նրանք, ովքեր ծառայում են կուռքերին և պարծենում են փուչ կուռքերով. բոլոր աստվածները պիտի երկրպագեն նրան։

8. Սիոնը լսում է և ուրախանում, և Հուդայի աղջիկները ցնծում են քո դատավճիռների համար, Տե՛ր.

9. Որովհետև դու, ո՜վ Տեր, Բարձրյալ ես ամբողջ երկրի վրա, շատ բարձրացար բոլոր աստվածներից։

10. Ո՛վ դուք, որ սիրում եք Տիրոջը, ատեցե՛ք չարը. նա պահում է իր սրբերի անձերը. ամբարիշտների ձեռքից պիտի փրկի նրանց։

11. Լույս է ծագում արդարի համար, և ուրախություն՝ սրտով ուղիղների համար։

12. Ուրախացե՛ք Տիրոջով, ո՛վ արդարներ, և օրհնեցե՛ք նրա սուրբ հիշատակը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 97

1. Նոր ե՛րգ երգեցեք Տիրոջը, որովհետև նա հրաշքներ արեց. իր աջ ձեռքը և իր սուրբ բազուկը փրկություն տվեցին իրեն։

2. Տերը ճանաչել տվեց իր փրկությունը և ազգերի աչքի առջև հայտնեց իր արդարությունը։

3. Նա հիշեց իր ողորմությունը և իր ճշմարտությունը Իսրայելի տան համար. երկրի բոլոր ծայրերը տեսան մեր Աստծու փրկությունը։

4. Ցնծացե՛ք Տիրոջ առջև, ո՛վ ամբողջ երկիր. օրհնեցե՛ք ու երգեցե՛ք և սաղմո՛ս ասացեք։

5. Սաղմո՛ս ասացեք Տիրոջը քնարով, քնարով և սաղմոսների ձայնով։

6. Փողերով և շեփորի ձայնով ցնծացե՛ք Տեր թագավորի առջև։

7. Թող գոռան ծովը և նրա լիությունը, աշխարհը և նրա մեջ բնակվողները։

8. Գետերը թող ծափ տան, սարերը ցնծան միասին

9. Տիրոջ առջև, որը գալիս է դատելու երկիրը. նա պիտի աշխարհը դատի արդարությամբ և ժողովուրդներին՝ ուղղամտությամբ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 98

1. Տերն է թագավորը. ժողովուրդները թող շփոթվեն. նա նստում է քերովբեների վրա, երկիրը թող սասանվի։

2. Տերը մեծ է Սիոնում, և նա բարձր է բոլոր ժողովուրդների վրա։

3. Թող օրհնեն քո մեծ և ահավոր անունը. նա սուրբ է։

4. Եվ թագավորի զորությունը իրավունք է սիրում. դու հաստատեցիր ուղիղ կարգը. դու իրավունք և արդարություն արեցիր Հակոբի մեջ։

5. Բարձրացրե՛ք մեր Տեր Աստծուն և երկրպագությո՛ւն արեք նրա ոտքերի պատվանդանի առջև. նա սուրբ է։

6. Մովսեսը և Ահարոնը նրա քահանաների մեջ, և Սամուելը՝ նրա անունը կանչողների մեջ, կանչեցին Տիրոջը, և նա լսեց նրանց։

7. Ամպի սյունի միջից նա խոսում էր նրանց հետ. նրանք պահում էին նրա վկայությունները և օրենքը, որ տվեց իրենց։

8. Ո՜վ Տեր՝ մեր Աստված. դու, որ լսում էիր նրանց, դու, որ նեղող Աստված էիր նրանց համար, թեպետ նրանց գործերի համար վրեժխնդիր եղար։

9. Բարձրացրե՛ք մեր Տեր Աստծուն և երկրպագությո՛ւն արեք նրա սուրբ լեռան վրա, որովհետև սուրբ է մեր Տեր Աստվածը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 99

1. Գոչեցե՛ք Տիրոջը, ո՛վ ամբողջ երկիր։

2. Ծառայեցե՛ք Տիրոջն ուրախությամբ. ցնծությամբ եկե՛ք նրա առջև։

3. Ճանաչեցե՛ք, որ Տերն է Աստվածը. նա է մեզ արարել, և ոչ թե մենք. մենք նրա ժողովուրդն ենք և նրա արոտի ոչխարները։

4. Նրա դռները մտե՛ք գոհությամբ, նրա սրահները՝ փառաբանությամբ. գոհացե՛ք նրանից և օրհնեցե՛ք նրա անունը։

5. Որովհետև բարի է Տերը, և հավիտյան է նրա ողորմությունը, և նրա ճշմարտությունը՝ սերնդից մինչև սերունդ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 100

1. Գոչեցե՛ք Տիրոջը, ո՛վ ամբողջ երկիր։

2. Ծառայեցե՛ք Տիրոջն ուրախությամբ. ցնծությամբ եկե՛ք նրա առջև։

3. Ճանաչեցե՛ք, որ Տերն է Աստվածը. նա է մեզ արարել, և ոչ թե մենք. մենք նրա ժողովուրդն ենք և նրա արոտի ոչխարները։

4. Նրա դռները մտե՛ք գոհությամբ, նրա սրահները՝ փառաբանությամբ. գոհացե՛ք նրանից և օրհնեցե՛ք նրա անունը։

5. Որովհետև բարի է Տերը, և հավիտյան է նրա ողորմությունը, և նրա ճշմարտությունը՝ սերնդից մինչև սերունդ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 101

1. Ողորմություն և իրավունք պիտի երգեմ, քեզ, ո՜վ Տեր, սաղմոս պիտի ասեմ։

2. Իմաստությամբ պիտի գնամ կատարելության ճանապարհով. ե՞րբ պիտի գաս ինձ մոտ. իմ սրտի անմեղությամբ պիտի ընթանամ իմ տան մեջ։

3. Իմ աչքի առջև չար բան չեմ դնի. ատում եմ անօրենություն գործողին. թող նա չմոտենա ինձ։

4. Ծուռ սիրտը թող հեռանա ինձնից. չարը չեմ ճանաչելու։

5. Նրան, որ ծածուկ բամբասում է իր ընկերոջից, պիտի բնաջնջեմ. նրան, որ ամբարտավան է աչքով և սրտով գոռոզ, չեմ կարող տանել։

6. Իմ աչքը երկրի հավատարիմների վրա է, որ բնակվեն ինձ հետ. անմեղ ճանապարհ գնացողը պիտի ծառայի ինձ։

7. Նենգություն անողը չպիտի բնակվի իմ տան մեջ. նա, ով սուտ է խոսում, հաստատ չի մնա իմ աչքի առջև։

8. Առավոտից պիտի ջնջեմ երկրի բոլոր ամբարիշտներին, որպեսզի Տիրոջ քաղաքից բնաջնջեմ բոլոր անօրենություն գործողներին։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 102

1. Ո՜վ Տեր, լսի՛ր իմ աղոթքը, և իմ աղաղակը թող հասնի քեզ։

2. Երեսդ ինձնից մի՛ թաքցրու իմ նեղության օրը. խոնարհի՛ր ականջդ դեպի ինձ. այն օրը, երբ կանչեմ, շուտով պատասխա՛ն տուր ինձ։

3. Որովհետև իմ օրերը ծխի պես վերջացան, և իմ ոսկորներն այրվեցին չոր խռիվի պես։

4. Սիրտս կոտրվեց և ցամաքեց խոտի նման, այնպես որ հաց ուտելս էլ մոռացա։

5. Հառաչանքիս ձայնից ոսկորս կպավ մարմնիս։

6. Ես նմանվեցի անապատի հավալուսնի, ավերակների բուի պես եղա։

7. Անքուն մնացի և կտուրի վրա մեն-մենակ ծտի նման եղա։

8. Ամեն օր իմ թշնամիները նախատում են ինձ, և ինձ վրա կատաղածները երդվում են իմ դեմ։

9. Որովհետև հացի պես մոխիր եմ ուտում և խմելիքս խառնում եմ արտասուքիս հետ

10. Քո բարկության և ցասումի պատճառով, որովհետև դու բարձրացրիր ինձ վեր և դեն գցեցիր։

11. Իմ օրերը երկարած ստվերի պես են, և ես չորացա խոտի պես։

12. Բայց դու, Տե՛ր, հավիտյան կաս, և քո հիշատակը՝ սերնդից մինչև սերունդ։

13. Դու պիտի վեր կենաս, պիտի ողորմես Սիոնին, որովհետև ժամանակն է նրան ողորմելու, որովհետև հասել է որոշված ժամանակը։

14. Որովհետև քո ծառաները հավանեցին նրա քարերը և գթացին նրա փոշուն։

15. Եվ հեթանոսները պիտի վախենան Տիրոջ անունից, և երկրի բոլոր թագավորները՝ քո փառքից։

16. Քանզի Տերը պիտի շինի Սիոնը և իր փառքով պիտի երևա։

17. Նա ուշադրություն է դարձնում խեղճերի աղոթքին և չի անարգում նրանց աղոթքը։

18. Սա պիտի գրվի եկող սերնդի համար, և ստեղծվելիք ժողովուրդը պիտի գոհություն մատուցի Տիրոջը։

19. Որովհետև նա իր սրբարանի բարձունքից նայում է. Տերը երկնքից նայում է երկրին,

20. Որպեսզի լսի կապվածի հառաչանքը և ազատ արձակի մահվան որդիներին,

21. Որպեսզի Սիոնի մեջ պատմեն Տիրոջ անունը և նրա գովասանքը՝ Երուսաղեմում,

22. Երբ մեկտեղ ժողովվեն ժողովուրդները և թագավորությունները՝ Տիրոջը ծառայելու համար։

23. Նա ճանապարհիս մեջ թուլացրեց իմ զորությունը և կարճացրեց իմ կյանքի օրերը։

24. Ես ասացի. «Ո՜վ Աստված իմ, ինձ մի՛ վերցրու իմ կյանքի օրերի կեսին. քո տարիները սերնդից մինչև սերունդ են։

25. Սկզբից երկրի հիմքերը հաստատեցիր, և քո ձեռքի գործն է երկինքը։

26. Նրանք պիտի կորչեն, բայց դու պիտի մնաս, նրանք բոլորը շորի պես պիտի մաշվեն, հագուստի պես պիտի փոխես նրանց, և նրանք պիտի փոխվեն։

27. Բայց դու նույնն ես, և քո տարիները չեն վերջանալու։

28. Քո ծառաների որդիները պիտի ապրեն, և նրանց սերունդը պիտի հաստատ մնա քո առջև»։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 103

1. Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և ամեն ինչ, որ իմ ներսում է, թող օրհներգի նրա սուրբ անունը։

2. Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և մի՛ մոռացիր նրա բոլոր բարիքները.

3. Որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո բոլոր ցավերը,

4. Որ փրկում է քո կյանքն ապականությունից, որ պսակում է քեզ շնորհով և գթությամբ,

5. Որ քեզ միշտ հագեցնում է բարիքներով, և քո երիտասարդությունը նորոգվում է արծվի պես։

6. Տերն արդարություն է շնորհում և իրավունք՝ բոլոր զրկվածներին։

7. Նա իր ճանապարհները ցույց տվեց Մովսեսին և իր գործերը՝ Իսրայելի որդիներին։

8. Բարեգութ և ողորմած է Տերը, համբերատար է և գթառատ։

9. Նա ընդմիշտ չի բարկանա և ոխ չի պահի հավիտյան։

10. Նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերի համեմատ և մեզ չի հատուցում մեր անօրենությունների համաձայն։

11. Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորավոր է նրա գութն իրենից վախեցողների նկատմամբ։

12. Որքան որ արևելքը հեռու է արևմուտքից, այնքան էլ նա մեզնից հեռացրեց մեր հանցանքները։

13. Ինչպես որ հայրն է գթում իր որդիներին, այնպես Տերն է գթած իրենից վախեցողների հանդեպ։

14. Որովհետև նա գիտի մեր կազմվածքը, հիշում է, որ հող ենք մենք։

15. Մարդու օրերը խոտի նման են. ինչպես դաշտի ծաղիկը, այնպես ծաղկում է.

16. Երբ քամին անցնում է նրա վրայով, նա էլ չկա, և նրա տեղն այլևս չի ճանաչում նրան։

17. Բայց Տիրոջ ողորմությունը հավիտյան իրենից վախեցողների վրա է, և նրա արդարությունը՝ որդիների որդիների վրա։

18. Նրա ուխտը պահողների վրա է և նրանց վրա, ովքեր հիշում են նրա պատվիրանները՝ դրանք կատարելու համար։

19. Տերը երկնքում հաստատեց իր գահը, և նրա թագավորությունը տիրում է բոլորին։

20. Օրհներգեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա հրեշտակներ, հզոր զորությամբ, դուք, որ կատարում եք նրա խոսքը՝ նրա խոսքի ձայնը լսելով։

21. Օրհներգեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա բոլոր զորքեր, նրա պաշտոնյանե՛ր, որ կատարում եք նրա կամքը։

22. Օրհներգեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա բոլոր արարածներ, նրա տերության բոլոր տեղերում. օրհներգի՛ր Տիրոջը, ո՛վ անձ իմ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 104

1. Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ. ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, դու շատ մեծ ես, գեղեցկություն և փառք ես հագել։

2. Լույսը հագնում ես հանդերձանքի պես, երկինքը տարածում ես վարագույրի պես։

3. Նա իր վերնատները շինում է ջրերի վրա, ամպերը կառք է դարձնում իր համար և գնում է քամու թևերի վրա։

4. Իր հրեշտակներին քամիներ է դարձնում, իր պաշտոնյաներին՝ այրող կրակ։

5. Նա հաստատեց երկիրն իր հիմքերի վրա, որպեսզի բնավ և հավիտյան չսասանվի տեղից։

6. Անդունդներով, ինչպես հանդերձանքով, ծածկեցիր նրան. ջրերը կանգնում են լեռների վրա։

7. Քո սաստելուց նրանք փախչում են, քո որոտի ձայնից հետ են գնում սարսափած։

8. Սարերը բարձրանում են, և ձորերը իջնում այնտեղ, ուր տեղ ես հաստատել նրանց համար։

9. Դու սահման դրիր, որ չանցնեն նրանից, հետ չդառնան, որ երկիրը ծածկեն։

10. Դու աղբյուրներ ես բխեցնում ձորերում. նրանք հոսում են լեռների միջով։

11. Նրանք խմելու ջուր են տալիս բոլոր վայրի գազաններին, և վայրի էշերը կոտրում են իրենց ծարավը։

12. Երկնքի թռչունները բնակվում են նրանց վրա և ձայն են տալիս ճյուղերի միջից։

13. Նա իր վերնատներից ջուր է խմեցնում լեռներին, քո գործերի պտուղներով կշտացնում ես երկիրը։

14. Խոտ է բուսցնում անասունների համար և բանջար՝ մարդու օգուտի համար, և հաց է հանում հողից։

15. Եվ գինի, որ ուրախացնում է մարդու սիրտը, յուղ, որ փայլեցնում է նրա երեսը, և հաց, որ հաստատում է մարդու սիրտը։

