Ա
Ս
Տ
Ծ
Ո

Ժ
Ո
Ղ
Ո
Վ
Ո
Ւ
Ր
Դ
.
.
.

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

Աստվածաշունչ (online)

Ընտրել Գիրքը...

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրել Գլուխը...

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

ԶԱՔԱՐԻԱ 1

1. Դարեհի երկրորդ տարվա ութերորդ ամսում Տիրոջ խոսքը հասավ Ադդովի որդի Բարաքիայի որդի Զաքարիա մարգարեին՝ ասելով.

2. «Տերը խիստ սրտմտած է ձեր հայրերի վրա։

3. Եվ նրանց ասա՛. “Այսպես է ասում Զորքերի Տերը.

4. Ձեր հայրերի նման մի՛ եղեք, որոնց նախկին մարգարեներն աղաղակելով ասում էին.

5. Ձեր հայրերն ո՞ւր են, և մարգարեները մի՞թե հավիտյան են ապրում։

6. Սակայն իմ խոսքերն ու կանոնները, որ ես հրամայել էի իմ ծառաներին՝ մարգարեներին, մի՞թե ձեր հայրերին չհասան”։ Նրանք ետ դարձան ու ասացին. “Զորքերի Տերը ինչպես որ որոշել էր վարվել մեզ հետ մեր ճանապարհների համեմատ և մեր արարքների համեմատ, այնպես է վարվել մեզ հետ”»։

7. Դարեհի երկրորդ տարվա տասնմեկերորդ ամսվա, այսինքն՝ սեբաթ ամսի քսանչորսերորդ օրը Տիրոջ խոսքը հասավ Ադդովի որդի Բարաքիայի որդի Զաքարիա մարգարեին՝ ասելով.

8. «Գիշերը տեսա՝ ահա մի մարդ՝ հեծած աշխետ ձիու վրա։ Նա կանգնել էր ձորում գտնվող մրտենիների մեջ, և նրա հետևում կային աշխետ, շառագույն և սպիտակ ձիեր»։

9. Եվ ասացի. «Սրանք ի՞նչ են, Տե՛ր իմ»։ Եվ այն հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, ասաց ինձ. «Ես քեզ ցույց կտամ, թե ի՛նչ են սրանք»։

10. Եվ մրտենիների մեջ կանգնած մարդը պատասխանեց և ասաց. «Սրանք նրանք են, որ Տերն ուղարկել է երկրի վրա շրջելու»։

11. Եվ նրանք պատասխանեցին Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր մրտենիների մեջ, և ասացին. «Շրջեցինք երկրի վրա, և ահա ամբողջ երկիրը խաղաղ ու հանգիստ է»։

12. Եվ Տիրոջ հրեշտակը պատասխանեց և ասաց. «Ո՛վ Զորքերի Տեր, մինչև ե՞րբ չես գթալու Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, որոնց վրա յոթանասուն տարի է՝ զայրացած ես»։

13. Եվ Տերը բարի խոսքերով, մխիթարական խոսքերով պատասխանեց ինձ հետ խոսող հրեշտակին։

14. Եվ ինձ հետ խոսող հրեշտակն ասաց ինձ. «Հայտարարի՛ր. այսպես է ասում Զորքերի Տերը. “Ես խիստ նախանձախնդիր եմ Երուսաղեմի և Սիոնի նկատմամբ։

15. Եվ ես խիստ սրտմտած եմ խաղաղ ազգերի վրա, որովհետև երբ ես քիչ սրտմտած էի, նրանք շատացրին դժբախտությունը”։

16. Ուստի Տերն այսպես է ասում. “Ես գթությամբ եմ վերադառնում Երուսաղեմ. իմ տունը նրանում պիտի կառուցվի,- ասում է Զորքերի Տերը,- և չափալար պիտի ձգվի Երուսաղեմի վրա”»։

17. Նորի՛ց հայտարարիր՝ ասելով. «Այսպես է ասում Զորքերի Տերը. “Իմ քաղաքները դարձյալ պիտի հորդեն բարիքներով, և Տերը կրկին պիտի մխիթարի Սիոնին և կրկին պիտի ընտրի Երուսաղեմին”»։

18. Ես աչքերս բարձրացրի և տեսա, և ահա չորս եղջյուրներ։

19. Եվ ինձ հետ խոսող հրեշտակին ասացի. «Սրանք ի՞նչ են»։ Եվ նա ինձ ասաց. «Սրանք այն եղջյուրներն են, որոնք ցրեցին Հուդային, Իսրայելին և Երուսաղեմին»։

20. Ապա Տերն ինձ չորս արհեստավորի ցույց տվեց։

21. Եվ ես ասացի. «Սրանք գալիս են, որ ի՞նչ անեն»։ Նա ասաց. «Սրանք այն եղջյուրներն են, որ ցրեցին Հուդային այնպես, որ մարդ չբարձրացրեց իր գլուխը։ Եվ սրանք եկել են, որ նրանց վախեցնեն, որպեսզի վայր գցեն Հուդայի երկրի դեմ և նրան ցրելու համար եղջյուր բարձրացնող ազգերի եղջյուրները»։

ԶԱՔԱՐԻԱ 2

1. Եվ ես աչքերս վեր բարձրացրի և ահա մի մարդ տեսա՝ ձեռքին չափալար։

2. Եվ ասացի. «Դու ո՞ւր ես գնում»։ Եվ նա ինձ ասաց. «Երուսաղեմը չափելու, որ տեսնեմ, թե որքան է լայնությունը, և որքան՝ երկարությունը»։

3. Եվ ահա ինձ հետ խոսող հրեշտակը դուրս եկավ, և մի ուրիշ հրեշտակ դուրս եկավ նրան ընդառաջ։

4. Եվ նա ասաց. «Վազի՛ր և ասա՛ այս երիտասարդին. “Երուսաղեմն իր մեջ եղած մարդկանց և անասունների շատության պատճառով առանց պարսպի պիտի բնակեցվի։

5. Եվ ես նրա համար շուրջբոլորը հրեղեն պարիսպ պիտի լինեմ,- ասում է Տերը,- և նրա մեջ փառք պիտի լինեմ”»։

6. «Օ՜, օ՜, հյուսիսի երկրից փախե՛ք,- ասում է Տերը,- որովհետև երկնքի չորս հողմերի պես ցրել եմ ձեզ,- ասում է Տերը։-