16. Կշտանում են Տիրոջ ծառերը՝ Լիբանանի մայրիները, որոնք նա տնկեց։

17. Թռչուններն այնտեղ բույն են դնում, արագիլը եղևնիների վրա շինում է իր տունը։

18. Բարձր սարերը ապավեն են վայրի այծերի համար, և վեմերը՝ ճագարների։

19. Նա ժամանակների համար ստեղծեց լուսինը. արեգակը ճանաչում է իր մայրամուտը։

20. Խավար ես դնում, և գիշեր է լինում. անտառի բոլոր գազանները ման են գալիս նրա մթնում։

21. Առյուծների կորյունները մռնչում են հափշտակելու համար և Աստծուց խնդրում են իրենց կերակուրը։

22. Երբ արեգակը դուրս է գալիս, հետ են քաշվում և պառկում իրենց որջերում։

23. Մարդը դուրս է գնում իր գործին և իր ծառայությանը՝ մինչև իրիկուն։

24. Որքա՜ն մեծ են քո գործերը, ո՜վ Տեր. դրանք բոլորն էլ իմաստությամբ ես արել. երկիրը լիքն է քո ստեղծածներով։

25. Այս ծովը մեծ է ու լայն. անթիվ են այնտեղ լողացողները՝ փոքր կենդանիները մեծերի հետ։

26. Այնտեղ նավեր են գնում ու գալիս. դու ստեղծեցիր նաև լևիաթանը, որ խաղա նրա մեջ։

27. Սրանք ամենքն էլ սպասում են քեզ, որ ժամանակին կերակուր տաս իրենց։

28. Դու տալիս ես նրանց, և նրանք հավաքում են, դու բացում ես քո ձեռքը, և նրանք կշտանում են բարիքով։

29. Ծածկում ես քո երեսը, սարսափում են, առնում ես նրանց հոգին, մեռնում են և վերադառնում են իրենց հողը։

30. Հոգիդ ուղարկում ես, և ստեղծվում են նրանք, և դու նորոգում ես երկրի երեսը։

31. Տիրոջ փառքը թող հավիտյան լինի, և Տերն ուրախ լինի իր գործերով։

32. Նա նայում է երկրին, և դողում է այն. նա դիպչում է լեռներին, և նրանք ծխում են։

33. Ես Տիրոջը պիտի օրհնեմ իմ կյանքում, քանի կամ, պիտի սաղմոս ասեմ իմ Աստծուն։

34. Քաղցր պիտի լինի իմ մտածությունը նրա մասին. ես ուրախ պիտի լինեմ Տիրոջով։

35. Մեղավորները պիտի պակասեն երկրից, և ամբարիշտներն էլ չպիտի լինեն. օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ անձ իմ։ Ալելուիա՜։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 105

1. Գոհացե՛ք Տիրոջից, կանչեցե՛ք նրա անունը, ազգերի մեջ պատմեցե՛ք նրա գործերի մասին։

2. Օրհնեցե՛ք նրան. սաղմո՛ս ասացեք նրան, խոսեցե՛ք նրա բոլոր հրաշքների մասին։

3. Պարծեցե՛ք նրա սուրբ անունով. թող ուրախ լինի Տիրոջը խնդրողների սիրտը։

4. Փնտրեցե՛ք Տիրոջը և նրա զորությունը. փնտրեցե՛ք նրա երեսը ամեն ժամանակ։

5. Հիշե՛ք նրա արած հրաշքները, նրա արած նշանները և նրա բերանի վճիռները։

6. Ո՛վ դուք, որ նրա Աբրահամ ծառայի զավակներն եք, նրա ընտրյալ Հակոբի որդիները.

7. Ինքը՝ Տերն է մեր Աստվածը. նրա վճիռները ամբողջ երկրի մեջ են։

8. Նա հավիտյան հիշում է իր ուխտը, այն խոսքը, որ պատվիրեց մինչև հազար սերունդ.

9. Այն ուխտը, որ դրեց Աբրահամի հետ, և իր երդումը՝ Իսահակի հետ։

10. Եվ հաստատեց, որ Հակոբի համար օրենք լինի և Իսրայելի համար՝ հավիտենական ուխտ՝

11. Ասելով. «Քեզ պիտի տամ Քանանի երկիրը, որ ձեզ համար ժառանգության երկիր լինի»։

12. Երբ նրանք սակավաթիվ էին, քիչ էին և պանդուխտ՝ նրա մեջ,

13. Եվ ազգից ազգ էին գնում, մի թագավորությունից՝ ուրիշ ժողովրդի մեջ,

14. Նա թույլ չտվեց, որ մարդիկ նեղացնեն նրանց, և թագավորների էլ պատժեց նրանց համար.

15. «Մի՛ դիպեք իմ օծյալներին և իմ մարգարեներին չարություն մի՛ արեք»։

16. Սովի մատնեց երկիրը և կոտրեց հացի ամբողջ զորությունը։

17. Նրանցից առաջ մարդ ուղարկեց՝ Հովսեփին, որ ծախվեց ծառայության։

18. Նրա ոտքերը չարչարեցին կապանքների մեջ, նրա անձը դրեցին երկաթի մեջ

19. Մինչև այն ժամանակ, որ նրա խոսքը կատարվեց. Տիրոջ խոսքը փորձեց նրան։

20. Թագավորն ուղարկեց և արձակեց նրան. նրան, որ տիրում էր ժողովուրդներին, ազատեց։

21. Իր տան վրա նրան տեր նշանակեց և իշխան՝ իր ամբողջ ունեցվածքի վրա,

22. Որ իշխաններին կապի իր կամքի համաձայն և ծերերին դարձնի իմաստուն։

23. Իսրայելը եկավ Եգիպտոս, և Հակոբը պանդուխտ եղավ Քամի երկրում։

24. Տերը խիստ շատացրեց իր ժողովրդին և նրան իր թշնամիներից հզոր դարձրեց։

25. Փոխեց նրանց սրտերը, որ ատեն իր ժողովրդին, որ նենգություն անեն իր ծառաների դեմ։

26. Ուղարկեց իր ծառա Մովսեսին և իր ընտրյալին՝ Ահարոնին։

27. Նրանք ցույց տվեցին նրա նշանները նրանց մեջ և հրաշքները՝ Քամի երկրում։

28. Խավար ուղարկեց և խավարեցրեց, և չհակառակվեցին նրա խոսքին։

29. Նրանց ջրերը փոխեց արյան և սպանեց նրանց ձկներին։

30. Նրանց երկիրը գորտեր դուրս հանեց, մինչև իսկ թագավորի ներքին սենյակների մեջ։

31. Ասաց, և շնաճանճը եկավ, և մժեղներն էլ՝ նրանց բոլոր սահմանների մեջ։

32. Անձրևի փոխարեն կարկուտ տվեց նրանց, և կրակի բոց՝ նրանց երկրի մեջ։

33. Զարկեց նրանց որթատունկերն ու թզենիները և փշրեց նրանց սահմանների ծառերը։

34. Ասաց, և մորեխ ու թրթուր եկան, որոնց թիվ չկար,

35. Եվ նրանց երկրում կերան ամբողջ խոտը և նրանց արտերի պտուղը կերան։

36. Եվ հարվածեց նրանց երկրի բոլոր անդրանիկներին՝ նրանց զորության բոլոր առաջնեկներին։

37. Նրանց հանեց արծաթով և ոսկով, և նրանց ցեղերի մեջ տկար մարդ չկար։

38. Եգիպտոսն ուրախացավ նրանց դուրս գալու համար, որովհետև նրանց սարսափն ընկել էր իրենց վրա։

39. Ամպ տարածեց, որ հովանի լինի, և կրակ, որ գիշերը լույս տա։

40. Խնդրեցին, և նա լորամարգիներ բերեց ու երկնքի հացով կշտացրեց նրանց։

41. Վեմը պատռեց, և ջրեր բխեցին. գետեր հոսեցին անջուր տեղերում.

42. Որովհետև նա հիշեց իր սուրբ խոսքը և իր Աբրահամ ծառային։

43. Ցնծությամբ հանեց իր ժողովրդին և իր բանտարկյալներին՝ ուրախությամբ։

44. Հեթանոսների երկրներ տվեց նրանց, և ազգերի վաստակներ ժառանգեցին նրանք,

45. Որպեսզի նրա պատվիրանները պահեն և կատարեն նրա օրենքները։ Ալելուիա՜։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 106

1. Ալելուիա՜։ Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը։

2. Ո՞վ պիտի պատմի Տիրոջ զորությունը, ո՞վ պիտի իմացնի նրա ամբողջ գովասանքը։

3. Երանի՜ իրավունքը պահողներին և ամեն ժամանակ արդարություն անողներին։

4. Հիշի՛ր ինձ, Տե՛ր, քո ժողովրդի նկատմամբ ունեցած հաճությանդ համեմատ, այցելի՛ր ինձ քո փրկությամբ։

5. Որ տեսնեմ քո ընտրյալների հաջողությունը, ուրախանամ քո ազգի ուրախությամբ, պարծենամ քո ժառանգությամբ։

6. Մենք մեղանչեցինք մեր հայրերի հետ, անօրենություն արեցինք և ամբարշտություն գործեցինք։

7. Մեր հայրերը Եգիպտոսում չհասկացան քո հրաշքները, չհիշեցին քո մեծ ողորմությունը և քեզ հակառակվեցին ծովի մոտ՝ Կարմիր ծովի մոտ։

8. Բայց նա փրկեց նրանց իր անվան համար, որպեսզի հասկացնի իր զորությունը։

9. Սաստեց Կարմիր ծովին, և նա ցամաքեց, ու նրանց անցնել տվեց անդունդի միջով, ինչպես անապատով։

10. Նրանց փրկեց ատողի ձեռքից և թշնամու ձեռքից ազատեց նրանց։

11. Ջրերը ծածկեցին նրանց հալածողներին, և նրանցից ոչ մեկն էլ չմնաց։

12. Հավատացին նրա խոսքերին և օրհնեցին նրա օրհնությունը։

13. Բայց շուտով մոռացան նրա գործերը և չսպասեցին նրա խորհուրդներին։

14. Անապատի մեջ բորբոքվեցին ցանկությամբ և Աստծուն փորձեցին անջուր տեղում։

15. Նա իրենց ուզածը տվեց նրանց և ուժաթափություն ուղարկեց նրանց անձերին։

16. Նրանք նախանձով լցվեցին Մովսեսի դեմ բանակի մեջ և Տիրոջ սրբի՝ Ահարոնի դեմ։

17. Երկիրը բացվեց ու կուլ տվեց Դաթանին և Աբիրոնի ամբոխին ծածկեց։

18. Կրակ բորբոքվեց նրանց հավաքույթներում, և բոցն այրեց ամբարիշտներին։

19. Հորթ շինեցին Քորեբում և երկրպագեցին ձուլածո պատկերին։

20. Եվ իրենց փառքը փոխարինեցին խոտաճարակ հորթի նմանությամբ։

21. Մոռացան իրենց փրկիչ Աստծուն, որ մեծամեծ գործեր արեց Եգիպտոսում,

22. Հրաշքներ գործեց Քամի երկրում և ահավոր բաներ՝ Կարմիր ծովի վրա։

23. Եվ ասաց, որ պիտի սատկեցնի նրանց, բայց նրա ընտրյալ Մովսեսը կանգնեց նրա առջև՝ ետ դարձնելու նրա բարկությունը, որ չսատկեցնի։

24. Եվ նրանք անարգեցին այն ցանկալի երկիրը, չհավատացին նրա խոսքին։

25. Տրտնջացին իրենց վրանների մեջ, Տիրոջ ձայնին չհնազանդվեցին։

26. Եվ նա բարձրացրեց իր ձեռքը նրանց վրա, որ նրանց ցած գցի անապատի մեջ

27. Եվ նրանց սերունդը գցի հեթանոսների մեջ ու ցրի նրանց երկրներում։

28. Բայց նրանք կպան Բել-Փեգովրին և մեռածների զոհերը կերան

29. Ու Աստծուն բարկացրին իրենց գործերով, և ժանտամահը հասավ նրանց վրա։

30. Հետո Փենեհեսը վեր կացավ և դատաստան արեց, և մահը դադարեց։

31. Եվ սրա համար նա արդարացի համարվեց սերնդից մինչև սերունդ հավիտյան։

32. Մերիբայի ջրերի վրա բարկացրին նրան, և Մովսեսին չարիք հասավ նրանց պատճառով,

33. Որովհետև դառնացրին նրա հոգին, և նա մեղանչեց իր շրթունքներով։

34. Նրանք կորստյան չմատնեցին այն ազգերին, ինչպես Տերը հրամայել էր նրանց,

35. Այլ խառնվեցին հեթանոսների հետ և սովորեցին նրանց գործերը.

36. Ծառայեցին նրանց կուռքերին, որոնք էլ որոգայթ եղան իրենց համար։

37. Նրանք իրենց որդիներին և աղջիկներին մատաղ արեցին դևերին։

38. Եվ անմեղ արյուն թափեցին՝ իրենց որդիների և աղջիկների արյունը, որովհետև նրանց մատաղ արեցին Քանանի կուռքերին, և երկիրը պղծվեց արյամբ։

39. Իրենց գործերով պղծվեցին և իրենց արարքներով պոռնկություն գործեցին։

40. Տիրոջ բարկությունը բորբոքվեց իր ժողովրդի վրա, և նա զզվեց իր ժառանգությունից։

41. Նրանց հեթանոսների ձեռքը մատնեց, և իրենց ատողները տիրեցին նրանց։

42. Իրենց թշնամիները նեղեցին նրանց, և իրենք խոնարհվեցին նրանց ձեռքի տակ։

43. Նա շատ անգամ փրկեց նրանց, բայց նրանք դառնացրին նրան իրենց խորհուրդներով և փչացան իրենց անօրենությունների պատճառով։

44. Նա նայեց նրանց նեղությանը, երբ լսեց նրանց աղաղակը։

45. Նրանց համար իր ուխտը հիշեց և զղջաց իր մեծ ողորմության համեմատ։

46. Եվ բոլոր նրանց առջև, որ գերի էին տարել իրենց, ողորմություն գտնել տվեց իրենց համար։

47. Փրկի՛ր մեզ, ո՜վ Տեր, մեր Աստվա՛ծ, և ժողովի՛ր մեզ հեթանոսների միջից, որ գոհանանք քո սուրբ անունից և պարծենանք քո օրհնությամբ։

48. Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, հավիտյանս հավիտենից. և ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։ Ալելուիա՜։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 107

1. Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը։

2. Տիրոջ փրկածները թող ասեն, որ իրենց փրկեց թշնամու ձեռքից.

3. Որ իրենց ժողովեց երկրներից, արևելքից և արևմուտքից, հյուսիսից և ծովից.

4. Որ իրենք մոլորված էին անապատի մեջ՝ անջուր ճանապարհին, որ բնակվելու քաղաք չէին գտնում.

5. Որ սոված ու ծարավ էին, և իրենց անձերը թուլացել էին իրենց մեջ.

6. Եվ իրենց նեղության մեջ իրենք աղաղակեցին Տիրոջը, և նա փրկեց նրանց իրենց վշտերից

7. Եվ առաջնորդեց նրանց ուղիղ ճանապարհով, որ բնակության քաղաք գնան։

8. Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին.

9. Որովհետև նա կշտացնում է կարոտած անձին և սոված անձին լցնում է բարությամբ։

10. Նրանք, որ նստում էին խավարի և մահվան ստվերում՝ նեղության մեջ և երկաթով կապված,

11. Որովհետև հակառակ եղան Աստծու խոսքերին և անարգեցին Բարձրյալի մտադրությունները.

12. Նաև նրանց սիրտը խոնարհեցրեց նեղությամբ, և նրանք տկարացան, և ոչ ոք չկար, որ օգներ։

13. Եվ իրենց նեղության մեջ աղաղակեցին Տիրոջը, և նրանց փրկեց իրենց վշտերից։

14. Նրանց հանեց խավարից և մահվան ստվերից և կոտրատեց նրանց կապանքները։

15. Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին,

16. Որովհետև նա փշրեց պղնձե դռները և երկաթե նիգերը կոտրատեց։

17. Հիմարներն իրենց անօրենության ճանապարհի համար և իրենց անիրավությունների համար նեղություններ քաշեցին.

18. Նրանց անձերը զզվեցին ամեն կերակուրից և մոտեցան մահվան դռներին։

19. Եվ իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, և նա փրկեց նրանց իրենց վշտերից.

20. Ուղարկեց իր խոսքը և բժշկեց նրանց և նրանց ազատեց իրենց կորստից։

21. Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին։

22. Թող գոհության պատարագներ մատուցեն և ցնծությամբ պատմեն նրա գործերի մասին։

23. Նրանք, որ ծովն են իջնում նավերով և գործ են կատարում հորդառատ ջրերի մեջ,

24. Նրանք տեսան Տիրոջ գործերը և նրա հրաշքները անդունդների մեջ։

25. Նա ասաց, և մրրկալի քամի փչեց, բարձրացրեց նրա ալիքները։

26. Դեպի վեր՝ երկինք ելան և վար՝ անդունդ իջան, և նրանց անձերը մաշվեցին նեղությունից.

27. Շփոթվեցին և տատանվեցին հարբած մարդու պես, և նրանց ողջ իմաստությունը կորավ։

28. Իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, և նա փրկեց նրանց իրենց վշտերից։

29. Մրրիկը հանդարտության փոխվեց, և նրա ալիքները հանգստացան։

30. Նրանք ուրախացան, որ դադարեց, և նրանց առաջնորդեց դեպի նավահանգիստ, այնտեղ, ուր ցանկանում էին։

31. Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին։

32. Թող նրան բարձր գովեն ժողովրդի հավաքույթում և ծերերի ատյանում օրհնեն նրան։

33. Նա գետերը անապատ է դարձնում և ջրերի հոսանքը՝ ծարավ երկիր։

34. Պտղաբեր երկիրն աղի հող է դարձնում նրա բնակիչների չարության պատճառով։

35. Անապատը փոխում է ջրերի լճի և ծարավ երկիրը՝ ջրերի հոսանքի։

36. Այնտեղ բնակեցնում է սովածներին, և նրանք քաղաք են հիմնում բնակվելու համար։

37. Արտեր են ցանում և այգիներ տնկում, որ պտուղ ու բերք բերեն։

38. Եվ նա օրհնում է դրանք, որ չափազանց շատանան, և չի պակասեցնում նրանց անասունները։

39. Բայց դարձյալ պակասում են և իջնում իրենց չարիքների նեղությունից ու տրտմությունից։

40. Նա անարգանք է թափում իշխանների վրա և մոլորեցնում է նրանց անճանապարհ անապատում,

41. Բայց աղքատին բարձրացնում է խեղճությունից և նրա ցեղը դարձնում է ոչխարների հոտի պես։

42. Ուղիղները պիտի տեսնեն և ուրախ լինեն, բայց ամեն անօրենություն պիտի փակի իր բերանը։

43. Ո՞վ է իմաստուն, որ այս բաները պահի. նա պիտի հասկանա Տիրոջ ողորմությունները։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 108

1. Իմ սիրտը պատրաստ է, ո՜վ Աստված, ես պիտի երգեմ և սաղմոս ասեմ նաև իմ փառքով։

2. Զարթնի՛ր, սաղմոսարա՛ն և քնա՛ր, և ես պիտի զարթնեմ վաղ առավոտյան,

3. Պիտի գոհանամ քեզնից, Տե՛ր, ժողովուրդների մեջ և ազգերի մեջ սաղմոս պիտի ասեմ.

4. Որովհետև քո ողորմությունը երկնքից էլ մեծ է, և քո ճշմարտությունը մինչև ամպերն է հասնում։

5. Բարձրացի՛ր, ո՜վ Աստված, երկնքի վրա, և քո փառքը թող լինի ողջ երկրի վրա։

6. Որ քո սիրելիներն ազատվեն, թող քո աջը փրկի, և պատասխա՛ն տուր ինձ։

7. Աստված խոսեց իր սրբարանում. «Ես պիտի ցնծամ, Սյուքեմը պիտի բաժանեմ և պիտի չափեմ Սոկքովթի հովիտը։

8. Իմն է Գաղաադը, և իմն է Մանասեն. Եփրեմն իմ գլխի զորությունն է, Հուդան՝ իմ գավազանը,

9. Մովաբն իմ լվացվելու ամանն է. իմ կոշիկը պիտի գցեմ Եդովմի վրա, պիտի ցնծամ փղշտացիների երկրի վրա»։

10. Ինձ ո՞վ պիտի տանի ամուր քաղաքը, ինձ ո՞վ պիտի առաջնորդի մինչև Եդովմ.

11. Մի՞թե դու չես, ո՜վ Աստված, որ դեն գցեցիր մեզ և դուրս չես գալիս մեր զորքերի հետ, ո՜վ Աստված։

12. Նեղության մեջ օգնությո՛ւն տուր մեզ, որովհետև փուչ է մարդու փրկությունը։

13. Մենք Աստծով պիտի զորություն գործենք, և նա պիտի ոտնակոխ անի մեր թշնամիներին։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 109

1. Ո՛վ իմ փառքի Աստված, լուռ մի՛ մնա,

2. Որովհետև ամբարիշտի բերանը և նենգավորի բերանը բացվեցին ինձ վրա. սուտ լեզվով խոսում են իմ դեմ։

3. Ատելության լեզվով պաշարում են ինձ և իզուր տեղը կռվում են իմ դեմ։

4. Իմ սիրո փոխարեն հակառակվում են ինձ, բայց ես աղոթում եմ։

5. Բարու փոխարեն չար են հատուցում ինձ, իսկ իմ սիրո փոխարեն՝ ատելություն։

6. Մի ամբարիշտի՛ դիր նրա դեմ, և թող սատանան կանգնի նրա աջ կողմում։

7. Երբ նա դատվի, թող դատապարտված դուրս գա, և նրա աղոթքը թող մեղքի փոխվի։

8. Թող պակասեն նրա օրերը, և նրա պաշտոնը ուրիշը թող առնի։

9. Նրա որդիները թող որբ լինեն, իսկ նրա կինը՝ որբևայրի.

10. Նրա որդիներն աստանդական թափառեն և մուրան, հաց ուզեն իրենց ավերակներից։

11. Փոխ տվողը թող առնի նրա ամբողջ ունեցվածքը, և օտարները հափշտակեն նրա վաստակը։

12. Թող չլինի մեկը, որ գթություն ցույց տա նրան, և ոչ ոք թող չողորմի նրա որբերին։

13. Թող ոչնչանան նրա զավակները, նրանց անունը թող ջնջվի երկրորդ սերնդից։

14. Թող նրա հայրերի անօրենությունը հիշվի Տիրոջ առջև, և թող չջնջվեն նրա մոր մեղքերը։

15. Թող միշտ լինի Տիրոջ առջև, և նա երկրից ջնջի նրա հիշատակը.

16. Որովհետև նա չհիշեց ողորմություն անելը, այլ հալածեց խեղճ, աղքատ ու սիրտը մաշված մարդուն, որ սպանի։

17. Անեծք սիրեց, և թող այն հասնի իրեն. օրհնություն չկամեցավ, ուստի թող այն հեռու լինի նրանից։

18. Անեծքը հագավ հանդերձանքի պես. այն ջրի պես թող մտնի նրա փորը և ձեթի նման՝ նրա ոսկորների մեջ։

19. Թող նրա համար այնպես լինի, ինչպես իր հագնելու հանդերձանքը և ինչպես իր միշտ կապելու գոտին։

20. Տիրոջ կողմից սա թող վարձ լինի իմ հակառակորդներին և իմ անձի մասին չար խոսողներին։

21. Բայց դու, Տե՛ր, Տե՛ր, ինձ համար արա՛ քո անվան համեմատ, որովհետև քո ողորմությունը բարի է. փրկի՛ր ինձ,

22. Որովհետև ես խեղճ եմ ու աղքատ, և սիրտս խոցված է իմ մեջ։

23. Ես անց եմ կենում ինչպես երկարած ստվեր և ցած եմ թափվում մորեխի պես։

24. Իմ ծնկները տկարացան ծոմից, և մարմինս մաշվեց իր պարարտությունից։

25. Ես նախատինք դարձա նրանց առջև. երբ տեսնում են ինձ, շարժում են իրենց գլուխները։

26. Օգնի՛ր ինձ, Տե՛ր իմ Աստված, փրկի՛ր ինձ քո ողորմության համեմատ,

27. Որ իմանան, թե քո ձեռքն է այս, որ դու, ո՜վ Տեր, արեցիր այս։

28. Նրանք անիծում են, բայց դու օրհնի՛ր. նրանք ելնում են իմ դեմ, թող ամաչեն, բայց քո ծառան ուրախ պիտի լինի։

29. Թող ամոթ հագնեն իմ հակառակորդները և իրենց ամոթը վերարկուի պես կրեն իրենց վրա։

30. Ես շատ պիտի գոհանամ Տիրոջից իմ բերանով և շատերի մեջ պիտի օրհնեմ նրան։

31. Որովհետև նա կանգնում է աղքատի աջ կողմը, որպեսզի նրան փրկի նրանցից, ովքեր դատապարտում են նրա անձը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 110

1. Տերն իմ Տիրոջն ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմը, մինչև քո թշնամիներին քո ոտքերին պատվանդան դարձնեմ»։

2. Տերը Սիոնից կուղարկի քո զորության գավազանը. տիրի՛ր քո թշնամիների մեջ։

3. Քո ժողովուրդը զորությանդ օրը հոժար կամքով պատրաստ կլինի սրբության զարդարանքով. արշալույսի արգանդից քո մանուկները քեզ համար ցողի պես կլինեն։

4. Տերը երդվեց և չի զղջա. դու հավիտյան քահանա ես Մելքիսեդեկի կարգի պես։

5. Տերը քո աջ կողմում է. նա իր բարկության օրը կջարդի թագավորներին։

6. Նա կդատի հեթանոսներին, մեռելներով կլցնի երկիրը, և շատ երկրների մեջ կջարդի գլուխները։

7. Գետից կխմի ճանապարհին. դրա համար գլուխը կբարձրացնի։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 111

1. Ալելուիա՜։ Տիրոջից ամբողջ սրտով պիտի գոհանամ ուղիղների հավաքույթում և ժողովրդի մեջ։

2. Մեծ են Տիրոջ գործերը, ցանկալի են բոլոր նրանց համար, ովքեր սիրում են դրանք։

3. Փառք և գեղեցկություն են նրա գործերը, և նրա արդարությունը մնում է հավիտյան։

4. Իր հրաշքները հիշատակ դարձրեց իր համար. ողորմած և գթած է Տերը։

5. Կերակուր տվեց իրենից վախեցողներին. նա հավիտյան հիշում է իր ուխտը։

6. Իր գործերի զորությունը ցույց տվեց իր ժողովրդին՝ նրանց տալով հեթանոսների ժառանգությունը։

7. Նրա ձեռքի գործերը ճշմարիտ և արդար են, հավատարիմ են նրա բոլոր պատվիրանները։

8. Դրանք հաստատված են հավիտյանս հավիտենից և արված են ճշմարտությամբ ու ուղղամտությամբ։

9. Նա փրկություն ուղարկեց իր ժողովրդին. իր ուխտը պատվիրեց հավիտյան. սուրբ և ահավոր է նրա անունը։

10. Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է. բարի խոհեմություն է բոլոր նրանց համար, ովքեր անում են այն. նրա օրհնությունը մնում է հավիտյան։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 112

1. Ալելուիա՜։ Երանելի է այն մարդը, որ վախենում է Տիրոջից և շատ է հավանում նրա պատվիրանները։

2. Նրա զավակը պիտի զորավոր լինի երկրի վրա. ուղիղների ցեղը պիտի օրհնվի։

3. Լիություն և հարստություն պիտի լինի նրա տանը, և նրա արդարությունը պիտի մնա հավիտյան։

4. Խավարի մեջ լույս է ծագում ուղիղների համար. ողորմած, գթած և արդար է Տերը։

5. Երանի՜ այն մարդուն, որ ողորմած է և փոխ է տալիս և իր խոսքը կատարում է իրավունքով,

6. Որովհետև նա հավիտյան չպիտի սասանվի. արդարը պիտի լինի հավիտենական հիշատակի համար։

7. Չար համբավից նա չի վախենալու, նրա սիրտը պատրաստ է, որ իր հույսը Տիրոջ վրա դնի։

8. Հաստատուն է նրա սիրտը և չի վախենալու, մինչև չտեսնի իրեն նեղողների կորուստը։

9. Նա փռեց և աղքատներին տվեց. նրա արդարությունը պիտի մնա հավիտյան. նրա եղջյուրը փառքով պիտի բարձրանա։

10. Ամբարիշտը պիտի տեսնի և բարկանա, պիտի կրճտացնի իր ատամները և հալվի. պիտի կորչի ամբարիշտների ցանկությունը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 113

1. Ալելուիա՜։ Օրհնեցե՛ք, ո՛վ Տիրոջ ծառաներ, օրհնեցե՛ք Տիրոջ անունը։

2. Թող օրհնյա՜լ լինի Տիրոջ անունը այսուհետև մինչև հավիտյան։

3. Արևելքից մինչև արևմուտք օրհնյա՜լ լինի Տիրոջ անունը։

4. Տերը բարձր է բոլոր ազգերի վրա, և նրա փառքը երկնքի վրա է։

5. Ո՞վ է մեր Տեր Աստծու նման, որ բնակվում է բարձրության մեջ.

6. Որ խոնարհվում է երկնքի և երկրի մեջ եղած բաները տեսնելու համար,

7. Որ աղքատին վեր է հանում փոշուց և աղբից բարձրացնում է խեղճին,

8. Որ նստեցնում է նրանց իր իշխանների հետ, իր ժողովրդի իշխանների հետ,

9. Որ ամուլ կնոջը բնակեցնում է տան մեջ, որ նա որդիների ուրախ մայր լինի։ Ալելուիա՜։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 114

1. Երբ Իսրայելը դուրս էր գալիս Եգիպտոսից, Հակոբի տունը՝ խաժամուժ ժողովրդի միջից,

2. Հուդան եղավ նրա սրբությունը, Իսրայելը՝ նրա իշխանությունը։

3. Ծովը տեսավ և փախավ, Հորդանանը ետ դարձավ։

4. Սարերը խոյերի պես վեր-վեր խաղացին, իսկ բլուրները՝ գառների պես։

5. Ի՞նչ եղավ քեզ, ո՛վ ծով, որ փախչում էիր, և քեզ, ո՛վ Հորդանան, որ ետ էիր դառնում։

6. Դուք, ո՛վ սարեր, խոյերի պես վեր-վեր խաղացիք, և դուք, ո՛վ բլուրներ, գառների պես։

7. Տիրոջից սարսափի՛ր, ո՛վ երկիր, Հակոբի Աստծուց,

8. Որ վեմը ջրերի լիճ է դարձնում, իսկ քարքարուտը՝ ջրերի աղբյուր։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 115

1. Ոչ թե մեզ, Տե՛ր, ոչ թե մեզ, այլ քո անվա՛նը փառք տուր քո ողորմության և քո ճշմարտության համար։

2. Ինչո՞ւ հեթանոսներն ասեն. «Ո՞ւր է նրանց Աստվածը»։

3. Բայց մեր Աստվածը երկնքում է. ամենը, ինչ որ նա կամենում է, անում է։

4. Նրանց կուռքերը արծաթ ու ոսկի են, մարդու ձեռքի գործեր.