7. Օ՜, Սիո՛ն, ազատվի՛ր, որ բնակվում ես Բաբելոնի դստեր մոտ»։

8. Որովհետև Զորքերի Տերն այսպես է ասում. «Փառքի հետևից է ինձ ուղարկել ձեզ կողոպտող ազգերին, որովհետև ձեզ դիպչողը նրա աչքերի բիբին է դիպչում։

9. Որովհետև ես իմ ձեռքն ահա շարժելու եմ նրանց դեմ, և նրանք իրենց ծառայողներին ավար պիտի դառնան, և պիտի իմանաք, որ Զորքերի Տերն է ինձ ուղարկել։

10. Ցնծա՛ և ուրախացի՛ր, ո՛վ Սիոնի դուստր, որովհետև ես ահա գալիս եմ ու բնակվելու եմ քո մեջ»,- ասում է Տերը։

11. «Այդ օրը շատ ազգեր Տիրոջն են հարելու և ինձ ժողովուրդ են լինելու, և ես քո մեջ եմ բնակվելու։ Եվ դու կիմանաս, որ Զորքերի Տերն է ինձ ուղարկել քեզ մոտ։

12. Եվ Տերը սուրբ երկրում որպես իր բաժին պիտի ժառանգի Հուդային և կրկին պիտի ընտրի Երուսաղեմին»։

13. Եվ թող ամեն մարմին լռի Տիրոջ առաջ, որովհետև նա զարթնեց իր սուրբ բնակարանից։

ԶԱՔԱՐԻԱ 3

1. Ապա ինձ ցույց տվեց քահանայապետ Հեսուին, որ կանգնել էր Տիրոջ հրեշտակի առաջ, իսկ սատանան կանգնել էր նրա աջ կողմում՝ նրան ընդդիմանալու համար։

2. Եվ Տիրոջ հրեշտակն ասաց սատանային. «Տերը թող հանդիմանի քեզ, ո՛վ սատանա, և թող Տերը, որ ընտրել է Երուսաղեմին, քեզ հանդիմանի. մի՞թե սա կրակից ազատված խանձվողը չէ»։

3. Հեսուն կեղտոտ հագուստներ էր հագել և կանգնել հրեշտակի առաջ։

4. Եվ հրեշտակը պատասխանեց ու ասաց իր առաջ կանգնածներին. «Հեռացրե՛ք նրա վրայից այդ կեղտոտ հագուստները»։ Իսկ նրան ասաց. «Տե՛ս, ես քո վրայից վերցրի քո անօրենությունը և քեզ պատվական զգեստներ պիտի հագցնեմ»։

5. Եվ ես ասացի, որ նրա գլխին մաքուր խույր դնեն։ Եվ մաքուր խույր դրեցին նրա գլխին և հանդերձներ հագցրին նրան։ Եվ Տիրոջ հրեշտակը կանգնած էր։

6. Եվ Տիրոջ հրեշտակն ազդարարեց Հեսուին և ասաց.

7. «Զորքերի Տերն այսպես է ասում. “Եթե իմ ճանապարհներով գնաս և եթե իմ ավանդը պահես, այն ժամանակ դու իմ տունը կդատես և իմ սրահները կհսկես, և ես քեզ այդ կանգնողների մեջ լինելը կտամ։

8. Հիմա լսի՛ր, ո՛վ քահանայապետ Հեսու, դու և քո առաջ նստող պաշտոնակիցներդ, քանի որ նրանք իբրև նշան տրված մարդիկ են, որովհետև ես ահա բերելու եմ իմ ծառային՝ Շառավիղին։

9. Որովհետև ահա այն քարը, որ դրել եմ Հեսուի առաջ. մի քարի վրա յոթ աչք կա, ահա ես փորագրում եմ նրա գրերը,- ասում է Զորքերի Տերը,- և մեկ օրում պիտի վերացնեմ այս երկրի անօրենությունը։

10. Այդ օրը,- ասում է Զորքերի Տերը,- դուք յուրաքանչյուրդ կհրավիրեք ձեր ընկերոջը իր որթատունկի տակ և թզենու տակ”»։

ԶԱՔԱՐԻԱ 4

1. Ինձ հետ խոսող հրեշտակը վերադարձավ և ինձ արթնացրեց, ինչպես որ մարդուն արթնացնում են իր քնից։

2. Եվ ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում»։ Եվ ես ասացի. «Տեսնում եմ ահա ամբողջովին ոսկե աշտանակ և մի բաժակ նրա գագաթին, նրա վրա՝ յոթ ճրագ, և յոթ խողովակներ այդ յոթ ճրագների համար, որ նրա գագաթին են։

3. Եվ նրա մոտ՝ երկու ձիթենի, մեկը՝ բաժակի աջ կողմից, իսկ մյուսը՝ նրա ձախ կողմից»։

4. Եվ ես պատասխանեցի ու ինձ հետ խոսող հրեշտակին ասացի. «Սրանք ի՞նչ են, տե՛ր իմ»։

5. Ինձ հետ խոսող հրեշտակը պատասխանեց ինձ և ասաց. «Մի՞թե չգիտես, թե սրանք ի՛նչ են»։ Ես ասացի. «Ո՛չ, տե՛ր իմ»։

6. Եվ նա պատասխանեց և ասաց ինձ. «Սա Տիրոջ խոսքն է Զորաբաբելին, որ ասում է. “Ոչ թե զորությամբ և ոչ էլ ուժով, այլ իմ հոգով,- ասում է Զորքերի Տերը։-

7. Դու ո՞վ ես, ո՛վ մեծ լեռ, դու Զորաբաբելի առաջ մի հարթավայր պիտի լինես. և նա դուրս պիտի հանի գլխավոր քարը.

8. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

9. «Զորաբաբելի ձեռքերն են հիմնել այս տունը և նրա ձեռքերն էլ այն պիտի ավարտեն։ Եվ պիտի իմանաս, որ Զորքերի Տերն է ինձ ձեզ մոտ ուղարկել։

10. Որովհետև ո՞վ է փոքր բաների օրն անարգում. պիտի ուրախանան, երբ Զորաբաբելի ձեռքում տեսնեն կապարագունդը, սրանք յոթն էլ Տիրոջ աչքերն են, որոնք շրջում են ամբողջ երկրում»։

11. Եվ ես պատասխան տվեցի ու ասացի նրան. «Աշտանակի աջ կողմի ու նրա ձախ կողմի այս երկու ձիթենիներն ի՞նչ են»։

12. Երկրորդ անգամ պատասխանեցի և ասացի նրան. «Ի՞նչ են այս երկու ձիթենու ճյուղերը, որոնք երկու ոսկե խողովակների կողքին են, որոնցից ոսկե յուղն են թափում»։

13. Եվ նա ասաց ինձ. «Մի՞թե չգիտես, թե սրանք ինչ են»։ Ես ասացի. «Ո՛չ, տե՛ր իմ»։

14. Եվ նա ասաց. «Սրանք երկու օծյալներն են, որոնք կանգնում են ամբողջ երկրի Տիրոջ առաջ»։

ԶԱՔԱՐԻԱ 5

1. Եվ աչքերս բարձրացրի և տեսա ահա մի թռչող մագաղաթ։

2. Եվ նա ինձ ասաց. «Դու ի՞նչ ես տեսնում»։ Եվ ես ասացի. «Ես մի թռչող մագաղաթ եմ տեսնում. երկարությունը՝ քսան կանգուն, իսկ լայնությունը՝ տասը կանգուն»։

3. Եվ նա ինձ ասաց. «Սա ամբողջ երկրի մակերևույթի վրա տարածվող անեծքն է, որովհետև ամեն գողություն անող այս կողմի գրածի համեմատ պիտի ջնջվի, իսկ սուտ երդվողը մյուս կողմի համեմատ պիտի ջնջվի»։

4. «Եվ ես եմ նրան դուրս հանել,- ասում է Զորքերի Տերը,- և նա պիտի մտնի գողացողի տունը և իմ անունով սուտ երդվողի տունը և նրա տանը պիտի օթևանի և նրան պիտի ոչնչացնի նրա փայտերով ու քարերով»։

5. Եվ դուրս եկավ ինձ հետ խոսող հրեշտակն ու ինձ ասաց. «Հիմա աչքերդ բարձրացրո՛ւ և նայի՛ր, թե ի՛նչ է այդ դուրս եկողը»։

6. Եվ ես ասացի. «Ի՞նչ է»։ Նա ասաց. «Այս դուրս եկողը արդու* է»։ Եվ ասաց. «Սա նրանց անօրենությունն* է ամբողջ երկրում»։

7. Եվ ահա կապարից մի կափարիչ վեր բարձրացվեց, և ահա մի կին՝ նստած արդուի մեջ։

8. Եվ նա ասաց. «Սա չարությունն է», և նրան գցեց արդուի մեջ, իսկ կապարից ծանրությունն էլ դրեց նրա բերանին։

9. Ապա բարձրացրի աչքերս ու նայեցի. ահա երկու կին էին դուրս գալիս, և քամի կար նրանց թևերում, և նրանք արագիլի պես թևեր ունեին։ Նրանք արդուն տարան երկրի ու երկնքի մեջտեղը։

10. Եվ ես ինձ հետ խոսող հրեշտակին ասացի. «Սրանք ո՞ւր են տանում այս արդուն»։

11. Եվ նա ասաց ինձ. «Որպեսզի նրա համար տուն շինեն Սենաարի երկրում. այնտեղ պիտի հաստատվի և դրվի իր պատվանդանի վրա»։

ԶԱՔԱՐԻԱ 6

1. Դարձյալ աչքերս բարձրացրի և տեսա, որ ահա չորս կառք է դուրս գալիս երկու սարերի մեջտեղից, և սարերը պղնձի սարեր էին։

2. Առաջին կառքի ձիերն աշխետ էին, երկրորդ կառքի ձիերը սև էին։

3. Երրորդ կառքի ձիերը սպիտակ էին, իսկ չորրորդ կառքի ձիերը բծավոր էին, բոսորագույն։

4. Եվ ես պատասխան տվեցի ու ասացի ինձ հետ խոսող հրեշտակին. «Սրանք ի՞նչ են, տե՛ր իմ»։

5. Եվ հրեշտակը պատասխան տվեց ու ասաց ինձ. «Սրանք գալիս են ամբողջ երկրի Տիրոջ առաջ կանգնելուց, դեպի երկնքի չորս հողմերն են դուրս գալիս։

6. Այն սև ձիերովը դուրս է գալիս դեպի հյուսիսի երկիրը. սպիտակներովը դուրս է գալիս դեպի արևմուտք,* իսկ բծավորները դուրս են գալիս դեպի հարավի երկիրը»։

7. Եվ բոսորագույնները դուրս եկան և ձգտում էին գնալ ու շրջել երկրում։ Եվ նա ասաց. «Գնացե՛ք, շրջե՛ք երկրի վրա»։ Եվ նրանք շրջեցին երկրի վրա։

8. Եվ նա աղաղակեց ինձ ու խոսեց ինձ հետ՝ ասելով. «Տե՛ս, դեպի հյուսիսի երկիր գնացողները իմ հոգին հանգստացրին հյուսիսի երկրում»։

9. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

10. «Վերցրո՛ւ ընծաները գերիներից՝ Հեղդայից, որոնք եկել են Բաբելոնից, Տուբիայից և Հեդայիայից, և նույն օրը դու ինքդ գնա՛ և մտի՛ր Բաբելոնից եկող Սոփոնիայի որդի Հովսիայի տունը։

11. Արծաթ ու ոսկի՛ վերցրու, պսակնե՛ր շինիր և մեկը դի՛ր Հովսեդեկի որդի Հեսուի գլխին։

12. Եվ ասա՛ նրան. “Այսպես է ասում Զորքերի Տերը.