5. Բերան ունեն և չեն խոսում, աչքեր ունեն և չեն տեսնում,

6. Ականջներ ունեն և չեն լսում, քիթ ունեն և հոտ չեն առնում,

7. Ձեռքեր ունեն և չեն շոշափում, ոտքեր ունեն և չեն քայլում և ձայն չեն հանում իրենց կոկորդով։

8. Նրանց կերտողներն էլ նրանց նման են, և բոլոր նրանք, որ իրենց հույսը դնում են դրանց վրա։

9. Ո՛վ Իսրայել, հույսդ Տիրոջ վրա՛ դիր. նրանց օգնությունը և վահանը նա է։

10. Ո՛վ Ահարոնի տուն, ձեր հույսը Տիրոջ վրա՛ դրեք, նրանց օգնությունը և վահանը նա է։

11. Ո՛վ Տիրոջից վախեցողներ, ձեր հույսը Տիրոջ վրա՛ դրեք. նրանց օգնությունը և վահանը նա է։

12. Տերը հիշում է մեզ. նա կօրհնի, նա կօրհնի Իսրայելի տունը, նա կօրհնի Ահարոնի տունը։

13. Նա կօրհնի Տիրոջից վախեցողներին՝ փոքրերին մեծերի հետ։

14. Տերը կշատացնի օրհնությունը ձեզ վրա, ձեզ վրա և ձեր որդիների վրա։

15. Դուք օրհնված եք Տիրոջից, որ երկինքն ու երկիրը ստեղծեց։

16. Երկինքների երկինքը Տիրոջն է, և նա երկիրը տվեց մարդկանց որդիներին։

17. Ոչ թե մեռելները պիտի օրհնեն Տիրոջը, ոչ էլ գերեզմանի մեջ իջնողները,

18. Այլ մենք պիտի օրհնենք Տիրոջը այսուհետև մինչև հավիտյան։ Ալելուիա՜։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 116

1. Ես ուրախ եմ, որ Տերը լսեց իմ ձայնը և իմ աղաչանքը,

2. Որ իր ականջը խոնարհեց դեպի ինձ, և ես իմ բոլոր օրերում պիտի կանչեմ նրան։

3. Մահվան լարերը պատեցին ինձ, և դժոխքի վշտերը գտան ինձ. նեղություն և տրտմություն գտա ես։

4. Բայց ես կանչեցի Տիրոջ անունը. Տե՛ր, փրկի՛ր իմ անձը։

5. Ողորմած է Տերը և արդար. գթած է մեր Աստվածը։

6. Տերը պահում է անօգնականներին. ես խեղճացա, և նա ապրեցրեց ինձ։

7. Ո՛վ իմ անձ, դարձի՛ր քո հանգստությանը, որովհետև Տերը քեզ բարիք արեց։

8. Որովհետև դու իմ անձը փրկեցիր մահվանից, իմ աչքը՝ արտասուքից և իմ ոտքերը՝ սայթաքելուց։

9. Ես պիտի ընթանամ Տիրոջ առջև ողջերի երկրում։

10. Ես իմ հավատքը պահեցի, նույնիսկ երբ ասացի. «Ես շատ չարչարվեցի»։

11. Ես շփոթահար ասացի. «Ամեն մարդ սուտ է»։

12. Ի՞նչ հատուցեմ Տիրոջը այն ամբողջ բարության փոխարեն, որ արել է ինձ։

13. Փրկության բաժակը պիտի վերցնեմ և կանչեմ Տիրոջ անունը։

14. Տիրոջն արած իմ ուխտերը պիտի կատարեմ իր ամբողջ ժողովրդի առջև։

15. Տիրոջ առջև պատվական է իր սրբերի մահը։

16. Օ՜, Տե՛ր, ես քո ծառան եմ. ես քո ծառան եմ և քո աղախնի որդին. դու արձակեցիր իմ կապանքները։

17. Գոհության զոհ պիտի մատուցեմ քեզ և կանչեմ Տիրոջ անունը։

18. Տիրոջն արած իմ ուխտերը պիտի կատարեմ իր ամբողջ ժողովրդի առջև,

19. Տիրոջ տան սրահների մեջ, քո մեջ, Երուսաղե՛մ։ Ալելուիա՜։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 117

1. Օրհնեցե՛ք Տիրոջը, ո՛վ բոլոր ազգեր, գովեցե՛ք նրան, ո՛վ բոլոր ժողովուրդներ։

2. Որովհետև զորավոր է նրա ողորմությունը մեզ վրա, և հավիտյան է նրա ճշմարտությունը։ Ալելուիա՜։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 118

1. Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը։

2. Թող Իսրայելն ասի. «Հավիտյան է նրա ողորմությունը».

3. Ահարոնի տունն ասի. «Հավիտյան է նրա ողորմությունը».

4. Տիրոջից վախեցողներն ասեն. «Հավիտյան է նրա ողորմությունը»։

5. Նեղության մեջ կանչեցի Տիրոջը. Տերն ինձ լսեց և ընդարձակ տեղ հանեց։

6. Տերն ինձ հետ է. ես չեմ վախենում. մարդն ինձ ի՞նչ է անելու։

7. Տերն ինձ հետ է իմ օգնականներով, և ես պիտի նայեմ իմ թշնամիներին։

8. Լավ է հույսը դնել Տիրոջ վրա, քան թե մարդկանց ապավինել։

9. Լավ է հույսը դնել Տիրոջ վրա, քան թե իշխաններին ապավինել։

10. Բոլոր հեթանոսները պաշարեցին ինձ, բայց ես Տիրոջ անվամբ պիտի ջարդեմ նրանց։

11. Ամեն կողմից շրջապատեցին ինձ, բայց ես Տիրոջ անվամբ պիտի ջարդեմ նրանց։

12. Մեղուների պես շրջապատեցին ինձ, հանգան ինչպես փշերի կրակ, բայց Տիրոջ անվամբ պիտի ջարդեմ նրանց։

13. Ուժեղ զարկեցիր ինձ, որ ցած ընկնեմ, բայց Տերն ինձ օգնեց։

14. Տերն իմ զորությունը և իմ սաղմոսն է. նա փրկություն եղավ ինձ համար։

15. Ցնծության և փրկության ձայն կա արդարների վրաններում. Տիրոջ աջը զորություն է գործում։

16. Տիրոջ աջը բարձր է. Տիրոջ աջը զորություն է գործում։

17. Ես չեմ մեռնելու. պիտի ապրեմ և պիտի պատմեմ Տիրոջ գործերի մասին։

18. Տերը խիստ խրատեց ինձ, բայց ինձ մահվան չմատնեց։

19. Ինձ համար բացե՛ք արդարության դռները, որ մտնեմ նրանց մեջ և գոհանամ Տիրոջից։

20. Այս դուռը Տիրոջն է. արդարները սրանով պիտի մտնեն։

21. Գոհանում եմ քեզնից, որ ինձ լսեցիր և փրկություն եղար ինձ համար։

22. Այն քարը, որ շինարարներն անարգեցին, նա դարձավ անկյունաքար։

23. Տիրոջից եղավ այս բանը, զարմանալի է թվում մեր աչքին։

24. Սա այն օրն է, որ Տերն արարեց. թող ցնծանք և ուրախ լինենք նրանում։

25. Օ՜, Տե՛ր, փրկի՛ր, օ՜, Տե՛ր, հաջողությո՛ւն տուր։

26. Օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անվամբ. օրհնում ենք ձեզ Տիրոջ տնից։

27. Տերն է Աստվածը և լույս է ցույց տալիս մեզ. մատաղները կապեցե՛ք չվաններով, տարե՛ք մինչև սեղանի եղջյուրները։

28. Դու ես իմ Աստվածը, և ես գոհանում եմ քեզնից, ո՛վ իմ Աստված, ես պիտի պանծացնեմ քեզ։

29. Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 119

1. Երանելի են ճանապարհով անմեղները, որոնք գնում են Տիրոջ օրենքով։

2. Երանելի են նրա վկայությունները պահողները, որ ամբողջ սրտով փնտրում են նրան։

3. Որովհետև նրանք անօրենություն չեն գործում, այլ գնում են նրա ճանապարհներով։

4. Դու պատվիրեցիր, որ քո հրամանները պինդ պահենք։

5. Երանի՜ իմ ճանապարհները հաջող լինեն՝ պահելու քո կանոնները։

6. Այդ դեպքում չեմ ամաչի, երբ քո բոլոր պատվիրաններին հետևեմ։

7. Ես քեզ պիտի գովաբանեմ ուղիղ սրտով, երբ որ քո արդար վճիռներն իմանամ։

8. Քո կանոնները պիտի պահեմ. ինձ բոլորովին մի՛ լքիր։Հնազանդություն Տիրոջ օրենքինԲեթ

9. Երիտասարդն ինչո՞վ պիտի մաքուր պահի իր ճանապարհը. զգույշ լինելով քո խոսքի համեմատ։

10. Իմ ամբողջ սրտով փնտրեցի քեզ. մի՛ թող ինձ, որ մոլորվեմ քո պատվիրաններից։

11. Իմ սրտում թաքցրի քո խոսքերը, որ չմեղանչեմ քո դեմ։

12. Օրհնյա՜լ ես դու, Տե՛ր, սովորեցրո՛ւ ինձ քո կանոնները։

13. Իմ շրթունքներով պատմում եմ քո բերանի բոլոր իրավունքները։

14. Ուրախանում եմ քո վկայությունների ճանապարհով, ինչպես ամեն տեսակ հարստությամբ։

15. Քո հրամանների մասին պիտի մտածեմ, քո ճանապարհներին պիտի նայեմ։

16. Քո կանոններով պիտի ուրախանամ և քո խոսքը չպիտի մոռանամ։Երջանկություն Տիրոջ օրենքի մեջԳիմել

17. Բարությո՛ւն արա քո ծառային, որ ապրեմ և գործադրեմ քո խոսքը։

18. Բա՛ց իմ աչքերը, որ տեսնեմ քո օրենքի հրաշքները։

19. Ես պանդուխտ եմ երկրի վրա, ինձնից մի՛ թաքցրու քո պատվիրանները։

20. Իմ անձը մաշվել է ամեն ժամանակ քո իրավունքները ցանկանալուց։

21. Դու սաստեցիր անիծված ամբարտավաններին, որ մոլորվեցին քո պատվիրաններից։

22. Նախատինքն ու անարգանքը վերցրո՛ւ ինձնից, որ պահեմ քո վկայությունները։

23. Իշխաններ էլ են նստում և խոսում իմ դեմ. քո ծառան մտածում է քո հրամանների մասին։

24. Հիրավի, քո վկայություններն իմ ուրախությունն են և իմ խորհրդականները։Տիրոջ օրենքին հնազանդության սահմանումԴալեթ

25. Իմ անձը կպավ հողին. քո խոսքի համաձայն ապրեցրո՛ւ ինձ։

26. Ես պատմում եմ իմ ճանապարհների մասին, և դու լսում ես ինձ. սովորեցրո՛ւ ինձ քո հրամանները։

27. Իմացրո՛ւ ինձ քո պատվիրանների ճանապարհները, և ես պիտի մտածեմ քո սքանչելիքների մասին։

28. Իմ անձը հալվեց տրտմությունից. հաստատի՛ր ինձ քո խոսքի համեմատ։

29. Ստության ճանապարհը հեռացրո՛ւ ինձնից և քո օրենքը շնորհի՛ր ինձ։

30. Ես ընտրեցի ճշմարտության ճանապարհը. քո իրավունքները դրեցի իմ առջև։

31. Մոտեցա քո վկայություններին, Տե՛ր, ինձ մի՛ ամաչեցրու։

32. Պիտի վազեմ քո պատվիրանների ճանապարհով, որովհետև դու լայնացրիր իմ սիրտը։Հասկացողության աղոթքՀե

33. Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ քո կանոնների ճանապարհը, որ մինչև վերջը պահեմ այն։

34. Իմաստո՛ւն դարձրու ինձ, որ պահեմ քո օրենքը և ամբողջ սրտով կատարեմ այն։

35. Առաջնորդի՛ր ինձ քո պատվիրանների շավիղներով, որոնք հավանեցիր։

36. Իմ սիրտը խոնարհեցրո՛ւ դեպի քո վկայությունները և ոչ թե դեպի ագահությունը։

37. Դեպի հե՛տ դարձրու իմ աչքերը, որ ունայն բան չտեսնեն, և ինձ ապրեցրո՛ւ քո ճանապարհների մեջ։

38. Քո խոսքը հաստատի՛ր քո ծառայի համար, որ վախենում է քեզնից։

39. Ինձնից վանի՛ր իմ նախատինքը, որից վախեցա, որովհետև բարի են քո իրավունքները։

40. Ահա ցանկացա քո պատվիրանները. քո արդարությամբ ապրեցրո՛ւ ինձ։Վստահություն Տիրոջ օրենքի հանդեպՎավ

41. Տե՛ր, քո ողորմությունը թող գա ինձ վրա, և քո փրկությունը՝ քո խոսքի համաձայն։

42. Ես պատասխան կտամ խոսքով ինձ նախատողներին, որովհետև հույսս քո խոսքի վրա եմ դրել։

43. Քո ճշմարտության խոսքն ամենևին մի՛ հեռացրու իմ բերանից, որովհետև հույսս դրել եմ քո իրավունքի վրա։

44. Քո օրենքը պիտի պահեմ ամեն ժամանակ՝ հավիտյանս հավիտենից։

45. Ես ազատ պիտի գնամ, որովհետև խնդրեցի քո պատվիրանները։

46. Քո վկայությունների մասին պիտի խոսեմ թագավորների առջև և չպիտի ամաչեմ։

47. Ես պիտի ուրախանամ քո պատվիրաններով, որոնք սիրում եմ։

48. Իմ ձեռքը պիտի բարձրացնեմ դեպի քո պատվիրանները, որոնք սիրում եմ, և պիտի մտածեմ քո հրամանների մասին։Ապահովություն Տիրոջ օրենքի մեջԶային

49. Հիշի՛ր քո ծառայի համար տրված խոսքը, որի վրա դրեցի իմ հույսը։

50. Նեղությանս մեջ իմ մխիթարությունն այն է, որ քո խոսքն ապրեցնում է ինձ։

51. Ամբարտավանները շատ խիստ ծաղրում են ինձ, բայց ես չեմ շեղվում քո օրենքից։

52. Տե՛ր, հիշում եմ քո հավերժական վճիռները և մխիթարվում։

53. Բարկությունը տիրեց ինձ այն ամբարիշտների դեմ, որոնք թողնում են քո օրենքը։

54. Քո հրամանները երգ են ինձ համար իմ պանդխտության տան մեջ։

55. Տե՛ր, գիշերը հիշում եմ քո անունը և պահում եմ քո օրենքը։

56. Այս ինձ համար պատճառ եղավ, որ պահեմ քո հրամանները։Նվիրում Տիրոջ օրենքինԽեթ

57. Իմ բաժինը դու ես, Տե՛ր. ես ասացի, որ պիտի պահեմ քո խոսքերը։

58. Ամբողջ սրտով աղաչում եմ քո առջև. ողորմի՛ր ինձ քո խոսքի համաձայն։

59. Ես մտածում եմ քո ճանապարհների մասին և իմ ոտքերը շրջում եմ դեպի քո վկայությունները։

60. Շտապում եմ և չեմ ուշանում, որ պահեմ քո պատվիրանները։

61. Ամբարիշտների պարանները պատեցին ինձ, բայց ես չեմ մոռանում քո օրենքը։

62. Կեսգիշերին վեր եմ կենում, որ գովաբանեմ քեզ քո արդար իրավունքի համար։

63. Ես ընկերն եմ բոլոր նրանց, ովքեր վախենում են քեզնից և պահում են քո պատվիրանները։

64. Տե՛ր, երկիրը լիքն է քո ողորմությամբ. քո հրամանները սովորեցրո՛ւ ինձ։Տիրոջ օրենքի արժեքըԹեթ

65. Բարություն արեցիր, Տե՛ր, քո ծառային՝ քո խոսքի համաձայն։

66. Բարի իմաստություն և գիտությո՛ւն սովորեցրու ինձ, որովհետև հավատում եմ քո պատվիրաններին։

67. Քանի դեռ խոնարհված չէի, սխալվում էի, բայց հիմա պահում եմ քո խոսքը։

68. Բարի ես դու և բարերար. քո հրամանները սովորեցրո՛ւ ինձ։

69. Ամբարտավանները սուտ են հնարում իմ մասին, բայց ես ամբողջ սրտով պիտի պահեմ քո պատվիրանները։

70. Նրանց սիրտը պարարտ է, ինչպես ճարպը, բայց ես ուրախանում եմ քո օրենքով։

71. Ինձ համար լավ էր, որ խոնարհվեցի, որ սովորեմ քո հրամանները։

72. Քո բերանի օրենքն ինձ համար բարի է ավելի, քան հազարավոր ոսկի ու արծաթ։Տիրոջ օրենքի արդարությունըԵոթ

73. Քո ձեռքերն արարեցին ինձ և հաստատեցին ինձ. իմաստո՛ւն դարձրու ինձ, որ սովորեմ քո պատվիրանները։

74. Քեզնից վախեցողները պիտի տեսնեն ինձ և ուրախ լինեն, որովհետև հույսս քո խոսքերի վրա դրեցի։

75. Գիտեմ, Տե՛ր, որ արդարությամբ են քո դատաստանները, և իրավունքով ինձ խոնարհեցրիր։

76. Թող քո ողորմությունն ինձ համար մխիթարություն լինի քո ծառային տված խոսքիդ համաձայն։

77. Քո բարեգթությունը թող գա ինձ վրա, որ ապրեմ, որովհետև քո օրենքն է իմ ուրախությունը։

78. Ամբարտավանները թող ամոթահար լինեն, որովհետև իզուր անիրավություն գործեցին իմ դեմ, բայց ես պիտի մտածեմ քո պատվիրանների մասին։

79. Ինձ մոտ թող վերադառնան քեզնից վախեցողները և քո վկայությունները ճանաչողները։

80. Իմ սիրտը թող անմեղ լինի քո հրամանների մեջ, որպեսզի չամաչեմ։Աղոթք փրկության համարՔաֆ

81. Իմ անձը մաշվեց՝ սպասելով քո փրկությանը, բայց ես հույսս քո խոսքի վրա դրեցի։

82. Իմ աչքերը մաշվեցին քո խոսքը ցանկանալու համար. ես ասում եմ. «Ե՞րբ պիտի մխիթարես ինձ»։

83. Որովհետև ես ծխի մեջ կախված տիկի պես եղա, բայց քո հրամանները չմոռացա։

84. Որքա՞ն են քո ծառայի կյանքի օրերը. ե՞րբ պիտի դատաստան անես ինձ հալածողներին։

85. Ամբարտավանները հորեր փորեցին ինձ համար, որ քո օրենքի համաձայն չեն։

86. Քո բոլոր պատվիրանները ճշմարիտ են, զուր տեղն են հալածում ինձ. օգնի՛ր ինձ։

87. Քիչ էր մնացել, որ ինձ կորցնեին երկրի մեջ, բայց ես չեմ թողնում քո պատվիրանները։

88. Քո ողորմության համեմատ ապրեցրո՛ւ ինձ, և ես պիտի պահեմ քո բերանի վկայությունները։Հավատարմություն Տիրոջ օրենքինԼամեդ

89. Ո՜վ Տեր, քո խոսքը հավիտյան հաստատված է երկնքում։

90. Քո ճշմարտությունը մնում է սերնդից սերունդ. դու հաստատեցիր երկիրը, և նա կա։

91. Ըստ քո հրամանների մնում են այսօր էլ, որովհետև բոլորը քո ծառաներն են։

92. Եթե քո օրենքն իմ ուրախությունը չլիներ, ես վաղուց կորած կլինեի իմ խեղճության մեջ։

93. Հավիտյան չեմ մոռանա քո պատվիրանները, որովհետև նրանցով ապրեցրիր ինձ։

94. Ես քոնն եմ, փրկի՛ր ինձ, որովհետև փնտրում եմ քո պատվիրանները։

95. Ամբարիշտները սպասում են ինձ, որ ինձ կորցնեն, բայց ես մտաբերում եմ քո պատվիրանները։

96. Ամեն մի կատարյալ բանի վերջը տեսա, բայց քո պատվիրանը չափազանց ընդարձակ է։Սեր՝ Տիրոջ օրենքի հանդեպՄեմ

97. Որքա՜ն եմ սիրում քո օրենքը. ամեն օր այն է իմ մտածմունքը։

98. Քո պատվիրաններն ինձ իմ թշնամիներից իմաստուն դարձրին, որովհետև դրանք իմն են հավիտյան։

99. Իմ բոլոր ուսուցիչներից իմաստուն եղա, որովհետև իմ մտածմունքը քո վկայություններն են։

100. Ծերերից ավելի խելացի եղա, որովհետև պահում եմ քո պատվիրանները։

101. Ամեն մի չար ճանապարհից ոտքերս հետ եմ քաշում, որ քո խոսքը պահեմ։

102. Քո վճիռներից չեմ հեռանում, որովհետև դու սովորեցնում ես ինձ։

103. Որքա՜ն քաղցր է քո խոսքն իմ քիմքին, մեղրից էլ ավելի՝ իմ բերանին։

104. Քո պատվիրաններով ես իմաստուն եղա, դրա համար ատում եմ ստության ամեն ճանապարհ։Լույս՝ Տիրոջ օրենքիցՆուն

105. Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար։

106. Ես երդվեցի և պիտի կատարեմ այն, որ պահեմ քո արդարության իրավունքը։

107. Ես շատ խոնարհվեցի. Տե՛ր, ապրեցրո՛ւ ինձ քո խոսքի համաձայն։

108. Ընդունի՛ր իմ բերանի կամավոր զոհերը, Տե՛ր, և ինձ սովորեցրո՛ւ քո իրավունքները։

109. Իմ անձն ամեն ժամանակ իմ ձեռքի մեջ է, բայց ես չեմ մոռանում քո օրենքը։

110. Ամբարիշտները որոգայթ դրեցին իմ դեմ, բայց ես չեմ մոլորվում քո պատվիրաններից։

111. Ես քո վկայությունները ժառանգեցի մինչև հավիտյան, որովհետև նրանք իմ սրտի ցնծությունն են։

112. Ես խոնարհեցրի իմ սիրտը, որ քո հրամանները կատարեմ հավիտյան՝ մինչև վախճանը։Տիրոջ օրենքի մեջ ապահովությունՍամեխ

113. Ես ատում եմ երկմիտներին. քո օրե՛նքը սիրեցի։

114. Իմ հովանին և պահապանը դու ես. ես հույսս քո խոսքի վրա դրեցի։

115. Հեռո՛ւ կացեք ինձնից, ո՛վ չարամիտներ, որովհետև ես պիտի պահեմ իմ Աստծու պատվիրանները։

116. Ինձ պահպանի՛ր քո խոսքի համաձայն, որ ապրեմ, և ինձ մի՛ ամաչեցրու իմ հույսի համար։

117. Օգնի՛ր ինձ, և ես կապրեմ. ամեն ժամանակ պիտի մտածեմ քո հրամանների մասին։

118. Դու անարգում ես բոլոր նրանց, ովքեր հեռանում են քո հրամաններից, որովհետև նրանց նենգությունը սուտ է։

119. Դու կեղտ ես համարում երկրի բոլոր ամբարիշտներին, դրա համար էլ ես սիրում եմ քո վկայությունները։

120. Մարմինս դողում է քո ահից, և ես վախենում եմ քո դատաստաններից։Հնազանդություն Տիրոջ օրենքինԱյին

121. Ես իրավունք և արդարություն գործեցի. ինձ մի՛ մատնիր ինձ նեղողների ձեռքը։

122. Քո ծառային երաշխավորի՛ր իր բարիքի համար, որ ամբարտավանները չնեղացնեն ինձ։

123. Աչքերս մաշվեցին քո փրկությանը և քո արդարության խոսքին սպասելով։

124. Քո ծառայի հետ վարվի՛ր քո ողորմության համեմատ և ինձ սովորեցրո՛ւ քո հրամանները։

125. Ես քո ծառան եմ. իմաստո՛ւն դարձրու ինձ, որ ճանաչեմ քո վկայությունները։

126. Ժամանակն է, որ Տերն անի այս, որովհետև նրանք խափանեցին քո օրենքը։

127. Դրա համար էլ ոսկուց և ազնիվ ոսկուց ավելի ես քո պատվիրաններն եմ սիրում։

128. Դրա համար էլ լիովին ուղիղ եմ պահում բոլոր պատվիրանները և ատում եմ ստության ամեն ճանապարհ։Տիրոջ օրենքին հնազանդվելու փափագՓե

129. Քո վկայությունները զարմանալի են, դրա համար էլ իմ անձը պահում է դրանք։

130. Խոսքերիդ հայտնությունը լույս է տալիս և իմաստուն դարձնում պարզամիտներին։

131. Իմ բերանը բացում և շունչ եմ առնում, որովհետև ցանկանում եմ քո պատվիրանները։

132. Նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ այնպես, ինչպես դու սովոր ես անել քո անունը սիրողներին։

133. Իմ ընթացքը հաստատի՛ր քո խոսքի մեջ, և անօրենություն չի տիրի ինձ վրա։

134. Փրկի՛ր ինձ մարդկանց բռնությունից, և ես կպահեմ քո պատվիրանները։

135. Երեսդ լուսավորի՛ր քո ծառայի համար և ինձ սովորեցրո՛ւ քո հրամանները։

136. Ջրերի առուներ են ցած գալիս իմ աչքերից, որովհետև մարդիկ չեն պահում քո օրենքը։Տիրոջ օրենքի արդարությունըՑադե

137. Դու արդար ես, Տե՛ր, և ուղիղ են քո դատաստանները։

138. Քո վկայությունների արդարությունը պատվիրեցիր, և դրանք կատարյալ ճշմարիտ են։

139. Իմ նախանձը մաշեց ինձ, որովհետև թշնամիներս մոռանում են քո խոսքը։

140. Քո խոսքը չափազանց մաքուր է, և քո ծառան սիրում է այն։

141. Ես ցածր և անարգված եմ, բայց չեմ մոռանում քո պատվիրանները։

142. Քո արդարությունը հավիտենական արդարություն է, և քո օրենքը՝ ճշմարիտ։

143. Նեղությունը և ցավը գտան ինձ. քո պատվիրաններն իմ ուրախությունն են։

144. Քո վկայությունների արդարությունը հավիտյան է. իմաստո՛ւն դարձրու ինձ, և պիտի ապրեմ։Աղոթք ազատության համարՔոֆ

145. Ամբողջ սրտով կանչում եմ. լսի՛ր ինձ, Տե՛ր, և ես պիտի պահեմ քո հրամանները։

146. Քեզ եմ կանչում. փրկի՛ր ինձ, և ես պիտի պահեմ քո վկայությունները։

147. Կանուխ գալիս եմ արշալույսին և աղաղակում. ես հույսս քո խոսքի վրա դրեցի։

148. Գիշերը չվերջացած՝ բացվում են իմ աչքերը՝ քո խոսքերի մասին մտածելու համար։

149. Լսի՛ր իմ ձայնը քո ողորմության համեմատ, Տե՛ր, քո իրավունքի համեմատ ապրեցրո՛ւ ինձ։

150. Անօրենության հետևողները մոտեցան, նրանք հեռացան քո օրենքից։

151. Տե՛ր, դու մոտիկ ես, և քո բոլոր պատվիրանները ճշմարտություն են։

152. Վաղուց իմացա քո վկայություններից, որ դու դրանք հաստատեցիր հավիտյան։Օգնության աղերսՐեշ

153. Տե՛ս իմ խեղճությունը և փրկի՛ր ինձ, որովհետև չեմ մոռանում քո օրենքը։

154. Պաշտպանի՛ր իմ իրավունքը և փրկի՛ր ինձ, քո խոսքի համեմատ ապրեցրո՛ւ ինձ։

155. Փրկությունը հեռու է ամբարիշտներից, որովհետև չեն փնտրում քո հրամանները։

156. Տե՛ր, շատ է քո բարեգթությունը. քո իրավունքի համեմատ ապրեցրո՛ւ ինձ։

157. Շատ են ինձ հալածողներն ու նեղություն տվողները, բայց ես դուրս չեմ գալիս քո օրենքից։

158. Ես տեսնում եմ քո դեմ ապստամբածներին և զզվում եմ նրա համար, որ չեն պահում քո խոսքը։

159. Տե՛ս, որ սիրում եմ քո պատվիրանները, Տե՛ր, քո ողորմության համեմատ ապրեցրո՛ւ ինձ։

160. Քո խոսքի սկիզբը ճշմարտություն է, և հավիտյան են քո բոլոր արդար վճիռները։Ընծայում Տիրոջ օրենքինՇին

161. Իշխաններն իզուր հալածում են ինձ, բայց իմ սիրտը վախենում է քո խոսքերից։

162. Ես ցնծում եմ քո խոսքով, ինչպես մեկը, որ շատ ավար է գտնում։

163. Ատում եմ ստությունը և համարում գարշելի. քո օրե՛նքն եմ սիրում։

164. Օրը յոթ անգամ օրհնում եմ քեզ քո արդար վճիռների համար։

165. Մեծ խաղաղություն կա քո օրենքը սիրողների համար, և գայթակղություն չկա նրանց համար։

166. Տե՛ր, ես սպասում եմ քո փրկությանը և կատարում եմ քո պատվիրանները։

167. Իմ անձը պահում է քո վկայությունները, և ես շատ եմ սիրում դրանք։

168. Ես պահում եմ քո պատվիրաններն ու վկայությունները, որովհետև իմ բոլոր ճանապարհները քո առաջ են։Աղոթք օգնության համարԹավ

169. Տե՛ր, թող իմ աղաղակը մոտ գա քո առջև. քո խոսքի համեմատ իմաստո՛ւն դարձրու ինձ։