13. Եվ նա կկառուցի Տիրոջ տաճարը։ Նա մեծափառություն պիտի կրի և պիտի բազմի իր գահի վրա, պիտի իշխի և իր գահի վրա քահանա պիտի լինի, և խաղաղության խորհուրդ պիտի լինի երկուսի միջև

14. Եվ պսակները պիտի լինեն Տիրոջ տաճարում իբրև հիշատակ Հելեմին, Տուբիային ու Հեդայիային և Սոփոնիայի որդի Հենին՝ իբրև հիշատակ տաճարում։

15. Եվ հեռավորները պիտի գան ու կառուցեն Տիրոջ տաճարը։ Եվ դուք կիմանաք, որ զորքերի Տերն է ինձ ուղարկել ձեզ մոտ։ Այդ պիտի լինի, եթե ուշադրությամբ անսաք ձեր Տիրոջ ձայնին»։

ԶԱՔԱՐԻԱ 7

1. Եվ Դարեհ թագավորի չորրորդ տարում՝ իններորդ ամսի, այսինքն՝ Քասղևի չորսին, Տիրոջ խոսքը հասավ Զաքարիային,

2. և Բեթելից մարդկանց ուղարկեցին Սարասարի, Ռեկկեմելեքի գլխավորությամբ Աստծու տունը, որպեսզի Տիրոջ բարեհաճությունը հայցեն՝

3. Զորքերի Տիրոջ տանը եղող քահանաներին ու մարգարեներին ասելով. «Արդյոք պետք է լա՞ց լինեմ հինգերորդ ամսում՝ ծոմ պահելով, ինչպես որ արել եմ այսքան տարիներ»։

4. Եվ Զորքերի Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

5. «Այս երկրի ամբողջ ժողովրդին և քահանաներին ասա՛. “Ահա այս յոթանասուն տարին, երբ ծոմ էիք պահում և սուգ անում հինգերորդ և յոթերորդ ամիսներին, մի՞թե ինձ համար էիք ծոմ պահում։

6. Եվ երբ որ ուտում եք ու խմում եք, մի՞թե ձեզ համար չեք ուտում և ձեզ համար խմում։

7. Տերը մի՞թե նույն խոսքերը չհաղորդեց վաղ մարգարեների միջոցով, քանի դեռ Երուսաղեմը բնակեցված էր ու խաղաղ, իր և շրջակա քաղաքներով, շեն և հանգիստ էին, և հարավային ու դաշտային կողմերը բնակեցված էին”»։

8. Եվ Տիրոջ խոսքը հասավ Զաքարիային՝ ասելով.

9. «Այսպես է ասում Զորքերի Տերը. “Արդար դատաստա՛ն արեք և ողորմություն ու գթությո՛ւն արեք, ամեն մեկդ ձեր եղբորը։

10. Մի՛ հարստահարեք այրուն ու որբին, օտարականին ու աղքատին և ձեր սրտերում միմյանց դեմ չարություն մի՛ նյութեք”»։

11. Բայց նրանք մերժեցին ականջ դնել, ուսերը համառությամբ շրջեցին* և իրենց ականջները ծանրացրին, որ չլսեն։

12. Եվ իրենց սրտերն ադամանդի պես դարձրին, որպեսզի չլսեն այն օրենքը և այն խոսքերը, որ Զորքերի Տերն իր հոգով ուղարկեց վաղ մարգարեների միջոցով։ Եվ մեծ սրտմտություն եղավ Զորքերի Տիրոջ կողմից։

13. «Ինչպես որ նա կանչեց, և նրանք չլսեցին, այնպես էլ նրանք պիտի կանչեն, և ես չպիտի լսեմ,- ասում է Զորքերի Տերը։-

14. Եվ ես մրրիկով քշեցի նրանց բոլոր ազգերի մեջ, որոնց նրանք չգիտեին։ Եվ նրանց հետևից երկիրն ամայացավ, գնացող կամ եկող չկար, և ցանկալի երկիրն ամայացրին»։

ԶԱՔԱՐԻԱ 8

1. Եվ Զորքերի Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2. «Այսպես է ասում Զորքերի Տերը. “Ես մեծապես նախանձախնդիր եղա Սիոնի համար և մեծ զայրույթով նախանձեցի նրան”։

3. Տերն այսպես է ասում. “Ես պիտի վերադառնամ դեպի Սիոն և բնակվեմ Երուսաղեմում, և Երուսաղեմը Հավատարիմ քաղաք պիտի կոչվի, իսկ Զորքերի Տիրոջ լեռը՝ Սուրբ լեռ”։

4. Այսպես է ասում Զորքերի Տերը. “Երուսաղեմի հրապարակներում կրկին ծերեր և պառավներ պիտի բնակվեն, և տարիքի պատճառով ամեն մեկի ձեռքին իր գավազանը պիտի լինի։

5. Եվ քաղաքի հրապարակները լիքը պիտի լինեն տղաներով ու աղջիկներով, որոնք խաղալու են նրա հրապարակներում”։

6. Այսպես է ասում Զորքերի Տերը. “Այն օրերին եթե այս ժողովրդի մնացորդի աչքերին անհնար լինի, մի՞թե իմ աչքերին էլ պիտի անհնար լինի”,- ասում է Զորքերի Տերը։

7. Այսպես է ասում Զորքերի Տերը. “Ես ահա իմ ժողովրդին ազատելու եմ արևելյան երկրից և արևմտյան երկրից

8. և նրանց բերելու եմ բնակվելու Երուսաղեմում, և ինձ համար ժողովուրդ կլինեն, իսկ ես նրանց Աստվածը կլինեմ ճշմարտությամբ և արդարությամբ”։

9. Այսպես է ասում Զորքերի Տերը. “Թող զորանան ձեր ձեռքերը, ո՛վ դուք, որ այս օրերում մարգարեների բերանից լսում եք այս խոսքերը, որոնք խոսվեցին այն օրը, երբ հիմնվեց Զորքերի Տիրոջ տաճարը, և տաճարը կառուցվեց։

10. Որովհետև այն օրերից առաջ չկար մարդու համար վարձ, անասունի վարձ չկար. ոչ էլ խաղաղություն կար նրան, որ դուրս էր գալիս ու ներս մտնում՝ թշնամու պատճառով, որովհետև ես բոլոր մարդկանց իրար դեմ էի հանել։

11. Բայց հիմա ես այս ժողովրդի մնացորդի հետ նախկին օրերի պես չեմ,- ասում է Զորքերի Տերը,-

12. այլ խաղաղություն պիտի սերմանեմ, որթատունկն իր պտուղը պիտի տա, երկիրն իր արգասիքը պիտի տա, երկինքն իր ցողը պիտի տա, և այս ժողովրդի մնացորդին ժառանգել պիտի տամ այս բոլորը։

13. Դուք ինչպես որ անեծք էիք ազգերի մեջ, ո՛վ Հուդայի տուն և Իսրայելի տուն, նույնպես էլ պիտի ազատեմ ձեզ, և դուք օրհնություն պիտի լինեք. մի՛ վախեցեք, թող զորանան ձեր ձեռքերը”։

14. Որովհետև այսպես է ասում Զորքերի Տերը. “Ինչպես որ մտադրեցի չարիք անել ձեզ, երբ որ ձեր հայրերը զայրացրին ինձ,- ասում է Զորքերի Տերը,- և չզղջացի,