170. Թող իմ աղաչանքը հասնի քո առջև. քո խոսքի համեմատ փրկի՛ր ինձ։

171. Իմ շրթունքները օրհնություն են բխում, որ ինձ սովորեցնես քո հրամանները։

172. Իմ լեզուն թող խոսի քո խոսքի մասին, որովհետև քո բոլոր պատվիրաններն արդար են։

173. Ձեռքդ թող օգնական լինի ինձ, որովհետև ես ընտրում եմ քո պատվիրանները։

174. Տե՛ր, ես ցանկանում եմ քո փրկությունը, և քո օրենքն է իմ ուրախությունը։

175. Իմ անձը թող ապրի և օրհնի քեզ, և ինձ թող օգնեն քո իրավունքները։

176. Ես մոլորվեցի ինչպես կորած ոչխար. եկ փնտրի՛ր քո ծառային, որովհետև ես չմոռացա քո պատվիրանները։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 120

1. Իմ նեղության մեջ կանչեցի Տիրոջը, և նա լսեց ինձ։

2. Տե՛ր, փրկի՛ր իմ անձը սուտ շրթունքներից, նենգավոր լեզվից։

3. Ի՞նչ է տալու քեզ և էլ ի՞նչ է քեզ ավելացնելու նենգավոր լեզուն։

4. Զորավոր մարդու նետերը սուր են՝ գիհիների կայծերով։

5. Վա՜յ ինձ, որ պանդուխտ եմ Մեսեքի մեջ և բնակվում եմ Կեդարի վրաններում։

6. Շատ երկար եղավ իմ անձի համար, որ բնակվեցի նրանց հետ, ովքեր ատում են խաղաղությունը։

7. Ես խաղաղության մարդ եմ, բայց երբ խոսում եմ նրանց հետ, կռվում եմ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 121

1. Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը. որտեղի՞ց պիտի գա իմ օգնությունը։

2. Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը։

3. Նա չի թողնի, որ քո ոտքը սահի. քո պահապանը չի քնի։

4. Ահա Իսրայելի պահապանը, որ չի ննջելու և չի քնելու։

5. Տերը քո պահապանն է. Տերը քեզ հովանի է քո աջ ձեռքի մոտ։

6. Ցերեկն արեգակը չի զարկելու քեզ, ոչ էլ լուսինը՝ գիշերը։

7. Տերը պիտի պահպանի քեզ ամեն չարից. նա պիտի պահպանի քո անձը։

8. Տերը պիտի պահպանի քո երթուդարձը՝ այսուհետև մինչև հավիտյան։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 122

1. Ես ուրախացա, երբ ինձ ասացին. «Տիրոջ տուն գնանք»։

2. Մեր ոտքերը կկանգնեն քո դռների մեջ, ո՛վ Երուսաղեմ։

3. Երուսաղեմը շինված է այնպիսի քաղաքի պես, որը միավորված է.

4. Այնտեղ են բարձրանում ցեղերը, Տիրոջ ցեղերը՝ Իսրայելին տված վկայության համաձայն՝ Տիրոջ անունը գովաբանելու համար։

5. Որովհետև այնտեղ են դրված դատաստանի աթոռները՝ Դավթի տան աթոռները։

6. Խաղաղությո՛ւն խնդրեցեք Երուսաղեմի համար. թող հաջողեն քեզ սիրողները։

7. Թող խաղաղություն լինի քո պարիսպների մեջ, հաջողություն՝ քո պալատներում։

8. Իմ եղբայրների և իմ ընկերների համար ասում եմ. «Թող խաղաղություն լինի քո մեջ»։

9. Հանուն մեր Տեր Աստծու տան բարօրություն եմ ուզում քեզ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 123

1. Դեպի քեզ եմ բարձրացնում իմ աչքերը, ո՛վ երկնքում բնակվող։

2. Ահա ինչպես ծառաների աչքերը նայում են իրենց տերերի ձեռքին, ինչպես աղախնի աչքերը իր տիկնոջ ձեռքին, այնպես էլ մեր աչքերը՝ մեր Տեր Աստծուն պիտի նայեն, մինչև որ մեզ ողորմի։

3. Ողորմի՛ր մեզ, Տե՛ր, ողորմի՛ր մեզ, որովհետև անարգանքով շատ լցվեցինք։

4. Մեր անձը շատ է լցված գոռոզների նախատինքով և ամբարտավանների անարգանքով։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 124

1. Եթե Տերը մեզ հետ չլիներ,- թող ասի Իսրայելը,-

2. Եթե Տերը մեզ հետ չլիներ, երբ մարդիկ մեզ վրա հարձակվեցին,

3. Ողջ-ողջ կուլ կտային մեզ, երբ նրանց բարկությունը բորբոքված էր մեզ վրա,

4. Եվ ջրերը կթաղեին մեզ, հեղեղը կանցներ մեր անձերի վրայով,

5. Գոռոզ ջրերը կանցնեին մեր անձերի վրայով։

6. Օրհնյա՜լ լինի Տերը, որ մեզ որս չդարձրեց նրանց ատամների համար։

7. Մեր անձերը ճնճղուկի պես խույս տվեցին որսորդների որոգայթից. որոգայթը փշրվեց, և մենք ազատվեցինք։

8. Մեր օգնությունը Տիրոջ անվամբ է. նա, որ արարեց երկինքն ու երկիրը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 125

1. Տիրոջ վրա հույս դնողները Սիոն սարի պես են, որը չի սասանվում և մնում է հավիտյան։

2. Ինչպես Երուսաղեմի չորս կողմը սարեր կան, այնպես էլ Տերն իր ժողովրդի չորս կողմն է այսուհետև մինչև հավիտյան։

3. Որովհետև ամբարիշտների գավազանը չի մնալու արդարների վիճակի վրա, որպեսզի արդարներն իրենց ձեռքերը չձգեն անօրենության։

4. Տե՛ր, բարի՛ք գործիր նրանց համար, որոնք բարի են և իրենց սրտերով՝ ուղիղ։

5. Բայց նրանց, որ իրենց ծուռ ճանապարհի մեջ են շեղվում, Տերը կորստյան կմատնի անօրենություն գործողների հետ. թող խաղաղություն լինի Իսրայելին։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 126

1. Երբ Տերը գերությունից Սիոն վերադարձնի, պիտի երազ տեսնողների պես լինենք։

2. Այն ժամանակ մեր բերանը պիտի լցվի ծիծաղով, և մեր լեզուն՝ ցնծությամբ. այն ժամանակ հեթանոսների մեջ պիտի ասեն. «Տերը մեծ բաներ արեց նրանց համար»։

3. Տերը մեծ բաներ արեց մեզ համար, և մենք ուրախացանք։

4. Ո՜վ Տեր, հե՛տ դարձրու մեզ գերությունից, ինչպես առուները հարավի երկրում։

5. Արտասուքով ցանողները ցնծությամբ պիտի հնձեն։

6. Նա, որ գնում և լաց է լինում՝ ցանելու սերմը տանելով, պիտի ցնծությամբ հետ գա՝ բերելով իր ցորենի խրձերը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 127

1. Եթե Տերը չշինի տունը, զուր են աշխատում նրա շինարարները. եթե Տերը չպահպանի քաղաքը, զուր է անքուն լինում պահապանը։

2. Զուր է ձեզ համար կանուխ վեր կենալը, ուշ հանգստանալը. դուք հացը ցավով եք ուտում. ինչո՞ւ. որովհետև նա իր սիրելիին է քունը տալիս։

3. Ահա որդիները Տիրոջ ժառանգությունն են, և որովայնի պտուղը՝ նրա վարձը։

4. Ինչպես որ նետերն են զորեղ մարդու ձեռքին, այնպես են երիտասարդ որդիները։

5. Երանի՜ այն մարդուն, որ իր կապարճը լցրեց նրանցով. նրանք պիտի չամաչեն, երբ թշնամիների հետ խոսելու լինեն դռան մեջ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 128

1. Երանի՜ բոլոր նրանց, որ վախենում են Տիրոջից և գնում են նրա ճանապարհներով։

2. Իհարկե, դու կուտես քո ձեռքի վաստակը. երանի՜ քեզ, որ դա լավ է լինելու քեզ համար։

3. Կինդ պտղաբեր որթի պես կլինի քո տանը, որդիներդ՝ տնկված ձիթենիների պես քո սեղանի չորս կողմը։

4. Ահա հենց այսպես է օրհնվում այն մարդը, որ վախենում է Տիրոջից։

5. Տերը Սիոնից կօրհնի քեզ, և քո կյանքի բոլոր օրերին կտեսնես Երուսաղեմի բարությունը։

6. Քո որդիների որդիներին կտեսնես. խաղաղություն թող լինի Իսրայելին։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 129

1. Թող Իսրայելն ասի.«Շատ անգամ ինձ նեղացրին իմ մանկությունից.

2. Շատ անգամ ինձ նեղացրին իմ մանկությունից, բայց չհաղթեցին ինձ։

3. Հերկողները հերկեցին իմ թիկունքի վրա և երկար շարեցին իրենց ակոսները»։

4. Տերն արդար է. նա կտրտեց ամբարիշտների պարանները։

5. Ամոթահար կլինեն և ետ կդառնան բոլոր նրանք, ովքեր ատում են Սիոնը։

6. Կտուրի խոտի պես կլինեն, որ չորանում է դեռ չհնձած։

7. Հնձողը նրանից չի լցնում իր ձեռքը, և ոչ էլ խուրձ կապողը՝ իր գիրկը։

8. Եվ անցնողներն էլ չեն ասում. «Տիրոջ օրհնությունը ձեզ վրա լինի, օրհնում ենք ձեզ Տիրոջ անունով»։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 130

1. Ո՜վ Տեր, խոր տեղերից քեզ եմ կանչում։

2. Ո՜վ Տեր, լսի՛ր իմ ձայնը, թող ականջներդ ուշադիր լինեն իմ աղոթքի ձայնին։

3. Տե՛ր, եթե դու հաշվելու լինես անօրենությունները, ո՞վ կարող է կանգնել քո առջև, ո՜վ Տեր։

4. Որովհետև քեզ մոտ է թողությունը, որ քեզնից վախենան։

5. Ես սպասում եմ Տիրոջը. իմ անձը սպասում է, և ես նրա խոսքին եմ հույսս դրել։

6. Իմ անձը սպասում է Տիրոջն ավելի, քան առավոտին սպասողները, առավոտին սպասողներից էլ ավելի։

7. Իսրայելը թող հույսը դնի Տիրոջ վրա, որովհետև Տիրոջ մոտ ողորմություն կա, և շատ փրկություն կա նրա մոտ։

8. Նա Իսրայելը կփրկի իր բոլոր անօրենություններից։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 131

1. Տե՛ր, իմ սիրտը չի գոռոզանում, և իմ աչքերը բարձրից չեն նայում, և ես գործ չունեմ մեծամեծ բաների հետ և ոչ էլ այն բաների հետ, որ բարձր են ինձնից։

2. Հիրավի, իմ անձը հանդարտեցրի և հանգստացրի մոր կաթից կտրված մանկան պես, իմ անձը՝ կաթից կտրված մանկան պես։

3. Իսրայելը հույսը դրել է Տիրոջ վրա՝ այսուհետև մինչև հավիտյան։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 132

1. Տե՛ր, հիշի՛ր Դավթին և նրա բոլոր նեղությունները.

2. Որ երդվեց Տիրոջը և ուխտ դրեց Հակոբի Զորավորի հետ՝

3. Ասելով. «Տանս հարկի տակ չեմ մտնի և իմ գցած անկողնու վրա չեմ ելնի,

4. Իմ աչքերին քուն չեմ տա և ոչ էլ իմ արտևանունքներին՝ նինջ,

5. Մինչև որ տեղ չգտնեմ Տիրոջ համար և բնակարան՝ Հակոբի Զորավորի համար»։

6. Ահա նրա մասին լսեցինք և այն գտանք անտառի դաշտերի մեջ։

7. Թող մտնենք նրա բնակարանները, երկրպագենք նրա պատվանդանի մոտ։

8. Տե՛ր, ելի՛ր և մտի՛ր քո հանգստության տեղը, դու և քո զորության տապանակը։

9. Քո քահանաները թող արդարություն հագնեն, և թող ցնծան քո սրբերը։

10. Քո ծառա Դավթի համար մի՛ մերժիր քո օծյալի երեսը։

11. Տերը ճշմարտությամբ երդվեց Դավթին և հետ չի դառնա նրանից, թե՝ «Քո որովայնի պտղից պիտի նստեցնեմ քո աթոռի վրա։

12. Եթե քո որդիները պահեն իմ ուխտն ու վկայությունները, որ պիտի սովորեցնեմ նրանց, ապա նրանց որդիներն էլ պիտի հավիտյանս հավիտենից նստեն քո աթոռին»։

13. Որովհետև Տերը Սիոնն ընտրեց, հավանեց այն և բնակարան դարձրեց իր համար.

14. «Այս է հավիտյան իմ հանգիստը. այստեղ պիտի բնակվեմ, որովհետև սրան հավանեցի։

15. Օրհնելով պիտի օրհնեմ նրա կերակուրը և նրա աղքատներին պիտի կշտացնեմ հացով։

16. Նրա քահանաներին փրկություն պիտի հագցնեմ, և նրա սրբերը ցնծալով պիտի ցնծան։

17. Այնտեղ Դավթի համար եղջյուր պիտի բուսցնեմ և ճրագ պիտի պատրաստեմ իմ օծյալի համար։

18. Նրա թշնամիներին ամոթ պիտի հագցնեմ, բայց նրա վրա պիտի ծաղկի իր պսակը»։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 133

1. Ինչքա՜ն բարի և ինչքա՜ն ցանկալի է, որ եղբայրները բնակվում են միասին, իրար հետ։

2. Այն ազնիվ յուղի պես է, որ գլխի վրայից թափվում է մորուքի վրա, այսինքն՝ Ահարոնի մորուքի վրա, և իջնում է մինչև նրա հանդերձանքների ծայրը։

3. Հերմոնի շաղի պես է, որ ցած է իջնում Սիոնի սարերի վրա, որովհետև Տերն այնտեղ պատրաստեց օրհնություն և կյանք՝ մինչև հավիտյան։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 134

1. Եկեք օրհնեցե՛ք Տիրոջը, ո՛վ Տիրոջ բոլոր ծառաներ, դուք, որ գիշերները կանգնում եք Տիրոջ տանը։

2. Ձեր ձեռքերը բարձրացրե՛ք դեպի սրբությունը և օրհնեցե՛ք Տիրոջը։

3. Տերը Սիոնից թող օրհնի քեզ. նա, որ արարեց երկինքն ու երկիրը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 135

1. Օրհնեցե՛ք Տիրոջ անունը, օրհնեցե՛ք, ո՛վ Տիրոջ ծառաներ,

2. Որ կանգնում եք Տիրոջ տանը՝ մեր Աստծու տան սրահների մեջ։

3. Օրհնեցե՛ք Տիրոջը, որովհետև Տերը բարի է. սաղմո՛ս ասացեք նրա անվանը, որովհետև քաղցր է։

4. Որովհետև Տերը Հակոբին ընտրեց իր համար և Իսրայելը՝ իր ժառանգության համար։

5. Որովհետև ես իմացա, որ Տերը մեծ է. և մեր Տերն ավելի մեծ է, քան բոլոր աստվածները։

6. Տերն այն ամենը, ինչ կամենում է, անում է երկնքում և երկրում, ծովերի մեջ և բոլոր խոր տեղերում։

7. Նա, որ ամպերը բարձրացնում է երկրի ծայրից, կայծակներն անձրև է դարձնում և քամին հանում է իր շտեմարաններից,

8. Որ սպանեց Եգիպտոսի անդրանիկներին՝ մարդուց մինչև անասունները,

9. Որ նշաններ և հրաշքներ ուղարկեց քո մեջ, ո՛վ Եգիպտոս, փարավոնի և նրա բոլոր ծառաների վրա,

10. Որ զարկեց շատ ազգերի և սպանեց հզոր թագավորների.