15. նույնպես դարձյալ մտադիր եմ այս օրերին բարիք անելու Երուսաղեմին և Հուդայի տանը, մի՛ վախեցեք։

16. Սրանք են այն բաները, որ պետք է անեք. ամեն մեկդ ձեր ընկերոջ հետ ճշմարտությո՛ւնը խոսեք, ձեր դարպասներում արդարությամբ ու խաղաղարար դատաստանո՛վ դատեք։

17. Եվ ձեզանից ոչ մեկը իր ընկերոջ դեմ չարիք թող չխորհի իր սրտում. սուտ երդում մի՛ սիրեք, որովհետև այս ամենը ես ատում եմ”»,- ասում է Տերը։

18. Եվ Զորքերի Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

19. «Այսպես է ասում Զորքերի Տերը. “Չորրորդ ամսի ծոմը և հինգերորդի ծոմը և յոթերորդի ծոմը և տասներորդի ծոմը Հուդայի տան համար ցնծություն և ուրախություն և խնդալից տոնախմբություններ պիտի դառնան, ուստի ճշմարտությունն ու խաղաղությո՛ւնը սիրեք”»։

20. Այսպես է ասում Զորքերի Տերը. «Կրկին ժողովուրդներ պիտի գան և շատ քաղաքների բնակիչներ,

21. և մեկի բնակիչները պիտի գնան մյուսի մոտ՝ ասելու. “Եկե՛ք անմիջապես գնանք Տիրոջ առաջ պաղատելու և Զորքերի Տիրոջը փնտրելու”։ Ես ևս գալու եմ։

22. Եվ շատ ժողովուրդներ ու զորավոր ազգեր պիտի գան Երուսաղեմում Զորքերի Տիրոջը փնտրելու, Տիրոջ պաղատելու»։

23. Այսպես է ասում Զորքերի Տերը. «Այդ օրը տարբեր ազգերից տասը հոգի կբռնեն մի հրեա մարդու քղանցքից՝ ասելով. “Գնանք ձեզ հետ, որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է”»։

ԶԱՔԱՐԻԱ 9

1. Պատգամ. Տիրոջ խոսքը Հադրաքի երկրում։ Եվ Դամասկոսում է նրա հանգչելու տեղը, որովհետև Տիրոջն է ուղղված մարդկանց և Իսրայելի բոլոր ցեղերի աչքը։

2. Եվ Եմաթին ևս, որ սահմանակից է նրան, նաև Տյուրոսին ու Սիդոնին, որովհետև շատ խոհեմ են։

3. Եվ Տյուրոսն իր համար ամրոց կառուցեց և արծաթը դիզեց հողի պես ու մաքուր ոսկին՝ փողոցների ցեխի պես։

4. Տերն ահա պիտի ժառանգի այն և պիտի ծովում զարկի նրա զորությանը*, և նա կրակով պիտի սպառվի։

5. Ասկաղոնը պիտի տեսնի և վախենա, Գազան սաստիկ պիտի գալարվի, և Ակկարոնը ևս, որովհետև հույսը ամոթահար պիտի լինի. Գազայից պիտի կորչի թագավորը, և Ասկաղոնը չպիտի բնակեցվի։

6. Օտարականները* պիտի բնակվեն Ազովտոսում, և պիտի ջնջեմ փղշտացիների ամբարտավանությունը։

7. Եվ նրա արյունը պիտի վերացնեմ իր բերանից և նրա գարշելի բաները՝* իր ատամների միջից, և նա էլ է մնացորդ լինելու մեր Աստծու համար։ Եվ նա տոհմապետի պես պիտի լինի Հուդայի մեջ, Ակկարոնը՝ հեբուսացիների պես։

8. Եվ ես զորքերի բանակ պիտի դնեմ իմ տան շուրջ անցուդարձ անողների զորքի պատճառով, և նրանց վրայով այլևս բռնավոր չի անցնի, որովհետև հիմա իմ աչքերով տեսա։

9. Մեծապես ուրախացի՛ր, ո՜վ Սիոնի դուստր, ցնծությամբ աղաղակի՛ր, ո՜վ Երուսաղեմի դուստր, ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը. նա արդար ու փրկագործ է, հեզ և էշի վրա հեծած, էշի ձագի՝ ավանակի վրա։

10. Եվ Եփրեմից բնաջինջ պիտի անեմ կառքը և ձին՝ Երուսաղեմից։ Եվ պիտի կոտրվի պատերազմի աղեղը, և նա խաղաղություն է խոսելու ազգերին, և նրա իշխանությունը ծովից ծով է լինելու և գետից մինչև երկրի ծայրերը։

11. Քեզ ևս. քո ուխտի արյունի պատճառով քո գերիներին ես արձակեցի այն գուբից, որի մեջ ջուր չկար։

12. Ե՛տ դարձեք ամրոցը, ո՛վ հույսի գերիներ, այսօր ծանուցում եմ. կրկնապատիկ եմ հատուցելու քեզ։

13. Որովհետև Հուդան պիտի լարեմ իմ աղեղի նման և Եփրեմը՝ նետի և քո որդիներին, ո՛վ Սիոն, պիտի գրգռեմ քո որդիների դեմ, ո՛վ Հունաստան, և քեզ զորավորի սրի նման պիտի դարձնեմ։

14. Ապա Տերը պիտի երևա նրանց վրա, և նրա նետը կայծակի պես պիտի դուրս գա, և Տեր Աստվածը փող պիտի հնչեցնի և պիտի գնա հարավային մրրիկներով։

15. Զորքերի Տերը պաշտպան պիտի լինի նրանց, և նրանք պիտի ոչնչացնեն և ոտնակոխ անեն պարսաքարերը. պիտի խմեն ու որպես թե գինիով՝ պիտի աղմկեն, տաշտի պես պիտի լցվեն, ինչպես զոհասեղանի անկյունները։

16. Եվ այն օրը նրանց Տեր Աստվածը պիտի փրկի նրանց՝ որպես իր ժողովրդի հոտը, որովհետև պիտի պսպղան նրա երկրի վրա, ինչպես թանկագին քարեր։

17. Որովհետև որքա՜ն մեծ է նրա բարությունը, և որքա՜ն մեծ՝ նրա գեղեցկությունը. ցորենը պատանիներին է բուսցնելու, իսկ անուշաբույր գինին՝ կույսերին։

ԶԱՔԱՐԻԱ 10

1. Տիրոջից խնդրե՛ք գարնանային ուշացած անձրև. Տիրոջից, որ ամպրոպ է առաջացնում. և նա անձրևի տարափ կտա նրանց և յուրաքանչյուրին՝ բուսականություն դաշտում։

2. Որովհետև կուռքերն ունայնություն են խոսել, գուշակողները սուտ տեսիլքներ են տեսել և կեղծ երազների մասին են խոսել՝ անօգուտ մխիթարություն տալու համար։ Ուստի հոտի պես են առաջ շարժվում, տառապում են, որովհետև հովիվ չկա։

3. «Հովիվների վրա բորբոքվեց իմ բարկությունը, և նոխազներին* պիտի պատժեմ, որովհետև Զորքերի Տերն այցելեց իր հոտին՝ Հուդայի տանը, և պատերազմի ժամանակ նրանց իր փառավոր երիվարի նման պիտի դարձնի։

4. Նրանից է գալու անկյունաքարը,* նրանից է բևեռը*, նրանից՝ պատերազմի աղեղը, բոլոր զորավարները միասին նրանից են դուրս գալու։

5. Եվ միասնաբար՝ հզորների նման պիտի լինեն, որ պատերազմելիս տրորում են ցեխոտ փողոցները. պիտի պատերազմեն, որովհետև Տերը նրանց հետ է, և ձի հեծնողներին պիտի ամաչեցնեն։

6. Ես պիտի զորացնեմ Հուդայի տունը և փրկեմ Հովսեփի տունը և նրանց պիտի վերադարձնեմ, որովհետև գթացի նրանց։ Եվ նրանք պիտի լինեն այնպես, կարծես թե ես չէի մերժել նրանց, որովհետև ես եմ նրանց Տեր Աստվածը և նրանց պիտի պատասխանեմ։

7. Եվ Եփրեմը զորավոր մարդու պես պիտի լինի, և նրանց սիրտը պիտի ուրախանա ինչպես գինուց, և նրանց որդիներն էլ պիտի տեսնեն և ուրախանան. նրանց սիրտը պիտի ցնծա Տիրոջով։

8. Եվ ես պիտի սուլեմ ու ժողովեմ նրանց, որովհետև ես փրկել եմ նրանց. և նրանք պիտի շատանան, ինչպես որ շատ էին։

9. Թեկուզ ես նրանց սփռել եմ ազգերի մեջ, սակայն նրանք հեռու տեղերում պիտի հիշեն ինձ, իրենց որդիների հետ պիտի ապրեն և ետ դառնան։

10. Եվ ես նրանց ետ պիտի դարձնեմ Եգիպտոսի երկրից և Ասորեստանից պիտի ժողովեմ նրանց։ Նրանց պիտի բերեմ Գաղաադի երկիրը և Լիբանան, և տեղ չպիտի գտնվի նրանց համար։

11. Եվ նա պիտի անցնի նեղության ծովով և ծովում պիտի հարվածի ալիքներին. պիտի չորանան գետի բոլոր խորությունները, պիտի իջեցվի Ասորեստանի ամբարտավանությունը, և պիտի հեռանա Եգիպտոսի գավազանը։

12. Եվ նրանց պիտի զորացնեմ Տիրոջով, և նրանք պիտի ընթանան նրա անունով»,- ասում է Տերը։

ԶԱՔԱՐԻԱ 11

1. Բա՛ց արա քո դռները, ո՛վ Լիբանան, և կրակը թող լափի քո եղևնիները։

2. Ողբա՛, ո՛վ մայրի, որովհետև ընկել է եղևնին, որովհետև փառավորները կործանվեցին. թող ողբան Բասանի կաղնիները, որովհետև անանցանելի անտառը կտրվեց։

3. Լսե՛ք ողբացող հովիվների ձայնը. որովհետև կործանվել է նրանց շքեղությունը. մռնչացող կորյունների ձայնը, որովհետև ամայացել է Հորդանանի մացառուտը։

4. Այսպես է ասում իմ Տեր Աստվածը. «Արածեցրո՛ւ մորթվելու հոտը,

5. որոնց գնողները նրանց մորթում են և հանցավոր չեն զգում. և որոնց ծախողներն ասում են. “Թող օրհնյալ լինի Տերը, որ հարստացա”. և նրանց հովիվները չեն գթալու իրենց։

6. Որովհետև այլևս չեմ գթալու երկրի բնակիչներին,- ասում է Տերը,- և ահա ես մարդկանց մեկին մյուսի ձեռքը պիտի մատնեմ, նաև՝ թագավորի ձեռքը։ Եվ նրանք պիտի կործանեն երկիրը, և նրանց ձեռքից չեմ ազատելու»։

7. Եվ ես արածեցրի մորթվելու հոտը, այսինքն՝ հոտի թշվառներին։ Եվ երկու գավազան առա. մեկն անվանեցի Բարեսիրություն, մյուսն անվանեցի Համաձայնություն և արածեցրի հոտը։

8. Եվ մեկ ամսում ոչնչացրի երեք հովիվներին, որովհետև համբերությունս հատել էր նրանց հանդեպ, իսկ նրանք ինձանից էին զզվել։

9. Ուստի ասացի. «Ձեզ չեմ հովվելու, մեռնողը թող մեռնի, և կործանվողը կործանվի, իսկ մնացածները թող իրար միս ուտեն»։

10. Եվ ես վերցրի իմ գավազանը՝ Շնորհալիությունը, և կոտրեցի այն, որպեսզի խզեմ իմ ուխտը, որ կապել եմ բոլոր ժողովուրդների հետ։

11. Եվ այն խզվեց նույն օրը, և այսպես հոտի թշվառները, որոնք ինձ էին դիտում, ճանաչեցին, որ սա Տիրոջ խոսքն է։

12. Եվ ես նրանց ասացի. «Եթե ձեր աչքին հաճելի է, տվե՛ք իմ վարձքը, իսկ եթե ոչ, հրաժարվե՛ք»։ Եվ նրանք կշռեցին իմ վարձքը՝ երեսուն սիկղ արծաթ։

13. Եվ Տերն ինձ ասաց. «Դա նետի՛ր գանձարանը»։ Պատվական գինը, որով ես գնահատվեցի նրանց կողմից։ Եվ ես վերցրի այն երեսուն արծաթը և դրանք գցեցի Տիրոջ տունը՝ գանձարանի մեջ։