11. Ամորհացիների Սեհոն թագավորին, Բասանի Ովգ թագավորին և քանանացիների բոլոր թագավորությունները։

12. Եվ նրանց երկիրը ժառանգություն տվեց. ժառանգություն՝ Իսրայելի իր ժողովրդի համար։

13. Տե՛ր, քո անունը մինչև հավիտյան է. Տե՛ր, քո հիշատակը՝ ազգից մինչև ազգ։

14. Որովհետև Տերը պիտի դատի իր ժողովրդին և ողորմի իր ծառաներին։

15. Հեթանոսների կուռքերն արծաթ ու ոսկի են, մարդկանց ձեռքի գործեր։

16. Բերան ունեն և չեն խոսում, աչքեր ունեն և չեն տեսնում,

17. Ականջներ ունեն և չեն լսում, և բնավ շունչ չկա նրանց բերանում։

18. Նրանց նման են իրենց կերտողները և բոլոր նրանք, որ հույս են դրել նրանց վրա։

19. Ո՛վ Իսրայելի տուն, օրհնեցե՛ք Տիրոջը. ո՛վ Ահարոնի տուն, օրհնեցե՛ք Տիրոջը։

20. Ո՛վ Ղևիի տուն, օրհնեցե՛ք Տիրոջը. դուք, Տիրոջից վախեցողնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը։

21. Օրհնյա՜լ լինի Տերը Սիոնից. նա, որ բնակվում է Երուսաղեմում։ Ալելուիա՜։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 136

1. Գոհացե՛ք Տիրոջից, որովհետև բարի է, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

2. Գոհացե՛ք աստվածների Աստծուց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

3. Գոհացե՛ք տերերի Տիրոջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

4. Նա է միայն մեծամեծ հրաշքներ է գործում, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

5. Երկինքն արարեց իմաստությամբ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

6. Երկիրը տարածեց ջրերի վրա, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

7. Մեծամեծ լուսատուներ արարեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը.

8. Արեգակը, որ իշխում է ցերեկվա վրա, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը,

9. Լուսինն ու աստղերը, որոնք իշխում են գիշերվա վրա, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

10. Եգիպտոսին զարկեց նրա առաջնեկներով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

11. Եվ Իսրայելը հանեց նրանց միջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը,

12. Հզոր ձեռքով և երկար մեկնած բազկով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

13. Կարմիր ծովը երկու բաժին արեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը.

14. Իսրայելն անցկացրեց նրա միջով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

15. Փարավոնին և նրա զորքը թափեց Կարմիր ծովի մեջ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

16. Իր ժողովրդին տարավ անապատի միջով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

17. Մեծամեծ թագավորների զարկեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

18. Հզոր թագավորների սպանեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը.

19. Ամորհացիների Սեհոն թագավորին, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը,

20. Եվ Բասանի Ովգ թագավորին, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

21. Եվ նրանց երկիրը ժառանգություն տվեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը,

22. Ժառանգություն՝ իր Իսրայել ծառայի համար, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

23. Մեր խոնարհության մեջ հիշեց մեզ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

24. Մեզ փրկեց մեր թշնամիներից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

25. Հաց է տալիս ամեն մի մարմնի, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

26. Գոհացե՛ք երկնքի Աստծուց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 137

1. Բաբելոնի գետերի մոտ նստում էինք և լաց լինում Սիոնը հիշելիս։

2. Կախում էինք մեր քնարները նրա միջի ուռիներից,

3. Որովհետև մեզ գերի վերցնողներն այնտեղ օրհներգության խոսք էին պահանջում մեզնից, և մեզ գերի տանողները՝ ուրախություն, թե՝ «Սիոնի երգերի՛ց երգեցեք մեզ համար»։

4. Տիրոջ օրհնությունը ինչպե՞ս երգենք օտար երկրում։

5. Եթե քեզ մոռանամ, Երուսաղե՛մ, թող իմ աջ ձեռքը մոռացված լինի։

6. Իմ լեզուն թող կպչի իմ քիմքին, եթե քեզ չհիշեմ, եթե Երուսաղեմն իմ ուրախությունից վեր չդասեմ։

7. Հիշի՛ր, Տե՛ր, Եդովմի որդիներին, որոնք Երուսաղեմի անկման օրն ասում էին. «Քանդեցե՛ք, քանդեցե՛ք մինչև նրա հիմքերը»։

8. Ո՛վ Բաբելոնի աղջիկ, ո՛վ քանդող, երանի՜ նրան, որ կհատուցի քեզ այն հատուցման փոխարեն, որ հատուցեցիր մեզ։

9. Երանի՜ նրան, որ կբռնի քո երեխաներին և կզարկի քարերին։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 138

1. Իմ ամբողջ սրտով պիտի գոհանամ քեզնից, աստվածների առջև սաղմոս պիտի ասեմ քեզ։

2. Երկրպագություն պիտի անեմ քո սուրբ տաճարի առջև և գոհություն պիտի մատուցեմ քո անվանը քո ողորմության համար և քո ճշմարտության համար, որովհետև դու քո ամեն անունից քո խոսքը բարձրացրիր։

3. Այն օրը, երբ կանչեցի քեզ, պատասխանեցիր ինձ. դու ինձ զորությամբ ուժեղացնում ես իմ անձի մեջ։

4. Տե՛ր, երկրի բոլոր թագավորները պիտի գոհանան քեզնից, որովհետև լսեցին քո բերանի խոսքերը։

5. Եվ Տիրոջ ճանապարհների մեջ օրհնություն պիտի ասեն՝ Տիրոջ փառքը մեծ է։

6. Որովհետև Տերը բարձր է, բայց տեսնում է խոնարհին, և հեռվից նա ճանաչում է բարձրամիտին։

7. Եթե նեղության մեջ ընկնեմ, պիտի ապրեցնես ինձ, պիտի մեկնես քո ձեռքը իմ թշնամիների բարկության վրա, և քո աջը պիտի փրկի ինձ։

8. Տերը պիտի կատարի իմ փոխարեն. Տե՛ր, հավիտյան է քո ողորմությունը. քո ձեռքի գործերը աչքից մի՛ գցիր։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 139

1. Տե՛ր, դու ինձ քննեցիր և ճանաչեցիր։

2. Դու գիտես իմ նստելն ու վեր կենալը, հեռվից իմանում ես իմ մտածումները։

3. Քննում ես իմ գնալն ու պառկելը և գիտես իմ բոլոր ճանապարհները,

4. Որովհետև դեռ խոսք չկա իմ լեզվի վրա, ահա, ո՜վ Տեր, դու բոլորը գիտես։

5. Ինձ շրջապատում ես իմ հետևից ու առջևից և քո ձեռքը դրել ես ինձ վրա։

6. Այս գիտությունը շատ զարմանալի է ինձ համար, բարձր է, չեմ կարողանում հասնել նրան։

7. Ո՞ւր գնամ քո Հոգուց և քո ներկայությունից ո՞ւր փախչեմ։

8. Եթե վեր ելնեմ երկինք, դու այնտեղ ես, և եթե պառկեմ դժոխքի մեջ, ահա դու այնտեղ ես։

9. Եթե արշալույսի թևերն առնեմ և բնակվեմ ծովի վերջին ծայրերին,

10. Այնտեղ էլ քո ձեռքն է առաջնորդելու ինձ, և քո աջն է բռնելու ինձ։

11. Եթե ասեմ. «Թող խավարն ինձ ծածկի», այն ժամանակ գիշերն էլ լույս կդառնա իմ շուրջը։

12. Մութն էլ խավար չէ քեզ համար, գիշերն էլ լույս է ցերեկի պես, խավարն էլ լույսի պես է քեզ համար։

13. Որովհետև դու ստեղծեցիր իմ ներքին անդամները և ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում։

14. Գոհանում եմ քեզնից, որովհետև ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի. զարմանալի են քո գործերը, և իմ անձը լավ է հասկացել։

15. Իմ ոսկորները չծածկվեցին քեզնից, երբ ես ստեղծվեցի ծածուկ տեղը, և ճարտարությամբ կազմվեցի երկրի խորություններում։

16. Քո աչքերը տեսան իմ կերպարանքը, որ անպատրաստ էր դեռ, և քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ դեռ նրանցից ոչ մեկը չկար։

17. Որքա՜ն պատվական են ինձ համար քո խորհուրդները, ո՜վ Աստված, որքա՜ն մեծ է նրանց թիվը։

18. Եթե հաշվեմ դրանք, ավազից շատ են. երբ արթնանում եմ, դեռ քեզ հետ եմ։

19. Երանի՜ սպանես ամբարիշտներին, ո՜վ Աստված, և դուք, ո՛վ արյունահեղ մարդիկ, հեռացե՛ք ինձնից։

20. Նրանք նենգությամբ քեզ հակառակ են խոսում, և քո թշնամիները սուտ երդվում են քո անվամբ։

21. Ես չե՞մ ատում քեզ ատողներին, ո՜վ Տեր, և քո դեմ ապստամբողներից չե՞մ զզվում։

22. Լիակատար ատելությամբ ատում եմ նրանց. նրանք դարձել են իմ թշնամիները։

23. Փորձի՛ր ինձ, ո՜վ Աստված, և ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ և ճանաչի՛ր իմ մտածումները.

24. Եվ տե՛ս, եթե չար ճանապարհի մեջ եմ, առաջնորդի՛ր ինձ դեպի հավիտենական ճանապարհը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 140

1. Տե՛ր, ազատի՛ր ինձ չար մարդուց, պահի՛ր ինձ բռնակալ մարդուց,

2. Որոնք չար բաներ են մտածում իրենց սրտում և կռիվներ են հարուցում ամեն օր։

3. Իրենց լեզուները սրում են օձի նման. իժի թույն կա նրանց շրթունքների տակ։ (Սելա)։

4. Տե՛ր, պահի՛ր ինձ ամբարիշտի ձեռքից, պահի՛ր ինձ բռնակալ մարդկանցից, որոնք արգելք են հնարում իմ ոտքերը սայթաքեցնելու համար։

5. Ամբարտավաններն ինձ համար որոգայթ և պարաններ թաքցրին, որոգայթ լարեցին իմ ճանապարհին, ցանցեր դրեցին ինձ համար։ (Սելա)։

6. Ես ասացի Տիրոջը. «Դու ես իմ Աստվածը». Տե՛ր, լսի՛ր իմ աղաչանքի ձայնը։

7. Ո՜վ Տեր, Տե՛ր, դու ես իմ փրկության զորությունը, կռվի օրը դու հովանի ես իմ գլխին։

8. Տե՛ր, ամբարիշտին մի՛ տուր նրա ցանկությունը, մի՛ հաջողիր նրա չար մտադրությունը. նրանք կբարձրանան։ (Սելա)։

9. Ինձ պաշարողների գլուխը պիտի իրենց շրթունքների անիրավությունը ծածկի։

10. Թող այրող ածուխներ ընկնեն նրանց վրա. թող նա կրակը գցի նրանց, խոր հորերի մեջ, որ բնավ ոտքի չկանգնեն։

11. Չարախոս մարդը չպիտի հաստատվի երկրի վրա. չարիքը պիտի որսա բռնակալ մարդուն, մինչև որ կործանվի։

12. Գիտեմ, որ Տերը արդար դատաստան պիտի անի խեղճի համար և իրավունք՝ աղքատների համար։

13. Հիրավի, արդարները գոհություն պիտի մատուցեն քո անվանը, և ուղիղները պիտի բնակվեն քո առջև։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 141

1. Տե՛ր, ես կանչում եմ քեզ, շուտ ե՛կ դեպի ինձ. ակա՛նջ դիր իմ ձայնին, երբ ես կանչում եմ քեզ։

2. Իմ աղոթքը թող ընդունելի լինի քո առջև, ինչպես խունկը, իմ ձեռքերի բարձրանալը դեպի քեզ, ինչպես իրիկվա պատարագը։

3. Տե՛ր, պահապա՛ն դիր իմ բերանին, պահպանի՛ր իմ շրթունքների դուռը։

4. Իմ սիրտը մի՛ դարձրու դեպի չար բաները, որ չարությամբ վատ գործեր չգործեմ անօրենություն անողների հետ և չուտեմ նրանց ախորժալի կերակուրից։

5. Արդարը թող խրատի ինձ. նա քաղցրություն է և թող հանդիմանի ինձ. նա գլխի յուղ է. իմ գլուխը չի մերժի այն, որովհետև նրանց չարագործությունների ժամանակ էլ նրանց դեմ է լինում իմ աղոթքը։

6. Երբ նրանց դատավորներն ընկնեն քարերի վրա, և նրանք իմ խոսքերը լսեն, կտեսնեն, որ քաղցր են։

7. Ինչպես վար անողը և ակոս բացողը ցանում է հողի մեջ, այնպես մեր ոսկորները ցրված են գերեզմանի բերանին։

8. Բայց, Տե՛ր, Տե՛ր, իմ աչքերը նայում են քեզ. ես քեզ եմ ապավինել, իմ անձը մի՛ լքիր։

9. Պահի՛ր ինձ այն որոգայթից, որ լարեցին ինձ համար, և չարագործների ծուղակից։

10. Ամբարիշտները պիտի ընկնեն իրենց ցանցի մեջ, մինչդեռ ես պիտի անցնեմ ապահով։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 142

1. Ես իմ ձայնով աղաղակում եմ Տիրոջը, իմ ձայնով աղաչում եմ Տիրոջը։

2. Իմ հառաչանքը թափում եմ նրա առջև, իմ նեղությունը պատմում եմ նրա առջև։

3. Երբ հոգիս մաշվում է իմ մեջ, դու այն ժամանակ ճանաչում ես իմ ընթացքը. այն ճանապարհի մեջ, որով գնում եմ, որոգայթ լարեցին իմ դեմ։

4. Նայի՛ր աջ կողմը և տե՛ս. չկա մեկը, որ ինձ ճանաչի. ապաստանը կորավ ինձ համար. չկա մեկը, որ հոգ տանի իմ անձի համար։

5. Տե՛ր, քեզ եմ աղաղակում և ասում. «Դու ես իմ հույսը և իմ բաժինը ողջերի երկրում»։

6. Ակա՛նջ դիր իմ աղաղակին, որովհետև ես շատ խեղճ եմ, փրկի՛ր ինձ իմ հալածիչներից, որովհետև ինձնից զորավոր են։

7. Իմ անձը հանի՛ր բանտից, որ քո անվանը գոհություն մատուցեմ. արդարները կշրջապատեն ինձ, երբ ինձ բարություն անես։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 143

1. Ո՜վ Տեր, լսի՛ր իմ աղոթքը, ակա՛նջ դիր իմ աղաչանքին. պատասխանի՛ր ինձ քո ճշմարտությամբ և քո արդարությամբ։