14. Եվ ես կոտրեցի իմ երկրորդ գավազանը՝ Միությունը, որպեսզի քանդեմ Հուդայի և Իսրայելի եղբայրությունը։

15. Եվ Տերն ինձ ասաց. «Քեզ համար կրկին հիմար հովվի գործիքնե՛ր վերցրու։

16. Որովհետև ես երկրի վրա ահա մի հովիվ եմ կանգնեցնելու։ Նա կորածին չպիտի խնամի և ցրվածին չպիտի որոնի և բեկվածին չպիտի բժշկի, առողջին չպիտի կերակրի, այլ պարարտների միսը պիտի ուտի և նրանց կճղակները հերձի։

17. Վա՜յ փուչ հովվին, որ լքում է հոտը. սո՜ւր նրա բազկին և նրա աջ աչքին. նրա բազուկն ամբողջովին պիտի չորանա, և նրա աջ աչքը բոլորովին պիտի խավարի»։

ԶԱՔԱՐԻԱ 12

1. Մի պատգամ. Տիրոջ խոսքը Իսրայելի մասին. այսպես է ասում Տերը, որ տարածել է երկինքը, հիմնել է երկիրը և ստեղծել է մարդու հոգին նրա մեջ։

2. «Ահա Երուսաղեմը ես թմրության բաժակ եմ շինելու շրջակա բոլոր ժողովուրդների համար, դա նաև Հուդայի համար պիտի լինի Երուսաղեմի պաշարման ժամանակ։

3. Ես այդ օրը Երուսաղեմը ծանր քար եմ դարձնելու բոլոր ժողովուրդների համար. նրանով բեռնվողներն ամբողջովին պիտի ջարդվեն, և նրա դեմ պիտի հավաքվեն երկրի բոլոր ազգերը։

4. Այդ օրը,- ասում է Տերը,- ամեն ձիու պիտի հարվածեմ սարսափով, իսկ նրա հեծյալին՝ խենթությամբ։ Հուդայի տան վրա պիտի հսկեմ և ժողովուրդների բոլոր ձիերին կուրությամբ պիտի հարվածեմ։

5. Եվ Հուդայի առաջնորդներն իրենց սրտում պիտի ասեն. “Երուսաղեմի բնակիչները զորություն ունեն իրենց Աստծով՝ Զորքերի Տիրոջով”։

6. Այդ օրը Հուդայի առաջնորդներին ես հրեղեն կաթսայի պես պիտի դարձնեմ փայտերի մեջ և կրակի ջահի պես՝ խրձերի մեջ։ Եվ նրանք աջ ու ձախ պիտի լափեն շրջակա բոլոր ժողովուրդներին, և Երուսաղեմը դարձյալ իր տեղում՝ Երուսաղեմում պիտի բնակվի։

7. Եվ Տերը նախ Հուդայի վրանները պիտի փրկի, որպեսզի Հուդայի դեմ չգոռոզանան Դավթի տան պարծանքը և Երուսաղեմի բնակչի պարծանքը։

8. Այդ օրը Տերը պիտի պաշտպանի Երուսաղեմում բնակվողին, նրանց միջի տկարն այն օրը Դավթի պես կլինի, և Դավթի տունը՝ Աստծու պես, ինչպես Տիրոջ հրեշտակը նրանց առաջ։

9. Այդ օրը ես պիտի ջանամ ոչնչացնել այն բոլոր ազգերին, որոնք կգան Երուսաղեմի դեմ։

10. Եվ ես Դավթի տան վրա և Երուսաղեմի բնակչի վրա պիտի հեղեմ շնորհքի և աղոթքի հոգին. նրանք պիտի նայեն ինձ, ում խոցեցին, և նրա վրա միամորի սգի պես սուգ պիտի անեն և դառնորեն պիտի ողբան նրա վրա, ինչպես որ անդրանիկի վրա են ողբում։

11. Այդ օրը Երուսաղեմում մեծ սուգ պիտի լինի, ինչպես Ադադ-Ռիմմոնի սուգը Մակեդդովի դաշտավայրում։

12. Եվ երկիրը պիտի սգա, ամեն ազգատոհմ՝ առանձին. Դավթի տան ազգատոհմն առանձին, և նրանց կանայք՝ առանձին. Նաթանի տան ազգատոհմն առանձին, և նրանց կանայք՝ առանձին,

13. Ղևիի ազգատոհմն առանձին, և նրանց կանայք՝ առանձին, Սեմեիի ազգատոհմն առանձին, և նրանց կանայք՝ առանձին։

14. Մնացած բոլոր ազգատոհմերը ամեն մեկն առանձին, և նրանց կանայք՝ առանձին»։

ԶԱՔԱՐԻԱ 13

1. Այն օրը Դավթի տան համար և Երուսաղեմի բնակիչների համար մի աղբյուր է բացված լինելու մեղքից և անմաքրությունից մաքրվելու համար։

2. «Այդ օրը,- ասում է Զորքերի Տերը,- կուռքերի անունները պիտի ջնջեմ երկրից, և այլևս չպիտի հիշվեն։ Եվ մարգարեներին էլ և անմաքուր հոգին պիտի վերացնեմ երկրից։

3. Եվ եթե մի մարդ դարձյալ մարգարեանա, այն ժամանակ նրա հայրն ու մայրը՝ նրա ծնողները, նրան պիտի ասեն. “Չպիտի ապրես, որովհետև Տիրոջ անունով սուտ ես խոսում”։ Եվ նրա հայրն ու մայրը՝ նրա ծնողները, պիտի խոցեն նրան, երբ նա մարգարեանա։

4. Եվ այդ օրը մարգարեները մարգարեանալու ժամանակ ամեն մեկն իր տեսիլքից պիտի ամաչեն և խաբելու նպատակով մազոտ վերարկու չեն հագնելու։

5. Այլ պիտի ասի. “Ես մարգարե չեմ, ես մի երկրագործ մարդ եմ, որովհետև հողն է իմ ունեցվածքը իմ մանկությունից ի վեր”։

6. Եվ եթե նրան հարցնեն. “Այս ի՞նչ վերքեր են ձեռքերիդ մեջ”, նա ասելու է. “Այս հարվածները ես իմ բարեկամների տանն եմ ստացել”»։

7. «Արթնացի՛ր, ո՛վ սուր, իմ հովվի դեմ և մարդու վրա, որ իմ ընկերն է,- ասում է Զորքերի Տերը,- հարվածի՛ր հովվին, և ոչխարները կցրվեն։ Եվ ես իմ ձեռքը պիտի դարձնեմ փոքրերի դեմ»։

8. «Եվ ամբողջ երկրում,- ասում է Տերը,- երկու մասը պիտի կտրվի ու մեռնի, իսկ երրորդը պիտի մնա նրա մեջ։

9. Եվ այդ երրորդ մասը կրակի մեջ պիտի գցեմ և նրանց պիտի զտեմ, ինչպես արծաթն են զտում։ Եվ նրանց պիտի փորձեմ, ինչպես ոսկին են փորձում. նրանք կկանչեն իմ անունը, և ես նրանց կպատասխանեմ. ես կասեմ. “Իմ ժողովուրդն է”։ Եվ նրանք կասեն. “Տերը մեր Աստվածն է”»։

ԶԱՔԱՐԻԱ 14

1. Ահա մի օր է գալիս Տիրոջ համար, երբ քո ավարը պիտի բաժանվի քո մեջ։

2. Ես պատերազմի համար բոլոր ազգերին պիտի ժողովեմ Երուսաղեմի դեմ։ Եվ քաղաքը պիտի գրավվի, տները պիտի կողոպտվեն, կանայք լլկվեն, քաղաքի կեսը գերի պիտի գնա, բայց ժողովրդի մնացորդը քաղաքից չպիտի կտրվի։

3. Եվ Տերը պիտի դուրս գա և պատերազմի այն ազգերի դեմ, ինչպես կճակատամարտեր պատերազմի օրը։

4. Այդ օրը նրա ոտքերը կանգնած կլինեն Ձիթենյաց լեռան վրա, որ Երուսաղեմի դիմաց է դեպի արևելք։ Եվ Ձիթենյաց լեռը միջից կպատռվի դեպի արևելք և արևմուտք. խիստ մեծ հովիտ կլինի, և սարի կեսը կքաշվի դեպի հյուսիս, իսկ կեսը՝ դեպի հարավ։

5. Եվ դուք իմ լեռների ձորը կփախչեք, որովհետև լեռների ձորը մինչև Ասալ պիտի հասնի. և դուք պիտի փախչեք, ինչպես որ Հուդայի Ոզիա թագավորի ժամանակ փախաք երկրաշարժից։ Եվ իմ Տեր Աստվածը պիտի գա, բոլոր սրբերը քեզ հետ։

6. Եվ այդ օրը լույս չի լինի, ո՛չ ցուրտ և ո՛չ սառնամանիք։

7. Մի օր կլինի՝ Տիրոջը հայտնի, ո՛չ ցերեկ և ո՛չ գիշեր, և երեկոյան ժամանակ լույս կլինի։

8. Եվ այդ օրը կենդանի ջրեր կբխեն Երուսաղեմից. կեսը՝ դեպի արևելյան ծովը, իսկ կեսը՝ դեպի արևմտյան ծովը. լինի ամառ, թե ձմեռ։

9. Եվ Տերը Թագավոր կլինի ամբողջ երկրի վրա. այդ օրը Տերը մեկ կլինի, և նրա անունը՝ մեկ։

10. Ամբողջ երկիրը դաշտավայրի պես պիտի դառնա Գաբաայից մինչև Ռիմոն, Երուսաղեմի հարավային կողմը. և Երուսաղեմը պիտի բարձրանա ու իր տեղում մնա՝ Բենիամինի դարպասից մինչև Առաջին դարպասի տեղը, մինչև Անկյան դարպասը, և Անանայելի աշտարակից մինչև թագավորի հնձանները։

11. Եվ պիտի բնակվեն նրանում, այլևս նզովք չի լինի, և Երուսաղեմն ապահով պիտի բնակվի։

12. Եվ սա պիտի լինի այն հարվածը, որով Տերը պիտի հարվածի բոլոր ժողովուրդներին, որոնք պատերազմեցին Երուսաղեմի դեմ. նրանց մարմինը պիտի հալվի, մինչ իրենց ոտքերի վրա կանգնած են, նրանց աչքերը պիտի հալվեն իրենց խորշերում, և նրանց լեզուն պիտի հալվի իրենց բերանում։

13. Եվ այդ օրը նրանց մեջ Տիրոջից մեծ խռովություն պիտի լինի, և ամեն մարդ պիտի բռնի իր ընկերոջ ձեռքը, և նրա ձեռքը պիտի բարձրանա իր ընկերոջ ձեռքի դեմ։

14. Հուդան ևս պատերազմելու է Երուսաղեմի դեմ, և պիտի ժողովվեն շրջակա բոլոր ազգերի ունեցվածքը, ոսկի և արծաթ, հանդերձներ՝ մեծ առատությամբ։

15. Այս աղետի պես պիտի լինի ձիերի, ջորու, ուղտի և էշի ու բոլոր անասունների աղետը, որ կլինեն այն բանակների մեջ։

16. Եվ այն բոլոր ազգերից մնացածները, որոնք եկել էին Երուսաղեմի դեմ, ամեն տարի պիտի բարձրանան Թագավորին՝ Զորքերի Տիրոջը երկրպագելու և տաղավարների տոնը կատարելու։

17. Եվ երկրի ազգատոհմերից ով չբարձրանա Երուսաղեմ՝ Զորքերի Տիրոջը՝ Թագավորին երկրպագելու, նրանց վրա անձրև չի լինելու։

18. Եվ եթե Եգիպտոսի ազգատոհմը չելնի ու չգա, նրանց պիտի հասնի այն հարվածը, որով Տերը պիտի հարվածի այն ազգերին, որոնք չգնացին, որպեսզի տոնեին տաղավարների տոնը։

19. Սա պիտի լինի Եգիպտոսի պատիժը և այն բոլոր ազգերի պատիժը, որոնք չգնացին տաղավարների տոնը տոնելու։

20. Այդ օրը ձիերի զանգակների վրա գրվելու է ՏԻՐՈՋ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ, և Տիրոջ տան կաթսաները սեղանի առջևի կոնքերի պես պիտի լինեն։

21. Եվ Երուսաղեմում ու Հուդայում ամեն կաթսա սուրբ պիտի լինի Զորքերի Տիրոջը, և բոլոր զոհ անողները պիտի գան, նրանցից վերցնեն ու նրանց մեջ եփեն, և այն օրը Զորքերի Տիրոջ տանն այլևս վաճառական* չի լինելու։