2. Քո ծառայի հետ դատաստանի մեջ մի՛ մտիր, որովհետև ոչ մի կենդանի մարդ չի արդարանա քո առջև։

3. Որովհետև թշնամին հալածում է իմ անձը, իմ կյանքը նա գցում է գետնին և ինձ նստեցնում է խավարի մեջ՝ վաղուց մեռածների պես։

4. Իմ հոգին մաշվեց իմ մեջ, իմ սիրտն ավերված է ինձանում։

5. Ես հիշում եմ առաջվա օրերը, մտածում եմ քո բոլոր գործերի մասին, խորհում եմ քո ձեռքերի գործերի մասին։

6. Ձեռքերս տարածում եմ դեպի քեզ. իմ անձը չոր հողի պես ծարավ է քեզ։ (Սելա)։

7. Շո՛ւտ արա, լսի՛ր ինձ, Տե՛ր. հոգիս մաշվում է, երեսդ մի՛ ծածկիր ինձնից, որ չնմանվեմ գերեզման իջնողներին։

8. Առավոտից լսե՛լ տուր ինձ քո ողորմությունը, որովհետև հույսս քեզ վրա դրեցի. ինձ ցո՛ւյց տուր այն ճանապարհը, որով պիտի գնամ, որովհետև դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։

9. Տե՛ր, փրկի՛ր ինձ իմ թշնամիներից. ես ապավինել եմ քեզ։

10. Սովորեցրո՛ւ ինձ կատարել քո կամքը, որովհետև դու ես իմ Աստվածը. քո բարի հոգին թող ինձ դեպի ուղիղ երկիր առաջնորդի։

11. Տե՛ր, ապրեցրո՛ւ ինձ քո անվան համար, քո արդարության համար իմ անձը հանի՛ր նեղությունից։

12. Եվ քո ողորմությամբ սատկեցրո՛ւ իմ թշնամիներին և կորցրո՛ւ իմ անձի բոլոր նեղիչներին, որովհետև ես քո ծառան եմ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 144

1. Օրհնյա՜լ է Տերը, իմ Վեմը, որ ձեռքերս սովորեցնում է կռիվ անելու և իմ մատները՝ պատերազմելու։

2. Ո՛վ իմ ողորմություն և ապավեն, իմ օգնակա՛ն և փրկի՛չ, իմ պահապա՛ն. ես հույսս դրել եմ նրա վրա, որ իմ ժողովրդին հնազանդեցնում է ինձ։

3. Տե՛ր, ի՞նչ է մարդը, որ նրան ճանաչես, և մարդու որդին, որ նրան ուշադրություն դարձնես։

4. Մարդը նման է ունայնության. նրա օրերն անցնող ստվերի պես են։

5. Տե՛ր, խոնարհեցրո՛ւ երկինքդ և իջի՛ր. մոտեցի՛ր սարերին, և նրանք կծխան։

6. Փայլատակի՛ր կայծակով և ցրի՛ր նրանց. ուղարկի՛ր նետերդ և խռովեցրո՛ւ նրանց։

7. Ձեռքդ մեկնի՛ր բարձրից և ազատի՛ր ինձ. և փրկի՛ր ինձ հորդառատ ջրերից և օտար մարդկանց ձեռքից,

8. Որովհետև նրանց բերանն ունայն բան է խոսում, և նրանց աջը ստության մեջ է։

9. Ո՜վ Աստված, նոր օրհնություն պիտի երգեմ քեզ, տասլարանի տավղով սաղմոս պիտի ասեմ քեզ,

10. Որ փրկություն ես տալիս թագավորներին և չար սրից փրկում ես քո Դավիթ ծառային։

11. Ազատի՛ր ինձ և փրկի՛ր ինձ օտար որդիների ձեռքից, որովհետև նրանց բերանն ունայն բան է խոսում, և նրանց աջը ստության աջ է.

12. Որպեսզի մեր որդիները տղայությունից մեծանան նորատունկ ծառերի պես, և մեր աղջիկները՝ պալատների քանդակված սյուների պես.

13. Որպեսզի մեր շտեմարանները լիքը լինեն և զանազան կերակուր բխեն, մեր ոչխարները հազարներ և տասը հազարներ լինեն մեր արտերում.

14. Որպեսզի մեր եզները պարարտ լինեն, ախտ ու կորուստ չլինի, ոչ էլ աղաղակ՝ մեր հրապարակներում։

15. Երանի՜ այն ժողովրդին, որ իր վիճակն այսպես է. երանի՜ այն ժողովրդին, որ իր Աստվածը Տերն է։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 145

1. Պիտի բարձրացնեմ քեզ, ո՛վ իմ Աստված, ո՛վ Թագավոր, և պիտի օրհնեմ քո անունը հավիտյանս հավիտենից։

2. Ամեն օր պիտի օրհնեմ քեզ և քո անունը պիտի գովեմ հավիտյանս հավիտենից։

3. Մեծ է Տերը և հույժ գովելի, և չափ չկա նրա մեծությանը։

4. Սերունդը սերնդին պիտի գովի քո գործերը, և պիտի պատմեն քո զորությունները։

5. Քո փառավոր մեծության գեղեցկության մասին և քո հրաշալի գործերի մասին պիտի ես մտածեմ։

6. Քո ահավոր զորության մասին պիտի խոսեն, և ես պիտի պատմեմ քո մեծությունը։

7. Քո մեծ բարության հիշատակը պիտի հրապարակեն և ցնծությամբ պիտի պատմեն քո մեծության մասին։

8. Ողորմած և գթած է Տերը, համբերատար է և բազումողորմ։

9. Բարի է Տերը բոլորի համար, և նրա գթությունը իր բոլոր գործերի վրա է լինում։

10. Տե՛ր, քո բոլոր գործերը քեզ պիտի գովաբանեն, և քո սրբերը պիտի օրհնեն քեզ։

11. Քո թագավորության փառքի մասին պիտի խոսեն և պիտի պատմեն քո զորությունները,

12. Որպեսզի մարդկանց որդիներին իմացնեն նրա զորությունները և նրա թագավորության փառավոր մեծությունը։

13. Քո թագավորությունը հավիտենական թագավորությունն է, և քո իշխանությունը՝ սերնդից սերունդ։

14. Տերը հաստատ է պահում ցած ընկնողներին և կանգնեցնում է բոլոր կռացածներին։

15. Բոլորի աչքերը քեզ են սպասում, և դու նրանց կերակուրը տալիս ես իրենց ժամանակին։

16. Դու բացում ես քո ձեռքը և հաճությամբ կշտացնում ես ամեն կենդանու։

17. Տերն արդար է իր բոլոր ճանապարհների մեջ և ողորմած է իր բոլոր գործերում։

18. Տերը մոտիկ է բոլորին, որ իրեն են կանչում. այն բոլորին, որ ճշմարտությամբ կանչում են իրեն։

19. Նա կատարում է իրենից վախեցողների կամքը և լսում է նրանց աղաղակը ու փրկում է նրանց։

20. Տերը պահում է բոլոր իրեն սիրողներին, բայց պիտի կորցնի բոլոր ամբարիշտներին։

21. Իմ բերանը պիտի խոսի Տիրոջ օրհնությունը, և ամեն մարմին պիտի օրհնի նրա սուրբ անունը հավիտյանս հավիտենից։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 146

1. Ալելուիա՜։ Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ անձ իմ։

2. Տիրոջը պիտի օրհնեմ իմ կյանքում. սաղմոս պիտի ասեմ իմ Աստծուն, քանի կամ։

3. Հույս մի՛ դրեք իշխանների, մարդու որդու վրա, որի մոտ փրկություն չկա։

4. Նրա հոգին պիտի դուրս ելնի, նա պիտի վերադառնա դեպի իր հողը, նույն օրն էլ պիտի կորչեն նրա մտադրությունները։

5. Երանի՜ նրան, որի օգնականը Հակոբի Աստվածն է, և նրա հույսը իր Տեր Աստծու վրա է,

6. Որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովը և նրանց մեջ եղած ամեն ինչ. որ հավատարմություն է պահում հավիտյան.

7. Իրավունք է շնորհում զրկվածներին և հաց է տալիս սովածներին, Տերը արձակում է կապվածներին։

8. Տերը բացում է կույրերի աչքերը, Տերը կանգնեցնում է ընկածներին, Տերը սիրում է արդարներին։

9. Տերը պահում է պանդուխտներին. նա ընդունում է որբերին և որբևայրիներին, բայց ծռում է ամբարիշտների ճանապարհը։

10. Տերը պիտի թագավորի հավիտյան. քո Աստվածը, ո՛վ Սիոն, ազգից մինչև ազգ։ Ալելուիա՜։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 147

1. Օրհներգեցե՛ք Տիրոջը, որովհետև բարի է սաղմոս ասել մեր Աստծուն, որովհետև քաղցր և վայելուչ է օրհնաբանությունը։

2. Տերը վերաշինում է Երուսաղեմը և ժողովում է Իսրայելի ցրված որդիներին։

3. Նա բժշկում է կոտրած սիրտ ունեցողներին և փաթաթում է նրանց խոցերը։

4. Նա հաշվում է աստղերը և նրանց բոլորին կոչում է իրենց անուններով։

5. Մեծ է մեր Տերը և շատ զորավոր, նրա իմաստությանը չափ չկա։

6. Տերը բարձրացնում է խեղճերին, ամբարիշտներին խոնարհեցնում է մինչև գետին։

7. Երգեցե՛ք Տիրոջը գոհությամբ, քնարով սաղմո՛ս երգեցեք մեր Աստծուն,

8. Որ երկինքը ծածկում է ամպերով, անձրև է պատրաստում երկրի համար և սարերին խոտ է աճեցնում.

9. Անասուններին տալիս է իրենց կերակուրը և ագռավի ձագերին, որ կանչում են։

10. Նա հաճություն չունի ձիու զորության հանդեպ և չի հավանում զորեղ մարդու սրունքները։

11. Տերը հավանում է իրենից վախեցողներին, նրանց, որ իրենց հույսը դրել են իր ողորմության վրա։

12. Ո՛վ Երուսաղեմ, գովի՛ր Տիրոջը. օրհներգի՛ր քո Աստծուն, ո՛վ Սիոն.

13. Որովհետև նա ամրացնում է քո դռների նիգերը և օրհնում է քո որդիներին քո մեջ։

14. Նա խաղաղություն է տալիս քո սահմաններին և ընտիր ցորենով կշտացնում է քեզ։

15. Նա իր հրամանը ուղարկում է երկիր, և նրա խոսքը վազում է իսկույն։

16. Նա բրդի պես ձյուն է տալիս և եղյամ է ցանում մոխրի պես։

17. Նա իր սառույցն է ուղարկում կտորտանքների պես. ո՞վ կարող է կանգնել նրա ցրտի առջև։

18. Նա ուղարկում է իր խոսքը և հալեցնում է նրանց. փչել է տալիս իր քամին, և ջրեր են վազում։

19. Նա իր խոսքը պատմում է Հակոբին, իր հրամաններն ու իրավունքները՝ Իսրայելին։

20. Ոչ մի ազգի համար այսպես չարեց, և նրանք չեն ճանաչում նրա դատաստանները։ Ալելուիա՜։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 148

1. Օրհներգեցե՛ք Տիրոջը երկնքից. օրհներգեցե՛ք նրան բարձունքներից։

2. Օրհներգեցե՛ք նրան, ո՛վ նրա բոլոր հրեշտակներ, օրհնեցե՛ք նրան, ո՛վ նրա բոլոր զորքեր։

3. Օրհներգեցե՛ք նրան, արեգա՛կ և լուսի՛ն, օրհներգեցե՛ք նրան, բոլոր լուսավո՛ր աստղեր։

4. Օրհներգեցե՛ք նրան, երկինքների երկինքնե՛ր, և դուք, ջրե՛ր, որ երկնքի վրա եք։

5. Թող օրհնեն Տիրոջ անունը, որովհետև նա հրամայեց, և նրանք ստեղծվեցին։

6. Եվ նրանց հաստատեց հավիտյանս հավիտենից. կանոն դրեց, որ չի խափանվի։

7. Օրհներգեցե՛ք Տիրոջը երկրից, ո՛վ վիշապներ և բոլոր անդունդներ.

8. Կրակ և կարկո՛ւտ, ձյուն և ծո՛ւխ, մրրկահո՛ղմ, դուք, որ կատարում եք նրա խոսքը,

9. Լեռնե՛ր և բոլոր բլուրնե՛ր, պտղաբե՛ր ծառեր և բոլոր մայրի՛ ծառեր,

10. Կենդանինե՛ր, բոլոր անասուննե՛ր, սողուննե՛ր և թևավո՛ր թռչուններ,

11. Երկրի թագավորնե՛ր և բոլոր ազգե՛ր, իշխաննե՛ր և երկրի բոլոր դատավորնե՛ր,

12. Երիտասարդնե՛ր և աղջիկնե՛ր, ծերե՛ր և նրանց հետ՝ տղանե՛ր.

13. Թող օրհներգեն Տիրոջ անունը, որովհետև միայն նրա անունն է բարձր. նրա փառքն է վեր երկնքից և երկրից։

14. Նա բարձրացրեց իր ժողովրդի եղջյուրը, իր բոլոր սրբերի, Իսրայելի որդիների՝ իրեն մոտիկ ժողովրդի օրհներգությունը։ Ալելուիա՜։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 149

1. Տիրոջը նոր ե՛րգ երգեցեք՝ նրա օրհնությունը սրբերի ժողովում։

2. Թող Իսրայելն ուրախ լինի իր Ստեղծողով, Սիոնի որդիները թող ցնծան իրենց Թագավորով։

3. Թող նրա անունն օրհնեն ցնծությամբ. թմբուկով ու քնարով թող սաղմոս ասեն նրան։

4. Որովհետև Տերը հավանում է իր ժողովրդին. խեղճերին փառավորում է փրկությամբ։

5. Թող սրբերն ուրախանան փառքով և ցնծան իրենց անկողիններում։

6. Թող Աստծու գովասանքը լինի նրանց բերանում, և երկսայրի սուրը՝ նրանց ձեռքին,

7. Որպեսզի վրեժխնդիր լինեն հեթանոսներից և պատժեն ազգերին.

8. Որպեսզի նրանց թագավորներին կապեն շղթաներով և նրանց իշխաններին՝ երկաթե ոտնակապերով.

9. Որպեսզի նրանց համար գրված դատավճիռը կատարեն. ահա սա է նրա բոլոր սրբերի փառքը։ Ալելուիա՜։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 150

1. Օրհնեցե՛ք Աստծուն իր սրբարանում. օրհնեցե՛ք նրան իր զորության հաստատության մեջ։

2. Օրհնեցե՛ք նրան իր զորավոր գործերի համար. օրհնեցե՛ք նրան իր մեծ փառավորության համեմատ։

3. Օրհնեցե՛ք նրան շեփորի ձայնով, օրհնեցե՛ք նրան տավիղով և քնարով։

4. Օրհնեցե՛ք նրան թմբուկով և պարով, օրհնեցե՛ք նրան լարավոր նվագարաններով և սրինգով։

5. Օրհնեցե՛ք նրան ձայնեղ ծնծղաներով. օրհնեցե՛ք նրան մեծաձայն ծնծղաներով։

6. Շունչ ունեցող ամեն արարած թող օրհնի Տիրոջը։ Ալելուիա՜։